Ազգային ժողով

ՀՀ Սահմանադրության համաձայն Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է: Այն իրականացնում է օրենսդիր իշխանությունը: Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է պետական բյուջեն եւ իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված այլ գործառույթներ: Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ այն գործում է իր կանոնակարգին համապատասխան: Խորհրդարանն ընտրվում է 5 տարի ժամկետով, կազմված է առնվազն 101 անդամից։

Այժմ գործում է 8-րդ գումարման ազգային ժողովը, որը բաղկացած է 106 պատգամավորից, որոնցից 71-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից, 28-ը՝ «Հայաստան» խմբակցությունից, 7-ը՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունից։ ԱԺ գործող նախագահը Ալեն Սիմոնյանն է։

Ինչո՞ւ ՍԴ դատավորների թեկնածուների հետ հանդիպում չի կազմակերպվել․ գնալով ավելի վատանում է, այդ պրակտիկան էլ վերացավ. Է. Մարուքյանը՝ Ա. Միրզոյանին |tert.am|

Ինչո՞ւ ՍԴ դատավորների թեկնածուների հետ հանդիպում չի կազմակերպվել․ գնալով ավելի վատանում է, այդ պրակտիկան էլ վերացավ. Է. Մարուքյանը՝ Ա. Միրզոյանին |tert.am|

tert.am: Լրագրողներն անընդհատ հարցնում են՝ ինչո՞ւ ՍԴ դատավորների թեկնածուների հետ չեք հանդիպել, ես ասում եմ՝ որովհետև չեն դիմել, որ հանդիպենք, հիմա ուզում եմ Ձեզ հարցնել՝ ինչո՞ւ չեն կազմակերպվել նման հանդիպումներ. ԱԺ նիստում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանից հետաքրքրվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:«Ինչպե՞ս է, որ նախկինում միշտ կազմակերպվում էր. մտածում էի, որ գնալով միշտ ավելի լավ կլինի, բայց գնալով ավելի վատ է լինում, այդ պրակտիկան էլ վերացավ էլի: Ցանկացած մարմնի պաշտոնյայի թեկնածություն, եթե առաջադրվում է, թեկնածուի հետ ֆրակցիաները հանդիպում են թեկնածուի կամ առաջադրող մարմնի նախաձեռնությամբ, հիմա ուզում եմ հասկանալ՝ ԱԺ նախագահին դիմե՞լ են նման բան կազմակերպելու համար, թե՞ ոչ»,- ասաց Մարուքյանը:Արարատ Միրզոյանն էլ հակադարձեց Մարուքյանին՝ ասելով. «Պարոն Մարուքյան, ես տրամագծորեն հակառակ կարծիքն ունեմ Ձեր այն կարծիքի մասին, թե գնալով ավելի վատանում է: Ըստ իս, գնալով ամեն ինչ շատ էլ լավանում է, հատկապես թեկնածուների և թափանցիկության ԱԺ-ում ֆրակցիաների հետ քննարկման առումով»: Ինչ վերաբերում է կոնկրետ մասնավոր հարցին, Միրզոյանն ասաց՝ ո՛չ թեկնածուների կողմից, ո՛չ խմբակցությունների կողմից այդպիսի նախաձեռնություն չի եղել, և ցանկացած նախաձեռնության դեպքում ԱԺ նախագահը և աշխատակազմը վստահաբար կանեին ամեն ինչ հանդիպման համար: «Պետք է հավելեմ՝ ցավոք սրտի, հավանաբար, որևէ իմպերատիվ ընթացակարգ սահմանված չկա այդպիսի հանդիպում կազմակերպելու, հետևաբար ԱԺ նախագահն ու աշխատակազմն առաջնորդվել են կողմերի ցանկություններով, տվյալ դեպքում՝ դրանց բացակայությամբ»,- ասաց ԱԺ նախագահը: Էդմոն Մարուքյանն էլ ընդգծեց. «Երբ ասում եմ՝ գնալով վատանում է, նկատի ունեմ՝ նախկինում թեկնածուներն առաջադրող մարմինները նախաձեռնում էին նման հանդիպումներ, հիմա չեն նախաձեռնում նման հանդիպումներ, հիմա դա լավանո՞ւմ է, թե վատանում է, ինձ թվում է՝ վատանում է»:
12:05 - 14 սեպտեմբերի, 2020
Խորհրդարանը նիստերի օրակարգ չընդգրկեց «Լուսավոր Հայաստանի» նախագիծը |armenpress.am|

Խորհրդարանը նիստերի օրակարգ չընդգրկեց «Լուսավոր Հայաստանի» նախագիծը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը լիագումար նիստերի օրակարգ չընդգրկեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած, գլխադասային հանձնաժողովի բացասական եզրակացություն ստացած օրենքի նախագիծը, որով առաջարկվում էր միայնակ տարեց և անժառանգ թոշակառուներին նախագծով հատկացնել կոմունալ վարձավճարների փոխհատուցում նվազագույն կենսաթոշակի  20 տոկոսի չափով: Սոցիալական աջակցության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ԼՀԿ-ից Սրբուհի Գրիգորյանը: «Միայնակ տարեց և անժառանգ թոշակառուներին նախագծով առաջարկվում է հատկացնել կոմունալ վարձավճարների փոխհատուցում նվազագույն կենսաթոշակի  20 տոկոսի չափով՝ ամսական ընդամենը 5 հազար դրամ»,- ասաց Գրիգորյանը: Նրա խոսքով՝ կառավարությունը նշել է՝ չկան այդ թիրախային խմբի բազաները, բացի այդ 20 միավորից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքների համար սահմանվում են գազի և էլեկտրաէներգիայի վարձավճարի զեղչեր: Գլխադասային հանձնաժողովի անդամ Հերքինազ Տիգրանյանը ներկայացրեց, թե ինչու է հանձնաժողովը բացասական եզրակացություն տվել: «Նախորդ տարվա դեկտեմբերին ընդունել ենք սոցիալական բնակարանային ֆոնդում, կացարաններում բնակվող միայնակ  կենսաթոշակառուներին նպատակային սոցիալական օգնություն ցուցաբերելու մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: Այն արդեն գործում է, սահմանվել է, որ սոցիալական բնակարաններում բնակվող միայնակ տարեցները և կենսաթոշակառուներն արդեն օգտվում են կոմունալ վճարների համար պետության փոխհատուցման իրավունքից»,- ասաց պատգամավորը:  Նա նշեց, որ նախագիծը նաև հստակեցված չէ, թե խոսքը վերաբերում է միայնակ տարեցներին ընդհանրապե՞ս, թե՞ սոցիալական բնակարաններում ու կացարաններում չբնակվող տարեցներին: «Եվ արդյոք նախագիծը կարո՞ղ է վերաբերվել աշխատող թոշակառուներին:  Կարծում ենք, որ նախագիծն արմատական վերանայման կարիք ունի»,-նշեց Տիգրանյանը: Նախագիծն օրակարգ մտցնելու հարցը քվեարկության դրվեց, ստացավ  35 «կողմ», 72 «դեմ» և 1 «ձեռնպահ» ձայներ՝ այսպիսով չընդգրկվելով լիագումար նիստերի օրակարգ:
11:44 - 14 սեպտեմբերի, 2020
Յուրաքանչյուր կնոջ իրավունքն է որոշելու՝ ինքը ցանկանո՞ւմ է լինել հղի և երեխա ունենալ, թե՞ ոչ․ Մարիա Կարապետյան |lragir.am|

Յուրաքանչյուր կնոջ իրավունքն է որոշելու՝ ինքը ցանկանո՞ւմ է լինել հղի և երեխա ունենալ, թե՞ ոչ․ Մարիա Կարապետյան |lragir.am|

lragir.am:  Մեր զրուցակիցն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր  Մարիա Կարապետյանը։   - Տիկին Կարապետյան, ԲՀԿ–ական պատգամավորները շրջանառության մեջ են դնելու օրենքի նախագիծ, որով արգելվելու է հղիության արհեստական ընդհատումը՝ բացառությամբ որոշ դեպքերի։ Ինչպե՞ս եք գնահատում: - Այս պահին գործող օրենքը շատ ողջամիտ է։ Մինչև երեք ամսական հղիության պարագայում հղիության արհեստական ընդհատումը կնոջ հայեցողությունն է, և սա այսպես էլ պետք է մնա։ Երեքից մինչև հինգ ու կես ամսական հղիության պարագայում հղիության արհեստական ընդհատումը կարող է տեղի ունենալ բացառապես բժշկական կամ սոցիալական ցուցումով։ Բժշկական ցուցումները կնոջ կամ պտղի կյանքի հետ անհամատեղելի կամ շտկման չենթարկվող հիվանդություններն են։ Սոցիալական ցուցումներն են հղիության ընթացքում ամուսնու մահը, կնոջ կամ նրա ամուսնու ազատազրկման վայրում լինելը, ամուսնալուծությունը, հղիությունը բռնաբարության արդյունքում։ - Նախագծի հեղինակները հնարավոր են համարում աբորտը միայն այն դեպքում, եթե բժիշկների ցուցումով կինն ունի այնպիսի առողջական խնդիրներ, որոնք անհամատեղելի են հղիության հետ: Համոզի՞չ են արդյոք այս փաստարակները:  - Ո՛չ, համոզիչ չեն։ Հղիության պլանավորման կատարյալ մեթոդներ չկան։ Եվ յուրաքանչյուր կնոջ իրավունքն է որոշելու՝ ինքը ցանկանո՞ւմ է լինել հղի և երեխա ունենալ, թե՞ ոչ։ Եվ նա այս որոշումը կայացնելու համար ունի մինչև երեք ամիս։ - Սեռով պայմանավորված աբորտներով Հայաստանն աշխարհում առաջատարների շարքում է: Արդյո՞ք բերված նախագիծը կարող է փոխել այդ իրավիճակը: Ընդհանրապես, ի՞նչ գործիքակազմով կարելի է լուծել այդ հարցը: - Մինչև երեք ամսական հղիության պարագայում երեխայի սեռը իմանալը դժվար է։ Այսինքն՝ կնոջ հայեցողության այդ փուլում հղիության ընդհատումը սովորաբար սեռով չէ պայմանավորված։ Ամեն դեպքում, օրենքը արգելում է որևէ պարագայում հղիության արհեստական ընդհատումը իրականացնել սեռի հիմքով։   Շարունակությունը՝ lragir.am-ում։
20:26 - 12 սեպտեմբերի, 2020
Պատգամավորները սահմանամերձ համայնքների բնակիչների համար նոր աջակցության ծրագրեր են առաջարկում
 |armenpress.am|

Պատգամավորները սահմանամերձ համայնքների բնակիչների համար նոր աջակցության ծրագրեր են առաջարկում |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանն ու Սիփան Փաշինյանն առաջարկում են ևս 3 տարով երկարաձգել սահմանամերձ համայնքների բնակիչներին տրամադրվող սոցիալական աջակցության մասին օրենքի գործողության ժամկետը, բացի այդ ամրագրել նոր արտոնություններ: «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրեց Սիսակ Գաբրիելյանը: «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքի գործողության ժամկետն ավարտվում է 2021 թվականի հունվարի 1-ից: Եվ կառավարության հետ քննարկումների արդյունքում նախագծի հեղինակները որոշել են ևս 3 տարով երկարաձգել օրենքի գործողության ժամկետը, արդյունքում արդեն իսկ առկա մի շարք արտոնություններ կշարունակեն գործել: Օրինակ՝ փոխհատուցում կտրամադրվի սպառած էլեկտրաէներգիայի սակագնի 50 տոկոսի չափով, բնական գազի սպառման գնի 50 տոկոսի չափով և այլն: Դպրոցական դասագրքերը սահմանամերձ գյուղերի դպրոցների աշակերտներին առաջիկա երեք տարում կշարունակեն տրամադրվել փոխհատուցմամբ: Սա ամրագրվել է օրենքի ուժով: Օրենքի նախագծով ամրագրվում են նաև նոր արտոնություններ: Օրինակ սահմանվում է, որ  սահմանամերձ համայնքների` Ադրբեջանի տարածքից իրականացված ռազմական կամ ահաբեկչական գործողությունների հետեւանքով սպանված գյուղատնտեսական եւ/կամ այլ մթերատու կենդանիների դիմաց տրվում է փոխհատուցում պետական բյուջեի միջոցների հաշվին: Սա նոր բան է: Գյուղացիները հաճախ նշում էին, որ կենդանիներին արոտավայր տանելիս լինում են կրակոցներ, կենդանիները էապես տուժում էին կամ սատկում: Այս դեպքում ասում ենք, որ բյուջեի միջոցների հաշվին փոխհատուցումը կտրվի»,-ասաց նա: Իսկ եթե Ադրբեջանի տարածքից իրականացված ռազմական կամ ահաբեկչական գործողությունների հետեւանքով տվյալ տարածքում ապրող մարդիկ վիրավորում ստանան և ձեռք բերեն հաշմանդամության կարգ, կախված կարգից, կստանան 1-3 մլն դրամ միանվագ գումար, ինչպես նաև բուժումը կիրականացվի անվճար: «Եթե Աստված մի արասցե, ունենանք զոհ, ապա զոհվածի ընտանիքին կտրամադրվի միանվագ 5 մլն դրամ գումար, պետությունը կհոգա նաև թաղման ծախսերը»,-ասաց Գաբրիելյանը: Նախագիծը հանձնաժողովում դրական եզրակացություն ստացավ և ներառվեց լիագումար նիստերի օրակարգ:
20:18 - 10 սեպտեմբերի, 2020
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարությունը ՀՀ ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի հրաժարականի դիմումի մասին

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարությունը ՀՀ ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի հրաժարականի դիմումի մասին

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն`  Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը սեպտեմբերի 9-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»,- ասված է ՀՀ ԱԺ նախագահի հայտարարության մեջ:
14:18 - 10 սեպտեմբերի, 2020
Դիմել եմ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին պատգամավորական մանդատս վայր դնելու համար. Արսեն Ջուլֆալակյան

Դիմել եմ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին պատգամավորական մանդատս վայր դնելու համար. Արսեն Ջուլֆալակյան

ՀՀ ԱԺ պատգամավոր, ըմբշամարտի Եվրոպայի եւ աշխարհի չեմպիոն, օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը դիմել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին պատգամավորական մանդատը վայր դնելու կապակցությամբ։ Նա ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ նման քայլի հիմնապատճառ է հանդիսացել ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ ունեցած սկզբունքային անհամաձայնությունները նրա ենթակայության տակ գտնվող ոլորտների ներկա կառավարման մոտեցումների վերաբերյալ: «Կարծում եմ, որ որդեգրած ուղին անհեռանկար է, չի ապահովելու նշյալ ոլորտներում առկա խնդիրների լուծումն ու զարգացումը: Հետևաբար, նման պայմաններում իմ հետագա գործունեությունը, վստահաբար, չի ծառայի ԱԺ պատգամավորի՝ մեր պետության և քաղաքացու շահերի արդյունավետ պաշտպանության իմ առաքելությանը: Հարկ եմ համարում ընդգծել, որ ՀՀ Օրենսդիր մարմնում իմ՝ շուրջ երկու տարվա աշխատանքի ընթացքում «Իմ Քայլը» քաղաքական թիմի հետ ունեցել եմ արդյունավետ գործընկերային հարաբերություններ, որոնք տեղավորվել են փոխադարձ հարգանքի, մասնագիտական հասուն քննարկումների, արժանապատիվ մոտեցումների միջակայքում: Շատ կարևոր է, որ այս ընթացքում ձևավորվել են առողջ, գործընկերային, իսկ որոշների հետ նաև ընկերական հարաբերություններ, ու անհրաժեշտ նվիրումով մինչ օրս պայքարել ենք առկա խնդիրների լուծման համար: Պատիվ է, որ հնարավորություն ստացա ծառայել հայրենիքիս նաև օրենսդիրի կարգավիճակում և կցանկանայի, որ իմ՝ մանդատից հրաժարվելու այս քայլը ևս դիտվի որպես այդ ծառայության մի մաս, որպես հերթական կարևոր, մտահոգիչ ազդակ առ այն, որ զարգացումները Կրթության, Գիտության, Մշակույթի և Սպորտի ոլորտներում մեծամասամբ սխալ ուղղությամբ են ընթանում, հաշվի չեն առնվում ոլորտների ներկայացուցիչների մասնագիտական կարծիքները, բացակայում են ոլորտների զարգացման կարճաժամկետ և երկարաժամկետ տեսլականները, փոփոխություններն անհրաժեշտ արագությունն ու տրամաբանությունը չունեն, կադրային քաղաքականությունը շատ հաճախ անհասկանալի է ու անձնավորված: Հետհեղափոխական Հայաստանում ամենից շատ հենց այս գերատեսչության ձախողումների մասին է խոսվել, ուստի առավել չմանրամասնեմ։ Շնորհակալություն եմ հայտնում Ազգային ժողովի նախագահին, այն գերատեսչություններին և պաշտոնյաներին (այդ թվում ԿԳՄՍ-ից), որոնց հետ այս ընթացքում հնարավոր եղավ արդյունավետ աշխատել, պայքարել առկա խնդիրների լուծման համար։ Այն օբյեկտիվ և անաչառ լրատվականներին, որոնք այդ ամենը լուսաբանեցին։ Եվ իհարկե, շնորհակալ եմ ՀՀ քաղաքացիներին և «Իմ Քայլը»-ը դաշինքին ցուցաբերած վստահության համար»,- գրառել է մարզիկը: «ԶԼՄ-րը կարող են օգտագործել հենց այս հայտարարությունը, քանզի վերոնշյալ թեմայով այս պահին առավել ծավալվելու նպատակահարմարություն չեմ տեսնում»,- նշել է նա։
21:25 - 09 սեպտեմբերի, 2020
Տեխզննում չանցած մեքենաները կֆիքսվեն տեսախցիկներով եւ կտուգանվեն․ Կառավարությունը ներկայացրել է օրենքի նախագիծը |armtimes.com|

Տեխզննում չանցած մեքենաները կֆիքսվեն տեսախցիկներով եւ կտուգանվեն․ Կառավարությունը ներկայացրել է օրենքի նախագիծը |armtimes.com|

armtimes.com: Կառավարությունն առաջարկում է փոփոխություններ մտցնել ավտոմեքենայի տեխզննման ժամկետներում։ «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծով առաջարկվում է տրանսպորտային միջոցների առաջին տեխնիկական զննությունն իրականացնել թողարկմանը հաջորդող չորրորդ տարում։ Թողարկման տարեթվից մինչեւ 10 տարվա արտադրության թեթեւ մարդատար տաքսի ավտոմոբիլների, տրոլեյբուսների, ավտոբուսների, վտանգավոր բեռներ փոխադրելու համար նախատեսված մասնագիտացված տրանսպորտային միջոցների դեպքում՝ տարին մեկ անգամ, 10-ից ավելի տարվա արտադրության դեպքում՝ 6 ամիսը մեկ անգամ։ Սահմանվել է նաեւ վարչական պատասխանատվություն տեխնիկական զննություն չանցած տրանսպորտային միջոց վարելու եւ առանց տեխնիկական զննություն անցկացնելու կամ տեխնիկական անսարքություն ունեցող տրանսպորտային միջոցը տեխնիկապես սարքին ճանաչելու համար, ընդհուպ՝ լիցենզիայի գործողության դադարեցմամբ։ Օրենքի այս նախագիծը պատգամավորներին ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը, այնուհետեւ կոչ արեց հաստատել այն։ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը հստակեցրեց, որ տեխզննման կտրոն չի լինելու, քանի որ ներդրվում է էլեկտրոնային շտեմարան, այնուհետեւ նա հետաքրքրվեց, թե արդյոք վճարումները չե՞ն փոփոխվել, ինչին Սիմոնյանը պատասխանեց․ «Այսօր սակագինը Կառավարության որոշմամբ հաստատված է առավելագույնը 8000 դրամ եւ 2500 դրամ կտրոնի համար հետ վերադարձը։ Տեխնիկական զննության մասով պետք է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին հայտ տանք, այդ հայտի շրջանակներում իրենք հաշվարկ անեն, թե ինչքան է կազմելու այդ ամենը եւ ելնելով այդ հաշվարկից՝ հաստատենք գումարը»։ Ավելին՝ armtimes.com-ում
13:03 - 09 սեպտեմբերի, 2020
«Հայրության արձակուրդ» և աշխատանքից մեկ ժամ շուտ դուրս գալու հնարավորություն՝ ծնողներին. նախագծեր ԱԺ-ում |civilnet.am|

«Հայրության արձակուրդ» և աշխատանքից մեկ ժամ շուտ դուրս գալու հնարավորություն՝ ծնողներին. նախագծեր ԱԺ-ում |civilnet.am|

civilnet.am: Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի սեպտեմբերի 9-ի նիստի օրակարգում երկու նախագիծ է ներառված, որոնք առնչվում են ծնողներին։ Դրանցից առաջինը նախատեսում է փոփոխություն աշխատանքային օրենսգրքում։ Մասնավորապես, առաջարկվում է ներդնել «հայրության արձակուրդ»։ Ըստ առաջարկի՝ «երեխայի ծնվելու օրվանից հետո 30 օրվա ընթացքում նորածնի հոր ցանկությամբ տրամադրվում է 5 աշխատանքային օր տևողությամբ վճարովի արձակուրդ, որի յուրաքանչյուր օրվա համար վճարվում է աշխատողի միջին օրական աշխատավարձի չափով»։ Նախագիծը մշակել են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները` Ծովինար Վարդանյանը, Սոնա Ղազարյանը, Լուսինե Բադալյանը, Արմեն Փամբուխչյանը և Նարեկ Զեյնալյանը, այն առաջին ընթերցմամբ արդեն ընդունվել է։ Եթե ամբողջությամբ ընդունվի, ուժի մեջ կմտնի 2021-ի հունվարի 1-ից։ Երկրորդ նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել, որը հնարավորություն կտա նախադպրոցական տարիքի երեխա խնամող աշխատողներին լքել աշխատանքի վայրը սահմանված աշխատաժամի ավարտից մեկ ժամ շուտ՝ բացառելով պայմանավորված աշխատավարձի պահումները։ Փաթեթում նշվում է՝ «նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատաժամը հիմնականում ավարտվում է ժամը 17:30-ին, ինչի հետևանքով երեխայի ծնողներից մեկը կամ խնամակալը աշխատանքային ռեժիմի պայմաններում ստիպված են լինում լրացուցիչ դժվարություններ կրել՝ ժամանակից շուտ լքել աշխատավայրը, ինչը հարուցում է ղեկավարության դժգոհությունը և դառնում խնդրահարույց»։ Նախագիծը մշակել են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վաղարշակ Հակոբյանը, Արուսյակ Ջուլհակյանը և ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը։ Այս փաթեթը դեռևս չի մտել խորհրդարանի լիագումար նիստերի օրակարգ։
11:48 - 09 սեպտեմբերի, 2020
ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել ԵԱՏՄ-ին առնչվող համաձայնագրի արձանագրության վավերացմանը |armenpress.am|

ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել ԵԱՏՄ-ին առնչվող համաձայնագրի արձանագրության վավերացմանը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Ազգային ժողովի Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն է տվել ԵԱՏՄ անդամ պետությունների ֆինանսական շուկան վերահսկող մարմինների միջև տեղեկատվության փոխանակման գործընթացը համակարգող և ընդլայնող համաձայնագրի արձանագրության վավերացմանը: Հանձնաժողովի նիստում օրենքի նախագիծը ներկայացրել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վախթանգ Աբրահամայանը: Համաձայնագրի նպատակն է համակարգել և ընդլայնել ԵԱՏՄ անդամ պետությունների ֆինանսական շուկան վերահսկող մարմինների միջև տեղեկատվության փոխանակման գործընթացը: Համաձայնագրով սահմանվում է այն տեղեկատվության շրջանակը, որը պետք է հրապարակվի վերահսկող մարմինների ինտերնետային կայքերում, ինչպես նաև այն տեղեկատվության շրջանակը, որը պետք է տրամադրվի հարցում կատարող անդամ պետության վերահսկող մարմնին: Նշվել է, որ մասնավորապես լիազոր մարմինների պաշտոնական կայքերում տեղադրվում են ֆինանսական շուկայի վիճակի և ֆինանսական կազմակերպությունների գործունեությանն առնչվող նորմատիվ իրավական ակտերի նախագծերը: Տեղադրվում են նաև անդամ պետությունների ֆինանսական կազմակերպությունների և գրանցված անդրսահմանային կազմակերպությունների վերաբերյալ ընդհանուր տեղեկությունները: Նշվել է, որ նախագծի ընդունմամբ կկարգավորվի ԵԱՏՄ անդամ պետությունների ֆինանսական շուկան վերահսկող մարմինների հետ տեղեկատվության արդյունավետ փոխանակման, ֆինանսական կազմակերպությունների համակարգված վերահսկողության շրջանակներում արդյունավետ համագործակցության գործընթացը:
18:55 - 08 սեպտեմբերի, 2020
«Նվիրյալները». պատգամավորների աշխատավարձերը՝ պաշտոնը ստանձնելուց առաջ եւ հետո

«Նվիրյալները». պատգամավորների աշխատավարձերը՝ պաշտոնը ստանձնելուց առաջ եւ հետո

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց, այդ թվում՝ պատգամավորների աշխատավարձերի եւ պարգեւատրումների թեման մշտապես հանրության ուշադրության կենտրոնում է: Վերջերս «Առավոտը» հարցման միջոցով պարզել էր, որ 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորները 2017 թվականի ապրիլից մինչեւ 2018 թվականի ապրիլն ընկած ժամանակահատվածում ստացել են 33 մլն ՀՀ դրամ պարգեւավճար, իսկ 7-րդ գումարման պատգամավորների` 2019 թվականի փետրվարից մինչեւ 2020 թվականի փետրվարն ընկած ժամանակահատվածում ստացած պարգեւավճարների ընդհանուր գումարի չափը կազմել է 580 մլն ՀՀ դրամ:  6-րդ եւ 7-րդ գումարման խորհրդարանների պատգամավորների պարգեւավճարների չափի զգալի տարբերության հրապարակմանը հաջորդեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանի՝ ԱԺ միջանցքում լրագրողի հետ ունեցած բանավեճը: «Այսինքն, ձրի՞ աշխատենք: Աշխատավարձը պիտի համապատասխանի, մարդիկ չեն ուզում գալ: 580 մլն մի՛ ասա, 100, 200 հազար դրամ ասա: Մարդիկ չեն ուզում աշխատեն, հարգելի՛ս, դուք ուզում եք երկիրը կառավարեն»,- լրագրողի հետ բանավեճի ընթացքում ասել էր Սիմոնյանը:  Ըստ էության՝ ԱԺ փոխնախագահը կրկնում է նույն այն թեզը, ինչ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ըստ որի՝ կառավարությունից եւ պետական ապարատից դեպի մասնավոր սեկտոր մեծ հոսք է նկատվում՝ ցածր վարձատրության պատճառով: Սիմոնյանը նույն դիտարկումն անում է նաեւ պատգամավորների վերաբերյալ՝ նշելով, որ մարդիկ չեն ուզում աշխատել: «Պաշտոնյան պետք է նորմալ աշխատավարձ ստանա, կարող է հրաժարվեմ, չմասնակցեմ ընտրությունների, գնամ իմ գիտելիքները տամ «Կոկա-կոլա» քոմփընիին: Պայմանական եմ ասում, գնամ այնտեղ խոսնակ, տնօրեն աշխատեմ, 3 մլն աշխատավարձ ստանամ: Նվիրյալնե՜ր: Այո՛, բոլորս էլ նվիրյալներ ենք, որ դիմանում ենք այս ամեն ինչին: Դիմանում ենք այս ստին, կեղծիքին, մեր անձնական կյանքի մեջ մտնելուն, լկտիությանը, բռնությանը: Բա նվիրյալներ ենք, որ այդ ամեն ինչը անում ենք»,- հայտարարել էր Ալեն Սիմոնյանը: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանն էլ «Զրույց քաղաքացու հետ» խորագրով ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասել էր, որ եթե որակով որեւէ բան ենք ուզում, ապա դրա արժեքը թանկ է: «Պատգամավորի մաքուր աշխատավարձը՝ հանած բոլոր հարկերն ու տուրքերը, կազմում է 461 հազար դրամ, դրան գումարած՝ 150 հազար դրամ պարգեւավճարը»,- ասել էր պատգամավոր Գրիգորյանը: 2019 թվականին պատգամավորների պարգեւատրումների ընդհանուր չափը կազմել է 526 մլն ՀՀ դրամ, հետեւաբար՝ միջին ամսական պարգեւատրումները կազմել են մոտ 330 հազար ՀՀ դրամ (հարկերն ու տուրքերը հանած՝ 248 հազար), ինչն էականորեն տարբերվում է Սուրեն Գրիգորյանի նշած թվից: Հավելենք նաեւ, որ 330 հազար ՀՀ դրամը պատգամավորների պաշտոնային դրույքի մոտ 50%-ն է: Հասկանալու համար, թե որքան են իրականությանը մոտ Ալեն Սիմոնյանի այն պնդումները, թե պատգամավորները չեն ուզում աշխատել, քանի որ աշխատավարձի չափը բավարար չէ եւ մասնավոր սեկտորում կարող են ավելի շատ վարձատրվել, դիտարկենք, թե որքան աշխատավարձ են ստացել պատգամավորները՝ մինչեւ պաշտոնավարումը եւ որքան են ստանում հիմա: Տվյալների համար հիմք են հանդիսացել պաշտոնատար անձանց ներկայացրած հայտարարագրերը եւ ինքնակենսագրականում առկա տվյալները: «Իմ քայլը» խմբակցություն «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը պատգամավոր է դարձել 2018 թվականի մայիսի 16-ին: Մինչեւ պատգամավոր դառնալը՝ Սիմոնյանը եղել է Երեւանի ավագանու անդամ: Զուգահեռ եղել է իր հիմնադրած «Ararat Media Group» ՍՊԸ-ի՝ «araratnews.am» կայքի եւ «Արարատ» ամսագրի գլխավոր խմբագիր: Ըստ պաշտոնը ստանձնելու հայտարարագրի` պաշտոնը ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչեւ պաշտոնը ստանձնելու օրը նա հայտարարագրել է 560 հազար ՀՀ դրամ: Հաշվի առնելով հեղափոխության շրջանի քայլերթերում, ընթացող գործընթացներում Ալեն Սիմոնյանի ներգրավվածությունը՝ ընդունենք, որ այս գումարը իր հունվար-մարտ ամիսների եկամուտն է։ Հետեւաբար, ըստ ամենայնի, Ալեն Սիմոնյանը մինչեւ պաշտոնը ստանձնելը ստացել է ամսական մոտ 187 հազար ՀՀ դրամ աշխատավարձ եւ դրան հավասարեցված այլ վճարումներ: Պաշտոնը ստանձնելու օրից մինչեւ տարեվերջ՝ պատգամավորը հայտարարագրել է 4 մլն 183 հազար ՀՀ դրամ եկամուտ, այսինքն` ամսական ստացել է 558 հազար ՀՀ դրամ աշխատավարձ եւ դրան հավասարեցված այլ վճարումներ (ներառյալ պարգեւավճարները): Արդեն 2019 թվականին Ալեն Սիմոնյանի աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են ամսական 1 մլն 22 հազար ՀՀ դրամ: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արամ Խաչատրյանը պատգամավոր է դարձել 2019 թվականի հունվարի 14-ին: Մինչ պատգամավոր աշխատելը՝ Խաչատրյանը եղել է Լոռու մարզպետի տեղակալ, իսկ մինչ այդ՝ Լոռու մարզի Վահագնաձոր համայնքի հիմնական դպրոցի նախնական զինվորական պատրաստության ուսուցիչ: Ըստ հայտարարագրի՝ պաշտոն զբաղեցնելու տարվա հունվարի 1-ից մինչեւ Լոռու մարզպետի տեղակալի պաշտոնը զբաղեցնելը (2018 թվականի հունիսի 14)՝ պատգամավորը հայտարարագրել է 536 հազար ՀՀ դրամ աշխատավարձ եւ դրան հավասարեցված այլ վճարումներ, այսինքն՝ ամսական 98 հազար ՀՀ դրամ: Ըստ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի՝ մարզպետի տեղակալի աշխատավարձը կազմում է 529 հազար ՀՀ դրամ (ներառյալ հարկերը), հարկերը հանած՝ 391 հազար ՀՀ դրամ: Պատգամավոր դառնալուց հետո նրա աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են 752 հազար ՀՀ դրամ: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը պատգամավոր է  2018 թվականի մայիսի 16-ից: Մինչեւ պաշտոնավարելը եղել է «Para.tv» համացանցային հեռուստաընկերության «Մի խոսքով» հաղորդաշարի հեղինակ եւ վարող, ինչպես նաեւ՝ ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության փորձագետ: Ըստ ներկայացրած հայտարարագրի՝ մինչ պաշտոնավարելը Կոնջորյանի աշխատանքի վարձատրությունը եւ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են 341 հազար ՀՀ դրամ: Պատգամավորի պաշտոնը ստանձնելուց հետո հետո` 2018-ին` 677 հազար ՀՀ դրամ, իսկ 2019-ին` 754 հազար ՀՀ դրամ: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը պատգամավոր է ընտրվել 2019 թվականի հունիսի 10-ին: Մինչեւ ընտրվելը՝ Հովհաննիսյանը եղել է ՀՀ վարչապետի աշխատակազմի հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրենի առաջին տեղակալ: Ըստ ներկայացրած հայտարարագրի՝ մինչ պատգամավոր ընտրվելը՝ Հովհաննիսյանի մեկ ամսվա աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են 528 հազար ՀՀ դրամ, պատգամավոր դառնալուց հետո՝ 791 հազար ՀՀ դրամ:  «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արգիշտի Մեխակյանը պատգամավոր է դարձել 2019 թվականի հունվարի 14-ին: Մինչ այդ՝ Մեխակյանը զբաղեցրել է Էջմիածնի քաղաքապետի տեղակալի պաշտոնը: Այդ պաշտոնում նրա աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները եղել են 341 հազար ՀՀ դրամ, առանց հարկերի՝ 253 հազար ՀՀ դրամ, պատգամավոր դառնալուց հետո՝ 2019 թվականին՝ 767 հազար ՀՀ դրամ: Պատգամավոր Արփինե Դավոյանը մինչ պատգամավոր ընտրվելը եղել է ՀՀ վարչապետի օգնական: Մինչեւ պաշտոնավարելը՝ Դավոյանը եղել է ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության գործավար: Նրա աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները, ըստ ներկայացված հայտարարագրի, եղել են 110 հազար ՀՀ դրամ: Արդեն վարչապետի օգնականի պաշտոնում նրա աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են 897 հազար ՀՀ դրամ: Պատգամավոր դառնալուց հետո՝ 778 հազար ՀՀ դրամ: Պատգամավոր Երջանիկ Հակոբյանը մինչեւ պատգամավոր ընտրվելը եղել է Պետական եկամուտների կոմիտեի ներքին անվտանգության վարչության պետի տեղակալ, այնուհետեւ վարչության պետ, իսկ մինչ այդ՝ «Երեւանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի իրավաբան եւ միջազգային-վարկային պայմանագրերի կառավարման մասնագետ: Ըստ հայտարարագրի՝ մինչ ՊԵԿ ներքին անվտանգության վարչության պետի տեղակալի պաշտոնը ստանձնելը ստացել է 409 հազար ՀՀ դրամ աշխատավարձ եւ դրան հավասարեցված այլ վճարումներ: Պաշտոնավարման ժամանակ Հակոբյանի աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են 1 մլն 47 հազար ՀՀ դրամ, պատգամավոր ընտվելուց հետո՝ 762 հազար ՀՀ դրամ: «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը մինչեւ պատգամավոր ընտրվելը զբաղեցրել է ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը: Դրանից առաջ եղել է Հայ-ռուսական համալսարանի միջազգային կապերի եւ համագործակցության բաժնի ղեկավար: Մինչ պաշտոնավարելը՝ Մակունցի աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են 353 հազար ՀՀ դրամ: Մշակույթի նախարարի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ նրա աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են 581 հազար ՀՀ դրամ: Պատգամավոր ընտրվելուց հետո՝ 745 հազար ՀՀ դրամ: Պատգամավոր Կարեն Սարուխանյանը մինչեւ պատգամավոր ընտրվելը եղել է Շիրակի մարզպետ, իսկ մինչ այդ եղել է «Բյուրակնի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կենսաբանության եւ ինֆորմատիկայի ուսուցիչ: Եթե հաշվի առնենք, որ Սարուխանյանը մասնակցել է հեղափոխության քայլերթերին եւ այդ ամիսներին աշխատավարձ չի ստացել, ապա, ըստ իր հայտարարագրի, ուսուցիչ եղած ժամանակ նրա աշխատավարձը կազմել է առավելագույնը 114 հազար ՀՀ դրամ: ՀՀ Շիրակի մարզպետի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ Սարուխանյանը ստացել է 497 հազար ՀՀ դրամ աշխատավարձ եւ դրան հավասարեցված այլ վճարումներ, իսկ պատգամավոր ընտրվելուց հետո՝ 735 հազար ՀՀ դրամ: Պատգամավոր Կարեն Համբարձումյանը մինչեւ պատգամավոր ընտրվելը եղել է Սյունիքի մարզպետ: Մինչ պաշտոնավարելը Համբարձումյանը երեք ամիս եղել է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ «Իրան-Հայաստան 400կՎ երրորդ էլեկտրահաղորդման գիծ եւ համապատասխան ենթակայան» ծրագրի համակարգող-պատասխանատու եւ ստացել է 308 հազար ՀՀ դրամ աշխատավարձ եւ դրան հավասարեցված այլ վճարումներ: Սյունիքի մարզպետի պաշտոնը ստանձնելուց հետո աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են 556 հազար ՀՀ դրամ, իսկ պատգամավոր ընտրվելուց հետո՝ 775 հազար ՀՀ դրամ: Պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը մինչ պատգամավոր ընտրվելը՝ 2017-2018 թվականներին աշխատել է որպես պատգամավորի օգնական, «ՀԱՊԿ եւ Եվրազես» համալսարանի դասախոս: Ապա ԿԱԻ Կոտայքի մասնաճյուղի տնօրեն, որից հետ նշանակվել է Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ղեկավարի պաշտոնակատար, ապա Կոտայքի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետի պաշտոնակատար: ԱԺ պատգամավորի օգնականի պաշտոնային դրույքաչափը 198 հազար ՀՀ դրամ է, առանց հարկերի՝ 147 հազար ՀՀ դրամ: Հրազդան համայնքի ղեկավարի պաշտոնային դրույքաչափը՝ 400 հազար ՀՀ դրամ ներառյալ հարկերը, առանց հարկերի՝ 297 հազար ՀՀ դրամ: Պատգամավոր դառնալուց հետո Ստեփանյանի աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները աճել են՝ կազմելով 773 հազար ՀՀ դրամ:  Խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը մինչեւ պատգամավոր ընտրվելը զբաղեցրել է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի տեղակալի պաշտոնը: Մինչ պաշտոնավարելը եղել է «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի տնօրեն, իսկ մինչ այդ՝ 2012-2017 թվականներին եղել է Ազգային Ժողովի պատգամավորի օգնական: Պատգամավորի օգնականի պաշտոնային դրույքաչափը առանց հարկերի 147 հազար ՀՀ դրամ է։ Ըստ ներկայացված հայտարարագրի՝ Սիմիդյանի աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են 358 հազար ՀՀ դրամ: ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի տեղակալի պաշտոնում նրա աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են 582 հազար ՀՀ դրամ, իսկ պատգամավոր ընտրվելուց հետո՝ 770 հազար ՀՀ դրամ: Հովիկ Աղազարյանը պատգամավորի պաշտոնը ստանձնել է 2018 թվականի մայիսի 16-ին: Մինչ պատգամավոր ընտրվելը Աղազարյանը չի աշխատել, սակայն հայտարարագրել է 1 մլն ՀՀ դրամ այլ եկամուտ, որը եթե բաժանենք ամիսների, ապա մինչ պատգամավոր դառնալը Աղազարյանի այլ եկամուտը ամսական կազմել է 222 հազար ՀՀ դրամ: Պատգամավոր ընտրվելուց հետո՝ 2018-ին, Աղազարյանի աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները եղել են 639 հազար ՀՀ դրամ, իսկ 2019-ին՝ 804 հազար ՀՀ դրամ: Հռիփսիմե Գրիգորյանը պատգամավորական գործունեությունը սկսել է 2019 թվականի հունվարի 14-ին: Մինչ այդ՝ Գրիգորյանը զբաղեցրել է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնը: Մինչ այդ՝ 2016 թվականից զբաղեցնում է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի դոնորների հետ կապերի համակարգող, մարկետինգի եւ խթանման վարչության խորհրդականի պաշտոնը, որտեղ, ըստ պաշտոնը ստանձնելու հայտարարագրի, Գրիգորյանի աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են 210 հազար ՀՀ դրամ: Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնում Գրիգորյանի աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են 701 հազար ՀՀ դրամ, իսկ պատգամավորական գործունեության ժամանակ՝ 721 հազար ՀՀ դրամ: Մերի Գալստյանը եւս պատգամավորական գործունեությունը սկսել է 2019 թվականի հունվարի 14-ից: Մինչ պատգամավոր ընտրվելը՝ Գալստյանի զբաղեցրել է ՀՀ բնապահպանության նախարարի խորհրդականի պաշտոնը, ինչպես նաեւ եղել է ԵՄ եւ ՀՀ միջեւ ստորագրված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում բնական ռեսուրսների կառավարման, շրջակա միջավայրի եւ կլիմայի փոփոխության ոլորտում օրենսդրական մոտարկման գործընթացի համակարգող: Նախարարի խորհրդականի պաշտոնային դրույքաչափը 364 հազար ՀՀ դրամ է` հարկերը ներառյալ, առանց հարկերի՝ 270 հազար ՀՀ դրամ: Պատգամավոր ընտրվելուց հետո Գալստյանի աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են 772 հազար ՀՀ դրամ: Ռուբեն Ռուբինյանը մինչ պատգամավոր դառնալը զբաղեցրել է ԱԳ նախարարի տեղակալի պաշտոնը: Մինչ պաշտոնավարելը Ռուբինյանը զբաղվել է գիտական գործունեությամբ եւ հայտարարագրած 150 հազար ՀՀ դրամ աշխատավարձը հավանաբար ստացել է գիտական գործունեության համար: ԱԳ նախարարի տեղակալի պաշտոնում Ռուբինյանի աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները եղել են 530 հազար ՀՀ դրամ: Պատգամավոր ընտրվելուց հետո՝ 884 հազար ՀՀ դրամ: Սերգեյ Ատոմյանը մինչ պատգամավոր ընտրվելը եղել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննիչ եւ ստացել է 323 հազար ՀՀ դրամ աշխատավարձ եւ դրան հավասարեցված այլ վճարումներ: Պատգամավոր ընտրվելուց հետո՝ 772 հազար ՀՀ դրամ: Վաղարշակ Հակոբյանը մինչ պատգամավոր ընտրվելը եղել է սփյուռքի նախարարի օգնական: Նախարարի օգնականի պաշտոնային դրույքաչափը 298 հազար ՀՀ դրամ է, առանց հարկերի՝ 221 հազար ՀՀ դրամ: Պատգամավոր ընտրվեուց հետո Հակոբյանի աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են 775 հազար ՀՀ դրամ: Վարազդատ Կարապետյանը մինչ պատգամավոր ընտրվելը զբաղեցրել է ՀՀ վարչապետի խորհրդականի պաշտոնը, իսկ դրանից առաջ եղել է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման փոխնախարար: Մինչ պաշտոնավարումը՝ նրա աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են 600 հազար ՀՀ դրամ: Փոխնախարարի պաշտոնում Կարապետյանի աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները եղել են 523 հազար ՀՀ դրամ, պատգամավոր դառնալուց հետո՝ 899 հազար ՀՀ դրամ: Աննա Կարապետյանը մինչ պատգամավոր ընտրվելը եղել է ԱԺ պատգամավորի օգնական, ապա առաջին փոխվարչապետի խորհրդական, որից հետո առաջին փոխվարչապետի գրասենյակի ղեկավար: Պատգամավորի օգնականի պաշտոնային դրույքաչափը առանց հարկերի 146 հազար ՀՀ դրամ է, փոխվարչապետի խորհրդականինը` 435 հազար ՀՀ դրամ, փոխվարչապետի գրասենյակի ղեկավարինը` 479 հազար ՀՀ դրամ: Պատգամավոր ընտրվելուց հետո Կարապետյանի աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են 811 հազար ՀՀ դրամ: Վահե Ղալումյանը մինչեւ 2015 թվականը եղել է Իջեւանի ճանշինվարչության գործադիր տնօրենի առաջին տեղակալ: Դրանից հետո մինչեւ 2018 թվականը չի աշխատել: 2018 թվականի հունիսի 1-ից մինչեւ պատգամավոր ընտրվելը զբաղեցրել է Տավուշի մարզպետի պաշտոնը: Մարզպետի պաշտոնում Ղալումյանի աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են  519 հազար ՀՀ դրամ: Պատգամավոր ընտրվելուց հետո՝ 764 հազար ՀՀ դրամ: Քրիստինե Պողոսյանը մինչ պատգամավոր դառնալը եղել է  «Tre gufo» հայկական արծաթյա զարդերի խանութի հիմնադիր տնօրեն, որից հետո առաջին փոխվարչապետի օգնական: Փոխվարչապետի օգնականի պաշտոնային դրույքաչափը առանց հարկերի 342 հազար ՀՀ դրամ է: Պատգամավոր ընտրվելուց հետո Պողոսյանի աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են 716 հազար ՀՀ դրամ: Արսեն Միխայլովի աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները մինչ պաշտոնը ստանձնելը կազմել են 153 հազար ՀՀ դրամ, պատգամավոր ընտրվելուց հետո` 2017-ին` 644 հազար ՀՀ դրամ, 2018-ին՝ 565 հազար ՀՀ դրամ, 2019-ին` 766 հազար ՀՀ դրամ: Վլադիմիր Վարդանյանը մինչ պատգամավոր ընտրվելը եղել է Սահմանադրական դատարանի խորհրդական, ապա Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար, իսկ մինչ այդ` «Սահմանադրական մշակույթ» միջազգային վերլուծական կենտրոնի գործադիր տնօրեն: Ըստ հայտարարագրի` մինչ պաշտոնավարելը՝ Վլադիմիր Վարդանյանի աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են 498 հազար ՀՀ դրամ: Սահմանադրական դատարանի խորհրդականի պաշտոնում Վարդանյանի աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են 580 հազար ՀՀ դրամ, ՍԴ աշխատակազմի ղեկավարի պաշտոնում՝ 2018-ին՝ 656 հազար ՀՀ դրամ, պատգամավոր ընտրվելուց հետո՝ 984 հազար ՀՀ դրամ: Վլադիմիր Վարդանյանը մշտապես աշխատավարձ եւ դրան հավասարեցված այլ վճար ստացել է 3 աղբյուրներից: Ըստ 2019 թվականի հայտարարագրի՝ դրանք են՝ ՀՀ ԱԺ, ԵՊՀ եւ Սահմանադրական մշակույթ միջազգային վերլուծական կենտրոն հիմնադրամ: «Բարգավաճ Հայաստան» խմբակցություն Պատգամավոր Արթուր Գիրգորյանը մինչ ընտրվելը զբաղեցրել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի պաշտոնը, իսկ մինչ այդ` «Մուլտի գրուպ» կոնցեռնի ներքին վերահսկողության ծառայության պետ: Ըստ հայտարարագրի՝ մինչ պաշտոնավարելը՝ նրա աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են 120 հազար ՀՀ դրամ: ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի պաշտոնում` 628 հազար ՀՀ դրամ: Արդեն պատգամավոր ընտրվելուց հետո` 783 հազար ՀՀ դրամ: Հրանտ Մադաթյանը պատգամավոր է 2017 թվականից: Մինչ պաշտոնը ստանձնելը՝ նա հայտարարագրել է 460 հազար ՀՀ դրամ շահաբաժին: Պատգամավոր ընտրվելուց հետո Մադաթյանի աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են` 2017-ին` 620 հազար ՀՀ դրամ, 2018-ին` 596 հազար ՀՀ դրամ եւ 2019-ին` 749 հազար ՀՀ դրամ: Շաքե Իսայանը, մինչ պատգամավոր ընտրվելը, 2015-2017թթ. եղել է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի տնօրենի տեղակալ, եւ ներկայացված հայտարարագրից կարելի է ենթադրել, որ ստացել է ամսական 113 հազար ՀՀ դրամ աշխատավարձ եւ դրան հավասարեցված այլ վճարումներ: Պատգամավոր ընտրվելուց հետո` 2019 թվականին՝ նրա աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են 761 հազար ՀՀ դրամ: Նորա Առուստամյանը մինչեւ պատգամավոր ընտրվելը եղել է ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի օգնականը: Պատգամավորի օգնականի պաշտոնային դրույքաչափը առանց հարկերի 146 հազար ՀՀ դրամ է: Պատգամավոր ընտրվելուց հետո Առուստամյանի աշխատավարձը եղել է` 2017-ին` 649 հազար ՀՀ դրամ, 2018-ին` 515 հազար ՀՀ դրամ, 2019-ին` 751 հազար ՀՀ դրամ: Վարդեւան Գրիգորյանը մինչ պատգամավոր ընտրվելը եղել է Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզդաստիարակության տեսության եւ մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսոր: Ըստ հայտարարագրի` Գրիգորյանի աշխատավարձը եղել է 227 հազար ՀՀ դրամ: Պատգամավոր ընտրվելուց հետո` 2017-ին` 656 հազար ՀՀ դրամ, 2018-ին՝ 675 հազար ՀՀ դրամ, 2019-ին` 757 հազար ՀՀ դրամ: «Լուսավոր Հայաստան» խմբակցության Պատգամավոր Ռուբիկ Ստեփանյանը մինչ պատգամավոր ընտրվելը չի աշխատել: 2014-2016 թվականներին եղել է «Նուբարաշեն» ՔԿՀ պետ, որից հետո մինչ պաշտոնը ստանձնելը չի աշխատել: Պաշտոնը ստանձնել է 2019 թվականի հունվարի 14-ից եւ աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են  788 հազար ՀՀ դրամ: Պատգամավորներ, որոնց աշխատավարձը նվազել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանն ընտրվել 2018թ. դեկտեմբերի 9-ին, պատգամավորական գործունեությունը սկսել է 2019 թվականի հունվարի 14-ից: Մինչ պատգամավոր դառնալը՝ զբաղեցրել է ՀՀ կրթության եւ գիտության փոխնախարարի պաշտոնը: Քանի որ Հովհաննես Հովհաննիսյանը մշտապես աշխատավարձ է ստացել մի քանի աղբյուրներից՝ դիտարկենք ընդհանուր աշխատավարձից եւ դրան հավասարեցված այլ վճարումներից գոյացած եկամուտները: Մինչ պաշտոնավարումը 3 աղբյուրներից ստացված նրա աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են 1 մլն 359 հազար ՀՀ դրամ: ՀՀ կրթության եւ գիտության փոխնախարարի պաշտոնում՝ դարձյալ երեք աղբյուրներից՝ 1 մլն 343 հազար ՀՀ դրամ: Պատգամավորական գործունեության ժամանակ նրա աշխատավարձի եւ դրան հավասարեցված այլ վճարումների աղբյուրները մնացել են 3-ը, աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները այդ ընթացքում կազմել են 1 մլն 230 հազար ՀՀ դրամ: Ըստ 2019 թվականի տարեկան հայտարարագրի՝ Հովհաննիսյանի վարձատրության երեք աղբյուրներն են՝ Հայաստանի ամերիկյան համալսարանը, Երեւանի պետական համալսարանը եւ Ազգային ժողովից ստացված վարձատրությունները: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը  2015-2018 թվականներին եղել է  ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ, 2018-2019 թվականներին՝ ՀՀ ԿԲ նախագահի խորհրդական: Աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները մինչեւ պատգամավոր դառնալը եղել են` 2016 թվականին` 1 մլն 585 հազար ՀՀ դրամ, 2017-ին՝ 1 մլն 839 հազար ՀՀ դրամ, 2018-ին` 1 մլն 413 հազար ՀՀ դրամ: Արդեն պատգամավոր ընտրվելուց հետո` 851 հազար ՀՀ դրամ: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը պատգամավորական գործունեությունը սկսել է 2019 թվականի հունվարի 14-ից: Մինչ այդ զբաղեցրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը, իսկ դրանից առաջ` 2016-2018 թվականներին՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության բովանդակային մասի պատասխանատու, խմբագիր: Ըստ հայտարարագրի` մինչ պաշտոնավարելը՝ նրա աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են 826 հազար ՀՀ դրամ: ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնում՝ 861 հազար ՀՀ դրամ: Պատգամավորական գործունեության ժամանակ՝ 773 հազար ՀՀ դրամ: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը պատգամավորի մանդատ ունի 2019 թվականի հունվարի 14-ից: Մինչ այդ՝ Փամբուխչյանը զբաղեցրել է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալի, ապա առաջին տեղակալի պաշտոնը, իսկ մինչ այդ եղել է «Մոգո» ՈՒՎԿ ՍՊԸ խնդրահարույց հաճախորդների հետ աշխատանքի վարչության պետ: Ըստ հայտարարագրի՝ մինչեւ պաշտոնավարելը Փամբուխչյանի մեկ ամսվա աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարները կազմել են 759 հազար ՀՀ դրամ, նախարարի տեղակալ դառնալուց հետո՝ ամսական 618 հազար ՀՀ դրամ: ԱԺ պատգամավոր ընտրվելուց հետ՝ ամսական 775 հազար ՀՀ դրամ: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը պատգամավոր է 2019 թվականի հունվարի 14-ից: Մինչ այդ՝ Խաչատրյանը զբաղեցրել է ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալի պաշտոնը։ Ըստ հայտարարագրի՝ նրա ամսական աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները մինչ պաշտոնավարելը կազմել են 816 հազար ՀՀ դրամ, պատգամավոր դառնալուց հետո՝ 2019 թվականին՝ 783 հազար ՀՀ դրամ: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը մինչ պաշտոնավարելը եղել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ մարդկային ռեսուրսների վարչության պետ: Պետրոսյանի աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները մշտապես եղել են երկու աղբյուրից: Ըստ հայտարարագրի` մինչ պատգամավոր ընտրվելը ստացել է 993 հազար ՀՀ դրամ աշխատավարձ եւ դրան հավասարեցված այլ վճարումներ: Պատգամավոր ընտրվելուց հետո` 2018-ին` 712 հազար ՀՀ դրամ, 2019-ին` 796 հազար ՀՀ դրամ: Ըստ 2019 թվականի տարեկան հայտարարագրի՝ Պետրոսյանի եկամտի աղբյուրները եղել են Ազգային ժողովը եւ Երեւանի պետական համալսարանը:  «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը մինչ պատգամավոր դառնալը եղել է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն, ինչպես նաեւ՝ «Կենտրոն» հեռուստաընկերության տնօրենների խորհրդի անդամ, «Էպիկենտրոն» լրատվական ծառայության տնօրեն: Ըստ հայտարարագրի` աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները մինչ պաշտոնավարելը կազմել են 812 հազար ՀՀ դրամ: Պատգամավոր ընտրվելուց հետո` 2018-ին` 585 հազար ՀՀ դրամ, 2019-ին` 741 հազար ՀՀ դրամ: Ուսումնասիրության այս փուլում դիտարկել ենք 37 պատգամավորների, որոնց ներկայացրած հայտարարագրերից հնարավոր էր հաշվել մինչ պաշտոնավարումը ստացած աշխատավարձի չափը: 38 պատգամավորներից միայն 7-ի մոտ է, որ պատգամավոր ընտրվելուց հետո աշխատավարձի աճ չի եղել կամ եղել է, բայց ոչ զգալի:  Այսպիսով՝ դիտարկելով պատգամավորների ներկայացրած հայտարարագրերը՝ կարելի է եզրակացնել, որ Ալեն Սիմոնյանի հնչեցրած պնդումները, թե մարդիկ չեն ուզում գալ, դառնալ պատգամավոր, քանի որ աշխատավարձը ցածր է, միանշանակ չէ, քանի որ պատգամավորների զգալի մասը մինչ պաշտոնավարելը վարձատրվել են ավելի քիչ, քան պաշտոնավարումից հետո: Բացի այդ՝ պատգամավորի աշխատավարձի դրույքաչափը բաց տվյալ է, ըստ այդմ՝ այն հասանելի է եղել նաեւ պատգամավորի թեկնածուներին, եւ նրանք կարող էին տեղյակ լինել՝ որքան աշխատավարձ են ստանալու։  Առաջիկայում կանդրադառնանք նաեւ այն պատգամավորներին, որոնք ներկայացված չէին այս շարքում: Նարեկ Մարտիրոսյան
13:32 - 08 սեպտեմբերի, 2020
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի լիազորություններն ընդլայնող նախագծերի փաթեթը ստացավ ԱԺ հանձնաժողովի եզրակացությունը |hetq.am|

