Հայաստան

ՀՀ արդարադատության նախարարը և ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության հարցեր

ՀՀ արդարադատության նախարարը և ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության հարցեր

 Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Կարա ՄքԴոնալդին, Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին և Հայաստանում ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի տնօրեն Ալեքսիս Հաֆտվանիին: Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։ Նախարարը գոհունակություն է հայտնել ԱՄՆ-ի աջակցությամբ իրականացվող ծրագրերի արդյունավետության, արձանագրած արդյունքների և հայ-ամերիկյան համագործակցության բարձր մակարդակի վերաբերյալ: «ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Կարա ՄքԴոնալդն իր հերթին պատրաստակամություն է հայտնել նոր ներդրումային ծրագրերով աջակցել Հայաստանի կառավարությանը պետական ծրագրերի իրագործման հարցում: Հատկապես կարևորվել է մեդիա դաշտի հիմնախնդիրները: ԱՄՆ ներկայացուցիչներն իրենց աջակցությունն են հայտնել Հայաստանում բարեկիրթ մեդիա հարթակ ունենալուն, որտեղ ատելության խոսքը, բռնության քարոզը և վիրավորանքը տեղ չեն ունենա, սակայն միևնույն ժամանակ չի տուժի քաղաքացիների խոսքի ազատության իրավունքը: ԱՄՆ գործընկերներն համատեղ աշխատանքի արդյունքում ձեռքբերումներից լավագույնն են համարել Հայաստանում ժողովրդավարության առկա բարձր մակարդակը: Հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված հարցեր՝ մատնանշվել են այդ ուղղությամբ կատարված աշխատանքները, ձեռքբերումները և այն բացերը որոնց օրենսդրական կարգավորման ուղղությամբ դեռ անհրաշետ է աշխատանքներ տանել»,- ասվում է հաղորդագրության մեջ: հանդիպման առանցքում են եղել նաև դատաիրավական համակարգի բարեփոխումները: Նախարարը ներկայացրել է դատավորների ընտրության, բարեվարքության ստուգման հարցում ունեցած ձեռքբերումները  և նշել, որ գրանցած արդյունքներով չպետք է բավարարվել և  պետք է անել հնարավորը, որպեսզի Հայաստանն ունենա իրապես բարեվարք և լիովին ապակոռումպացված դատական համակարգ: Նախարար Անդրեասյանը ներկայացրել է նաև ոստիկանության համակարգում տեղի ունեցող բարեփոխումները, մասնավորապես՝ նոր Ներքին գործերի նախարարության ձևավորման ուղղությամբ կատարված աշխատանքները, որտեղ մեծ դերակատարում ունի նաև ամերիկյան կողմը: Նշվում է, որ անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում սահմանադրական բարեփոխումների ընթացքին, որի վերջնարդյունքում միայն հնարավոր կլինի հասնել թիրախային խնդիրների համապարփակ լուծմանը: Հանդիպման ավարտին բարձր գնահատելով գրանցած արդյունքները՝ Արդարադատության նախարարության և ԱՄՆ ներկայացուցիչների միջև վերահաստատվել է վճռական կամքը՝ համատեղ ծրագրերի իրագործման և նոր ծրագրերի ուղենշման հարցում:
20:34 - 09 հունիսի, 2022
Մոսկվան ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացը

 |armenpress.am|

Մոսկվան ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացը |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանը ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների նորմալացմանն ուղղված գործընթացը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը՝ Երևանում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո հրավիրված համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորումը կնպաստի տարածաշրջանում ընդհանուր իրավիճակի առողջացմանն ու կայունացմանը: «Այս համատեքստում, մեր ընդհանուր կարծիքով, անհրաժեշտ է ապահովել հարավկովկասյան երեք երկրների և նրանց երեք հարևանների մասնակցությամբ «3+3» տարածաշրջանային հարթակի ռիթմիկ աշխատանքը: Սա կարևոր հավելյալ խողովակ է տարածաշրջանային երկրների և նրանց հարևանների միջև երկխոսության ձևավորման և բազմակողմ համագործակցության զարգացման համար», - հավելեց Ռուսաստանի արտգործնախարարը: Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը իր հերթին ողջունեց Թուրքիայի բարձրագույն իշխանության ներկայացուցիչների այն հայտարարությունները, որ իրենք պատրաստ են կարգավորել և դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի Հանրապետության հետ, ինչպես նաև բացել հայ-թուրքական սահմանը, բայց նաև հավելեց, որ հայ-թուրքական և հայ-ադրբեջանական խնդիրների միջև կապ գտնելու Թուրքիայի ղեկավարության փորձերը կառուցողական չեն:
20:13 - 09 հունիսի, 2022
Մեր օրակարգի գլխավոր հարցը կապված է տարածաշրջանային անվտանգության և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հետ. Նիկոլ Փաշինյանը՝ Սերգեյ Լավրովին

Մեր օրակարգի գլխավոր հարցը կապված է տարածաշրջանային անվտանգության և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հետ. Նիկոլ Փաշինյանը՝ Սերգեյ Լավրովին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին և նրա գլխավորած պատվիրակությանը: Ողջույնի խոսքում վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Հարգելի Սերգեյ Վիկտորի, Ողջունում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետությունում: Շատ ուրախ եմ Ձեզ տեսնել: Ռուսաստանը և Հայաստանը ռազմավարական գործընկերներ և դաշնակիցներ են, և, իհարկե, դա ենթադրում է, որ երկկողմ այցերի ինտենսիվությունն ու շփումները պետք է բավական բարձր լինեն, ու մենք դա տեսնում ենք: Մեր հարաբերությունների օրակարգը շատ լայն է ու բազմակողմ. դա և՛ երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր են, և՛ տարածաշրջանային, միջազգային հարցեր: Ուրախ եմ, որ այսօր հնարավորություն կլինի քննարկել մեր հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Այս պահին մեր օրակարգի գլխավոր հարցը կապված է տարածաշրջանային իրավիճակի և անվտանգության, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հետ: Մենք, իհարկե, Ռուսաստանի հետ բավական ինտենսիվորեն քննարկում ենք այդ հարցը, այլ հարցեր ևս: Օրինակ՝ տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը. վերջերս Մոսկվայում կայացավ Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետերի գլխավորությամբ գործող եռակողմ աշխատանքային խմբի հանդիպումը: Հուսով եմ՝ մոտ ապագայում կհաջողվի կոնկրետ համաձայնությունների գալ և լուծել ռազմավարական կարևորություն ունեցող այդ հարցը՝ ի շահ ողջ տարածաշրջանի, հանուն կայունության և խաղաղության: Շատ կարևոր է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման օրակարգը: Գիտեք, որ վերջերս կայացավ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի երկկողմ աշխատանքային հանձնաժողովի առաջին հանդիպումը: Արդեն պլանավորված է, որ երկրորդ հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում, և երրորդ հանդիպումը կկայանա Բրյուսելում: Այս համատեքստում ակնկալում ենք Ռուսաստանի Դաշնության աջակցությունը, որպեսզի այս գործընթացը տեղի ունենա ու ընթանա բնական ճանապարհով և լինի արդյունավետ: Ցանկանում եմ նաև նշել ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց վերադարձի հարցը, որոնք առայսօր գտնվում են Ադրբեջանում՝ ի հեճուկս 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության: Այս հարցում ևս ակնկալում ենք Ռուսաստանի Դաշնության աջակցությունը, որպեսզի այս հումանիտար հարցը վերջապես ամբողջական լուծում ստանա: Եվս մեկ անգամ ողջունում եմ Ձեզ և վստահ եմ, որ այսօր արգասաբեր բանակցություններ կունենանք»: ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ասել է. «Հարգելի Նիկոլ Վովայի, Շատ շնորհակալություն Հայաստանի Հանրապետություն մեր հագեցած այցի շրջանակում Ձեզ հետ հանդիպելու հնարավորության համար: Վլադիմիր Վլադիմիրի Պուտինն ամենաջերմ ողջույններն ու լավագույն բարեմաղթանքներն է հղում Ձեզ և վերահաստատում հանձնառությունն բոլոր այն պայմանավորվածություններին, որոնք ձեռք են բերվել ձեր շփումների ընթացքում՝ հատկապես այս տարվա ապրիլին Ռուսաստանի Դաշնություն Ձեր պաշտոնական այցի շրջանակում: Դուք նաև հանդիպում եք ունեցել Մոսկվայում՝ ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթաժողովի շրջանակում, բազմիցս հեռախոսազրույցներ եք ունեցել: Մենք հավատարիմ ենք բոլոր այն որոշումներին, որոնք նպատակաուղղված են մեր ռազմավարական գործընկերության, դաշնակցային գործակցության խորացմանը և ընդհանուր առմամբ մեր երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը: Այսօր մենք Արարատ Սամվելիի հետ մանրամասն քննարկել ենք, թե դուք՝ բարձրագույն մակարդակով ինչ խնդիրներ եք մեր առջև դրել, և գիտեմ, որ Տնտեսական միջկառավարական հանձնաժողովի շրջանակում ևս այդ աշխատանքն առաջնահերթությունների շարքում է: Բայց, անկասկած, հարգելի Նիկոլ Վովայի, ինչպես և նշեցիք, տարածաշրջանային հարցերը հիմա առանձնահատուկ ուշադրության են արժանի: 2020 թվականի նոյեմբերի, 2021 թվականի հունվարի և նոյեմբերի եռակողմ հայտարարությունների իրականացումը մեր առաջնահերթությունն է: Մենք նպատակադրված ենք, որ այնտեղ ամրագրված բոլոր ուղղություններն ու գործողությունները՝ միտված տարածաշրջանում իրավիճակի ամբողջական նորմալացմանը, բոլոր խնդիրների, ներառյալ հումանիտար հարցերի կարգավորմանը, լուծվեն ամենասեղմ ժամկետներում: Ինչպես և Դուք հիշատակեցիք, փոխվարչապետերի մակարդակով գործող՝ տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման գծով եռակողմ աշխատանքային խումբը գտնվում է վերջնական պայմանավորվածությունների կոնկրետ ասպեկտների համաձայնեցման առաջանցիկ փուլում: Քննարկել ենք, թե լրացուցիչ ինչ քայլեր է անհրաժեշտ ձեռնարկել, և Ձեզ կզեկուցենք այդ մասին: Նույնը վերաբերում է նաև դելիմիտացիային: Ողջունում ենք երկու՝ և՛ ձեր, և՛ ադրբեջանական հանձնաժողովների աշխատանքի մեկնարկը: Հիմնադիր նիստը, հանդիպումը կայացավ, և մենք դա շատ կարևոր ենք համարում: Կսկսենք արդեն պատրաստվել Մոսկվայում հանդիպմանը՝ ռուսաստանյան ներկայացուցիչների մասնակցությամբ, որոնք, ղեկավարների պայմանավորվածություններին համապատասխան, խորհրդատվական ծառայություններ կտրամադրեն, ներառյալ քարտեզագրական նյութեր: Ընդհանուր առմամբ մենք հետաքրքրված ենք, որպեսզի մեր հարևանների՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները լիովին կարգավորվեն: Իհարկե, ծանոթ ենք առաջարկություններին, որոնք Ադրբեջանն է ներկայացրել այդ համատեքստում, ծանոթ ենք նաև ձեր դիրքորոշումներին, որ գրավոր եք ներկայացրել, և Ռուսաստանը պատրաստ կլինի ձեռնարկել հնարավոր ամեն ինչ՝ փոխադարձ համաձայնության հասնելու ուղղությամբ: Եվ, ինչպես արդեն ասացի, նպատակադրված ենք առանց բացառության բոլոր պայմանավորվածությունների լիարժեք կատարմանը: Մեզ համար առանձնահատուկ կարևոր է, որ հնարավորություն ունենք այսօր լսելու Ձեր գնահատականները և ևս մեկ անգամ շնորհակալություն այս հանդիպման համար»: Նիկոլ Փաշինյանը և Սերգեյ Լավրովը քննարկել են հայ-ռուսական ռազմավարական գործակցությանը, տարածաշրջանային կայունության և խաղաղության օրակարգին, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը, հայ-ադրբեջանական հարաբերությունների նորմալացման գործընթացին վերաբերող հարցեր: ԼՂ հիմնախնդրի համապարփակ կարգավորման համատեքստում ՀՀ վարչապետն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կարևոր դերակատարումը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև գիտակրթական, մշակութային կապերի զարգացման շուրջ: Սերգեյ Լավրովը բարձր է գնահատել հայկական կողմի վերաբերմունքն ու հյուրընկալությունը վերջին շրջանում Հայաստան տեղափոխված ՌԴ քաղաքացիների նկատմամբ:
17:22 - 09 հունիսի, 2022
Ուղիները գործելու են պարզեցված ռեժիմով, բայց Հայաստանի ինքնիշխանության առնչությամբ երկիմաստություն լինել չի կարող. Լավրով |azatutyun.am|

Ուղիները գործելու են պարզեցված ռեժիմով, բայց Հայաստանի ինքնիշխանության առնչությամբ երկիմաստություն լինել չի կարող. Լավրով |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցական ուղիները գործելու են պարզեցված ռեժիմով, սակայն հայկական տարածքների նկատմամբ Երևանի ինքնիշխանության առնչությամբ որևէ երկիմաստություն լինել չի կարող՝ այսօր Երևանում Հայաստանի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսին հայտարարեց Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը։ Լավրովը երեկ է երկօրյա աշխատանքային այցով ժամանել Երևան, ուր վաղը կայանալու է ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստը։ «Ինչպես գիտեք, [Հայաստանի ու Ադրբեջանի միջև] երկաթգծային ուղին համաձայնեցված է։ Ներկայում ավարտվում է ավտոմոբիլային ուղու համաձայնեցումը և ավարտվում է այն ռեժիմի համաձայնեցումը, որը պետք է հաստատվի։ Այն պարզեցված է լինելու, բայց այն հաստատապես հիմնվելու է հայկական տարածքի ինքնիշխանության ճանաչման վրա, և որևէ երկիմաստություն այստեղ լինել չի կարող։ Սրանք բաներ են, որ կապված են պրակտիկ գործողությունների հետ, որոնք կապված են տևական ենթակառուցվածքի ստեղծման հետ, ուստի այստեղ ավելի լավ է տասը անգամ չափել, մինչ կտրելը։ Մեզ մոտ ընկալում կա, որ և՛ ադրբեջանական, և՛ հայկական գործընկերները ելնում են սրանից», - նշեց Սերգեյ լավրովը: Ռուսաստանի արտգործնախարարը, սակայն, չհստակեցրեց, թե ինչ է նշանակում «պարզեցված ռեժիմ», արդյո՞ք ադրբեջանական բեռնատարները, ուղևորափոխադրումներն անցնելու են հայաստանյան մաքսային, անձնագրային ստուգում։ Հայտնի չէ նաև՝ եթե Ադրբեջանը պարզեցված ռեժիմով է մուտք ունենալու դեպի Նախիջևան, արդյո՞ք նույն՝ պարզեցված ռեժմիով Հայաստանը Ադրբեջանի տարածքով կապվելու է Իրանի կամ Ռուսաստանի հետ։ Կամ արդյո՞ք Սյունիքով անցնող ճանապարհների պարզեցված ռեժիմը հավասարեցվել է Լաչինի միջանցքի ներկայիս ռեժիմին, որով Հայաստանը կապվում է Լեռնային Ղարաբաղին։ Հայաստան-Ադրբեջան հաղորդակցական ուղիների վերագործարկմանը այսօր անդրադարձավ նաև Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը, սակայն այս հարցերի պատասխանը չհնչեց։ «Ես արդեն ասացի, որ բազմաթիվ հարցերում այս ուղղությամբ կա համընդհանուր ընկալում և համաձայնություն: Առաջին հերթին սա վերաբերում է նրան, որ բոլոր ճանապարհները, որոնք պետք է վերաբացվեն կամ բացվեն, մնալու են և գործելու են այն երկրների սուվերենության և իրավասությունների ներքո, որոնց տարածքով անցնում են: Այսինքն, բնականաբար, միջանցքային տրամաբանությունը տեղ չունի, և սա ուզում եմ ընդգծել՝ համընդհանուր ընկալում է: Միևնույն ժամանակ նաև առիթ ունեցա այսօր ասելու, որ կան նաև մի շարք մանրամասներ, բազմաթիվ մանրամասներ, որոնցում դեռևս կողմերը տարբեր պատկերացումներ ունեն, բայց աշխատանքները շարունակվում են, և ես կարծում եմ, որ կունենանք փոխադարձ ընդունելի լուծումներ այստեղ», - նշեց Միրզոյանը:
16:19 - 09 հունիսի, 2022
Ունենք ընդհանուր ըմբռնում, որ գործընթացն առաջ է գնում. Լավրովը՝ Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին |armenpress.am|

Ունենք ընդհանուր ըմբռնում, որ գործընթացն առաջ է գնում. Լավրովը՝ Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի արտգործնախարարը համոզված է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ վերջնական պայմանավորվածություններ լինելու են: Այդ մասին Սերգեյ Լավրովը հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով ռուս լրագրողի՝ Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի առաջխաղացմանը վերաբերող հարցին: Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հիշեցրեց, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները երեք եռակողմ հանդիպումներ են ունեցել  2020 թվականին տեղի ունեցած լայնածավալ պատերազմից հետո՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հանգուցալուծման և հարաբերությունների կարգավորման հետ կապված գործնական հարցերը լուծելու նպատակով: «Ըստ իս՝ մենք ունենք ընդհանուր ըմբռնում, որ գործընթացն առաջ է գնում: Գուցե, ցանկալի կլիներ, որ տեմպերն ավելի արագ լինեին, բայց, այդուհանդերձ, պրոցեսն առաջ է գնում, ձեռք են բերվում առարկայական, պոզիտիվ, թեկուզև դեռ միջանկյալ արդյունքներ, բայց կասկած չկա, որ կլինեն նաև վերջնական պայմանավորվածություններ: Մենք փորձում ենք ամեն կերպ նպաստել դրան: Իհարկե, կողմերն ունեն իրենց առանձնահատուկ տեսլականները, որոնք միշտ չէ, որ համընկնում են,  մասնավորապես այն հարցում, թե ինչպես պետք է աշխատել գալիք շրջափուլում, բայց ամեն դեպքում մեր բոլոր գործընկերներն էլ և մենք էլ համամիտ ենք, որ բարձրագույն մակարդակով ընդունված երեք հայտարարությունները շատ պարզ ճանապարհային քարտեզներ են, որոնցով մենք բոլորս պետք է առաջնորդվենք», - պարզաբանեց Լավրովը: Ռուսաստանի արտգործնախարարը հիշեցրեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման հարցերով հայկական և ադրբեջանական հանձնաժողովների հանդիպումը վերջերս է տեղի ունեցել, իսկ հերթական հանդիպումը նախատեսված է Մոսկվայում: Լավրովի խոսքով՝ ռուսական կողմը պատրաստ է այդ առումով խորհրդատվական աջակցություն ցուցաբերել: Ըստ ռուսաստանցի դիվանագետի՝ զուգահեռաբար նաև էապես առաջ են գնացել տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական հաղորդակցության ապաշրջափակման հարցով ձևավորված աշխատանքային խմբի աշխատանքները՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի համանախագահությամբ: «Այնպես որ, համոզված եմ, որ այլ ճանապարհ, քան հարաբերությունների լիարժեք նորմալացումը, գոյություն չունի», - հավելեց Ռուսաստանի արտգործնախարարը: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հունիսի 8-ին աշխատանքային այցով ժամանել է Երևան: Հունիսի 9-ին նա հանդիպում է ունեցել իր հայ պաշտոնակցի՝ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ, որից հետո կողմերը հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով: Նույն օրը Սերգեյ Լավրովին ընդունելու են նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը: Իսկ հունիսի 10-ին ՌԴ արտգործնախարարն իր գործընկերների հետ միասին Երևանում մասնակցելու է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արտգործնախարարների խորհրդի հերթական նիստին:
15:38 - 09 հունիսի, 2022
Լավրովն անդրադարձավ Փառուխից ադրբեջանական զորքերի հետքաշման խնդրին

 |factor.am|

Լավրովն անդրադարձավ Փառուխից ադրբեջանական զորքերի հետքաշման խնդրին |factor.am|

factor.am: Ռուս զինվորականները և մեր հայ ընկերները լավ տեղեկացված են Փառուխի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Այդ մասին Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ի պատասխան լրագրողի այն հարցին, թե կա՞ որևէ առաջընթաց ադրբեջանական զորքերի Փառուխ ներխուժման հանգամանքների բացահայտման ուղղությամբ և ի՞նչ է արվում ադրբեջանական զորքերը ելման դիրքեր վերադարձնելու ուղղությամբ։ «Ռուս զինվորականները և մեր հայ ընկերները խնդիրը պահում են ուշադրության կենտրոնում՝ որպես առաջնահերթություն։ Այնտեղ արդեն որոշակի արդյունքներ կան՝ իրավիճակի հանգուցալուծման հետ կապված։ Եվ մենք փոխըմբռնում ունենք, որ մեկնարկվող սահմանագծման գործընթացի շրջանակում այդ հարցը կքննարկվի և անպայման լուծում կստանա»,- նշեց Լավրովը։  
15:16 - 09 հունիսի, 2022
Միջանցքային տրամաբանությունը տեղ չունի, և սա համընդհանուր ընկալում է. Արարատ Միրզոյան |1lurer.am|

Միջանցքային տրամաբանությունը տեղ չունի, և սա համընդհանուր ընկալում է. Արարատ Միրզոյան |1lurer.am|

1lurer.am: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ ասուլիսի ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը վերահաստատեց, որ տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում կա ընդհանուր ընկալում այն մասին, որ բոլոր ապաշրջափակվող տրանսպորտային ենթակառուցվածքները, ճանապարհները պետք է  գործեն այն երկրների ինքնիշխանության և օրենսդրության ներքո, որոնց տարածքով անցնում են: «Բոլոր ճանապարհները, որոնք պետք է բացվեն, մնալու են այն երկրների սուվերենության և իրավասությունների ներքո, որոնց տարածքով անցնում են: Այսինքն՝ միջանցքային տրամաբանությունը տեղ չունի, և սա համընդհանուր ընկալում է»,- ասաց Միրզոյանը: Միաժամանակ Միրզոյանը նշեց, որ կան հարցեր, որոնցում կողմերը տարբեր պատկերացումներ ունեն: «Բայց աշխատանքները շարունակվում են: Կարծում եմ, որ կունենանք փոխադարձ ընդունելի լուծումներ»,- նշեց Միրզոյանը:
14:28 - 09 հունիսի, 2022
ՀՀ-ն շարունակում է հավատալ, որ ՌԴ խաղաղապահները ի վիճակի են վերականգնել եռակողմ հայտարարությամբ ԼՂ-ում հաստատված ստատուս քվոն. Միրզոյան |armenpress.am|

ՀՀ-ն շարունակում է հավատալ, որ ՌԴ խաղաղապահները ի վիճակի են վերականգնել եռակողմ հայտարարությամբ ԼՂ-ում հաստատված ստատուս քվոն. Միրզոյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը շարունակում է հավատալ, որ ռուսական խաղաղապահ առաքելությունը ի վիճակի է վերականգնել 2020 թ. եռակողմ հայտարարությամբ Լեռնային Ղարաբաղում հաստատված ստատուս քվոն` 2022 թ. մարտի 23-ի դրությամբ եղած իրավիճակը, որը խախտվել է Ասկերանի Փառուխ գյուղ ադրբեջանական զինուժի ներխուժմամբ։ Այդ մասին Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո մամուլի համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը` շեշտելով, որ Ռուսաստանի Դաշնությունը առանցքային դերակատարում է ունեցել Արցախի դեմ սանձազերծված ագրեսիան կասեցնելու գործում։ «Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ ուժերի տեղակայումը` որպես սադրանքները կանխելու և Արցախի ժողովրդի անվտանգությունը ապահովելու գործոն, կոչված է պայմաններ ստեղծելու մեր տարածաշրջանում բնականոն կյանքի վերականգնման, կայունության և անվտանգության ապահովման համար», - հավելեց Հայաստանի արտգործնախարարը։
13:33 - 09 հունիսի, 2022
Մի՛ խաբվեք Փաշինյանի հավաքած քվեներին, դրանք ձեռք են բերվել կեղծիքով, ՌԴ-ին վստահելի դաշնակից է պետք, ոչ թե գլխացավանք․ Մամիջանյան |tert.am|

Մի՛ խաբվեք Փաշինյանի հավաքած քվեներին, դրանք ձեռք են բերվել կեղծիքով, ՌԴ-ին վստահելի դաշնակից է պետք, ոչ թե գլխացավանք․ Մամիջանյան |tert.am|

tert.am: ՀՀ-ի և ՌԴ-ի բարեկամությունը ֆիքսված է ոչ միայն միջազգային պայմանագրերով, այլ արժեքաբանական, ժողովուրդների բարեկամությամբ: Այս մասին ԱԳՆ շենքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։ «Տարակուսած ենք՝ ոնց կարող է ՌԴ ԱԳ նախարարը հանդիպել այն մարդկանց խմբի հետ, որոնք պարբերաբար վնասել են Հայաստանի և Ռուսաստանի եղբայրությանը, ոնց կարող է հանդիպել մարդկանց այն խմբի հետ, ովքեր ԱԺ-ում 2021-ի նոյեմբերի 16-ի իրադաձությունների ժամանակ անհիմն հակառուսական հիստերիա էին բարձրացրել։ Ակնկալում ենք ստանալ պատասխան, թե երբ է իրականացվելու այս տարվա մարտի վերջին տեղի ունեցած Փարուխի և Քարագլխի դեպքերից հետո ՌԴ Պն հայտարարությունը առ այն, որ ադրբեջանական կողմը քաշվելու է ելման դիրքերը։ Հույս ունենք, որ նոյեմբերի 9-ի պայմանագրի միակ փոքրիշատե հայամետ՝ գերիների մասին կետը վերջապես կիրականցվի Ադրբեջանի կողմից։ Նաև հույս ունենք, որ իշխանությունների ցուցակով տրված ընդդիմադիր պատգամավորների մուտքը Արցախ կանխելու ամոթալի դիպվածը երբեք չի կրկնվելու»,- ասաց Մամիջանյանը։ Նա նշեց, որ Կովկասում ՌԴ-ին անհրաժեշտ է վստահելի դաշնակից, այլ ոչ թե գլխացավանք։ «Մենք անելու ենք ամեն ինչ, որ իշխանափոխությունից հետո շարունակենք մնալ Ռուսաստանի ռամավարական դաշնակիցը։ Փաշինյանը չի կարող բանակցել Հայաստանի անունից, խնդրում եմ մի՛ խաբվեք նրա հավաքած քվեներին, դրանք ձեռք են բերվել կեղծիքով ու ստով, Փաշինյանը բացառապես բանակցում է իր արյունոտ իշխանությունը պահելու համար»,- ասաց Մամիջանյանը։
12:35 - 09 հունիսի, 2022
ԱՄՆ-ն կարծում է, որ Երևանն ու Բաքուն հնարավորություն ունեն առաջ շարժվել հարաբերությունների կարգավորման հարցում

 |armenpress.am|

ԱՄՆ-ն կարծում է, որ Երևանն ու Բաքուն հնարավորություն ունեն առաջ շարժվել հարաբերությունների կարգավորման հարցում |armenpress.am|

armenpress.am: Հայաստանն ու Ադրբեջանը այժմ հնարավորություն ունեն առաջ շարժվելու հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը,  նման կարծիք է հայտնել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Կարեն Դոնֆրիդը։ «Ես հավատում եմ, որ այժմ իսկական հույս կա, որ Հայաստանի և Ադրբեջանի համար կա հնարավորություն առաջ շարժվելու հարաբերությունների կարգավորման և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու հարցում», - ասել է ԱՄՆ արտաքին քաղաքականության ներկայացուցիչը: «Կարծում եմ՝ մենք տեսել ենք, որ երկու երկրներն էլ կարևոր քայլեր են ձեռնարկում»,- ասել է Դոնֆրիդը: Մայիսի 22-ին Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ կայացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը։ Կողմերը, մասնավորապես, համաձայնության են եկել երկու երկրների պետական սահմանի սահմանազատման հարցերով սահմանային հանձնաժողովների առաջին նիստն անցկացնելու վերաբերյալ։
19:48 - 08 հունիսի, 2022
Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը |factor.am|

Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը |factor.am|

factor.am: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն այսօր Անկարայում կայացած բանակցություններում քննարկել են նաև Հայաստանի հետ կապված գործընթացները։ Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Լավրովի հետ մամուլի ասուլիսում Չավուշօղլուն նշել է, որ քննարկել են հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը։ «Մյուս կողմից, մենք քննարկել ենք Կովկասում 3+3 ձևաչափը և Ադրբեջան-Հայաստան, Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորումը։ Շնորհակալ ենք Ռուսաստանին այդ հարցերում ցուցաբերած աջակցության համար»,-ասել է Չավուշօղլուն։ Նա նշել է, որ ըստ Անկարայի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի ստորագրումը կարևոր է տարածաշրջանի կայունության համար։
14:35 - 08 հունիսի, 2022
ԵՄ դեսպանը բոլոր կողմերին կոչ է անում չլարել ներքաղաքական իրավիճակը և ձեռնպահ մնալ ատելության խոսքից |armenpress.am|

ԵՄ դեսպանը բոլոր կողմերին կոչ է անում չլարել ներքաղաքական իրավիճակը և ձեռնպահ մնալ ատելության խոսքից |armenpress.am|

armenpress.am: Եվրոպական Միությունը չափազանց կարևորում և աջակցում է ժողովրդավարական կառավարման համակարգի բարեփոխումները, իրավունքի գերիշխանության հաստատումը, խտրականության դեմ պայքարը Հայաստանում: «Դատական իշխանությունը՝ որպես ժողովրդավարության երաշխավոր» խորհրդաժողովի ժամանակ այս մասին ասաց ՀՀ-ում Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինը: «Մենք մշտապես աջակցել ենք արդարադատության ոլորտում բարեփոխումների իրականացմանը, ինչի նպատակով երկարաժամկետ ու կարճաժամկետ աջակցություն ենք տրամադրել: Մենք բարձր ենք գնահատում այն ջանքերը, որ Հայաստանը վերջին տարիներին գործադրել է ժողովրդավարական գործընթացների առումով: Նաև շատ կարևոր է այն,որ  քաղաքական ղեկավարությունը հանձնառու է շարունակել սահմանադրական բարեփոխումները, որոնք նախատեսված են դատաիրավական բարեփոխումների 2019-2021 թվականների ռազմավարությամբ»,- ընդգծեց Վիկտորինը: ԵՄ դեսպանի խոսքով՝ անկախ դատական համակարգը ժողովրդավարական երկրում երաշխավորն է մարդկանց իրավունքների և ազատությունների, ուստի Սահմանադրական դատարանը կարևոր դերակատարում ունի ամրապնդելու հասարակության վստահությունը դատական համակարգի նկատմամբ: «Հայաստանը բազմաթիվ մարտահրավերների առջև է կանգնած, և մենք շատ տպավորված ենք, որ իշխանությունները պատրաստակամորեն շարունակում են ընթանալ բարեփոխումների ուղիով: Ներկայումս երկրում մեծ լարվածություն կա, և շատ կարևոր է, որպեսզի բոլոր կողմերն աշխատեն միասին՝ պաշտպանելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիների սահմանադրական իրավունքները: Մենք ուշի ուշով հետևում ենք երկրում ներքաղաքական իրավիճակին և բողոքի ցույցերին: Բոլոր կողմերին մեկ ուղերձ ենք փոխանցում՝  նվազեցնել լարող իրավիճակը: Շատ կարևոր է, որպեսզի մարդիկ կարողանան ազատ բարձրաձայնել իրենց կարծիքը,  իսկ իրավապահ մարմիններն ու ոստիկանական ուժերը պետք է ձեռնպահ մնան բիրտ ուժի գործադրումից: Տեղի ունեցած որոշ միջադեպեր ենթակա են քննության, որոշ դեպքերում դա արդեն իսկ տեղի է ունենում, գործերը հասնում են դատարան և կայացվում է որոշում: Այդպես է աշխատում ժողովրդավարությունը»,- ասաց Վիկտորինը: ԵՄ դեսպանը կարևորում է, որ Հայաստանում բոլոր կողմերը ձեռնպահ մնան ատելության խոսքից, սադրանքներից: Նրա խոսքով՝ պետք է դատապարտվի ցանկացած բռնություն: «Այս իրավիճակում, կարծում եմ, որ ավելի քան կարևոր է խրախուսել վստահությունը մեր Սահմանադրական դատարանի և դատական համակարգի նկատմամբ»,- եզրափակեց Վիկտորինը:
13:44 - 08 հունիսի, 2022
Եվրախորհրդարանը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը և հարգել հայկական ժառանգությունը պաշտպանելու հանձնառությունը |armenpress.am|

Եվրախորհրդարանը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը և հարգել հայկական ժառանգությունը պաշտպանելու հանձնառությունը |armenpress.am|

armenpress.am: Եվրոպական խորհրդարանը հունիսի 7-ին Թուրքիայի վերաբերյալ զեկույց է ընդունել, որում հորդորել է այդ երկրին ճանաչել Հայոց ցեղասպանությունը, հարգել հայկական մշակութային ժառանգությունը պաշտպանելու իր հանձնառությունը: Զեկույցում, որն ընդունվել է 448 կողմ, 67 դեմ և 107 ձեռնպահ ձայներով, անդրադարձ է կատարվել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված վերջին ջանքերին: Մասնավորապես, նշվել է, որ Եվրախորհրդարանը «ողջունում է Թուրքիայի և Հայաստանի միջև  վերջին մերձեցման գործընթացը՝ կապված երկկողմ շփումներ սկսելու որոշման, հատուկ ներկայացուցիչներ նշանակելու, երկու երկրների միջև թռիչքները վերսկսելու հետ: «Եվրախորհրդարանն այս փորձը համարում է խիստ դրական զարգացում, որը դրական ազդեցություն կունենա տարածաշրջանի բարեկեցության ու անվտանգության վրա, Եվրախորհրդարանը հորդորում է կողմերին առաջ տանել այս ջանքերը՝ հանուն իրենց հարաբերությունների լիակատար կարգավորման ու կոչ է անում ԵՄ-ին ակտիվորեն աջակցել այս գործընթացին»,- ասվում է զեկույցում: Եվրապատգամավորները հորդորել են Թուրքիային «ճանապարհ հարթել թուրք և հայ ժողովուրդների միջև իրական հաշտեցման համար՝ ներառյալ Հայոց ցեղասպանության հարցի կարգավորումը, և լիարժեքորեն հարգել հայկական և այլ մշակութային ժառանգությունը պաշտպանելու իր պարտավորությունները»: Զեկույցի հեղինակները հույս են հայտնել, որ դա կարող է դառնալ ուղի՝ Հարավային Կովկասում հարաբերությունների կարգավորման համար: Եվրախորհրդարանը, հղում անելով Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին՝ 2015 թվականի ապրիլի 15-ին կառույցի կողմից ընդունված բանաձևին, հերթական անգամ հորդորել է Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Զեկույցում նշվել է նաև, որ թեպետ Թուրքիան բազմիցս հայտարարել է ԵՄ անդամ դառնալու նպատակի մասին, այդուհանդերձ, վերջին երկու տարիների ընթացքում երկիրը հետևողականորեն հետ է կանգնել անդամակցության գործընթացի հետ կապված իր պարտավորություններից: Զեկույցում ընդգծվել է նաև Թուրքիայում մարդու իրավունքների շարունակական ոտնահարումների փաստը: Եվրախորհրդարանը պատգամավորները նաև հորդորել են պաշտոնական Անկարային բարԵվրախորհրդարանըղճորեն մոտենալ ՆԱՏՕ-ին անդամակցելու Ֆինլանդիայի և Շվեդիայի դիմումներին՝ կոչ անելով զերծ մնալ այս գործընթացում անհարկի ճնշում գործադրելուց:
10:52 - 08 հունիսի, 2022