Արցախում ռուսական խաղաղապահ զորախումբ

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների՝ նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարությամբ նշվեց, որ  Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի խաղաղապահ զորախումբ։

Նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության համաձայն՝ խաղաղապահ զորակազմը ԼՂ-ում տեղակայվել է 5 տարի ժամկետով։ Ժամկետն ինքնաբերաբար կերկարաձգվի հերթական 5-ամյա ժամկետով, եթե կողմերից որևէ մեկը տվյալ ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի սույն դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ներկայումս խաղաղապահ առաքելության հրամանատարը գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովն է։

Ադրբեջանը դեռևս չի ստոագրել խաղաղապահների մանդատը։

Էդուարդ Աղաջանյանը ՌԴ-ից ակնկալում է գործնական արդյունք՝ փարատելու հանրության շրջանում որոշ կասկածները

 |armenpress.am|

Էդուարդ Աղաջանյանը ՌԴ-ից ակնկալում է գործնական արդյունք՝ փարատելու հանրության շրջանում որոշ կասկածները |armenpress.am|

armenpress.am: Արցախի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում Ռուսաստանի հետ հարաբերվելու կամ համագործակցելու հնարավորությունները սպառված չեն և գործնականում աշխատանքները շարունակվում են: Մարտի 25-ին մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը: «Առնվազն սպառված չի ՌԴ խաղաղապահների արդիականությունը վերջիններիս պատասխանատվության ներքո գտնվող տարածքում: Եվ, կարծում ենք, որ վերջիններիս հետ հնարավոր է, այնուամենայնիվ, լուծումներ գտնել և հասնել այն կետին, որպեսզի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներից բխող պարտավորվածությունները բոլոր կողմերը իրականացնեն, այդ թվում` ՌԴ խաղաղապահները»,- ասաց Աղաջանյանը: Լրագրողի այն դիտարկմանը, թե արդյոք Արցախում ՌԴ խաղաղապահների ներկայությունը որևէ ազդեցություն գործնականում չի ունենում, Աղաջանյանն ասաց, որ , առնվազն սոցիալական ցանցերին հետևելով,  տպավորություն ունի, որ հանրության բավականին լայն շերտերի մոտ որոշ կասկածներ կան այդ գործընթացների հետ կապված: «Այդ թվում նաև կան հարցեր և հարցադրումներ առ այն, թե արդյոք հնարավոր է, որ սա տեղի է ունենում ադրբեջանցիների և խաղաղապահների միջև որոշակի պայմանավորվածությունների արդյունքում: Ես անձամբ չէի ուզի այդպես կարծել և որևէ հիմք կամ նույնիսկ ցանկություն չունեմ այդ ուղղությամբ մտածել, բայց ,կարծում եմ, որ սա ևս մի խնդիր է, որը պետք է փարատվի մեր ռուս գործընկերների կողմից կոնկրետ գործողությունների գործադրման արդյունքում, որի հետևանքով ադրբեջանական զինված ուժերը կվերադառնան ելման դիրքեր և այս լարվածությունը կնվազի: Դրա արդյունքում ,կարծում եմ, որ մեր հանրության ընկալումները կփոխվեն և նշվածս կասկածները կամ մտավախությունները կփարատվեն»,- ընդգծեց Աղաջանյանը: Շարունակությունը՝ armenpress.am-ում
15:46 - 25 մարտի, 2022
Ռուսական խաղաղապահ զորակազմին չի հաջողվել լուծել իր առաքելության շրջանակում գտնվող հիմնական խնդիրը․ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ տեղերում․ Արցախի տեղեկատվական շտաբ

Ռուսական խաղաղապահ զորակազմին չի հաջողվել լուծել իր առաքելության շրջանակում գտնվող հիմնական խնդիրը․ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ տեղերում․ Արցախի տեղեկատվական շտաբ

Ինչպես արդեն հայտնել է ԱՀ պաշտպանության նախարարությունը, այսօր՝ մարտի 25-ին, Ադրբեջանի զինված ուժերի կողմից կիրառված Բայրաքթար տիպի ԱԹՍ-ների հարվածների հետևանքով հայկական կողմն ունեցել է վիրավորներ և 2 զոհ (անցած գիշեր՝ ևս 5 վիրավոր): Ուստի, Ադրբեջանը կոպտորեն խախտում է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները՝ և՛ ներխուժման, և՛ հրադադարի ռեժիմի խախտումների տեսքով, հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։  «Չնայած բարձրագույն մակարդակի բանակցություններին՝ արձանագրում ենք, որ Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմին հաջողվել է այս փուլում միայն դադարեցնել Ասկերանի շրջանի Փառուխ համայնքի հատվածում ադրբեջանական զինված ուժերի առաջխաղացումը և նրանց կողմից տարբեր տրամաչափի զենքերից իրականացվող կրակոցները: Սակայն, միևնույն ժամանակ, ընդգծում ենք, որ ռուսական խաղաղապահ զորակազմին չի հաջողվել լուծել իր առաքելության շրջանակում գտնվող հիմնական խնդիրը, քանի որ մարտի 24-ին Ասկերանի շրջանի Փառուխ գյուղ ու հարակից տարածքներ ներխուժած ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ տեղերում:  Արցախի իշխանություններն, այնուամենայնիվ, հույս են հայտնում, որ ռուսական կողմի վճռական ջանքերի շնորհիվ կհաջողվի ադրբեջանական զորքերին վերադարձնել ելման դիրքեր, իսկ Արցախի խաղաղ բնակչությանը՝ իրենց տներ, հակառակ պարագայում լուրջ կերպով կասկածի տակ են դրվում Արցախում ապրող խաղաղ բնակչությանը տրված անվտանգային երաշխիքները»։
15:35 - 25 մարտի, 2022
Արարատ Միրզոյանը Անջեյ Կասպրչիկի հետ հանդիպմանը շեշտել է ադրբեջանական ստորաբաժանումների՝ ելման դիրքեր վերադարձի անհրաժեշտությունը

Արարատ Միրզոյանը Անջեյ Կասպրչիկի հետ հանդիպմանը շեշտել է ադրբեջանական ստորաբաժանումների՝ ելման դիրքեր վերադարձի անհրաժեշտությունը

Մարտի 25-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։  Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի՝ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում՝ Փառուխ գյուղի հատվածում մարտի 24-ին մեկնարկած ադրբեջանական ներխուժմանը, կենսական նշանակության ենթակառուցվածքների բնականոն աշխատանքը միտումնավոր խոչընդոտելու ադրբեջանական գործողություններին, էթնիկ զտմանն ուղղված այլ քայլերին: Շեշտվել է ադրբեջանական ստորաբաժանումների՝ մարտի 23-ի ելման դիրքեր վերադարձի անհրաժեշտությունը։ Արարատ Միրզոյանը ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումը խաղաղության պայմանագրի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների վերաբերյալ՝ այդ համատեքստում ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդական դերը:
14:25 - 25 մարտի, 2022
Չենք տեսնում, որ ՌԴ խաղաղապահ զորախումբը ներխուժած ադրբեջանական ուժերին իր պատասխանատվության գոտուց դուրս մղելու գործողություններ է կատարում․ Եղոյան

Չենք տեսնում, որ ՌԴ խաղաղապահ զորախումբը ներխուժած ադրբեջանական ուժերին իր պատասխանատվության գոտուց դուրս մղելու գործողություններ է կատարում․ Եղոյան

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասված է․  «Այս իրադրությունը հիշեցնում է 2020 թվականի դեկտեմբերի Խծաբերդի հայտնի դեպքերը, որը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տրամաբանությամբ նույնպես խաղաղապահների պատասխանատվության գոտի էր: Բայց մինչև օրս այդ հատվածում խաղաղապահների գործողությունների կամ անգործության մասին նույնպես պատասխաններ չունենք: Այս պահին կարող ենք ասել, որ գործողությունները ավելի խոսուն են, քան բառերը, որովհետև մենք չեն տեսնում, որ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը ներխուժած ադրբեջանական ստորաբաժանումներին իր պատասխանատվության գոտուց դուրս մղելու գործողություններ կատարում է»:
14:12 - 25 մարտի, 2022
ԱՀ իշխանությունները ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ ակտիվ երկխոսության մեջ են

ԱՀ իշխանությունները ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ ակտիվ երկխոսության մեջ են

Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Տեղեկացնում ենք, որ այս ընթացքում Արցախի Հանրապետության իշխանությունները Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ ակտիվ երկխոսության մեջ են: Գործադրվում են բոլոր ջանքերը, որ ռուսական կողմն իր առաքելության շրջանակում բոլոր մակարդակներում համապատասխան միջոցներ կիրառի՝ մարտի 24-ին Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի հատված ներխուժած ադրբեջանական զորքին ելման դիրքեր վերադարձնելու համար:  Դրան զուգահեռ՝ Արցախի զինված ուժերը լրացուցիչ միջոցներ են ձեռնարկում հարակից գյուղերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Ակնկալում ենք, որ հետևողական աշխատանքի արդյունքում ռուս խաղաղապահ առաքելությանը կհաջողվի իր վերահսկողության տիրույթում ծագած խնդիրները կարգավորելու և, ադրբեջանական կողմի հետ քաշումից հետո, անվտանգային լրացուցիչ երաշխիքների տրամադրմամբ խաղաղ բնակչությունը կվերադառնա իրենց տներ»:
12:55 - 25 մարտի, 2022
Ուկրաինայի Գերագույն ռադան հայտարարել է, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն հարձակման է անցել Արցախում՝ օգտվելով ռուս զինվորականների՝ Ուկրաինա մեկնելու փաստից

Ուկրաինայի Գերագույն ռադան հայտարարել է, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն հարձակման է անցել Արցախում՝ օգտվելով ռուս զինվորականների՝ Ուկրաինա մեկնելու փաստից

ԹԱՐՄԱՑՈՒՄԳրառումը հեռացվել է Ուկրաինայի Գերագույն ռադայի թվիթերյան միկրոբլոգից։ Ուկրաինայի Գերագույն ռադան (խորհրդարանը) թվիթերյան միկրոբլոգում գրել է, որ Ադրբեջանի զինված ուժերը հարձակման են անցել Արցախում՝ օգտվելով այն բանից, որ «ռուս զինվորականները մեկնել են Ուկրաինա»։ Խորհրդարանը հղում է կատարել «Новини Збройних сил» տելեգրամյան ալիքին, որտեղից, սակայն, արդեն ջնջվել է հաղորդագրությունը` Արցախում ադրբեջանական ԶՈՒ հարձակման մասին։ Ուկրաինայի ԳՇ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ «իր կորուստները համալրելու նպատակով Ռուսաստանի ԶՈՒ-ն Լեռնային Ղարաբաղի խաղաղապահ զորախմբի մի մասը տեղափոխում է Ուկրաինա»։  Հիշեցնենք՝ երեկ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները վերահսկողության տակ են վերցրել Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը։ Արցախի Հանրապետության ՊՆ-ն հայտնել է, որ նրանք այնուհետև փորձել են առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում: «Ադրբեջանական ստորաբաժանումները մարտի 25-ի գիշերը կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային ԱԹՍ: Ծավալված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից զոհվել է առնվազն 5 զինծառայող: Հայկական կողմից կա մեկ վիրավոր»,- այսօր՝ առավոտյան, հայտնել է Արցախի ՊՆ-ն՝ նշելով, որ  09։00 դրությամբ իրադրությունը հարաբերականորեն կայուն է։ 
10:48 - 25 մարտի, 2022
Ակնկալում ենք, որ ռուս խաղաղապահ զորքերը միջոցներ կձեռնարկեն, որպեսզի Ադրբեջանի զորքերը անհապաղ վերադառնան ելման դիրքեր․ ՀՀ ԱԳՆ

Ակնկալում ենք, որ ռուս խաղաղապահ զորքերը միջոցներ կձեռնարկեն, որպեսզի Ադրբեջանի զորքերը անհապաղ վերադառնան ելման դիրքեր․ ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել ադրբեջանական զինուժի կողմից Արցախի Փառուխ գյուղ ներխուժման մասին․ «Այսօր ժամը 16:00-ի սահմաններում ադրբեջանական զինված ուժերը ռուսական խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտում խախտել են Լեռնային Ղարաբաղի շփման գիծը և ներխուժել են Արցախի Փառուխ գյուղ։ Ադրբեջանի այս ագրեսիվ գործողությունները ևս մեկ անգամ վկայում են, որ պաշտոնական Բաքուն շարունակում է կոպտորեն խախտել 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, համաձայն որի` դադարեցվում էին ռազմական գործողությունները, կողմերը կանգ էին առնում զբաղեցրած դիրքերում և Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով տեղակայվում էր Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը։ Այս գործողություններին նախորդել են Ադրբեջանի կողմից Արցախը սնուցող միակ գազատարի աշխատանքի ամբողջական խափանումը, մեծ տրամաչափի զինատեսակներից քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը, արցախահայությանն ահաբեկող սպառնալիքները և էթնիկ զտմանն ուղղված այլ քայլեր։ Ավելին, Եվրոպայում անվտանգային իրավիճակի կտրուկ սրման հետ մեկտեղ Բաքվի նմանօրինակ գործողությունները լրջորեն վտանգում են տարածաշրջանային կայունությունը և խաղաղությունը։ Ակնկալում ենք, որ ռուս խաղաղապահ զորքերը, որոնց պատասխանատվության գոտում է տեղի ունենում սադրանքը, միջոցներ կձեռնարկեն, որպեսզի Ադրբեջանի զորքերը անհապաղ վերադառնան ելման դիրքեր և անշեղորեն պահպանեն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները։ Միջազգային հանրությանը կոչ ենք անում հստակ գնահատական հնչեցնել խաղաղության գործընթացը ձախողելուն ուղղված Ադրբեջանի սադրիչ գործողությունների կապակցությամբ և աջակցել Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը հասնելու ջանքերին»:
21:41 - 24 մարտի, 2022
Ադրբեջանի ՊՆ պնդմամբ՝ ռուսական կողմի հետ քննարկվել են  «Ադրբեջանի տարածքից հայկական ապօրինի զինված խմբավորումների դուրսբերման վերաբերյալ» հարցեր

Ադրբեջանի ՊՆ պնդմամբ՝ ռուսական կողմի հետ քննարկվել են «Ադրբեջանի տարածքից հայկական ապօրինի զինված խմբավորումների դուրսբերման վերաբերյալ» հարցեր

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ մարտի 22-ին նախարարի առաջին տեղակալ, ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Քերիմ Վելիևը հանդիպել է Ռուսաստանի ցամաքային զորքերի խաղաղապահ ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ, գեներալ-գնդապետ Ալեքսեյ Կիմի գլխավորած պատվիրակության հետ։  Ադրբեջանի ՊՆ փոխանցմամբ՝ հանդիպման ժամանակ  քննարկվել են Հայաստանի վարչապետի,  Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ստորագրված հայտարարության դրույթների կատարման ընթացքը, ինչպես նաև օպերատիվ իրավիճակը Արցախում (Ադրբեջանի ՊՆ ձևակերպմամբ՝ «իրավիճակը Ադրբեջանի տարածքում, որտեղ ժամակավորապես տեղակայվել են ռուս խաղաղապահները»)։ «Կողմերը մտքեր են փոխանակել, 2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտարարության 4-րդ կետի համաձայն, Ադրբեջանի տարածքից հայկական ապօրինի զինված խմբավորումների դուրսբերման վերաբերյալ»,- ասված է հաղրդագրությունում։
17:54 - 22 մարտի, 2022
Արցախի ԱԳՆ, Ուկրաինայի ԳՇ և Кyiv Independent․ մի խառնաշփոթի պատմություն

Արցախի ԱԳՆ, Ուկրաինայի ԳՇ և Кyiv Independent․ մի խառնաշփոթի պատմություն

Արցախի Հանրապետության արտգործնախարարության թվիթերյան էջում երեկ հայտարարություն է տարածվել, որով «հերքվում է Ուկրաինայի ԳՇ հայտարարությունը»։ «Ուկրաինայի Գլխավոր շտաբի հայտարարությունն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղից զինվորականներ են ժամանում Ուկրաինա, ապատեղեկատվություն է և չի համապատասխանում իրականությանը»,- ասվում է ԱԳՆ-ի թվիթում։ Մարտի 13-ին Ուկրաինայի Զինված ուժերի Գլխավոր շտաբը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ  իր կորուստները համալրելու նպատակով Ռուսաստանի ԶՈՒ-ն Լեռնային Ղարաբաղի խաղաղապահ զորախմբի մի մասը տեղափոխում է Ուկրաինա։  «Նաև, ըստ առկա տեղեկությունների, այլ երկրներից (Սիրիա, Սերբիա) ներգրավվում են  մեծ թվով վարձկան զինյալներ»,- ասվում էր հաղորդագրությունում։ ԳՇ-ն, փաստորեն, խոսել է Սիրիայից և Սերբիայից վարձկան զինյալներ Ուկրաինա տեղափոխելու մասին։ Լեռնային Ղարաբաղից զինյալներ կամ կամավորներ Ուկրաինա գնալու մասին հաղորդագրությունում ոչինչ չկա․ խոսքը միայն ՌԴ խաղաղապահ զորակազմի մի մասը տեղափոխելու մասին է։ Ուկրաինական մամուլում էլ Լեռնային Ղարաբաղից Ուկրաինա զինյալներ տեղափխվելու մասին տեղեկություն առկա է միայն Кyiv Independent-ում։ Կայքում մարտի 13-ին կարճ լուր է հրապարակվել հետևյալ բովանդակությամբ․ «Ուկրաինայի Գլխավոր շտաբ. «Ռուսաստանը զինվորականներ է բերում Սիրիայից, Սերբիայից, Լեռնային Ղարաբաղից՝ Ուկրաինայում զորքերը համալրելու համար»»։ Լուրի վրա Ուկրաինայի Զինված ուժերի ԳՇ հայտարարության ակտիվ հղումն է։ Իսկ այդ հայտարարության մեջ, ինչպես արդեն նշեցինք, հիշատակվում է միայն Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախումբը։ Кyiv Independent-ը, փաստորեն, սխալ է ներկայացրել Ուկրաինայի Գլխավոր շտաբի հայտարարությունը։ Հավանաբար այս հրապարակումն էլ առիթ է հանդիսացել Արցախի ԱԳՆ արձագանքի համար։ Այս հարցով մեկնաբանություն խնդրեցինք Արցախի Հանրապետության արտգործնախարար Դավիթ Բաբայանից, որը խնդրեց ի գիտություն ընդունել ԱԳՆ հայտարարությունն այն մասին, որ Արցախից կամավորներ չեն մեկնել Ուկրաինա։ Մեր դիտարկմանը, թե Ուկրաինայի ԳՇ հայտարարության մեջ Արցախից Ուկրաինա զինյալների կամ կամավորների տեղափոխման մասին ոչինչ չի նշվում, իսկ Кyiv Independent-ը սխալ է մեկնաբանել Ուկրաինայի ԳՇ հայտարարությունը, Բաբայանն արձագանքեց․ «Դուք հիմա Ուկրաինայի ԳՇ-ն ե՞ք ներկայացնում»։ Աննա Սահակյան
18:40 - 15 մարտի, 2022
Արցախում գազատարի վերանորոգման աշխատանքներ իրականացնելու համար ադրբեջանական կողմի հետ տարվում են բանակցություններ․ԱՀ անվտանգության խորհուրդ

Արցախում գազատարի վերանորոգման աշխատանքներ իրականացնելու համար ադրբեջանական կողմի հետ տարվում են բանակցություններ․ԱՀ անվտանգության խորհուրդ

Սույն թվականի մարտի 7-ի լույս 8-ի գիշերը Հայաստանի Հանրապետությունից Արցախ մտնող գազատար խողովակաշարի վնասման հետևանքով Արցախի Հանրապետությունում դադարեցվել է գազամատակարարումը։ Այս մասին հայտնում է Արցախի Անվտանգության խորհուրդը։ Գազատարի վնասված հատվածը գտնվում է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ։  «Արցախգազ» ՓԲԸ մասնագետների կողմից վերանորոգման աշխատանքներ իրականացնելու համար ադրբեջանական կողմի հետ տարվում են բանակցություններ, որոնց ներգրավված են Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ ուժերի ներկայացուցիչներ և Անվտանգության խորհրդի գրասենյակի աշխատակիցներ։ Ներկա դրությամբ բանակցությունները շարունակվում են։ Ընթացքի մասին հանրությանը կտրամադրվեն լրացուցիչ տեղեկություններ։
10:27 - 10 մարտի, 2022