Ուղիները գործելու են պարզեցված ռեժիմով, բայց Հայաստանի ինքնիշխանության առնչությամբ երկիմաստություն լինել չի կարող. Լավրով |azatutyun.am|
16:19 - 09 հունիսի, 2022

Ուղիները գործելու են պարզեցված ռեժիմով, բայց Հայաստանի ինքնիշխանության առնչությամբ երկիմաստություն լինել չի կարող. Լավրով |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցական ուղիները գործելու են պարզեցված ռեժիմով, սակայն հայկական տարածքների նկատմամբ Երևանի ինքնիշխանության առնչությամբ որևէ երկիմաստություն լինել չի կարող՝ այսօր Երևանում Հայաստանի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսին հայտարարեց Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը։

Լավրովը երեկ է երկօրյա աշխատանքային այցով ժամանել Երևան, ուր վաղը կայանալու է ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստը։

«Ինչպես գիտեք, [Հայաստանի ու Ադրբեջանի միջև] երկաթգծային ուղին համաձայնեցված է։ Ներկայում ավարտվում է ավտոմոբիլային ուղու համաձայնեցումը և ավարտվում է այն ռեժիմի համաձայնեցումը, որը պետք է հաստատվի։ Այն պարզեցված է լինելու, բայց այն հաստատապես հիմնվելու է հայկական տարածքի ինքնիշխանության ճանաչման վրա, և որևէ երկիմաստություն այստեղ լինել չի կարող։ Սրանք բաներ են, որ կապված են պրակտիկ գործողությունների հետ, որոնք կապված են տևական ենթակառուցվածքի ստեղծման հետ, ուստի այստեղ ավելի լավ է տասը անգամ չափել, մինչ կտրելը։ Մեզ մոտ ընկալում կա, որ և՛ ադրբեջանական, և՛ հայկական գործընկերները ելնում են սրանից», - նշեց Սերգեյ լավրովը:

Ռուսաստանի արտգործնախարարը, սակայն, չհստակեցրեց, թե ինչ է նշանակում «պարզեցված ռեժիմ», արդյո՞ք ադրբեջանական բեռնատարները, ուղևորափոխադրումներն անցնելու են հայաստանյան մաքսային, անձնագրային ստուգում։ Հայտնի չէ նաև՝ եթե Ադրբեջանը պարզեցված ռեժիմով է մուտք ունենալու դեպի Նախիջևան, արդյո՞ք նույն՝ պարզեցված ռեժմիով Հայաստանը Ադրբեջանի տարածքով կապվելու է Իրանի կամ Ռուսաստանի հետ։ Կամ արդյո՞ք Սյունիքով անցնող ճանապարհների պարզեցված ռեժիմը հավասարեցվել է Լաչինի միջանցքի ներկայիս ռեժիմին, որով Հայաստանը կապվում է Լեռնային Ղարաբաղին։

Հայաստան-Ադրբեջան հաղորդակցական ուղիների վերագործարկմանը այսօր անդրադարձավ նաև Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը, սակայն այս հարցերի պատասխանը չհնչեց։

«Ես արդեն ասացի, որ բազմաթիվ հարցերում այս ուղղությամբ կա համընդհանուր ընկալում և համաձայնություն: Առաջին հերթին սա վերաբերում է նրան, որ բոլոր ճանապարհները, որոնք պետք է վերաբացվեն կամ բացվեն, մնալու են և գործելու են այն երկրների սուվերենության և իրավասությունների ներքո, որոնց տարածքով անցնում են: Այսինքն, բնականաբար, միջանցքային տրամաբանությունը տեղ չունի, և սա ուզում եմ ընդգծել՝ համընդհանուր ընկալում է: Միևնույն ժամանակ նաև առիթ ունեցա այսօր ասելու, որ կան նաև մի շարք մանրամասներ, բազմաթիվ մանրամասներ, որոնցում դեռևս կողմերը տարբեր պատկերացումներ ունեն, բայց աշխատանքները շարունակվում են, և ես կարծում եմ, որ կունենանք փոխադարձ ընդունելի լուծումներ այստեղ», - նշեց Միրզոյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել