«3+3»-ը հարմար հարթակ է տարածաշրջանի երկրների հետ հաղորդակցվելու համար․ ԱԳ նախարար |armenpress.am|
18:10 - 25 հոկտեմբերի, 2023

«3+3»-ը հարմար հարթակ է տարածաշրջանի երկրների հետ հաղորդակցվելու համար․ ԱԳ նախարար |armenpress.am|

armenpress.am: «3+3»-ը հարմար հարթակ է տարածաշրջանի երկրների հետ հաղորդակցվելու և ընդհանուր հետաքրքրության թեմաներ քննարկելու համար։  Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ այս մասին հայտարարեց Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն՝ ամփոփելով հոկտեմբերի 23-ին Թեհրանում կայացած «3+3» ձևաչափով հանդիպումը։

« Սա հարմար հարթակ է տարածաշրջանի երկրների հետ հաղորդակցվելու, ընդհանուր հետաքրքրության թեմաներ քննարկելու։

Ինչ վերաբերվում է ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, ինչպես և նախկինում, նաև այդ օրը հնարավորություն եղավ ասելու, որ Հայաստանի Հանրապետությունն ինքը շահագրգռված է տարածաշրջանի ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ, բնականաբար, երկրների ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության և հավասարության սկզբունքների հիման վրա»,- ընդգծեց Միրզոյանը։

ԱԳ նախարարն ընդգծեց՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը այս ապաշրջափակումը խրախուսելու համար նույնիսկ համապատասխան ծրագիր է մշակել և զբաղվում դրա առաջմղմամբ, այն է՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը հրապարակելով։

«Մենք համոզված ենք, որ հենց Հայաստանի տարածքով անցնող տարածաշրջանային և միջազգային կոմունիկացիոն և լոգիստիկ ենթակառուցվածքները կնպաստեն տարածաշրջանում խաղաղության կառուցմանը և դրա առաջին շահառուն և առաջին առաջ մղողը Հայաստանի Հանրապետությունն է։

Անշուշտ, եթե կան երկրներ, որոնք այլ նկատառումներով են խոսում ենթակառուցվածքների մասին, կամ այլ ենթաշերտեր ու ենթաիմաստներ են դնում, սա, իհարկե, տեղի ունենալ չի կարող։ Ինչպես ասացի, ամեն ինչ պետք է արվի միջազգային իրավունքին համապատասխան, տվյալ դեպքում մեր ինքնիշխանության և իրավազորության հարգմամբ»,- եզրափակեց Միրզոյանը


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել