ՀՀ ԲՏԱ նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտի զարգացմանն առնչվող հարցեր
18:50 - 16 մայիսի, 2022

ՀՀ ԲՏԱ նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտի զարգացմանն առնչվող հարցեր

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը  մայիսի 16-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյի գլխավորած պատվիրակությանը:

Այս մասին հայտնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։

Ռոբերտ Խաչատրյանը, բարձր գնահատելով Ֆրանսիայի հարուստ փորձը տեխնոլոգիական ոլորտում, ինչպես նաև նախարարության հետ նախկինում իրականացված ծրագրերի արդյունավետությունը, կարևորել է երկկողմ փոխշահավետ համագործակցության խորացման անհրաժեշտությունը։

«Անն Լույոն՝ շնորհավորելով Ռոբերտ Խաչատրյանին նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, վերահաստատել է համագործակցության շարունակության պատրաստակամությունը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Ֆրանսիայի կողմից Հայաստանին նվիրաբերած սուպեր համակարգիչը Երևան տեղափոխելու գործընթացին, «Ինժեներական քաղաքի» գործունեությանը, ստարտափների զարգացմանն ուղղված ինկուբացիոն և աքսելերացիոն ծրագրերին, տեխնոլոգիական կրթության ոլորտում  համագործակցության  հնարավորություններին, մի շարք այլ թեմաների»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Կողմերը քննարկել են նաև հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության ճանապարհային քարտեզի շրջանակում նորագույն տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորությունները:

Ռոբերտ Խաչատրյանն  ու Անն Լույոն անդրադարձել են նաև հունիսին Փարիզում կայանալիք Viva-Technology-2022 և այլ միջազգային ցուցահանդեսներին նախարարության մասնակցությանն առնչվող մի շարք հարցերի։

Նշվում է, որ հանդիպման ավարտին ևս մեկ անգամ վերահաստատվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում երկկողմ հարաբերությունները զարգացնելու անհրաժեշտությունն ու պատրաստակամությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել