Պուտինի հետ հանդիպմանը վերջնական համաձայնության ենք եկել Լեռնային Ղարաբաղի և մի շարք այլ կարևոր հարցերի շուրջ․ Փաշինյան
14:34 - 20 ապրիլի, 2022

Պուտինի հետ հանդիպմանը վերջնական համաձայնության ենք եկել Լեռնային Ղարաբաղի և մի շարք այլ կարևոր հարցերի շուրջ․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցի շրջանակում այցելել է Ռուսաստանի Դաշնության Պետական դումա` հանդիպում ունեցել Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ:

Վերջինս ողջունել է ՀՀ վարչապետի պաշտոնական այցը ՌԴ և ընդգծել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների շարունակական զարգացման փաստը: «Գիտեմ, որ արդյունավետ բանակցություններ եք ունեցել ՌԴ նախագահի հետ, որի արդյունքներով ընդունվել է համատեղ կարևոր հայտարարություն»,- նշել է Վոլոդինը՝ ընդգծելով, որ ՀՀ վարչապետի պաշտոնական այցը երկկողմ հարաբերությունների հետագա ընդլայնման գործում առանձնահատուկ իրադարձություն է: Պետդումայի նախագահը կարևորել է նաև միջխորհրդարանական կապերի ամրապնդումը` հավելելով, որ այս ուղղությամբ ևս առկա է սերտ երկխոսություն: Պարոն Վոլոդինի խոսքով` երկու երկրների միջև գոյություն ունեցող փոխվստահությունը կապերն էլ ավելի զարգացնելու լավ հնարավորություն է տաիս:

Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ նման շփումները նոր ազդակ են հաղորդում միջպետական հարաբերություններին ու համագործակցությանը: ՀՀ կառավարության ղեկավարը նույնպես կարևորել է միջխորհրդարանական փոխգործակցության ամրապնդումն ու ակտիվ երկխոսությունը: «Նախագահ Պուտինի հետ արդյունավետ քննարկում ունեցանք, ընդունեցինք համատեղ կարևոր հայտարարություն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ վերջնական համաձայնության են եկել մի շարք կարևոր հարցերի շուրջ, այդ թվում` կապված անվտանգության, Լեռնային Ղարաբաղի հարցի, տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահամանագծման և սահմանազատման գործընթացների շուրջ:

Հանդիպմանը զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեության, Երևանում ՀԱՊԿ միջխորհրդարանական վեհաժողովի նիստի անցկացման, Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործունեության և այլ հարցերի շուրջ:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել