Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսություն

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մասնավոր նվիրապետական աթոռը` Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը գտնվում է Լիբանանում` Անթիլիասի ծովափում, և իր պատմությամբ փոխկապակցված է հայ ազգային և եկեղեցական կյանքի հետ: Կաթողիկոսանիստը Սբ. Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարն է:

1995 թ. Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ն:

Հայ ժողովրդի պատմության տարբեր ժամանակաշրջաններում տարբեր վայրեր է տեղափոխվել և քաղաքական իշխանությունը, և Հայ Եկեղեցու կենտրոնը: 1293թ. Ամենայն Հայոց Կաթողիկոսությունը հաստատվել է Կիլիկիայի թագավորության մայրաքաղաք Սիսում:

1441թ. մայիսի 25-ին Էջմիածնի ազգային-եկեղեցական ժողովի որոշմամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսական Աթոռը վերահաստատվել է Սուրբ Էջմիածնում: Իսկ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը մոտ 7 դար շարունակել է մնալ Սիսում: Կիլիկիայի հայաթափության հետևանքով 1921թ. դեկտեմբերից Սիսը դադարել է Կիլիկիո Կաթողիկոսության աթոռանիստը լինելուց: Սիրիայում և Լիբանանում դեգերելուց հետո 1930թ. Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը հաստատվել է Անթիլիասում (Լիբանան):

Ներկայումս գործում են Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Լիբանանի, Բերիո, Հյուսիսային Ամերիկայի Արևելյան նահանգների, Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան նահանգների, Կանադայի, Կիպրոսի, Թեհրանի, Իրանա-Հնդկաստանի, Ատրպատականի, Հունաստանի, Քուվեյթի և Արաբական (Պարսից) ծոցի երկրների թեմերը և Վենեսուելայի հոգևոր հովվությունը:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին

 Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը մայիսի 24-ին Դամասկոսում հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին։ Այս մասին հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից։ «Նորին Ս. Օծութեան պատուիրակութեան մաս կազմեցին Բերիոյ հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Մասիս Եպս. Զոպուեան, Հ.Յ.Դ. Լիբանանի կեդրոնական կոմիտէի եւ խորհրդարանի հայկական պլոքի ներկայացուցիչ երեսփոխան Յակոբ Բագրատունի, Սուրիոյ խորհրդարանի երեսփոխան Ժիրայր Ռէիսեան, Սուրիոյ Հ.Յ.Դ. կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Վրէժ Եագուպեան, Բերիոյ հայոց թեմի Ազգ. Իշխանութեան ատենապետ Սիւնպիւլ Սիւնպիւլեան, Ազգ. Կեդրոնական Վարչութեան անդամ Հրաչ Յակոբեան եւ Ազգ. բարերար Սուրէն Վարդանեան։ Նախագահ Ալ-Ասատ ջերմօրէն ողջունեց Վեհափառ Հայրապետին եւ իրեն ընկերակցող պատուիրակութեան այցելութիւնը։ Նախագահը իր խօսքին մէջ յիշեց Օսմանեան պետութեան կողմէ գործադրուած Հայոց Ցեղասպանութիւնը եւ ընդգծեց, թէ պատմութիւնը կը շարունակուի Սուրիոյ մէջ։ Ան նշեց հայոց ներդրումը Սուրիոյ զարգացման ու յառաջդիմութեան մէջ եւ շեշտեց, որ հայ համայնքը անբաժան մասնիկն է Սուրիոյ հասարակութեան։ Նորին Ս. Օծութիւնը, իր կարգին, բարձր գնահատեց Սուրիոյ պետութեան աջակցութիւնը հայ համայնքի վերականգնման։ Վեհափառ հայրապետը վստահեցուց, թէ Սուրիոյ հայութիւնը ամէն գնով սատար պիտի հանդիսանայ Սուրիոյ վերաշինութեան ու վերածաղկման աշխատանքներուն։ Հանդիպումը առիթ հանդիսացաւ քննարկելու շրջանի տագնապներն ու խնդիրները։ Ապա, Նախագահ Ալ-Ասատին պարզուեցան Սուրիոյ հայութիւնը դիմագրաւող դժուարութիւնները։ Աւարտին, Վեհափառ հայրապետը նախագահին նուիրեց Բարձրբերդի Աւետարանի օրինակ մը եւ իր հեղինակած The Armenian Church գիրքի արաբերէն թարգմանութիւնը։ Յայտնենք, որ Վեհափառ հայրապետը նոյն օրը յաջորդաբար այցելեց Սուրիոյ Կրօնից նախարար Ահմատ Ապտ Ալ֊Սաթար Ալ֊Սայէտին, վարչապետ Հուսէյին Արնուսին եւ Ասորի Ուղղափառ Եկեղեցւոյ պետ Աֆրամ Բ. Պատրիարքին (Յոյն Ուղղափառ եւ Կաթողիկէ Եկեղեցիներու պետերը երկրէն բացակայ ըլլալնուն պատճառով անոնց հետ հանդիպում տեղի չունեցաւ)»,- ասվում է հաղորդագրության մեջ։
22:00 - 24 մայիսի, 2022
ՀՀ նախագահն ընդունել է Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց կաթողիկոս պատրիարք Տեր Ռաֆայել Պետրոս Մինասյանին

ՀՀ նախագահն ընդունել է Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց կաթողիկոս պատրիարք Տեր Ռաֆայել Պետրոս Մինասյանին

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց կաթողիկոս-պատրիարք Ամենապատիվ և Գերերջանիկ Տեր Ռաֆայել Պետրոս Մինասյանին: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Տեր Ռաֆայել Պետրոս Մինասյանը շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք: Հանրապետության նախագահը բարձր է գնահատել Հայոց եկեղեցու դերը` հատկապես ազգի ինքնության պահպանման գործում: «Ձեր գործը մեծ նշանակություն ունի մեր ժողովրդի համար: Այն պատմականորեն միշտ մեկ նպատակ է հետապնդել՝ մեր տեսակը պահել, մեր ժողովրդին օգնել դժվարություններից դուրս գալ»,-ասել է նախագահ Խաչատուրյանը: Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց կաթողիկոս-պատրիարքը համակարծիք լինելով նախագահի հետ՝ նշել է, որ միայն համատեղ ջանքերով և միմյանց օգնելով է հնարավոր եղել առաջ շարժվել: Հանդիպմանն անդրադարձ է եղել ազգային-եկեղեցական հարցերին, ինչպես նաև Սփյուռքում մեր եկեղեցու դերի և նշանակության կարևորությանը: 
15:43 - 28 ապրիլի, 2022
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսն ընդունել է Լիբանանում Իրանի դեսպանության պատվիրակությանը

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսն ընդունել է Լիբանանում Իրանի դեսպանության պատվիրակությանը

 Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը դեկտեմբերի 23-ին իր գրասենեակում ընդունել է Լիբանանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան ներկայացուցչին, մշակույթի կցորդին եւ տեղեկատվական բաժնի տնօրենին: Այս մասին տեղեկացնում են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից։ «Հանդիպումը առիթ մը հանդիսացաւ անդրադարձ կատարելու ընդհանրապէս Իրանի եւ Լիբանանի յարաբերութեանց եւ յատկապէս Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան եւ Իրանի պետութեան միջ-կրօնական ու մշակութային երկխօսութեան բաժանմունքի միջեւ շարունակուող երկխօսութեան: Այս ծիրէն ներս Վեհափառ Հայրապետը յայտնեց, որ Թեհրանի Թեմի առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Արք. Սարգիսեան մօտէն կը հետեւի երկխօսութեան գործընթացքին եւ հաւանաբար յառաջիկայ Մայիսին տեղի ունենայ յաջորդ հանդիպումը՝ Թեհրանի կամ Անթիլիասի մէջ:  Հիւրերը յիշատակի նուէր մը յանձնեցին Նորին Սրբութեան եւ ապա այցելեցին «Կիլիկիա» թանգարան եւ մօտէն ծանօթացան թանգարանին մէջ ցուցադրուող պատմական իրերուն»,- ասվում է հաղորդագրության մեջ:
22:25 - 23 դեկտեմբերի, 2021
Անթիլիասի Մայրավանքում Արամ Առաջինի նախագահությամբ տեղի է ունեցել վանաբնակ միաբան հայրերի հավաք

Անթիլիասի Մայրավանքում Արամ Առաջինի նախագահությամբ տեղի է ունեցել վանաբնակ միաբան հայրերի հավաք

Անթիլիասի Մայրավանքում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի նախագահությամբ տեղի է ունեցել վանաբնակ միաբան հայրերի հավաք: Այդ մասին տեղեկացրել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության լրատվալան ծառայությունը։ Հանդիպման սկզբում Վեհափառ Հայրապետը ողջունել է Մայրավանք ժամանած թեմակալ առաջնորդներին: Խոսելով միաբանական կյանքին առնչված երևույթների մասին՝ նա շեշտել է, որ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության միաբանությունը այսօր ամբողջական նվիրումով լծված է հայ ժողովրդի ծառայությանը՝ թե՛ թեմերի ներսում և թե՛ Կաթողիկոսարանի մեջ: Ապա Հայրապետը անդրադարձ է կատարել առաջիկա տեղի ունենալիք կրոնական և քաղաքական ժողովներին: Հանդիպման ընթացքում Նորին Սրբությունը նաև խոսել է հայ ազգին ու հայրենիքին հուզող հարցերի մասին: Հանդիպման ավարտին հավաքի մասնակից միաբանները համահունչ կերպով կատարել են «Կիլիկիա» քայլերգը և «Կիլիկեան Ուխտի» հայրապետական մաղթերգը:
23:02 - 30 նոյեմբերի, 2021
Հայ ժողովուրդը ամուր միասնականություն, աննկուն կամք և անզիջող կեցվածք պետք է ցուցաբերի. Արամ Առաջին

Հայ ժողովուրդը ամուր միասնականություն, աննկուն կամք և անզիջող կեցվածք պետք է ցուցաբերի. Արամ Առաջին

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը հանդես է հայտարարությամբ՝ անդրադառնալով Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված սահմանային իրավիճակին: Արամ Առաջինը Ֆեյսբուքի իր պաշտոնական էջում գրել է, որ ներկա կացության մեջ, երբ թշնամին, արհամարհելով միջազգային իրավունքի նորմերը, շարունակում է իր հանցավոր գործողությունները Հայաստանի նկատմամբ, հայ ժողովուրդը պետք է ամուր միասնականություն, աննկուն կամք և անզիջող կեցվածք ցուցաբերի: «Արցախյան 44-օրյա պատերազմից հազիվ մեկ տարի անցած՝ նույն թշնամին, աշխարհի դիմաց, արհամարհելով մարդկային իրավունքի հիմնական սկզբունքները և ոտնակոխելով միջազգային օրենքները, շարունակում է իր ոճրային արարքները Հայաստանի նկատմամբ: Հստակ են թշնամու հետապնդած նպատակները: Հայաստանի դաշնակիցների և բարեկամ նկատվող երկրների լռությունը տարօրինակ է: Այս կացության դիմաց մեր ժողովուրդը՝ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում, պետք է ցուցաբերի ամուր միասնականություն, աննկուն կամք և անզիջող կեցվածք», - գրել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը:
21:11 - 16 նոյեմբերի, 2021
Արամ Ա կաթողիկոսը ողջունել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման գծով առաջին քայլը

Արամ Ա կաթողիկոսը ողջունել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման գծով առաջին քայլը

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն ընդունել է Լիբանանում Մեծ Բրիտանիայի դեսպան Յան Գոլարտին։ Հանդիպմանը Վեհափառ Հայրապետը ողջունել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման գծով առաջին քայլը։ Այս մասին տեղեկացնում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը։ «Լիբանանի մօտ Անգլիոյ դեսպան դոկտ. Իան Գոլարտ այցելեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին եւ երկար հանդիպում մը ունեցաւ: Քննարկումի նիւթ դարձան ընդհանրապէս Միջին Արեւելքին ու մասնաւորաբար Լիբանանին առնչուած շարք մը հարցեր: Նորին Սրբութիւնը եւ դեսպանը շեշտեցին Լիբանանի օժանդակութեան հրամայականը՝ քաղաքական, տնտեսական ու մարդասիրական բնագաւառներէն ներս: Անոնք նաեւ ընդգծեցին կառավարութեան կողմէ աշխատանքի վերսկզբման անհրաժեշտութիւնը, որպէսզի կարելի ըլլայ ժողովուրդի առօրեային առնչուած շարք մը հարցերուն լուծում տալ: Այս առիթով, Վեհափառ Հայրապետը ողջունելով վերջերս Անգլիոյ խորհրդարանին կողմէ Հայոց Ցեղասպանութեան ճանաչման գծով առնուած առաջին քայլը իր գնահատանքը յայտնեց Անգլիոյ՝ հայ ժողովուրդին դատին գծով ցուցաբերած զօրակցութեան համար.,- ասվում է հաղորդագրության մեջ:  
21:55 - 11 նոյեմբերի, 2021
Արամ Ա կաթողիկոսը ընդունել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի ընդհանուր քարտուղարին

Արամ Ա կաթողիկոսը ընդունել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի ընդհանուր քարտուղարին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը Ժնևում ընդունել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (Ե.Հ.Խ.) ընդհանուր քարտուղար, դոկտոր Եոան Սաքային: Այս մասին տեղեկացնում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը։ «Դոկտ. Սաքա Վեհափառ Հայրապետին պարզեց Ե.Հ.Խ.ին դիմագրաւած դժուարութիւններն ու մարտահրաւէրները, ինչպէս նաեւ յառաջիկայ տարի տեղի ունենալիք համաժողովին նախապատրաստական աշխատանքներուն ընթացքը: Նորին Սրբութիւնը Ե.Հ.Խ.էն ներս ունեցած երկար տարիներու իր փորձառութեան լոյսին տակ, ընդհանուր քարտուղարին փոխանցեց իր տեսակէտները կարգ մը կարեւոր խնդիրներու ու ծրագիրներու գծով: Յայտնենք, որ համաժողովի պատրաստութեան աշխատանքներու լծուած յանձնախումբերուն մէջ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան ներկայացուցիչները իրենց կարեւոր նպաստը պիտի բերեն: Հանդիպումին Վեհափառ Հայրապետին կողքին ներկայ էր Ժընեւի մէջ Կաթողիկոսարանի միջ-եկեղեցական յարաբերութեանց ներկայացուցիչ փրոֆ. Թենի Փիրի-Սիմոնեանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
22:27 - 01 նոյեմբերի, 2021
ԱԳ նախարարը և Հայ Կաթողիկե Եկեղեցու հովվապետը քննարկել են լիբանանահայ համայնքի առջև ծառացած խնդիրները

ԱԳ նախարարը և Հայ Կաթողիկե Եկեղեցու հովվապետը քննարկել են լիբանանահայ համայնքի առջև ծառացած խնդիրները

Հոկտեմբերի 29-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց Պատրիարք Ռաֆայել Պետրոս Մինասյանի հետ: Ողջունելով հյուրին՝ Արարատ Միրզոյանը շնորհավորել է նրան Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Պատրիարք ընտրվելու կապակցությամբ և հաջողություն է մաղթել իր բարձր հոգևոր առաքելությունը կյանքի կոչելու մեջ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները մանրամասն անդրադարձ են կատարել Հայաստան-սփյուռք հարաբերություններին: Այս համատեքստում կարևորվել է սփյուռքի կրթական, մշակութային և հոգևոր կառույցների հետ կապերի ամրապնդումն ու խորացումը։ Տեղի է ունեցել նաև մտքերի փոխանակում Մերձավոր Արևելքի հայ համայնքների, մասնավորապես՝ լիբանանահայ համայնքի առջև ծառացած խնդիրների շուրջ։
19:55 - 29 հոկտեմբերի, 2021
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության աջակցությամբ Հալեպում վերանորոգվում են Ս. Գևորգ եկեղեցին և ՀՄԸՄ-ի մարզադաշտը

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության աջակցությամբ Հալեպում վերանորոգվում են Ս. Գևորգ եկեղեցին և ՀՄԸՄ-ի մարզադաշտը

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության աջակցությամբ Հալեպում վերանորոգվում են Ս. Գևորգ եկեղեցին և Հայ մարմնակրթական ընդհանուր միության մարզադաշտը։ Այս մասին տեղեկացնում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը։ «Սուրիոյ տագնապէն ետք, Սուրիոյ հայութեան վերականգնումի աշխատանքները միշտ կը մնան Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան կարեւոր առաջնահերթութիւններէն մէկը: Անցնող տարիներուն Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը իր այցելութիւններով եւ այլ աշխատանքներով, ո՛չ միայն քաջալերեց Սուրիոյ հայութեան վերակազմակերպումն ու վերկանգնումը, այլ նաեւ նեցուկ ու մասնակից դարձաւ վերականգնումին նպաստող շարք մը ծրագիրներու իրագործման:  Այս ծիրէն ներս, Հոլանտայի եկեղեցիներուն կողմէ, Միջին Արեւելքի Եկեղեցիներու Խորհուրդին ճամբով, Նորին Սրբութիւնը օժանդակութիւն ապահովեց Ազգային Քարէն Եփփէ Ճեմարանի նորոգման: Նորոգման աշխատանքները աւարտած են: Միացեալ Նահանգներու Արեւելեան Թեմին ճամբով շուտով պիտի վերանորոգուի Հալէպի Ս. Գէորգ եկեղեցին, ինչպէս նաեւ Հ.Մ.Ը.Մ.ի մարզադաշտը: Վեհափառ Հայրապետը կը շարունակէ իր անմիջական աջակցութիւնը ընծայել ո՛չ միայն Հալէպի, այլ՝ Սուրիոյ տարբեր հայահոծ շրջաններու նորոգման ծրագիրներու իրագործման, ինչպէս նաեւ օժանդակութեան աշխատանքներուն»,- ասվում է հաղորդագրության մեջ:
20:43 - 27 հոկտեմբերի, 2021
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը 4 մլն դոլար է հատկացրել Բուրջ Համուդում տների շինարարությանը

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը 4 մլն դոլար է հատկացրել Բուրջ Համուդում տների շինարարությանը

Մեծի Տանն Կիլիկիո Ն․Ս․Օ․Տ․Տ․ Արամ Ա․ Վեհափառ Հայրապետը ընդունել է Բուրջ Համուդի քաղաքապետարանի խորհրդի անդամներին՝ քաղաքապետ Մարտիկ Պողոսյանի գլխավորությամբ: Նրանք Վեհափառ Հայրապետին էին այցելել քաղաքապետարանի ու շրջանի ժողովրդի անունից իրենց ջերմ շնորհակալությունը հայտնելու՝ Կաթողիկոսության կողմից քաղաքապետարանի ձեռնարկած ժողովրդային տների շինարարական ծրագրին չորս միլիոն դոլար հատկացնելու առիթով:  «Քաղաքապետութեան կողմէ խօսք առնելով քաղաքապետ Մարտիկ Պօղոսեան՝ ըսաւ. «Պուրճ Համուտի քաղաքապետական խորհուրդի անունով կը դիմենք Ձեզի, արտայայտելու մեր շնորհակալութիւնն ու բարձր գնահատանքը՝ Ձեր ցուցաբերած հայրական գուրգուրանքին ու հոգածութեան: Երկարամեայ Ձեր հոգածութեան նորագոյն արտայայտութիւնները հանդիսացան Պէյրութի նաւահանգիստի պայթումէն կարճ ժամանակ ետք արդէն Ձեր հօտի կողքին ըլլալը, ապա՝ լիբանանահայութեան ու Պուրճ Համուտի բնակչութեան կարիքներն ու մարտահրաւէրները դիմագրաւելու ջանքերուն մօտէն հսկելն ու զօրավիգ կանգնիլը, ինչպէս նաեւ Պուրճ Համուտի քաղաքապետութեան ծրագիրներէն «Սէն Ժագ համալիր»ի դիմագրաւած դժուարութիւններուն իրազեկ դառնալով, շրջանի դիմագիծին պահպանման, երիտասարդութեան արմատաւորման եւ ընկերային լուրջ դժուարութեան յաղթահարման նպատակով Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան աջակցութիւնը կը շնորհէք, յաղթահարելու համար այդ դժուարութիւնները»: Վեհափառ Հայրապետը ողջունելով քաղաքապետն ու խորհուրդի անդամները՝ ըսաւ. «ի՛նչ որ մեր ժողովուրդին կը կատարենք՝ մեր պարտքն է ու միաժամանակ պատիւը: Ի՛նչ որ ենք՝ ժողովուրդին կը պարտինք. ի՛նչ որ ունինք, որպէս եկեղեցի, ժողովուրդին կը պատկանի: Երբ ըսենք, թէ եկեղեցին ժողովուրդն է, սա լոզունգ չէ, այլ եկեղեցւոյ էութիւնն է, որմէ կը բղխի եկեղեցւոյ առաքելութիւնը: Մենք անձնապէս եւ մեր Սուրբ Աթոռը պիտի շարունակենք գործնապէս մեր ժողովուրդին կողքին ըլլալ՝ ամբողջական նուիրումով: Լիբանանի հայութեան վերականգնումը առաջնահերթութիւն է: Արդ, բոլորիս գործօն մասնակցութեամբ Լիբանանի հայութեան վերականգնումը, անոր կառոյցներուն վերակազմակերպումը եւ կարիքաւոր ընտանիքներուն օժանդակութիւնը պիտի շարունակենք»: Այս առիթով Նորին Սրբութիւնը շեշտեց Պուրճ Համուտի հայկական նկարագիրը ամուր պահելու հրամայականը»,- ասվում է հաղորդագրության մեջ:  
11:58 - 12 սեպտեմբերի, 2021
Հայաստանի անկախությունն ու ամբողջականությունն անսակարկելի ազգային սրբություններ են. Արամ Ա

Հայաստանի անկախությունն ու ամբողջականությունն անսակարկելի ազգային սրբություններ են. Արամ Ա

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը Մայիսի 28-ի առթիվ պատգամ է հղել, որում ընդգծել է, որ Հայաստանի անվտանգության ու գերիշխանության ամրապնդումը անհետաձգելի հրամայական է:    «Ամեակները սոսկ անցեալին նայելու առիթներ չեն։ Անոնք նաե՛ւ յիշեցում են ու մարտահրաւէր՝ անցեալի լոյսին տակ ու ներկայի պայմաններուն համահունչ, քննական հայեացքով ու նպատակասլաց տեսլականով ապագան ծրագրելու ու կերտելու։   Այսպէ՛ս է Մայիս 28 մեր ազգին համար։ Արդարեւ, ճակատագրական պայմաններու մէջ կերտուած Հայաստանի անկախութիւնը ահաւոր տագնապներ դիմագրաւեց եւ աշխարհաքաղաքական պարտադրանքներու հետեւանքով Հայաստանը կորսնցուց իր անկախութիւնը։ Սակայն, անկախութեան երազը մնաց արծարծ մեր ժողովուրդի կեանքին մէջ, եւ 1991-ին պատմական Հայաստանի գէթ կտոր մը հողին վրայ մեր երազը դարձաւ իրականութիւն։   Անցնող 30 տարիներուն Հայաստանը ապրեցաւ վերիվայրումներ. պայմանները չներեցին որ ան ունենայ կազմակերպական ու զարգացման ծրագրուած ընթացք եւ քայլ պահէ շրջանի աշխարհաքաղաքական փոփոխութիւններու հոլովոյթին հետ. տնտեսական տագնապը, արտագաղթը եւ փտածութիւնը հիւծեցին երկիրը եւ Արցախի վերջին պատերազմը Հայաստանը մատնեց ահաւոր ճգնաժամի։   Առաջին անկախութենէն 103 տարիներ յետոյ Հայաստանը դա՛րձեալ կ’ապրի ճակատագրական օրեր։ Արցախի պատերազմին հետեւանքով մեծ թիւով զոհեր տուինք, հող կորսնցուցինք, տխրահռչակ յայտարարութիւն ստորագրեցինք եւ աւելին՝ այսօր վտանգուած են նաե՛ւ Հայաստանի սահմանները։ Արդարեւ, մեր ազգը խորապէս ցնցող, Արցախի անկախութիւնը վտանգող, Հայաստանի ապագան մշուշապատող յիշեալ վտանգալից զարգացումներուն նկատմամբ Սփիւռքը ու Մենք չենք կրնար անտարբեր մնալ։ Մեր ողջ ժողովուրդը ամբողջական, առարկայական ու հրապարա¬կային հաշուետուութիւն կը պահանջէ։   Յուսահատութեան ու անորոշութեան ամպեր կուտակուած են հայ կեանքի երկինքին վերեւ։ Բայց մենք կը մերժե՛նք վախի մթնոլորտ, պարտուողական հոգեվիճակ եւ մեր ժողովուրդը նա¬հանջի առաջնորդող քայլեր։ Մենք ամուր հաւատք ու աներեր կամք ունեցող ժողովուրդ ենք։ Այսպէ՛ս եղած ենք մեր դարաւոր պատմութեան ընթացքին՝ հակառակ մեզ շրջապատող ահաւոր փոթորիկներուն։   Իր աշխարհագրական դիրքին պատճառով Հայաստանը եղած է կռուախնձոր մեծ պետութիւններու միջեւ։ Այսօր եւս նո՛յնն է պարագան։ Հարկ է ժամանակի նշանները ճի՛շդ կարդալ, Կովկասէն ներս Հայաստանի տեղն ու դերը իրապա՛շտ մօտեցումով արժեւորել ու համապատասխան կողմնորոշում որդեգրել՝ հեռո՛ւ տեսական մօտեցումներէ, ամբոխավարական պոռթկումներէ ու պարագայական որոշումներէ։ Հայաստանի տագնապը էապէս անվտանգութեան ու գերիշխանութեան տագնապ է։ Եթէ չկարենանք զայն այսօր միասնականութեամբ, խոհեմութեամբ ու հեռատեսութեամբ դիմագրաւել, Հայաստանի պետականութեան հիմքերը կրնան վտանգուիլ՝ նոյնի՛սկ Հայաստանի գոյութիւնը։ Ըլլանք իրատես։ Ներկայ պայմաններուն մէջ փաստօրէն Հայաստանը կարող չէ առանձին երաշխաւորել իր անվտանգութիւնը։ Հետեւաբար, անհրաժեշտ է հետեւողական ճիգ թափել ամրապնդելու ու միաժամանակ ընդարձակելու փոխադարձ շահերու ու վստահութեան վրայ հիմնուած մեր ռազմաքաղաքական գործընկերներու շրջագիծը։   Հայաստանի անկախութիւնն ու ամբողջականութիւնը մեզի համար անսակարկելի ազգային սրբութիւններ են։ Անոնց ամուր պահպանման նկատմամբ հարկ է որդեգրել միակամ ու անզիջող կեցուածք։   Ըլլանք զգօն։ Պատերազմը չէ աւարտած։ Մեր ցեղասպան դրացիները կը շարունակեն սպառնալ Հայաստանի ամբողջականութեան ու գերիշխանութեան եւ Արցախի անկախութեան. իսկ մենք քինախնդրութեամբ լեցուն զիրար կ’ամբաստանենք, մեր ոյժերը կը ջլատենք՝ կորսնցնելով նոյնիսկ մեր բարոյական ու ազգային արժէքներու կողմնացոյցը։ Անցնող տարիներուն Ազրպէյճանը պատրաստուեցաւ քաղաքական բանակցութիւններու ձախողութեան պարագային, իր կամքը զինուորապէս պարտադրելու։ Իսկ մենք ռոմանթիք զգացումներով օրօրուեցանք ու անիրատես խոստումներով շլացանք եւ իմաստութիւնը ու քաջութիւնը չունեցանք պատրաստուելու թէ՛ խաղաղութեան եւ թէ պատերազմի։ Չմոռնանք երբեք, որ եթէ այսպէս կոչուած «ո՛չ պատերազմ եւ ոչ խաղաղութիւն» ռազմավարութիւնը միջազգային կամ շրջանային հովանաւորութիւն չի վայելեր, կը դառնայ ժամանակաւոր ու վտանգալից, որուն սուղ գինը վճարեց Հայաստանը։ Ընդունի՛նք մեր սխալները։   Քառասունըչորս օրեր հայու արիւն հոսեցաւ մեր հողերուն վրայ. առանձին մնացինք։ Այսօր Հայաստանը կը գտնուի անդունդի եզրին. դա՛րձեալ առանձին ենք։ վստահինք մեր ոյժին։ Յիշենք հայրենիքի փրկութեան համար մղուած Աւարայրի ու Սարտարապատի ճակատամարտերը։ Արթնցի՛ր հայ ժողովուրդ։ Ոյժերու համախմբումը ի խնդիր Հայաստանի փրկութեան անյետաձգելի հրամայական է։   Մեր հաւաքական վճռակամութեամբ եւ համայն հայութեան մասնակցութեամբ կոչուած ենք վերակերտելու այնպիսի Հայաստան մը, ուր - պետութեան շահերը դառնան գերիվեր ներ-քաղաքական հակադրութիւններէն ու անձնակեդրոն նպատակներէն. - ազգին ու հայրենիքին ընդհանրական ու գերագոյն արժէքներն ու ձգտումները իրենց շուրջ համախմբեն մեր բոլոր զաւակները՝ իրենց քաղաքական տարբեր հայեցակէտերը պահելով հանդերձ. - հոգեմտաւոր եւ ընկերաբարոյական արժէքներն ու սկզբունքները առանցքային տեղ գրաւեն ընկերութեան կեանքէն ներս. - ազգային ինքնութեան առողջ պահպանումը համաշխարհայնացման ապահայացնող հոսանքներուն դիմաց՝ դառնայ առաջնահերթ նախանձախնդրութիւն։ Մենք կոչուած ենք միա՛սնաբար վերակերտելու այնպիսի Հայաստան մը, որ - ունենայ զարգացող տնտեսութիւն՝ օրէնքի գերակայութեամբ երաշխաւորուած. - ունենայ արդարութեան, թափանցիկութեան ու համարատուութեան վրայ ամրօրէն խարսխուած կառավարման առողջ համակարգ ու վստահութիւն ներշնչող իշխանութիւն. - ունենայ հզօր բանակ՝ ինքնապաշտպանութեան արդի զէնքերով օժտուած. - կարենայ դիւանագիտական աշխարհէն ու միջազգային համայնքէն ներս իր կարեւոր տեղը գրաւել. - կարենայ մեր ազգին բռնաբարուած իրաւունքները պաշտպանել։   Վերջապէս, մենք կոչուած ենք միա՛սնաբար վերակերտելու այնպիսի Հայաստան մը, որ կարենայ լոզունգներէ անդին՝ Հայաստան-Արցախ-Սփիւռք եռամիութեան գործնական արտայայտութիւն տալ՝ համազգային խորհուրդի մը կողմէ ճշդուած յստակ ուղեգիծի հետեւողութեամբ։   Հայաստանի ու ազգին ապագան մե՛նք պիտի որոշենք ու կերտենք, ո՛չ ուրիշներ, որքան ալ դառն ըլլան մեզ շրջապատող պայմանները եւ ահաւոր՝ մեզ դիմագրաւող մարտահրաւէրները։ Արդ, չսպասենք ապագան սոսկ երազելով ու խոստումներ շռայլելով, զայն սկսինք կերտել այսօ՛ր՝ մեր ողջ ազգի ներուժին ու մարդուժին ամբողջական լարումով։   Ա՛յս է պատգամը Մայիս 28 կերտած սերունդին։   Ա՛յս է պատգամը Արցախի պաշտպանութեան ի խնդիր իրենց անձերը ընծայաբերած մեր նահատակներուն։   Թող Աստուած պահէ, պահպանէ ու հզօրացնէ մեր ազգն ու հայրենիքը»,- ասված է Արամ Ա-ի ուղերձում:
12:52 - 28 մայիսի, 2021