Հայաստան

Երևանում քննարկել են Ադրբեջանում հայատյացության ու Արցախում էթնիկ զտման վտանգի իրավիճակը

Երևանում քննարկել են Ադրբեջանում հայատյացության ու Արցախում էթնիկ զտման վտանգի իրավիճակը

«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը, որը միավորում  է քաղաքացիական հասարակության ավելի քան 60 կազմակերպություն, և Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը  մարտի 2-ին Երևանում կազմակերպեցին  «Հայատյացությունն Ադրբեջանում և էթնիկ զտման վտանգը Արցախում» խորագրով հանրային քննարկումը։  Քննարկմանը մասնակցեցին Հայաստանի կառավարության, Անվտանգության խորհրդի գրասենյակի, մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության, ՀՀ-ում հավատարմագրված դեսպանությունների, միջազգային կառույցների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Քննարկման նպատակն էր Հայաստանի պետական մարմիններին, միջազգային կառույցներին, հասարակական կազմակերպություններին ներկայացնել հայատյացության և ռասիզմի դրսևորումները Ադրբեջանում, Արցախում ստեղծված իրավիճակը, որը ակնհայտ պարունակում է էթնիկ զտումների վտանգ, և պահանջել բոլոր կառույցներից իրենց մասնակցությունն ունենալ այս իրավիճակները կանխելու և դրանց դեմ տարբեր միջազգային ատյաններում պայքարելու գործում: «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության անդամ, Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի ծրագրերի գծով փոխտնօրեն Դավիթ Ամիրյանը, ողջունելով ներկաներին ու բացելով քննարկումը, նշեց, որ քաղաքացիական հասարակությունը ունի հստակ առաքելություն՝ մշտադիտարկել տարբեր խնդիրներ, բարձրաձայնել դրանք, համագործակցել պետական և միջազգային կառույցների հետ՝ օգնելու գտնել այդ խնդիրների լուծումները։ «Քաղաքացիական հասարակության կազմակերպությունները փորձում են օգտագործել իրենց գործիքակազմը, գիտելիքը և փորձը՝ բոլոր հնարավոր կառույցներում Հայաստանի և Արցախի բնակչության ոտնահարված իրավունքների մասին բարձրաձայնելու և այդ իրավունքների վերականգմանն աջակցելու համար։ Մեր այս միջոցառումը այս  խնդիրների բարձրաձայնման շարքից է»,- նշեց Դավիթ Ամիրյանը։ ՀՀ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն իր խոսքում շեշտեց, որ քննարկման թեման առանցքային է համայն հայության համար։ «Հայատյացությունն Ադրբեջանում  առնվազն վերջին տասնամյակում ունեցել է պրոգրեսիվ աճ, և մենք, ցավոք սրտի, դրան և դրա կործանարար հետևանքներին ականատես ենք եղել։ Նմանատիպ ատելության քարոզի արդյունքները պատերազմական հանցագործություններն են, մարդկության դեմ հանցագործությունները և միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումները»,- ընդգծեց Եղիշե Կիրակոսյանը։  Նրա խոսքով, Ադրբեջանի այդ քաղաքականության հիմնական նպատակը երկրում հայատյացության մթնոլորտը պահելն է և այս տարածաշրջանում էթնիկ հայերի պատմական ներկայությունը ժխտելը։ Կիրակոսյանը հավելեց, որ Բաքվի այդ հայատյաց քաղաքականությանն ընդդիմանալու նպատակով էլ Հայաստանը նախաձեռնել է միջազգային իրավական գործընթացներ, և նմանատիպ քննարկումներ ի օգուտ են գալիս պետության կողմից ձեռնարկվող քայլերին։  ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանն իր ելույթում կարևորեց իրավապաշտպան համայնքի ու քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ուժերի ու ջանքերի համատեղումը մարդու իրավունքների պաշտպանության գործում։ Պաշտպանի խոսքով, Ադրբեջանի կողմից տարվող հայատյացության քաղաքականությունը համակարգային բնույթ ունի, որը դրսևորվել է թե՛ խորհրդային տարիներին, թե՛ Ադրբեջանի անկախացումից հետո։ Քրիստինե Գրիգորյանի խոսքով, 2020թ․-ի 44-օրյա պատերազմն ուղեկցվել է Ադրբեջանի կողմից հայերի հանդեպ թշնամանքի ու ատելության քարոզով, իսկ պատերազմից հետո այդ քարոզը ստացել է ծայրահեղ դրսևորումներ։ «Շարունակվող ատելության, հայատյացության քարոզը, պետական քաղաքականությունը փակ շղթա է, որը  գեներացվում է Ադրբեջանի բարձրագույն պետական մարմինների կողմից, այնուհետև լայն խրախուսվում է  մշակութային և հանրային գործիչների կողմից, արժանանում հանրային գովասանքի՝ շատ հաճախ թիրախավորելով անգամ երեխաներին»,- նշեց նա։ ԹԻՀԿ գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը հանդես եկավ ամփոփիչ խոսքով՝ նշելով, որ Ադրբեջանը օգտագործում է կոռուպցիան որպես ռազմավարություն միջազգային հարաբերություններում բարենպաստ դիրք ունենալու համար։ Կան մի շարք բացահայտված դեպքեր, երբ ադրբեջանական կաշառքի, այսպես կոչված «խավիարային դիվանագիտության» արդյունքում ԵԽԽՎ-ում կայացվել են մի շարք ադրբեջանամետ որոշումներ։ Ցավոք, սակայն, այս բացահայտումների շրջանակում, չի նշվում, որ կաշառված պատգամավորները աչք են փակել հնարավոր արցախյան պատերազմի վրա։ Այս ամենի համատեքստում, միջազգային գործընկերները կաշկանդված են եղել կոշտ դիրքորոշումներ հայտնելու։ Ըստ Այվազյանի՝ այն երկրները և կառույցները, որ մարդու իրավունքների և ժողովրդավարության ջատագով են, պետք է  վերջ տան երկակի ստանդարտներին և կեղծ հավասարության նշան դնելուց Հայաստանի և Ադրբեջանի միջև։ 
17:58 - 02 մարտի, 2022
Ադրբեջանական գերությունից վերադարձած մեկ անձ Հայաստանում կալանքի տակ է |fip.am|

Ադրբեջանական գերությունից վերադարձած մեկ անձ Հայաստանում կալանքի տակ է |fip.am|

fip.am: «Փաստերի ստուգման հարթակը» դիմել էր Գլխավոր դատախազությանը՝ խնդրելով տրամադրել տվյալներ այն մասին, թե 2020-ի նոյեմբերի 9-ից հետո գերությունից վերադարձած քանի՞ քաղաքացու է մեղադրանք առաջադրվել, նրանցից քանի՞սն են ձերբակալվել կամ կալանավորվել։ Ի պատասխան մեր հարցման, Դատախազությունից հայտնում են, որ 2021-ի նոյեմբերի 14-16-ին ՀՀ արևելյան սահմանին Ադրբեջանի սադրած ռազմական միջադեպի առիթով հարուցված քրեական գործի նախաքննության շրջանակներում, մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելու կասկածանքով ձերբակալվել է 8 զինծառայող, որոնցից 6-ը՝ գերությունից վերադարձած։  Նախաքննության ընթացքում որոշում է կայացվել վերը նշված զինծառայողներին որպես մեղադրյալներ ներգրավել՝ դարձյալ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով։ Հաշվի առնելով մեղադրյալների՝ մինչդատական վարույթում գործի քննությանը խոչընդոտելու բարձր հավանականությունը, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Այնուհետև, դատարանում բողոքարկման արդյունքում 5 մեղադրյալների խափանման միջոցը փոխվել է, և նրանք կալանքից դուրս են եկել։ Այսպիսով, 2022-ի փետրվարի վերջի դրությամբ նախնական կալանքի տակ է գտնվում գերությունից վերադարձած մեկ անձ։ Մինչ այդ, 2022-ի հունվարի 18-ին, որոշում է կայացվել քրեական գործից անջատել 3 մեղադրյալների վերաբերյալ գործը, որոնցից 1-ը եղել է գերությունից վերադարձած անձ։ Գործն ուղարկվել է դատարան և գտնվում է դատաքննության փուլում։ Իսկ գերությունից վերադարձած մյուս 5 զինծառայողների գործը գտնվում է նախաքննության փուլում։ «Իրավական ուղի» ՀԿ հիմնադիր Սիրանուշ Սահակյանը Fip.am-ի հետ զրույցում նշում է, որ գերության մեջ լինելու հանգամանքը պետք է հաշվի առնվեր կալանքը որպես խափանման միջոց կիրառելիս։ «Կալանքի համար կարևոր նշանակություն ունի իր՝ դատարանի առջև կանգնելուց խուսափելը և քննությանը խոչընդոտելը, հիմա այդ մարդիկ հնարավորություն են ունեցել Ադրբեջանի իշխանությունների հետ համագործակելով, տեղափոխվել երրորդ երկրներ, նրանք դա չեն արել՝ քաջատեղյակ լինելով քրեական սպառնալիքների մասին»,- ասում է Սիրանուշ Սահակյանը։  Ազգային անվտանգության ծառայությունից Fip.am-ին հայտնում են, որ փետրվարի 2022-ի փետրվարի 22-ի դրությամբ Ադրբեջանում գտնվում է 38 հայ գերի, որոնցից 3-ը քաղաքացիական անձինք են։  2020-ի նոյեմբերի 9-ից մինչ օրս Ադրբեջանից վերադարձել է 150 գերի, որոնցից 43-ը քաղաքացիական անձինք են։ Պատերազմից հետո գերիներից 1-ը տեղափոխվել է Լիբանան, բացի այդ՝ ևս 1 անձ գերությունից վերադառնալուց հետո իր ցանկությամբ տեղափոխվել է Ռուսաստան։   Շուշան Ստեփանյան 
17:18 - 02 մարտի, 2022
«Հայաստան»-ը և «Պատիվ ունեմ»-ն առաջարկում են հրավիրել Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովի նիստ |armenpress.am|

«Հայաստան»-ը և «Պատիվ ունեմ»-ն առաջարկում են հրավիրել Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովի նիստ |armenpress.am|

armenpress.am:  «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները դիմել են Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի և Արցախի Հանրապետության ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին մարտի երկրորդ տասնօրյակում միջխորհրդարանական հանձնաժողովի նիստ հրավիրելու առաջարկով։ Ազգային ժողովի իր ելույթում այս մասին հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ «Երբ աշխարհի ուշադրությունը բևեռված է ռուս-ուկրաինական պատերազմի վրա, ռիսկերը շատ մեծ են, քանզի, օգտվելով առիթից, Ադրբեջանը կարող է, եթե ոչ լայնածավալ, ապա գոնե սադրիչ գործողություններ ձեռնարկել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության դեմ։ Պատահական չէ, որ նույն օրերին ադրբեջանական ելուզակները բարձրախոսով պարտադրում էին Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի բնակիչներին լքել տարածքը, նկատի ունենալով գյուղի այգիները՝ մարդկանց ապրուստի միակ միջոցը։ Այս պայմաններում տեղին է հիշել, որ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի և Արցախի Հանրապետության ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովը, որի անհատական կազմը ձևավորվել էր դեռևս 2021 թվականի հոկտեմբերի 25-ին, ցայժմ նիստ չի հրավիրել»,- ասաց Արթուր Խաչատրյանը։ Պատգամավորը հույս հայտնեց, որ միջխորհրդարանական նիստ հրավիրելու առաջարկը չի մերժվի։ Արթուր Խաչատրյանը նաև հիշեցրեց, որ անցյալ շաբաթ նույն պահանջով Արցախի ԱԺ նախագահին են դիմել նաև Արցախի ԱԺ-ի երեք ընդդիմադիր խմբակցություններ։
17:51 - 01 մարտի, 2022
Կիևը լավ ազդակ է համարում Ժնևում Ուկրաինայի հարցով Հայաստանի քվեարկությունը |armenpress.am|

Կիևը լավ ազդակ է համարում Ժնևում Ուկրաինայի հարցով Հայաստանի քվեարկությունը |armenpress.am|

armenpress.am: Պաշտոնական Կիևը լավ ազդակ է համարում Ժնևում Ուկրաինայի հարցով Հայաստանի քվեարկությունը և հույս ունի, որ այդպիսի դիրքորոշումը կշարունակվի։ Այդ մասին Ուկրաինայի դեսպանատանը հրավիրված ասուլիսում լրագրողներին ասաց ՀՀ-ում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովը։ Հարցին` ի՞նչ քայլեր եք ակնկալում Հայաստանի Հանրապետությունից ստեղծված իրավիճակում` նկատի ունենալով, որ Հայաստանը Ռուսաստանի Դաշնության ռազմավարական դաշնակիցն է, ժամանակավոր հավատարմատարը պատասխանեց, որ Հայաստանը առայժմ չի արտահայտել իր դիրքորոշումը Ուկրաինայում ռուսական զինված ուժերի կողմից իրականացվող ռազմական գործողությունների վերաբերյալ, բայց նաև դրական գնահատեց Ժնևում փետրվարի 28-ին տեղի ունեցած քվեարկության ժամանակ Հայաստանի դիրքորոշումը։ «Հայաստանը հիմա չի արտահայտում իր դիրքորոշումը։ Այդուհանդերձ, երեկ` ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի նիստի ժամանակ, քննարկվում էր Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հարցը Ժնևում կայանալիք 49-րդ նստաշրջանի օրակարգում ընդգրկելու հարցը։ Քվեարկության արդյունքներով 47 անդամներից կողմ է քվեարկել 9 երկիր, ձեռնպահ` 13-ը, այդ թվում Հայաստանը, դեմ են քվեարկել Ռուսաստանը, Չինաստանը, Վենեսուելան, Կուբան և Էրիթրեան։ Սա առաջին դեպքն է վերջին տարիներին, երբ Հայաստանը չի աջակցում Ռուսաստանի դիրքորոշմանը։ Կարծում ենք, որ սա լավ ազդակ է և հույս ունենք, որ այսպիսի դիրքորոշումը գոնե կշարունակվի», - մեկնաբանեց Դենիս Ավտոնոմովը:
13:26 - 01 մարտի, 2022
ՀՀ քաղաքացիական ՀԿ-ները հայտարարություն են տարածել Ուկրաինայի վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական ՀԿ-ները հայտարարություն են տարածել Ուկրաինայի վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական հասարակության կազմակերպությունները հանդես են եկել հայտարարությամբ Ուկրաինայում տեղի ունեցող պատերազմի վերաբերյալ։ Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Ինքնիշխան, անկախ, ժողովրդավարական Ուկրաինայի նկատմամբ Վլադիմիր Պուտինի կողմից սանձազերծած լայնամասշտաբ, արյունաբեր պատերազմը հանցագործություն է, ինչպես ռազմական ճանապարհով կոնֆլիկտի լուծման ցանկացած այլ փորձ։ Անտեսելով միջազգային կառույցների և պետությունների ջանքերը՝ դիվանագիտական միջոցներով լուծելու գոյություն ունեցող խնդիրները, անտեսելով ոչ մի հիմնավորում չունեցող հարձակման, պատերազմի կանխմանն ուղղված առաջարկներն ու փորձերը՝ Վ․ Պուտինի հրապարակային սպառնալիքները, ագրեսիվ հռետորաբանությունը և ռազմական գործողություններ իրականացնելուն ուղղված հրամանները հանգեցրել են մի իրավիճակի, որն իր հետևանքներով աննախադեպ է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո մարդկային քաղաքակրթության պատմության ողջ ընթացքում։ Ռուսաստանի գործողությունները որևէ ընդհանրություն չունեն ցանկացած իրավական պետության նորմերի և արժեքների հետ։ Ավելին, Վ․ Պուտինն իր սանձազերծած պատերազմով մարտահրավեր է նետում ողջ մարդկային քաղաքակրթության գոյությանը։ Մեզ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներիս համար առավել քան ակնառու են պատերազմի միջոցով որևէ խնդրի լուծման դառը հետևանքները, որոնց առնչվեցինք 2020 թ․ սեպտեմբերի 27-ին Ալիևի վարչակազմի սանձազերծած 44-օրյա պատերազմի ընթացքում։ Հաշվի առնելով հնարավոր և իրական ռիսկերը՝ ներքաշելու Հայաստանի Հանրապետությանը Ուկրաինայի նկատմամբ ագրեսիվ պատերազմին, մենք՝ ներքոնշյալ կազմակերպություններս և անհատներս, հրապարակավ պահանջում ենք ՀՀ Կառավարությունից ոչ միայն դատապարտել Ուկրաինայի նկատմամբ սանձազերծած պատերազմը պուտինյան ռեժիմի կողմից, այլև կանխել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ներքաշումը այդ հակամարդկային և հակաքաղաքակրթական հանցավոր արկածախնդրության մեջ։ Հայաստանի Հանրապետության իշխանությունները պարտավոր են հետևողական լինել և ելնել իրենց կողմից բազմիցս հնչեցրած սկզբունքից, որ ցանկացած խնդիր պետք է լուծվի միմիայն խաղաղ ճանապարհով, և ոչ թե ուժի կիրառման սպառնալիքի ու պատերազմի միջոցով։ Միաժամանակ ՀՀ իշխանություններից պահանջում ենք անհրաժեշտ ջանքեր կիրառել՝ պատերազմական գործողություններից տուժած քաղաքացիներին մարդասիրական օգնություն տրամադրելու համար։ Հայտարարությանը միանալու համար խնդրում ենք լրացնել Ձեր տվյալները՝ այստեղ»։ 1. Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ 2. «Ասպարեզ» լրագրողների ակումբ 3. Կանանց իրավունքների տուն 4. Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն ՀԿ 5. Խաղաղության երկխոսություն ՀԿ 6. Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ 7. «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոն ՀԿ 8. Հայ առաջադեմ երիտասարդություն ՀԿ 9. «Ռեստարտ Գյումրի» նախաձեռնությունների կենտրոն ՀԿ 10. Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ 11. Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ 12. Փինք իրավապաշտպան ՀԿ 13. Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիա 14. Հայաստանի կինոգետների և կինոլրագրողների ասոցիացիա 15. Հանրային լրագրության ակումբ 16. Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն ՀԿ 17. Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն 18. Գայանե Շագոյան
14:38 - 27 փետրվարի, 2022
Հայատյացությունը և ուժի կիրառման սպառնալիքը շարունակում է մնալ Ադրբեջանի պետական քաղաքականությունը. ՀՀ ԱԳՆ-ն՝  Սումգայիթում իրագործված հայերի ջարդերի 34-րդ տարելիցի կապակցությամբ

Հայատյացությունը և ուժի կիրառման սպառնալիքը շարունակում է մնալ Ադրբեջանի պետական քաղաքականությունը. ՀՀ ԱԳՆ-ն՝ Սումգայիթում իրագործված հայերի ջարդերի 34-րդ տարելիցի կապակցությամբ

34 տարի առաջ՝ փետրվարի 27-29-ը, Ադրբեջանական ԽՍՀ իշխանությունների ծրագրմամբ և իրավապահների թողտվության պայմաններում իրականացվեցին Սումգայիթ քաղաքի հայ բնակչության ջարդերը, որոնց զոհ գնացին հարյուրավոր հայեր, այդ թվում՝ կանայք, երեխաներ և ծերեր, իսկ հազարավորները` բռնի տեղահանվեցին։ Այս մասին ասված է ՀՀ ԱԳՆ-ի՝ Սումգայիթում հայերի ջարդերի 34-րդ տարելիցի կապակցությամբ արված հայտարարության մեջ: «Հայերի դեմ կազմակերպված զանգվածային սպանությունները և խոշտանգումները, որոնք նպատակ ունեին բռնի ուժով ճնշելու Արցախի հայության ժողովրդավարական կամարտահայտումը և առկա իրավական մեխանիզմների հիման վրա իր ինքնորոշման անքակտելի իրավունքի իրացումը, հետագայում շարունակվեցին Բաքվում, Կիրովաբադում և Ադրբեջանի այլ հայաշատ բնակավայրերում. Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից իր հայրենիքում ազատ և անվտանգ ապրելու կամքի բարձրաձայնմանն Ադրբեջանը պատասխանեց հայերի նկատմամբ հավաքական պատժի քաղաքականության իրագործմամբ, որը հետագայում վերաճեց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ լայնածավալ պատերազմի սանձազերծման։ Սումգայիթում տեղի ունեցած հայերի ջարդերը միջազգային լայն արձագանք ստացան, համապատասխան դատապարտող բանաձև ընդունվեց Եվրոպական խորհրդարանի կողմից։ Շարունակելով նույն քաղաքականությունը՝ 2020 թ. սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ ագրեսիայի ընթացքում ադրբեջանական զինված ուժերն ամբողջական էթնիկ զտումների ենթարկեցին իրենց վերահսկողության ներքո հայտնված բոլոր հայկական բնակավայրերը՝ դաժան հաշվեհարդար տեսնելով բազմաթիվ պատանդառված քաղաքացիական անձանց և ռազմագերիների նկատմամբ, ոչնչացվեցին և վանդալիզմի ենթարկվեցին հայկական մշակութային և կրոնական կոթողներ ու սրբավայրեր։ 2021թ. դեկտեմբերի 7-ին ՄԱԿ-ի Միջազգային դատարանի կողմից «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի շրջանակներում հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ որոշումը ցույց տվեց, որ Սումգայիթի ոճրագործությունից ավելի քան երեք տասնամյակ անց Ադրբեջանի կողմից շարունակվում է հայերի նկատմամբ ռասայական ատելության և հայկական մշակութային ժառանգության ոչնչացման քաղաքականությունը: Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում Սումգայիթում և այլ բնակավայրերում իրագործված զանգվածային հանցագործությունների անմեղ զոհերի հիշատակին և արձանագրում, որ հայատյացությունը և ուժի կիրառման սպառնալիքը շարունակում է մնալ Ադրբեջանի պետական քաղաքականությունը, ինչն ակնհայտորեն հակասում է խաղաղ, զարգացող և կայուն տարածաշրջան ունենալուն ուղվված տարածաշրջանային և միջազգային ջանքերին»,- ասված է հայտարարության մեջ:
12:45 - 27 փետրվարի, 2022
ՌԴ-ի համար կարևոր է, որ ՀՀ-ն իրեն անվտանգ զգա. Կոպիրկինի հարցազրույցն Ուկրաինայում գործողությունների շուրջ |armenpress.am|

ՌԴ-ի համար կարևոր է, որ ՀՀ-ն իրեն անվտանգ զգա. Կոպիրկինի հարցազրույցն Ուկրաինայում գործողությունների շուրջ |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանը չի պատրաստվում օկուպացնել Ուկրաինան: Ռուսական կողմը շահագրգռված է ունենալ անկախ՝ այդ թվում և արտաքին կառավարումից անկախ, բարեկեցիկ հարևան պետություն, որը կներկայացնի ուկրաինական հասարակության բոլոր հատվածների շահերը: Այս մասին ասաց Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Անդրադառնալով մտավախությանն այն մասին, որ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակից հետո Ադրբեջանը կարող է օգտվել առիթից և լարել իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին՝ դեսպանը հիշեցրեց, որ Ռուսաստանի համար թանկ են Հայաստանի հետ հարաբերությունները: Նրա խոսքով՝ կարևոր է, որ հայ ժողովուրդն իրեն անվտանգ զգա, իսկ դրա երաշխավորը հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններն են: Ստորև ներկայացնում ենք հարցազրույցն ամբողջությամբ.  - Պարոն դեսպան, խնդրում եմ ներկայացրեք մեր ընթերցողներին՝ ի՞նչ է այժմ տեղի ունենում Ուկրաինայում: - Լիարժեքորեն հասկանալու համար, թե ինչ է այնտեղ տեղի ունենում, անհրաժեշտ է գոնե ընդհանուր գծերով պատկերացնել հարցի նախապատմությունը: Նախ և առաջ, պետք է գիտակցել, թե որոնք են Կիևի ներկայիս վարչակազմի ակունքները: Իսկ դրանք 2014 թվականին տեղի ունեցած արյունալի պետական հեղաշրջման մեջ են, որի շարժիչ ուժը ազգայնական և նեոնացիստական տարրերն էին: Դրա մանրամասներն ու հանգամանքները դեռ խորը և օբյեկտիվ հետաքննության կարիք ունեն, այդ թվում և արտաքին ուժերի կողմից այս գործում ունեցած մասնակցության մասով: Հեղաշրջումից հետո, արտաքին կոշտ կառավարման ներքո,  վերջնականապես որոշվեց ընտրել Ուկրաինայից «հակա-Ռուսաստան» ձևավորելու ուղղությունը՝  հենվելով ակնհայտ նեոնացիստական ուժերի վրա, որոնք էլ իշխանություններին թելադրում էին վարքի կանոնները: Դրա հետ մեկտեղ Ուկրաինայում ավելի ակնհայտ սկսեց դրսևորվել «Արևմուտքի ընդհանուր գիծը», իսկ ավելի հստակ՝ ԱՄՆ-ի գիծը՝  մեր սահմանների երկայնքով ստեղծելով հակառուսական «կորդոն»՝ օգտագործելով հասարակական կազմակերպությունների ու ԶԼՄ-ների կողմից վերահսկվող ֆինանսական հոսքերը, ներքաղաքական գործընթացներին բացահայտ միջամտությունները, պարտադրելով սեփական արժեհամակարգերն ու պետականաշինության պատկերացումները: Այդ ընթացքում կանգ չառնելով «խնամարկյալ» երկրներին ու դրա ժողովուրդներին պատմական, հոգևոր, մշակութային ավանդույթները պարտադրելու առաջ: «Հետմայդանային» Ուկրաինայի կյանքում գրեթե անմիջապես սկսեցին ի հայտ գալ նաև ավելի անհանգստացնող երևույթներ. նեոնացիզմի ու շովինիզմի ի հայտ գալը, այլախոհների հետապնդումները, ովքեր խոսում էին ոչ այն լեզվով և դավանում էին ոչ այնպես, ինչպես «իսկական ուկրաինացու» համար «ճիշտ» էին համարում Կիևի իշխանությունները: «Արտաքին սպառնալիքի» պատրվակով տեղի էր ունենում ժողովրդավարության բոլոր նորմերի ու մարդու իրավունքների ցինիկ խախտում: Գլխավոր հարվածը ստացան ազգային փոքրամասնությունները: Հիմնական թիրախ ընտրվեցին ռուսներն ու ռուսալեզու քաղաքացիները (ինչի մասին է այսպես կոչված օրենքը բնիկ ժողովուրդների մասին): Այս ֆոնին խոսուն է Արևմուտքի և նրանց կողմից վերահսկող միջազգային կառույցների լռությունը: Ըստ էության, արևմտյան գործընկերներն արդեն չէին էլ թաքցնում, որ Ռուսաստանի ու ռուսների նկատմամբ համամարդկային արժեքները դուրս են մղվել աշխարհաքաղաքական մոտեցումներից ելնելով: Քաջ հայտնի է, որ «հետմայդանային» Ուկրաինայում ռուսական ամեն բան ճնշելու այս գիծն էլ Ղրիմի բնակիչների՝ հօգուտ Ռուսաստանի արված սուվերեն ընտրության և Ուկրաինայի հարավ-արևելքում տեղի ունեցած զարգացումների հիմնական պատճառը դարձավ: Հատկանշական է, որ Կիևի իշխանությունների այս նողկալի առանձնահատկություններն ուկրաինացի ընտրողն ինքն էլ չէր ընդունում: Հիշեցնեմ, որ գործող նախագահն ընտրություններում հաղթեց հենց խաղաղության ու «նորմալ իրավիճակին վերադառնալու» խոտումների շնորհիվ:  Այս կարգախոսներն այնքան գրավիչ թվացին, որ քաղաքականության մեջ նորեկ Վ. Ա. Զելենսկին երկրորդ փուլում հավաքեց ավելի քան 73 տոկոս: Այդուհանդերձ, պետության գլուխը դառնալով՝ նա ակնհայտորեն չգտավ ոչ ուժ, ոչ քաղաքական կամք՝ կյանքի կոչելու իր խոստումներն ու ժամանակի հետ ավելի շատ վերածվեց, ինչպես շատերն են կարծում, «Պորոշենկոյի ավելի վատ պատճենի»: Ձևականորեն փոխելով իշխանությունը՝ ուկրաինացիներն ըստ էության չկարողացան ոչինչ փոխել, չստացան այն, ինչն ակնհայտորեն ուզում էին և հանուն ինչի ճնշող մեծամասնությունը քվեարկեց ընտրություններում: Ինչպես երևի թե գիտեք, Ուկրաինայի հարավ-արևելքում հակամարտության (ցավոք տեղի չունեցած) կարգավորման գործում կարևորագույն քայլ պետք է դառնային 2015 թվականի Մինսկի համաձայնությունները կամ Մինսկ-2-ը: Դրա բովանադակությունն իրենից ներկայացնում էր փոխզիջումային պայմանավորվածություն հակամարտող կողմերի միջև (Ուկրաինայի և այն ժամանակ չճանաչված Դոնբասի հանրապետությունների միջև): Ռուսաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի ու Ուկրաինայի առաջնորդներն իրենց հռչակագրերով աջակցություն հայտնեցին դրան, իսկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից 2015 թվականի փետրվարի 17-ին 2202 բանաձևի հաստատումը Մինսկ-2-ը վերածեցին միջազգային իրավունքի փաստաթղթի: Կողմերը պարտավորվում էին ջոկատները դուրս բերել շփման գծից և հակամարտության գոտում չտեղակայել ծանր զինատեսակներ: Այս սահմանափակումների պահպանման վերահսկողությունը պետք է իրականացնեին ԵԱՀԿ դիտորդները: Ուկրաինան պարտավորվում էր ընդունել օրենք Լուգանսկի և Դոնեցկի շրջանների հատուկ կարգավիճակի մասին, ընտրություններ անցկացնել այնտեղ ու անգամ համաներում հայտարարել բախումների մասնակիցների նկատմամբ, ինչպես նաև երկրի սահմանադրության մեջ ամրագրել ապակենտրոնացման սկզբունքը՝ հաշվի առնելով մարզերի օրինական իրավունքները: Ընտրություններից հետո ուկրաինական իշխանությունները վերահսկողություն կստանային արևելյան սահմանի նկատմամբ, այսինքն, հակամարտությունը վերջնականապես կարգավորված կլիներ: Տեքստը շատ հստակ է և միանշանակ: Սակայն Կիևի իշխանությունները գործնականում անմիջապես սկսեցին հետ կանգնել սեփական պարտավորություններից: Բացահայտորեն բարձրաձայնվում էին Դոնբասի հանրապետությունների դեմ բլիցկրիգի ծրագրերը: Ութ տարի խաղաղ բնակչությունը ստիպված էր ապրել ուկրաինական զինված ուժերի նշանառության ու կրակի տակ: Հանրապետություններում ակտիվորեն գործում էին ուկրաինական դիվերսիոն խմբերը: Ռուսաստանն արել է հնարավոր ամեն բան՝ պահպանելու հարևան երկրի տարածքային ամբողջականությունը: Երկար տարիներ Մոսկվան համառորեն պայքարում էր Մինսկի համաձայնությունների կյանքի կոչման օգտին՝ հաղթահարելով թե՛ Կիևի ռեժիմի, թե նրա արևմտյան հովանավորների դիմադրությունը: Մենք նախազգուշացնում էինք, մենք ասում էինք բոլոր հարթակներից, որ Մինսկ-2-ը միակ ուղին է Ուկրաինայի համար՝ մնալու գոյություն ունեցող սահմաններով: Սակայն ամեն բան ապարդյուն: - Ի՞նչը թույլ չտվեց Մինսկի համաձայնություններին դառնալ ստեղծված իրավիճակի ելքը: Չէ՞ որ խոսքի մակարդակում բոլորը երդվեցին հավատարիմ մնալ դրա դրույթներին:  - Նախ և առաջ, թույլ տվեք նկատել՝ դուք ճիշտ ձևակերպեցիք՝ «խոսքի մակարդակում»: Գործնականում Մինսկ-2-ի դրույթներին հետևում էին հիմնականում դոնբասցիները: Ինչ վերաբերում է Կիևի ռեժիմին, ապա դրա ներկայացուցիչները չէին էլ թաքցնում, որ չեն պատրաստվում կյանքի կոչել Մինսկի համաձայնությունները: Նրանք մերժում էինք սեփական պարտավորությունները, առաջարկում վերաշարադրել համաձայնության տեքստը (այսինքն, կրկին այնտեղից հանել ամեն բան, որը պետք է կատարեր ուկրաինական կողմը), Արևմուտքից խնդրում էին օգնություն և մեր դեմ նոր պատժամիջոցներ, իսկ Ռուսաստանից՝ զիջումներ: Եվ սա այն դեպքում, երբ մեր երկիրն անգամ Մինսկի համաձայնությունների կողմ չէ (ինչում շատ հանգիստ կարող է համոզվել ցանկացած ոք, ով կկարդա դրա տեքստը, այն հասանելի է): Միևնույն ժամանակ, Գերմանիան և Ֆրանսիան, որոնք Մինսկի երաշխավորներն են, առհասարակ հավաքական Արևմուտքը, ըստ էության, պաշտպանում էին Կիևին՝ նախընտրելով չնկատել այն ակնհայտ ցեղասպանությունը, որն իրականացվում էր Կիևին չենթարկվող Դոնբասի բնակչության նկատմամբ. խոսքը գրեթե չորս միլիոն մարդու մասին է: Ցանկացած քննադատություն և պահանջ մշտապես հասցեագրվում էր դոնբասցիներին և Ռուսաստանին:  Հանրապետության բնակիչների արյան վրա այս աբսուրդի թատրոնը չէր կարող հավերժ շարունակվել: Եվ երբ ուկրաինական իշխանություններն ակնհայտորեն ի ցույց դրեցին խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու մտադրությունը, Ռուսաստանը ստիպված եղավ միջամտել: Մեզ այլ ելք չթողեցին: Չթողեցին նաև այն պատճառով, որ Արևմուտքի և նեոնացիստների ձեռքերով ձևավորված «հակա-Ռուսաստանը» բառացիորեն դարձավ Ռուսաստանի «քունքին ուղղված լիցքավորված ատրճանակ»: Նախագահ Վ. Վ. Պուտինի խոսքով՝ «հատեցին կարմիր գիծը», մեր պետության համար գոյաբանական սպառնալիք առաջացավ՝ կապված դեպի մեր սահմաններ ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքների առաջխաղացմամբ, դաշինքի կողմից ուկրաինական տարածքի ռազմական յուրացմամբ, Կիևին մահացու սպառազինության տրամադրմամբ: Եվ այս ամենն Արևմուտքի կողմից անվտանգության ոլորտում մեր մտահոգությունների և առաջարկների նկատմամբ բացահայտ ցինիկ արհամարհանքի ֆոնին: Ի վերջո, Կիևի կողմից բարձրաձայնված մտադրությամբ՝ ձեռք բերելու միջուկային զենք: Ոչ ոք չի պատրաստվում օկուպացնել Ուկրաինան: Ռազմական գործողությունների նպատակը, և այդ մասին հստակ հայտարարել է Ռուսաստանի նախագահը, Դոնբասի ժողովրդին փրկել ցեղասպանությունից և ապահովել Ուկրաինայի դեմիլիտարիզացիան ու դենացիֆիկացիան: Մենք շահագրգռված ենք ունենալու անկախ՝ այդ թվում և արտաքին կառավարումից, բարեկեցիկ հարևան պետություն՝ ներկայանալի ու պատասխանատու իշխանությամբ: Իշխանություն, որը կներկայացնի ուկրաինական հասարակության բոլոր հատվածների շահերը, որը գործնականում գնահատում է երկրի ինքնիշխանությունը: Սեփական, այլ ոչ թե դրսից պարտադրված հետաքրքրություններով, արժեքներով ու քաղաքականությամբ: Վստահ եմ՝ նման Ուկրաինայի, ինչպես և նմանօրինակ այլ երկրների հետ Ռուսաստանը կունենա բարեկամական ու կառուցողական հարաբերություններ՝ ի բարօրություն երկու երկրների ու դրանց ժողովուրդների: Ի դեպ, Ռուսաստանի իրական վերաբերմունքը մեզ համար եղբայրական Ուկրաինայի հանդեպ հստակորեն ի ցույց դրվեց ռուսական ղեկավարության ընտրած գործողության անցկացման մարտավարությամբ, որը ենթադրում է զգուշավոր վերաբերմունք քաղաքացիական բնակչության նկատմամբ և հարգանքի ցուցաբերում զենքը ցած դրած ուկրաինացի զինվորականների հանդեպ: - Ուկրաինայի շուրջ իրադարձությունների ֆոնին կա մտավախություն, որ Ադրբեջանը, օգտվելով իրադրությունից, կարող է լարել իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին: Ռուսաստանն արդյոք դիտարկում է Բաքվի կողմից նման քայլի հնարավորությունը և ինչպիսի՞ քայլեր եք ձեռնարկում՝ թույլ չտալու Հարավային Կովկասում լարվածության նոր օջախի ի հայտ գալը: - Դուք լավ գիտեք, որ մեզ համար թանկ են երկու երկրների հետ մեզ կապող հարաբերությունները և դրանք դիտարկում ենք որպես կարևոր գործոն՝ տարածաշրջանում պահպանելու անվտանգությունն ու խաղաղությունը: Հատկապես այն պատճառով, որ դա թույլ է տալիս Ռուսաստանին միջնորդի դեր խաղալ արդեն առկա ու ի հայտ եկող խնդիրների կարգավորման գործում: Մենք այս գործոնն օգտագործում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված մեր ակտիվ ջանքերում, այդ թվում և սահմանային հարցերի կարգավորումը, տարածաշրջանի խաղաղ ու անվտանգ զարգացման համար պայմանների ստեղծումը: Բնականաբար, շատ կարևոր է, որ այս ջանքերը ամրապնդվեն երկու կողմերի քաղաքական կամքով, նրանց պատրաստակամությամբ՝ փոխընդունելի լուծումներ և պայմանավորվածություններ որոնելու հարցում: Երևանի ու Բաքվի հետ ակտիվորեն աշխատում ենք դրա շուրջ: Եվ իհարկե, մեզ համար կարևոր է, որ Հայաստանը, հայ ժողովուրդն իրենց անվտանգ զգան: Դրա երաշխավորը մեր դաշնակցային հարաբերություններն են, մեր երկրների՝ դրանք խորացնելու ու ամրապնդելու ուղղվածությունը: Ավելին՝ armenpress.am-ում
17:31 - 26 փետրվարի, 2022
Արցախի պաշտպանը շնորհավորել է ՀՀ իր նորանշանակ գործընկերոջը

Արցախի պաշտպանը շնորհավորել է ՀՀ իր նորանշանակ գործընկերոջը

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը շնորհավորել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Ուղերձում Ստեփանյանը նշել է․ Հայաստանի և Արցախի համար այս դժվարագույն ժամանակահատվածում չափազանց կարևոր է մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունների կողմից օպերատիվ, մարդակենտրոն և իրավունքակենտրոն գործունեությունը՝ հիմնված իրավահավասարության, անկողմնակալության, հրապարակայնության, թափանցիկության կարևորագույն սկզբունքների վրա։ Այն իրողությունները, որի պայմաններում ապրում ենք մենք Հայաստանում և Արցախում, ստիպում են առավել մեծ ջանքեր ներդնելու արտաքին գործոններից եկող՝ մասնավորապես Ադրբեջանի կողմից Հայաստանում և Արցախում ապրող մարդկանց իրավունքների համատարած խախտումների արձանագրման, միջազգային կառույցներին իրազեկելու ու դրանց դեմ պայքարելու համար։ Նախորդ տարիների ընթացքում Արցախի և Հայաստանի ՄԻՊ կառույցների միջև հաստատվել են ինստիտուցիոնալ բարձր մակարդակի հարաբերություններ, որոնք անկախ Պաշտպանների փոփոխությունից շարունակել են զարգանալ և կատարելագործվել։ Այդ համագործակցությունը լավագույնս դրսևորվել է թե՛ 2016 և 2020թթ․ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիաների ընթացքում իրականացված լայնածավալ փաստահավաք աշխատանքների ընթացքում, թե՛ առօրյա գործունեության մեջ տարաբնույթ հարցերի շուրջ կարծինքների փոխանակման և խորհրդակցությունների տեսքով։ Մարդու իրավունքների նոր պաշտպան Քրիստիննե Գրիգորյանի մասնագիտական ու մարդկային որակները և արդյունավետ աշխատանքը նոր խթան են լինելու ձևավորված համագործակցությունը շարունակելու և փոխգործակցության նորանոր բնագավառներ ընդգրկելու համար։
13:51 - 26 փետրվարի, 2022
Բաքվի հետ համաձայնագիրը չի ազդի Հայաստանի հանդեպ Ռուսաստանի պարտավորությունների վրա. Զախարովա
 |1lurer.am|

Բաքվի հետ համաձայնագիրը չի ազդի Հայաստանի հանդեպ Ռուսաստանի պարտավորությունների վրա. Զախարովա |1lurer.am|

1lurer.am:  Ռուսաստանի և Ադրբեջանի դաշնակցային համագործակցության շուրջ համաձայնությունը ոչ մի կերպ չի ազդի ՀԱՊԿ-ի և երկկողմանի համաձայնագրերի շրջանակներում Հայաստանի հանդեպ Ռուսաստանի պարտավորությունների վրա։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Մենք համարում ենք, որ այս փաստաթղթի՝ հռչակագրի ստորագրումը, ոչ մի կերպ որևէ խնդիր չի ստեղծում Հայաստանի հետ Ռուսաստանի դաշինքի համար որևէ ուղղությամբ։ Մենք կկատարենք մեր բոլոր երկկողմ պարտավորությունները Երևանի նկատմամբ, որը մեր վաղեմի և մերձավոր դաշնակիցն է։ Եվ, մեր կարծիքով, Բաքվի հետ նշված հռչակագրի ստորագրումը թույլ կտա, ինչպես ասացի, ամրապնդել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև եռակողմ համագործակցությունը, այդ թվում՝ անվտանգության, Անդրկովկասում տնտեսական և հումանիտար համագործակցության հարցերում»,- ասել է Զախարովան։  «Ավելին, մենք մշտապես թարմացնում ենք Հայաստանի հետ երկկողմ օրենսդրական դաշտը, որը ներկայումս ներառում է շուրջ 200 փաստաթուղթ, այդ թվում՝ հաշվի առնելով տարածաշրջանում փոփոխված աշխարհաքաղաքական իրողությունները»,- հավելել է նա։
11:42 - 26 փետրվարի, 2022
ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարները հանդիպել են

ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարները հանդիպել են

Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 25-ին հանդիպել է ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ: Այս մասին հայտնում են ՊՆ-ից։ Հանդիպման ընթացքում կարծիքներ են փոխանակվել միջազգային և տարածաշրջանային անվտանգության խնդիրների շուրջ։ Քննարկվել են հայ-ռուսական երկկողմ և բազմակողմ ձևաչափով ռազմական համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: Կողմերը բարձր են գնահատել հայ-ռուսական դաշնակցային համագործակցության և քաղաքական երկխոսության դինամիկան, Ռուսաստանի Դաշնության դերն ու ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի կայունացմանը, ինչպես նաև Արցախում իրականացվող ՌԴ խաղաղապահ առաքելության արդյունավետությունը: Քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ զինված ուժերի արդիականացմանն ու բարեփոխումների ընթացքին: Հանդիպման ավարտին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուին հրավիրել է պաշտոնական այցով ժամանել Հայաստան: Նույն օրը, Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը ծաղկեպսակ է դրել Անհայտ զինվորի հուշահամալիրին:    
19:28 - 25 փետրվարի, 2022
Օրեցօր ամրապնդվող ռուս-թուրք-ադրբեջանական դաշինքը մահացու սպառնալիք է հայության և Հայաստանի համար․ ԱԺԲ

Օրեցօր ամրապնդվող ռուս-թուրք-ադրբեջանական դաշինքը մահացու սպառնալիք է հայության և Հայաստանի համար․ ԱԺԲ

«Ազգային-Ժողովրդական բևեռ»-ի խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Ռուսաստանի Դաշնության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ դաշնակցային համագործակցության մասին 2022 թ. փետրվարի 22- հռչակագրի 11-րդ կետով Ռուսաստանը և Ադրբեջանը պարտավորվում են վճռականորեն ճնշել իրենց տարածքում գտնվող կազմակերպությունների և անհատների գործունեությունը՝ ուղղված մյուս կողմի պետական ​​ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության դեմ:   Ավելի պարզ ասած` այս դրույթով Ռուսաստանը պարտավորվում է իր տարածքում պատասխանատվության ենթարկել բոլոր կազմակերպություններին ու անհատներին, որոնք խոսքով և/կամ գործով կհակառակվեն, որ Արցախը, Գարդմանքը կամ Նախիջևանը լինեն Ադրբեջանի կազմում։ Օրինակ, եթե մեկն ասի, որ Արցախը պատկանում է Հայաստանին, կամ այդպիսի գրառում պարունակող պաստառով փողոց դուրս գա, ապա նրան կենթարկեն պատասխանատվության։   Ռուսաստանը և Ադրբեջանը փաստորեն վերաթարմացնում և վերահաստատում են 1921 թ. մարտի 16-ի Մոսկվայի պայմանագրի 8-րդ հոդվածով և 1921 թ. հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրի 10-րդ հոդվածով Ռուսաստանի և Թուրքիայի միջև ստանձնած նույնպիսի պարտավորությունները, որոնք մոռացվել էին սառը պատերազմի ժամանակ, բայց հիմա նորից ասպարեզ են բերվում, քանի որ Ռուսաստանը, Թուրքիան և նրանց ծնած Ադրբեջան անունով արհեստական կազմավորումը դարձյալ դաշինք են կազմել ընդդեմ Հայաստանի։ Օրեցօր ամրապնդվող ռուս-թուրք-ադրբեջանական դաշինքը մահացու սպառնալիք է հայության և Հայաստանի համար։   Քանի դեռ ունենք ժամանակ և հնարավորություն, ազգային աղետը կանխելու համար պարտավոր ենք ոտքի կանգնել, համախմբվել, հեռացնել թշնամի դաշինքին ծառայող ազգադավ ռեժիմին և ստեղծել ազգային կառավարություն»։
13:05 - 25 փետրվարի, 2022
ՌԴ ԱԳՆ-ն Բաքվի պահանջով իր գրառումից հեռացրել է «Արևելյան Հայաստան» եզրույթը |fip.am|

ՌԴ ԱԳՆ-ն Բաքվի պահանջով իր գրառումից հեռացրել է «Արևելյան Հայաստան» եզրույթը |fip.am|

fip.am: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը խմբագրել է իր գրառումը, որով Նախիջևանի և Երևանի խանությունների տարածքը նշվում էր որպես Արևելյան Հայաստանի մաս։ Փետրվարի 23-ին Ռուսաստանի ԱԳՆ-ն Ռուսական Կայսրության և Պարսկաստանի միջև 1828 թվականին Թուրքմենչայի պայմանագրի կնքման օրվա առթիվ ֆեյսբուքյան գրառում էր արել, որում, մասնավորապես, պարսկական տիրապետության տակ գտնվող Երևանի և Նախիջևանի խանությունները ներկայացվում էին որպես Արևելյան Հայաստան։ «Ռուսական կայսրության տիրապետության տակ անցան Երևանի և Նախիջևանի խանությունները (Արևելյան Հայաստան)։ Պարսկաստանը պարտավորվեց չխոչընդոտել հայերի վերաբնակեցումն այդ խանությունների տարածքում ստեղծված Հայկական մարզում, ինչը նպաստեց հայ ժողովրդի միավորմանը Ռուսական կայսրության կազմում»,- նշված էր ՌԴ ԱԳՆ հրապարակման մեջ։ Այս գրառումն առաջացրեց սոցմեդիայի ադրբեջանցի օգտատերերի զայրույթը, որոնք «գրոհել էին» գրառման մեկնաբանությունների տիրույթը։ Իսկ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը պահանջեց ՌԴ ԱԳՆ-ից հեռացնել ֆեյսբուքյան գրառումից «Արևելյան Հայաստան» եզրույթը։ «Անհրաժեշտ ենք համարում վերացնել թույլ տրված խեղաթյուրումը և ակնկալում նշված ոչ հավաստի տեղեկատվության ուղղումը Ռուսաստանի ԱԳՆ-ի սոցմեդիայի պաշտոնական Էջում»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ։ ՌԴ ԱԳՆ-ն դրանից հեռացրել է «Արևելյան Հայաստան» եզրույթը՝ փաստացի, կատարելով Բաքվի պահանջը։  Հատկանշական է, որ հրապարակումն արվել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Մոսկվա կատարած պաշտոնական այցի օրը, որի ընթացքում ՌԴ-ի և Ադրբեջանի միջև ստորագրվել էր դաշնակցային համագործակցության մասին հռչակագիր։ Դրանով կողմերը, ի թիվս այլի, պարտավորվում են պաշտպանել միմյանց տարածքային ամբողջականությունը։ Մասնավորապես, պայմանագրի 11-րդ կետով սահմանվում է, որ կողմերը «վճռականորեն կասեցնում են իրենց տարածքներում կազմակերպությունների ու անձանց գործունեությունը, որն ուղղված է կողմերից որևէ մեկի ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության դեմ»։  1828-ին Ռուսաստանի և Պարսկաստանի միջև կնքված Թուրքմենչայի պայմանագրով Ռուսաստանին անցավ Արևելյան Հայաստանի մեծ մասը, ներառյալ՝ մինչ այդ Պարսկաստանին ենթակա Նախիջևանի և Երևանի խանությունները։ Մինչ այդ, 1813-ի Գյուլիստանի պայմանագրով Ռուսաստանի տիրապետության տակ էին անցել Արևելյան Հայաստանի մյուս տարածքները՝ Արցախը, ներկայիս Սյունիքի մարզի զգալի մասը, ներկայիս Տավուշի, Լոռու և Շիրակի մարզերը՝ մասամբ։   Նանե Մանասյան
12:57 - 25 փետրվարի, 2022
Ալեն Սիմոնյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահին

Ալեն Սիմոնյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահին

Նախագահի լիազորություններն իրականացնող Ալեն Սիմոնյանը փետրվարի 24-ին ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Մարինա Կալյուրանդի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում է նախագահի կայքը։ «Ողջունելով հյուրերին՝ Ալեն Սիմոնյանը երախտագիտություն է հայտնել Մարինա Կալյուրանդին և Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչևին, Ադրբեջանի հարցերով մշտական զեկուցող Ժելյանա Զովկոյին` անաչառ դիրքորոշման ու Հարավային Կովկասում ճգնաժամերը խաղաղ ճանապարհով լուծելուն միտված շարունակական ջանքերի համար։ Նախագահի պաշտոնակատարը վերահաստատել է, որ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության ու ԵՄ անդամ երկրների միջև գործընկերային հարաբերությունների խորացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է։ Կողմերն անդրադարձել են տարածաշրջանի խաղաղության և անվտանգության հիմնահարցերին՝ կարևորելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի շարունակականությունը։ Այս համատեքստում շեշտվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների ամբողջական իրականացումը, ինչպես նաև ադրբեջանական կողմից վերջիններիս խախտումների հետևանքների վերացումը, այդ թվում՝ հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների վերադարձը, հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանումը, Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինուժի դուրսբերումը։ Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև Երևանում օրերս կայացած ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի երկրորդ նիստի և «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի ու մշտական հանձնաժողովների նիստերի շուրջ»,- նշված է կայքում։
16:33 - 24 փետրվարի, 2022