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի լիազորություններն ընդլայնող նախագծերի փաթեթը ստացավ ԱԺ հանձնաժողովի եզրակացությունը |hetq.am|

hetq.am: Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Հանրային ծառայության մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթին, որով առաջարկվում է ընդլայնել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (ԿԿՀ) լիազորությունները: Փաթեթը ներկայացրեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, ում խոսքով` այն հակակոռուպցիոն ոլորտում իրականացված քայլերի տրամաբանական շարունակությունն է: Հայտարարատուի ֆինանսական շարժի վերաբերյալ  ամբողջական պատկերացում կազմելու նպատակով առաջարկվում է ներդնել նոր` ծախսերի հայտարարագրման համակարգ, որոշակի կոնկրետ ծախսերի դեպքում պաշտոնատար անձը պարտավորվում է հայտարարագրել այն, եթե նման ծախսի միանվագ արժեքը գերազանցում է մեկ միլիոն դրամը, օրինակ վարձակալության ծախսեր, ուսման վարձավճարներ, հանգստի համար ծախսեր և այլն: Հայտարարագրման ենթակա է սահմանվում նաև փաստացի տիրապետվող գույքը: Գույք, որը սեփականության իրավունքով չի պատկանում պաշտոնատար անձին, սակայն վերջինիս կողմից վերահսկվում է, բացառություն է կազմում ծառայողական ավտոմեքենան: Պաշտոնատար անձի` պարտականությունների դադարեցումից հետո երկու տարվա ընթացքում եկամուտների էական փոփոխություններից հետո, ԿԿՀ-ն իրավասու կլինի պահանջել գույքի և եկամուտների իրավիճակային հայտարարագիր: Նախարարի ներկայացրած մյուս փոփոխության առաջարկն այն է, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը լիազորություն է ստանալու դիմելու օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններին` հայտարարագրերի վերլուծության ընթացքում պաշտոնատար անձի գույքի փաստացի տիրապետումը ստուգելու և քրեական ենթամշակույթին հարելու հնարավորության ուսումնասիրության նպատակով: Հանձնաժողովի անդամ պատգամավորները հետաքրքրվեցին հայտարարատու անձանց ցանկի ընդլայնումից` հարցնելով, թե ինչու են նաև ավագանու անդմաները ներառվել այդտեղ(15000բնակչություն ունեցող համայնքների): Պատգամավորները հիշեցրին, որ ավագանու անդամները չվարձատրվող աշխատանք են կատարում և նրանց վրա չի տարածվում աշխատանքի անհամատեղելիության պահանջ, ինչպես պատգամավորների դեպքում է: Պատգամավորները մտահոգություն հայտնեցին, որ նման կարգավորումների դեպքում շատերը պարզապես չեն ցանկանա ավագանու անդամ  լինել: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն արձագանքեց` ավագանու անդամները կարևոր լիազորությամբ են օժտված, օրինակ համայնքային նշանակության հողտարածքների նշանակությունը կարող են փոխել, և անհրաժեշտ է, որ նրանք ևս եկամուտների հայտարարագիր ներկայացնեն: Նախարարը նաև հավելեց, որ փաթեթը Կառավարության հակակոռուպցիոն քաղաքականության շրջանակում է, և ուղղված է նրան, որ ապագայում ներդրվի համատարած հայտարարագրման մեխանիզմը: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանն էլ ասաց` եթե որևէ անձ եկամուտների հայտարարագրի պատճառով չի ցանկանալու ավագանու անդամ ընտրել, ուրեմն ավելի լավ կլինի, որ նման անձ ավագանու պաշտոն չզբաղեցնի: Նախագծերի փաթեթը ներկայացվեց քվեարկության և ստացավ դրական եզրակացություն:
12:45 - 08 սեպտեմբերի, 2020
ԱԺ հանձնաժողովը քննարկում է վտանգավոր սննդամթերքի համար պատժի խստացումը |lragir.am|

ԱԺ հանձնաժողովը քննարկում է վտանգավոր սննդամթերքի համար պատժի խստացումը |lragir.am|

lragir.am: Կեղծ սննդամթերք արտադրողները բարձր տուգանքներ կվճարեն, իսկ եթե նրանց գործողության հետևանքով մահ արձանագրվի, կպատժվեն ազատազրկմամբ։ ԱԺ պետաիրավական հարցերի մշական հանձնաժողովի նիստում քննարկվեց Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու նախագիծը։ Օրենքի համահեղինակ պատգամավոր Արթուր Դավթյանն ասաց, որ առաջարկվող փոփոխությունը բխում է նաև վերջերս տեղի ունեցած դեպքից։ «Մի քանի օր առաջ կեղծ ալկոհոլից բազմաթիվ անձինք թունավորվեցին։ Եվ Քրեական օրենսգիրքը նման հոդված ունի, որ կեղծ ալկոհոլ արտադրել, իրացնելը քրեական պատասխանատվության է ենթարկում։ Սակայն սննդամթերքի վերաբերյալ Քրեական օրենսգիրքը նման դրույթ չի պարունակում, ինչը բացթողում է, ուստի մենք ձեռնամուխ եղանք այս փոփոխությունն առաջարկելուն։ Քանի որ պատժամիջոցները խիստ են, կարծում ենք՝ հիմք կհանդիսանան, որ կեղծ սննդամթերք չի արտադրվի և ՀՀ-ում արտադրվող սննդամթերքի որակը կբարձրանա», ասաց պատգամավորը։ Ըստ առաջարկվող լրացումների՝ կեղծված սննդամթերք արտադրելը կամ իրացնելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 200-ապատիկից 500-ապատիկի չափով։ Արարքը, որը մարդու առողջությանը պատճառում է ծանր կամ միջին ծանրության վնաս, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 500-ապատիկից 1000-ապատիկի չափով կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու, գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 2 տարի ժամկետով։ Այս հոդվածով նախատեսված արարքը, որն ազգուշությամբ առաջացրել է մարդու մահ, պատժվում է ազատազրկմամբ՝ 3-5 տարի ժամկետով։ Պատգամավորները քննարկումների արդյունքում եկան այն եզրահանգման, որ հնարավոր է նախագիծը լրամշակվի, պատժաչափերը խստացվեն։
12:15 - 07 սեպտեմբերի, 2020
Այս օրինագիծը վնասներ է հասցնելու երկարաժամկետ հատվածում․ Արման Բաբաջանյան
 |factor.am|

Այս օրինագիծը վնասներ է հասցնելու երկարաժամկետ հատվածում․ Արման Բաբաջանյան |factor.am|

factor.am: Ժողովրդավարական հասարակությունում ցանկացած օրենք պետք է կառուցվի քաղաքացու սուբյեկտայնության սկզբունքով և կանխադրույթով, բայց մենք այդ ճանապարհով գնալու փոխարեն՝ հակառակը, օրինագծով ամրագրում ենք անհամար սահմանափակումներ, որոնք առնչվում են մարդու հիմնարար իրավունքներին ու ազատություններին։ Այս մասին այսօր ԱԺ արտահերթ նիստում Կառավարության ներկայացրած օրենսդրական փաթեթի քննարկման ժամանակ ասաց անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը։ «Ժողովրդավարությանն ու մարդու իրավունքներին նվազագույն վնաս հասցնելուն ուղղված ջանքը, առավելագույն աշխատանքը չտեսա ես այս օրինագծում։ Եթե անգամ կարճաժամկետ հատվածում իրավիճակային խնդիրների լուծման տիրույթում այս օրինագիծը կարող է նպաստավոր լինել, այն վնասներ է հասցնելու երկարաժամկետ հեռանկարում, որովհետև ժողովրդավարությունը դույզն-ինչ սահմանափակող որևէ ակտ արդեն իսկ թուլացնելու է պետությունը»,- նշեց պատգամավորը։ Նշենք, որ ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց արտակարգ դրությունն այլևս չերկարաձգելու և գործադիրին կարանտին սահմանելու հնարավորություն տալու վերաբերյալ փաթեթը։ Նախագիծն ընդունվեց 70 «կողմ» և 19 «դեմ» ձայներով: 
19:50 - 04 սեպտեմբերի, 2020
Արտակարգ դրությունն այլևս չի երկարաձգվի. ընդունվեց կարանտին սահմանելու հնարավորություն տվող փաթեթը

 |armenpress.am|

Արտակարգ դրությունն այլևս չի երկարաձգվի. ընդունվեց կարանտին սահմանելու հնարավորություն տվող փաթեթը |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենսդրական փաթեթը, որով արտակարգ դրությունն այլևս չի երկարաձգվի և գործադիրին կարանտին սահմանելու հնարավորություն կտրվի: Նախագիծն ընդունվեց 70 «կողմ» և 19 «դեմ» ձայներով: Քվեարկությունից առաջ «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբացկությունները հայտնել էին, որ իրենք դեմ են քվեարկելու օրինագծերի փաթեթին: Ըստ կառավարության ներկայացրած նախագծի՝ վարակիչ հիվանդությունների՝ Հայաստանի Հանրապետության տարածք ներբեռնման, ներթափանցման, դրանց ծագման և տարածման վտանգի, բռնկումների, համաճարակի առաջացման, ինչպես նաև դրանց հետևանքով արտակարգ իրավիճակ առաջանալու դեպքերում կարող է սահմանվել կարանտին: Կարանտին հնարավոր է սահմանել առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի առաջարկությամբ, մարզպետի կամ Երևանի քաղաքապետի կողմից և կառավարության կողմից տարբեր տարածքներում: Համաճարակի գոտում մուտքի և ելքի հատուկ ռեժիմի սահմանում, պետական սահմանով հաղորդակցության ժամանակավոր դադարեցում կամ սահմանափակում, անձանց ազատ տեղաշարժի իրավունքի կամ տրանսպորտային միջոցի տեղաշարժի սահմանափակումներ, ինքնամեկուսացում/մեկուսացում: Այն դեպքերում, երբ կարանտին կսահմանվի կառավարության կողմից, հնարավոր կլինի նաև ավելի խիստ միջոցառումներ՝ հավաքներ կամ հանրային միջոցառումներ կազմակերպելու, անցկացնելու կամ դրանց մասնակցելու սահմանափակումներ, իրավաբանական անձանց գործունեության սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների սահմանում, ապրանքների փոխադրման սահմանափակումներ, կրթական հաստատությունների գործունեության սահմանափակումներ, սահմանափակումներ ՏԻՄ-երում կամ այլ հաստատություններում: Արտակարգ դրությունը նոր ռեժիմից տարբերվում է իրավունքների սահմանափակման ծավալներով, խստությամբ և կիրառվող գործիքակազմի ինտենսիվությամբ: Այլևս չեն գործի էլեկտրոնային հսկողության համակարգի միջոցով մարդկանց տեղորոշման համակարգը, տնտեսական գործունեության արգելման դեպքերը: Հայաստանում մարտի 16-ից հայտարարված արտակարգ դրությունը սեպտեմբերի 11-ին այլևս չի երկարաձգվի, իսկ դրա ավարտից հետո կսկսեն գործել նախագծերով առաջարկվող միջոցառումները:
19:04 - 04 սեպտեմբերի, 2020