tert.am: Ազգային ժողովը քննարկում է ՀՀ նախագահի կողմից առաջադրված ՍԴ դատավորի թեկնածու Արթուր Վաղարշյանի ընտրության հարցը: Վաղարշյանին ԱԺ-ում ներկայացրեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը Էմիլ Տարասյանին հիշեցրեց, որ երբ անցած տարի առաջադրվեց Վաղարշյանի թեկնածությունը վերջինս ստացել էր ընդամենը 30 կողմ ձայն և նշեց, որ այս մեկ տարվա ընթացքում խորհրդարանի գումարումը չի փոխվել, ինչո՞վ է պայմանավորված նույն խորհրդարանին մեկ անգամ չընտրված թեկնածուին առաջադրելը:
Էմիլ Տարասյանը պատասխանեց, որ թեկնածուներն իրենց կամաարտահայտությունը հայտնել են հայտարարության հիման վրա և առաջադրել են իրենց թեկնածությունները, ձևավորվել է մասնագիտական աշխատանքային խումբ և առավել դրական կարծիք հավաքած երեք թեկնածուները ներկայացվել են նախագահին:
«Եթե այդ երեք թեկնածուներից մեկը՝ վահե Գրիգորյանը, երկրորդ անգամ խորհրդարանին առաջադրվելու հնարավորություն է ունեցել, արդարացի չէր լինի մյուս թեկնածուներին այդ հնարավորությունը չընձեռել, երբ Գոռ Հովհաննիսյանը հրաժարվել է, իսկ Արթուր Վաղարշյանը համաձայնել ՝ զուտ արդարության սկզբունքից ելնելով, առաջադրվել է Արթուր Վաղարշյանի թեկնածությունը»,- պարզաբանեց Տարասյանը:
Վահագն Հովակիմյանն էլ արձագանքեց, թե Տարասյանի պատասխանն ավելի մտահոգիչ է, քանի որ Վահե Գրիգորյանի դեպքում 6–րդ գումարման խորհրդարանը չէր ընտրել, 7-րդ գումարման ԱԺ-ն էլ 90 տոկոսով այլ կազմ ուներ:
«Պատգամավորները փակ գաղտնի քվեարկությամբ կարծիք են արտահայտելու, ո՞նց կարող են մեկ տարի հետո նույն պատգամավորին նույն բանն առաջարկել, ակնկալել, որ կտրուկ փոխված լինի դիրքորոշումը: Մենք սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովում քննարկում էինք սահմանադրական ինստիտուտների փոխադարձ հարգանքի հարցը, արդյո՞ք պետք է Սահմանադրության մեջ բերվի այդ ձևակերպումը, թե ոչ: Ձեր դեպքում հասկացա, որ այդպես է պետք, որովհետև ոչինչ չի փոխվել, դուք մերժված, չընտրված թեկնածուին նորից առաջադրում եք նույն խորհրդարանին, նույն պատգամավորներին»,- ասաց Վահագն Հովակիմյանը:
Շարունակությունը՝ tert.am-ում
comment.count (0)