Հայաստան

ՀՀ նախագահն ու Ֆուկուսիմա Մասանորին մտքեր են փոխանակել հայ-ճապոնական երկկողմ օրակարգի և փոխգործակցության խորացման շուրջ

ՀՀ նախագահն ու Ֆուկուսիմա Մասանորին մտքեր են փոխանակել հայ-ճապոնական երկկողմ օրակարգի և փոխգործակցության խորացման շուրջ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մայիսի 17-ին ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուսիմա Մասանորիին: Այս մասին  հայտնում են նախագահի աշխատակազմից։ Դեսպան Ֆուկուսիմա Մասանորին շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք: Դեսպան Մասանորին նշել է, որ այս տարի լրանում է Ճապոնիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման հոբելյանական 30-ամյակը: Այս համատեքստում զրուցակիցներն անդրադարձել են դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր ձևավորված միջպետական ամուր հարաբերություններին ու դրանց զարգացման հեռանկարներին, մտքեր փոխանակել հայ-ճապոնական երկկողմ օրակարգի և փոխգործակցության խորացման շուրջ:    
15:06 - 17 մայիսի, 2022
Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը Կրեմլում առանձնազրույց են ունեցել

Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը Կրեմլում առանձնազրույց են ունեցել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կրեմլում առանձնազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։  Իր խոսքում ՌԴ նախագահը նշել է.  «Հարգելի Նիկոլ Վլադիմիրի, մենք Ձեզ հետ մշտական կապի մեջ ենք` քննարկելու երկկողմ օրակարգի հարցերն ու տարածաշրջանային խնդիրները: Այնուամենայնիվ, հարցերը միշտ շատ են, դա ակնհայտ է` վկայում է մեր երկխոսության ինտենսիվության մասին: Ես մեր երկկողմ ձևաչափով զրույցի սկզբում կցանկանայի նշել, որ նախորդ տարվա կտրվածքով դիտարկում ենք առևտրաշրջանառության զգալի աճ, շարունակվում են ներդրումները, ակտիվորեն շարունակում ենք աշխատել ղարաբաղյան խնդրի կարգավորման ուղղությամբ եռակողմ ձևաչափով` Ադրբեջանի գործընկերների հետ միասին: Հարցերը շատ են, ուրախ եմ Ձեզ հետ հանդիպելու հնարավորության և բոլոր թեմաների շուրջ խոսելու համար»: Իր հերթին ՀՀ վարչապետ Փաշինյանը նշել է.  «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, թույլ տվեք ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել ՀԱՊԿ հոբելյանական գագաթնաժողովի կազմակերպման և ավանդական ջերմ ընդունելության համար: Իհարկե, Հավաքական անվտանգության պայմանագրի 30-ամյակը և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության 20-ամյակը նշանակալի իրադարձություններ են և կարծում եմ` մենք ունեցանք շատ բովանդակալից խոսակցություն: Շատ կարևոր է, որ այդ խոսակցությունն ուղղված է ապագային, մեր կազմակերպության հետագա զարգացմանը: Իհարկե, ամիս էլ չի անցել Ռուսաստանի Դաշնություն իմ առաջին պաշտոնական այցից հետո: Մենք այն ժամանակ էլ ունեցանք շատ բովանդակալից խոսակցություն, և ինչպես Դուք ճիշտ նկատեցիք` մեր երկկողմ օրակարգն այնքան հագեցած է, որ կարելի է ավելի հաճախ հանդիպել: Մենք գտնվում ենք մշտական կապի մեջ, հաճախ հեռախոսազրույցներ ենք ունենում: Տնտեսության առումով ցանկանում եմ նկատել, որ մարտ ամսին որոշակի անկումից հետո նկատվում է երկկողմ տնտեսական կապերի ակտիվացում: Մենք տեսնում ենք ներդրումային հետաքրքրություն ռուսական բիզնեսի կողմից, որն ուզում է ներդրումներ կատարել Հայաստանում: Եվ գիտեմ, որ այս հարցում Դուք ևս քաջալերում եք ռուսաստանցի գործարարներին, որպեսզի նրանք ներդրումներ կատարեն Հայաստանում: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ դրա համար: Իհարկե, հույս ունեմ, որ այսօր կքննարկենք նաև տարածաշրջանային անվտանգության, կայունության, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, ինչպես նշեցինք մեր համատեղ հայտարարության մեջ` նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի կարևոր դերակատարման հետ կապված հարցեր: Կցանկանայի Ձեզ հետ կիսվել որոշակի տեղեկատվությամբ, այնպես որ ևս մեկ անգամ շնորհակալ եմ հանդիպման համար»:
22:58 - 16 մայիսի, 2022
ՀՀ ԲՏԱ նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտի զարգացմանն առնչվող հարցեր

ՀՀ ԲՏԱ նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտի զարգացմանն առնչվող հարցեր

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը  մայիսի 16-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։ Ռոբերտ Խաչատրյանը, բարձր գնահատելով Ֆրանսիայի հարուստ փորձը տեխնոլոգիական ոլորտում, ինչպես նաև նախարարության հետ նախկինում իրականացված ծրագրերի արդյունավետությունը, կարևորել է երկկողմ փոխշահավետ համագործակցության խորացման անհրաժեշտությունը։ «Անն Լույոն՝ շնորհավորելով Ռոբերտ Խաչատրյանին նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, վերահաստատել է համագործակցության շարունակության պատրաստակամությունը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Ֆրանսիայի կողմից Հայաստանին նվիրաբերած սուպեր համակարգիչը Երևան տեղափոխելու գործընթացին, «Ինժեներական քաղաքի» գործունեությանը, ստարտափների զարգացմանն ուղղված ինկուբացիոն և աքսելերացիոն ծրագրերին, տեխնոլոգիական կրթության ոլորտում  համագործակցության  հնարավորություններին, մի շարք այլ թեմաների»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Կողմերը քննարկել են նաև հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության ճանապարհային քարտեզի շրջանակում նորագույն տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորությունները: Ռոբերտ Խաչատրյանն  ու Անն Լույոն անդրադարձել են նաև հունիսին Փարիզում կայանալիք Viva-Technology-2022 և այլ միջազգային ցուցահանդեսներին նախարարության մասնակցությանն առնչվող մի շարք հարցերի։ Նշվում է, որ հանդիպման ավարտին ևս մեկ անգամ վերահաստատվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում երկկողմ հարաբերությունները զարգացնելու անհրաժեշտությունն ու պատրաստակամությունը:
18:50 - 16 մայիսի, 2022
Ցավոք, ՀԱՊԿ-ը չի արձագանքել այնպես, ինչպես սպասում էինք. Փաշինյանը՝ ՀՀ սուվերեն տարածք Ադրբեջանի ներխուժման մասին |armenpress.am|

Ցավոք, ՀԱՊԿ-ը չի արձագանքել այնպես, ինչպես սպասում էինք. Փաշինյանը՝ ՀՀ սուվերեն տարածք Ադրբեջանի ներխուժման մասին |armenpress.am|

