Արցախյան պատերազմ․ 2020

Արցախյան առաջին պատերազմից հետո ամենալայնածավալ էսկալացիան՝ Արցախի ու Ադրբեջանի միջեւ՝ սահմանի ողջ երկայնքով։ Տեւել է 44 օր՝ սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը։

Պատերազմի ժամանակ Հայաստանում եւ Արցախում հայտարարվել է ռազմական դրություն եւ ընդհանուր զորահավաք։

2020 թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ վարչապետը, Ադրբեջանի եւ ՌԴ նախագահները ստորագրել են հայտարարություն՝ ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ, ըստ որի՝ Արցախի Հանրապետության տարածքի մեծ մասն անցնում է Ադրբեջանի վերահսկողության տակ։

Վրաստանը մերժել է ինչպես Հայաստանին, այնպես էլ Ադրբեջանին. Սեսիաշվիլի |aliq.ge|

Վրաստանը մերժել է ինչպես Հայաստանին, այնպես էլ Ադրբեջանին. Սեսիաշվիլի |aliq.ge|

aliq.ge: «Վրաստանը ռազմական տարանցման երկիր չի դառնա »,- Վրաստանի խորհրդարանի անվտանգության և պաշտպանության հանձնաժողովի դիրքորոշումն այսօր հնչեցրել է հանձնաժողովի ղեկավար Իրակլի Սեսիաշվիլին՝ անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտությանը:    Ըստ Սեսիաշվիլիի` երկու երկրներն էլ տեղյակ են Վրաստանի այս դիրքորոշման մասին ու ըմբռնումով են մոտենում: Սեսիաշվիլին վերահաստատել է՝ «Վրաստանը Ղարաբաղյան հակամարտության հարցում չեզոք է և  բարիդրացիական հարաբերություններ ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ»: Վրաց պաշտոնյայի խոսքով` «երկու պետություններն էլ գնահատում են Վրաստանի դիրքորոշումը, քանի որ հարցը երկրի տարածքով ռազմական տեխնիկայի տեղափոխման է վերաբերում։ «Մենք կտրականապես մերժել ենք  բոլորին: Դա գիտեն մեր հարևաններն ու հարգանքով են վերաբերվում:  Մենք վերլուծում ենք իրավիճակը, հետևում  ենք գործընթացին ու պատրաստ ենք ցանկացած սցենարի»—  լրագրողների հետ զրույցում ասել է Սեսիաշվիլին` ընդգծելով, որ Վրաստանը կողմ է հակամարտության խաղաղ կարգավորմանը և կոչ է անում կողմերին դադարեցնել կրակը:
01:40 - 30 սեպտեմբերի, 2020
Թուրքիայի դեմ պատերազմելով՝ մենք արդեն իսկ մենակ չենք․ Սարո Սարոյան

Թուրքիայի դեմ պատերազմելով՝ մենք արդեն իսկ մենակ չենք․ Սարո Սարոյան

Արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով արդեն երրորդ օրն է՝ լայնածավալ ռազմական գործողություններ են ընթանում։ Ադրբեջանական զինված ուժերը հրետակոծում են նաեւ խաղաղ բնակավայրերը, եւ այս ողջ ընթացքում, ինչպես եւ սպասվում էր, այս պետությանն իր աջակցությունն է հայտնում Թուրքիայի Հանրապետությունը։ Միջազգային կառույցներ, տարբեր երկրների բարձրաստիճան ներկայացուցիչներ արդեն անդրադարձել են Ադրբեջանի հրահրած ագրեսիային՝ որոշ դեպքերում անդրադառնալով նաեւ Թուրքիայի գործոնին։ Այսօր երեկոյան էլ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը 27 տարի անց դարձյալ անդրադառնում է Արցախի հարցին՝ արտակարգ եւ դռնփակ նիստում։ Այս քննարկումը նախաձեռնել է ՄԱԿ-ի ոչ մշտական անդամ Էստոնիան: Արցախի եւ Հայաստանի սահմանին տեղի ունեցող իրադարձությունների, միջազգային հանրության արձագանքի ու հայկական երկու պետությունների անհրաժեշտ քայլերի մասին զրուցել ենք քաղաքագետ Սարո Սարոյանի հետ։ - Պարո՛ն Սարոյան, 27 տարի անց ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն այսօր դարձյալ անդրադառնալու է Արցախի հարցին․ ի՞նչ կարող ենք սպասել այսօրվա նիստից, մենք ինչ-որ բանաձեւ կամ փաստաթուղթ կարո՞ղ ենք ակնկալել։ - Ինչ-որ հայտարարության տեքստ գուցե լինի, բայց ես կցանկանայի, որ մեր հանրությունը դրան այդքան չնայեր։ Մեր խնդիրը մենք ինքերս պիտի լուծենք ու առաջին հերթին պիտի լուծենք ռազմի դաշտում, եւ դա լուծվում է ու շատ լավ է լուծվում։ Ամբողջ աշխարհն էլ տեսնում է՝ ինչ է կատարվում, մեզ միայն կարող է թվալ, թե չի տեսնում, բայց դա այդպես չէ։ Եւ, ըստ էության, արձագանքը խաղաղասիրական նոտաներով է լինելու. պահանջելու են դադարեցնել ռազմական գործողությունները եւ այլն, բայց բոլորս էլ գիտենք՝ մեր թշնամին ով է եւ ինչպիսի մտածողությամբ է այս ամենին մոտենում։ Մենք հնացած այդ շրջանակներից պիտի դուրս գանք՝ աշխարհից ինչ-որ բան մուրալ եւ սպասել՝ ինչ կասի, ոնց կասի, կպատժի՞, թե՞ ոչ եւ այլն։ Վաղուց արդեն անցել ենք այդ շրջափուլը եւ մեր խնդիրներն ինքներս ենք լուծում․ ով ինչ կասի՝ արդեն երկրորդական է։ - Այսինքն՝ կարծում եք՝ անկախ միջազգային կառույցների արձագանքից կամ նրանց հայտարարությունների բովանդակությունից՝ մենք պետք է հասկանանք, որ այս պատերազմում մենա՞կ ենք եւ մենա՞կ ենք լուծելու այս հարցը։ - Նախ պետք է արձանգրել, որ մենք պատերազմում ենք Ադրբեջանի եւ Թուրքիայի դեմ՝ երկու պետության դեմ։ Պետք է հասկանանք, որ տվյալ դեպքում Թուրքիայի դեմ պատերազմելով՝ մենք արդեն իսկ մենակ չենք․ Թուրքիան շրջապատված է թշնամիներով, այնպիսի երկրներով, որոնք կցանկանային եւ ամեն ինչ կանեն, որ Հայաստանն այս պատերազմում հաղթանակած դուրս գա։ Դա արդեն իսկ փաստում է, որ մենք մենակ չենք, դիվանագիտական, քաղաքական աջակցություն լինելու է, մենք պիտի հասկանանք, որ այս խնդիրը մեր փոխարեն ոչ ոք չի լուծելու, եթե որեւէ մեկը գա ու լուծի, ապա դա կանի իր շահերի համար։ Դրա կարիքը չկա, այստեղ այն գիտակցումն է, որ դա քո խնդիրն է եւ դու էլ պիտի լուծես եւ վերջ։Եւ եթե լուծում ես քո խնդիրը, մենակ չես, կգտնվեն այնպիսի ուժեր, որոնք ամեն ինչ կանեն քեզ աջակցելու համար եւ որը արվում է հիմա։ Այսինքն՝ այնպես չէ, որ մենք անելանելի իրավիճակում ենք հայտնվել, որ աշխարհը մեր դեմ է եւ այլն։ Ո՛չ, խնդիր ունի Ադրբեջանը, խնդիր ունի Թուրքիան։ Բայց մենք մեր գործը պիտի շարունակենք անել եւ աջակցությունները ինքնաբերաբար կլինեն։ - Իսկ ընդհանուր առմամբ ինչպե՞ս եք գնահատում մեր գերատեսչությունների կոմունիկացիան միջազգային հանրության հետ։ - Աշխարհի հետ հարաբերվելու տեսակետից թերացումներ շատ կան։ Ի տարբերություն բանակի, որը կայացած ինստիտուտ է եւ իր առջեւ դրված խնդիրները կատարյալ լուծում է, մնացած ինստիտուտները թերանում են, ե՛ւ դիվանագիտական դաշտում, ե՛ւ տեղեկատվական պատերազում, ե՛ւ արտաքին աշխարհի հետ հարաբերվելիս։ - Ի՞նչ պիտի արվի, որ չի արվում։ - Մենք պետք է հասկանանք, որ այն, ինչ բանակը հիմա անում է, պատերազմը ավարտելու համար քիչ է։ Պատերազմը կավարտվի, երբ Ադրբեջանը հոգեբանորեն կպարտվի։ Այդ պարտության համար բանակի գործողությունները գործի կեսն են։ Իսկ հանրությունը խնդիր ունի տեղեկատվական դաշտը լցնելու, սոցիալական ցանցերում քո բանակի կերպարը ձեւավորելու։ Այսպիսի խնդիրների դեպքում հատուկ ծառայությունները պիտի գործեն եւ անեն այնպիսի քայլեր, որոնք կխորացնեն ընկճվածությունը ադրբեջանական հանրության մեջ, եւ հաղթանակը արագացված տեմպերով կմոտեցնեն։ Սա է որ պետք է արվի՝ տարբեր ինստիտուտների ներգրավմամբ տարբեր գործիքակազմերով։ Այստեղ մենք թերանում ենք։ - Պարո՛ն Սարոյան, Reuters գործակալությունն ու The Guardian-ը փաստում են, որ Թուրքիան սիրիացի գրոհայինների է ուղարկում Ադրբեջան։ Սա, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, քանակական առավելություն է տալիս թշնամուն։ Չնայած Դուք նշեցիք, որ բանակը կատարյալ է իրականացնում իր առջեւ դրված առաջադրանքը, սակայն այս հանգամանքը կարո՞ղ է հավելյալ բարդացնել իրավիճակը, թե՞ կարեւորը ոգին է, որի ամրությունը մենք այսօր տեսնում ենք։ - Նախ ասեմ, որ իրենք այսպես թե այնպես բանակի մարդուժի քանակով առավելություններ ունեն եւ նախկինում էլ ունեցել են, բայց դա վճռորոշ հանգամանք չէ, վճռորոշ հանգամանքը զինվորի հոգեբանական կառուցվածքն է։ Զինվորը կռվում է՝ հասկանալով՝ ինչի համար է կռվում, հոգեբանական ինչ տրամադրվածությամբ է կռվում։ Վարձկանների հանգամանքը միայն թվում է առավելություն, վարձու բանակը շատ վտանգավոր է՝ նույնիսկ օգտագործողի համար․ մի քանի անհաջողություն, եւ վարձու բանակն արդեն գլխացավանք է դառնալու օգտագործողի համար։ Մենք պիտի հասկանանք սա ու այս եղանակով հաղթանակը մոտեցնենք։ Վարձու բանակը, որի նպատակը ոչ թե հայրենիքի պաշտպանությունն է, գոյաբանական, այս էքզիստենցիալ խնդիրը լուծելը, այլ փող աշխատելը։ Այդ բանակը, դեմ գալով ուժեղ եւ իրապես կռվող բանակի, միանգամից փոշիանում է։ - Այս պատերազմի առաջին օրվանից Ազգային ժողովում պատգամավորները կոնսենսուսով եկան մի ընդհանուր հայտարարի, որ պետք է հանրային լայն քննարկման դրվի Հայաստանի կողմից Արցախի ճանաչման հարցը։ Հայաստանն այս ճանապարհո՞վ պիտի գնա, եւ եթե այո, ի՞նչ հետագա զարգացումներ կարող են լինել։ - Ձեր նշած խնդիրը Ղարաբաղյան խնդրի մաս է կազմում։ Այն խնդրի, որի էությունն է միանալ Հայաստանին։ Միացում կարգախոսի տակ է սկսվել այս ամենը, եւ բոլորի մտքում կա սա։ Այս խնդիրը ժամանակին չի լուծվել մեր կառավարության վախկոտության պատճառով, չի լուծվել շահային ներգործությունների պատճառով, շատ այլ տարբեր պատճառներով։ Հիմա մենք երեսուն տարի հետո նորից լայնածավալ պատերազմի մեջ ենք ներգրավվել։ Իհարկե, բուն էությունը լուծելու խնդիր կա, այլ հարց է՝ մենք միացման խնդիրը ինչպե՞ս ենք լուծում։ Կա բանավեճ. միանա՞լ, թե՞ ԼՂՀ ճանաչում տալ։ Եթե միայն ԼՂՀ ճանաչում պիտի տրվի՝ առանց միացման խնդիրը լուծելու, ապա դա կարող է ավելի խճճել իրավիճակը։ Միայն ինքնանպատակ ճանաչումը ոչինչ է։ Եթե մենք հիմա գնում ենք ճանաչման ճանապարհով, պիտի հասկանանք, որ պետք է մինչեւ վերջ գնալ, հասկանալ՝ ի՞նչ ընթացակարգով ենք լուծելու միացման խնդիրը։ Այստեղ արդեն բավական մեծ խնդիրներ կա ե՛ւ դիվանագիտական, ե՛ւ իրավական տեսանկյունից։ - Երկարաժամկե՞տ գործընթաց է ենթադրելու ճանաչում-միացում ճանապարհը, եթե, իհարկե, այդ ուղղությամբ գնանք։ - Կարող է կարճաժամկետ լինել։ Օրինակ՝ Ռուսաստանն իր կազմի մեջ մտցրեց Ղրիմը ընդամենը մեկ օրում՝ հանրաքվե անելով։ Կարեւոր է խելամիտ ծրագիր կազմելը, հանրությանը նախապատրաստելը, ինստիտուտները նախապատրաստելը, ինչը բավական աշխատատար է։ Այս աշխատանքները կատարելու համար պետք է մինչեւ վերջ մշակվի ամբողջ գործընթացը։ Եվ այս ամենին մի ամբողջ կոնցեպտուալ մոտեցում է պետք ցուցաբերել։ - Պարոն Սարոյան, այսօր Իմ քայլը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը մի գրառում էր կատարել, որով չէր բացառում Հայաստան-Արցախ ռազմական պայմանագիր կնքելու հնարավորությունը։ Սա Արցախը ճանաչելու պրոցեսի մա՞ս կարող է լինել, առաջին քա՞յլը, թե՞ ընդհանրապես կարող է հետաձգել ճանաչման-միացման հարցը։ - Չեմ կարող պատկերացնել մի իրավիճակ, որ առանց երկրի անկախությունը ճանաչելու այդպիսի պայմանագիր կնքես այդ երկրի հետ։ Ես կարող եմ հասկանալ, որ այդ գործընթացը շղթայի մի մաս է, մի օղակ․ դու ճանաչում ես պետությանը, հետո կնքում ես պայմանագիր, դաշինք եւ այլն, մնացած առումով դա ոչ պրոֆեսիոնալ մոտեցում է, կիսաքայլ է։ Այդպես չի կարելի, պիտի կոնցեպտուալ լինի մոտեցումը, ծրագրային պիտի լինի, հասկանալի լինի, իրավունքը չի կարելի ոտնահարել։ Հիմա այդ իրավական փաստաթղթի արժեքը ո՞րն է, եթե պետությունը չես ճանաչում, բայց հետը պայմանագիր ես կնքում։ Եթե ճանաչում ես, դրանից հետո պայմանագրի հարցը հասկանալի է, բայց սայլը ձիուց առաջ չեն դնում։ Փաստորեն, վախենում են ճանաչել, բայց չեն բացառում, որ կգնան պայմանագիր կնքելու ճանապարհով։ Իրենք վախենում են ճանաչել, որովհետեւ դա միջազգային իրավունքի հետ կապված խնդիր է եւ իրանց անորոշությունը թույլ չի տալիս իրավական գնահատական տալ, քաղաքական պատասխանատվություն վերցնել եւ այդ քայլն անել։ Եթե մենք ԼՂՀ ճանաչման ճանապարհով ենք գնում, պիտի հստակ լինի՝ միացման խնդիրը ոնց ենք լուծում, քայլերի հաջորդականությունը պիտի հստակ լինի, օդում կախված չի կարելի թողել։ Պիտի հստակեցվի ժամանակահատվածը, գործիքակազմը, հանրությունը պիտի իմանա այդ պատասխանատվության մասին։ - Իսկ ի՞նչ հետեւանքններ կարող են լինել Արցախի ճանաչման ու Հայաստանին միանալու դեպքում՝ տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական առումով։ Կարծիքներ կան, որ Թուրքիան այդ պարագայում արդեն կոնկրետ Հայաստանի հետ կսկսի լայնածավալ ռազմական գործողություններ։  - Թուրքիան արդեն պատերազմում է Հայաստանի դեմ՝ ղարաբաղյան ճակատում, եւ արդեն չկա փաստարկը, որ եթե մենք գնանք այդ ճանապարհով, Թուրքիան պատերազմ կսկսի։ Սկսել է արդեն, վերջ, լայնածավալ պատերազմ է։ Միջուկային զենք էլ չունեն, որ վախեցնեն, թե օգտագործելու են մեր դեմ, մնացածն արդեն հեքիաթ է։ Ճանաչման արդյունքում ոչինչ էլ չի լինի։ Եթե Թուրքիան պիտի Հայաստանի վրա հարձակվի, նա ճանաչման պատրվակին չի սպասելու։ Մենք արդեն լայնածավալ պատերազմի մեջ ենք, այլ բան չի կարող լինել։ Հայաստանին սպասում է քաղաքական լուրջ գործընթաց միայն, որից գլուխ չեն հանում եւ որից վախենում են, բայց անհիմն ձեւով։ Եթե ուզում են լայն քննարկումներ իրականացնել, թող իրականացնեն, տեսնենք՝ ի վերջո այդ կամքը կձեւավորվի՞ իրանց մոտ, թե՞ չէ, թե՞ կմնան նույն հին 30 տարվա կամքի շրջանակում, այդ ՀՀՇ-իզմի կամքի շրջանակում։  - Փաստորեն, ըստ Ձեզ, սա այն վճռորոշ կետն է, որից հետ, այսպես ասած, ՀՀՇ-իզմն է, մյուս կողմում․․․ - Քաղաքական առումով․ ռազմական առումով մենք հետ գնալու բան չունենք, ռազմական առումով առաջ ենք գնում ու գնալու ենք, դա՝ անխոս, բայց քաղաքական առումով խնդիր ունենք աճելու, քաղաքական աճ ապահովելու։ Եւ բանակը մեզ այդ հնարավորությունը տալիս է, բանակը տալիս է, քաղաքական ղեկավարությունը 30 տարի հետ է ընկած, 30 տարի առաջվա մտածողությամբ է շարժվում։ Աշխարհը փոխվել է, քո բանակը Թուրքիային է ընկճում արդեն, բայց քաղաքական մտածողությունը նույնն է մնացել։ Այս խնդիրը պիտի լուծվի։ Իսկ բանակն իր խնդիրը լուծում է, կրկնում եմ, հանրությունն էլ համախմբված է, պառակտում չի լինելու պատերազմի ժամանակ, անխոս, մեր հանրությունը խելամիտ է, ես քաղաքական մտքի աճի մասին եմ խոսում եւ կառավարողների։ Բայց իրենք էլ կաճեն, իրենք էլ կհասկանան, որ նոր ժամանակները բոլորովին այլ պահանջներ են դնում մեր առջեւ։ Հայարփի Բաղդասարյան 
00:55 - 30 սեպտեմբերի, 2020
Սա բռնապետության պատերազմն է ընդդեմ ժողովրդավարության. վարչապետի հարցազրույցը The Spectator-ին

Սա բռնապետության պատերազմն է ընդդեմ ժողովրդավարության. վարչապետի հարցազրույցը The Spectator-ին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել The Spectator հեղինակավոր հանդեսին, որում անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանագոտում Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիային և պատերազմական գործողություններին: Այս մասին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ներկայացնելով հարցազրույցի հեղինակ Կապիլ Կոմիրեդդիի հոդվածն ու վարչապետի հետ հարցուպատասխանը:   «Կիրակի օրն Ադրբեջանն սկսեց գնդակոծել հայկական դիրքերը Լեռնային Ղարաբաղում: Վերջինս հիմնականում հայերով բնակեցված վիճելի տարածք է: 1920-ականներին, արհամարհելով տարածքի ժողովրդագրությունը, խորհրդային վարչակազմը Լեռնային Ղարաբաղը տեղակայեց Ադրբեջանի կազմում: ԽՍՀՄ-ի փլուզումից քիչ առաջ տեղի հայերի ճնշող մեծամասնությունը հանրաքվեով քվեարկեցին Ադրբեջանից անջատվելու օգտին և հռչակեցին անկախություն: Այդուհանդերձ, հանրաքվեի արդյունքը ոչ ոքի կողմից պաշտոնապես չճանաչվեց: Եվ երբ ԽՍՀՄ-ը փլուզվեց, այդ տարածքը հայտնվեց Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների ներսում: Սարսափելի պատերազմ սկսվեց: Հայաստանին հաջողվեց ազատագրել Լեռնային Ղարաբաղը և հարակից շրջանները: Ռուսաստանի միջնորդությամբ հաստատվեց հրադադարի ռեժիմ, և 1992 թվականին ձևավորվեց Մինսկի խումբ կոչվող միջազգային հարթակը, որը կողմերին պետք է առաջարկեր կարգավորել իրենց տարաձայնություններն անարյուն եղանակով: 28 տարի անց ռազմական գործողությունների մի շարք բռնկումների հետևանքով հազարավոր մարդիկ սպանվեցին, և հարյուր հազարներ տեղահանվեցին: Լեռնային Ղարաբաղն արդարացիորեն անվանել են «ամենավտանգավոր չկարգավորված հակամարտությունը մեծ Եվրոպայում»: Այն կարող է Ռուսաստանին և Թուրքիային ավելի սուր հակամարտության մեջ ներքաշել: Ռուսաստանը թեև աջակցում է Հայաստանին, բայց միևնույն ժամանակ զենք է վաճառում Ադրբեջանին, իսկ Թուրքիան անվերապահորեն աջակցում է Ադրբեջանին: Տասնյակ խաղաղ բնակիչներ են արդեն զոհ գնացել կիրակի վերսկսված մարտերին: Հայաստանը, որը ժամանակին ուներ բացահայտ առավելություն, այժմ դիմակայում է շատ ավելի լավ սպառազինված և պատրաստված  հակառակորդին: Չնայած Մոսկվայի զուսպ կեցվածքին, Թուրքիան, որն ավելի քան մեկ դար առաջ երկու տարվա ընթացքում ցեղասպանության ենթարկեց 1,5 միլիոն հայերի, Կովկաս է տեղափոխել այն մոջահեդներին, որոնց նա տեղակայել էր Սիրիայում՝ Բաշար ալ-Ասադին տապալելու համար: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը հրաժարվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, խոստացել է աջակցել Ադրբեջանին «անհրաժեշտ բոլոր միջոցներով»: Հայաստանը հայտարարել է ռազմական դրություն: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը հայտնի է որպես «Կովկասի Գանդի», երկու օր առաջ ինչպես ժողովրդական  հեղափոխության օրերին իր հայրենակիցներին կոչ արեց «կանգնել որպես հայ ազգի զինվոր»: Սա մարտահրավերի ծանրության խոստովանություն էր:Հրետակոծությունն սկսվելուց մեկ օր անց ես Հնդկաստանից հեռախոսով խոսեցի Փաշինյանի հետ: Նոր պատերազմի բռնկումից ի վեր օտարերկրյա լրագրողի հետ իր առաջին հարցազրույցում Փաշինյանը, գերհոգնած, բայց վճռական, շարադրեց պատմության հայկական տարբերակը՝ ներկայիս իրադարձությունները որակելով որպես «գոյաբանական սպառնալիք» հայ ժողովրդի համար: Կապիլ Կոմիրեդդի - Կիրակի խորհրդարանում Ձեր ելույթի ժամանակ Դուք նկարագրեցիք այն, ինչ տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում, որպես «ամենակարևոր հանգրվանը» Հայաստանի գոյատևման պայքարում: Արդյոք սա նշանակում է, որ Հայաստանն այժմ տոտալ պատերազմի մեջ է:Նիկոլ Փաշինյան - Ադրբեջանը նախապես ծրագրված ագրեսիա է սկսել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ: Ինչպես գիտեք, այնտեղ հայեր են ապրում: Մենք բարոյական և քաղաքական պարտականություն ունենք պաշտպանելու մեր հայրենակիցներին: Հայաստանը Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորն է: Իրավիճակը սրվել է, քանի որ Ադրբեջանը շարունակում է գնդակոծել Լեռնային Ղարաբաղը՝ փորձելով ուժի միջոցով լուծում պարտադրել, ինչն ի դեպ արվում է Թուրքիայի անմիջական աջակցությամբ: Կապիլ Կոմիրեդդի – Որքա՞ն զոհ կա Ձեր կողմից:Նիկոլ Փաշինյան – Ունենք մի քանի տասնյակ զոհ քաղաքացիական անձանց և զինվորականների շրջանում: Ես չեմ կարող վերջնական թիվ ասել, քանի որ մարտերը շարունակվում են:Կապիլ Կոմիրեդդի - Եթե այս պատերազմը ձեզ համար ոչ այլ ինչ է, քան գոյատևման համար պայքար, ապա ցանկալի է իմանալ, թե արդյոք դուք միայնակ եք մարտնչո՞ւմ, թե՞ ձեր երկարամյա գործընկեր Ռուսաստանից ստացել եք աջակցության հավաստիացումներ: Նիկոլ Փաշինյան – Կցանկանայի շեշտել, որ շատ կարևոր է հասկանալ, թե ինչի շուրջ է ընթանում ղարաբաղյան հակամարտությունը: Կարդալով միջազգային լրատվամիջոցների վերնագրերը՝ հասկանում եմ, որ կա լուրջ թյուրըմբռնում: Դա տարածքային վեճ չէ Հայաստանի և Ադրբեջանի միջև: Խնդիրը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին է: Տարածաշրջանն Ադրբեջանի կազմում հայտնվեց միմիայն Խորհրդային Միությունում կայացված կամայական որոշումների հետևանքով: Հայերը մշտապես եղել են սպառնալիքի տակ: Սկզբում այն թաքնված էր, բայց ավելի ուշ տեսանելի դարձավ:Երբ սկսվեց Խորհրդային Միության փլուզումը, հայերը որոշեցին օգտվել իրենց ինքնորոշման իրավունքից. ինչպես Ադրբեջանն անջատվեց Խորհրդային Միությունից, այնպես էլ Լեռնային Ղարաբաղը բաժանվեց Ադրբեջանից: Ի դեպ, դա միանգամայն խաղաղ գործընթաց էր: Ադրբեջանն սկզբից ևեթ դրան արձագանքեց բռնի ուժով, ջարդերով և սպանություններով: Եվ հակամարտությունն սկսվեց հենց այդ կետից: Ցավոք սրտի, միջազգային հանրությունը թյուր է ընկալում Լեռնային Ղարաբաղի հակամարտության էությունը: Խոսքը տարածքների մասին չէ, այլ մարդկային էակների, մարդկանց անվտանգության: Հայերը, ովքեր միշտ մեծամասնություն են եղել Լեռնային Ղարաբաղում, ցանկանում են օգտվել իրենց ազատության, անկախության և ինքնորոշման իրավունքից: Կապիլ Կոմիրեդդի - Ռուսաստանից օժանդակության հավաստիացումներ ստացե՞լ եք:Նիկոլ Փաշինյան –  Ինչ վերաբերում է մեր գործընկերներին, ապա կցանկանայի նշել, որ ներկայիս գործընթացում Ռուսաստանը պահպանում է միանգամայն չեզոք դիրքորոշում: Կապիլ Կոմիրեդդի - Հետաքրքիր է: Դուք ասում եք, որ ձեր դաշնակցի` Մոսկվայի դիրքորոշումը չեզոք է: Մինչդեռ Թուրքիայի նախագահը շարունակաբար մեղադրում է Հայաստանին շարունակվող ռազմական գործողությունների մեջ: Նա իր աջակցությունը հայտնեց Բաքվին և խոստացավ որդեգրել «մեկ ազգ, երկու պետություն» մոտեցումը: Թուրքիայի պետական լրատվամիջոցները նկատվել են առաջնագծում: Կասե՞ք, որ սա համակարգված գրոհ է: Եթե այո, ապա Հայաստանը արդյոք ո՞ւնակ է դիմադրելու և միայնակ հաղթելու Ադրբեջանին և Թուրքիային: Նիկոլ Փաշինյան - Սա ակնհայտորեն Թուրքիայի և Ադրբեջանի կողմից համաձայնեցված գործողություն է: Թուրքիան ղեկավարում է ողջ գործընթացը: Նրանք չեն էլ փորձում թաքցնել դա: Դա իրականում շատ հրապարակային գործընթաց է: Ես նշեցի Լեռնային Ղարաբաղի հայերի առջև ծառացած գոյաբանական սպառնալիքը: Բայց քանի որ Դուք ակնարկում եք նաև Թուրքիայի մասին, ապա պետք է հաշվի առնել այն էքզիստենցիալ սպառնալիքը, որը կախված է եղել  հայ ժողովրդի գլխին մեր պատմության ընթացքում: Ինչպես գիտեք, 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը կատարվեց Օսմանյան Թուրքիայում, երբ սպանվեց մեկ ու կես միլիոն հայ: Մինչ այժմ Թուրքիան ոչ միայն հրաժարվել է ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը, այլև իրականում շարունակում է ցեղասպանության իր քաղաքականությունը հայերի նկատմամբ: Ինչ վերաբերում է մեր հնարավորություններին, ես նորից եմ կրկնում. սա մեզ համար գոյաբանական սպառնալիք է, և մեզ, ինքներս մեզ պաշտպանելուց բացի, այլ բան չի մնում: Կապիլ Կոմիրեդդի - Արդյոք ՆԱՏՕ-ն պետք է մտահոգված լինի, որ իր անդամներից մեկը, ինչպես Դուք եք ասում, առաջնորդում և ղեկավարում է այդպիսի մահացու արշավ:Նիկոլ Փաշինյան - Եկեք այս ամբողջ գործընթացը դիտարկենք որպես Թուրքիայի ավելի լայն տարածաշրջանային քաղաքականության մի մաս: Տեսեք՝ ի՞նչ է կատարվում Միջերկրական ծովում և Մերձավոր Արևելքում: Այն, ինչ Թուրքիան անում է այնտեղ, նրա կայսերական նկրտումների մի մասն է: Դա ոչ մի կապ չունի ՆԱՏՕ-ի ընդլայնման հետ: Խոսքը միայն Հայաստանի անվտանգության մասին չէ: Խոսքն ամբողջ Հարավային Կովկասի մասին է: Այն լույս է սփռում ամբողջ տարածաշրջանում Թուրքիայի ապակայունացնող դերի վրա: Կապիլ Կոմիրեդդի - Մինսկի խումբը հորդորել է երկու կողմերին էլ անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները և վերսկսել բանակցությունները: Հայաստանի կամ նրա գործընկերների կողմից դիվանագիտական ճանապարհով երկխոսություն վարելու որևէ փորձ եղե՞լ է։ Նիկոլ Փաշինյան – Երբ դարձա Հայաստանի վարչապետ, ես առաջարկեցի կարգավորման բանաձև, այն էՙ հակամարտության ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համար: Ես բանակցային գործընթացում ներգրավված առաջին հայն էի, ով ասաց, որ ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի նաև հակառակորդ կողմի համար: Հուսով էի, որ Ադրբեջանի նախագահը կարձագանքեր այդ նույն ոգով: Ցավոք սրտի, նա դա չարեց: Նա պնդում էր, որ կարևորն Ադրբեջանն է: Ադրբեջանի նախագահը ռազմատենչ հռետորաբանության դիմեց՝ ասելով, որ ինքը պատրաստվում է այդ հակամարտությունը լուծել ռազմական ուժով, և որ իրենց դիվանագիտական նպատակն էր նյութականացնել Ադրբեջանի ռազմական փառասիրությունը:Մինչ այժմ Ադրբեջանի նախագահի դիվանագիտությունը եղել է ոչ այլ ինչ, քան ռազմական գործիք: Այդ իրավիճակում, այդ մթնոլորտում շատ դժվար է պահպանել բանակցություններն ու դիվանագիտությունը: Կապիլ Կոմիրեդդի - Այսինքն՝ Դուք այս պահին Բաքվի հետ անմիջական կապ չունեք, և հաղորդակցության ոչ մի ալիք չի՞ գործում:Նիկոլ Փաշինյան – Ոչ: Բայց մենք կապի մեջ ենք Մինսկի խմբի համանախագահների հետ:Կապիլ Կոմիրեդդի - 2016-ի այսպես կոչված «քառօրյա պատերազմը» հանգեցրեց փակուղու: Բայց դա չափազանց ձեռնտու էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Ձեր կարծիքով, ի՞նչը կարող է լինել ագրեսիայի այս շրջափուլի դրդապատճառը: Նիկոլ Փաշինյան – Իմ համոզմունքն այն է, որ միայն ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարություններն են ի վիճակի գնալ փոխզիջման և ընդունել խաղաղության բանաձևեր: Խնդիրն այն է, որ Իլհամ Ալիևն իր նախագահության ընթացքում հակահայկական ատելության մթնոլորտ սերմանեց Ադրբեջանում: Ադրբեջանում «հայ» նշանակում է թշնամի, ում պետք է սպանել: Այդ ատելության մթնոլորտն այլևս պայթել էՙ դառնալով դառն իրականություն: Կապիլ Կոմիրեդդի - Դուք կիրակի խորհրդարանում ասացիք, որ «տեղի ունեցածի մեջ անսպասելի ոչինչ չկա»: Եթե կանխատեսել էիք, ապա ինչո՞ւ ամեն ինչ չարեցիք, որպեսզի դա տեղի չունենար:Նիկոլ Փաշինյան – Ադրբեջանի նպատակը Լեռնային Ղարաբաղի օկուպացիան է պատերազմի միջոցով կամ առանց պատերազմի: Ուստի տրամաբանական չէր լինի, եթե ես համաձայնեի Լեռնային Ղարաբաղի ադրեջանական օկուպացիայինՙ պատերազմից խուսափելու համար: Ալիեւը փոխզիջման համար տեղ չթողեց: Կապիլ Կոմիրեդդի - Վարչապետ դառնալուց առաջ Դուք լրագրող էիք և իրավապաշտպան: Ձեր պաշտոնավարման առաջին օրվանից Հայաստանն զգալի առաջընթաց է գրանցել: Այդ ձեռքբերումները, որոնք արդեն վտանգված են համաճարակով, գրեթե անկասկած ի չիք կդառնան պատերազմի արդյունքում: Ձեզ համարում են Կովկասի Գանդի: Ո՞րն է այն գինը, որը դուք պատրաստ եք վճարել խաղաղության համար:  Նիկոլ Փաշինյան – Երբ ես դարձա Հայաստանի վարչապետ, ասացի, որ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ նոր պատերազմը կնշանակի պատերազմ ժողովրդավարության դեմ: Այժմ կարող եմ պաշտոնապես ասել, որ Հարավային Կովկասում ժողովրդավարության դեմ Ադրբեջանի պատերազմը սանձազերծված է: Դա միայն պայքար չէ մեկ ազգի կամ մեկ պետության ազատության համար: Սա պայքար է ժողովրդավարության համար, քանի որ այն վարում է բռնապետությունն ընդդեմ ժողովրդավարության:
00:41 - 30 սեպտեմբերի, 2020
Քննարկվում են տարբեր քայլեր՝ Արցախի ճանաչման, ռազմաքաղաքական դաշինք կնքելու և այլ հնարավոր ուղղություններով |lragir.am|

Քննարկվում են տարբեր քայլեր՝ Արցախի ճանաչման, ռազմաքաղաքական դաշինք կնքելու և այլ հնարավոր ուղղություններով |lragir.am|

lragir.am: Հարցազրույց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի հետ։ Տիկին Հայրապետյան, ինչպե՞ս եք գնահատում միջազգային հանրության արձագանքը Արցախի շփման գծի ողջ երկայնքով տեղի ունեցող պատերազմական գործողությունների վերաբերյալ, մասնավորապես, Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ–ի կողմից: Ես կարծում եմ, որ միջնորդ երկրների ներկայացուցիչները բնականաբար խաղաղության, արագ կրակի դադարեցման կոչեր են անում, նաև կոչ են անում կողմերին վերադառնալ բանակցային սեղան: Ընդհանուր առմամբ, մեր ակնկալիքները միշտ շատ ավելին են միջազգային հանրությունից, որովհետև ամբողջ աշխարհի համար ակնհայտ է, թե ով է ագրեսորը, դա Ադրբեջանն է: Ավելին, դրան ավելանում է Թուրքիայի ակտիվ աջակցությունն Ադրբեջանին, ինչի մասին ակտիվորեն գրում է նաև միջազգային մամուլը: Այս պայմաններում, ես կարծում եմ, և արդեն նկատվում են այդ միտումները, Թուրքիային և նրա ներգրավվածությունը դատապարտող հայտարարությունները: Դրանք շատ կարևոր են, որովհետև Թուրքիայի նման ակտիվությունը ցույց է տալիս, որ խնդիրը կարող է դուրս գալ իր շրջանակներից և դառնալ շատ ավելի մեծ տարածաշրջանային խնդիր: Ակնհայտ նկատվում է նաև, որ համանախագահող երկրներն են արձանագրում դա և դատապարտող հայտարարություններով հանդես գալիս՝ կոչ անելով Թուրքիային քիթը չխոթել այս պատերազմի մեջ: Ադրբեջանը ևս ռազմական դրություն է հայտարարել: Արդյոք սա չի հուշում այն մասին, որ պատերազմական գործողությունները երկարատև են լինելու: Դժվարանում եմ այս պահին ժամկետներ նշել ռազմական գործողությունների մասին, բայց որ Ադրբեջանը տրամադրված է ինտենսիվ մարտերը շարունակել, դա ակնհայտ է, նաև դեպքերի զարգացումից է դա երևում: Ալիևը հայտարարել է, որ իրենք սա համարում են իրենց վերջնական կռիվը, և պատրաստվում են գնալ մինչև վերջ:  Այս իրավիճակում մեր արձագանքը լինելու է կոշտ և համարժեք: Այս պայմաններում ակնհայտ է, որ թեժ մարտերը չեն դադարում, իսկ հետագա զարգացումների հետ կապված կդժվարանամ որևէ բան ասել: Դուք ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ եք: Դիվանագիտական հարթակում այս օրերին ինչպիսի աշխատանք եք իրականացնում: Ես, թե իմ գործընկերները ակտիվորեն շփման մեջ ենք մեր միջազգային գործընկերների հետ, տեղեկացնում ենք տիրող իրավիճակի մասին: Բոլորը շատ լավ գիտեն, թե ինչ է տեղի ունենում տարածաշրջանում, այդուհանդերձ, ես կարծում են, որ բնականաբար, իրազեկումը կարևոր է, բազմաթիվ դատապարտող գրառումներ են  հրապարակվել թվիթերյան միկրոբլոգում մեր գործընկերների կողմից՝ հստակ մատնանշելով, որ Ադրբեջանը ագրեսիա է ձեռնարկել Արցախի դեմ: Միաժամանակ, այս իրավիճակում մեր ԱԳ նախարարն է ինտենսիվ շփումներ ունենում և տեղյակ պահում իր բոլոր գործընկերներին առկա իրավիճակի մասին: Պետք է նաև հիշենք, որ մեզ համար հարցը չի կարող երբևէ դուրս գալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներից: Դա միակ ընդունելի ձևաչափն է մեզ համար: Շարունակությունը՝ lragir.am-ում
00:35 - 30 սեպտեմբերի, 2020
ՉԺՀ ԱԳՆ-ն հուսով է, որ ԼՂ հակամարտության կողմերը կխուսափեն լարվածության հետագա աճից |armenpress.am|

ՉԺՀ ԱԳՆ-ն հուսով է, որ ԼՂ հակամարտության կողմերը կխուսափեն լարվածության հետագա աճից |armenpress.am|

armenpress.am:  Չինաստանի ԱԳՆ-ում հուսով են, որ ղարաբաղյան հակամարտության մեջ ներգրավված կողմերը սառը դատողությամբ կառաջնորդվեն, կցուցաբերեն զսպվածություն, կխուսափեն լարվածության հետագա աճից և կլուծեն խնդիրները քաղաքական երկխոսության միջոցով: Այս մասին նշել է ՉԺՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վանգ Վենբինի՝ պատասխանելով «Reuters» լրատվական գործակալության հարցին։ Հարցի ու պատասխանի ոչ պաշտոնական թարգմանությունը ներկայացվում է ամբողջությամբ։ Հարց․ Կիրակի օրը Լեռնային Ղարաբաղում Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցած լուրջ բախումների հետևանքով զոհվել է առնվազն 16 զինվորական և մի քանի քաղաքացիական անձ: Սա կասկածի տակ է դնում կայունությունը Հարավային Կովկասում, որը հանդիսանում է գազա- և նավթամուղների անցման կարևոր միջանցք: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս իրավիճակը: Վանգ Վենբին․ Մենք ստացել ենք համապատասխան զեկույցներ: Տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանումը բխում է բոլոր կողմերի շահերից, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի: Հույս ունենք, որ ներգրավված կողմերը սառը դատողությամբ կառաջնորդվեն, կցուցաբերեն զսպվածություն, կխուսափեն լարվածության հետագա աճից և կլուծեն խնդիրները քաղաքական երկխոսության միջոցով:
00:07 - 30 սեպտեմբերի, 2020
ՄԻԵԴ-ը ՀՀ-ին և Ադրբեջանին կոչ է արել զերծ մնալ բնակչությանը սպառնացող ռազմական գործողություններից

ՄԻԵԴ-ը ՀՀ-ին և Ադրբեջանին կոչ է արել զերծ մնալ բնակչությանը սպառնացող ռազմական գործողություններից

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ ՀՀ կառավարության դիմումի հիման վրա այն կիրառելու որոշում է կայացրել։ Այս մասին հայտնել է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչությունը:«Մասնավորապես՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ստեղծված իրավիճակը կարող է հանգեցնել Կոնվենցիայի լրջագույն խախտումների, ՄԻԵԴ-ը 7 դատավորից կազմված Պալատի կազմով որոշել է կիրառել Դատարանի կանոնների 39-րդ կանոնը։ Նման խախտումներ կանխելու համար, ինչպես նաև 39-րդ կանոնի համաձայն՝ ՄԻԵԴ-ը կոչ է անում և Ադրբեջանին և Հայաստանին զերծ մնալ այնպիսի միջոցներից, մասնավորապես ռազմական գործողություններից, որոնք կարող են հանգեցնել քաղաքացիական բնակչության կոնվենցիոն իրավունքների խախտման, այդ թվում՝ վտանգել նրանց կյանքն ու առողջությունը։ ՄԻԵԴ-ը նաև կոչ է անում Ադրբեջանին և Հայաստանին կատարել իրենց կոնվենցիոն պարտավորությունները, հատկապես Կոնվենցիայի 2-րդ (կյանքի իրավունք) և 3-րդ (խոշտանգումների և անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի արգելք) հոդվածների առումով։ Երկու բարձր պայմանավորվող կողմերն էլ, հնարավորինս սեղմ ժամկետում, իրենց պարտավորությունների կատարման մասին տեղեկություն պետք է ներկայացնեն Եվրոպական դատարան»- նշված է հաղորդագրության մեջ:
00:00 - 30 սեպտեմբերի, 2020
Կոսաչովը ծայրաստիճան վտանգավոր է որակել իրավիճակը Լեռնային Ղարաբաղում |armenpress.am|

Կոսաչովը ծայրաստիճան վտանգավոր է որակել իրավիճակը Լեռնային Ղարաբաղում |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովը ծայրաստիճան վտանգավոր է որակել Լեռնային Ղարաբաղում իրավիճակը: Ինչպես տեղեկացնում է «Вместе-РФ»-ին տված հարցազրույցում  Կոսաչովը ասել է,  որ իրավիճակը վտանգավոր է՝ հաշվի առնելով այն փաստը, որ այս հակամարտության ընթացքում արձակված յուրաքանչյուր նոր փամփուշտ հանգեցնում է պատասխան գործողությունների:  «Եվ փակ ցիկլ է առաջանում: Ահա թե ինչու  միշտ ասել ենք, և դա մեզ հաստատեցին ինչպես Երևանում, այնպես էլ Բաքվում, որ անհրաժեշտ է ինչ-որ կերպ լուծել այս հակամարտությունը, բացի ռազմական ճանապարհից», - ասել է Կոսաչովը: Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի նախագահի խոսքով՝ ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական կողմերը համաձայն են, որ այս հակամարտությունը չունի ռազմական լուծում: Նա հայտարարել է, որ որքան երկար շարունակվի ուժերի բախումը, այնքան քիչ տեղ կմնա բանակցային սեղանի շուրջ նստելու համար: Բացի այդ, խորհրդարանականը կարևորել է արտաքին դերակատարների դերը `միևնույն ժամանակ շեշտելով, որ նրանք չպետք է փորձեն  զարգացնել այդ հակամարտությունը իրենց սեփական շահերից ելնելով :
23:31 - 29 սեպտեմբերի, 2020
Արցախում ժողովրդի ոգին շատ բարձր է, վճռական ու անկոտրում․ Տիգրան Ավինյան

Արցախում ժողովրդի ոգին շատ բարձր է, վճռական ու անկոտրում․ Տիգրան Ավինյան

Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արցախում եմ և այսօր Ստեփանակերտում հանդիպումներ եմ ունեցել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ու պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի հետ: Քննարկել ենք օպերատիվ իրավիճակն ու վերջին զարգացումները, ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի պայմաններում մեր ժողովրդի ուժերի համախմբման, թիկունքային ապահովման աշխատանքների կոորդինացման և այլ կարևոր հարցեր: Նախագահի հետ միասին հանդիպել ենք նաև Արցախ մեկնած մեր կամավորներին, ում ոգևորությունը վարակիչ էր: Արցախում ժողովրդի ոգին շատ բարձր է, վճռական ու անկոտրում: Այս օրերի մեր միասնությունը, կամքն ու արիությունը մեր արդար հաղթանակի ու թշնամու տապալման գրավականն են: Մեր քաջ զինվորները փայլուն ու արհեստավարժ կերպով կատարում են իրենց առջև դրված մարտական խնդիրները, հաջողությամբ հետ են մղում բոլոր հարձակումները, հուժկու հարվածներ հասցնում թշնամուն ու պատճառում կենդանի ուժի ու զինտեխնիկայի հսկայական կորուստներ: Ադրբեջանը Թուրքիայի լայնածավալ աջակցությամբ իր ամբողջ ռեսուրսն ու արսենալն է ներդրել Հայրենիքի նկատմամբ այս ոտնձգության մեջ, բայց ցանկացած հարձակման ժամանակ մերոնք ջախջախում ու ջարդուփշուր են անում թշնամուն: Մեր պատասխանը շարունակելու է լինել կոշտ և վճռական»:
23:21 - 29 սեպտեմբերի, 2020
ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստում վերահաստատվել է կրակի անհապաղ դադարեցման կարևորությունը |armenpress.am|

ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստում վերահաստատվել է կրակի անհապաղ դադարեցման կարևորությունը |armenpress.am|

armenpress.am: ԵԱՀԿ Մշտական խորհուրդը հատուկ նիստում քննարկել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը և դրա զարգացումը` կառույցում 2020թ. Ալբանիայի նախագահության համատեքստում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասված է ԵԱՀԿ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ: Նիստի սկզբում, Մշտական խորհուրդը նախագահող դեսպան Իգլի Հասանին կրկին հայտարարել է ԵԱՀԿ նախագահողի տագնապի մասին, որը կապված է տեղում իրավիճակի վատթարացման և շարունակվող բախումների հետ: Մտահոգված լինելով զոհերի թվի աճով, նա կրկնել է ԵԱՀԿ նախագահության կոչը` անհապաղ ապաէսկալացնել իրավիճակը և ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին ու հարազատներին: Ճեպազրույցի ընթացքում, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը հայտարարել է, որ ինքը տեղեկատվություն է ստանում անմիջապես տեղից և տեղի զրուցակիցներից` ամենաբարձր մակարդակով: Դեսպան Կասպշիկն ասել է, որ մշտական կապի մեջ է կողմերի հետ, և նշել, որ իր թիմը պատրաստ է վերսկսել դաշտային մոնիտորինգը, երբ իրավիճակը թույլ կտա: Մինսկի խմբի համանախագահ երկրների` Ֆրանսիայի, Ռուսաստանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների ներկայացուցիչները կրկնել են համանախագահների կոչն ուղղված բոլոր կողմերին` անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերսկսել բանակցությունները` հակամարտության կայուն կարգավորում գտնելու համար: ԵԱՀԿ-ում Ալբանիայի նախագահությունը կրկին հայտարարել է բանակցային լուծման կարևորության և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և դեսպան Կասպշիկի աշխատանքներին աջակցության մասին` տեղում իրավիճակի կայունացմանն ուղղված իրենց ջանքերում:
23:12 - 29 սեպտեմբերի, 2020
Պատերազմի սկսվելու առաջին պահից ի վեր՝ հակառակորդը կորցրել է 790 զինծառայող, ունեն մոտ 1900 վիրավոր․ Արծրուն Հովհաննիսյան

Պատերազմի սկսվելու առաջին պահից ի վեր՝ հակառակորդը կորցրել է 790 զինծառայող, ունեն մոտ 1900 վիրավոր․ Արծրուն Հովհաննիսյան

Օրվա ընթացքում շարունակվել են համառ մարտերը՝ սահմանի գրեթե ողջ երկայնքով։ Այս մասին քիչ առաջ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ նշելով, որ թեժ են եղել հյուսիսային եւ հարավային ուղղությունները։  Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ պատերազմի սկսվելու առաջին պահից ի վեր՝ հակառակորդը կորցրել է կենդանի ուժ՝ 790 զինծառայող, որից 180-ը՝ Քարվաճառի ուղղությամբ, որտեղ ընթացել են բավականին համառ եւ դժվար մարտեր։ Մոտավեր տվյալներով՝ կա 1900 վիրավոր՝ Ադրբեջանի բոլոր ստորաբաժանումներում միասին վերցրած։  ՀՀ ՊՆ ներկայացուցիչը հայտնեց նաեւ, որ հայկական ստորաբաժանումները հակատանկային եւ հրետանային միջոցներով խոցել են հակառակորդի 137 տանկ եւ զրահատեխնիկա, ոչնչացվել է հակառակորդի 72 ԱԹՍ, 7 ուղղաթիռ եւ 1 ինքնաթիռ։ Մարտերը շարունակվում են, մեր զինված ուժերը հստակ կատարում են իրենց խնդիրը՝ հակառակորդի հարձակողական բոլոր գրոհները հետ մղելով եւ կորուստներ պատճառելով։  Արծրուն Հովհաննիսյանը, խոսելով առանձին դիրքային կորուստների կամ առաջխաղացումների մասին՝ հայտարարեց, որ այս պատերազմն առանձին դիրքերի պատերազմ չէ, սա ավելի մեծ նշանակության պատերազմ է։
22:57 - 29 սեպտեմբերի, 2020
Տիգրան Համասյանը դատապարտել է Թուրքիայի և Ադրբեջանի ռասիստական ու ֆաշիստական գործելաոճը |armenpress.am|

Տիգրան Համասյանը դատապարտել է Թուրքիայի և Ադրբեջանի ռասիստական ու ֆաշիստական գործելաոճը |armenpress.am|

armenpress.am:  Անվանի դաշնակահար Տիգրան Համասյանը դատապարտել է Արցախի և Հայաստանի նկատմամբ լայնածավալ ռազմական գործողություններ սանձազերծած Ադրբեջանի և Թուրքիայի ռասիստական ու ֆաշիստական գործելաոճը: Համասյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում նշել է, որ հետևանքների ողջ պատասխանատվությունը մնալու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի խղճին:  «Հարգելի ընկերներ, սովորաբար ես չեմ սիրում անել որևէ քաղաքական հայտարարություն, քանի որ իմ աշխատանքն է` համախմբել մարդկանց, սեր տարածել երաժշտության միջոցով: Բայց շատ դժվար է լռել, երբ ամբողջովին զինված Ադրբեջանը իմ հայրենիքը` Հայաստանն է թիրախավորել հարձակվում է խաղաղ և անմեղ բնակչության վրա, կրակում, ռմբակոծում, հրետակոծում: Հայաստանը հենց հիմա ենթարկվում է հարձակման Թուրքիայի կողմից աջակցվող Ադրբեջանից: Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը սկսել է ագրեսիա Արցախի նկատմամբ, թիրախավորելով քաղաքացիական բնակչությանը, կրակ բացելով Ստեփանակերտի և այլ շրջանների ուղղությամբ: Հայաստանը վճռականորեն դատապարտում է այս գործողությունը: Հետևանքների ամբողջ պատասխանատվությունն ընկած է Ադրբեջանի ավտորիտար ռեժիմի վրա, ինչպես նաև Թուրքիայի, որը 4000 վարձկանների է տեղակայել, կարծես ցանկանալով շարունակել Հայոց ցեղասպանությունը»,- գրել է Համասյանը: Դաշնակահարը նշել է, որ այս պահին էլ Արցախի սահմանի ողջ երկայնքով մղվում են թեժ մարտեր` Ադրբեջանի մարտավարական գրոհների պատճառով, որոնք հակասում են Ժնևյան կոնվենցիային: «Թուրքիայի և Ադրբեջանի հակահայկական հռետորաբանությունը ոչ միայն ռասիստական և ֆաշիստական տարրեր է պարունակում, այլև ցույց է տալիս ցեղասպանական տենդենցներ, և աշխարհը պետք է ուշադրություն դարձնի այս հանգամանքի վրա: Ի հակառակ Հայաստանի, Ադրբեջանը, ավտորիտար ռեժիմը նախընտրում է բռնությունը և պատերազմը և պատրաստ չէ խաղաղ բանակցությունների ու ուրախությամբ պատրաստ է նայել, թե ինչպես են երկու կողմից երիտասարդ զինվորներ զոհվում: Այդ զինվորների արյունը մնալու է Ալիևի խղճին (եթե նա առհասարակ խիղճ ունի) և ես շատ ափսոսում եմ իրենց զինծառայողների համար, որոնք հրաման են կատարում: Հուսով եմ, որ Աստված կների նրանց, որովհետև չգիտեն, թե ինչ են անում: Իմ աղոթքներն ուղղված են բոլոր ընտանիքներին»,- նշել է Տիգրան Համասյանը: Համասյանն իր գրառումը եզրափակել է` «Թուրքիա’, դադարիր օգնել Ադրբեջանին` ներխուժել Արցախ» կոչով:
22:43 - 29 սեպտեմբերի, 2020
Թուրքական F-16-ի կիրառում գրանցվել է նաեւ Արցախի օդային տարածքում․ ԱՀ ՊԲ հրամանատարի տեղակալ

Թուրքական F-16-ի կիրառում գրանցվել է նաեւ Արցախի օդային տարածքում․ ԱՀ ՊԲ հրամանատարի տեղակալ

Ասյօր տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում ԱՀ ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը հայտնեց, որ հակառակորդը, հերթական անգամ անհաջողություն կրելով մարտի դաշտում, փորձել է բարբարոսաբար հարվածներ հասցնել մեր խաղաղ բնակչությանը։ «Դրա վառ օրինակն են Վարդենիսի ուղղությամբ հրթիռային հարվածները, որոնց ընթացքում տուժել է նաև խաղաղ ազգաբնակչությունը»,- նշեց նա։ Պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե արդյո՞ք թուրքական F-16-եր նկատվել են նաև Արցախի տարածքում, Արթուր Սարգսյանը նշեց․ «Թուրքական F-16-ի կիրառում գրանցվել է նաեւ Արցախի օդային տարածքում»։ Պատասխանելով մեկ այլ հարցի, թե արդյո՞ք ռազմական գործողությունների ինտենսիվության նվազում նկատվում է, Արթուր Սարգսյանը հայտնեց․ «Ո՛չ։ Այսօր այն ուղղություններում, որտեղ մենք ունեցել ենք հաջողություններ, հակառակորդը ջանքերը, կարելի է ասել, կրկնապատկել է։ Առավել ևս Ստեփանակերտում՝ կենտրոնական ուղղությամբ, Ասկերանի շրջանում դուք տեսել եք հրթիռային հրետակոծության հետևանքները»։  ՊԲ հրամանատարի տեղակալը, խոսելով շփման գծի մասին, նկատեց․ «Արդեն իսկ չի կարելի անվանել առաջնագիծ, կարելի է անվանել ամբողջությամբ ռազմաճատային գիծ․ ամբողջ ընթացքում ամբողջ ճատակով ընթանում են մարտեր։ Առանագիծ նշանակում է որոշակի գիծ, որը հաստատված է, և երկու կողմերի ստորաբաժանումների կողմից իրականացվում է պահպանություն։ Հիմա պահպանություն չի իրականացվում․ այս վայրկյանին էլ ընթանում են մարտեր, այդ առաջնագիծ կոչվածը կարող է և՛ խորանալ դեպի մեր կողմ, և՛ խորանալ դեպի հակառակորդի կողմ»։
22:40 - 29 սեպտեմբերի, 2020
Վերականգնել է էլեկտրամատակարարումը Արցախի ամբողջ տարածքում․ գազամատակարարման խնդիրների լուծումը ընթացքի մեջ է․ Գրիգորի Մարտիրոսյան

Վերականգնել է էլեկտրամատակարարումը Արցախի ամբողջ տարածքում․ գազամատակարարման խնդիրների լուծումը ընթացքի մեջ է․ Գրիգորի Մարտիրոսյան

Ե՛վ պատսպարված, և՛ տարհանված քաղաքացիները կառավարության և օպերատիվ խմբի ուշադրության կենտրոնում են, նրանց բոլոր խնդիրները լուծվում են։ Այս մասին քիչ առաջ տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը։ «Տարհանված մարդիկ պետության հաշվին ապահովվում են անհրաժեշտ պարագաներով և սննդամթերքով։ Տարհանված բնակչությունը տեղավորվել է ԱՀ այլ շրջաններում, հիմնականում օգտագործվել է հյուրանոցային ֆոնդը։ Այս պահին 1500 բնակչի հաշվով պարենային փաթեթ է պատրաստված»,-մասնավորապես նշեց Արցախի պետական նախարարը։ Գրիգորի Մարտիրոսյանն ընդգծեց, որ Արցախի Հանրապետությունում պարենային առումով ապահովված ենք բոլոր անհրաժեշտ ապրանքներով․ «Պարենային դեֆիցիտի առաջացման վտանգ չունենք այս պահին։ Ռազմական գործողությունների մեկնարկը վնասներ է հասցրել ինչպես քաղաքացիական բնակչությանը, այնպես էլ տնտեսությունը․ այս պահին իրականացնում ենք վնասների գանահատում»։ ԱՀ պետական նախարարն ասաց, որ Արցախի ամբողջ տարածքում վերականգնել է էլեկտրամատակարարումը։ «Գազամատակարարման խնդիրների լուծումը ընթացքի մեջ է։ Առավել մեծ վնաս է հասցվել կապի ոլորտին, բայց մեր, ինչպես նաև հրավիրված մասնագետների համատեղ ջանքերով կապի ոլորտը վերականգնվում է, և արդեն իսկ բջջային կապը հիմնականում աշխատում է, ինտերնետի հասանելիությունը նույնպես վերականգնվում է։ Հեռուստատեսությունը և Հանրային ռադիոն հասանելի են ԱՀ ամբողջ տարածքում, և բնակչությունը տեղեկացված է իրադրությունից»,-մանսավորապես նշեց Գրիգորի Մարտիրոսյանը։ Արցախի պետական նախարարը ընդգծեց և խնդրեց, որ  աջակցություն ցուցաբերեն բացառապես ստեղծված օպերատիվ խմբի հետ համաձայնեցնելով, որովհետև դա շատ կարևոր է բնակչության կարիքների գնահատման տեսանկյունից
22:32 - 29 սեպտեմբերի, 2020
ԱԳ Նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույցներ ունեցավ իր միջազգային մի շարք գործընկերների հետ

ԱԳ Նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույցներ ունեցավ իր միջազգային մի շարք գործընկերների հետ

Սեպտեմբերի 29-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույցներ ունեցավ իր միջազգային մի շարք գործընկերների՝ Միացյալ Թագավորության Եվրոպական քաղաքականության և Ամերիկայի հարցերով մշտական քարտուղար Ուենդի Մորթոնի, Ավստրիայի ԱԳ նախարար Ալեքսանդր Շալլենբերգի, Լատվիայի ԱԳ նախարար Էդգարս Ռինկևիչսի և Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկի հետ։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն իր գործընկերներին ներկայացրեց Ադրբեջանի կողմից լայնածավալ ռազմական գործողությունների արդյունքում Հայաստանի հետ սահմանին և Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում վերջին զարգացումները։ Զոհրաբ Մնացականյանն ընդգծեց, որ տարբեր տրամաչափի զինատեսակների օգտագործմամբ խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումն առավել քան ի ցույց է դնում Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ագրեսիվ քաղաքականությունը։ Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող անվերապահ աջակցության համատեքստում՝ Հայաստանի ԱԳՆ ղեկավարը նշեց, որ թուրքական իշխանությունների ներգրավվածությունը հակամարտության մեջ հղի է լրջագույն հետևանքներով և ուղիղ սպառնալիք է տարածաշրջանային անվտանգությանը։
22:08 - 29 սեպտեմբերի, 2020
Հակառակորդի գրոհները հատկապես ինտենսիվ են եղել այն ուղղություններով, որտեղ նախորդ օրերին ունեցել է որոշակի հաջողություններ․ Արթուր Սարգսյան

Հակառակորդի գրոհները հատկապես ինտենսիվ են եղել այն ուղղություններով, որտեղ նախորդ օրերին ունեցել է որոշակի հաջողություններ․ Արթուր Սարգսյան

Այսօր ևս հակառակորդի զավթողական մտահղացումը ձախողվել է, ավելին՝ ռազմաճակատի տարբեր ուղղություններով ՊԲ ստորաբաժանումները գրանցել են զգալի հաջողություններ և վերցրել նախկինում կորցրած որոշ դիրքեր հիմնականում հյուսիսային և հարավային ուղղություններով։ Այս մասին քիչ առաջ տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ նշեց ԱՀ ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը։ Արթուր Սարգսյանն ասաց, որ ամբողջ գիշեր և ցերեկվա ընթացքում  ընթացել են ինտենսիվ ռազմական գործողություններ ամբողջ ճակատում՝ բոլոր ուղղություններով։ «Հատկապես լարված են եղել հյուսիսային և հարավային ուղղությունները։ Նախորդ օրերին կրած անհաջողությունների հետ չհամակերպվելով՝ հակառակորդն այսօր ևս օգտագործել է իր ամբողջ զինանոցը․ և՛ գիշերվա, և՛ ցերեկվա ընթացքում հակառակորդը կիրառել է ավիացիա, ուղղաթիռներ, ինքնաթիռներ, հարվածային ԱԹՍ-ներ, զինանոցում գտնվող ողջ հրթիռահրետանային սպառազինությունը։ Բազմիցս օգտագործելով զրահատանկային ստորաբաժանումներ՝ փորձել է գրոհել մեր մարտակարգերը, սակայն այս անգամ ևս, ունենալով անհաջողություններ, վերադարձել է նախկին դիրքեր և փորձել ամրանալ նախկին դիրքերում»,-մանրամասնեց ՊԲ հրամանատարի տեղակալը։ Անդրադառնալով այսօրվա մարտերում հակառակորդի ունեցած կորուստներին՝ Արթուր Սարգսյանը նշեց․ «Այսօրվա մարտերում հակառակորդն ունեցել է հետևյալ կորուստները․ 17 տանկ, 13 ԱԹՍ, 4 զրահափոխադրիչ, 3 ինժեներատեխնիկական ծանր զրահատեխնիկա»։ ԱՀ ՊԲ հրամանատարի տեղակալը խոսեց նաև հակառակորդի գրոհների ուղղությունների մասին՝ նշելով, որ դրանք  հատկապես ինտենսիվ են եղել այն ուղղություններով, որտեղ նախորդ օրերին ունեցել է որոշակի հաջողություններ: «Իհարկե, այս անգամ ևս, կրելով պարտություն, որոշել է հետագա գործողությունների ընթացքում ավելի զարգացնել իր ուժերը։  ՊԲ ստորաբաժանումները վճռականորեն հակահարված են հասցրել հակառակորդին՝ ձախողելով նրա առաջխաղացումները բոլոր ուղղություններով»,-հավելեց Արթուր Սարգսյանը։
22:02 - 29 սեպտեմբերի, 2020