Արցախյան պատերազմ․ 2020

Արցախյան առաջին պատերազմից հետո ամենալայնածավալ էսկալացիան՝ Արցախի ու Ադրբեջանի միջեւ՝ սահմանի ողջ երկայնքով։ Տեւել է 44 օր՝ սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը։

Պատերազմի ժամանակ Հայաստանում եւ Արցախում հայտարարվել է ռազմական դրություն եւ ընդհանուր զորահավաք։

2020 թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ վարչապետը, Ադրբեջանի եւ ՌԴ նախագահները ստորագրել են հայտարարություն՝ ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ, ըստ որի՝ Արցախի Հանրապետության տարածքի մեծ մասն անցնում է Ադրբեջանի վերահսկողության տակ։

Ռուսական «Дождь» հեռուստաընկերության թղթակիցն Արցախում ընկել է Ադրբեջանի հրետակոծության տակ |armenpress.am|

Ռուսական «Дождь» հեռուստաընկերության թղթակիցն Արցախում ընկել է Ադրբեջանի հրետակոծության տակ |armenpress.am|

armenpress.am: Ռուսական «Дождь» հեռուստաընկերության գլխավոր խմբագրի տեղակալ Դմիտրի Ելովսկին Արցախի Մարտունի քաղաքում ընկել է Ադրբեջանի հրետակոծության տակ: Այս մասին հայտնում է հեռուստաընկերության կայքը՝ նշելով, որ թղթակիցը չի տուժել և այժմ գտնվում է ռմբապաստարանում: Ելովսկու հետ միասին դեպքի վայրում են եղել նաև հայ և արտասահմանցի այլ լրագրողներ ու թղթակիցներ: Նրանք Մարտունիում շրջայցի ընթացքում լուսանկարահանելիս և տեսանկարահանելիս են եղել սեպտեմբերի 27-28-ը Ադրբեջանական հրետակոծությունից տուժած քաղաքացիական տները: Մարտունի քաղաքում ադրբեջանական հրետակոծության արդյունքում վիրավորում են ստացել ֆրանսիական Le Monde պարբերականի լրագրողներն ու Հայաստանի «Արմենիա» հեռուստաընկերության օպերատորը:
15:12 - 01 հոկտեմբերի, 2020
Թուրքիայի մեջլիսի նախագահն անդրադարձել է Թուրքիայի հայ քաղաքացիներին թիրախավորելու լուրերին |ermenihaber.am|

Թուրքիայի մեջլիսի նախագահն անդրադարձել է Թուրքիայի հայ քաղաքացիներին թիրախավորելու լուրերին |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայի մեջլիսի (խորհրդարան) նախագահ Մուստաֆա Շենթոփը թուրքական «NTV»-ին տված հարցազրույցում անդրադարձել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով սոցցանցերում և այլ հարթակներում Թուրքիայի հայ քաղաքացիներին սպառնալու կամ հետապնդելու վերաբերյալ լուրերին։ Շենթոփը պնդել է, որ Թուրքիայի քաղաքացի հայերին չպետք է կապել արցախյան լարվածության հետ: Նա, կրնկելով նախկինում հնչեցրած իր և թուրք բարձրաստիճան պաշտոնյաների՝ Ադրբեջանին աջակցելու վերաբերյալ նույնաբովանդակ հայտարարությունները, համոզմունք է հայտնել, որ այսուհետև նույնպես լինելու են Ադրբեջանի կողքին, հավելովով, սակայն, որ իբրև Ադրբեջանն այս պահին «հատուկ աջակցության կարիք չունի»: Ապա անդրադառնալով Թուրքիայում բնակվող հայերի հնարավոր թիրախավորումներին՝ ասել է․ «Գիտենք, որ Թուրքիայի հայերն այս զարգացումների հետ որևէ կապ չունեն: Ճիշտ չէ Հայաստանի ու Ադրբեջանի միջև առկա խնդիրը կապել Թուրքիայի հայ քաղաքացիների հետ»։
14:35 - 01 հոկտեմբերի, 2020
Այն քաղաքացիները, ովքեր ենթակա են կցագրման տարածքային զինկոմիսարիատներում, մարտական գործողություններին կարող են մասնակցել բացառապես այդ ճանապարհով

Այն քաղաքացիները, ովքեր ենթակա են կցագրման տարածքային զինկոմիսարիատներում, մարտական գործողություններին կարող են մասնակցել բացառապես այդ ճանապարհով

ՀՀ ԱԱԾ—ն հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Հարգելի՛ հայրենակիցներ, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, մեծապես կարևորելով այս օրերին պաշտպանական համակարգում մոբիլիզացիոն աշխատանքների պատշաճ կազմակերպումը, տեղեկացնում է, որ բոլոր այն քաղաքացիները, ովքեր մոբիլիզացիայի շրջանակներում ենթակա են կցագրման տարածքային զինվորական կոմիսարիատներում, ապա մարտական գործողություններին կարող են մասնակցել բացառապես այդ ճանապարհով: Հավելենք, որ տարածքային զինվորական կոմիսարիատներում կցագրումների և մոբիլիզացիոն ընդհանուր աշխատանքների ուղղությամբ ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից ևս իրականացվելու է անհրաժեշտ հսկողություն: Իրավամբ, բարձր գնահատելով մեր քաղաքացիների կողմից ցուցաբերվող բացառիկ հայրենասիրության բոլոր դրսևորումները՝ առավել քան կարևոր ենք համարում կամավորագրման գործընթացի կազմակերպումը բացառապես պետական մարմինների համակարգման ներքո, որի ուղղությամբ առկա է նաև ՀՀ պաշտպանության նախարարության տարածած համապատասխան հայտարարությունը»:
13:47 - 01 հոկտեմբերի, 2020
Սերժ Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին

Սերժ Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին

ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից տեղեկացնում են, որ երեկ ռուսաստանյան կողմի նախաձեռնությամբ Սերժ Սարգսյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ղարաբաղաադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ծավալված լայնամասշտաբ ռազմական գործողություններն ու էսկալացիան: Դրա հետ կապված՝ նախագահ Սարգսյանը դեսպանին տեղեկացրել է ՀՀԿ-ի կողմից ներքաղաքական օրակարգի սառեցման ու համազգային կոնսոլիդացիայի մասին: Սերժ Սարգսյանը շեշտել է, որ խնդիրը ռազմական լուծում չունի, և Ադրբեջանի ղեկավարության ագրեսիան՝ ընդդեմ Լեռնային Ղարաբաղի, և Հայաստանի դեմ՝  Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարության բացահայտ աջակցությամբ ու միջամտությամբ, պետք է կանխվի բոլոր հնարավոր եղանակներով: Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը երկարաժամկետ ու արդարացի խաղաղության հասնելու անքակտելի և անկյունաքարային բաղադրիչն է հանդիսանում: Իր հերթին՝ դեսպան Կոպիրկինը ներկայացրել է Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումը և իր կողմից գործադրվող ջանքերն իրավիճակի շուտափույթ կարգավորման ուղղությամբ՝ ինչպես ազգային մակարդակում, այնպես էլ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի մանդատի շրջանակներում:
13:42 - 01 հոկտեմբերի, 2020
Ուժի կիրառումը չի կարող հանգեցնել խնդրի կարգավորման. Քննարկում Ավստրիայի խորհրդարանի հանձնաժողովում |armenpress.am|

Ուժի կիրառումը չի կարող հանգեցնել խնդրի կարգավորման. Քննարկում Ավստրիայի խորհրդարանի հանձնաժողովում |armenpress.am|

armenpress.am: Ավստրիայի դաշնային խորհրդարանի արտաքին հարցերի հանձնաժողովում սեպտեմբերի 29-ին անցկացվել են քննարկումներ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակի մասին։ Հանձնաժողովի անդամներին իրավիճակի վերաբերյալ զեկուցել է Ավստրիայի արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալլենբերգը։ Նախարարը շեշտել է դեէսկալացիայի «հրատապ անհրաժեշտությունը»: Նա տեղեկացրել է, որ իր հայ գործընկեր Զոհրաբ Մնացականյանի հետ հեռախոսազրույցում նույնպես կոչ է արել դադարեցնել բոլոր մարտերը շփման գծի երկայնքով և վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ: Նախարար Շալլենբերգն ասել է, որ Լեռնային Ղարաբաղի ճգնաժամն ապացուցում է, թե որքան արագ կարող է լարվածությունը վերածվել թեժ հակամարտության: «Լարվածությունը պետք է նվազեցվի խոսքով և գործով»,-նշել է արտգործնախարարը՝ նկատի ունենալով տարածաշրջանի բոլոր դերակատարներին: Նախարարի զեկույցին հետևած քննարկումների ժամանակ ելույթներով հանդես են եկել հանձնաժողովի անդամները։ Մասնավորապես, հանձնաժողովի փոխնախագահ ÖVP/Ավստրիայի ժողովրդական կուսակցության պատգամավոր Ռայնհոլդ Լոպատկան ուշադրություն է հրավիրել Թուրքիայի դերին և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին մեղադրել Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը դիտավորյալ սրելու մեջ: FPÖ/Ավստրիայի ազատական կուսակցության անունից խոսել է պատգամավոր Աքսել Կասեգգերը, ով Թուրքիային բնութագրել է որպես տարածաշրջանում անկարգություններ հրահրող գործոն, և մեկ անգամ ևս կրկնել իր խմբակցության կոչը ԵՄ-ին՝ վերջնական խզել Անկարայի հետ անդամակցության բանակցությունները: FPÖ-ի արտաքին քաղաքականության հարցերով խոսնակ, պատգամավոր Լեո Կոհլբաուերն ասել է, որ ակնկալում է, որ Եվրամիությունը կմիջամտի Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա զինված հարձակման հարցում: Ըստ Կոհլբաուերի, թուրք բռնակալ Էրդողանը պետք է ԵՄ կողմից կարգի հրավիրվի և պատժվի, եթե անմիջապես չդադարեցնի իր աջակցությունը Ադրբեջանին: «Թուրքիան, ըստ երևույթին, այստեղ նոր հնարավորություն է տեսնում իր կողմից ատելի հայերին ոչնչացնելու համար», - նշել է Կոհլբաուերը՝ հիշեցնելով 1915-16 թվականներին հայերի դեմ Օսմանյան կայսրության կողմից իրականացված ցեղասպանության ճանաչման շուրջ քննարկումը: Կոհլբաուերը իսլամական Ադրբեջանի ագրեսիան համարում է տարածաշրջանը իսլամականացնելու նոր փորձ, որի զոհ կարող է դառնալ քրիստոնյա Հայաստանը, իսկ Էրդողանի աջակցությունն Ադրբեջանին անակնկալ չէ: Կոհլբաուերը կոչ է արել ԵՄ-ին անհապաղ քայլեր ձեռնարկել` մարդկային կյանքերը փրկելու և տառապանքներից խուսափելու համար: Պատգամավորի խոսքով, ԵՄ-ն այժմ պետք է մի կողմից միջամտի և միջնորդի հակամարտող կողմերի միջև, մյուս կողմից անհապաղ ստիպի թուրք բռնապետին խիստ պատժամիջոցների սպառնալիքով հրաժարվել իր նկրտումներից: «Եթե Էրդողանը ցանկանում է ցույց տալ Եվրոպային, թե որքան վճռական ու հզոր է, ապա Եվրոպան այժմ պետք է Էրդողանին ցույց տա, որ ինքն ավելի վճռական է ու հզոր: Շատ հաճախ ենք մենք զիջում Թուրքիային», - ասել է Կոհլբաուերը՝ անդրադառնալով նաև Վիեննայի Ֆավորիտեն թաղամասում վերջերս տեղի ունեցած թուրք-քրդական բախումներին, որոնք, ըստ պատգամավորի, հրահրվել և կազմակերպվել էին Ավստրիայում թուրքական կազմակերպությունների կողմից: Կանաչների խմբակցության ղեկավարի տեղակալ, կուսակցության արտաքին քաղաքականության հարցերի խոսնակ Եվա Էռնստ-Ձիձիչի կարծիքով, ուժի կիրառումը չի կարող հանգեցնել խնդրի վերջնական կարգավորման։ «Ուժի կիրառումը վստահաբար սխալ միջոց է այս հակամարտության համար վերջնական լուծում գտնելու համար, որը տասնամյակներ շարունակ մարում և կրկին բռնկվում է», - նշել է նա։ Եվա Էռնստ-Ձիձիչը նույնպես քննադատել է Թուրքիային՝ ռազմատենչ հռետորաբանության և, ըստ շրջանառվող լուրերի, Սիրիայից ջիհադիստ վարձկաններ Ադրբեջան ուղարկելու համար։ Էռնստ-Ձիձիչն անհապաղ հրադադարի և տարիներ շարունակ լարված հակամարտության հարցում միջազգային միջնորդության կոչ է արել: «Երկու կողմերն էլ պետք է անհապաղ դադարեցնեն կրակը և փոխարենը օգտվեն միջազգային միջնորդական առաջարկներից», - նշել է Էռնստ-Ձիձիչը՝ հղում կատարելով ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին, ով նույնպես կոչ է արել հակամարտող կողմերին դադարեցնել մարտերը, և ԵԱՀԿ միջնորդական ձևաչափին: «Մենք կաջակցենք ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի ցանկացած նախաձեռնությանը` լուծել այս երկարատև հակամարտությունը, սակայն երկարաժամկետ հեռանկարում հաջողության կարելի է հասնել միայն, եթե երկու կողմերն էլ նստեն բանակցությունների սեղանի շուրջ և պատրաստ լինեն նաև տարածքային զիջումների: Առանց միջազգային միջնորդության, ես ներկայումս չեմ պատկերացնում, թե ինչպես կարող են երկու պատերազմող կողմերը դուրս գալ խառնաշփոթ իրավիճակից: Հետևաբար, մենք պետք է միջազգային մակարդակով արագ առաջ շարժվենք և սկսենք խաղաղության լուրջ գործընթաց, հակառակ դեպքում արյունահեղությունը հավերժ կշարունակվի», - ասել է պատգամավորը: Եվա Էռնստ-Ձիձիչը նշել է նաև, որ «այս իրավիճակում Թուրքիայի նախագահ Էրդողանը չպետք է «կրակի վրա յուղ լցնի» և դրանով է՛լ ավելի թեժացնի հակամարտությունը: Խոսքը մարդկային կյանքի մասին է, որն ավելին է, քան ներգրավված մեծ ուժերի խաղերը»: Ըստ պատգամավորի, Ռուսաստանն այստեղ նույնպես կարող է պատասխանատու դերակատարում ունենալ:
12:59 - 01 հոկտեմբերի, 2020
Չմիջամտելու դեպքում Կովկասը կդառնա մեծ խնդիր միջազգային հանրության համար. ՀՀ նախագահի հարցազրույցը

Չմիջամտելու դեպքում Կովկասը կդառնա մեծ խնդիր միջազգային հանրության համար. ՀՀ նախագահի հարցազրույցը

Միջազգային հանրությունը պետք է հասկանա, որ եթե չմիջամտեն հիմա, Կովկասը կդառնա մեկ այլ մեծ խնդիր իրենց համար: Այս մասին նշել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը CNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում: - Լեռնային Ղարաբաղը մի տարածք է, որն ունի մոտ 100 հազար բնակչություն: Մենք ականատեսը եղանք, որ այս վերջին բախման հետևանքով զոհվել են հարյուրը: Ո՞րն է լինելու ավարտը: Գուցե սա պետք է միջազգային արբիտրաժի մա՞ս լինի: Հնարավորություն տեսնո՞ւմ եք, որ բոլոր կողմերը կհավաքվեն մեկ սեղանի շուրջ: Աշխարհն այսօր զբաղված է այլ խնդիրներով՝ կորոնավիրուսի ազդեցությունը համաշխարհային տնտեսության վրա, ԱՄՆ նախագահական ընտրություններ, ԱՄՆ-Չինաստան հարաբերություններ: Ցավոք, այս խնդրին համարժեք և անհրաժեշտ միջազգային ուշադրություն դեռ չկա: Ձեր կարծիքով՝ ի՞նչ պետք է տեղի ունենա, որպեսզի սա չվերածվի ավելի մեծ հակամարտության: - Միջազգային հանրությունը պետք է հասկանա, որ եթե չմիջամտեն հիմա, Կովկասը կդառնա մեկ այլ մեծ խնդիր իրենց համար: Պատկերացնո՞ւմ եք՝ Կովկասը դառնա մեկ այլ Սիրիա: - Դա նշանակո՞ւմ է, որ մեծ խնդիրներ կլինեն էներգետիկ ոլորտում՝ կապված գազատարների հետ... -Ոչ, ոչ: Այս հարցը միայն մեկ հարթության մեջ մի դիտարկեք: Աշխարհը միայն էներգետիկայով չի պայմանավորված, այն շատ ավելի բարդ է, այստեղ կան ազգային շահեր, կայունություն, առևտուր, լոգիստիկա և շատ այլ հարցեր: Մենք չենք կարող երկրների միջև հարաբերությունները պարզեցնել՝ հիմնվելով միայն էներգետիկայի վրա: Թեպետ մոտ տասը տարի առաջ ես Եվրատլանտյան Անվտանգության նախաձեռնության էներգետիկայի հարցերով խմբի նախագահն էի և իսկապես գիտակցում եմ էներգետիկայի կարևորությունը, սակայն մենք չենք կարող այս հարցն այդքան պարզեցնել: Պատկերացրեք՝ Կովկասը դառնա մեկ այլ Սիրիա: -Դա կպատահի՞: -Հույս ունեմ՝ ոչ, քանի որ դա մեծ ողբերգություն կլինի բոլորի համար ամբողջ աշխարհում: Դուք նշեցիք, որ Ղարաբաղում 150 հազար մարդ է ապրում, բայց  Դուք չհիշատակեցիք, որ նրանք հայեր են, և կապ չունի՝ 150 հազար են, թե՞ 250 հազար: Լեռնային Ղարաբաղը կամ Արցախը պատմական Հայաստանի մաս է եղել հազարավոր տարիներ: Այն մշտապես բնակեցված է եղել հայերով: Դա մի հիանալի լեռնային երկիր է քաջ ու հպարտ ժողովրդով՝ հայերով: Անգամ խորհրդային իշխանության տարիներին տեղի բնակչության 90 տոկոսը հայեր են եղել: Հայերը Լեռնային Ղարաբաղի հետ կապված ամբողջ խնդիրը կապում են իրենց հավատքի և պատմության հետ: Նրանք սա ընդունում են որպես Ադրբեջանի օգնությամբ Թուրքիայի կողմից մեկ այլ ցեղասպանության իրականացման փորձ: Սա հայերի համար անընդունելի է: Պայքարը կշարունակվի, և հայերը կապացուցեն, որ այս խնդիրն ուժի միջոցով չի լուծվելու, և ուզում եք դա, թե ոչ՝ մենք պետք է վերադառնանք բանակցությունների սեղան: Եթե ուսումնասիրեք Թուրքիայի ներկայիս կառավարության գործունեությունը, թվում է, թե նրանք խնդիրներ ունեն իրենց շուրջը 360 աստիճանով՝ Միջերկրական ծովում, Հունաստանում, Լիբիայում, Իրաքում: Նրանք խնդիրներ են ստեղծում ամենուր: Նրանք հայտարարում են, թե իբր Հայաստանը վտանգ է միջազգային էներգակիր նավթամուղի համար, ինչը բացարձակ անհեթեթություն է: Այդ նավթամուղը գոյություն ունի ավելի քան 20 տարի: Եթե մենք դա չենք արել 20 տարիների ընթացքում, ինչու պետք է ուզենք դա անել հիմա, ո՞րն է նպատակը:
12:34 - 01 հոկտեմբերի, 2020
Գիշերվա և առավոտվա մարտերի ընթացքում խոցվել է ևս մեկ սմերչ կայան․ Արծրուն Հովհաննիսյան

Գիշերվա և առավոտվա մարտերի ընթացքում խոցվել է ևս մեկ սմերչ կայան․ Արծրուն Հովհաննիսյան

Լուսաբացից որոշակիորեն թեժացել են մարտերը։ Մարտական գործողությունների ուղղություններն, ըստ էության, նույնն են։ Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց Արծրուն Հովհաննիսյանը։ «Գիշերվա եւ վաղ առավոտվա որոշակի թեժացած մարտերի ընթացքում ունենք հետեւյալ պատկերը՝ հակառակորդի հարձակողական բոլոր փորձերը՝ անկախ իրենց չափերից, կրել են անհաջողություն։ ՀՀ ԶՈՒ-երը հետ են շպրտել հակառակորդին՝ պատճառելով որոշակի վնաս։ Մասնավորապես, նրանց զոհերը 350-360 են, մոտ 600 վիրավոր, խոցվել է 3 ուղղաթիռ, 15 տարբեր տեսակի զրահատեխնիկա, 1 ՍՄԵՐՉ կայան, 6 ԱԹՍ, որից մոտ երեքը՝ կեսգիշերի սահմաններում են խոցվել»,- ասաց նա։ Հովհաննիսյանը, անդրադառնալով ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանի գրառմանը, որում նա նշել էր, որ լավ լուր է սպասվում, ասաց, որ այն, ամենայն հավանականությամբ, քիչ առաջ խոցված ուղղաթիռի մասին էր։ «Ուղղաթիռն, ինչպես հայտնել ենք, ընկել էր Իրանի տարածքում, ինչի համար արդեն ներողություն ենք խնդրել, որ ուղղակի սահմանի երկայնքով տեղի ունեցող մարտական գործողությունները անխուսափելի են դարձնում նման դեպքերը»,- նշեց ՊՆ ներկայացուցիչը։ Պատասխանելով լրագրողի հարցին՝ Հովհաննիսյանը ընդգծեց, որ Վարդենիսում այս պահին ակտիվ մարտական գործողություններ չկան։ 
12:11 - 01 հոկտեմբերի, 2020
Մենք ունենք անկոտրում կամք՝ պաշտպանելու մեր հողը. ՀՀ ԱԳ նախարարի հարցազրույցը «Սքայ Նյուզ Արաբիա»-ին

Մենք ունենք անկոտրում կամք՝ պաշտպանելու մեր հողը. ՀՀ ԱԳ նախարարի հարցազրույցը «Սքայ Նյուզ Արաբիա»-ին

Ադրբեջանական կողմը սպառնում էր ուժի կիրառմամբ, և այժմ նրանք ուժ են կիրառում` ձգտելով հակամարտության ռազմական լուծմանը և Արցախից ու Հայաստանից ակնկալելով միակողմանի զիջումներ, ինչը բացառված է: Այս մասին նշել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը «Սքայ Նյուզ Արաբիա»-ին տված հարցազրույցում: -Առաջին հերթին կցանկանայի հարցնել՝ որո՞նք են այն նախապայմանները, որոնք հիման վրա Հայաստանը կգնա բանակցությունների: - Հայաստանը չունի որևէ նախապայման: Հայաստանը հաստատապես հանձնառու է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: Ադրբեջանական կողմը սպառնում էր ուժի կիրառմամբ, և այժմ նրանք ուժ են կիրառում` ձգտելով հակամարտության ռազմական լուծմանը և Արցախից ու Հայաստանից ակնկալելով միակողմանի զիջումներ, ինչը բացառված է: Մենք հաստատակամորեն հանձնառու ենք խաղաղ կարգավորմանը: Միաժամանակ մենք ունենք անկոտրում կամք և վստահություն մեր կարողությունների վրա՝ պաշտպանելու մեր հողը, պաշտպանելու մեր ժողովրդին, պաշտպանելու Արցախի և Հայաստանի անվտանգությունը: Արցախի հայ բնակչությունը շատ վճռական է իրեն պաշտպանելու հարցում: Եվ Հայաստանը եղել է և մնում է Արցախի անվտանգության միակ երաշխավորը: Մենք պաշտպանելու ենք: Խաղաղությունն այլընտրանք չունի: Ադրբեջանը պետք է դադարեցնի իր ռազմական ագրեսիան` ուղղված Արցախի բնակչության դեմ, պետք է գա ողջամտության դաշտ և ներգրավվի հակամարտության կարգավորման խաղաղ բանակցություններում: - Ինչպե՞ս եք գնահատում այս հակամարտությունում Թուրքիայի միջամտությանը և նմանօրինակ համակարտությունների կարգավորման համար որոշ մարդկանց ներգրավելը: - Թուրքիան այս ամբողջ իրավիճակում ապակայունացնող ուժ է: Նրանք իրենց ողջ ագրեսիվ քաղաքականությամբ լարվածություն են հրահրում Հարավային Կովկասում: Նրանք միակողմանիորեն աջակցում են Ադրբեջանին` տեղափոխելով սպառազինություն, տեղափոխելով ահաբեկիչներ, որոնք հավաքագրվել են Սիրիայի՝ իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներից և Լիբիայից: Մենք ունենք բացարձակ հավաստի տեղեկություններ և փաստեր վերջինիս վերաբերյալ: Նրանք տեղափոխվել են Ադրբեջան: Նրանք այսօր կռվում են մեր ժողովրդի դեմ: Նրանց սարքավորումները և ավիացիան օդում են, նրանք` ռազմի դաշտում: Նրանք օգտագործվում են մեր մարդկանց դեմ: Թուրքիան այս հակամարտության ապակայունացնող կողմն է: Նրանք այս նույն քաղաքականությունն են վարել Արևելյան Միջերկրականում, Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում: Այժմ Թուրքիան նույն քաղաքականությունն արտահանում է Հարավային Կովկաս: Այդ քաղաքականությունը կտրականապես մերժված է. նրանք այստեղ անելիք չունեն: -Այս միջամտության վերաբերյալ տեղեկություններ ստանալուց հետո ք ի՞նչ միջոցառումներ եք ձեռնարկել, օրինակ՝ միջազգային հարթակում, հատկապես ՄԱԿ-ում:  - Մենք աշխատում ենք խաղաղ կարգավորման ուղղությամբ միջազգայնորեն համաձայնեցված ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, որը բաղկացած է Ֆրանսիայից, Ռուսաստանից և ԱՄՆ-ից: Մենք սերտորեն աշխատում ենք մեր գործընկերների հետ` իրավիճակը հանդարտեցնելու, լարվածությունը թուլացնելու և բանակցություններին վերադառնալու ուղղությամբ: Ֆրանսիան, Ռուսաստանը և ԱՄՆ-ն շատ ակտիվ աշխատում են, և ես կարծում եմ, որ ականատես ենք լինում միջազգային հանրության շատ լավ համախմբման՝ ի թիվս այլոց՝ ՄԱԿ-ի, ԵՄ-ի, Ռուսաստանի Դաշնության, որը մերժում է Թուրքիայի՝ ապակայունացնող դերը տարածաշրջանում: Մենք շարունակելու ենք սերտ համագործակցությունը մեր բոլոր գործընկերների հետ` լարվածությունը թուլացնելու և արտատարածաշրջանային դերակատարներին դուրս մղելու ու նրանց ձեռնարկած ապակայունացնող գործողությունները դադարեցնելու ուղղությամբ: -Հայաստանը հրաժարվեց Ռուսաստանի միջնորդությամբ Ադրբեջանի հետ խաղաղ բանակցություններից: Այս պահին, ո՞րն է Ձեզ համար ամենամոտ կամ ամենալավ միջնորդությունը բանակցությունների համար: -Կարծում եմ, որ դուք լավ տեղեկացված չեք այս ամենից, որովհետև Հայաստանը երբեք չի մերժել բանակցային գործընթացը: Ես պետք է կրկնեմ, որ բանակցությունները ընթանում են միջազգայնորեն հաստատված ձևաչափի շրջանակներում, որը բաղկացած է երեք երկրներից` Ռուսաստանից, Ֆրանսիայից և Միացյալ Նահանգներից: Եվ մենք աշխատում ենք միջազգայնորեն համաձայնեցված այս ձևաչափի շրջանակներում: Մենք հանձնառու ենք դրան և կշարունակենք դա: Ոչ ոք չի կարող ասել, որ Հայաստանը մերժում է բանակցությունները: Ճիշտ հակառակը: Մենք այժմ ականատես ենք լինում Ադրբեջանի առավելապաշտական դիրքորոշմանը և ուժի կիրառմանը, ինչն էլ իր հերթին ենթադրում է, որ այս հակամարտությունը չունի ռազմական լուծում: Պաշտպանվելու մեր վճռականությամբ մենք մերժում ենք լուծման ռազմական տարբերակը: Այս հակամարտությունը կարող է լուծվել միայն խաղաղ ճանապարհով:
11:17 - 01 հոկտեմբերի, 2020
Հակառակորդի՝ հայկական տարածքում հայտնված գրեթե բոլոր դիակների գրպաններում եղել են ներարկիչներ․ ԱՀ նախագահի խոսնակ

Հակառակորդի՝ հայկական տարածքում հայտնված գրեթե բոլոր դիակների գրպաններում եղել են ներարկիչներ․ ԱՀ նախագահի խոսնակ

Անցած գիշեր առաջին անգամ սեպտեմբերի 27-ից առաջնագծի ամբողջ երկայնքով հարաբերական անդորր է եղել՝ բացառությամբ մի քանի փոխհրաձգությունից,  բայց պատերազմը շարունակվում է։ Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ԱՀ նախագահի խոսնակը Վահրամ Պողոսյանը։ Խոսելով Ադրբեջանի կորուսնտնրի մասին՝ նա ասաց, որ Ադրբեջանի զոհերի մեծ մասը եղել են Ադրբեջանում ապրող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ։ «Սրանք հետախուզական տվյալներ են։ Միայն մի ուղղությամբ 148 այլազգի զինվոր է զոհվել։ Մի քանի հարյուր զոհեր եղել են ազգությամբ թալիշ զինվորների շրջանում»,- ասաց նա։ Խոսնակը նաև ընդգծեց, որ Ադրբեջանցի ինվորների դիակները, որոնք հայտնվել են հայկական տարածքներում, գրեթե բոլորի գրպաններում եղել են ներարկիչներ։ «Սա վկայում է, որ Ադրբեջանը իր զինվորների սահման է ուղարկում թմրեցված վիճակում։ Սա միանշանակ ռազմական հանցագործություն է»,- ասաց նա։ Խոսնակը նաև նշեց, որ Արցախում տնտեսական վիճակը կայուն է, ենթակառուցվածքները աշխատում են, ժողովուրդը շարունակում է ապրել բնականոն կյանքով՝ պատերազմական իրավիճակին հատուկ։
10:31 - 01 հոկտեմբերի, 2020
Հաշված ժամերի ընթացքում մարզային հիվանդանոցներից մեկը ծավալվել է որպես թիկունքային հոսպիտալ

Հաշված ժամերի ընթացքում մարզային հիվանդանոցներից մեկը ծավալվել է որպես թիկունքային հոսպիտալ

Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի առաջին իսկ ժամերից սկսած առողջապահության նախարարությունը և ամբողջ առողջապահական համակարգը լծվել է ծառայելու մեր հայրենիքի պաշտպաններին: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է առողջապահության փոխնախարար Արտյոմ Սմբատյանը: «Այսպես. սեպտեմբերի 27-ի առավոտյան ՀՀ սահմանամերձ համապատասխան ուղղություններով գործարկվել է վիրավորների տարհանման համակարգը ներառյալ համապատասխան ուղղություններով տեղակայված բժշկական կազմակերպություններում և Արցախի Հանրապետությունում տասնյակ շտապ օգնության մեքենաների տեղակայումը, որոնց միջոցով աննախադեպ արագությամբ և օպերատիվությամբ իրականացվել է բազմաթիվ վիրավորների տեղափոխում` դեպի մայրաքաղաքի և այլ վայրերի բազմաթիվ բժշկական հաստատություններ: Առայսօր հարյուրավոր բժիշկներ առողջապահության նախարարության ուղղորդմամբ մեկնել են առաջնագիծ և այլ հիվանդանոցներ` ծառայելու Հայաստանի Հանրապետությանը և հայ ժողովրդին: Հարյուրավոր բժիշկներ այս պահին հերթագրված են և բառիս բուն իմաստով անհամբեր սպասում են համապատասխան հրահանգի` մեկնելու առաջնագիծ և այնտեղ մատուցելու իրենց ծառայությունները: Առողջապահության նախարարության ղեկավար անձնակազմի աշխատակիցները սեպտեմբերի 27-ին մեկնել են Արցախի Հանրապետություն և վիրավորների տարհանման համակարգի համապատասխան վայրեր` տեղում համակարգելու վիրավորների բժշկական օգնության, սպասարկման և տարհանման աշխատանքները: Բոլոր վերոհիշյալ վայրերը ապահովվել են անհրաժեշտ դեղորայքով, բժշկական պարագաներով, բժշկական սարքավորումներով: Երևանում տեղակայված բոլոր հիվանդանոցները առաջին իսկ օրվանից ընդունում են վիրավորներին և իրականացնում են նրանց որակյալ բժշկական օգնությունը: Այսօր, հաշված ժամերի ընթացքում, առողջապահության նախարարության կողմից մարզային հիվանդանոցներից մեկը ծավալվել է որպես թիկունքային հոսպիտալ: Ծավալումը իրականացվել է համապատասխան մարզպետարանի և պաշտպանության նախարարության հետ սերտ համագործակցությամբ: Ընդամենը 4 ժամվա ընթացքում ներդրվել է համապատասխան ուղղությունից դեպի թիկունքային հոսպիտալ տեղափոխման և հետագա դուրսգրման սխեման, ծավալված հոսպիտալը ապահովվել է անհրաժեշտ դեղորայքով և բժշկական պարագաներով, տարանջատվել են քաղաքացիական պացիենտների և վիրավորների հոսքերը, ապահովվել է հաստատության անվտանգությունը` ոստիկանության ուժերով: Թիկունքային հոսպիտալը համալրվել է շտապ բժշկական օգնության լրացուցիչ մեքենաներով: Այն արդեն իսկ գործում է և սպասարկում է մեր հերոսներին: Անխափան գործում է արյան բաղադրամասերի ապահովման ծառայությունը: Բոլոր գերատեսչությունները` պաշտպանության նախարարությունը, մարզպետարանները և այլոք 24 ժամյա պատրաստակամությամբ ջանք չեն խնայում հայրենիքի պաշտպաններին փրկելու գործում: «Զինվո՛ր, քո թիկունքը ամուր է և պինդ, քան երբևէ: Դու ծառայում ես Հայրենիքին, մենք ծառայում ենք Քեզ», գրել է նա:
10:30 - 01 հոկտեմբերի, 2020