Հայաստան

Հաջողության բանալին մեր պետությունների առաջին դեմքերի արդյունավետ երկխոսությունն է. Ալեն Սիմոնյանը՝ Ալեքսեյ Գորդեեւին

Հաջողության բանալին մեր պետությունների առաջին դեմքերի արդյունավետ երկխոսությունն է. Ալեն Սիմոնյանը՝ Ալեքսեյ Գորդեեւին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 28-ին ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահի տեղակալ Ալեքսեյ Գորդեեւի գլխավորած պատվիրակությանը: ԱԺ-ից հայտնում են, որ Ազգային ժողովի նախագահը շեշտել է, որ համարժեք աշխատանքներ են տարվում տարբեր ոլորտներում հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման ուղղությամբ: Նա ընդգծել է, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ քաղաքական երկխոսությունը կայուն ռազմավարական բնույթ է կրում, եւ հաջողության բանալին մեր պետությունների առաջին դեմքերի արդյունավետ երկխոսությունն է: Այս համատեքստում Ալեն Սիմոնյանը կարեւորել է միջխորհրդարանական փոխգործակցությունը եւ չընդհատվող օրակարգերի առկայությունը: Կողմերը փաստել են, որ մտադիր են զարկ տալ երկրների փոխգործակցության դինամիկային` հաշվի առնելով տարածաշրջանի եւ միջազգային այլ հարթակների քաղաքական իրադարձությունները: Հանդիպմանը քննարկվել է գլոբալ ինտեգրացիոն գործընթացների պայմաններում հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների կարեւորությունը՝ առանձնակի անդրադառնալով Եվրասիական տնտեսական միության հեռանկարներին:
11:38 - 28 հունիսի, 2022
Արարատ Միրզոյանը և Կատերինա Սակելլարոպուլուն քննարկել են տարբեր ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները

Արարատ Միրզոյանը և Կատերինա Սակելլարոպուլուն քննարկել են տարբեր ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները

Հունիսի 27-ին աշխատանքային այցով Աթենքում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հունաստանի նախագահ Կատերինա Սակելլարոպուլուի հետ: Ընդգծելով, որ այս տարի լրանում է Հայաստանի ու Հունաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը՝ Արարատ Միրզոյանը և Կատերինա Սակելլարոպուլուն նշել են, որ հայ և հույն ժողովուրդների միջև ավանդական բարեկամության վրա հիմնված միջպետական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա և առանձնանում դինամիկ զարգացող բազմաոլորտ համագործակցությամբ: Այս համատեքստում երկուստեք նշվել է վերջին շրջանում պաշտոնական շփումների ու փոխայցելությունների ակտիվացման կարևորությունը՝ ուղղված երկու երկրների միջև հարաբերությունների օրակարգը շարունակաբար հարստացմանը:   Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-Հունաստան-Կիպրոս համագործակցության ձևաչափին։ Զրուցակիցները քննարկել են առևտրի, կրթության, մշակույթի, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում հայ-հունական փոխգործակցության խորացման հնարավորությունները։ Արարատ Միրզոյանը Հունաստանի նախագահին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը և հայկական կողմի դիրքորոշումը՝ տարածաշրջանային խաղաղության հաստատմանն ուղղված գործընթացների վերաբերյալ։ Ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հիմնարար միջնորդական դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացի առաջմղման գործում։ Արարատ Միրզոյանը նաև կարևորել է Հունաստանի աջակցությունը հայ ժողովրդին 44-օրյա պատերազմի օրերին և հատկապես՝ ցուցաբերված հումանիտար օժանդակությունը։
11:07 - 28 հունիսի, 2022
Լաչինի նոր երթուղու շահագործումից հետո ԼՂԻՄ սահմանից դուրս գտնվող տարածքները անցնելու են Ադրբեջանին․ Նիկոլ Փաշինյանը՝ Բերձոր և Աղավնո համայնքների մասին

Լաչինի նոր երթուղու շահագործումից հետո ԼՂԻՄ սահմանից դուրս գտնվող տարածքները անցնելու են Ադրբեջանին․ Նիկոլ Փաշինյանը՝ Բերձոր և Աղավնո համայնքների մասին

Երթուղու փոփոխություն տեղի ունենալու պարագայում այն տարածքները, որոնք չեն գտնվել  ԼՂ ինքնավար մարզի նախկին սահմանի մեջ, դրանք անցնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Այս մասին այսօր առցանց ասուլիսի ընթացքում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով  Աղավնո և Սուս համայնքների ճակատագրի վերաբերյալ հարցին։ «Նախնական ըմբռնում կա, որ Լաչինի միջանցքի գործող երթուղին պետք է փոփոխության ենթարկվի։ Մենք այս ընթացքում քննարկումների մեջ ենք եղել և երթուղու փոփոխության հարցում քննարկումներ եղել են։ Նախնական համաձայնություններ ձեռք են բերվել և այդ փոփոխության նպատակը ԼՂ-ի և Հայաստանի համար ավելի հուսալի ամուր, ավելի որակյալ ճանապարհային կապ ապահովելն է»․ - ասաց վարչապետը։  Փաշինյանը նաև հավելեց, որ երթուղու փոփոխություն պետք է տեղի ունենա այն բանից հետո, երբ ռուս խաղաղապահները վերահսկողություն կսահմանեն նոր երթուղու նկատմամբ։  Հարցին, թե արդյոք վերոնշյալ համայնքների բնակիչները կտեղահանվեն, Փաշինյանն ասաց․ «Ես վստահ չեմ, որ խոսքը բոլոր այդ բնակավայրերի մասին է։ Լաչինում այսօր ընտանիքներ չեն ապրում և կառավարության որոշմամբ լուծել ենք։ Աղավնո գյուղի բնակիչների խնդիրները կլուծվեն Արցախի կառավարության միջոցներով, իսկ Սուս գյուղի մասով ոչինչ չեմ կարող ասել։ Ամեն դեպքում տրամաբանությունը այն է, որ նախկինում ԼՂԻՄ սահմաններում չգտնվող համայնքները անցնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ»։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն՝ կողմերի համաձայնությամբ երեք տարվա ընթացքում պետք է տեղի ունենա Լաչինի միջանցքի երթուղու փոփոխություն։
21:24 - 27 հունիսի, 2022
Քննարկումների կենտրոնում էր Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համագործակցությունը․ Արարատ Միրզոյանը՝ Հունաստանի ԱԳ նախարարի հետ հանդիպման մասին

Քննարկումների կենտրոնում էր Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համագործակցությունը․ Արարատ Միրզոյանը՝ Հունաստանի ԱԳ նախարարի հետ հանդիպման մասին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ հանդիպման արդյունքներով հանդես է եկել մամուլի համար հայտարարությամբ։  Հայտարարությունը՝ ստորև․  «Հարգելի՛ պարոն նախարար, Իմ բարեկամ և եղբայր Նիկոս,Տիկնա՛յք և պարոնա՛յք, Նախ՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ լավ գործընկերոջը՝ Նիկոս Դենդիասին, ջերմ հյուրընկալության համար։ Ինձ համար մեծագույն պատիվ է գտնվել Աթենքում, հատկապես, երբ մենք նշում ենք Հայաստանի և Հունաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը։ Հայաստանի և Հունաստանի միջև դինամիկ զարգացող արդեն երեսնամյա միջպետական հարաբերությունները, իհարկե, առաջին հերթին, հիմնված են մեր երկու ժողովուրդների միջև հազարամյա բարեկամության, փոխօգնության և դավանած ընդհանուր արժեքների վրա։ Հայերը և հույները ապրել են կողք կողքի, պայքարել են կողք կողքի և արարել են կողք կողքի: Պատմության ոլորաններով անցած մեր համատեղ ճանապարհը կերտել է հայ-հունական մի ամուր եղբայրություն, որը ոչ ոք և ոչինչ կասկածի տակ դնել չի կարող: Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ իմ հարգանքի հավաստիքը հղել Հունաստանում հայկական համայնքին և Հայաստանում հունական համայնքին և գնահատել նրանց նշանակալի ներդրումը մեր ժողովուրդների և պետությունների միջև հարաբերությունների շարունակական ամրապնդման գործում։ Այսօր գործընկերոջս հետ մանրամասն քննարկեցինք մեր երկրների միջև քաղաքական երկխոսության և բազմաոլորտ համագործակցության խորացման հեռանկարները և նախանշեցինք առևտրատնտեսական, պաշտպանական, մշակութային, գիտական և այլ ուղղություններով իրականացվելիք համատեղ աշխատանքները: Հավատացած ենք, որ Հայաստանի և Հունաստանի միջև առկա է տնտեսական համագործակցության ամրապնդման հսկայական ներուժ: Կարծում եմ, որ ընդարձակ երկկողմ իրավապայմանագրային հենքը և հայ-հունական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները կնպաստեն այդ ներուժի լիարժեք օգտագործմանը։ Հարգելի՛ գործընկերներ, Հայ-հունական հարաբերությունները զարգանում են ոչ միայն երկկողմ, այլև՝ բազմակողմ կարևոր հարթակներում: Այս առումով կցանկանայի երեք կարևոր թեմա արծարծել: Առաջին հերթին՝ մեր քննարկումների կենտրոնում էր նաև Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափի շրջանակներում համագործակցությունը։ Այս կարևոր նախաձեռնությունը տարածաշրջանում կայունության, անվտանգության և խաղաղության հաստատման արդյունավետ միջոց ենք համարում, և լիահույս ենք, որ համատեղ ջանքերով կկարողանանք այն ծառայեցնել մեր երեք երկրների ու ժողովուրդների կենսական շահերի առաջմղմանը: Ինչպես նախարար Դենդիասը նշեց, այս ձևաչափի առումով ունենք շատ կարևոր ու կոնկրետ պայմանավորվածություններ: Իհարկե, արագ փոփոխվող աշխարհում գնալով ավելի է կարևորվում տրանսպորտային հաղորդակցության ծրագրերի իրականացումը, որոնք ժամանակակից տնտեսության արյունատար անոթներն են: Այս առումով կարևորում ենք «Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային և տարանցիկ միջանցք ստեղծելու մասին» բազմակողմ Համաձայնագրի ստորագրումը: Կարծում եմ, որ շահագրգիռ կողմերի հետ միասին կարող ենք ավելի ինտենսիվ աշխատանքներ տանել և հաջողությամբ պսակել այս ուղղությունը ևս:Մտքեր ենք փոխանակել նաև ՀՀ-ԵՄ գործընկերությանն ու Արևելյան գործընկերությանը վերաբերող հարցերի շուրջ: Երկուստեք ընդգծել ենք, որ Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման ճանապարհային քարտեզը մեծ հնարավորություններ է ընձեռում նաև երկկողմ համագործակցության խորացման համար։ Տիկնա՛յք և պարոնա՛յք, Բնականաբար, անդրադարձ ենք կատարել միջազգային և տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի։ Գործընկերոջս հանգամանալից ներկայացրել եմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը և Հայաստանի դիրքորոշումը՝ տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված գործընթացների, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունների վերաբերյալ։ Անդրադարձել եմ տարածաշրջանային տնտեսական կապերի ու տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման, սահմանազատման ու սահմանային անվտանգության հանձնաժողովների աշխատանքների, ինչպես նաև, ընդհանուր, խաղաղության համաձայնագրի գործընթացներին: Ընդգծել եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության առանցքային դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ գործընթացի առաջմղման գործում: Հայաստանը բարձր է գնահատում Հունաստանի դիրքորոշումը՝ ի աջակցություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում և նրա մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Առիթն օգտագործելով՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ լավ բարեկամ Նիկոս Դենդիասին, որը 44-օրյա պատերազմի օրերին այցելեց Երևան, արտահայտեց Հունաստանի և հույն ժողովրդի զորակցությունը մեզ այդ օրհասական և կարևոր ժամանակահատվածում: Ռազմավարական գործընկերոջը հարիր այդ ժեստը մենք իսկապես երբեք չենք մոռանա: Հարգելի՛ գործընկերներ, Ցավալիորեն պետք է փաստել, որ հրադադարից ավելի քան մեկուկես տարի անց էլ Ադրբեջանը շարունակում է Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սադրիչ գործողությունները, իսկ ռազմատենչ, առավելապաշտական հռետորաբանությունը, ցավոք, ադրբեջանական ղեկավարության ամենօրյա խոսույթի անբաժանելի մասն է դարձրել։ Խախտելով միջազգային հումանիտար իրավունքը և 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները՝ Ադրբեջանը շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց, իսկ հարյուրավոր անհայտ կորածների, այդ թվում՝ տասնյակ բռնի անհետացածների ճակատագրերը մնում են չբացահայտված: Աշխարհի բոլոր քաղաքակիրթ երկրները, կրկնում եմ, բոլոր քաղաքակիրթ երկրները, բոլոր հնարավոր առիթները օգտագործելով՝ պետք է նպաստեն, կոչ անեն ու պնդեն, որ Ադրբեջանը վերադարձնի մեր բոլոր գերիներին: Հարգելի՛ ներկաներ, Հայ ժողովուրդը հազարամյակներ ընդգրկող պատմության ընթացքում հրաշագեղ եկեղեցիներ, հուշարձաններ, կոթողներ է ստեղծել, որոնք համայն մարդկության մշակութային ժառանգության անբաժանելի մասն են: Այսօր, ցավոք, այս ժառանգության մի մասը վերահաս ոչնչացման վտանգի տակ է: Ադրբեջանական իշխանությունների պետական, պաշտոնական քաղաքականության պատճառով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում ունենք սրբապղծված եկեղեցիներ, ջարդուփշուր եղած հուշարձաններ, հայկականության հետքից մաքրված կոթողներ: Ի տարբերություն շատ այլ նմանատիպ անընդունելի դեպքերի, մենք չենք կարող պնդել, որ աշխարհը լռում է․ իսկապես՝ աշխարհը խոսում է և շատ հստակ է արտահայտվում: Եվ դրա վառ օրինակն է 2021թ. դեկտեմբերի ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի հրատապ միջոցներ կիրառելու մասին որոշումը, որը պարտավորեցնում է Ադրբեջանին դադարեցնել այս քաղաքականությունը: Մենք ակնկալում ենք միջազգային հանրության հստակ, հասցեական ու շարունակական արձագանքն այս վարքագծի վերաբերյալ, ընդգծում ենք Լեռնային Ղարաբաղում համապատասխան միջազգային կազմակերպությունների ներգրավվածության հրատապությունը, հատկապես՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության իրականացումը, որը կարևոր քայլ կլինի այս ժառանգության փրկության համար։ Եվ, իհարկե, ցանկանում եմ հերթական անգամ ընդգծել, որ խաղաղությունը մեր սկզբունքը, մեր քաղաքականությունն ու ռազմավարությունն է: Մենք իսկապես ձգտում ենք կառուցել խաղաղ, անվտանգ և կայուն Հարավային Կովկաս, և հուսով ենք, որ մեր հարևանը կդադարեցնի իր առավելապաշտական նկրտումները և ավելի կառուցողական դիրքորոշում կցուցաբերի բոլոր հարցերում: Հարգելի՛ պարոն Դենդիաս, Եվս մեկ անգամ շնորհակալ եմ ջերմ ընդունելության և բովանդակային քննարկման համար, և ուրախ կլինեմ հյուրընկալել Ձեզ Երևանում»։
17:54 - 27 հունիսի, 2022
Ճանապարհը, որի վնասվելու պատճառով փակ է Լարսը, կարող է վերականգնվել 7-10 օրից |armenpress.am|

