Արցախյան պատերազմ․ 2020

Արցախյան առաջին պատերազմից հետո ամենալայնածավալ էսկալացիան՝ Արցախի ու Ադրբեջանի միջեւ՝ սահմանի ողջ երկայնքով։ Տեւել է 44 օր՝ սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը։

Պատերազմի ժամանակ Հայաստանում եւ Արցախում հայտարարվել է ռազմական դրություն եւ ընդհանուր զորահավաք։

2020 թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ վարչապետը, Ադրբեջանի եւ ՌԴ նախագահները ստորագրել են հայտարարություն՝ ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ, ըստ որի՝ Արցախի Հանրապետության տարածքի մեծ մասն անցնում է Ադրբեջանի վերահսկողության տակ։

Միացյալ Նահանգները Թուրքիա է գործուղել վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկին |azatutyun.am|

Միացյալ Նահանգները Թուրքիա է գործուղել վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկին |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգները Թուրքիա է գործուղել վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկին` Պետդեպարտամենտի Եվրոպական և եվրասիական բյուրոյի ղեկավար Ֆիլիպ Ռիկերին` տարածաշրջանային խնդիրները, այդ թվում` ղարաբաղյան հարցը քննարկելու համար: «Մենք ուզում ենք թուրքական կողմի հետ քննարկել այդ հարցը», - թուրքական «Անադոլու» գործակալությանն ասել է Պետդեպի բարձրաստիճան ներկայացուցիչը, հավելելով. - «Մենք կարող ենք նվազեցնել լարվածությունը»: Հաղորդվում է, որ դեսպան Ռիկերն արդեն ժամանել է Անկարա, հանդիպել նախագահ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընին, առաջիկա երկու օրերին էլ բանակցելու է Թուրքիայի արտգործնախարարի և այլ պաշտոնյաների հետ: Մինչ նրա այցը ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն կոչ էր արել կողմերին հրադադար հաստատել, ինչպես նաև դատապարտել երրորդ ուժերի միջամտությունը: «Մենք դեմ ենք, որ այս հակամարտությունը միջազգային բնույթ ստանա, և կարծում ենք, որ կողմնակի ուժերը պետք է հեռու մնան», - ասել էր Փոմփեոն Fox News-ին տված հարցազրույցում։
01:16 - 04 հոկտեմբերի, 2020
Ծանր մարտերից հետո Պաշտպանության բանակն այսօր բարելավել է իր դիրքերը․ Արայիկ Հարությունյան

Ծանր մարտերից հետո Պաշտպանության բանակն այսօր բարելավել է իր դիրքերը․ Արայիկ Հարությունյան

Սիրելի՛ հայրենակիցներ Շարունակում եմ մնալ առաջնագծում և կանգնել մեր հերոս տղաների կողքին: Նրանք մեծ սխրանքներ են կատարում Հայրենիքի ու բոլորիս ընտանիքների պաշտպանության ապահովման ճանապարհին: Զուգահեռաբար իրականացնում եմ Հանրապետության օպերատիվ կառավարումը՝ ներդրված համապատասխան մեխանիզմների միջոցով: Ծանր մարտերից հետո Պաշտպանության բանակն այսօր բարելավել է իր դիրքերը և հող նախապատրաստել հետագա առաջխաղացման համար: Նեղն ընկնելով առաջնագծում՝ Ադրբեջանը սկսել է ավելի ուժգին հարվածներ հասցնել մեր խաղաղ բնակավայրերին՝ նաև հեռահար հրթիռների կիրառմամբ: Այդ ռազմական հանցագործությունները ստանալու են իրենց համարժեք պատասխանները, և այս առումով վերջին անգամ ենք զգուշացնում Ադրբեջանի իշխանություններին… Հաղթելու և պատժելու ենք մեր գոյությանը սպառնացող հանցագործներին:
00:45 - 04 հոկտեմբերի, 2020
Ռազմաբժշկական ծառայության բոլոր օղակները բուժօգնություն են ցուցաբերում վիրավոր զինծառայողներին

Ռազմաբժշկական ծառայության բոլոր օղակները բուժօգնություն են ցուցաբերում վիրավոր զինծառայողներին

Արցախի Հանրապետության դեմ ծավալված պատերազմական գործողությունների առաջին օրվանից զինված ուժերի ռազմաբժշկական ծառայության բոլոր օղակները բերվել են մարտական պատրաստականության աստիճանի, համալրվել նախատեսված բժշկական անձնակազմով: Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ռազմական դրության պայմաններում մեծածավալ աշխատանք է կատարում ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի բուժանձնակազմը: Հոսպիտալ են ընդունվում տարբեր աստիճանի վիրավորում ստացած զինծառայողներ, կատարվում են տեսակավորման և արագ գործիքային հետազոտության աշխատանքներ, որից հետո վիրավոր զինծառայողները տեղավորվում են համապատասխան բաժանմունքներում, անհրաժեշտության դեպքում՝ անմիջապես տեղափոխվում վիրահատարան: Հոսպիտալում բուժվողների հարազատներն իրազեկվում են զինծառայողների ստացած վնասվածքների, բուժման ընթացքի և արդյունքների մասին: Առաջնագծում վիրավորներին ցուցաբերված առաջին մասնագիտացված բուժօգնությունը նոււյնպես արդյունավետ է իրականացվում և հաճախ կրկնակի վիրաբուժական միջամտության կարիք չի լինում: Վիրավոր զինծառայողներից շատերն արդեն իսկ վերականգնման փուլում են և շուտով կվերադառնան ծառայության վայրեր: Նրանց հետ աշխատում են նաև հոգեբանները, որոնք արձանագրում են, որ զինծառայողների մարտական ոգին բարձր է. հայրենիքի պաշտպանները ձգտում են առաջին իսկ հնարավորության դեպքում կրկին մեկնել առաջնագիծ՝ կանգնելու իրենց մարտական ընկերների կողքին: Մարտական գործողությունների ընթացքում վիրավորված զինծառայողների ապաքինման գործում անգնահատելի դերակատարում են ստանձնել նաև քաղաքացիական հիվանդանոցները, որոնք օրվա ցանկացած ժամի պատրաստ են ընդունել վիրավորներին և ցուցաբերել անհրաժեշտ բուժօգնություն:  
23:29 - 03 հոկտեմբերի, 2020
ԼՂ խնդիրը չունի այլ լուծում, քան խաղաղ լուծումը և ագրեսիային դիմակայելը դե ֆակտո կապացուցի դա. վարչապետի հարցազրույցը՝ «Ալ Ջազիրա»-ին

ԼՂ խնդիրը չունի այլ լուծում, քան խաղաղ լուծումը և ագրեսիային դիմակայելը դե ֆակտո կապացուցի դա. վարչապետի հարցազրույցը՝ «Ալ Ջազիրա»-ին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվելե «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությանը: Այն ներկայացնում ենք ստորև. Բերնարդ Սմիթ- Պարոն վարչապետ, շնորհակալություն «Ալ Ջազիրա»-ի հետ խոսելու համար։ Այժմ, այս փուլում, երբ Հայաստանի և Ադրբեջանի միջև բաց հակամարտություն է ընթանում, ո՞րն է Ձեր նախընտրությունը՝ Ադրբեջանին աճող ռազմական հակազդեցություն, թե հրադադարի կոչ և բանակցություններ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ես կցանկանայի սկսել հարցի վերաբերյալ մի քանի հանգամանքներ պարզաբանելով, որովհետև ի մասնավորի Հայաստանը հանդես է գալիս որպես Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության երաշխավոր։ Ադրբեջանը սանձազերծել է ուղիղ հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա, և Հայաստանը որոշակի պարտավորություններ ունի ապահովելու Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը, ու այս համատեքստում Ադրբեջանը սկսեց հարվածել Հայաստանի Հանրապետության բնակավայրերին ու Հայաստանի Հանրապետության քաղաքացիական բնակչությանը։Ադրբեջանի սեպտեմբերի 27-ի հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա սկսվեց խաղաղ բնակավայրերի հրետակոծությունից, և սա փաստ է, որ պետք է ընդունել Ձեր հնչեցրած հարցին պատասխանելու համար: Երբ կա հարձակում բնակչության դեմ, առաջին խնդիրը նրանց ագրեսիայից պաշտպանելն է։ Դրանից հետո է միայն հնարավոր խոսել բանակցությունների մասին։ Այն իրավիճակում, երբ կա ագրեսիա, կարող եմ վստահաբար ասել, որ Արցախի ժողովուրդը չի նահանջելու դրան բախվելով։Միևնույն ժամանակ, հարկ է ընդունել, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը չունի այլ լուծում, քան խաղաղ լուծումը և ագրեսիային դիմակայելը դե ֆակտո կապացուցի դա։ Բերնարդ Սմիթ- Երբ ասում եք՝ պետք է խաղաղ կարգավորում լինի, արդյոք դրանից առաջ ակնկալում եք, որ պետք է ռազմական ձեռքբերում ունենաք: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ինչպես ես արդեն ասացի, մեր նպատակը բնակչությանն ագրեսիայից պաշտպանելն է։ Եվ ակնհայտ է, որ Լեռնային Ղարաբաղի հայերի նպատակը ագրեսիայից ինքնապաշտպանվելն է։ Բերնարդ Սմիթ- Որքանո՞վ է հավանական, որ դուք Լեռնային Ղարաբաղի հետ ռազմաքաղաքական դաշինք կազմեք։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան - Մենք քննարկում ենք այդ հնարավորությունը։ Այդ դաշինքը դե ֆակտո գոյություն ունի։ Մենք ասել ենք, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորն է։ Եվ մենք պետք է ապագա զարգացումները հաշվի առնենք այս դրույթը մեր օրակարգում ունենալով։ Շատ կարևոր է արձանագրել, որ այս իրավիճակը տարածաշրջանում նոր ռազմաքաղաքական իրականություն է առաջացրել։ Ինչպես ասացի, մի քանի տարի ռազմատենչ հռետորաբանություն զարգացնելով, Ադրբեջանը հարձակվեց Լեռնային Ղարաբաղի վրա, և դա տեղի ունեցավ Թուրքիայի բացահայտ ռազմական աջակցությամբ։ Միջազգային մամուլում արդեն կան վկայություններ, որ Թուրքիայի վերահսկողության տակ գտնվող տարածքներից հավաքագրվում են վարձկաններ ու տեղափոխվում են մեր տարածաշրջան, և մենք պետք է ուժեղացնենք մեր համագործակցությունը Լեռնային Ղարաբաղի հետ՝ անվտանգության ոլորտում։Բերնարդ Սմիթ- Պատրաստվո՞ւմ եք արդյոք ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան - Այդպիսի օրակարգ նույնպես կա: Դա օրակարգի հարց է, և որոշում կկայացվի կամ չի կայացվի, կախված բազմաթիվ գործոններից: Բերնարդ Սմիթ- Ձեր պատասխանում հիշատակեցիք, որ Թուրքիան հաստատակամորեն կանգնել է Ադրբեջանի կողքին: Բայց դուք իսկապես ապացույցներ ունե՞ք, որ Թուրքիան վարձկաններ է մատակարարում Ադրբեջանին։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան - Այդ մասին վկայությունները մի քանի օրվա ընթացքում և մեկը մյուսի հետևից լուսաբանվում են, այդ թվում՝ այնպիսի հեղինակավոր լրատվամիջոցներում, ինչպիսիք են The Guardian-ը, Reuters-ը: Այդ վարձկանների հարազատներն իրենք են պատմում իրենց պատմությունները, նրանց ընտանիքի անդամներն են պատմություններ պատմում: Եվ կոնկրետ անձինք վկայել են, որ Թուրքիան հավաքագրում է այդ վարձկաններին և ուղարկում Ադրբեջան՝ մասնակցելու Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմին։ Բերնարդ Սմիթ- Թույլ տվեք կրկնել այն, ինչ գրել է Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Քեյսը: Նա ասել է, որ, երբ սկսվել է հակամարտությունը, Հայաստանի և Ադրբեջանի աղքատ ժողովուրդները սկսել են վճարել Բաքվի և Երևանի անխոհեմ ղեկավարության համար: Նրանք չեն ցանկանում տեսնել հակամարտության խաղաղ կարգավորման հնարավորությունը: Արդյոք սա ճի՞շտ է, ի՞նչ կարող եք անել, որպեսզի կանխեք դա: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ըստ էության, ինչ կարող էր արվել, արվել է: Ստանձնելով ՀՀ վարչապետի պաշտոնը, ես բանաձև եմ դրել իմ քաղաքականության հիմքում` Ղարաբաղի հարցի կարգավորման հարցում: Ասել եմ, որ Ղարաբաղի հարցի որևէ լուծում պետք է ընդունելի լինի և Հայաստանի ժողովրդի համար, և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար, և Ադրբեջանի ժողովրդի համար: Ես առաջարկել եմ այս բանաձևը, որպես հիմք` հակամարտության լուծման համար: Ցավոք, Ադրբեջանը սկսած 2000-ական թվականների կեսերից զարգացնում է հարցի կարգավորման ռազմական ճանապարհի փիլիսոփայությունն ու քաղաքականությունը և որևէ կերպ հրաժարվում է փոխզիջումներից: Բռնապետական իշխանությունը, որը հաստատված է Ադրբեջանում, հակված չէ գնալ փոխզիջումների, միայն ժողովրդավարական, ընտրված իշխանություններն են, որ կարող են փոխզիջումային տարբերակներ առաջարկել, ինչպիսին, որ իմ նշած բանաձևն է: Փոխարենը Ադրբեջանի նախագահ Ալիևն ասաց, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումը կարող է լինել միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, ինչը նշանակում է, որ Ղարաբաղի հիմնախնդիրը կվերադառնա 1988թ․ ստատուս քվոյին՝ խորհրդային միության ժամանակաշրջան, որտեղից այս ամենը սկսվել է։ Բայց հնարավոր չի լուծել հակամարտությունը վերադառնալով այնտեղ, որտեղ այն սկսվել է։ Բերնարդ Սմիթ- Ես գիտեմ, որ Դուք ռեֆլեքսիայի համար բավարար ժամանակ չեք ունեցել, քանի որ զբաղված եք եղել այս բազմազբաղ իրավիճակում, սակայն եթե ետ նայենք ու ասենք՝ արդյո՞ք կարող էիք ինչ-որ բան այլ կերպ անել, ինչը կկանխեր բռնության բռնկումն ու մարդկային կյանքերի կորուստը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան - Դրա համար կար մեկ հնարավորություն, տրվել Ադրբեջանի շանտաժին ու սպառնալիքներին, ինչը չէր կարող ընդունելի լինել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի համար։ Բերեմ մեկ օրինակ, վերադառնալով համաշխարհային պատմության հայտնի դրվագներին, օրինակ, ի՞նչ կարող էր անել ԱՄՆ կառավարությունը սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից խուսափելու համար։ Սա կարող է չափազանցություն թվալ, բայց երկու ամիս առաջ Ադրբեջանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը սպառնաց հարվածել Հայաստանի ատոմային էլեկտրակայանին։ Ի՞նչ պետք է արվի, որպիսի կանխվի նման սպառնալիքների հնչեցումը։ Բերնարդ Սմիթ- Լավ, երբ Դուք իշխանության եկաք թավշյա հեղափոխությունից հետո, մասնավորապես Ադրբեջանում մեծ հույսեր կային, որ Ձեր նախորդներից հետո դա կլինի քայլ դեպի խաղաղություն։ Բայց ի՞նչ տեղի ունեցավ այդ առումով։ Դուք չկարողացաք այդ սպասելիքները բավարարել։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան - Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո Ադրբեջանում շատ ավելի մեծ հույսեր կային։ Մենք հույս ունեինք, որ ժողովրդավարացման ալիքը կհասնի Ադրբեջան։ Այդ հույսերն իրականություն չդարձան, որովհետև Ադրբեջանի նախագահը շարունակաբար օգտագործում է Ղարաբաղի խնդիրը իր դիկտատորական կառավարումն արդարացնելու համար։ Երբ Հայաստանում թավշյա հեղափոխություն տեղի ունեցավ, Ադրբեջանում հասարակությունում ավելի մեծ հույսեր արթնացան, որ նման հեղափոխություն կարող է տեղի ունենալ նաև Ադրբեջանում։ Բայց այդ հեղափոխությունը կանխելու ու դիկտատորական կառավարում իրականացնելու համար Ադրբեջանն ակտիվացրեց ռազմական հռետորաբանությունը, ինչը և բերեց այս իրավիճակին։ Բերնարդ Սմիթ- Եթե Դուք այս ընթացքում կապի մեջ եք եղել Վլադիմիր Պուտինի հետ, կարո՞ղ եք մեզ ներկայացնել այդ երկխոսությունների բնույթն ու բովանդակությունը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան - Այս ամբողջ ընթացքում ես հեռախոսային խոսակցություններ եմ ունեցել Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի կանցլերի, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի և ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հետ, երկու անգամ էլ` Վլադիմիր Պուտինի: Բայց ես կարծում եմ, որ ավելի շատ հեռախոսային զրույցներ կունենամ Ֆրանսիայի նախագահի հետ և այլ ղեկավարների, որպեսզի քննարկեմ ընթացիկ իրավիճակը և իրադարձությունների զարգացումը: Բերնարդ Սմիթ- Բայց կարևորը Վլադիմիր Պուտինն է: Այն, ինչ նա մտածում և ասում է, Ձեզ համար առավել կարևոր է, այդպես չէ՞: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է: Ռուսաստանն ու Հայաստանն ունեն խորը համագործակցություն անվտանգության ոլորտում, ներառյալ Հայաստանում ռուսական ռազմաբազայի ներկայությունը: Կան գործող կոնկրետ համաձայնագրեր և, հնարավոր է, որ մեր երկխոսության օրակարգն այս առնչությամբ ավելի բազմազան է: Բերնարդ Սմիթ- Դուք ցանկանո՞ւմ եք, որպեսզի Մոսկվան լինի չեզոք: Մենք գիտենք, որ Թուրքիան, Էրդողանը հայտնել են իրենց աջակցությունը Ադրբեջանին: Դուք կցանկանա՞ք Վլադիմիր Պուտինից նման օգնություն ձեր օգտին: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան - Մեր դիրքորոշումն այն է, որ Ռուսաստանն առաջին հերթին համանախագահ երկիր է, և Մինսկի խումբն անում է բոլոր անհրաժեշտ քայլերը, որպեսզի խաղաղություն հաստատվի տարածաշրջանում և նպաստում է Ղարաբաղյան հարցի կարգավորմանը: Բերնարդ Սմիթ- Դուք կցանկանա՞ք տեսնել Ռուսաստանի խաղաղապահներին, օրինակ` Լեռնային Ղարաբաղում: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան - Տեսեք, այդ հարցերը կարող են քննարկվել ավելի մեծ համատեքստում` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Բերնարդ Սմիթ- Նախագահ Ալիևն ասել է, որ Դուք սադրում եք նրան` սփյուռքի հայերին Լեռնային Ղարաբաղում բնակեցնելով: Նրան այլ ելք չեք թողնում: Նա հավաստում է, որ դա նրանց տարածքն է, և Դուք ոչինչ չեք արել խնդրի լուծման համար: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան - Տեսեք, այդ պնդումներն այն մասին, որ Հայաստանի կառավարությունը սփյուռքահայերին բնակեցնում է ԼՂ-ում, անհիմն են երկու պատճառով: Առաջին հերթին, քանի որ Հայաստանի կառավարությունը ոչ մի կապ չունի Լեռնային Ղարաբաղի տարածքային զարգացման հետ։ Երկրորդ` տարիներ շարունակ Հայաստանից և Լեռնային Ղարաբաղից բազմաթիվ մարդիկ արտագաղթել են իրենց տներից: Նրանք բնակվում են աշխարհի տարբեր մասերում` Եվրոպայում, Ռուսաստանում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, և ես չեմ բացառում, որ նրանցից ոմանք կարող են վերադառնալ և ապրել իրենց տներում: Անտրամաբանական է դա ներկայացնել, որպես անսովոր մի բան: Բերնարդ Սմիթ- Ներեցեք, բայց նախագահ Ալիևը չի ասել «անսովոր», նա ասել է «սադրանք»: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան - Տեսեք, եթե 15, 20 կամ 30 տարի առաջ որևէ մեկն արտագաղթել է և հիմա ցանկանում է վերադառնալ իր տուն, արդոք դա սադրա՞նք է: Ո՞րն է այստեղ սադրանքը, կարո՞ղ եք բացատրել ինձ: Բերնարդ Սմիթ- Լավ, բայց կան նաև պատերազմական հանցագործությունների մեղադրանքներ, որոնք հայկական կողմի զինվորականներն իրականացրել են 1980-ականների վերջերին և 1990-ական թվականների սկզբում, և Մարդու իրավունքների եվրոպական դատարանը այդ գործերի կատալոգն է կազմել... ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ոչ, ոչ, ոչ: Դա անհեթեթություն է: Որտեղի՞ց այդ տեղեկությունները: Դա Ադրբեջանի քարոզչությունն է: Բերնարդ Սմիթ- Այսպիսով, Դուք հավատացած եք, որ դա Ադրբեջանի քարոզչության գործիքներից մեկն է: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան - ՄԻԵԴ-ն ունի կոնկրետ հանցագործությունների վերաբերյալ որոշումներ` Ադրբեջանի դեմ: Եկեք դիտարկենք Ռամիլ Սաֆարովի հետ կապված դեպքը, որը հայ սպայի հետ մասնակցում էր ՆԱՏՕ-ի դասընթացներին: Հայ սպան Սաֆարովի կողմից սպանվեց կացնով` քնած ժամանակ: Ադրբեջանը երկար տարիներ իրականացնում է հակահայկական քարոզչություն, և այդ դեպքը դրա հետևանքներից մեկն է: Այն տեղի է ունեցել Հունգարիայում: Բուդապեշտի դատարանը Սաֆարովին դատապարտել է ցմահ ազատազրկման: Բանտում 8 տարի անցկացնելուց հետո Սաֆարովն արտահանձնվել է Ադրբեջանին, որտեղ Ալիևը նրան ազատ արձակելու որոշում է ընդունել, և համազգային փառաբանության գործընթաց է սկսվել: Այս մեկ դրվագը նկարագրում է Ղարաբաղյան հակամարտության պատմությունը: Այսօրվա իրադարձությունների կոնտեքստը կարող է բացատրվել սրանով: Այսօր բազմաթիվ Ռամիլ Սաֆարովներ են հարձակվում իրենց տներում քնած խաղաղ մարդկանց վրա: 
22:07 - 03 հոկտեմբերի, 2020
Արցախցի դպրոցահասակ երեխաները, առանց փաստաթղթերի մասին մտածելու, կարող են գնալ այստեղ իրենց բնակության վայրին ամենամոտ դպրոցը․ ԿԳՄՍ փոխնախարար

Արցախցի դպրոցահասակ երեխաները, առանց փաստաթղթերի մասին մտածելու, կարող են գնալ այստեղ իրենց բնակության վայրին ամենամոտ դպրոցը․ ԿԳՄՍ փոխնախարար

ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ արցախցի դպրոցահասակ երեխաները, առանց փաստաթղթերի մասին մտածելու, կարող են գնալ այստեղ իրենց բնակության վայրին ամենամոտ դպրոցը։   «Սիրելի հայրենակիցներ, եթե ձեր կողքին հանգամանքների բերումով արցախցի դպրոցահասակ երեխաներ կան, հիշեք, որ նրանք կարող են գնալ այստեղ իրենց բնակության վայրին ամենամոտ դպրոցը, առանց մտածելու փաստաթղթերի մասին։   Խրախուսեք նրանց գնալ դպրոց, որովհետև էդպիսով կկարողանան ոչ միայն շարունակել իրենց կրթությունը, որ շատ կարևոր է, այլ նաև շփվել իրենց հասակակիցների հետ, ընկերանալ, հոգեբանական աջակցություն ստանալ, ամրապնդել էն կապերը, որ վերադարձից հետո էլ լավ ընկերներ կդարձնի ՀՀ տարբեր համայնքների և Արցախի երեխաներին»,- գրել է նա։
22:04 - 03 հոկտեմբերի, 2020
Շվեյցարահայերը բողոքի ցույց են կազմակերպել ընդդեմ Թուրքիայի ու Ադրբեջանի ագրեսիայի

 |armenpress.am|

Շվեյցարահայերը բողոքի ցույց են կազմակերպել ընդդեմ Թուրքիայի ու Ադրբեջանի ագրեսիայի |armenpress.am|

armenpress.am:  Բեռնում՝ Շվեյցարիայի խորհրդարանի շենքի առջև գտնվող հրապարակում, hոկտեմբերի 3-ին տեղի է ունեցել բազմամարդ բողոքի ցույց` ընդդեմ Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի ու Թուրքիայի սանձազերծած պատերազմի։ Հայաստանի և Արցախի հետ համերաշխության կարգախոսի ներքո ընթացած ցույցը նախաձեռնել էր Շվեյցարիա-Հայաստան ընկերակցությունը՝ հայկական համայնքային մի շարք կառուցների աջակցությամբ ու գործուն մասնակցությամբ։ Ցուցարարները դատապարտել են Արցախի և Հայաստանի դեմ ագրեսիան, խաղաղ բնակչության ու ենթակառուցվածքների թիրախավորումը, ահաբեկչական խմբավորումների օգտագործումը հայ բնակչության դեմ, հակահայկական ատելության խոսքի ու այլատյացության պետական մակարդակով խրախուսումը։ Ցուցարարները վանկարկել են խաղաղության, զինադադարի ու անվտանգ միջավայրի հաստատման կոչեր։ Շվեյցարիայի  հասարակությանը և լրատվամիջոցների ներկայացուցիչներին տրամադրվել են ապացույցներ, որոնք անհերքելի կերպով փաստում են Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից իրականացվող նվաճողական քաղաքականությունը և հայ ազգաբնակչության ոչնչացմանն ուղղված քայլերը։ Ցուցարարները շեշտել են, որ այսօր հայ ժողովուրդը պայքարում է միջազգային ահաբեկիչների ու նրանց հովանավորներ Թուրքիայի ու Ադրբեջանի դեմ՝ այն նույն ահաբեկիչների, որոնք թիրախավորում են նաև եվրոպական քաղաքները ու նրանց բնակչությունը։ Ցույցի ընթացքում ելույթներով հանդես են եկել մի շարք հասարակական-քաղաքական գործիչներ: Ցույցը վարել է և ելույթով հանդես է եկել Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության պատվավոր նախագահ և Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի գլխավոր քարտուղար Սարգիս Շահինյանը։
21:53 - 03 հոկտեմբերի, 2020
Փաշինյանը նշել է Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղի լինելու անհնարինության պատճառը


 |armenpress.am|

Փաշինյանը նշել է Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղի լինելու անհնարինության պատճառը |armenpress.am|

armenpress.am: Լեռնային Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, քանի որ Խորհրդային միության փլուզման ժամանակ ԼՂ-ն անկախություն ստացավ այնպես, ինչպես Ադրբեջանն անկախացավ Խորհրդային միությունից՝ օգտվելով ԽՍՀՄ-ից դուրս գալու իր սահմանադրական իրավունքից:Այս մասին «Ալ Ջազիրա»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի այն մոտեցմանը, թե Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում: «Ադրբեջանի նախագահի մոտեցումն անընդունելի է` հաշվի առնելով հատկապես այն հանգամանքը, որ 1988թ. Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ժողովրդական պատգամավորների խորհուրդը հայտնեց Հայաստանին միանալու մասին: Ես կցանկանայի նշել,որ Լեռնային Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում մի պարզ պատճառով. երբ փլուզվում էր Խորհրդային միությունը, Լեռնային Ղարաբաղն անկախություն ստացավ ճիշտ այնպես, ինչպես Ադրբեջանն անկախացավ Խորհրդային միությունից՝ օգտվելով Խորհրդային միությունից դուրս գալու իր սահմանադրական իրավունքից: Ըստ Ադրբեջանի, Ղարաբաղի հարցը հիմնվում է խորհրդային ստատուս-քվոյի վերականգնման վրա, ինչն անհնար է»,- ասել է Փաշինյանը:
21:34 - 03 հոկտեմբերի, 2020
Դիրքային փոփոխությունները շատ հաճախ են լինում, առանձնահատուկ ֆիքսվել պետք չէ․ Արծրուն Հովհաննիսյան

Դիրքային փոփոխությունները շատ հաճախ են լինում, առանձնահատուկ ֆիքսվել պետք չէ․ Արծրուն Հովհաննիսյան

Հայ-ադրբեջանական սահմանին այդպիսի թեժ մարտական գործողություններ չեն մղվում, բայց մենք հետեւում ենք, վերահսկում ենք հակառակորդի գործողությունները։ Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ «Մեր ԶՈՒ-երն այստեղ էլ իրենց խնդիրը կատարում են բարձր մակարդակով։ Խուճապի մատնվել պետք չէ, ամեն չնչին փորձ արագ կասեցվում է»,- ասաց նա։ Պատասխանելով հարցին, թե ինչ դիրք է վերցրել հակառակորդը, Հովհաննիսյանն ասաց, որ որեւէ ուղղության մասով մարտավարական բնագծեր չի կարող ներկայացնել։ «Կոնկրետ ով որ պահին որ դիրքի վրա է գտնվում, չեմ կարող նշել։ Ծանր ու համառ մարտեր են գնում, դիրքային փոփոխությունները շատ հաճախ են լինում, հետեւաբար առանձնահատուկ ֆիքսվել պետք չէ։ Այսպիսի մեծ պատերազմում դիրքային փոփոխությունները բնական երեւույթ են, մեկ ժամ հետո կվերցնենք էս մի դիրքը, մի ժամ հետո կարող ենք թողնել, եւ այլն»,- ընդգծեց նա։ Արծրուն Հովհաննիսյանը, անդրադառնալով միջազգային հանրության արձագանքին, ասաց, որ քաղաքակիրթ աշխարհի արձագանքները Ադրբեջանի վայրագություններին, արգելված զինատեսակների կիրառմանը, բավականին տեղին են, դրանով զբաղվում են մեր համապատասխան մարմինները։ «Բայց պետք է շեշտել, որ երեկ ու այսօր Ստեփանակերտն ու Արցախի այլ քաղաքներ մի քանի անգամ ենթարկվել են կասետային արկերով հրետակոծությունների»,- նշեց Հովհաննիսյանը։ ՊՆ ներկայացուցիչը նաև ասաց, որ զոհերի մասին հայտնում ենք հստակեցումից հետո՝ առանց որեւէ վայրկյան սպասելու։
21:24 - 03 հոկտեմբերի, 2020
Անդադար մարտի տեւողությունը եղել է վեցից յոթ ժամ․ Արծրուն Հովհաննիսյանը ներկայացրեց հակառակորդի կորուստները

Անդադար մարտի տեւողությունը եղել է վեցից յոթ ժամ․ Արծրուն Հովհաննիսյանը ներկայացրեց հակառակորդի կորուստները

Այսօր ծանր մարտական գործողություններ են ընթացել հյուսիսում եւ հարավում, հատկապես հարավում։ Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ «Հակառակորդը փորձել էր ճեղքել ռազմաճակատի գիծը, սակայն հանրավոր է եղել կասեցնել հակառակորդի առաջխաղացումը։ Անդադար մարտի տեւողությունը եղել է վեցից յոթ ժամ։ Այս ընթացքում, ընդհանուր առմամբ, հակառակորդը կորցրել է շուրջ 2300 անձնակազմ, անցնող օրվա ընթացքում՝ մոտ 440-450 զինծառայող կամ ահաբեկիչ։ Տվել են մոտ 800-900 վիրավոր»,- հավելեց նա։ Նրա խոսքով՝ միայն այսօր հաջողվել է խոցել մարտի մեջ մտած մոտ 45 զրահատեխնիկա, այսօր մեր զորքերին հաջողվել է նաեւ մարտի մեջ չմտած շուրջ 8-9 տասնյակ զրահատեխնիկա խոցել։ «Այսօր խոցել ենք 10 ԱԹՍ, ընդհանուր առմամբ՝ 113 միավոր ԱԹՍ։ Հակառակորդի ընդհանուր զրահատեխնիկայի կորուստը՝ 250 միավոր, միայն այսօր՝ 3 Սմերչ։ Այսօր խոցվել է հակառակորդի 3 ինքնաթիռ, 1 ուղղաթիռ»,- ասաց նա։ Հովհաննիսյանի խոսքով՝ մեր զորքերը ցուցաբերում են աննախադեպ քաջություն, կասեցնում են հակառակորդի դժվար ու կրակային մեծ խտություն ունեցող հարձակումները։
21:14 - 03 հոկտեմբերի, 2020
 Սուրբ Գայանե վանքում կատարվեց զորակցության աղոթքի արարողություն հանուն Արցախի և հայրենյաց պաշտպանների

Սուրբ Գայանե վանքում կատարվեց զորակցության աղոթքի արարողություն հանուն Արցախի և հայրենյաց պաշտպանների

Զորակցության համազգային աղոթք հանուն Արցախի________Հոկտեմբերի 3-ին Սուրբ Գայանե վանքում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց զորակցության աղոթքի արարողություն հանուն Արցախի և հայրենյաց պաշտպանների։Արարողության ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր պատգամը հղեց համայն ժողովրդին։ Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՈՍՔԸՀԱՆՈՒՆ ԱՐՑԱԽԻ ԶՈՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԱՂՈԹՔԻ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ «Եվ ա՛յս է այն հաղթությունը, որհաղթում է աշխարհին` մեր հավատը»(Ա Հովհ. Ե 4):Սիրելի բարեպաշտ ժողովուրդ,Այսօր մեր եկեղեցիների նվիրական կամարների ներքո, մեր տներում, աշխատանքի վայրերում ի սփյուռս աշխարհի, միասիրտ ու միահոգի՝ զորակցության մեր աղոթքն ենք բարձրացնում առ Աստված Արցախ աշխարհի խաղաղության, մեր քաջարի զորաց և զորականաց հաղթության և մեր ժողովրդի անվտանգ ու ապահով կյանքի համար։ Հայրենիքի խաղաղությունը, ազգի ազատ ու անկախ կյանքի պաշտպանությունը ամեն մի հայի սրբազան առաքելությունն է: Այս առաքելությանն ենք լծված բոլորս մեր կյանքով ու ծառայությամբ, մեր սրբազան հայրենիքի պաշտպանության հանձնառությամբ ու նախանձախնդրությամբ։ Մենք խաղաղասեր ժողովուրդ ենք, բայց այժմ գտնվում ենք մի իրավիճակում, երբ խաղաղություն ունենալու համար պիտի պայքարենք։ Մեր ժողովրդի ու հայրենիքի համար վճռական այս օրերին մենք հաստատակամ ու աներեր ենք՝ մեր հերոս նախնիների նույն նվիրումով, քաջությամբ և ոգու արիությամբ պաշտպանելու հայրենիքը և ազատ ու անկախ կյանքի իրավունքը։ Ոչ մի ուժ չի կարող սասանել մեր ժողովրդի ազատ ապրելու կամքը, որը զորացնում է ազատության համար մարտնչող հերոս մեր զավակների բազուկները և ամրացնում նրանց հոգին։ Հայոց բանակի արիասիրտ մարտիկները, Արցախ մեկնած բազում կամավորներ այս պահին էլ դիմակայում են Թուրքիայի հետ համատեղ իրականացվող Ադրբեջանի հարձակումներին և թեժ մարտերում ետ մղում հակառակորդին։Սիրելիներ, հաղթանակը որոշվում է ոգու ամրությամբ ու արիությամբ և անպարտելի հավատքով, որով միշտ զորեղ է եղել մեր ժողովուրդը՝ օրհասական պահերին իր ազատամարտերը պսակելով փառավոր հաղթությամբ։ Մեր միաբանությամբ, անպարտելի ոգով ու հավատով պիտի հաղթահարենք փորձություններն ու նեղությունները, և Աստծո օրհնությամբ ազգս հայոց պիտի շարունակի զորացնել իր պետականությունը, բազմապատկել խաղաղ կյանքի ձեռքբերումները, որոնցով անկախության այս տարիներին շենացել է Հայաստան և Արցախ մեր հայրենիքը։ Ոգու ուժ և եռանդ, տոկունություն և հաղթանակներ մեզ և Արցախի բարեպաշտ մեր ողջ ժողովրդին։Մենք բոլորս քաջալեր ու գոտեպինդ ենք՝ տեսնելով այս օրերին Արցախից սփռվող արիության ոգին, հաղթական ու անպարտելի հավատքը պատերազմական իրավիճակի նեղությունների ու դժվարությունների դիմագրավման մեջ։ Այսօր Պողոս առաքյալի խոսքով ենք գնահատում արցախաբնակ մեր սիրելի քույրերի ու եղբայրների աննկուն կամքը, հանուն հայրենիքի պաշտպանության ու անսասանության անձնազոհություններ հանձն առնելու պատրաստակամությունը և հաղթանակի վճռականությունը. «Մենք ձեզնով պարծենում ենք, …ձեր համբերության ու հավատի համար՝ ձեր այն բոլոր հալածանքների ու նեղությունների մեջ, որոնց դուք համբերում եք» (Բ Թեսաղ. Ա 4)։Սիրելիներ, Մենք հպարտ ենք մեր ժողովրդով․ իրենց զավակներին հայրենիքին ընծայող մեր հայրերով ու մայրերով, դեպի առաջնագիծ շտապող հայրենասեր երիտասարդներով ու ազատամարտիկներով, հանուն մեր կյանքի անվտանգության ու հարատևության տքնողներով, Արցախին սատարող ամեն մեծ ու փոքրով։ Հպարտ ենք զինվոր ու սպա մեր զավակներով, որ անառիկ են պահում մեր հայրենիքի սահմանները և մարտնչում են հաղթանակի անվերապահ հավատով։ Մենք հպարտ ենք մեր ժողովրդի համախմբվածությամբ և միասնականության դրսևորումներով, արցախահայությանը օգնական լինելու աշխարհասփյուռ հայության պատրաստակամությամբ և հանձնառություններով, որով պիտի դիմագրավենք թշնամուն և թույլ չտանք իրագործել նոր ցեղասպանություն։Հայրապետական Մեր պատգամն ենք վերստին բերում ձեզ, սիրելի զավակներ մեր ի հայրենիս և ի սփյուռս, զորեղ մնալու հայրենասիրությամբ ու ազգասիրությամբ, ոգով աննկուն ու անվեհեր՝ միասնական ջանքերով ու գործերով ընթանալու դեպի հաղթանակ։ Միասնաբար պիտի պաշտպանենք մեր հայրենիքը, հզորացնենք մեր անկախ պետականությունը և անվտանգ ու խաղաղ երկիր ավանդենք մեր սերունդներին։Աստծո պահպանությունն ու հովանին մեր ժողովրդին և հայրենիքին։ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ զորակցության համազգային աղոթք կատարվեց նաև Հայաստանի և սփյուռքի թեմերի բոլոր վանքերում և եկեղեցիներում։
20:45 - 03 հոկտեմբերի, 2020
ԵՄ-Ն և ՆԱՏՕ-ն պետք է դատապարտեն Բաքվի և Անկարայի ագրեսիան.նիդերլանդական քրիստոնեական կուսակցություն

 |armenpress.am|

ԵՄ-Ն և ՆԱՏՕ-ն պետք է դատապարտեն Բաքվի և Անկարայի ագրեսիան.նիդերլանդական քրիստոնեական կուսակցություն |armenpress.am|

armenpress.am: Նիդերլանդների «Քրիստոնեական միություն» կոալիցիոն կուսակցությունը դիրքորոշում է հայտնել Հայաստանի և Արցախի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիայի վերաբերյալ՝ նշելով, որ այդ ագրեսիան պետք է խստորեն դատապարտվի Նիդերլանդների, Եվրամիության և ՆԱՏՕ-ի կողմից։ «Արմենպրես»-ը ներկայացնում է հայտարարության ոչ պաշտոնական թարգմանությունը։   «ԲԱՎԱԿԱՆ Է Թուրքիան կրկին հատել է կարմիր գիծը: Այժմ էլ թեժանում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը: Նիդերլանդները և ԵՄ-ն հստակ չեն արտահայտում իրենց մարդասիրական տեսակետը, սակայն բավ է, ժամանակն է սթափվել և տալ հստակ գնահատական: Նախկինում Թուրքիան Սիրիայում իրականացնում էր հարձակում քրդերի վրա, Լիբիայում խախտում էր զենքի էմբարգոն և սրում թուրք-հունական հարաբերությունները, իսկ հիմա ՆԱՏՕ-ի անդամ երկիր Թուրքիան սպառնում է Հայաստանին: Դա արվում է պատերազմական հռետորաբանությամբ և ռազմական միջոցներով: Նիդերլանդների «Քրիստոնեական միություն» (ChristenUnie) կուսակցությունը գտնում է, որ վաղուց Նիդերլանդների և Եվրամիության դիրքորոշում ստանձնելու և միջոցներ ձեռնարկելու ժամանակն է: Անցյալ կիրակի օրվանից ծանր մարտեր են ընթանում Ադրբեջանի և Հայաստանի միջև՝ Լեռնային Ղարաբաղի սահմաններին, որի ազգաբնակչությունը հիմնականում հայ է: Ադրբեջանի նախագահ Ալիևի խոսքը հստակ էր. նա արտահայտում է վրեժխնդրություն՝ նպատակ ունենալով նվաճել տարածաշրջանը, որը խորհրդային տարիներին ներառված էր Խորհրդային Ադրբեջանի կազմում: Ադրբեջանը սեպտեմբերի 27-ին հարձակում սկսեց Լեռնային Ղարաբաղի վրա՝ հրետակոծելով գյուղերն ու քաղաքները: Այժմ Հայաստանի սահմանամերձ տարածքը, որը սահմանակից չէ Լեռնային Ղարաբաղի հետ, ևս ենթարկվում է հրետակոծության: Քրիստոնեական Հայաստանում իրականացվում է ընդհանուր զորահավաք:Մենք տեսնում ենք ցնցող կադրեր, որոնցում մարդիկ հրաժեշտ են տալիս ընտանիքին, լսում ենք կատաղի մարտերի մասին և տխուր զեկույցներ ստանում մարտում ընկածների մասին: Սա մի ծանր ողբերգություն է, որն ինձ շատ է հուզում: Թուրքիան ի սկզբանե ստանձնել է Ադրբեջանի ռազմատենչ դաշնակցի դերը և դա չի սահմանափակվում միայն խոսքով: Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հաստատում է, որ Թուրքիան սիրիացի ջիհադիստներին ուղարկում է տարածաշրջան: Հայաստանը հայտնում է, որ հայկական կործանիչ ինքնաթիռը խոցվել է Թուրքիայի կողմից: Հայաստանի նկատմամբ թուրքական այս թշնամանքը մեզ հիշեցնում է ավելի քան հարյուր տարի առաջ իրականացված Հայոց ցեղասպանության մասին, երբ Օսմանյան կայսրության կողմից մեկուկես միլիոն հայ սպանվեց: Հայերը մտավախություն ունեն, որ վտանգված է իրենց երկրի և ժողովրդի գոյատևումը: Միանշանակ է, որ Թուրքիայի և Ադրբեջանի ագրեսիան պետք է խստորեն դատապարտվի Նիդերլանդների, Եվրամիության և ՆԱՏՕ-ի կողմից: Այնուամենայնիվ, նրանք զսպվածություն և զգուշություն են ցուցաբերում՝ Թուրքիայի հնարավոր արձագանգի պատճառով. նա կարող է դադարեցնել փախստականների գործարքը ԵՄ-ի հետ, ինչի արդյունքում վերջին տարիներին շատ ավելի քիչ փախստականներ են հասնում Եվրոպա:   Եվրոպական տարբեր առաջնորդներ պնդում են մարտական գործողությունների անհապաղ դադարեցման և զինադադարի ռեժիմի վերականգնման վրա։ Նրանցից շատերը՝ այդ թվում Նիդերլանդները, ցուցաբերում են ընդհանրական և ոչ կոնկրետ հասցեական մոտեցում: Թուրքիայի առաջնորդ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Ալիևն իրենց ռազմատենչ հռետորաբանությամբ չեն զիջում միմյանց: «Բոլոր միջոցներով և ի խորոց սրտի» Էրդողանն Ադրբեջանի կողքին է: Հայաստանը պետք է վերջ տա «Ադրբեջանի տարածքի բռնազավթմանը», ասում է նա,- ուստի տատանվելու առիթ չկա»: Ֆրանսիան այժմ ճանաչել է ինչպես Ադրբեջանի ագրեսիան, այնպես էլ՝ Թուրքիայի միջամտությունը: Ժամանակն է, որ Նիդերլանդները հետևի Ֆրանսիայի օրինակին: Առաջնահերթ կարևորություն է Եվրամիության և ՆԱՏՕ-ի շրջանակներում խստորեն դատապարտել Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան և կոչ անել զորքերը դուրս բերել Լեռնային Ղարաբաղից և Հայաստանից: Մերժման պարագայում պետք է հետևեն խիստ տնտեսական պատժամիջոցներ: Ակնհայտ է, որ Ադրբեջանի հետ տնտեսական համագործակցությունը պետք է դադարեցվի: Թուրքիայի դեպքում պետք է անտեսել ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածի սկզբունքը, ըստ որի, պատերազմ ՆԱՏՕ-ի անդամ որևէ երկրի հետ նշանակում է պատերազմ ՆԱՏՕ-ի անդամ բոլոր երկրների հետ: Թուրքիան պետք է ընկալի, որ ագրեսիան չդադարեցնելու դեպքում չի կարող ակնկալել ՆԱՏՕ-ի աջակցությունը: Ցավալի է, որ Թուրքիան պարբերաբար հատում է կարմիր գիծը՝ բերելով ողբերգական հետևանքների: Թող այս աղետալի պատերազմը լինի վերջինը»:
20:38 - 03 հոկտեմբերի, 2020