Հայաստան

«Ռոստելեկոմ»-ի վաճառքի գործընթացը տապալվել է |civilnet.am|

«Ռոստելեկոմ»-ի վաճառքի գործընթացը տապալվել է |civilnet.am|

civilnet.am: Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի «Ռոստելեկոմ» ապրանքանիշը ներկայացնող «Ջիէնսի-Ալֆա» ընկերության բաժնետոմսերի առքուվաճառքի գործարքը, ՍիվիլՆեթի տեղեկություններով, տապալվել է, և ընկերության վաճառքի հեռանկարը անորոշ է։ Պատճառը փետրվարի ռուս-ուկրաինական պատերազմն է, իսկ ավելի կոնկրետ՝ ռուսական ընկերությունների դեմ արևմտյան պատժամիջոցները, որոնք թույլ չեն տվել գնորդ կողմին վարկային միջոցներ ներգրավել և վերջնականացնել գործարքը։ «Ռոստելեկոմ»-ի նախագահ Միխայիլ Օսեևսկին հունվարին հայտարարել էր, որ «Ջիէնսի-Ալֆա»-ի նախնական գինը 25 միլիոն դոլար է։ Ընկերության գնորդները խոստացել էին առաջիկա հինգ տարիներին ներդնել 2,5 միլիարդ դրամ։ Հայաստանի Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը, ինչպես նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը համաձայնություն էին տվել այս գործարքին։ Հայաստանյան «Ռոստելեկոմ»-ի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց՝ ընկերության վաճառքը չի կայացել։ «Չեմ կարող մեկնաբանել, չգիտեմ՝ ինչի հետ է կապված»,- նշեց Ֆարամազյանը։ Վերջինիս խոսքով՝ ընկերության ներկա բաժնետերերը, նաև ընկերությունը, ինչպես նախկինում, այնպես էլ այժմ շարունակում է իր բնականոն գործունեությունը։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հեռահաղորդակցության վարչության ռեսուրսների բաժնի պետ Արմեն Հունանյանը հիշեցրեց՝ կա ՀԾԿՀ-ի որոշում, որով գործարքն ավարտելուց հետո ընկերությունը պիտի համապատասխան փաստաթղթեր ներկայացնի Հանձնաժողովին. նման փաստաթղթեր մինչ այժմ ներկայացված չեն։ «Ռոստելեկոմ»-ը Հայաստանի քաղաքներում ունի 92 տոկոս ներկայություն, տվյալների հաղորդման օպտիկական համակարգեր, 3 000-կիլոմետրանոց ցանց։
13:50 - 21 ապրիլի, 2022
Խովաևը «օգտակար խորհրդակցություններ» է անցկացրել Երևանում, կայցելի նաև Բաքու․ Զախարովա |azatutyun.am|

Խովաևը «օգտակար խորհրդակցություններ» է անցկացրել Երևանում, կայցելի նաև Բաքու․ Զախարովա |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով Ռուսաստանի արտգործնախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը խորհրդակցություններ է անցկացրել Երևանում, համաձայնեցվել է նաև նրա այցը Բաքու։ Այս մասին երեկ ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Իգոր Խովաևի հիմնական խնդիրներից է ադրբեջանցի և հայ գործընկերներին աջակցել խաղաղության համաձայնագրի նախապատրաստման գործում։ Հատուկ ներկայացուցիչն արդեն ակտիվորեն միացել է աշխատանքին, օգտակար խորհրդակցություններ է անցկացրել Երևանում։ Համաձայնեցված է նրա այցը Բաքու, որը տեղի կունենա մոտ ապագայում», - ասել է դիվանագետը։ Զախարովան նշել է, որ երկխոսությունը հիմնված է Ադրբեջանի և Հայաստանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման համար Բաքվի առաջարկած հիմնարար սկզբունքների, ինչպես նաև այդ առաջարկներին Երևանի կառուցողական արձագանքի վրա։
10:36 - 21 ապրիլի, 2022
Փաշինյանը և Միշուստինը քննարկել են տնտեսության ոլորտում հայ-ռուսական համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ

Փաշինյանը և Միշուստինը քննարկել են տնտեսության ոլորտում հայ-ռուսական համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ

ՌԴ կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։  Ողջունելով ՀՀ վարչապետին, Միխայիլ Միշուստինը նշել է. «Հարգելի Նիկոլ Վլադիմիրի, ողջունում ենք Ձեզ Կառավարության տանը։ Ձեր պաշտոնական այցն ունի շատ կարևոր նշանակություն մեր բարեկամական և դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման համար, որոնք կապում են Հայաստանը և Ռուսաստանը։ Այս տարի մենք նշում ենք երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը և Հայաստանի հետ բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի 25-ամյակը։ Երեկ կայացած բանակցությունների արդյունքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Դուք ձեռք եք բերել լայնածավալ պայմանավորվածություններ երկուստեք համագործակցության ամրապնդման մասին՝ գրեթե բոլոր ուղղություններով, որոնք կան մեր երկու երկրների օրակարգերում։ Ռուսաստանի Դաշնությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները բարձր մակարդակում կայացած որոշումների իրականացման համար»: ՌԴ վարչապետի խոսքով՝ Ռուսաստանը զբաղեցնում է առաջին տեղը Հայաստանի արտաքին գործընկերների և ներդրող երկրների շարքում: «Ուրախացնում է այն փաստը, որ նախորդ տարի երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է գրեթե 13 տոկոսով՝ հասնելով 2 միլիարդ 600 միլիոն դոլարի, իսկ 2022 թվականի հունվար և փետրվար ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ապրանքաշրջանառությունն աճել է 42 տոկոսով՝ կազմելով 430 միլիոն դոլար։ Հայաստանի տնտեսության մեջ ռուսական ներդրումների ծավալը գերազանցում է 2 միլիարդ դոլարը։ Մենք հետաքրքրված են երկկողմ համագործակցության զարգացման, նոր նախագծերի իրագործման հարցում, այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան, հանքարդյունաբերությունը, տրանսպորտային ենթակառուցվածքները, դեղագործությունը, գյուղատնտեսությունը և թվային տեխնոլոգիաները, բարձր տեխնոլոգիաները»,- ասել է Միշուստինը՝ հավելելով, որ նմանատիպ նախաձեռնություններով զբաղվում է երկու երկրների միջկառավարական հանձնաժողովը։ ՌԴ վարչապետն առաջարկել է արագացնել Հայաստանի և Ռուսաստանի միջկառավարական հանձնաժողովի տնտեսական համագործակցության նոր ծրագրի ստորագրման գործընթացը։ Միշուստինը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պայմաններում կարևորել է երկկողմ առևտրում ազգային արժույթների առավել ակտիվ օգտագործումը, արդյունաբերական կոոպերացիաների օգտագործումը, առևտրի նոր հնարավորությունների ստեղծումը: «Մենք նաև առանձնահատուկ ուշադրություն ենք ցուցաբերում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների միջև պայմանավորվածությունների կատարմանը` տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման ուղղությամբ: Վստահ եմ, որ նոր ենթակառուցվածքային ուղիների ստեղծումը կնպաստի տարածաշրջանի հետագա զարգացմանը, կայունությանն ու խաղաղությանը` ի շահ Հարավային Կովկասի երկրների: Ռուսաստանը շարունակում է Հայաստանին ցուցաբերել հումանիտար օգնություն, այժմ Հումանիտար արձագանքման միջազգային կենտրոնի միջոցով ստեղծվում են պայմաններ` փախստականների` իրենց մշտական բնակության վայրեր վերադառնալու, օբյեկտների և ենթակառուցվածքների վերականգնման համար»,- ասել է Միխայիլ Միշուստինը: Իր խոսքում ՌԴ վարչապետը կարևորել է նաև կրթության և գիտության ոլորտում սերտ փոխգործակցության շարունակականության ապահովումը: Իր հերթին, վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել. «Սա իմ առաջին պաշտոնական այցն է Ռուսաստանի Դաշնություն և պետք է ասեմ, Դուք ճիշտ նկատեցիք, որ այն անցնում է շատ հաջող: Երեկ մենք Վլադիմիր Վլադիմիրիի հետ քննարկեցինք մեր միջպետական հարաբերությունների ողջ ծավալը, անցկացրեցինք շատ արդյունավետ բանակցություններ, ձեռք բերեցինք կարևոր պայմանավորվածություններ: Ռուսաստանը համարվում է Հայաստանի հիմնական առևտրատնտեսական գործընկերը և մեր առևտրաշրջանառությունն ու առևտրատնտեսական կապերը շարունակական աճում են: Մենք արդյունավետ համագործակցում ենք նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակում: Էներգետիկայի ոլորտում ունենք համագործակցության հարուստ փորձ և ռազմավարական ծրագրեր, որպեսզի զարգացնենք այդ բնագավառը: Իհարկե, տրանսպորտի և այլ ոլորտներում մենք ունենք կոնկրետ ծրագրեր և երեկ Վլադիմիր Վլադիմիրիի հետ պայմանավորվեցինք, որ միջկառավարական հանձնաժողովը պետք է դառնա հիմնական հարթակը` տնտեսության, էներգետիկայի և այլ ոլորտներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման համար: Անհրաժեշտ եմ համարում ընդգծել, որ մեր նախարարությունները բավականին լավ համագործակցում են, միջկառավարական հանձնաժողովը նույնպես ակտիվ գործում է, վերջերս Երևանում տեղի ունեցավ նիստ: Կարծում եմ, որ ընթացիկ իրավիճակում հայտնվում են ընդհանուր մարտահրավերներ, նաև հնարավորություններ, որոնք պետք է գրանցել, փորձել օգտագործել: Ուրախ եմ, որ այսօր ունենք հնարավորություն` քննարկելու որոշ կոնկրետ թեմաներ և հնարավոր է հաջողվի հանգել կոնկրետ լուծումների»: Վարչապետ Փաշինյանը հիշեցրել է, որ այս տարի նշվում է Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը, ՀԱՊԿ 30-ամյակը, Հայաստանի ու ՌԴ-ի միջև Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի 25-ամյակը: «Այս հոբելյանական տարում ունենք միջոցառումների հարուստ ծրագիր, ինչն առաջին հերթին լավ հնարավորություն է նշելու հոբելյանները, ինչպես նաև վերլուծելու անցած ճանապարհը, հասկանալու, արդյոք հասցրել ենք հասնել այն նպատակներին, որոնք նախանշված են եղել, ինչպես նաև տեսնելու, թե որտեղ չենք հասցրել, մեր համագործակցությունը դարձնել առավել արդյունավետ»,- նշել է վարչապետը: Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են տնտեսության, ենթակառուցվածքների, էներգետիկայի, առևտրաշրջանառության, բարձր տեխնոլոգիաների և այլ ոլորտներում համագործակցությունը զարգացնելու մի շարք ծրագրեր ու նախաձեռնություններ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում գերատեսչությունների միջոցով սերտորեն աշխատել` դրանք կյանքի կոչելու և հայ-ռուսական տնտեսական կապերը նոր մակարդակի բարձրացնելու նպատակով: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայից ուղևորվել է Նիժնի Նովգորոդ:  
18:01 - 20 ապրիլի, 2022
Չեղարկվել է ընդդիմության նախաձեռնած քննարկումը. «Հայաստան» խմբակցությունը մեղադրում է իշխանությանը

Չեղարկվել է ընդդիմության նախաձեռնած քննարկումը. «Հայաստան» խմբակցությունը մեղադրում է իշխանությանը

Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության նախաձեռնած՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հայեցակարգային դրույթների մասին» հայտարարության նախագծի քննարկումը չեղարկվել է։ Այդ մասին հայտնում են Ազգային ժողովից՝ հայտնելով, որ լսումները չեն կայան «տեխնիկական խնդիրների պատճառով»։ Քիչ առաջ եղավ նաև խմբակցության հայտարարությունը՝ «իշխանությունների կողմից Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին խորհրդարանական լսումներին ապօրինաբար խոչընդոտելու վերաբերյալ»։ «Օրվա քաղաքական իշխանությունը, հերթական անգամ խախտելով Սահմանադությունն ու օրենքները, մինչև ապրիլի 24-ը հրաժարվում է Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության նախաձեռնած լսումների անցկացման համար տրամադրել Ազգային ժողովի դահլիճը և ուղիղ հեռարձակում ապահովել՝ ներկայացնելով անհիմն տեխնիկական պատճառաբանություն»,- նշվում է հայտարարությունում։ Ըստ խմբակցության՝ «լսումների նպատակն էր լայն հանրությանը ներկայացնել այն «կարմիր գծերը», որոնք պետք է ուղեցույց դառնան Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման հարցերը քննարկելիս»: «Իշխանությունների նախաձեռնած՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ներկայիս ընթացքը, դրանից բխող սպառնալիքների չգիտակցումը և դրսևորած այս ապօրինի վարքագիծը վկայում են, որ նրանք ուղղակի կամ անուղղակի գնում են թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը սպասարկելու ճանապարհով։ Խորհրդարանական լսումների անցկացումը մնում է մեր օրակարգում, կկայանա առաջիկայում, որի մասին հավելյալ կտեղեկացնենք»,- հայտնում է ընդդիմադիր ուժը։ «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հայեցակարգային դրույթների մասին» հայտարարության նախագծի միջոցով խմբակցությունն առաջարկում է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորել փուլային եղանակով՝ մեկնակետ ընդունելով դիվանագիտական հարաբերությունների հաստատումը և Թուրքիայի կողմից Հայաստանի ապաշրջափակումը
17:44 - 20 ապրիլի, 2022
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Նիժնի Նովգորոդ

 |armenpress.am|

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Նիժնի Նովգորոդ |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 20-ին ժամանեց Նիժնի Նովգորոդ։ Նիժնի Նովգորոդում վարչապետին դիմավորեցին Նիժեգորոդյան մարզի նահանգապետ Գլեբ Նիկիտինը, Նիժեգորոդյան մարզի օրենսդիր խորհրդի նախագահ Եվգենի Լյուլինը, Նիժնի Նովգորոդի քաղաքապետ Յուրի Շալաբաևը և Նիժնի Նովգորոդում ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Սերգեյ Մալովը։   Նախատեսվում է վարչապետի այցը «Գազ» ընկերության գործարան, որտեղ ընկերության նախագահ Վադիմ Սորոկինի ուղեկցությամբ վարչապետը շրջայց կկատարի։ Այնուհետև վարչապետը կմեկնի Նիժեգորոդյան Կրեմլ` հարգանքի տուրք կմատուցի «Անմար կրակ»-ի հուշահամալիրի մոտ և շրջայց կկատարի Կրեմլի արվեստի պետական թանգարանում։   Նիկոլ Փաշինյանը նաև առանձնազրույց կունենա Նիժեգորոդյան մարզի նահանգապետ Գլեբ Նիկիտինի հետ։ Վարչապետի կայցելի նաև հայկական Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի, որտեղ կհանդիպի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։
17:31 - 20 ապրիլի, 2022
ՌԴ-ն շահագրգռված է ՀՀ-ի հետ էներգետիկայի, հանքարդյունաբերության, տրանսպորտային ենթակառուցվածքների ոլորտում նոր համատեղ նախագծերի մեկնարկով․ Միշուստին
 |factor.am|

ՌԴ-ն շահագրգռված է ՀՀ-ի հետ էներգետիկայի, հանքարդյունաբերության, տրանսպորտային ենթակառուցվածքների ոլորտում նոր համատեղ նախագծերի մեկնարկով․ Միշուստին |factor.am|

factor.am: Մոսկվան առաջարկում է արագացնել Երևանի հետ տնտեսական համագործակցության միջկառավարական նոր ծրագրի ստորագրման նախապատրաստական աշխատանքները։ Այս մասին չորեքշաբթի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ասել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, գրում է ՏԱՍՍ-ը։«Մենք առաջարկում ենք արագացնել Ռուսաստանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական նոր ծրագրի ստորագրման նախապատրաստական աշխատանքները»,- ասել է նա։ Միշուստինը հիշեցրել է, որ միջկառավարական հանձնաժողովն աշխատում է երկկողմ համագործակցության ընդլայնման կոնկրետ նախաձեռնությունների վրա։ Միևնույն ժամանակ, նրա խոսքով, Մոսկվան շահագրգռված է նոր համատեղ նախագծերի մեկնարկով, այդ թվում՝ էներգետիկայի, հանքարդյունաբերության, տրանսպորտային ենթակառուցվածքների, դեղագործության, ագրոարդյունաբերական համալիրի, թվային տնտեսության և նորարարության ոլորտներում։
16:52 - 20 ապրիլի, 2022
2022 թ. թույլատրվում է ՀՀ ներմուծել Էլեկտրաշարժիչով մեքենաներ՝ զրո տոկոս մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով

2022 թ. թույլատրվում է ՀՀ ներմուծել Էլեկտրաշարժիչով մեքենաներ՝ զրո տոկոս մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2022 թվականի ապրիլի 16-ին ուժի մեջ է մտել ՀՀ կառավարության 2022 թվականի ապրիլի 15-ի N 514-Ն որոշումը, որի համաձայն՝ 2022 թվականի ընթացքում էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագիր) ներմուծումը Հայաստանի Հանրապետություն թույլատրվում է զրո տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով` 6400 հատից ոչ ավելի ծավալով: Մաքսատուրքի սակագնային այս արտոնությունը ստանալու նպատակով հայտարարատուն տրանսպորտային միջոցը ՀՀ ներմուծումից հետո պետք է համապատասխան մաքսային մարմին ներկայացնի մաքսային հայտարարագիրը: ՀՀ մինչև 6400 հատ էլեկտրաշարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից այդ հայտարարագիրը կգրանցվի և կտրամադրվի մաքսատուրքի արտոնություն։ Նշված քանակը սպառվելու պարագայում մաքսային մարմինների կողմից տվյալ տարվա ընթացքում մաքսատուրքի արտոնություն չի տրամադրվի, իսկ արտոնության կիրառմամբ հաշվարկված հայտարարագիրը, գրանցումը կամ բացթողումը կմերժվի։ Կոմիտեն տեղեկացնում է, որ այս արտոնության կիրառման նպատակով նախնական մաքսային հայտարարագրման դեպքում մաքսատուրքի արտոնությունը կարող է տրամադրվել միայն էլեկտրաշարժիչով տրանսպորտային միջոցի ՀՀ ներմուծումից հետո՝ մաքսային մարմիններին վերջնական հայտարարագրի ներկայացման պարագայում։ Միաժամանակ գրանցված մաքսային հայտարարագրերի առկայության պարագայում՝ սակագնային արտոնության կիրառման հնարավորությունը տրամադրվում է առավել վաղ ՀՀ մաքսային սահմանը հատած տրանսպորտային միջոցներին: Հիշեցնենք, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի մարտի 17-ի N 39 որոշման պահանջներին համապատասխան, այս արտոնության կիրառմամբ Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցները չեն կարող տրամադրվել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին և (կամ) Ռուսաստանի Դաշնությունում մշտական բնակություն ունեցող անձանց տիրապետման, տնօրինման և օգտագործման նպատակով։  
16:42 - 20 ապրիլի, 2022
Հայաստանի և Չինաստանի ԱԳ նախարարները պատրաստակամություն են հայտնել խորացնել հայ-չինական հարաբերությունները

Հայաստանի և Չինաստանի ԱԳ նախարարները պատրաստակամություն են հայտնել խորացնել հայ-չինական հարաբերությունները

Ապրիլի 20-ին Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ԱԳ նախարար Վանգ Յիի հետ:Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի ու Չինաստանի միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 30-ամյակին՝ նշելով, որ անցած ժամանակաշրջանում զգալի աշխատանք է կատարվել երկկողմ հարաբերությունների կայացման և զարգացման համար՝ քաղաքական, առևտրատնտեսական, հումանիտար և այլ ուղղություններով: Երկուստեք պատրաստակամություն է հայտնվել վճռականորեն սերտացնել և խորացնել հայ-չինական հարաբերությունները:Կարևորվել է տնտեսական համագործակցության բնագավառում առկա մեծ ներուժի օգտագործումը, ներդրումների խրախուսումը, ենթակառուցվածքների զարգացումը և լոգիստիկ մարտահրավերների հաղթահարումը: Այս համատեքստում շեշտվել է տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացի անհրաժեշտությունը:Ներկայացնելով հայկական կողմի դիրքորոշումը տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման վերաբերյալ՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև տարբեր ուղղություններով բանակցությունների նշանակությունը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը: Երկուստեք կարևորվել է միջազգայնորեն ընդունված առկա բանակցային ձևաչափի կենսունակությունը և խաղաղության գործընթացի առաջմղումը:Զրուցակիցները մտքեր են նաև փոխանակել տարածաշրջանային ու միջազգային օրակարգի՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ:
16:19 - 20 ապրիլի, 2022
Նոր ենթակառուցվածքային ուղիների ստեղծումը կնպաստի Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը. ՌԴ վարչապետ

 |armenpress.am|

Նոր ենթակառուցվածքային ուղիների ստեղծումը կնպաստի Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը. ՌԴ վարչապետ |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի հատուկ ուշադրության կենտրոնում են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների ձեռք բերած պայմանավորվածությունները Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման վերաբերյալ։ Այս մասին հայտարարեց ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։ «Համոզված եմ, որ նոր ենթակառուցվածքային ուղիների ստեղծումը կապահովի տարածաշրջանի կայուն զարգացումը, կնպաստի խաղաղության և կայունության ամրապնդմանը՝ ի շահ Հարավային Կովկասի բոլոր երկրների։ Ռուսաստանը շարունակելու է հումանիտար աջակցություն ցուցաբերել Հայաստանին»,- ասել է ՌԴ վարչապետը: Միշուստինի խոսքով` ՌԴ արագ արձագանքման կենտրոնի աշխատանքի շնորհիվ Լեռնային Ղարաբաղում այս պահին  ստեղծվում են պայմաններ բնակիչների` իրենց մշտական բնակության վայրեր վերադարձի, ինչպես նաև ենթակառուցվածքների վերականգնման համար։
16:02 - 20 ապրիլի, 2022
Միշուստինը ՌԴ-ի դեմ պատժամիջոցների պայմաններում կարևորել է Հայաստանի հետ առևտրում ազգային արժույթների ավելի ակտիվ օգտագործումը