armenpress.am: ՀԱՊԿ անդամ պետությունների առաջնորդների հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարձրաձայնել է ՀԱՊԿ երկրների փոխգործակցության և ճգնաժամային իրավիճակներում արագ արձագանքման հետ կապված հարցերը: ՀՀ վարչապետը նախ շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ՀԱՊԿ կազմավորման 30-ամյակին նվիրված գագաթնաժողովը կազմակերպելու և ջերմ ընդունելության համար: «Իհարկե, մեր հոբելյանական հանդիպումը շատ լավ առիթ է, որպեսզի որոշ եզրակացություններ անենք և քննարկենք մեր կազմակերպության հետագա զարգացման հեռանկարները: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բարձրացրել է շատ կարևոր հարցեր ՀԱՊԿ անդամ երկրների միջև փոխգործակցության վերաբերյալ: Բելառուսի նախագահը անդրադարձել է, կարելի է ասել, բավականին խնդրահարույց հարցերի: Ընդհանրապես, կարելի է ասել, որ ՀԱՊԿ պատմության մեջ շատ է դրականը, որովհետև ՀԱՊԿ-ն եղել է, կա ու կլինի կարևորագույն գործոնը տարածաշրջանում անվտանգության ապահովման հարցում: Բայց, ինչպես տեսնում ենք, այսօրվա հոբելյանական գագաթնաժողովին քննարկում ենք ոչ միայն հոբելյանական հարցեր, որովհետև ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում իրավիճակը բավականին լարված է»,- նշել է վարչապետը: Փաշինյանն անդրադարձել է ՀԱՊԿ անդամ երկրների քվեարկության վերաբերյալ խնդրին, նշելով, որ հաճախ այդ քվեարկությունները համաժամանակյա չեն:  «Նկատեմ, որ սա նոր խնդիր չէ, երկար ժամանակ այն ուղեկցում է մեզ: Հայաստանը բազմիցս բարձրացրել է այս հարցը: Մենք աշխատանքային կարգով բազմիցս այդ հարցը քննարկել ենք: Ակնհայտ է, որ այդ հարցը կարիք ունի հետագա քննարկման»,- ընդգծել է վարչապետը: Ինչ վերաբերվում է փոխգործակցության և արագ արձագանքման մեխանիզմներին, վարչապետը սա ևս շատ կարևոր հարց է համարում Հայաստանի համար: «Ինչպես գիտեք, անցած տարի հենց այս օրերին Ադրբեջանի զորքերը ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք: Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին, որպեսզի գործադրվեն 2010 թվականի դեկտեմբերի 10-ին հաստատված Ճգնաժամային իրավիճակներին արձագանքման կանոնակարգով նախատեսված ընթացակարգերով մեխանիզմները: Ցավոք, չենք կարող ասել, որ կազմակերպությունը արձագանքել է այնպես, ինչպես սպասում էր Հայաստանի Հանրապետությունը: Դեռ երկար ժամանակ մենք բարձրացրել ենք ոչ բարեկամ երկրին ՀԱՊԿ անդամ պետությունների կողմից զենքի վաճառքի հարցը: Այդ զենքը օգտագործվել է Հայաստանի դեմ և հայ ժողովրդի դեմ: Դա նույնպես խնդիր է: Անկեղծ ասած, ՀԱՊԿ անդամ երկրների արձագանքը 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում և պատերազմից հետո այնքան էլ չեն ուրախացրել Հայաստանի Հանրապետությանը և հայ ժողովրդին, բայց ես ուզում եմ ընդգծել Ռուսաստանի Դաշնության և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կարևորը դերը Լեռնային Ղարաբաղում պատերազմի դադարեցման գործում: Ես ուզում եմ ևս մեկ անգամ հաստատել, որ Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններին: Կարծում եմ, որ եզրակացություններ անել իրապես կարևոր և լավ է, բայց Հայաստանը որպես կազմակերպության հիմնադիր անդամ, հավատարիմ է կազմակերպության հետագա զարգացմանը և կազմակերպությունը առանցքային գործոն է համարում Եվրասիական տարածաշրջանի և Հայաստանի համար կայունության և անվտանգության ապահովման հարցում: Մենք դրական ենք տրամադրված, որպեսզի ամբողջ ծավալով աջակցենք կազմակերպությանը և նրա հետագա զարգացմանը»,- եզրափակել է Փաշինյանը:
17:19 - 16 մայիսի, 2022
Լիտվայի նախագահը կայցելի Հայաստան և Ադրբեջան

Լիտվայի նախագահը կայցելի Հայաստան և Ադրբեջան

Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան մայիսի 18-20-ը կայցելի Հայաստան և Ադրբեջան։ Այս մասին հայտնում է Լիտվայի նախագահի մամուլի ծառայությունը։ Մայիսի 18-ին Բաքվում Նաուսեդան կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ «քննարկելու երկկողմ համագործակցությունն էներգետիկայի և էկոնոմիկայի ոլորտներում, Կովկասյան տարածաշրջանում անվտանգության հետ կապված իրավիճակն ու համագործակցությունն Ադրբեջանի և Եվրամիության միջև»։ Մայիսի 19-20-ը Լիտվայի նախագահը հանդիպում կունենա Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանի հետ։ «Հանդիպումների ընթացքում կքննարկվի անվտանգության հետ կապված իրավիճակը Կովկասյան տարածաշրջանում, ժողովրդավարական բարեփոխումները Հայաստանում, ԵՄ-Հայաստան համագործակցությունն Արևելյան գործընկերության ձևաչափում, ինչպես նաև Լիտվա-Հայաստան երկկողմ հարաբերությունները», - ասված է հաղորդագրությունում։ Նշվում է նաև, որ Լիտվայի նախագահը կհանդիպի Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի, տեղի լիտվական համայնքի ներկայացուցիչների հետ և կայցելի Ծիծեռնակաբերդ։   Նորա Վանյան
16:33 - 16 մայիսի, 2022
Չպետք է թույլ տալ, որ կրկնվեն պատմության սխալները.  Արման Թաթոյանը՝ Ադրբեջանի քաղաքականության մասին

Չպետք է թույլ տալ, որ կրկնվեն պատմության սխալները. Արման Թաթոյանը՝ Ադրբեջանի քաղաքականության մասին

Նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել ադրբեջանական քաղաքականության և պատմության կրկնվող սխալների մասին։ Չպետք է թույլ տալ, որ կրկնվեն պատմության սխալները. խորհրդային տարիներին Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային վեճերում տարածված են եղել դեպքերը, երբ ադրբեջանական իշխանությունները մասնակցել են պաշտոնական քննարկումների, բայց զուգահեռաբար տեղերում կազմակերպել են հարձակումներ հայ գյուղացիների նկատմամբ, զավթել հողատարածքներ և հետո այդ զավթած հողատարածքները դարձրել «քննարկումների» առարկա (Բարանա, իսկ ներկայում՝ Նոյեմբերյան, Կողբ, Կոթի, Դովեղ և այլ գյուղեր): Օրինակ՝ չնայած Անդրկովկասյան Դաշնության կենտրոնական գործադիր կոմիտեի հողային վեճերի հանձնաժողովի 1923թ. ապրիլի 28-ի որոշմանը, որով նախատեսվում էր Ղազախի Գավառին հանձնել Շինիխ-Այրումի շրջանում գտնվող ընդամենը 5.000 դեսյատին հողատարածք, Ղազախի հողաշինարարական խումբը հատուկ կազմել էր բոլորովին այլ հատակագիծ՝ անտեսելով այդ որոշման պահանջը: ՀԽՍՀ-ին պատկանող տարածքից ապօրինաբար տիրացել էին ավելի մեծ հողատարածքի, քան նախատեսվում էր որոշմամբ: Նրանք, մասնավորապես, ահաբեկելով տեղի անտառապետին, գրավել էին շուրջ 7.000 դեսյատին տարածք՝ իրենց «ձեռքբերումը» հասցնելով մինչև 11.800 դեսյատինի և դա դարձնելով քննարկումների առարկա: Մեկ այլ օրինակ` 1922թ. մայիսից սկսած Տավուշի, Քարվանսարայի (Իջևան) և Ղազախի գավառների սահմանային շրջանների վեճերը և հանձնաժողովների վերջնական աշխատանքներն անընդհատ ձգձվում էին, քանի որ ադրբեջանական կազմակերպմամբ գրավվել էին հայերին պատկանող, բայց իրենց տիրույթների մեջ խրված հողերի մեծ մասը և հրաժարվում էին վերադարձնել: Դա էլ դժվարություններ էր առաջացնում նաև արոտավայրերից, անտառներից ու ջրային պաշարներից գյուղացիների օգտվելու հարցում: Առհասարակ, հաճախ վեճերն առաջանում էին Ադրբեջանի խոշոր հողատերերի (արխիվային փաստաթղթերում նշվում է՝ կալվածատերեր) պատճառով, ովքեր իրենց հողակտորները վաճառում էին հայերին, իսկ հետո առանց հիմքի հետ էին պահանջում: Այն ժամանակ ադրբեջանական խախտումների փաստերը Խորհրդային Հայաստանի իշխանությունները պատշաճ չէին արձանագրում, հույսները դրել էին քննարկումների ու ադրբեջանական «փափուկ բարձերի» վրա, մտածում էին «ավելորդ խնդիրներ» չստեղծել: Իրականում, դրանով միայն նվերներ էին ստեղծվում ադրբեջանական իշխանության համար, որ մեր Հայրենիքի ու հայրենակիցների հաշվին աշխարհին երևան խաղաղասեր ու հումանիստ: Հ.Գ. Դեսյատինը հողային տարածության հին չափման միավոր է` 2400 քառակուսի սաժեն կամ 1.09 հեկտար:
13:32 - 14 մայիսի, 2022
Էդմոն Մարուքյանը հրապարակել է Ադրբեջանին ներկայացված վեց կետերը
 |tert.am|

Էդմոն Մարուքյանը հրապարակել է Ադրբեջանին ներկայացված վեց կետերը |tert.am|

tert.am: Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը «Առաջին ալիք»-ին տված հարցազրույցում հայտարարեց, որ լիազորված է և կհարապարակի Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի վեց կետերը․ Նա ասաց, որ բայց ինքը տեսնում է, որ Ադրբեջանի ԱԳ նախարարը ոչ դիվանագիտական տեքստ էր արտաբերել, թե  հայկական կողմի կետերը առաջարկ էլ չի կարելի համարել. «Ուրեմն ես ասեմ` ինչ ձևով ներկայացվել են իրենց հինգ կետերը, նույն կերպ մեր պատասխանն է ուղարկվել»։ Էդմոն Մարուքյանն ասաց, որ լիազորված է հրապարակել վեց կետերը և հայտնեց. «Առաջին կետում նշված է մարտի 11-ին  ստացվել է Ադրբեջանի առաջարկը և պատասխանում ենք. 2-րդ կետ. ՀՀ-ն երբեք չի ունեցել և չունի տարածքային պահանջներ Ադրբեջանի հանրապետության նկատմամբ։ Այստեղ ասվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և  սահմանները 1991 թվականի դեկտեմբերի ութին Ադրբեջանի հետ համատեղ ստորագրված փաստաթղթի մասին։ Երրորդ կետով ասվում է, որ հայկական կողմի համար հիմնարար է Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության երաշխավորումը, նրանց իրավունքների և ազատությունների հարգման, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման հարցը։ Չորրորդ կետը.  հայկական կողմը կարևոր է համարում Ադրբեջանի նախագահի, ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի նոյեմբերի 9-ի,հունվարի 11֊ի և նոյեմբերի 26֊ի հայտարարություններում ամրագրված պարտավորությունները։ Սա չորրորդը, իսկ դա ո՞րն է, ռազմագերիների վերադարձը, որը մինչ օրս չի արվել, կոմունիկացիաների բացումը։ Հինգերորդ կետը. հայկական կողմը պատրաստ է սկսել բանակցություններ  խաղաղության , հարաբերությունների կարգավորման պայմանագիր կնքելու Ադրբեջանի և ՀՀ-ի միջև միջպետական հարաբերությունների հաստատման համար ՄԱԿ կանոնադրության և այլ միջազգային փաստաթղթերի հիման վրա։ Այստեղ է ամրագրված ազգերի ինքնորոշման և այլ կարևոր իրավունքներ։ Վեցերորդ կետ. համապատասխան բանակցությունների կազմակերպման համար հայկական կողմը դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին»։ Մարուքյանն ասաց,որ սա այն է, ինչ հայկական կողմը ներկայացրել է ի պատասխան Ադրբեջանի առաջարկների:
23:22 - 13 մայիսի, 2022
Համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր՝ ՀՀ ԱԳՆ-ի և Չեռնոգորիայի ԱԳՆ-ի միջև

Համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր՝ ՀՀ ԱԳՆ-ի և Չեռնոգորիայի ԱԳՆ-ի միջև

Մայիսի 12-ին Պոդգորիցայում տեղի ունեցան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Չեռնոգորիայի արտաքին գործերի նախարարությունների միջև։ Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանը, չեռնոգորականը՝ երկկողմ հարաբերությունների, տնտեսական և մշակութային դիվանագիտության գլխավոր տնօրինության գլխավոր տնօրեն Չեդոմիր Ֆուշտիչը։ ՀՀ պատվիրակության կազմում էր նաև Չեռնոգորիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը (նստավայրը՝ Պրահա)։ Հանդիպման մեկնարկին ստորագրվեց Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Չեռնոգորիայի արտաքին գործերի նախարարության միջև համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր։ Կողմերը քննարկեցին երկկողմ հարաբերությունները խորացնելու և ամրապնդելու հնարավորությունները, ուրվագծվեցին տնտեսական կապերի աշխուժացմանն ու առևտրաշրջանառության ծավալների մեծացմանն ուղղված գործնական քայլերը։ Անդրադարձ կատարվեց միջազգային կազմակերպություններում համագործակցությանը և այն ընդլայնելու հեռանկարին։ Հայկական կողմը ներկայացրեց տարածաշրջանում կայուն խաղաղությանն ուղղված Հայաստանի մոտեցումները և կարևորեց միջազգային հանրության կողմից դրանք սատարելու անհրաժեշտությունը։ Կողմերը ընդգծեցին, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։ Չեռնոգորիայի արտաքին գործերի նախարարությունում հայկական պատվիրակությունը հանդիպում ունեցավ նաև ՆԱՏՕ-ի և անվտանգության քաղաքականության հարցերով գլխավոր տնօրեն Վլադիմիր Վուչինիչի հետ։ Քննարկվեցին տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։ Նույն օրը ՀՀ պատվիրակությունը հանդիպում ունեցավ Չեռնոգորիայի նախագահի խորհրդական Թամարա Բրայովիչի հետ։ Անդրադարձ կատարվեց բարձր մակարդակով քաղաքական երկխոսության հաստատման կարևորությանը, ինչպես նաև երկկողմ միջպետական հարաբերությունների խորացմանն առնչվող հարցերի լայն շրջանակին։
19:16 - 13 մայիսի, 2022
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՌԴ սպորտի նախարար Օլեգ Մատիցինին

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՌԴ սպորտի նախարար Օլեգ Մատիցինին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության սպորտի նախարար Օլեգ Մատիցինին: Այս մասին հայտնում են Կառավարությունից։ Վարչապետը նշել է, որ Հայաստանը և Ռուսաստանը ռազմավարական դաշնակիցներ են և մեր երկիրը պատրաստ է զարգացնել ու ամրապնդել համագործակցությունը բոլոր ոլորտներում, այդ թվում՝ սպորտի: Կառավարության ղեկավարի խոսքով՝ ՌԴ-ն նաև սպորտի բնագավառում է համարվում գերտերություն, ուստի, այս ուղղությամբ փորձի փոխանակումն ու տարբեր մարզաձևերում փոխգործակցությունն ունի կարևոր նշանակություն: Վարչապետ Փաշինյանն ընդգծել է նաև սպորտի մասսայականացման կարևորությունը, և այդ նպատակով մեր երկրում անցկացվում են ՀՀ վարչապետի գավաթի մրցաշարեր տարբեր մարզաձևերում: Օլեգ Մատիցինը նշել է, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ ունեցել են արդյունավետ քննարկումներ՝ հետագա համագործակցությանը նոր ազդակ հաղորդելու նպատակով: Մասնավորապես, քննարկվել են տարբեր մարզաձևերում համատեղ ուսումնամարզական հավաքների կազմակերպմանը, սպորտային ենթակառուցվածքների զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր:
18:35 - 13 մայիսի, 2022
ՀՀ կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում սպորտին. Վահրամ Դումանյանը՝ ՌԴ սպորտի նախարարին

ՀՀ կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում սպորտին. Վահրամ Դումանյանը՝ ՌԴ սպորտի նախարարին

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության սպորտի նախարար Օլեգ Մատիցինին: Ռուսական կողմի պատվիրակության կազմում են եղել ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, Ռուսաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Շամիլ Տարպիշչևը, նախագահի օգնական Մաքսիմ Կոզինը, ՌԴ սպորտի նախարարի օգնական Անտոն Բարանովը, ՌԴ սպորտի նախարարության կրթության, գիտության և միջազգային հարաբերությունների վարչության պետ Ալեքսեյ Գորբունովը և ՀՀ-ում ՌԴ դեսպանության երկրորդ քարտուղար Մարիա Կորոտինան: Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը և Արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Արկադի Պապոյանը: ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, ողջունելով հյուրերին, նշել է, որ Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցության շրջանակները շատ լայն են` սկսած կրթությունից և գիտությունից մինչև մշակույթ և սպորտ. «Հայ-ռուսական հարաբերություններն իսկապես շատ խորը հիմքերի վրա են դրված նաև մարզական ասպարեզում: Ուրախ ենք ողջունել Ձեզ մեր երկրում և պատրաստ ենք շարունակել ձևավորված ավանդույթները՝ խորացնելով բարիդրացիական հարաբերությունները: Վստահ ենք՝ մեր թիմերի համատեղ մարզումներն ու ուսումնամարզական հավաքները կնպաստեն երկուստեք մասնագիտական որակների բարելավմանը: Ինչ վերաբերում է ՌԴ-ում անցկացվող մրցաշարերին, ապա Հայաստանը մշտապես կլինի դրանց ակտիվ մասնակիցը՝ ձգտելով գրանցել լավագույն արդյունքներ»: ՌԴ սպորտի նախարար Օլեգ Մատիցինը բարձր է գնահատել հայկական կողմի՝ ռուս մարզիկներին ցուցաբերած աջակցությունը, մասնավորապես Հայաստանում ուսումնամարզական հավաքներ անցկացնելու հնարավորություն ընձեռելու հարցում: ՌԴ սպորտի նախարարի խոսքով՝ Հայաստանն իր մարզական կարիերայում կարևոր դերակատարություն է ունեցել, քանի որ ինքը ժամանակին զբաղվել է սեղանի թենիսով և հենց մեր երկրում է լրացրել ԽՍՀՄ սպորտի վարպետի նորման: Նշենք, որ ռուսական պատվիրակությունն այսօր այցելել է «Դինամո» մարզադահլիճ, ինչպես նաև Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր: ««Դինամո» մարզադահլիճում բազմաթիվ մրցաշարերի եմ մասնակցել, հիանալի հիշողություններ ունեմ: Ինչ վերաբերում է Մարզահամերգային համալիրին, ապա այն իսկապես հրաշալի կառույց է: Վստահ եմ, բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը հիանալի կընթանա»,- ասել է Օլեգ Մատիցինն ու հաջողություն մաղթել հայկական կողմին: Վահրամ Դումանյանն առանձնակի ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ ՀՀ կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում սպորտին և անում է հնարավոր ամեն բան՝ դրա զարգացմանն ու մասսայականացմանը նպաստելու համար: Նախարարի խոսքով՝ պատահական չէ, որ մեկ շաբաթից Երևանում մեկնարկելու է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը, իսկ մեկ տարի անց ընդունելու ենք նաև ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը. «ՀՀ վարչապետի անմիջական հանձնարարականով մեծ տեղ է հատկացվում նաև մասսայական սպորտին: Վաղը Պարզ լճի տարածքում դպրոցականները մրցելու են թիմային խճուղավազք մարզաձևում, իսկ մայիսի 28-ին մեծահասակները Սևանա լճի տարածքում անցկացնելու են սիրողական հեծանվավազքի մրցաշարը: Այս մրցաշարերը կրում են «ՀՀ վարչապետի գավաթ» խորագիրը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարը ռուս գործընկերոջը նաև պատմել է Գյումրիում կառուցվող նոր մարզաբազայի մասին, որն անվանակոչվելու է օլիմպիական խաղերի չեմպիոն, ըմբիշ Արթուր Ալեքսանյանի պատվին: Հանդիպման ընթացքում կողմերը նաև քննարկել են սպորտի ոլորտում հետագա համագործակցության հեռանկարները՝ մարզիկների և մարզիչների փոխանակման ծրագրերի միջոցով, սպորտային բժշկությանն ուղղված համատեղ կրթական ծրագրեր իրականացնելու հնարավորությունը, ինչպես նաև համատեղ մարզումային միջոցառումներ կազմակերպելու հեռանկարները:
18:10 - 13 մայիսի, 2022
Քայլեր են ձեռնարկվում խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկի համար․ Բայրամով

Քայլեր են ձեռնարկվում խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկի համար․ Բայրամով

Ադրբեջանը պատրաստ է կարգավորել Հայաստանի հետ հարաբերություններն, այդ թվում՝ խաղաղության պայմանագիր կնքել և սահմանազատման գործընթաց սկսել։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ Դուշանբեում ԱՊՀ Արտգործնախարարների խորհրդի նիստին ելույթ ունենալիս, գրում է ՏԱՍՍ-ը։ «Նախարարը նշել է, որ Ադրբեջանի Հանրապետությունը պատրաստ է կարգավորել հարաբերություննեը Հայաստանի հետ, այդ թվում՝ խաղաղության համաձայնագիր ստորագրել և սահմանազատման գործընթաց սկսել։ Այս առնչությամբ նա հայտնել է, որ քայլեր են ձեռնարկվում խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկի համար, մասնավորապես, որոշվել են երկու երկրների միջև սահմանազատման ազգային հանձնաժողովների նախագահներն ու ձևաչափը», - ասված է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդագրությունում։  
15:14 - 13 մայիսի, 2022
Արցախում տեղահանված անձանց բնակվարձերի փոխհատուցման տրամադրման մեխանիզմն ու չափերը հուլիսի 1-ից կփոխվեն․ Արայիկ Հարությունյան

Արցախում տեղահանված անձանց բնակվարձերի փոխհատուցման տրամադրման մեխանիզմն ու չափերը հուլիսի 1-ից կփոխվեն․ Արայիկ Հարությունյան

Այսօր ցանկանում եմ անդրադառնալ շուրջ 40 հազար տեղահանված մեր հայրենակիցներին հուզող ամենացավոտ խնդիրներից մեկին՝ բնակվարձերի փոխհատուցման նպատակով իրականացվող պետական քաղաքականությանը: Այս մասին գրառում է կատարել ԱՀ նախագահ Արայիկ Հարութունյանը։ Գրառումը՝ ստորև․  «Պատերազմից անմիջապես հետո, ինչպես գիտեք, ԱՀ և ՀՀ Կառավարությունների համատեղ ջանքերով այս ուղղությամբ իրականացվել և այսօր էլ շարունակվում են մի շարք ծրագրեր, որոնք մեծապես օգնում են դժվարին կացության մեջ հայտնված մեր քաղաքացիներին՝ մինչև բնակարաններով ապահովելը դիմագրավել առկա խնդիրներին: Սակայն այս ընթացքում բազմաթիվ հանդիպումների ժամանակ մեր հայրենակիցների կողմից չեն դադարել խնդրո առարկայի շուրջ մտահոգությունների արտահայտման դեպքերը, ինչը փաստում էր, որ, այնուամենայնիվ, օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված՝ անհրաժեշտ է արմատական կերպով վերանայել վարվող քաղաքականությունը: Թեմայի շուրջ վերջին օրերին անց եմ կացրել շահագրգիռ քննարկումներ, այդ թվում՝ հարցը ներառել էի երեկ՝ մայիսի 12-ին, անցկացված Անվտանգության խորհրդի նիստի օրակարգում: Լսելով բոլոր կողմերի կարծիքները և հաշվի առնելով նաև մեր պետության հնարավորությունները՝ հանձնարարել եմ պատկան մարմիններին այս տարվա հուլիսի 1-ից փոխել փոխհատուցման տրամադրման մեխանիզմն ու չափերը: Մասնավորապես, նոր ծրագիր կմշակվի շահառու հանդիսացող (բնակարանային կարիք ունեցող) յուրաքանչյուր տեղահանված անձի ամսական 40,000 ՀՀ դրամ ֆինանսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ՝ մինչև նրանց բնակարանային կարիքի բավարարումը, որը կարող է օգտագործվել թե՛ բնակվարձի, թե՛ սոցիալական այլ նպատակներով: Հավաստիացնում եմ նաև, որ այս ընթացքում ամբողջ ծավալով շարունակվում են տեղահանված մեր հայրենակիցների համար բնակարանների կառուցման աշխատանքները: Համոզված եմ՝ նախանշված ժամկետներում (մինչև 2024թ.-ի վերջ) կավարտենք մեզ համար կենսական նշանակության այդ ծրագիրը և օր առաջ մեր հայրենակիցները կկարողանան արժանապատիվ պայմաններում շարունակել իրենց կենսագործունեությունը»:
13:34 - 13 մայիսի, 2022
ԵԱՀԿ քարտուղարությունը «Մինսկի խումբը դիտարկում է որպես պատշաճ մարմին»՝ կայուն խաղաղության հաստատման համար |azatutyun.am|

ԵԱՀԿ քարտուղարությունը «Մինսկի խումբը դիտարկում է որպես պատշաճ մարմին»՝ կայուն խաղաղության հաստատման համար |azatutyun.am|

azatutyun.am: «Մենք Մինսկի խումբը դիտարկում ենք որպես պատշաճ մարմին և տեսնում ենք անհրաժեշտություն ակտիվացնելու ջանքերը՝ կայուն խաղաղության հաստատման, տարածաշրջանի բարգավաճ զարգացման համար»,- այսպես են արձագանքել ԵԱՀԿ քարտուղարությունից՝ պատասխանելով «Ազատության» հարցին։ Տարիներ շարունակ ղարաբաղյան հակամարտությամբ զբաղվող կառույցից հետաքրքրվել էինք՝ երբ Ադրբեջանը դե ֆակտո չի ճանաչում եռանախագահության մանդատը, իսկ միջնորդների միջև վիթխարի հակասություններ կան, տեսնո՞ւմ են արդյոք Մինսկի խմբի հետագա գործունեության հեռանկար։ Ուկրաինայում պատերազմի պատճառով Ռուսաստանի և Արևմուտքի հակասությունների ֆոնին Մինսկի խմբի համանախագահները առանձին-առանձին են այցելում Հայաստան։ ԵԱՀԿ-ից, սակայն, չեն մեկնաբանել ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում արված Ռուսաստանի արտգործնախարարի հայտարարությունը, թե ԱՄՆ-ը և Ֆրանսիան հրաժարվել են Ռուսաստանի հետ աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբում։ «ԵԱՀԿ նախագահությունը մտադիր չէ մեկնաբանել Մինսկի խմբի առնչությամբ Ֆրանսիային կամ ԱՄՆ-ին վերաբերող հայտարարությունները»,- ասված է պատասխանում։ ԵԱՀԿ-ից նաև չեն հստակեցրել՝ ինչ պատասխան են տվել Երևանի դիմումին։ Մոտ երկու ամիս առաջ Երևանը դիմել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ կազմակերպելու համար։ «Համանախագահող երկրները, ինչևս և ԵՄ-ը, վերջին շաբաթներին ակտիվորեն համագործակցում են Բաքվի և Երևանի հետ: Հայաստանը և Ադրբեջանը՝ որպես ԵԱՀԿ-ի անդամ երկրներ, գիտակցում են, որ կազմակերպությունը պատրաստ է ցանկացած աջակցություն ցուցաբերել՝ թե՛ իր մանդատի շրջանակներում, թե՛ այլ համատեքստերում իր փորձի հիման վրա»,- նշել են ԵԱՀԿ քարտուղարությունից։ Իգոր Խովաևը ապրիլի կեսին նշանակվել է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների բարելավման հարցով Ռուսաստանի հատուկ ներկայացուցիչ։ Ինչպես ԵԱՀԿ քարտուղարկությունից են նշել՝ Ռուսաստանը նոր համանախագահի առաջադրման մասին չի տեղեկացրել.- «Ուստի մեր ըմբռնումն այն է, որ դեսպան Խովաևն է շարունակում մնալ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահը»։
10:10 - 13 մայիսի, 2022