Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Վովայի Փաշինյան, ՀՀ գործող վարչապետն է։ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։

Ծնվել է 1975 թվականի հունիսի 1-ին՝ Իջեւան քաղաքում։ 1999-2012 թվականներին եղել է քաղաքական ուղղվածության «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը, 2012 թվականի մայիսի 6-ից մինչեւ վարչապետի պաշտոնում ընտրվելը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր` ընդդիմադիր «Ելք» խմբակցությունից։ Որպես կուսակցական գործիչ համարվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, ինչպես նաեւ «Իմպիչմենտ» եւ «Ելք» դաշինքների համահիմնադիր։

2018 թվականին Սերժ Սարգսյանի երրորդ պաշտոնավարման դեմ պայքարող Նիկոլ Փաշինյանը սկսում է «Իմ քայլը» նախաձեռնությունը եւ իր համախոհների հետ միասին Գյումրուց քայլարշավով ուղեւորվում Երեւան։  Գործողությունների արդյունքում ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս։

Մայիսի 8-ին Փաշինյանն ընտրվում է Հայաստանի Հանրապետության 16-րդ վարչապետ։ Վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանը վերընտրվում է 2018-ի դեկտեմբերի և 2021-ի հունիսի խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ;

Դուք պաշտոնը ստանձնում եք մի ժամանակաշրջանում, երբ մենք անցնում ենք պատմական փորձությունների միջով․ վարչապետը շնորհավորել է Ալեն Սիմոնյանին

Դուք պաշտոնը ստանձնում եք մի ժամանակաշրջանում, երբ մենք անցնում ենք պատմական փորձությունների միջով․ վարչապետը շնորհավորել է Ալեն Սիմոնյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ալեն Սիմոնյանին՝ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու  կապակցությամբ։ Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի պարոն Սիմոնյան, շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ ընտրվելու առիթով: Դուք խորհրդարանի խոսնակի պաշտոնը ստանձնում եք մեր երկրի և տարածաշրջանի ապագայի համար կարևորագույն մի ժամանակաշրջանում, երբ մենք բոլորս անցնում ենք պատմական փորձությունների միջով: Այս ճանապարհին կարևոր է, որ խորհրդարանը և խորհրդարանական բանավեճերը լինեն համախմբման և ոչ երբեք պառակտման միջոց, ընդունված օրենքների ու որոշումների որակն ու բովանդակությունը համարժեք լինեն մեր ազգի ու պետության առաջ կանգնած մարտահրավերներին ու ձգտումներին: Դրանց առանցքում պիտի լինի մեր պետության ու նրա ինստիտուտների ուժեղացման օրակարգը: Սա պիտի լինի մեր բոլորիս, այդ թվում Ազգային ժողովի ուղենիշը: Հարգելի պարոն Սիմոնյան, Ձեզ հաջողություն և արդյունավետ աշխատանք եմ մաղթում՝ Ազգային ժողովի նախագահի բարձր և պատասխանատու կարգավիճակում»:
20:22 - 02 օգոստոսի, 2021
Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Մեծարգո վարչապետ, խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքում Հայաստանի Հանրապետության վարչապետի պատասխանատու պաշտոնում նշանակվելու առիթով հղում ենք Ձեզ արդյունավետ աշխատանքի Մեր  մաղթանքները: Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով մեր ժողովրդի կյանքում  և մեր երկրի շուրջ ստեղծված իրավիճակն այսօր հրամայական է դարձնում ՀՀ սահմանների անվտանգության ապահովումը, Արցախի կարգավիճակի հստակեցումը և մեր հայրենիքում սոցիալ-տնտեսական խնդիրների լուծումը: Առկա մարտահրավերների հաղթահարման և հայրենական ապահով բարօր կյանքի կերտման աստվածահաճո ուղին ներքաղաքական լարվածության լիցքաթափումն է ազգային անդաստանում համերաշխության ու միաբանության մթնոլորտի հաստատումը: Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին՝ հավատարիմ իր կոչմանը, պիտի շարունակի իր աջակցությունը բերել մեր պետականության զորացմանը՝ իր կարողություններն ի սպաս դնելով նաև հայրենիք-սփյուռք կապերի առավել արդյունավորմանը, աշխարհասփյուռ մեր ժողովրդի ազգային ինքնության գիտակցության ամրապնդմանը և հոգևոր կյանքի առաջընթացին: Թող Երկնավոր Տերը Իր օրհնության ներքո խաղաղ ու անվտանգ պահի Հայաստան ու Արցախ մեր հայրենին, բարեշեն կյանք շնորհի մեր ժողովրդին և Ձեզ՝ հայրենաշահ ձեռքբերումներ»:
17:41 - 02 օգոստոսի, 2021
Համոզված եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակելու են աշխատել Արցախի միջազգային ճանաչման ուղղությամբ. Արայիկ Հարությունյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Համոզված եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակելու են աշխատել Արցախի միջազգային ճանաչման ուղղությամբ. Արայիկ Հարությունյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի՛ պարոն Փաշինյան, ՀՀ վարչապետի պաշտոնը Դուք ստանձնում եք Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության համար բախտորոշ ժամանակաշրջանում: Հայկական պետականությունը կանգնած է մեծամեծ մարտահրավերների առջև, որոնք հաղթահարել կարող ենք միասնությամբ՝ համախմբելով բոլոր կարող ուժերը: Պատերազմի հետևանքով խարխլված անվտանգային ու արտաքին քաղաքական դիրքերը ամրացնելու, ներքաղաքական ու տնտեսական կայունություն ապահովելու հարցում ՀՀ նոր կառավարությունը մեծ անելիքներ ունի: Համոզված եմ, որ ՀՀ իշխանությունները հաջողելու են միջազգային հարաբերություններում­ ՀՀ դերի ու վարկի բարձրացման հարցում և շարունակելու են հետևողական ու արդյունավետ աշխատել արցախահայության իրավունքների պաշտպանության, պատերազմի հետևանքների վերացման և Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման ուղղությամբ՝ էլ ավելի խորացնելով հարաբերությունները երկու հայկական հանրապետությունների միջև՝ հանուն մեր համազգային իղձերի իրականացման: Հաջողություն եմ մաղթում Ձեզ ՀՀ վարչապետի պաշտոնում՝ նշված և այլ մեծ մարտահրավերները արժանապատվորեն հաղթահարելու ճանապարհին»:
17:21 - 02 օգոստոսի, 2021
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի նախագահին Ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի նախագահին Ազգային տոնի կապակցությամբ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Գի Պարմելինին՝ Ազգային տոնի կապակցությամբ: Շնորհավորական ուղերձում, մասնավորապես, նշված է.«Ձերդ Գերազանցություն,Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Շվեյցարիայի բարեկամ ժողովրդին Շվեյցարիայի Համադաշնության ազգային տոնի կապակցությամբ: Մեծապես կարևորում եմ Հայաստանի և Շվեյցարիայի միջև տարեցտարի զարգացող միջպետական փոխշահավետ կապերը։ Վստահ եմ, որ Հայաստանի և Շվեյցարիայի միջև բազմաթիվ ոլորտներում արդյունավետ փոխգործակցությունն ու հարաբերություններում առկա մեծ ներուժը կնպաստեն համագործակցության հետագա զարգացմանն ու ընդլայնմանը՝ ի նպաստ երկու երկրների ժողովուրդների բարօրության։ Առանձնահատուկ կցանկանայի նշել, որ մեր ժողովուրդների միջև ավանդաբար ձևավորված փոխադարձ հարգանքն ու վստահությունը խարսխված են մարդասիրական ու ժողովրդավարական ընդհանուր արժեքների վրա։ Շվեյցարահայ ակտիվ համայնքը կարևոր դեր է խաղում մեր երկու երկրների ու ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում։ Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանը բարձր է գնահատում նախորդ տարի Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական ագրեսիայի ժամանակ Շվեյցարիայի արտահայտած սկզբունքային դիրքորոշումը՝ ի նպաստ ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման և միջազգային հումանիտար իրավունքի անվերապահ կատարման։ Հակամարտությունից տուժած բնակչությանը Շվեյցարիայի տրամադրած օգնությունը Ձեր երկրի դավանած մարդասիրական սկզբունքների ևս մեկ առհավատչյան է: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Շվեյցարիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»։
15:42 - 01 օգոստոսի, 2021
Նիկոլ Փաշինյանը պարգևատրել է 29 գլխավոր քարտուղարի

Նիկոլ Փաշինյանը պարգևատրել է 29 գլխավոր քարտուղարի

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հուլիսի 30-ի որոշմամբ՝ պետական ծառայողական համակարգի և տարածքային կառավարման մարմինների 29 գլխավոր քարտուղարներ պարգևատրվել են։ Պարգևատրում են ստացել Աշխատանքի և սոցիալական հարցերի, Արդարադատության, Առողջապահության, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, Շրջակա միջավայրի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Ֆինանսների, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, Էկոնոմիկայի, Պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղարները, ինչպես նաև՝ Պետական վերահսկողական ծառայության, Պետական եկամուտների կոմիտեի, Վիճակագրական կոմիտեի, Քաղաքաշինության կոմիտեի, Միասնական սոցիալական ծառայության, Անտառային կոմիտեի, Միգրացիոն ծառայության, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի, Հարկադիր կատարումն ապահովող ծառայության և Քրեակատարողական ծառայության գլխավոր քարտուղարները։ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզպետարանների գլխավոր քարտուղարները նույնպես պարգևատրվել են։  «Ղեկավարվելով «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերով, հիմք ընդունելով պետական կառավարման համակարգի և տարածքային կառավարման մարմինների գլխավոր քարտուղարների 2021 թվականի առաջին կիսամյակի կատարողականի գնահատման և հաշվետվությունների դրական արդյունքները` Պետական կառավարման համակարգի և տարածքային կառավարման մարմինների գլխավոր քարտուղարներին պարգևատրել 2021 թվականի առաջին կիսամյակի կատարողականի և հաշվետվությունների արդյունքների հիման վրա` Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N 2215-Ն որոշմամբ հաստատված համապատասխան մարմնի պահպանման ծախսերի «Քաղաքացիական, դատական և պետական այլ ծառայողների պարգևատրում» հոդվածով՝ համաձայն հավելվածի»,- նշված է որոշման մեջ։
11:41 - 01 օգոստոսի, 2021
Սահմանային վերահսկողությունն ամբողջությամբ երրորդ պետությանը հանձնելը խոսում է ինքնիշխանության նվազման մասին․ Նարեկ Գալստյան

Սահմանային վերահսկողությունն ամբողջությամբ երրորդ պետությանը հանձնելը խոսում է ինքնիշխանության նվազման մասին․ Նարեկ Գալստյան

Հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ռուս սահմանապահների տեղակայմամբ հայկական կողմը կփորձի զսպիչ գործոն ստեղծել կողմերի միջև՝ սահմանային միջադեպերը բացառելու նպատակով, քանի որ ռուս սահմանապահների ուղղությամբ արձակված գնդակը կլինի հենց Ռուսաստանի վրա կրակոց։ Այս մասին Infocom-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Նարեկ Գալստյանը՝ անդրադառնալով վարչապետի պաշտոնատար Նիկոլ Փաշինյանի  հայտարարությանը։ Հիշեցնենք՝ Փաշինյանը հուլիսի 29-ի կառավարության  նիստի ընթացքում ասել էր, որ իմաստ ունի դիտարկել հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ռուս սահմանապահների տեղակայման հարցը։ Նարեկ Գալստյանի խոսքով՝ հայկական կողմը ռուս սահմանապահների հնարավոր տեղակայումը բացատրում է համապատասխան ռեսուրսներ չունենալով․ «Հայկական կողմը հայտատարում է, որ առայժմ կարողություններ չունի հայկական  Զինված ուժերով, ապա նաև սահմանապահ զորքերով ամբողջ սահմանագծին տեղակայվելու համար։ Պատճառաբանությունն այն է, որ պատերազմի արդյունքում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանը երկարել է, և հիմա կարիք կա այնտեղ նոր դիրքեր սարքելու, կահավորելու, մարդկանց տեղակայելու։  Նաև այսպիսի տեխնիկական բացատրություն է  տրվում»։ Քաղաքագետն ասում է՝ եթե հայկական կողմի այս պատճառաբանությունը համապատասխանում է իրականությանը, ապա ռուս սահմանապահների տեղակայումը արդարացված է՝ ընդգծելով, սակայն, որ այս քայլը խոսում է ինքնիշխանության նվազման մասին․ «Եթե այս պահին ինքդ չես կարող քայլեր ձեռնարկել՝ ադրբեջանական զորքերի հետագա առաջխաղացումը, սահմանային միջադեպերը բացառելու համար, ապա այո՛, ռուս սահմանապահների տեղակայումը լավ է, բայց եթե ընդհանուր առմամբ դիտարկենք, ապա սա լավ երևույթ չէ։ Պետությունը փաստացի իր սահմանային վերահսկողությունը ամբողջությամբ հանձնում է երրորդ պետությանը։ Սա, իհարկե, խոսում է ինքնիշխանության նվազման մասին։Ինչ կլինի հետո, չեմ կարող ասել, որովհետև իրադարձությունները շատ արագ են զարգանում, և ներկայիս իշխանությունների գործողությունները ոչ միշտ են երկարաժամկետ պլանավորման տպավորություն թողնում, կարծես թե ավելի շատ իրավիճակին հարմարվելու, իրավիճակում կողմնորոշվելու հարց են լուծում»։ Նարեկ Գալստյանի խոսքով՝ ռուս սահմանապահների տեղակայումը տեսականորեն և տեխնիկական տեսանկյունից հնարավոր է, բայց մանրուքներով հարուստ խնդիրներ կան․ «Հասկանալի է, որ ռուսական կողմը հենց այնպես դա չի անում, դրա դիմաց ինչ-որ բաներ է ակնկալում։ Օրինակ, գիտենք, որ Սյունիքում ռուսական կողմը ունի հենակետեր։ Նմանատիպ  հենակետեր գուցե Տավուշում, Գեղարքունիքում լինեն։ Ռուսական կողմը պետք է ունենա իր ռազմական հենակետերը այն վայրերում, որտեղ տեղակայվում է, բազայանման ինչ-որ բաներ՝ օպերացիոն խնդիրներ լուծելու համար։ Պետք է հստակեցնել նաև, թե ով է լուծում, օրինակ, ռուս սահմանապահների սննդի, հագուստի, աշխատավարձի հարցերը։ Պետք է հասկանալ՝ ինչ ենք մենք տալիս դրա դիմաց և ինչ ենք ստանում, պետք է հասկանալ դրա կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ հետևանքները։ Այսինքն՝ շատ արագ կարող են պայմանավորվածություն ձեռք բերել և զորքը տեղակայել, մյուս խնդիրները առաջանալու են դրանից հետո»։ Ադրբեջանական զորքերի՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր ներթափանցելուց հետո՝ մայիսի 27-ին, հրավիրված Անվտանգության խորհրդի նիստում Փաշինյանը առաջարկել էր Սոթք-Խոզնավար հատվածում տեղակայել միջազգային դիտորդների՝ Ռուսաստանի և կամ ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահության երկրներից։  Անդրադառնալով հարցին, թե արդյոք միջազգային դիտորդների տեղակայման վերաբերյալ մերժում ստանալուց հետո է Հայաստանը դիտարկում ռուս սահմանապահների տեղակայման տարբերակը՝ քաղաքագետն ասում է՝ մերժում ստանալու վերաբերյալ տեղեկություններ չկան՝ շեշտելով, սակայն, որ ռուսական կողմին դուր չէր գա որևէ այլ պետության ներկայությունը։ «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մասին էր խոսվում։ Հիշենք, որ Ֆրանսիան բազմիցս, այդ թվում՝ պատերազմի օրերին, իր աջակցությունը և օգնելու պատրաստակամությունն է հայտնել տարբեր ձևաչափերով։ Ես չգիտեմ՝ այդ հարցը (միջազգային դիտորդների տեղակայման հարցը- խմբ․)  քննարկվե՞լ է, օրինակ, Ֆրանսիայի հետ, և արդյոք հայկական կողմը ստացե՞լ է բացասական պատասխան Ֆրանսիայի կողմից։ Հաշվի առնելով աշխարհաքաղաքական իրողությունները և այն, ինչ տեղի է ունենում մեզ մոտ, ես վստահ եմ, որ ռուսական կողմին դուր չէր գա, որ բացի իրենից որևիցե մեկը այդտեղ լիներ։ Եթե հաշվի առնենք, թե այս պահին ով ունի ավելի մեծ ազդեցության լծակ և գնալով աճող ազդեցության լծակ Երևանի վրա, վստահ կարող ենք ասել, որ դա ռուսական կողմն է։ Միգուցե չի էլ հասել այդ աստիճանի, որ դիմի և ստանա բացասական արձագանք, և գուցե ռուսական կողմը հուշել է՝ ինչու՞ դիմել որևիցե մեկին, եթե ես այստեղ եմ և ինքս էլ կանեմ այդ քայլը»։ Անդրադառնալով նրան, որ Հայաստանը ստանձնելու է ՀԱՊԿ նախագահությունը (այդ մասին հուլիսի 29-ին հայտարարել էր Փաշինյանը)՝ քաղաքագետն ասում է, որ դա գործնական առումով Հայաստանին ոչինչ չի տա։ «ՀԱՊԿ-ի յուրահատկությունները հաշվի առնելով՝ որոշ թեմաներ, որոնք մեզ մտահոգում են, ավելի հաճախ քննարկվեն այստեղ (օրինակ՝ ավելի ակտիվ ներգրավվածությունը ներկայիս իրադարձություններին, կամ ՀԱՊԿ անդամ պետությունների կողմից Ադրբեջանի հետ ռազմական ոլորտում համագործակցությունը, այդ թվում՝ զենք-զինամթերքի առքուվաճառքը): Հայկական կողմը կօգտվի իր որոշակի արտոնություններից, բայց խնդիրները լուծում չեն ստանա, ինչպես երբևէ չեն ստացել»,-ասում է քաղաքագետը՝ հիշեցնելով՝ առաջին անգամ չէ, որ Հայաստանը ստանձում է ՀԱՊԿ նախագահությունը, և այդ կարգավիճակը երբևէ որևէ ստրատեգիական խնդիր Հայաստանի համար չի լուծել։ Անդրադառնալով Փաշինյանի՝ ՀԱՊԿ մոնիթորինգային առաքելությունը ՀՀ սահմանին տեղակայելու վերաբերյալ հայտարարությանը՝ Նարեկ Գալստյանն ասում է, որ պետք է հստակեցնել, թե ինչպես է հայկական կողմը պատկերացնում մոնիթորինգի տեխնիկական գործընթացը․ «Համաշխարհային պրակտիկայում մի քանի ձևեր կան։ Դա կարող է լինել կոմբինացված, այսինքն՝ մի քանի բաղադրիչներ ունեցող։ Օրինակ, տարբեր երկրների ներկայացուցիչներ գան, ինչ-որ պարբերականությամբ դիտարկումներ անցկացնեն, բարձրանան սահման, տեսնեն՝ ինչն ինչոց է, և վերադառնան։ Գուցե դա ենթադրում է մշտական մոնիթորինգ, այսինքն՝ համապատասխան տեխնիկական սարքավորումների,  կահավորանքի տեղակավորում և այլն։ Հնարավոր է նաև այս երկու տարբերակները ներառել։ Սա շատ լուրջ ֆինանսական խնդիրների հետ է կապված, բայց պետք է հասկանալ, որ այս հարցը նոր չէ։ Շատ վաղուց կա այդպիսի պայմանավորվածություն։ Ավելին՝ Ապրիլյան պատերազմից հետո այնտեղ երկու համաձայնություն ձեռք բերվեց, և դրանց մեջ ևս հիշատակվում էր այս հանգամանքը․ ըստ էության, սա նոր թեմա չէ, պարզապես այն ժամանակ իրավիճակը նշանակալիորեն այլ էր»։ Քաղաքագետի խոսքով՝ հիմա ուրիշ հարցեր են ի հայտ եկել, սահմանագծման, սահմանազատման խնդիր կա․ «Ամեն ինչ գնացել է նրան, որ, իբր, հստակ չէ, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանը որտեղով է անցնում։ Մինչև այսպիսի հարցերը չպարզվեն, այստեղ մոնիթորինգի հարց չեն կարող քննարկել։ Պայմանականորեն կարող են ասել, որ շփման գիծն են մոնիթորինգ անում, ոչ թե բուն սամանը, և երբ ճշտենք՝ սահմանը որն է, այդ ժամանակ էլ սահմանը կմշտադիտարկենք և այլն, բայց սա էլ առայժմ արագ լուծվող հարցերից չէ»։ Նարեկ Գալստյանը նաև ասում է, որ ՀԱՊԿ մոնիթորինգային առաքելության տեղակայման հարցի սրությունը էականորեն կնվազի ռուս սահմանապահների տեղակայման պարագայում․ «Հայկական կողմին կասեն, որ այնտեղ տեղակայված են համանախագահներից մեկի սահմանապահ զորքերի ստորաբաժանումները, մոնիթորինգի խիստ անհրաժեշտություն չկա, և կարող են փակել այս հարցը։ Իհարկե, իդեալական տարբերակում խնդիրը չէր լինի, եթե հայկական կողմը ունենար բավարար կամք, բավարար կարողություն՝ այս բոլոր հարցերը ի սկզբանե կանխելու, ոչ թե թույլ տար, որ ամեն ինչ հասներ այս իրավիճակին։ Ամեն դեպքում, այս պահին ունենք այն, ինչ ունենք։ Ես չեմ կարող գնահատել մեր կարողությունները՝ թե՛ նյութատեխնիկական առումով, թե՛ բանակի հետ կապված։ Չեմ կարող վստահ գնահատել մեր բարոյահոգեբանական մթնոլորտը։ Ամեն դեպքում, պարտված կողմը միշտ էլ ավելի խոցելի հոգեբանություն է ունենում, ու նաև հանգամանքներ կան, որոնք նախկինում, իհարկե, կային, բայց այսքան սուր չէին։ Ուժային բալանսի փոփոխություն կա ռեգիոնում և այլն։ Այս բարդ իրավիճակում թույլ պետություն ունենալը սարսափելի վտանգավոր է։ Դա կարող է հանգեցնել հեռուն գնացող հետևանքների, այսինքն՝ պետք է հասկանալ, որ առաջնահերթությունը պետության կարողությունների ուժեղացումն է»։ Նարեկ Գալստանի խոսքով՝ պետության կարողությունների ուժեղացման հնարավորություն հայկական կողմը ունի․ «Որոշ բաներ անել, իհարկե, հնարավոր է։ Ես չեմ պատկերացնում՝ դիրքերի ամրացման աշխատանքները ինչ կապ ունեն Ռուսաստանի, Ամերիկայի կամ Ֆրանսիայի հետ։ Ցեմե՞նտ չունենք, տեխնիկական միջոցնե՞ր չունենք, թե՞ մանսագետներ չունենք այդ դիրքերի կահավորման, ամրացման համար։ Բաներ կան, որ մենք կարող էինք շատ ավելի շուտ արած լինել։ Իհարկե, կողքից նայելիս ավելի հեշտ է թվում այդ պրոցեսը, բայց  9 ամսում այսօր առկա խնդիրների զգալի մասը կարելի էր մեղմել կամ լուծել»։   Նանե Ավետիսյան
21:23 - 31 հուլիսի, 2021
Փաշինյանը ԿԽՄԿ նախագահի ուշադրությունն է հրավիրել հայ գերիների նկատմամբ Ադրբեջանի շինծու դատական գործընթացների վրա

Փաշինյանը ԿԽՄԿ նախագահի ուշադրությունն է հրավիրել հայ գերիների նկատմամբ Ադրբեջանի շինծու դատական գործընթացների վրա

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի նախագահ Փիթըր Մաուրերի հետ։ Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի ջանքերը Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց առնչվող խնդիրների հանգուցալուծման և տարածաշրջանում առկա մարդասիրական այլ հարցերի կարգավորման ուղղությամբ։  «Որպես հրատապ խնդիր վարչապետի պաշտոնակատարը շեշտել է հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց շուտափույթ վերադարձի կարևորությունը։ Նիկոլ Փաշինյանը զրուցակցի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից հայ գերիների նկատմամբ շինծու քրեական գործեր հարուցելով դատական գործընթացներ սկսելու փաստի, գերության մեջ պահվող անձանց ճշգրիտ թիվը թաքցնելու հանգամանքի վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ։  Ըստ աղբյուրի՝ Նիկոլ Փաշինյանն անթույլատրելի է համարել Ադրբեջանի գործելակերպը՝ համարելով այն միջազգային հումանիտար իրավունքի ակնհայտ և կոպիտ խախտում։ Փիթըր Մաուրերը հավաստիացրել է, որ իր ղեկավարած կազմակերպությունը կշարունակի գործադրել բոլոր ջանքերը` հումանիտար բնույթի  խնդիրների կարգավորման ուղղությամբ։ ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկացմամբ՝ զրուցակիցները կարևորել են երկու կողմերի միջև ինստիտուցիոնալ հիմունքներով համագործակցության ամրապնդումն ու խորացումը։ Ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ գոյություն ունեցող կապերն ակտիվացնելու և շփումները պարբերական դարձնելու ուղղությամբ։  
21:17 - 30 հուլիսի, 2021
Հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ռուս սահմանապահների տեղակայումն ուղիղ ճանապարհ է դեպի տապալված պետություն․ Արեգ Քոչինյան

Հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ռուս սահմանապահների տեղակայումն ուղիղ ճանապարհ է դեպի տապալված պետություն․ Արեգ Քոչինյան

Թե օրվա կառավարությունն ինչպես է եկել եզրահանգման, որ հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ռուս սահմանապահների տեղակայման հարցն իմաստ ունի դիտարկել, անհասկանալի է, քանի որ երկարաժամկետ առումով դա ուղիղ ճանապարհ է դեպի տապալված պետություն, երբ քո բոլոր սահմաններն, ըստ էության, ինչ-որ ուժային կենտրոն է վերահսկում, ոչ թե դու, երբ դու այդ աստիճան կախված ես լինում մեկ ուժային կենտրոնից։ Այս մասին Infocom-ի հետ զրույցում ասաց ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արեգ Քոչինյանը։ Հայ-ադրբեջանական սահմանին ռուս սահմանապահների տեղակայման հարցը դիտարկելու մասին երեկ խոսել էր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ կառավարության նիստի ժամանակ։ Նա կարծիք էր հայտնել, որ դա հնարավորություն կտա սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքներն իրականացնել առանց ռազմական բախումների ռիսկի։  Արեք Քոչինյանի դիտարկմամբ՝ սահմանապահներ կարող են կանգնել հստակ ճշտված սահմանի երկայնքով, այսինքն՝ այն պահից սկսած, երբ որեւէ գծով կանգնեն ռուս սահմանապահները, դա հետագայում դառնալու է դեմարկացիայի, դելիմիտացիայի գիծը, իսկ Ադրբեջանն, ինչպես նկատեց մեր զրուցակիցը, այս փուլում հետ չի քաշվելու այն հատվածներից, որտեղ խորացել է․ խոսքը ոչ միայն Գեղարքունիքի ու Սյունիքի սահմանային հատվածների մասին է, այլ նաեւ այլ տարածքների, որտեղ հակառակորդն առաջ է եկել դեռ 90-ականներին․ «Եթե հիմա այդ երկայնքով կանգնեն ռուս սահմանապահները, դա դառնալու է դեմարկացիայի, դելիմիտացիայի գիծը»,- ընդգծեց փորձագետը։ Փաշինյանի հայտարարությունից հետո ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրատվամիջոցների հետ զրույցում ասել էր, որ Ռուսաստանը շարունակում է շփումները Երեւանի եւ Բաքվի հետ՝ եռակողմ համաձայնագրերի լիարժեք իրականացումն ապահովելու համար։ Նա, ըստ էության, չէր արձագանքել սահմանապահների տեղակայման վերաբերյալ Փաշինյանի դիտարկմանը։ Չէր արձագանքել նաեւ Հայաստանի ղեկավարի այն հայտարարությանը, ըստ որի՝ ՀԱՊԿ մոնիթորինգային առաքելության տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով կարող է լինել Ադրբեջանի եւ մեր փոխադարձ մեղադրանքների իսկությունը պարզելու հարցում հնարավոր լուծումներից մեկը, իսկ նման առաքելությունը իրականացնելու անհնարինության պայմաններում, Փաշինյանի խոսքով, կարող են լինել միջազգային այլ ընդունելի ֆորմատներ՝ ներառյալ ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունը։ ՌԴ-ից այս ելույթներին չարձագանքելն, ըստ Արեգ Քոչինյանի, նշանակում է, որ այդ սահմանապահների տեղակայումը գին ունի, որը ՌԴ-ն ակնկալում է մեզնից եւ դեռ չի ստացել երաշխիքներ, որ մենք պատրաստ ենք այն վճարել։ Անդրադառնալով ՀԱՊԿ մոնիթորինգային առաքելության հնարավոր տեղակայմանը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով, մեր զրուցակիցն ասաց․ «Բանն այն է, որ երբ ասում ենք ՀԱՊԿ, նկատի ունենք Ռուսաստան, որովհետեւ անգամ այդ մոնիթորինգային խմբավորման մասին խոսելիս մի քիչ դժվար է պատկերացնել, որ, օրինակ, Ղազախստանից, Ղրղզստանից կամ Բելառուսից այստեղ ինչ-որ կոնտինգենտ է բացազատվելու մոնիթորինգ անելու համար։ Դա լավագույն դեպքում կարող է լինել ռուսական մոնիթորինգային խումբ՝ գուցե ՀԱՊԿ-ի դրոշի ներքո։ Նաեւ էական է վարչապետի ասածի շարունակությունը, որ եթե նման առաքելություն իրականացնելու անհնարինություն լինի, կարող են դիտարկվել նաեւ միջազգային այլ ընդունելի ֆորմատներ»,- ասաց փորձագետը՝ հավելելով, որ սա, ըստ էության, մեր՝ ՀԱՊԿ-ի առջեւ ունեցած պարտավորությունների վերջնական արձանագրումն է եւ դրանց իրականացումը․ «Այսինքն՝ մենք առաջինը դիմում ենք ՀԱՊԿ-ին, ու եթե անգամ այս հարցում որեւէ աջակցություն չենք ստանում, դա արդեն իսկ նշանակում է, որ այդ պահից սկսած ազատ ենք ՀԱՊԿ-ից դուրս որեւէ աջակցություն փնտրելու գործում»։ Թե ինչ հնարավոր աջակցության մասին կարող է խոսք լինել, Քոչինյանի գնահատմամբ, փոքր ինչ բարդ հարց է, որովհետեւ դրան պատասխանելու համար անհրաժեշտ է տիրապետել դիվանագիտական այն խողովակներին ու քննարկումներին, որոնք, ինչպես հույս է հայտնում փորձագետը, այս ընթացքում եղել են․ «Այդ բանակցություններն, առաջին հերթին, պետք է որ ընթանային Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ, այսինքն՝ ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի, ընդ որում՝ գոյություն ունեցող երաշխիքներին, որ տվել է ռուսական կողմը, երբ այստեղ բացազատվել է, իրականում ի վիճակի է փոխարինել բացառապես Միացյալ Նահանգները։ Քանի որ երբ ասում ենք փոխարինել, նկատի ունենք, օրինակ, դա անել ժամերի ընթացքում։ Հիմա ԱՄՆ-ն այն երկիրն է, որն իրեն կարող է նման բան թույլ տալ թե՛ տեխնիկապես, թե՛ ֆինանսապես, թե՛ քաղաքականորեն։ Իսկ, օրինակ, Ֆրանսիայի դեպքում մի փոքր կասկածելի է, մի տարվա ընթացքում դա իրականացնելը պատկերացնելի է, բայց մենք չունենք այդ մեկ տարվա հնարավորությունը։ Եթե այդ երաշխիքները տրվում են մեզ, ապա դրանք պետք է իրականանալի լինեն ժամերի ընթացքում»։ Իսկ եթե դիտարկում ենք Մինսկի խմբի համանախագահությունից զատ, ապա, մեր զրուցակցի խոսքով, հնարավոր տարբերակ է նաեւ Չինաստանի աջակցությամբ Իրանը․ «Բայց այստեղ շատ ավելի լուրջ աշխատանք պետք է կատարված լինի մինչեւ այս պահը եւ շատ ավելի լուրջ աշխատանք պետք է շարունակել անել, որովհետեւ այդ գաղափարն այս պահին շատ հում է»։ Արեգ Քոչինյանը համակարծիք է, որ մեր ունեցած ժամանակը քիչ է, իսկ Ադրբեջանը, բնականաբար, շարունակելու է սադրանքները՝ իր նպատակներին հասնելու համար․ «Ասեմ ավելին, Ադրբեջանն իր խնդիրները լուծելու համար ոչ միայն սադրանքների է պատրաստ, այլ, չեմ բացառում, պատրաստ է նաեւ պատերազմի։ Իսկ սադրանքները միայն ավելանալու են ու ուժեղանալու։ Իսկ ինչ է ուզում Ադրբեջանը․ Ադրբեջանն ուզում է 44-օրյա պատերազմում իր գրանցած արդյունքների լեգիտիմիզացիա, ուզում է թուղթ, ուզում է՝ հայկական կողմը ստորագրի այդ թուղթը, որը պետք է պարունակի մինիմում դելիմիտացիա, դեմարկացիա եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում՝ Արցախն էլ հետը, իսկ մաքսիմում՝ անկլավները, միջանցքը եւ այլն»,- ասաց փորձագետը՝ նկատելով՝ մենք սրան դեռեւս դիմադրում ենք։ Նրա համոզմամբ՝ խնդիրն այն չէ, որ Ադրբեջանը սա ուզում է, խնդիրն այն է, որ սրանում Ադրբեջանին աջակցում է Թուրքիան, եւ որ առնվազն կա թողտվություն Ռուսաստանից, եթե ոչ աջակցություն։ Իսկ ի՞նչը պետք է լինի մեր անելիքը․ Արեգ Քոչինյանի կարծիքով՝ այս փուլում մեր անելիքը պետք է լինի իրավիճակի սառեցումը, այսինքն՝ մենք պետք է հասնենք նրան, որ ոչինչ չստորագրենք․ «Իսկ այս եռակողմ բանակցությունների ֆորմատը՝ Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան, պետք է վերացվի։ Մենք պետք է վերադառնանք Մինսկի խմբի համանախագահության ֆորմատին ու մեր արեւմտյան գործընկերներից մեր առաջնային ակնկալիքը, որն իրականում շատ իրատեսական է, բավականաչափ քաղաքական, նաեւ տնտեսական ճնշումն է Ադրբեջանի, եթե պետք է՝ նաեւ Ռուսաստանի վրա, որպեսզի վերսկսվեն բանակցությունները ՄԽ համանախագահության բանաձեւով։ Եթե աջակցության այդ ձեւն այս պահին այնքան էլ իրատեսական չէ, ապա գոնե ՄԽ համանախագահության բանաձեւի վերականգնումը բավարար ճնշման պարագայում լրիվ իրատեսական է»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ այս փուլում դա կտա այն սառեցումը, որը մեզ պետք է եւ որը ժամանակ կտա մեզ՝ այլ ձեւաչափերում անվտանգային նոր երաշխիքներ ստանալու ֆորմատների վրա աշխատելու։ Վերադառնալով դեմարկացիային եւ դելիմիտացիային՝ Քոչինյանն ասաց, որ այդ գործընթացն անելու համար պետք է հասկանալ, թե մենք ինչի վրա ենք հենվում․ եթե հենվում ենք խորհրդային այս կամ այն տարվա որոշակի պատկան մարմինների որոշումների վրա, ապա կան որոշումներ, որոնք մեզ են շահեկան, որոշումներ, որոնք հակառակորդին են շահեկան․ «Այստեղ, ըստ էության, ամենաարդարացի լուծումը երկու կողմերի համար կարող է լինել միջազգային դիտորդական կամ մոնիթորինգային, կամ, այսպես ասած, իրավարար վճիռ տալու ունակ որեւէ մարմնի ստեղծումը, որի մասնակցությամբ փոխզիջումային տարբերակով տեղի կունենան դեմարկացիան ու դելիմիտացիան։ Երկրորդը՝ այդ գործընթացները որեւէ կապ չպիտի ունենան Արցախի հիմնահարցի հետ եւ Արցախի ու Լաչինի կարգավիճակին դրանք որեւէ կերպ չպիտի անդրադառնան, այսինքն՝ այդ գործընթացը վերաբերելի պիտի լինի բացառապես ՀՀ եւ Ադրբեջանի պետական սահմանների ճշգրտմանը, եւ երրորդը՝ դեմարկացիան եւ դելիմիտացիան պետք է արվեն ավելի ուշ, որովհետեւ, երբ պատերազմում պարտված կողմ ես, ընդ որոււմ՝ պարտված այնպես, որ քեզ ուղղակի մեջքի վրա պառկեցրել են, բնական է, որ դու զիջելու ես, զիջելու ես այնքան, ինչքան դիմացինն ուզի, դրա համար մեզ պետք է ժամանակ ձգել, մեր ԶՈՒ-երը կարգի բերել, նոր խոսել այդ գործընթացների մասին»,- ասաց փորձագետը՝ շեշտելով՝ դրանք պիտի լինեն շատ լուրջ միջազգային ատյանի վերահսկողության ներքո, պետք է բացառվի ուժի կիրառումը կամ ուժի կիրառման սպառնալիքը, պետք է տեղի ունենա դեէսկալացիա, տեխնիկան պետք է հետ քաշվի սահմաններից, գործընթացը լինի հանգիստ․ «Հիմա զենքի սպառնալիքի տակ արված դեմարկացիան ու դելիմիտացիան մեզ համար պատուհաս են, որովհետեւ որեւէ կերպ չեն կարող բխել մեր շահերից»։ Անդրադառնալով գլոբալ փոխահարբերություններին՝ փորձագետը նկատեց՝ տեղի է ունենում ռուս-թուրքական պայմանավորվածություն՝ տարածաշրջանի վերաբաժանման վերաբերյալ։ Վերաբաժանում, որը տարածաշրջանը բերելու է Ռուսաստանի եւ Թուրքիայի քաղաքական շրջանակների միջեւ բաժանման եւ այստեղից դուրս է մղելու արեւմուտքը․ «Բնական է, որ արեւմուտքը դրա հետ չի կարող համակերպվել, բայց այստեղ մի քանի հարց կա․ արդյոք այս տարածաշրջանն այնքան կարեւո՞ր է արեւմուտքի համար, որ վերջինը հանուն այս տարածաշրջանի գնա այնպիսի լուրջ քայլերի, ինչպիսին այստեղ կոնտինգենտի բացազատումն ու երաշխքիների տրամադրումն է, թե՞, օրինակ, դիվանագիտական ճնշման մակարդակի կարեւորություն ունի։ Ըստ իս՝ երկրորդն է, բայց դա էլ այն ոլորտն է, որտեղ ժամանակ է պետք»,- ասաց մեր զրուցակիցն ու ամփոփելով նշեց՝ մեզ պետք է ամեն ինչ անել՝ ժամանակ ձգելու համար, թույլ չտալու, որ իրավիճակը դուրս գա վերահսկողությունից, իսկ զուգահեռ վարել ակտիվ բանակցություններ, ակտիվ աշխատել մեր արեւմտյան գործընկերների հետ, որպեսզի բանակցությունները հնարավորինս շուտ սկսվեն եւ սկսվեն ՄԽ համանախագահության վերագործարկմամբ ու այդ մարմնի շրջանակներում։ Հայարփի Բաղդասարյան
20:27 - 30 հուլիսի, 2021
Արագածոտնում կկառուցվի լեռնադահուկային համալիր. ներդրումը կկազմի 30 մլրդ դրամ   |armenpress.am|

Արագածոտնում կկառուցվի լեռնադահուկային համալիր. ներդրումը կկազմի 30 մլրդ դրամ |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը հավանություն տվեց «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» ՓԲԸ-ի ներդրումային ծրագրին։ Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը նշեց, որ ընկերությունը Արագածոտնի մարզի Ապարան համայնքի 2080 հեկտար հողամասում նախատեսում է կառուցել լեռնադահուկային համալիր: «Ներդրվելու է 30 մլրդ դրամ։ 15 մլրդ դրամը կներդնի ընկերությունը, ևս 15-ը կներգրավվի այլ մասնավոր ընկերությունների կողմից։ Կառուցման ընթացքում ներգրավված կլինի շինարարության ոլորտի շուրջ 250 աշխատող, իսկ ծրագիրն իրականացնելուց հետո կստեղծվի 1500 հիմնական աշխատատեղ։ Համալիրը տարեկան նախատեսում է սպասարկել 500 հազար զբոսաշրջիկի, այդ թվում՝ հարևան պետություններից՝ Վրաստանից, Իրանից, Ռուսաստանից»,- ասաց Քերոբյանը՝ ավելացնելով, որ համալիրում գործելու է նաև խաղատուն։ Նախարարի պաշտոնակատարը հիշեցրեց, որ խաղատները Հայաստանում գոյություն ունեն հիմնականում զբոսաշրջային վայրերում՝ Ջերմուկում, Ծաղկաձորում, Սևանում ու այս տրամաբանության մեջ ամբողջությամբ տեղավորվում է ևս մի քաղաքում խաղատուն ունենալու թույլտվությունը։  Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ինքը խաղատներով առանձնապես հետաքրքրված չէ, սակայն դրանց գովազդ նկատել է միայն Ծաղկաձոր տանող ճանապարհին: «Հիմա, օրինակ, Երևանում երկու ներդրող ունի հավակնություն, որ 80 ու ավելի միլիոն դոլար ներդրում են անում ու ակնկալում են ստանալ խաղատուն կառուցելու թույլտվություն: Կարող է հարց ծագել՝ այդ ինչպե՞ս է, որ բուքմեյքերական ընկերություններին թույլ չենք տալիս, բայց ներդրում անողին թույլ ենք տալիս, դա ունի շատ կոնկրետ պատճառ. Երևանի բավականին բանուկ հատվածներում խաղատները պիտի լինեն վերնահարկում, և փողոցից խաղատունը մուտք չունենա, մենք սա պետք է ամրագրենք կանոններով», - ասաց Նիկոլ Փաշինյանը։ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն էլ ասաց, թե պետք չէ միայն խաղատան վրա ուշադրություն դարձնել, սակայն ավելացրեց, որ ինքը չի ցանկանում, որպեսզի մարզն այդ համբավը ձեռք բերի:  Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ամեն որոշման հետ  այսպիսի  սարսափի մթնոլորտ ստեղծել («Վա՜յ, էս ինչ են անում, էս ինչ են կառուցում, թող ոչ մի բան չկառուցվի) ճիշտ բան չէ։ Հիմա կխորանանք ու կգանք այն եզրակացության, որ հերթական ահասարսուռ դավադրությունն է տեղի ունենում Հայաստանի ու հայ ժողովրդի դեմ, հետևաբար, քվեարկությունից առաջ մտածեք՝ ինչի օգտին եք քվեարկում, որովհետև պատմությունը, հնարավոր է, ձեզ չների»:
13:27 - 29 հուլիսի, 2021
Ադրբեջանը իր բոլոր գործողություններով փորձում է խափանել երկխոսության որևէ հնարավորություն. Փաշինյանն անդրադարձավ սահմանային իրադրությանը

Ադրբեջանը իր բոլոր գործողություններով փորձում է խափանել երկխոսության որևէ հնարավորություն. Փաշինյանն անդրադարձավ սահմանային իրադրությանը

Ի հեճուկս ՀՀ Կառավարության և միջազգային հանրության գործադրած ջանքերի իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծի երկարությամբ չի կայունանում։ Այս մասին Կառավարության հերթական նիստից առաջ ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Նրա անդրադարձը սահմանային իրավիճակին՝ ստորև․ «Ադրբեջանը շարունակում է ագրեսիվ հռետորաբանության և գործողությունների գործադրումը՝ միևնույն ժամանակ անպատասխան թողնելով իրադրության քաղաքական և երկարաժամկետ կարգավորմանն ուղղված միջազգային հանրության բոլոր առաջարկները։ Որպես այդպիսին ուզում եմ կրկին նշել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, օրինակ, ապրիլի 13-ի հայտարարությունը, որով նրանք կողմերին կոչ են անում առաջին իսկ հնարավորության դեպքում վերսկսել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը համանախագահների հովանու ներքո։ Ի հեճուկս նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության՝ 8-րդ Ադրբեջանում շարունակվում են հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց շինծու դատավարությունները, որի հետևանքով նրանք դատապարտվում են երկար տարիների ազատազրկումների։ Հատուկ ուշադրության է արժանի այն փաստը, որ վերջին շրջանում գրեթե բոլոր դատապարտվածները գերեվարվել են նոյեմբերի 9-ից հետո, խաղաղապահների պատասխանատվության գոտիներում։ Եթե այս փաստը համադրում ենք այն լայնածվալ հակաքարոզչության հետ, որ Ադրբեջանում վարվում է ընդդեմ խաղաղապահների և այն փաստի հետ, որ Ադրբեջանը մինչև օրս չի ստորագրել խաղաղապահների մանդատը ակնհայտ է դառնում, որ սա խաղաղապահների, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղում կայունության ու խաղաղության դեմ իրականացվող գործողությունների շարք է։ Տարածաշրջանի բոլոր տրանսպորտային և տնտեսական կոմունիկացիաները պետք է բացվեն և ինչպես Հայաստանը Ադրբեջանի տարածքով պիտի հաղորդակցություն ունենա այդ թվում՝ դեպի ՌԴ, Կենտրոնական Ասիա, Իրանի Իսլամական Հանրապետություն, այնպես էլ Ադրբեջանը Հայաստանի տարածքով պիտի հաղորդակցություն ունենա այդ թվում դեպի Նախիջևան, Վրաստան, Իրան։ Այդ ծրագիրն իրականացնելու համար սահմանի համապատասխան կետերում պիտի ստեղծվեն մաքսային կետեր, որոնց հատումը երկու կողմերից պիտի իրականացվի միջպետական սահմանների անցման միջազգայնորեն, զորօրինակ ԱՊՀ-ում ընդունված կանոններին համապատասխան, մաքսային սահմանային և այլ տեսակի հսկողություններով։ Լինելով ՀԱՊԿ անդամ, ով սույն թվականի սեպտմեբերից ստանձնելու է կազմակերպության նախագահությունը, ՀՀ-ն հասկանում է ՀԱՊԿ-ի համար անվտանգային սպառնալիքներ չստեղծելու, դաշնակից երկրներին ռազմական գործողությունների մեջ չներքաշելու իր պատասխանատվությունը և ես պաշտոնապես բացառում եմ Հայաստանի Զինված ուժերի կողմից որևէ սադրիչ գործողություն։ Միևնույն  ժամանակ կարծում եմ, որ Ադրբեջանի և մեր փոխադարձ մեղադրանքների իսկությունը պարզելու հարցում հնարավոր լուծումներից մեկը կարող է լինել ՀԱՊԿ մոնիթորինգային առքելության տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով, ինչը նախատեսված Է ՀԱՊԿ-ի գործունեության իրավակարգավորումներով։ ՀԱՊԿ-ի շրջանակներում նման առաքելությունը իրականացնելու անհնարինության պայմաններում մեզ կարող են լինել միջաազգային այլ ընդունելի ֆորմատներ, ներառյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը։ Առկա իրավիճակը հաշվի առնելով, կարծում եմ, իմաստ ունի դիտարկել հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ռուս սահմանապահների տեղակայման հարցը, ինչը հնարավորություն կտա սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքներն իրականացնել առանց ռազմական բախումների ռիսկի։ Այս թեման պատրաստվում ենք քննարկել մեր ռուսաստանցի գործընկերների հետ»։
11:41 - 29 հուլիսի, 2021
«Արմօյլ» ընկերության խնդիրն ուսումնասիրելու համար ստեղծել է միջգերատեսչական աշխատանքային խումբ

«Արմօյլ» ընկերության խնդիրն ուսումնասիրելու համար ստեղծել է միջգերատեսչական աշխատանքային խումբ

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը «Արմօյլ» փակ բաժնետիրական ընկերության տնտեսական գործունեության հետ կապված խնդիրն ուսումնասիրելու համար ստեղծել է միջգերատեսչական աշխատանքային խումբ: Այս մասին տեղեկանում ենք e-gov.am կայքէջից: «Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 130-րդ կետը՝1. Ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ՝ «Արմօյլ» փակ բաժնետիրական ընկերության տնտեսական գործունեության հետ կապված խնդիրնուսումնասիրելու համար։2. Հաստատել միջգերատեսչական աշխատանքային խմբի անհատական կազմը՝ համաձայն հավելվածի։3. Միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետությանվարչապետին ներկայացնել «Արմօյլ» փակ բաժնետիրական ընկերության կողմից կառուցված գործարանի գործարկման հնարավորությունները և աշխատանքային խմբի կողմից առաջարկվող համապատասխան լուծումները՝ ճանապարհայինքարտեզի տեսքով»,- նշված է որոշման մեջ:
13:29 - 28 հուլիսի, 2021