ՌԴ

Ռուսաստանը (պաշտոնական անվանումը՝ Ռուսաստանի Դաշնություն) միջմայրցամաքային պետություն Եվրասիայի հյուսիսարևմտյան հատվածում։ Տարածքի հիմնական մասը գտնվում է Հյուսիսային Ասիայում, իսկ որոշակի հատված՝ նաև Արևելյան Եվրոպայում: ՌԴ-ն աշխարհի խոշորագույն պետությունն է և զբաղեցնում է երկրագնդի ցամաքային տարածքի 1/8-ը։ Բնակչության թվով 9-րդն է աշխարհում․ ըստ 2018-ի մարդահամարի տվյալների՝ ավելի քան 144 մլն մարդ։ Երկրի ազգաբնակչության 77%-ը կենտրոնացված է արևմուտքում՝ եվրոպական հատվածում։

Մայրաքաղաքն է Մոսկվան։ Վերջինս համարվում է Եվրոպայի խոշորագույն քաղաքը, ինչպես նաև խոշորագույններից մեկն ամբողջ աշխարհում։ ՌԴ նշանավոր քաղաքներից են նաև Սանկտ Պետերբուրգը, Նովոսիբիրսկը, Եկատերինբուրգը և Նիժնի Նովգորոդը։ Պետական լեզուն ռուսերենն է։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են թաթարները, ուկրաինացիները, բաշկիրները, հայերը, չուվաշները, չեչենները և այլն։

Ռուսաստանը նախագահական կառավարմամբ դաշնային հանրապետություն է, որտեղ նախագահը՝ պետության, իսկ վարչապետը՝ կառավարության ղեկավարն է։ ՌԴ գործող նախագահն է Վլադիմիր Պուտինը, վարչապետը՝ Միխայիլ Միշուստինը։

Ճապոնիայի վարչապետը հայտարարել է, որ Տոկիոն աստիճանաբար կդադարեցնի ռուսական նավթի ներկրումը

 |armenpress.am|

Ճապոնիայի վարչապետը հայտարարել է, որ Տոկիոն աստիճանաբար կդադարեցնի ռուսական նավթի ներկրումը |armenpress.am|

armenpress.am: Ճապոնիան աստիճանաբար կդադարեցնի նավթի ներկրումը Ռուսաստանից՝ միաժամանակ պահպանելով իր շահերը Ռուսաստանի Հեռավոր Արևելքի նավթագազային նախագծերում։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդանի հայտարարությանը։ «Սա շատ դժվար որոշում է (հրաժարվել ռուսական նավթի ներկրումից), սակայն G7-ի միասնությունն այժմ ամենակարևորն է», - ասել է նա։ Միաժամանակ նա նշել է, որ Սախալինի վերաբերյալ նախագծերը կենսական նշանակություն ունեն Ճապոնիայի էներգետիկ անվտանգության համար։ «Մենք աստիճանաբար քայլեր կձեռնարկենք այնպես, որ նվազագույնի հասցնենք բացասական հետևանքները ճապոնացիների կյանքի և բիզնեսի վրա, սակայն մեր շահերը պահպանելու մեր ծրագիրը մնում է անփոփոխ»,- ասել է վարչապետը։ Կառավարությունը և ճապոնական ընկերությունները բաժնետոմսեր ունեն «Սախալին-1» և «Սախալին-2» բնական գազի և նավթի նախագծերում: Բրիտանական Shell PLC-ն դուրս է եկել «Սախալին-2» նախագծից Ուկրաինայում ստեղծված իրավիճակի մեկնարկից ընդամենը մի քանի օր անց։ Ամերիկյան Exxon Mobil Corp. հայտարարել է նաև «Սախալին-1» նախագծից դուրս գալու մասին։ G7-ի ղեկավարները  հայտարարել են ռուսական նավթի ներկրումը աստիճանաբար դադարեցնելու իրենց հանձնառության մասին:
13:20 - 09 մայիսի, 2022
«Արևմուտքը չցանկացավ լսել մեզ. Ռուսաստանը կանխարգելիչ հակահարված տվեց ագրեսիային». Պուտինի ելույթը Կարմիր հրապարակում |tert.am|

«Արևմուտքը չցանկացավ լսել մեզ. Ռուսաստանը կանխարգելիչ հակահարված տվեց ագրեսիային». Պուտինի ելույթը Կարմիր հրապարակում |tert.am|

tert.am: Ռուսաստանի սահմանների մոտ անմիջական սպառնալիք էր ստեղծվում, հարձակում էր նախապատրաստվում, այդ թվում՝ ռուսական Ղրիմի վրա։ Այս մասին երկուշաբթի Մոսկվայի Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։«Բացահայտորեն նախապատրաստվում էին մեկ այլ պատժիչ գործողության Դոնբասում՝ ներխուժելու մեր պատմական հողեր, այդ թվում՝ Ղրիմ: Կիևում հայտարարվեց միջուկային զենքի հնարավոր ձեռքբերման մասին, և ՆԱՏՕ-ի դաշինքը սկսեց ակտիվ ռազմական զարգացումը հարակից տարածքների վրա: Այսպիսով, մեզ համար բացարձակապես անընդունելի վտանգ է ստեղծվեց, ընդ որում՝ անմիջականորեն մեր սահմաններին»,- ասել է պետության ղեկավարը։Պուտինն ասել է, որ Ռուսաստանը կանխարգելիչ հակահարված է տվել ագրեսիային։«Մենք տեսել ենք, թե ինչպես է զարգանում ռազմական ենթակառուցվածքը, ինչպես են սկսել աշխատել հարյուրավոր օտարերկրյա խորհրդականներ, ՆԱՏՕ-ի երկրներից ամենաժամանակակից սպառազինությունների կանոնավոր մատակարարումներ են եղել։ Ամեն օր վտանգը մեծանում էր։ Ռուսաստանը կանխարգելիչ հակահարված տվեց ագրեսիային: Դա հարկադրված, ժամանակին և միակ ճիշտ որոշում էր՝ ինքնիշխան, ուժեղ, անկախ երկրի որոշում»,- ասել է Պուտինը։Նախագահն ասել է, որ Ռուսաստանը կոչ է արել Արևմուտքին ազնիվ երկխոսության, բայց ամեն ինչ ապարդյուն էր։ «Ռուսաստանը միշտ հանդես է եկել հավասար և անբաժանելի անվտանգության համակարգի ստեղծման օգտին, մի համակարգ, որը կենսական նշանակություն ունի ողջ համաշխարհային հանրության համար»,- ընդգծել է Պուտինը։«Անցյալ տարվա դեկտեմբերին մենք առաջարկեցինք պայմանագիր կնքել անվտանգության երաշխիքների վերաբերյալ, Ռուսաստանը կոչ արեց Արևմուտքին ազնիվ երկխոսության, խելամիտ փոխզիջումային լուծումներ գտնել, միմյանց շահերը հաշվի առնելու: Ապարդյուն: ՆԱՏՕ-ի երկրները չցանկացան լսել մեզ»,- հայտարարել է ՌԴ ղեկավարը։Կարմիր հրապարակում շքերթին մասնակցում են նաև զինծառայողներ, որոնք ժամանել են անմիջապես Դոնբասի պատերազմական գոտուց, ասել է նախագահը։
12:33 - 09 մայիսի, 2022
Կանադան պատժամիջոցներ է կիրառել 40 ռուսաստանցիների, այդ թվում՝ գործարարների և զինվորականների նկատմամբ |armenpress.am|

Կանադան պատժամիջոցներ է կիրառել 40 ռուսաստանցիների, այդ թվում՝ գործարարների և զինվորականների նկատմամբ |armenpress.am|

armenpress.am: Կանադան իր պատժամիջոցների ցուցակում ավելացրել է ևս 40 ռուսաստանցիների, այդ թվում՝ գործարարների և զինվորականների։  Այս մասին հայտնել է Կանադայի վարչապետի մամուլի ծառայությունը։ Կանադայի կառավարության կայքում հրապարակված փաստաթղթում, որը կապված է Ուկրաինայում ստեղծված իրավիճակով  կանադական պատժամիջոցների հետ, ասվում է, որ, ցուցակում հայտնվել են «Լուկօյլ»-ի նախկին նախագահ Վագիտ Ալեքպերովը, «Սբերբանկ»-ի վարչության նախագահի տեղակալ Օլգա Գոլոդեցը։ Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար, գեներալ-գնդապետ Յունուս-Բեկ Եվկուրովը, գեներալ Շարիպ Դելիմխանովը, Պետդումայի պատգամավոր Ադամ Դելիմխանովը։  Կանադան նաև լրացուցիչ ռազմական օգնություն կտրամադրի Ուկրաինային՝ 50 մլն կանադական դոլարի չափով (38,8 մլն դոլար): «Այսօր վարչապետը հայտարարեց Ուկրաինային աջակցելու համար լրացուցիչ միջոցառումների և ներդրումների մասին, այդ թվում՝ լրացուցիչ 50 միլիոն դոլարի ռազմական օգնություն տրամադրելու մասին»,- ասվում է փաստաթղթում։ 
12:22 - 09 մայիսի, 2022
Մոսկվան կարձագանքի, եթե Ֆինլանդիան անդամակցի ՆԱՏՕ-ին. ՌԴ ԱԳՆ
 |tert.am|

Մոսկվան կարձագանքի, եթե Ֆինլանդիան անդամակցի ՆԱՏՕ-ին. ՌԴ ԱԳՆ |tert.am|

tert.am: Մոսկվան անտարբեր չի մնա, եթե Ֆինլանդիան միանա ՆԱՏՕ-ին, ՌԻԱ «Նովոստի»-ին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն։«Հասկանալի է, որ անվտանգության տեսակետից մենք անտարբեր չենք մնա, մեր զինվորականները կդիտարկեն բոլոր անհրաժեշտ միջոցները, որոնք կպահանջվեն պաշտպանության օրինական շահերն ապահովելու համար: Սա չի ամրապնդի ո՛չ բուն Ֆինլանդիայի, ո՛չ ՆԱՏՕ-ի անվտանգությունը»,- ասել է Գրուշկոն։Օրերս Ռուսաստանի Դաշնության արտաքին գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, թե անդամակցելով ՆԱՏՕ-ին՝ Ֆինլանդիան և Շվեդիան կհայտնվեն Ռուսաստանի հետ առճակատման գոտում:Ուկրաինայում ՌԴ սկսած հատուկ ռազմական գործողության ֆոնին՝ ապրիլի սկզբին Շվեդիայում և Ֆինլանդիայում հանրային քննարկումներ են ծավալվել ՆԱՏՕ-ին անդամակցելու թեմայի շուրջ: Ֆինլանդիայի և Շվեդիայի քաղաքական շրջանակներում միանգամայն իրական են համարում ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորությունը:
11:57 - 09 մայիսի, 2022
«Մեծ 7-ը» վճռական է Ուկրաինայում Ռուսաստանի հաղթանակը թույլ չտալու հարցում |azatutyun.am|

«Մեծ 7-ը» վճռական է Ուկրաինայում Ռուսաստանի հաղթանակը թույլ չտալու հարցում |azatutyun.am|

azatutyun.am: «Մեծ յոթնյակի» լիդերները հեռավար կարգով քննարկել են Ուկրաինայի պատերազմի հարցը: Յոթ երկրների ղեկավարները հայտարարել են, որ միանշանակ սատարում են Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և ցանկանում են ապագա Ուկրաինան տեսնել որպես բարգավաճ ու դեմոկրատական պետություն՝ իր միջազգայնորեն ճանաչված սահմաններում: «Յոթի խումբը միասնական է այս դժվար ժամանակաշրջանում Ուկրաինայի դեմոկրատական, բարգավաճ ապագայի կայացմանը նպաստելու և Ուկրաինայի դեմ պատերազմում նախագահ Պուտինի հաղթանակը թույլ չտալու հարցերում»,- ասվում է յոթ երկրների լիդերների հեռավար համաժողովի ամփոփիչ հռչակագրում: Յոթ լիդերների համաժողովին մասնակցել է նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Ժողովի ընթացքում քննարկվել են Ուկրաինայի անվտանգության ամրապնդման և հետպատերազմյան խաղաղ կարգավորման հարցերը: Յոթ լիդերները մասնավոր ընկերություններին կոչ են արել «միջոցներ չապահովել Ռուսաստանի ռազմական մեքենայի գործունեությունը ֆինանսավորող ռեժիմի կամ դրան ենթակա կառույցների համար»: «Մեծ յոթնյակը» հայտնել է, որ շարունակելու է պատժիչ որոշումներ ընդունել ռուսական ֆինանսական համակարգի նկատմամբ և հռչակագրում նշել, որ ագրեսիան ֆինանսավորելու Ռուսաստանի կարողությունն արդեն էապես նվազել է: «Մենք կիրականացնենք միջոցներ, որոնցով կարգելենք կամ կկանխենք Ռուսաստանին առանցքային նշանակության ծառայությունների տրամադրումը: Դա պետք է ուժեղացնի Ռուսաստանի տնտեսության բոլոր հատվածների մեկուսացումը»,- ասվում է փաստաթղթում: «Մեծ յոթնյակը» կշարունակի ֆինանսական աջակցություն տրամադրել Ուկրաինային: «Յոթ երկրները և ամբողջ միջազգային համայնքն արդեն տրամադրել են կամ ծրագրել են Ուկրաինային 2022 թվականի ընթացքում տալ ավելի քան 24 միլիարդ դոլարի ֆինանսական և նյութական օգնություն: Այս շաբաթ մենք դա կավելացնենք, մենք կօգնենք Ուկրաինային առաջացած բացերը փակելու և ժողովրդին տարրական աջակցություն տրամադրելու գործում»,- ասվում է հռչակագրում:
10:39 - 09 մայիսի, 2022
Հանձնվելը մեզ համար տարբերակ չէ․ «Ազով» գնդի սպա

Հանձնվելը մեզ համար տարբերակ չէ․ «Ազով» գնդի սպա

Պատճառներ կան, թե ինչու «Ազով» գնդի անդամները չեն պատրաստվում հանձնվել։ Առաջինն ու հիմնականն այն է, որ Ռուսասատանն, ըստ նրանց, չի պատրաստվում ողջ թողնել իրենց, ՈւՆԻԱՆ-ի փոխանցմամբ ասել է ուկրաինական Մարիուպոլ քաղաքում ռուսական զորքերի դեմ կռվող «Ազով» գնդի հետախուզության վարչության սպա Իլյա Սամոյլենկոն այսօր կայացած ասուլիսի ժամանակ։ Նրա խոսքով՝ երկրորդ պատճառն այն է, որ Ռուսաստանը սպառնալիք է ինչպես Ուկրաինայի, այնպես էլ՝ ամբողջ աշխարհի համար։ «Հանձնվելը մեզ համար տարբերակ չէ, քանի որ Ռուսաստանը շահագրգռված չէ [պահպանել] մեր կյանքը»,- ասել է նա։ Սամոյլենկոն ասել է, որ ռուսական զորքեր եկել են «Ուկրաինան ոչնչացնելու»․ «Մեր գլխավոր նպատակը սպառնալիքը ոչնչացնելն է։ Ահա թե ինչու է մեզ անհրաժեշտ ողջ աշխարհի, ազատ աշխարհի աջակցությունը։ Որովհետև մենք հիմա [աշխարհն] էլ ենք պաշտպանում»։ «Մենք կռվում ենք ազատ աշխարհի համար։ Որովհետև ռուսական ախորժակը միայն աճում է, եթե նրանք մեզ՝ ուկրաինական պաշտպանությունը ոչնչացնեն, ամեն ինչ կտապալվի։ Նրանք առաջ կանցնեն, կգնան Լեհաստան, Բալթյան երկրներ, գուցե՝ ավելի հեռուն»,- հավելել է սպան։ Ասուլիսի ժամանակ Սամոյլենկոն հաղորդել է նաև, որ դեռևս հայտնի չէ, թե արդյոք «Ազովստալի» տարածքում քաղաքացիական անձինք են մնացել։ Բացի դրանից՝ քննադատել է ուկրաինական կառավարությանը, որ այն «չի կարողացել պաշտպանել Մարիուպոլը»։   Լուսանկարը՝ Reuters Նորա Վանյան
19:33 - 08 մայիսի, 2022
Լուգանսկի շրջանի գյուղական դպրոցին ավիահարված է հասցվել, ենթադրաբար 60 զոհ կա․ շրջանի ռազմական վարչակազմի պետ

Լուգանսկի շրջանի գյուղական դպրոցին ավիահարված է հասցվել, ենթադրաբար 60 զոհ կա․ շրջանի ռազմական վարչակազմի պետ

Ուկրաինայի Լուգանսկի շրջանի Բելոգորովկա ավանի դպրոցին հասցված ավիահարվածի հետևանքով, նախնական տվյալներով, կարող էր զոհվել 60 մարդ, BBC Russian-ի փոխանցմամբ՝ հայտնել է Լուգանսկի շրջանի ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Գայդայը։ Նրա խոսքով՝ փլատակների տակից հաջողվել է 30 մարդ դուրս բերել, նրանցից 7-ը վիրավոր են։ «Ըստ ամենայնի՝ շենքերի փլատակների տակ մնացած բոլոր 60 անձինք զոհվել են», - ասել է Գայդայը։ Դպրոցին ավիահարված հասցնելու մասին նա հաղորդել էր երեկ երեկոյան։ Դպրոցում, նրա տվյալներով, շուրջ 90 մարդ էր թաքնվում՝ «գրեթե ողջ գյուղը»՝ նրանք, ովքեր չէին հասցրել տարհանվել։ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայության մամուլի բաժինը շաբաթ օրը հայտնել էր միայն երկու զոհի մասին և նշել, որ որոնումները շարունակվելու են կիրակի։ Վերջին շաբաթվա ընթացքում Բելոգորովկայի մերձակայքում մշտական մարտեր են ընթանում։ Գայդայն այդ վայրը «թեժ կետ» է անվանել։ Ռուսաստանի ՊՆ-ն չի մեկնաբանել դպրոցի վրա ռումբ ընկնելու մասին ուկրաինական իշխանության հայտարարությունը։
16:11 - 08 մայիսի, 2022
Պուտինը Հաղթանակի օրվա կապակցությամբ շնորհավորել է ԱՊՀ երկրների առաջնորդներին, Ուկրաինայի և Վրաստանի ժողովուրդներին

Պուտինը Հաղթանակի օրվա կապակցությամբ շնորհավորել է ԱՊՀ երկրների առաջնորդներին, Ուկրաինայի և Վրաստանի ժողովուրդներին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 77-ամյակի կապակցությամբ շնորհավորական ուղերձներ է հղել Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, ինչպես նաև Աբխազիայի, Հարավային Օսիայի, Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ղեկավարներին և քաղաքացիներին, Վրաստանի և Ուկրաինայի ժողովուրդներին, գրում է «Ինտերֆաքսը»։ «Շնորհավորական ուղերձներում Ռուսաստանի նախագահն առանձնահատուկ ընդգծել է, որ այս օրը մենք շնորհակալություն ենք հայտնում և հարգանքի տուրք մատուցում մարտիկներին և թիկունքի աշխատավորներին, որոնք անհամար զոհաբերությունների և զրկանքների գնով ջախջախել են նացիզմը»,- ասված է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրությունում։ «Այսօր ընդհանուր պարտքը նացիզմի վերածնունդը թույլ չտալն է, որն այնքան տառապանքներ է պատճառել տարբեր երկրների մարդկանց», - ասված է հաղորդագրությունում։ Ինքնահռչակ ԴԺՀ և ԼԺՀ ղեկավարներին ուղղված շնորհավորական ուղերձներում ՌԴ նախագահը նշել է, որ «այսօր մեր զինծառայողներն, ինչպես նրանց նախնիները, թիկունք-թիկունքի կռվում են հայրենի հողը նացիստական արատից ազատագրելու համար», նա վստահություն է հայտնել, որ «ինչպես 1945 թ-ին, հաղթանակը մերն է լինելու»։ «Հայրենական Մեծ պատերազմի վետերաններին և Ուկրաինայի քաղաքացիներին հասցեագրված ուղերձում ՌԴ նախագահն ընդգծել է այն մարդկանց գաղափարային հետնորդների ռևանշի անթույլատրելիությունը, որոնք տապալվել են Հայրենական Մեծ պատերազմում»։
15:35 - 08 մայիսի, 2022
«Ոչ մի չարիք չի խուսափի պատասխանատվությունից»․ Զելենսկիի ուղերձն՝ Ուկրաինայում նշվող Հիշատակի և հաշտեցման օրը

«Ոչ մի չարիք չի խուսափի պատասխանատվությունից»․ Զելենսկիի ուղերձն՝ Ուկրաինայում նշվող Հիշատակի և հաշտեցման օրը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուղերձ է հղել ուկրաինացիներին՝ Հիշատակի և հաշտեցման օրվա կապակցությամբ, որը նշվում է Երկրորդ աշխարհամարտի ավարտի օրը։ Նա հայտարարել է, որ «չարիքը չի խուսափելու պատասխանատվությունից» և «չի թաքնվելու բունկերում», գրում է Liga.net-ը։ Տեսաուղերձը նկարահանվել է Կիևի մոտ գտնվող Բորոդյանկա բնակավայրում՝ փլուզված շենքի ֆոնին։ «Այս տարի մենք այլ կերպ ենք ասում «այլևս երբեք»։ Այլ կերպ ենք լսում «այլևս երբեք» խոսքերը։ Դրանք հնչում են ցավոտ, դաժան։ Առանց բացականչության և հարցական նշանով», - ասել է նա։ Զելենսկու խոսքով՝ փետրվարի 24-ին՝ ուկրաինական պատերազմի մեկնարկի օրը, «երբեք»-ը «ջնջել են, գնդակահարել և ռմբակոծել հարյուրավոր հրթիռներով»։ Նա ասել է, որ «չարիքը վերադարձել է», «ուրիշ կարգախոսներով, բայց նույն նպատակով» Ռուսաստանը «նացիզմի արյունոտ վերակառուցում է սկսել»։ «Ոչ մի չարիք չի խուսափի պատասխանատվությունից։ Չի կարողանա թաքնվել բունկերում։ Դրանից ոչինչ չի մնա, քարը քարին չի մնա», - ասել է նա։
15:00 - 08 մայիսի, 2022
Մոսկվայի գնահատմամբ, հայաստանյան բողոքի ցույցերի պատճառը իշխանությունների հայտարարություններն են
 |azatutyun.am|

Մոսկվայի գնահատմամբ, հայաստանյան բողոքի ցույցերի պատճառը իշխանությունների հայտարարություններն են |azatutyun.am|

azatutyun.am: Պաշտոնական Մոսկվայի գնահատմամբ, հայաստանյան բողոքի ցույցերի պատճառը ոչ թե եռակողմ պայմանավորվածություններն են, այլ իշխանությունների հայտարարությունները։ «Ինչ վերաբերում է ընթացիկ իրադարձությունները հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ կապելուն, ապա, ինչպես հասկանում ենք, խոսքը ոչ թե ձեռք բերված եռակողմ պայմանավորվածություններին ընդդիմության վերաբերմունքի, այլ Հայաստանի ղեկավարության կողմից որոշակի հայտարարությունների ընկալման մասին է», - անդրադառնալով Հայաստանում ընդդիմության բողոքի ցույցերին՝ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Զայցևը։ Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության ներկայացուցիչը շեշտել է, որ Մոսկվան հավատարիմ է՝ ակտիվորեն նպաստելու հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը՝ եռակողմ պայմանավորվածությունների բոլոր դրույթների իրականացման, ինչպես նաև Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքման միջոցով։ Ավելի վաղ Պեսկովը նույնպես անդրադարձել էր բողոքի ակցիաներին՝ նշելով, որ Հայաստանում կատարվող իրադարձությունները երկրի ներքին գործն են, սակայն Մոսկվան շահագրգռված է իրավիճակի շուտափույթ կարգավորմամբ
16:47 - 06 մայիսի, 2022
Բալթյան երկրների արտգործնախարարները Կիև են այցելել

