Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Վովայի Փաշինյան, ՀՀ գործող վարչապետն է։ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։

Ծնվել է 1975 թվականի հունիսի 1-ին՝ Իջեւան քաղաքում։ 1999-2012 թվականներին եղել է քաղաքական ուղղվածության «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը, 2012 թվականի մայիսի 6-ից մինչեւ վարչապետի պաշտոնում ընտրվելը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր` ընդդիմադիր «Ելք» խմբակցությունից։ Որպես կուսակցական գործիչ համարվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, ինչպես նաեւ «Իմպիչմենտ» եւ «Ելք» դաշինքների համահիմնադիր։

2018 թվականին Սերժ Սարգսյանի երրորդ պաշտոնավարման դեմ պայքարող Նիկոլ Փաշինյանը սկսում է «Իմ քայլը» նախաձեռնությունը եւ իր համախոհների հետ միասին Գյումրուց քայլարշավով ուղեւորվում Երեւան։  Գործողությունների արդյունքում ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս։

Մայիսի 8-ին Փաշինյանն ընտրվում է Հայաստանի Հանրապետության 16-րդ վարչապետ։ Վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանը վերընտրվում է 2018-ի դեկտեմբերի և 2021-ի հունիսի խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ;

Պարեկային ոստիկանությունն իր աշխատաոճով, արդյունավետությամբ պիտի նոր խոսք բերի Հայաստանի Հանրապետությանը. Նիկոլ Փաշինյան

Պարեկային ոստիկանությունն իր աշխատաոճով, արդյունավետությամբ պիտի նոր խոսք բերի Հայաստանի Հանրապետությանը. Նիկոլ Փաշինյան

ՀՀ ոստիկանության Պարեկային նոր ծառայության առաջիկա մեկնարկին ընդառաջ՝ ապագա պարեկային ծառայողների, Պարեկային ծառայության ղեկավար կազմի թեկնածուների ուսումնական գործընթացի ամփոփման և դրա արդյունքներին ծանոթանալու նպատակով փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանի, ՀՀ ոստիկանության և ՀՀ արդարադատության նախարարության ղեկավար կազմի ուղեկցությամբ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցելել է Ոստիկանության կրթահամալիր: ՀՀ ոստիկանության, ինչպես նաև կրթահամալիրի ղեկավար կազմը ՀՀ վարչապետի պաշտոնակատարին են ներկայացրել Պարեկային ծառայության թեկնածուների ուսումնական պրոցեսի կազմակերպման պայմանները և այդ ուղղությամբ իրականացված աշխատանքները, որին, բացի կրթահամալիրի պրոֆեսորադասախոսական անձնակազմից, ներգրավված են եղել նաև մրցութային կարգով ընտրված դասախոսներ և ԱՄՆ-ից ժամանած մասնագետներ: Նիկոլ Փաշինյանը, ողջունելով պարեկային ծառայողներին, նշել է. «Պարեկային ոստիկանության հարգելի ծառայողներ, նախ ուզում եմ շնորհավորել ձեզ ուսումնառությունն ավարտելու առիթով և շնորհավորել մեզ բոլորիս, որովհետև թևակոխում ենք Հայաստանի Հանրապետության ոստիկանության բարեփոխումների մի շատ կարևոր փուլ: Շատ շուտով Հայաստանի Հանրապետությունում ի հայտ է գալու նոր ծառայություն՝ Պարեկային ոստիկանություն, որը համոզված եմ՝ իր որակով, աշխատաոճով, արդյունավետությամբ պիտի նոր խոսք բերի Հայաստանի Հանրապետությանը և մեր երկրում իրավակարգի ու մարդու իրավունքների պաշտպանությանը: Շնորհակալություն եմ հայտնում ձեզ, որ արձագանքել եք Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից նախաձեռնված բարեփոխումների այս գործընթացին և ուզում եմ հույս հայտնել նաև, որ ձեզնից յուրաքանչյուրը եկել է առաքելության զգացողությամբ ու այդ առաքելությունը լիարժեք, բարձր մակարդակով ի կատար կածվի: Շնորհավորում եմ»: Այնուհետև խորհրդակցության ընթացքում Նիկոլ Փաշինյանին են ներկայացվել Պարեկային ծառայության գործարկման ուղղությամբ կատարված աշխատանքները և ծառայության հաջող մեկնարկն ապահովելու համար առաջիկայում իրականացվելիք միջոցառումները: Խորհրդակցության սկզբում վարչապետի պաշտոնակատարը նշել է.«Այսօր հավաքվել ենք քննարկելու մեր ձեռնարկած ամենակարևոր բարեփոխումներից մեկի՝ Պարեկային ոստիկանության ներդրման հետ կապված մեր ընթացիկ գործերի վիճակն ու անելիքները: Պետք է արձանագրել, որ սա չափազանց կարևոր բարեփոխում է մեզ համար, որն ունի կարևոր քաղաքական նշանակություն: Այն ունի նաև կարևոր նշանակություն մեր երկրում իրավակարգի պահպանությունը և պաշտպանությունը նոր որակի բարձրացնելու ուղղությամբ: Խնդիրը ոչ միայն այն է, որ մենք ինչպես և նախատեսել ենք՝ առաջին փուլով մայրաքաղաք Երևանում ամբողջացնենք ծրագրի իրագործումը, այլև պլանավորվածի համաձայն՝ շարունակենք գործընթացը Հայաստանի Հանրապետության մարզերով և հասցնենք տրամաբանական ավարտին: Իհարկե, հասկանալի է, որ այս ծավալի ու բովանդակության բարեփոխումներն ուղեկցվում են որոշակի դժվարություններով և պիտի արձանագրենք, թե ուր ենք հասել ու առաջիկայում ինչ պետք է անենք, որ մեր անելիքները հնարավորինս համապատասխանեցնենք նախանշված ժամկետներին»:
13:36 - 24 հունիսի, 2021
Աշխատատեղերի թվաքանակի նոր ցուցանիշ է արձանագրվել. Նիկոլ Փաշինյան |armtimes.com|

