hetq.am: Երեկ՝ ապրիլի 19-ի երեկոյան, Ազատության հրապարակում «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի կազմակերպած ակցիային ներկա էր նաև Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար Արա Այվազյանը։ Նա պատասխանել է լրագրողների հարցերին։ «Հետք»-ն առանձնացրել է նախկին արտգործնախարարի հարցազրույցի ուշագրավ հատվածները։
Հայելային հետքաշումը տակտիկական մեծ սխալ էր մեր կողմից
«Հայաստանի և Ադրբեջանի զորքերի հայելային հետքաշման մասին առաջին անգամ խոսք է եղել մայիսի 27-ին, ժամեր անց հրաժարական եմ տվել։ Դելիմիտացիայի և դեմարկացիայի մասին եղել են տեսական խոսակցություններ, իմ կարծիքը բացասական է եղել։ Գտնում եմ, որ հայելային հետքաշումը տակտիկական մեծ սխալ էր մեր կողմից»,- ասել է Այվազյանը՝ հավելելով, որ երբ ստանձնել է պաշտոնը, վստահ է եղել, որ դիվանագիտությունը չի հանձնվել և դրա միջոցով հնարավոր է ապահովել ազգային և պետական շահերը։
«Եթե հիշում եք, այս տարվա սկզբին Ադրբեջանի նախագահը մամուլի ասուլիսում ասաց, որ իրենց հաջողվեց 2021 թ․ ապահովել այն իրավիճակը, որ չունենան քաղաքական արձագանք սանձազերծված պատերազմի վերաբերյալ։ Միջազգային հանրությունը, հատկապես՝ համանախագահները, շատ հստակ արտահայտություններ են ունեցել մեր շահերի վերաբերյալ, և ես կարծում եմ՝ դա մեր ձեռքբերումն է։ Վստահեցնում եմ, որ բավական լուրջ գործընթացներ էին սկսվել։
Արցախյան երկրորդ պատերազմը, ըստ ԱԳ նախկին նախարարի, աշխարհաքաղաքական պատճառներ ուներ, թեեւ տեղ ունեն նաեւ պետության թույլ տված սխալները. «Մենք ճիշտ չենք ընկալել փոփոխվող աշխարհը, ելել ենք այն հանգամանքից, որ ստատուս քվոն, որ եղել է 1994 թվականից ի վեր, պետք է շարունակվի, դա հնարավոր չէր»։
ԵԱՀԿ համանախագահության գործունեությունը չի կարելի միայն հայտարարություններով չեղարկել, այն գործում է ՄԱԿ-ի մանդատի ներքո
Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափով խնդրի կարգավորմանը՝ Այվազյանն ասաց․ «Ռուսաստանի արտգործնախարարը չէր ասում, որ այլևս չի գործում Մինսկի խմբի համանախագահության ֆորմատը, նա ասում էր, որ արևմտյան գործընկերները հրաժարվում են համագործակցել, սա շատ ցավալի փաստ է, որովհետև տտարաձայնություններ միշտ եղել են Ռուսաստանի և արևմուտքի միջև, բայց Ղարաբաղի հարցը եղել է այն հիմանահարցը, որտեղ երեք երկրները կարողացել են կոորդինացնել, համադրել իրենց գործունեությունը։ Համանախագահության գործունեությունը չի կարելի միայն հայտարարություններով չեղարկել, դա գործում է ՄԱԿ-ի մանդատի ներքո, և ՄԱԿ-ը պետք է որոշի՝ այն գործելո՞ւ է, թե ոչ։ Մեր շահերրից է ելնում՝ ինչքան հնարավոր է այդ ֆորմատը կենսունակ պահել, թեկուզ այս իրավիճակում և չփորձել հարցը տեղափոխել նոր ֆորմատ։
Հավատում եմ, որ դիվանագիտական քայլերով հնարավոր է իրավիճակը շտկել, շատ դժվար է լինելու, երկարատև գործընթաց է, վտանգավոր իրավիճակ է մեր տարածաշրջանում, և մեր յուրաքանչյուր քայլ պետք է 100 անգամ չափենք, նոր գործենք, և աշխարհաքաղաքական արկածախնդրությունը հիմա շատ վտանգավոր է»։
Խոսելով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին՝ նախկին արտգործնախարարն անհրաժեշտ համարեց երկու երկրների միջև ինչ-որ ձևով երկխոսության առկայությունը, բայց՝ ոչ նախապայմանների լեզվով. «Եթե տարածաշրջանի և արտատարածաշրջանային երկրները շահագրգռված են, որ այս տարածաշրջանում լինի խաղաղություն, կայունություւն, ապա պետք է հրաժարվել հաղթողի և պարտվողի կատեգորիաներից, այսօր ես չեմ տեսնում, որ Թուրքիան և Ադրբեջանը, իրենց սպասարկող և աջակցող ուժերը այդ ձևով են մտածում»։
Հարցին՝ արդյոք ինքը կողմ է Փաշինյանի հրաժարականին, ԱԳ նախկին նախարարը պատասխանեց․ «Երբ ես հրաժարական տվեցի, գտնում էի, որ այն քաղաքականությունը, որը վարվում է, չի նպատաստում մեր ազգային շահերի առաջխաղացմանը»։
Առավել մանրամասն՝ hetq.am-ում
comment.count (0)