Հայաստան

Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Նիդերլանդների ԱԳ նախարար Վոբկե Հոկստրայի հետ

Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Նիդերլանդների ԱԳ նախարար Վոբկե Հոկստրայի հետ

Հունիսի 17-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարար Վոբկե Հոկստրայի հետ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն: Հայաստանի և Նիդերլանդների արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարները գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև քաղաքական երկխոսության առկա դրական դինամիկայի, տարբեր ոլորտներում սերտ համագործակցության, ինչպես նաև բարձր և բարձրագույն մակարդակներում փոխայցելությունների ակտիվության առնչությամբ։ Այս համատեքստում զրուցակիցները առանձնահատուկ ընդգծել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Նիդերլանդներ կատարած այցի շրջանակներում ձեռբերված պայմանավորվածությունների հետևողական իրականացումը։ Նախարար Միրզոյանը կարևորել է Նիդերլանդների ցուցաբերած աջակցությունը Հայաստանում իրականացվող բարեփոխումների լայն օրակարգին, և հույս հայտնել, որ կողմերի միջև հաստատված արդյունավետ փոխգործակցությունը շարունակական բնույթ կունենա։ Վոբկե Հոկստրան իր հերթին բարձր է գնահատելժ ողովրդավարական զարգացման հարցում Հայաստանի գրանցած զգալի առաջընթացը: Հայաստանի և Նիդերլանդների միջև տնտեսական համագործակցության զարգացման համատեքստում կարևորվել է երկու երկրների գործարար շրջանակների միջև շփումների ակտիվացումը, համատեղ ծրագրերի իրականացումը։ Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության մի շարք հարցերի։ Նախարար Միրզոյանն իր զրուցակցին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը և հայկական կողմի դիրքորոշումը՝ տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված գործընթացների, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ։ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական ագրեսիայի դատապարտման վերաբերյալ Նիդերլանդների խորհրդարանի կողմից շուրջ երկու տասնյակ բանաձևերի ընդունումը: Անդրադարձ է կատարվել 44-օրյա պատերազմից հետո Արցախում ստեղծված հումանիտար խնդիրներին։ Երկու երկրների արտգործնախարարներն ընդգծել են Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց անպահաղ հայրենադարձման հրամայականը: ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական մշակությային և կրոնական ժառանգության պահպանման անհրաժեշտությունը։ Նախարար Միրզոյանը իր գործընկերոջն է ներկայացրել նաև Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:
21:27 - 17 հունիսի, 2022
Ադրբեջանի պաշտոնատար անձանց հայտարարությունները պետք է նախազգուշացնող լինեն, և այս հարցը պետք է քննարկենք ՀԱՊԿ-ում. Վարչապետը՝ ՀԱՊԿ ԱԽ քարտուղարներին

Ադրբեջանի պաշտոնատար անձանց հայտարարությունները պետք է նախազգուշացնող լինեն, և այս հարցը պետք է քննարկենք ՀԱՊԿ-ում. Վարչապետը՝ ՀԱՊԿ ԱԽ քարտուղարներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստի մասնակիցներին՝ Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին, Ռուսաստանի ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևին, Բելառուսի ԱԽ քարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչին, Ղազախստանի ԱԽ քարտուղար Գիզատ Նուրդաուլետովին, Ղրղզստանի ԱԽ քարտուղար Մարատ Իմանկուլովին, Տաջիկստանի ԱԽ քարտուղար Նասրուլլո Մախմուդզոդային և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին: Բացման խոսքում վարչապետ Փաշինյանը նշել է. «Հարգելի բարեկամներ, Ողջունում եմ ձեզ Հայաստանի Հանրապետությունում ՀԱՊԿ անդամ երկրների Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի հերթական նիստի անցկացման կապակցությամբ, որը մեր երկրում տեղի է ունենում ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության շրջանակում: Իսկապես սա կրկնակի հոբելյանական տարի է մեր կազմակերպության համար. մենք նշում ենք Հավաքական անվտանգության պայմանագրի ստորագրման 30-ամյակը և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ստեղծման 20-ամյակը, և մեզ համար մեծ պատիվ է այս հոբելյանական տարում նախագահել մեր կազմակերպությունում: Դուք գիտեք, և մենք բազմիցս դա քննարկել ենք՝ ՀԱՊԿ արդյունավետության բարձրացումը մեր նախագահության կարևորագույն առաջնահերթություններից է, և մենք կարծել ու կարծում ենք, որ պետք է լավարկել կոնկրետ իրավիճակներին արագ և ճգնաժամային արձագանքման մեխանիզմները: Ցանկանում եմ նշել, որ սկզբունքորեն մենք նաև իրավական դաշտ ունենք այդ առումով, և 2010 թվականի դեկտեմբերի 10-ին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի որոշմամբ ընդունվել է դրույթ՝ ճգնաժամային իրավիճակներին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արձագանքելու կարգի վերաբերյալ, և ես կարծում եմ, որ այս փաստաթուղթը բավական հասկանալիորեն ձևակերպում է այն մեխանիզմները, որոնք գոյություն ունեն մեր կազմակերպությունում: Մասնավորապես, այնտեղ նախատեսված է, թե մենք որը պետք է համարենք ճգնաժամային իրավիճակ, և ինչպես պետք է դրան արձագանքենք: Ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն բանի վրա, որ այդ դրույթում կա նաև այսպիսի հասկացություն՝ «առաքելություն», որը ձևակերպված է հետևյալ կերպ. անդամ պետությունների մասնագետների խումբ՝ կազմված ՀԱՊԿ անդամ պետությունների՝ այս դրույթին համապատասխան նշանակված ներկայացուցիչներից և ժամանակավորապես ճգնաժամային իրավիճակի գոտի ուղարկվող՝ իրավիճակի մշտադիտարկում իրականացնելու, իրադրությունը տեղում որոշելու և ճգնաժամային իրավիճակի կանխարգելման և կարգավորման ուղղությամբ կազմակերպության հետագա միջոցառումների վերաբերյալ առաջարկներ մշակելու, ինչպես նաև ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի կողմից սահմանված այլ գործառույթներ իրականացնելու նպատակով: Ցանկանում եմ նաև ուշադրություն հրավիրել, որ այս փաստաթղթի երկրորդ գլխում կա «Մոնիթորինգ» կոչվող գլուխ, և ՀԱՊԿ քարտուղարությունը մշտական հիմունքով իրականացնում է կազմակերպության պատասխանատվության գոտում իրավիճակի և դրա զարգացման միտումների վերաբերյալ տեղեկատվության հավաքում և վերլուծություն՝ ճգնաժամային իրավիճակների նախադրյալները վերհանելու նպատակով: Ինչո՞ւ եմ ես այս մասին խոսում: Դուք գիտեք, որ դեռևս նախորդ տարի մայիս ամսին Ադրբեջանի զինված ուժերը ներխուժեցին մեր տարածք, և այդ կապակցությամբ մենք դիմեցինք ՀԱՊԿ-ին: Ես բազմիցս այդ մասին խոսել եմ, և որպես նախագահող՝ ցանկանում եմ ընդգծել, որ այդ հարցը պետք է քննարկել, ինչպես հարկն է: Ինչո՞ւ՝ որովհետև տեսնում ենք, որ Ադրբեջանի կողմից ագրեսիվ հայտարարությունները շարունակվում են, և մենք այս հարցը պետք է քննարկենք՝ հատկապես հաշվի առնելով, որ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին, քանի որ դա և՛ մեզ, և՛ կազմակերպության համար շատ սկզբունքային հարց է: Ես ցանկանում եմ նշել նաև հետևյալը. մեր տարածք ադրբեջանական զորքերի ներխուժումից հետո որոշ մեկնաբանություններ եղան առ այն, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև չկա սահմանագծված և սահմանազատված սահման: Անկեղծ ասած, սա բավական վտանգավոր ձևակերպում է, քանի որ ահա մենք ասում ենք՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պատասխանատվության գոտի: Եթե մենք ասում ենք, որ պետք է հաշվի առնվեն այն սահմանները, որոնցով իրականացվել են դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացները, դա կարող է լղոզել ՀԱՊԿ պատասխանատվության գոտի հասկացությունը, քանի որ հարց է ծագում՝ իսկ որտե՞ղ է սկսվում ՀԱՊԿ պատասխանատվության գոտին, և որտե՞ղ է ավարտվում ՀԱՊԿ պատասխանատվության գոտին: Մեր դիրքորոշումն այն է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունի կոնկրետ սահման, քանի որ 1991 թվականին, երբ ստեղծվել է Անկախ պետությունների համագործակցությունը, ստորագրվել է միջպետական համաձայնագիր, որում հստակ գրված է, սահմանված է, որ երկրները փոխադարձաբար ճանաչում են միմյանց միջև գոյություն ունեցող սահմանները: Այստեղ նկատի են առնվում Խորհրդային միության ժամանակաշրջանի վարչական սահմանները, և ես կարծում եմ, որ մենք պետք է այս ելակետն ունենանք: Այս իրավիճակի հակառակ մեկնաբանությունը, կարծում եմ, կնվազեցնի ՀԱՊԿ արդյունավետությունը: Հուսով եմ, որ այս հանդիպման և ձեր նիստի ընթացքում նշված նյուանսները նույնպես կքննարկվեն: Վերջերս Մոսկվայում, երբ տեղի ունեցավ ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթաժողովը, ես բարձրացրել եմ այս հարցը: Մենք քննարկում ենք սկսել, և ցանկանում եմ ևս մեկ անգամ, որպես նախագահող, հանձնարարել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին՝ մեր կանոնադրական փաստաթղթերին համապատասխան կազմակերպել այս հարցը, քանի որ հիմա իրավիճակը մեր տարածաշրջանում, կարելի է ասել, կայուն լարված է: Բայց այն հայտարարությունները, որոնք հնչում են Ադրբեջանի պաշտոնատար անձանց կողմից, պետք է նախազգուշացնող լինեն, և կարծում եմ, որ այս հարցը պետք է քննարկենք ՀԱՊԿ ձևաչափում: Թույլ տվեք ևս մեկ անգամ ողջունել ձեզ, շատ ուրախ եմ ձեզ տեսնել: Եվ շատ ուրախ եմ այն դինամիկայի համար, որը հետքովիդային ժամանակաշրջանում ձևավորվել է ՀԱՊԿ-ում, որովհետև երկու տարվա ընթացքում փաստացի շատ քիչ ենք շփվել առկա ձևաչափերում: Իհարկե, մենք շարունակել ենք աշխատել առցանց ռեժիմով, բայց, կարծում եմ, բոլորս էլ համամիտ ենք, որ այսպիսի հանդիպումներն ու շփումները շատ կարևոր են մեր աշխատանքի համար: Ուրախ եմ, որ վերադարձանք այս ռեժիմին, և դա տեղի ունեցավ մեր նախագահության տարում, այս կարևոր հոբելյանական տարում: Շնորհակալ եմ»: Վարչապետը ՀԱՊԿ անդամ երկրների ԱԽ քարտուղարների հետ քննարկել է կազմակերպության օրակարգին և գործունեությանը վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային անվտանգության մարտահրավերների շուրջ: 
17:22 - 17 հունիսի, 2022
Ռուսական կողմն ընդունել է, որ Փառուխում իրենց պարտավորությունը չեն կատարել. ՀՀ նախագահ
 |civilnet.am|

Ռուսական կողմն ընդունել է, որ Փառուխում իրենց պարտավորությունը չեն կատարել. ՀՀ նախագահ |civilnet.am|

civilnet.am: Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը հունիսի 16-ին Սանկտ Պետերբուրգում՝ ՀՀ գլխավոր հյուպատոսության շենքում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը, խոսել է Արցախի Փառուխ գյուղում ստեղծված իրավիճակի մասին։ Խաչատուրյանի խոսքով՝ ռուսական կողմն ընդունել է, որ Փառուխում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ իրենց պարտավորությունը չեն կատարել։ «Մինչև հիմա դեռևս չպարզաբանված պայմաններում՝ ռուս խաղաղապահների ներկայությամբ, ադրբեջանցիները կարողացան բարձունք գրավել, հետո նահանջեցին, բայց դեռևս մի որոշակի տարածքում գտնվում են։ Քանի որ լարված օրեր էին, ես էլ եմ մասնակից եղել այդ քննարկումներին, մենք շատ կոշտ դիրքորոշում ենք ցուցաբերել և այդ դիրքորոշման արդյունքում, ի վերջո, ռուսական կողմն ընդունեց, որ այդտեղ բացթողում կա, և հիմա նրանք ներքին քննություն են անցկացնում՝ հասկանալու համար պատճառները։ Նրանք ընդունեցին, որ իրենց պարտավորությունը չեն կատարել»,- ասել է նա։ Նախագահը նշել է նաև, որ Փառուխում ծավալվող դեպքերի ժամանակ անգամ բարձրացվել է արցախցիներին Հայաստան տեղափոխելու հարցը։ «Հետաքրքիր իրադրություն էր այդ ժամանակ, որովհետև այնքան լարված էր իրավիճակը, որ նույնիսկ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից խնդիր էր դրված՝ եթե խաղաղապահները չեն կարող մեր անվտանգությունն ապահովել, մենք վերադառնանք Հայաստան։ Այդպիսի խոսակցություն եղել է։ Եվ պատասխանը հակառակն է եղել ռուսական կողմից, որ մենք պարտավոր ենք ապահովել ձեր անվտանգությունը, մենք ամեն ինչ կանենք, որպեսզի դուք անվտանգ ապրեք, դուք կարող եք նաև ներկայացնել ներդրումային ծրագրեր, մենք պատրաստ ենք դրանք ֆինանսավորել, դուք պետք է մեր պայմանավորվածությունների շրջանակում ապրեք այդտեղ։ Սա նրանց վերջին խոսքն է եղել, և դրանից հետո մենք տարածքային կոնֆլիկտներ չենք ունեցել»,- ասել է Վահագն Խաչատուրյանը։ *** Մարտի 24-ին Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը, և մինչ օրս հակառակորդը դեռևս չի վերադարձել ելման դիրքեր։ Ադրբեջանական ստորաբաժանումները մարտի 25-ի գիշերը կրակ են բացել Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային ԱԹՍ: Հակառակորդի գործողությունների հետևանքով հայկական կողմից զոհվել է ՊԲ 3 պայմանագրային զինծառայող, 15 հոգի վիրավորվել է։ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն այժմ գտնվում է Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ զորակազմի վերահսկողության գոտում, սակայն ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ Քարագլխի մի հատվածում ամրացված դիրքերում։    
15:56 - 17 հունիսի, 2022
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է Էստոնիայի սոցիալական պաշտպանության նախարարին

Նարեկ Մկրտչյանը հանդիպել է Էստոնիայի սոցիալական պաշտպանության նախարարին

Հռոմ կատարած աշխատանքային այցի շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Էստոնիայի սոցիալական պաշտպանության նախարար Սիգնի Ռիսալոյի հետ։ Այս մասին հայտնում են ԱՍՀ նախարարությունից։ Ընդգծելով երկկողմ համագործակցության ընդլայնմանն ուղղված աշխատանքների կարևորությունը՝ կողմերը քննարկել են կենսաթոշակային ապահովության, հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտներին առնչվող մի շարք հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև աշխատանքի և զբաղվածության քաղաքականության, աշխատանքային վեճերի արտադատական լուծման համակարգի վերաբերյալ էստոնական փորձի ուսումնասիրման ու փոխանակման հնարավորություններին։ Անդրադառնալով ապաինստիտուցիոնալացման քաղաքականության կարևորությանը՝ կողմերը շեշտել են երեխաների այլընտրանքային խնամքի համակարգի զարգացման, կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաներին ինքնուրույն կյանքի հմտությունների ուսուցման ուղղություններով շարունակական աշխատանքների իրականացումը։ Այս համատեքստում Էստոնիայի սոցիալական պաշտպանության նախարարը մանրամասներ է ներկայացրել իրենց գերատեսչության կողմից երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող ծրագրերի վերաբերյալ։ Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել առաջիկայում ստեղծել աշխատանքային խմբեր՝ սոցիալական պաշտպանության ոլորտում առավել սերտ համագործակցելու նպատակով։
14:59 - 17 հունիսի, 2022
ԼՂ հակամարտությունը դեռևս լուծված չէ, համապարփակ լուծումը պետք է տրվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում. Արմեն Գրիգորյան

ԼՂ հակամարտությունը դեռևս լուծված չէ, համապարփակ լուծումը պետք է տրվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում. Արմեն Գրիգորյան

Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի նախագահությամբ հունիսի 17-ին կայացել է ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի հերթական նիստը։  Այս մասին հայտնում են ԱԽ գրասենյակից։ Նեղ և ընդլայնված կազմերով քննարկվել են ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության մարտահրավերներն ու սպառնալիքները չեզոքացնելու միջոցառումները, ՀԱՊԿ տարածաշրջանում համատեղ հակաահաբեկչական գործողությունների վերաբերյալ առաջնայնություն ներկայացնող հարցեր։   Վերոնշյալի համատեքստում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը խոսել է Հարավային Կովկասում ստեղծված անվտանգության միջավայրի մասին։ Նա մասնավորապես նշել է, որ դեռևս տարածաշրջանը մարտահրավերներով լի է, ինչը պայմանավորված է հայ-ադրբեջանական չկարգավորված հարաբերությունների և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հետ։ ԱԽ քարտուղարը նաև ներկայացրել է Հայաստանի տեսակետները և մոտեցումները տարածաշրջանում անվտանգային իրավիճակը կայունացնելու և առկա մարտահրավերները չեզոքացնելու ուղղությամբ։ Արմեն Գրիգորյանն անընդունելի է համարել Ադրբեջանի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտումը, մասնավորեցնելով մայիսի 28-ին ադրբեջանական զորքերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքը, ինչի հետևանքով զոհվել էր ՀՀ ԶՈՒ-ի զինծառայող։ Անդրադառնալով տարածաշրջանային հաղորդակցման ուղիների ապաշրջափակմանը՝ ԱԽ քարտուղարը նշել է, որ Ադրբեջանը ժամանակ առ ժամանակ բարձրացնում է, այսպես կոչված, Հայաստանի տարածքով «տրանսպորտային միջանցք» բացելու հարցը և Գրիգորյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում միջանցքային տրամաբանությամբ որևէ տրանսպորտային ուղի գոյություն ունենալ չի կարող։ Նա նաև ընդգծել է, որ համաձայն Հայաստան, Ռուսաստան, Ադրբեջան եռակողմ բոլոր հայտարարությունների՝ նոյեմբերի 9, հունվարի 11 և նոյեմբերի 21, չկա որևէ հիշատակում միջանցքների մասին։ Խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը նշել է, որ հակամարտությունը դեռևս լուծված չէ և հիմնահարցի համապարփակ լուծումը պետք է տրվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։   Նիստի ավարտին՝ ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների որոշմամբ,  հաստատվել է ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կառավարման մարմինների ու կազմավորումների 2023 թվականի համատեղ պատրաստության պլանը:  Հավանության է արժանացել ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի որոշումը՝ «Наемник» օպերատիվ-կանխարգելիչ գործողությանը տալ ՀԱՊԿ մշտապես  իրականացվող գործողությունների կարգավիճակ, որը ներկայացվելու է երկրի ղեկավարների հավանությանը։    Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում  
14:09 - 17 հունիսի, 2022
Թե ինչ քարտեզներով է սահմանազատում արվում, Կադաստրի կոմիտեի լիազորությունների շրջանակում չէ․ կոմիտեի ղեկավար
 |lragir.am|

Թե ինչ քարտեզներով է սահմանազատում արվում, Կադաստրի կոմիտեի լիազորությունների շրջանակում չէ․ կոմիտեի ղեկավար |lragir.am|

lragir.am: Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ սահմանազատման հարցերին։ «Թե ինչ քարտեզներով է դա արվում, դա Կադաստրի կոմիտեի լիազորությունների շրջանակում չէ, իրավական հարցերի շրջանակում է։ Ցանկացած խնդիր, որը պետք է լուծում ստանա, պետք է լուծում ստանա բացարձակապես իրավական հիմքերի վրա։ Երբ իրավական հարցերով կպարզվի՝ որ քարտեզներն են իրավական հիմքերը, այդ քարտեզների հիման վրա Կադաստրի կոմիտեն իր լիազորությունների շրջանակներում կստանա համապատասխան հանձնարարականներ, կկատարի համապատասխան աշխատանքներ»,- ասաց նա։ Ըստ Սուրեն Թովմասյանի՝ իր երկու տեղակալները ներգրավված են սահմանազատման հանձնաժողովի աշխատանքներին։   Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում
13:47 - 17 հունիսի, 2022
Եթե մենք ցանկանանք, դա կանենք առանց դիմելու․ Դումանյանը՝ ռուսական դպրոցներ բացելու վերաբերյալ Լավրովի հայտարարության մասին

Եթե մենք ցանկանանք, դա կանենք առանց դիմելու․ Դումանյանը՝ ռուսական դպրոցներ բացելու վերաբերյալ Լավրովի հայտարարության մասին

Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարար Վահրամ Դումանյանը այսօր՝ կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ ռուսական դպրոցների թվի ավելացման վերաբերյալ քննարկումներին։  «Դավադիր, գաղտնի, դարակազմիկ ոչինչ տեղի չի ունենում։  Գաղափարը հետևյալն է, եթե կա զուտ կրթական անհրաժեշտությունը անհրաժեշտությունը․ ապա երկու տարբերակ կա ընդհանրապես։ Կա ռուսական դպրոց, որը գործում է Ռուսաստանի Դաշնության կարգով և կան ռուսերեն լեզվով ուսուցանում․ ՀՀ դպրոցի  նույն ծրագիրը, բայց ռուսերենով։ Եթե խնդիր լինի, անհրաժեշտություն լինի, կարող ենք շատացնել այդ դասարանների քանակը։ Այսօր մենք սեղանին դրված, ձևակերպված լրջագույն խնդիր այդ հարցով չունենք»։ Դումանյանն ասաց՝ ռուսական դպրոց բացելու որոշում չկա, բայց նման հարց կարող է քննարկվել։Անդրադառնալով ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, ըստ որի՝ հայ գործընկերները դիմել են իրենց Հայաստանում ռուսական դպրոցների թիվը ավելացնելու համար, Դումանյանն ասաց․ «Տեղյակ չեմ, ես չեմ դիմել։ Ինձ թվում է՝ դա այլ ձև է մատուցվում։ Ոչ թե ՀՀ-ն պաշտոնապես դիմել է, դրա համար պետք չի որ դիմենք, եթե մենք ուզենք, դա կանենք առանց դիմելու։ Եթե ֆրանսերեն լեզվով դպրոց բացենք, դա չի նշանակում, որ ՀՀ կառավարությունը պետք է դիմի Ֆրանսիայի կառավարությանը, դրա անհրաժեշտությունը չկա»։ Դումանյանը առաջարկեց չկենտրոնանալ ռուսերենի վրա՝ նշելով, որ օտար լեզուների դասավանդումը օգտակար է, այդ թվում՝ հարևան երկրների լեզուներին տիրապետելը․ «Պլանավորում ենք Վրաստանի հետ սահմանամերձ գոտում նաև վրացերենի ուսումնասիրությունը, դա նորմալ է, լեզուն շփման միջոց է։ Ինչքան շատ լեզու իմանանք, այդքան մեր օգուտն է»։ «Եթե նույն Ռուսաստանը, ենթադրենք,  պատրաստ է որոշակի աջակցություն տալ, որպեսզի, այո, ռուսերեն լեզուն ավելի պոպուլյար լինի և դրա համար պատրաստ են աջակցել թե՛ ֆինանսապես, թե՛ ուսումնական նյութով, որովհետև դա բարդագույն պրոցես է և միջոցներ է պահանջում։ Եթե իքս երկիր ցանկություն ունի իր լեզուն մեր մոտ պոպուլյարիզացնել և դա չի հակասում մեր ընդհանուր մոտեցումներին, ինչու՞մն է հարցը»։
13:33 - 17 հունիսի, 2022
Ըստ Զասի՝ ՀԱՊԿ-ը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները անդամ պետությունների անվտանգությունն ապահովելու նպատակով

 |armenpress.am|

Ըստ Զասի՝ ՀԱՊԿ-ը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները անդամ պետությունների անվտանգությունն ապահովելու նպատակով |armenpress.am|

armenpress.am: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների Անվտանգության խորհուրդների քարտուղարները Երևանում տեղի ունեցած նիստի ընթացքում մանրամասնորեն վերլուծել են ռազմաքաղաքական իրադրությունը աշխարհում՝ գնահատելով ինչպես ՀԱՊԿ պատասխանատվության գոտում, այնպես էլ հարակից տարածաշրջաններում ստեղծված իրավիճակը: Այդ մասին նիստից հետո հայտարարեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը՝ ցավով արձանագրելով անվտանգության համաշխարհային համակարգում առաջացած ճգնաժամը: «Տասնամյակներով գոյություն ունեցող պայմանավորվածությունները փաստացի դադարում են գործել, իսկ անվստահության մակարդակը մի շարք առաջատար խաղացողների միջև մոտենում է կրիտիկական նշագծին: Ընդ որում՝ անվտանգության մարտահրավերներն ու սպառնալիքները ոչ միայն չեն կորցրել իրենց սրությունը, այլև աճող գլոբալ անորոշության հետևանքով սրման միտումներ են ցույց տալիս», - ասաց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը: Նշված հարցերի վերաբերյալ ՀԱՊԿ-ի սկզբունքային դիրքորոշումը, ըստ կազմակերպության գլխավոր քարտուղարի, մնում է նույնը՝ բոլոր տարաձայնություններն ու կոնֆլիկտները պետք է լուծվեն քաղաքական ճանապարհով: Կազմակերպությունը այդ կոչով դիմում է բոլոր ուժերին: Դրա հետ մեկտեղ, ինչպես նշեց գլխավոր քարտուղարը, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները ՀԱՊԿ անդամ երկրներում խաղաղությունն ու կայունությունը ամրապնդելու նպատակով և պատրաստ է իր շահերի պաշտպանությանը: «Անդամ պետությունների անվտանգության ապահովման և սպառնալիքներին ու մարտահրավերներին դիմակայելու գլխավոր գործիքներից մեկը հավաքական անվտանգության ուժերի և միջոցների կարողությունների զարգացումն է, ինչպես նաև հատուկ ծառայությունների և իրավապահ մարմինների փոխգործակցությունը», - շեշտեց Ստանիսլավ Զասը: Գլխավոր քարտուղարը նաև շնորհակալություն հայտնեց Հայաստանի Անվտանգության քարտուղար Արմեն Գրիգորյանին և նրա աշխատակազմին հյուրընկալության և նիստի անցկացման հրաշալի պայմաններ ստեղծելու համար: ՀԱՊԿ երկրների ԱԽ քարտուղարների հանձնաժողովի հունիսի 17-ի նիստը անցկացվեց ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության շրջանակներում:Հայաստանի Հանրապետությունը նախագահում է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդում 2021 թ. սեպտեմբերի 16-ից՝ մեկ տարի ժամկետով:
13:25 - 17 հունիսի, 2022
Հայաստանը չի մերժել Թբիլիսիում եռակողմ հանդիպման առաջարկը. ԱԳՆ-ի արձագանքն Ալիևի հայտարարությանը

 |armenpress.am|

Հայաստանը չի մերժել Թբիլիսիում եռակողմ հանդիպման առաջարկը. ԱԳՆ-ի արձագանքն Ալիևի հայտարարությանը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե Հայաստանը հրաժարվել է Թբիլիսիում Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարների մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու առաջարկից: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝  ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը նշեց. «Մենք ոչ միայն չենք մերժել, այլև մշտապես դրական ենք արտահայտվել նման հավանական հանդիպման մասին՝ միաժամանակ նշելով, որ պետք է աշխատանք տանել հանդիպման արդյունավետությունն ապահովելու ուղղությամբ»։ Հիշեցնենք, որ Իլհամ Ալիևը երեկ հայտարարել էր, թե ադրբեջանական կողմն առաջարկել է անցկացնել Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարների մակարդակով հանդիպում, որտեղ կքննարկվեին Հարավային Կովկասում հնարավոր համագործակցության հարցերը, սակայն հայկական կողմը հրաժարվել է։    Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում
11:17 - 17 հունիսի, 2022
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հունիսի 16-ի երեկոյան Սանկտ Պետերբուրգում, Հայաստանի գլխավոր հյուպատոսության շենքում հանդիպում է ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նախագահ Խաչատուրյանը նշել է, որ իր գլխավորած պատվիրակության այցը տեղի է ունենում Սանկտ Պետերբուրգյան հայտնի տնտեսական ֆորումի շրջանակում, որն այս տարի նշում է հոբելյանական 25-ամյակը։ Նրա խոսքով՝ ցանկացած այց հնարավորություն է ընձեռում հանդիպել և քննարկում ունենալ հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ «Ձեր խնդիրները մեր խնդիրներն են և այդ տրամաբանությամբ նման հանդիպումների հիմնական նպատակն այն է, որ կարողանանք հասկանալ ձեր անհանգստությունները կամ ձեզ հետաքրքրող հարցերը։ Մյուս կողմից սա նաև հնարավորություն է ընձեռում, որ ձեզ ներկայացնենք Հայաստանում տիրող իրավիճակը։ Տարբեր աղբյուրներից տարբեր տեղեկություններ եք ստանում, սակայն դրանք կարիք ունեն ճշգրտելու, որովհետև շատ դեպքերում իրականությանը չեն համապատասխանում»,- նշել է նախագահ Խաչատուրյանը։ Նախագահն իր խոսքում անդրադարձել է հայ-ռուսական հարաբերություններին, Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, տարածաշրջանային անվտանգությանը: Վահագն Խաչատուրյանը հանգամանալից անդրադարձ է կատարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական լուծմանն ուղղված ծրագրերի իրականացման ներկա ընթացքին, հայկական կողմի մոտեցումներին։ ՌԴ կատարած այցի շրջանակում նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է նաև Սանկտ Պետերբուրգի Հայ առաքելական Սուրբ Կատարինե եկեղեցի:   Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում
10:07 - 17 հունիսի, 2022
Սուբվենցիայի ծրագրային 58 նոր հայտ՝ Հայաստանի 8 մարզերից․ տեղի է ունեցել գնահատող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Սուբվենցիայի ծրագրային 58 նոր հայտ՝ Հայաստանի 8 մարզերից․ տեղի է ունեցել գնահատող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել ՀՀ պետական տարեկան բյուջեներով նախատեսված սուբվենցիաներից բացի Հայաստանի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը։ Այս մասին հայտնում են ՀՀ փոխվարչապետի գրասենյակից։  Նիստի ընթացքում շահագրգիռ պետական կառույցների ղեկավարների ու ներկայացուցիչների հետ քննարկվել են Հայաստանի 8 մարզերից ստացված սուբվենցիայի ծրագրային 58 հայտերը։ Դրանք վերաբերել են մի շարք բնակավայրերի գազիֆիկացմանը, մանկապարտեզների վերանորոգմանն ու բարեկարգմանը, վերելակների փոխարինմանը, փողոցներում լուսավորության համակարգերի կառուցմանը, ասֆալտապատման աշխատանքներին, աղբատար մեքենաների ձեռքբերմանը և այլն։   Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում
18:01 - 16 հունիսի, 2022
Հայաստանը հանձնառու է շարունակելու ժողովրդավարական ուղին. ՀՀ վարչապետը՝ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին

Հայաստանը հանձնառու է շարունակելու ժողովրդավարական ուղին. ՀՀ վարչապետը՝ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչին և նրա գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով ԵԽ գլխավոր քարտուղարի այցը՝ վարչապետը նշել է, որ որպես ԵԽ անդամ երկիր՝ Հայաստանը հանձնառու է շարունակելու ժողովրդավարական ուղին և կարևորում է համագործակցությունը մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության զարգացման, անկախ դատական համակարգի կայացման գործընթացում: Նիկոլ Փաշինյանն արդյունավետ է գնահատել ԵԽԽՎ-ի, ՄԻԵԴ-ի հետ աշխատանքը և անդրադարձել Ադրբեջանում մինչ օրս պահվող հայ ռազմագերիների, պատանդների և այլ քաղաքացիական անձանց վերադարձի խնդրին, որի ուղղությամբ ՀՀ Կառավարությունը սերտորեն աշխատում է ՄԻԵԴ-ի հետ: Վարչապետը կարևորել է միջազգային հանրության, նաև ԵԽ աջակցությունը խնդրի լուծմանը և շնորհակալություն հայտնել ԵԽ գլխավոր քարտուղարին հարցին բազմակի անդրադառնալու համար: Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը նշել է՝ Եվրոպայի խորհուրդն արժևորում է Հայաստանի հետ փոխգործակցությունը, և իր այցի նպատակն է առավել ամրապնդել այն: Նա ողջունել է ՀՀ ժողովրդավարական բարեփոխումները, որոնց ուղղությամբ Հայաստանը տեսանելի առաջընթաց է արձանագրում, և բարձր գնահատել 2021 թ. միջազգային չափանիշներին համապատասխան արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, որոնք ազատ էին և մրցակցային: Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցերի: Քննարկման առարկա են դարձել արդարադատության ոլորտի բարեփոխման ընթացքն ու մարտահրավերները: Վարչապետը նշել է դատական համակարգի հանդեպ հանրային վստահության բարձրացման կարևորությունը, ԵԽ գլխավոր քարտուղարն էլ վերահաստատել է ԵԽ խորհրդատվական աջակցությամբ, փորձով ու գիտելիքներով գործընթացին օժանդակելու պատրաստակամությունը: Անդրադարձ է եղել նաև կանանց ներգրավվածությունը հանրային կյանքի տարբեր ոլորտներում խթանելու հարցին: Քննարկվել է ՀՀ-ԵԽ գործողությունների ծրագրի 2019-2022 թթ. իրականացումը: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքական իրավիճակի, տարածաշրջանային և միջազգային անվտանգության մարտահրավերների շուրջ: Ընդգծվել է երկխոսության կարևորությունը խաղաղության և բարգավաճման հասնելու ճանապարհին: Վարչապետը ներկայացրել է ՀՀ դիրքորոշումները հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման, սահմանային անվտանգության հանձնաժողովի գործունեության, խաղաղության օրակարգի շուրջ և կարևորել միջազգային գործընկերների հասցեական արձագանքը տարածաշրջանային կայունությունը խաթարող սադրիչ հայտարարություններին ու գործողություններին:
17:39 - 16 հունիսի, 2022
Ընդունելությունը, որին արժանացել եմ, խոսում է այն մասին, որ Հայաստանում գնահատվում է գիտությունը. Արտեմ Փաթափության

 |armenpress.am|

Ընդունելությունը, որին արժանացել եմ, խոսում է այն մասին, որ Հայաստանում գնահատվում է գիտությունը. Արտեմ Փաթափության |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայում հունիսի 16-ին տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ նախագահության ընդլայնված նիստ, որի ժամանակ ամերիկահայ ականավոր գիտնական, Նոբելյան մրցանակի դափնեկիր Արտեմ Փաթափությանին հանձնվեց ՀՀ ԳԱԱ պատվավոր անդամի դիպլոմ: ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը ակադեմիայի անունից շնորհավորեց գիտնականին մեծ նվաճման կապակցությամբ և ընդգծեց, որ սա նաև մեր հայ ազգի նվաճումներից մեկն է: «Մենք պայմանավորվել ենք պարոն Փաթափությանի հետ: Իր հաջորդ այցը Հայաստան կլինի ակադեմիայի հրավերով: Կլինեն հանդիպումներ, զեկույցներ»,- ասաց նա: Արտեմ Փաթափությանն էլ հավելեց, որ այն ընդունելությունը, որին արժանացել է Հայաստանում, խոսում է այն մասին, որ Հայաստանում գնահատվում է գիտությունը, գիտական նվաճումները: «Ես սկսել եմ իմ աշխատանքը մի լաբորատորիայում, բայց երբեք չէի պատկերացնի, որ գիտությունը կարող է մասնագիտություն լինել: Բայց հետո սիրահարվեցի այդ աշխատանքին: Զարմանալի է, որ հենց Նոբելյան մրցանակը դարձավ շարժառիթ, որ ես հպարտանամ իմ ինքնակենսագրականով և հաստատություններով, որտեղ ուսանել եմ: Գիտությամբ զբաղվել եմ հաճույքով և նվիրումով»,-ասաց նա Նշենք, որ Արտեմ Փաթափությանն ընտրվել է ՀՀ ԳԱԱ պատվավոր անդամ ՀՀ ԳԱԱ ընդհանուր ժողովի հունիսի 9-ի որոշմամբ:   Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում
17:05 - 16 հունիսի, 2022
Վրաստանում հաստատված կապիկի ծաղկի առաջին դեպքով պայմանավորված ՀՀ-ում դեռևս սահմանափակումներ չի մտցվի |armenpress.am|

Վրաստանում հաստատված կապիկի ծաղկի առաջին դեպքով պայմանավորված ՀՀ-ում դեռևս սահմանափակումներ չի մտցվի |armenpress.am|

armenpress.am: Վրաստանում հաստատված կապիկի ծաղկի առաջին դեպքի առնչությամբ ՀՀ առողջապահության նախարարությունը դեռևս սահմանափակումներ չի մտցնի: Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ ԱՆ hիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարդու ու կենդանիների համար ընդհանուր և մակաբուծային հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լուսինե Պարոնյանը: «ԱՀԿ-ն երկրների միջև սահմանափակումներ մտցնելը դեռևս անհրաժեշտ չի համարում և չնայած նրան, որ, օրինակ, Մեծ Բրիտանիայում, Պորտուգալիայում դեպքեր են գրանցվում, միևնույն է նման միջոցառում իրականացվելու անհրաժեշտություն դեռևս չկա»,- նշեց Պարոնյանը: Նա նաև ընդգծեց, որ ամբողջ աշխարհում արձանագրվել է կապիկի ծաղկի 1704 դեպք: Հիմնականում արձանագրվել է երիտասարդ տղամարդկանց շրջանում: «Բոլոր դեպքերն ուղեկցվել են ախտանշաններով, ինչը փոքր-ինչ ուրախալի է: Գերակշռում են ցանն ու ջերմությունը: Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության դեպքի սահմանման 38.5 և ավելի բարձր ջերմությունն է համարվում կասկածելի դեպքի ախտանշան: Մենք այժմ համագործակցում ենք սահմանապահների հետ, որոնք պարտադիր վերահսկողություն են իրականացնում: Բագրատաշենի, Բավրայի ու հյուսիսային սահմանի մեր աշխատակիցներն արդեն տեղեկացվել են հիվանդության մասին, և այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում»,- նշեց Պարոնյանը: Նրա խոսքով՝ հիվանդությունը փոխանցվում է շնչառական կաթիլների և ընդհանրապես օրգանիզմի կենսաբանական հեղուկներով աղտոտված մակերեսների միջոցով, այդ իսկ պատճառով  վարակվելու համար անհրաժեշտ է սերտ, նաև սեռական շփում: Ախտանշանների, հատկապես ցանավորման դեպքում անձը մեկուսացվում է մինչև դրանց ամբողջությամբ անցնելը: Մահացության դեպքեր ամբողջ աշխարհում դեռևս չեն արձանագրվել: ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Սվետլանա Գրիգորյանն էլ շեշտեց, որ պատվաստանյութ դեռևս չի հայտնաբերվել, սակայն վստահեցրեց, որ ծաղիկ հիվանդության պատվաստանյութը 85 տոկոս արդյունավետություն է ապահովում: «ԱՀԿ-ն դեռևս առաջարկություն չի ներկայացրել երկրներին բնակչության շրջանում պատվաստումներ իրականացնելու համար: Հետագա համաճարակաբանական գործընթացներին զուգահեռ, իհարկե, կարող են առաջարկությունները փոփոխվել, սակայն այս պահին պատվաստանյութերի կիրառման առումով առաջարկություն չի ներկայացվել»,- եզրափակեց մասնագետը:   Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում
16:44 - 16 հունիսի, 2022