 |armenpress.am|

Միշուստինը ՌԴ-ի դեմ պատժամիջոցների պայմաններում կարևորել է Հայաստանի հետ առևտրում ազգային արժույթների ավելի ակտիվ օգտագործումը |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանը շահագրգռված է Հայաստանի հետ  համագործակցությունը զարգացնելու գործում։ Այս մասին հայտարարեց Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։ «Ողջունում ենք ձեզ Կառավարության տանը։ Ձեր պաշտոնական այցն ունի շատ կարևոր նշանակություն մեր բարեկամական և դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման համար, որոնք կապում են Հայաստանը և Ռուսաստանը։ Այս տարի մենք նշում ենք երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը և Հայաստանի հետ բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի 25-ամյակը։ Երեկ կայացած բանակցությունների արդյունքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ դուք ձեռք եք բերել լայնածավալ պայմանավորվածություններ երկուստեք համագործակցության ամրապնդման մասին՝ գրեթե բոլոր ուղղություններով, որոնք կան մեր երկու երկրների օրակարգերում։ Ռուսաստանի Դաշնությունը կձեռնարկի բոլոր միջոցները բարձր մակարդակում կայացած որոշումների իրականացման համար»,- ընդգծեց Միշուստինը։ Միշուստինն առաջարկում է արագացնել Հայաստանի և Ռուսաստանի միջկառավարական հանձնաժողովի տնտեսական համագործակցության նոր ծրագրի ստորագրման գործընթացը։ «Ռուսաստանի դեմ ոչ բարեկամ երկրների կողմից անօրինական պատժամիջոցների պայմաններում, իհարկե, կարևոր է երկկողմ առևտրում ավելի ակտիվ օգտագործել ազգային արժույթները, զարգացնել արդյունաբերական կոոպերացիաները, ստեղծել առևտրի նոր հնարավորություններ»,- ընդգծեց Միշուստինը։
15:41 - 20 ապրիլի, 2022
ՌԴ-ն ու ՀՀ-ն միջխորհրդարանական մակարդակում համագործակցությունն արդյունավետ զարգացնում են. Մատվիենկո

 |armenpress.am|

ՌԴ-ն ու ՀՀ-ն միջխորհրդարանական մակարդակում համագործակցությունն արդյունավետ զարգացնում են. Մատվիենկո |armenpress.am|

armenpress.am: Միջխորհրդարանական մակարդակում Հայաստանի և Ռուսաստանի համագործակցությունը բավական հաջող զարգացման ընթացք ունի: Այս մասին պաշտոնական այցով ՌԴ-ում գնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը նշեց ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն: Նա շնորհակալություն հայտնեց Նիկոլ Փաշինյանին միջխորհրդարանական համագործակցությունը զարգացնելու աշխատանքներին աջակցելու համար: «Միջխորհրդարանական հանձնաժողովը հաջողությամբ կատարում է իր աշխատանքը: Ռուսական կողմից հանձնաժողովը ղեկավարում է Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովը, որը շատ պատասխանատու ձևով կատարում է իր աշխատանքը: Վաղը մեկնում են Երևան անցկացնելու այդ հանձնաժողովի արդեն 34-րդ նիստը»,- ասաց նա: Երկկողմ համագործակցությունից զատ, Վալենտինա Մատվիենկոն ընդգծեց նաև ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովում արդյունավետ աշխատանքը և շնորհակալություն հայտնեց Հայաստանի խորհրդարանի պատգամավորներին:   Վալենտինա Մատվիենկոն նշեց, որ բարեկամական հարաբերություններ են ձևավորվել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ: 
15:11 - 20 ապրիլի, 2022
Պուտինի հետ հանդիպմանը վերջնական համաձայնության ենք եկել Լեռնային Ղարաբաղի և մի շարք այլ կարևոր հարցերի շուրջ․ Փաշինյան

Պուտինի հետ հանդիպմանը վերջնական համաձայնության ենք եկել Լեռնային Ղարաբաղի և մի շարք այլ կարևոր հարցերի շուրջ․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցի շրջանակում այցելել է Ռուսաստանի Դաշնության Պետական դումա` հանդիպում ունեցել Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ: Վերջինս ողջունել է ՀՀ վարչապետի պաշտոնական այցը ՌԴ և ընդգծել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների շարունակական զարգացման փաստը: «Գիտեմ, որ արդյունավետ բանակցություններ եք ունեցել ՌԴ նախագահի հետ, որի արդյունքներով ընդունվել է համատեղ կարևոր հայտարարություն»,- նշել է Վոլոդինը՝ ընդգծելով, որ ՀՀ վարչապետի պաշտոնական այցը երկկողմ հարաբերությունների հետագա ընդլայնման գործում առանձնահատուկ իրադարձություն է: Պետդումայի նախագահը կարևորել է նաև միջխորհրդարանական կապերի ամրապնդումը` հավելելով, որ այս ուղղությամբ ևս առկա է սերտ երկխոսություն: Պարոն Վոլոդինի խոսքով` երկու երկրների միջև գոյություն ունեցող փոխվստահությունը կապերն էլ ավելի զարգացնելու լավ հնարավորություն է տաիս: Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ նման շփումները նոր ազդակ են հաղորդում միջպետական հարաբերություններին ու համագործակցությանը: ՀՀ կառավարության ղեկավարը նույնպես կարևորել է միջխորհրդարանական փոխգործակցության ամրապնդումն ու ակտիվ երկխոսությունը: «Նախագահ Պուտինի հետ արդյունավետ քննարկում ունեցանք, ընդունեցինք համատեղ կարևոր հայտարարություն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ վերջնական համաձայնության են եկել մի շարք կարևոր հարցերի շուրջ, այդ թվում` կապված անվտանգության, Լեռնային Ղարաբաղի հարցի, տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահամանագծման և սահմանազատման գործընթացների շուրջ:Հանդիպմանը զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեության, Երևանում ՀԱՊԿ միջխորհրդարանական վեհաժողովի նիստի անցկացման, Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործունեության և այլ հարցերի շուրջ:  
14:34 - 20 ապրիլի, 2022
Հայաստանի դիրքորոշումից է կախված, թե այս տարածաշրջանում աշխարհաքաղաքական ինչ եղանակ կլինի ապագայում․ Արա Այվազյան  |hetq.am|

Հայաստանի դիրքորոշումից է կախված, թե այս տարածաշրջանում աշխարհաքաղաքական ինչ եղանակ կլինի ապագայում․ Արա Այվազյան |hetq.am|

hetq.am: Երեկ՝ ապրիլի 19-ի երեկոյան, Ազատության հրապարակում «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի կազմակերպած ակցիային ներկա էր նաև Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար Արա Այվազյանը։ Նա պատասխանել է լրագրողների հարցերին։ «Հետք»-ն առանձնացրել է նախկին արտգործնախարարի հարցազրույցի ուշագրավ հատվածները։ Հայելային հետքաշումը տակտիկական մեծ սխալ էր մեր կողմից «Հայաստանի և Ադրբեջանի զորքերի հայելային հետքաշման մասին առաջին անգամ խոսք է եղել մայիսի 27-ին, ժամեր անց հրաժարական եմ տվել։ Դելիմիտացիայի և դեմարկացիայի մասին եղել են տեսական խոսակցություններ, իմ կարծիքը բացասական է եղել։ Գտնում եմ, որ հայելային հետքաշումը տակտիկական մեծ սխալ էր մեր կողմից»,- ասել է Այվազյանը՝ հավելելով, որ երբ ստանձնել է պաշտոնը, վստահ է եղել, որ դիվանագիտությունը չի հանձնվել և դրա միջոցով հնարավոր է ապահովել ազգային և պետական շահերը։  «Եթե հիշում եք, այս տարվա սկզբին Ադրբեջանի նախագահը մամուլի ասուլիսում ասաց, որ իրենց հաջողվեց 2021 թ․ ապահովել այն իրավիճակը, որ չունենան քաղաքական արձագանք սանձազերծված պատերազմի վերաբերյալ։ Միջազգային հանրությունը, հատկապես՝ համանախագահները, շատ հստակ արտահայտություններ են ունեցել մեր շահերի վերաբերյալ, և ես կարծում եմ՝ դա մեր ձեռքբերումն է։ Վստահեցնում եմ, որ բավական լուրջ գործընթացներ էին սկսվել։ Արցախյան երկրորդ պատերազմը, ըստ ԱԳ նախկին նախարարի, աշխարհաքաղաքական պատճառներ ուներ, թեեւ տեղ ունեն նաեւ պետության թույլ տված սխալները. «Մենք ճիշտ չենք ընկալել փոփոխվող աշխարհը, ելել ենք այն հանգամանքից, որ ստատուս քվոն, որ եղել է 1994 թվականից ի վեր, պետք է շարունակվի, դա հնարավոր չէր»։   ԵԱՀԿ համանախագահության գործունեությունը չի կարելի միայն հայտարարություններով չեղարկել, այն գործում է ՄԱԿ-ի մանդատի ներքո Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափով խնդրի կարգավորմանը՝ Այվազյանն ասաց․ «Ռուսաստանի արտգործնախարարը չէր ասում, որ այլևս չի գործում Մինսկի խմբի համանախագահության ֆորմատը, նա ասում էր, որ արևմտյան գործընկերները հրաժարվում են համագործակցել, սա շատ ցավալի փաստ է, որովհետև տտարաձայնություններ միշտ եղել են Ռուսաստանի և արևմուտքի միջև, բայց Ղարաբաղի հարցը եղել է այն հիմանահարցը, որտեղ երեք երկրները կարողացել են կոորդինացնել, համադրել իրենց գործունեությունը։ Համանախագահության գործունեությունը չի կարելի միայն հայտարարություններով չեղարկել, դա գործում է ՄԱԿ-ի մանդատի ներքո, և ՄԱԿ-ը պետք է որոշի՝ այն գործելո՞ւ է, թե ոչ։ Մեր շահերրից է ելնում՝ ինչքան հնարավոր է այդ ֆորմատը կենսունակ պահել, թեկուզ այս իրավիճակում և չփորձել հարցը տեղափոխել նոր ֆորմատ։ Հավատում եմ, որ դիվանագիտական քայլերով հնարավոր է իրավիճակը շտկել, շատ դժվար է լինելու, երկարատև գործընթաց է, վտանգավոր իրավիճակ է մեր տարածաշրջանում, և մեր յուրաքանչյուր քայլ պետք է 100 անգամ չափենք, նոր գործենք, և աշխարհաքաղաքական արկածախնդրությունը հիմա շատ վտանգավոր է»։ Խոսելով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին՝ նախկին արտգործնախարարն անհրաժեշտ համարեց երկու երկրների միջև ինչ-որ ձևով երկխոսության առկայությունը, բայց՝ ոչ նախապայմանների լեզվով. «Եթե տարածաշրջանի և արտատարածաշրջանային երկրները շահագրգռված են, որ այս տարածաշրջանում լինի խաղաղություն, կայունություւն, ապա պետք է հրաժարվել հաղթողի և պարտվողի կատեգորիաներից, այսօր ես չեմ տեսնում, որ Թուրքիան և Ադրբեջանը, իրենց սպասարկող և աջակցող ուժերը այդ ձևով են մտածում»։ Հարցին՝ արդյոք ինքը կողմ է Փաշինյանի հրաժարականին, ԱԳ նախկին նախարարը պատասխանեց․ «Երբ ես հրաժարական տվեցի, գտնում էի, որ այն քաղաքականությունը, որը վարվում է, չի նպատաստում մեր ազգային շահերի առաջխաղացմանը»։  Առավել մանրամասն՝ hetq.am-ում
12:44 - 20 ապրիլի, 2022
Հայաստանն առաջընթաց է գրանցել «Freedom House»-ի՝ ժողովրդավարության մակարդակը գնահատող նոր զեկույցում |1lurer.am|

Հայաստանն առաջընթաց է գրանցել «Freedom House»-ի՝ ժողովրդավարության մակարդակը գնահատող նոր զեկույցում |1lurer.am|

1lurer.am: Freedom House-ը հրապարակել է իր Nations in Transit 2022 տարեկան զեկույցը՝ անդրադառնալով եվրասիական 29 երկրներին, այդ թվում՝ Հայաստանին։ Իրավապաշտպան կազմակերպության պնդմամբ՝ 2004-ից սկսած՝ նախկինում ավտորիտար երեք երկրներ՝ Մոլդովան, Կոսովոն և Հայաստանը, քայլեր են ձեռնարկել ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ, որի արդյունքում դարձել են հիբրիդային ռեժիմներ: Հայաստանը, ըստ Freedom House-ի զեկույցի, ընդհանուր ցուցանիշով առաջընթաց է գրանցել՝ հնարավոր առավելագույն 7 միավորից, որն առավել ժողովրդավար երկրի ցուցանիշն է, ստանալով 3.04 միավոր նախորդ տարվա 2.96 միավորի փոխարեն: Հայաստանն առաջընթաց է գրանցել հետազոտվող մի քանի ոլորտում, ներառյալ ժողովրդավարական կառավարումը, ընտրական գործընթացը և դատաիրավական համակարգի զարգացումն ու անկախությունը՝ միևնույն ժամանակ նահանջելով անկախ մամուլի ցուցանիշում: Տոկոսային ցուցանիշով երկրի ժողովրդավարության զարգացման մակարդակը կազմում է 34%: Ըստ Freedom House-ի՝ այն երկրները, որոնք անցում են կատարել ավտորիտար կառավարման ձևից հիբրիդայինի, ավելի խոստումնալից են, թեև ամբողջապես «դեռևս չեն համապատասխանում ժողովրդավարական չափանիշներին»: Իրավապաշտպան կազմակերպությունը նկատում է, որ, օրինակ, Հայաստանում «2018 թվականին քաղաքացիներն օգտագործեցին բողոքի շարժումը և մրցակցային ընտրությունների շարքը, որոնցից վերջինը կայացավ 2021-ին՝ վճռականորեն վերջ դնելով Հանրապետական կուսակցության բազմամյա կառավարմանը։ Այդ ժամանակվա առաջնորդները փոխարինվեցին քաղաքական գործիչների նոր սերնդով, որոնք, չնայած նկատելի թերություններին, հիմնականում հանձնառություն ունեն դեպի ժողովրդավարություն և հանրային շահ»: Բացի դրանից՝ նշվել է, որ ՀՀ-ն և Մոլդովան այն երկրների թվին են պատկանում, որտեղ խորհրդարանում միայն մեկ կուսակցություն է գերակշռող։ Շեշտվել է, որ Հայաստանում քաղաքացիական հասարակության խմբերը կարողացել են կանխել իշխող կուսակցության առաջ քաշած մի օրինագիծ, որի արդյունքում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը կհայտնվեր իշխանական վերահսկողության ներքո։ Զեկույցում անդրադարձ է կատարվել նաև ԼՂ երկրորդ պատերազմին՝ նշելով, որ ԼՂ-ում ՀՀ ԶՈՒ-երի դեմ սկսած Ալիևի զինված հարձակման հետևանքով հազարավոր մարդիկ սպանվել կամ տեղահանվել են։ Հայաստանը, ըստ զեկույցի, հետխորհրդային երկրներից զիջում է միայն Ուկրաինային, Վրաստանին ու Մոլդովային՝ իր հետևում թողնելով Կենտրոնական Ասիայի հանրապետությունները, Բելառուսը, Ռուսաստանն ու Ադրբեջանը:
11:47 - 20 ապրիլի, 2022
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համատեղ հայտարարությունը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համատեղ հայտարարությունը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ.Պուտինի հրավերով` 2022 թվականի ապրիլի 19-20-ը Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն.Վ.Փաշինյանը պաշտոնական այց կատարեց Ռուսաստանի Դաշնություն: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։  1. Առաջնորդները, Հայաստանի և Ռուսաստանի դաշնակցային հարաբերություններին բնորոշ կառուցողական և վստահության մթնոլորտում անցկացրեցին մտքերի հանգամանալից փոխանակում քաղաքական, ռազմական և ռազմատեխնիկական, առևտրատնտեսական, գիտակրթական, մշակութային-հումանիտար ոլորտներում, ինչպես նաև արդարադատության, աշխատանքի և սոցիալական հարցերի ոլորտներում երկկողմ համագործակցության ընդարձակ օրակարգի շուրջ, գոհունակությամբ նշեցին Հայաստանի և Ռուսաստանի միջև բազմաբնույթ փոխշահավետ դաշնակցության զարգացման դրական դինամիկան: Նաև քննարկվեցին տարածաշրջանային և միջազգային խնդիրների շուրջ փոխգործակցության՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող արդիական հարցեր: 2. Կողմերը, պատմական նշանակություն տալով պետությունների միջև 1992թ. ապրիլի 3-ին դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին, հաստատեցին միջպետական հարաբերությունների համապարփակ խորացման և ընդլայնման մտադրությունը 1997թ. օգոստոսի 29-ի Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրում և 2000թ. սեպտեմբերի 26-ի Դեպի 21-րդ դար ուղղված Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դաշնակցային փոխգործակցության հռչակագրում ամրագրված սկզբունքների հիման վրա: Համոզմունք հայտնեցին, որ հայ-ռուսաստանյան հարաբերությունների հետագա առաջանցիկ զարգացումը նպաստելու է Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների արմատական հետաքրքրությունների և ձգտումների իրագործմանը, տարածաշրջանային անվտանգության և կայության ամրապնդմանը, երկու երկրների միջազգային հեղինակության ամրապնդմանը: 3. Առաջնորդները համաձայնեցին, որ 2022թ. դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին առնչվող համատեղ միջոցառումների կազմակերպումը կծառայի երկկողմ փոխգործակցության առաջմղմանը, դրա ռազմավարական ուղղվածության և առանձնաշնորհյալ բնույթի ամրագրմանը: Պայմանավորվեցին, հոբելյանի կապակցությամբ անցկացնել Հայաստանի մշակույթի օրերը Ռուսաստանում, Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրերը Հայաստանում, հայ-ռուսաստանյան բարեկամության հուշարձանի հիմքի տեղադրումը Երևանում և մի շարք այլ միջոցառումներ, որոնք կսերտացնեն մեր ժողովուրդների միջև միջմարդկային շփումները: Որոշվեց նպաստել մշտական հիմքի վրա հայաստանյան և ռուսաստանյան հասարակությունների երկխոսության հիմնմանը՝ նպատակադրվելով դրա առաջին նիստը անցկացնել 2022թ.՝ նվիրված դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին: 4. Ն.Վ.Փաշինյանը և Վ.Վ.Պուտինը նշեցին բարձրագույն մակարդակով վստահության մթնոլորտում կանոնավոր երկխոսության առաջնահերթ կարևորությունը: Այդ կապակցությամբ ընդգծվեցին Հայաստանի վարչապետի՝ Ռուսաստանի Դաշնություն ներկայիս պաշտոնական այցի այժմեականությունը և նշանակությունը փոխշահավետ քաղաքական կապերի հետագա ամրապնդման, միջգերատեսչական փոխանակումների ընդլայնման, առևտրատնտեսական փոխգործակցության և եվրասիական տարածաշրջանում ինտեգրացիոն գործընթացների խորացման, Հարավային Կովկասում իրադրության կարգավորման և կայունության բարձրացման համար: Հաստատվեց տարբեր մակարդակներով երկկողմ արտաքին քաղաքական խորհրդատվությունների անցկացման փորձառության օգտակարությունը: Շեշտադրվեց հայ-ռուսաստանյան միջխորհրդարանական ինտենսիվ երկխոսության շարունակության պահանջվածությունը: Նշվեց Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության բարձր մակարդակը: 5. Առաջնորդները գոհունակություն հայտնեցին Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը կայուն աճի հետագծին դուրս բերելու ուղղությամբ աշխատանքի արդյունքներով: Ընդգծվեց առևտրի անվանակարգի դիվերսիֆիկացման և ծավալների հետագա առաջանցիկ աճի, արտադրության տարբեր ոլորտներում կոոպերացիայի զարգացման, Եվրասիական տնտեսական միության մեխանիզմների ակտիվ գործադրման անհրաժեշտությունը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց խրախուսել երկու երկրների գործարար շրջանակների միջև սերտ կապերի հաստատումը, այդ թվում միջտարածաշրջանային և տեղական ինքնակառավարման ձևաչափերով՝ գործարար առաքելությունների մեխանիզմների գործադրմամբ: Դրական գնահատվեց Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև 2022-2025թթ. համար տնտեսական համագործակցության ծրագրի վերջնականացման ուղղությամբ իրականացված աշխատանքը: 6. Նշվեց Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի, ինչպես նաև արդյունաբերության հարցերով աշխատանքային խմբի բարձր պահանջվածությունը և արդյունավետությունը՝ երկկողմ գործնական պայմանավորվածությունների մշակման և իրականացման տեսանկյունից: Փոխադարձ հետաքրքրվածություն արտահայտվեց Հայաստանի տարածքում արդյունաբերական ցուցահանդեսների մշտական անցկացման, այդ թվում՝ բարձր տեխնոլոգիաների բնագավառում համագործակցության շեշտադրմամբ: Կողմերը ողջունեցին ռուսաստանյան տնտեսական օպերատորների՝ Հայաստանում ամբողջական և ժամանակակից արտադրական ցիկլի ստեղծման մտադրությունը: Հետաքրքրվածություն հայտնեցին էներգետիկայի զարգացման, այդ թվում վերականգնվող էներգետիկայի ծրագրերի մշակման հարցում՝ հիմնված էներգետիկական անվտանգության և անկախության, բնության նկատմամբ հոգատար վերաբերմունքի և կայուն զարգացման սկզբունքների հիման վրա: Որոշվեց հետայսու ևս նպաստել դեպի Հայաստան ռուսաստանյան ներդրումների հոսքին: Ընդգծվեց, որ Ռուսաստանից տնտեսական օպերատորները Հայաստանի Հանրապետության հիմնական հարկատուների թվում են, ապահովում են աշխատատեղերի զգալի քանակի ստեղծումը և ընդլայնում կադրերի պրոֆեսիոնալ պատրաստման հնարավորությունները: Գոհունակությամբ նշեցին երկու երկրների տարածաշրջանների միջև կապերի ընդլայնման, գործարար կապերի ամրապնդման, համատեղ արտադրությունների ստեղծման և ներդրումային երկխոսության ինտենսիվացման նպատակով՝ Հայ-ռուսաստանյան գործարար խորհրդի ստեղծման ուղղությամբ տարվող Կողմերի աշխատանքը: Կողմերը հաստատեցին պատրաստակամությունն ընդլայնել ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման բնագավառում համագործակցությունը: Ողջունեցին Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգումը և նպատակադրվածություն հայտնեցին նոր էներգոբլոկների կառուցման մշակման շուրջ: Ընդգծվեց Եվրասիական տնտեսական միության շրջանակներում էներգառեսուրսների ընդհանուր շուկայի հետևողական ձևավորման ուղղությամբ համատեղ արդյունավետ աշխատանքը: 7. Կողմերը մտադրություն հայտնեցին նպաստել Հայաստանի և Ռուսաստանի տարածաշրջանների միջև գործնական փոխգործակցության խորացմանը, այդ թվում ամենամյա միջտարածաշրջանային համաժողովների մեխանիզմի գործադրմամբ: Աջակցություն հայտնեցին Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև միջտարածաշրջանային համագործակցության 2022-2027թթ. ծրագրի համակողմանի իրականացմանը, տարածաշրջանների և մունիցիպալ միավորների միջև խաչաձև կապերի հաստատմանը: 8. Առաջնորդները հաստատեցին նոր կորոնավիրուսային COVID-19 վարակի, այլ վտանգավոր վարակների և կենդանիների վարակների տարածման դեմ պայքարին ուղղված համատեղ գործողությունները շարունակելու մտադրությունը: Անթույլատրելի համարեցին համավարակի թեմայի քաղաքականացումը, արտահայտվեցին COVID-19-ի հետևանքների հաղթահարման համար համընդհանուր ջանքերի և վարակիչ հիվանդությունների տարածումը թույլ չտալու օգտին: 9. Ն.Վ.Փաշինյանը և Վ.Վ.Պուտինը մտահոգություն հայտնեցին մի շարք երկրների կողմից միակողմանի սահմանափակող միջոցների կիրառման կապակցությամբ: Մտադրություն հայտնեցին միասին հաղթահարել նշյալ միջոցներով պայմանավորված մարտահրավերները, այդ թվում՝ երկու երկրների պարենային և էներգետիկ անվտանգության, լոգիստիկայի և այլ բնագավառներում: 10. Կողմերը մտահոգություն հայտնեցին հակաիրավական և վնասակար գործողությունների իրականացման, պետությունների ներքին գործերին միջամտելու և նրանց սուվերենությունը խաթարելու նպատակով ժամանակակից տեղեկատվահաղորդակցային տեխնոլոգիաների օգտագործման աճող միտման կապակցությամբ: Ընդգծեցին միջազգային տեղեկատվական անվտանգության բնագավառում երկկողմ համագործակցության ամրապնդման նշանակությունը: Հաստատեցին տարածաշրջանային և գլոբալ մակարդակներում, նախևառաջ ՄԱԿ-ում, միջազգային տեղեկատվական անվտանգության ապահովման ուղղությամբ կառուցողական փոխգործակցություն իրականացնելու նպատակադրությունը: 11. Առաջնորդները ընդգծեցին կենսաբանական անվտանգության ապահովման բնագավառում Երևանի և Մոսկվայի միջև ձեռքբերված պայմանավորվածությունների հետագա իրականացման կարևորությունը, այդ թվում 2021թ. մայիսի 6-ի Կենսաբանական անվտանգության ապահովման հարցերով փոխըմբռնման հուշագրի հիման վրա: Հաստատվել է, որ երկու պետությունների տարածքները չեն տրամադրվելու կենսաանվտանգության ոլորտում միմյանց հետաքրքրությունների դեմ ուղղված գործունեության իրականացման նպատակներով երրորդ  երկրների կողմից օգտագործման համար: 12. Կողմերը, պահպանելով ընդհանուր անցյալի նկատմամբ միասնական մոտեցումները, մտադրություն հայտնեցին շարունակել Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքների վերանայման և պատմության խեղաթյուրման դեմ պայքարը: Պայմանավորվեցին մեծացնել ռասիզմի, այլատյացության, նեոնացիզմի, ինչպես նաև ազգային, լեզվական կամ կրոնական խտրականության, այդ թվում Հայաստանում և Ռուսաստանում բնակվող քաղաքացիների և հայրենակիցների իրավունքներին և օրինական շահերին առնչվող ցանկացած դրսևորումներին հակազդելու ուղղությամբ ջանքերը: 13. Առաջնորդներն արտահայտվեցին մշակույթի և կրթության, աշխատանքի և սոցիալական հարցերի պաշտպանության, տեղեկատվության, զբոսաշրջության, սպորտի և շրջակա միջավայրի ոլորտներում համագործակցության հետագա խորացման օգտին: Այս համատեքստում կարևոր գործիքներ են՝ Կրթության բնագավառում համագործակցության հարցերով երկկողմ միջգերատեսչական աշխատանքային խումբը, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարության միջև 2022-2025թթ. համար համագործակցության ծրագիրը, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Ռուսաստանի Դաշնության սպորտի նախարարության միջև 2022-2023թթ. համար սպորտի բնագավառում փոխըմբռնման հուշագրի իրականացման գործողությունների ծրագիրը, Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության և Ռուսաստանի Դաշնության բնական պաշարների և էկոլոգիայի նախարարության միջև 2022-2023թթ. համար շրջակա միջավայրի բնագավառում համագործակցության հուշագրի իրականացման ծրագիրը: Ընդգծվեց Հայաստանի Հանրապետությունում ռուսաց լեզվի և Ռուսաստանի Դաշնությունում հայոց լեզվի ուսումնասիրման համար բարենպաստ պայմանների ապահովման կարևորությունը, այդ թվում Հայաստանի Հանրապետությունում գործող համատեղ կրթական կազմակերպությունների և ռուսաստանյան բուհերի մասնաճյուղերի արդյունավետության բարձրացման հաշվին: 14. Ն.Վ.Փաշինյանը և Վ.Վ.Պուտինը պայմանավորվեցին ընդլայնել համագործակցությունը ֆունդամենտալ գիտության բնագավառում համատեղ գիտաարտադրական համալիրների հիմքի վրա՝ պահանջվող բարձրտեխնոլոգիական արտադրանքի մշակման շեշտադրմամբ: Պատրաստակամություն հայտնեցին խրախուսել երկու երկրների համալսարանների, հետազոտական ինստիտուտների կապերը և նոր բիզնես-նախագծերը (ստարտափներ), ինչպես նաև նպաստել գիտության, կրթության և երիտասարդական քաղաքականության ոլորտներում փոխգործակցության զարգացմանն ուղղված կոնգրեսների, համաժողովների, սեմինարների, ցուցահանդեսների և այլ միջոցառումների անցկացմանը: 15. Առաջնորդներն արտահայտվեցին երկու երկրների միջև երիտասարդատական փոխանակումների ակտիվացման օգտին՝ հիմնվելով հայ-ռուսաստանյան երիտասարդական ֆորումների և Երևանի համար գերակա համարվող մասնագիտություններով և Ռուսաստանի Դաշնության դաշնային բյուջեի միջոցների հաշվին նախապատրաստական ուղղություններով բարձրագույն կրթության ռուսաստանյան կրթական կազմակերպություններում ուսուցման համար Հայաստանի քաղաքացիների ընդունելության մեխանիզմների վրա: 16. Փաստեցին «Մոսկվայի տուն» մոսկովյան մշակութային-գործարար կենտրոնի, Երևանում ռուսական գրքի տան և Կ.Ս.Ստանիսլավսկու անվան Երևանի պետական ռուսական դրամատիկական թատրոնի կողմից իրականացվող օգտակար աշխատանքը մշակույթի և կրթության ոլորտներում շփումների սերտացման համար: Արտահայտվեցին երկու ժողովուրդների միջև մշակութային կապերի ամրապնդմանն ուղղված զանգվածային միջոցառումների անցկացման, մասնավորապես՝ համատեղ ցուցահանդեսների, փառատոնների և Հայաստանի և Ռուսաստանի առաջատար արտիստների շրջագայությունների կազմակերպման օգտին: 17. Ն.Վ.Փաշինյանը և Վ.Վ.Պուտինը պայմանավորվեցին նպաստել Ռուսաստանում հայկական սփյուռքի և Հայաստանում ռուսաստանյան սփյուռքի ներուժի բացահայտմանը՝ երկկողմ մշակութային-հումանիտար կապերի ամրապնդման և երկու երկրների սոցիալական նշանակության նախաձեռնությունների իրականացման նպատակով: Ընդգծվեց սփյուռքի միավորումների գործունեության կարևորությունը տարբեր էթնիկ խմբերի միջև ազգամիջյան միասնության, ազգամիջյան համաձայնության և վստահության պահպանման և ամրապնդման առաջմղման համար: 18. Կողմերը, ընդունելով տարածաշրջանային անվտանգության ապահովման գործում Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության առանցքային դերը, հաշվի առնելով Կազմակերպությունում Հայաստանի ընթացիկ նախագահությունը, հաստատեցին պատրաստակամությունն ակտիվացնել ջանքերը հավաքական անվտանգության ուժերի և միջոցների ներուժի մեծացման, այդ թվում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի, Կազմակերպության ճգնաժամային արձագանքման մեխանիզմենրի կատարելագործման ուղղությամբ, ամրապնդել համակարգումը և աջակցել ՀԱՊԿ գործընկերային կապերի ընդլայնմանը: 19. Ն.Վ.Փաշինյանը և Վ.Վ.Պուտինը կողմ արտահայտվեցին Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների առաջանցիկ առաջմղմանը, ինտեգրացիայի զարգացման ռազմավարական ուղղություների իրականացմանը, ներառյալ առանց սահմանափակումների, խոչընդոտների և բացառումների ներքին շուկայի ստեղծմանը, ազգային արժույթներով հաշվարկների մասնաբաժնի ավելացմանը: 20. Կողմերը արտահայտվեցին Անկախ Պետությունների Համագործակցության ձևաչափում փոխգործակցության՝ բոլոր ուղղություններով հետագա խորացման օգտին, այդ թվում արդիական միջազգային հարցերի շուրջ դիրքորոշումների կոորդինացման, Համագործակցության մասնակից պետությունների սոցիալ-տնտեսական զարգացման մակարդակի բարձրացման և մշակութային-հումանիտար կապերի ընդլայնման նպատակով: 21. Առաջնորդները նշեցին հավատարմությունը Միավորված Ազգերի Կազմակերպության Կանոնադրության սկզբունքներին և նպատակներին համապատասխան համընդգրկուն, իրավահավասար և ներկայացուցչական միջազգային համակարգի զարգացմանը՝ ուղղված խաղաղության, ժողովրդավարության և բոլոր ժողովուրդների բարգավաճման առաջմղմանը: Կողմերը կներդնեն անհրաժեշտ ջանքեր ՄԱԿ շրջանակներում և այլ հարթակներում փոխգործակցության խորացման ուղղությամբ Հայաստանի և Ռուսաստանի դիրքորոշումների համադրման նպատակով: 22. Ն.Վ.Փաշինյանը և Վ.Վ.Պուտինը խոր մտահոգություն հայտնեցին միջազգային անվտանգության ոլորտում բարդացող իրավիճակի առնչությամբ: Այդ կապակցությամբ Կողմերը մտադիր են հետագայում ևս ամրապնդել փոխգործակցությունը տվյալ ոլորտում բացասական միտումներին հակազդելու նպատակով: Առաջնորդները ելնում են նրանից, որ ոչ մի պետություն, միություն կամ կոալիցիա չեն կարող և չպետք է ապահովեն իրենց անվտանգությունն այլ պետությունների անվտանգության հաշվին: Նշում են սպառազինությունների վերահսկման ճարտարապետության ոչնչացման և ի վնաս այլոց անվտանգության միակողմանի ռազմական առավելություններ ստանալու նպատակով գործողությունների անթույլատրելիություն, ինչը խաթարում է հավասար և անբաժանելի անվտանգության հիմնարար սկզբունքը, հանգեցնում հակասությունների և առճակատման: 23. Կողմերն ընդգծեցին միջազգային ահաբեկչությանը՝ բոլոր ձևերով և դրսևորումներով, վերջինիս հետ կապված ծայրահեղականությանը, թմրանյութերի, զենքի, սպառազինությունների և պայթուցիկ նյութերի անօրինական շրջանառությանը հակազդելու, անդրազգային կազմակերպված հանցավորությանը, ինչպես նաև երկու երկրների անվտանգության այլ մարտահրավերներին և սպառնալիքներին հակազդելու նպատակով համատեղ ջանքերի, ինչպես նաև ահաբեկչության ֆինանսական սնուցման աղբյուրների և ուղիների արգելափակման ջանքերի ուժեղացման պահանջված լինելը: 24. Առաջնորդները մտքեր փոխանակեցին Հարավային Կովկասում իրավիճակի մասին: Արտահայտվեցին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների պարբերական հանդիպումների շրջանակներում կառուցողական աշխատանքի շարունակման և երեք առաջնորդների՝ 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի պայմանավորվածությունների հետևողական իրականացման օգտին՝ ի շահ տարածաշրջանի կայունության, անվտանգության և տնտեսական զարգացման ապահովման: Շեշտեցին ռուսաստանյան խաղաղապահ զորակազմի որոշիչ ներդրումը Լեռնային Ղարաբաղի անվտանգության ապահովման, բնակչության կյանքի համար բարենպաստ և անվտանգ պայմանների ստեղծման գործում: Ընդգծեցին հումանիտար անհետաձգելի հարցերի հրատապ լուծման և քաղաքական-դիվանագիտական միջոցներով Լեռնային Ղարաբաղյան կարգավորման պահանջվածությունը: Այդ համատեքստում հաստատեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի ներուժի և փորձի օգտագործման կարևորությունը՝ նրա միջազգային մանդատին համապատասխան։ 25. Ն.Վ.Փաշինյանն և Վ.Վ.Պուտինը ընդգծեցին Հարավային Կովկասում բոլոր տնտեսական կապերի և տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցով եռակողմ աշխատանքային խմբի գործունեության ակտիվացման կարևորությունը՝ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետների համատեղ նախագահությամբ:Ռուսաստանյան կողմը պատրաստ է մասնակցել Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքների, այդ թվում Հայաստանի Հանրապետության Սյունիքի և այլ մարզերում երկաթուղու վերականգնման նախագծերում: 26. Կողմերը պայմանավորվեցին, համաձայն 2021թ. նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների, արագացնել հայ-ադրբեջանական սահմանի շրջանում սահմանազատման և անվտանգության հարցերով երկկողմ հանձնաժողովի ստեղծումը՝ Կողմերի հարցումով Ռուսասատանի Դաշնության խորհրդատվական աջակցությամբ: 27. Առաջնորդները միասնական էին Ռուսաստանի աջակցությամբ Ադրբեջանի և Հայաստանի կրոնական գործիչների և հասարակության ներկայացուցիչների միջև կայացած շփումների բարձր օգտակարության գնահատականում, ինչը նպաստում է երկու երկրների ժողովուրդների միջև «կամուրջների կառուցման»: Նման պրակտիկան շարունակվելու է: 28. Կողմերը պայմանավորվեցին ակտիվացնել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի եռակողմ փոխգործակցությունը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև, ընդհանուր առմամբ, տարածաշրջանում հարաբերությունների կարգավորմանն աջակցելու նպատակով: Նշեցին բոլոր շահագրգիռ դերակատարների, ինչպես նաև Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի և ՄԱԿ մասնագիտացված գործակալությունների, այդ թվում ՄԱԿ փախստականների հարցերով Բարձրագույն հանձնակատարի վարչության և ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ տարածաշրջանում մարդասիրական խնդիրների լուծման և բոլոր կարիքավորներին աջակցության համալիր ապահովման հարցերում մուտքի և մասնակցության կարևորությունը: 29. Ն.Վ.Փաշինյանը և Վ.Վ.Պուտինը ողջունեցին ռուսաստանյան աջակցությամբ մեկնարկած հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացը: 30. Կողմերը նշեցին «3+3» տարածաշրջանային խորհրդատվական ձևաչափի հաջող մեկնարկը, որը կոչված է տրամադրել լրացուցիչ հնարավորություններ տարածաշրջանի բոլոր երկրների միջև երկխոսության առաջմղման և բազմապլանային համագործակցության համար: Հայաստանի Հանրապետության վարչապետը և Ռուսաստանի Դաշնության նախագահը վստահություն հայտնեցին, որ Մոսկվայում կայացած արդյունավետ բանակցությունները կնպաստեն հայ-ռուսաստանյան բազմապլանային առանձնաշնորհյալ դաշնակցության հետագա ամրապնդմանը: Ն.Վ.Փաշինյանը երախտագիտություն հայտնեց Վ.Վ.Պուտինի կողմից ցուցաբերած ջերմ ընդունելության համար և հաստատեց ռուսաստանյան առաջնորդին հասցեագրված Երևան այցելելու իր հրավերը՝ 2022թ. երկրորդ կեսին՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին կապակցված: Հրավերը երախտագիտությամբ ընդունվեց:
21:50 - 19 ապրիլի, 2022