Ճանապարհը, որի վնասվելու պատճառով փակ է Լարսը, կարող է վերականգնվել 7-10 օրից |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի հետ Վրաստանը միացնող ճանապարհի վնասված տեղամասի վերականգնման համար կարող է մոտավորապես 7-10 օր պահանջվել: Այդ մասին Sputnik Վրաստանին հաղորդել են Վրաստանի տարածաշրջանների զարգացման նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտում: Նախօրյակին Թերեք գետը հորդառատ անձրեւների պատճառով դուրս էր եկել ափերից եւ ողողել մայրուղին, որը տանում էր վրաց-ռուսական սահման: Վնասվել է Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոճանապարհի 136-րդ կիլոմետրի վրա գտնվող հատվածը (չեզոք գոտի): Գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ ընդամենը վնասվել է ճանապարհի մինչեւ 80 մետր հատվածը: Ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտն արդեն ձեռնամուխ է եղել վերականգնողական աշխատանքներին: «Վայրում գտնվում են ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտի համապատասխան ծառայությունների ներկայացուցիչները եւ ստուգում անհրաժեշտ բոլոր միջոցառումները կարճ ժամանակում երթեւեկությունը վերականգնելու համար, նշում են գերատեսչությունում: Ներկայում նշված տեղամասում արգելված է երթեւեկությունը բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար: Բացի այդ, աշխատանքն է դադարեցրել «Կազբեգի» հսկիչ անցակետը: Համապատասխանաբար, «Կազբեգի» հսկիչ անցակետում դադարեցվել են բոլոր ընթացակարգերը, այդ թվում՝ ապրանքների ներկրումը կամ արտահանումը, ինչպես նաեւ սահմանի հատումը ֆիզիկական անձանց կողմից: Անվտանգության նպատակներով «Կազբեգի» հսկիչ անցակետի բոլոր աշխատակիցները եւ այցելուները տեղափոխվել են այլ վայր: Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս կենտրոնական ավտոմայրուղին, այսպես կոչված Ռազմավիրական ճանապարհն այսօրվա դրությամբ միակ ցամաքային ճանապարհն է, որը Վրաստանը եւ Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ: Իսկ «Կազբեգի»-«Վերին Լարս» մաքսակետն այսօրվա դրությամբ միակ գործող մաքսակետն է Վրաստանի եւ Ռուսաստանի ցամաքային սահմանի վրա, հաղորդել է Sputnik-ը:-
15:48 - 27 հունիսի, 2022
Կոմունիկացիաների բացումը լուրջ խթան կլինի հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համար․ Բայրամով

