Արցախի ԱԳՆ, Ուկրաինայի ԳՇ և Кyiv Independent․ մի խառնաշփոթի պատմություն
18:40 - 15 մարտի, 2022

Արցախի ԱԳՆ, Ուկրաինայի ԳՇ և Кyiv Independent․ մի խառնաշփոթի պատմություն

Արցախի Հանրապետության արտգործնախարարության թվիթերյան էջում երեկ հայտարարություն է տարածվել, որով «հերքվում է Ուկրաինայի ԳՇ հայտարարությունը»։

«Ուկրաինայի Գլխավոր շտաբի հայտարարությունն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղից զինվորականներ են ժամանում Ուկրաինա, ապատեղեկատվություն է և չի համապատասխանում իրականությանը»,- ասվում է ԱԳՆ-ի թվիթում։

Մարտի 13-ին Ուկրաինայի Զինված ուժերի Գլխավոր շտաբը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ  իր կորուստները համալրելու նպատակով Ռուսաստանի ԶՈՒ-ն Լեռնային Ղարաբաղի խաղաղապահ զորախմբի մի մասը տեղափոխում է Ուկրաինա։ 

«Նաև, ըստ առկա տեղեկությունների, այլ երկրներից (Սիրիա, Սերբիա) ներգրավվում են  մեծ թվով վարձկան զինյալներ»,- ասվում էր հաղորդագրությունում։

ԳՇ-ն, փաստորեն, խոսել է Սիրիայից և Սերբիայից վարձկան զինյալներ Ուկրաինա տեղափոխելու մասին։ Լեռնային Ղարաբաղից զինյալներ կամ կամավորներ Ուկրաինա գնալու մասին հաղորդագրությունում ոչինչ չկա․ խոսքը միայն ՌԴ խաղաղապահ զորակազմի մի մասը տեղափոխելու մասին է։

Ուկրաինական մամուլում էլ Լեռնային Ղարաբաղից Ուկրաինա զինյալներ տեղափխվելու մասին տեղեկություն առկա է միայն Кyiv Independent-ում։ Կայքում մարտի 13-ին կարճ լուր է հրապարակվել հետևյալ բովանդակությամբ․ «Ուկրաինայի Գլխավոր շտաբ. «Ռուսաստանը զինվորականներ է բերում Սիրիայից, Սերբիայից, Լեռնային Ղարաբաղից՝ Ուկրաինայում զորքերը համալրելու համար»»։

Լուրի վրա Ուկրաինայի Զինված ուժերի ԳՇ հայտարարության ակտիվ հղումն է։ Իսկ այդ հայտարարության մեջ, ինչպես արդեն նշեցինք, հիշատակվում է միայն Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախումբը։ Кyiv Independent-ը, փաստորեն, սխալ է ներկայացրել Ուկրաինայի Գլխավոր շտաբի հայտարարությունը։

Հավանաբար այս հրապարակումն էլ առիթ է հանդիսացել Արցախի ԱԳՆ արձագանքի համար։ Այս հարցով մեկնաբանություն խնդրեցինք Արցախի Հանրապետության արտգործնախարար Դավիթ Բաբայանից, որը խնդրեց ի գիտություն ընդունել ԱԳՆ հայտարարությունն այն մասին, որ Արցախից կամավորներ չեն մեկնել Ուկրաինա։ Մեր դիտարկմանը, թե Ուկրաինայի ԳՇ հայտարարության մեջ Արցախից Ուկրաինա զինյալների կամ կամավորների տեղափոխման մասին ոչինչ չի նշվում, իսկ Кyiv Independent-ը սխալ է մեկնաբանել Ուկրաինայի ԳՇ հայտարարությունը, Բաբայանն արձագանքեց․ «Դուք հիմա Ուկրաինայի ԳՇ-ն ե՞ք ներկայացնում»։

Աննա Սահակյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել