Արցախյան պատերազմ․ 2020

Արցախյան առաջին պատերազմից հետո ամենալայնածավալ էսկալացիան՝ Արցախի ու Ադրբեջանի միջեւ՝ սահմանի ողջ երկայնքով։ Տեւել է 44 օր՝ սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը։

Պատերազմի ժամանակ Հայաստանում եւ Արցախում հայտարարվել է ռազմական դրություն եւ ընդհանուր զորահավաք։

2020 թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ վարչապետը, Ադրբեջանի եւ ՌԴ նախագահները ստորագրել են հայտարարություն՝ ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ, ըստ որի՝ Արցախի Հանրապետության տարածքի մեծ մասն անցնում է Ադրբեջանի վերահսկողության տակ։

Ադրբեջանը  հարձակողական օպերացիայի օդային ղեկավարումը հանձնեց Թուրքիայի ռազմաօդային ուժերին

Ադրբեջանը հարձակողական օպերացիայի օդային ղեկավարումը հանձնեց Թուրքիայի ռազմաօդային ուժերին

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ադրբեջանի Հանրապետությունը Արցախի Հանրապետության դեմ հարձակողական օպերացիայի օդային ղեկավարումը հանձնեց Թուրքիայի ռազմաօդային ուժերին: Այսօր ժամը 10:00-ից սկսած Թուրքիայի Հանրապետության օդուժի՝ Քյուրդամիրից թռիչքներ իրականացնող երկու F-16 կործանիչները, ինչպես նաև ադրբեջանական օդուժի ՍՈՒ-25 տիպի գրոհիչները, «Բայրաքթար» տիպի հետախուզահարվածային ԱԹՍ-ը մեծ բարձրությունների վրա հրթիռառմբային հարվածներ են հասցրել Արցախի Հանրապետության Հադրութի և Մարտունու շրջանների բնակավայրերին:Օդուժը գործում է թուրքական E7-T օդային հեռավար հրամանատարական կետի կառավարմամբ Էրզրում Ղարս հատվածից: Հավանական է, որ Թուրքիայի ռազմաօդային ուժերի ղեկավարությունը գտնվում է ինքնաթիռի մեջ: Բացի այդ, Հադրութի շրջանի սահմանից որոշակի խորության վրա գործում է թուրքական ԱԹՍ հրամանատարական կետը, որն անմիջական ղեկավարում է ադրբեջանական հարվածային ինքնաթիռների կրակը: Վերոնշյալ ինֆորմացիան անմիջականորեն դիտարկվում է, արձանագրվում ՀՕՊ և ավիացիայի միացյալ հրամանատարական կետից: Շուտով կներկայացնենք օբյեկտիվ հսկման նյութերը»:
18:28 - 30 սեպտեմբերի, 2020
Ղարաբաղի շուրջ երկխոսության կոչերն անիմաստ են. Ալիև |civilnet.am|

Ղարաբաղի շուրջ երկխոսության կոչերն անիմաստ են. Ալիև |civilnet.am|

civilnet.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ղարաբաղի շուրջ բանակցությունները արդյունք չեն տվել, այժմ երկխոսության կոչերն անիմաստ են: Չորեքշաբթի նա հանդիպել է Ղարաբաղում մարտական գործողությունների ժամանակ վիրավորված զինծառայողների հետ Բաքվի կենտրոնական կլինիկական հոսպիտալում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ «Մենք հույս ունեինք (բանակցային գործընթացից)։ Մեզ այդ հույսը տվել էին, մեզ ազդաշաններ էին ուղարկել, թե՝ համբերեք, հարցը կլուծվի։ Բայց ես ասել եմ, որ Ադրբեջանի ժողովուրդը չի համակերպվի օկուպացիայի հետ։ Չէ՞ որ ես ասել եմ, որ բանակցություններում հաջողության բացակայության դեպքում Ադրբեջանն իրավունք ունի հարցը լուծել ռազմական ճանապարհով։ Այդ իրավունքը մեզ տվել են ադրբեջանցի ժողովուրդը և միջազգային իրավունքի նորմերը»,- ասել է Ալիևը: Ալիևն ասել է, թե Ղարաբաղում ռազմական գործողությունները կդադարեցվեն, «երբ Երևանն իր զորքերը հանի այնտեղից»։
18:03 - 30 սեպտեմբերի, 2020
ԱՀ ՄԻՊ-ը դատապարտում է Ադրբեջանի կողմից Արցախի քաղաքացիական բնակչության ու օբյեկտների նպատակային ու շարունակական թիրախավորումը

ԱՀ ՄԻՊ-ը դատապարտում է Ադրբեջանի կողմից Արցախի քաղաքացիական բնակչության ու օբյեկտների նպատակային ու շարունակական թիրախավորումը

Արցախի ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Սեպտեմբերի 30-ին Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը տեղեկություն է ստացել, որ նույն օրը ադրբեջանական զինված ուժերի կողմից Մարտակերտ քաղաքի քաղաքացիական օբյեկտների ռմբակոծության հետևանքով երեք քաղաքացիական անձ է զոհվել՝ երկու կին և մեկ տղամարդ, իսկ մեկը՝ վիրավորվել է: Զոհվածների և վիրավորի ինքնությունը ճշտվում է: Ցավակցություն հայտնելով զոհվածների հարազատներին՝ Մարդու իրավունքների պաշտպանը խստիվ դատապարտում է Ադրբեջանի կողմից Արցախի քաղաքացիական բնակչության ու օբյեկտների նպատակային ու շարունակական թիրախավորումը, ինչը քաղաքացիական բնակչության շրջանում հանգեցնում է մարդկային ու գույքային լրջագույն կորուստների: Պաշտպանն արձանագրում է, որ Ադրբեջանը կոպտագույն կերպով խախտում է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը՝ ոչ խտրական ու միտումնավոր կերպով կրակ վարելով քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ:Մարդու իրավունքների պաշտպանը կոչ է անում միջազգային հանրությանն ու իրավապաշտպան կազմակերպություններին համապատասխան գնահատական տալ ադրբեջանական զինված ուժերի գործողություններին և կիրառել իրենց ողջ գործիքակազմը Արցախի Հանրապետության բնակչության իրավունքների լայնամասշտաբ ու վայրագ ոտնահարումները կանխելու նպատակով»:
17:57 - 30 սեպտեմբերի, 2020
Նախագահ Արմեն Սարգսյանն Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների վերաբերյալ նամակ է հղել Բահրեյնի թագավորին

Նախագահ Արմեն Սարգսյանն Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների վերաբերյալ նամակ է հղել Բահրեյնի թագավորին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի հետ սահմանին և Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմական գործողությունների վերաբերյալ հատուկ նամակ է հղել Բահրեյնի Թագավորության թագավոր Շեյխ Համադ բին Իսա Ալ Խալիֆային: Հանրապետության նախագահը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական գործողությունները՝ նշելով, որ դրանց հետևանքով երկու կողմերում զոհվել կամ վիրավորվել են տասնյակ զինվորականներ և քաղաքացիական անձինք: «Ցավոք, Ադրբեջանի կողմից պատերազմի հրահրումն Արցախի և Հայաստանի դեմ նոր երևույթ չէ. ավելի քան երեք տասնամյակ Ադրբեջանը փորձում է լուծել Լեռնային Ղարաբաղի հարցը ռազմական միջոցներով և արմատախիլ անել հայ բնակչությանը սեփական հայրենիքից»,- ասվում է նախագահ Սարգսյանի նամակում: Հանրապետության նախագահը հատկապես մտահոգություն է հայտնել Թուրքիայի ղեկավարության ռազմական հռետորաբանության առնչությամբ, որը փորձում է հակամարտությունը ծառայեցնել սեփական նպատակները կյանքի կոչելու համար: Արմեն Սարգսյանը դիմել է Բահրեյնի թագավորին՝ օգտագործելու միջազգային հարթակներում ունեցած կապերն ու հեղինակությունը, որպեսզի րոպե առաջ դադարեցվեն արյունահեղությունն ու մարդկային տառապանքները: «Հակամարտությունը կարող է և պետք է լուծվի միայն բանակցությունների միջոցով: Այն չունի ռազմական կարգավորում: Մենք ապացուցել ենք դա նախկինում և կապացուցենք կրկին»,- ասվում է նամակի վերջում: 
17:42 - 30 սեպտեմբերի, 2020
Թուրքիան պետք է զերծ մնա գործողություններից. Հունաստանի ԱԳՆ-ն՝ ԼՂ իրավիճակի մասին |armenpress.am|

Թուրքիան պետք է զերծ մնա գործողություններից. Հունաստանի ԱԳՆ-ն՝ ԼՂ իրավիճակի մասին |armenpress.am|

armenpress.am: Հունաստանը արտաքին գործերի նախարարությունը շեշտել է, որ Թուրքիան Լեռնային Ղարաբաղի հարցում պետք է զերծ մնա գործողություններից և հայտարարություններից: Այս մասին տեղեկանում ենք Հունաստանի արտաքին գործերի նախարարության կայքում հրապարակված հայտարարությունից: Հունաստանը համոզված է, որ ճգնաժամը կարելի է լուծել միայն խաղաղ ճանապարհով, բանակցությունների, այլ ոչ թե զենքի միջոցով: Հունաստանը նաև հավանություն չի տալիս լարվածություն առաջացնող ցանկացած երրորդ կողմի միջամտությանը: «Այս համատեքստում Թուրքիան պետք է զերծ մնա այս ուղղությամբ գործողություններից և հայտարարություններից»,-ասված է ԱԳՆ տարածած հայտարարությունում: Հունաստանի արտգործնախարարությունը տարածած հայտարարությամբ նաև տեղեկացրել է, որ Նիկոս Դենդիասի` Երեւան պլանավորված այցը մոտ է: ԱԳՆ-ից տեղեկացրել են նաև, որ նախարարը իր հայ գործընկերոջ՝ Զոհրաբ Մնացականյանի հետ տեսակոնֆերանս կանցկացնի:
17:11 - 30 սեպտեմբերի, 2020
Պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ Վեհափառը նամակներ է հղել Հայոց եկեղեցու թեմերին և համայնքներին

Պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ Վեհափառը նամակներ է հղել Հայոց եկեղեցու թեմերին և համայնքներին

Արցախի շուրջ վերջին օրերին ստեղծված պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը շրջաբերական նամակներ է ուղղել Հայոց եկեղեցու թեմերին և համայնքներին։ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ՝ մասնավոր հանձնարարական է տրվել Հայաստանի Զինված ուժերի հոգևոր առաջնորդին, հայաստանյան թեմակալ առաջնորդներին և եկեղեցական բոլոր կառույցներին՝ սատար լինելու Հայոց բանակին և հնարավոր օժանդակություն ցուցաբերելու Արցախի ժողովրդին: Վեհափառը նաև հորդոր է ուղղել աշխարհասփյուռ թեմերին և համայնքներին՝ կազմակերպել հանգանակություններ՝ հավաքված միջոցները ծառայեցնելու «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից նախանշված «Մենք ենք, մեր սահմանները․ բոլորս Արցախի համար» ծրագրին՝ ի նպաստ հայրենիքի առջև ծառացած դժվարությունների հաղթահարման, ասված է հաղորդագրությունում:
16:39 - 30 սեպտեմբերի, 2020
Նախագահ Արմեն Սարգսյանն Արցախում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների առնչությամբ նամակ է հղել Աբու Դաբիի թագաժառանգին

Նախագահ Արմեն Սարգսյանն Արցախում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների առնչությամբ նամակ է հղել Աբու Դաբիի թագաժառանգին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի հետ սահմանին և Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմական գործողությունների վերաբերյալ հատուկ նամակ է հղել Աբու Դաբի Էմիրության թագաժառանգ, ԱՄԷ Զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանին: Հանրապետության նախագահը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական գործողությունները՝ նշելով, որ դրանց հետևանքով երկու կողմերում զոհվել և վիրավորվել են տասնյակ զինվորականներ և քաղաքացիական անձինք: «Վերջին ամիսներին Ադրբեջանի ղեկավարությունն ամենաբարձր մակարդակով բարձրաձայնել է իր մտադրությունը՝ լուծելու հակամարտությունը պատերազմի միջոցով և նմանօրինակ փորձ է արել հուլիսին: Դժբախտաբար, այս կանխատեսելի զարգացումը չի կանխվել կամ խոչընդոտվել միջազգային հանրության կողմից: Վերջին հարձակումը ոչ միայն զրոյացրել է խաղաղության շուրջ տարվող բանակցությունները, մեծապես վնասել խաղաղության ողջ գործընթացը, այլև մեծ սպառնալիք է դարձել ողջ տարածաշրջանի անվտանգության համար: Ես հատկապես մտահոգված եմ Թուրքիայի ղեկավարության ռազմական հռետորաբանությամբ, որն ակնհայտորեն փորձում է օգտագործել հակամարտությունը՝ սեփական նպատակներն առաջ մղելու համար»,- ասվում է նախագահի նամակում: Արմեն Սարգսյանը դիմել է Աբու Դաբիի թագաժառանգին՝ խնդրելով օգտագործել միջազգային հարթակներում ունեցած կապերն ու հեղինակությունը, որպեսզի անհապաղ դադարեցվեն արյունահեղությունն ու մարդկային տառապանքները: «Հակամարտությունը կարող է և պետք է լուծվի միայն բանակցությունների միջոցով: Այն չունի ռազմական կարգավորում: Մենք ապացուցել ենք դա նախկինում և կապացուցենք կրկին»,- ասվում է նամակի եզրափակիչ հատվածում: 
16:34 - 30 սեպտեմբերի, 2020
Հայ ժողովուրդը որևէ կերպ թույլ չի տա, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքները խախտվեն, մենք երբեք թույլ չենք տա, որ ևս մեկ ցեղասպանություն իրականացվի մեր հայրենիքում

Հայ ժողովուրդը որևէ կերպ թույլ չի տա, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքները խախտվեն, մենք երբեք թույլ չենք տա, որ ևս մեկ ցեղասպանություն իրականացվի մեր հայրենիքում

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրույցը «Ալ Արաբիա» հեռուստաալիքին. Հարց- Պարոն նախագահ, շնորհակալ ենք Ձեր ժամանակից մեզ տրամադրելու համար: Ինչպե՞ս կմեկնաբանեք Թուրքիայի այն հայտարարությունները, որտեղ նա նշել է, թե աջակցելու է Ադրբեջանին՝ «վերադարձնելու օկուպացված տարածքները»: Ինչպե՞ս կարձագանքեք սրան: - Շնորհակալ եմ այս հնարավորության համար: Թույլ տվեք սկսել իմ ցավակցության խոսքը հայտնելով Քուվեյթի էմիր Շեյխ Նաուաֆ Ալ Ահմադ Ալ Ջաբեր Ալ Սաբահին և Քուվեյթի բարեկամ ժողովրդին՝ մարդասեր առաջնորդ, Նորին գերազանցություն շեյխ Սաբահ Ալ Ահմադ Ալ Ջաբեր Ալ Սաբահի մահվան կապակցությամբ: Վերադառնալով Ձեր հարցին՝ ցանկանում եմ անդրադառնալ երկու-երեք կետի: Նախ, երբ Ադրբեջանը խոսում է «օկուպացված տարածքների» մասին, իրականում դա Լեռնային Ղարաբաղն է, որը պատմական հայկական տարածք է, որտեղ հայերը դարերով, հազարամյակներ շարունակ ապրել են: Շուրջ 70 տարի առաջ խորհրդային առաջնորդ Իոսիֆ Ստալինն այդ տարածքը տվեց Ադրբեջանին, և այն դարձավ Խորհրդային Ադրբեջանի մաս: Խորհրդային Միության փլուզման ժամանակ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, ընդ որում՝ բնակիչների 90 տոկոսը մշտապես հայեր են եղել, հռչակեցին սեփական երկրում ազատ ապրելու իրենց իրավունքը և վճռեցին սեփական ճակատագիրը: Հետևաբար, սա «օկուպացված տարածք» չէ: Անդրադառնալով Ադրբեջանում թուրքական բանակի ներկայությանը՝ պետք է նշել, որ այդ մասին լուրերը պարզապես պատմություններ չեն: Թուրքիան կարող է աջակցել Ադրբեջանին որքան ցանկանում է, հումանիտար տեսանկյունից կցանկանայի տեսնել, թե ինչպես են երկրները միմյանց աջակցում կրթության, գիտության, տեխնոլոգիաների և այլ ոլորտներում:  Սակայն երբ թուրքական բանակի գեներալները գտնվում են Ադրբեջանում, թուրքական կողմից սիրիական վարձկանները կռվում են Ադրբեջանի կողմից, Ադրբեջանն օգտագործում է Թուրքիայի կողմից տրամադրված և թուրքական արտադրության զենքերի լայն տեսականի, և երբ թուրքական F-16 կործանիչները թռիչքներ են իրականացնում Հայաստանի սահմանին ու Լեռնային Ղարաբաղի հատվածում՝ հարվածի տակ առնելով անգամ Հայաստանի Հանրապետության տարածքը, կարծում եմ՝ այս ամենն արդարացում չունի: Սա բացահայտ միջամտություն է Լեռնային Ղարաբաղում մարդկանց կյանքին եւ ազատ ապրելու վճռականությանը:  Կարծում եմ՝ այս պարագայում Ադրբեջանին աջակցելն ու օգնություն տրամադրելը նշանակում են մասնակիցը դառնալ արյունահեղությանը, փոխանակ այդ երկրին խորհուրդ տալու՝ խոսել Հայաստանի հետ, որպեսզի վերսկսվեն բանակցությունները: 26 տարի է՝ գոյություն ունի մի հարթակ՝ ստեղծված ԵԱՀԿ-ի կողմից: Այն ղեկավարում են Մինսկի խմբի համանախագահները՝ Ռուսաստանը, Ֆրանսիան և Միացյալ Նահանգները: Ես խորապես հավատացած եմ, որ գոյություն ունի այս խնդիրը լուծելու միայն մեկ ճանապարհ, և դա բանակցություններն են: Լեռնային Ղարաբաղում հայերը չեն կարող պարտվել, Արցախում, Հայաստանում ու ողջ աշխարհում հայերը որևէ կերպ չեն կարող դա ընդունել, հատկապես, Թուրքիայի ներգրավվածության պայմաններում: Մենք բոլորս հիշում ենք՝ 105 տարի առաջ Օսմանյան կայսրության վերջին տարիներին 1.5 միլիոն հայեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ: Մենք ոչ մի դեպքում չենք կարող թույլ տալ, որ սա կրկնվի: Հարց- Պարոն նախագահ, ես ցանկանում եմ նշել մի շարք կետեր, որոնց Դուք թերևս կարող եք անդրադառնալ: Նախ և առաջ, Ադրբեջանն ասում է, թե Հայաստանն է սկսել բախումները: Ադրբեջանը նաև մեղադրանք է հնչեցնում, որ ձեզ աջակցում է Քրդական բանվորական կուսակցությունը (PKK): Եթե Թուրքիան ունի սիրիացի վարձկաններ, ապա այդ երկիրն ասում է, թե Լեռնային Ղարաբաղում վարձկաններ կան PKK-ից: Դուք նշեցիք, որ Թուրքիան պետք է խորհուրդ տա Ադրբեջանին: Արդյո՞ք ընդունում եք, որ այդ երկիրը կարող է միջնորդ լինել, պատրա՞ստ եք որոշակի բանակցություններ վարել ուղղակիորեն Թուրքիայի հետ: - Ես ասում էի, որ լավ կլիներ, եթե Թուրքիան խորհուրդ տա, այլ ոչ թե ներգրավվի պատերազմում և իր զինվորականներին, գեներալներին, վարձկաններին, մարտիկներին, ինքնաթիռներն ուղարկի Լեռնային Ղարաբաղ: Սակայն նրանք ճիշտ հակառակն են անում: Այսպիսի պայմաններում ինչպե՞ս կարող են նրանք հանդես գալ որպես միջնորդ: Ես չեմ կարող պատկերացնել, թե ինչպես կարող է դա տեղի ունենալ: Թուրքիան կարող է ձևացնել, թե կան խնդիրներ Հայաստանի հետ: Սակայն բացարձակ անհեթեթություն է այն, թե Հայաստանում կան PKK-ի զինյալներ: Բացարձակ անհեթեթություն: Նրանք նաև ասում են, թե հայերը թիրախավորում են Ադրբեջանում միջազգային նշանակության նավթամուղեր ու գազամուղներ: Սա ևս անհեթեթություն է: Թույլ տվեք ձեզ մի հարց ուղղել տարրական տրամաբանության տեսանկյունից. եթե հայերը մտադրություն ունենային հարվածել գազամուղի, որը Բաքվից գնում է Ջեյհան, ինչո՞ւ նրանք դա չարեցին 20 տարի առաջ, երբ այս գազամուղը կառուցման գործընթացում էր: Մեկ կամ երկու կրակոց, և այդ գազամուղը երբեք էլ այդտեղ չէր լինի: 20 տարի առաջ կրակելով՝ նրանք թույլ չէին տա Ադրբեջանին Թուրքիայի միջոցով միջազգային հանրությանը վաճառել միլիարդավոր դոլարների նավթ ու դառնալ հարուստ և օգտագործել այդ գումարն իրենց բանակն ուժեղացնելու, ողջ աշխարհից զենքեր գնելու ու հիմա էլ հայերի դեմ կրակելու համար: Որտե՞ղ է տրամաբանությունը: Եթե մենք ցանկանայինք կրակել գազատարի վրա, մենք դա 20 տարի առաջ կանեինք: Թուրքիան կարող է ձևացնել և հայտարարել, թե PKK զինյալներ կան, թե հայերը ցանկանում են հարվածել գազատարներին: Այդ ամենը պարզապես արդարացումներ են, որպեսզի իրենց ուժեղ ներկայությունն ապահովեն Ադրբեջանում: Կարծում եմ՝ Ադրբեջանում Թուրքիայի ուժեղ ներկայությունը մեկ այլ ահագնացող սպառնալիք է Հայաստանի համար: Հարց- Ինչո՞ւ եք կարծում, որ Թուրքիան է այս ամենն անում: Ինչպե՞ս են իրադարձությունները զարգանում. առաջիկայում կտեսնե՞նք արդյոք ավելի շատ բանակցություններ և, հնարավոր է, որոշակի լուծում, դիտորդներ, թե՞ ավելի շատ ռազմական առճակատումներ կլինեն: -Առաջին հերթին, թույլ տվեք ասել, որ ռազմական գործողությունները և հարձակումները սկսվել են Ադրբեջանի կողմից: Լեռնային Ղարաբաղի հայերն Ադրբեջանի վրա հարձակվելու որևէ պատճառ չունեն: Նրանք ապրում են իրենց անկախ հանրապետությունում, ապրում են սովորական, բնականոն կյանքով, ինչու՞ պետք է հարձակվեին Ադրբեջանի վրա և այս արյունահեղությունն անեին: Հարձակումը կազմակերպվել է Ադրբեջանի կողմից, քանի որ ինչ-որ իմաստով նրանք պատրանքներ ունեն, որ կարող են խնդիրը լուծել ռազմական ճանապարհով: Ասում եմ, որ դա պատրանք է, որովհետև կարող եմ հաստատել, որ հայ ժողովուրդը ոչ մի դեպքում այլևս երբեք թույլ չի տա, որ ևս մեկ ցեղասպանություն տեղի ունենա: Յուրաքանչյուր հայ կդառնա զինվոր և կօգնի Լեռնային Ղարաբաղի հայերին՝ պաշտպանելու իրենց հայրենիքը: Որևէ այլ ճանապարհ չկա, քան բանակցությունների սեղանին վերադառնալը: Ձեր հարցն ավելի շատ պետք է ուղղված լինի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին. նա է սկսել այս առճակատումները և հենց նա էլ պետք է դադարեցնի այն: Հայերը պաշտպանում են Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, և ադրբեջանական կողմը պետք է որոշի, հասկանա և համաձայնի, որ այս խնդիրը ռազմական լուծում չունի: Կա միայն մարդկային լուծում՝ բանակցությունները: Բանակցությունների համար անհրաժեշտություն չկա գտնել բանակցողներ, միջնորդներ, քանի որ արդեն իսկ կա ԵԱՀԿ-ն՝ իր երեք համանախագահող երկրներով՝ ԱՄՆ, Ֆրանսիա և Ռուսաստան, համանախագահող երկրներ, որոնց բոլորը կարող են վստահել: Դեպի խաղաղություն տանող ճանապարհը բանակցություններին վերադառնալն է, այլ ոչ թե մարդկային կյանքեր ոչնչացնելը: Կյանքեր են խլվում երկու կողմում՝ և՛ հայկական, և՛ ադրբեջանական: Կարելի է հորինել ցանկացած ենթադրյալ պատճառ, թե ինչու ես այս կամ գործողությունն անում, կարելի է ասել, թե կա PKK-ն, որի պատճառով է Թուրքիայի բանակն Ադրբեջանում կամ նրանք պաշտպանում են գազատարները, կամ էթնիկապես նույն են, ունեն էթնիկական կապեր և այլն: Սակայն այս ամենը չի կարող հիմք տալ՝ հարձակվել անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վրա և նաև կրակել Հայաստանի Հանրապետության վրա: Թող Թուրքիան հիշի, որ ինքը դեռևս ՆԱՏՕ-ի անդամ է, մի կազմակերպության, որն այսօրվա Թուրքիայի գործողություններին ամբողջությամբ հակադրվող պաշտպանական քաղաքականություն ունի: Հարց- Այո, դա ճիշտ է, պարոն նախագահ, Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է: Ի՞նչ եք ակնկալում ՆԱՏՕ-ից: Ի՞նչ կարող է անել միջազգային հանրությունը: Ի՞նչ եք կարծում՝ Մինսկի խումբը կարո՞ղ է արդյունավետ քայլեր անել. մինչև այսօր մենք որևէ համարժեք լուծում չենք տեսել Մինսկի խմբի կամ ՆԱՏՕ-ի կողմից: -Մենք՝ որպես Հայաստանի Հանրապետություն, որը պաշտպանում է Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի իրավունքները, դիմել ենք միջազգային հանրությանը, դիմել ենք բոլորին: Մենք Թուրքիայի նման չենք դիմում միայն նրանց, ովքեր էթնիկապես կամ կրոնապես մոտ են մեզ: Մենք ապրում են գլոբալ միջավայրում և պետք է հարգենք միմյանց կրոնը, էթնիկ պատկանելությունը:  Մենք դիմել ենք բոլորին՝ սկսած ՄԱԿ-ից, մեր բարեկամներին արաբական, իսլամական աշխարհից, Եվրոպայից, Ասիայից, Աֆրիկայից և ԱՄՆ-ից: Դիմել ենք՝ ասելով, որ նրանք պետք է միջազգային ճնշում գործադրեն Ադրբեջանի վրա, քանի որ հենց ա՛յդ երկիրն է սկսել այս արյունահեղությունը: Մենք նաև կապի մեջ ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Հայաստանի կառավարությունը, վարչապետը, արտաքին գործերի նախարարությունը կապի մեջ են համանախագահող երեք երկրների ղեկավարների հետ: Հույս ենք հայտնում, որ միջազգային հանրությունը, միջազգային ճնշումները, ԵԱՀԿ-ն, Մինսկի խմբի համանախագահները ի վերջո կկարողանան զսպել Ադրբեջանին, ինչպես նաև Թուրքիային, որն այսօր արդեն բացահայտ է աջակցում Ադրբեջանին, կդադարեցնեն այս ամենը և կվերադարձնեն բանակցային սեղանի շուրջ: Կարող եմ ևս մեկ անգամ վերահաստատել, որ հայ ժողովուրդը որևէ կերպ թույլ չի տա, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքները խախտվեն: Մենք երբեք թույլ չենք տա, որ եւս մեկ ցեղասպանություն իրականացվի մեր հայրենիքում: Ես դիմում եմ բոլորին, այդ թվում՝ ադրբեջանական և թուրքական կողմերին՝ կանգնեցրե՛ք այս արյունահեղությունները և վերադարձե՛ք բանակցությունների սեղան: -Շնորհակալություն, պարոն նախագահ:
16:30 - 30 սեպտեմբերի, 2020
Ինչպես են ադրբեջանցիները վերաբերվում հայ խաղաղ բնակիչներին ու ինչ էր փորձում քարոզել Дождь-ի եթերում ադրբեջանցի գրողը |fip.am|

Ինչպես են ադրբեջանցիները վերաբերվում հայ խաղաղ բնակիչներին ու ինչ էր փորձում քարոզել Дождь-ի եթերում ադրբեջանցի գրողը |fip.am|

fip.am: Սեպտեմբերի 29-ին ռուսական «Դոժձ» (Дождь) առցանց հեռուստատեսության՝ Արցախում Ադրբեջանի սանձազերծած պատերազմի վերաբերյալ քննարկման ընթացքում ադրբեջանցի գրող Համիդ Խերիսչին, ի թիվս պատերազմի վերաբերյալ այլ կեղծ ու քարոզչական պնդումների, հայտարարեց, որ ադրբեջանական բանակը Լեռնային Ղարաբաղ մտնելուց հետո չի վնասի սովորական քաղաքացիներին: Քննարկումը վարող Պավել Լոբկովը գրողին հարց ուղղեց՝ արդյո՞ք ադրբեջանական բանակը Ղարաբաղի քաղաքներ «վերադառնալու կամ դրանք գրավելու» դեպքում չի իրականացնի խաղաղ հայ բնակչության ցեղասպանություն, ինչպես դա տեղի էր ունեցել 1988 թվականին Սումգայիթում։ Խերիսչին, ի պատասխան, պնդեց, որ այսօր առկա իրավիճակը պետք չէ համեմատել 1990-ականների հետ։ «Այսօր մենք գործ ունենք կարգապահ բանակի հետ…։ Ճակատային մարտեր վարող զորքերը կարգապահ են, ղեկավարվում են մեկ կենտրոնից, որտեղ կա տեսահսկում և այլ հսկողություն։ Ես չեմ կարծում, որ ադրբեջանական զորքերը, զինվորները կարող են վնասել սովորական քաղաքացիներին՝ հայերին։ Իմիջիայլոց՝ մեր քաղաքացիներին»,- հայտարարեց գրողը։ Ըստ Խերիսչիի՝ հետագայում Ադրբեջանը կներդնի խաղաղապահական քաղաքականություն. մի կողմից հայկական ծագման խաղաղ բնակչության հետ աշխատանք կտարվի, իսկ մյուս կողմից՝ գերիների նկատմամբ կկիրառվեն Ժնևյան կոնվենցիայի դրույթները:  Իրականում, սակայն, վերջին տարիներին տեղի ունեցած փաստերը հակառակի մասին են վկայում: 1994 թվականի հրադադարից հետո պաշտոնական Բաքուն վարել է հայատյաց քաղաքականություն, ինչը հաստատվում է արձանագրված բազմաթիվ դեպքերով: Քաղաքացիական բնակչության շրջանում զոհերը Ապրիլյան պատերազմի ընթացքում 2016 թվականին ապրիլի 1-ի լույսի 2-ի գիշերը Ադրբեջանը լայնածավալ ռազմական գործողությունների սկսեց Արցախի դեմ: Ապրիլի 3-ի երեկոյան «Հետք» պարբերականը և «Ֆոտոլուր» գործակալությունը ցնցող լուսանկարներ էին հրապարակել Թալիշ գյուղում ադրբեջանցի զինվորների բարբարոսությունների մասին: Ադրբեջանցիները սպանել էին գյուղից չտարհանված Վալերա Խալափյանին ու նրա կնոջը` Ռազմելային, ինչպես նաև Վալերա Խալափյանի 92-ամյա մորը՝ Մարուսյա Խալափյանին, խոշտանգել նրանց մարմինները, կտրել ականջները:   Պետք է նշել, որ Ադրբեջանի հարձակումը սկսել էր խաղաղ բնակչությանը թիրախավորելով։ Առաջին զոհը 12-ամյա Վաղինակ Գրիգորյանն էր, որը սպանվել էր դպրոց գնալու ճանապարհին՝ ադրբեջանական հրթիռակոծության հետևանքով: Նրա հետ գտնվող եղբայրն ու ընկերը նույնպես վիրավորվել էին:   Հայ սպային քնած ժամանակ կացնահարածը՝  հերոս 2004 թ. Բուդապեշտում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» անգլալեզու ուսումնական դասընթացների ժամանակ ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը դաժանաբար սպանեց հայ սպա Գուրգեն Մարգարյանին՝ քնած ժամանակ կացնի 16 հարված հասցնելով: Նա մտադրված էր սպանելու դասընթացներին մասնակցող ևս մեկ հայաստանցու, սակայն վերջինիս լիտվացի սենյակակիցը փրկել էր նրան: Հունգարիայում տեղի ունեցած դատավարության արդյունքում Սաֆարովը դատապարտվել էր ցմահ ազատազրկման՝ առաջին 30 տարում առանց համաներման իրավունքի։ 2012 թվականին Ադրբեջանին հաջողվեց Հունգարիայից թույլտվություն ստանալ Սաֆարովի էքստրադիցիայի համար: Ադրբեջանում սպային ընդունեցին որպես ազգային հերոսի: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ներում շնորհեց ոճրագործին, ավելին՝ նրա կոչումը բարձրացավ՝ հասնելով մայորի, նա ստացավ տուն և 8 տարվա ընթացքում կուտակված աշխատավարձը: Հատկանշական է, որ Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Էլմիրա Թեյմուր կըզը Սուլեյմանովան հայտարարեց, որ Սաֆարովը պետք է օրինակ դառնա երիտասարդության համար: 2020 թվականին Մարդու իրավունքների միջազգային դատարանն արձանագրեց, որ Ադրբեջանը ձախողել է իր սպայի կողմից էթնիկ ատելության հողի վրա իրականացված հանցանքի համար ազատազրկման ապահովումը, որին ներել են ու ապահովել նրա առաջխաղացումը։ Այսինքն՝ Ադրբեջանը ատելության հողի վրա իրականացված սպանություն կատարած անձին հերոսացրել է պետական մակարդակով, ինչը ամրագրված է ՄԻԵԴ որոշման մեջ: Ժամկետային զինծառայող Քյարամ Սլոյանի մարմնի գլխատումը  2016 թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Թալիշում սպանվեց նաև ազգությամբ եզդի զինծառայող Քյարամ Սլոյանը:  Մահից հետո նրան գլխատել էին: Գլուխը հայտնվել էր ադրբեջանցիների մոտ, որոնք նկարվել են մարմնի այդ մասի հետ և տեղադրել սոցիալական ցանցերում: Օրեր անց և միայն Կարմիր Խաչի միջնորդությամբ հնարավոր էր եղել հետ բերել 20-ամյա զինծառայողի գլուխը: Մարմինը հուղարկավորելուց 8 օր անց Քյարամին վերահուղարկավորել էին: 2016 թ. մայիսի 1-ին Ադրբեջանի նախագահի կայքը հրապարակել էր Իլհամ Ալիևի՝ Ադրբեջանի զորամասերից մեկն այցելելու լուսանկար: Նշված լուսանկարներից պարզ էր դառնում, որ Իլհամ Ալիևը հանդիպել և պարգևատրել էր զինծառայողների, որոնց շարքում էր Սլոյանի կտրված գլուխը ադրբեջանական գյուղում  ցուցադրող, Ադրբեջանի  ԶՈՒ զինծառայող Էլնուր Ֆարզալիևը: Նշենք նաև, որ շատ հայ զինծառայողների մարմիններ խոշտանգման են ենթարկվել մահից հետո: Եվս երկու զինծառայողի՝ Հայկ Թորոյանին և Հրանտ Դարբինյանին, սպանել էին գլխատելով: Հավելենք, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված ռազմական գործողությունների ընթացքում էլ առաջին զոհերը խաղաղ բնակիչներ էին: Մարտունիում հրթիռակոծության հետևանքով սեպտեմբերի 27-ին զոհվեցին մեկ տարեց կին և նրա 9-ամյա թոռը: Այսպիսով, վերջին տարիներին խաղաղ և ռազմական իրադրությունների ընթացքում Ադրբեջանի բանակը և իշխանությունները որդեգրել են հայատյաց քաղաքականություն, պարգևատրել են հայերին դաժանաբար սպանած անձանց:  Հետևաբար, ռուսական լսարանին ուղղված ադրբեջանցի գրողի այն պնդումը, թե ադրբեջանական բանակի՝ Արցախը գրավելուց հետո ադրբեջանական կառավարությունը և բանակը որդեգրելու են խաղաղապահական և մարդասիրական քաղաքականություն, չի համապատասխանում իրականությանը, քանի որ չի հաստատվում նախկինում եղած որևէ դեպքով:  Լուսինե Ոսկանյան
16:25 - 30 սեպտեմբերի, 2020
Վրաստանը պատրաստ է հակամարտող կողմերին ընդունել Թբիլիսիում. Գախարիա |aliq.ge|

Վրաստանը պատրաստ է հակամարտող կողմերին ընդունել Թբիլիսիում. Գախարիա |aliq.ge|

aliq.ge: Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարություն է տարածել Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվող ռազմական հակամարտության վերաբերյալ:  Գախարիան նշում է, որ Վրաստանը պատրաստ է ցանկացած ձևաչափով օգնել դուրս գալ ստեղծված իրավիճակից, այդ թվում պատրաստ է հակամարտող կողմերի ներկայացուցիչներին երկխոսության նպատակով ընդունել Թբիլիսիում: «Ադրբեջանի և Հայաստանի միջև հերթական ռազմական առճակատման արդյունքում ստեղծվել է բարդ իրավիճակ, կան շատ զոհեր և, ցավոք, մինչ այժմ չի հաջողվել դադարեցնել ռազմական գործողությունները և վերսկսել երկխոսությունը: Բոլորս էլ լավ հասկանում ենք, որ իրավիճակի հետագա սրումը խիստ բացասական ազդեցություն կունենա տարածաշրջանի անվտանգության վրա: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ու միջազգային դերակատարները պետք է առավելագույնը օգտագործեն իրենց հնարավորությունները էսկալացիայի դադարեցման և երկխոսության վերականգնման համար: Ինչպես գիտեք, մեր երկիրը բարիդրացիական հարաբերություններ ունի երկու երկրների՝ Ադրբեջանի և Հայաստանի հետ: Պատմականորեն, Վրաստանում ապրող մեր ադրբեջանցի և հայ քաղաքացիները միշտ մեծ դեր են խաղացել մեր երկրի, ինչպես նաև ընդհանուր առմամբ տարածաշրջանի զարգացման  գործում: Միևնույն ժամանակ, նրանց համակեցությունը լավ օրինակ է, որ վրացիները, հայերն ու ադրբեջանցիները ունեն ներուժ ամբողջ Հարավային Կովկասը դարձնել խաղաղության և զարգացման տարածք: Մեր ընդհանուր շահն է՝ հնարավորինս արագ տարածաշրջանում խաղաղություն հաստատել: Վրաստանը պատրաստ է ցանկացած ձևաչափով նպաստել այդ գործընթացին, այդ թվում երկխոսություն վարելու նպատակով հյուրընկալել հակամարտող կողմերին Թբիլիսիում», — ասվում է Գիորգի Գախարիայի հայտարարության մեջ:
16:20 - 30 սեպտեմբերի, 2020
Թուրքիայի ԱԳ նախարարը կրկին վստահեցնում է՝ Ադրբեջանի կողքին են |azatutyun.am|

Թուրքիայի ԱԳ նախարարը կրկին վստահեցնում է՝ Ադրբեջանի կողքին են |azatutyun.am|

azatutyun.am: Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն, «Անադոլու» գործակալության մամուլի սրահում խոսելով Արցախում վերսկսված ռազմական գործողությունների մասին, հերթական անգամ ընդգծել է Ադրբեջանին սատարելու Անկարայի պատրաստակամությունը: «Եթե Ադրբեջանը ուզում է մարտի դաշտում հարցը լուծել, մենք կլինենք Ադրբեջանի կողքին: Անհրաժեշտության դեպքում մեր աջակցությունը ցույց կտանք: Սակայն տեսնում ենք, որ Ադրբեջանը բավարար կարողություն ունի», - ասել է Չավուշօղլուն՝ շեշտելով, որ իբրև ռազմավարական դաշնակիցներ՝ Ադրբեջանի և Թուրքիայի ռազմատեխնիկական փոխգործակցությունը բնական երևույթ է: Թուրք նախարարը հիշեցրել է, որ հուլիսին Թուրքիան Հայաստանին նախազգուշացրել էր և սթափվելու լուրջ կոչեր արել: «Չնայած բոլոր զգուշացումներին, որտեղի՞ց Հայաստանին այդ համարձակությունը: Եթե Հայաստանը այսօր այլ երկրներից՝ Արևմուտքից, անգամ Ռուսաստանից աջակցություն չստանար, չէր համարձակվի նման քայլի գնալ», - պնդել է թուրք նախարարը: Նա վստահեցրել է, թե Թուրքիան հարցը դիվանագիտական, խաղաղ ճանապարհով լուծելու կողմնակից է եղել: «30 տարի է այս հարցը լուծում չի գտել: Մինսկի խումբը հստակ քայլեր չի ձեռնարկել: Ինչպես Սիրիայում՝ այստեղ էլ ուզում էինք Ռուսաստանի հետ համագործակցության ճանապարհով երկկողմանի կամ բազմակողմանի լուծման հասնել: Քանի որ հարցը չի լուծվում, Հայաստանը համարձակվում է հարձակման գնալ: Այս հարցը պետք է լուծել», - ասել է Չավուշօղլուն՝ հավելելով, թե Թուրքիան Ադրբեջանի կողքին է՝ որ ոլորտում ինչ օգնության կարիք ունենա:
16:14 - 30 սեպտեմբերի, 2020