Ազգային ժողով

ՀՀ Սահմանադրության համաձայն Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է: Այն իրականացնում է օրենսդիր իշխանությունը: Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է պետական բյուջեն եւ իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված այլ գործառույթներ: Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ այն գործում է իր կանոնակարգին համապատասխան: Խորհրդարանն ընտրվում է 5 տարի ժամկետով, կազմված է առնվազն 101 անդամից։

Այժմ գործում է 8-րդ գումարման ազգային ժողովը, որը բաղկացած է 106 պատգամավորից, որոնցից 71-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից, 28-ը՝ «Հայաստան» խմբակցությունից, 7-ը՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունից։ ԱԺ գործող նախագահը Ալեն Սիմոնյանն է։

Այս տեսքով այն հակասում է ռազմավարական ծրագրերին. Արտակ Մանուկյանը՝ «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ |tert.am|

Այս տեսքով այն հակասում է ռազմավարական ծրագրերին. Արտակ Մանուկյանը՝ «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ |tert.am|

tert.am: Դուք նախագծում նշել եք, որ օրենքի որոշ դրույթներ ուժի մեջ են մտնում 2030 թվականին, այսինքն՝ հիմա կանխորոշում ենք, որ տասը տարի հետ ուժի մեջ պետք է մտնի: Այս մասին Ազգային ժողովում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը, երբ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Աննա Կոստանյանը ներկայացնում էր   «Կինեմատոգրաֆիայի մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: «Գրել եք բյուջետային հատկացումների 0,1 տոկոս ֆոնդ է գալիս, արտաբյուջեների պրակտիկան դադարեցրինք, որ ամրակցված չլինի, հիմա նորի՞ց հետ ենք դառնում դրան, հիմա անունը դնենք հիմնադրամ, իքս, զեթ, իգրեկ դրանից բովանդակային բան չի փոխվել: Այս տեսքով օրենքը հակասում է ռազմավարական ծրագրերին, ինչ փաստաթուղթ ուզենք՝ հակասում է»,- ասաց Արտակ Մանուկյանը:Պատգամավորը հարց բարձրացրեց, թե արդյոք ավելի լավ չէր լինի նախ «Կինոյի մասին» օրենքի «կարկասը» դնել և ոչ թե 2030 թվականի համար փոփոխություններ նախատեսել: Աննա Կոստանյանը պարզաբանեց, որ տարբեր ժամկետներ սահմանելու պահանջը բխել է կինեմատոգրաֆիայի ոլորտի ներկայացուցիչների ներկայացրած հիմնավորումներից: «Օրենքը ուժի մեջ է մտնում ընդունումից որոշակի ժամանակ անց և որոշակի դրույթներն են 2030 թվականին մտնում»,- ասաց նա:
12:45 - 18 սեպտեմբերի, 2020
Ինքնավար մարմնի անդամի ընտրության մրցութային խորհրդում ԱԺ-ի ներկայացուցչի նշանակման կարգը կփոխվի |armenpress.am|

Ինքնավար մարմնի անդամի ընտրության մրցութային խորհրդում ԱԺ-ի ներկայացուցչի նշանակման կարգը կփոխվի |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց նոր օրենքի նախագիծ, որով փոխվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության համար ձևավորվող մրցութային խորհրդում ԱԺ-ի կողմից անդամի նշանակման կարգը: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանի՝  «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ստացավ 80 կողմ, 33 դեմ, 2 ձեռնպահ ձայներ: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության համար ձևավորվող մրցութային խորհուրդը կազմավորելու համար, գործող օրենքի համաձայն նաև ԱԺ-ի կողմից պետք է անդամ  նշանակվի:  Գործող կարգավորմամբ այդ անդամը պետք է նշանակվի խմբակցությունների կոնսենսուսով: Սակայն դրան չի հաջողվում հասնել արդեն տևական ժամանակ: Նախագծով նախատեսվել է հետևյալ մեխանիզմը՝ կոնսենսուսով նշանակում, իսկ եթե դա չի հաջողվում, ապա այդ խորհրդում ներկայացուցիչը նշանակվում է ԱԺ խորհրդի կողմից»,-ներկայացրեց պատգամավորը: Փոփոխությունների արդյունքում տրվել են ընդհանրական ձևակերպումներ: Արդյունքում նախատեսվել է մեխանիզմ, որ ոչ միայն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում, այլ առհասարակ ինքնավար մարմիններում, երբ անդամ նշանակելու համար կձևավորվի մրցութային խորհուրդ, և  կնախատեսվի, որ ԱԺ-ի կողմից պետք է լինի ներկայացուցիչ, կգործի այս մեխանիզմը:
11:33 - 18 սեպտեմբերի, 2020
ԱԺ-ն ընդունեց միկրոձեռնարկատիրության դաշտում գործող ֆիզիկական անձանց շրջանակը ընդլայնող նախագիծը |armenpress.am|

ԱԺ-ն ընդունեց միկրոձեռնարկատիրության դաշտում գործող ֆիզիկական անձանց շրջանակը ընդլայնող նախագիծը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ընդլայնել միկրոձեռնարկատիրության դաշտում գործող անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց շրջանակը, որոնք զբաղվում են որոշակի գործունեությամբ՝ այդ թվում ներտնային մաքրման ծառայություններով: Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ստացավ 115 կողմ, 5 ձեռնպահ ձայներ: Մելքումյանը նախագիծը ներկայացնելիս հիշեցրել էր, որ Հարկային օրենսգրքի հավելված 3-ում դասակարգված են անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք, որոնք գործում են միկրոձեռնարկատիրության դաշտում: Այդ ցանկում բազմաթիվ մասնագիտություններ կան, օրինակ հանդիսավարները, կրկնուսույցները, դարբինները, կոշկակարները, հագուստի վերանորոգմամբ զբաղվող մասնագետները: Պատգամավորը նախագծով այդ ցանկում ներառել է լրացուցիչ մասնագիտություններ՝ ներտնային վերանորոգման աշխատանքների կատարում, ներտնային ջրամատակարարման, ջրահեռացման եւ ջեռուցման համակարգերի վերանորոգում եւ մոնտաժ, բանալիների` այդ թվում էլեկտրոնային, պատրաստում եւ վերանորոգում, մատնահարդարի եւ վարսահարդարի ներտնային ծառայություն, Էլեկտրական լարերի ներտնային մոնտաժ եւ սպասարկում, երաժշտական գործիքների ներտնային վերանորոգում եւ սպասարկում, ներտնային մաքրման ծառայություն, մեծահասակների եւ երեխաների համար դայակի ներտնային ծառայություն:
11:17 - 18 սեպտեմբերի, 2020
Պաշտոնատար անձանց ծախսերի հայտարարագրման պահանջի նախագծերն առաջին ընթերցմամբ ընդունվեցին |hetq.am|

Պաշտոնատար անձանց ծախսերի հայտարարագրման պահանջի նախագծերն առաջին ընթերցմամբ ընդունվեցին |hetq.am|

hetq.am: Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Հանրային ծառայության մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերում փոփոխություններ կատարելու Կառավարության օրենսդրական փաթեթը, որով առաջարկում է ընդլայնել հայտարարատու պաշտոնատար անձանց շրջանակը, ինչպես նաև ավելացնել ծախսերի հայտարագրում դրույթը: Այն ընդունվեց 101 կողմ, 17 դեմ ձայների հարաբերակցությամբ: Ըստ փոփոխությունների` հայտարարատու են դառնալու նաև 15000 և ավելի բնակչություն ունեցող համայնքների ավագանու անդամները: Մինչ քվեարկությունը` վարման կարգով խոսեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը, ում խոսքով` փոփոխությունների նպատակն ընդունելի է, սակայն քննարկման ընթացքում բացահայտվեցին մի շարք խնդիրներ, ինչպես` բյուջեից չֆինանսավորվող անձանց եկամուտների և ծախսերի հայտարարագրման պահանջը: Սիմոնյանը հայտեց, որ այժմ դեմ են քվեարկելու` հուսալով, որ մինչ երկրորդ ընթերցում թերությունները կշտկվեն: Ըստ նախագծերի` հայտարարագրման ենթակա է սահմանվում նաև փաստացի տիրապետվող գույքը: Պաշտոնատար անձի` պարտականությունների դադարեցումից հետո երկու տարվա ընթացքում եկամուտների էական փոփոխություններից հետո, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն իրավասու է լինելու նախկին պաշտոոնյայից պահանջել գույքի և եկամուտների իրավիճակային հայտարարագիր: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը լիազորություն է ստանալու նաև` դիմելու օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններին` հայտարարագրերի վերլուծության ընթացքում պաշտոնատար անձի գույքի փաստացի տիրապետումը ստուգելու և քրեական ենթամշակույթին հարելու հնարավորության ուսումնասիրության նպատակով:
11:07 - 18 սեպտեմբերի, 2020
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ՊՈԱԿ-ների տնօրենի թեկնածուների համար պահանջները խստացնող նախագիծը |armenpress.am|

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ՊՈԱԿ-ների տնօրենի թեկնածուների համար պահանջները խստացնող նախագիծը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վարազդատ Կարապետյանի,  Լիլիթ Մակունցի ու Հերիքնազ Տիգրանյանի ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկում է պետական ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների թեկնածուների համար սահմանել 2 տարվա ստաժի պահանջ: «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 94 կողմ, 15 դեմ ձայներ: Գործող ընթացակարգով միայն բարձրագույն կրթությունը բավարար է, որ մարդը կարողանա մասնակցել ցանկացած պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի մրցույթին: Նախագծով ավելացվում է նաև երկու տարվա համապատասխան մասնագիտական ստաժը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ: Կրթության, միջնակարգ մասնագիտական կրթության հաստատությունների տնօրենների ընտրությունը կկարգավորվի համապատասխան օրենսդրությամբ:  Գործող օրենսդրությամբ, եթե մարդն ունի դատվածություն և այդ դատվածությունը մարված կամ հանված է, ապա նա կարող է մասնակցել տնօրենի ընտրության մրցույթին: Նախագծով սահմանվում է, որ եթե դատվածություն ունի, ապա չի կարող մասնակցել: Սակայն առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում այդ դրույթում կարվեն  փոփոխություններ ՝ սահմանելով, որ չի կարող մասնակցել ՊՈԱԿ-ի տնօրենի ընտրության մրցույթին, եթե մարդը դիտավորյալ գործած հանցագործության արդյունքում դատվածություն ունի: Սահմանվում է նաև, որ տնօրենի պաշտոնին հավակնող անձնավորությունը պետք է մշակի տվյալ կազմակերպության զարգացման հայեցակարգ, անցնի քննության երկու փուլ և բանավոր փուլի ժամանակ ներկայացնի հայեցակարգը և պատասխանի հարցերին՝ հայեցակարգի մասին:  Կառավարությունը պետք է հաստատի տնօրենների ընտրության ընթացակարգը:
10:41 - 18 սեպտեմբերի, 2020
Երվանդ Խունդկարյանը հայտնել է Վճռաբեկ դատարանի նախագահի լիազորությունները վայր դնելու մասին

Երվանդ Խունդկարյանը հայտնել է Վճռաբեկ դատարանի նախագահի լիազորությունները վայր դնելու մասին

Ազգային ժողովի կողմից Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրված Երվանդ Խունդկարյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում հայտնել է, որ վայր է դնում Վճռաբեկ դատարանի նախագահի և Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի լիազորությունները:  «Հարգելի՛ գործընկերներ, սույն թվականի սեպտեմբերի 15-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընտրվել եմ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի դատավոր, ինչը ենթադրում է, որ թողնում եմ այն միջավայրը, որտեղ աշխատում եմ 1992 թվականից սկսած (ընդ որում, 2001 թվականից սկսած՝ որպես դատավոր): Աշխատելով Հայաստանի Հանրապետության դատական համակարգում գրեթե երեք տասնամյակ՝ կարող եմ փաստել, որ այն ինձ համար դարձել է ընտանիք և հարազատ անկյուն: Պատիվ եմ ունեցել ավելի քան ութ տարի որպես դատավոր աշխատել Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարանում և Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանում: Շնորհակալ եմ իմ գործընկերներին, ում հետ համատեղ աշխատանքը նպաստել է իմ՝ որպես դատավորի կայացմանը: 2008 թվականից սկսած, շուրջ 12 տարի, աշխատում եմ Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանում, ինչն ավելի քան երկար ժամանակահատված է, որպեսզի հարազատ դարձած աշխատավայրը թողնելը երկակի զգացողություններ առաջացնի ինձ մոտ ճիշտ այնպես, ինչպես Սահմանադրական դատարանի դատավոր ընտրվելու հանգամանքը երկակի զգացողություններ առաջացրեց դատավորների և դատական ծառայողների մեծամասնության մոտ: Ընդ որում, երկակի զգացողություններն ավելի են սրվում, երբ հաշվի եմ առնում, որ մասնագիտական գործունեության շուրջ 28 տարվանից 21 տարին աշխատել եմ Վճռաբեկ դատարանի (նախկինում Գերագույն դատարանի) շենքում: Մի կողմից ուրախ և շնորհակալ եմ ինձ տրված վստահության քվեի համար ինչպես Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովին, այնպես էլ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին, մյուս կողմից շատ դժվար է բաժանվել հոգեհարազատ աշխատավայրից և այն մարդկանցից, ում հետ աշխատել եմ երկար տարիներ, ում հետ միասին դժվարին ու պատասխանատու ճանապարհ ենք անցել: Ցանկանում եմ ընդգծել, որ դատական համակարգի կայացման, արդարադատության արդյունավետության բարձրացման գործում խիստ կարևոր է յուրաքանչյուր դատավորի դերն ու կատարած աշխատանքը: Այն ծանրաբեռնվածությունը և պատասխանատվությունը, որ ներկայումս ընկած է յուրաքանչյուր դատավորի և, մասնավորապես, առաջին ատյանի դատարանի դատավորների ուսերին, և այն համբերատարությունը, որ դրսևորում են բոլոր դատավորներն իրենց ուղղված՝ հաճախ անհիմն քննադատության նկատմամբ, միայն հարգանքի է արժանի: Այդպիսին եմ տեսել և այդպիսին եմ տեսնում դատավորի կերպարը, այդպես ենք մենք դրսևորել մեզ բոլորս նմանատիպ իրավիճակներում: Կարևորում եմ այն հսկայական աշխատանքը, որ կատարվել է երեք ատյանների դատարանների և դատական ծառայողների կողմից՝ Հայաստանի Հանրապետությունում արդարադատության որակն ու արդյունավետությունը բարձրացնելու, Հայաստանի Հանրապետությունում նախադեպի ինստիտուտի զարգացման ուղղությամբ: Վստահ եմ, որ ձեր կատարած աշխատանքն է Հայաստանի Հանրապետության դատաիրավական համակարգի զարգացման կարևորագույն հիմքը: Ինձ համար մեծ պատիվ էր ձեզ հետ աշխատելը և միասին այդքան կարևոր ճանապարհ անցնելը: Կարևորում եմ նաև Հայաստանի Հանրապետության դատավորների միության՝ որպես դատավորների և դատական համակարգի խնդիրները վեր հանող և խնդիրների լուծման ուղիներ փնտրող մարմնի աշխատանքը: Հուսով եմ, որ որպես միության անդամ և նաև որպես միության նախագահ՝ կարողացել եմ իմ համեստ ներդրումն ունենալ Հայաստանի Հանրապետության դատավորների միության կողմից դատավորներին հուզող խնդիրների բարձրաձայնմանը՝ թե՛ օրենսդրական փոփոխությունների մակարդակում, թե՛ զանգվածային լրատվության միջոցների հետ շփումներում, թե՛ միջազգային կառույցների և միջազգային դատավորական համայնքի հետ համագործակցության ընթացքում: Հարկ եմ համարում նաև անդրադառնալ Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիայի կատարած կարևոր գործառույթներին: Գաղտնիք չէ, որ Արդարադատության ակադեմիան վերջին տարիներին մասնավորապես դատավորների թեկնածուների հավակնորդների մասնագիտական պատրաստման, դատավորների, դատավորների թեկնածուների ցուցակում գտնվող անձանց վերապատրաստման, դատական ծառայողների և դատական կարգադրիչների վերապատրաստման հարցում կատարում է ահռելի աշխատանք: Շնորհակալություն եմ հայտնում Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի բոլոր անդամներին (թե՛ իմ գործընկեր դատավորներին, թե՛ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության և թե՛ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացուցիչներին), Արդարադատության ակադեմիայի ռեկտորին և ողջ աշխատակազմին արդյունավետ համագործակցության համար: Ցանկանում եմ անդրադառնալ նաև մի շարք միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությանը, որոնց աջակցությունը կարևոր նշանակություն է ունեցել Հայաստանի Հանրապետությունում դատական իշխանությանը հուզող խնդիրների բարձրաձայնման և դրանց լուծման ուղիներ փնտրելու հարցում: Կարևորում եմ համագործակցությունը Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության, Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ), Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) հետ: Նշված կազմակերպությունների օժանդակությամբ Հայաստանում և Հայաստանից դուրս իրականացվել են բազմաթիվ ծրագրեր, որոնք ուղղված են եղել Հայաստանում դատական իշխանության տարբեր խնդիրների լուծմանը: Բացի այդ, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի օժանդակությամբ տարիներ շարունակ հրատարակվել են Վճռաբեկ դատարանի որոշումների ընտրանիները և գործունեության տարեկան հաշվետվությունները, որոնք հայ իրավաբանական համայնքի գրադարանի բաղկացուցիչ մասն են այսօր կազմում: Շնորհակալ եմ բոլորին այն ջանքերի, համբերության, պատրաստակամության համար, որ համատեղ ներդրել ենք Հայաստանի Հանրապետության դատական համակարգի զարգացման դժվարին և պատասխանատու գործում: Հարգելի՛ գործընկերներ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ինձ տրված վստահության քվեն և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով Սահմանադրական դատարանի դատավորի համար սահմանված անհամատեղելիության պահանջները՝ վայր եմ դնում իմ՝ որպես Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի նախագահի և Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի լիազորությունները, դադարեցնում եմ անդամակցությունս Հայաստանի Հանրապետության դատավորների միությանը՝ միաժամանակ հրաժարվելով Հայաստանի Հանրապետության դատավորների միության նախագահի պաշտոնից, դադարեցնում եմ պաշտոնավարումս՝ որպես Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահ և կառավարման խորհրդի անդամ: Հավատում եմ, որ դատական իշխանության բոլոր նվիրյալների՝ ի դեմս դատավորների և դատական ծառայողների աշխատանքը նպաստելու է Հայաստանի Հանրապետությունում արդարադատության որակի բարձրացմանը, Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր դատավորի հանդեպ պատկառանքի արմատավորմանը: Աստված պահապան բոլորիս ընտանիքներին»:
10:31 - 18 սեպտեմբերի, 2020
ԱԺ-ն քննարկեց ԵԱՏՄ երկրների ֆինանսական ոլորտում տեղեկատվության փոխանակմանն առնչվող համաձայնագիր |armenpress.am|

ԱԺ-ն քննարկեց ԵԱՏՄ երկրների ֆինանսական ոլորտում տեղեկատվության փոխանակմանն առնչվող համաձայնագիր |armenpress.am|

armenpress.am:  Պատգամավորները քննարկեցին ԵԱՏՄ երկրների ֆինանսական ոլորտում տեղեկությունների փոխանակմանն առնչվող համաձայնագրին միանալու արձանագրությունը:  «Հայաստանի Հանրապետության` «Կապիտալի ազատ տեղաշարժի ապահովման համար ֆինանսական շուկաներում պայմանների ստեղծման նպատակով ֆինանսական ոլորտում տեղեկությունների, այդ թվում` կոնֆիդենցիալ, փոխանակման մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23-ի համաձայնագրին միանալու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին օրենքի նախագիծը ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ Կենտրոնական բանի նաագահ տեղակալ Վախթանգ Աբրահամյանը: «Համաձայնագիրը ստորագրվել է 2014 թվականի դեկտեմբերի 23-ին Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարությունների եւ կենտրոնական (ազգային) բանկերի միջև: Հայաստանը անդամակցում է այդ համաձայնագրին: Համաձայնագրի նպատակն է` համակարգել եւ ընդլայնել ԵԱՏՄ անդամ պետությունների ֆինանսական շուկան վերահսկող մարմինների միջեւ տեղեկատվության փոխանակման գործընթացը, այդ թվում՝ կոնֆիդենցիալ տեղեկատվության փոխանակման»,-ասաց Աբրահամյանը: Համաձայնագիրը սահմանում է այն տեղեկատվության շրջանակը, որը պետք է հրապարակվի վերահսկող մարմինների ինտերնետային կայքերում, ինչպես նաեւ այն տեղեկատվության շրջանակը, որը պետք է տրամադրվի հարցում կատարող անդամ պետության վերահսկող մարմնին` որոշակի պայմանների բավարարման դեպքում: «Մասնավորապես խոսքը գնում է լիցենզավորված սուբյեկտների մասով հարցումների իրականացմանը՝ կարգավորող մարմինների կողմից: Օրինակ մեր կողմից լիցենզավորված սուբյեկտի վերաբերյալ անդամի երկրի պատկան մարմինը կարող է հարցում իրականցնել բաժնետերերի կառուցվածքի վերաբերյալ, թույլտվություն ստացած բաժնետերերի մասին և այլն»,-ասաց ԿԲ նախագահի տեղակալը:
18:30 - 17 սեպտեմբերի, 2020
Մելքումյանն առաջարկում է ընդլայնել միկրոձեռնարկատիրության դաշտում գործող ֆիզիկական անձանց շրջանակը |armenpress.am|

Մելքումյանն առաջարկում է ընդլայնել միկրոձեռնարկատիրության դաշտում գործող ֆիզիկական անձանց շրջանակը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն առաջարկում է ընդլայնել միկրոձեռնարկատիրության դաշտում գործող անհատ ձեռնարակատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց շրջանակը, որոնք զբաղվում են որոշակի գործունեությամբ՝ այդ թվում ներտնային մաքրման ծառայություններով:  Մելքումյանը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը ներկայացրեց ԱԺ սեպտեմբերի 17-ի նիստում: Նա հիշեցրեց, որ Հարկային օրենսգրքի հավելված 3-ում դասակարգված են անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք, որոնք գործում են միկրոձեռնարկատիրության դաշտում: Այդ ցանկում բազմաթիվ մասնագիտություններ կան, օրինակ հանդիսավարները, կրկնուսույցները, դարբինները, կոշկակարները, հագուստի վերանորոգմամբ զբաղվող մասնագետները: «Մի շարք մասնագետներ կան, որոնք քաղաքացիներին ծառայություններ են մատուցում, սակայն չեն ցանկանում գրանցվել որպես անհատ ձեռնարկատերեր կամ այլ սուբյեկտներ: Բայց մենք պետք է հնարավորություն տանք, որ նրանք այդ ցանկում լինեն: Ներառել եմ լրացուցիչ մասնագիտություններ՝ ներտնային վերանորոգման աշխատանքների կատարում, ներտնային ջրամատակարարման, ջրահեռացման եւ ջեռուցման համակարգերի վերանորոգում եւ մոնտաժ, բանալիների` այդ թվում էլեկտրոնային, պատրաստում եւ վերանորոգում, մատնահարդարի եւ վարսահարդարի ներտնային ծառայություն, Էլեկտրական լարերի ներտնային մոնտաժ եւ սպասարկում, երաժշտական գործիքների ներտնային վերանորոգում եւ սպասարկում, ներտնային մաքրման ծառայություն, մեծահասակների եւ երեխաների համար դայակի ներտնային ծառայություն»,-ներկայացրեց պատգամավորը: Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը հայտնեց, որ կառավարությունը սկզբանապես բացասական վերաբերմուք է ունեցել այս նախագծի մասով: «Գործող կարգավորումների համաձայն՝ նախագծով առաջարկվող գործունեության տեսակներով այսօր էլ, առանց այս օրենսդրական փոփոխության, հնարավոր է զբաղվել, եթե ֆիզիկական անձը հաշվառվում է որպես անհատ ձեռնարկատեր: Քաղաքականությունը, որ ֆիզիկական անձը, որը զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ, գոնե հաշվառվի որպես անհատ ձեռնարկատեր,  կարևոր է այն իմաստով, որ այդ պարագայում ֆիզիկական անձը դառնում է հարկային մարմնի համար ավելի հասկանալի, թափանցիկ գործընկեր, դուրս է գրում հաշվարկային փաստաթղթեր, ավելի վերահսկելի դաշտում է գործում»,-ասաց Պողոսյանն ու հավելեց, որ կառավարությունը վստահ է, որ հարկման այս արտոնյալ համակարգը նախատեսված է հենց այդ ֆիզիկական անձի համար:
17:18 - 17 սեպտեմբերի, 2020
Անշարժ գույքի վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն հնարավոր կլինի ձեռք բերել էլեկտրոնային եղանակով. ԱԺ-ն քննարկեց նախագիծը |hetq.am|

Անշարժ գույքի վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն հնարավոր կլինի ձեռք բերել էլեկտրոնային եղանակով. ԱԺ-ն քննարկեց նախագիծը |hetq.am|

hetq.am: Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկեց «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու Կառավարության օրենսդրական առաջարկը: Նախագիծը ներկայացրեց Կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Նարինե Ավագյանը:   Պաշտոնյայի խոսքով` նախագիծը միտված է պարզեցնելու պետական գրանցման և տեղեկատվության տրամադրման գործընթացները և խթանելու էլեկտրոնային գործիքների կիրառումը կադաստրի կողմից մատուցվող ծառայությունների ընթացքում, նաև նվազեցնելու որոշ ծառայությունների համար նախատեսված սակագները: Նախագծի ընդունման պարագայում` անշարժ գույքին առնչվող ցանկացած տեղեկատվություն հնարավոր է ձեռք բերել էլեկտրոնային եղանակով, ինչպես նաև դիմումները ներկայացնել էլեկտրոնային եղանակով` E-cadastre.am կայքի միջոցով: Ըստ նախագծի` գյուղատնտեսական նշանակության մեկ միավոր հողամասի կադաստրային արժեքի և դրա հաշվարկման համար հիմք հանդիսացած տվյալների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման համար 500 դրամ սակագին է սահմանվում (գործող 1000ղրամի փոխարեն), գյուղատնտեսական նշանակության մեկ միավոր հողամասի նկատմամբ կամ դրա որևէ մասի նկատմամբ միևնույն տեսակի իրավունքի կամ սահմանափակման, դրա փոփոխման կամ դադարման վերաբերյալ տեղեկատվության տրամադրման համար` կրկին 500 դրամ: Անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգի միջոցով ինքնաշխատ եղանակով տրամադրվող յուրաքանչյուր տեղեկատվության համար սահմանվելու է 300 դրամ սակագին: «Այլևս քաղաքացիները ստիպված չեն լինելու շինությունների և հողամասեսրի հատակագծերը փաստաթղթային եղանակով ներկայացնելու Կադաստրի կոմիտե, այլ դա իրականացվելու է էլեկտրոնային եղանակով, ընդ որում էլեկտրոնային եղանակով ներկայացման կարգը սահմանելու է Անշարժ գույքի ռեգիստրի ղեկավարը»,- ասաց հիմնական զեկուցողը:
16:24 - 17 սեպտեմբերի, 2020
Առաջարկում ենք, որ Քննչական կոմիտեում կարողանան աշխատել այն անձինք, որոնք օրենքով ազատվել են զինծառայությունից. ՔԿ ղեկավարի տեղակալ |tert.am|

Առաջարկում ենք, որ Քննչական կոմիտեում կարողանան աշխատել այն անձինք, որոնք օրենքով ազատվել են զինծառայությունից. ՔԿ ղեկավարի տեղակալ |tert.am|

tert.am: ԱԺ-ում քննարկվում է «ՀՀ քննչական կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցը: Հիմնական զեկույցով հանդես եկավ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը:Վերջինս նշեց, որ փոփոխությունները պայմանավորված են «Հանրային ծառայության մասին», «Քաղաքացիական ծառայության մասին», Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին», և «Զինվորական ծառայության ու զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքներում կատարված փոփոխություններով:Արսեն Այվազյանը նաև հավելեց, որ «ՀՀ քննչական կոմիտեի մասին» օրենքը ընդունվել է 2014-ին և այս վեց տարիների կիրառման ընթացքում ի հայտ են եկել մի շարք թերություններ, բացեր և որ նաև դրանով են պայմանավորված այս փոփոխությունները: Նա նշեց, որ փոփոխություններով նախատեսվում է «քննչական կոմիտեի ծառայողներ» հասկացությունը փոփոխել «ինքնավար պաշտոն զբաղեցնող անձ» բառերով: «Հաջորդ փոփոխությունների հիմքը պայմանավորված է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով. նշված օրենքում ամրագրված է՝ 2019 թվականի հունվարի 1-ից ուժը կորցրած ճանաչել ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայության մասին դեռևս 2014 թվականին ընդունված օրենքը: Սրանով էլ պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել և Քննչական կոմիտեի դեպարտամենտը վերացնել, այդ աջակցող սուբյեկտները պետք է, ըստ նախագծի կոչվեն աջակցող մասնագիտական վարչության աշխատակիցներ: Այսինքն՝ դեպարտամենտին եկել են փոխարինելու աջակցող մասնագիտական մարմինները, որոնք լինելու են վարչությունների և բաժինների տեսքով»,- ասաց նա:Արսեն Այվազյանը նշեց, որ հաջորդ փոփոխությունով՝ քննչական կոմիտեի ղեկավարը՝ որպես մարմնի ղեկավար հետայսու իրավունք պետք է ունենա անձամբ հաստատելու Քննչական կոմիտեի կանոնադրությունը, հաստիքացուցակը, կառուցվածքը. մինչ այդ, այս ամենն իրականացվում էր Կառավարության միջոցով, հիմա փոփոխության արդյունքում այդ ամենը պետք է կատարվի Քննչական կոմիտեի ղեկավարի կողմից:
15:39 - 17 սեպտեմբերի, 2020
ՊԵԿ-ը նպատակահարմար չի համարում հետաձգել հագուստի մաքսազերծման նոր կարգին անցումը |armenpress.am|

ՊԵԿ-ը նպատակահարմար չի համարում հետաձգել հագուստի մաքսազերծման նոր կարգին անցումը |armenpress.am|

armenpress.am: Պետական եկամուտների կոմիտեն նպատակահարմար չի համարում հետաձգել հագուստի մաքսազերծման նոր կարգի անցումը, ըստ որի հագուստն ու կոշիկն արդեն մաքսազերծվում են ոչ թե կիլոգրամով, այլ հատով: Այս մասին ԱԺ-ում ասաց ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը՝ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի առաջարկին: Մելքումյանն առաջարկեց կորոնավիրուսի ճգնաժամի ընթացքում, երբ սոցիալական որոշակի լարվածություն կա, հանրության հետ էլ համաձայնության գալ՝ որոշակի ժամանակով պահել միջանկյալ շրջանը, որում հագուստը կրկին կշարունակվի մաքսազերծվել կիլոգրամով, հետո նոր անցում կատարել նոր կարգին: ՊԵԿ նախագահն արձագանքեց՝  եթե հարցը ժամանակին չի հանրայնացվել, չի նշանակում, թե այդ դաշտի հետ պայմանավորվածություն չեն կնքել: «Այս անցումը նախատեսված է եղել 2020 թվականի ապրիլի 1-ից, բոլոր տնտեսավարողները տեղյակ են եղել: Հնարավոր է, որ լինեն 1-2 տոկոս տնտեսավարողներ, որոնք տեղյակ չեն եղել: Ես չեմ կարծում, որ պետական մարմինը պետք է պարտադիր հանրային համաձայնությամբ ամրագրի իր գործողությունների հետագա պատկերացումները: Եվ այդ պայմանավորվածությունը եղել է, ես նպատակահարմար չեմ համարում ժամկետի հետաձգում»,-ասաց նա ու նշեց՝ դա իրենց դիրքորոշումն է:
14:32 - 17 սեպտեմբերի, 2020
ԼՀԿ-ական պատգամավորը դեմ է, որ ավագանու անդամները ևս հայտարարագրեն եկամուտները, գույքը և ծախսերը |armenpress.am|

ԼՀԿ-ական պատգամավորը դեմ է, որ ավագանու անդամները ևս հայտարարագրեն եկամուտները, գույքը և ծախսերը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն առաջարկում է վերանայել կառավարության առաջարկը, ըստ որի՝15 հազար և ավելի բնակչություն ունեցող համայնքների ավագանու անդամների համար ևս սահմանվում է հայտարարագրման պարտականություն: Սամսոնյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկմանը: «Համայնքի ավագանու ինստիտուտը դեռևս չենք կարողանում կայացնել, քանի որ հիմնված է կամավորության հիմունքների վրա, ավագանու անդամը չի վարձատրվում: Եվ ըստ էության դժվար է ներգրավել մարդկանց: Այս դեպքում, երբ առաջարկում ենք, որ տարեկան հայտարարագրվեն նաև համայնքի ավագանու անդամները, մենք մեծապես վնաս ենք հասցնելու համայնի ավագանու ինստիտուտին՝ որակական առումով: Այդ մարդիկ տարբեր պատճառներով չեն ցանկանալու հայտարարագրել իրենց միջոցները, քանի որ չեն վարձատրվում պետությունից»,-ասաց Սամսոնյանը: Պատգամավորի համար անհասկանալի է նաև, թե ինչու պետք է ավագանու անդամները հայտարարագրեն ծախսեր: Նա նկատեց՝ նրանց կյանքի որակը, ապրելակերպը կախված չէ պետության միջոցներից: «Սա ևս նպաստելու է, որ մենք առանց այդ էլ թույլ տեղական ինքնակառավարման համակարգին մեծ վնաս հասցնենք»,-ասաց պատգամավորն ու հորդորեց վերանայել համայնքի ավագանու անդամների մասով դրույթները: «Իմ քայլը»-ից Սուրեն Գրիգորյանը, սակայն, չհամաձայնեց Սամսոնյանի հետ: «Դա ծառայություն է համայնքին, և եթե մարդը հավակնում է, որ ինքը պետք է կարևորագույն որոշումներ կայացնի, ուրեմն հանրությունը պետք է վստահ լինի, որ այդ մարդը զերծ է ցանկացած ազդեցությունից, կոռուպցիոն ռիսկերից, որ այդ մարդուն որոշման կայացումը վստահի»,-նշեց պատգամավորը:
14:15 - 17 սեպտեմբերի, 2020
Պաշտոնատար անձինք պարտավոր կլինեն նաև ծախսերի հայտարարագիր լրացնել |hetq.am|

Պաշտոնատար անձինք պարտավոր կլինեն նաև ծախսերի հայտարարագիր լրացնել |hetq.am|

hetq.am: Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկեց «Հանրային ծառայության մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերում փոփոխություններ կատարելու փաթեթը, որով առաջարկում է ընդլայնել հայտարարատու պաշտոնատար անձանց շրջանակը: Հայտարարագրման ենթակա պաշտոնատար անձինք են համարվելու նաև 15000 և ավելի բնակչություն ունեցող համայնքների ավագանու անդամները: Փաթեթը ներկայացրեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: Ըստ նախագծերի` հայտարարագրման ենթակա է սահմանվում նաև փաստացի տիրապետվող գույքը: Եթե այս փոփոխությունները կյանքի կոչվեն, ապա պաշտոնատար անձի` պարտականությունների դադարեցումից հետո երկու տարվա ընթացքում եկամուտների էական փոփոխություններից հետո, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն իրավասու կլինի պահանջել գույքի և եկամուտների իրավիճակային հայտարարագիր: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը լիազորություն է ստանալու նաև դիմելու օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններին` հայտարարագրերի վերլուծության ընթացքում պաշտոնատար անձի գույքի փաստացի տիրապետումը ստուգելու և քրեական ենթամշակույթին հարելու հնարավորության ուսումնասիրության նպատակով:
13:30 - 17 սեպտեմբերի, 2020
Պատգամավորն առաջարկում է փոխել մրցութային խորհուրդներում ԱԺ-ի կողմից անդամի նշանակման կարգը |armenpress.am|

Պատգամավորն առաջարկում է փոխել մրցութային խորհուրդներում ԱԺ-ի կողմից անդամի նշանակման կարգը |armenpress.am|

armenpress.am: ԱԺ խմբակցություններին արդեն տևական ժամանակ չի հաջողվում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության համար ձևավորվող մրցութային խորհրդում կոնսենսուսով անդամ նշանակել:  Հարցը լուծելու նպատակով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանն առաջարկում է փոխել մրցութային խորհրդում անդամի նշանակման կարգը: Գրիգորյանը «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ քննարկման համար ներկայացրեց ԱԺ սեպտեմբերի 17-ի նիստում: Գրիգորյանը հիշեցրեց, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության համար ձևավորվող մրցութային խորհուրդը կազմավորելու համար, գործող օրենքի համաձայն նաև ԱԺ-ի կողմից պետք է անդամ  նշանակվի:  Գործող կարգավորմամբ այդ անդամը պետք է նշանակվի խմբակցությունների կոնսենսուսով: Սակայն դրան չի հաջողվում հասնել արդեն տևական ժամանակ: Գրիգորյանի նախագծով ի սկզբանե նախատեսվել էր, որ այդ իրավունքն անցնի ԱԺ նախագահին: Սակայն հետագայում քննարկումների արդյունքում երկրորդ ընթերցմամբ քննարկմանը ներկայացվել է այլ կարգավորում: «Որպեսզի ԱԺ նախագահի կողմից միանձնյա որոշում չկայացվի, նախատեսվել է հետևյալ մեխանիզմը՝ կոնսենսուսով նշանակում, իսկ եթե դա չի հաջողվում, ապա այդ խորհրդում ներկայացուցիչը նշանակվում է ԱԺ խորհրդի կողմից»,-ներկայացրեց պատգամավորը: Փոփոխությունների արդյունքում տրվել են ընդհանրական ձևակերպումներ: Արդյունքում նախատեսվել է մեխանիզմ, որ առհասարակ ոչ միայն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում, այլ առհասարակ ինքնավար մարմիններում, երբ անդամ նշանակելու համար կձևավորվի մրցութային խորհուրդ, և  կնախատեսվի, որ ԱԺ-ի կողմից պետք է լինի ներկայացուցիչ, կգործի այս մեխանիզմը:
13:03 - 17 սեպտեմբերի, 2020