ԱԺ հանձնաժողովը քննարկում է վտանգավոր սննդամթերքի համար պատժի խստացումը |lragir.am|
12:15 - 07 սեպտեմբերի, 2020

ԱԺ հանձնաժողովը քննարկում է վտանգավոր սննդամթերքի համար պատժի խստացումը |lragir.am|

lragir.am: Կեղծ սննդամթերք արտադրողները բարձր տուգանքներ կվճարեն, իսկ եթե նրանց գործողության հետևանքով մահ արձանագրվի, կպատժվեն ազատազրկմամբ։

ԱԺ պետաիրավական հարցերի մշական հանձնաժողովի նիստում քննարկվեց Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու նախագիծը։

Օրենքի համահեղինակ պատգամավոր Արթուր Դավթյանն ասաց, որ առաջարկվող փոփոխությունը բխում է նաև վերջերս տեղի ունեցած դեպքից։ «Մի քանի օր առաջ կեղծ ալկոհոլից բազմաթիվ անձինք թունավորվեցին։ Եվ Քրեական օրենսգիրքը նման հոդված ունի, որ կեղծ ալկոհոլ արտադրել, իրացնելը քրեական պատասխանատվության է ենթարկում։ Սակայն սննդամթերքի վերաբերյալ Քրեական օրենսգիրքը նման դրույթ չի պարունակում, ինչը բացթողում է, ուստի մենք ձեռնամուխ եղանք այս փոփոխությունն առաջարկելուն։ Քանի որ պատժամիջոցները խիստ են, կարծում ենք՝ հիմք կհանդիսանան, որ կեղծ սննդամթերք չի արտադրվի և ՀՀ-ում արտադրվող սննդամթերքի որակը կբարձրանա», ասաց պատգամավորը։

Ըստ առաջարկվող լրացումների՝ կեղծված սննդամթերք արտադրելը կամ իրացնելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 200-ապատիկից 500-ապատիկի չափով։ Արարքը, որը մարդու առողջությանը պատճառում է ծանր կամ միջին ծանրության վնաս, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 500-ապատիկից 1000-ապատիկի չափով կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու, գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 2 տարի ժամկետով։ Այս հոդվածով նախատեսված արարքը, որն ազգուշությամբ առաջացրել է մարդու մահ, պատժվում է ազատազրկմամբ՝ 3-5 տարի ժամկետով։

Պատգամավորները քննարկումների արդյունքում եկան այն եզրահանգման, որ հնարավոր է նախագիծը լրամշակվի, պատժաչափերը խստացվեն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել