Հայաստան

Չավուշօղուն «գորշ գայլերի» նշանն է ցույց տվել Մոնտեվիդեոյում Թուրքիայի դեսպանատան առջև հավաքված հայերին
 |azatutyun.am|

Չավուշօղուն «գորշ գայլերի» նշանն է ցույց տվել Մոնտեվիդեոյում Թուրքիայի դեսպանատան առջև հավաքված հայերին |azatutyun.am|

azatutyun.am: Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի այցելությունը Ուրուգվայ անհետևանք չի ավարտել։ Մոնտեվիդեոյում Թուրքիայի դեսպանության առջև հավաքված հայերի բողոքներին Չավուշօղլուն պատասխանել է «գորշ գայլերի» նշանով։ Ուրուգվայի արտգործնախարարը Թուրքիայի դեսպանին կանչել է նախարարություն՝ այդ նշանի կապակցությամբ բացատրություններ տալու համար։ Հանդիպումը նախատեսված է երկուշաբթի օրը: Ուրուգվայի հայկական կազմակերպությունները դատապարտեցին Չավուշօղլուի արածը։ Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի այցը Մոնտեվիդեո ապրիլի 23-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա նախօրեին, հարուցել է հայ համայնքի դժգոհությունը։ Տեղի հայ համայնքը, նկատի ունենալով Թուրքիայի բարձրաստիճան ներկայացուցիչների անվտանգության աշխատակիցների կողմից տարբեր երկրներում կատարված վայրագությունները, խնդրել էր ներքին գործերի նախարարին ուժեղացնել Հայոց ցեղասպանությանը նվիրված ձեռնակների ապահովությունը։
12:12 - 24 ապրիլի, 2022
Իրադարձություններն Արցախում և տարածաշրջանում փաստում են, որ Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումն անհրաժեշտություն են տևական խաղաղության և կայունության համար. Արմեն Սարգսյան

Իրադարձություններն Արցախում և տարածաշրջանում փաստում են, որ Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումն անհրաժեշտություն են տևական խաղաղության և կայունության համար. Արմեն Սարգսյան

ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ։ Ուղերձում ասվում է. «Ապրիլի 24-ը ոչ միայն հիշատակի օր է: Այդ օրը մենք ապացուցում ենք ողջ աշխարհին, որ հայերը չե՛ն կարող ոչնչանալ: Մենք ապացուցել ենք, որ կարո՛ղ ենք վեր հառնել մոխրից... Ավելի քան 100 տարի առաջ մեր ժողովրդի կրած վիթխարի մարդկային ու տարածքային կորուստների ցավն այսօր էլ արձագանքում է մեր սրտերում՝ հիշեցնելով, որ ոտնահարվել է հայ ժողովրդի՝ իր բնօրրանում խաղաղ և ապահով ապրելու ու զարգանալու իրավունքը՝ երեկ՝ Օսմանյան կայսրությունում, այսօր՝ նաև Արցախում: Մենք, որպես միասնական ժողովուրդ և պետություն, պետք է կարողանանք մաս կազմել այսօր աշխարհում տեղի ունեցող զարգացումներին' առանց նահանջելու մեր հիշողությունից ու արդարացի պահանջներից Հայաստանում, Սփյուռքում և Արցախում... Հայոց ցեղասպանության ոճիրը լռության մատնելու, անցյալում թողնելու, առավել ևս՝ ժխտելու քաղաքականությունն իրեն վաղուց է սպառել: Ցեղասպանությունը ողջ մարդկության դեմ ուղղված հանցագործություն է, անտարբերությունն ու անպատժելիությունը նոր հանցագործություններ են ծնում: Այսօր էլ իրադարձություններն Արցախում և մեր ողջ տարածաշրջանում վերստին փաստում են, որ Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումն անհրաժեշտություն են տևական խաղաղություն և կայունություն ապահովելու համար...», - ասված է ուղերձում:
11:58 - 24 ապրիլի, 2022
Մենք կողմերին հորդորում ենք զերծ մնալ թշնամական հռետորաբանությունից. ԱՄՆ դեսպանն անդրադարձել է ԼՂ հակամարտությանը

 |armenpress.am|

Մենք կողմերին հորդորում ենք զերծ մնալ թշնամական հռետորաբանությունից. ԱՄՆ դեսպանն անդրադարձել է ԼՂ հակամարտությանը |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ը հանձնառու է աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը խաղաղ կարգավորում գտնելու հարցում՝ որպես Մինսկի խմբի համանախագահ, Հայաստանի Հանրապետության բարեկամ և գործընկեր: Այս մասին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին: Նրա խոսքով՝ վերջին ամիսների ընթացքում պետքարտուղար Էնթոնի Բլինքենը բազմաթիվ հեռախոսազանգեր է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ՝ կոչ անելով իրավիճակի ապաէսկալացման: «Մենք մարտի  25-ին հայտարարությամբ հանդես եկանք, որով ադրբեջանական զորքերի անպատասխանատու տեղաշարժի և իրավիճակի ապակայունացմանն անդրադարձանք: Մենք կողմերին հորդորում ենք զերծ մնալ սպառնալից և թշնամական հռետորաբանությունից, ինչը չի օգնում գործընթացին»,-ասաց նա՝ համոզմունք հայտնելով, որ բանակցությունները դժվար կլինեն, քանի որ  հակամարտությունը բարդ է և այն  երկար տարիների ընթացքում է ձևավորվել:      
11:35 - 24 ապրիլի, 2022
Հայերին այսօր էլ սպառնում են սպանել միայն այն բանի համար, որ իրենք հայ են. Ժոնաթան Լաքոտ
 |1lurer.am|

Հայերին այսօր էլ սպառնում են սպանել միայն այն բանի համար, որ իրենք հայ են. Ժոնաթան Լաքոտ |1lurer.am|

1lurer.am: Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպան Ժոնաթան Լաքոտն Facebook-ի իր էջում անդրադարձել է Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին: Նա մեջբերել է Ադոլֆ Հիտլերի հայտնի խոսքերը. «Ո՞վ է հիմա հիշում հայերի Ցեղասպանությունը», ապա դրան հակադարձել է Էդգար Հիլզենրատի խոսքերով. «Դրա մասին պետք է իմանան բոլորը, այլապես ինչպե՞ս հանարավոր կլինի կանխել հետագա ցեղասպանությունները»: Ֆրանսիացի դիվանագետը մեջբերել է նաև Սողոմոն Թեհլերյանի դատավարությունից հետո Ռաֆայել Լեմկինի արտահայտած միտքը. «Ինչո՞ ւ են դատապարտում մարդուն. մի՞թե մեկ միլիոն մարդու սպանությունն ավելի փոքր հանցանք է, քան մեկ մարդունը»: Եզրափակելով՝ Լաքոտը հավելել է, որ վերոնշյալ մտքերն արտահայտում են այն հանգամանքը, որ Հայոց ցեղասպանությունը փաստ է բոլոր նրանց համար, ովքեր հիշում են այն, և անգամ նրանց համար, ովքեր հերքում են ճշմարտությունը: «Հայերին այսօր էլ սպառնում են սպանել միայն այն բանի համար, որ իրենք հայ են: Մարդկանց այսօր էլ նախկինի պես սպառնում են ցեղասպանությամբ: Եկեք լինենք հիշատակի, ճշմարտության ու արդարության լուսավոր կողմում»,-գրել է Լաքոտը: 
11:24 - 24 ապրիլի, 2022
Մեր պարտքն է հետամուտ լինել Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչմանն ու դատապարտմանը․ Գարեգին Երկրորդ

Մեր պարտքն է հետամուտ լինել Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչմանն ու դատապարտմանը․ Գարեգին Երկրորդ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսն ուղերձ է հղել Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա առիթով։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։  Ուղերձում մասնավորապես ասվում է․ «Սիրելի ժողովուրդ հայոց ի հայրենիս և ի սփյուռս, Այսօր, համախմբվելով մեր սրբազան տաճարներում, մեր քայլերն ուղղելով դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք, դեպի աշխարհասփյուռ համայնքներում կանգնեցված խաչքարեր ու հուշակոթողներ, մեր խոնարհումն ենք բերում Հայոց ցեղասպանության սուրբ նահատակներին։ Նրանք զոհ գնացին օսմանյան իշխանությունների ցեղասպան ծրագրին իրենց հայրենի բնակավայրերում և գաղթի ճանապարհներին՝ մարտիրոսությամբ վկայելով հավատարմությունը նախնյաց հավատին, դավանած արժեքներին և ազատ ու անկախ կյանքի տեսիլքին։   Եղեռնահար ու հայրենազրկված մեր ժողովուրդը, առ Աստված ապավինությամբ, կամք և ուժ գտավ՝ վերընձյուղելու իր անկախ պետականությունը պատմական հայրենիքի արևելյան փոքր հատվածում և շեն ու բարօր կյանք կերտելու իր զավակներին ապաստան տված աշխարհի տարբեր երկրներում։   Ցեղասպանությունից մեկ դար անց՝ արցախյան 44-օրյա պատերազմից հետո, մեր երկրի առջև ծառացած մարտահրավերները, հայրենիքի շուրջ ծավալվող աշխարհաքաղաքական գործընթացները, Ադրբեջանի ագրեսիվ ու հայատյաց քաղաքականությունը փաստում են, որ վերացված չեն հայրենաբնակ մեր ժողովրդի, ի մասնավորի՝ Արցախի հայորդիների ապահով ու անվտանգ կյանքի սպառնալիքները։   Մեր սուրբ նահատակների հիշատակի առջև նվիրական մեր պարտքն է համախմբվել և պաշտպանել արցախահայ մեր ժողովրդի ազատ ու անկախ ապրելու իրավունքը, Հայաստան ու Արցախ մեր աշխարհի անվտանգությունը, կանխել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական հոգևոր-մշակութային ժառանգության բարբարոսաբար ոչնչացումը, որ չկրկնվի Նախիջևանում իրագործված մշակութային եղեռնը։   Այլև նվիրական մեր պարտքն է հետամուտ լինել Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչմանն ու դատապարտմանը, որ երբեք նման ոճրագործություն տեղ չգտնի մարդկության կյանքում, և արդարություն իրականացվի ցեղասպանության զոհերի և ցեղասպանություն վերապրած բոլոր ժողովուրդների նկատմամբ։   Պետական և ազգային-եկեղեցական կառույցների, ամենքիս հանձնառությունը պիտի շարունակի մնալ միջազգային հարթակներում բարձրաձայնումը Արցախի մեր ժողովրդի ոտնահարվող իրավունքների և հայոց արդար դատի՝ ի խնդիր ազգիս արժանապատիվ և լուսավոր կյանքի ու գալիքի։   Մեր աղոթքն է, որ հարուցյալ Տերը, մեր սուրբ նահատակների բարեխոսությամբ, խաղաղություն պարգևի ողջ աշխարհին, ապահովություն ու բարօրություն՝ Հայաստան և Արցախ մեր երկրին և աշխարհասփյուռ մեր ժողովրդին։   Թող Բարձրյալի ողորմությունը, օրհնությունն ու խնամքը հովանի լինեն ամենքիս, այսօր և միշտ. ամեն»։  
11:17 - 24 ապրիլի, 2022
Կարծում ենք, որ մյուսները ևս կմիանան մեզ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցում․ Լին Թրեյսի

 |armenpress.am|

Կարծում ենք, որ մյուսները ևս կմիանան մեզ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցում․ Լին Թրեյսի |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Լրագրողների հետ զրույցում դեսպանն ընդգծեց, որ Ծիծեռնակաբերդում է հարգանքի տուրքը մատուցելու Հայոց ցեղասպանության զոհ գնացած 1,5 միլիոն հայերին և աջակցություն հայտնելու հայ ժողովրդին: Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և նրա վարչակազմը հանձնառու են մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի ապահովմանն ամբողջ աշխարհում, և դա նաև ենթադրում է նման դեպքերի կրկնության բացառումը: «Ցեղասպանության ճանաչման մասին հայտարարությունը մենք համարում ենք շատ ազդեցիկ և կարծում ենք, որ մյուսները ևս կմիանան մեզ այդ ճանապարհին: Այդ հայտարարությունների կարևորությունը նրանում է,որ մենք այդ հայտարարություններով ճանաչում ենք 1915 թվականին տեղի ունեցած պատմական փաստը»,- ասաց դեսպանը:  
11:12 - 24 ապրիլի, 2022
Շնորհակալ ենք մարդկության առաջադեմ հատվածին Ցեղասպանության դատապարտման ու ժխտումը քրեականացնելու համար. Ալեն Սիմոնյանի ուղերձը

Շնորհակալ ենք մարդկության առաջադեմ հատվածին Ցեղասպանության դատապարտման ու ժխտումը քրեականացնելու համար. Ալեն Սիմոնյանի ուղերձը

 ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ: Այս մասին հայնտում են ՀՀ Ազգային ժողովից։ Ուղերձում նշվում է.  «Սիրելի՛ հայրենակիցներ, Ապրիլի 24-ը հայ ժողովրդի բնաջնջման ծրագիր էր, որը գլխատեց մեր ժողովրդին, փրկվածներին սփռեց աշխարհով մեկ՝ առանց վաղվա տեսլականի: Ամեն տարի մենք ոգեկոչում ենք մեր սրբադասված 1.5 միլիոն զոհերի հիշատակը խնկարկումով եւ աղոթքներով: Ցավոք, ցեղասպանության ճանաչումն ու սեփական պատմության ամոթալի էջերի տարատեսակ խմբագրումները շարունակում են մնալ ժամանակակից Թուրքիայի ժխտողական քաղաքականության հիմքում:  Մեկ անգամ չէ, որ համոզվել ենք՝ հանցագործության ժխտումը նոր հանցագործության երաշխիքն է: Հրաշքով փրկվածների չընկրկող կամքի, հայրենասիրության, համառության շնորհիվ Օսմանյան կայսրության՝ հայերի բնաջնջման ծրագիրը տապալված է: Մենք շնորհակալ ենք մարդկության առաջադեմ հատվածին Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման ու ցեղասպանության ժխտումը քրեականացնելու համար: Ժամանակը դեր չունի պատմական արդարության վերականգնման գործում, մենք շարունակելու ենք հիշել ու հիշեցնել մեր դեմ գործած ոճիրը: Լույս եւ խաղաղություն մեր նահատակների հոգիներին»:
11:08 - 24 ապրիլի, 2022
Մեր նահատակված հայրենակիցների հիշատակին հարգանքի տուրք մատուցելու լավագույն ձևը հզոր և ժողովրդավար Հայաստանի կայացումն է․ ՀՀ նախագահի ուղերձը

Մեր նահատակված հայրենակիցների հիշատակին հարգանքի տուրք մատուցելու լավագույն ձևը հզոր և ժողովրդավար Հայաստանի կայացումն է․ ՀՀ նախագահի ուղերձը

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի առթիվ: Ինչպես տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը, ուղերձում նշվում է. «Այսօր հայ ժողովուրդն ու նրա բարեկամները, ողջ առաջադեմ մարդկությունը ոգեկոչում են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Անցյալ դարասկզբին, օգտվելով Առաջին համաշխարհային պատերազմի խառնաշփոթից և մեծ տերությունների թողտվությունից, Օսմանյան կայսրության երիտթուրք պարագլուխները ծրագրավորեցին և իրականացրեցին հայ բնակչության դաժանագույն ջարդերն ու կոտորածը: Այդ ողբերգությանը զոհ դարձավ ավելի քան 1,5 միլիոն հայ, հարյուր հազարավոր հայեր ստիպված լքեցին իրենց բնօրրանը, տարհանվեցին, զրկվեցին հայրենիքից ու գույքից՝ բռնելով գաղթի ճամփան: Փրկվելով մահից, կորցնելով հարազատներին՝ մեր հայրենակիցները սփռվեցին աշխարհով մեկ, գտան իրենց նոր հանգրվանն օտար ափերում, տարբեր հյուրընկալ երկրներում: Դրսևորելով ապրելու և արարելու անկոտրում կամք՝ նրանք կազմեցին ընտանիք, կառուցեցին դպրոցներ ու եկեղեցիներ, հիմնեցին գաղթօջախներ, հայրենակցական միություններ ու տարաբնույթ կազմակերպություններ: Սփյուռքահայությունը հարստացրեց իր ապրած երկրների հասարակական, գործարար ու մշակութային ներկապնակը՝ ի ցույց դնելով հայի տաղանդն ու բացառիկ ընդունակությունները, փառք ու պատիվ բերելով մեր ժողովրդին: Այսօր Հայոց ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել են մի քանի տասնյակ պետություններ և հեղինակավոր միջազգային կազմակերպություններ: Համոզված ենք, եթե Հայոց ցեղասպանությունը ժամանակին դատապարտվեր, ապա կկանխարգելվեին հետագա ցեղասպանությունները: Հենց այդ պատճառով է Հայաստանի Հանրապետությունը միջազգային ասպարեզում հետևողական պայքար մղում ցեղասպանության հանցագործության դատապարտման և կանխարգելման ուղղությամբ: Հայաստանի ջանքերով դեկտեմբերի 9-ն ամրագրվել է որպես Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր: Ցեղասպանությունների կրկնությունը բացառելու նպատակով կարևոր է պատմական հիշողությունը, շարունակական կրթությունը ու կատարվածի մասին ճշգրիտ տեղեկատվության տարածումը: Մենք գիտակցում ենք, որ մեր նահատակված հայրենակիցների հիշատակին հարգանքի տուրք մատուցելու լավագույն ձևը՝ հզոր և ժողովրդավար Հայաստանի կայացումն է, մեր ժողովրդի բարօր կյանքի, մեր երկրի սահմանների ամրության ու անվտանգության ապահովումն է, Հայաստանի միջազգային հեղինակության ամրապնդումն է»:
11:03 - 24 ապրիլի, 2022
Թուրքիան ու Ադրբեջանը առ այսօր չեն դադարեցնում իրենց ոճրագործ քաղաքականությունը հայերի նկատմամբ. Արցախի ԱԳՆ

Թուրքիան ու Ադրբեջանը առ այսօր չեն դադարեցնում իրենց ոճրագործ քաղաքականությունը հայերի նկատմամբ. Արցախի ԱԳՆ

107 տարի հետևողականորեն ժխտելով հայոց ցեղասպանությունը և ջանալով չեզոքացնել միջազգային հանրության կողմից դրա ճանաչման ցանկացած փորձ՝ Թուրքիան ու Ադրբեջանը առ այսօր չեն դադարեցնում իրենց ոճրագործ քաղաքականությունը հայերի նկատմամբ։ Այս մասին նշում է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ տարածած հայտարարության մեջ: «Այսօր ողջ հայ ժողովուրդը և առհասարակ մարդասիրական գաղափարներ կրող բոլոր մարդիկ աշխարհի տարբեր մասերում ոգեկոչում են 1915 թվականի Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը։ 107 տարի առաջ՝ ապրիլի 24-ին, Օսմանյան կայսրությունում ծրագրվեց և իրագործվեց 1,5 մլն հայերի ցեղասպանություն։ Հարյուր հազարավոր հայեր տարագիր դարձան՝ հաստատվելով տարբեր երկրներում և այդպիսով ձևավորելով հայկական մեծաթիվ Սփյուռք։ Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ընթացքում պետական մակարդակով իրականացված առաջին ցեղասպանությունն էր։ Այնուհետև Թուրքիան իրականացրեց նաև հույների, ասորիների, եզդիների, քրդերի ցեղասպանություններ և բռնի տեղահանություններ, ինչի հետևանքով զոհվեցին միլիոնավոր անմեղ մարդիկ։ Միջազգային հանրության ոչ պատշաճ և ուշացած գնահատականներն, ըստ էության, նոր ոճիրներ իրականացնելու քարտ-բլանշ դարձան ոչ միայն Թուրքիայի, այլ նաև ուրիշ պետությունների համար։ Դրանից օգտվեցին նացիստները, բռնապետական և ազգայնամոլական ռեժիմները՝ իրականացնելով նորանոր ցեղասպանություններ, կոտորածներ և բռնություններ։ 107 տարի հետևողականորեն ժխտելով հայոց ցեղասպանությունը և ջանալով չեզոքացնել միջազգային հանրության կողմից դրա ճանաչման ցանկացած փորձ՝ Թուրքիան ու Ադրբեջանը առ այսօր չեն դադարեցնում իրենց ոճրագործ քաղաքականությունը հայերի նկատմամբ։ 1988 թվականից ցայսօր հայ ժողովուրդը բազմիցս առերեսվել է ցեղասպան քաղաքականության դրսևորումների․ հայ ազգաբնակչության ջարդերը և զանգվածային սպանությունները Սումգայիթում, Բաքվում, Մարաղայում, 2016 և 2020 թթ․Արցախի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիան մարդատյացության վառ օրինակներ են։ Մեծ եղեռնը չսպիացող վերք է մեզ համար։ Այն նաև քաղաքական, իրավական և բարոյական խարան է միջազգային հանրության վրա, որը կարելի է ջնջել միայն Հայոց ցեղասպանության համաշխարհային ճանաչման և դատապարտման միջոցով»,-նշված է Արցախի ԱԳ նախարարության հայտարարության մեջ։ 
11:00 - 24 ապրիլի, 2022
Վերահաստատում եմ հնչեցրածս ուղերձը՝ պահանջատեր լինելուց առաջ ազգովի լինենք հայրենատեր. Սերժ Սարգսյանի ուղերձը

Վերահաստատում եմ հնչեցրածս ուղերձը՝ պահանջատեր լինելուց առաջ ազգովի լինենք հայրենատեր. Սերժ Սարգսյանի ուղերձը

Հայոց ցեղասպանության 107–րդ տարելիցի կապակցությամբ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը հանդես է եկել ուղերձով, որում ասվում է․ «Այսօր՝ հայ ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, ես վերահաստատում եմ նախկինում հնչեցրածս ուղերձը՝ պահանջատեր լինելուց առաջ ազգովի լինենք հայրենատեր: Քանի դեռ Թուրքիայի Հանրապետությունը պետական ամենաբարձր մակարդակով որդեգրել է սեփական հանրությանն ու աշխարհին մոլորեցնելու քաղաքականություն և Հայոց ցեղասպանությունը ժխտելու հետ միասին անթաքույց խրախուսում է պանթյուրքիզմի գաղափարախոսությունը, ցեղասպանության կրկնման վտանգը միշտ լինելու է, և խաղաղասիրության ու բարիդրացիության մասին այդ երկրի իշխանությունների հայտարարությունները դիտարկվելու են ընդամենը որպես հարևան ժողովրդի ու միջազգային հանրության զգոնությունը բթացնելու նոր հնարք: Դա թույլ չտալու համար պետք է գործել: Դիմում եմ սթափ դատող, պատմությունից դասեր քաղած, ազգային արժանապատվություն ունեցող, Հայրենիքի ազատությունն ու անկախությունը ամեն ինչից վեր դասող հայերին. Հնարավոր ու անհնարին բոլոր միջոցներով հակազդենք թույլ, վախկոտ, ամեն գնով խաղաղություն մուրացող, մորթապաշտ տեսակին, որ խորթ է մեր էությանն ու օտար՝ մեր ոգուն: Հանրայնորեն դատապարտենք ու չհանդուրժենք մեր կողքին հայրենավաճառ այդ տեսակը: Զգոն լինենք և միշտ պայքարի պատրաստ, երբ մեր թշնամին կփորձի կրկին իրագործել իր դարավոր երազանքը: Դիմում եմ իր առօրյա կենցաղային հոգսերի մեջ Հայրենիքը մոռացած, սեփական երկրի պաշտպանությունն իր գործը չհամարող կամ ամեն ինչից հիասթափված ու հուսահատված հայրենակիցներիս. Հանուն ձեր զավակների ապագայի, սեփական երկրում ազատ ու անկախ ապրելու նրանց իրավունքի, հանուն դրա հարյուրամյակներով կռիվ ու կյանք տված մեր նահատակների անմահ հիշատակի՝ դուրս եկեք թմբիրից, վանեք ձեզնից անտարբերությունն ու հուսահատությունը և կանգնեք ձեր պայքարող եղբայրների ու քույրերի կողքին: Նրանց պայքարը նաև ձեր ու ձեր զավակների վաղվա օրվա համար է: Դիմում եմ Թուրքիայի Հանրապետության քաղաքացիներին. Թույլ մի տվեք ձեր իշխանություններին խաբել և մոլորեցնել ձեզ՝ հայտարարելով, թե իբր անցյալ դարասկզբին «մարդկային ողբերգության առումով ոչինչ տեղի չի ունեցել», պատմական Հայաստանի տարածքում իբր հայ ժողովրդի ներկայության ապացույցներ չկան, իբր էթնիկ զտումների ու կոտորածների չի ենթարկվել մեկուկես միլիոն հայ, չի արտագաղթել մեկ միլիոնից ավելին, ներկայիս Թուրքիայի տարածքում չեն ոչնչացվել ու ոչնչացվում հայկական քաղաքակրթական արժեքներ: Նայեք ձեր շուրջը, գտեք և խոսեք դեռևս ձեր կողքին ապրող ձեր իսկ հայրենակիցների հետ, որոնց ծնողներն ու հարազատները այդ ամենի ականատեսն են եղել, նրանցից ոմանք անգամ փորձել են պետականորեն ծրագրված եղեռնագործությունից փրկել իրենց հայ հարևաններին: Փնտրեք ճշմարտությունը, փնտրեք ամենուր, քանի որ դրա հետքերը, որքան էլ փորձեն կոծկել ու վերացնել, սփռված են աշխարհով մեկ:Գտեք և ընթերցեք ականատեսների վկայությունները, հավատացեք ճշմարտության համար հալածվող ձեր մտավորականներին, ովքեր համարձակություն և ազնվություն են ունեցել բարձրաձայնելու ճշմարտությունը: Ավելի լավ աշխարհում և կողք-կողքի խաղաղ ապրելու համար ճշմարտությունն իմանալը, դրա համար պայքարելն ու ողջախոհությունը չկորցնելը կարևոր է: Դիմում եմ Հայոց ցեղասպանությունը ճանաչած և մարդկության դեմ գործված այդ հանցագործությունը դատապարտած պետություններին. Դուք ձեր համարձակ ու շիտակ կեցվածքով ապացուցել եք համամարդկային արժեքներին ձեր հավատարմությունը, արդարությունը վեր եք դասել քաղաքական, տնտեսական և այլ շահերից, ինչն արժանի է հարգանքի ու երախտագիտության: Դիմում եմ հայ ժողովրդի նկատմամբ իրագործված եղեռնագործությունը դեռևս չճանաչած պետություններին. 20-րդ դարասկզբի առաջին ցեղասպանությունը՝ Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց եղեռնը, տեղի ունեցավ առաջադեմ մարդկության աչքի առաջ, քաղաքակիրթ պետությունների անտարբերության, լռության կամ չափազանց ուշացումով արձագանքելու պայմաններում: Եվ մարդկությունը դրա համար շատ թանկ վճարեց՝ վճարեց աշխարհի այլ ժողովուրդների նկատմամբ այլատյացության, էթնիկ զտումների ու ցեղասպանության կրկնություններով, որ շարունակվում են մինչ օրս: Հիշեք՝ ցեղասպան հանցագործ ռեժիմներին պատասխանատվության չենթարկելու, հանցագործությունը չդատապարտվելու դեպքում այն մի օր կարող է պատահել նաև ձեր ժողովուրդների հետ: Մենք բոլորս միասին կարող ենք կանխել նոր ցեղասպանությունները, փրկել մարդկային կյանքեր և անգամ 21-րդ դարում խելահեղ պատերազմների ու արյան մեջ ընկղմվող աշխարհը դարձնել ավելի լավը, եթե լինենք վճռական և այս անգամ չհապաղենք, անտարբեր չլինենք ու պայքարենք մեր իրավունքների և ազատության համար»:
10:33 - 24 ապրիլի, 2022
Հանուն մեր սուրբ նահատակների հիշատակի, հանուն մեր սերունդների ապագայի` Արցախը պետք է լինի միշտ հայկական, կանգուն ու անառիկ․ Արայիկ Հարությունյանի ուղերձը

Հանուն մեր սուրբ նահատակների հիշատակի, հանուն մեր սերունդների ապագայի` Արցախը պետք է լինի միշտ հայկական, կանգուն ու անառիկ․ Արայիկ Հարությունյանի ուղերձը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 24-ին ուղերձ է հղել Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ: Ուղերձում ասված է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Այս օրերին Արցախում, ինչպես մայր Հայաստանում և աշխարհի տարբեր ծայրերում, որտեղ ապրում է գոնե մեկ հայ, սգում և ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, 1,5 միլիոն անմեղ հայերի, որ զոհ դարձան  1915 թվականին Օսմանյան Թուրքիայի կողմից պետականորեն իրականացված հրեշավոր ծրագրի: Դա ոճրագործություն էր՝ ուղղված ոչ միայն հայ ժողովրդի, այլև համայն մարդկության դեմ, և խարան՝ բոլոր նրանց համար, ովքեր մինչև հիմա չեն ընդունել ու չեն դատապարտել այն՝ ճանապարհ բացելով նոր կոտորածների ու հանցագործությունների համար: Մեծ Եղեռնից ավելի քան հարյուր տարի հետո էլ մենք կրկին կանգնած ենք լրջագույն մարտահրավերների առջև, կրկին ստիպված ենք պայքարել հանուն ազգային ու համամարդկային արժեքների, մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների պաշտպանության, հանուն սեփական հողում ազատ ու անկախ ապրելու մեր բնական իրավունքի լիարժեք իրացման: Ամբողջ աշխարհի աչքի առջև այսօր Ադրբեջանը շարունակում է բացահայտ կերպով Արցախի ժողովրդի հանդեպ իրականացնել հայատյաց ու ռազմատենչ քաղաքականություն՝ կոպտորեն խախտելով ու ոտնահարելով համընդհանուր ընդունված ու ճանաչված միջազգային իրավունքի բոլոր նորմերն ու սկզբունքները: Աշխարհի առաջադեմ մարդկությունը պետք է կանգնի Արցախի խաղաղ բնակչության կողքին, որովհետև մենք այլընտրանք չունենք, մենք հաստատակամ ենք մեր որոշման մեջ՝ ապրել և արարել մեր նախնիների հողում, հող, որը սրբագործվել է հայ ժողովրդի հազարավոր որդիների թափած արյամբ:  Հանուն մեր սուրբ նահատակների հիշատակի, հանուն մեր սերունդների ապագայի` Արցախը պետք է լինի միշտ հայկական, կանգուն ու անառիկ»:
10:31 - 24 ապրիլի, 2022
Վերահաստատում ենք մեր հանձնառությունը ճշմարտության ճանաչման և արդարության վերականգնման գործին. ՀՀ ԱԳՆ

Վերահաստատում ենք մեր հանձնառությունը ճշմարտության ճանաչման և արդարության վերականգնման գործին. ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ, որում նշված է. «Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայությունը ոգեկոչում է 20-րդ դարի առաջին ցեղասպանության՝ Մեծ Եղեռնի սուրբ նահատակների հիշատակը: 1915-1923 թթ․ Օսմանյան կայսրությունում ապրող հայերը ենթարկվեցին երիտթուրքական կառավարության կողմից ծրագրված և իրականացված աննախադեպ զանգվածային ոճրագործությունների՝ դաժան սպանությունների, բռնարարքների և բռնի տեղահանության։ Շուրջ 1,5 միլիոն տղամարդ և կին, ծեր և երեխա սպանվեցին միայն այն պատճառով, որ հայ էին, հարյուր հազարավորները զրկվեցին իրենց տնտեսական, կրթական և հոգևոր սեփականությունից։ Ի հեճուկս բոլոր զրկանքների և դժվարությունների՝ հայ ժողովուրդը համազգային համախմբման, տարբեր ժողովուրդների, հասարակությունների և անհատների մարդասիրական աջակցության շնորհիվ վերապրեց և հաղթահարեց ցեղասպանության արհավիրքը, հաջողեց աշխարհի տարբեր երկրներում կազմել համայնքներ, պահպանել և ամրապնդել իր ազգային ինքնությունն ու ամենակարևորը՝ վերակերտել իր անկախ պետականությունը: Հայոց ցեղասպանությունից մեկ դար անց կարևոր է արձանագրել, որ ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման  գործում միջազգային հանրությունը ցուցաբերում է առանցքային նշանակություն ունեցող համերաշխություն, որի դրսևորումն է շուրջ երեք տասնյակ երկրի կողմից պետական մակարդակով Հայոց ցեղասպանության ճանաչումը, ինչպես նաև մի շարք միջազգային կազմակերպությունների և միջազգային կառույցների կողմից համապատասխան հռչակագրերի և բանաձևերի ընդունումը։ Կարևոր է նաև արձանագրել, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ուղղված է մեր տարածաշրջանում անվտանգության երաշխիքների համակարգի ամրապնդմանը, այդ թվում` նոր էթնիկ զտումներ իրականացնելու նկրտումների զսպմանը, ինչպես նաև առհասարակ աշխարհի որևէ այլ անկյունում մարդկության դեմ նմանատիպ հանցագործության կրկնությունը կանխելուն։ Երիտթուրքական կառավարության կողմից հայերի դեմ իրականացված ոճրագործությունը հետագայում հիմք դարձավ «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա պատժի մասին» միջազգային կոնվենցիայի սահմանման համար։ «Հանցանքների հանցանքը» – Ցեղասպանությունը, շարունակում է տեղի ունենալ նաև մեր օրերում՝ խլելով հարյուր հազարավոր անմեղ մարդկանց կյանքեր: Հայաստանի Հանրապետությունը հաստատակամորեն պայքարում է արդարության և զոհերի իրավունքների վերականգնման համար՝ իր ծանրակշիռ ներդրումը և առաջնորդությունն ունենալով մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման գործում։ Այսօր մենք  գլուխ ենք խոնարհում Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի առջև և վերահաստատում մեր հանձնառությունը ճշմարտության ճանաչման, արդարության վերականգնման և նոր ցեղասպանությունների ու մարդկության դեմ հանցանքների կանխարգելման գործին»։
10:15 - 24 ապրիլի, 2022
Նիկոլ Փաշինյանի ուղերձը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 107-րդ տարելիցի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանի ուղերձը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 107-րդ տարելիցի կապակցությամբ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 107-րդ տարելիցի կապակցությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։ Ուղերձում ասվում է․ «Սիրելի հայրենակիցներ, Այսօր հարգանքի տուրք ենք մատուցում Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին։ 107 տարի առաջ հայ ժողովուրդը բախվեց անմարդկային արհավիրքի՝ ցեղասպանության: Օսմանյան Թուրքիայի նպատակն էր բնաջնջել մեր նախնիներին: 1.5 միլիոն հայ սպանվեց, հարյուր հազարավորները գաղթեցին աշխարհի տարբեր ծայրեր, ինչի հետևանքով այսօր երկրագնդի վրա դժվար կլինի գտնել մի այնպիսի վայր, որտեղ չի լինի ազգությամբ հայ: Անդառնալի կորուստներ կրեց հայ ժողովրդի մշակութային, հոգևոր և կրոնական ժառանգությունը, ոչնչացվեցին հազարավոր դպրոցներ, եկեղեցիներ և վանքեր: Չնայած անմարդկային դաժանություններին՝ մեր ժողովուրդը վերջին հարյուրամյակում կարողացավ միասնականության, անմնացորդ աշխատանքի, հետևողական ջանքերի արդյունքում ուղղել մեջքը, պահպանել ինքնությունը, վերականգնել անկախ պետականությունը: Եվ սա մեր ժողովրդի կենսունակության ամենամեծ ապացույցը դարձավ: Հարգելի հայրենակիցներ, Պատմական փաստերի, ցեղասպանությունների և ոճրագործությունների հերքումը, խեղաթյուրումը, ճշմարտությանը չառերեսվելը, միջազգային հանրության թողտվությունը ծնում է նոր դաժանություններ և հանցագործություններ: Քաղաքակիրթ աշխարհը, միջազգային հանրությունն այս ուղղությամբ ունի բազմաթիվ անելիքներ՝ անկախ քաղաքական շահերից թույլ չտալու այլևս նման ոճրագործություններ, առաջին հերթին արժևորելով մարդկային կյանքը՝ անկախ ազգային պատկանելությունից: Ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումն է, որ պետք է կանգնեցնի նոր ոճրագործությունները: Ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանը շարունակելու է ակտիվորեն նպաստել ցեղասպանությունների, մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելմանն ուղղված միջազգային հանրության ջանքերին, էթնիկ, կրոնական և ռասայական հողի վրա խտրականության և անհանդուրժողականության դրսևորումների դեմ պայքարին։ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգը պիտի ծառայի Հայաստանի անվտանգության երաշխիքների համակարգի ամրապնդմանը: Այս օրակարգը կառավարությունը ծառայեցնելու է ոչ թե տարածաշրջանային լարվածության աճին, այլ ընդհակառակը՝ տարածաշրջանի լիցքաթափման նպատակին: Սիրելի հայրենակիցներ, Մեծ Եղեռնը հայ ժողովրդի պատմության ամենաողբերգական էջն է: Եվ այն մեզ համար ոչ միայն մեր անմեղ նահատակների հիշատակը խնկարկելու, նրանց առաջ գլուխ խոնարհելու, այլև մեր պատմության՝ անցյալի, ներկայի և ապագայի մասին մտածելու առիթ է: Այն մեզ համար առիթ է արձանագրելու, որ հայ ժողովուրդը սեփական ճակատագրի տնօրինման ավելի ու ավելի մեծ հնարավորություններ ու լծակներ պիտի ունենա, պիտի կարողանա սեփական ճակատագիրն ուրիշների որոշումների տիրույթից սեփական որոշումների տիրույթ տեղափոխել: Նման իրավիճակի ամենագործուն արտահայտումը անկախ պետականությունն է, իր բոլոր ինստիտուտների առավելագույն կայացվածությամբ, որոշումների կայացման ընդունակություններով ու մեխանիզմներով: Այս գիտակցումն է մեզ հանգեցրել մեր ժողովրդի ու տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու օրակարգին, որովհետև սեփական անվտանգության ապահովման ամենաարդյունավետ գործիքը կայացած պետականությունն է և խաղաղությունը: Ու մենք պիտի գնանք այս ճանապարհով: Նաև այս է պատճառը, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը միտված բանակցություններ ենք վարում: Հույս ունենք՝ թուրքական կողմի ձգտումներն անկեղծ են և մենք կկարողանանք այս ուղղությամբ շարժվել առաջ: Միաժամանակ, այսօրվա մեր խնդիրն է՝ համայն հայության ներուժի իրացմամբ կառուցել արժանապատիվ և կայացած ժողովրդավարական պետություն: Համահայակական ներուժի, կարողությունների համախմբումը պետք է հետևողականորեն ուղղենք հենց այս նպատակին: Հայոց պետականությունը Մեծ Եղեռնի զոհերի, մեր բոլոր նահատակների հիշատակը հարգելու ամենատպավորիչ միջոցն է և պիտի դառնա հայ ժողովրդի ապրելու անկոտրում կամքի խորհրդանիշ և երաշխավոր: Հենց մեր այս կամքն է խորհրդանշում ապրիլքսանչորսյան ժողովրդական երթը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որը Ազատ, Հզոր, Երջանիկ Հայաստանի խոստում է մեր նախնիներին և մեր սերունդներին: Այդ խոստումը պիտի կատարվի, այդ ուխտը պիտի ի կատար ածվի: Սրանում է Ապրիլի 24-ի ամենամեծ խորհուրդը»։ :
10:00 - 24 ապրիլի, 2022