Ինֆոքոմ

Արթուր Ղազինյանը չորրորդ անգամ չընտրվեց ԱԺ հանձնաժողովի փոխնախագահ

Արթուր Ղազինյանը չորրորդ անգամ չընտրվեց ԱԺ հանձնաժողովի փոխնախագահ

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում չորրորդ անգամ չընտրվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը։ Հանձնաժողովում հարցի քվեարկությունը տեղի ունեցավ առանց ընդդիմության ներկայացուցիչների, քանի որ վերջիններս, այդ թվում՝ Ղազինյանն ինքը, անիմաստ համարեցին մասնակցել քննարկմանը։ Հիշեցնենք, Ղազինյանի թեկնածությունն ընդդիմությունն առաջադրել էր չորրորդ անգամ։ ՔՊ խմբակցությունը նրա թեկնածության հետ անհամաձայնություն ունի, իսկ ընդդիմությունը պնդում է՝ հարցի լուծումը ՔՊ-ի ձեռքում է․ նրանք պետք է քաղաքական որոշում կայացնենք ու ընտրեն իրենց առաջադրած թեկնածուին։ Իսկ ՔՊ-ն հրաժարվում է այդպես վարվել։  Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտնեց, 5-օրյա ժամկետում հանձնաժողովւ նորից արտահերթ նիստ կանի՝ չմոռանալով նաեւ օրակարգի այլ խնդիրներ, որոնք կապ ունեն մեր անվտանգային միջավայրի, խորհրդարանական վերահսկողության գործիքները ճիշտ օգտագործելու հետ։ Լուսանկարը՝ ԱԺ պաշտոնական կայքից
15:34 - 22 սեպտեմբերի, 2021
«Կամ բերեք նոր թեկնածու, կամ մենք էս օրակարգով դատապարտված ենք արտահերթ նիստ անել 5 տարի»․ ԱԺ հանձնաժողովը 4-րդ անգամ է քննարկում Ղազինյանի ընտրության հարցը

«Կամ բերեք նոր թեկնածու, կամ մենք էս օրակարգով դատապարտված ենք արտահերթ նիստ անել 5 տարի»․ ԱԺ հանձնաժողովը 4-րդ անգամ է քննարկում Ղազինյանի ընտրության հարցը

Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը չորրորդ նիստն է անցկացնում, որի օրակարգում մեկ հարց է ներառված՝ Հանձնաժողովի փոխնախագահի ընտրությունը։ Նախորդ երեք նիստերի ժամանակ Հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում չէր ընտրվել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը։ Այսօրվա նիստը եւս արտահերթ է, թեկնածուն՝ նույնը։ Նիստի սկզբում Ղազինյանը կարծիք հայտնեց, որ նիստի օրակարգում միայն մեկ հարց ունենալը չի արտացոլում այսօր ՀՀ-ի պաշտպանության եւ անվտանգության համակարգի առջեւ դրված իրական պատկերն ու մարտահրավերները։ Նա առաջարկեց ներառել մեկ հարց եւս՝ Հանձնաժողովի որոշմամբ ստեղծել աշխատանքային խումբ, որը պետք է ուսումնասիրի Հայաստանի հարավարեւելյան սահմանին տիրող իրավիճակը, պատճառահետեւանքային կապը՝ երկու ասպեկտով՝ ռազմաքաղաքական եւ սահմանադրաիրավական, որից հետո կներկայացնի ամփոփ հաշվետվություն, հետո պարզ կդառնան հետագա անելիքները․ «Սա, իմ կարծիքով, այսօր շատ ավելի լուրջ եւ քաղաքացիներին առավել հուզող հարց է»։ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն էլ կարծիք հայտնեց, որ այսօրվա քննարկումն ընթանալու է նույն հունով, ինչպես նախորդ երեք արտահերթների ժամանակ․ «Ես իմաստ չեմ համարում մասնակցել նիստերին այնքան ժամանակ, քանի իշխանությունը չունի քաղաքական որոշում՝ ընտրել ընդդիմության առաջադրած թեկնածուին»,- ասաց Աբրահամյանը՝ համաձայնելով Ղազինյանի հետ, որ օրակարգում այլ հարցեր էլ պետք է ներառվեն։ Հանձնաժողովի նախագահի՝ Անդրանիկ Քոչարյանի համոզմամբ՝ խնդիրը միայն մեծամասնության քվեարկության մեջ չէ, եւ ընդդիմությունն ինքը կարող էր քայլ անել՝ չորրորդ անգամ նույն թեկնածուին չառաջադրելով։ Ղազինյանն անիմաստ համարեց չորրորդ անգամ մասնակցել հարցի քննարկմանն ու դուրս եկավ նիստերի սենյակից՝ առանց լսելու՝ գուցե պատգամավորները թեկնածուին հարցե՞ր ունեն, ինչը շարժեց նիստը վարող Անդրանիկ Քոչարյանի վրդովմունքը։ «Անընդհատ նույն թեկնածուն է առաջադրվում, որի հետ չպարզաբանված հարցեր են ծնվում, թեկնածուն դուռը շրխկացնելով դուրս է գալիս, որպես ի՞նչ։ Կամ բերեք նոր թեկնածու, կամ մենք հավերժ էս օրակարգով դատապարտված ենք արտահերթ նիստ անել հինգ տարի։ Եթե ընդդիմությունը չի կարողանում իր մեջ եւս մեկ թեկնածուի գտնի, ստացվում է՝ դուք պարոն Ղազինյանի գերի՞ն եք։ Ձեզ ազատագրե՞նք, ի՞նչ անենք»,- դիմելով ընդդիմությանը՝ ասաց Քոչարյանը։ Տիգրան Աբրահամյանն ասաց, որ ընդդիմությունը քաղաքական որոշումը կայացրել է, դրա համար է չորրորդ անգամ Ղազինյանին առաջադրել, իսկ եթե մեծամասնությունը չի ցանկանում քննարկել, ապա դա «Քաղաքացիական պայմանագրի» խնդիրն է։ Նիստերից սենյակից դուրս եկավ նաեւ Տիգրան Աբրահամյանը։ ՔՊ խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանն էլ քաղաքական բոյկոտ հայտարարեց՝ նշելով, որ քանի կբերվի Ղազինյանի թեկնածությունը, ինքը չի մասնակցի նիստերին։ Քոչարյանն ասաց, որ դա ձեռնտու է ընդդիմությանը, պետք է ձեւաչափ գտնել եւ անցնել այս հարցը։
15:26 - 22 սեպտեմբերի, 2021
Պատվաստանյութերի արդյունավետությունը․ ի՞նչ է պետք իմանալ

Պատվաստանյութերի արդյունավետությունը․ ի՞նչ է պետք իմանալ

Այսօր Հայաստանում գրանցվել է կորոնավրուսային վարակի 273 նոր դեպք, մահվան՝ 20 դեպք։ Համաձայն վերջին տվյալների՝ մեր երկրում  կատարվել է 366 779 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 237 454, երկրորդ դեղաչափ` 129  325։ ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է մարդկանց պատվաստվել՝ կորոնավիրուսային վարակից պաշտպանելով իրենց և հարազատներին։ Այս օրերին հանրության մոտ առաջանում են տարբեր հարցեր․ ինչո՞ւ պատվաստվել, երբ պատվաստվելուց  հետո ևս կարելի է վարակվել կորոնավիրուսով,  ինչպե՞ս կարող է պատվաստումն օգնել շրջապատի մարդկանց, երբ պատվաստվելուց հետո ևս հնարավոր է տարածել վարակը,  որքա՞ն ժամանակ է պատվաստանյութը պաշտպանում վարակվելուց,  «Դելտա» շտամի առկայության պայմաններում որքանո՞վ է արդյունավետ պատվաստվելը։ Այս և այլ հարցերի պատասխանելու համար անհրաժեշտ է նախ հասկանալ, թե ինչպես է վիրուսը թափանցում մարդու օրգանիզմ, վարակում այն, բազմանում, հետո տարածվում՝ փոխանցելով վարակն այլ մարդկանց, և ինչպես են պատվաստանյութերն ազդում վիրուսի վրա։   Վիրուսի ներթափանցումն օրգանիզմ Մեր վերին շնչառական ուղիներում (քթի խոռոչ, ըմպան, կոկորդ) կան բջիջներ, որոնք պաշտպանված են լորձի շերտով։ Այս շերտը պատնեշ է ստեղծում վարակի համար։ Երբ մարդը բնական ճանապարհով վարակվում է կորոնավիրուսով (SARS-CoV-2), վիրուսը շրջանցում է պատնեշն ու վարակում բջիջները։ Բջիջները վարակելուց հետո վիրուսը բազմանում է մեր օրգանիզմում: Եթե բազմացման մակարդակը բավականաչափ բարձր է, վիրուսը կարող է դուրս գալ վարակված մարդու օրգանիզմից և այլ մարդու փոխանցվել (վարակի՝ մարդուց մարդ փոխանցում)։ Երբ վիրուսը վարակում է բջիջը, մեր օգրանիզմը տալիս է, այսպես կոչված, իմունային պատասխան՝ արտադրելով հակավիրուսային հատուկ սպիտակուցներ (հակամարմիններ)։ Երբ սա բավարար չի լինում, օրգանիզմը փորձում է հասկանալ, թե ինչ վիրուս է ներթափանցել բջիջ՝ հենց այդ վիրուսին հատուկ հակամարմիններ ստեղծելու համար, որոնք ավելի արդյունավետ ազդեցություն կունենան վիրուսի վրա։ Վիրուսի մասին հիշողությունը պահպանվում է մեր օգրանիզմում։ Ահա թե ինչու են ասում, որ արդեն մեր անգամ վարակված մարդու օգրանիզմում որոշ ժամանակ պահպանվում են հակամարմիններ, որոնք հետագայում օգնում են վիրուսի դեմ պայքարելուն։   Ի՞նչ են անում պատվաստանյութերը Պատվաստանյութերը պարունակում են վիրուսի (COVID-19-ի դեպքում՝ SARS-CoV-2 վիրուսի) թուլացած կամ ոչ ակտիվ հատվածներ։ Երբ պատվաստանյութը հայտնվում է մեր օրգանիզմում, օրգանիզմը մտածում է, որ վիրուս է ներթափանցել, և սկսում է հատուկ այդ վիրուսի դեմ հակամարմիններ ստեղծել։ Ամբողջ հարցն այն է, թե ստեղծված հակամարմիններն ինչպես կպայքարեն վիրուսի դեմ, երբ մենք կրկին բնական ճանապարհով վարակվենք։ Իսկ վիրուսի դեմ պայքարել կարելի է մի քանի եղանակով․ սկզբնական փուլում ճնշել վիրուսը և չթողնել, որ բջիջները վարակվեն, արգելել վիրուսին օրգանիզմում բազմանալ՝ խանգարելով վիրուսի տարածումը, ճնշել վիրուսը՝ թուլացնելով հիվանդության ծանր ընթացքը և ապահովելով հիվանդության՝ առանց ախտանշանների (ասիմպտոմ) ընթացք։ Արտակարգ իրավիճակներում օգտագործման ցուցակի պատվաստանյութերը, որոնք արժանացել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հավանությանը, անցել են որակի, ապահովության և արդյունավետության կլինիկական փորձարկումներ։ Հավանության արժանացած պատվաստանյութերը պետք է ունենան 50 և ավելի տոկոս արդյունավետություն։  Կլինիկական փորձարկումների ժամանակ պատվաստանյութերի արդյունավետությունը որոշվում է հետևյալ կերպ․ մարդկանց մեկ կամ մի քանի խմբի տրվում է պատվաստանյութ, մեկ այլ խմբի էլ տրվում է պլացեբո (նյութ, որը դեղի կամ պատվաստանյութի է նման, բայց իրականում որևէ ազդեցություն չունի): Եթե կորոնավիրուսային վարակի դեմ որևէ պատվաստանյութ ունի, օրինակ, 80% արդյունավետություն, նշանակում է՝ կլինիկական փորձարկման շրջանում պատվաստանյութը ստացած մարդկանց մոտ կորոնավիրուսային  հիվանդություն առաջանալու ռիսկը 80%-ով պակաս է եղել, քան այն մարդկանց մոտ, որոնք պլացեբո են ստացել։ Պետք է հիշել, որ 80% արդյունավետությունը չի նշանակում, որ պատվաստվածների 20%-ի մոտ անպայման զարգանալու է կորոնավիրուսային հիվանդություն։ Այժմ տեսնենք, թե ըստ ԱՀԿ-ի տվյալների՝  պատվաստանյութերից յուրաքանչյուրը որքան արդյունավետություն ունի․ «Պֆայզեր» («BioNTech»)- երկու դեղաչափ ստանալուց 7 օր հետո ունի 95% արդյունավետություն՝ ընդդեմ սիմպտոմատիկ վարակի 16 տարեկան և ավելի բարձր տարիքի մարդկանց մոտ։ Իսրայելում անցկացված փորձարկումները ցույց են տվել, որ այս պատվաստանյութն ունի 94% արդյունավետություն՝ ընդդեմ սիմպտոմատիկ COVID-19-ի, 87%` ընդդեմ հոսպիտալացման, 92%` ընդդեմ հիվանդության ծանր ընթացքի։ «Սինոֆարմ»- երկու դեղաչափ ստանալուց 14 (կամ ավելի) օր հետո վարակվելու դեպքում ունի 79% արդյունավետություն՝ սիմպտոմատիկ վարակի և հոսպիտալացման դեմ։ «ԿորոնաՎակ» («Սինովակ» ընկերություն)- Բրազիլիայում անցկացված փորձարկումները ցույց են տվել, որ երկու դեղաչափ ստանալուց 14 օր հետո ունի 51% արդյունավետություն՝ ընդդեմ սիմպտոմատիկ վարակի, 100% արդյունավետություն՝ ընդդեմ ծանր COVID-19-ի և հոսպիտալացման։ Ինդոնեզիայում փորձարկումները ցույց են տվել 65․3% արդյունավետություն՝ ընդդեմ սիմպտոմատիկ վարակի, իսկ Թուրքիայում անցկացված փորձարկումների համաձայն՝ պատվաստանյութն ընդդեմ սիմպտոմատիկ վարակի ունեցել է 83․5% արդյունավետություն։  «Ջոնսոն և Ջոնսոնի» պատվաստանյութ- մեկ դեղաչափը  66.9% արդյունավետություն ունի սիմպտոմատիկ վարակի դեմ, ծանր հիվանդության դեմ 14 օր հետո ունի 76.7% արդյունավետություն, 28 օր հետո՝ 85.4%։ Հոսպիտալացման դեմ արդյունավետությունը 14 օր հետո 93․1% է, 28 օր հետո՝ 100%: «Աստրա-Զենեկա»- ունի 72% արդյունավետություն՝ ընդդեմ սիմտոմատիկ վարակի։ Ըստ վերջին հաշվարկների՝ առաջին դեղաչափից հետո «Դելտա» շտամի դեպքում հոսպիտալացման դեմ արդյունավետությունը  71% է, երկրորդ դեղաչափից հետո՝  92%։ «Ալֆա» շտամի դեպքում մեկ դեղաչափից հետո հոսպիտալացման դեմ արդյունավետությունը 76% է, երկու դեղաչափից հետո՝ 86%։ «Մոդերնա»- ունի 94.1% արդյունավետություն։ ԱՀԿ-ն դեռևս չի հաստատել «Սպուտնիկ-Վի» պատվաստանյութը։ «Սպուտնիկ-Վին» հաստատել է ԱՄՆ Սննդի և դեղերի վարչությունը։ Ըստ «Սպուտնիկ-Վի»-ի պաշտոնական կայքի՝ պատվաստանյութը ծանր դեպքերի դեմ ունի 100% արդյունավետություն, հոսպիտալացման դեմ՝ 94․4%, «Դելտա» շտամի դեմ՝ 83․1%։ Բացի ԱՀԿ-ում կամ պատվաստանյութեր արտադրող ընկերությունների կայքերում առկա տվյալներից՝ կան նաև պատվաստանյութերի արդյունավետության վերաբերյալ գիտական հետազոտություններ։ Իսրայելցի գիտնականներն, օրինակ, «The Lancet» գրախոսվող ամսագրում այս տարվա մայիսին հրապարակված հոդվածում նշում են, որ «Պֆայզերի» երկրորդ չափաբաժինը ստանալուց 7 (կամ ավելի) օր անց պատվաստանյութի ազդեցությունը վարակի դեմ 95․3% է, ասիմպտոմատիկ վարակի դեմ՝  91․5%, սիմպտոմատիկ վարակի դեմ՝ 97%, հոսպիտալացման դեմ՝ 97․2%, ծանր կամ կրիտիկական հոսպիտալացման դեմ` 97․5%`, մահվան դեմ` 96․7%։ Հետազոտության մեջ ներառվել են 16 տարեկան և ավելի բարձր տարիք ունեցող իսրայելցիների տվյալներ։ Ռուսական Գամայելայի անվան ինստիտուտը հայտնել է, որ «Սպուտնիկ-Վի»-ն ունի 97% արդյունավետություն։ Մեծ Բրիտանիայի կառավարության ենթակայությամբ գործող «Անգլիայի հանրային առողջություն» («Public Health England») կառույցի տվյալներով՝ «Պֆայզերը» և «Աստրա-Զենեկան» հիվանդության սիմպտոմատիկ ընթացքը կանխելու հարցում 85-90% արդյունավետություն ունեն։ ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հրապարակած վերջին տվյալների համաձայն՝ «Մոդերնան» հոսպիտալացան դեմ ունի 93% արդյունավետություն, «Պֆայզերը»՝ 88%, «Ջոնսոն և Ջոնսոնի» պատվաստանյութը՝ 71%: Կենտրոնը համեմատական ուսումնասիրությունն իրականացրել է՝ վերցնելով ԱՄՆ-ի բնակիչների տվյալները (պատվաստանյութերի արդյունավետության վերաբերյալ հետազոտությունների կարող եք ծանոթանալ այստեղ)։   Այլ հետազոտություններ Թեև պատվաստանյութերի բազմաթիվ փորձարկումներ ցույց են տվել, որ դրանք զգալիորեն կանխում են սիմպտոմատիկ COVID-19-ը (ավելի պարզ ասած՝ մարդիկ վարակվում են, սակայն հիվանդությունն ընթանում է առանց հազի, ջերմության և այլ ախտանշանների), քիչ են ուսումնասիրություններն այն մասին, թե արդյոք պատվաստանյութերն ունա՞կ են կանխելու վարակի՝ մարդուց մարդ տարածումը։ Տեսականորեն պատվասատնյութերը մի քանի եղանակներով կարող են ազդել վարակի տարածման վրա․ տարածման աստիճանը նվազեցնել՝ ախտանշանների (հազ, փռշտոց և այլն) արտահայտվածությունը թուլացնելու հաշվին, քանի որ վարակը տարածվում է նաև հազալու կամ փռշտալու միջոցով, օրգանիզմում առաջացնել իմունային պատասխաններ (դրդել օրգանիզմին ստեղծել հակամարմիններ)՝ նվազեցնելով վարակված օրգանիզմից դուրս եկած վիրուսի վարակելիության աստիճանը։ Վարակի տարածելիության վրա պատվաստանյութերի ունեցած ազդեցությունների մասին հետազոտությունները քիչ են, ինչը հասկանալի է՝ հաշվի առնելով այն փաստը, որ պատվաստանյութերը սկսել են լայնորեն օգտագործվել միայն վերջերս։ Իսրայելցի գիտնականներն, օրինակ, երկու հետազոտություն են արել՝ հասկանալու համար, թե որքանով են պատվաստանյութերն ազդում վարակի տարածման վրա։ Խմբերից մեկն ուսումնասիրել է 2020-ի դեկտեմբերից մինչև 2021-ի ապրիլն ընկած ժամանակահատվածում Իսրայելի բժշկական կենտրոններից մեկում բուժաշխատողների և նրանց ընտանիքների անդամների վարակման դեպքերը և հաշվարկել, թե ինքնամեկուսացումն ու «BioNTech» ընկերության պատվաստանյութը («Պֆայզեր») ինչպես են ազդել վարակի՝ տնային պայմաններում փոխանցելիության վրա։ Ուսումնասիրվել է 210 ընտանիք։  Հետազոտության հեղինակները եկել են եզրահանգման, որ ընտանիքներում պավաստումը նվազեցնում է ինչպես վարակման ռիսկը, այնպես էլ վարակվելու դեպքում փոխանցման հավանականությունը։ Երբ կոնտակտները պատվաստված չեն եղել, ինքնամեկուսացումը ևս զգալիրոեն նվազեցրել է փոխանցման ռիսկը։  Իսրայելցի գիտնականների մեկ այլ խումբ վերցրել է իսրայելական հիվանդանոցներից մեկի տվյալները՝ 2020-ի հունիսի 15-ից մինչև 2021-ի մարտի 24-ն ընկած ժամանակահատվածում բուժաշխատողների և նրանց ընտանիքների անդամների վարակման դեպքերի մասին։ Բուժաշխատողները կրկին պատվաստված են եղել «Պֆայզերով»։ Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ «Պֆայզերով» պատաստումն ուսումնասիրված ընտանիքներում կրճատել է և՛ վարակի մակարդակը (վարակվելու հավանականությունը), և՛ փոխանցման հավանականությունը։ Այստեղ կարևոր է նշել, որ այս երկու հետազոտություններն էլ դեռևս գրախոսություն չեն անցել։ Ցանկացած գիտական հոդված նախ անցնում է գրախոսություն, ավելի պարզ ասած՝ ոլորտի այլ գիտնականներ կարդում են հոդվածը, կարծիք հայտնում դրա մասին, ուղարկում հեղինակներին, որոնք անհրաժեշտության դեպքում շտկումներ են անում, սխալները (եթե կան) վերացնում, ինչից հետո հոդվածը հրապարակվում է գիտական գրախոսվող ամսագրում։  Վերը նշված հոդվածների դեռ նախնական տարբերակներն են հրապարակված, ուստի պետք է սպասել դրանց գրախոսված տարբերակների հրապարակմանը՝ ավելի հստակ պատկեր ունենալու համար։ Բացի այդ՝ երկրորդ հետազոտության հեղինակները նշել են, որ մեկ այլ հետազոտության համար «Պֆայզերից» դրամաշորհ են ստացել։ Դրամաշնորհն, իհարկե, ինչպես նշում են հեղինակները, կապ չունի հետազոտության հետ, որտեղ ուսումնասիրվել է, թե որքանով է «Պֆայզերն» ազդում վարակի տարածելիության վրա։ «Անգլիայի հանրային առողջություն» կառույցը ևս հետազոտութուն է իրականացրել Մեծ Բրիտանիայի 24 000 ընտանիքներում (57 000 մարդ)։ Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ նրանց մոտ, ովքեր «Պֆայզեր» կամ «Աստրա-Զենեկա» պատվաստանյութերի առաջին դեղաչափը ստանալուց երեք շաբաթ անց վարակվել են կորոնավիրուսով, 38-49%-ով նվազել է ընտանիքի անդամներին վարակը փոխանցելու հավանականությունը։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նշում է, որ պարզ չէ, թե որքանով են պատվաստանյութերը կանխում վարակն այլոց փոխանցելը, այդ պատճառով էլ անգամ պատվաստվելուց հետո պետք է պահել հակահամաճարակային կանոնները։  «Դեռ հետազոտություններ են իրականացվում՝ հասկանալու համար, թե որքանով են պատվաստանյութերն արդյունավետ ոչ միայն հիվանդությունից պաշտպանելու, այլև վարակումը և փոխանցումը կանխելու հարցում»,- նշված է ԱՀԿ-ի կայքում։   Պատվաստանյութերի պաշտպանության տևողությունը և «Դելտա» շտամի առկայությունը Կան նաև հետազոտություններ այն մասին, թե որքան ժամանակ են պատվաստանյութերը պաշտպանում մարդկանց։ «Nature» գիտական ամսագրում այս տարվա հունիսին հրապարակված հոդվածներից մեկում ուսումնասիրվել էր, թե որքան ժամանակ են ի-ՌՆԹ պատվաստանյութերի առաջացրած հակամարմինները մնում օրգանիզմում։  Նախ հասկանանք, թե ինչով են տարբերվում ի-ՌՆԹ (ինֆորմացիոն ՌՆԹ) պատվաստանյութերը ավանդական պատվաստանյութերից։ COVID-19 հիվանդություն առաջացնող վիրուսի մակերեսին գոյություն ունի հատուկ սպիտակուց։ Եթե ավանդական պատվաստանյութերը սովորաբար պարունակում են վիրուսի վնասված կամ ոչ ակտիվ հատված, որը մեր օրգանիզմում առաջացնում է իմունային պատասխան, ապա ի-ՌՆԹ պատվաստանյութերը մեր բջիջներին «սովորեցնում են» արտադրել վիրուսի մակերեսին եղող սպիտակուցի անվնաս հատված։ Մեր օրգանիզմը հասկանում է, որ այդ սպիտակուցն օտար է, և սկսում է հակամարմիններ արտադրել դրանից պաշտպանվելու համար։ Ի-ՌՆԹ պատվաստանյութեր են «Պֆայզերը» և «Մոդերնան»։ «Nature»-ում հրապարակված հոդվածի հեղինակները նշում են, որ ըստ իրենց հետազոտության արդյունքների՝ ի-ՌՆԹ պատվաստանյութերի հետևանքով առաջացած հակամարմինների տեսակներից մեկը պահպանվում է առնվազն 12 շաբաթ։ «Nature» ամսագրում հրապարակված հոդվածներից մեկում էլ նշվում է, որ COVID-19-ի դեմ իմունիտետ ունեցող մարդիկ կկորցնեն իրենց պաշտպանական հակամարմինների մոտ կեսը ամեն 108 օրը մեկ։ Արդյունքում, պատվաստանյութերը, որոնք ունեն, օրինակ, 90% արդյունավետություն, 6 կամ 7 ամիս հետո կունենան 70% արդյունավետություն։ «Science» ամսագրում հրապարակված հոդվածներից մեկի հեղինակները պարզել են, որ «Մոդերնայի» երկրորդ դեղաչափը ստանալուց վեց ամիս հետո բոլոր շտամերի դեմ չեզոքացնող հակամարմիններն օրգանիզմում պահպանվել են։ Միայն  «Բետա» շտամի դեմ հակամարմիններն են 6 ամիսների ընթացքում զգալիորեն նվազել։ Մեկ այլ անհանգստացնող փաստ է «Դելտա» շտամի առկայությունը։ Վերը նշված հետազոտությունները, որտեղ խոսվում է վարակի տարածելիության վրա պատվաստանյութերի ունեցած ազդեցության մասին, կատարվել են մինչև «Դելտա» շտամի տարածումը։ Այս շտամի վրա պատվաստանյութերի ունեցած ազդեցության մասին քիչ բան է հայտնի։ ԱՀԿ-ն նշում է․ «Տարբեր երկրներում, որտեղ դոմինանտ է «Դելտա» շտամը, հետազոտությունները ցույց են տալիս՝ ավելի քիչ է հավանականությունը, որ պատվաստված մարդիկ կհայտնվեն հիվանդանոցում»։ Այս օրերին խոսակցություններ կան այն մասին, որ կարող է օգտակար լինել պատվաստանյութերի երրորդ, խթանիչ դեղաչափը (booster): Իսրայելցի գիտնականներն, օրինակ, հետազոտություն են իրականացրել, որի արդյունքները ցույց են տալիս՝ տարեց իսրայելցիների մոտ, որոնք ստացել են պատվաստանյութի երրորդ դեղաչափը, ավելի քիչ է կորոնավիրուսով վարակվելու և հիվանդանալու հավանականությունը, քան նրանց մոտ, ովքեր ստացել են երկու դեղաչափ։ «The lancet» գիտական ամսագրում հրապարակված հոդվածում, որի հեղինակների մեջ կան ԱՄՆ Սննդի և դեղերի վարչության, ինչպես նաև ԱՀԿ-ի մասնագետներ, նշվում է՝ եթե պատվաստանյութերը հասցվեն նրանց, ովքեր դեռ չեն ստացել ոչ մի դեղաչափ, ավելի շատ կյանքեր կփրկվեն։ Ըստ հետազոտության հեղինակների՝ անգամ եթե խթանիչ դեղաչափերը  կարող են օգուտներ ունենալ, ավելի օգտակար է պատվաստանյութեր հասցնել չպատվաստված մարդկանց, և խթանիչ դեղաչափերի լայնամասշտաբ օգտագործման անհրաժեշտություն այս պահին չկա։ Ամփոփելով պատվաստանյութերի արդյունավետության վերաբերյալ եղած տվյալները՝ կարող ենք նշել․ օգտագործման թույլտվություն ստացած բոլոր պատվաստանյութերը այս կամ այն չափով կանխում են հիվանդության ծանր ընթացքը, հոսպիտալացումը, մահը, ինչպես նաև հիվանդության սիմպտոմատիկ ընթացքը, «Դելտա» շտամի դեպքում պատվաստանյութերի ազդեցությունը կարող է նվազել, այս շտամով վարակվելու դեպքում պատվաստված լինելը կօգնի խուսափել հոսպիտալացումից և մահից, կան հետազոտություններ, համաձայն որոնց՝ պատվաստանյութերը ազդում են ընատնիքի ներսում վարակի տարածման վրա, սակայն պետք է սպասել, մինչև այդ հետազոտությունները գրախոսություն կանցնեն, պատվաստանյութերի ազդեցությունը ժամանակի ընթացքում կարող է նվազել, սակայն համաձայն որոշ հետաոտությունների՝ առնազն 6 ամիս մեր օրգանիզմում պահպանվում են պատվաստումից առաջացած հակամարմինները, պատվաստանյութերի արդյունավետությունը բարձրացնելու համար առաջարկվում է երրորդ դեղաչափով պատվաստվել, սակայն ԱՀԿ-ն գտնում է, որ պատվաստանյութերը նախ պետք է հասցնել նրանց, ովքեր դեռ առաջին դեղաչափն էլ չեն ստացել։   Գլխավոր լուսանկարը՝ «Nature»-ից Աղբյուրներ "Prevention of host-to-host transmission by SARS-CoV-2 vaccines", The Lancet, 14.09.2021, Impact of BNT162b2 vaccination and isolation on SARSCoV-2 transmission in Israeli households: an observational study, 16․07․2021, Vaccination with BNT162b2 reduces transmission of SARS-CoV-2 to household contacts in Israel, 16․07․2021, One dose of COVID-19 vaccine can cut household transmission by up to half, Public Health England, 28․04․2021, "COVID vaccine immunity is waning — how much does that matter?",nature.com, 17.09.2021, "COVID-vaccine booster shot shows promise in Israeli study", nature.com, 16.09.2021, "Considerations in boosting COVID-19 vaccine immune responses", The Lancet, 13.09.2021, "Impact and effectiveness of mRNA BNT162b2 vaccine against SARS-CoV-2 infections and COVID-19 cases, hospitalisations, and deaths following a nationwide vaccination campaign in Israel: an observational study using national surveillance data", The Lancet, 05.05.2021, "Six months of COVID vaccines: what 1.7 billion doses have taught scientists", nature.com, 04.06.2021, "Comparative Effectiveness of Moderna, Pfizer-BioNTech, and Janssen (Johnson & Johnson) Vaccines in Preventing COVID-19 Hospitalizations Among Adults Without Immunocompromising Conditions — United States, March–August 2021", Centers for Disease Control and Prevention, 17.09.2021, "SARS-CoV-2 mRNA vaccines induce persistent human germinal centre responses", Nature, 28.06.2021, "Durability of mRNA-1273 vaccine–induced antibodies against SARS-CoV-2 variants", Science, 17․09․2021,  Աննա Սահակյան
13:41 - 22 սեպտեմբերի, 2021
Ֆիզիկական անձը կտուգանվի 10-20 հազար, իրավաբանականը՝ 40-120 հազար դրամով, եթե չներկայացնի ՊՇՌ հետազոտության պատասխանը կամ չլինի պատվաստված․ Աննա Հարությունյան

Ֆիզիկական անձը կտուգանվի 10-20 հազար, իրավաբանականը՝ 40-120 հազար դրամով, եթե չներկայացնի ՊՇՌ հետազոտության պատասխանը կամ չլինի պատվաստված․ Աննա Հարությունյան

Առաջին անգամ խախտում հայտնաբերելու դեպքում ֆիզիկական անձը տուգանվում է՝ 10-20 հազար դրամով, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ տուգանքի չափը 40-120 հազար դրամ է։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ Աննա Հարությունյանը՝ անդրադառնալով հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող փոփխություններին։  Հիշեցնենք, որ Հոկտեմբերի 1-ից աշխատողները յուրաքանչյուր 14 օրը մեկ գործատուին պետք է ներկայացնեն ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող՝ առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ կամ լինեն պատվաստված։ Բացառություն են կազմում բացարձակ հակացուցում ունեցող աշխատակիցները և հղիները։ «Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմինը իր գործառույթները իրականացնում է ստուգումների, ստուգայցերի, վարչական վարույթների միջոցով․ այս պարագայում ստուգայցերի միջոցով է իրականացվելու։ Պետք է ասեմ, որ ստուգայցերը սկսվել են շատ վաղուց․ քովիդի առաջին դեպքերին զուգընթաց՝ մենք կատարել ենք մեր ստուգայցերը, ինչը շարունակվում է մինչ օրս։ Շրջայցերը չեն ընդհատվել, քանի որ անընդհատ կա այդ աշխատանքը իրականացնելու անհրաժեշտությունը։ Այս պարագայում ընդամենը փոփոխություն է իրականացվում առողջապահության նախարարի 17 N հրամանում, այսինքն այն գործառույթները ինչը պահանջվել է գործատուներից, տնտեսվարողներից դա շարունակվելու է, ուղղակի ավելացել են այլ պահանջներ»,- մանրամասնեց Հարությունյանը։ Վերջինս հավելեց, որ ստուգայցերը իրականացվում են նախօրոք՝ մեկ օր առաջ պլանավորելով, այսինքն նախորդ օրը պլանավորվում է, թե որ տնտեսվարողների մոտ պետք է իրականացվեն ստուգայցեր։ Նրա խոսքով՝ առաջին հերթն ներառվում են ռիսկային տնտեսվարողները, եթե տեսչական մարմինը ստանում է տեղեկություն, որ տվյալ կազմակեպությունում կա կորոնավիրուսային հիվանդության 3-ից ավելի դեպք։ Բացի դրանից՝ ընտրվում են նաև ավելի մարդաշատ վայրերը, օրինակ՝ առևտրի կենտրոնները։ Հարությունյանը հավելեց․ «Դա չի նշանակում, որ մյուս կազմակերպությունները չեն վերահսկվելու, ստուգայցերը պատահական են, և որևէ մեկը տեղյակ չէ, թե որ գործատուի մոտ պետք է լինի ստուգայցը, բոլոր պահանջները ստուգվում են, և որևէ պահանջի խախտման դեպքում տնտեսվարողը ենթարկվում է տուգանքի։ Ես միանգամից ուզում եմ նշել, որ տեսչական մարմնի նպատակը ոչ թե տուգանքի որոշում իրականացնելն է, այլ կորոնավիրուսի վարակի կանխարգելումը, որի իրականացման ճանապարհը օրենսդրությամբ սահմանված լիազորությունների կատարումն է։ Դա է պատճառը, որ Տեսչական մարմինը խախտումների հայտնաբերման դեպքում տուգանքի որոշում է իրականացնում։ Մենք կարող ենք մեկ օրվա ընթացքում որևէ կազմակերպություն այցելել 2 անգամ, կախված է նրանից, թե գործատուի մոտ խախտումները քանիսն են»։
13:28 - 22 սեպտեմբերի, 2021
Որպես լրագրող ներկայացող անձինք կան, որոնք սադրիչներ են․ Նաիրի Սարգսյանը՝ «Եռաբլուր»- ում լրագրողների տեղաշարժի սահմանափակման մասին

Որպես լրագրող ներկայացող անձինք կան, որոնք սադրիչներ են․ Նաիրի Սարգսյանը՝ «Եռաբլուր»- ում լրագրողների տեղաշարժի սահմանափակման մասին

Այսօր Անկախության 30-ամյակի առթիվ «Եռաբլուր» զինվորական պանթեոն էին այցելել Նիկոլ Փաշինյանը, ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։ Factor.am-ի՝ «Եռաբլուր»-ում գտնվող լրագրողի փոխանցմամբ՝ արարողակարգային միջոցառումը լրագրողների լուսաբանման համար հասանելի չէր․ վարչապետի աշխատակազմը և անվտանգությունը ամբողջ ընթացքում թույլ չեն տվել, որ լրագրողները ազատորեն տեղաշարժվեն պանթեոնի տարածքում։ Սահմանափակումների վերաբերյալ լրագրողները հարց ուղղեցին ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանին, որը նշեց․ «Ինձ թվում է, որպեսզի միջոցառումը անխոչընդոտ, հանգիստ անցնի»։ Ճշտող հարցին, թե լրագրողնե՞րն են խանգարում, որ միջոցառումը անխոչընդոտ անցնի, նա բացասական պատասխան տվեց՝ նշելով․ «Որպես լրագրող ներկայացող անձինք կան, որոնք սադրիչներ են»։
10:05 - 21 սեպտեմբերի, 2021
Հայաստանի Հանրապետությունը տոնում է անկախության 30-ամյակը

Հայաստանի Հանրապետությունը տոնում է անկախության 30-ամյակը

Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, Հայաստանի երրորդ Հանրապետությունը նշում է Անկախության տոնը․ լրացավ անկախության հռչակման 30-ամյակը։ 1990 թվականի օգոստոսի 23-ին Հայաստանի գերագույն խորհուրդը ընդունեց Հայաստանի անկախության հռչակագիրը, որտեղ նշված էր, որ Հայաստանի ԽՍՀ-ն կազմալուծվում է, և ձևավորվում է նոր պետություն՝ Հայաստանի Հանրապետությունը։ 1991 թվականի սեպտեմբերի 21-ի հանրաքվեում Հայաստանի ժողովուրդը ձայների ճնշող մեծամասնությամբ քվեարկեց ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու և անկախ պետություն ստեղծելու օգտին։ Սեպտեմբերի 23-ին ՀՀ Գերագուն խորհուրդը, ամփոփելով հանրաքվեի արդյունքները, Հայաստանի Հանրապետությունը հռչակեց անկախ պետություն: Հանրաքվեի արդյունքները խորհրդարանի ամբիոնից հրապարակեց Բաբկեն Արարքցյանը, իսկ Հայաստանի ԳԽ-ի՝ անկախության մասին որոշումը ընթերցեց պատգամավոր Արամ Մանուկյանը։  Հռչակագրի քաղաքական բաժնում նշվում էր, որ ՀԽՍՀ-ն վերանվանվում է Հայաստանի Հանրապետություն (Հայաստան)։ Որպես պետական դրոշ ընտրվեց Առաջին հանրապետության եռագույնը՝ կարմիր, կապույտ, ծիրանագույն գույներով։ Հռչակագրում նշվում էր, որ ՀՀ-ն պետք է ունենա իր դրամական համակարգը։ Փաստաթղթով հայերենը դարձավ պետական լեզու։ Հանրապետության ներքին ամբողջ գործավարությունը պետք է կատարվեր միայն հայերենով։ Նույն թվականի նոյեմբերին Լևոն Տեր-Պետրոսյանը ընտրվեց ՀՀ առաջին նախագահ։ Հայաստանը լիակատար անկախություն է ձեռք բերել 1991 թվականի դեկտեմբերի 26-ին՝ ԽՍՀՄ կազմալուծման արդյունքում։ Գերագույն խորհրդի կողմից անկախության հռչակումից հետո տասնյակ պետություններ ճանաչեցին Հայաստանի Հանրապետությունը: Առաջինը Լիտվան է, որ ՀՀ-ն ճանաչեց դեռ մինչեւ  անկախության հռչակումը` 1991 թ. օգոստոսի14-ին: Ապա 1991 թ. ընթացքում եւս 47 պետություն ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը: Ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու միջոցառում՝ նվիրված անկախության 30-րդ տարելիցին։  Լուսանկարը՝ «Արմենպրեսս»-ի
09:22 - 21 սեպտեմբերի, 2021
Իրավապահների համար անտեսանելի փաստեր՝ նախկին ՄԻՊ-ի մոռացված զեկույցում

Իրավապահների համար անտեսանելի փաստեր՝ նախկին ՄԻՊ-ի մոռացված զեկույցում

Մարդու իրավունքների նախկին պաշտպան, այժմ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի՝ 2013թ. դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների կատարած ենթադրյալ չարաշահումներին առնչվող զեկույցում նշված հանգամանքների առնչությամբ ՀՀ ոստիկանության կատարած լրացուցիչ ուսումնասիրության արդյունքում ենթադրյալ հանցագործություններ կատարելու վերաբերյալ տեղեկություններ չեն ստացվել, այդպիսով լրացուցիչ ստուգման նյութերը թողնվել են անհետեւանք: Այս մասին, Infocom-ի գրավոր հարցմանն ի պատասխան, հայտնել են ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունից։ Ոստիկանությունում զեկույցում նշված տեղեկությունները լրացուցիչ ստուգելու անհրաժեշտություն առաջացել էր այն ժամանակ, երբ Դատախազությունը դիմել էր Քրեական ոստիկանությանը՝ խնդրելով հանձնարարել համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումներով ստուգել մեր հարցման մեջ տեղ գտած հանգամանքները։  Իսկ թե ինչ էր բովանդակում մեր հարցումը, ինչ տեղեկություններ էինք խնդրել տրամադրել եւ թե ինչ պատասխաններ ենք ստացել իրավապահների հետ մեկ տարուց ավելի տեւած գրագրության արդյունքում՝ ստորեւ։ Մեր հարցումներից հետո Դատախազությունը Զեկույցի հրապարակումից 7 տարի անց որոշում է ուսումնասիրության ուղարկել նյութերը Այսպես, 2020 թվականի մայիսի 11-ին գրավոր հարցմամբ դիմում ենք Դատախազություն եւ մայիսի 19-ին ստանում պատասխան, որ Զեկույցում առկա տեղեկությունների վերաբերյալ նյութեր չեն նախապատրաստվել, քրեական գործ չի հարուցվել։ Նույն տարվա հունիսին հանդես ենք գալիս հրապարակմամբ՝ դատաիրավական բարեփոխումների ու վեթինգի անհրաժեշտության վերաբերյալ քննարկումների շրջանում ներկայացնելով Զեկույցից ուշագրավ հատվածներ, ապա նոյեմբերին դարձյալ հարցում անում Դատախազություն՝ ճշտելու՝ արդյոք լրատվամիջոցի հրապարակումը որեւէ ուսումնասիրության հիմք եղե՞լ է, թե՞ ոչ։ Ստացել էինք նույնաբովանդակ պատասխան՝ նյութեր չեն նախապատրաստվել, քրեական գործ չի հարուցվել։ Այս տարվա հունվարի 13-ին եւս մեկ հարցում ենք անում Դատախազություն՝ այս անգամ խնդրելով պատասխանել՝ եթե դեռեւս չի հարուցվել քրեական գործ, ապա ինչո՞ւ։ Դատախազությունից պատասխանում են, որ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով համապատասխան վարույթ չի նախաձեռնվել՝ նկատի ունենալով, որ բացակայել են հանցագործությունների մասին ֆիզիկական եւ իրավաբանական անձանց հաղորդումները` ուղղված հետաքննության մարմնին, քննիչին, դատախազին, լրատվության միջոցների՝ հանցագործությունների մասին հաղորդումները եւ իրավասու մարմինների կողմից հանցագործության մասին տվյալների, հանցագործության նյութական հետքերի եւ հետեւանքների հայտնաբերումն իրենց լիազորություններն իրականացնելիս: Հունվարի 27-ին Դատախազություն ենք ուղարկում լրատվամիջոցի երկու հրապարակում [1,2]` խնդրելով պատասխանել՝ արդյոք դրանք չե՞ն հանդիսանում հանցագործության մասին լրատվամիջոցների հաղորդումներ, որ այդպես էլ ուշադրության չեն արժանացել, ի պատասխան՝ ստանում ենք գրություն, որ նշված հրապարակումների ուսումնասիրությամբ պարզվել է, որ դրանցում ՀՀ ՄԻՊ զեկույցից տեղ գտած հրապարակումները վերացական տեղեկություններ են բովանդակում դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների կողմից ենթադրյալ հանցագործություններ կատարելու վերաբերյալ։ Ըստ Դատախազության՝ դրանցում պարունակվող տեղեկությունները նախկին ՄԻՊ-ի գնահատականներն են՝ դատական իշխանության ղեկավար աշխատողների կողմից թույլ տրված ենթադրյալ ապօրինությունների վերաբերյալ, այսինքն՝ այդ հրապարակումներում տեղ չեն գտել այնպիսի հանգամանքներ, որոնք կբովանդակեն կոնկրետ հանցագործության մասին փաստական տվյալներ, ինչն անհրաժեշտ պայման է, որպեսզի ֆիզիակական կամ իրավաբանական անձի ներկայացրած հաղորդումը քննարկվի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նախատեսված ընթացակարգերով։ Այդուհանդերձ, նկատի ունենալով, որ այդ հրապարակումներում տեղ գտած տեղեկությունները ենթակա են ստուգման՝ օպերատիվ ճանապարհով, Դատախազությունը մեր հրապարակումները փետրվարի 3-ին ուղարկում է ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն՝ հանձնարերելով համապատասխան միջոցառումներով ստուգել դրանցում տեղ գտած հանգամանքները։ Փետրվարի 19-ին դիմում ենք Քրեական ոստիկանություն՝ ճշտելու՝ վերոբերյալ հրապարակումների ուսումնասիրության հիման վրա արդյոք նյութեր նախապատրաստվե՞լ են, քրեական գործ հարուցվե՞լ է, եւ եթե չի հարուցվել, ապա ի՞նչ հիմքով է մերժվել քրգործի հարուցումը։ Մարտի 24-ին Ոստիկանությունից պատասխանում են, որ Դատախազության գրության շրջանակներում իրանակացվել են ստուգողական աշխատանքներ, սակայն, հաշվի առնելով, որ ձեռնարկված միջոցառումներով դատավորների կողմից կաշառք ստանալու եւ չարաշահումներ կատարելու վերաբերյալ տեղեկություններ չեն ստացվել, ուստի ուսումնասիրության նյութերը թողնվել են անհետեւանք։ Դատախազությունը Քրեական ոստիկանությանը խնդրում է ստուգել մեր հերթական հարցմամբ վկայակոչած հանգամանքները Ոստիկանության վերջին պատասխանից հետո՝ այս տարվա հուլիսի 14-ին, մեկ այլ հարցմամբ դարձյալ դիմում ենք Դատախազությանը՝ ներկայացնելով, որ արդար դատաքննության իրավունքի վերաբերյալ ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպանի արտահերթ զեկույցում նշված է, որ «գործի նյութերին ծանոթանալիս փաստաբան Ն. Բաղդասարյանը հայտնաբերել է «ՏԵՂԵԿԱՆՔ» վերտառությամբ փաստաթուղթ, որտեղ կետ առ կետ շարադրված են եղել դեռեւս դատաքննությունը չսկսված գործով կայացվելիք վճռի հիմնավորումները, որոնք հետագայում դրվել են կայացված դատական ակտի հիմքում» (գործը վերաբերում է 7-րդ գումարման խորհրդարանի պատգամավոր Արման Բաբաջանյանին, որի պաշտպանն է եղել նույն գումարման խորհրդարանի պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը, իսկ հայցվորը՝ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը)։ Դատախազությանը խնդրում ենք բացատրել՝ վկայակոչված հատվածը՝ փաստաբանի հայտնաբերած փաստաթղթի մասին, արդյոք չի՞ հանդիսանում հանցագործության մասին հաղորդում կամ փաստական տվյալ, որի հիման վրա պետք է հարուցվեր քրեական գործ։ Բացի դրանից՝ խնդրում ենք պատասխանել հետեւյակ հարցին՝ Ն․ Բաղդասարյանը (խոսքը Նիկոլայ Բաղդասարյանի մասին է, որը մեր զրույցում հաստատել էր, որ փաստաթուղթը հայտնաբերել է ինքը), նյութերի ուսումնասիրման ընթացքում կանչվե՞լ է բացատրություն տալու, եւ եթե այո, ապա ի՞նչ հիմքով նշյալ դրվագը չի դարձել փաստական տվյալ՝ նյութերի նախապատրաստման եւ քրեական գործի հարուցման համար։ Ի պատասխան՝ մեզ ուղարկում են գրություն, որ այս հարցումը, ի լրումն Դատախազությունից Ոստիկանություն ուղարկված մեր նախորդ հարցման (փետրվարի 3-ի՝ վերը հիշատակված գրության մասին է խոսքը), դարձյալ ուղարկվում է Քրեական ոստիկանություն՝ խնդրելով ստուգել վերը հիշատակված հանգամանքները եւ արդյունքների մասին հայտնել ոստիկանությանը, ապա պարզաբանում ներկայացնել նաեւ մեզ։ Այս ընթացակարգի ժամանակ պարզվում է, որ էլեկտրոնային փոստով Դատախազությանն ուղարկած մեր հարցումը, որտեղ ակտիվ հղմամբ տեղադրել էինք նաեւ Պաշտպանի Զեկույցը, Ոստիկանություն է ուղարկվել թղթային տարբերակով, եւ միայն մեր հավելյալ պարզաբանումից հետո է Ոստիկանությունը, մեր հրապարակումներից զատ, դիտարկում ամբողջական Զեկույցը։  Ի վերջո, Ոստիկանությունից ստանում են կարճ պատասխան՝ Զեկույցում նշված հանգամանքների առնչությամբ ՀՀ ոստիկանության կատարած լրացուցիչ ուսումնասիրության արդյունքում ենթադրյալ հանցագործություններ կատարելու վերաբերյալ տեղեկություններ չեն ստացվել։ Այսպիսով, Մարդու իրավունքների նախկին պաշտպան, այժմ՝ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի՝ 77 էջանի արտահերթ զեկույցի վերաբերյալ, որում կասկածի տակ էր դրվում Վճռաբեկ դատարանի արդար ու վստահելի լինելը, ներկայացվում էին դատական համակարգում առկա կոռուպցիոն մեխանիզմները եւ «զոնալ դատավորների» ինստիտուտը, իրավապահ մարմիններում երկու անգամ դիտարկելուց հետո էլ ենթադրյալ հանցագործությունների առնչությամբ տեղեկություններ չեն ստացվել եւ ուսումնասիրված նյութերն անհետեւանք են թողնվել։ Իսկ հարցը՝ փաստաբան Ն․ Բաղդասարյանը նյութերի ուսումնասիրման ընթացքում կանչվե՞լ է բացատրություն տալու, եթե այո, ապա ի՞նչ հիմքով նշյալ դրվագը չի դարձել փաստական տվյալ նյութերի նախապատրաստման եւ քրեական գործի հարուցման համար, մնացել է անպատասխան։ Զեկույցը տարիներով մոռացության մատնելու հանգամանքներին, դրանում առկա որոշ ուշագրավ դրվագներին եւ դրանց վերաբերյալ Զեկույցը մշակող աշխատանքային խմբի ղեկավար, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի նախկին տեղակալ Գենյա Պետրոսյանի կարծիքին կարող եք ծանոթանալ այս հրապարակման մեջ։ Հայարփի Բաղդասարյան
15:32 - 20 սեպտեմբերի, 2021
«Վարչատարածքային բաժանման մասին» օրենքը չի կարող լինել միջազգային իրավահարաբերությունների աղբյուր․ Արամ Վարդևանյան

«Վարչատարածքային բաժանման մասին» օրենքը չի կարող լինել միջազգային իրավահարաբերությունների աղբյուր․ Արամ Վարդևանյան

Դուք աշխարհում չեք տեսնի մի երկիր, որը «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքի մակարդակում որոշի ՀՀ պետական սահմանի վերաբերյալ հարցեր, չի կարող այդպես լինել։ Ավելին, «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքը չի կարող լինել միջազգային իրավահարաբերությունների աղբյուր։ Այսինքն՝ ոչ մի կերպ չի կարող առնչվել ստեղված իրավիճակին։ Այս մասին այսօր ԱԺ խորհրդարանական ճեպազրույցների շրջանակում, ի պատասխան լրագրողների հարցին, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։  Վարդևանյանի խոսքով՝ եթե 2010 թվականին ընդունված օրենքը այդպիսի «արժեք ունենար», ապա կլինեին հայտարարություններ ԵԱՀԿ ՄԽ-ի, ինչպես նաև հենց նույն Ադրբեջանի ԱԳՆ կողմից։ «Թե՞ ձեզ թվում է, որ իրենք չէին լսել այդ օրենքի մասին, իհարկե լսել էին, բայց այլ հարց է, որ այդ օրենքը այդ տեսանկյունից ուներ զրո արժեք։ Միջազգային իրավունքի ցանկացած տարրական գիտելիք ունեցող մասնագետ կհաստատի այս խոսքերը, հակառակ պարագայում մենք միջազգային բանակցային գործընթացի մեջ լրջագույն խնդիրներ էինք ունենալու, բայց չենք ունեցել։ Ինչո՞ւ, որովհետև չէինք կարող ունենալ նման հասարակ, սովորական մակարդակի օրենքով, որը, ի դեպ, ընդունվել է դեռևս 1995 թվականին, փոփոխությունների մասին է խոսքը»,- հավելեց Վարդևանյանը։  Վարդևանյանը ընդգծեց, որ Մարդու իրավունքների պաշտպանը նույնպես փաստել է, որ այդ օրենքը զրո նշանակություն ունի։ Պատգամավորի խոսքով՝ դա վկայում է նաև այն իրական կյանքը, որը մենք տեսել ենք, և դա երբեք չի օգտագործվել ընդդեմ ՀՀ շահերի։ «Մի կարևոր հանգամանք էլ կա․ վերջիվերջո կարելի է չէ՞ պարզել, թե ով է 2010 թվականին բերել այդ նախաձեռնությունը և կարելի՞ է պարզել՝ ով է ԱԺ-ում եղել զեկուցողը, և հարց տալ, թե արդյոք այդ անձը շարունակում է պաշտոնավարել։ Ամենակարևորը, ճի՞շտ եմ հասկանում, որ եթե մենք հիմա «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքում գրենք այնպես, որ ՀՀ սահմանները հասնում են մինչև Բաքու, դրանով հարցը լուծվո՞ւմ է։ Եթե լուծվում է, մենք րոպե առաջ կբերենք նման նախաձեռություն, չի կարելի այս մակարդակի պրիմիտիվ դարձնել նման կարևոր հարցերի քննարկումը։ Բանավոր պայմանավորվածությունների մասով՝ Սահմանադրությունը հստակ ասում է, որ պետական պաշտոնատար անձիք, այդ թվում «վարչապետը, անվտանգության խորհուրդը, չեն կարող կատարել գործողություն, որի համար լիազորված չեն օրենքով։ Ինձ ասեք, թե որ օրենքում է գրված, որ բանավոր պայմանավարվածությամբ ՀՀ սահմաններից զորքը կարող է հետ գնալ։ Ուղիղ հարց տվեք, որտե՞ղ է դա գրված, եթե գրված չէ, դա առնվազն լիազորությունների չարաշահում է, եթե պետական դավաճանությունը դնենք մի կողմ»,- եզրափակեց Վարդևանյանը։ Հակադարձելով Արամ Վարդևանյանի խոսքին՝ լրագրողների հետ զրույցում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ նման մեկնաբանություն կարող են անել փաստաբանները, բայց պետական սահմանի հետ կապված դիտարկումները պետք չէ բերել, վտանգների մեջ դնել։ Նշենք, որ ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այսօրվա սահմանները որոշվել են «ՀՀ Վարչատարածքային բաժանման մասին» օրենքով, որը ընդունվել է 2010-ին։
14:10 - 17 սեպտեմբերի, 2021
Հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող անձիք ՀՀ անկախության տոնի առթիվ որպես պետության կողմից խրախուսում ստացել են գումար․ Հերիքնազ Տիգրանյան

Հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող անձիք ՀՀ անկախության տոնի առթիվ որպես պետության կողմից խրախուսում ստացել են գումար․ Հերիքնազ Տիգրանյան

Ես կարծում եմ, որ պարգևավճարների հարցը բարձրաձայնողները կարող են այսօր ստուգել իրենց հաշվեհամարները և տեսնել, որ ԱԺ ամբողջ աշխատակազմը և բոլոր պատգամավորները՝ անկախ նրանից, թե որ խմբակցության պատգամավոր են, Անկախության տոնի առթիվ ստացել են սիմվոլիկ պարգև՝ պարգևատրման տեսքով։ Այս մասին այսօր ԱԺ խորհրդարանական ճեպազրույցների շրջանակում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, խմբակցության քարտուղար Հերիքնազ Տիգրանյանը, անդրադառալով՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի հայտարարությանը, որ բոլոր պատգամավորները ստացել են պարգևավճարներ, ինչն իրենց համար անընդունելի է։  «Դա ոչ միայն օրենսդիր մարմնին է վերաբերում, այլև ամբողջ պետական ապարատին, այսինքն հանրային ծառայողները կամ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող անձիք ՀՀ անկախության տոնի առթիվ որպես պետության կողմից խրախուսում ստացել են գումար՝ տարբեր չափերի, ըստ իրենց զբաղեցրած պաշտոնի»,- նշեց նա։ Նշենք, որ «Հայաստան» խմբակցությունը հայտարարել է, որ այդ պարգևավճարներից չի օգտվելու։ «Գումարը կա՛մ կվերադարձնենք պետբյուջե, կա՛մ Հայաստանի սահմանամերձ մարզերում կիրականացնենք որևէ ծրագիր»,- ասել է Իշխան Սաղաթելյանը։ Ավելի ուշ «Պատիվ ունեմ» խմբակցությունը ևս հայտարարություն է տարածել՝ ընդգծելով, որ փոխանցված պարգևավճարները ուղղվելու են պատերազմից հետո առաջացած սոցիալական խնդիրների լուծմանը։ Հավելենք, որ ԱԺ նախագահի կարգադրությամբ որոշվել է, որ ՀՀ անկախության երեսուն ամյակի կապակցությամբ Աժ, ԱԺ աշխատակազմի պետական ծառայողներին եւ աշխատողներին խրախուսել միանվագ դրամական պարգեւատրմամբ՝ համաձայն հավելվածների: Անդրադառնալով ՀՀ կողմից ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարան գանգատ ներկայացնելուն՝ Տիգրանյանն ասաց․ «Պետք է ասել, որ սա ՀՀ իրավասու մարմինների կողմից իրականացված երկարատև ամիսների քրտնաջան աշխատանքի, փաստահավաք աշխատանքի արդյունքն է։ Այդ աշխատանքները իրականացվել են լռելյայն, առանց դրանց մասին ասուլիսներ տալու և հանրությանը ավելորդ ցնցումների մեջ գցելու, քարտեզագրվել են բոլոր այն խախտումները, որոնք իրականցվել են Ադրբեջանի կողմից՝ հումանիտար միջազգային իրավունքի հետ կապված։ Բնականաբար դրական ենք գնահատում այս գործողությունները և կանխատեսելի էր, գիտեինք, որ գանագատ է ներկայացվելու, և չէր բացառվում որ նաև հարևան պետությունը կներկայացնի նման գանգատ։ Ես կարծում եմ, որ մեր փաստական հիմքերն ավելի ամուր են, և այս գանգատը կունենա տրամաբանական ավարտ»։
13:31 - 17 սեպտեմբերի, 2021
Ադրբեջանական ոստիկանական կետի մոտ տեղի ունեցող գործողությունները պետք է ճշտվեն Իրանի եւ Ադրբեջանի միջեւ․ դրանք չեն վերաբերում Զանգեզուրից դեպի Հայաստանի տարածքներ տեղաշարժերին․ Անդրանիկ Քոչարյան

Ադրբեջանական ոստիկանական կետի մոտ տեղի ունեցող գործողությունները պետք է ճշտվեն Իրանի եւ Ադրբեջանի միջեւ․ դրանք չեն վերաբերում Զանգեզուրից դեպի Հայաստանի տարածքներ տեղաշարժերին․ Անդրանիկ Քոչարյան

Այս պահին կուտակումներ եւ լարվածություն չկա Որոտանի ճանապարհին տեղադրված ադրբեջանական ոստիկանական կետի մոտ։ Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։  Խոսքը, ըստ Քոչարյանի, վերաբերում է ճանապարհի Էվազլար հատվածին, որտեղ ադրբեջանական ոստիկանական ուժերը վերջին օրերին գործողություններ են իրականացրել։ Դրանք, պատգամավորի խոսքով, չեն տեղավորվում սահմանային խնդրիների տրամաբանության շրջանակներում․ «Ո՞րն է դա․ ոստիկանական ուժերը կանգնեցնում են իրանական մեքենաները եւ գումար են վերցնում։ Հիմա դա մաքսայի՞ն գործողություն է, թե՞ ապօրինի, ոնց որ գայի աշխատողները։ Հիշո՞ւմ եք՝ մի պահ Օսեթիայում համատարած ամեն մեկն իր տան մոտ բլոկպոստ էր դրել դեռ չլուծված խնդիրների շրջանակում, գումար էին գանձում։ Հիմա Իրանի եւ Ադրբեջանի միջեւ պետք է ճշտեն՝ էս գործողությունները տեղավորվում են որպես մաքսակետի՞, թե՞ ապօրինի են։ Դրանք չեն վերաբերում Զանգեզուրից դեպի Հայաստանի տարածքներ տեղաշարժերին։ Հիմա սահմանապահ զորքերի տեղակայումը, ադրբեջանական ուժերի եւ ռուս սահմանապահների տեղակայումն այդ հատվածում լուծում է, որպեսզի անվտանգության հետ կապված խնդիրներ չառաջանան, չկրակենք իրար վրա, մինչեւ մտնենք այն փուլ, որտեղ պետք է ճշտվեն դեմարկացիային եւ դելիմիտացիային առնչվող խնդիրները»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը։ Նա ընդգծեց, որ այլընտրանքային ճանապարհի հարցն է կարգավորվում, խոսքը վերաբերում է Տաթեւ-Կապան ճանապարհին։ Պատգամավորի խոսքով՝ այդ այլընտրանքային ճանապարհի օգտագործման դեպքում Որոտանի ճանապարհին ադրբեջանական գործողությունները կդառնան անիմաստ։ Լուսանկարը՝ ԱԺ ֆեյսբուքյան էջից
13:01 - 17 սեպտեմբերի, 2021
Արդարադատության միջազգային դատարան ներկայացված գանգատը տրամաբանական է․ կարելի էր նաև ընդգծել Թուրքիայի դերակատարումը․ Արամ Վարդևանյան

Արդարադատության միջազգային դատարան ներկայացված գանգատը տրամաբանական է․ կարելի էր նաև ընդգծել Թուրքիայի դերակատարումը․ Արամ Վարդևանյան

Այսօր ԱԺ խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը անդրադարձավ այն հանգամանքին, որ Հայաստանի Հանրապետությունը գանգատ է ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան ընդդեմ Ադրբեջանի։ Հայտնելով իր կարծիքը՝ Վարդևանյանը նշեց․ «Մի քանի շաբաթ առաջ ելույթներից մեկում ես հստակ գնահատական տվեցի Ադրբեջանի և Թուրքիայի բարձրագույն պաշտոն զբաղեցնող անձանց վերաբերյալ առ այն, որ իրենք միջազգային հանցագործներ են։ Իհարկե, իշխող խմբակցության կողմից դիտարկվեց որ ես դրանով անմեղության կանխավարկած եմ խախտում, եթե նույնիսկ խախտում եմ՝ ճիշտ եմ անում, որովհետև կան դեպքեր, երբ դրանք այնքան ակնհայտ են, որ դրան այլ որակում տալ հնարավոր չէ։ Այդ տրամաբանության մեջ ներկայացված գանգատը գտնում եմ, որ տրամաբանական է, նույնիսկ կարծում եմ, որ կարելի էր նաև ավելի շուտ ներկայացնել, իհարկե դա իրավական բազմաթիվ շերտեր ունի»։ Վարդևանյանը տեղեկացրեց, որ ծանոթացել է տարածված հաղորդագրության բովանդակությանը։ Պատգամավորը նշեց, որ դրանից պարզ է, որ այն վերաբերում է նաև հենց 44-օրյա պատերազմին։ Վարդևանյանի կարծիքով գանգատում կարելի էր նաև ընդգծել Թուրքիայի դերակատարումը։ «Կհիշեք, որ հենց 44-օրյա պատերազմի ընթացքում ներկայիս իշխանության ներկայացուցիչների կողմից բազմիցս էր ընդգծվում Թուրքիայի ուղղակի մասնակցությունը այդ միջազգային հանցագործություններում։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի ԱԳՆ կողմից տարածվածին, կարծում եմ այն ավելի շատ զառանցանքի տիրույթում է, ոչ թե իրավական, առավել ևս միջազգային իրավունքի, որովհետև կարծես թե բոլորի համար, միջազգային հանրության համար շատ հստակ ու ակնհայտ է, որ Ադրբեջանի կողմից են կատարվել միջազգային մի շարք նորմերի խախտումներ՝ ուժի արգելման սկզբունքի խախտումից, մինչև ազգերի ինքնորոշման իրավունքի նման բռնի կերպով ոտնահարումներ։ Ինչին ականատես ենք եղել և այն մինչ օրս շարունակվում է։ Մյուս կողմից, ինձ համար հասկանալի չէ, թե ինչպես է ստացվում, որ ՀՀ պաշտոնատար անձնաց դիրքորոշումները չեն բխում այդպիսի գանգատ ներակայացնելուց, այսինքն ինչու հենց նման կտրուկ գնահատականներ չենք լսում։ Երբ զառանցանքներ ենք լսում այդ երկրի կողմից, դրանց պատասխան չի տրվում, ինչն ինձ համար անհասկանալի է»,- եզրափակեց Վարդևանյանը։ 
12:51 - 17 սեպտեմբերի, 2021
ԱԺ պատգամավորները ստացել են պարգևավճար․ հայտարարում ենք, որ այդ պարգևավճարներից չենք օգտվելու․ Իշխան Սաղաթելյան

ԱԺ պատգամավորները ստացել են պարգևավճար․ հայտարարում ենք, որ այդ պարգևավճարներից չենք օգտվելու․ Իշխան Սաղաթելյան

Ուզում ենք արձանագրել, որ անվտանգության ճգնաժամը հաղթահարված չէ և ունենում է նորանոր դրսևորումներ։ Շաբաթվա կարևոր և գլխավոր թեման Գորիս- Կապան ստրատեգիական և ռազմավարական ճանապարհում Ադրբեջանի կողմից ոստիականական անցակետի տեղադրումն է։ Հիշում եք, որ հենց նստաշրջանը սկսելուց անմիջապես հետո մենք հայտարարեցինք՝ պահանջում ենք, որ ԱԱԾ տնօրենը և պաշտպանության նախարարը գան Ազգային ժողով, տեղի ունենա փակ նիստ և այդ թեմայով քննարկում։ Այս պահին արձանագրենք, որ շաբաթն ավարտվում է, և չնայած կար համաձայնություն իշխող խմբակցության, ԱԺ նախագահության կողմից, բայց այդ հանդիպումը դեռ տեղի չի ունեցել։ Այս մասին այսօր խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։  Վերջինիս խոսքով իշխանությունները ի վիճակի չեն սպասարկել հայ ժողովրդի և ՀՀ շահերը և ստեղծված իրավիճակում հարցի լուծման փոխարեն հայտարարում են, որ այդ տարածքները ադրբեջանական են, ինչը, ըստ «Հայաստան» խմբակցության, պետական դավաճանության դասական օրինակ է։ «Երկրորդ հայտարարությունը, որ ուզում եմ անել, այն է, որ քիչ առաջ առանց մեր իմացության, տեղեկացանք, որ ԱԺ պատգամավորները, այդ թվում ընդդիմադիր պատգամավորները ստացել են պարգևավճար։ Շատ մանրամասներ չգիտենք, որովհետև րոպեներ առաջ է տեղի ունեցել։ Ենթադրում ենք, որ դա Անկախության տոնին է նվիրված։ Սա անընդունելի է, «Հայաստան» դաշինքի անունից հայտարարում ենք, որ այդ պարգևավճարներից չենք օգտվելու, դա անընդունելի և դատապարտելի է, երբ երկրում կան սոցիալական ծանր խնդիրներ, կան 10․000-ից ավելի վիրավորներ, հաշմանդամներ և այս իրավիճակում շարունակում են պետական պաշտոնյաները այդ թվում ԱԺ պատգամավորները ստանալ պարգևավճար»,- հավելեց Սաղաթելյանը։ Պատգամավորն ընդգծեց, որ իրենք, հավատարիմ մնալով իրենց նախընտրական ծրագրին և նախընթաց ժամանկահատվածում արված հայտարարություններին, այդ գումարից չեն օգտվելու։ Գումարը կա՛մ կվերադարձնեն պետական բյուջե, կա՛մ Հայաստանի սահմանամերձ մարզերում այդ գումարով կիրականացնեն որևէ ծրագիր։ Պատգամավորը տեղեկացրեց, որ խմբակցությունը պատրաստվում է պարգևատրման գործող ինստիտուտի հետ կապված բողոք ներկայացնել Սահմանադրական դատարան, քանի որ գտնում են, որ առանց չափորոշիչների պարգևատրումներ իրականացնելը ապօրինի գործընթաց է։
12:11 - 17 սեպտեմբերի, 2021
Իշխանություններն ամենաբարձր մակարդակով օգտագործում են ադրբեջանական տեղանուններ՝ փորձելով եւս մեկ անգամ հիմնավորել ադրբեջանական կեղծարարությունը․ Աննա Մկրտչյան

Իշխանություններն ամենաբարձր մակարդակով օգտագործում են ադրբեջանական տեղանուններ՝ փորձելով եւս մեկ անգամ հիմնավորել ադրբեջանական կեղծարարությունը․ Աննա Մկրտչյան

Աշխարհի բոլոր պետությունների համար օրինաչափություն է, որ պետական սահմանն ու հարաբերությունները երրորդ պետության հետ պետք է կարգավորվեն միջազգային եւ երկկողմ փաստաթղթերով։ Այս մասին այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը՝ անդրադառնալով Փաշինյանի այն հայտարարություններին, թե «Վարչատարածքային բաժանաման մասին» օրենքով ուրվագծվել են ՀՀ եւ Ադրբեջանի սահմանները․ «Էդ անհեթեթությունը, որ անընդհատ շեշտվում է, թե «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքը պատասխանել է էդ հարցին, ուղղակի աբսուրդ է։ Յուրաքանչյուր օրենքի ընդհանուր դրույթների մասում հստակ սահմանվում է, թե էդ օրենքն ինչին է ուղղված, ինչ է կարգավորում եւ հասարակական հարաբերությունների որ շրջանակն է ամրագրում։ Ես վստահ եմ, էդ օրենքում չեք գտնի մի բառակապակցություն առ այն, որ դրանով կարգավորովում են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունները»,- ասաց նա։ Ինչ վերաբերում է Որոտանի ճանապարհին տեղադրված ադրբեջանական ոստիկանական անցակետի շուրջ քննարկումներին՝ Մկրտչյանը կարծիք հայտնեց, որ խառնաշփոթը միտումնավոր է ստեղծվում․ «Որովհետեւ դեռեւս Սեւ լճի  շուրջ տեղի ունեցող գործողությունների ընթացքում, երբ, իշխանությունների խոսքով, 1000-ից ավելի ադրբեջանցիներ ուղղակի ներխուժել են ՀՀ սուվերեն տարածք, իշխանությունները պնդում էին, որ, այո՛, կա ագրեսիա, որը պետք է համարժեք արձագանք ստանա։ Հիմա իրենք իրենց հռետորաբանությունը ամբողջությամբ փոխել են, անգամ ամենաբարձր մակարդակով օգտագործում են ադրբեջանական տեղանուններ՝ փորձելով եւս մեկ անգամ հիմնավորել ադրբեջանական կեղծարարությունը, որպեսզի ադրբեջանցիները կարողանան հիմք ընդունել նաեւ մեր կառավարության մեջբերումները եւ աշխարհին ներկայանան ոչ թե որպես ագրեսոր, այլ երկու պետություններ, որոնք ունեն սահմանային վեճ։ Դա ամենեւին այդպես չէ․ մենք խնդիր ունենք մեր պետական սահման ներուժած անձանց հետ, եւ հիմա, ըստ էության, պայքար չենք իրականացնում»,- ասաց Աննա Մկրտչյանը։ Լուսանկարը՝ ԱԺ ֆեյսբուքյան էջից
12:05 - 17 սեպտեմբերի, 2021