Աշխատատեղերի թվաքանակի նոր ցուցանիշ է արձանագրվել. Նիկոլ Փաշինյան |armtimes.com|
11:52 - 24 հունիսի, 2021

Աշխատատեղերի թվաքանակի նոր ցուցանիշ է արձանագրվել. Նիկոլ Փաշինյան |armtimes.com|

armtimes.com: Աշխատատեղերի թվաքանակի նոր ցուցանիշ է արձանագրվել: Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Ապա դիմելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանին՝ խնդրեց մանրամասներ ներկայացնել:

«2021 թվականի մայիս ամսվա վերաբերյալ հայտարարագրված 0-ից բարձր եկամուտ ունեցող աշխատատեղերի քանակը կազմել է 635 հազար: Այս ցուցանիշն աննախադեպ է եւ գերազանցել է 2020 թվականի սեպտեմբերին արձանագրված ամենաբարձր՝ 632 հազար ցուցանիշին: Այս ցուցանիշը ավելի է 2020 թվականի, 2019-ի եւ 2018-ի համադրելի տվյալներից: 2020-ի մայիսից ավելի է 34 հազարով, 2019-ի համեմատ՝ 37 հազարով եւ 2018-ի համեմատ՝ 87 հազարով:

Աճել է նաեւ եկամտի չափը՝ կազմելով 134.7 մլրդ դրամ, այն 2020-ի համադրելի ցուցանիշից ավելի է 22 մլրդ-ով, 2019-ից՝ 25 մլրդ-ով եւ 2018-ից՝ 38 մլրդ-ով»,- մանրամասնեց Հովհաննիսյանը:

Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ, մասնագետների խոսքով, սեպտեմբեր ամիսը սովորաբար ամենաբարձր ամիսն է աշխատատեղերի առումով. «Ենթադրում եմ, որ մենք այս ցուցանիշը կգերազանցենք նաեւ սեպտեմբերին: Էլի ուզում եմ ասել, որ, փաստորեն, 2021-ի մայիսին մենք ունենք 86 հազար 962-ով կամ 15 տոկոսով ավելի աշխատատեղ, քան 2018-ի մայիսին»:

Նա նշեց, որ աշխատավարձերի ֆոնդը 2018-ի մայիսի համեմատ աճել է 38 մլրդ դրամով կամ 39 տոկոսով: 1 մարդու միջին աշխատավարձն աճել է 35 հազար 714 դրամով կամ 20.2 տոկոսով:

«Իհարկե, մենք այստեղ շարունակաբար միշտ այդ հարցի առաջ ենք կանգնում, թե որքանով են այս թվերն ապահովում ստվերից դուրս եկած աշխատատեղերի եւ որքանով նոր աշխատատեղերի շնորհիվ: Այնուամենայնիվ, մեր վերլուծությունների եւ քննարկումների արդյունքում եկանք այն եզրակացության, որ հիմա շինարարության ոլորտում որոշակի աճ կա, եւ այդ ոլորտում աշխատատեղերի աճ է զգացվում: Նաեւ զբոսաշրջության դանդաղ, սակայն հաստատուն վերականգնման գործընթաց ունենք: Հանրային սննդի ոլորտն է հաջորդ ամենախոշոր սեգմենտը, որտեղ աշխատատեղերի աճ ունենք»,- եզրափակեց վարչապետի պաշտոնակատարը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել