Հայաստան

Հավանաբար ապագայում Իրանի և Հայաստանի միջև գազի սվոփի տեսքով նոր համագործակցություն կունենանք. դեսպան |armenpress.am|

Հավանաբար ապագայում Իրանի և Հայաստանի միջև գազի սվոփի տեսքով նոր համագործակցություն կունենանք. դեսպան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին հավանական է համարում մոտ ապագայում Իրանի և Հայաստանի միջև գազի սվոփի տեսքով նոր համագործակցությունը: «Տեխնիկական և մասնագիտական հարցեր կան, որոնք համապատասխան մասնագետները ուսումնասիրում և քննարկում են: Ճիշտ չի լինի դրանց ավարտից առաջ մենք ցանկանանք ինչ-որ բան ասել: Սպասենք տեխնիկական, մասնագիտական արդյունքներին, բայց արդյունքը, ինչ էլ լինի, երկու երկրների օգտին է լինելու»,- լրագրողների հետ զրույցում ասաց դեսպանը: Նա հավելեց, որ Հայաստանում կայացած հայ-իրանական միջկառավարական 17-րդ նիստի ընթացքում կարևոր թեմաներից մեկը, որ քննարկվել է երկու երկրների միջև, էներգետիկ ոլորտի համաձայնություններն են, որի մի մասը գազի սվոփին է վերաբերվում:
13:18 - 27 մայիսի, 2022
Վարչապետ Փաշինյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպանին

Վարչապետ Փաշինյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Վարչապետը նշել է, որ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները վերջին տարիներին կրում են դինամիկ բնույթ և հավելել, որ դրանում մեծ է ՀՀ-ում ՌԴ դեսպանության ներդրումը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ երկու երկրների գործընկերների միջև առկա են սերտ շփումներ, ինչը կարևոր նշանակություն ունի փոխգործակցությանը նոր ազդակ հաղորդելու գործում: Միաժամանակ, կառավարության ղեկավարը կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանների հետ պարբերական հանդիպումներն ու շեշտել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործում վերը նշված ֆորմատի կարևորությունը: Սերգեյ Կորպիրկինը շնորհակալություն է հայտնել վարչապետին դեսպանության գործունեությանը բարձր գնահատելու համար և շեշտել, որ իրենց նպատակն է անել ամեն ինչ՝ երկկողմ դաշնակցային ու եղբայրական հարաբերությունների հետագա զարգացմանը նպաստելու համար: Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական համագործակցության օրակարգին, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանն ու Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր:
11:32 - 27 մայիսի, 2022
Նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում մի շարք հանդիպումներ է ունեցել

Նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում մի շարք հանդիպումներ է ունեցել

Նախագահ Վահագն Խաչատուրյանը մայիսի 22-25 Շվեյցարիայի Դավոս քաղաքում տեղի ունեցած Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում մի շարք հանդիպումներ է ունեցել պետական ու հասարակական գործիչների, գործարար ոլորտի ներկայացուցիչների հետ: Հանդիպումների ընթացքում նախագահը ներկայացրել է Հայաստանի զարգացման ծրագրերը, համագործակցության հնարավորություններն ու հեռանկարները: Հանրապետության նախագահը կարճատև զրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: Վահագն Խաչատուրյանի և Իրաքյան Քուրդիստանի վարչապետ Մասրուր Բարզանիի հետ հանդիպմանը անդրադարձ է եղել երկկողմ օրակարգին, առանձնահատուկ ընդգծվել տնտեսական կապերի և ապրանքաշրջանառության առավել խթանման կարևորությունը: Նախագահը հանդիպումներ է ունեցել նաև Պարսից ծոցի համագործակցության խորհրդի գլխավոր քարտուղար Նաիֆ Ալ Հաջրաֆի, Քարֆուր հիպերմարկետների ցանցի գլխավոր գործադիր տնօրեն Ալեն Բեյջանիի, Mitsubishi Heavy Industries ընկերության խորհրդի նախագահ Շունիչի Միյանագայիի հետ: Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում Վահագն Խաչատուրյանը հարցազրույց է տվել գերմանական Deutsche Welle մեդիաընկերությանը, որի ընթացքում խոսել է Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումների, տնտեսական զարգացումների, տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ Հայաստանի դիրքորոշման մասին:
09:57 - 27 մայիսի, 2022
Պուտինն անդրադարձել է ՌԴ-ից ՏՏ ոլորտի մի շարք մասնագետների՝ Հայաստան տեղափոխվելուն
 |shantnews.am|

Պուտինն անդրադարձել է ՌԴ-ից ՏՏ ոլորտի մի շարք մասնագետների՝ Հայաստան տեղափոխվելուն |shantnews.am|

shantnews.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խնդիր չի տեսնում նրանում, որ ՏՏ ոլորտի որոշ ռուսաստանցի մասնագետներ տեղափոխվել են Հայաստան, հաղորդում է ТАСС գործակալությունը։ Ելույթ ունենալով Եվրասիական առաջին տնտեսական ֆորումում՝ ՌԴ ղեկավարն ասել է, որ բարձր տեխնոլոգիաների զարգացումը քննարկել է Ղազախստանի և Հայաստանի իր գործընկերների հետ, բայց ոչ այն պատճառով, որ «ՏՏ ոլորտի որոշ մասնագետներ (Ռուսաստանից – խմբ.) տեղափոխվել են Հայաստան»։ «Դե, տեղափոխվել են, փառք Աստծո, թող աշխատեն»,- ասել է Պուտինը։ Միաժամանակ նա կարծում է, որ նման իրավիճակը «որոշ չափով մարտահրավեր է» Ռուսաստանի Դաշնության համար։«Մենք պետք է ավելի լավ պայմաններ ստեղծենք»,- պարզաբանել է Պուտինը։ Նա նաև նշել է, որ Ռուսաստանը հնարավորություն ունի՝ աշխատելու Բելառուսի հետ համագործակցության հետ կապված մի շարք ոլորտներում, այդ թվում՝ միկրոէլեկտրոնիկայի ոլորտում։ Ռուսաստանի Դաշնության նախագահը ուշադրություն է հրավիրել երկրում բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման վրա։ «Մեր երկրում զարգանում են բարձր տեխնոլոգիաների ոլորտները, զարգանում են հաջողությամբ, և մենք կցանկանայինք, որ դա անեինք Եվրասիական տնտեսական միության մեր գործընկերների հետ միասին», – ասել է նա։
22:53 - 26 մայիսի, 2022
ԱԽ քարտուղարը Բուլղարիայի արտգործնախարարի տեղակալի հետ քննարկել է երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր

ԱԽ քարտուղարը Բուլղարիայի արտգործնախարարի տեղակալի հետ քննարկել է երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր

Մայիսի 26-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Բուլղարիայի Հանրապետության Արտաքին գործերի նախարարի տեղակալ Իրենա Դիմիտրովայի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԽ գրասենյակից: Զրուցակիցները բարձր են գնահատել հայ-բուլղարական երկկողմ բարեկամական ու եղբայրական հարաբերությունների զարգացման ընթացքը: Քննարկելով հայ-բուլղարական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ՝ ընդգծել են երկկողմ հարաբերությունների խթանման ու տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության զարգացման հեռանկարները: Բուլղարիայի Արտաքին գործերի նախարարի տեղակալ տիկին Իրենա Դիմիտրովան ողջունել է Հայաստանի ջանքերն ու տարածաշրջանային անվտանգային միջավայրի ձևավորմանն ուղղված քայլերի իրականացումը: Հանդիպման ընթացքում զրուցակիցները նաև քննարկել են կեղծ տեղեկատվության ռիսկերն` որպես մերօրյա լուրջ մարտահրավեր, ինչի շրջանակներում անդրադարձ է կատարվել երկկողմ հետագա համագործակցությանը:
19:32 - 26 մայիսի, 2022
Չեռնոգորիայի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Չեռնոգորիայի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի և ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի ուղեկցությամբ:  Հյուրերին դիմավորել և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Միլո Ջուկանովիչը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակը: Նրանք ՀՑԹԻ թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանի ուղեկցությամբ շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո Չեռնոգորիայի նախագահը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում: Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ Լուսինե Աբրահամյանը պատվավոր հյուրին նվիրել է Հայոց ցեղասպանության մասին գրքեր: Այցի ավարտին Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչը Հիշողության պուրակում տնկել է արծաթափայլ եղևնի:
17:06 - 26 մայիսի, 2022
ԵՄ առաջնորդը միջնորդում է խաղաղության համար՝ զոհաբերելով ճնշված կողմի իրավունքներն ու կարիքները․ Հայ Դատի գրասենյակ

ԵՄ առաջնորդը միջնորդում է խաղաղության համար՝ զոհաբերելով ճնշված կողմի իրավունքներն ու կարիքները․ Հայ Դատի գրասենյակ

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակը տարածել է Հայ դատի Եվրոպայի գրասենյակի հայտարարությունը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ Բրյուսելում մայիսի 22-ին Ալիեւ-Փաշինյան հանդիպումից հետո արած հայտարարության վերաբերյալ։ Այն ներկայացնում ենք ստորեւ։ Որպես համաեվրոպական քաղաքացիական հասարակության համայնքային կազմակերպություն՝ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախումբը և ԵՄ երկրներում գործող Հայ դատի հանձնախմբերը, ներկայացնելով ԵՄ հայազգի քաղաքացիների զգալի մասը, իրենց խոր դժգոհությունն են հայտնում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի վերջին հայտարարության առնչությամբ, որը հրապարակվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ 2022 թվականի մայիսի 22-ի եռակողմ հանդիպումից հետո։ Խաղաղությանն ուղղված միջնորդությունն անհրաժեշտ է և ողջունելի։ Այնուամենայնիվ, էական է ապահովել, որ խաղաղության բանակցությունները հիմնված լինեն արդարության վրա, այլ ոչ թե անկյուն   մղելով երկու ավտորիտար ռեժիմների կողմից, ինչպիսիք են Ադրբեջանը և Թուրքիան, արատավոր ագրեսիայի զոհ դարձած կողմին։ Ի դեպ, Թուրքիան ջիհադիստ վարձկաններ էր տեղափոխել Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչության դեմ։ Անընդունելի է, որ ԵՄ առաջնորդը միջնորդի խաղաղության համար՝ զոհաբերելով ճնշված կողմի իրավունքներն ու կարիքները։ Ցավոք, նախագահ Միշելի վերջին հայտարարությունն արհամարհում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ ԵՄ-ի փաստաթղթավորված մոտեցումների հիմնական սկզբունքները և, ընդհանուր առմամբ, հակամարտության կարգավորման կարևոր հարցերում հաստատում է Ադրբեջանի դիրքորոշումը։   Շեղվելով ԵՄ-ի տասնամյակների մոտեցումներից, ինչպես նաև համապատասխան միջազգային բոլոր փաստաթղթերից՝ Շառլ Միշելը օգտագործում է «Ղարաբաղ» անորոշ ձևակերպումը «Լեռնային Ղարաբաղի» փոխարեն, որը որոշակի տարածք ունեցող քաղաքական միավոր է։ Այսպիսով, Եվրոպական խորհրդի նախագահը կրկնում է Ադրբեջանի նախագահի տեսակետը՝ ակնարկելով, որ Լեռնային Ղարաբաղը, որպես սուբյեկտ, գոյություն չունի, ինչն իր էությամբ ցեղասպանական մոտեցում է։  2022 թվականի մարտին Եվրոպական խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունեց Լեռնային Ղարաբաղում հայկական կրոնական և մշակութային ժառանգության շարունակական ոչնչացման վերաբերյալ բանաձև՝ արձանագրելով, որ «հայկական մշակութային ժառանգության վերացումը հանդիսանում է համակարգված և պետական մակարդակով հովանովորվող հայատյացության, պատմական ռևիզիոնիզմի և հայերի նկատմամբ ատելության քաղաքականության ավելի լայն օրինաչափության մի մասը, որը խրախուսվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից»: Միայն «Ղարաբաղ» տերմինի օգտագործումն ակնհայտորեն Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչության նկատմամբ ադրբեջանական շարունակվող էթնիկ զտումների և իր էությամբ ցեղասպանական քաղաքականության հերթական դրսևորումն է։ Սույնով պարոն Շառլ Միշելին հիշեցնում ենք, որ, իբրև Եվրոպական խորհրդի նախագահ, նրա միջնորդությունը պետք է հիմնվի հետևյալ փաստերի և հանգամանքների վրա. ԵՄ-ի և Հայաստանի միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը» (CEPA), որն ուժի մեջ է մտել 2021 թվականի մարտին, «ճանաչում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման անհրաժեշտությունը՝ ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված նպատակների և սկզբունքների, և ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտի հիման վրա, ներառյալ ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքը»՝ որպես երեք հիմնական սկզբունքներից մեկը։ Բաքվի ցանկացած անմիջական վերահսկողություն Լեռնային Ղարաբաղի նկատմամբ անխուսափելիորեն նշանակում է դրա հազարամյա բնիկ հայ բնակչության էթնիկ զտում։ Ուստի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, որը պետք է արտացոլվի Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ​​կամքի ժողովրդավարական արտահայտմամբ, առաջնային է բնակչության երկարաժամկետ ու կայուն անվտանգության ապահովման և հայրենիքում ապրելու իրավունքի երաշխավորման համար։ Տրանսպորտային/հաղորդակցական կապերի ապաշրջափակումը պետք է իրականացվի՝ հարգելով Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը։ Նոր հակամարտության համար հիմքեր ստեղծելու ցանկացած հնարավոր ռիսկ պետք է բացառվի։ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատումը եւ սահմանագծումը  չեն կարող կատարվել ուժի կիրառման հետևանքով և չպետք է իրականացվեն հապճեպ՝ առանց հաշվի առնելու դրա բոլոր հետևանքները։ Ադրբեջանը պետք է անհապաղ դադարեցնի հայատյացության պետական ​​քաղաքականության բոլոր դրսևորումները։ Հետևելով Եվրոպական խորհրդարանի, ինչպես նաև ԵՄ մի շարք անդամ երկրների խորհրդարանների բանաձևերին՝ Ադրբեջանը պետք է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակի բոլոր հայ ռազմագերիներին։ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը ՀՀ կառավարությունից է նաև ակնկալում, որ բանակցությունների ընթացքում այն պնդի վերոնշյալ բոլոր կետերը։
16:24 - 26 մայիսի, 2022
Իրավապաշտպանն անթույլատրելի է համարում Փաշինյանի հայտարարությունը, թե հաստատված 39 հայ գերի է պահվում Ադրբեջանում |azatutyun.am|

Իրավապաշտպանն անթույլատրելի է համարում Փաշինյանի հայտարարությունը, թե հաստատված 39 հայ գերի է պահվում Ադրբեջանում |azatutyun.am|

azatutyun.am: Եվրոպական դատարանում հայ ռազմագերիների շահերը ներկայացնող իրավապաշտպան Սիրանույշ Սահակյանը անթույլատրելի է համարում վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ երեկ խորհրդարանում արած հայտարարությունը, թե հաստատված 39 հայ գերի է պահվում Ադրբեջանում։ Վարչապետը, ըստ Սահակյանի, ոչ թե պաշտոնական Բաքվի, այլ Հայաստանի իրավապահների, Մարդու իրավունքների պաշտպանի, այլ իրավապաշտպանների տվյալները պետք է վկայակոչի։ «Որոնք օբյեկտիվորեն հիմնավորում են գերեվարման ավելի մեծ թվաքանակ։ Առնվազն մեր կազմակերպության ձեռքի տակ եղած փաստերը և ապացույցները վկայում են, որ 39 գերիներից բացի 80 անձ գերեվարվել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից և նրանք այս պահին գտնվում են բռնի անհետացածների կարգավիճակում, քանի որ պետությունը միտումնավոր թաքցնում է նրանց ճակատագիրը, եղելությունը և չի տրամադրում արժանահավատ տեղեկություններ ընտանիքի անդամներին, և սա հավելյալ մեծացնում է նաև տառապանքը», - ասաց Սահակյանը։ Այսպիսով, ըստ իրավապաշտպանի, անտեսվում են իրական թվերը, և Երևանը պաշտոնապես ընդունում է, որ այլ գերիների հաստատման ու վերադարձի ակնկալիք այլևս չունի։ «Հաշվի է նստում Ադրբեջանի հրապարակած թվերի հետ։ Իսկ դա միջազգայնորեն էլ համարվում է որպես Հայաստանի կողմից ընդունում, թեև խոսվում է միջազգային ճնշման մասին, սակայն հասկանալի է, որ այդ ճնշումն այլևս չի կարող ուղղվել գերեվարվածների նոր դեպքերի հաստատմանը և պաշտոնականացմանը, առավելապես միջազգային հանրությունը հետաքրքրված կլինի 39 անձի հայրենադարձումն ապահովելուն», - ասաց Սահակյանը։ Նիկոլ Փաշինյանը երեկ մերժելի համարեց տեսակետը, թե գերիների վերադարձը պետք է քաղաքական երկխոսության նախապայման դառնա։ «Հումանիտար հարցերը քաղաքական հարցերին պետք չի կապել և ընդհակառակը՝ երբ որ փոխկապակցվածության մեջ դնենք քաղաքական հարցերի հետ, մենք հարցի նշանակությունը ոչ թե կավելացնենք, այլ ընդհակառակը՝ կնազեցնենք», - հայտարարեց Փաշինյանը։ Սիրանուշ Սահակյանը նկատեց․ - «Մարդասիրական տարրական խնդիրները չեն լուծվում, որը նույնիսկ պատվաբեր է Ադրբեջանի համար և բացառապես կարող է բարձրացնել նրա վարկանիշը միջազգային հարթության մեջ, այստեղ որևէ վստահության մթնոլորտ չի կարող լինել, իսկ առանց վստահության հնարավոր չէ լուծել բարդ քաղաքական խնդիրներ, այստեղ հայկական կողմը բացառապես լինելու է խաբվածի դերում»։
15:30 - 26 մայիսի, 2022
Ղազախստանի խորհրդարանը վավերացրել է Հայաստանի հետ համաձայնագիրը՝ նավթամթերքի մատակարարման մասին

Ղազախստանի խորհրդարանը վավերացրել է Հայաստանի հետ համաձայնագիրը՝ նավթամթերքի մատակարարման մասին

Ղազախստանի խորհրդարանի Սենատը (վերին պալատ) վավերացրել է Հայաստանի հետ միջկառավարական համաձայնագիրը՝ ՀՀ-ին նավթամթերքի մատակարարման ոլորտում առևտրատնտեսական համագործակցության մասին, հայտնում է ՏԱՍՍ-ը։ Հայաստանի հետ համաձայնագիրը ստորագրվել է 2020 թ-ի հուլիսին Նուր-Սուլթանում։ Դրանով սահմանվում են երկու երկրների կառավարությունների միջև առևտրատնտեսական համագործակցության պայմանները՝ Հայաստանին այն ապրանքների մատակարարման անռչությամբ, որոնք դասակարգվում են Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքների անվանացանկի 27-րդ խմբում՝ բացառությամբ նավթի, էլեկտրաէներգիայի, բնական գազի և ածխի։ «Համաձայնագրով նախատեսվում է․ արտահանման մաքսատուրքերի չգանձում այն ապրանքների համար, որոնք Ղազախստանից Հայաստան են արտահանվում ներքին սպառման համար այն ծավալներով, որոնք նախատեսված են ինդիկատիվ բալանսներով; սահմանված ապրանքների մատակարարման արգելք, որոնք ցանկով հաստատված չեն, ինչպես նաև նախատեսված չեն ինդիկատիվ բալանսներով», - ասված է Ղազախստանի Սենատի տնտեսական քաղաքականության, նորարարական զարգացման և ձեռնարկատիրության հարցերով կոմիտեի եզրակացությունում։ Ընդ որում, սահմանված ապրանքները, որոնք Ղազախստանից Հայաստան են արտահանվում, չեն կարող արտահանվել երրորդ երկրներ և ԵԱՏՄ երկրներ։ Այս պարտավորության խախտման փաստերի հայտնաբերման դեպքում ղազախական կողմն իրեն իրավունք է վերապահում արգելելու կամ կասեցնելու նշված ապրանքների՝ առանց մաքսատուրքի մատակարարումները։ Սենատում համաձայնագրի վավերացումից հետո այն կներկայացվի Ղազախստանի նախագահի ստորագրմանը։ Նորա Վանյան
15:17 - 26 մայիսի, 2022
Դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացում քաղաքական կամքը, միջազգային գործընկերների աջակցությունը դրական ազդակ կլինեն. Վարդանյան |1lurer.am|

Դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացում քաղաքական կամքը, միջազգային գործընկերների աջակցությունը դրական ազդակ կլինեն. Վարդանյան |1lurer.am|

1lurer.am: Շատ-շատ չափավոր լավատեսություն եմ տեսնում. ԱԺ ճեպազրույցների ընթացքում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պետա-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանագծման ու սահմանազատման հանձնաժողովների մասին հարցին: «Գործընթացը սկսվել է առնվազն ակտերի մակարդակով: Կայացվել են համապատասխան ակտեր, ստեղծվել են հանձնաժողովներ, որոնք պետք է սկսեն աշխատանքները: Կան ձեռք բերված որոշակի պայմանավորվածություններ, կարծես թե շատ-շատ չափավոր լավատեսություն կարելի է տեսնել այս գործընթացում, որ մեր հարևան երկրի ներկայացուցիչները հակված են այս գործընթացը չձախողելու և գործընթացը սահմանված ընթացակարգով և ձեռք բերված պայմանավորվածություններով առաջ տանելու: Ընդհանրապես, դեմարկացիան և դելիմիտացիան բավականին երկարատև և տեխնիկապես բարդ գործընթաց է, և այս գործընթացի պարագայում և՛ քաղաքական կամքը, և՛ ներգրավված անձանց պրոֆեսիոնալիզմը, և՛ բոլոր միջազգային գործընկերների աջակցությունը միայն դրական ազդակ կլինեն հաջողությամբ այս գործընթացն ավարտելու համար»,- ասաց Վարդանյանը:
13:37 - 26 մայիսի, 2022
Հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգի շուրջ քննարկում են ունեցել ՀՀ վարչապետն ու ԱՄՆ-ի դեսպանը

Հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգի շուրջ քննարկում են ունեցել ՀՀ վարչապետն ու ԱՄՆ-ի դեսպանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին: Վարչապետն ընդգծել է հայ-ամերիկյան համագործակցության, ռազմավարական երկխոսության ակտիվացումը և կարևորել ԱՄՆ-ի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի հստակ դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում, որը նպաստում է տարածաշրջանային կայունությանը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունն առաջնորդվում է խաղաղության հաստատման օրակարգով և բարձր է գնահատում միջազգային գործընկերների, այդ թվում՝ Միացյալ Նահանգների շարունակական օժանդակությունն այդ գործընթացին: Լին Թրեյսին շնորհակալություն է հայտնել վարչապետին գնահատականի համար և վերահաստատել ԱՄՆ պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցությունը մեր երկրի ժողովրդավարական բարեփոխումներին, ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը, տարածաշրջանային կայունության հաստատմանը: Այս համատեքստում Լին Թրեյսին հիշատակել է օրեր առաջ ՀՀ վարչապետի՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ ունեցած հեռախոսազրույցը, ինչպես նաև ամերիկյան կողմի գոհունակությունը հայտնել երկկողմ հարաբերությունների ակտիվացման գործում ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի ջանքերի կապակցությամբ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգի շուրջ:
13:36 - 26 մայիսի, 2022
Հայաստան-Թուրքիա երկխոսության բանակցություններում այս պահին որևէ էական, շոշափելի արդյունք չկա․ Միրզոյան |hetq.am|

Հայաստան-Թուրքիա երկխոսության բանակցություններում այս պահին որևէ էական, շոշափելի արդյունք չկա․ Միրզոյան |hetq.am|

hetq.am: Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը չի բացառում, որ հայ և թուրք բանագնացների որևէ հանդիպումը կարող է Երևանում կամ Անկարայում լինել, չնայած դրան՝ հանդիպման վայրին կարևորություն չի տալիս: Այս մասին ԱԳ նախարարը ասաց խորհրդարանում`արձագանքելով պատգամավոր Թագուհի Ղազարյանի հարցին, թե որքանով է հավանական, որ բանագնացների հանդիպում լինի Երևանում կամ Անկարայում: «Ես այդքան մեծ կարևորություն չեմ տալիս հանդիպման վայրին: Ես չեմ բացառում, որ ինչ-որ պահի, երբ գործընթացն արդեն շոշափելի հաջողություններ գրանցի, էդպիսի հանդիպումներ լինեն Երևանում ու Անկարայում: Այս պահին կարող եմ ասել, որ ցավալիորեն որքան էլ վերբալ և հանրային խոսքի մակարդակներում ասվում է, թե գործընթացն առանց նախապայմանների է, այնուամենայնիվ մեր թուրք գործընկերները որոշակիորեն սինխրոնացնում են այս գործընթացն Ադրբեջանի հետ մեր ունեցած գործընթացի հետ, նարատիվի մաս են դարձնում»,- ասաց Միրզոյանը: ԱԳ նախարարի խոսքով` Հայաստան-Թուրքիա երկխոսության բանակցություններում այս պահին որևէ էական, շոշափելի արդյունք չկա, Միրզոյանը հույս հայտնեց, որ առաջիկայում կողմերը կկարողանան այդպիսի արդյունքներ ունենալ: «Կարող եմ մեր կողմից վերահաստատել, որ մենք հաստատակամ ենք ու անկեղծ մեր հրապարակային հայտնած դիրքորոշման մեջ: Մենք հետաքրքրված ենք սահմանի բացմամբ և հարաբերությունների հաստատմամբ: Կուզենանք նույնը տեսնել նաև թուրքական կողմից, բայց Թուրքիայի արտգործնախարարի ժեստերը և այլն, չեն նպաստում էդ գործընթացին»,- եզրափակեց Արարատ Միրզոյանը: Հիշեցնենք, որ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն ապրիլի 23-ին Ուրուգվայ կատարած այցի ժամանակ թուրքական «Գորշ քայլեր» ազգայնամոլական կազմակերպության ժեստն է ցույց տվել այնտեղ ակցիա իրականացնող հայ համայնքի ներկայացուցիչներին:
20:51 - 25 մայիսի, 2022
Բանակցային գործընթացում չպետք է թույլ տանք վակուում, ողջունում ենք բոլոր ջանքերը. Միրզոյանը՝ և ԵՄ-ի, և ՌԴ-ի միջնորդության մասին

 |armenpress.am|

Բանակցային գործընթացում չպետք է թույլ տանք վակուում, ողջունում ենք բոլոր ջանքերը. Միրզոյանը՝ և ԵՄ-ի, և ՌԴ-ի միջնորդության մասին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը վերահաստատում է իր պատրաստակամությունը՝  կառուցելու խաղաղություն տարածաշրջանում, կարգավորելու հարաբերություններն Ադրբեջանի հետ՝ այդ թվում և ԼՂ հակամարտության փոխընդունելի քաղաքական կարգավորում գտնելու ուղղությամբ, և այս առումով  ողջունում է բոլոր հնարավոր ջանքերը: Այս մասին ասաց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն՝ ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով Վահագն Ալեքսանյանի դիտարկմանը, որ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների շուրջ պաշտոնական Երևանը Բաքվի հետ բանակցվում է՝ և ԵՄ-ի, և ՌԴ-ի միջնորդությամբ: Պատգամավորը հետաքրքրվեց՝ հաշվի առնելով Արևմուտք-Ռուսաստան ներկայիս հարաբերությունները՝ որքանո՞վ է արդյունավետ այս գործընթացը: «Հայաստանի Հանրապետությունն այս գործընթացում չի կարող և չպետք է թույլ տա վակուումի գոյությունը կամ առաջացումը: Անշուշտ, մենք ողջունում ենք նաև ԵՄ-ի ջանքերը և մասնակցում ենք այդ ջանքերին, այդ ջանքերն արդեն շոշափելի արդյունքներ են տալիս»,-ասաց Միրզոյանը: ԱԳ նախարարը շեշտեց, որ ՀՀ-ն հռչակել և բազմիցս վերահաստատել է իր պատրաստակամությունը՝ կառուցել խաղաղություն տարածաշրջանում, կարգավորել հարաբերություններն Ադրբեջանի հետ՝ այդ թվում և ԼՂ-ի հակամարտության փոխընդունելի քաղաքական կարգավորում գտնելու ուղղությամբ: «Եվ, այս առումով, մենք ողջունում ենք բոլոր հնարավոր ջանքերը»,-նշեց նա: Հայկական կողմը ԼՂ-ի հարցով բանակցությունները տեսնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում: «Բայց մենք չենք կարող մեզ թույլ տալ վակուում, մենք ողջունում ենք բոլոր հնարավոր ջանքերը, որոնք ուղղված են տարածաշրջանում խաղաղության հաստատմանը»,-եզրափակեց ԱԳ նախարարը:
20:17 - 25 մայիսի, 2022
Փաշինյանն ընդգծել է, որ որեւէ մեկը չի կարող ՀՀ և Արցախի ժողովրդի թիկունքում փաստաթուղթ ստորագրել. Արցախի նախագահ

Փաշինյանն ընդգծել է, որ որեւէ մեկը չի կարող ՀՀ և Արցախի ժողովրդի թիկունքում փաստաթուղթ ստորագրել. Արցախի նախագահ

Ընդառաջելով մայիսի 24-ին Արցախի Հանրապետության խորհրդարանում ներկայացված կուսակցությունների՝ Հանրապետության նախագահին ուղղված նամակին՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 25-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից։  Երկրի ղեկավարը նախ ընդգծել է, որ Արցախի իշխանությունների և ժողովրդի համար խիստ անընդունելի է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարության մեջ տեղ գտած «Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը» ապահովելու մասին ձևակերպումը՝ նշելով, որ այն չի արտահայտում անցած երեսուն տարիների ընթացքում միջազգային հանրության համար հստակ ձևակերպված արցախահայության պահանջներն ու ձգտումները, որոնց հիմքում դրված է ժողովուրդների ինքնորոշման իրավունքը: Նախագահ Հարությունյանի ներկայացմամբ՝ ինքը հնարավորություն է ունեցել ՀՀ վարչապետի հետ հանդիպել և քննարկել մայիսի 22-ին Բրյուսելում տեղի ունեցած Փաշինյան-Ալիև հանդիպումը, և այդ առթիվ ցանկանում է մեկ անգամ ևս հաստատել, որ Արցախի ճակատագրի ու կարգավիճակի որոշման բացառիկ իրավունքը պատկանում է Արցախի ժողովրդին ու իշխանություններին: Հարությունյանի խոսքով՝ վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ որևէ մեկը չի կարող և չի պատրաստվում Հայաստանի ու Արցախի ժողովրդի թիկունքում ինչ-որ փաստաթուղթ ստորագրել, եթե կլինի կոնկրետ առաջարկ կոնկրետ լուծումների մասին, ապա այն կքննարկվի Արցախի իշխանությունների հետ, և հանրությունը դրա մասին տեղեկացված կլինի պատշաճ ձևով: Արցախի նախագահը շեշտել է, որ Արցախի Հանրապետությունը անշեղորեն շարունակում է իր ժողովրդի ինքնորոշման իրավունքի լրիվ ու անվերապահ իրացման միջոցով անկախության միջազգային ճանաչման ուղին, և արցախցիների իրավունքների ու անվտանգության պատշաճ ապահովումը հնարավոր է բացառապես Ադրբեջանի կազմից դուրս:
19:49 - 25 մայիսի, 2022
Համանախագահության աշխատանքների հարցով կոնսենսուս չկա, սակայն ձևաչափի «մահվան» մասին լուրերը չափազանցված են. Միրզոյան

 |armenpress.am|

Համանախագահության աշխատանքների հարցով կոնսենսուս չկա, սակայն ձևաչափի «մահվան» մասին լուրերը չափազանցված են. Միրզոյան |armenpress.am|

armenpress.am:  Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով աշխատանքները, բանակցությունները շարունակելու կոնսենսուս չկա՝ առաջին հերթին Ադրբեջանի կողմից, սակայն համանախագահության ֆորմատի «մահվան» մասին լուրերը ևս փոքր-ինչ չափազանցված են: Այս մասին ասաց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին: ՔՊ-ից Վահագն Ալեքսանյանը հետաքրքրվեց՝ կա արդյոք կոնսենսուս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի և աշխատանքների վերաբերյալ, ինչպե՞ս կգնահատի այդ ձևաչափի ապագան և ի՞նչ է արվում, որ առաջիկայում սկսեն ԼՂ հարցով բանակցությունները համանախագահության շրջանակում: «Ուկրաինական պատերազմի բերումով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության աշխատանքները, մեղմ ասած, ակտիվ չեն ընթանում: Ընդհանրապես, կարելի է փաստել, որ այդ շրջանակներում չեն եղել համենայնդեպս տեսանելի աշխատանքներ: Մինչև այդ Ադրբեջանն էր այն երկիրը, որը մերժում էր Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով բանակցությունները շարունակելու անհրաժեշտությունը, առաջարկը: Բայց ուկրաինական պատերազմից հետո նաև համանախագահների շրջանում որոշակի տարակարծություն կար: Մենք, անշուշտ, ԼՂ հիմնախնդրի քաղաքական կարգավորման առումով բանակցությունների տեղը և ձևաչափը տեսնում ենք հենց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունում»,-ասաց Միրզոյանը: Նա վստահեցրեց, որ հայկական կողմն այս մասին շարունակաբար խոսում է և այս ուղղությամբ աշխատում է բոլոր միջազգային գործընկերների և, առաջին հերթին, համանախագահների հետ: «Եվ ուրախությամբ պետք է փաստեմ, որ վերջերս, նկատած կլինեք, որ համանախագահ երկրները վերահաստատում են իրենց հանձնառությունը՝ հենց այդ ձևաչափում աշխատանքները շարունակելու»,-ասաց Միրզոյանը: Նրա խոսքով՝ դա կարելի է տեսնել ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի վերջին հանդիպումից հետո արված համատեղ հայտարարությունում և իր՝ ԱՄՆ այցից հետո ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի հանդիպման արդյունքում արված հայտարարությունում, ֆրանսիացի գործընկերների կողմից արված հայտարարությունում: Անդրադառնալով հարցին՝ ԱԳ նախարարն ասաց՝ ասել, թե այս հարցում կա կոնսենսուս, կլինի չափազանցված: «Կոնսենսուս չկա և առաջին հերթին հենց Ադրբեջանի կողմից և ջանքերով: Սակայն, ինչպես կասեր դասականը, այս ֆորմատի «մահվան» մասին լուրերը ևս փոքր-ինչ չափազանցված են»,-ասաց Միրզոյանը:
19:46 - 25 մայիսի, 2022