armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն առաջարկում է վերանայել կառավարության առաջարկը, ըստ որի՝15 հազար և ավելի բնակչություն ունեցող համայնքների ավագանու անդամների համար ևս սահմանվում է հայտարարագրման պարտականություն: Սամսոնյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկմանը:
«Համայնքի ավագանու ինստիտուտը դեռևս չենք կարողանում կայացնել, քանի որ հիմնված է կամավորության հիմունքների վրա, ավագանու անդամը չի վարձատրվում: Եվ ըստ էության դժվար է ներգրավել մարդկանց: Այս դեպքում, երբ առաջարկում ենք, որ տարեկան հայտարարագրվեն նաև համայնքի ավագանու անդամները, մենք մեծապես վնաս ենք հասցնելու համայնի ավագանու ինստիտուտին՝ որակական առումով: Այդ մարդիկ տարբեր պատճառներով չեն ցանկանալու հայտարարագրել իրենց միջոցները, քանի որ չեն վարձատրվում պետությունից»,-ասաց Սամսոնյանը:
Պատգամավորի համար անհասկանալի է նաև, թե ինչու պետք է ավագանու անդամները հայտարարագրեն ծախսեր: Նա նկատեց՝ նրանց կյանքի որակը, ապրելակերպը կախված չէ պետության միջոցներից: «Սա ևս նպաստելու է, որ մենք առանց այդ էլ թույլ տեղական ինքնակառավարման համակարգին մեծ վնաս հասցնենք»,-ասաց պատգամավորն ու հորդորեց վերանայել համայնքի ավագանու անդամների մասով դրույթները:
«Իմ քայլը»-ից Սուրեն Գրիգորյանը, սակայն, չհամաձայնեց Սամսոնյանի հետ: «Դա ծառայություն է համայնքին, և եթե մարդը հավակնում է, որ ինքը պետք է կարևորագույն որոշումներ կայացնի, ուրեմն հանրությունը պետք է վստահ լինի, որ այդ մարդը զերծ է ցանկացած ազդեցությունից, կոռուպցիոն ռիսկերից, որ այդ մարդուն որոշման կայացումը վստահի»,-նշեց պատգամավորը:
comment.count (0)