Ինֆոքոմ

29/43 ընտրատեղամասում «Հայաստան» դաշինքի քվեաթերթիկների վրա տպագրական տարբերվող նշաններ կան

29/43 ընտրատեղամասում «Հայաստան» դաշինքի քվեաթերթիկների վրա տպագրական տարբերվող նշաններ կան

Այսօր տեղեկություն տարածվեց, համաձայն որի՝ Ներքին Պտղնի գյուղի 29/34 ընտրատեղամասում միայն «Հայաստան» դաշինքի 24 համարի քվեաթերթիկների մեծամասնության վրա տպագրական տարբերվող նշան կա։ Infocom-ը մեկնեց նշված ընտրատեղամաս՝ արձանագրելու՝ լուրը համապատասխանո՞ւմ է իրականությանը, թե՞ ոչ։  Ընտրատեղամասում մեր նկարահանող խումբն արձանագրեց, որ իրոք 24 համարի քվեաթերթիկների վրա կան տարբերվող նշաններ։ Հանձնաժողովի նախագահ Վրեժ Վարդանյանը վստահեցրեց, որ քվեաթերթիկները ստանալիս չեն նկատել և հաշվարկի ժամանակ թերթիկները անվավեր չեն համարվելու ««Հայաստան» դաշինքի վստահված անձը ներկա է լինելու հաշվարկի ժամանակ և ինքն էլ կարող է տեսնել, որ քվեաթերթիկները անվավեր չեն ճանաչվելու։ Անվավեր են ճանաչվելու միայն այն թերթիկները, որոնց վրա մարդկային միջամտության նշաններ կան։ Թերթիկներ կան, որոնց գույնն ավելի բաց է։ Թերթիկներ կային, որոնց վրա կարմիր նշան էր եղել․ որոնք նկատել ենք՝ հանել ենք»,- նշեց հանձնաժողովի նախագահը։ Այս դեպքն արձանագրվել է տեղամասի գրանցամատյանում։ Ներքին Պտղնի գյուղի 29/34 ընտրատեղամասն ունի 1326 ընտրող, որոնցից ժամը 12։00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 225 ընտրող։  
13:34 - 20 հունիսի, 2021
Գորիսում բաց քվեարկության կամ քվեարկության գաղտնիության խախտման դեպքեր չեն հայտնաբերվել․ Դանիել Իոաննիսյան

Գորիսում բաց քվեարկության կամ քվեարկության գաղտնիության խախտման դեպքեր չեն հայտնաբերվել․ Դանիել Իոաննիսյան

19 ընտրատեղամասում միաժամանակ ներկա է եղել «Հայաստան» դաշինքի 3 վստահված անձ, 12 ընտրատեղամասում մեր դիտորդները նկատել են տեղամասում գտնվող անձանց հագուստի վրա 24 թիվը գրված, ինչը որակում ենք որպես քարոզչություն տեղամասում «Հայաստան» դաշինքի օգտին։ Քաջարանի տարածաշրջանում 35/56 տեղամասում «Հայաստան» դաշինքի 3 վստահված անձանց միաժամանակ գտնվելը վերածվել է վեճի, այնուհետև քաշքշուկի ընտրատեղամասում։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց «Անկախ դիտորդ» նախաձեռնության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը։ «Մի շարք ընտրատեղամասերում արձանագրվել է, որ հանձնաժողովի նախագահը չի տիրապետում օրենսդրությանը, բայց պետք է ասեմ, որ նման ընտրատեղամասերի թիվը նախկինի համեմատ քիչ է։ Միայն 4 տեղամասում է գոնե առավոտյան արձանագրվել, որ հանձնաժողովի նախագահը չի տիրապետում իր պարտականություններին, և այդ տեղամասերից երկուսում, ըստ էության, հանձնաժողովի նախագահների պարտականությունները իրենց վրա են վերցրել վստահված անձինք, ինչը խնդրահարույց է»,- նշեց նա։ Իոաննիսյանը հայտնեց նաև, որ տեսախցիկների միջոցով նաև ուսումնասիրում են ԶԼՄ-ներով խախտումների մասին ահազանգերը, փորձում են ստուգել դրանց իսկությունը․ «Խիստ մտահոգիչ ինֆորմացիա գնաց առ այն, որ Գորիսի 34/03 տեղամասում զինվորականները կատարում են բաց քվեարկություն։ Տեսախցիկներով ուսումնասիրվեց այդ տեղամասը բացման պահից մինչև այդ հրապարակման պահը։ Եվ այդ տեղամասում թեև իրապես զինվորականները քվեարկում էին, բայց քվեարկում էին քվեախցիկներում, և քվեախցիկներ գնում էին բոլոր քվեաթերթիկներով։ Այլ կերպ ասած, բաց քվեարկության կամ քվեարկության գաղտնիության խախտման դեպքեր չեն հայտնաբերվել, և պարզվել է, որ հրապարակումները իրականությանը չեն համապատասխանում»։ Դանիել Իոաննիսյանի խոսքով՝ այս պահի դրությամբ տեղամասերում տեղադրված տեսախցիկների 96․6 տոկոսը աշխատում է․ «Սա թերևս մի քիչ ավելի բարձր թիվ է 2018թ․ ԱԺ արտահերթ ընտրություններին գոնե այս ժամի համար։ բայց համեմատած երեկվա հետ՝ այդ թիվը իջնում է։ Այսինքն՝ տենդենցիան այն է, որ տեսախցիկների հետ կապված խնդիրները լուծվում են, և թիվը գնում է նվազման։ Բայց դեռևս ավելի շատ է, քան նախկինում»։ Իոաննիսյանը նշեց, որ նաև հետևում են իրավապահ մարմինների, ԿԸՀ-ի ու նաև վարչական դատարանի գործունեությունը՝ ընտրական վեճերի սահմաններում։ «Մի խնդրահարույց դեպք կա՝ կապված Չարչյան Արմենի հետ։ Խափանման միջոցը կալանք ընտրելու հետ կապված՝ նախ պետք է դատախազությունը ստանար ԿԸՀ որոշումը, և ԿԸՀ լույս 19-ի գիշերը՝ ավելի քան 30 ժամ առաջ, մուտքագրվել է դատախազի համապատասխան միջնորդությունը, և ԿԸՀ-ն առ այս պահը չի քննարկել այդ միջնորդությունը, որի արդյունքում քրեական հետապնդում իրականացնող մարմինը անորոշության մեջ է և չի կարողանում դատարան ներկայացնել խափանման միջոցը կալանավորում ընտրելու միջնորդություն։ Երկար ձգձգման արդյունքում ազատ է արձակվել ենթադրյալ հանցագործություն գործած անձը»,- ասաց նա եզրափակելով ամփոփումը։
13:02 - 20 հունիսի, 2021
Ես կարծում եմ՝ հետընտրական զարգացումներ չեն լինի․ Արթուր Վանեցյան

Ես կարծում եմ՝ հետընտրական զարգացումներ չեն լինի․ Արթուր Վանեցյան

Այսօր ընտրություն է՝ հանուն Հայաստանի լինելու և չլինելու։ Այս մասին քվեարկությունից հետո ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի առաջնորդ, «Հայրենիք» դաշինքի ղեկավար Արթուր Վանեցյանը։ «Իշխանությունը հոգեվարքի մեջ է, և բոլոր քայլերը միտված են ընդդիմության դիրքերը թուլացնելու։ Նրանք հասկանում են, որ Հայաստանում երբեք վերարտադրվելու կամ իշխանություն կազմելու հնարավորություն չունեն, ուստի վերջին ճիգերն են գործադրում իրենց իշխանական աթոռներից կառչած մնալու համար»,- ասաց նա՝ դաշինքի կողմնակիցների վերաբերյալ լուրը մեկնաբանելով։ Խոսելով ընտրություններից հետո հնարավոր լարվածության մասին՝ Վանեցյանն ասաց, որ ընդդիմությունը չէ դրա պատասխանատուն, դրա պատասխանատուն փաստացի իշխանությունն է։ «Ես կարծում եմ՝ հետընտրական որևէ զարգացումներ չեն լինի, որովհետև ընտրությունների արդյունքները կփաստեն, թե Հայաստանում ով է կազմելու իշխանություն»,- հավելեց նա։ Անդրադառնալով ընտրությունների ընթացքում խախտումներից՝ Վանեցյանն ասաց․ «Բազմաթիվ խախտումների վերաբերյալ ահազանգեր կան՝ սկսած նրանից, որ մեր քվեաթերթիկների վրա կա ինչ-որ նմուշ, որ մեր քվեաթերթիկները չեն տալիս մեր ընտրողներին, ուղղորդում են դեպի ընտրություններ իշխանական ներկայացուցիչները, մասնավորապես զինվորականների և ոստիկանության կողմից մեր ակտիվիստների, շտաբների նկատմամբ իրականացվող ճնշումները։ Երեկ ձերբակալվել են Եղեգնաձորի մեր շտաբի ներկայացուցիչները։ Որևէ հիմնավոր ապացույց ներկայացված չէ փաստաբանական թիմին։ Ես կարծում եմ՝ դա արվել է բացառապես մեկ նպատակով, 72 ժամ՝ այսինքն՝ ընտրությունների ընթացքում մեր թիմակիցներին հեռվացնելու ընտրական գործընթացներից»։ Մենկաբանելով լրագրողի այն դիտարկումը, որ «աղմկահարույց ձայնագրություն է հրապարակվել, որ «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Աննա Մկրտչյանի հայրը պարտադրում է գնալ և ընտրել դաշինքին»՝ Արթուր Վանեցյանն ասաց, որ որևէ աղմկահարույց բան չկա․ «Որևէ աղմկահարույց բան չկա, եթե աննորմալ լիներ, կլիներ քրեական գործ, կլինեին պատժվողներ։ Ձայնագրությունը չեմ լսել, կարդացել եմ լրատվության մեջ, և որևէ աննախադեպ կամ աղմկահարությց բան չեմ տեսնում դրա մեջ»։
11:27 - 20 հունիսի, 2021
Թե հետագայում Կարեն Կարապետյանի հետ ինչ կարգի համագործակցություն կլինի՝ չենք որոշել․ Ռոբերտ Քոչարյան

Թե հետագայում Կարեն Կարապետյանի հետ ինչ կարգի համագործակցություն կլինի՝ չենք որոշել․ Ռոբերտ Քոչարյան

Ակնհայտ է, որ Կարեն Կարապետյանը մեզ հետ է։ Թե հետագայում ինչ կարգի համագործակցություն կլինի, չենք որոշել։ Այս մասին քվեարկությունից հետո ասաց «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։ Խոսելով «Հայաստան» դաշինքի մի քանի պաստառների վնասների մասին՝ Քոչարյանն ասաց, որ առաջին հերթին օրենքի կոպիտ խախտում է։ «Քաղաքում տեղադրված են հազարավոր տեսախցիկներ։ Արդեն կան կադրեր ցանցում, և փաստը, որ մինչ այսօր չի հայտնաբերվել, թե ով է արել, ուղղակի մեծ կասկած է առաջացնում, որ արվում է իշխանության կողմից կամ իրենց ուղղորդմամբ։ Եթե մեկ, երկու ժամվա ընթացքում Ոստիկանությունը չհայտնաբերի հանցագործներից, ապա մենք կհայտարարենք, որ դա արվում է իշխանության կողմից», ընդգծեց նա։ Անդրադառնալով «Իզմիրլյան» ԲԿ-ի գլխավոր բժիշկ, «Հայաստան» դաշինքի անդամ Արմեն Չարչյանի ձերբակալությանը՝ Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ ձերբակալումն աբսուրդի ժանրից էր․ «Չեմ կարծում, որ ձերբակալության համար որևէ հիմք կար։ Ինքը իր կարծիքն է ասել, և էդ տեսանկյունից չեմ կարծում՝ ճնշման արտահայտություն կա»։ Մեկնաբանելով նաև այն, որ մի շարք ուժեր խախտել են լռության օրը՝ Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ ԿԸՀ-ն արձագանքեց խախտմանը։ «Կարծում եմ՝ սա ուղղակի ցույց է տալիս իշխանության դեմքը, որ որևէ հարգանք չունեն ոչինչ նկատմամբ, չեն ունեցել այս ընթացքում և շարունակում են չունենալ նաև ընտրության օրը»,- ասաց նա։
11:04 - 20 հունիսի, 2021
Հայաստանում խորհրդարանական արտահերթ ընտրություններ են

Հայաստանում խորհրդարանական արտահերթ ընտրություններ են

Այսօր խորհրդարանական արտահերթ ընտրություններ են։ Արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտությունն առաջացավ 44-օրյա պատերազմից հետո։ Նոյեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մտադիր չէ հրաժարվել իրավիճակը հաղթահարելու և երկրում կայունություն ու անվտանգություն հաստատելու պատասխանատվությունից։ Նա ճանապարհային քարտեզ հրապարակեց, որտեղ ներառված կետերն իրականացնելուց հետո պատրաստվում էր այս ամիս հաշվետվություն ներկայացնել։ Հաշվետվությունից հետո պետք է որոշում կայացվեր հետագա անելիքների վերաբերյալ։ Այս տարվա սկզբից Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ ունեցավ խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ։ Վերջին հանդիպումը Գագիկ Ծառուկյանի հետ էր, ինչից հետո հայտարարվեց, որ հունիսի 20-ին կկայանան խորհրդարանական արտահերթ ընտրություններ։ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց, 7-րդ գումարման Ազգային ժողովը երկու անգամ վարչապետ չընտրեց և իրավունքի ուժով ցրվեց։ Նախընտրական քարոզարշավը մեկնարկեց հունիսի 7-ին և տևեց մինչև հունիսի 18-ը։ Երեկ լռության օր էր։ Նախապես ընտրություններին մասնակցելու հայտ էր ներկայացրել 26 քաղաքական ուժ, սակայն նախընտրական քարոզարշավի մեկնարկի օրը «Հայոց արծիվներ․ միասնական Հայաստան» կուսակցության նախագահ Խաչիկ Ասրյանը հայտարարեց, որ իրենք չեն մասնակցի ընտրություններին։ Պատճառն, ըստ Ասրյանի, հետևյալն էր․ «Արտահերթ ընտրություններ չեն կարող անցկացվել Հայաստանի ամբողջ տարածքում, քանի որ որոշ տարածքներ օկուպացված են, ինչը նշանակում է, որ պետք է ընտրությունները չեղարկել»։  Այսպիսով, ընտրություններին մասնակցում է 25 ուժ, այդ թվում՝ 4 դաշինք, 22 կուսակցություն (կուսակցություններից երկուսը մասնակցում են միասնական ցուցակով)։ Ներկայացնում ենք ընտրություններին մասնակցող ուժերին՝ ըստ նրանք քվեաթերթիկների համարների հերթականության։ 1․ «Արդար Հայաստան» կուսակցություն։ Այս կուսակցությունը նոր է ստեղծվել։ Նախընտրական ցուցակը գլխավորում է «Արդար Հայաստան»-ի նախագահ Նորայր Նորիկյանը։ 2․ «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն։ ՀԱԿ-ի ցուցակը գլխավորում է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ 3․ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն։ ՔՊ նախընտրական ցուցակը գլխավորում է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ 4․ «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն։ «Զարթոնք»-ը ևս նոր է ստեղծվել։ Նախընտրական ցուցակը գլխավորում է Արա Զոհրաբյանը։ 5․ «Ազատություն» կուսակցություն։ «Ազատության» նախընտրական ցուցակը գլխավորում է ՀՀ նախկին վարչապետ, կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը։ 6․ «Պատիվ ունեմ» դաշինք։ Այս դաշինքում միավորվել են «Հայաստանի հանրապետական» և «Հայրենիք» կուսակցությունները։ Դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորում է «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը։ 7․ «Միասնական հայրենիք» կուսակցություն։ Այս կուսակցությունը ևս նոր է ստեղծվել։ Նախընտրական ցուցակը գլխավորում է Լուսինե Ավագյանը։  8․ «Համահայկական ազգային պետականություն» (ՀԱՊ) կուսակցություն։ ՀԱՊ-ը նորաստեղծ կուսակցություն է, նախընտրական ցուցակը գլխավորում է Արթուր Վարդանյանը։ 9․ «Լուսավոր Հայաստան» կուսակցություն։ Կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորում է 7-ր գումարման խորհրդարանի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ 10․ «Մեր տունը Հայաստանն է» կուսակցություն։ Կուսակցությունն ընտրություններին մասնակցում է «Ալյանս» կուսակցության հետ միասնական ցուցակով։ «Մեր տունը Հայաստանն է» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորում է «Ալյանս»-ի նախահագ, 7-րդ գումարման ԱԺ-ի անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը։ 11․ «Հանրապետություն» կուսակցություն։ Կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորում է Արամ Սարգսյանը։ 12․ «Հայոց Հայրենիք» կուսակցություն։ Կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորում է Արտակ Գալստյանը։ 13․ «Ազատ հայրենիք» դաշինք։ Դաշինքում միավորվել են «Ազգային ինքնորոշում միավորում», «Արդարություն», «Ժողովրդավարական հայրենիք», «Հայ կառուցողական», «Պահպանողական»  կուսակցությունները։ Նախընտրական ցուցակը գլխավորում է «Հայ կառուցողական» կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանը։ 14․ «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն։ ԲՀԿ նախընտրական ցուցակը գլխավորում է Գագիկ Ծառուկյանը։ 15․ Հայաստանի դեմոկրատական կուսակցություն։ Կուսակցությաբ նախընտրական ցուցակը գլխավորում էր Տիգրան Արզաքանցյանը, սակայն ԿԸՀ-ն մերժեց նրա գրանցումը:  16․ «5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցություն։ Կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորում է Կարին Տոնոյանը։ 17․ «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն։ ՔՈ ՍԴԿ-ի նախընտրական ցուցակը գլխավորում է Սուրեն Սահակյանը։ 18․ «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»։ Այդ դաշինքում միավորվել են ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի գլխավորած  «Հանուն Հանրապետության Ժողովրդավարության պաշտպանների դաշինք» և Լևոն Շիրինյանի գլխավորած «Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցությունները։ Դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորում է Արման Բաբաջանյանը։ 19․ «Ազգային օրակարգ» կուսակցություն։ Կուսակցության նախընտրական ցուցակի առաջին համարն Արա Հակոբյանն է։ 20․ «Վերելք» կուսակցություն։ «Վերելքը» նորաստեղծ կուսակցություն է, նախընտրական ցուցակը գլխավորում է Ալեքսան Մինասյանը։ 21․ «Ազատական» կուսակցություն։ Այս կուսակցությունը նորաստեղծ է։ Նախընտրական ցուցակը գլխավորում է Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը։ 22-ը «Հայոց արծիվներ․ միասնական Հայաստան» կուսակցության քվեաթերթիկի համարն էր։ Կուսակցությունն, ինչպես նշեցինք, չի մասնակցում ընտրություններին։ 23․ «Հայաստանի եվրոպական» կուսակցություն։ Կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորում է Տիգրան Խզմալյանը։ 24․ «Հայաստան» դաշինք։ Դաշինքում միավորվել են «Հայ հեղափոխական դաշնակցություն» և «Վերածնվող Հայաստան» կուսակցությունները։ Նախընտրական ցուցակը գլխավորում է ՀՀ եկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ 25․ «Ազգային ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցություն։ ԱԺԲ-ն նորաստեղծ կուսակցություն է։ Նախընտրական ցուցակը գլխավորում է Վահե Գասպարյանը։ 26․ «Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն։ «Ինքնիշխան Հայաստանը» նորաստեղծ կուսակցություն է, նախընտրական ցուցակը գլխավորում է ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանը։ Արտահերթ ընտրություններից առաջ փոփոխություններ են կատարվել Ընտրական օրենսգրքում։ Օրենսգրքի հիմնական փոփոխությունն այն է, որ վերացվել են վարկանիշային (ռեյտինգային) ցուցակները, ընտրություններն անցակցվում են փակ համամասնական ընտրակարգով։
07:57 - 20 հունիսի, 2021
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021․ քարոզարշավ․ օր 13

ԱԺ արտահերթ ընտրություններ 2021․ քարոզարշավ․ օր 13

22։44-Մեզ համար ամենից թանկը մեր պետականությունն է: Մենք կարող ենք ավելի պաշտպանված լինել ու մեզ ավելի ապահով զգալ միայն մեր սեփական պետության մեջ: Հիշե´ք, որ մեր երկրի Մայր օրենքը երաշխավորել է հավասար ու ազատ ընտրություններ ու որևէ մեկը չի կարող հակառակը հարկադրել: Մեր քվեով պետք է ապահովենք բոլորիս միասնության հաստատումն ու պետության վստահ առաջընթացը, երաշխավորենք համերաշխության վերականգնումը: Ու վաղն ամեն ինչ որոշելու ենք հենց մենք` Հայաստանի քաղաքացիներիցս յուրաքանչյուրը` միայն մեր կամքի բացարձակ ազատությամբ, խղճով ու սրտի թելադրանքով` մեր գաղտնի քվեով։ [ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյան]   21։59-2021 թ. հունիսի 20-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների աշխատանքները պատշաճ կազմակերպելու գործընթացն ապահովելու նպատակով ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության տարածքային անձնագրային ծառայություններում հունիսի 19-ին և 20-ին՝ շաբաթ և կիրակի ոչ աշխատանքային օրերին, ժամը 09.00-ից 18.00-ն սահմանվել է հերթապահություն:Հերթապահությունը սահմանվել է միայն ընտրական գործընթացին վերաբերելի ծառայություններ մատուցելու նպատակով: [ՀՀ Ոստիկանություն]   21։42-Մի շարք տեղամասերում «Պատիվ ունեմ» դաշինքի քվեաթերթիկների վրա կան կապույտ նշումներ․ կարծես թե դրանք ինչ-որ տեխնիկական խոտաններ են՝ ներկի տեսքով։ Մի քանի տեղամասերում դրանց թիվը հասնում է 300-ի։ Մենք ԿԸՀ-ի ուշադրությանն ենք հրավիրում այս փաստին, որպեսզի տրվի հստակ պարզաբանում՝ հետագայում ընտրողի քվեն անվավեր չճանաչելու համար։ [«Պատիվ ունեմ» դաշինքի հանրային կապերի և ԶԼՄ-ների հետ հարաբերությունների պատասխանատու Սոս Հակոբյան]   19:52-ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության կողմից Հայաստան ժամանած դիտորդական առաքելության անդամների հետ՝ պատվիրակության ղեկավար, սենատոր Ֆիլիպ Կուրարի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նախընտրական քարոզարշավի ընթացքին, Հայաստանում տեղի ունեցած Ընտրական օրենսգրքի բարեփոխումներին առնչվող հարցեր: Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ պետությունը հաստատակամ է՝ ապահովելու քաղաքացիների ընտրական իրավունքի ազատ, արդար եւ թափանցիկ իրացումը:   19:47-ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Իտալիայի Սենատի փոխնախագահ Պաոլա Տավերնային: Վերջինս Հայաստանում է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության կազմում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով: Անդրադառնալով հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ զրուցակիցները կարևորել են ներքաղաքական կայունության պահպանումը և հույս հայտնել, որ ընտրությունների արդյունքները կլինեն ի շահ պետության զարգացման:   18:29-Քրեական կոնկրետ գործով ձեռք բերված տվյալների վերլուծությունը փաստում է, որ  ընտրողների հետ հանդիպումների ընթացքում առանձին անձինք պնդումներ են արել առ այն, որ առկա են համապետական ընտրություններին ոչ միայն քաղաքացիների մասնակցությունը, այլ նաև անձի կատարած քվեարկությունը պարզելու սոցիոլոգիական, ստատիստիկական  ինչ-որ մեխանիզմներ, ֆորմուլաներ, որոնց գործադրմամբ կարող են պարզել, թե առաջիկա արտահերթ ընտրություններում ով ինչպես է քվեարկել:   18։17-Ընդհանուր առմամբ Հանրային հեռուստատեսությունը հունիսի 10-ից 17-ն ընկած ժամանակահատվածում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը live լուսաբանման համար տրամադրվել է 10 ժամ 49 րոպե, «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ին՝ 5 ժամ 24 րոպե, «Հայաստան» դաշինքին՝ 4 ժամ 41 րոպե, «Պատիվ ունեմ» դաշինքին՝ 3 ժամ 27 րոպե, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը՝ 2 ժամ 19 րոպե, «Ազգային-ժողովրդավարական բևեռ» կուսակցությանը՝ 1 ժամ 57 րոպե, «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը՝ 1 ժամ 30 րոպե, և «Հայ ազգային կոնգրես» կուսակցությանը՝ 1 ժամ 13 րոպե։   18։07-ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Յոհան Մարֆիի եւ ղեկավարի տեղակալ Ստեֆան Կրաուսի հետ: Արարատ Միրզոյանն ընդգծել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ մեծաքանակ դիտորդական առաքելության ներկայությունը Հայաստանում եւ կարեւորեց պետության հավատարմությունն ազատ, արդար, թափանցիկ եւ ժողովրդավար ընտրությունների անցկացման հարցում: Յոհան Մարֆին փաստել է, որ այս ընթացքում պետական բոլոր ինստիտուտներն ակտիվորեն համագործակցել եւ աջակցել են առաքելության աշխատանքներին ու տեղեկացրեց, որ, բացի երկարաժամկետ դիտորդներից, հունիսի 20-ին ընտրատեղամասերում դիտորդական առաքելություն կիրականացնեն եւս 300 կարճաժամկետ դիտորդներ՝ Երեւանում եւ Հայաստանի բոլոր մարզերում: [ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչություն]   17։48-ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի տարածաշրջանում ընտրակաշառք բաժանելու և ստանալու,  ընտրակաշառքի միջնորդության դեպքերի առթիվ ԱԱԾ և ՀՔԾ վարույթում քննվող քրեական գործի նյութերով տվյալներ են  ձեռք բերվե լայն մասին, որ նշված տարածաշրջանում մի խումբ անձինք 2021 թվականի հունիսի 20-ին նշանակված ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու և կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար նույն տարածաշրջանի ընտրողներին անձամբ և միջնորդների միջոցով բաժանել են կաշառք: Վերը նշված հանցավոր արարքները կատարելու կասկածանքով ձերբակալվել են կուսակցությունների դաշինքի պատգամավորության թեկնածու Գ. Ս.–ն, ՃՈ ծառայող Հ. Մ.-ն և Կ. Կ.-ն : [ՀՔԾ]   17։38-ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հետ: Նախագահն ընդգծել է, որ ընտրական գործընթացները չպետք է որևէ կերպ ազդեն սահմանների անվտանգության և երկրի պաշտպանունակության վրա: Նախագահը կարևոր է համարել, որ հատկապես այս օրերին զինված ուժերն իրենց ծառայությունն իրականացնելիս ավելի աչալուրջ լինեն: [Նախագահի աշխատակազմ]   17։20- «Պատիվ Ունեմ» դաշինքի պատգամավորության թեկնածու Գոռ Սեդրակյանն այսօր ձերբակալել է:  [Դաշինքի անդամ Արսեն Բաբայան] 16։35-Ոչ ոք իրավունք չունի ընտրողին՝  -հարկադրելու, համոզելու հայտնել քվեարկության արդյունքը,-որևէ եղանակով ստուգելու նրա լրացրած քվեաթերթիկը,-առանց ընտրական հանձնաժողովի թույլտվության ընտրողի հետ մտնել քվեարկության խցիկ,-որևէ այլ կերպ խախտել քվեարկության գաղտնիությունը,-հարկադրել ընտրողին քվեախցիկից հանել և իրեն ցույց տալ կամ տրամադրել քվեաթերթիկ՝ վերջինիս կատարած քվեարկության արդյունքներն իմանալու, այդ թվում նաև՝ ընտրողի կողմից որևէ ուժի օգտին քվեարկած չլինելու մեջ համոզվելու համար:Նման արարքները հանցագործություններ են, որոնք պատժվում են ընդհուպ 5 տարի ժամկետով ազատազրկմամբ:  [Գլխավոր դատախազություն] 16։31- Յուրաքանչյուր ընտրող քվեարկությանը մասնակցում է միայն մեկ անգամ: Մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելն արգելվում է: Դրանց կատարումը ծանր հանցագործություն է և պատժվում է ընդհուպ հինգ տարի ժամկետով ազատազրկմամբ, իսկ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ կազմակերպված խմբի կողմից կատարվելու դեպքում նախատեսվում է պատիժ՝ ազատազրկում 4-ից 6 տարի ժամկետով:  [Գլխավոր դատախազություն] 16։04- «Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» ՀԿ-ի իրականացրած հարցումների արդյունքների համաձայն՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին կքվեարկեն հարցվածների 33%-ը, «Հայաստան» դաշինքի օգտին՝ 6,8%-ը։ Սակայն հարցման արդյունքները կարող են պակաս արժանահավատ թվալ, քանի որ հարցում իրականացնող ընկերության տնօրենը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանի կինն է։ Սարգսյանն էլ հանդիսանում է հարցում իրականացնող ընկերության հիմնադիր խորհրդի անդամ։ 15։48- Արամ Սարգսյանը կընտրի ժամը 13:00-ին Արարատ գյուղում` ընտրատեղամաս 13/31 (N1 միջնակարգ դպրոց): Հասցե` Վազգեն Սարգսյանի 40։ [Հանրապետություն կուսակցություն]   15։41- Նիկոլ Փաշինյանը, օգտվելով իր՝ որպես վարչապետի պաշտոնակատարի սոցիալական կարգավիճակից, ֆեյսբուքյան պաշտոնական էջով հանդես եկավ հայտարարությամբ: Նախ նշված թեկնածուն խախտեց լռության օրվա պահպանման սկզբունքը: Երկրորդ` օգտագործելով իր կարգավիճակը, հորդորեց մասնակցել քվեարկությանը, այն պայմաններում, երբ հանդիսանում է 26 ուժերից մեկի վարչապետի թեկնածու: Նշվածը ուղիղ քարոզ էր վարչական լծակների կիրառմամբ և ԿԸՀ գործառույթի իբր ստանձմամբ: Գտնում ենք, որ ԿԸՀ-ն անհապաղ պետք է նիստ գումարի և ընտրական գործընթացի այս էական և օրինականությունը վտանգող խախտումը, սույն հայտարարության հիմքերով քննության առարկա դարձնի: [«Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյան] 15։34-Այսօր՝ վաղ առավոտից, ուժայինների կողմից բառացիորեն տեռոր է սկսվել «Պատիվ ունեմ» դաշինքի շտաբերի, աջակիցների նկատմամբ: Տասնյակ մարդկանց անհիմն, առանց որևէ առիթի հարկադրում են ներկայանալ  կամ բերման են ենթարկում ԱԱԾ, ՀՔԾ և Ոստիկանություն ու տևական ժամանակ պահում են: Մեր գրասենյակներում և մեր կողմնակիցների բնակարաններում ապօրինի խուզարկություններ են անում և ոչինչ չհայտնաբերելով՝ մասնավոր զրույցներում խոստովանում են, որ դաշինքի աջակիցներին այսօր և վաղը մեկուսացնելու հրահանգ ունեն: [«Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետ թեկնածու Արթուր Վանեցյան] 15։28- Հունիսի 19-ին ԱԺ «Լուսավոր Հայաստան», «Բարգավաճ Հայաստան» և «Իմ քայլը» խմբակցությունների ներկայացուցիչներն Ազգային ժողովում հանդիպեցին ՀԱՊԿ ԽՎ դիտորդական առաքելության անդամներին։  Կողմերն ընդգծեցին, որ հայ ժողովրդի ձայնը պետք է վճռորոշ լինի այս ընտրություններում:Հյուրերը կարևորեցին բաց և թափանցիկ ընտրությունների անցկացումը, ինչը բնորոշ կլինի ժողովրդավարական արժեքներ դավանող Հայաստանին և հայ ժողովրդին: [ԱԺ աշխատակազմ] 14։31- Ազգային ժողովի հունիսի 20-ին կայանալիք արտահերթ ընտրություններին ընդառաջ՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ: ԿԸՀ նախագահը Սարգսյանին ներկայացրել է ընտրությունների կազմակերպման և անցկացման աշխատանքների ընթացքը, նշել, որ ԿԸՀ-ն իրականացնում է օրենսդրությամբ սահմանված բոլոր անհրաժեշտ գործառույթներն և միջոցառումները: Նախագահ Սարգսյանն ընդգծել է ընտրությունների էական նշանակությունը երկրի համար և կարևորել դրանց բնականոն ընթացքի ապահովումը ԿԸՀ-ի և ընտրություններին առնչվող մյուս կառույցների կողմից: [Նախագահի աշխատակազմ] 13։32- Ուզում եմ ընդգծել, որ ձեզնից յուրաքանչյուրը այսօր և առավել ևս վաղը ունի բարձրագույն իշխանության կարգավիճակ։ Եվ այդ բարձրագույն իշխանության կարգավիճակը յուրաքանչյուրը իրացնելու է ընտրական տեղամասեր գնալու և իր որոշումը, իր քվեարկությունը կատարելու միջոցով։ Ես ուզում եմ բոլորիդ կոչ անել, որ անպայման գնաք ընտրական տեղամասեր, կատարեք ձեր ընտրությունը։ Եվ ուրեմն ժողովրդի ընտրությունը, քվեարկությունը հստակ արձանագրվելու  է և արտահայտելու է ընտրական ամփոփիչ արձանագրությունների տեսքով։ [Նիկոլ Փաշինյան]   12։38- Տարատեսակ շահարկումները հաշվի առնելով՝ հարկ եմ համարում նշել, որ «Սևան» հոգեկան առողջության կենտրոնի պացիենտներին  ՔՊ կուսակցության հավաքին հարկադրաբար տանելու վերատառությամբ ուղեկցվող տեսանյութը համացանցում հրապարակվելուց անմիջապես հետո արձանագրվել է ՀՀ դատախազությունում իրականացվող մշտադիտարկման արդյունքում։  ՄԻՊ-ի կողմից երեկ համապատասխան հայտարարության տարածումից հետո դատախազության կողմից հանձնարարվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստել և այդ շրջանակում ստուգման առարկա դարձնել Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատում նմանատիպ հնարավոր դրսևորումների առկայությունը։ [Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյան] 12։21- ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում, մինչև հունիսի 20-ին նախատեսված ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկության օրը, ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու առերևույթ հանցագործության դեպքերի վերաբերյալ ստացվել է 18 նյութ և հետաքննության մարմնի կողմից հարուցված 4 քրեական գործ։Նախընտրական քարոզչությանը մասնակցելուն խոչընդոտելու 3, նախընտրական քարոզչությանը մասնակցելուն հարկադրելու  1, նախընտրական քարոզչության ընթացքում լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու 1, ինչպես նաև ընտրակաշառք տալու 1 դեպքերի առթիվ հարուցվել են քրեական գործեր։ [ՀՀ ՔԿ] 12։20- Մեր հայրենիքի համար վճռական օրվա շեմին ենք: Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցությամբ որոշելու ենք մեր երկրի գալիքի կերտման ուղին: Մենք ամենքս ուզում ենք ապրել խաղաղ ու անվտանգ, կայուն զարգացող երկրում, հեռու ցնցումներից ու պառակտումներից և կառուցել մեր արժանապատիվ ու բարօր կյանքը ազգաշահ ու հայրենաշեն ձեռքբերումների վրա։ [Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը արտահերթ խորհրդարանական ընտրությունների առիթով հանդես է եկել ուղերձով]   11։47- «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը հունիսի 20-ին ժամը 11:30-ին կքվեարկի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի /Անդրանիկի թաղամաս, 120 հասցեին հարող հատված/ թիվ 95 մանկապարտեզ ՀՈԱԿ-ում տեղակայված 7/46 ընտրատեղամասում: [Արդար Հայաստան] 11։38- Հայաստանում ընտրությունների լուսաբանման համար հավատարմագրվել են օտարերկրյա 49 և տեղական 68 լրատվամիջոցներ։ Դիտորդական առաքելություն կիրականացնեն միջազգային 8 և տեղական 19 կազմակերպություններ։ |armenpess.am| 11։31- Կոչ եմ անում ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցություններին ու դաշինքներին, պատգամավորության բոլոր թեկնածուներին, որ իրենց գործողություններում և գործելակերպում լինեն զուսպ և կշռադատված։ Իրավապահ մարմիններից պահանջում եմ, որ նրանք խստագույնս կանխեն օրենքի և իրավունքի ցանկացած խախտում, լինեն անաչառ, դրսևորեն առավելագույն պատասխանատվություն, գործեն օրենքին հավատարիմ։ Այսօր լռության օր է։ Իսկ կիրակի՝ հունիսի 20-ին, յուրաքանչյուրը պետք է կատարի իր ընտրությունը: Որ քաղաքական ուժին էլ նախապատվություն տաք, ինչպիսին էլ լինի ձեր որոշումը, հիշեք, որ դա որոշում է՝ հանուն Հայրենիքի, հանուն մեր պետության, հանուն ձեր և ձեր ընտանիքի վաղվա օրվա։Քվեարկե՛ք արդար ու ազատ, հաշվետու եղեք միա՛յն ու միա՛յն ձեր խղճին։ [Արմեն Սարգսյան]   11։19- Գորիսի համայնքապետարանի ենթակայությամբ գործող «Գուսան Աշոտ» մշակույթի կենտրոնի տնօրենը, ունենալով կազմակերպական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, ինչպես նաև նշված կենտրոնի աշխատակիցների՝ իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվելու հանգամանքը, նույն կենտրոնի գրադարանավարին և մյուս աշխատակիցներին հարկադրել է մասնակցել «Հայաստան» դաշինքի կողմից 2021 թ. հունիսի 7-ին Գորիս համայնքում կազմակերպված նախընտրական քարոզչությանը, այնուհետև 2021 թ. հունիսի 15-ին աշխատանքից ազատելու սպառնալիքով՝ գրադարանավարին խոչընդոտել է մասնակցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավաքին: [ՀՀ ՔԿ] 11։09- Ընտրողներն ընտրատեղամասում ստանալու են մասնակցող քաղաքական ուժերի թվին համապատասխան քվեաթերթիկներ, ընտրելու են դրանցից միայն մեկը, դնելու են ծրարի մեջ ու գցելու քվեատուփը: Ընտրողները քվեաթերթիկի վրա գրիչով որևէ նշում չեն կատարելու։ Տեղի է ունեցել նաև էլեկտրոնային եղանակով քվեարկություն, որն ավարտվել է հունիսի 13-ին. ցուցակներում ներառված էր 650 անձ։  |armenpress.am| 11։08- Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվն է 2.578.678։ [ՀՀ ոստիկանություն] 10:50- Արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկության համար ընտրատեղամասերը կբացվեն 08։00-ին։ Հանրապետության ողջ տարածքում 38 ընտրատարածքներում կգործի 2008 տեղամաս։ |armenpress.am| 10:42- Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցներով հաստատվել է ձայնագրության մեջ առկա դեպքի փաստն ու բովանդակությունը։ Արմեն Չարչյանն ընդունել է ձերբակալման օրն առավոտյան գործընկերների հետ ունեցած զրույցի փաստը։ Դատախազն օրենքով սահմանված կարգով ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով միջնորդություններ է ներկայացրել Ա. Չ.-ի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ։ [Գլխավոր դատախազություն] 10։40- Հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ այսօր Հայաստանում լռության օր է: Նախընտրական քարոզչությունն այսօր ԸՕ-ով արգելվում է: Նախընտրական քարոզարշավը մեկնարկեց հունիսի 8-ից և տևեց 12 օր։ Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է 25 ուժ՝  21 կուսակցություն և 4 դաշինք։ Ընտրողների ընդհանուր թիվը 2 միլիոն 583 հազար 823 է: |tert.am|
23:02 - 19 հունիսի, 2021
«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորության թեկնածուների, ակտիվիստների նկատմամբ իրականացվում է հստակ քրեական հետապնդում՝ քաղաքական ենթատեքստով․ Սոս Հակոբյան

«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորության թեկնածուների, ակտիվիստների նկատմամբ իրականացվում է հստակ քրեական հետապնդում՝ քաղաքական ենթատեքստով․ Սոս Հակոբյան

«Պատիվ ունեմ» դաշինքի հանրային կապերի և ԶԼՄ-ների հետ հարաբերությունների պատասխանատու Սոս Հակոբյանը հրավիրված հրատապ ասուլիսում խոսեց դաշինքի պատգամավորության թեկնածուների ձերբակալությունների, քվեաթերթիկների եւ քվեատուփերի խոտանված լինելու իրենց տեղեկությունների մասին։ Նա զգուշացրեց, որ ասուլիսը չի կրում քարոզչական բնույթ, եւ չի խախտվելու որեւէ արգելք, նորմ, որը վերաբերում է լռության օրվան։ Խոսելով ձերբակալություններ մասին՝ Հակոբյանը նշեց․ «1 շաբաթից ավելի է, որ իրավապահ համակարգի կողմից շարունակվում են մասսայական ճնշումները «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորության թեկնածուների նկատմամբ, դրանք հատկապես ուժգնացել են երկվանից եւ այսօր առավոտվանից»։ Նա նշեց, որ դաշինքի պատգամավորության թեկածուները, շտաբային ակտիվիստները, կողմնակիցները տասնյակներով բերման են ենթարկվում։ Նրա խոսքով՝ կան նաեւ ձերբակալվածներ՝ մոտավորապես 30 անձ, որ այսօր կանչվել են տարբեր քննչական մարմիններ՝ բացատրություններ տալու, իսկ կոնկրետ դեպքերում իրականացվել են նաեւ խուզարկություններ։ «Վայոց ձորում իր աշխատանքը կատարող պատգմավորության թեկնածու Գոռ Սեդրակյանի բնակարանում, գրասենյակում  եւ մեքենայում խուզարկություն են իրականացրել, որը տեւել է մի քանի ժամ․ ոչինչ չի հայտնաբերվել, որից հետո Սեդրակյանը ձերբակալվել է։ Խուզարկության ընթացքում չի հայտնաբերվել որեւէ իր, հանցակազմ պարունակող արարք չի եղե․ ըստ էության, չկա անգամ կողմնակի ապացույց»։ Սոս Հակոբյանը հիշեցրեց, որ պատգավորության թեկնածուները օգտվում են անձեռնամխելիությունից, ինչը նշանակում է, որ վերջիններիս կարելի է ձերբակալել միայն եթե հայտնաբերվում են հանցանքի կատարման պահին կամ դրանից անմիջապես հետո․  «Բացի Սեդրակյանից ձերբակալվել է եւս 2 անձ։ Մենք ունենք նաեւ իրավապահ մարմինների ապօրինի գործողությունների փաստ Հրազդանում․ 40 հոգով ներխուժել են «Պատիվ ունեմ» դաշինքի շտաբ եւ առանց դատարանի սանկցիայի առկայության իրականացրել խուզարկություն»,-ասաց Հակոբյանը՝ նշելով, որ կատարվողն ուղղակի ամենաթողություն է, իսկ Հրազդանում նույնպես ոչինչ չի հայտնաբերվել։ «Ստանում ենք ահազանգեր պատգամավորության թեկնածուներից եւ ակտիվիստներից, որ զանգեր են ստանում, որով կանչվում են ոստիկանության բաժանմունքներ կամ քննչական մարմիններ։ Կան նաեւ հստակ տեղեկություններ, որ հետեւում են մեր մարդկանց, որոնք մինչ այսօր զբաղված էին քարոզչությամբ, նրանցից մի մասին մի քանի ժամից բաց են թողնում, մի մասին՝ պահում ավելի երկար»,-ասաց Հակոբյանը՝ հրավիրելով բոլոր միջազգաին դիպորդների եւ լրատվամիջոցների ուշադրությունը։ Նա ձերբակալությունները որակեց է հստակ քրեական հետապնդում՝ քաղաքական ենթատեքստով։  Հակոբյանը խոսեց նաեւ իրենց տեղեկությունների մասին, համաձայն որոնց, ի շարք տեղամասերում «Պատիվ ունեմ» դաշինքի քվեաթերթիկների վրա կան կապույտ նշումներ․ «Կարծես թե դրանք ինչ-որ տեխնիկական խոտաններ են՝ ներկի տեսքով։ Մի քանի տեղամասերում դրանց թիվը հասնում է 300-ի։ Մենք ԿԸՀ-ի ուշադրությանն ենք հրավիորւմ այս փաստին, որպեսզի տրվի հստակ պարզաբանում՝ հետագայում ընտրողի քվեն անվավեր չճանաչելու համար»։ Դաշինքի մամուլի պատասխանատուն խոսեց նաեւ քվեատուփերի մասին․«Քվեատուփեր վրա անհասկանալի անցեր կան, որոնցով առնվազն հնարավոր է թերթիկներ ներս գցել, սա նույնպես կարող է ապօրինությունների առիթ դառնալ, ԿԸՀ-ի, դիպորդների ուշադրությունը հրավիրում ենք նաեւ քվեատուփերի միտումնավոր կամ ոչ միտումնավոր խոտաններին»։ Սոս Հակոբյանը անդրադարձավ նաեւ քվեաթերթիկներ պահման վերաբերյալ իրենց տեղեկություններին՝ նշելով, որ եթե դրանք հնարավոր չի լինում պահել չհրկիզվող պահարաններում, ապա դրանք պահվում են կանոնների խախտմամբ։ «Քվեաթերթիկները կարող են վնասվել, նշումներ արվել, որպեսզի դրանք անվավեր համարվեն»,-ասաց Հակոբյանը։
21:39 - 19 հունիսի, 2021
Ինչպես է Հանրային հեռուստաընկերության լրատվական կայքը ուղիղ ռեժիմով լուսաբանել քարոզարշավը․ ամփոփ տվյալներ

Ինչպես է Հանրային հեռուստաընկերության լրատվական կայքը ուղիղ ռեժիմով լուսաբանել քարոզարշավը․ ամփոփ տվյալներ

Հունիսի 7-ից մեկնարկել է նախընտրական քարոզչությունը և ավարտվել երեկ։ Այսօր լռության օր է, որի ժամանակ քաղաքական ուժերը և լրատվամիջոցները պետք է ակտիվություն չդրսևորեն և չիրականացնեն քարոզչություն։ Արդեն վաղը՝ հունիսի 20-ին տեղի կունենա քվեարկությունը։  Նախընտրական քարոզչության 12 օրերին հեռուստաընկերությունները և մեդիան պարտավորվում էին կուսակցություններին և դաշինքներին լուսաբանել հավասարապես։ Հանրային հեռուստաընկերության պարտավորությունները համեմատած մասնավոր ընկերությունների ավելի մեծ են, քանի որ Հանրային հեռուստաընկերությունը ֆինասնավորվում է հանրության կողմից և պարտավոր է հնարավորինս ներկայացնել հանրության շահերը։ Այլ կերպ ասած՝ Հանրայինը պարտավորություն ունի մշտապես լինել օբյեկտիվ և անկախ նախընտրական քարոզչության շրջանից լուսաբանումն իրականացնել հավասարապես։ Սակայն Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայությունը՝ 1lurer.am լրատվական կայքը, մինչև քարոզարշավի մեկնարկը live ռեժիմով լուսաբանել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ծրագրային դրույթների ներկայացումը, ի տարբերություն, օրինակ, «Հայաստան» դաշինքի ծրագրային դրույթների ներկայացման։ Infocom-ը պաշտոնական հարցմամբ դիմել էր Հանրային հեռուստաընկերություն՝ պարզելու, թե հեռուստաընկերության առցանց լրատվական կայքն ի՞նչ սկզբունքով է իրականացնում կուսակցությունների լուսաբանումը։ Պաշտոնական պատասխանի համաձայն՝ Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայությունը քաղաքական բոլոր ուժերին պաշտոնապես ուղարկել է գրություն, համաձայն որի, Հանրայինը պատրաստ է լուսաբանել հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում քաղաքական ուժերի կազմակերպած նախընտրական միջոցառումները։ Ուստի քաղաքական ուժերին խնդրել էին իրենց միջոցառումների անցկացնման ժամանակացույցը նախապես ուղարկել նշված էլ․ փոստին, դրանց պատշաճ լուսաբանումն ապահովելու համար։ Համաձայն տրամադրված պատասխանի՝ Լուրերի լուսաբանումն ուղիղ համեմատական է տվյալ օրվա տեղեկատվական օրակարգին։ Հարցման պատասխանի համաձայն՝ Live լուսաբանումն իրականացվել է լրատվական կայքի տեխնիկական հագեցվածության սահմաններում: Մասնավորապես, հաշվի են առնվել զուգահեռ ուղիղ եթերներ ապահովելու տեխնիկական եւ վեբ հնարավորությունները՝ փորձելով հնարավորինս համաչափ լուսաբանել բոլորին։ Հարցին, թե ինչու չի լուսաբանվել, օրինակ, «Հայաստան» դաշինքի ծրագրային դրույթների ներկայացման միջոցառումը, Հանրային հեռուստաընկերության պատասխանում նշվում է, որ «Հայաստան» դաշինքից հրավեր չի ստացվել։ Ինչ վերաբերում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ծրագրային դրույթների ներկայացման միջոցառմանը, ապա այդ դեպքում Հանրային հեռուստաընկերությունը հրավեր ստացել է։ Ստորև ներկայացնում ենք հունիսի 10-ից 17-ն ընկած ժամանակահատվածում Հանրային հեռուստաընկերության լրատվական կայքի՝ քաղաքական ուժերի live լուսաբանումների քանակը։ Նշենք, որ այն ուժերը, որոնք ներկայացված չեն, կամ հրավեր չեն ուղարկել Հանրային հեռուստաընկերությանը, կամ live չեն ունեցել, կամ էլ լուսաբանումն իրականացվել է առաջնահերթության սկզբունքով, այսինքն՝ միաժամանակ եղել են մի քանի live-եր, որի պարագայում ընտրվել են դրանցից մեկը կամ մի քանիսը՝ կախված տեխնիկական հնարավորություններից։ Հավելենք, որ Հանրային հեռուստաընկերությունը, անգամ անձնապես լուսաբանում չիրականացնելու պարագայում, լուրերի շրջանակներում անդրադարձել է բոլոր կուսակցություններին և դաշինքներին՝ փորձելով ապահովել հավասար լուսաբանում։  Հունիսի 10-ին live եթերաժամանակ է տրամադրվել «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը՝ 25 րոպե, «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք» դաշինքին՝ 51 րոպե, «Հայաստան» դաշինքին՝ 34 րոպե, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը՝ 15 րոպե, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ 1 ժամ և «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցությանը՝ 1 ժամ 13 րոպե։ Հունիսի 11-ին live եթերաժամանակ է տրամադրվել «Հայաստան» դաշինքին՝ 31 րոպե, «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը 26 րոպե, «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք» դաշինքին՝ 50 րոպե, «Պատիվ ունեմ» դաշինքին՝ 1 ժամ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ 1 ժամ 11 րոպե և «Ազգային-ժողովրդավարական բևեռ» կուսակցության հանրահավաքը 54 րոպե։ Հունիսի 12-ին live եթերաժամանակ է տրամադրվել «Հայաստան» դաշինքին՝ 30 րոպե, «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը՝ 15 րոպե, «Պատիվ ունեմ» դաշինքին՝ 30 րոպե, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը՝ 25 րոպե և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը 1 ժամ 5 րոպե։ Հունիսի 13-ին live եթերաժամանակ է տրամադրվել «Հայաստան» դաշինքին՝ 49 րոպե, «Պատիվ ունեմ» դաշինքին՝ 30  րոպե, «Ազգային-ժողովրդավարական բևեռ»-ի հանրահավաքը Ազատության հրապարակում 13 րոպե, «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը՝ 12 րոպե և «Քաղացիական պայմանագիր» կուսակցությանը՝ 1 ժամ 44 րոպե։ Հունիսի 14-ին live եթերաժամանակ է տրամադրվել «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը՝ 17 րոպե, «Պատիվ ունեմ» դաշինքին՝ 28 րոպե, «Ազգային-ժողովրդավարական բևեռ»-ի հանրահավաքը Ազատության հրապարակում 50 րոպե, «Հայաստան» դաշինքին՝ 14 րոպե, «Քաղացիական պայմանագիր» կուսակցությանը՝ 1 ժամ 18 րոպե և «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ին՝ 1 ժամ։ Հունիսի 15-ին live եթերաժամանակ է տրամադրվել «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը՝ 17 րոպե, «Հայաստան» դաշինքին՝ 36 րոպե, «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ին՝ 54 րոպե, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը՝ 17 րոպե և «Քաղացիական պայմանագիր» կուսակցությանը՝ 1 ժամ 26 րոպե։ Հունիսի 16-ին live եթերաժամանակ է տրամադրվել «Հայաստան» դաշինքին՝ 44 րոպե, «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը՝ 11 րոպե, «Պատիվ ունեմ» դաշինքին՝ 12 րոպե, «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ին՝ 56 րոպե, «Քաղացիական պայմանագիր» կուսակցությանը՝ 1 ժամ 28 րոպե և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը՝ 28 րոպե։ Հունիսի 17-ին live եթերաժամանակ է տրամադրվել «Պատիվ ունեմ» դաշինքին՝ 47 րոպե, «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը՝ 27 րոպե, «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ին՝ 53 րոպե, «Հայաստան» դաշինքին՝ 43 րոպե, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը՝ 54 րոպե և «Քաղացիական պայմանագիր» կուսակցությանը՝ 1 ժամ 37 րոպե։ Ընդհանուր առմամբ նշված օրերի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը live լուսաբանման համար տրամադրվել է 10 ժամ 49 րոպե, «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ին՝ 5 ժամ 24 րոպե, «Հայաստան» դաշինքին՝ 4 ժամ 41 րոպե, «Պատիվ ունեմ» դաշինքին՝ 3 ժամ 27 րոպե, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը՝ 2 ժամ 19 րոպե, «Ազգային-ժողովրդավարական բևեռ» կուսակցությանը՝ 1 ժամ 57 րոպե, «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը՝ 1 ժամ 30 րոպե, և «Հայ ազգային կոնգրես» կուսակցությանը՝ 1 ժամ 13 րոպե։ Եվս մեկ անգամ նշենք, որ live լուսաբանումների քանակը կարող է պայմանավորված լինել նաև տվյալ ուժերի հրավերներից և համեմատաբար ավելի շատ live հեռարձակումներ անելուց, սակայն ինչպես տեսնում ենք լուսաբանումների պատկերից՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության լուսաբանման համար հատկացվող ժամանակը կտրուկ տարբերվում է մյուս կուսակցությունների լուսաբանման համար հատկացվող ժամանակից Նարեկ Մարտիրոսյան
18:15 - 19 հունիսի, 2021
Հարցումների արդյունքներով Նիկոլ Փաշինյանի հաղթանակը կանխորոշած ընկերության տնօրենը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի կինն է

Հարցումների արդյունքներով Նիկոլ Փաշինյանի հաղթանակը կանխորոշած ընկերության տնօրենը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի կինն է

Երեկ երեկոյան «Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» ՀԿ-ն հրապարակեց իր նախաձեռնությամբ իրականացրած հանրային կարծիքի ուսումնասիրությունը քվեարկության նախապատվությունների վերաբերյալ։ Համաձայն հրապարակված արդյունքների՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին կքվեարկեն հարցվածների 33%-ը, «Հայաստան» դաշինքի օգտին՝ 6,8%-ը, իսկ մնացած կուսակցությունների և դաշինքների օգտին քվեարկողների թիվն ավելի քիչ է։  Ստացվում է, որ հարցման արդյունքների համաձայն՝ միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կարող է հաղթահարել անցողիկ 5%-ի շեմը։ Դաշինքների դեպքում անցողիկի շեմը 7% է։ Նշված հարցման արդյունքներով կիսվել են civic.am և freenews.am լրատվական կայքերը։ Նախընտրական քարոզարշավի ավարտին ուսումնասիրությունների նման հետաքրքիր պատկեր ստացող ընկերությունը կապվում է իշխանության ներկայացուցիչների հետ։ «Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» ՀԿ-ն հիմնադրվել է 2005 թվականի հուլիսի 19-ին։ Մինչև 2012 թվականի դեկտեմբերի 19-ը անվանվել է ««Ազատ հասարակություն» իրավապաշտպան երիտասարդական» ՀԿ, ապա վերանվանվել է «Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» ՀԿ։ Վերջինս զբաղվում է PR խորհրդատվությամբ և հետազոտություններով։ ՀԿ-ն կատարել է մի շարք հետազոտություններ, որոնց թվում է նաև այս մեկը։ Համաձայն կատարված հետազոտության՝ 34%-ը կարծում են, որ Հայաստանի ապագան կլավանա, 38%-ը կարծում են, որ ապագան դանդաղ, բայց կլավանա, 3%-ը կարծում են, որ ապագան դանդաղ, բայց կվատանա, 9%-ը կարծում են, որ կվատանա, 14%-ը դժվարանում են պատասխանել, 2%-ը՝ հրաժարվում։ Նույն հետազոտության արդյունքների համաձայն՝ հարցվածների 44,1%-ը դրական է վերաբերում Նիկոլ Փաշինյանին։ Ռոբերտ Քոչարյանին դրական է վերաբերում հարցվածների 13%-ը, Լևոն Տեր-Պետրոսյանին՝ 9,4%-ը, Սերժ Սարգսյանին՝ 3,8%-ը։ Հարցման այսպիսի արդյունքներ ստացող ընկերության տնօրենը Լիանա Բալյանն է։ Վերջինս Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանի կինն է։ Լիանա Բալյանի ներկայացրած հայտարարագրից տեղեկանում ենք, որ վերջինս 2020 թվականի ընթացքում մոտ 5 մլն դրամի աշխատավարձ է ստացել նաև ՀՀ կառավարությունից, սակայն նշված չէ, թե կոնկրետ ինչ ծառայությունների դիմաց։ «Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» ՀԿ-ի նախկին տնօրենը եղել է հենց Ռուբեն Սարգսյանը, որը հետագայում աշխատանքի է անցել  Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում որպես նախարարի տեղակալ։ Սարգսյանի պաշտոնը ստանձնելու հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա եղել է հետազոտություններ իրականացնող այս ընկերության հիմնադիր խորհրդի անդամ, իսկ տարեկան հայտարարագրից տեղեկանում ենք, որ շարունակում է լինել հիմնադիր խորհրդի անդամ։ Ամփոփելով՝ կարող ենք եզրակացնել, որ հարցման արդյունքները կարող են պակաս արժանահավատ թվալ, քանի որ հարցում իրականացնող ընկերության տնօրենը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանի կինն է։ Սարգսյանն էլ հանդիսանում է հարցում իրականացնող ընկերության հիմնադիր խորհրդի անդամ։ Նարեկ Մարտիրոսյան
16:01 - 19 հունիսի, 2021
Վաղը կայանալիք ընտրություններում հաղթող սուբյեկտը մեկը պետք է լինի, և այն պետք է լինի ՀՀ քաղաքացին․ Նիկոլ Փաշինյան

Վաղը կայանալիք ընտրություններում հաղթող սուբյեկտը մեկը պետք է լինի, և այն պետք է լինի ՀՀ քաղաքացին․ Նիկոլ Փաշինյան

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կոչը․ «Երեկ ավարտվեց խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզչությունը։ Այսօր ես ուղիղ եթեր եմ մտել արձանագրեու համար արտահերթ ընտրութուններին յուրաքանչյուրիդ մասնակցելու կարևորությունը, ուզում եմ ընդգծել, որ ձեզնից յուրաքանչյուրը այօսր և առավել ևս վաղը ունի բարձրագույն իշխանության կարգավիճակ։ Եվ այդ բարձրագույն իշխանության կարգավիճակը յուրաքանչյուրը իրացնելու է ընտրական տեղամասեր գնալու և իր որոշումը, իր քվեարկությունը կատարելու միջոցով։ Ես ուզում եմ բոլորիդ կոչ անել, որ անպայման գնաք ընտրական տեղամասեր, կատարեք ձեր ընտրությունը, կատարեք ձեր քայլը, կատարեք ձեր որոշումը և ձևավորեք կառավարություն։ Իհարկե, արդեն իսկ տեսնում ենք, որ կան ընտրությունների արդյունքների վրա  ազդելու որոշակի փորձեր, բայց նաև տեսնում ենք, որ դա չի ստացվելու, որովհետև մեր իրավապահ համակարգը շատ արդյունավետ հակազդում է ընտրակաշառք բաժանելու, ընտրողների  կամքի վրա ապօրինի ազդեցություն գործելու բոլոր դեպքերի վրա, և համոզված եղեք, որ այդ պրակտիկան շարունակվելու է։ Եվ ուրեմն ժողովրդի ընտրությունը, քվեարկությունը հստակ արձանագրվելու  է և արտահայտելու է ընտրական ամփոփիչ արձանագրությունների տեսքով։ Սիրելի հայրենակիցներ, ՀՀ հպարտ քաղաքացիներ հույս ունեմ ու համոզված եմ, որ ուժեղ եք։ Ինչո՞ւ եմ այսպես ասում, որովհետև վաղը կայանալիք ընտրություններում հաղթող սուբյեկտը մեկը պետք է լինի և այդ սուբյեկտը պետք է լինի ՀՀ քաղաքացին, որովհետև նրա կատարած սկզբունքային ընտրությունը հստակ և աներկբա արձանագրվելու է ընտրական ամփոփիչ արձանագրություններում։ Ես հույս ունեմ, և վստահ եմ, որ կգնաք ընտրատեղամասեր, կկատարեք ձեր ընտրությունը և ՀՀ համար կբացեք նոր էջ, ի վերջո հաղթահարելով այն քաղաքական ճգնաժամը, խժդժությունները, որոնք վերջին 7-8 ամիսների ընթացքում ձևավորվել են։ Եվ ուրեմն, իմ կոչը, խնդրանքը , հորդորը՝ անպայման գնալ ընտրատեղամասեր և կատարել ընտրություն»։  
13:33 - 19 հունիսի, 2021
Նիկոլ Փաշինյանի հրապարակած ճանապարհային քարտեզի իրականացված և չիրականացված կետերը

Նիկոլ Փաշինյանի հրապարակած ճանապարհային քարտեզի իրականացված և չիրականացված կետերը

2020-ի 44-օրյա պատերազմից հետո, երբ հանրության տարբեր շրջանակներ խոսում էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի անհրաժեշտության մասին, վերջինս ֆեյսբուքյան գրառմամբ հայտարարեց․ «Իրավիճակը հաղթահարելու և երկրում կայունություն ու անվտանգություն հաստատելու հիմնական պատասխանատուն ես եմ: Ընդգծում եմ, որ ոչ միայն մտադիր չեմ հրաժարվել այդ պատասխանատվությունից, այլև ամբողջությամբ լծված եմ այդ գործին»: Նիկոլ Փաշինյանն առաջիկա անելիքների ճանապարհային քարտեզ ներկայացրեց, որտեղ նշված 15 կետերի իրագործումը անշրջելի ինստիտուցիոնալ ռելսերի վրա դնելը, ըստ Փաշինյանի, կտևեր վեց ամիս: Նա հայտնեց, որ այս տարվա հունիսին ճանապարհային քարտեզի իրագործման հաշվետվություն կներկայացնի, ինչի արդյունքներով, հանրային կարծիքը ու արձագանքը հաշվի առնելով, որոշում կկայացվի հետագա անելիքների վերաբերյալ:   Այս տարվա մարտին հայտնի դարձավ, որ հունիսի 20-ին կայանալու են խորհրդարանական արտահերթ ընտրություններ, Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց։ Արդեն հունիսն է, բայց Փաշինյանը դեռ չի ներկայացրել ճանապարհային քարտեզի արդյունքների մասին հաշվետվություն։ Infocom-ը ներկայացնում է, թե Փաշինյանի ճանապարհային քարտեզի որ կետերն են իրականացվել, որոնք են մասամբ իրականացվել, որոնք չեն իրականացվել։ 1. Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացի վերականգնում ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափով՝ Արցախի կարգավիճակի և իրենց բնակության վայրեր արցախցիների վերադարձի հարցի առաջնահերթության ընգծմամբ: 44-օրյա պատերազմից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ հանդիպումներ, ռազմագերիներին վերադարձնելու մասին հայտարարություններ եղել են, սակայն բանակցային գործընթացը չի վերականգնվել։  2020-ի նոյեմբերի 12-ին ԱԳ նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույցներ ունեցավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչների հետ։ ԱԳՆ տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում էր, որ կողմերն ընդգծել են ՄԽ համանախագահության գործունեության շարունակականության ապահովման կարևորությունը՝ որպես միջնորդության միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափ:  Դեկտեմբերի 3-ին համանախագահ երկրները հայտարարություն տարածեցին՝ Հայաստանին և Ադրբեջանին կոչ անելով օգտվել ներկայիս հրադադարից և բանակցել համանախագահների հովանու ներքո՝ երկարատև և կայուն խաղաղության համաձայնագրի հասնելու համար: Դեկտեմբերի 14-ին ՄԽ համանախագահները ժամանեցին Հայաստան։ ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանը և համանախագահներն իրենց հանդիման ընթացքում անդրադարձան ՄԽ համանախագահության շրջանակներում խաղաղ գործընթացի վերսկսման հարցերի շրջանակին: Համանախագահները հանդիպում ունեցան Նիկոլ Փաշինյանի հետ։ Փաշինյանը նշեց, որ  անհրաժեշտ է համարում ՄԽ համանախագահության ձևաչափում բանակցությունների վերականգնումը՝ ԼՂ հիմնախնդրի համապարփակ կարգավորման նպատակով:  Այս տարվա մայիսի 5-ին տարածած հայտարարությամբ համանախագահները Հայաստանին և Ադրբեջանին  կոչ արեցին կոնկրետ քայլեր ձեռնարկել՝ կայուն խաղաղության հաստատմանը նպաստող փոխվստահության մթնոլորտ ստեղծելու ուղղությամբ։ «Սա ներառում է առաջին իսկ հնարավորության դեպքում համանախագահների հովանու ներքո բարձր մակարդակի քաղաքական երկխոսության վերսկսումը»,- ասվում էր հայտարարության մեջ։ Մայիսի 5-ին՝ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում, ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանը նշեց․ «Ուրախ եմ արձանագրել, որ Մինսկի խմբի համանախագահությունը, կարծես, ցույց է տալիս իր վերակենդանացման նշանները: Լիահույս ենք, որ կունենանք ուժեղ համանախագահություն, որը ոչ թե կհետևի, այլ կհամակարգի գործընթացները»։  Մինսկի խմբի համանախագահների հետագա հայտարարությունները վերաբերում են հիմնականում  հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարված իրավիճակին։  Երեկ՝ «Քաղաքացիական պայամանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավի ընթացքում, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Ղարաբաղի հարցի լուծման առումով  լիարժեքորեն ընդունում ենք այն տրամաբանությունը, որ իրենց հայտարարություններում առաջ են տանում ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, այն է՝ ԼՂ հարցը կարգավորված չէ, և այն սպասում է համապարփակ և ամբողջական լուծման»։  Այսպիսով, Նիկոլ Փաշինյանի ճանապարհային քարտեզի առաջին և կարևոր կետերից մեկն իրականացված չէ․ Արցախյան հարցի բանակցային գործընթացը ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափով չի վերականգնվել, չնայած այդ ուղղությամբ հայկական կողմը և համանախագահները հայտարարություններ արել են։ 2․ Ապահովել արցախցիների վերադարձը իրենց հայրենի օջախներ: Ամբողջությամբ վերականգնել Արցախի բնականոն կյանքը: ԼՂ իշխանությունների վերահսկողության տակ գտնվող տարածքների վնասված տների, բնակարանների և ենթակառուցվածքների վերականգնում: Արցախահայերը ՀՀ կառավարությունից ստանում են սոցիալական աջակցություն մի քանի միջոցառումնրի շրջանակում, նրանց համար զբաղվածության ծրագրեր են իրականացվում։ Հայտարարվել է ՀՀ և ԱՀ կառավարությունների միջև համաձայնագրի կնքման մասին, որով Հայաստանը 10 տարվա ընթացքում կհատկացնի տարեկան լրացուցիչ մինչև 10 մլրդ դրամ՝ պատերազմի հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց պետական ֆինանսական աջակցության նպատակով։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, մեր հարցմանն ի պատասխան, հայտնել են, որ Արցախից տեղահանված և ժամանակավորապես Հայաստանում բնակվող քաղաքացիների հաշվառում չի իրականացվում։ Հարցում ենք ուղարկել ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարություն՝ հասկանալու, թե ՀՀ-ում ժամանակավորապես ապաստանած քանի արցախցի է վերադարձել ԱՀ, և քանիսն է շարունակում մնալ Հայաստանում։  Քարտեզի՝ արցախահայերի աջակցման միջոցառումներին վերաբերող կետն իրականացված է, սակայն պետք է հաշվի առնել, որ ոչ բոլոր տեղահանված արցախահայերն են վերադարձել ԱՀ։ 3․ Զոհված զինծառայողների և քաղաքացիների ընտանիքների սոցիալական երաշխիքների ապահովում:  Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը փոխհատուցում է տրամադրում զոհված զինծառայողների ընտանիքներին։ Աջակցություն են ստանում նաև զոհված քաղաքացիական անձանց ընտանիքները։ Քարտեզի այս կետն իրականացվել է։ 4․ Պատերազմական գործողությունների ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքում տուժած բնակելի և հանրային կառույցների և ենթակառուցվածքների վերականգնում։  Այս ուղղությամբ կառավարությունը միջոցառումներ է իրականացրել և շարունակում է իրականացնել։ Պատերազմի հետևանքով տուժած բնակավայրերի բնակիչները միանվագ դրամական աջակցություն են ստացել։ Շուռնուխում Հայաստանի վերահսկողությունից դուրս է մնացել 12 բնակելի տուն, Որոտանում՝ 1։ Շուռնուխում այս պահին իրականացվում են 12 բնակելի տների կառուցման աշխատանքներ։ Կառավարությունից, մեր հարցմանն ի պատասխան, հայտնել են, որ աշխատանքները կավարտվեն դեկտեմբերին։ Քարտեզի այս կետը ևս իրականացված է։ 5․ Հաշմանդամություն ստացած զինծառայողների սոցիալական երաշխիքների, պրոթեզավորման գործընթացի և մասնագիտական վերապատրաստման ապահովում: ՀՀ աշխատանքի և սոցիալական նախարարությունից, մեր հարցմանն ի պատասխան, հայտնել են, որ նոյեմբեի 25-ից հունիսի 10-ը պատերազմի ընթացքում վիրավորում, վնասվածք ստացած 1283 քաղաքացու հաշմանդամություն է սահմանվել, 80 հոգու տրամադրվել են պրոթեզներ, և այս գործընթացը շարունակվում է։ Հաշմանդամություն ստացած քաղաքացիների համար գործադիրը միջոցառումների ծրագիր է հաստատել, նրանք դրամական աջակցություն են ստանում։ ԱՍՀ Նախարարությունից մեզ հայտնել են, որ հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների համար մասնագիտական վերապատրաստման դասընթացների ընթացակարգերը մշակման փուլում են։ Քարտեզի այս կետը, փաստորեն, միայն մասամբ է կատարվել, քանի որ պրոթեզավորման գործընթացը դեռ չի ավարտվել, հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներն էլ մասնագիտական վերապատրաստմամբ դեռևս ապահովված չեն։  6․ Գերեվարված զինվորականների և քաղաքացիական անձանց շուտափույթ վերադարձ: Նրանց ընտանիքների սոցիալական երաշխիքների ապահովում: Անհետ կորածների ճակատագրերի շուտափույթ պարզաբանում: Նրանց ընտանիքների սոցիալական երաշխիքների ապահովում: Գերեվարված և անհետ կորած անձանց ընտանիքներին ամսական դրամական աջակցություն տրամադրվում է։ Գերիների հարցը, սակայն, շարունակում է մնալ չլուծված։ Դեկտեմբերից մինչ այս պահը, ըստ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած վերջին տվյալների, Հայաստան է վերադարձել  89 գերի։ Փաշինյանը հայտնել է, որ կա 60 գերի, ինչպես նաև կա վարկած 110 գերու մասին: Անհետ կորած զինծառայողների թիվը, ըստ Փաշինյանի,  268 է։ Այսպիսով, գերիներին և անհետ կորածներին վերաբերող կետը ևս լիարժեք չի իրականացվել։ 7․ Պատերազմին մասնակցած անձանց և ընդհանուր առմամբ հանրության հոգեբանական ռեաբիլիտացիայի համակարգի ձևավորում։ Կառավարության որոշմամբ պատերազմին մասնակցած անձանց հոգեբանական ծառայություններ են տրամադրվում։ Այս կետը իրականացվել է։  8․ Զինված ուժերի բարեփոխումների ծրագրի հաստատում և բարեփոխումների մեկնարկ:  Կառավարության՝ փետրվարի 25-ի նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց․ «Այսօր ես մտադիր եմ ստորագրել որոշում աշխատանքային խումբ ձևավորելու վերաբերյալ Պաշտպանության նախարարի գլխավորությամբ, որն արդեն կիրականացնի Զինված ուժերի բարեփոխումների հայեցակարգի ճանապարհային քարտեզի ժամանակացույցի ձևավորումը: Ես ուզում եմ առանձնահատուկ ընդգծել, որ մենք այս գործընթացում մտադիր ենք էլ ավելի սերտ համագործակցություն հաստատել մեր անվտանգային թիվ մեկ գործընկերոջ՝ Ռուսաստանի Դաշնության հետ: Եվ համոզված ենք, որ այս գործընթացի արդյունքում, այդ համագործակցությունը կդառնա առավել, ավելի արդյունավետ անվտանգային ոլորտում, ռազմական համագործակցության ոլորտում և ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում: Եվ հույս ունեմ, որ մինչև «Ճանապարհային քարտեզի» ամփոփման ամսաթիվը, մենք այս հայեցակարգային աշխատանքի առնվազն, եթե ոչ ամբողջությամբ, այլ առնվազն մեծ մասն իրականություն կդարձնենք և գործնականում արդեն կսկսենք ձեռք բերված պայմանավորվածությունների ի կատար ածումը, որոշումների իրագործումը»։ Փաշինյանն ապրիլին հայտնեց ԶՈՒ բարեոխումների մեկնարկի մասին։ Մայիսի 5-ին՝ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հայտարարեց, որ ԶՈՒ բարեփոխումները վերաբերում են բոլոր ոլորտներին՝ օրենսդրական, կառուցվածքային, բուհական։ «Քանի որ մենք նաև նոր զենքի, սպառազինության ձեռքբերման ծրագիր ունենք, մենք պետք է նաև այդ զինատեսակները ներդնենք բուհերի  համակարգում»- ասաց Հարությունյանն իր ելույթում։ Նախարարը նաև նշեց՝ ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ մեր հրամկազմը պրակտիկա անցնի տարբեր պետությունների զորամասերում։  Այս հարցերի մասին մանրամասներ ստանալու նպատակով ՊՆ հարցում էինք ուղարկել Հարությունյանի ելույթից հետո, սակայն տեղեկության տրամադրումը պաշտպանական գերատեսչությունը մերժել է։ Այսպիսով, չնայած կառավարությունը հայտարարել է ԶՈՒ բարեփոխումների մեկնարկի մաիսն, դեռևս հայտնի չէ, թե կոնկրետ ինչ բարեփոխումների մասին է խոսքը, և դրանք ինչ արդյունքներ են տալիս/տալու։ 9․ Կորոնավիրուսի համավարակի հաղթահարում և դրա հետևանքների վերացում։ 10․ Տնտեսական ակտիվության միջավայրի վերականգնում: Ճանապարհային քարտեզի հրապարակումից հետո փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հոդված գրեց՝ անդրադառնալով այն քայլերին, որոնք անհրաժեշտ էր իրականացնել քարտեզի առնվազն երկու կետերը (կորոնավիրուսի համավարակի հաղթահարում և դրա հետևանքների վերացում, տնտեսական ակտիվության միջավայրի վերականգնում) կյանքի կոչելու համար։ Ըստ Ավինյանի՝ այս կետերի իրանականացումն ապահովվելու էր հետևյալ փոփոխություններով․ նոր տեսակի մշակաբույսերի, մասնավորապես՝ արտադրական կանեփի մշակում,  պետական գնումների ընթացակարգերում հակաճգնաժամային միջանկյալ ժամանակավոր գործիքի ներդրում, կորոնավիրուսի համավարակի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումների շարունակում և վերափոխում, խոշոր քաղաքաշինական ծրագրերի մեկնարկ՝ Երևանում և Հայաստանի համայնքներում։ Կառավարության՝ փետրվարի 4-ի նիստի ընթացքում գործադիրն ընդունեց ճանապարհային քարտեզի այս երկու կետերի իրականացումն ապահովող Տնտեսական արձագանքման ծրագիրը և գործողությունների պլանը։ Հունիսի 3-ին խորհրդարանն ընդունեց օրինագիծ, որով թույլատրվեց արտադրական կանեփի արտադրությունը, վաճառքը։ Հունիսի 11-ին հաստատվեց «ՀՀ-ում ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության 2022-2023 թվականների ծրագիրը»։ Ապրիլի 1-ին գործադիրը սահմանեց պետական գնումների ընթացակարգերում հակաճգնաժամային միջանկյալ մեխանիզմի կիրառման պայմանները: Նպատակը տեղական արտադրությունը խթանելն է։  Կառավարության որոշմամբ սահմանվում է, որ եթե գնման ընթացակարգի հրավերով նախատեսվում է նաև, որ  գնման մասնակիցը կնքվելիք պայմանագրով պարտավորվում է պայմանագիրը կատարելու ժամանակ գնային առաջարկով ներկայացվող արժեքի ավելի քան 50%-ն ուղղել հայաստանյան ծագում ունեցող աշխատանքային և (կամ) արտադրական ռեսուրսների օգտագործման միջոցով պայմանագրի կատարմանը, ապա վերջինիս փոխհատուցվում է պայմանագրի գնի 1%-ը:  Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումները շարունակվում են (1, 2, 3)։  Հայաստանը նաև ձեռք է բերել մի քանի տեսակի պատվաստանյութեր, կամավոր պատվաստման գործընթաց է իրականացվում։ Համավարակը, սակայն, հաղթահարված չէ․ այսօր գրանցվել է կորոնավիրուսային վարակի 86 նոր դեպք։ Կառավարության՝ ապրիլի 8-ի որոշմամբ ընդունվեց քաղաքաշինական բնագավառի զարգացման ռազմավարական ծրագիրը։ Մինչ այդ՝ մարտի 30-ին, Տիգրան Ավինյանը հայտնել էր, որ հայտարարվել է «Կոնդ» թաղամասի վերակենդանացման հայեցակարգի երկփուլ մրցույթը: Ապրիլի 7-ին էլ փոխվարչապետն ասել էր, որ  33-րդ թաղամասի կառուցապատման գործընթացն առաջ է գնում։ Թե որքանով են կառավարության ձեռնարկած քայլերը նպաստել կորոնավիրուսի հաղթահարմանը և տնտեսության կայունացմանը, դժվար է ասել, ամեն դեպքում ճանապարհային քարտեզում նշված երկու կետերի ուղղությամբ խոստացված քայլերը հիմնականում  արվել են, և այդ կետերը կատարված են։ Իհարկե, պետք է հաշվի առնել, որ Նիկոլ Փաշինյանն իր քարտեզում խոսել էր համավարակի հաղթահարման մասին, ինչը չի իրականացվել։ 11․ Ժողովրդագրական խնդիրների լուծման ծրագրերի ակտիվացում: Այս կետի իրականացման մասին տեղեկությունների բացակայության պատճառով հարցում ենք արել վարչապետի պաշտոնակատարի աշխատակազմ և պատասխանը դեռ չենք ստացել։ 12․ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների և «Կուսակցությունների մասին» նոր օրենքի ընդունում: «Կուսակցությունների մասին» օրենքում փոոխություններ իրականացել են, Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարվել են, սակայն մասամբ են ուժի մեջ մտել, և որոշ փոփոխություններ չեն վերաբերում սպասվող արտահերթ ընտրություններին։ Ճանապարհային քարտեզի այս կետը ևս կատարված է։ 13․ Մասնագիտացված դատավորների ինստիտուտի ներդրում՝ որպես հակակոռուպցիոն դատարանի ստեղծման առաջին քայլ: «Ապօրինի գույքի բռնագանձման» օրենքի կիրարկման մեկնարկ: Ենթամասնագիտացմամբ դատավորների ինստիտուտ ներդնելու նախագիծը ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունել էր փետրվարի 3-ին։ Նախագահ Արմեն Սարգսյանն օրենքը չէր ստորագրել և ուղարկել էր Սահմանադրական դատարան։ ՍԴ-ն հունիսի 15-ին օրենքը ճանաչեց Սահմանադրությանը համապատասխանող։  Հակակոռուպիցոն դատարան ստեղծելու օրինագծը  ևս ընդունվել է։ ՀՀ գլխավոր դատախազության փոխնցմամբ՝ «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքն  արդեն կիրառվում է։  Ճանապարհային քարտեզի այս կետն իրականացված է։ 14․ Հայաստանյան քաղաքական և քաղաքացիական համայնքի ներկայացուցիչների հետ մշտական թեմատիկ կոնսուլտացիաների անցկացում: Խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպումներ Նիկոլ Փաշինյանն ունեցել է, վերջինը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումն էր, որին հաջորդեց արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին հայտարարությունը։ Քաղաքացիական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումների մասին վարչապետի պաշտոնական կայքում հրապարակումներ չկան։ Քարտեզի այս կետը մասամբ է իրականացվել։ 15․ Սփյուռքի հայկական կառույցների և առանձին անհատների հետ մշտական թեմատիկ կոնսուլտացիաների անցկացում: Հայաստանյան և սփյուռքի առանձին անհատների և կառույցների ներգրավում վերոնշյալ գործընթացների մեջ: Վարչապետի կայքում միակ հրապարակումը սփյուռքի ներկայացուցիչների հետ հանդիպումների մասին Ջորկաեֆ եղբայրների հետ հանդիպման մաիսն լուրն է։ Այս հանդիպման արդյունքների վերաբերյալ տեղեկություններ չկան։ Ճանապարհային քարտեզի այս կետի մասին մասնրամասներ ստանալու համար ևս հարցում ենք ուղարկել վարչապետի պաշտոնակատարի աշխատակազմ։ Ամփոփելով նշենք, որ Նիկոլ Փաշինյանի հրապարակած ճանապարհային քարտեզից լիարժեք իրականացվել են միայն այն կետերը, որոնք ենթադրում էին օրենսդրական փոփոխությունների, աջակցության միջոցառումների իրականացում և զարգացման ծրագրերի ընդունում։ Իսկ ճանապարհային քարտեզի կարևորագույն կետերը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանո ներքո բանակցությունների վերսկսումը, ռազմագերիների վերադարձը և անհետ կորածների ճակատագրերի հստակեցումը, շարունակում են չիրականացված կամ մասամբ իրականացված մնալ։  Նիկոլ Փաշինյանը նաև խոստացել էր հունիսին հաշվետվություն ներկայացնել ճանապարհային քարտեզի իրագործման վերաբերյալ։ Երկու օրից խորհրդարանական արտահերթ ընտրություններ են, իսկ հաշվետվությունը դեռ չի ներկայացվել։ Աննա Սահակյան
21:38 - 18 հունիսի, 2021
Ազգայնականությունը՝ որպես անկախ Հայաստանի քաղաքական միակ գաղափարախոսություն  [Challenge 13.2 | Հրայր Մանուկյան]

Ազգայնականությունը՝ որպես անկախ Հայաստանի քաղաքական միակ գաղափարախոսություն [Challenge 13.2 | Հրայր Մանուկյան]

«Challenge» նախագիծն ուղղված է հանրային քննարկում խթանելու ներուժ ունեցող անհատների համար գրելու, ստեղծագործելու, փոփոխությունների միտք գեներացնելու ինչպես ֆինանսական, այնպես էլ հոգեբանական մոտիվացիա ստեղծելուն։ Յուրաքանչյուր հեղինակ հոդվածի վերջում «մարտահրավեր» է նետում այլ հրապարակախոսի, ոլորտային մասնագետի, փորձագետի կամ ցանկացած մարդու, որին համարում է թեմայի արժանի շարունակող։ Ներդրված է նվիրատվությունների համակարգ (հոդվածի վերջում), որի միջոցով ընթերցողը հնարավորություն ունի նվիրատվություն կատարելու հոդվածագրին։ infocom.am-ը հանդես է գալիս որպես միջնորդ ընթերցողի և հոդվածագրի միջև։   Հունիսի 20-ին տեղի կունենան Հայաստանի Երրորդ Հանրապետության ամենամրցակցային ու անկանխատեսելի ընտրությունները։ Առաջին անգամ ստեղծվել է իրական հնարավորություն, որ կառավարությունը կարող է փոխվել ընտրություններով, ինչպես որ լինում է լիբերալ-դեմոկրատական երկրներում։ Չնայած այս աննախադեպ մրցակցությանն ու մասնակիցների քանակին (26 քաղաքական ուժ, ներառյալ՝ երեք նախկին նախագահները)՝ քաղաքական բոլոր ուժերի գաղափարական հիմնական հենքը ազգայնականությունն է։ Ժամանակակից հայկական ազգայնականությունը նախևառաջ, իհարկե, Ղարաբաղի ինքնորոշման (մինչև անկախություն) կամ այն Հայաստանին միացնելու մասին է։ Այնուամենայնիվ, ազգայնականությունը անխուսափելիորեն ձևավորել է նաև հայերիս համոզմունքները արդարության, կյանքի իմաստի ու լավ կյանքի մասին։ Այսինքն, ազգայնականությունը համապարփակ (կրոնափիլիսոփայական) դոկտրին է, ինչպես կասեր 20-րդ դարի ամենաազդեցիկ քաղաքական փիլիսոփան՝ Ջոն Ռոուլսը։   Հայկական ազգայնականության երկու հիմնական ուղղությունները Հայկական ազգայնականությունը՝ որպես էթնիկ հայերին պատկանող առանձին հայկական պետություն ունենալու իդեալ, եվրոպական ազգայնականությունների նման առաջացել է գերազանցապես 19-րդ դարում։ Սովետական Միության սկզբնական տարիներին հայկական ազգայնականությունը հիմնականում ճնշվում էր։ Այնուամենայնիվ, երբ Թուրքիան 1952-ին միացավ ՆԱՏՕ-ին, և երբ Ցեղասպանության 50-ամյակի կապակցությամբ Երևանում տեղի ունեցան ցույցեր, հայկական ազգայնականության հակաթուրքական դրսևորումները ոչ միայն թույլատրվեցին, այլև ինչ-որ չափով խրախուսվեցին[1]։ ԽՍՀՄ-ի վարած այս քաղաքականության արդյունքում հակաթուրքական տրամադրությունները Ցեղասպանության տրավմաների հետ միասին խորությամբ արմատավորվեցին  բնակչության շրջանում։ Այդ պատճառով ԽՍՀՄ-ից դուրս ու Թուրքիայի հարևանությամբ անկախ հայկական պետություն ունենալու գաղափարը այնքան էլ ընդունելի չէր 1988-ի շարժման սկզբում։ Շարժման ղեկավարները ստիպված էին մեծ ջանքեր գործադրել՝ համոզելու համար հայաստանցիներին, որ կարելի է ունենալ անկախ հայկական պետություն՝ առանց Թուրքիայից երկրորդ անգամ ցեղասպանության ենթարկվելու[2]։ Արդյունքում առաջացավ Թուրքիայի հետ նորմալ հարաբերություններ ունենալու գաղափարը։ Ըստ այդ մոտեցման՝ անկախ Հայաստանը չպետք է Թուրքիայից տարածքներ պահանջեր և չպետք է ցեղասպանության միջազգային ճանաչումը դարձներ պետական քաղաքականության մաս[3]։ Թուրքիայի հետ նորմալ հարաբերություններ ունենալու մոտեցումը դարձավ ժամանակակից հայկական ազգայնականության երկու հիմնական ուղղություններից մեկը։ Այդ ուղղությունը կարելի է անվանել չափավոր-պրագմատիկ ազգայնականություն, որի կարկառուն ներկայացուցիչը ներկայիս ՀԱԿ (նախկինում ՀՀՇ) կուսակցության ղեկավար, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն է։ Այս մոտեցումը նաև ենթադրում է(ր), որ Ղարաբաղի հարցը պետք է կարգավորվի Ադրբեջանի հետ փոխզիջումներով։   Հայկական ազգայնականության մյուս ուղղությունը կարելի է անվանել հակաթուրքական ազգայնական մաքսիմալիզմ։ Այն ենթադրում է Ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված պետական քաղաքականություն և մաքսիմալիստական կեցվածք Ղարաբաղի հարցում։ Այս մոտեցման առավել ծայրահեղ տարբերակները բացառում են (էին) որևէ փոխզիջում Ղարաբաղի հարցում,   ադրբեջանցիներին համարում են թուրք, Թուրքիային (ու Ադրբեջանին) համարում են ի բնե ցեղասպան-մարդասպան պետություն(ներ) և ենթադրում են Թուրքայից տարածքային պահանջներ: Այսպիսով, ժամանակակից հայկական ազգայնականության այս երկրորդ ուղղության առանցքը (ռազմատենչ) հակաթուրքականությունն է։ Այդ հակաթուրքականությունը երբեմն հանդես է գալիս հակառուսականության հետ միասին («Ազգային-ժողովրդավարական  բևեռ», «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք» և այլն), իսկ երբեմն էլ՝ հակաարևմտականության հետ միասին («Հայաստան» դաշինք, ՍԻՄ կուսակցություն և այլն)։ Անկախ Հայաստանում հակաթուրքական ազգայնական մաքսիմալիզմի առաջին կրողը «Դաշնակցություն» կուսակցությունն էր։ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն էլ այս գծի կարկառուն ներկայացուցիչն է։ 1998-ին ազգայնական-մաքսիմալիստական ուժերը կարողացան իշխանությունից հեռացնել Տեր-Պետրոսյանին՝ ձախողելով նրա փորձը՝ Ղարաբաղի հարցը փոխզիջումներով կարգավորելու։ Հակաթուրքական ազգայնական մաքսիմալիզմը այդուհետ դոմինանտ դարձավ Հայաստանի քաղաքական դաշտում։    Քրեաօլիգարխիկ համակարգի հաստատումը    «Պատմական արդարության վերականգնում», «ազգային միասնություն», «ազգային գաղափարախոսություն» և նմանատիպ հասկացությունները 1990-ականների քաղաքական բանավեճերի հիմնական թեման էին։ Ինչպես նկատել է քաղաքագետ  Մանվել Սարգսյանը, այդ ժամանակ «կյանքի իմաստը փնտրվում էր «ոսկեդարի սրբազան տարածքի վերադարձի» մասին բանավեճերի հարթությունում»[4]։ Հայկական քաղաքականությունը հերոսներին, փրկիչներին ու դավաճաններին բացահայտելու մասին էր՝ հաճախ հիմնված էթնոազգայնական առասպելաբանությունների կերպարների հետ ասոցիացիաների վրա։ 2000-ականների սկզբից, սակայն, էթնոազգայնական առասպելաբանության հավատալիքներից ու իդեալներից որոշակի հիասթափություն է նկատվում։ Այդ հիասթափությունը (գոնե մասամբ) պայմանավորված էր 1990-ականներին սեփականության բաշխման ձևերով և քաղաքական խնդիրները բիրտ ուժով (ներառյալ՝ ընտրակեղծիքներով) լուծելու ավանդույթով, ինչը բնակչության մի զգալի մասի մոտ առաջացրել էր անարդարության, օտարման և անզորության խորը զգացում: 2000-ականներին Էթնիկ առասպելների հետ ասոցացվող շատ (ավտորիտար) քաղաքական գործիչներ վարկաբեկվեցին, իսկ նրանց շուրջ կառուցված առասպելները դադարեցին մոբիլիզացնող ազդեցություն ունենալ[5]: Գաղափարական վակուումի այս պայմաններում, երբ շատ էթնոազգայնական առասպելներ դադարեցին մոբիլիզացնող կամ միավորող դեր խաղալ իշխանության համար պայքարում, փողը կամ կապիտալը դարձավ իշխանության կենտրոնական հենարանը: «Ինչպես դա սովորաբար դիտվում է ամենուրեք, ապագաղափարականացված և անկառավարելի միջավայրում միակ արժեքը միշտ դառնում է կապիտալը»,- գրել է Մանվել Սարգսյանը[6]։ Նա նկարագրել է, թե ինչպես գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2003 թվականի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի ժամանակ տնտեսական ու քաղաքական ոլորտները բաժանելու վերաբերյալ համաձայնություն ձեռք բերեց խոշոր կապիտալ ունեցողների հետ: Այդ համաձայնության արդյունքում, ըստ Սարգսյանի, 1990-ականների  (կիսա)ավտորիտար համակարգը 2000-ականների կեսերին վերափոխվեց քրեաօլիգարխիկ համակարգի։ Քրեաօլիգարխիկ համակարգի դեպքում չկա անառարկելի հեղինակություն ունեցող ավտորիտար ղեկավար, որը միանձնյա քաղաքական ու տնտեսական որոշումներ է կայացնում։ Փոխարենը խոշոր կապիտալ ունեցողների միջև կա պայմանագիր՝ բաշխելու երկրի հարստությունը, տարածքն ու  քաղաքական բոլոր առանցքային պաշտոնները միմյանց միջև։ Քրեաօլիգարխիկ համակարգի դեպքում ևս ընտրությունների ինստիտուտը չի աշխատում, ինչպես չէր աշխատում (կիսա)ավտորիտար համակարգի դեպքում։ Քրեաօլիգարխիայի պայմաններում, սակայն, ընտրակեղծիքները նախ և առաջ կատարվում են՝ մեծ ֆինանասական միջոցներ ներգրավելով ու ընտրակաշառքներով, որից հետո միայն անհրաժեշտության դեպքում կիրառվում է բիրտ ուժ (ինչպես կիրառվեց 2008-ին)։ Քրեաօլիգարխիկ համակարգի կարևոր առանձնահատկությունն այն է, որ համակարգը հիմնված է պաշտոնական ձևական-իրավական առաջնամասի և լռելյայն գործող ոչ պաշտոնական մեխանիզմների զուգակցման վրա, ինչպես նկատել է փիլիսոփա Աշոտ Ոսկանյանը[7]։ «Պաշտոնականի և մասնավորի միջև ահագնացող ճեղքվածքը հանգեցրեց կրկնամտության (doublethink) տարածմանը, խրախուսմանը և պաշտոնականացմանը»,- գրել է Ոսկանյանը։ Նույն կրկնամտությունը գործում էր նաև ԼՂ հարցում: Մասնավորապես՝ իշխանությունները ոչ ֆորմալ եղանակով խրախուսում էին «ոչ մի թիզ հող» և նմանատիպ այլ ազգայնական-մաքսիմալիստական մոտեցումները[8], սակայն նույն իշխանությունները Մինսկի խմբի բանակցությունների շրջանակներում ձևականորեն ընդունում էին Ադրբեջանի ու ՄԽ համանախագահ երկրների՝ ԼՂ հարակից շրջանները վերադարձնելու պահանջները։ Ինչպես Քոչարյանը խոստովանեց վերջերս, իր պատկերացրած ճիշտ բանակցություններն այն էին, որ Ադրբեջանին հույս տրվեր, թե ԼՂ հարակից շրջանները վերադարձվելու են, բայց իրականում այդ շրջանները չվերադարձվեին։ Քրեաօլիգարխիայի գոյության ամբողջ ընթացքում (2003-2018թթ) իշխանությունները միշտ փորձել են ձևակերպել ազգայնական համախմբող գաղափարներ։ Օրինակ, 2000-ականների վերջերին Երևանում հայտնվեցին պաստառներ՝ հայտնի մարդկանց նկարներով ու «Իմ զենքը իմ գիչն է», «Իմ զենքը իմ երգն է» և նմանատիպ այլ լոզունգներով։ 2016-ին էլ շրջանառության մեջ դրվեց «ազգ-բանակ» հայեցակարգը, որով դարձյալ փորձ էր արվում հասնել «ազգային միասնության»։ Մյուս կողմից էլ, զանազան արտոնություններ տրվեցին Հայաստանի Առաքելական եկեղեցուն։ Մասնավորապես, 2005-ին փոփոխված Սահմնադրության մեջ ամրագրվեց Առաքելական եկեղեցու հատուկ կարգավիճակը, դպրոցներում մտցվեց «Եկեղեցու պատմություն» առարկան, եկեղեցական բոլոր տոները դարձան ոչ աշխատանքային օրեր, հոգևորականներն օրհնում էին իշխող կուսակցության միջոցառումները, վարչապետ Տիգրան Սարգսյանը 2009-ին հայտարարեց՝ պետության և եկեղեցու տարանջատման թեզը հնացած է, և այլն[9]։  Եվ թեև այս գաղափարներն ինչ-որ չափով էֆեկտիվ էին թվում, բայց ինչպես ցույց տվեց 2018-ի հեղափոխությունը, դրանք չկարողացան լեգիտիմացնել քրեաօլիգարխիկ համակարգը։ Հեղափոխությունը ապամոնտաժեց այդ համակարգի հիմնասյուները՝ գործի գցելով ընտրության ինստիտուտը, շեշտակի նվազեցնելով համակարգային կառուպցիան ու վերացնելով կրկնամտությունը։   Ազգայնականությունը հեղափոխությունից հետո Եթե Տեր-Պետրոսյանի, Քոչարյանի ու Սարգսյանի իշխանության գալը կապված էր ԼՂ հարցի հետ (Տեր-Պետրոսյանի դեպքում՝ նաև հեռանալը), ապա Նիկոլ Փաշինյանին իշխանության են բերել ընտրակեղծիքներին, կոռուպցիային ու սոցիալական այլ խնդիրներին վերաբերող հարցերը։ Այլ կերպ ասած՝ հեղափոխությունից հետո առաջին անգամ Հայաստանում ձևավորվեց իշխանություն, որի լեգիտիմության գլխավոր աղբյուրը ԼՂ հարցը չէր։ Այս փաստը և՛ Հայաստանի ներսում, և՛ արտաքին աշխարհում ձևավորեց սպասումներ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կհամաձայնի լուծել ԼՂ հարցը փոխզիջումներով և ԼՂ հարակից շրջանները կվերադարձնի Ադրբեջանին։ Հատկապես որ Փաշինյանը իր քաղաքական կարիերան սկսել էր Տեր-Պետրոսյանի թիմում և 2000-ականներին կողմ էր արտահայտվել փոխզիջումներին։ Ունենալով նման սպասումներ՝ քրեաօլիգարխիայի ներկայացուցիչները միանգամից Փաշինյանին սկսեցին մեղադրել ԼՂ հարակից շրջանները տալու պատրաստակամության, թրքասիրության ու դավաճանության մեջ։ Ակնհայտորեն, նրանք ակնկալում էին, որ Փաշինյանը կփորձի ԼՂ հարցը խաղաղ ճանապարհով կարգավորել ու կգնա փոխզիջումների։ Դա քրեաօլիգարխիայի ներկայացուցիչներին հնարավորություն կտար հակաթուրքական, ազգայնական-մաքսիմալիստական լոզունգներով ու հավանաբար նաև ուժային կառույցների օժանդակությամբ նորից գալու իշխանության։ Փաշինյանը, սակայն, չարդարացրեց նման սպասումները։ Նա կրկնապատկեց ազգայնական-մաքսիմալիստական հռետորիկան ԼՂ հարցում և նախագահ Արմեն Սարգսյանի հետ արեց հայտարարություններ, որոնք կարող էին մեկնաբանվել որպես Թուրքիայից տարածքային պահանջներ։ Այսինքն, Փաշինյանն իր գլխավորած կուսակցության հետ ևս, ըստ էության, հակաթուրքական ազգայնական մաքսիմալիզմի կրող դարձավ։ Հավանաբար Փաշինյանի գաղափարական այս դիրքորոշումը գոնե մասամբ պայմանավորված էր նրանով, որ հեղափոխությունը, վերացնելով օտարվածության ու անզորության զգացողությունը բնակչության շրջանում, միաժամանակ մինչհեղափոխական շրջանի գաղափարական վակուումը լցրեց մեծամասմաբ (էթնո)ազգայնական խանդավառվածությամբ ու հավատալիքներով։ Ճիշտ է, հեղափոխությունը նախևառաջ արդյունք էր լիբերալ որոշ գաղափարների, մասնավորապես՝ այն համոզմունքի, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, և ժողովուրդը պետք է կարողանա ընտրություններով փոխել կառավարությանը։ Այնուամենայնիվ, լիբերալիզմի մյուս գլխավոր սկզբունքը՝ հավատը հավասար իրավունքների գերակայությանը՝ հատկապես դրա ձախ-լիբերալ (կամ սոցիալ-դեմոկրատական) մեկնաբանությամբ, շատ քիչ տարածում ունի Հայաստանում։ Նույնիսկ վերջերս ստեղծված ՔՈ կուսակցությունը, որի անվան մեջ կա «սոցիալ-դեմոկրատական» բառը, մեկ այլ հակաթուրքական կուսակցություն է, որի ներկայիս ղեկավարները ազգայնական մաքսիմալիստներ են։   Վերջաբան   Այսպիսով, ազգայնականությունը Հայաստանի 30-ամյա անկախության տարիների միակ քաղաքական գաղափարախոսությունն ու համապարփակ դոկտրինն է եղել և շարունակում է պահպանել իր գրեթե մենաշնորհային դիրքը։ Անկախ Հայաստանի 30-ամյա քաղաքական պատմությունը, մեծ հաշվով, (Էթնո)ազգայնական հավատալիքների վերելքի ու դրանցից հիասթափությունների, ինչպես նաև ազգայնական երկու ժամանակակից ուղղությունների՝ չափավոր պրագմատիզմի և հակաթուրքական մաքսիմալիզմի մրցակցության պատմություն է եղել։ Այդ մրցակցությունում հակաթուրքական մաքսիմալիզմը ավելի շատ է հաղթող դուրս եկել, քան չափավոր պրագմատիզմը։   Մյուս կողմից էլ լիբերալիզմը՝ որպես քաղաքական գաղափարախոսություն և համապարփակ դոկտրին, Հայաստանում դեռևս շատ թույլ և մարգինալ վիճակում է։ Այնուամենայնիվ, այն ամրապնդվելու պոտենցիալ ունի։ Այդ պոտենցիալը պայմանավորված է նրանով, որ 2018-ի հեղափոխությամբ Հայաստանում սկսվեց կառուցվել լիբերալ-դեմոկրատական կարգ (լիբերալ-դեմոկրատական կարգը չշփոթել լիբերալիզմի գաղափարախոսության հետ)։ Հունիսի 20-ի ընտրություններում իշխանափոխության իրական հնարավորությունը, ինչն աննախադեպ է Հայաստանի համար, խոսում է հենց լիբերալ-դեմոկրատական կարգի սկզբնավորման մասին։   Լիբերալ-դեմոկրատական կարգի կառուցումը Հայաստանում կշարունակվի, եթե քրեաօլիգարխիայի ներկայացուցիչները հունիսի 20-ի ընտրությունների արդյունքում չկարողանան գալ իշխանության։ Եթե նման իշխանափոխություն տեղի չունենա (ինչը ամենահավանական տարբերակն է թվում), կարծում եմ՝ առաջիկա տասնամյակներում լիբերալ գաղափարախոսություն կրող կուսակցություններ կարող են դառնալ հատկապես «Քաղաքացիական Պայմանագիրն» ու «Հայ Ազգային Կոնգրեսը»։ Դա տեղի կունենա այն դեպքում, եթե այս կուսակցությունները կարողանան վերանայել արդարության ու լավ կյանքի մասին իրենց պատկերացումները և հրաժարվեն ազգայնական որոշ համոզմունքներից։ Քրեաօլիգարխիայի ներկայացուցիչներն էլ այս դեպքում կդառնան պահպանողականներ՝ նման ժամանակակից արևմտյան պահպանողականներին։   Հ․Գ․ Մարտահրավերը նետում եմ Աշոտ Ոսկանյանին ու Վարդան Ջալոյանին   [1] Աշոտ Ոսկանյան (2021), «Հայոց Համազգային Շարժումը որպես հայկական լուսավորության քաղաքական փուլ»։ Անկախությունը և ազատական բարեփոխումները, մաս 2, Անտարես, Երևան, էջ 50։ [2] Տես, օրինակ, Վազգեն Մանուկյան (մարտ 1988)․ «Չկան մշտական թշնամիներ և մշտական բարեկամներ, կան մշտական ազգային շահեր» և Լևոն Տեր-Պետրոսյան (հունիս 1989), «Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեն ․․․ սկզբից ի վեր մերժել է օտար հովանավորի վրա հույս դնելու եւ պանթուրքիզմը որպես մշտական սպառնալիք դիտելու վնասակար մտայնությունը»։ [3] Լևոն Տեր-Պետրոսյան (2012)․ «Հայ-թուրքական հարաբերությունների հարցում Ցեղասպանությունը մինչեւ 1998 թվականը երբեք խնդիր չի հարուցել․․․Որովհետեւ մենք Ցեղասպանության միջազգային ճանաչումը չենք դարձրել Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնահարց»: [4] Մանվել Սարգսյան և ուրիշներ (2010), «Սահմանադրական պետության կառուցման հիմնախնդիրները Հայաստանում», Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոն, Երևան, էջ 13։ [5] Ibid, էջ 49-50։ [6] Ibid, էջ 50։ [7] Աշոտ Ոսկանյան (2021), «Հայոց Համազգային Շարժումը որպես հայկական լուսավորության քաղաքական փուլ»։ Անկախությունը և ազատական բարեփոխումները, մաս 2, Անտարես, Երևան, էջ 62։ [8] Ոչմիթիզհողականության ոչ պաշտոնական խրախուսումը մասամբ պայմանավորված էր Տեր-Պետրոսյանի դեմ իշխանությունների պայքարով, քանի որ Տեր-Պետրոսյանը լուրջ մարտահրավեր նետեց իշխանություններին հատկապես 2008-ին և 2014-2015-ին։ [9] Մանվել Սարգսյան և ուրիշներ (2010), «Սահմանադրական պետության կառուցման հիմնախնդիրները Հայաստանում», Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոն, Երևան, էջ 57-58
21:10 - 18 հունիսի, 2021
Հանրային հեռուստաընկերությունը բանավեճի սկզբունքը համարում է  ճշգրիտ, չափելի և օբյեկտիվ

Հանրային հեռուստաընկերությունը բանավեճի սկզբունքը համարում է ճշգրիտ, չափելի և օբյեկտիվ

Նախընտրական քարոզարշավի ընթացքում հեռուստատեսությունը պարտավորվում է հավասար պայմաններ ապահովել կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների լուսաբանման համար։ Հանրային հեռուստաընկերությունը պարտավորվում է նաև անվճար եթերաժամանակ հատկացնել բոլոր քաղաքական ուժերին։ Վերջինս կազմակերպում է նաև մեծ բանավեճ՝ բոլոր ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ։  Այս անգամ քարոզարշավի ընթացքում Հանրային հեռուստաընկերությունը որոշում է կայացրել բանավեճերն անցկացնել 2 փուլով՝ 13-ական քաղաքական ուժերի մասնակցությամբ։ Ամեն փուլի համար նախատեսվել էր 2 բանավեճ․ մեկը՝ 2-ից 10 համարների մասնակցությամբ, մյուսը՝ 1-ին համարների մասնակցությամբ։ Ընդհանուր կայացել է 4 բանավեճ։ Հունիսի 5-ին «Քաղաքացու որոշում» կուսակցության նախընտրական շտաբը հայտարարություն էր տարածել, որով ծայրահեղ անարդարացի էր որակվում բանավեճի համար ընտրված սկզբունքը։ Դրանից հետո ընտրություններին մասնակցող 10 կուսակցություններ հայտարարություն տարածեցին, համաձայն որի բանավեճի այս ձևաչափը խախտում է անաչառության, մրցակցային հավասար պայմանների ապահովման սկզբունքները, ուստի նրանք հրաժարվում են բանավեճի մասնակցությունից։ Քաղաքական ուժերը Հանրային հեռուստաընկերության սկզբունքը համարում են անընդունելի, քանի որ խմբերն ընտրվել են հետևյալ սկզբունքով․ առաջին խմբում մասնակցելու են առավել վաղ պետական գրանցում ստացած կուսակցությունները, իսկ երկրորդ խմբում՝ առավել ուշ գրանցված կուսակցությունները։ Ընդ որում, ըստ քաղաքական ուժերի տարածած հայտարարության, հասկանալով, որ այս սկզբունքով մեկ ամիս առաջ գրանցված դաշինքները կհայտնվեին երկրորդ խմբում՝ ավելացրել են երկրորդ սկզբունքը, ըստ որի՝ հաշվի է առնվում ոչ թե դաշինքի, այլ դրա կազմում ընդգրկված կուսակցություններից առավել հնի գրանցման ամսաթիվը։ Այսպիսով՝ նրանցից ոչ մեկը հնարավորություն չի ստանում բանավիճելու և հարցեր ուղղելու Հայաստանը ղեկավարած 4 ներկայացուցիչներից և ոչ մեկին։ Infocom-ը պաշտոնական հարցմամբ դիմեց Հանրային հեռուստաընկերություն՝ պարզելու, թե ինչպես և ինչու է ընտրվել հենց այդ սկզբունքը։ Պաշտոնական պատասխանի համաձայն՝ Հանրային հեռուստաընկերությունը որոշում է կայացրել բանավեճն անցկացնել երկու խմբով՝ 13-ական մասնակիցներով քանի որ արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ են ներկայացրել աննախադեպ մեծ քանակությամբ քաղաքական ուժեր, ուստի մեկ փուլով բանավեճի կազմակերպումն անհնարին է եղել՝ հաշվի առնելով ժամանակի և տաղավարի տեխնիկական հնարավորությունների սահմանափակումները։ Առաջին բանավեճը (2 փուլով) կազմակերպվել է նախընտրական ցուցակների 2-10-րդ համարներից մեկական ներկայացուցիչների համար։ Այս դեպքում երկու խմբի բաժանման սկզբունքը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի իրականացրած վիճակահանությունն է եղել։ Այսինքն մասնակցել են ըստ համարների հերթականության, առաջին փուլում 1-ից 13 համարների ներկայացուցիչները, ապա՝ 14-ից 26։ Առաջնորդների բանավեճերի դեպքում խմբերը բաժանվել են ըստ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրում կուսակցությունների գրանցման ամսաթվերի։ Այսինքն՝ առաջին փուլում մասնակցել են ավելի ուշ պետական գրանցում ստացած կուսակցությունների առաջին համարները, ապա ավելի վաղ պետական գրանցում ստացածները։ Հարցին, թե ինչու է կուսակցությունների ներկայացուցիչների (2-րդ եւ ավելի համարների) և առաջին դեմքերի (1-ին համարների) բանավեճերի համար ընտրվել տարբեր սկզբունքներ, Հանրային հեռուստաընկերությունից պատասխանել են, որ չորս բանավեճերը իրականացնելու համար ընտրվել են վերոնշյալ սկբունքները, որպեսզի քաղաքական ուժերը ելույթ ունենան բազմազանեցված կազմով ու հնարավորինս շատ թվով կուսակցություններ և կուսակցությունների դաշինքներ երկխոսելու հնարավորություն ունենան։ Մեր հարցին, թե ինչ հիմնավորումներով են ընտրվել տվյալ սկզբունքները և ով է կայացրել այս սկզբունքների ընտրման որոշումը, Հեռուստաընկերությունից պատասխանեցին, որ Ազգային ժողովրդավարության ինստիտուտը (NDI) տրամադրել է խորհրդատվական բնույթի աջակցություն՝ բանավեճերի ձևաչափի, բովանդակության, մոդերացիայի կանոնների, ինչպես նաև ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի մեծ քանակով պայմանավորված՝ բանավեճերի խմբավորման, բաժանման սկզբունքի շուրջ։ Սկզբունքը պետք է լիներ ճշգրիտ, չափելի և օբյեկտիվ։ Ընտրված երկու սկզբունքներն էլ երրորդ կառույցի կողմից սահմանված, ստուգելի սկզբունքներ են։ Տեղական և միջազգային փորձագետների համատեղ քննարկումների արդյունքում, Հանրային հեռուստաընկերությունը որոշում է կայացրել հեռուստաբանավեճերը կազմակերպել վերոնշյալ սկզբունքներով։ Այսպիսով՝ թեև 10 կուսակցություններ հանդես եկան հայտարարությամբ և նրանցից 9-ը չմասնակցեցին կազմակերված բանավեճին՝ սկզբունքի անարդարացի լինելու և այդ ուժերին երկիրը կառավարած 4 ուժերից ոչ մեկի հետ բանավիճելու հնարավորություն չունենալու պատճառով, սակայն Հանրային հեռուստաընկերությունը կարծում է, որ իրենց ընտրած սկզբունքը ճշգրիտ է, չափելի և օբյեկտիվ։ Նարեկ Մարտիրոսյան
18:30 - 18 հունիսի, 2021
Հունիս 20-ին հնարավորություն է ստեղծվել պատմությունից դասեր քաղելով վերջ տալ երկրի պառակտությանը․ Էդմոն Մարուքյանի ուղերձը

Հունիս 20-ին հնարավորություն է ստեղծվել պատմությունից դասեր քաղելով վերջ տալ երկրի պառակտությանը․ Էդմոն Մարուքյանի ուղերձը

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ հանդես է եկել հայ ժողովրդին ուղղված ուղերձով:«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ուղերձը․ «Հայոց պատմությունը ցույց է տալիս, որ երբ մեր իշխանական տները արտաքին սպառնալիքները թողած  միմյանց դեմ են պայքարել, միմյանց դեմ են կռվել, թշնամին օգտվելով այդ իրավիճակից հարձակվել է մեր պետականության, թագավորության վրա, և անկում է ապրել  համ թագավորությունը, համ իշխանական տները։ Հարյուրամյակներ անց, հայ ժողովուրդը ձեռք է բերում պետականություն, այդ օրվանից  30 տարի անց հայ ժողովուրդը կրկին պառակտված է, իրար ատող խմբերով, իրար դեմ պայքարելով, և թշնամին կրկին օգտվում է հայ ժողովրդի ներքին պառակտվածությունից և թուլությունից։ Կրկին հայ ժողովուրդը իր պատմությունից դասեր չքաղելով պայքարում է իրար դեմ, ատելության, բռնության քարոզչություն, որն ըստ էության հասել է իր գագաթնակետին։ Հունիս 20-ին հնարավորություն է ստեղծվել պատմությունից դասեր քաղելով վերջ տալ երկրի պառակտությանը, ատելությանը, բռնության քարոզին և այս անհաշտ միջավայրին։ Սիրելի հայրենակիցներ, հունիսի 20-ին գնացեք ընտրական տեղամասեր, վերցրեք 9-րդ քվեաթերթիկը և ասեք, որ դուք համերաշխության, համախմբման և երկրի հերսում հաշտությունը վերականգնելու կողմնակից եք: Եվ մենք, ձեռր լիազորությամբ կձևավորենք ազգային միասնության կառավարություն, որը երկիրը դուրս կհանի այս ծանր, բարդ իրավիճակից, դեպի զարգացում։ Աստված պահապան բոլորիս»։
16:30 - 18 հունիսի, 2021