Ազգային ժողով

ՀՀ Սահմանադրության համաձայն Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է: Այն իրականացնում է օրենսդիր իշխանությունը: Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է պետական բյուջեն եւ իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված այլ գործառույթներ: Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ այն գործում է իր կանոնակարգին համապատասխան: Խորհրդարանն ընտրվում է 5 տարի ժամկետով, կազմված է առնվազն 101 անդամից։

Այժմ գործում է 8-րդ գումարման ազգային ժողովը, որը բաղկացած է 106 պատգամավորից, որոնցից 71-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից, 28-ը՝ «Հայաստան» խմբակցությունից, 7-ը՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունից։ ԱԺ գործող նախագահը Ալեն Սիմոնյանն է։

Բադասյանը ԱԺ-ում ներկայացրեց ՍԴ դատավորի պաշտոնում Էդգար Շաթիրյանի թեկնածության հարցը |armenpress.am|

Բադասյանը ԱԺ-ում ներկայացրեց ՍԴ դատավորի պաշտոնում Էդգար Շաթիրյանի թեկնածության հարցը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը քննարկում է Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում Էդգար Շաթիրյանի թեկնածության հարցը: Կառավարության առաջադրած թեկնածուին ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: Էդգար Շաթիրյանը ծնվել է 1980 թվականի օգոստոսի 18-ին Երևանում, 2000 թվականին գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի իրաբանական ֆակուլտետի բակալավրիատը, իսկ 2012-ին՝  նույն ֆակուլտետի մագիստրատուրան: 2002-2005 թթ. Շաթիրյանը եղել է ԵՊՀ Իրավաբանական ֆակուլտետի Սահմանադրական և միջազգային իրավունքի ամբիոնի ասպիրանտ, իրավաբանական գիտությունների թեկնածու է: Շուրջ 30 գիտական աշխատությունների և հոդվածների հեղինակ և համահեղինակ է: Անդրադառնալով Շաթիրյանի աշխատանքային գործունեությանը՝ Բադասյանը ներկայացրեց հիմնականները: 2002-2005 թվականներին աշխատել է ՀՀ նախագահի աշխատակազմի ներման, քաղաքացիության, պարգևների և կոչումների վարչությունում՝ որպես մասնագետ: 2004-2017 թթ դասավանդել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Սահմանադրական իրավունքի ամբիոնում: 2007-ին աշխատել է ՀՀ Սահմանադրական դատարանում՝ որպես խորհրդական: 2015-2019 թթ հանդիսացել է բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ, այնուհետև ընտրվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ: Ներկայումս աշխատում է միջազգային զարգացման իրավունքի կազմակերպությունում՝ որպես ավագ փորձագետ: Անդրադառնալով հանգամանքներին, որոնցով կառավարությունն առաջնորդվել է Շաթիրյանի թեկնածությունն առաջադրելիս՝ նախարարը նախ նշեց Շաթիրյանի մասնագիտական լուրջ կարողությունները, մարդկային հատկանիշները, փորձառությունը՝ հակակոռուպցիոն քաղաքականության մշակման, սահմանադրական իրավունքի ոլորտներում: ՍԴ երեք դատավորների թափուր տեղի համար իրենց թեկնածուներին առաջադրել են Կառավարությունը, ՀՀ նախագահը և Դատավորների ընդհանուր ժողովը: Դատավորների ընդհանուր ժողովի թեկնածուն է Երվանդ Խունդկարյանը, ՀՀ նախագահինը՝ Արթուր Վաղարշյանը, Կառավարությանը՝ Էդգար Շաթիրյանը:
17:37 - 14 սեպտեմբերի, 2020
Եթե Վահե Գրիգորյանին տրվել է հնարավորություն 2-րդ անգամ առաջադրվելու, արդար չէր լինի, եթե մյուս թեկնածուներին այդ հնարավորությունը չտրվեր. Է. Տարասյանը՝ Ա. Վաղարշյանի թեկնածության մասին |tert.am|

Եթե Վահե Գրիգորյանին տրվել է հնարավորություն 2-րդ անգամ առաջադրվելու, արդար չէր լինի, եթե մյուս թեկնածուներին այդ հնարավորությունը չտրվեր. Է. Տարասյանը՝ Ա. Վաղարշյանի թեկնածության մասին |tert.am|

tert.am: Ազգային ժողովը քննարկում է ՀՀ նախագահի կողմից առաջադրված ՍԴ դատավորի թեկնածու Արթուր Վաղարշյանի ընտրության հարցը: Վաղարշյանին ԱԺ-ում ներկայացրեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը Էմիլ Տարասյանին հիշեցրեց, որ երբ անցած տարի առաջադրվեց Վաղարշյանի թեկնածությունը վերջինս ստացել էր ընդամենը 30 կողմ ձայն և նշեց, որ այս մեկ տարվա ընթացքում խորհրդարանի գումարումը չի փոխվել, ինչո՞վ է պայմանավորված նույն խորհրդարանին մեկ անգամ չընտրված թեկնածուին առաջադրելը: Էմիլ Տարասյանը պատասխանեց, որ թեկնածուներն իրենց կամաարտահայտությունը հայտնել են հայտարարության հիման վրա և առաջադրել են իրենց թեկնածությունները, ձևավորվել է մասնագիտական աշխատանքային խումբ և առավել դրական կարծիք հավաքած երեք թեկնածուները ներկայացվել են նախագահին:«Եթե այդ երեք թեկնածուներից մեկը՝ վահե Գրիգորյանը, երկրորդ անգամ խորհրդարանին առաջադրվելու հնարավորություն է ունեցել, արդարացի չէր լինի մյուս թեկնածուներին այդ հնարավորությունը չընձեռել, երբ Գոռ Հովհաննիսյանը հրաժարվել է, իսկ Արթուր Վաղարշյանը համաձայնել ՝ զուտ արդարության սկզբունքից ելնելով, առաջադրվել է Արթուր Վաղարշյանի թեկնածությունը»,- պարզաբանեց Տարասյանը: Վահագն Հովակիմյանն էլ արձագանքեց, թե Տարասյանի պատասխանն ավելի մտահոգիչ է, քանի որ Վահե Գրիգորյանի դեպքում 6–րդ գումարման խորհրդարանը չէր ընտրել, 7-րդ գումարման ԱԺ-ն էլ 90 տոկոսով այլ կազմ ուներ:«Պատգամավորները փակ գաղտնի քվեարկությամբ կարծիք են արտահայտելու, ո՞նց կարող են մեկ տարի հետո նույն պատգամավորին նույն բանն առաջարկել, ակնկալել, որ կտրուկ փոխված լինի դիրքորոշումը: Մենք սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովում քննարկում էինք սահմանադրական ինստիտուտների փոխադարձ հարգանքի հարցը, արդյո՞ք պետք է  Սահմանադրության մեջ բերվի այդ ձևակերպումը, թե ոչ: Ձեր դեպքում հասկացա, որ այդպես է պետք, որովհետև ոչինչ չի փոխվել, դուք մերժված, չընտրված թեկնածուին նորից առաջադրում եք նույն խորհրդարանին, նույն պատգամավորներին»,- ասաց Վահագն Հովակիմյանը: Շարունակությունը՝ tert.am-ում
15:45 - 14 սեպտեմբերի, 2020
Վստահ չեմ, որ ՊՆ-ի դիրքորոշումը դրական կլինի․ Հայրապետյանը՝ զինծառայության վերաբերյալ օրենքի նոր նախագծի մասին |armtimes.com|

Վստահ չեմ, որ ՊՆ-ի դիրքորոշումը դրական կլինի․ Հայրապետյանը՝ զինծառայության վերաբերյալ օրենքի նոր նախագծի մասին |armtimes.com|

armtimes.com: Արդեն տեւական ժամանակ է, ինչ սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին օրենքը չի գործում։ Գործող օրենսդրության համաձայն՝ մեր բոլոր քաղաքացիները, որոնք գտնվում են արտերկրում եւ քրեական հետախուզման տակ են, կա միայն մեկ սցենար՝ ենթարկվել պատասխանատվության եւ հայտնվել բանտում։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը։ Նրա փոխանցմամբ՝ հենց սա էլ իրենց ստիպեց գտնել նոր լուծումներ, տարբերակներ՝ սփյուռքում գտնվող մեր հայրենակիցներին օգնելու համար։ Նա փոխանցեց, որ այս ընթացքում հարյուրավոր դիմումներ են եղել՝ առաջարկվով, որ պատգամավորները գտնեն լուծում, եւ իրենք հեղինակել են օրենքի նախագիծ։ «Մեր նպատակը հետեւյալն է, որ մենք պետք է օգտագործենք սթյուռի ռեսուրսները՝ հնարավորություն առաջարկելով նրանց մի քանի տարբերակ։ Առաջինը՝ այն քաղաքացիները, որոնց 27 տարին լրացել է, կկարողանան հետ վերադառնալ Հայաստան, վճարել  տարվա պայմանագրային զինծառայողի աշխատավարձ եւ հավելավճարներ, որը նախնական հաշվարկով կազմելու է 5-5,5 մլն դրամ»,- ասաց պատգամավորը՝ շեշտելով, որ այստեղ հիմքում դրված է ոչ թե ֆինանսական բաղադրիչը, այլ՝ պատասխանատվությունը, որ նրանք ունեն պետության առջեւ։ Բայց եթե քաղաքացին ցանկանա առաջիկա 3 տարում ներգրավվել ԶՈՒ-ում, ապա զինծառայության անցնելու պարագայում հետ կստանա այդ գումարը։ Կա նաեւ մեկ այլ փոփոխություն, ըստ որի այս հանցագործությունը մարդու վրա տարածվելու է 20 տարի՝ նախկին 10 տարվա փոխարեն։ Այսինքն՝ անձի 37 տարեկան դառնալուն պես քրեական գործը կարճվում էր, իսկ այս նախագծի ընդունման պարագայում այդ գործը կշարունակվի մինչեւ անձի 47 տարեկան դառնալը։ Հայրապետյանը փոխանցեց, որ Կառավարության դիրքորոշումն առայժմ հայտնի չէ, սակայն ՊՆ-ի դիրքորոշումն իրենք արդեն կռահում են։ «ՊՆ-ի դիրքորոշումը, վստահ չեմ, որ կլինի դրական»,- ասաց պատգամավորը՝ միեւնույն ժամանակ կոչ անելով սպասել քննարկումներին։
15:39 - 14 սեպտեմբերի, 2020
Որեւէ մեկը ինձ վրա՝ որպես դատավորի, որեւէ ազդեցություն ոչ ունեցել է, ոչ էլ կարող էր ունենալ․ Երվանդ Խունդկարյան |armtimes.com|

Որեւէ մեկը ինձ վրա՝ որպես դատավորի, որեւէ ազդեցություն ոչ ունեցել է, ոչ էլ կարող էր ունենալ․ Երվանդ Խունդկարյան |armtimes.com|

armtimes.com: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (ԿԿՀ) եզրակացությանը ես ծանոթ չեմ, չեմ էլ կարող ծանոթ լինել, որովհետեւ ըստ օրենքի՝  այն գաղտնի է եւ տրամադրվում է միայն ընտրություն կատարող անձանց։ Ես ընդամենը կարող եմ տեղեկացված լինել ԿԿՀ-ի ենթադրյալ կարծիքի մասին միայն այն կտորից, որը տեսել եմ մամուլում։ Բայց մամուլում առկա տեղեկությունն այնպիսին է, որ ինձ մոտ խիստ կասկածներ է առաջացնում, թե արդյո՞ք ԿԿՀ-ի կողմից կարող էր նման որակի վերլուծություններ լինել։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց Վճռաբեկ դատարանի նախագահ, ՍԴ անդամի թեկնածու Երվանդ Խունդկարյանը՝ անդրադառնալով ԿԿՀ-ի՝ իր բարեվարքության թերթիկի վերաբերյալ եզրակացությանը։ Նա մեջբերեց նաեւ «Մելտեքս» ՍՊԸ-ի գործին վերաբերող օրինակը, եւ հավելեց, որ իր մոտ տարակուսանք է առաջանում՝ արդյո՞ք այն մարդիկ, որոնք իրեն մեղադրում են խախտումներ թույլ տալու եւ հեռուստաընկերությունը փակելու մեջ, կարդացե՞լ են Եվրոպական դատարանի համապատասխան վճիռը, թե՝ ոչ։ Նրա փոխանցմամբ՝ այդ վճռով արդար դատական իրավունքի որեւէ խախտում դատավոր Խունդկարյանի գործով տեղի չի ունեցել։ Ընդհակառակը՝ Խունդկարյանը ստեղծել է համապատասխան միջավայր, մրցակցելու տեսանկյունից ստեղծել է զենքերի հավասարություն  եւ կողմերի ներկայացված բոլոր միջնորդությունները քննության են առվել։ Հարցին, թե ի վերջո նա համաձա՞յն չէ ԿԿՀ-ի կարծիքի հետ, Խունդկարյանը պատասխանեց, որ այն չի կարդացել։ Թե ինչպիսի ազդեցություն կթողնի այդ եզրակացությունն իր ընտրության հարցում, ՍԴ դատավորի թեկնածուն դժվարացավ պատասխանել։ «Այդ կարծիքն ընդամենը պատգամավորներին տրված կարծիք է եւ պետք է ուղղորդի նրանց։ Եթե պատգամավորներն իրենց հարցուպատասխանի ժամանակ չեն ստանա բավարարող պատասխաններ եւ կգտնեն, որ դա խոչընդոտ է ընտրությանը, ընտրությունն իրենցն է, ես չեմ կարող որեւէ կերպ մեղադրել»,- ասաց Խունդկարյանը։ Վերլուծելով մամուլում առկա տեղեկություններն այդ եզրակացությունից, Խունդկարյանը շեշտեց, որ կան մի շարք գործեր, որոնց հետ ինքն ընդհանրապես կապ չունի։ Ըստ նրա՝ կա նաեւ գործերի մի շարք, որտեղ պետք է իրական վերլուծություն, թե որ ատյանի թերացումների արդյունքում է տեղի ունեցել խախտումը։ Նա շեշտեց նաեւ, որ Վճռաբեկ դատարանը կաշկանդված է բողոքի հիմքերով եւ հիմնավորումներով։ Այն չի կարող բողոքի հիմքերից եւ հիմնավորումներից դուրս գալ եւ փորձել լուծել այն խախտումները, որ տեսնում է։ Խունդկարյանի պնդմամբ՝ Թեղուտի գործերի մի խումբ, որտեղ մատնանշված էր նաեւ իր մասնակցությունը, իրականությանը չի համապատասխանում։ Հենց այս պատճառով, Խունդկարյանի պնդմամբ, նա վերապահումով է մոտենում այն տեղեկություններին, թե մամուլում հատյնված եզրակացությունը ԿԿՀ-ինն է։ «Որեւէ մեկը ինձ վրա՝ որպես դատավորի, որեւէ ազդեցություն ոչ ունեցել է, ոչ էլ կարող էր ունենալ, եւ հավատացած եղեք, որ որեւէ դատավոր որեւէ մեկի քիմքին հաճո արդարադատություն չի իրականացնում։ Ես չեմ ընդունում այդպիսի դատավորի կերպարը»,- ասաց Խունդկարյանը։ Շարունակությունը՝ armtimes.com-ում
14:42 - 14 սեպտեմբերի, 2020
Երբ հայտարարում էինք, թե չենք ուզում մեր սիրելի դատավորներով ՍԴ, կատակ չէինք անում. Ռուբինյան |armenpress.am|

Երբ հայտարարում էինք, թե չենք ուզում մեր սիրելի դատավորներով ՍԴ, կատակ չէինք անում. Ռուբինյան |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը վստահեցնում է՝ իշխանությունը տարեսկզբին կատակ չէր անում, երբ հայտարարում էր, որ չի ուզում իր սիրելի դատավորներով Սահմանադրական դատարան: Ռուբինյանն այս մասին հայտնեց ԱԺ նիստում ՍԴ դատավորի պաշտոնում Երվանդ Խունդկարյանի թեկնածության քննարկմանը՝ մասնավորապես անդրադառնալով անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի ելույթին: Ռուբինյանը նախ նշեց՝ իր տպավորությամբ քննարկում են ոչ թե թեկնածուին, այլ դատական համակարգի փոոփոխությունների փիլիսոփայությունը: Պատգամավորի դիտարկմամբ՝  ԱԺ-ում կա երեք փիլիսոփայություն: Նրա կարծիքով՝ առաջին փիլիսոփայությունը, որը ըստ իրեն, կրում են «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները, ոչինչ չանելն է: «Երկրորդ փիլիսոփայությունը, որը կրում է Արման Բաբաջանյանը և  դահլիճից դուրս այլ գործիչներ, անելն է այնպես, որ նոր ՍԴ-ն կամ նոր դատական համակարգը լինի մեր սիրելին: Ես վստահ եմ, որ եթե այսօրվա թեկնածուների և, մասնավորապես, Երվանդ Խունդկարյանի փոխարեն լիներ մեզ կամ Ձեզ պարոն Բաբաջանյան, հաճելի քաղաքական հայացքներով անձ, դուք ուրախ կլինեիք: Բայց խնդիրը հետևյալն է՝ երբ մենք այս տարվա սկզբին հայտարարում էինք, որ չենք ուզում խամաճիկային Սահմանադրական դատարան, մեր սիրելի դատավորներով ՍԴ, մենք կատակ չէինք անում:  Նոր ՍԴ ունենալն արդեն մեզ հաճելի քաղաքականացված անձանցով, նույնն է, ինչ նախկինում էր՝ ուղղակի հակառակ ուղղությամբ»,- ասաց Ռուբինյանը: Նա շեշտեց՝ թավշյա հեղափոխության ամենակարևոր արժեքներից մեկը համերաշխությունն էր և բոլորին հեղափոխության արդյունքում ստեղծված հնարավորություններով նոր Հայաստանի կառուցմանը մասնակցելու հնարավորություն տալը: Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը կտրականապես դեմ էր արտահայտվել Խունդկարյանի թեկնածությանը: Պատգամավորը, մասնավորապես անդրադառնալով Ա1+ հեռուսատընկերության փակման գործին,  կարծիք էր հայտնել, թե Խունդկարյանը, նախորդ իշխանության թելադրանքով, վճիռներ կայացնելով, անձամբ մասնակից ու հանցակից է դարձել պետության բռնազավթման գործին:  «Ընտրելով Խունդկարյանին՝ մենք գործնականում ՍԴ ենք վերադարձնում  նրանց, ում մերժել ենք առաջին օրից»,- նշել էր նա ու միևնույն ժամանակ վստահություն հայտնել, որ իշխանական խմբակցությունը հեղափոխության հաղթանակն անշրջելի դարձնելու համար է խորհրդարանում, և իրենք այդ գործում դաշնակիցներ են:
14:13 - 14 սեպտեմբերի, 2020
Խունդկարյանը ՍԴ-ի և Վճռաբեկ դատարանի միավորմամբ Գերագույն դատարան ստեղծելու հայեցակարգին կողմ չէ |armenpress.am|

Խունդկարյանը ՍԴ-ի և Վճռաբեկ դատարանի միավորմամբ Գերագույն դատարան ստեղծելու հայեցակարգին կողմ չէ |armenpress.am|

armenpress.am: Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Երվանդ Խունդկարյանի համար այնքան էլ ընդունելի տարբերակ չէ Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների միավորմամբ Գերագույն դատարան ստեղծելու հայեցակարգը: Դատավորների ընդհանուր ժողովի կողմից առաջադրված թեկնածուն նման տեսակետ հայտնեց խորհրդարանի նիստում իր թեկնածության հարցի քննարկմանը՝ պատասանելով «Իմ քայլից» Տաթևիկ Հայրապետյանի հարցին, թե ինչ մոտեցում ունի Գերագույն դատարանի ստեղծման վերաբերյալ: «Ներկայում Սահմանադրական դատարանի և Վճռաբեկ դատարանի գործառույթները էականորեն տարբերվում են միմյանցից: Մենք՝ դատավորներս, շատ ավելի պահպանողական բնավորություն ունենք: Եվ, իմ կարծիքով, դատական իշխանության հետ կապված ցանկացած գործողություն պետք է ավելի շատ բխի պահպանողական մտածելակերպից: Ինձ համար կտրուկ փոփոխություններն անընդունելի են, և շատ ավելի արժեքավոր են իրավիճակները ֆիքսելը և հասկանալը, թե որոնք են խնդիրները և դրանք վերացնելը, քան շատ ավելի մեծ անորոշության գնալը  և նոր միայն հասկանալը, թե ինչքան նոր խնդիրներ կարող են ստեղծվել մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում»,- ասաց Խունդկարյանն ու հավելեց՝ թեև այդ հարցը որոշողն ինքը չէ: Նա շեշտեց՝ ցանկացած փոփոխություն պետք է լինի խիստ կշռադատված, և ցանկացած փոփոխության կետրոնում պետք է լինի մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետ իրագործումը:
12:33 - 14 սեպտեմբերի, 2020
ՍԴ դատավորի թեկնածուն հերքում է դատավորներին պատժելու մեղադրանքը |lragir.am|

ՍԴ դատավորի թեկնածուն հերքում է դատավորներին պատժելու մեղադրանքը |lragir.am|

lragir.am: ԱԺ նիստում ՍԴ դատվորի թեկնածու Երվանդ Խունդկարյանին հարցեր ուղղելու ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն անդրադարձավ այն տեղեկությանը, որ դատական համակարգում նախկինում գործել է մի սխեմա Արման Միկրտումյանի և Երվանդ Խունդկարյանի գլխավորությամբ, ըստ որի՝ պատժել են դատավորներին։ «Ըստ նախկին ՄԻՊ զեկույցի՝ բոլոր անցականկալի դատավորները, ովքեր չեն իրականացրել ձեր հրահանգները և չեն կայացրել այն վճիռները, որոնք եղել են ցանկալի, այնուհետև կարգապահական պատասխանատվության են ենթարկվել, քանի որ Մկրտումյանը, լինելով կարգապահական հանձնաժողովի անդամ, ունեցել է այդ լիազորությունները՝ դատավորներն պատժելու»,- ասաց Թագուհի Թովմասյանը։ Երվանդ Խունդկարյանն ի պատասխան ասաց․ «Ինչ վերաբերում է Արման Մկիրտումյանի հետ իմ մասնակցությամբ որևէ սխեմաներ մշակելուն և ձեր բնորոշմամբ՝ չենթարկվող դատավորներին  կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջոցներ ձեռնարկելու մասին, ապա ես պաշտոնապես դա հերքում եմ։ Իմ մասով ես հերքում եմ, այդպիսի որևէ գործողություններ իմ կողմից ոչ կատարվել են, ոչ էլ կարող են կատարվել։ Եվ դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցում ես՝ որպես Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ, որևէ իրավասություն չեմ ունեցել»։
12:25 - 14 սեպտեմբերի, 2020
Ինչո՞ւ ՍԴ դատավորների թեկնածուների հետ հանդիպում չի կազմակերպվել․ գնալով ավելի վատանում է, այդ պրակտիկան էլ վերացավ. Է. Մարուքյանը՝ Ա. Միրզոյանին |tert.am|

Ինչո՞ւ ՍԴ դատավորների թեկնածուների հետ հանդիպում չի կազմակերպվել․ գնալով ավելի վատանում է, այդ պրակտիկան էլ վերացավ. Է. Մարուքյանը՝ Ա. Միրզոյանին |tert.am|

tert.am: Լրագրողներն անընդհատ հարցնում են՝ ինչո՞ւ ՍԴ դատավորների թեկնածուների հետ չեք հանդիպել, ես ասում եմ՝ որովհետև չեն դիմել, որ հանդիպենք, հիմա ուզում եմ Ձեզ հարցնել՝ ինչո՞ւ չեն կազմակերպվել նման հանդիպումներ. ԱԺ նիստում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանից հետաքրքրվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:«Ինչպե՞ս է, որ նախկինում միշտ կազմակերպվում էր. մտածում էի, որ գնալով միշտ ավելի լավ կլինի, բայց գնալով ավելի վատ է լինում, այդ պրակտիկան էլ վերացավ էլի: Ցանկացած մարմնի պաշտոնյայի թեկնածություն, եթե առաջադրվում է, թեկնածուի հետ ֆրակցիաները հանդիպում են թեկնածուի կամ առաջադրող մարմնի նախաձեռնությամբ, հիմա ուզում եմ հասկանալ՝ ԱԺ նախագահին դիմե՞լ են նման բան կազմակերպելու համար, թե՞ ոչ»,- ասաց Մարուքյանը:Արարատ Միրզոյանն էլ հակադարձեց Մարուքյանին՝ ասելով. «Պարոն Մարուքյան, ես տրամագծորեն հակառակ կարծիքն ունեմ Ձեր այն կարծիքի մասին, թե գնալով ավելի վատանում է: Ըստ իս, գնալով ամեն ինչ շատ էլ լավանում է, հատկապես թեկնածուների և թափանցիկության ԱԺ-ում ֆրակցիաների հետ քննարկման առումով»: Ինչ վերաբերում է կոնկրետ մասնավոր հարցին, Միրզոյանն ասաց՝ ո՛չ թեկնածուների կողմից, ո՛չ խմբակցությունների կողմից այդպիսի նախաձեռնություն չի եղել, և ցանկացած նախաձեռնության դեպքում ԱԺ նախագահը և աշխատակազմը վստահաբար կանեին ամեն ինչ հանդիպման համար: «Պետք է հավելեմ՝ ցավոք սրտի, հավանաբար, որևէ իմպերատիվ ընթացակարգ սահմանված չկա այդպիսի հանդիպում կազմակերպելու, հետևաբար ԱԺ նախագահն ու աշխատակազմն առաջնորդվել են կողմերի ցանկություններով, տվյալ դեպքում՝ դրանց բացակայությամբ»,- ասաց ԱԺ նախագահը: Էդմոն Մարուքյանն էլ ընդգծեց. «Երբ ասում եմ՝ գնալով վատանում է, նկատի ունեմ՝ նախկինում թեկնածուներն առաջադրող մարմինները նախաձեռնում էին նման հանդիպումներ, հիմա չեն նախաձեռնում նման հանդիպումներ, հիմա դա լավանո՞ւմ է, թե վատանում է, ինձ թվում է՝ վատանում է»:
12:05 - 14 սեպտեմբերի, 2020
Խորհրդարանը նիստերի օրակարգ չընդգրկեց «Լուսավոր Հայաստանի» նախագիծը |armenpress.am|

Խորհրդարանը նիստերի օրակարգ չընդգրկեց «Լուսավոր Հայաստանի» նախագիծը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը լիագումար նիստերի օրակարգ չընդգրկեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած, գլխադասային հանձնաժողովի բացասական եզրակացություն ստացած օրենքի նախագիծը, որով առաջարկվում էր միայնակ տարեց և անժառանգ թոշակառուներին նախագծով հատկացնել կոմունալ վարձավճարների փոխհատուցում նվազագույն կենսաթոշակի  20 տոկոսի չափով: Սոցիալական աջակցության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ԼՀԿ-ից Սրբուհի Գրիգորյանը: «Միայնակ տարեց և անժառանգ թոշակառուներին նախագծով առաջարկվում է հատկացնել կոմունալ վարձավճարների փոխհատուցում նվազագույն կենսաթոշակի  20 տոկոսի չափով՝ ամսական ընդամենը 5 հազար դրամ»,- ասաց Գրիգորյանը: Նրա խոսքով՝ կառավարությունը նշել է՝ չկան այդ թիրախային խմբի բազաները, բացի այդ 20 միավորից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքների համար սահմանվում են գազի և էլեկտրաէներգիայի վարձավճարի զեղչեր: Գլխադասային հանձնաժողովի անդամ Հերքինազ Տիգրանյանը ներկայացրեց, թե ինչու է հանձնաժողովը բացասական եզրակացություն տվել: «Նախորդ տարվա դեկտեմբերին ընդունել ենք սոցիալական բնակարանային ֆոնդում, կացարաններում բնակվող միայնակ  կենսաթոշակառուներին նպատակային սոցիալական օգնություն ցուցաբերելու մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: Այն արդեն գործում է, սահմանվել է, որ սոցիալական բնակարաններում բնակվող միայնակ տարեցները և կենսաթոշակառուներն արդեն օգտվում են կոմունալ վճարների համար պետության փոխհատուցման իրավունքից»,- ասաց պատգամավորը:  Նա նշեց, որ նախագիծը նաև հստակեցված չէ, թե խոսքը վերաբերում է միայնակ տարեցներին ընդհանրապե՞ս, թե՞ սոցիալական բնակարաններում ու կացարաններում չբնակվող տարեցներին: «Եվ արդյոք նախագիծը կարո՞ղ է վերաբերվել աշխատող թոշակառուներին:  Կարծում ենք, որ նախագիծն արմատական վերանայման կարիք ունի»,-նշեց Տիգրանյանը: Նախագիծն օրակարգ մտցնելու հարցը քվեարկության դրվեց, ստացավ  35 «կողմ», 72 «դեմ» և 1 «ձեռնպահ» ձայներ՝ այսպիսով չընդգրկվելով լիագումար նիստերի օրակարգ:
11:44 - 14 սեպտեմբերի, 2020
Յուրաքանչյուր կնոջ իրավունքն է որոշելու՝ ինքը ցանկանո՞ւմ է լինել հղի և երեխա ունենալ, թե՞ ոչ․ Մարիա Կարապետյան |lragir.am|

Յուրաքանչյուր կնոջ իրավունքն է որոշելու՝ ինքը ցանկանո՞ւմ է լինել հղի և երեխա ունենալ, թե՞ ոչ․ Մարիա Կարապետյան |lragir.am|

lragir.am:  Մեր զրուցակիցն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր  Մարիա Կարապետյանը։   - Տիկին Կարապետյան, ԲՀԿ–ական պատգամավորները շրջանառության մեջ են դնելու օրենքի նախագիծ, որով արգելվելու է հղիության արհեստական ընդհատումը՝ բացառությամբ որոշ դեպքերի։ Ինչպե՞ս եք գնահատում: - Այս պահին գործող օրենքը շատ ողջամիտ է։ Մինչև երեք ամսական հղիության պարագայում հղիության արհեստական ընդհատումը կնոջ հայեցողությունն է, և սա այսպես էլ պետք է մնա։ Երեքից մինչև հինգ ու կես ամսական հղիության պարագայում հղիության արհեստական ընդհատումը կարող է տեղի ունենալ բացառապես բժշկական կամ սոցիալական ցուցումով։ Բժշկական ցուցումները կնոջ կամ պտղի կյանքի հետ անհամատեղելի կամ շտկման չենթարկվող հիվանդություններն են։ Սոցիալական ցուցումներն են հղիության ընթացքում ամուսնու մահը, կնոջ կամ նրա ամուսնու ազատազրկման վայրում լինելը, ամուսնալուծությունը, հղիությունը բռնաբարության արդյունքում։ - Նախագծի հեղինակները հնարավոր են համարում աբորտը միայն այն դեպքում, եթե բժիշկների ցուցումով կինն ունի այնպիսի առողջական խնդիրներ, որոնք անհամատեղելի են հղիության հետ: Համոզի՞չ են արդյոք այս փաստարակները:  - Ո՛չ, համոզիչ չեն։ Հղիության պլանավորման կատարյալ մեթոդներ չկան։ Եվ յուրաքանչյուր կնոջ իրավունքն է որոշելու՝ ինքը ցանկանո՞ւմ է լինել հղի և երեխա ունենալ, թե՞ ոչ։ Եվ նա այս որոշումը կայացնելու համար ունի մինչև երեք ամիս։ - Սեռով պայմանավորված աբորտներով Հայաստանն աշխարհում առաջատարների շարքում է: Արդյո՞ք բերված նախագիծը կարող է փոխել այդ իրավիճակը: Ընդհանրապես, ի՞նչ գործիքակազմով կարելի է լուծել այդ հարցը: - Մինչև երեք ամսական հղիության պարագայում երեխայի սեռը իմանալը դժվար է։ Այսինքն՝ կնոջ հայեցողության այդ փուլում հղիության ընդհատումը սովորաբար սեռով չէ պայմանավորված։ Ամեն դեպքում, օրենքը արգելում է որևէ պարագայում հղիության արհեստական ընդհատումը իրականացնել սեռի հիմքով։   Շարունակությունը՝ lragir.am-ում։
20:26 - 12 սեպտեմբերի, 2020
Պատգամավորները սահմանամերձ համայնքների բնակիչների համար նոր աջակցության ծրագրեր են առաջարկում
 |armenpress.am|

Պատգամավորները սահմանամերձ համայնքների բնակիչների համար նոր աջակցության ծրագրեր են առաջարկում |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանն ու Սիփան Փաշինյանն առաջարկում են ևս 3 տարով երկարաձգել սահմանամերձ համայնքների բնակիչներին տրամադրվող սոցիալական աջակցության մասին օրենքի գործողության ժամկետը, բացի այդ ամրագրել նոր արտոնություններ: «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրեց Սիսակ Գաբրիելյանը: «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքի գործողության ժամկետն ավարտվում է 2021 թվականի հունվարի 1-ից: Եվ կառավարության հետ քննարկումների արդյունքում նախագծի հեղինակները որոշել են ևս 3 տարով երկարաձգել օրենքի գործողության ժամկետը, արդյունքում արդեն իսկ առկա մի շարք արտոնություններ կշարունակեն գործել: Օրինակ՝ փոխհատուցում կտրամադրվի սպառած էլեկտրաէներգիայի սակագնի 50 տոկոսի չափով, բնական գազի սպառման գնի 50 տոկոսի չափով և այլն: Դպրոցական դասագրքերը սահմանամերձ գյուղերի դպրոցների աշակերտներին առաջիկա երեք տարում կշարունակեն տրամադրվել փոխհատուցմամբ: Սա ամրագրվել է օրենքի ուժով: Օրենքի նախագծով ամրագրվում են նաև նոր արտոնություններ: Օրինակ սահմանվում է, որ  սահմանամերձ համայնքների` Ադրբեջանի տարածքից իրականացված ռազմական կամ ահաբեկչական գործողությունների հետեւանքով սպանված գյուղատնտեսական եւ/կամ այլ մթերատու կենդանիների դիմաց տրվում է փոխհատուցում պետական բյուջեի միջոցների հաշվին: Սա նոր բան է: Գյուղացիները հաճախ նշում էին, որ կենդանիներին արոտավայր տանելիս լինում են կրակոցներ, կենդանիները էապես տուժում էին կամ սատկում: Այս դեպքում ասում ենք, որ բյուջեի միջոցների հաշվին փոխհատուցումը կտրվի»,-ասաց նա: Իսկ եթե Ադրբեջանի տարածքից իրականացված ռազմական կամ ահաբեկչական գործողությունների հետեւանքով տվյալ տարածքում ապրող մարդիկ վիրավորում ստանան և ձեռք բերեն հաշմանդամության կարգ, կախված կարգից, կստանան 1-3 մլն դրամ միանվագ գումար, ինչպես նաև բուժումը կիրականացվի անվճար: «Եթե Աստված մի արասցե, ունենանք զոհ, ապա զոհվածի ընտանիքին կտրամադրվի միանվագ 5 մլն դրամ գումար, պետությունը կհոգա նաև թաղման ծախսերը»,-ասաց Գաբրիելյանը: Նախագիծը հանձնաժողովում դրական եզրակացություն ստացավ և ներառվեց լիագումար նիստերի օրակարգ:
20:18 - 10 սեպտեմբերի, 2020
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարությունը ՀՀ ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի հրաժարականի դիմումի մասին

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարությունը ՀՀ ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի հրաժարականի դիմումի մասին

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն`  Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը սեպտեմբերի 9-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»,- ասված է ՀՀ ԱԺ նախագահի հայտարարության մեջ:
14:18 - 10 սեպտեմբերի, 2020
Դիմել եմ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին պատգամավորական մանդատս վայր դնելու համար. Արսեն Ջուլֆալակյան

Դիմել եմ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին պատգամավորական մանդատս վայր դնելու համար. Արսեն Ջուլֆալակյան

ՀՀ ԱԺ պատգամավոր, ըմբշամարտի Եվրոպայի եւ աշխարհի չեմպիոն, օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը դիմել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին պատգամավորական մանդատը վայր դնելու կապակցությամբ։ Նա ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ նման քայլի հիմնապատճառ է հանդիսացել ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ ունեցած սկզբունքային անհամաձայնությունները նրա ենթակայության տակ գտնվող ոլորտների ներկա կառավարման մոտեցումների վերաբերյալ: «Կարծում եմ, որ որդեգրած ուղին անհեռանկար է, չի ապահովելու նշյալ ոլորտներում առկա խնդիրների լուծումն ու զարգացումը: Հետևաբար, նման պայմաններում իմ հետագա գործունեությունը, վստահաբար, չի ծառայի ԱԺ պատգամավորի՝ մեր պետության և քաղաքացու շահերի արդյունավետ պաշտպանության իմ առաքելությանը: Հարկ եմ համարում ընդգծել, որ ՀՀ Օրենսդիր մարմնում իմ՝ շուրջ երկու տարվա աշխատանքի ընթացքում «Իմ Քայլը» քաղաքական թիմի հետ ունեցել եմ արդյունավետ գործընկերային հարաբերություններ, որոնք տեղավորվել են փոխադարձ հարգանքի, մասնագիտական հասուն քննարկումների, արժանապատիվ մոտեցումների միջակայքում: Շատ կարևոր է, որ այս ընթացքում ձևավորվել են առողջ, գործընկերային, իսկ որոշների հետ նաև ընկերական հարաբերություններ, ու անհրաժեշտ նվիրումով մինչ օրս պայքարել ենք առկա խնդիրների լուծման համար: Պատիվ է, որ հնարավորություն ստացա ծառայել հայրենիքիս նաև օրենսդիրի կարգավիճակում և կցանկանայի, որ իմ՝ մանդատից հրաժարվելու այս քայլը ևս դիտվի որպես այդ ծառայության մի մաս, որպես հերթական կարևոր, մտահոգիչ ազդակ առ այն, որ զարգացումները Կրթության, Գիտության, Մշակույթի և Սպորտի ոլորտներում մեծամասամբ սխալ ուղղությամբ են ընթանում, հաշվի չեն առնվում ոլորտների ներկայացուցիչների մասնագիտական կարծիքները, բացակայում են ոլորտների զարգացման կարճաժամկետ և երկարաժամկետ տեսլականները, փոփոխություններն անհրաժեշտ արագությունն ու տրամաբանությունը չունեն, կադրային քաղաքականությունը շատ հաճախ անհասկանալի է ու անձնավորված: Հետհեղափոխական Հայաստանում ամենից շատ հենց այս գերատեսչության ձախողումների մասին է խոսվել, ուստի առավել չմանրամասնեմ։ Շնորհակալություն եմ հայտնում Ազգային ժողովի նախագահին, այն գերատեսչություններին և պաշտոնյաներին (այդ թվում ԿԳՄՍ-ից), որոնց հետ այս ընթացքում հնարավոր եղավ արդյունավետ աշխատել, պայքարել առկա խնդիրների լուծման համար։ Այն օբյեկտիվ և անաչառ լրատվականներին, որոնք այդ ամենը լուսաբանեցին։ Եվ իհարկե, շնորհակալ եմ ՀՀ քաղաքացիներին և «Իմ Քայլը»-ը դաշինքին ցուցաբերած վստահության համար»,- գրառել է մարզիկը: «ԶԼՄ-րը կարող են օգտագործել հենց այս հայտարարությունը, քանզի վերոնշյալ թեմայով այս պահին առավել ծավալվելու նպատակահարմարություն չեմ տեսնում»,- նշել է նա։
21:25 - 09 սեպտեմբերի, 2020