Ինֆոքոմ

Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, դավաճան եք, կապիտուլյանտ եք, հողատու եք, մենք պայքարել ենք ձեր դավաճանության դեմ․ Նիկոլ Փաշինյան

Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, դավաճան եք, կապիտուլյանտ եք, հողատու եք, մենք պայքարել ենք ձեր դավաճանության դեմ․ Նիկոլ Փաշինյան

Մեզ մեղադրում, ասում են՝ դուք հրահրեցիք պատերազմը, դուք ձեր նոր կետից սկսեցիք։ Բա ո՞ւմ կետից պետք է սկսեինք, պետք է ասեինք՝ լավ, Սերժ Սարգսյանը յոթ շրջանը եւ Ղարաբաղի կեսը տալիս է, մենք էլ մյուս կեսն ենք տալիս, որպեսզի պատերազմ չլինի։ Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով Սերժ Սարգսյանի՝ օրերս տված հարցազրույցում արած հայտարարությունների վերաբերյալ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցադրումներին։ Վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ այս պատմությունը 2008-ին չի սկսել, այլ 1998-ին, երբ Ղարաբաղը դուրս է շպրտվել բանակցային գործընթացից, եւ ՀՀ բարձրագույն ղեկավարությունը կողմ է քվեարկել Եվրոպայի անվտանգության խարտիային, որտեղ հստակ նշվել է, որ ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը պետք է ամրապնդի երկների տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ գոյություն ունեցող պետությունների կազմում։ Փաշինյանը հավելեց․ «Բա իրենք ինչի՞ չեն տալիս էս հարցերը, որովհետեւ էս հարցերին պատասխանելուց հետո ասելու եմ՝ դե եկեք պարզենք՝ ո՞վ է դավաճանը, ո՞վ է կապիտուլյանտը, ո՞վ է հողատուն։ Ես ասում եմ՝ դո՛ւք եք, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, դավաճան եք, կապիտուլյանտ եք, հողատու եք, մենք պայքարել ենք ձեր դավաճանության դեմ, բյաց դուք պատերազմի օրերին էլ ձեր դավաճանությունը շարունակել եք, մենք պայքարել ենք ձեր հողատու լինելու դեմ, բայց դուք պատերազմի օրերին էլ ձեր հողատու էությամբ շարունակել եք ձեր գործունեությունը, մենք պայքարել ենք ձեր գրած կապիտուլյացիայի դեմ, բայց դուք ամեն ինչ արել եք հանուն կապիտուլյացիայի։ Մենակ էն, որ ձեր վարչապետի թեկնածուն ասում էր՝ «զանգում էինք գեներալներին, ասում էինք՝ արա՛, ձեր թշնամին ըտեղ չի, ստեղ ա», ստեղ ուներ Ադրբեջանը թշնամի, եւ դուք ունեիք թշնամի»։
17:36 - 05 մայիսի, 2021
Նման տեմպով գնալու դեպքում կապահովենք երկնիշ տնտեսական աճ. Վահան Քերոբյան

Նման տեմպով գնալու դեպքում կապահովենք երկնիշ տնտեսական աճ. Վահան Քերոբյան

Մեր գնաճը նախորդ տարվա ապրիլի նկատմամբ 6.2 տոկոսով է ավելի, որը երկնիշ չէ, բայց միջակայքից ավելի բարձր է: Իհարկե, մենք շատ անհանգիստ ենք և աշխատում ենք այն ուղղությամբ, որ վերադարձնենք: Պետք  է վելացնեմ, որ այս տարի բարձր գնաճ է ողջ աշխարհում։ Այս մասին  ԱԺ-ում Կառավարություն հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը։ Վերջինս նշեց, որ իշխանություններն ակտիվ գործողություններով զսպում են գնաճը:  Նախարարի պաշտոնակատարի խոսքով գնաճի հիմնական պատասխանատուն Կենտրոնական բանկն է, և նախարարությունը համագործակցում է Կենտրոնական բանկի հետ՝ տնտեսական միջոցառումների միջոցով գնաճը զսպելու համար։   «Երեկ ԿԲ նախագահն էլ հայտարարեց, որ տնտեսական աճի վերաբերյալ նախնական կանխատեսումները հոռետեսական են եղել, բայց տնտեսությունն ավելի լավ է պահում, քան իրենց կանխատեսումները: Ես իսկապես կարող եմ խոստանալ, որ նման տեմպով գնալու դեպքում մեր երկնիշ տնտեսական աճը կապահովենք»,- ասաց նախարարը՝ անդրադառնալով տնտեսական աճին:
17:24 - 05 մայիսի, 2021
Ամբողջովին պահպանվում են անկախ Հայաստանի ճանաչված սահմանները. Վաղարշակ Հարությունյան

Ամբողջովին պահպանվում են անկախ Հայաստանի ճանաչված սահմանները. Վաղարշակ Հարությունյան

Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Սրբուհի Գրիգորյանը հարց ուղղեց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանին, թե օրերս Սյունիքի մարզի Արավուս գյուղում տեղի ունեցած միջադեպը ինչպե՞ս է մեկնաբանում նախարարը։ Հիշեցնենք, որ Արավուս գյուղում հովիվը եղել է ադրբեջանական դիրքերից 50 մետր հեռավորության վրա և ադրբեջանցի զինվորականները  բռնության են ենթարկել վերջինիս։  Նախարարը  նշեց, որ հովիվն է մոտեցել ադրբեջանական դիրքերին և դա է եղել քաշքշուկի պատճառը։ Անդրադառնալով սահմանների վերաբերյալ քննարկումներին, Հարությունյանն ասաց․ «Այն սահմանը, որ նախատեսված էր Սովետական Միությամբ և անկախ Հայաստանի ճանաչված սահմանը, ամբողջովին պահպանվում է: Կան տեղեր, որտեղ մեր դիրքերը 50 մետր առաջ են, կան տեղեր, որ հակառակը: Սա պայմանավորված է նրանով, որ դիրքը հնարավոր չէ դնել այնպիսի տեղ, որ հնարավոր լինի ապահովել անվտանգությունն ու վերահսկողությունը»: Նախարարի պաշտոնակատարը նշեց, որ այդ հարցերը պետք է լուծվեն դեմարկացիայի ժամանակ, սակայն կարևորեց այն, որ այժմ չկան միջադեպեր,  որոնք կհանգեցնեն զոհերի և վիրավորների: Հարությունյանի խոսքով նման միջադեպերից խուսափելու համար համապատասխան մարմինները պետք է իրազեկեն քաղաքաղցիներին, աշխատանք տանեն, որպեսզի նրանք չմոտենան դիրքերին։ «Սա շփման  գծի բնական կյանքն է, դա եղել է միշտ՝ նախորդ 30 տարում, սահմանի տարբեր հատվածներում»,- եզրափակեց Հարությունյանը։  
17:14 - 05 մայիսի, 2021
Տիգրան Ուրիխանյանի առաջարկած նախագծերն ԱԺ օրակարգ չընդգրկվելու լուրը մանիպուլյատիվ է ներկայացվում

Տիգրան Ուրիխանյանի առաջարկած նախագծերն ԱԺ օրակարգ չընդգրկվելու լուրը մանիպուլյատիվ է ներկայացվում

ՀՀ Ազգային ժողովի այսօրվա նիստում քննարկվում էր անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի մշակած՝ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում կատարելու մասին և «ՀՀ ԱԺ պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը խորհրդարանի օրակարգ ընդգրկելու հարցը։ Ուրիխանյանն առաջարկում էր «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 11-րդ հոդվածը լրացնել 2-րդ մասով. «Սույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն տրամադրվող գումարները տրամադրվում են 2020 թ. սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված պատերազմական գործողություններին մասնակցության հետևանքով 1-ին կարգի հաշմանդամություն ձեռք բերած անձանց»։ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 11-րդ հոդվածով սահմանվում է․ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերը յուրաքանչյուր պատգամավորի համար սահմանել ամսական 50000 դրամի չափով, որոնց բաշխման կարգը սահմանվում է օրենքով»: Ուրիխանյանի ներկայացրած նախագծի հիմնավորման մեջ նշվում էր, որ  պատերազմական գործողություններին մասնակցելու ժամանակ ծանր վիրավորումների հետևանքով շատ զինծառայողներ ձեռք են բերել 1-ին խմբի հաշմանդամություն․ «ԱԺ պատգամավորների պատգամավորական գործունեության հետ կապված փոխհատուցման ենթակա ծախսերի համար տրամադրվող գումարներից զրկվելը, որոնք յուրաքանչյուր ամիս 50000-ական դրամի չափով տրամադրվում են պատգամավորներին, չի կարող էական դժվարություններ առաջացնել պատգամավորների գործունեության իրականացման համար՝ հաշվի առնելով, որ այն կազմում է պատգամավորի փաստացի աշխատավարձի մոտ 11%-ը: Հաշվի առնելով պատգամավորների թիվը՝ այն կազմելու է տարեկան 79200000 դրամ, ինչն էական աջակցություն կլինի մերօրյա հերոսներին սոցիալական խնդիրներ լուծելու համար: Հաշվի եմ առնում, որ «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի մասին» օրենքով արդեն նախատեսված են պատերազմական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքներին և տուժած զինծառայողներին հատուցումներ, սակայն վստահ եմ, որ դա չի կարող դիտարկվել որպես սահմանափակում»: Պատգամավորը նաև առաջարկում էր «ՀՀ ԱԺ պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածը լրացնել 8-րդ կետով. «ՀՀ ԱԺ պատգամավորների պատգամավորական գործունեության հետ կապված փոխհատուցման ենթակա ծախսերը՝ յուրաքանչյուր պատգամավորի համար սահմանված ամսական 50000 դրամի չափով, ԱԺ աշխատակազմը փոխանցում է ՀՀ պաշտպանության նախարարությանը 2020 թ․ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված պատերազմական գործողություններին մասնակցության հետևանքով 1-ին կարգի հաշմանդամություն ձեռք բերած անձանց տրամադրելու նպատակով»: «ՀՀ ԱԺ պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածով սահմանվում է պատգամավորի աշխատանքային գործունեությունը։ Այսօր՝ նախագծի քննարկման ընթացքում, Տիգրան Ուրիխանյանը նշեց․ «Կցանկանայի, որ պատգամավորները, առավել ևս՝ արդեն լուծարման շեմին գտնվող այս գումարման ԱԺ-ի պատգամավորները գոնե այդ բարոյական քայլը կատարեն, և այսուհետ մենք ունենանք հնարավորություն մարդկանց գոնե ինչ-որ չափով հենց ԱԺ-ի անունից, հենց պատգամավորների անունից հատուցելու»։ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը միաձայն բացասական եզարակցություն էր տվել նախագծերի փաթեթին, իսկ այսօրվա նիստի ընթացքում փաթեթը 6-րդ նստաշրջանի օրակարգ չընդգրկվեց՝ ձայների 3 կողմ, 67 դեմ և 5 ձեռնպահ հարաբերակցությամբ։ Տելեգրամյան Mediaport ալիքը փաթեթի քվեարկությունը ներկայացրեց հետևյալ մեկնաբանությամբ․ « «Իմ քայլի» պատգամավորները դեմ քվեարկեցին իրենց աշխատավարձից ամսական ընդամենը 50 հազար դրամ հաշմանդամ դարձած զինծառայողներին փոխանցելու նախագծին։ Դեմ քվեարկողների թվում էին նաև Արարատ Միրզոյանն ու Լենա Նազարյանը: Ընդ որում՝ առաջին դեմ քվարկածը հենց Միրզոյանն էր, ով ստանում է ամսական 1 միլիոն 190 հազար 520 դրամ աշխատավարձ՝ պարգևավճարները չհաշված: Լենա Նազարյանի ամսական աշխատավարձը կազմում է 925 հազար 960 դրամ՝ դարձյալ առանց հավելավճարի»: Panorama.am-ն էլ «ԱԺ-ն դեմ քվեարկեց պատերազմի հետևանքով հաշմանդամ դարձած անձանց 80 մլն դրամ հատկացնելու Ուրիխանյանի նախագծին» վերտառությամբ լուրում ներկայացրեց միայն Տիգրան Ուրիխանյանի տեսակետը։ Միայն Ուրիխանյանի տեսակետը ներկայացնելը, սակայն, մանիպուլյատիվ է, քանի որ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը փաթեթին բացասական եզրակացություն տալիս նաև հիմնավորում էր ներկայացրել, այդ մասին այսօր իր ելությում նշեց նաև հանձնաժողովի նախագահի տեղակալ Հերիքնազ Տիգրանյանը։  Ըստ հանձնաժողովի հիմնավորման՝ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով չեն կարող սահմանվել աշխատավարձի կամ վարձատրության այլ ձևերի տնօրինման եղանակներ․ «Բացի դրանից՝ «ՀՀ ԱԺ պատգամավորի գործունեության երաշխիքների մասին օրենքը կարգավորում է պատգամավորների գործունեության իրականացման իրավական, սոցիալական և այլ երաշխիքները, ինչպես նաև պատգամավորի գործունեության երաշխիքներին առնչվող այլ հարաբերություններ: Նշված առաջարկը չի հանդիսանում պատգամավորի գործունեության իրականացման երաշխիք։ Նշված առաջարկը, ըստ էության, իր բնույթով պատգամավորների սոցիալական երաշխիք հանդիսացող վարձատրության որոշակի ձևի տնօրինման օրենքով սահմանվող առաջարկ է, ինչը դուրս է նշված օրենքի կարգավորման շրջանակից»: «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում Ուրիխանյանի առաջարկած փոփոխությունների մասով ավելի վաղ առաջարկ էր ներկայացրել ՀՀ կառավարությունը։ Ըստ կառավարության՝ նախագծի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ առաջարկվում է այդ օրենքում լրացնել մի դրույթ, որը դուրս է նշված օրենքի կարգավորման առարկայի շրջանակներից, այսինքն՝ կարգավորում են ոչ թե պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց, պետական մարմինների կազմում գործող ծրագրեր իրականացնող պետական հիմնարկների աշխատողների վարձատրության հետ կապված իրավահարաբերությունները, այլ օրենքով արդեն իսկ նախատեսված վարձատրության կոնկրետ տեսակի տնօրինմանն առնչվող իրավահարաբերությունները․ «Նշված վերլուծության համատեքստում գտնում ենք, որ ընդհանրապես օրենքով, իսկ մասնավորապես «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով չի կարող սահմանվել աշխատավարձի կամ վարձատրության այլ ձևերի տնօրինման եղանակ: Այլ հարց է, որ նշված օրենքով կարող են քննարկվել պատգամավորների պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերի վճարման վերացման կամ չափի փոփոխության հարցերը»։ Ըստ կառավարության՝ Ուրիխանյանի առաջարկած մեխանիզմը խնդրահարույց է նաև սահմանադրականության տեսանկյունից, քանի որ, ըստ էության, սահմանափակում է անձի՝ ՀՀ Սահմանադրությամբ և ՄԻԵԿ կոնվենցիայով երաշխավորված սեփականության իրավունքը: Կառավարությունն առաջարկում էր պատգամավորին հետևյալ մեխանիզմը․ ուժը կորցրած ճանաչել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 11-րդ հոդվածը (այս հոդվածով են պատգամավորներին հատկացվում Ուրիխանյանի նշած 50 հազար-ական դրամները) և պետական բյուջեում վերաբաշխում կատարելու միջոցով այդ գումարները համապատասխան ընթացակարգով փոխանցել պատերազմի ընթացքում 1-ին խմբի հաշմանդամություն ձեռք բերած զինվորականներին։ Այսպիսով, առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովն իսկապես բացասական եզրակացություն է տվել Տիգրան Ուրիխանյանի օրենսդրական առաջարկությանը, «Իմ Քայլը» խմբակցության պատգամավորներն էլ դեմ են քվեարկել նախագծերի փաթեթն ԱԺ օրակարգ բերելուն, բայց բացասական եզրակացության հիմնավորում ներկայացնելիս համապատասխան հանձնաժողովը նշել է, որ պատգամավորը ոչ ճիշտ օրենքում է փոփոխություններ առաջարկում, կառավարությունն էլ փաստացի այլ հնարավոր մեխանիզմ է առաջարկել Ուրիխանյանի նշած փոփոխությունն իրագործելու համար։ Աննա Սահակյան
15:52 - 04 մայիսի, 2021
«Սոցիալ-իրավական հավասարություն» կուսակցության հիմնադիր համագումարը հետաձգվել է

«Սոցիալ-իրավական հավասարություն» կուսակցության հիմնադիր համագումարը հետաձգվել է

Պաշտոնական հրապարակումների azdarar.am կայքում հայտարարություն էր տեղադրված, ըստ որի` այսօր` 18:30-ին, պետք է տեղի ունենար «Սոցիալ-իրավական հավասարություն» կուսակցության հիմնադիր համագումարը: Համագումարը, սակայն, հետաձգվեց: Ստեղծվելիք կուսակցության հիմնադիրներից Արմենուհի Գևորգյանը Infocom-ի հետ զրույցում հայտնեց, որ համագումարը հետաձգվել է տեխնիկական խնդիրների պատճառով. հիմնադիրներից մի քանիսը Կապանում են, պետք է գային Երևան, սակայն չեն կարողացել: Արմենուհի Գևորգյանի փոխանցմամբ` «Սոցիալ-իրավական հավասարություն» կուսակցության հիմնադիր համագումարն առաջիկայում տեղի կունենա: Հիշեցնենք` մի քանի օր առաջ չէր կայացել «Արև սոցիալիստական» կուսակցության հիմնադիր համագումարը, իսկ «Անկախության սերունդ» կուսակցության հիմնադիր համագումարը հետաձգվել էր:
19:49 - 03 մայիսի, 2021
Բանակցային ամբողջ գործընթացն եղել է մեր ազգային եւ պետական շահերից նահանջի գործընթաց․ Նիկոլ Փաշինյան

Բանակցային ամբողջ գործընթացն եղել է մեր ազգային եւ պետական շահերից նահանջի գործընթաց․ Նիկոլ Փաշինյան

Այսօր տեղի ունեցավ ՀՀ ԱԺ հատուկ նիստը, որի ժամանակ Ազգային ժողովը պետք է ընտրեր վարչապետ, սակայն, ըստ պայմանավորվածության, քվեարկությունը չպետք է տեղի ունենար, և վարչապետի միակ թեկնածուն չպետք է ընտրվեր։  Վարչապետի պաշտոնակատար, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը եզրափակիչ ելույթ ունեցավ, որը ներկայացնում ենք ստորև․ «Ինչպես պատերազմից առաջ, այնպես էլ հետո, ՀՀ արտաքին անվտանգության համակարգը փոփոխություն չի կրել, եւ այդ համակարգը հիմնված է եղել նախ եւ առաջ հայ-ռուսական համատեղ զորախումբ եւ ՀԱՊԿ կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության համատեղ համարակգ ունենալու վրա։ Ես առիթ ունեցել եմ ասելու՝ բոլոր էն մարդիկ, որոնք փորձում են ի ցույց դնել, թե կայացրած մի շարք որոշումներ անվտանգության նոր սպառնալիքներ են ստեղծել, օրինակ, Սյունիքի մարզի համար, նրանք ուղղակի իրավիճակը խոր չեն գնահատում, որովհետեւ իրականում տեղի է ունեցել հակառակը, որովհետեւ ՀՀ բոլոր սահմանների պաշտպանությունն այժմ իրականացվում է, ինչպես առաջ, հայ-ռուսական զորախմբի համատեղ ուժերով եւ ջանքերով, բայց դա չի նշանակում, որ ամեն տեղ պետք է մարտական դիրքեր եւ պոստեր դրված լինեն»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ Սյունիքի մարզում ռուսական 102-րդ ռազմական բազայի երկու նոր հենակետ է հիմնադրվել, եւ դրանց հիմանդրումը լրացուցիչ երաշխիք է Սյունիքի եւ, ընդհանրապես, ՀՀ անվտանգությունն ապահովելու համար։ Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ խնդիրն այն է, որ անվտանգային համակարգը, որն ունեցել ենք եւ ունենք, տարածվել է ՀՀ սահմանների վրա, իսկ որո՞նք են այդ սահմանները․ «Այդ սահմանների նկարագրությունը տվել է ՀՀ ԱԺ-ն՝ 2010-ին ընդունված «Վարչատարածքային բաժանաման մասին» օրենքով, հիմա էս դահլիճում մարդիկ կան, որոնք թմբկահարում են, թե ինչո՞ւ է ՀՀ սահմանն «էստեղ», եւ ինչո՞ւ է Շուռնուխին հաջորդում Ադրբեջանը, բայց էդ մարդիկ հիմա քափ-քրտինքի մեջ ջանքեր են գործադրում, որ սահմանն էդտեղ ֆիքսած մարդկանց համամասնական ցուցակում տեղ զբաղեցնեն։ Մեկը կարո՞ղ է էս տրամաբանությունը բացատրել։ Կարեւոր հարց է բարձրացվում՝ կապիտալիզացնել հեղափոխության արդյունքը՝ Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացում։ Իսկ ինչքանո՞վ է դա հնարավոր։ Կա մի մոլորություն, որը բարձրաձայնում են նաեւ փորձառու մարդիկ։ Օրինակ՝ ասվում է՝ բանակցային գործընթացում ով կառուցողական մոտեցում է ցուցաբերում, նա ճնշումների չի ենթարկվում, իսկ ով ապակացուռցողական է, նա ճնշումների է ենթարկվում։ Էս պրակտիկան ինչքանո՞վ է իրականությանը համապատսխանում․ 2011 թվականին Կազանում Ադրբեջանն ուղղակի համաձայնեցված փաստաթուղթը հրաժարվեց ստորագրել, եւ ի՞նչ եղավ դրանից հետո։ Դրանից հետո Ադրբեջանը 2014 թվականին խոցեց հայկական ուղղաթիռ, 2015-ին աննախադեպ ծավալի հասցրեց սահմանային էսկալացիան, 2016-ին սկսեց պատերազմ։ Դրա արդյունքում ի՞նչ եղավ, Ադրբեջանին սկսեցին ճնշե՞լ, ո՛չ, հակառակը տեղի ունեցավ։ Ես ասացի՝ փոխվեց բանակցային տրամաբանությունը, որ ասացին՝ ոնց որ Ադրբեջանը ճիշտ է ասում, իսկ կարո՞ղ է սկսենք էդ տրամաբանությամբ շարժվել։ Ընդհանրապես, պետք է հասկանանք, լավ, պատերազմը բռնկվել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, բայց էդ պատերազմը սենց միանգամից օդից ընկե՞լ է։ Բա 2016-ի ապրիլին ի՞նչ է տեղի ունեցել, բա դրան նախորդած շրջանո՞ւմ։ Բա էն ժամանակ, որ տարիներով բարձրաձայնում էինք՝ ԼՂ-ն բանակցային գործընթացից դուրս թողնելը բերելու է անշրջելի հետեւանքների․․․ բա քսան տարի դրա մասին խոսվել է։ Հասկանո՞ւմ եք՝ Ղարաբաղը հայկական կողմը սեփական ձեռքերով դուրս թողնի բանակցային գործընթացից՝ հանուն իշխանության։ Այո, էն ժամանակ Հայաստանը կարող էր ասել՝ ես առանց Ղարաբաղի չեմ բանակցում, ու ոչինչ տեղի չէր ունենա։ Ավելին՝ էդ որ էդպես մեծ-մեծ խոսում են։ Էկեք տեսնենք՝ 1999-ին ԵԱՀԿ Ստամբուլյան գագաթաժողովում կոնսենսուսով ինչ է ընդունվել․ փաստաթուղթ, որը կոչվում է «Եվրոպայում անվտանգության խարտիա»։ Հայաստանն ամենաբարձր մակարդակով մասնակցել եւ կողմ է քվեարկել։ Մեջբերում փաստաթղթից․ «Մարդու իրավունքների՝ ներառյալ ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների նկատմամբ լիարժեք հարգանքը, բացի նրանից, որ ինքնին նպատակ է, չպետք է խաթարի, այլ պետք է ամրապնդի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»,- ուշադրություն դարձրեք,- «ինքնավարության տարբեր հայեցակարգերը, ինչպես նաեւ հիշյալ փաստաթղթում նշված այլ մոտեցումներ, որոնք համապատասխանում են ԵԱՀԿ սկզբունքներին, ազգային փոքրամասնությունների էթնիկ, լեզվական եւ կրոնական ինքնության պաշտպանության եւ խթանման միջոցներ են՝ գոյություն ունեցող պետության ներսում»։ Էս փաստաթղթին ՀՀ-ն 99-ին կողմ է քվեարկել։ Դե հիմա եկեք դնենք շարքի մեջ․ ԼՂ-ին դուրս ես թողնում բանակցային գործընթացից, ասում ես՝ նորմալ է, որ միջազգային հանրությունն ազատագրված տարածքները համարում է օկուպացված, գնում, Ստամբուլում կողմ եք քվեարկում Թվրոպայի  անվտանգության խարիտիային, որտեղ էս պարբերությունն ունի առանցքային նշանակություն, ու հետո ի՞նչ ես ուզում։ Ի՞նչ է տեղի ունեցել հեղափոխությունից հետո․ տեղի է ունեցել մի պարզ բան․ մենք, որ ասել ենք՝ նույն կետից չենք սկսելու, ո՞րն է նույն կետը, երբ Սերժ Սարգսյանն ասում էր, որ լավատեսության տեղ չեն թողնում Ադրբեջանի ակնկալիքները։ Մենք պետք է գնայինք-գայինք, ասեինք՝ պատերազմը պետք է կանխել ու էդ անընդունելի պայմաններն ընդունենք։ Ժողովուրդ ջան, եկեք ի վերջո խոստովանենք՝ մենք հուսահատ կռիվ ենք տվել էդ ամեն ինչի դեմ, հուսահատ կռիվ ենք տվել․․․ չենք հանձվել, կռիվ ենք տվել։ Էսօր կա էդ կռիվը, մենք նենց չի՝ կաբինետներում փակված ենք էդ կռիվը տվել։ Ես չեմ հասկանում, դա նորմալ է՞, երբ քաղաքական նպատակահարմարությամբ ասում են՝ 5000, 7000 մարդ տարավ կոտորեց։ Էդ պատերազմը իմ ընտանիքի կողքով չի անցել։ Իմ որդին եղել է առաջանգծում, էն տեղում, որտեղ մենք տվել ենք ամենամեծ թվով զոհերը, իմ որդու հետ կողք-կողքի մարդիկ զոհվել են, որեւէ մեկը չէր կարող որոշել, որ պետք է զոհվողը լինի ինքը, էդ մարդու անուն-ազգանունը կա, դա ստուգելի փաստ է։ Այո, մենք հուսահատ կռիվ ենք տվել, էնպիսի կռիվ, ինչպիսի կռիվ հայ ժողովուրդը տվել է Ավարայրի դաշտում, Սարդարապատում, ու տասնյակ էդպիսի օրինակներ։ Որովհետեւ մենք համարել ենք, որ որպես ազգ, որպես պետություն, որպես ժողովուրդ պետք է պայքարենք մեր իրավունքների համար, մենք չենք հանձնվել։ Բանակցային ամբողջ գործընթացն եղել է մեր ազգային եւ պետական շահերից նահանջի գործընթաց։ Բա ի՞նչ պետք է անեինք, պետք է ասեինք՝ հա, ԼՂ բնակչություն, դե եկեք հաշվենք՝ ԼՂ ադրբեջանցի բնակչությունն ինչքա՞ն է։ Երեկ էդ մարդը (Սարգսյանը - խմբ․), ասել է ԼՂ բնակչություն, դուք լսել ե՞ք, ես ասեմ՝ ԼՂ բնակչություն, ես ասել եմ՝ ԼՂ ժողովո՛ւրդ, ինչ տարբերությո՞ւն, որ ժողովուրդը սահմանադրական սուբյեկտ է, որին պատկանում է իշխանությունը, որը ձեւավորել է իր իշխանությունը, բնակչությունը ո՞րն է։ Այո, մենք կռիվ ենք տվել, եւ ասում եմ՝ իմ ընտանիքն էդ կռվի մեջ է եղել, որեւէ մեկը չի կարող ասել, որ ես իմ որդու անվտանգության համար մի մմ ավելի բան եմ արել, քան մյուս հազարավոր էրեխեքի համար, որեւէ մեկը չի կարող էդպիսի բան ասել։ Նույն խրամաջջի մեջ գտնվող տղան, իմ որդու ընկերը, որը իր նման կամավոր է մեկնել, ականանետի պայթյունից զոհվել է, կողք կողքի իրար կապծ են եղել, էդ տղան զոհվել է, իմ որդին՝ չէ, ո՞վ է որոշել դա»։
14:59 - 03 մայիսի, 2021
Ոչ միայն ադրբեջանցիները, այլև դուք չեք կարող տեսնել այն, ինչ արվում է. Փաշինյանը՝ ՀՀ սահմանների անվտանգության մասին

Ոչ միայն ադրբեջանցիները, այլև դուք չեք կարող տեսնել այն, ինչ արվում է. Փաշինյանը՝ ՀՀ սահմանների անվտանգության մասին

ՀՀ Ազգային ժողովի հատուկ նիստի ժամանակ ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը հարց ուղղեց վարչապետի պաշտոնակատար, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին՝ նշելով, որ պատերազմից կես տարի է անցել, բայց Գեղարքունիքի եւ Սյունիքի մարզերում չունենք կահավորված առաջնագիծ, չունենք խրամատներ, եւ մեր անվտանգությունը մտահոգիչ վիճակում է․ «Ինչո՞ւ չունենք կահավորված առաջնագիծ»։ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց՝ ասելով, որ երբ մեր հանրային դիսկուրսը լսում է, հասկանում է, որ Ադրբեջանի հետախուզությունը շատ փող ծախսելու անհրաժեշտություն չունի։ «Մեկը կար՝ պատերազմից առաջ ասում էր՝ ես լինեի Ալիեւի տեղը, այ հիմա կհարձակվեի (նկատի ունի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին  խմբ․)։ Հիմա մենք ճշգրտում ենք ուղղությունները, հրապարակեք, ասեք՝ կոորդինատ էսինչից էսինչը չունենք խրամատներ, էստեղ ուժեղ ենք, էստեղով չարժե հարձակվել, բայց այ էս կողքը փոքր միջանց կա, կարելի է մտնել․․․ մենք հասկանում ե՞նք՝ ինչ ենք անում ընդհանրապես»,- հավելեց վարչապետի պաշտոնակատարը։ Արձագանքելով Փաշինյանի պատասխանին՝ Թագուհի Թովմասյանն ասաց, որ առաջնագիծն ուղիղ Ադրբեջանի տեսադաշտում է, եւ նրանք շատ լավ տեսնում են, ինքն էլ որեւէ գաղտնիք չբացեց, այլ ինքն ուղղակի իր մտահոգությունն է բարձրաձայնում։ Փաշինյանը հավաստիացրեց, որ ոչ միայն ադրբեջանցիները, այլեւ ինքը՝ Թովմասյանը, չեն կարող տեսնել այն ամենը, ինչն արվում է, որովհետեւ արվողի մեծամասնությունն արվումէ  գաղտնի։ «Այն առաջնագիծը, որը տեսանելի է, ուրեմն վատ առաջնագիծ է»,- եզրափակեց նա։
13:23 - 03 մայիսի, 2021
Բանակցությունների տրամաբանության մեջ փոփոխություն տեղի է ունեցել 2015-ին, 16-ին, եւ այդ մասին Սարգսյանն ինքը խոսել է․ Նիկոլ Փաշինյան

Բանակցությունների տրամաբանության մեջ փոփոխություն տեղի է ունեցել 2015-ին, 16-ին, եւ այդ մասին Սարգսյանն ինքը խոսել է․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Ազգային ժողովում վարչապետի ընտրության հատուկ նիստն է ընթանում։ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պատասխանում է պատգամավորների հարցերին։ Ի պատասխան պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի՝ բանակցային գործընթացի վերաբերյալ հարցին, Փաշինյանն ասաց, որ Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցը շատ լավ առիթ եւ հնարավորություն է, որպեսզի բանակցային բովանդակության նոր շերտեր բացենք, որը նախկինում բացելու հարցում ունեինք որոշակի սահմանափակումներ։ Փաշինյանի խոսքով՝ Սարգսյանն իր հարցազրույցում, խոսելով ԼՂ կարգավիճակի ապագա ճշգրտման մասին, որը պիտի նախատեսվեր բանակցային գործընթացում, օգտագործեց ԼՂ բնակչություն հասկացությունը։ «Երբ կանցնեն տարիներ, եւ կբացվեն բանակցային որոշակի փաստաթղթեր, մենք բոլորս կիմանանք, որ ժամանակին Սերժ Սարգսյանը միջնորդներին նամակ է գրել, որից մենք իմանում ենք, որ նա որոշակի մտահոգություն ունի, թե ենթադրվող հանրաքվեի իմաստով, որը նշված չէ՝ որտեղ պիտի տեղի ունենա, բայց նշված է, որ ԼՂ ամբողջ բնակչության ազատ կամարտահայտման հնարավորություն պիտի լինի․․․ կանցնեն տարիներ, եւ կտեսնենք, որ Սերժ Սարգսյանն ունի մտահոգություն, թե ինչքան ադրբեջանցի է այս իմաստով համարվելու ԼՂ բնակիչ․ էս փաստից մենք իմանում ենք, որ էդ պոտենցիալ հանրաքվեին պետք է մասնակցեն նաեւ ԼՂ բնակիչ ադրբեջանցիներ։ ԼՂ բնակիչ լինելու համար պետք է բնակվել Լեռնային Ղարաբաղում։ Հարց․ ԼՂ բնակիչ ադրբեջանցիները, ըստ Սերժ Սարգսյանի հղման, Լեռնային Ղարաբաղում որտե՞ղ պետք է բնակվեին, որովհետեւ եթե իրենք բնակիչ են, իրենք պետք է որեւեէ տեղ բնակվեն։ Ես ուզում եմ այս առումով շնորհակալություն հայտնել «մերժվածին», որ այս առիթը տվեց, որովհետեւ երբ ես ամիսներ առաջ խոսում էի Շուշիի մասին, ասում էին՝ բանակցային գործընթացում երբեք չի եղել այդպիսի հարց։ Հարց․ ԼՂ-ի՝ ադրբեջանցի բնակիչները որտե՞ղ պետք է բնակվեին։ Հույս ունեմ՝ բոլորս հասկանում ենք այս հարցի պատասխանը»,-նշեց նա։ Փաշինյանի խոսքով՝ միտք է առաջ տարվում, որ ես գիտեի, որ եթե բանակցողը փոխվի, բանակցության տրամաբանությունը նույնպես կփոխվի․ կանցնեն տարիներ, եւ կբացվի բանակցային գործընթացի փաստաթղթերի բովանդակությունը, եւ կպարզվի, որ բանակցային բովանդակություն փոխվել է, ծռվել է 2015 թվականի աշնանը, 2016 թվականի ձմռանը։ Նշենք, որ այս մասին իր վերջին հարցազրույցի ժամանակ խոսել է Սերժ Սարգսյանը։ «Եթե Սերժ Սարգսյանը որոշել է բացահայտումներ անել, թող բարի լինի՝ մարդկանց պատմել 2015-ի աշնան եւ 2016-ի ձմռան իրադարձություններին, որից հետո եկել է 2016-ի գարունը, եւ եղել է ապրիլի 2։ Բանակցային բովանդակությունը փոխվել է հենց այդ ժամանակ, եւ դա ապացուցող փաստաթղթեր կան, բանակցությունների արձանագրություններ, որոնց հետ ես աշխատել եմ 2018-ին՝ վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո»,- ասաց նա։ Վարչապետի պաշտոնակատարը ասաց, որ Սերժ Սարգսյանն ասում է՝ մենք ուզում էինք՝ ԼՂ հարցը կարգավորվի խաղաղ եղանակով։ Հարց․ իսկ Ադրբեջանն ուզո՞ւմ էր դա արդյոք։ «Չէ՞ որ ինքը՝ «մերժվածը», 2017 թվականին իր հարցազրույցում ասում է, որ Ապրիլյան պատերազմը նշանակում է, որ Ադրբեջանը հրաժարվում է Ղարաբաղի հարցը լուծել Մադրիդյան սկզբունքների շրջանակներում․ ի՞նչ են Մադրիդյան սկզբունքները․ երկու խնդիր կա՝ հանրաքվե եւ միջանկյալ կարգավիճակ։ Հրաժարվել Մադրիդյան սկզբունքներից, նշանակում է հրաժարվել հանրաքվեից եւ միջանկյալ կարգավիճակից։ Բայց այստեղ ծագում է ամենասկզբունքային հարցը․ իսկ 2015-ի աշնանը եւ 16-ի ձմռանը, կարո՞ղ է պարզվել, որ միջնորդները սկսեցին պաշտպանել Ադրբեջանի դիրքորոշումը, եւ Մադրիդյան սկզբունքներն իրականում միայն ցուցանակ էին, որի ներքո տեղի էին ունենում ուրիշ պրոցեսներ»։ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև «5+2» ձևաչափին։ ««5+2», եկեք խոստովանենք, որ էդպիսի հնարավորություն, ըստ էության, երբեք չի եղել, որովհետեւ դեռեւս 2016 թվականին իր հարցազրույցում Սերժ Սարգսյանը խոսում է 7 շրջանների մասին, ինքն ասում էր՝ հայկական կողմը թողնում է 7 շրջանները, իսկ ադրբեջանական կողմն ասում էր՝ ոչ։  «5+2»-ը բանակցային, այսպես ասած, պաշարն է, որ հետագայում, երբ պրոցեսն անցնի անդառնալիության կետը, այդ երկուսը նրա համար են, որ տարբեր փուլերում կողմերի համար գործընթացը կամ գործարքը դարձվի ավելի կամ պակաս գրավիչ»։ Նրա խոսքով՝ հայկական կողմն ասել է՝ մենք յոթ շրջանները հանձնում ենք, հայկական կողմն ասել է՝ մենք ընդունում ենք, որ ԼՂ կարգավիճակի ճշգրտման հարցում պետք է մասնակցի ԼՂ ամբողջ բնակչությունը, որի մեջ մտնում են նաեւ ադրբեջանցիներ, Ադրբեջանն էլի է ասել ոչ, Ադրբեջանն ամեն ինչին ասել է ոչ։ «Պատերազմի ընթացքում ես ասել եմ՝ ցանկացած բան, որին համաձայն է Հայաստանը, ամենավատ տարբերակին անգամ, հաջորդ պահին Ադրբեջանը դրան այլեւս համաձայն չէ, ինքն ուզում է ավելին։ ԱԺ ամբիոնից 2018-ին Սերժ Սարգսյանն ասել է՝ բանակցային գործընթացը լավատեսություն չի ներշնչում, կանգնած է, որովհետեւ բանակցությունների արդյունքներից Ադրբեջանի ղեկավարության ակնկալիքներն անիրատեսական եւ անընդունելի են մեզ համար, եւ ասել է՝ այլեւս գոնե շատ տեւական ժամանակ մենք չպետք է հույսեր փայփայենք, որ Ադրբեջանի ղեկավարությունը կթողնի իր դիրքորոշումը՝ Ղարաբաղի հարցը ուժով լուծելու համար։ Սերժ Սարգսյանն այս ամբիոնից հայտարարել է բանակցային գործընթացի ձախողման եւ պատերազմի տրամաբանության մեկնարկի մասին»,- ասաց Փաշինյանը՝ հարց ուղղելով, թե միջնորդները կարո՞ղ է Ադրբեջանի անհամաձայնության հետ համաձայն էին։ «2016 թվականի հունվարի 23-ին, 2016-ի ապրիլի 2-ին ի՞նչ է տեղի ունեցել։ Բա, էն ժամանակ էլ էի ասում, պատերազմ կանխող էիք՝ կանխեիք, բա ինչի՞ չեք կանխել»,- նշեց նա։ Վարչապետի պաշտոնակատարն ընդգծեց, որ Սերժ Սարգսյանը փորձում է ցույց տալ, թե 2018-ից հետո է բանակցությունների տրամաբանության մեջ փոփոխություն տեղի ունեցել։ «Ոչ, դա տեղի է ունեցել 2015-ին, 16-ին, եւ այդ մասին Սարգսյանն ինքը խոսել է՝ ասելով, որ Ապրիլյան պատերազմը նշանակում է մեկ բան՝ Ադրբեջանը հրաժարվում է ԼՂ հարցի կարգավորումից՝ Մադրիդյան սկզբունքների շրջանակում»,- հայտնեց վարչապետը։
13:06 - 03 մայիսի, 2021
«Մենք պատերազմը պարտվեցինք, բայց խաղաղությունը պարտավոր ենք հաղթել»․ Կողբում տնկվեց 7000 ծառ

«Մենք պատերազմը պարտվեցինք, բայց խաղաղությունը պարտավոր ենք հաղթել»․ Կողբում տնկվեց 7000 ծառ

2020 թվականի հոկտեմբերին լրացավ «Կողբ» հիմնադրամի 7-ամյակը, ինչի առթիվ Տավուշի մարզի Կողբ համայնքի վարչական տարածքում` 5 հեկտար հողատարածքում, տնկվեց 7000 անտառային, անտառային-պտղատու եւ գեղազարդ ծառ: Հիմնադրամի կազմակերպած ծառատունկից հավաքագրված ամբողջ գումարն ուղղվելու է Կողբ գյուղում կառուցվող «Թումո» կենտրոնի շինարարությունն ավարտին հասցնելուն։ Կենտրոնի կառուցմանը աջակցում էին հենց իրենք՝ այցելուները, որոնք նախօրոք ամրագրել  էին իրենց անվանական ծառերն ու եկել Կողբ՝ տնկելու դրանք։ Կողբ գյուղում կառուցվող «Թումո» կենտրոնում տեխնոլոգիական կրթություն կստանան 1000 պատանիներ՝ Կողբից եւ հարակից բնակավայրերից, ինչպես նաեւ մոտակա զորամասի զինծառայողները։ Կառուցվելիք կենտրոնի բետոնային աշխատանքներն ավարտին են հասցվել, եւ այցելուները հնարավորություն ունեցան շրջելու շինհրապարակի տարածքում։ Այցելուները եւ հյուրերը Կողբի թանգարանային ցուցանմուշների սրահում ծանոթացան գյուղի անցյալին եւ ապրելակերպին։ Ցուցասրահում պահպանված էին Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների նամակներն ու սեւ թղթերը։ Կողբից Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է 750 հոգի, զոհվել՝ 276-ը։ Կողբի մշակույթի կենտրոնի տնօրեն Սասուն Մուրադյանը նշեց, որ պատրաստվում են վերծանել նամակները եւ ներկայացնել այցելուներին։ «Այստեղ փորձել ենք ներկայացնել գյուղի պատմությունը, կան մեզ համար ե՛ւ ցավալի, ե՛ւ հպարատանալու առիթ տվող իրադարձություններ»,–նշեց նա; Այնուհետեւ Կողբի Գեղարվեստի դպրոցում այցելուները ծանոթացան սաների աշխատանքներին։ Տնօրենը նշեց, որ դպրոցում աշխատում է տասը ուսուցիչ, որոնք հիմնականում աջակցություն չեն ստանում ո՛չ պետությունից, ո՛չ համայնքից։  «Դպրոցը ինքնաբավ դարձնելու ճանապարհին ենք։ Ունենք ոչ միայն նկարչական ճյուղերի խմբակներ, այլեւ քանդակագործություն, կավագործության, այժմ նաեւ 3D մոդելավորման, արդեն պատվերներ ենք ստանում, ցանկություն ունենք նաեւ ստարտափ հիմնելու։ Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի մրցունակ կադրեր տանք․ մինչ այս ունեցել ենք 120 ուսանող»,–նշեց տնօրեն Կարապետ Ղուլիջանյանը՝ հավելելով, որ իրենց ուսանողները, կրթություն ստանալով, վերադառնում են գյուղ՝ անվճար հիմունքներով ուսուցիչների գործը շարունակելու։  Այնուհետեւ միջոցառման մասնակիցները ուղեւորվեցին դեպի «Զիկատար» պետական Արգելոց՝ տնկելու իրենց անվանական ծառերը։ Օրվա վերջում տեղի ունեցավ երաժշտական միջոցառում, որի ընթացքում ելույթ ունեցան «Լավ էլի» եւ «Թմբաթա» երաժշտական խմբերը։ Միջոցառումը երզրափակվեց «Կողբ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Բարսեղյանի խոսքով․ «Մենք պատերազմը պարտվեցինք, բայց խաղաղությունը պարտավոր ենք հաղթել եւ հենց այս ձեւով»։ Զարա Խաչատրյան
19:41 - 02 մայիսի, 2021
«Արեւ Սոցիալիստական» կուսակցության հիմնադիր համագումարը չկայացավ

«Արեւ Սոցիալիստական» կուսակցության հիմնադիր համագումարը չկայացավ

Այսօր՝ ժամը 19։00-ին, Ձորաղբյուր քաղաքի Ազատության 72 հասցեում նախատեսված էր անցկացնել «Արեւ Սոցիալիստական» կուսակցության հիմնադիր համագումարը, սակայն այն չկայացավ։  Infocom-ն այցելել էր նշված հասցե՝ կուսակցության հիմնադիր համագումարը լուսաբանելու, սակայն այդ հասցեում գտնվող ռեստորանի դռները կողպված էին։ Կուսակցության հայտարարությունում նշված հեռախոսահամարով մեզ հստակ տեղեկություն չտրամադրեցին այն մասին, թե ինչու չի կայացել համագումարը։ Հավելենք, որ Արդարադատության նախարարության ինտերնետային ծանուցումների պաշտոնական կայքի միջոցով «Արեւ Սոցիալիստական» կուսակցությունը մարտի 29-ին հայտարարություն էր տարածել այն մասին, որ կուսակցության հիմնադիր համագումարը տեղի կունենա ապրիլի 29-ին, որից հետո՝ մարտի 31-ին, նույն հարթակի միջոցով հայտարարություն էր տարածվել հիմնադիր համագումարի օրի փոփոխման վերաբերյալ, համաձայն որի՝ համագումարը պետք է տեղի ունենար այսօր՝ ժամը 19։00-ին, սակայն այս անգամ էլ չկայացավ։
20:40 - 30 ապրիլի, 2021
Մայիսի 1-ից ջրամատակարարումը ժամային գրաֆիկով չի դառնա․ լրատվամիջոցները սխալվում են

Մայիսի 1-ից ջրամատակարարումը ժամային գրաֆիկով չի դառնա․ լրատվամիջոցները սխալվում են

Ապրիլի 25-ին «Վեոլիա ջուր» ընկերությունը հրապարակել էր ջրամատակարարման` մայիսի 1-ից սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածի համար գործող ժամանակացույցը։ Հրապարակումից օրեր անց լրատվականներն սկսեցին կեղծ վերնագրով վերահրապարակել ընկերության տարածած հաղորդագրությունը։ Մասնավորապես, «168 Ժամ» լրատվական կայքը նշված տեղեկությունը տարածել էր «Մայիսի 1-ից ջրամատակարարումը կլինի ժամով. Որտեղ՝ որ ժամերին է ջուր լինելու․ հասցեների ցանկ» վերտառությամբ, որը սակայն չի համապատասխանում իրականությանը։ Նշված վերնագրով հոդվածը տարածեցին նաեւ մի քանի սունկ կայքեր[1,2,3]։  Խնդիրը պարզաբանելու համար Infocom-ը կապ հաստատեց «Վեոլիա ջուր» ընկերության հետ։ Ընկերության մամուլի ծառայության աշխատակից Մուրադ Սարգսյանը մեր զրույցում պարզաբանեց, որ նշվածը չի համապատասխանում իրականությանը։ «Պարզապես սա կոչվում է ջրամատակարարման ռեժիմ։ Մենք պարտավոր ենք, գործող օրենսդրության համաձայն, տարեկան երկու անգամ հրապարակել այն, որպեսզի մարդիկ իմանան, թե առաջիկայում ինչքան է իրենց մոտ պաշտոնական նվազագույն ժամանակացույցը։ Մի տեղ 24 ժամ է, մի տեղ էլ՝ 6 ժամ՝ կախված իրավիճակից եւ տեխնիկական հնարավորությունից։ Մեր խնդիրն այն է, որ ամեն տարի ավելի լավացնենք ջրամատակարարումը եւ ոչ թե պակասեցնենք։ Իրականում, մենք հրապարակում ենք ժամով, որը վերաբերում է այն նվազագույն քանակին, որից պակաս մարդիկ չեն կարող ջուր ունենալ, սակայն, սովորաբար, մարդիկ ունենում են շուրջօրյա ջրամատակարարում։ Հրապարակված ժամանակացույցը պարզապես մեր տեխնիկական հնարավորությունների արտացոլումն է։ Ամեն դեպքում, ջրամատակարարման վատթարացում չի լինելու»,- նշեց Սարգսյանը։ Մոտ մեկ ժամ առաջ իր ֆեյսբուքյան էջում պարզաբանում էր տարածել նաեւ «Վեոլիա ջուր» ընկերությունը։ Համաձայն տարածած հաղորդագրության՝ ջրամատակարարման ժամանակացույցում ոչինչ չի փոխվել, այն լինելու է նույնը, ինչ եղել է դրան նախորդող ժամանակահատվածում։ Հիշեցնենք, որ 2020 թվականի հոկտեմբերին «Վեոլիա ջուր» ընկերությունը հրապարակել էր ջրամատակարարման ժամանակացույցը, ինչից հետո լրատվամիջոցներում նորից տարածվել էին լուրեր, թե ջրամատակարարումը շուրջօրյայից դարձել է ժամով։ Այս առնչությամբ այն ժամանակ էլ «Վեոլիա ջուր» ընկերությունը հանդես էր եկել պարզաբանմամբ։ Նարեկ Մարտիրոսյան
18:28 - 29 ապրիլի, 2021
«Մենք չպետք է դառնանք խոստում տվող և ոչինչ չանող հերթական կուսակցություն»․ կայացավ «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության հիմնադիր համագումարը

«Մենք չպետք է դառնանք խոստում տվող և ոչինչ չանող հերթական կուսակցություն»․ կայացավ «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության հիմնադիր համագումարը

Այսօր տեղի ունեցավ «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության հիմնադիր համագումարը։ Համագումարի ժամանակ՝ օրակարգը հաստատելուց հետո, ելույթ ունեցան ստեղծվող կուսակցության գործադիր մարմնի թեկնածուները։ «Այն առիթը, որը ստիպել է մեզ հիմա այստեղ հավաքվել, և ձեզ էլ համախմբել այս գաղափարի շուրջ, վտանգի զգացումն է։ Ամենասարսափելին այն է, որ պատերազմից հետո հասկացանք, որ մեր հասարակության մի զգալի մաս նույնիսկ այս պայմաններում չի զգում վտանգը»,- իր ելույթում ասած գործադիր մարմնի թեկնածու Արա Զոհրաբյանը։ Զոհրաբյանի խոսքով՝ իրենց կուսակցությունն էլ կարող է թվարկվել սնկի պես բացվող կուսակցությունների շարքի մեջ, բայց նա վստահ է, որ ստեղծված և ստեղծվող կուսակցությունների մեծ մասը, անկախ քանակից, վտանգի զգացումով և երկրի համար ինչ-որ բան անելու մղումով է գնում․ «Մենք հասկանում ենք, որ չպետք է դառնանք խոստում տվող և ոչինչ չանող հերթական կուսակցություն»։  Արա Զոհրաբյանն ասաց, որ պատահական չէ կուսակցության անվան մեջ ազգային և քրիստոնեական բառերն օգտագործելը․ «Մենք քրիստոնեությունն առաջին ընդունած պետությունն ենք, բայց կենցաղավարության մեջ, կյանքի այլ ոլորտներում արդյո՞ք ապրում ենք քրիստոնեական կյանքով։ Մենք կարևորում ենք մեր եկեղեցու դերը և՛ կրթության, և՛ մշակույթի, և՛ մեր կյանքի բոլոր ոլորտներում։ Այստեղ հավաքվածները և գործադիր մարմնի անդամների թեկնածուները ազգային մտածելակերպ ունեցող մարդիկ են»։ Արա Զոհրաբյանը նշեց, որ իրենց կարծիքով՝ պետությունը պետք է սահմանի հայ մարդու բացարձակ կերպարը և կրթական-մշակութային միջոցառումներով ազաբնակչությանը տանի այդ կատարելատիպին․ «Հայ մարդը պետք է խորապես տիրապետի հայերենին, ճանաչի այն երկիրը, որտեղ ապրում է, իմանա սեփական պատմությունը՝ արարչագործությունից ի վեր, քրիստոնեական և ազգային ավանդույթների կրող լինի, լինի նորարար, աշխատասեր և ուսումնատենչ, ունենա հմտություններ ռազմարվեստում, ծանոթ լինի քրիստոնեական դավանաբանությանը, ապրի և ստեղծագործի Հայաստանում, ունենա հստակ պատկերացում աշխարհաքաղաքական իրավիճակի մասին և բավարար հմտություններ՝ ժամանակակից մարտահրավերներին դիմագրավելու համար, ունենա կամք և դիմադրողականություն՝ ապազգային երևույթները մերժելու համար, ունենա սեր առ հայրենիք»։ Գործադիր մարմնի անդամի թեկնածու Վահագն Չախալյանն էլ իր ելույթում անդրադարձավ նրան, թե ինչ է կատարվել մեր երկրում վերջին երեսուն տարիների ընթացքում․ «Երեք տասնամյակ մեր երկիրն ապրել է ժողովրդագրական ահռելի ճգնաժամ, արտագաղթ, ամուսնությունների թվի անկում, բնակչության թվի ծերացում, հղիության արհեստական դադարեցում։ Երեք տասնամյակ մեր երկիրը մխրճվել է կոռուպցիայի մեջ, կոռումպացվել են մեր կյանքի բոլոր ուղղությունները, ապականվել են պետական, իրավական, ռազմական համակարգերը, զուգահետ պղծվել են տնտեսական, առողջապահական և կրթական համակարգերը»։ Չախալյանի խոսքով՝ Հայաստանն աղքատացել է, անվերահսկելիորեն և շարունակաբար աճել են մեր մասնավոր և պետական պարտքի ցուցանիշները․ «Մենք ունենք ընդամենը երկու տարբերակ՝ լինել հանցակից և կորցնել ամեն ինչ կամ արթնանալ հանցավոր թմբիրից, թևակոխել պատմության նոր հանգրվան։ Մենք՝ այստեղ հավաքվածներս, հրավիրում ենք բոլորին համախմբվելու և ապրելու ազգային և քրիստոնեական զարթոնք»։ Գործադիր մարմնի անդամնեի թեկնածուների ելույթներից հետո հիմնադիր համագումարի մասնակիցները միաձայն կողմ քվեարկեցին «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության հիմնադրմանը, որից հետո քվեարկությամբ հաստատվեցին կուսակցության կանոնադրությունը և ծրագիրը։ Արա Զոհրաբյանը ներկայացրեց ծրագրի հիմնական դրույթները։ Կուսակցության ծրագրում նշված հիմնական դրույթներից է այնպիսի պետության կայացումը, որտեղ գործում է կիսանախագահական համակարգ, Ազգային ժողովն էլ երկպալատ է։ Կուսակցության հիմնադիր անդամները նախօրոք փակ քվեարկությամբ ընտրել էին գործադիր մարմնի անդամներին։ Քվեարկության արդյունքներով մարմնի անդամներ ընտրվեցին Արա Զոհրաբյանը, Վահագն Չախալյանը, Գրիգոր Մնացականյանը, Արտեմ Թարզյանը, Կարեն Թորոսյնաը, Կարինե Նալչաջյանը, Սամվել Չախալյանը։ Վերջում ձայների մեծամասնությամբ կուսակցության նախագահ ընտրվեց Արա Զոհրաբյանը։
17:24 - 29 ապրիլի, 2021
Հաջորդ շաբաթվանից կստեղծվեն շարժական թիմեր, որոնք քաղաքի բանուկ հատվածներում կտեղակայվեն և ևս մեկ քայլով կմոտեցնեն պատվաստման հնարավորությունը․ Անահիտ Ավանեսյան

Հաջորդ շաբաթվանից կստեղծվեն շարժական թիմեր, որոնք քաղաքի բանուկ հատվածներում կտեղակայվեն և ևս մեկ քայլով կմոտեցնեն պատվաստման հնարավորությունը․ Անահիտ Ավանեսյան

Ավելի քան մեկ տարի մենք ապրում ենք համավարակի պայմաններում և մեր ռազմավարությունը ի սկզբանե եղել է հետևյալը՝ սովորել ապրել կորոնավիրուսի պայմաններում։ Այսինքն բնականոն կյանքից մաքսիմալ պակաս շեղումներով և ըստ էության մենք այսօր գտնվում ենք այդպիսի իրավիճակում, բայց այս ռազմավարությունը ունի երկրորդ մաս, որը չափազանց կարևոր է՝ խոսքը կորոնավիրոսից  պատվաստման գործընթացի մասին է: Այսօր կառավարության նիստի ընթացքում կորոնավիրուսային իրավիճակին անդրադարձավ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։  Վերջինս նշեց, որ պատերազմի և հետպատերազմյան իրադրության պատճառով անհրաժեշտ ուշադրություն չի դարձվել այս խնդրին, բայց  հիմա ունենք պատվաստվամ մեծ պոտենցիալ, բայց բախվում ենք մի խնդրի հետ, երբ այդ պոտենցյալը պատշաճ չափերով և մասշտաբներով չի իրականացվում, ինչը որոշակի առողջապահական և՛ տնտեսական ռիսկեր է առաջացնում։  «Ժամանակակից աշխարհում նաև տնտեսության համար և տնտեսական ակտիվության առումով կարևորագույն  գործոն է, թե երկրում բնակչության որ մասն է պատվաստված կորոնավիրուսի դեմ։ Մասնավորապես, զբոսաշրջության ոլորտում, որպես զբոսաշրջության ուղղություն՝ երկրները գնահատվում են նաև այս չափանիշով և ես կուզեի, որ Դուք ՝ Տիկին Ավանեսյան ներկայացնեք, թե ինչ հնարավորություններ ունենք կորոնավիրոսից պաշտպանվելու համար և այս պահի դրությամբ ինչպես ենք այն իրականացրել»,- ասաց Փաշինյանը։  Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնեց, որ այսօր գրանցվել է կորոնավիրուսի 656 նոր դեպք,այս պահին հիվանդության ակտիվ փուլում են 13257 վարակաված քաղաքացիներ, որից 2000-ից ավելին գտնվում են հիվանդանոցներում, երեկ գրանցվել է 16 մահ և մահվան դեպքերի թիվը հատել են 4000-ի սահմանը։  «Ինչպես դուք նշեցիք, վերջին մեկ տարվա ընթացքում ամբողջ երկրագնդին պատեց այս համավարակը, բոլորի հույսն էր նաև պատվաստումները, որ գիտական, կառավարչական, ֆինանսական միջոցների կոնսոլիդացիան թույլ կտա ստեղծելու պատվաստանյութ, որը հնարավորություն կտա կոտրել վարակի տարածելիության շղթան և վերադառնալ բնականոն կյանքի։ Այսօր կառավարության ջանքերի շնորհիվ Հայաստանում հասանելի են պատվաստանյութերը, ստեղծված են բոլոր ինֆրաստրուկտուրաները, որպեսզի քաղաքացիները հեշտությամբ պատվաստվեն։ Արդեն մի քանի օր է պատվաստանյութը հասանելի է 18 տարին լրացած յուրաքանչյուր քաղաքացու և մենք փոփոխություններ ենք մտցրել նաև պոլիկլինիկաներում ամբուլատորինաներում սպասարկման կարգի մեջ, որպեսզի հեշտացնենք դիմելու ձևերը»,- հավելեց նախարարը։ Ավանեսյանը նաև տեղեկացրեց, որ անկախ կցագրված վայրից, քաղաքացիները կարող են հերթագրվել իրենց ցանկացած պոլիկլինիկայում և ստանալ պատվաստանյութ, իսկ հաջորդ շաբաթվանից կստեղծվեն շարժական թիմեր, որոնք քաղաքի բավական բանուկ հատվածներում կտեղակայվեն և ևս մեկ քայլով կմոտեցնեն պատվաստման հնարավորությունը։ «Պատվաստումների գործընթացը ունի առաջնահերթ՝ առողջապահական նշանակություն և պատվաստումը միակ միջոցն  է, որը օգենլու է վերջ դնել մահերի աղետալի ընթացքին և հաջորդական ալիքներին զսպելու։ Բոլոր այն պատվաստանյութերը, որոնք առկա են Հայաստանում 100 տոկոսով պաշտպանում են հիվանդացության ծանր և ծայրահեղ ծանր ընթացքից։ Պատվաստանյութից որևէ թեթև կամ ծանր կողմնակի ազդեցության ռիսկը գրեթե զրոյական է»,- եզրափակեց Առողջապահության նախարարը։
10:34 - 29 ապրիլի, 2021
Քաղաքական ուժերին ձեռնտու է, երբ կան քարոզարշավի ֆինանսավորման արգելքներ, սակայն դրանց խախտման համար պատասխանատվություն սահմանված չէ․ Վարդինե Գրիգորյան

Քաղաքական ուժերին ձեռնտու է, երբ կան քարոզարշավի ֆինանսավորման արգելքներ, սակայն դրանց խախտման համար պատասխանատվություն սահմանված չէ․ Վարդինե Գրիգորյան

ՀՀ Ազգային ժողովն այսօր Քրեական օրենսգրքում կատարեց փոփոխություններ, որոնք, մասնավորապես, առնչվում էին ընտրական գործընթացում հնարավոր հանցագործություններին։ Փոփոխություններով քրեականացվեց նախընտրական քարոզարշավին մասնակցելուն կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուն կամ նախընտրական քարոզարշավին մասնակցելուց կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ նախընտրական քարոզարշավին մասնակցելուն կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուն որեւէ եղանակով խոչընդոտելը։ Այս արարքը պատժվելու է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի յոթհարյուրապատիկից հազարապատիկի չափով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ մեկից երեք տարի ժամկետով:  Իսկ ահա տեղամասային կենտրոնում կամ դրա մուտքի մոտ բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը պատժվելու է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով: Հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը պատժվելու է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով կամ կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը վեց ամիս ժամկետով: Իսկ հավաքին մասնակցելուն հարկադրելը կամ հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը պատժվելու է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով կամ ազատազրկմամբ՝ վեց ամսից մեկ տարի ժամկետով: Վերոնշյալ երկու արարքները բռնության գործադրման կամ դրա սպառնալիքով կատարելու դեպքում պատժվելու են ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, հանրային ծառայողի մասնակցության դեպքում՝ մինչեւ հինգ տարի ժամկետով։ Պաշտոնատար անձի կարգավիճակ ձեռք բերելուն կամ պահպանելուն խոչընդոտող՝ իր այլ երկրի քաղաքացիություն ունենալու մասին տեղեկությունը սահմանված կարգով իրավասու մարմնին չհայտնելը կամ նման տեղեկությունը թաքցնելը պատժվելու է ազատազրկմամբ՝ երեքից հինգ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա: Նախագծով, ինչպես երեւում է, քարոզարշավի ֆինանսավորման կարգի խախտման դեպքում պատասխանատվության վերաբերյալ որեւէ տեղ նշված չէ։ Սա, ի դեպ, դժգոհություն է առաջացրել քաղհասարակությունից նախագծի մշակմանը մասնակցած անձանց շրջանում։ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն ԱԺ-ում նախագծի քննարկումից առաջ ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ նախագծի նախնական տարբերակում եղել են նաեւ քարոզարշավի ֆինանսավորման կարգի խոշոր խախտումների մասին հոդվածներ, որոնք, ի դեպ, արժանացել էին ոչ միայն հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների ու արտախորհրդարանական ուժերի, այլ նաեւ Վենետիկի հանձնաժողովի հավանությունը։ Իսկ հիմա այդ հոդվածներն, ըստ Իոաննիսյանի, իշխանությունները հանել են՝ ի հեճուկս քաղհասարակության ու հանրային քննարկումների ժամանակ հնչեցրած այն մոտեցումների, որ գալիք ընտրությունների ժամանակ առավել կարեւոր է ֆինանսավորման կարգի ապահովումը, եւ հանել են՝ առանց հանրային քննարկման։ Խորհրդարանում նախագիծը ներկայացրեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը։ Նա ընդգծեց, որ ընտրական օրինախախտումների վերաբերյալ փոփոխությունների այս փաթեթն ավելի ընդլայնված առկա է Ընտրական օրենսգրքի բարեփոխման մեծ նախագծում։ Բայց, ըստ Հովակիմյանի, քանի որ հնարավոր է՝ զարգացումներն այնպես ընթանան, որ այդ մեծ փաթեթը ուժի մեջ չմտնի մինչեւ առաջիկա ընտրությունները, ուստի դրանց մեկնարկի համար խիստ անհրաժեշտ բոլոր փոփոխություններն առանձնացվել ու քննարկվում են հրատապության կարգով։  Խորհրդարանում, որն ունի ավելի քան 130 պատգամավոր, նախընտրական գործընթացում կուսակցությունների ֆինանսավորման թափանցիկության մասին գեթ մեկ հարց չհնչեց, չնայած՝ խորհրդարանական մեծամասնություն Իմ քայլը մշտապես կարեւորել է այս հարցը։  Այսօր ընդունված նախագծի մշակման աշխատանքներին մասնակցած, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ժողովրդավարական ինստիտուտների մոնիտորինգի եւ զեկուցման համակարգող Վարդինե Գրիգորյանի կարծիքով՝ Ազգային ժողովում չխոսվեց այդ հարցի մասին, քանի որ բոլորի համար էլ օգտակար է այդ անորոշ վիճակը, երբ կա արգելքը, սակայն դրա խախտման դեպքում պատասխանատվություն սահմանված չէ։ Infocom-ի հետ զրույցում Գրիգորյանը նկատեց՝ կուսակցությունների ֆինանսավորմանը, նվիրատվությունների խախտումներին վերաբերող հոդվածներն, ըստ էության, նույն ձեւակերպմամբ ընդունելի են եղել «Իմ քայլի» ներկայացուցիչների համար, երբ մշակվում էին «Կուսակցությունների մասին» օրենքի փոփոխությունները։ Մեր զրույցում Գրիգորյանն ասաց, որ ֆինանսավորման արգելքի առնչությամբ փաստարկ է եղել, թե փոփոխությունը կարող է միանշանակ չընդունվել ու կարող է՝ որոշ ընդդիմադիրներ մտածեն, որ դա վերջին պահին կանոնների խստացում է կամ նման մի բան։ Այս մեկնաբանության հետ, սակայն, Գրիգորյանն ինքը համաձայն չէ․ «Իմ կարծիքով՝ այդ փաստարկները տեղին չէին, որովհետեւ արգելքն ամեն դեպքում կա, նոր չէ։ Այսինքն՝ ե՛ւ Օրենսգիրքն է սահմանում ինչ-որ սահմանափակումներ, եւ նման այլ սանկցիաներ են նախատեսված։ Ուղղակի եթե մինչ այս ասվում էր՝ արգելված է, ապա հիմա պետք է խստացվեին սանկցիաները, հիմա հստակեցվելու էր, թե այդ արգելքի խախտման դեպքում ինչ պատասխանատվություն է սահմանվում»,- մեկնաբանեց Վարդինե Գրիգորյանը։ Իսկ հիմա, փաստորեն, ստացվում է՝ ասում ես՝ այո՛, արգելված է, բայց խախտման համար պատասխանատվություն սահմանված չէ։  «Հիմա եթե կուսակցությունը տարբեր տեսակի ֆինանսավորում ստանա, պատասխանատվության համապատասխան մեխանիզմներ կան, իսկ նախընտրական հիմնադրամին նվիրատվությունների մասով այս պահի դրությամբ պատասխանատվություն չկա»։  Ըստ մեր զրուցակցի՝ լռություն պահպանելով՝ քաղաքական ուժերը փաստացի առաջ են տանում իրենց բոլորի համար օգտակար վիճակը, երբ որոշակի անորոշություն կա քարոզարշավի ֆինանսավորման մասով, իսկ դա նրանց ձեռնտու է՝ հատկապես դրամահավքների ժամանակ․ «Մենք գիտենք, որ կան կուսակցություններ կամ ուժեր, որոնք դրամահավաքի ժամանակ ընդունում են կամ անանուն, կամ անկախնիկ ֆինանսավորում, ինչը, ենթադրաբար, չի թույլատրվում, բայց բոլորն ուզում են, որ դրա հնարավորությունը լինի։ Եւ փորձում են շրջանցել պատասխանատվության մասը, մտածում են, որ քաղաքական ֆինանսավորում այլ ձեւով հնարավոր չէ։ Օրինակ՝ մտածում են, որ եթե պարզ լինի, թե ովքեր են ֆինանսավորողները, այդ մարդիկ կարող են խնդիր ունենալ, ընդ որում՝ կապ չունի՝ իշխանության համար, թե ընդդիմության։ Բայց հարցն այն է, որ ի սկզբանե անանուն ֆինանսավորումն արգելված է։ Այսինքն՝ կամ պետք է ազնվորեն ասել՝ կարծում ենք՝ անոնիմ ֆինանսավորման քաղաքական կամ այլ հետեւանքները ավելի քիչ վնասակար են, քան եթե իմացվի ֆինանսավորման աղբյուրը, ուրեմն եկեք թույլատրենք»,- ասաց Գրիգորյանը՝ հավելելով՝ ավելի լավ է՝ ազնիվ լինել, եւ ասել՝ եթե այդպիսի ֆինանսավորումն ընդունելի է, ուրեմն ընդունեն, որ այսուհետ հնարավորություն տրվի։ Նրա համոզմամբ՝ եթե նախընտրական շրջանում ֆինանսավորման թափանցիկության վերաբերյալ դրույթներն այս ընտրությունների ժամանակ չկիրառվեն, ապա անպայման պետք է ընդունվեն Ընտրական օրենսգրքի փոփոխությունների մեծ փաթեթով։  Հայարփի Բաղդասարյան
21:04 - 28 ապրիլի, 2021