Հայոց ցեղասպանություն

Ցեղասպանության թանգարանն աշխատում է ԼՂ հարցը գիտական լայն հանրությանը ներկայացնելու ուղղությամբ |armenpress.am|

Ցեղասպանության թանգարանն աշխատում է ԼՂ հարցը գիտական լայն հանրությանը ներկայացնելու ուղղությամբ |armenpress.am|

armenpress.am: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում ձևավորվել է աշխատանքային խումբ, որն իրականացնում է արցախյան հիմնահարցի, Արդբեջանի և Նախիջևանի հայության նկատմամբ 20-21-րդ դարերում իրականացված բռնությունների ուսումնասիրություն: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը լրագրողների հետ հանդիպմանը ներկայացնելով 2020 թվականի կատարած աշխատանքները՝ նշեց, որ խմբի աշխատանքներն օտար լեզվով հասանելի են դարձվելու այլ երկրների գիտական հանրությանը:   «Նախորդ տարվա 44-օրյա պատերազմի ժամանակ ընդգծվեց այն հանգամանքը, որ զգալի խնդիր ունենք մեր հարցերն օտար լեզուներով, գիտականորեն ներկայացնելու դրսի գիտական հանրությանը: Այդ իսկ պատճառով մենք մեր ներքին ռեսուրսների հաշվին ձևավորեցինք խումբ, որն ուսումնասիրելու է արցախյան հիմնահարցը, Արդբեջանի և Նախիջևանի հայության նկատմամբ 20-21-րդ դարերում իրականացված բռնությունները: Ու նրանց աշխատանքները գիտականորեն օտար լեզվով ներկայցնելու ենք: Արդյունքներն  իհարկե, միանգամից չեն դրսևորվի, բայց առաջիկայում վստահաբար կլինեն»,- ասաց Հարություն Մարությանը: Խմբում ներկայում ընդգրկված է երեք գիտաշխատող: Հարություն Մարությանը հույս հայտնեց, որ այդ ձևավորված խումբը կդառնա արդեն բաժին: Ներկայացնելով առաջիկա անելիքները՝ Հարություն Մարությանը նշեց, որ ԳԱԱ հայագիտության և հումանիտար բաժանմունքի, ԵՊՀ-ի հետ միասին որոշել են այս տարվա սեպտեմբերի 16-18-ն անցկացնել գիտաժողով՝ «Հայոց ցեղասպանության և հայկական պահանջատիրության և արցախյան հիմնահարցի խաչմերուկներում. հետահայաց գնահատումներ և հեռանկարներ» խորագրով: Առաջիկայում թանգարանի ուշադրության կենտրոնում են լինելու նաև Հայոց ցեղասպանության թեմատիկայով դասավանդման հետ կապված հարցերը: Ոլորտը հանգամանալից ուսումնասիրելու, խնդիրները վերհանելու, քննարկելու նպատակով 2022 թվականին նախատեսվում է անցկացնել գիտաժողով՝ «Հայոց ցեղասպանության դասավանդման մարտահրավերները 21-րդ դարում» խորագրով: «Պետք է վերհանենք, հասկանանք, թե ինչպես է դասավանդվում Հայոց ցեղասպանությունը թե դրսում, թե ներսում, ինչ խնդիրներ կան, ինչպես դրանք լուծել: Կարծում եմ, որ այստեղ աշխատելու տեղ կա»,- ասաց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը:
13:55 - 21 ապրիլի, 2021
Տպագրությունների տեսանկյունից Ցեղասպանության թանգարան ինստիտուտի համար 2020֊ը ակտիվ տարի է եղել |armenpress.am|

Տպագրությունների տեսանկյունից Ցեղասպանության թանգարան ինստիտուտի համար 2020֊ը ակտիվ տարի է եղել |armenpress.am|

armenpress.am: Հայոց ցեղասպանության թանգարան֊ինստիտուտը 2020 թվականին, համավարակով պայմանավորված, այցելուների թվի զգալի կրճատում է ունեցել։ Հրավիրված ասուլիսում Հայոց ցեղասպանության թանգարան֊ ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը, ներկայացնելով նախորդ տարվա ընթացքում թանգարան-ինստիտուտի գործունեության արդյունքներն ու ձեռքբերումները, նշեց, որ եթե 2019 թվականին ունեցել են 95 հազար այցելելու, ապա 2020 թվականին ընդամենը հինգ հազար։ Մոտ 19 անգամ այցելուների թիվը կրճատվել է։ «Մարտից մինչև օգոստոսի վերջ թանգարանը փակ է եղել։ Եվ նախորդ տարի թանգարանը սպասարկել է ընդամենը մոտ հինգ հազար այցելուի։ Թանգարանը բնական օդափոխության խնդիր ունի, դրա համար տևական ժամանակ փակ եղավ, բայց այս տարի այդ բացը լրացրեցինք»,֊ասաց տնօրենը։ Եթե այցելուների թվում կորուստներ եղան, ապա տպագրության առումով 2020֊ը թանգարան֊ինստիտուտի համար բուռն տարի է եղել։ Տպագրվել են 10֊ից ավելի գրքեր։ Տնօրենն առանձնացրեց պատմական գիտությունների թեկնածու Նարեկ Պողոսյանի «Հայոց ցեղասպանության խնդիրը Ռաֆայել Լեմկինի ուսումնասիրություններում» աշխատանքը։ Պատրաստվել է Շուշան Խաչատրյանի «Կրոնի դերը Հայոց ցեղասպանության իրագործման մեջ» աշխատությունը։ Դրանից բացի, «Հայոց ցեղասպանությունը վերապրածների հուշագրություններ» մատենաշարի հիմքն է դրվել։ Լույս է տեսել Ցեղասպանագիտական հանդեսը։ Թանգարանի միջոցներով հրատարակվել է նաև Ռայմոնդ Կևորկիանի «Հայոց ցեղասպանությունը և նրա հետևանքները» նկարազարդ գրքուկը։
12:44 - 21 ապրիլի, 2021
Կոնգրեսական Ադամ Շիֆը բաց նամակ է հղել Բայդենին` կոչ անելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը |tert.am|

Կոնգրեսական Ադամ Շիֆը բաց նամակ է հղել Բայդենին` կոչ անելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը |tert.am|

tert.am: ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը, ելույթ ունենալով Ներկայացուցիչների պալատում, ներկայացրել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին ուղղված բաց նամակը` կոչ անելով հստակ և միանշանակ ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Կոնգրեսականի ելույթը ներկայացնում է Ամերիկայի «Հայ դատի» հանձնախումբը: «Պարոն նախագահ, մի քանի օրից ողջ աշխարհը կոգեկոչի Հայոց ցեղասպանության սկսվելու 106-րդ տարելիցը. 1,5 մլն հայ է տեղահանվել և սպանվել 1915-1923 թթ.-ին Օսմանյան կայսրությունում: Սա Ձեր առաջին նախագահությունն է, և Դուք հնարավորություն ունեք ճանաչելու Ցեղասպանությունը: Այժմ Ձեր ուժերի սահմանում է ուղղել տասնամյակների ժխտումը և այդպես վարվելով` իմաստ հաղորդել Ձեր հայտարարությանը, որով հանդես եք եկել անցյալ տարի` ճանաչելով Հայոց ցեղասպանությունը և փաստելով, որ «լռությունը հանցակցություն է»: Որպես նախագահի թեկնածու և այժմ որպես նախագահ` Դուք խոսել եք մարդու իրավունքների պաշտպանությանը Ձեր հանձնառության մասին: Ցեղասպանության վերաբերյալ փաստերն արձանագրվել են իրական ժանակում ամերիկացի դիվանագետների կողմից: Ցեղասպանությունը վերապրածների հարյուր հազարավոր ամերիկահայ ժառանգների` երեխաների, թոռների ու ծոռների անունից կոչ եմ անում Ձեզ ճանչել Հայոց ցեղասպանությունը»։
11:41 - 21 ապրիլի, 2021
Հայաստանում կորոնավիրուսի առումով լարված իրավիճակ է. ԱՆ-ն հորդորում է ապրիլ 24-յան միջոցառումներին պահպանել հակահամաճարակային կանոնները |1lurer.am|

Հայաստանում կորոնավիրուսի առումով լարված իրավիճակ է. ԱՆ-ն հորդորում է ապրիլ 24-յան միջոցառումներին պահպանել հակահամաճարակային կանոնները |1lurer.am|

1lurer.am: Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության առումով դեռևս լարված իրավիճակ է, օրական արձանագրվում է միջինը 800-1000 դեպք, ինչը ծանրաբեռնում է առողջապահական համակարգը: Ցավոք, ունենք մահաբերության ցուցանիշի աճ՝ նախորդ ամիսների 1.8-ի համեմատ 1.9 ցուցանիշ: Այդ մասին հրավիրված մամուլի ասուլիսում հայտնեց ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը:  Նա հորդորեց քաղաքացիներին առաջիկա օրերին, Հայոց ցեղասպանության տարելիցի միջոցառումների հետ կապված, բարձրացնել զգոնությունը և պահպանել հակահամաճարակային կանոնները, չստեղծել կուտակումներ, փակ և բաց տարածքներում կրել դիմակներ, ունենալ ախտահանիչ նյութեր և պահպանել սոցիալական հեռավորություն:  Վարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանը նշեց, որ այս տարի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելելու որևէ սահմանափակում չի լինելու, ինչպես նախորդ տարի էր, բայց պետք է հնարավորինս պահպանել հակահամաճարակային կանոնները: Հարությունյանը տեղեկացրեց նաև, որ պետական միջոցառումներին մասնակցելու համար Հայաստան են ժամանելու բարձրաստիճան պատվիրակություններ, իհարկե, մի շարք պատվիրակություններ, ըստ նրա, Քովիդի տարածմամբ պայմանավորված, զերծ են մնացել Հայաստան այցելելուց: 
13:10 - 19 ապրիլի, 2021
ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին ճանաչել Հայոց ցեղասպանությունը |armenpress.am|

ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին ճանաչել Հայոց ցեղասպանությունը |armenpress.am|

armenpress.am: Միացյալ Նահանգների 37 սենատորներ միացել են ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսի նամակին՝ կոչ անելով նախագահ Ջո Բայդենին հետևել Կոնգրեսին և ամբողջությամբ ու պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այս մասին հայտնում է Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը: Մենենդեսը նամակում Բայդենին հիշեցրել է, որ նախկինում, այդ թվում և 2020 թվականին նախընտրական քարոզարշավի շրջանակում նա ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: «Մենք հորդորում ենք՝ նույնն անել արդեն նախագահի պաշտոնում՝ հստակեցնելով, որ ԱՄՆ կառավարությունը ճանաչում է այս սարսափելի ճշմարտությունը»,- ասվում է նամակում: Սենատորը հիշեցրել է, որ 2019 թվականի դեկտեմբերին ԱՄՆ Սենատը, իսկ 2020 թվականի ապրիլին նաև Ներկայացուցիչների պալատն ընդունել էին համապատասխան բանաձևեր, որով 1915 թվականի կատարվածը ճանաչում էին որպես Հայոց ցեղասպանություն: Նա ընդգծել է, որ ժամանակն է՝ գործադիր մարմինը ևս ճանաչի պատմական իրողությունը: «Դուք ճշմարիտ կերպով հայտարարել եք, որ ամերիկյան դիվանագիտության և արտաքին քաղաքականության հիմքում պետք է լինեն մեր արժեքները, այդ թվում և հարգանքն ունիվերսալ իրավունքների նկատմամբ: Այդ արժեքները պահանջում են, որ մենք ճանաչենք ճշմարտությունն ու անենք հնարավոր ամենը՝ կանխելու ապագա ցեղասպանություններն ու մարդկության դեմ մյուս հանցագործությունները: Ինչպես նշել էիք նախորդ ապրիլին Հայոց ցեղասպանության հիշատակի օրն արված ձեր հայտարարության մեջ՝ «հատկապես կարևոր է խոսել այս մասին ու ոգեկոչել այս պատմությունը այնպիսի մի պահի, երբ մենք ամեն օր ավելի ենք գիտակցում ճշմարտության ուժը և մեր հավաքական պատասխանատվությունը՝ կանգնելու ընդդեմ ատելության, քանի որ լռությունը հանցակցություն է»: Երկու կուսակցությունների վարչակարգերը լուռ են եղել Հայոց ցեղասպանության ճշմարտության հարցում: Մենք կոչ ենք անում Ձեզ կոտրել հանցակցության այս օրինաչափությունը և պաշտոնապես ճանաչել, որ Հայոց ցեղասպանությունը ցեղասպանություն էր»,- ասվում է նամակի եզրափակիչ հատվածում:
13:27 - 20 մարտի, 2021
Ճանաչել Հայոց ցեղասպանությունն ու ակտիվ լինել Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հարցում. Մենենդեսի կոչը Բայդենի վարչակազմին

 |armenpress.am|

Ճանաչել Հայոց ցեղասպանությունն ու ակտիվ լինել Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հարցում. Մենենդեսի կոչը Բայդենի վարչակազմին |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ի Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը պահանջում է նախագահ Բայդենի վարչակազմից միանալ Կոնգրեսին և ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև աշխատել Ադրբեջանի կառավարության կողմից ապօրինի պահվող հայ գերիներին ազատելու ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը: «Ես հույս ունեմ, որ նախագահը կպահպանի Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իր հանձնառությունը: ԱՄՆ-ի Սենատը միաձայն ընդունել է այն և ես հպարտ եմ, որ նախորդ տարի հովանավորել եմ այն: Ներկայացուցիչների պալատը նույնպես ընդունել է: Ժամանակն է, որ ԱՄՆ նախագահն անի այն, ինչ Կոնգրեսի մնացած հատվածը, որպես Ամերիկայի ժողովրդի ներկայացուցիչ՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը»,-ասել է սենատորը: Նշվում է, որ Մենենդեսը սկսել է դիմել Սենատի գործընկերներին, որպեսզի միանան իրեն ՝ համատեղ նամակ ուղարկելու նախագահ Բայդենին, որով կոչ կարվի ապրիլի 24-ի հայտարարության մեջ պատշաճ կերպով բնութագրել Հայոց ցեղասպանությունը: Սենատորը նաև շարունակում է կոչ անել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում ԱՄՆ-ն ավելի ակտիվ լինի, ներառյալ Ադրբեջանում անօրինական պահվող ռազմագերիներին ու քաղաքացիական անձանց ազատ արձակելու ուղղությամբ: «Լինի Հայոց ցեղասպանության ճանաչումը, թե հայ ռազմագերիների ազատ արձակումը, սենատոր Մենենդեսը սկզբունքային, ուժեղ, համառ պաշտպան է՝ արդյունավետ առաջ տանելով ինչպես ԱՄՆ-ի շահերը, այնպես էլ Ամերիկայի արժեքները»,-ասել է Հայ դատի հանձնախմբի անդամ Անի Չաղլասյանը:
12:06 - 06 մարտի, 2021
Հայաստանի նախաձեռնությամբ ՄԱԿ-ում ցեղասպանությունների կանխարգելման վերաբերյալ հանդիպում տեղի ունեցավ

Հայաստանի նախաձեռնությամբ ՄԱԿ-ում ցեղասպանությունների կանխարգելման վերաբերյալ հանդիպում տեղի ունեցավ

Փետրվարի 10-ին Ժնևում տեղի ունեցավ Ցեղասպանությունների կանխարգելմանը նվիրված ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի (ՄԻԽ) միջնստաշրջանային հանդիպումը, որը նախաձեռնվել էր Հայաստանի կողմից՝ համանուն բանաձևով:  ԱԳՆ փոխանցմամբ՝ մեկօրյա հանդիպման ընթացքում բացման խոսքով հանդես եկան ՄԱԿ Ժնևի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանը, ՄԻԽ նախագահ Նաժատ Շամիմ Խանը, ՄԱԿ Մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարի տեղակալ Նադա Ալ-Նաշիֆը, Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ Գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Էլիս Վաիրիմու Նդերիտուն: Միջոցառմանը մասնակցում էին ՄԱԿ անդամ երկրների, միջազգային կառույցների, ակադեմիական շրջանակների և ոչ կառավարական կազմակերպությունների մի շարք ներկայացուցիչներ: Մասնակիցների կողմից բարձր գնահատվեց Հայաստանի առաջնորդությունը ցեղասպանությունների կանխարգելման միջազգային ջանքերում:  Իր խոսքում ՀՀ մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանը մասնավորապես նշեց, որ անկախության ձեռքբերումից անմիջապես հետո Հայաստանը նախաձեռնեց ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ առաջին բանաձևը և լծվեց Ցեղասպանության Կոնվենցիայի, մարդկության դեմ հանցագործությունների մասին իրազեկվածության բարձրացման, ինչպես նաև կանխարգելման իրավական և ինստիտուցիոնալ կարողությունների ընդլայնման գործին։  Նա շեշտեց, որ մեր տարածաշրջանում սանձազերծված վերջին բռնությունները հիշեցրին պատմական ոճրագործությունների սարսափները՝ ևս մեկ անգամ ի ցույց դնելով այն մարտահրավերներն ու ձախողումները, որոնց բախվում են միջազգային մեխանիզմները նման հանցագործությունները կանխարգելելու գործում։ Ինչպես նշվում է ՀՀ կողմից հեղինակած և 2020թ. հունիսին միաձայն ընդունված ՄԻԽ 43/29 բանաձևը, նախկինում տեղի ունեցած ցեղասպանություններն արդարացնելու կամ ժխտելու փորձերը սպառնում են ոճրագործությունների կրկնությամբ:  Հայկական կողմից ընդգծվեց նաև կանխարգելման գործում պետությունների պատասխանատվության խնդիրը, ինչպես նաև քաղաքացիական հասարակության, ազատ և անկախ լրատվամիջոցների դերակատարությունը: Հայաստանի մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանի ելույթը հասանելի է հետևյալ հղումով։
16:01 - 11 փետրվարի, 2021
ԱՄՆ պետքարտուղարի թեկնածուն վերահաստատել է Բայդենի խոստումը՝ Հայոց ցեղասպանության առնչությամբ |armenpress.am|

ԱՄՆ պետքարտուղարի թեկնածուն վերահաստատել է Բայդենի խոստումը՝ Հայոց ցեղասպանության առնչությամբ |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ պետքարտուղարի թեկնածու Էնթոնի Բլինկենը  վերահաստատել է նախագահ Ջո Բայդենի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին սատարելու խոստումը: Ինչպես հայտնում է ANCA-ն, Բլինկենն այս մասին ասել է սենատոր Էդ Մարեյի գրավոր հարցերին ի պատասխան: Սենատորի հարցին, թե արդյոք պաշտոնապես կճանաչե՞ն Օսմանյան կայսրության կողմից հայ ժողովրդի դեմ կատարված հանցագործությունները՝ որպես ցեղասպանություն՝ Բլինկենը պատասխանել է. «Որպես նախագահի թեկնածու ՝ նախագահ Բայդենը Հիշատակի օրվա իր հայտարարության մեջ խոստացավ սատարել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին: Մեր վարչակազմը պարտավորվելու է գերակայություն տալ մարդու իրավունքներին և ապահովել, որ նման ողբերգություն չկրկնվի»: Թեկնածուի խոսքով՝ վարչակազմը, պաշտոնում հաստատվելուց հետո, կորոշի Սպիտակ տան հայտարարության ձևակերպումը՝ Հիշատակի օրը նշելու համար և կխորհրդակցի Կոնգրեսի հետ այս կարևոր հարցի վերաբերյալ: .Սենատորը նաև հետաքրքրվել է, թե աշնանը տեղի ունեցած պատերազմից հետո ի՞նչ քայլեր է ձեռնարկելու վարչակազմը ՝ Ադրբեջանի կողմից պահվող ռազմագերիների անհապաղ վերադարձը ապահովելու համար:Բլինկենը հիշեցրել է՝ ինչպես ասել է նախագահը՝ ԱՄՆ-ն պետք է դիվանագիտական ջանքեր գործադրի հակամարտության տևական լուծում գտնելու ուղղությամբ `աշխատելով եվրոպացի գործընկերների հետ, նաև ռազմագերիների վերադարձը խթանելու համար: «Պաշտոնում հաստատվելու դեպքում ես կխթանեմ ԱՄՆ-ի ներգրավվածությունը `գտնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության մշտական կարգավորումը, որը կապահովի Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը և կօգնի կանխել նոր պատերազմի բռնկումը»,-ասել է նա ու հավելել, որ  սա ենթադրում է Մինսկի խմբի ձևաչափով ԱՄՆ ներգրավվածության ակտիվացում և լրացուցիչ դիվանագիտական աշխատանք`երրորդ կողմերի հետագա միջամտությունը կանխելու համար:
14:02 - 23 հունվարի, 2021
Բաբաջանյանն առաջարկում է օտարկերյա հյուրերի այցելության պաշտոնական վայր դարձնել նաև Եռաբլուրը |armenpress.am|

Բաբաջանյանն առաջարկում է օտարկերյա հյուրերի այցելության պաշտոնական վայր դարձնել նաև Եռաբլուրը |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն առաջարկում է Հայաստանի պետական արարողակարգում որպես օտարկերյա հյուրերի այցելության պաշտոնական վայր ընգրկել նաև Եռաբլուր պանթեոնը: Այս մասին օրենքի նախագիծը Բաբաջանյանը դրել է շրջանառության մեջ: «Հայաստանի անկախացումից ու համապատասխան ինստիտուտների ձևավորումից հետո պետական արարողակարգի ընթացակարգում՝ նորմատիվ իրավական ակտերով բարձրաստիճան պատվիրակությունների` ՀՀ պետական և պաշտոնական այցի ծրագրում, որպես կանոն, ներառվում է Ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելությունը: Առաջարկում եմ Հայաստանի պետական արարողակարգում որպես օտարերկրյա հյուրերի այցելության պաշտոնական վայր ընգրկել նաև Արցախյան ազատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող Եռաբլուր պանթեոնը»,- ասված է օրենքի նախագծում: Արման Բաբաջանյանը հավելել է, որ Հայաստան այցելող օտարերկրյա պաշտոնյաների՝ Եռաբլուր այցելությամբ մենք հարգանքի տուրք կմատուցնեք Հայաստանի պետականության համար իրենց կյանքը չխնայած նահատակ հայորդիների հիշատակին՝ պետական մակարդակով ընգծելով մեր վերաբերմունքը Արցախյան երկու ազատամարտերին:
11:44 - 12 հունվարի, 2021
ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Ցեղասպանության զոհերի հիշատակի միջազգային օրվա կապակցությամբ

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Ցեղասպանության զոհերի հիշատակի միջազգային օրվա կապակցությամբ

Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, Հայաստանը, աշխարհի ողջ առաջադեմ մարդկության հետ, ոգեկոչում է Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակը։ 2015 թվականին Հայաստանն ուղղորդեց համաշխարհային ջանքերը՝ դեկտեմբերի 9-ը սահմանելու Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այս հանցագործության կանխարգելման միջազգային օր: Հայաստանը՝ որպես ցեղասպանության արհավիրքը վերապրած ժողովուրդ ներկայացնող երկիր, տարիներ շարունակ միջազգային ասպարեզում հանդես է գալիս որպես այս հանցագործության դեմ պայքարի ջատագով և հետևողականորեն աշխատում է ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու, ատելության հողի վրա կատարվող հանցագործությունների վտանգների իրազեկման և դրանց արձագանքման իրավական և ինստիտուցիոնալ կարողությունների ձևավորման ուղղությամբ։ Գործադրվող ջանքերի հետ համատեղ աշխարհն այսօր բախվում է այնպիսի լրջագույն մարտահրավերների, ինչպիսիք են անհանդուրժողականության և ծայրահեղականության աճը, մարդու իրավունքների և հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումները, մարդկային կյանքի և արժանապատվության ոտնահարումը: Այս ահազանգը ոչ միայն դատապարտող և կարեկցող կոչեր հնչեցնելու առիթ պետք է դառնա, այլև օրակարգային դարձնի միջազգային կառույցների շրջանակում վաղ արձագանքման մեխանիզմների ամրապնդմանն ուղղված քայլերը: Ցեղասպանությունը և այլ զանգվածային ոճրագործությունները, որպես կանոն, նախապես ծրագրված բնույթ են կրում և ընթանում են քաղաքացիական բնակչության թիրախավորման, մշակութային և կրոնական արժեքների ոչնչացման, ծայրաստիճան ատելության տարածմամբ: Այս բոլոր գործողություններն իրականացվեցին Արցախի ժողովրդի դեմ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված ագրեսիայի ընթացքում, որը պլանավորվել և իրականացվել էր Ադրբեջանի կողմից՝ Թուրքիայի ամբողջական քաղաքական և ռազմական աջակցությամբ և օտարերկրյա վարձկանների և զինյալ ահաբեկիչների ներգրավմամբ: Այսպիսով, հայ ժողովուրդը ցեղասպան գործողությունների նոր զոհեր տալով՝ հայտնվեց գոյատևման սպառնալիքի առջև: Ցեղասպանությունը, ինչպես նաև մարդկության դեմ ուղղված այլ ոճրագործությունները ծնող պատճառներից է անպատժելիությունը: Անցյալում գործած հանցագործությունների ոչ բավարար դատապարտումն ու պատժից խուսափումը ժխտողականության և ցեղասպանության արդարացման համար պարարտ հող են ստեղծում: Այս գործոնները լուրջ սպառնալիք են ժողովրդավարության և մարդու իրավունքների ամրապնդմանն ուղղված ջանքերի համար, քանի որ այն պետությունները, որոնք ցեղասպանության ժխտողականությունը դարձնում են պետական գաղափարախոսություն, երբևէ չեն կարող ապահովել այնպիսի հիմնարար իրավունքների իրականացումը, ինչպիսիք են խոսքի և հավաքների ազատությունը, փոքրամասնությունների պաշտպանությունը, պայքարը ռասիզմի և անհանդուրժողականության դեմ: Զանգվածային ոճրագործությունների կանխարգելումը առաջին հերթին պատասխանատվություն է, և Հայաստանը շարունակելու է իր ջանքերը` ակտիվորեն նպաստելու այս կարևոր խնդրի առաջադրմանը գլոբալ օրակարգի շրջանակներում:    
19:24 - 09 դեկտեմբերի, 2020