Բալթյան երկրների արտգործնախարարները Կիև են այցելել

Բալթյան երկրների արտգործնախարարները Կիևում են։ Ինչպես հաղորդել է Լատվիայի ԱԳ նախարար Էդգար Ռինկևիչն, իրենք ժամանել են՝ ավարտին հասցնելու այցը, որը կիսատ էր մնացել փետրվարի 24-ին ռուսական ներխուժման պատճառով, գրում է Liga.net-ը։ «Մենք այստեղ ենք, որ հաստատենք մեր համերաշխությունն ու քննարկենք հետագա աջակցությունը», - գրել է Ռինկևիչը։ Լիտվայի արտգործնախարար Վիտաուտաս Լանդսբերգիսը հայտնել է, որ այցի ընթացքում քննարկվում է տուժած բնակավայրերի վերականգնումը և Ուկրաինայի համար ԵՄ թեկնածուի կարգավիճակը։ «Փթթուն Կիևը հիշեցնում է այն մասին, որ երկիրը պատրաստ է լուսավոր ապագայի», - գրել է նա։ Էստոնիայի ԱԳ նախարարն ասել է, որ իրենք Կիև են ժամանել՝ ցուցադրելու իրենց անբեկանելի աջակցությունն ու քննարկելու Ուկրաինային օգնելու մյուս հնարավորությունները։   Նորա Վանյան
16:13 - 06 մայիսի, 2022
Ռուսաստանի ԱԳՆ հերքում է Ուկրաինային կամ Մեծ Բրիտանիային միջուկային հարված հասցնելու հավանականությունը

Ռուսաստանի ԱԳՆ հերքում է Ուկրաինային կամ Մեծ Բրիտանիային միջուկային հարված հասցնելու հավանականությունը

Ռուսաստանի ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Զայցևը հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում միջուկային զենք կիրառել Ուկրաինայում, գրում է «Կոմերսանտը»։ «Մեր կողմից միջուկային զենքի հնարավոր կիրառման սցենարները հստակ ամրագրված են դոկտրինային փաստաթղթերում։ Դրանք կիրառելի չեն այն խնդիրների կատարման համար, որոնք դրված են Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ժամանակ», - ասել է Զայցևը։ Նա նշել է նաև, որ Ռուսաստանը հավատարիմ է հետևյալ սկզբունքին՝ «միջուկային պատերազմում չի կարող հաղթող լինել, և այն չպետք է սանձազերծվի»։ Մեծ Բրիտանիային միջուկային հարված հասցնելու հավանականության քննարկումը Զայցևն աբսուրդ է անվանել․ «Ձեր հարցը հասկացա՝ որպես ներկա պահին Ուկրաինայում կատարվող իրոք կարևոր իրադարձություններից բրիտանական հասարակության ուշադրությունն այն հարցերի քննարկման վրա շեղելու հերթական անհաջող փորձ, որոնց առաջ քաշումն ինքնին աբսուրդային է թվում», - ասել է նա։ Ավելի վաղ ռուսաստանցի հեռուստահաղորդավար Դմիտրի Կիսելյովը «Ռոսիա-1»-ի եթերում հայտարարել էր, որ «Սարմատ» հրթիռի կամ «Պոսեյդոն» էներգետիկ կայանքի մի հարվածը կարող է «Բրիտանիան ջրային անդունդը նետել»։   Նորա Վանյան
16:11 - 06 մայիսի, 2022
Եվրախորհրդարանը ՌԴ-ից պահանջում է «վերադարձնել գողացված ինքնաթիռները»
 |factor.am|

Եվրախորհրդարանը ՌԴ-ից պահանջում է «վերադարձնել գողացված ինքնաթիռները» |factor.am|

factor.am: Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել՝ Ռուսաստանից պահանջելով վերադարձնել գողացված ինքնաթիռները։ Այս մասին հայտնում է Եվրախորհրդարանի մամուլի ծառայությունը։ Գերատեսչության կայքում նշվում է, որ պատգամավորները մտահոգված են ավիացիոն ոլորտի վրա պատերազմի լուրջ ազդեցությամբ և ափսոսում են, որ «Ռուսաստանի Դաշնությունը, խախտելով միջազգային քաղաքացիական ավիացիայի կանոնները, ստիպել է վերագրանցել օտարերկրյա ընկերություններից վարձակալած ինքնաթիռները ռուսական ինքնաթիռների գրանցամատյանում»։ «Նման գողությունը չի կարելի հանդուրժել»,- ասել են Եվրախորհրդարանի պատգամավորները՝ պահանջելով անհապաղ վերադարձնել այդ ինքնաթիռներն իրենց օրինական տերերին։ Պատգամավորները նաև կոչ են արել խստացնել պատժամիջոցները Ռուսաստանի տրանսպորտային հատվածի նկատմամբ, նաև օգնել ԵՄ-ում հյուրանոցներին և կարճաժամկետ վարձակալության ծառայություններին, որոնք ընդունում են ուկրաինացի փախստականներին:
15:55 - 06 մայիսի, 2022