Կոմունիկացիաների բացումը լուրջ խթան կլինի հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համար․ Բայրամով

Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային կոմունիկացիաների ապաարգելափակումը Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորման հարցում կարևոր կետերից մեկն է, Interfax.az-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսին։ «Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բոլոր ուղղություններից, մեր կարծիքով, ամենաշատը մենք առաջընթաց ունենք կոմունիկացիաների բացման տեսանկյունից։ Պարզ է, որ դեռևս հստակ ոչինչ չկա, սակայն նվազագույնը խոսակցությունների, դիրքորոշումների, ոչ ֆորմալ նախնական պայմանավորվածությունների մակարդակում սա այն թեման է, որի ուղղությամբ ավելի արագ կարելի է համաձայնեցման գալ, մեկնարկել գործընթացը, որը, մեր կարծիքով,  կարող է լուրջ խթան լինել հարաբերությունների կարգավորման տեսանկյունից։ […] Որոշ շարժ կա, մենք իրավիճակին նայում ենք շատ զգույշ լավատեսությամբ», - ասել է նա։ «Եթե համեմատենք այն, ինչ ունենք այսօր, նրա հետ, ինչ կար մեկ տարի առաջ, թերևս հիմա դրական պահերն ավելի շատ են։ Թե արդյոք այս արագությունը բավարար է, դժվար է ասել։ Գլխավորն այն է, որ, եթե անգամ շարժը շատ դանդաղ է, այն առաջ գնա և անշեղ լինի։ Տեսնենք», - հավելել է նա։ Հետևե՛ք մեզ նաև Telegram -ում։ Նորա Վանյան
19:32 - 24 հունիսի, 2022
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ամերիկայի Հայկական համագումարի պատվիրակներին

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ամերիկայի Հայկական համագումարի պատվիրակներին

Նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Ամերիկայի Հայկական համագումարի նախագահ Քերոլին Մուգարին:Հանդիպմանը մասնակցել են կազմակերպության ներկայացուցիչներ Էնթոնի Բարսամյանը և Արփի Վարդանյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Սփյուռք հարաբերությունների օրակարգային հարցեր: Անդրադարձ է կատարվել Հայաստան-Սփյուռք-Արցախ կապերի առջև առկա մարտահրավերների հաղթահարման խնդիրներին: Հանդիման մասնակիցները քննարկել են Հայաստանի, Արցախի և Սփյուռքի առջև առկա մարտահրավերներին դիմակայելու գործում ջանքերի և գործունեության ներդաշնակեցման ու համադրման անհրաժեշտությունն ու համահայկական նշանակության հարցերի շուրջ միասնական օրակարգով հանդես գալու կարևորությունը:Կազմակերպության պատվիրակները նաև պատրաստակամություն են հայտնել հնարավորինս իրենց նպաստը բերել հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման գործում:
17:49 - 24 հունիսի, 2022
Երևանից և Բաքվից հաստատում եմ ստացել, որ սահմանազատումը ներկա փուլում ջանքերի կարևոր բաղկացուցիչ է․ Լավրով

Երևանից և Բաքվից հաստատում եմ ստացել, որ սահմանազատումը ներկա փուլում ջանքերի կարևոր բաղկացուցիչ է․ Լավրով

Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են պատրաստակամությունը՝ մասնակցելու սահմանազատման հարցերով հանձնաժողովի շրջանակում երկրորդ հանդիպմանը և ազդակներ չեն փոխանցել այն մասին, որ մտադրությունը փոխել են։ Այս մասին Ադրբեջանի արտոգրծնախարար Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններից հետո կայացած ասուլիսին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Բառացիորեն մի քանի շաբաթ առաջ իմ այցի ժամանակ մենք Երևանում խոսել ենք [Հայաստանի] վարչապետի և արտգործնախարարի հետ։ Նրանք վերահաստատել են մասնակցությունը սահմանազատման հարցերով հանձնաժողովի շրջանակում երկրորդ հանդիպմանը։ Այդ հանդիպումը համաձայնեցված է Մոսկվայում՝ մեր տարածքում, և մենք այժմ ամսաթվերն ենք որոշում, որոնք հարմար կլինեն երկու կողմերին։ Ես ազդակ չեմ տեսել այն մասին, որ կողմերը փոխել են իրենց միտքը կամ չեն ուզում մասնակցել այդ աշխատանքին»։ Լավրովը նշել է, որ Երևանում և Բաքվում բանակցությունների ընթացքում «հաստատում է ստացել, որ սահմանազատումը ներկայիս փուլում բոլոր ջանքերի կարևոր բաղադրիչն է»։ Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է մոտակա ժամանակներս Մոսկվայում կազմակերպել հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի հարցերով հանձնաժողովի երկրորդ նիստը և կողմերից ակնկալում է այդ հանիպման ամսաթվերի վերաբերյալ առաջարկներ։   Նորա Վանյան  
15:35 - 24 հունիսի, 2022