armenpress.am: Հայաստանը վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ կառուցելու խաղաղություն տարածաշրջանում, կարգավորելու հարաբերություններն Ադրբեջանի հետ՝ այդ թվում և ԼՂ հակամարտության փոխընդունելի քաղաքական կարգավորում գտնելու ուղղությամբ, և այս առումով ողջունում է բոլոր հնարավոր ջանքերը: Այս մասին ասաց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն՝ ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով Վահագն Ալեքսանյանի դիտարկմանը, որ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների շուրջ պաշտոնական Երևանը Բաքվի հետ բանակցվում է՝ և ԵՄ-ի, և ՌԴ-ի միջնորդությամբ:
Պատգամավորը հետաքրքրվեց՝ հաշվի առնելով Արևմուտք-Ռուսաստան ներկայիս հարաբերությունները՝ որքանո՞վ է արդյունավետ այս գործընթացը:
«Հայաստանի Հանրապետությունն այս գործընթացում չի կարող և չպետք է թույլ տա վակուումի գոյությունը կամ առաջացումը: Անշուշտ, մենք ողջունում ենք նաև ԵՄ-ի ջանքերը և մասնակցում ենք այդ ջանքերին, այդ ջանքերն արդեն շոշափելի արդյունքներ են տալիս»,-ասաց Միրզոյանը:
ԱԳ նախարարը շեշտեց, որ ՀՀ-ն հռչակել և բազմիցս վերահաստատել է իր պատրաստակամությունը՝ կառուցել խաղաղություն տարածաշրջանում, կարգավորել հարաբերություններն Ադրբեջանի հետ՝ այդ թվում և ԼՂ-ի հակամարտության փոխընդունելի քաղաքական կարգավորում գտնելու ուղղությամբ: «Եվ, այս առումով, մենք ողջունում ենք բոլոր հնարավոր ջանքերը»,-նշեց նա:
Հայկական կողմը ԼՂ-ի հարցով բանակցությունները տեսնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում: «Բայց մենք չենք կարող մեզ թույլ տալ վակուում, մենք ողջունում ենք բոլոր հնարավոր ջանքերը, որոնք ուղղված են տարածաշրջանում խաղաղության հաստատմանը»,-եզրափակեց ԱԳ նախարարը:
comment.count (0)