ԲԴԽ

Բարձրագույն դատական խորհուրդը Սահմանադրական մարմին է, որը կոչված է ապահովելու դատական իշխանության անկախությունը եւ բնականոն գործունեությունը։

1. ԲԴԽ-ն`
1) կազմում եւ հաստատում է դատավորների թեկնածուների, ներառյալ առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակները.
2) Հանրապետության նախագահին առաջարկում է նշանակման ենթակա, ներառյալ առաջխաղացման կարգով նշանակման ենթակա դատավորների թեկնածուներին, դատարանների նախագահների եւ Վճռաբեկ դատարանի պալատների նախագահների թեկնածուներին. 
3) ԱԺ-ին առաջարկում է Վճռաբեկ դատարանի դատավորների եւ նախագահի թեկնածուներին.
4) լուծում է դատավորներին մեկ այլ դատարան գործուղելու հարցը, իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցը, դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, դատավորների լիազորությունների դադարեցման հարցերը։

2. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարց քննարկելու, ինչպես նաեւ Դատական օրենսգրքով սահմանված այլ դեպքերում Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան:

3. Օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով Բարձրագույն դատական խորհուրդն ընդունում է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր:

Խորհրդի գործող նախագահը Ռուբեն Վարդազարյանն է։

Վճռաբեկ դատարանի քրեական պալատը նախադեպային որոշում է կայացրել գործն ըստ էության չլուծող դատական ակտերը վերանայելիս վճռաբեկ և վերաքննիչ դատարանների լիազորությունների վերաբերյալ

Վճռաբեկ դատարանի քրեական պալատը նախադեպային որոշում է կայացրել գործն ըստ էության չլուծող դատական ակտերը վերանայելիս վճռաբեկ և վերաքննիչ դատարանների լիազորությունների վերաբերյալ

ՀՀ Սահմանադրական դատարանի՝ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով 2019 թվականի մայիսի 7-ի թիվ ՍԴՈ-1459 որոշման կայացումից հետո, ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը 2019 թվականի հուլիսի 11-ի որոշմամբ, իսկ ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը 2019 թվականի սեպտեմբերի 18-ի որոշմամբ, Սահմանադրական դատարանի առջև բարձրացրել էին գործն ըստ էության չլուծող դատական ակտերը վերանայելիս իրենց լիազորություններն ամրագրող կարգավորումների սահմանադրականության հարցը։ Սահմանադրական դատարանը 2019 թվականի հունիսի 21-ի թիվ ՍԴԱՈ-54 աշխատակարգային որոշմամբ Վերաքննիչ քրեական դատարանի դիմումի հիման վրա գործը քննության ընդունելը մերժել էր, իսկ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դիմումը՝ 2019 թվականի հոկտեմբերի 14-ի թիվ ՍԴԱՈ-110 որոշմամբ քննության ընդունելուց հետո գործի վարույթը 2020 թվականի մարտի 17-ի թիվ ՍԴԱՈ-66 որոշմամբ կարճել էր։ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը, Հրայր Հովսեփյանի գործով 2020 թվականի մայիսի 25-ի թիվ ԵԴ/0426/11/18 որոշմամբ, հաշվի առնելով մի կողմից՝ Սահմանադրական դատարանի՝ 2019 թվականի մայիսի 7-ի թիվ ՍԴՈ-1459 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները, մյուս կողմից՝ Սահմանադրական դատարանի՝ նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները, ինչպես նաև ՀՀ Ազգային ժողովի` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի վերաբերելի կարգավորումների առնչությամբ Սահմանադրական դատարան ներկայացված դիրքորոշումները, օրենքի կիրառման դատական պրակտիկայի միասնականության ապահովման սահմանադրական գործառույթի իրացման համատեքստում փաստել է, որ թեև գործն ըստ էության չլուծող դատական ակտերի վերանայումը, որպես կանոն, պետք է ավարտվի Վճռաբեկ դատարանում` վերջնական որոշում կայացնելու միջոցով, սակայն որոշ դեպքերում, անձի` դատարանի մատչելիության և դատական պաշտպանության իրավունքների արդյունավետ իրականացման երաշխիքների պաշտպանությունը, ինչպես նաև Վճռաբեկ և Վերաքննիչ դատարանների միջև ձևավորված գործառութային կապի և դատական վերանայման ծավալի վերընթաց նվազման սկզբունքի արդյունավետ կենսագործումը կարող է ապահովվել միայն Վճռաբեկ դատարանի կողմից գործը նոր քննության ուղարկելու արդյունքում։ Այլ կերպ, այդ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից բացառապես գործը նոր քննության ուղարկելը կարող է լինել արդյունավետ միջոց՝ հետևողականորեն երաշխավորելու վերադասության կարգով դատական ակտերի օրինականության վերահսկման սկզբունքի անխախտելիությունը։ Նշված իրավական դիրքորոշումների համատեքստում, Վճռաբեկ դատարանի քրեական պալատն արձանագրել է, որ որոշ դեպքերում, գործն ըստ էության չլուծող դատական ակտերով գործը նոր քննության ուղարկելու իրավասությունը կարող է լինել դատական վերանայման իրավունքի իրացման նախապայման և արդար դատաքննության իրավունքի (դատարանի մատչելիության, դատական պաշտպանության իրավունքների արդյունավետ իրականացման) երաշխիք։ Վճռաբեկ դատարանի քրեական պալատն իրավական դիրքորոշում է հայտնել այն մասին, որ նման դեպքում, գործն ըստ էության չլուծող դատական ակտերի իրավաչափությունը ստուգելիս, նշված որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ, պետք է կիրառելի լինեն գործն ըստ էության լուծող դատական ակտերը վերանայելիս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունները։ Միևնույն ժամանակ, նշված որոշմամբ արձանագրվել է, որ արտահայտված իրավական դիրքորոշումները, վերաբերելի մասով (mutatis mutandis), կիրառելի են նաև գործն ըստ էության չլուծող դատական ակտերը վերանայելիս Վերաքննիչ դատարանի նույնաբնույթ լիազորությունների նկատմամբ։ Դատական ակտը հասանելի է «Դատալեքս» տեղեկատվական համակարգում՝ datalex.am, գործի համարը՝ ԵԴ/0426/11/18։
11:19 - 23 հուլիսի, 2020
ԲԴԽ-ի անդամի թափուր տեղի ընտրության համար ներառվել է 3 դատավորի անուն

ԲԴԽ-ի անդամի թափուր տեղի ընտրության համար ներառվել է 3 դատավորի անուն

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 76-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի կարգավորումների ուժով` Դատական դեպարտամենտի ղեկավարի կողմից 2020 թվականի հուլիսի 9-ին ծանուցագրեր են ուղարկվել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամ ընտրվելու իրավունք ունեցող Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 9 դատավորի: Ինչպես տեղեկանում ենք ԲԴԽ-ի պաշտոնական կայքէջից, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատից ստացվել է Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թեկնածուների 6 դիմում՝ իրենց անունները քվեաթերթիկում չներառելու մասին: Դատական դեպարտամենտի ղեկավարի կողմից Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղի ընտրության քվեաթերթիկում ներառվել են ներքոնշյալ՝ 3 դատավորների անունները. Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատից Սուրեն Անտոնյան, Գոռ Հակոբյան, Ստեփան Միքայելյան։
12:32 - 22 հուլիսի, 2020
ԲԴԽ-ն բավարարել է 2 դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ միջնորդությունները

ԲԴԽ-ն բավարարել է 2 դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ միջնորդությունները

Այսօր Բարձրագույն դատական խորհուրդը, քննության առնելով գլխավոր դատախազի կողմից ներկայացված միջնորդությունները ՀՀ սնանկության դատարանի դատավորներ Գևորգ Նարինյանի և Արա Կուբանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնության հարցի վերաբերյալ, որոշել է միջնորդությունները բավարարել: ԲԴԽ-ի մամուլի ծառայությունից հայտնում են, որ կառույցը որոշել է տալ համաձայնություն՝ դատավորների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ: Հիշեցնենք, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը երեկ միջնորդություններ է ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդին՝ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի շրջանակում երկու դատավորների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրանց ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով:
20:15 - 17 հուլիսի, 2020
Դատավորի թեկնածու Կարապետ Բադալյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը բավարարվեց մասնակի․ ԲԴԽ |shantnews.am|

Դատավորի թեկնածու Կարապետ Բադալյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը բավարարվեց մասնակի․ ԲԴԽ |shantnews.am|

shantnews.am: ՀՀ բարձրագույն դատական խորհուրդն այսօրվա նիստում  մասնակի բավարարեց Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի ներկայացրած՝ դատավորի թեկնածու Կարապետ Բադալյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը: Նշենք, որ Բադալյանի հանդեպ կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել փաստաբան Հովհաննես Խուդոյանի՝ ավելի վաղ հանձնաժողովին ներկայացրած հաղորդումն այն մասին, որ հարցազրույցներից մեկի ժամանակ դատավորի թեկնածուն կարծիք էր հայտնել մեկ այլ դատավորի՝ ՀՀ վերաքննիչ  դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի մասին: Նախորդ նիստին դատավորներ Արման Թովմասյանը և Մխիթար Պապոյանը ներկայացրին կարգապահական վարույթ հարուցելու մասին միջնորդությունը՝ նշելով, որ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի հասցեին որոշակի որակումներ թույլ տալով Կարապետ Բադալյանը խախտել է քաղաքական զսպվածության և չեզոքության նորմերը: Կարապետ Բադալյանն էլ բացարկի միջնորդություն ներկայացրեց Մխիթար Պապոյանի դեմ, որը ևս Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր է: Բադալյանը հիշեցրեց՝ Պապոյանը բազմիցս հայտարարել է, որ Ալեքսանդր Ազարյանն իր ընկերն է, ուստի ինքն այս գործով չի կարող անկողմնակալ լինել: Բարձրագույն դատական խորհուրդն այսօր մերժեց դատավոր Մխիթար Պապոյանին բացարկ հայտնելու միջնորդությունը, միևնույն ժամանակ, մերժեց դատավորի թեկնածու Կարապետ Բադալյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությունը:
16:59 - 13 հուլիսի, 2020
Տեղի կունենա դատավորների ընդհանուր ժողով․ ԲԴԽ

Տեղի կունենա դատավորների ընդհանուր ժողով․ ԲԴԽ

Վճռաբեկ դատարանի նախագահի հուլիսի 9-ի հրամանի համաձայն՝ հուլիսի 31-ին հրավիրվել է Հայաստանի Հանրապետության դատավորների հերթական ժողով, որը կայանալու է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Այս մասին հայտնել է ԲԴԽ աշխատակազմի Մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արման Խաչատրյանը։ «Բարձրագույն դատական խորհրդի նախագահի հանձնարարությամբ լիազորված եմ տեղեկացնել, որ Վճռաբեկ դատարանի նախագահի հուլիսի 9-ի հրամանի համաձայն, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 74-րդ հոդվածի 3-րդ մասը, 2020 թվականի հուլիսի 31-ին հրավիրվել է Հայաստանի Հանրապետության դատավորների հերթական ժողով՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում (հասցե՝ ք. Երևան, Ծիծեռնակաբերդի զբոսայգի, 1-ին շենք): Ինտերնետ կապի տեխնիկական խոտանի պատճառով Դատական իշխանության պաշտոնական կայքը ժամանակավորապես չի գործում: Կապի կարգավորումից հետո տեղեկությունը կհրապարակվի նաև պաշտոնական կայքում»,- նշված է հաղորդագրության մեջ:  
19:48 - 09 հուլիսի, 2020
ԲԴԽ-ն մերժեց դատավոր Ալեքսանդր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը |armtimes.com|

ԲԴԽ-ն մերժեց դատավոր Ալեքսանդր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը |armtimes.com|

armtimes.com: Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը կարգապահական պատասխանատվության չի ենթարկվի: Քիչ առաջ վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ այս որոշումը հրապարակեց Բարձրագույն դատական խորհուրդը՝ նշելով, որ այն վերջնական է եւ ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: Այսպիսով, ԲԴԽ-ն մերժեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի միջնորդությունը: Որոշման հրապարակմանը ներկա էին նաեւ այլ անձինք, դատավորներ, որոնք եկել էին իրենց աջակցությունը հայտնելու Ազարյանին: Մերժման որոշմանը նրանք արձագանքեցին ծափահարություններով: Բադասյանը նման միջնորդություն էր ներկայացրել՝ նշելով, որ դատական նիստերից մեկի ժամանակ Ազարյանն անհարգալից վերաբերմունք է դրսեւորել ՀՔԾ-ի եւ ՀՔԾ պետի նկատմամբ՝ վիրավորական արտահայտություններ հնչեցնելով: Խոսքը «Հույս ունեմ՝ քննիչը չի իջնի ՀՔԾ պետի մակարդակին» եւ այլ արտահայտությունների մասին է: Նախարարի միջնորդության դեմ առարկել էր Ազարյանը՝ պնդելով, որ ինքը որեւէ մեկին չի վիրավորել, պարզապես իրերը կոչել է իրենց անուններով:
14:39 - 09 հուլիսի, 2020
Կորոնավիրուսի համավարակի տարածման կանխարգելմանն ուղղված միջոցառումների իրականացման նպատակով հատկացվել է 14.740.000 ՀՀ դրամ գումար․ ԲԴԽ

Կորոնավիրուսի համավարակի տարածման կանխարգելմանն ուղղված միջոցառումների իրականացման նպատակով հատկացվել է 14.740.000 ՀՀ դրամ գումար․ ԲԴԽ

Բարձրագույն դատական խորհրդի կողմից 24.03.2020 թվականին ընդունվել է «Պարետի 2020 թվականի մարտի 24-ի «Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում հանրային ծառայության իրականացման նկատմամբ կիրառվող սահմանափակումների վերաբերյալ» թիվ 15 որոշման կատարումն ապահովող միջոցառումների մասին» թիվ ԲԴԽ-12-Ո-25 որոշումը: Այս մասին հայտնում է Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունը։ Կորոնավիրուսի համավարակի տարածման կանխարգելմանն ուղղված միջոցառումների իրականացման նպատակով Բարձրագույն դատական խորհրդի և ՀՀ դատարանների պահուստային ֆոնդի միջոցներից հատկացվել է 14.740.000 ՀՀ դրամ գումար, որից մինչ օրս ծախսվել է ընդամենը 12.942.128 ՀՀ դրամ գումար։ Նշված գումարով ձեռք են բերվել ախտահանիչ հեղուկ նյութեր՝ 1195 լիտր, ձեռնոցներ՝ 16.300 զույգ, դիմակներ՝ 50.000 հատ, ջերմաչափեր՝ 55 հատ, փակվող աղբամաններ՝ 50 հատ, ինչպես նաև ջերմային աերոզոլային գեներատորներով և ախտահանիչ նյութերով վարչական շենքերի և հարակից տարածքների ախտահանման ծառայություններ։ Ձեռք բերված ապրանքները բաշխվել են ՀՀ բոլոր դատարաններին, իսկ ջերմային աերոզոլային գեներատորներով և ախտահանիչ նյութերով ախտահանվել են Բարձրագույն դատական խորհրդի և ՀՀ բոլոր դատարանների վարչական շենքերը, որոնք ներառել են դրանց նստավայրերի սպասարկման սրահները, միջանցքները, դատական նիստերի դահլիճները, դատավորների և վերջիններիս աշխատակազմերի աշխատասենյակները, կալանավորների ժամանակավոր պահման խցերը, պատերը, դռները և դատարանների հարակից տարածքները։ Դատական դեպարտամենտի կողմից իրականացվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ Պարետի՝ 2020 թվականի մայիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրառվող ժամանակավոր սահմանափակումների վերաբերյալ» N 63 որոշման հավելվածներով սահմանված անվտանգության կանոնները պահպանելու նպատակով։ Մասնավորապես՝ աշխատատեղերը կահավորվել են փակվող աղբամաններով, դատական կարգադրիչների ծառայության միջոցով ապահովվում է ինչպես աշխատողների, այնպես էլ այցելուների ջերմաչափումը՝ հեռահար ջերմաչափերով, այն դատարանների վարչական շենքերում, որտեղ առկա է համապատասխան հնարավորություն, ապահովվում է ներսում գտնվող անձանց, ինչպես նաև դատական նիստերի մասնակիցների միջև առնվազն 1,5 մետր սոցիալական հեռավորությունը, պարբերաբար ապահովվում է նաև վարչական շենքերի սենյակների, սրահների, դատական նիստերի դահլիճների (յուրաքանչյուր նիստից հետո) բնական օդափոխությունը, Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնի և առանձնացված ստորաբաժանումների աշխատակիցների (մաքրուհիների) կողմից յուրաքանչյուր օր՝ առնվազն 2 անգամ, ախտահանիչ նյութերով ախտահանվում են Բարձրագույն դատական խորհրդի, Դատական դեպարտամենտի և ՀՀ բոլոր դատարանների վարչական շենքերը։
19:14 - 04 հուլիսի, 2020
ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը չի հրավիրվի ԲԴԽ՝ հարցաքննության. ԲԴԽ-ն մերժեց փաստաբանի միջնորդությունը |armtimes.com|

ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը չի հրավիրվի ԲԴԽ՝ հարցաքննության. ԲԴԽ-ն մերժեց փաստաբանի միջնորդությունը |armtimes.com|

armtimes.com: Բարձրագույն դատական խորհրդում Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի կարգապահական պատասխանատվության հարցի քննարկման ժամանակ նրա փաստաբան Տիգրան Աթանեսյանը միջնորդեց դատարան հրավիրել ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին: Ըստ Աթանեսյանի՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության լուծման համար դա խիստ էական նշանակություն ունի. «Ցանկանում ենք դատարանում հարցաքննել մեր դեմ վկայող անձին, ճշտել նրա բացասական դիրքորոշման պատճառները, ինքնաբացարկ ներկայացնելու ցուցում քննիչներին տալ-չտալու հանգամանքները եւ դրա նպատակը»,- ասաց նա: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը բացասական դիրքորոշում հայտնեց միջնորդության վերաբերյալ: ԲԴԽ-ն հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու, որտեղից կարճ ժամանակ անց վերադառնալով՝ մերժեց միջնորդությունը: Ալեքսանդր Ազարյանը, հիշեցնենք, այն դատավորն է, որը քննել է «5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանի խափանման միջոցի հարցը. վերջինս մեղադրվում է Մարտի 1-ի գործով կազմակերպված խմբի կողմից տուժողին սուտ ցուցմունք տալու նպատակով կաշառելու մեջ: Մեղադրանքի առաջադրումից հետո՝ 2019 թվականի դեկտեմբերին, Արմեն Թավադյանը կալանավորվել էր, ինչի դեմ հետագայում պաշտպանները վերաքննիչ բողոք էին ներկայացրել, որը քննելով՝ Ազարյանը Թավադյանին ազատ արձակելու որոշում էր կայացրել: Հետագայում, սակայն, պարզ էր դարձել, որ այդ բողոքի քննության ժամանակ նա որոշակի արտահայտություններ է արել Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հասցեին: Վերջինս, դրանք գնահատելով վիրավորական, հաղորդում էր ներկայացրել Արդարադատության նախարարությանը, որն էլ դրա հիման վրա կարգապահական վարույթ էր հարուցել եւ միջնորդությամբ դիմել ԲԴԽ-ին՝ դատավորին կարգապահական պատասխաանտվության ենթարկելու: Առավել մանրամասն՝ armtimes.com-ում
17:56 - 25 հունիսի, 2020
Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին որոշումը կհրապարակվի հուլիսի 9-ին |armenpress.am|

Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին որոշումը կհրապարակվի հուլիսի 9-ին |armenpress.am|

armenpress.am: Բարձրագույն դատական խորհուրդը Վերաքննիչ քրեական դատավոր Ալեքսանդր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակի հուլիսի 9-ին ժամը՝ 14։10-ին։ Նիստի ընթացքում այս մասին հայտարարեց ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը։ Դատավոր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ ԲԴԽ է դիմել Արդարադատության նախարարությունը՝ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի դիմումի հիման վրա: Դիմումի առիթը «5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանի գործով դատավոր Ալեքսանդր Ազարյանի արած արտահայտությունն է Սասուն Խաչատրյանի վերաբերյալ: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշել է, որ Ազարյանը դրսևորել է անհարգալից և անբարեխիղճ վերաբերմունք դատավարության մասնակցի և վերջինիս վերադասի նկատմամբ, ինչպես նաև իր խոսքով կողմնակալության կամ խտրականության տպավորություն է ստեղծվել։ Ազարյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը իր հերթին ասել է, որ փորձ է արվում ճնշում գործադրել դատավորի նկատմամբ։  
16:35 - 25 հունիսի, 2020
ԲԴԽ նախագահն արձագանքել է քննչական մարմինների և դատախազության հայտարարություններին

ԲԴԽ նախագահն արձագանքել է քննչական մարմինների և դատախազության հայտարարություններին

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանն  արձագանքել է քննչական մարմինների և դատախազության հայտարարություններին։ Այս մասին տեղեկացրին Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից։ «Իրենց գործին նվիրված, իրավաբանական փայլուն գիտելիքներ ունեցող, սկզբունքային ու բարոյական բարձր հատկանիշներով օժտված արհեստավարժ քննիչներին և դատախազներին՝ նախօրեին հնչեցրածս դիտարկումներն իհարկե չեն վերաբերվում: Ավելին, ամենայն հարգանք տածելով գործընկերների նկատմամբ, նշեմ, որ իմ ընդհանրական գնահատականներում առկա իրավիճակն է բնութագրվել, ինչը ոչ թե նեղանալու, «խորը» վիրավորվելու, այլ առկա մտահոգիչ իրողություններից անհրաժեշտ հետևություններ անելու առիթ պիտի հանդիսանա: Ոչ ոք իրավունք չունի թերագնահատել կամ նսեմացնել նախաքննական, քննչական մարմինների և դատախազության ծանրաբեռնված աշխատանքը, որն իրականում մի քանի անգամ բազմապատկվել է 2018 թվականից հետո՝ երկրում հաստատված նոր իրականության պայմաններում: Իմ հայտնած մտահոգություններն ու թերությունների բարձրաձայնումը միտված են դատաիրավական համակարգի խնդիրների օբյեկտիվ ախտորոշմանն ու արդյունավետ աշխատանքի կազմակերպմանը: Հարցազրույցում, հավասարապես, խոսել ու մատնանշել եմ դատական իշխանությունում առկա խնդիրների ու բացերի մասին, տվել իմ գնահատականները, ինչը կարևոր է նաև հանրային ճիշտ և օբյեկտիվ ընկալում ունենալու համար: Ձեր հայտարարություններում առկա դիտարկմամբ՝ մեջբերում եմ. «Իհարկե, հնարավոր է, որ նախաքննական մարմիններում լինեն քննիչներ, որոնց մասնագիտական որակները դեռևս բարելավման կարիք ունեն», ըստ էության, հաստատում և կիսում եք իմ հնչեցրած մտահոգությունները, և առնվազն տրամաբանական չէ իմ անունից դրանց վերագրումը նախաքննական մարմինների բոլոր աշխատակիցներին: Պետաիրավական համակարգում իմ բազմամյա գործունեության ընթացքում, գործընկերների հետ աշխատանքային` նաև անձնական շփումներում միշտ անթաքույց արտահայտել եմ և՛ իմ բարձր գնահատականը դատաիրավական համակարգի նվիրյալների, պետական մտածողությամբ օժտված պրոֆեսիոնալների աշխատանքի, և՛ առկա թերությունների ու թերացողների մասին: Այս համատեքստում, առնվազն, ազնիվ չէ մեղադրել ինձ համակարգեր թիրախավորելու մեջ: Հ.Գ. Քննչական մարմինների և դատախազության հարգելի գործընկերներ, հորդորում եմ տեղափոխվել մասնագիտական և պրոֆեսիոնալ հարթություն, կառուցողական, հրապարակային և արդյունավետ ջանքերով` համատեղ լծվել դատաիրավական համակարգի առջև ծառացած խնդիրների հաղթահարմանը՝ հանուն Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի»,- ասվում է Բարձրագույն դատական խորհրդի նախագահի արձագանքում։
19:36 - 24 հունիսի, 2020
ԲԴԽ-ն կընտրի այն դատավորներին, որոնք կքննեն նաև ապօրինի գույքի բռնագանձնման վերաբերյալ գործեր |1lurer.am|

ԲԴԽ-ն կընտրի այն դատավորներին, որոնք կքննեն նաև ապօրինի գույքի բռնագանձնման վերաբերյալ գործեր |1lurer.am|

1lurer.am: Խորհրդարանը քննարկում է Դատական օրենսգրքում և «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխությունների և լրացումների նախագծերի փաթեթը: Ըստ արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանի՝ Դատական օրենսգրքում առաջարկվող փոփոխությամբ սահմանվում է, որ Բարձրագույն դատական խորհուրդը կարող է Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քրեական և քաղաքացիական մասնագիտացված դատավորների ցանկից ընտրել դատավորների, որոնք կքննեն նաև ապօրինի գույքի բռնագանձնման վերաբերյալ գործեր:  Փոխնախարարը նշեց, որ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում առաջարկվող լրացումներով էլ սահմանվում են գլխավոր դատախազության նոր կազմավորվող ապօրինի գույքի բռնագնաձմանն ուղղված գործառույթներ իրականացնող վարչության պետի տեղակալի և ավագ դատախազի դրույքաչափերը: «Հաշվի առնելով, որ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո դատախազները գործնականում առնվազն մեկ կամ մեկուկես ամիս հետո կանցնեն աշխատանքի, նախագծի ընդունումը հրատապ է, որպեսզի նրանք կարողանան աշխատավարձ ստանալ»,- ասաց Գալյանը: 
17:11 - 24 հունիսի, 2020
ԲԴԽ-ն դատավոր Արսեն Նիկողոսյանի դիմումի հիման վրա որոշել է ոստիկանություն դիմել

ԲԴԽ-ն դատավոր Արսեն Նիկողոսյանի դիմումի հիման վրա որոշել է ոստիկանություն դիմել

Սույն թվականի հունիսի 19-ին Բարձրագույն դատական խորհրդի նախագահին հասցեագրված դիմում է ներկայացրել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը՝ հայտնելով, որ իր կողմից 18.06.2020թ. կայացված համապատասխան որոշման արդյունքում մի շարք լրատվական կայքերում և սոցիալական ցանցերում իր և իր ընտանիքի անդամների հասցեին (այդ թվում՝ իր անձնական էջին ուղարկված հաղորդագրություններով) սկսել են տարածվել վիրավորանք և սպառնալիք պարունակող բազմաթիվ գրառումներ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի Մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունը։ «Ստացված դիմումի քննարկման համար հունիսի 19-ին, ժամը 14.00-ին դատավոր Ա.Նիկողոսյանը հրավիրվել է Բարձրագույն դատական խորհուրդ:   Լսելով դատավորին և քննարկելով ստացված դիմումը՝ Բարձրագույն դատական խորհուրդը որոշել է դիմել ՀՀ ոստիկանություն՝ դիմումը հիմք ընդունելով համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ:
18:32 - 19 հունիսի, 2020