Արարատ Միրզոյան

ՀՀ արտաքին գործերի նախարար։ Այս պաշտոնին նա նշանակվել է 2021թ․ օգոստոսի 19-ին։

7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահն է։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։ Ծնվել է 1979թ․ նոյեմբերի 23-ին։ Մասնագիտությամբ պատմաբան է եւ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մասնագետ։

2003-2005 թվականներին աշխատել է ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում՝ որպես կրտսեր գիտաշխատող: 2005-2007 թվականներին աշխատել է Հայաստանի ազգային արխիվում՝ որպես հասարակական-քաղաքական փաստաթղթերի բաժնի գլխավոր արխիվագետ։ 2007-2010 թվականներին աշխատել է «Էյչ-Էս-Բի-ՍԻ Բանկ Հայաստան» ՓԲԸ-ում: 2011-2012 թվականներին որպես վերլուծաբան՝ աշխատել է «Ռեգնում» միջազգային լրատվական գործակալությունում: 2012-2013 թվականներին աշխատել է Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամում (IFES)՝ որպես ընտրողների իրազեկման ծրագրի համակարգող: 2012 թվականի հոկտեմբերից 2013 թվականի փետրվարն ընկած ժամանակահատվածում դասավանդել է ԵՊՀ-ում: 2013-2015 թվականներին եղել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDEA) հիմնադրամի «Ավրորա մրցանակ եւ 100 կյանք» նախաձեռնության հետազոտական խմբի ղեկավարը։ 2014-2017 թվականներին աշխատել է որպես Բազմակուսակցական ժողովրդավարության նիդեռլանդական ինստիտուտի (NIMD) քաղաքական կուսակցությունների եւ ռազմավարական պլանավորման փորձագետ։

Արարատ Միրզոյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է: 2016 թվականից հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ: 2017 թվականի ապրիլի 2-ին «Ելք» կուսակցությունների դաշինքի թիվ 3 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով ընտրվել է ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր: 2018 թվականին եղել է «Իմ քայլը» շարժումը նախաձեռնող խմբի անդամ: 2018 թվականի մայիսի 11-ին նշանակվել է ՀՀ առաջին փոխվարչապետ: 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա եւ Շենգավիթ վարչական շրջաններն ընդգրկող թիվ 3 ընտրատարածքում լինելով «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուներից մեկը՝ ստացել է 25 550 ձայն: 2019 թվականի հունվարի 10-ին ստացել է պատգամավորական մանդատը։

2019 թվականի հունվարի 14-ին տեղի ունեցած ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի ժամանակ ընտրվել է ԱԺ նախագահ՝ 131 կողմ ձայնով: 

Հայաստանը տվել է իր համաձայնությունը Կապանում ՌԴ հյուպատոսություն բացելու առաջարկին․ ԱԳ նախարար |1lurer.am|

Հայաստանը տվել է իր համաձայնությունը Կապանում ՌԴ հյուպատոսություն բացելու առաջարկին․ ԱԳ նախարար |1lurer.am|

1lurer.am: Իսկապես ռուսական կողմը դիմել է Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու համար սահմանված կարգով, և ՀՀ-ն, սահմանված կարգով դիտարկելով բոլոր հնարավոր նրբերանգները, տվել է իր դրական եզրակացությունը, իր համաձայնությունը: ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալով ՔՊ խմբակցության պատգամավոր Մարինա Ղազարյանի հարցին՝ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: «Կդժվարանամ ասել, թե ՌԴ-ն հյուպատոսության բացման որ փուլում է, բայց ցանկացած փուլում համագործակցում են ՀՀ համապատասխան գերատեսչությունների հետ»,- նշեց Միրզոյանը: Նա ընդգծեց, որ Սյունիքում գլխավոր հյուպատոսություններ բացելու, որևէ կերպ ներկայություն ունենալու հետաքրքրությունը տարբեր երկրների շրջանում այսօր կա: «Իրանն արդեն ունի, Ֆրանսիան է հայտարարել նման մտադրության մասին: Կան էլի երկրներ. խոսակցությունը կա, բայց քանի որ վերջնական պայմանավորվածություններ չկան, չէի ցանկանա բացահայտել»,- ասաց ՀՀ ԱԳ նախարարը: «Միջազգային ներկայությունը որևէ մարզում կնպաստի տվյալ տարածաշրջանի տնտեսական կյանքի աշխուժացմանը, բայց նաև քաղաքական ուղերձներ է պարունակում»,- նշեց Արարատ Միրզոյանը:
19:03 - 25 հոկտեմբերի, 2023
«3+3»-ը հարմար հարթակ է տարածաշրջանի երկրների հետ հաղորդակցվելու համար․ ԱԳ նախարար |armenpress.am|

«3+3»-ը հարմար հարթակ է տարածաշրջանի երկրների հետ հաղորդակցվելու համար․ ԱԳ նախարար |armenpress.am|

armenpress.am: «3+3»-ը հարմար հարթակ է տարածաշրջանի երկրների հետ հաղորդակցվելու և ընդհանուր հետաքրքրության թեմաներ քննարկելու համար։  Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ այս մասին հայտարարեց Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն՝ ամփոփելով հոկտեմբերի 23-ին Թեհրանում կայացած «3+3» ձևաչափով հանդիպումը։ « Սա հարմար հարթակ է տարածաշրջանի երկրների հետ հաղորդակցվելու, ընդհանուր հետաքրքրության թեմաներ քննարկելու։ Ինչ վերաբերվում է ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, ինչպես և նախկինում, նաև այդ օրը հնարավորություն եղավ ասելու, որ Հայաստանի Հանրապետությունն ինքը շահագրգռված է տարածաշրջանի ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ, բնականաբար, երկրների ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության և հավասարության սկզբունքների հիման վրա»,- ընդգծեց Միրզոյանը։ ԱԳ նախարարն ընդգծեց՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը այս ապաշրջափակումը խրախուսելու համար նույնիսկ համապատասխան ծրագիր է մշակել և զբաղվում դրա առաջմղմամբ, այն է՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը հրապարակելով։ «Մենք համոզված ենք, որ հենց Հայաստանի տարածքով անցնող տարածաշրջանային և միջազգային կոմունիկացիոն և լոգիստիկ ենթակառուցվածքները կնպաստեն տարածաշրջանում խաղաղության կառուցմանը և դրա առաջին շահառուն և առաջին առաջ մղողը Հայաստանի Հանրապետությունն է։ Անշուշտ, եթե կան երկրներ, որոնք այլ նկատառումներով են խոսում ենթակառուցվածքների մասին, կամ այլ ենթաշերտեր ու ենթաիմաստներ են դնում, սա, իհարկե, տեղի ունենալ չի կարող։ Ինչպես ասացի, ամեն ինչ պետք է արվի միջազգային իրավունքին համապատասխան, տվյալ դեպքում մեր ինքնիշխանության և իրավազորության հարգմամբ»,- եզրափակեց Միրզոյանը
18:10 - 25 հոկտեմբերի, 2023
Վստահ ենք, որ կիրառելի մեխանիզմների արդյունավետ գործարկումը կարող է նպաստել մեր տարածաշրջանում անպատժելիության մթնոլորտի վերացմանը․ Արարատ Միրզոյան
 |armenpress.am|

Վստահ ենք, որ կիրառելի մեխանիզմների արդյունավետ գործարկումը կարող է նպաստել մեր տարածաշրջանում անպատժելիության մթնոլորտի վերացմանը․ Արարատ Միրզոյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդգծում է, որ միջազգային գործընկերների բոլոր ուղերձները, Արդարադատության միջազգային դատարանի իրավաբանորեն պարտադիր երկու որոշումները գործուն ազդեցություն չունեցան Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վրա, ինչի հետևանքով Ադրբեջանը իր շարունակական գործողություններով ամբողջական էթնիկ զտում իրականացրեց Լեռնային Ղարաբաղում։ Արարատ Միրզոյանն այս մասին ասաց Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլիի հետ համատեղ ասուլիսի ընթացքում։ «Հավելեմ, որ մենք վստահ ենք, որ առկա են կիրառելի մեխանիզմներ, որոնց արդյունավետ գործարկումը կարող է նպաստել տարածաշրջանում անպատժելիության մթնոլորտի հաղթահարմանը և հայրենիքից զրկված ժողովրդի իրավունքների հասցեագրմանը։ Միրզոյանը երախտագիտություն հայտնեց Կանադայի կառավարությանը ԼՂ-ից բռնի տեղահանվածների առաջնային կարիքների հասցեագրման նպատակով ԿԽՄԿ-ի միջոցով հումանիտար աջակցություն տրամադրելու համար։
15:25 - 25 հոկտեմբերի, 2023
Ադրբեջանի նախագահը «ժամանակ չի գտել» մեկնել Բրյուսել. Արարատ Միրզոյան |azatutyun.am|

Ադրբեջանի նախագահը «ժամանակ չի գտել» մեկնել Բրյուսել. Արարատ Միրզոյան |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի նախագահը «ժամանակ չի գտել» մեկնել Բրյուսել՝ Միշել-Փաշինյան-Ալիև հանդիպման, հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով «Ազատության» հարցին, թե բրյուսելյան հանդիպման չեղարկումը պատճառաբանվեց ժամանակի սղությամբ, ո՞վ ժամանակ չի գտել մեկնել Բրյուսել բանակցությունների: «Ակնհայտորեն Ադրբեջանի նախագահը, որովհետև մենք հիմա էլ պատրաստ ենք մասնակցել այդ հանդիպմանը: Հուսամ իսկապես խնդիրը կոնկրետ ժամկետներն են ու առաջիկայում հնարավոր կլինի նոր հանդիպման մասին նոր ժամկետներ պայմանավորվել, Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է այդ հանդիպմանը մասնակցել: Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ խաղաղության օրակարգին», - ասաց Միրզոյանը։ Հայաստանի ԱԳ նախարարը այսօր նաև հավելեց, որ օրերս Թեհրանում ոչ պաշտոնական շփում է ունեցել Ադրբեջանի արտգործնախարարի հետ։ Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն է հայտարարել, որ հոկտեմբերի վերջին Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպում տեղի չի ունենա:  
15:06 - 25 հոկտեմբերի, 2023
«3+3» հարթակի երկրորդ հանդիպման արդյունքներով տարածվել է համատեղ հաղորդագրություն

«3+3» հարթակի երկրորդ հանդիպման արդյունքներով տարածվել է համատեղ հաղորդագրություն

2023թ. հոկտեմբերի 23-ին Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հրավերով և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, Ադրբեջանական Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի, Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի, Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի մասնակցությամբ տեղի է ունեցել «3+3» տարածաշրջանային հարթակի երկրորդ հանդիպումը: ՀՀ ԱԳՆ-ն ներկայացրել է հանդիպման համատեղ հաղորդագրությունը. Նախարարները. 1. Հաշվի առնելով երկրների միջև փոխադարձ շահերի և բարիդրացիական հարևանության վրա հիմնված հարաբերությունների զարգացման կարևորությունը՝ ընդգծել են այդ առումով վեճերի խաղաղ կարգավորման, ինքնիշխանության հարգման, քաղաքական անկախության, տարածքային ամբողջականության, միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիության, ներքին գործերին չմիջամտելու, սպառնալիքի կամ ուժի կիրառման արգելքի և մարդու իրավունքների հարգման կարևորությունը՝ Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության բոլոր սկզբունքների հիման վրա: 2. Արտահայտելով իրենց դիրքորոշումները միջազգային տարբեր հարցերի շուրջ՝ քննարկել են տարածաշրջանում առկա ամենակարևոր հարցերը և ընդգծել այնպիսի հարթակների, ինչպիսին է տարածաշրջանային խորհրդատվական «3+3» հարթակի կարևորությունը՝ կառուցողական երկխոսության հնարավորություններ ապահովելու և տարածաշրջանի այն երկրների միջև փոխշահավետ համագործակցություն հաստատելու համար, որոնք առաջնային դեր ունեն այդ առումով։ 3. Կարևորել են տնտեսական համագործակցության դրական ազդեցությունը փոխադարձ վստահության ամրապնդման, ազգերի բարեկեցության և տարածաշրջանի կայունության վրա։ 4. Ընդգծելով մշակութային համագարծակցության, մարդկանց միջև շփումների և կրթական, գիտական, զբոսաշրջության, մշակույթի և սպորտի ոլորտներում համատեղ նախագծերի կարևորությունը: 5. Տևական խաղաղության և տնտեսական զարգացման խթանման համար պետք է ամրապնդեն երկկողմ և բազմակողմ խորհրդակցություններն ու փոխգործակցությունը: 6. Ողջունելով տարածաշրջանի բոլոր երկրների միջև հարաբերությունների կարգավորմանն ու զարգացմանն ուղղված ընթացող գործընթացները: 7. Դրական գնահատելով այս հանդիպման արդյունքները՝ նրանք վերահաստատել են, որ այս հարթակը բաց է Վրաստանի հավասար մասնակցության համար: 8. Նախարարները նաև մտքեր են փոխանակել Գազայում իրավիճակի վերաբերյալ: Նրանք ընդգծել են անմեղ քաղաքացիական անձանց թիրախավորման անհապաղ դադարեցման անհրաժեշտությունը: 9. Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանական Հանրապետության, Թուրքիայի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարները շնորհակալություն են հայտնել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լավ ընդունելության և այս հանդիպման բարեհաջող անցկացման համար: Գնահատելով տարածաշրջանում վստահության և համագործակցության միջավայրի ընդլայնման և ամրապնդման հարցում «3+3» տարածաշրջանային հարթակի պարբերական հանդիպումները՝ նրանք պայմանավորվել են, որ հաջորդ հանդիպումը կայանալու է Թուրքիայում, որի անցկացման ամսաթիվը կհամակարգվի դիվանագիտական խողովակների միջոցով:
09:17 - 24 հոկտեմբերի, 2023
Արարատ Միրզոյանը մասնակցել է տարածաշրջանային խորհրդակցական հարթակի հանդիպմանը

Արարատ Միրզոյանը մասնակցել է տարածաշրջանային խորհրդակցական հարթակի հանդիպմանը

Հոկտեմբերի 23-ին Թեհրանում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն իրանական կողմի հրավերով մասնակցել է տարածաշրջանային խորհրդակցական հարթակի («3+3») ձևաչափով հանդիպմանը, որին մասնակցում էին նաև Իրանի, Ռուսաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները: Այս մատին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։ Հանդիպմանը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նշել է, որ կան խնդիրներ, շատ բարդ խնդիրներ, կա պատմություն, և այդ խնդիրները պետք է հասցեագրվեն, այլապես տարածաշրջանը դատապարտված կլինի ընդմիշտ մնալ անցյալում։ Նախարար Միրզոյանը հավելել է, որ առկա խնդիրների կարգավորումը կարող է տարածաշրջանում ապահովել համագործակցային մթնոլորտ՝ որպես զարգացման կարևոր երաշխիք։ Ընդգծելով, որ ապագայի ծրագրերը հնարավոր չի լինի կյանքի կոչել, եթե տարածաշրջանային համակեցության՝ միջազգային իրավունքով սահմանված կարմիր գծերը չհարգվեն բոլորի կողմից՝ Արարատ Միրզոյանը որպես ուղենիշ նշել է ՄԱԿ կանոնադրության նպատակներն ու սկզբունքները և ի մասնավորի ուժի և ուժի սպառնալիքի կիրառման բացառումը, պետությունների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, սահմանների անքակտելիության սկզբունքները, ինչպես նաև մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությունը։ «Ընդ որում, կարևոր է հավատարմությունն այս սկզբունքներին ինչպես մեր գործողություններում, այնպես էլ մեզանից յուրաքանչյուրի հռետորաբանության մեջ։ Ագրեսիվ և սպառնալիքներով լի հռետորաբանության պայմաններում դժվար է պատկերացնել նպաստավոր մթնոլորտի ստեղծում, որը թույլ կտա կյանքի կոչել տարածաշրջանային հավակնոտ նախագծեր։ Հայաստանն, իր հերթին, հավատարիմ է այս սկզբունքներին»,- իր խոսքում ընդգծել է Արարատ Միրզոյանը։ Վկայակոչելով նախորդ՝ 2021թ. դեկտեմբերին կայացած հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունն առ այն, որ այս խորհրդակցությունները չեն վերածվելու հակամարտությունների քննարկման հարթակի, այլ առավելապես կենտրոնանալու են համատեղ տնտեսական և զարգացման օրակարգերի վրա՝ նախարար Միրզոյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է տարածաշրջանային համագործակցությունը տնտեսության, լոգիստիկայի, էներգետիկայի, ջրային ռեսուրսների կառավարման, մշակութային ժառանգության պահպանման և այլ ոլորտներում։ Անդրադառնալով տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը՝ ՀՀ արտաքին գործերի գերատեսչության ղեկավարը նշել է. «Հայաստանի Հանրապետությունը, լինելով դեպի ծով ելք չունեցող պետություն, շահագրգռված է տարածաշրջանում բոլոր ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ և հետագա զարգացմամբ։ Պետությունների ինքնիշխանության և իրավազորության հարգման, փոխադարձության և հավասարության սկզբունքների հիման վրա Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է մաս դառնալ տարածաշրջանային ենթակառուցվածքային նախագծերին։ Մենք կարծում ենք, որ հյուսիս-հարավ և արևելք-արևմուտք տրանսպորտային ուղիների հատումը մեր տարածաշրջանում և այդ թվում՝ Հայաստանի ինքնիշխան տարածքում, յուրօրինակ «խաղաղության խաչմերուկ» կարող է դառնալ մեզ բոլորիս համար։» Նախարար Միրզոյանն իր խոսքում նշել է, որ ՀՀ-ն կարևորում է հատկապես երկաթուղային ենթակառուցվածքների՝ միմյանց ինտեգրման գործընթացը, այդ թվում՝ անհրաժեշտ ենթակառուցվածքների կառուցման կամ վերագործարկման միջոցով. Հայաստանի Հանրապետությունը շահագրգիռ է Ադրբեջանի տարածքով երկաթուղային կապ ունենալ Իրանի, Ռուսաստանի և Կենտրոնական Ասիայի հետ՝ փոխադարձության սկզբունքով ապահովելով իր տարածքով անցնող երկաթուղու հասանելիությունը տարածաշրջանային մյուս երկրների, ինչպես նաև այլ միջազգային անցման համար։ Այս համատեքստում ոչ պակաս կարևոր է նաև Գյումրի-Կարս երկաթգծի վերագործարկումը, ինչպես նաև Հյուսիս-Հարավ նախագծի մի ճյուղի՝ Հայաստանի տարածքով անցկացումը։
08:23 - 24 հոկտեմբերի, 2023
Արարատ Միրզոյանը և Էբրահիմ Ռայիսին քննարկել են տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը վերաբերող հարցեր

Արարատ Միրզոյանը և Էբրահիմ Ռայիսին քննարկել են տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը վերաբերող հարցեր

Հոկտեմբերի 23-ին Թեհրանում Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին ընդունել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից: Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են, որ երկու հարևան և բարեկամ երկրների միջև ձևավորվել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն՝ հիմնված փոխադարձ հարգանքի և երկու ժողովուրդների հազարամյա եղբայրության վրա: ՀՀ ԱԳ նախարարը և ԻԻՀ նախագահը կարևորել են տարբեր ոլորտներում ՀՀ-ԻԻՀ փոխգործակցության խորացումը և այդ ուղղությամբ պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ գործուն քայլերի իրականացումը: Արարատ Միրզոյանը և Էբրահիմ Ռայիսին քննարկել են նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը վերաբերող հարցեր: 
18:21 - 23 հոկտեմբերի, 2023
Կանադայի ԱԳ նախարարը հոկտեմբերի 25-ին կայցելի Հայաստան
 |tert.am|

Կանադայի ԱԳ նախարարը հոկտեմբերի 25-ին կայցելի Հայաստան |tert.am|

tert.am: Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին հոկտեմբերի 25-27-ը կայցելի Հայաստան՝ խորացնելու հայ-կանադական հարաբերությունները: Այս մասին հայտնում է Կանադայի արտաքին քաղաքական գերատեսչությունը՝ մանրամասնելով, որ Ժոլին կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ: «Նա պաշտոնապես կբացի Կանադայի նոր դեսպանատունը, որը թույլ կտա ամրապնդել երկկողմ կապերը և մեծացնել Կանադայի աջակցությունը հայկական ժողովրդավարությանը: Նախարար Ժոլին նաև կքննարկի Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում Ադրբեջանի վերջին ռազմական գործողության հետևանքով տեղահանված հազարավոր քաղաքացիական անձանց հրատապ կարիքները լուծելու ուղիներ: Նա նաև կայցելի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ի հիշատակ 1915 թվականի Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի և վերահաստատելու Կանադայի հանձնառությունը՝ պայքարելու ժխտման կամ ռևիզիոնիզմի ցանկացած ձևի դեմ», - ասվում է ԱԳՆ հաղորդագրությունում:
17:44 - 23 հոկտեմբերի, 2023
ՀՀ-ում Կանադայի առաջին ռեզիտենտ դեսպանի հետ հանդիպմանը ԱԳ նախարարը շեշտել է արցախահայերի իրավունքների հասցեագրման անհրաժեշտությունը

ՀՀ-ում Կանադայի առաջին ռեզիտենտ դեսպանի հետ հանդիպմանը ԱԳ նախարարը շեշտել է արցախահայերի իրավունքների հասցեագրման անհրաժեշտությունը

Հոկտեմբերի 18-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՀՀ-ում Կանադայի նորանշանակ դեսպան Էնդրյու Թըրներին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Շնորհավորելով նորանշանակ դեսպանին՝ նախարար Միրզոյանը վստահություն է հայտնել, որ որպես Հայաստանում Կանադայի առաջին ռեզիտենտ դեսպան, նա իր գործունեությամբ նշանակալի լիցք կհաղորդի արդեն իսկ լավ հիմքերի վրա կառուցվող հայ-կանադական բարեկամական հարաբերություններին, դրանց առավել ամրապնդմանն ու խորացմանը: Այս համատեքստում երկուստեք կարևորվել է Երևանում Կանադայի դեսպանություն հիմնելու որոշումը, ինչը վկայում է հայ-կանադական դինամիկ զարգացող օրակարգը տարբեր ուղղություններով ընդլայնելու երկկողմ պատրաստակամության մասին:  Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ դեսպանն իր առաքելությունը ստանձնել է Հայաստանի համար դժվարին ժամանակահատվածում: Ընդգծվել է Հայաստանում ժողովրդավարությանը, ՀՀ ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանն ամուր աջակցության կարևորությունը: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանում կայունության հաստատմանն ուղղված գործընթացի և առկա հիմնական հարցերի վերաբերյալ: Անդրադառնալով տարածաշրջանի անվտանգային իրավիճակին՝ նախարար Միրզոյանը շեշտել է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածն իր իսկ անունով բնութագրելու, Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտման քաղաքականության հետևանքով Լեռնային Ղարաբաղի 100 հազարից ավել հայերի առաջնային կարիքները պատշաճ ապահովելու, ինչպես նաև նրանց իրավունքների հասցեագրման անհրաժեշտությունը:  Հանդիպմանը զրուցակիցները կարևորել են նաև փոխադարձ բարձրաստիճան այցելությունները:
21:56 - 18 հոկտեմբերի, 2023
Հայաստանը նախորդ տասնամյակների ընթացքում վերահաստատել է իր արժեհամակարգային անքակտելի կապը Ֆրանկոֆոնիայի հետ․ Արարատ Միրզոյանը՝ Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարին

Հայաստանը նախորդ տասնամյակների ընթացքում վերահաստատել է իր արժեհամակարգային անքակտելի կապը Ֆրանկոֆոնիայի հետ․ Արարատ Միրզոյանը՝ Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարին

Հոկտեմբերի 18-ին ՀՀ ԱԳՆ-ում կայացել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հանդիպումը, որից հետո նրանք հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարության տեքստը ներկայացված է ստորև:  «Հարգելի տիկին Գլխավոր քարտուղար, Ողջունում եմ Ձեր և Ձեր պատվիրակության այցը Երևան և գոհունակությամբ արձանագրում, որ վերջին հինգ տարվա ընթացքում սա Ձեր չորրորդ այցն է Հայաստան, իսկ Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարի կարգավիճակում՝ երկրորդը: Երկխոսության այսպիսի դինամիկան վկայում է Հայաստանի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության միջև բարձր մակարդակի հարաբերությունների ու սերտ համագործակցության մասին, իսկ այսօր՝ մեր երկրի և տարածաշրջանի համար մարտահրավերներով լի շրջանում տեղի ունեցող այցը դիտվում է որպես կազմակերպության կողմից համերաշխության և աջակցության ուղերձ։ Հարգելի գործընկերներ, Լինելով լայնածավալ ֆրանկոֆոն տարածքի մի մասնիկը՝ Հայաստանը նախորդ տասնամյակների ընթացքում վերահաստատել է իր արժեհամակարգային անքակտելի կապը Ֆրանկոֆոնիայի հետ։ Դրա վկայությունն են վերջին տարիների ձեռքբերումները, այդ թվում՝ Երևանում 2018 թվականին Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի հյուրընկալումը և կազմակերպության նախագահության՝ հանգամանքների բերումով 4 տարով ստանձնումը, այսինքն՝ ստանձնելիս 2 տարով էինք ստանձնում, ապա երկարաձգվեց:  Ֆրանկոֆոնիայի հետ համագործակցության առաջնային ուղղություններից են՝ ֆրանսերեն լեզվի ուսուցման և տարածման խթանումը, այդ թվում՝ Հայաստանի և ՖՄԿ միջև ստորագրված Ազգային ֆրանկոֆոն քառամյա նախաձեռնության մասին հերթական՝ 2023-2026թթ. Ծրագրի միջոցով։ Մենք շարունակում ենք նաև առաջ մղել Ֆրանկոֆոնիայի մշակութային օրակարգը, ինչի ամենավառ վկայությունն է արդեն տաս տարի շարունակ յուրաքանչյուր տարի Հայաստանում Ֆրանկոֆոնիայի երկամսյակի կազմակերպումը։ Այս տարին ևս բացառություն չէր, և մարտ-ապրիլ ամիսներին Հայաստանում կազմակերպվեց ավելի քան 700 մշակութային միջոցառում։ Բաց չթողնելով նաև տնտեսական ուղղությունը՝ նշեմ նաև, որ մենք կարևորում ենք ՖՄԿ երկրների գործարար շրջանակների մասնակցությամբ առևտրատնտեսական առա­քե­լութ­յուն­ների կազմակերպման նախաձեռնությունն ու դրանով ընձեռնվող հնարավորությունները: Ֆրանկոֆոնիայի հետ համագործակցության խորացման Հայաստանի հանձնառության դրսևորումներից է նաև 2027 թվականին Հայաստանում Ֆրանկոֆոնիայի միջազգային մարզամշակութային խաղերը հյուրընկալելու պաշտոնական հայտի ներկայացումը, և մենք ակնկալում ենք կազմակերպության դրական արձագանքը: Վստահ եմ՝ դրանք բացառիկ հնարավորություն կարող են ընձեռել միջազգային ֆրանկոֆոն համայնքի երիտասարդ ներկայացուցիչներին՝ խաղաղության, մարդու իրավունքների և միասին ապրելու արժեքների շուրջ համախմբելու նպատակով։ Տիկին Մուշիկիվաբո, Հարգելի գործընկերներ, Բացի մեր երկրի և ՖՄԿ միջև արդյունավետ համագործակցությունից, ստեղծված իրավիճակում պետք է ընդգծեմ կազմակերպության կողմից Հայաստանի հետ համերաշխության կարևորությունը և մասնավորապես ս.