Աշխատատեղերի թվաքանակի նոր ցուցանիշ է արձանագրվել. Նիկոլ Փաշինյան |armtimes.com|

armtimes.com: Աշխատատեղերի թվաքանակի նոր ցուցանիշ է արձանագրվել: Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Ապա դիմելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանին՝ խնդրեց մանրամասներ ներկայացնել: «2021 թվականի մայիս ամսվա վերաբերյալ հայտարարագրված 0-ից բարձր եկամուտ ունեցող աշխատատեղերի քանակը կազմել է 635 հազար: Այս ցուցանիշն աննախադեպ է եւ գերազանցել է 2020 թվականի սեպտեմբերին արձանագրված ամենաբարձր՝ 632 հազար ցուցանիշին: Այս ցուցանիշը ավելի է 2020 թվականի, 2019-ի եւ 2018-ի համադրելի տվյալներից: 2020-ի մայիսից ավելի է 34 հազարով, 2019-ի համեմատ՝ 37 հազարով եւ 2018-ի համեմատ՝ 87 հազարով: Աճել է նաեւ եկամտի չափը՝ կազմելով 134.7 մլրդ դրամ, այն 2020-ի համադրելի ցուցանիշից ավելի է 22 մլրդ-ով, 2019-ից՝ 25 մլրդ-ով եւ 2018-ից՝ 38 մլրդ-ով»,- մանրամասնեց Հովհաննիսյանը: Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ, մասնագետների խոսքով, սեպտեմբեր ամիսը սովորաբար ամենաբարձր ամիսն է աշխատատեղերի առումով. «Ենթադրում եմ, որ մենք այս ցուցանիշը կգերազանցենք նաեւ սեպտեմբերին: Էլի ուզում եմ ասել, որ, փաստորեն, 2021-ի մայիսին մենք ունենք 86 հազար 962-ով կամ 15 տոկոսով ավելի աշխատատեղ, քան 2018-ի մայիսին»: Նա նշեց, որ աշխատավարձերի ֆոնդը 2018-ի մայիսի համեմատ աճել է 38 մլրդ դրամով կամ 39 տոկոսով: 1 մարդու միջին աշխատավարձն աճել է 35 հազար 714 դրամով կամ 20.2 տոկոսով: «Իհարկե, մենք այստեղ շարունակաբար միշտ այդ հարցի առաջ ենք կանգնում, թե որքանով են այս թվերն ապահովում ստվերից դուրս եկած աշխատատեղերի եւ որքանով նոր աշխատատեղերի շնորհիվ: Այնուամենայնիվ, մեր վերլուծությունների եւ քննարկումների արդյունքում եկանք այն եզրակացության, որ հիմա շինարարության ոլորտում որոշակի աճ կա, եւ այդ ոլորտում աշխատատեղերի աճ է զգացվում: Նաեւ զբոսաշրջության դանդաղ, սակայն հաստատուն վերականգնման գործընթաց ունենք: Հանրային սննդի ոլորտն է հաջորդ ամենախոշոր սեգմենտը, որտեղ աշխատատեղերի աճ ունենք»,- եզրափակեց վարչապետի պաշտոնակատարը:
11:52 - 24 հունիսի, 2021
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանին

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանին

Արտախորհրդարանական քաղաքական մի շարք ուժերի հետ քննարկումների շրջանակում, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել է Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանին: Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի պաշտոնական կայքը։  «Նիկոլ Փաշինյան - Հարգելի պարոն Խզմալյան, ուրախ եմ Ձեզ տեսնելու համար և նախևառաջ ուզում եմ շնորհակալություն հայտնել հանդիպման հրավերն ընդունելու համար: Մենք անցել ենք բավական դժվար մի ժամանակաշրջանով, և դրան գումարած՝ նախընտրական շրջանն ընդգծել է տեսակետների բախումը, տարակարծությունները, տարաձայնությունները: Բայց կարծում եմ, որ ընտրություններից հետո ժամանակն է, որպեսզի մեր հանրային և ազգային ներուժը համախմբելու մասին մտածենք, և մենք հիմա այդ օրակարգով ենք զբաղված: Հիմնական խնդիրը, որ ձևակերպում ենք, հետևյալն է. խորհրդարանական ընտրություններին մասնակցել են ուժեր, նրանց մի մասն անցել է խորհրդարան, մյուս մասը չի անցել, բայց, այնուամենայնիվ, յուրաքանչյուր քաղաքական ուժ ունի ընտրողների իր հատվածը, որը հանրության որոշակի շերտ և տեսակետ է ներկայացնում: Եվ մենք հիմա մտածում ենք, թե ինչ միջոցներ կարող ենք ձեռնարկել, որպեսզի արտախորհրդարանական ուժերը և կառավարությունը փոխադարձաբար ավելի լսելի լինեն: Կուզենայի նաև լսել Ձեր տեսակետները Հայաստանի քաղաքական կյանքի հետագա ընթացքի վերաբերյալ: Տիգրան Խզմալյան - Նախ շնորհավորում եմ վերընտրման կապակցությամբ: Շնորհակալ եմ, որ ժամանակ գտաք ընդունելու մեզ: Ես չեմ ասում՝ ինձ, որովհետև Դուք ինքներդ նշեցիք, որ դա մի հասարակական զանգված է, և չեմ կարծում, որ ամբողջությամբ ներկայացվեց այս ընտրություններին: Այնուամենայնիվ, շնորհակալ եմ առավելևս: Կարծում եմ, որ Ձեր առջև բազմաթիվ խոյացած խնդիրներից երեքն ամենակարևորն են, և եթե թույլ տաք, ես այդ մասին կխոսեմ: Դա երկրի ինքնիշխանության, երկրի, ազգի անվտանգության և, բնականաբար, տնտեսության հիմնահարցերն են: Այն զանգվածը, այն գաղափարախոսությունը, որը ներկայացնում է Հայաստանի Եվրոպական կուսակցությունը, համոզված է, որ այդ 3 հարցերի պատասխանը եվրաինտեգրումն է: Եվ մենք հորդորում ենք Ձեզ հենց այն պատճառով, որ Դուք երկրորդ անգամ փաստորեն ընտրվեցիք որպես խորհրդանիշ, մերժելու խորհրդանիշ. առաջին անգամ Դուք խորհրդանշում էիք «մերժիր Սերժին»՝ դա նշանակում էր մերժել մի համակարգ, որը հասցրել էր երկիրն անդունդի շեմին, հիմա Դուք ընտրվեցիք, մեր տպավորությամբ, «մերժիր Ռոբին, մերժիր Քոչարյանին» տրամաբանությամբ: Երկու դեպքում էլ, միգուցե ոչ բանաձևված կերպով, այնուամենայնիվ, մենք վստահ ենք, որ հասարակությունը գիտակցաբար, ենթագիտակցաբար մերժում էր այն համակարգը, որը ծնեց այդ հրեշներին: Տեղեկանալով մամուլից, որ Դուք համաձայնություն եք տվել կամ, համենայնդեպս, քննարկում եք՝ արտախորհրդարանական ուժերի հետ համագործակցել ինչ-որ մի կառույցի միջոցով, կարծում եմ, որ դա ժողովրդավարության տեսակետից և հատկապես մեր քաոտիկ իրավիճակում շատ ճիշտ քայլ է: Հայաստանի Եվրոպական կուսակցության անունից առաջարկում ենք մեր ծառայությունները ազգին՝ այդ կամ որևէ այլ ձևաչափում ներկայացնելու եվրաինտեգրման գործընթացը, օգնելու երկրին, ազգին արագ անցնել այդ ծանր փուլը: Եվ այն ռիսկերը, այն վտանգները, որոնք մեզ սպասում են - դա անխուսափելի է- այդ հարցում մենք պատրաստ ենք օգնել Ձեզ մեր բոլոր միջոցներով՝ և՛ ակնհայտ, և՛ հիմա ոչ այդքան երևացող, մեր մարդկային, մտավոր, կազմակերպչական ողջ ներուժով: Սա այն է, ինչ ես ցանկանում էի հասցնել Ձեզ: Զրուցակիցները քննարկել են ներուժի և կարողությունների համախմբմանը, հետագա գործակցության հեռանկարներին վերաբերող հարցեր»։
20:33 - 23 հունիսի, 2021
Մեր վերաբերմունքը Փաշինյանին լինելու է հայելային. Վանեցյանն անդրադարձավ համերաշխության կոչին |armenpress.am|

Մեր վերաբերմունքը Փաշինյանին լինելու է հայելային. Վանեցյանն անդրադարձավ համերաշխության կոչին |armenpress.am|

armenpress.am: «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող, Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հունիսի 21-ի հանրահավաքի ելույթում չի տեսել հստակ համերաշխության կոչ և ցանկություն: Վանեցյանն այս մասին ասաց մամուլի ասուլիսի ժամանակ: «Չես կարող համերաշխության կոչ անել, միաժամանակ ասել՝ բոլորին պառկեցնելու ենք, նստեցնելու ենք, այս ենք անելու, այն ենք անելու: Խոսքերին հավատալ չեմ ուզում և չեմ կարող: Եթե Նիկոլ Փաշինյանն իրապես ուզում է համերաշխություն մեր հասարակության մեջ, հանգստություն մեր երկրին, ապա իր քայլերով և իր գործողություններով պետք է շատ կարճ ժամանակահատվածում ցույց տա, որ ինքը փոխվել է»,-  հավելեց Վանեցյանը: ԱԱԾ նախկին տնօրենի կարծիքով` երեք տարիների ընթացքում Փաշինյանի կոչերը, հայտարարությունները և իրողությունները էապես տարբերվել են իրարից: «Եթե Նիկոլ Փաշինյանը կփորձի իրապես բերել մեր երկրին համերաշխություն ու հանգստություն, ես միայն ուրախ կլինեմ: Բայց դա միայն ժամանակը ցույց կտա: Մեր վերաբերմունքը Նիկոլ Փաշինյանին լինելու է հայելային: Եթե տեսնենք, որ կարողանում է փոխվել, կարողանում է դառնալ իրապես պետական գործիչ, որին ես չեմ հավատում, ապա իհարկե, մենք պետք է գործենք այլ տրամաբանությամբ»,- եզրափակեց Վանեցյանը:
15:36 - 23 հունիսի, 2021
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Տիգրան Արզաքանցյանի հետ

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Տիգրան Արզաքանցյանի հետ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, արտախորհրդարանական քաղաքական մի շարք ուժերի հետ քննարկումների շրջանակում, այսօր ընդունել է Տիգրան Արզաքանցյանին: Նիկոլ Փաշինյան - Հարգելի պարոն Արզաքանցյան, ուրախ եմ Ձեզ տեսնելու համար: Շնորհակալ եմ հանդիպման հրավերն ընդունելու համար: Ցավում եմ, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում անձամբ Ձեր թեկնածության գրանցումն ուժը կորցրած ճանաչվեց: Հույս ունեմ՝ վստահ եք, որ դա Հայաստանի օրենսդրության նրբությունների հետ է կապված, և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայացրած որոշումն է: Այնուամենայնիվ, ես այսօր կարևոր եմ համարում քննարկումը հետագա թեմաների մասին: Ձեր տեսակետները կուզենայի լսել՝ ինչ պետք է մենք անենք, որպեսզի արտախորհրդարանական ընդդիմությունը և կառավարությունը փոխադարձաբար ավելի լսելի և հասանելի լինեն միմյանց համար: Կուզենայի նաև Ձեր դիրքորոշումներն իմանալ Հայաստանի քաղաքական կյանքի հետագա ընթացքի վերաբերյալ: Շնորհակալ եմ: Տիգրան Արզաքանցյան - Շնորհակալ եմ հրավերի համար: Ամենակարևորը, որ մեր կուսակցությունն ունի շատ բարելավ ծրագրեր: Ես շատ կուզենայի, որ այսօրվա նոր ղեկավարության հետ, կառավարության հետ մենք քննարկենք Արցախի շուրջ, կրթության համակարգի, տնտեսության զարգացման շուրջ հարցեր: Ես ինձ համարում եմ հայրենասեր հայ և կուզենայի անձամբ իմ հայրենիքի համար իմ գիտելիքներն ու ծրագրերը, ներդրումները, որ ժամանակին կատարել եմ, լինեն արդյունավետ, մեր երկրին ծառայեն, այսօրվա իշխանության հետ բանակցությունները կշարունակվեն: Ես մտածում եմ մեր պետության զարգացման մասին, մեր կուսակցական ընկերները՝ նույնպես: Մենք կուզենայինք բոլոր այդ խնդիրների շուրջ համագործակցել, բանակցությունները լինեն շարունակական և արդյունավետ մեր երկրի զարգացման համար: Ամենակարևորն անվտանգությունն է, տնտեսության զարգացումը, ընտրությունները գալիս-գնում են, վերջանում են, դրանով չի վերջանում կյանքը: Մենք պետք է շարունակենք, որ, ամենակարևորը, կարողանանք մեր երկրի անունը բոլոր տեղերում բարձր պահել ու զարգացնել: Այս ընտրության արդյունքներն էլ արդեն բոլորիս համար պարզ են: Դրանով, կրկին ասում եմ, կյանքը չի վերջանում: Մենք պատրաստ ենք արդյունավետ համագործակցել ու քննարկել բոլոր հարցերը: Զրուցակիցները քննարկել են ներուժի և կարողությունների համախմբմանը, հետագա գործակցության հեռանկարներին վերաբերող հարցեր:
15:33 - 23 հունիսի, 2021
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Դավիթ Սանասարյանի հետ

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Դավիթ Սանասարյանի հետ

Մի շարք քաղաքական ուժերի ղեկավարների հետ անցկացվող խորհրդակցությունների շրջանակում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդիպել է «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության նախագահ Դավիթ Սանասարյանի հետ: Նիկոլ Փաշինյան – Հարգելի պարոն Սանասարյան, ուրախ եմ Ձեզ տեսնելու համար: Այսօրվա մեր հանդիպումը նախաձեռնել եմ լսելու համար Ձեր տեսակետները Հայաստանի քաղաքական կյանքի հետագա ընթացքի վերաբերյալ: Դուք նորաստեղծ քաղաքական ուժ եք, նորաստեղծ քաղաքական կուսակցություն եք, կուզեի նաև լսել Ձեր տեսակետները, թե ինչ քայլեր պիտի Ձեր գնահատմամբ կատարվեն, որպեսզի կառավարությունը և արտախորհրդարանական ընդդիմությունը փոխարդաձաբար ավելի լսելի և հասանելի լինեն: Իհարկե, արտախորհրդարանական ընդդիմություն հասկացությունը բավականին լայն հասկացություն է, և այդտեղ կան ուժեր, որոնց գաղափարները, մոտեցումները հակադիր և հակադարձ են միմյանց: Սա էլ մի խնդիր է, բայց ես կարծում եմ, որ հաշվի առնելով այն հանգրվանը, որում գտնվում է Հայաստանի Հանրապետությունը, մենք պետք է առնվազն փորձենք գտնել մեթոդներ նույնիսկ հակադիր տեսակետների համադրման միջոցով ինչ-որ սիներգիա, ինչ որ էներգիա ստանալու: Այնպես որ շնորհակալ կլինեի, եթե այս հարցերի վերաբերյալ Ձեր տեսակետներն արտահայտեիք: Շնորհակալ եմ: Դավիթ Սանասարյան – Շնորհակալություն պարոն Փաշինյան, ինչպես դուք նշեցիք «Ինքնիշխան Հայաստանը» նորաստեղծ կուսակցություն է, և մի ամիս է բոլորել, ինչ պետական գրանցում է ստացել: Կուսակցությունում հավաքված են մարդիկ, ովքեր անցել են և՛ ապրիլյան, և՛ 44- օրյա պատերազմներով, հավաքված են մարդիկ, ովքեր անցել են բոլոր պայքարների բովերով: Եվ մենք նաև մեզ համարում ենք 2018 թվականի հեղափոխության կրողները ու նաև ամեն ինչ անելու ենք, որ հեղափոխության հարթակից այն ինչ որ խոսք ենք տվել մենք և դուք, իրականություն դառնան: Մենք ձեզ քննադատել ենք նաև տարբեր հարցերով՝ սկսած հեղափոխության հարթակից տված խոստումների կիսատ մնացած հարցից, այն հարցից, որ նախկին իշխանությունները՝ ժողովրդին կեղեքած, թալանած և ժողովրդի վրա ուժ գործադրած իշխանությունները, ոչ միայն չեն գտնվում համապատասխան քրեակատարողականներում, այլ նաև հայտ էին ներկայացրել ժողովրդից խլելու ժողովրդի իշխանությունը: Եվ հույս ունենք, որ այս հանդիպումները նոր մշակույթ են ստեղծելու, և այն մոտեցումները, այն ծրագրերը, այն լուծումները, որոնք մենք տեսնում ենք, անպայման ներկայացնելու ենք, որովհետև մեր համար խնդիրը այն չէ, թե որ քաղաքական ուժը, որ քաղաքական ուժին ինչ սուր քննադատություն է տալիս: Մենք նաև ամբողջ քարոզարշավի ժամանակ ժողովրդին խնդրել ենք, որ ծափ չտան ատելության քարոզ անողներին, ծափ չտան պառակտողներին և թշնամի ման եկողներին միմյանց մեջ: Մենք ասել ենք, որ Հայաստանում չունենք թշնամի և վստահաբար գնում ենք առաջ: Ինչպես Դուք նշեցիք, ունենք խնդիրներ. կան ընդդիմադիր ուժեր, որոնց հետ որևիցե քայլ մենք չենք պատկերացնում, բայց կան հարցեր, որոնք պետք է նստենք, միասին հասկանանք, որովհետև սա մեր պետությունն է, որևիցե մեկը մեր փոխարեն մեր խնդիրները չի լուծելու: Ամեն ինչ պետք է անենք, որ մեր ուժերով կարողանանք դուրս գալ այս վիճակից: Զրուցակիցները քննարկել են ներուժի և կարողությունների համախմբմանը, հետագա գործակցության հեռանկարներին վերաբերող հարցեր:
15:06 - 23 հունիսի, 2021
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանի հետ

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանի հետ

Արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունների շրջանակում, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել է Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանին: Նիկոլ Փաշինյան - Մեր երկիրն անցել է խորհրդարանական ընտրությունների միջով բավական լարված իրավիճակում: Ամենակարևոր արձանագրումը հետևյալն է՝ որ լիարժեք ապահովվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կամքի ազատ արտահայտման հնարավորությունը: Ես ուզում եմ հիշեցնել, որ 2018 թվականի խորհրդարանական ընտրություններին միջազգային հանրությունը բարձր գնահատեց խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Մեր ընդդիմախոսներից շատերն ասում էին, որ դուք, այսինքն՝ մենք, 2018 թվականին այսպես ասած, ընտրությունները կեղծելու անհրաժեշտություն չունեիք, որովհետև արդյունքներն ի սկզբանե բոլորին ակնհայտ էր: Եվ այս առումով նույնպես, կայացած ընտրությունները ես համարում եմ Հայաստանում ժողովրդավարության հաղթանակը, որովհետև պիտի խոստովանեմ, որ ընտրությունների արդյունքներն ամենևին էլ կանխատեսելի չէին, այլ, ընդհակառակը, անկանխատեսելի էին: Բայց, կարծում եմ, շատ կարևոր է այն արձանագրումը, որ Հայաստանի իշխանությունը, կառավարությունը քաղաքական կամք և սկզբունքայնություն դրսևորեց և ապահովեց քաղաքացիների լիարժեք կամարտահայտությունը և ընտրությունների մրցակցայնությունը, ինչն արձանագրված է միջազգային հանրության կողմից: Եվ, ընդհակառակը, եթե ընտրությունների արդյունքների վրա ակնհայտ ապօրինի ազդեցություն գործելու ինչ-որ դեպքեր արձանագրվեցին, ապա դրանք որոշ դեպքերում արձանագրվեցին հենց ընդդիմության ներկայացուցիների կողմից:Ամեն դեպքում, պարոն Հայրապետյան, ես այսօր ուզում էի լսել Ձեր տեսակետները քաղաքական կյանքի հետագա ընթացքի վերաբերյալ և այն մասին, թե ինչ կարող ենք անել, որպեսզի արտախորհրդարանական ընդդիմությունը և կառավարությունը փոխադարձաբար ավելի լսելի և ավելի հասանելի լինեն միմյանց համար: Շնորհակալ եմ: Միքայել Հայրապետյան – Նախ, մեզ համար՝ «Պահպանողական կուսակցության» համար, բացարձակապես վիճարկելի չեն այս ընտրությունների արդյունքները, ինչի մասին հաջորդ օրն իսկ մենք հայտարարություն ենք արել՝ դրանով դադարեցնելով մեր նախընտրական «Ազատ Հայրենիք» դաշինքում «Պահպանողական կուսակցության» ներկայությունը: Այնպես որ, այդտեղ խնդիր չկա՝ այո, վիճարկելի չեն այս ընտրությունների արդյունքները: Բայց, ընտրությունները ցույց տվեցին, որ ազգային համաձայնության անհրաժեշտություն կա: Դրա հակառակը Հայաստանում քաոսն է, որը հայկական օրակարգ չէ, և մենք ոչ միայն չենք սպասարկի, այլև դեմ կգնանք այդ քաոսին, որ ուժի կողմից էլ այն հրահրվի: Նաև հայկական ներուժի համախմբման խնդիր ունենք, թվային Հայաստանի, նոր, արդի աշխարհի հետ խոսող Հայաստանի խնդիր ունենք այսօր: Դա մարտահրավեր է: Այլապես մեր էթնոսը նոր ստեղծվելիք, արդեն իսկ շունչը զգացվող այս տարածաշրջանում ապագա չի կարող ունենալ: Մենք պետք է արդիականացվենք, բայց ոչ հիմնական արժեքները կորցնելով: Եվ այստեղ հիմնարար է հոգևոր անվտանգությունը, որը, ցավոք, մինչ այսօր բաց է մնացել: Եվ այն, որ Չարենցն ասում էր՝ «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է», մենք այդ ուժ հասկացության վերասահմանման խնդիր ունենք: Վստահ եմ, որ Չարենցն էլ բազկի ուժի մասին չէ, որ խոսել է, այլ մտքի և ոգու ուժի մասին, որն այսօր հնարավոր է իրականացնել: Իսկ դա հնարավոր է բացառապես նոր իշխանության նախընթաց քայլեր անելու շնորհիվ: Մարտահրավերներին դիմակայելու համար «Պահպանողական» կուսակցությունը պատրաստ է ցանկացած մարտահրավերի պարագայում սատար լինել և օգտակար լինել, որովհետև մենք բոլորս մեկ նավի վրա ենք: Ինչպես որ Գարեգին Նժդեհն էր ասում՝ անկախ հայրենիքի վարչակազմից, հայրենիքին ծառայել է պետք, հայրենիքը սիրել է պետք, հայրենիքը մեր ընդհանուրն է, և մենք՝ Պահպանողականներս, պատրաստ ենք լծվելու այդ դիմագրավելու գործին: Շնորհակալություն:
14:12 - 23 հունիսի, 2021
Քաղաքական խորհրդակցությունների շրջանակում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Տիգրան Ուրիխանյանի հետ

Քաղաքական խորհրդակցությունների շրջանակում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Տիգրան Ուրիխանյանի հետ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ շարունակվում են քաղաքական խորհրդակցությունները արտախորհրդարանական մի շարք քաղաքական ուժերի ղեկավարների հետ: Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանի հետ: Նիկոլ Փաշինյան - Հարգելի՛ պարոն Ուրիխանյան, ուրախ եմ Ձեզ տեսնելու համար: Այսօրվա հանդիպումը նախաձեռնել եմ հետևյալ տրամաբանությամբ. կցանկանայի լսել Ձեր տեսակետները քաղաքական կյանքի հետագա ընթացքի վերաբերյալ և այն մասին, թե, Ձեր ընկալմամբ, ինչ պիտի անենք մենք, որպեսզի արտախորհրդարանական ընդդիմությունը, արտախորհրդարանական ուժերը և կառավարությունը փոխադարձաբար ավելի լսելի լինեն և ավելի հասանելի: Որովհետև փորձն ի՞նչ է ցույց տալիս՝ որ ամեն դեպքում քաղաքական շրջանակներում, արտախորհրդարանական ուժերի շրջանակում և, ընդհանրապես, բոլոր քաղաքական ուժերը միշտ գեներացնում են որոշակի արժեքավոր քաղաքական բովանդակություն, որը շատ հաճախ, աղմուկի պատճառով մնում է աննկատ, և դրանից տուժում ենք բոլորս: Եվ, հետևաբար, խնդիրը հետևյալն է՝ ինչպե՞ս անել, որ այն մտքերը, այն գաղափարներն ու առաջարկները, որոնք արժանի են ուշադրության, որոնք արժանի են քննարկման և առավել ևս, որոնք արժանի են իրագործման գործնական կյանքում, դրանք չկորչեն քաղաքական աղմուկի մեջ, և մենք ավելի հասու և հասանելի լինենք այդ գաղափարներին: Շնորհակալ եմ: Տիգրան Ուրիխանյան - Որպես մարդ և կուսակցության ներկայացուցիչ, որն առաջիններից էր բարդ իրավիճակում հայտարարում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման նպատակահարմարության վերաբերյալ, այն է՝ համեմատաբար ավելի հանգիստ և սահուն անցման շրջան ապահովելու համար, հայտնի իրավիճակի բերմամբ, իհարկե, պիտի, այնուամենայնիվ, ունեցած արդյունքով հանդերձ, արձանագրեմ, որ մեր այդ մեր նպատակին մենք հասանք, եթե կարելի է այդպես ասել: Ցավոք, մենք հիմա ներկայացնում ենք Հայաստանի Հանրապետությունում ընդամենը 12164 ընտրողի ձայն: Բայց ունենք այն, ինչ ունենք: Խորհրդարանում աշխատելիս մենք ունեցել ենք հնարավորություն՝ քննադատելու ձեզ, ձեր իշխանությունը, քննադատելու նաև ընտրարշավին նախորդող ժամանակաշրջանում, ու ըստ էության, այն, ինչ արձանագրվեց ընտրողի քվեով, հավանաբար նաև նշանակում է, որ կառավարությունն ինքն է որոշելու՝ այսուհետ լսել մեր ձայնը, մեր ասելիքը, մեր քննադատությունը կամ առաջարկները: Որովհետև մեր քննադատությունը, իհարկե, շատուշատ ժամանակ, եթե ոչ միշտ, տարբերվել է այլ քննադատություններից հենց բովանդակությամբ, առաջարկներով, հարցադրումներով և այլն: Ուստի, եթե կառավարությունը նպատակահարմար գտնի ականջալուր լինել, դա էլ կդառնա հենց, իմ կարծիքով, այն հնարավորությունը, որը կբերի էլ ավելի արդյունավետ փոխգործակցության, եթե այդպիսինը կարող է լինել, եթե ոչ՝ առնվազն ժողովրդի, երկրի համար նպաստավոր վիճակի հասնելու: Ի՞նչ ենք մենք ցանկանում: Մենք ցանկանում ենք, իհարկե, որպեսզի մարդիկ թևակոխեն հարատև կայունության ընթացք: Դրա պատասխանատուն, իհարկե, բոլոր ժամանակների իշխանությունն է: Եթե այդպես լինի, բնականաբար, լավ հասկանալով, որ մենք դեռևս լուրջ և ծանր խնդիրների լուծման առջև ենք կանգնելու ամբողջ երկրով հանդերձ, և՛ հասարակությամբ, և՛ ժողովրդով: Ունեմ անձնական կարծիք, որ մարդկանց մեծամասնությանն առանձնապես չի էլ հետաքրքրում, թե ովքեր են պատասխանատու իրենց այս կամ այն ոլորտի կազմակերպման համար կամ իշխանության համար առանձնակի տեղեկացվածության իմաստով, չեն էլ հետաքրքրվում: Մարդիկ ուղղակի ուզում են ապրել կայուն կյանքով, մարդիկ ուզում են ապրել, իհարկե, սոցիալապես ապահովված կյանքով: Առավել ևս՝ առանց պատերազմի, առանց ցնցումների: Եթե մենք մեր երկրում մեր առաջարկներով, այդ թվում՝ նախընտրական շրջանում հնչեցրած ծրագրային դրույթներով, կարող ենք նպաստել Հայաստանի Հանրապետության զարգացմանը, դա մեզ համար կլինի գոհացուցիչ: Ես, իհարկե, խոսում եմ «Ալյանս» կուսակցության անունից, որովհետև մենք ձևավորեցինք հուշագրի հիման վրա միասնական նախընտրական ցուցակ՝ 2 կուսակցություններից և մի քանի այլ կուսակցությունների ներկայացուցիչների կազմից բաղկացած: Բայց վստահ եմ, որ կարծիքս կիսում են նաև մյուս գործընկերները, ովքեր մեզ հետ մասնակցել են կամ վստահ եմ՝ շատերը, ովքեր այդ թվում մեզ հետ չեն մասնակցել, բայց առնվազն բանակցել են: Իսկ ո՞ւմ ձեռնտու չէ Հայաստանի Հանրապետության մեջ կայուն զարգացման ընթացքը: Շնորհակալ եմ:
13:51 - 23 հունիսի, 2021
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Սամվել Բաբայանի հետ

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Սամվել Բաբայանի հետ

Արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունների շրջանակում Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել «Ազատական» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորած Սամվել Բաբայանի հետ: Նիկոլ Փաշինյան - Հարգելի պարոն Բաբայան, ուրախ եմ Ձեզ տեսնելու համար: Ես, որքան հնարավոր է, հետևել եմ Ձեր քարոզարշավին նախընտրական շրջանում, և ափսոսում եմ, որ Ձեր քաղաքական ուժը չհաղթահարեց խորհրդարան մտնելու համար անհրաժեշտ արգելքը: Եվ այսօրվա հանդիպումը նախաձեռնել եմ՝ լսելու Ձեր տեսակետները հետագա քաղաքական պրոցեսների մասին և նաև այն մասին, թե ինչպես կարող ենք մենք, ինչ ֆորմատներ ենք հնարավոր տեսնում, որպեսզի արտախորհրդարանական ընդդիմությունը, այդ թվում՝ Դուք, և կառավարությունը փոխադարձաբար ավելի լսելի լինենք իրար համար, ինչպիսի հնարավորություններ եք տեսնում այս ամենում: Սամվել Բաբայան - Շնորհակալ եմ: Առաջին հերթին, բոլորիդ շնորհավորում եմ, Ձեր կուսակցությանը, որովհետև, իրոք, մեծ պատասխանատվության տակ եք մտել: Ապագան պետք է կառուցել, և Հայաստանը մեծ հույսեր է կապում ձեզ հետ, որ զարգացում ապահովենք, պաշտպանված լինենք: Ես իմ կողմից մյուս 2 կուսակցություններին ևս շնորհավորել եմ, որովհետև պետք է կարողանաք համախմբել այս վիճակը և դրան պիտի գնանք: Ապագան դա է պահանջում մեզանից: Բոլորը, իմ կարծիքով, իրենց ամբիցիաները պետք է ցած դնեն ու փորձեն համագործակցել հանուն մեր պետության, հանուն մեր ապագայի: Իմ կարծիքն այն է, որ ներքին կայունությունը մեծ խնդիրներ է լուծելու, եթե բոլորս գիտակցենք ու հասկանանք, որ մեր պետության շահը պետք է գերադասել ամեն ինչից բարձր: Սա առաջինը: Երկրորդը՝ այս ամբողջ քաղաքական պրոցեսի մեջ մենք ներկայացրել ենք մեր տեսակետը: Ես կփորձեի նշել քաղաքական ֆունդամենտալ խնդիրները՝ Սահմանադրությունը և օրենսդրությունը հիմքն է: Այս ամբողջ վայրիվերումները, իմ և մեր թիմի կարծիքով, գալիս են օրենսդրական բազայի անկատարությունից և երկիմաստությունից: Սա լուրջ պրոբլեմ է, և իմ խնդրանքն է, որ հետագայում դրան շատ լուրջ ուշադրություն դարձնեք: Մենք պետք է պետությունը հզորացնենք այնպես, որ մարդն իր ամբողջ դրական լիցքերը կարողանա ներդնել, և ոչ մի խոչընդոտ չլինի: Չարիքը բոլորիս մոտ էլ կա, պետք է սահմանափակենք օրենքներով, օրենսդրական ակտերով, որ չլինի: Նորից եմ ասում, անկեղծ ուրախ եմ, - որևիցե կապ չունի, թե մենք ինչ տոկոս ենք ստացել, ինչ է եղել, ինչպես է եղել - ժողովուրդն է որոշում, ես բազմիցս ասել եմ՝ այդ ձև են ճիշտ գտել, այդ ուղղությամբ են տեսել իրենց ապագան, գնացել են այդ ուղղությամբ: Դա պետք է բոլորս ողջունենք, փորձենք՝ ինչքանով կարող ենք օգտակար լինել այդ ամբողջ պրոցեսին: Զրուցակիցները քննարկել են ներուժի և կարողությունների համախմբմանը, հետագա գործակցության հեռանկարներին վերաբերող հարցեր:
18:49 - 22 հունիսի, 2021
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Սուրեն Սահակյանին

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Սուրեն Սահակյանին

Արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունների շրջանակում, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Սուրեն Սահակյանին: Նիկոլ Փաշինյան - Հարգելի պարոն Սահակյան, նախ շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար: Ես այսօր կուզենայի լսել Ձեր տեսակետները քաղաքական կյանքի հետագա ընթացքի վերաբերյալ: Նաև կուզենայի լսել, թե ինչ պատկերացումներ ունեք, որպեսզի արտախորհրդարանական ուժերը և կառավարությունը փոխադարձ լսելիության, հասանելիության ավելի բարձր մակարդակ ունենան: Եվ եթե այլ մտքեր ունեք, իհարկե նաև՝ այդ մտքերը: Սուրեն Սահակյան - Շնորհակալություն հրավերի համար, պարոն վարչապետ: Շատ կարևոր հարց եք բարձրացնում: 2-3 տարի շարունակ արտախորհրդարանական ընդդիմության ձայնը, ըստ էության, լսելի չի եղել: Ինչ վերաբերում է ընտրություններին, ապա այս արդյունքները ցույց են տալիս, որ քաղաքական դաշտը մրցունակ չէ, իրականությունից կտրված է, և պետք է շատ աշխատել, որ այս մոխրացած դաշտում նոր ծիլեր առաջանան: Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են կարողությունների և ներուժի համախմբմանը, ինչպես նաև հետագա համագործակցության հնարավորություններին վերաբերող հարցեր:
18:27 - 22 հունիսի, 2021
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Արման Բաբաջանյանին

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Արման Բաբաջանյանին

Մի շարք քաղաքական ուժերի ղեկավարների հետ անցկացվող խորհրդակցությունների շրջանակում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդիպել է «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանի հետ: Նիկոլ Փաշինյան - Հարգելի պարոն Բաբաջանյան, ուրախ եմ Ձեզ տեսնելու համար և ափսոսում եմ, որ «Շիրինյան-Բաբաջանյան» դաշինքը չհաղթահարեց խորհրդարան անցնելու անհրաժեշտ շեմը: Ինչպես հրապարակային ասել եմ, այսօր մեր հանդիպման նախաձեռնությունը կապված է հետևյալի հետ. ես խորհրդարանական ընտրություններին մասնակցած այն ուժերի հետ, ովքեր հակված են խոսակցության, ուզում եմ հասկանալ, թե ինչպիսի պատկերացումներ ունեք այն մասին, թե ինչ ձևաչափեր կարող են լինել, որոնք կառավարության և արտախորհրդարանական ուժերի համար կբարձրացնեն փոխադարձաբար լսելիության և հասանելիության մակարդակը: Եվ բնականաբար, ես կարծում եմ, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ քաղաքական ուժերը բավականին լուրջ քաղաքական բովանդակություն են գեներացրել, ու այդ քաղաքական բովանդակության առնվազն մի հատվածի իրացումը կարող է էական նպաստ բերել Հայաստանն այս դժվարին վիճակից դուրս բերելու գործում: Արման Բաբաջանյան - Պարոն վարչապետ, նախ թույլ տվեք շնորհավորել մեր երկրի այս ճակատագրական և բախտորոշ ժամանակահատվածում այսպիսի ազատ, արդար ընտրություններ կազմակերպելու, այս ընտրություններով մեր երկրում ժողովրդավարությունը և ժողովրդավարական գործընթացներն անշրջելի դարձնելու համար: Այս ընտրություններում Ձեր հաղթանակը անքննելի և անվիճելի է, և այս իմաստով ժողովրդի իշխանությունը պաշտպանելու գործում մենք անմնացորդ կերպով պատրաստ ենք սատար լինել Ձեր ձեռնարկումներին: Եվ այդ իմաստով ցանկացած ձևաչափով պատրաստ ենք խոսակցության: Մենք հասկանում ենք, թե ինչպիսի ներքին և արտաքին սպառնալիքներ, մարտահրավերներ կան, որոնք, վստահ եմ, արժանիորեն այդ հասունությունը, գիտակցումը կունենանք դիմակայելու և հաղթահարելու: Կրկին ընդունեք իմ, մեր կուսակցության, մեր դաշինքի կողմից շնորհավորանքները և պատրաստ ենք խոսակցության: Զրուցակիցները քննարկել են ներուժի և կարողությունների համախմբմանը, հետագա գործակցության հեռանկարներին վերաբերող հարցեր:
18:18 - 22 հունիսի, 2021
Մեր օրակարգը պարտվել է այս ընտրություններում․ դա ոչինչ չի նշանակում, և կուսակցությունը շարունակելու է դերակատարում ունենալ․ Մարուքյանը՝ Փաշինյանին

Մեր օրակարգը պարտվել է այս ընտրություններում․ դա ոչինչ չի նշանակում, և կուսակցությունը շարունակելու է դերակատարում ունենալ․ Մարուքյանը՝ Փաշինյանին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շարունակում է քաղաքական խորհրդակցությունները մի շարք քաղաքական ուժերի ղեկավարների հետ: Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ:   Նիկոլ Փաշինյան - Հարգելի պարոն Մարուքյան, նախ շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար: Ուզում եմ ասել, որ որքան հնարավոր է եղել, հետևել եմ «Լուսավոր Հայաստան» կուսակցության քարոզարշավին, և, անկեղծ ասած, նաև ափսոսում եմ, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը չի հաղթահարել Ազգային ժողով մուտք գործելու շեմը, որովհետև կուսակցությունն իր տեղն ունի և իր դերակատարումն է ունեցել մեր վերջին տարիների քաղաքական կյանքում: Այսօր կուզենայի նաև լսել Ձեր տեսակետները քաղաքական կյանքի հետագա ընթացքի վերաբերյալ և կուզենայի լսել, թե ինչ լուծումներ եք տեսնում, որպեսզի կառավարությունը և արտախորհրդարանական ընդդիմությունը, այդ թվում՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, փոխադարձաբար լսելիության ավելի բարձր աստիճան ունենան: Եվ այլ մտքեր, եթե Դուք ինչ-որ գաղափարներ ունեք և հարկ եք համարում, որ այսօր մենք այդ թեմայով քննարկում ունենանք: Էդմոն Մարուքյան - Պարոն Փաշինյան, շնորհակալ եմ հրավերի համար: Այո, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը քարոզարշավն իրականացրեց հիմնականում համերաշխության, ներքին հաշտությունը վերականգնելու և երկրի ներսում միասնականությունը վերականգնելու կարգախոսներով: Ըստ էության, մենք գտնում ենք, որ մեր օրակարգը պարտվել է այս ընտրություններում: Չնայած դա ոչինչ չի նշանակում, և կուսակցությունը շարունակելու է դերակատարում ունենալ և ներկայացնել այն մոտեցումները, որ մենք պաշտպանում ենք և պաշտպանել այն արժեքները, որոնք կուսակցության հիմքերում են: Ես հույս ունեմ, որ նոր ձևավորված խորհրդարանը և խորհրդարանական ընտրությունների անցկացումն ամբողջությամբ կարող են հիմք հանդիսանալ երկրում ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար:   Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են կարողությունների և ներուժի համախմբմանը, ինչպես նաև հետագա համագործակցության հնարավորություններին վերաբերող հարցեր:
17:59 - 22 հունիսի, 2021