թ. սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական հարձակման կապակցությամբ Ձեր, տիկին Մուշիկիվաբո, հստակ ու հասցեական արձագանքը։ Այո, այդ արձագանքը կարևոր է ոչ միայն տեղի ունեցածին՝ Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտմանը և դրա նախապատրաստման քաղաքականությանը հստակ գնահատականներ տալու, նման մտածելակերպն առհասարակ դատապարտելու և մերժելու համար, այլ նաև հայրենազրկման ենթարկված մարդկանց հետագա իրավունքները պաշտպանելու համար: Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտման հետևանքով՝ Լեռնային Ղարաբաղն ամբողջությամբ հայաթափվեց՝ հերթական անգամ ի ցույց դնելով նման իրավիճակների կանխարգելման հարցում միջազգային համակարգի մեծ բացերը: Միաժամանակ, դա ի ցույց դրեց տարածաշրջանում ուժի կիրառման գործելակերպի ուղղակի կամ անուղղակի խրախուսման վտանգավորությունն ու դրա զսպման հրամայականը: Ներկայումս Հայաստանը գործադրում է բոլոր հնարավոր ջանքերը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 100 հազար հայերի առաջնահերթ կարիքներին արձագանքելու համար: Այս ուղղությամբ մենք համագործակցում ենք նաև միջազգային գործընկերների հետ: Գիտեմ` այսօր ինքներդ հանդիպել եք Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքների, այդ թվում` երեխաների հետ:  Հավատարիմ լինելով Հարավային Կովկասում կայունության և խաղաղության հաստատման օրակարգին՝ մենք ընդգծում ենք տարածաշրջանի երկրների կողմից այդ մոտեցումը փոխադարձելու և այդ ուղղությամբ գործուն, հստակ քայլեր անելու անհրաժեշտությունը։ Այդ նպատակով, բազմիցս ենք շեշտել Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության՝ առանց երկիմաստությունների և կամայական մեկնաբանությունների փոխադարձ ճանաչումը, երկու երկրների միջև պետական սահմանի սահմանազատման ուղղությամբ աշխատելու հրատապ անհրաժեշտությունը՝ հիմնվելով ԽՍՀՄ Գլխավոր շտաբի վերջին ամենաթարմ քարտեզների վրա, ինչպես նաև տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակումը՝ ինքնիշխանության և ազգային իրավազորության ներքո, փոխադարձության և հավասարության սկզբունքներով։  Հարգելի ներկաներ, Հավելեմ, որ մեր այսօրվա քննարկումներում անդրադարձել ենք նաև Բաքվում ապօրինի կերպով պահվող հայ ռազմագերիների և պատանդառված քաղաքացիական անձանց անհապաղ վերադարձի, ինչպես նաև Ադրբեջանի հսկողության տակ անցած՝ Լեռնային Ղարաբաղի 100-ավոր հայկական եկեղեցիների, ամրոցների պաշտպանության ապահովման ուղղությամբ մեր միջազգային գործընկերների կողմից հետևողական ջանքերի անհրաժեշտությանը: Տիկին Գլխավոր քարտուղար, Խոսքը փոխանցելով Ձեզ՝ ևս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում այցի և մեր ունեցած քննարկումների համար»։
16:04 - 18 հոկտեմբերի, 2023
Արարատ Միրզոյանն Էստոնիայի ԱԳ նախարարի հետ զրույցում ընդգծել է ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ նկրտումների զսպման անհրաժեշտությունը

Արարատ Միրզոյանն Էստոնիայի ԱԳ նախարարի հետ զրույցում ընդգծել է ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ նկրտումների զսպման անհրաժեշտությունը

Հոկտեմբերի 16-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Էստոնիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնայի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։ Ի շարունակություն սեպտեմբերին Նյու Յորքում երկու նախարարների հանդիպման՝ հեռախոսազանգի ընթացքում քննարկվել են Հարավային Կովկասում առկա անվտանգային իրավիճակի հետ կապված հարցեր:  Նախարար Միրզոյանը շեշտել է, որ չնայած միջազգային գործընկերների հասցեական ուղերձներին՝ Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին հերթական անգամ դիմեց ուժի կիրառման, և Լեռնային Ղարաբաղի 9 ամիս տևած շրջափակումից հետո ավելի քան 100 հազար հայ ստիպված էր լքել իր հայրենիքը և ապահով ապաստան գտնել Հայաստանում: Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանի գործողությունները մաս էին կազմում նախապես ծրագրված էթնիկ զտումների քաղաքականության, որի մասին Հայաստանի Հանրապետությունը շարունակաբար ահազանգում էր: Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի համար առկա հումանիտար մարտահրավերներին և նրանց իրավունքների հասցեագրման հարցերին: Տարածաշրջանում անվտանգային ընդհանուր իրավիճակի համատեքստում ընդգծվել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ որևէ նկրտումների զսպման անհրաժեշտությունը:  Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Էստոնիա երկկողմ օրակարգի, ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցերի, ինչպես նաև բազմակողմ հարթակներում փոխգործակցության վերաբերյալ:
18:50 - 16 հոկտեմբերի, 2023