Հայաստան

Չավուշօղլուն հայտարարել է Հայաստանին Անթալիայի դիվանագիտական ֆորումին հրավիրելու մասին |azatutyun.am|

Չավուշօղլուն հայտարարել է Հայաստանին Անթալիայի դիվանագիտական ֆորումին հրավիրելու մասին |azatutyun.am|

azatutyun.am: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է Հայաստանին Անթալիայի դիվանագիտական ֆորումին հրավիրելու մասին: «Այս տարի մարտի 11-ից 13-ը 2-րդ անգամ անցկացվող Անթալիայի դիվանագիտական ֆորումին Լատինական Ամերիկայից ավելի լայն մասնակցություն ենք ակնկալում: Այս պահին լատինական 6 երկրի ԱԳ նախարարներ հաստատել են իրենց մասնակցությունը: Աշխարհի բոլոր երկրներից բոլորին հրավիրում ենք: Ուզում ենք, որ բոլորի ձայնը այս հարթակում լսելի լինի: Այս պահին իրենց մասնակցությունը հաստատել են արդեն 39 երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարներ: Հրավիրել ենք նաև մեր հարևան երկրներին՝ Հայաստանին, Հունաստանին, Կիպրոսի հունական հատվածին, Իսրայելին, Եգիպտոսին», - հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը: Նախօրեին Անկարայի համալսարանում տեղի ունեցած Լատինական Ամերիկայի դեսպանների հետ հանդիպման ժամանակ Չավուշօղլուն, խոսելով առաջիկա ֆորումի մասին, նշել է, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր հերթին մասնակցության հրավերներ է ուղարկել աշխարհի մի շարք երկրների ղեկավարներին, այժմ սպասում են պատասխանների:
14:59 - 20 հունվարի, 2022
Արդյոք Ադրբեջանն իրավունք ունի՞ վերահսկելու տեղաշարժը Լաչինի միջանցքում. Ռուսաստանի ԱԳՆ-ի արձագանքը |aravot.am|

Արդյոք Ադրբեջանն իրավունք ունի՞ վերահսկելու տեղաշարժը Լաչինի միջանցքում. Ռուսաստանի ԱԳՆ-ի արձագանքը |aravot.am|

aravot.am: Ռուսաստանի ԱԳՆ-ն պատասխանել է հարցին՝ կապված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի այն հայտարարության հետ, թե իրենք ցանկացած պահի կարող են արգելել Լաչինի միջանցքով տեղաշարժը: «Առավոտի» հարցը 2022թ. հունվարի 11-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ադրբեջանական հեռուստաալիքներին տված հարցազրույցում, գնահատելով Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների աշխատանքը, հայտարարել է, որ ռուս խաղաղապահների գործունեության մեջ բազմաթիվ նյարդայացնող պահեր կան՝  չնայած նրանց դրական գործառույթներին: Պարոն Ալիեւի խոսքով՝ Բաքուն բազմիցս դժգոհություն է հայտնել ռուսական կողմին՝ կապված խաղաղապահ զորամիավորման ժամանակավոր պատասխանատվության գոտում գտնվող ադրբեջանական տարածքներ անօրինական այցերի հետ: Հիշեցնելով Վալերի Պեկրեսի (Ֆրանսիայի նախագահի թեկնածու) այցը Արցախ՝  նա հայտարարել է, որ «Լաչինի միջանացքը գտնվում է մեր վերահսկողության տակ: Դուք եղել եք Շուշիում, և դա տեսել եք: Մենք կարող ենք այնտեղ կանգնեցնել ցանկացած մեքենա, և ոչ մեկ ոչինչ չի կարող ասել: Ուստի նմանատիպ դեպքերը միանգամայն անթույլատրելի են և պետք է դադարեցվեն»: Խնդրում ենք մեկնաբանել՝ արդյո՞ք նախագահ Ալիևի տվյալ պնդումը հիմնավորված է, հաշվի առնելով, որ համաձայն «2020թ. նոյեմբերի 9-ի՝ Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման մասին հայտարարության»՝ Լաչինի միջանցքը վերահսկվում է ռուս խաղաղապահ զորամիավորման կողմից 5 տարի ժամկետով: Իսկապե՞ս ադրբեջանական կողմն իրավունք ունի թույլատրել կամ արգելել տեղաշարժը ռուս խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող տարածքում տեղաշարժը: Ռուսաստանի ԱԳՆ պատասխանը Հիշեցնենք, որ Ռուս խաղաղապահ զորամիավորումը տեղակայված է շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքում՝ համաձայն Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի առաջնորդների կողմից 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրված Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և բոլոր տեսակի ռազմական գործողությունների դադարեցման մասին հայտարարության: Համաձայն տվյալ Համաձայնագրի 6-րդ կետի՝ Լաչինի միջանցքը գտնվում է ռուս խաղաղապահների վերահսկողության տակ: Ադրբեջանը երաշխավորում է Լաչինի միջանցքով երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների տեղաշարժի անվտանգությունը: Ռուս խաղաղապահ զորամիավորման հրամանատարությունը սահմանել է այդ թվում օտարերկրյա քաղաքացիներ և միջազգային կազմակերպությունների՝  խաղաղապահ գործողության իրականացման գոտի այցելությունների կարգը, որը լավ հայտնի է ադրբեջանական և հայկական կողմերին: Մասնավորապես, նախատեսված է խելամիտ ժամկետներում և պատշաճ կերպով ծանուցել ռուս խաղաղապահներին այդպիսի այցելությունների մասին:
14:11 - 20 հունվարի, 2022
Ալեն Սիմոնյանը հանդիպել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պաշտոնյաների հետ

Ալեն Սիմոնյանը հանդիպել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պաշտոնյաների հետ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հունվարի 19-ին հանդիպել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գրեգորի Միքսի, Բրեդ Շերմանի եւ հանրապետական Քրիս Սմիթի հետ: Այս մասին հաղորդում է ԱԺ աշխատակազմը: Ողջունելով պատվիրակության անդամներին՝ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գրեգորի Միքսը նշել է, որ իրենք 2018 թվականից ի վեր առանձնակի ուշադրությամբ հետեւում են Հայաստանում ընթացող ժողովրդավարական գործընթացներին: Նա նաեւ պատրաստակամություն է հայտնել մշտապես աջակցելու այդ բարեփոխումներին: Հանդիպմանը քննարկվել են 44-օրյա պատերազմին եւ դրա հետեւանքներին առնչվող հարցեր: Ամերիկացի գործընկերների խնդրանքով Ալեն Սիմոնյանն անդրադարձել է Հայաստանի սահմանային անվտանգության, հետպատերազմյան հումանիտար խնդիրների լուծման եւ Ադրբեջանում պահվող պատանդների հայրենադարձման հարցերին: Ամերիկյան կողմը տեղեկացրել է, որ ԱՄՆ Ներկայացուցիների պալատը եւ մասնավորապես իրենց հանձնաժողովը խիստ մտահոգված է ռազմագերիների ճակատագրով եւ կարծում է, որ նրանք պետք է անհապաղ հայրենիք վերադարձվեն: Հանձնաժողովի նախագահը հանդիպմանը շեշտել է, որ չափազանց կարեւոր է ապահովել Հարավային Կովկասի կայունությունը եւ այդ համատեքստում անհրաժեշտ է հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմանը եւ խնդրի տեւական կարգավորմանը: Միացյալ Նահանգները մեծապես կնպաստի դրան՝ այդ թվում ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով: Հանդիպմանն Ալեն Սիմոնյանն ընդգծել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Ցեղասպանության ճանաչման կարեւորությունը՝ շեշտելով այդ հարցում արտաքին հարաբերությունների հանձնաժողովի դերակատարությունը: Շնորհակալություն հայտնելով ՀՀ ԱԺ նախագահին բարձր գնահատանքի համար՝ ներկաները եւս մեկ անգամ շեշտել են, որ այն իսկապես շարունակական աշխատանքի արդյունք է եղել: Հանդիպման ավարտին Ալեն Սիմոնյանը տեղեկացրել է, որ Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի շրջանակներում նախատեսված են մի շարք միջոցառումներ եւ փոխադարձ այցելություններ: ԱԺ նախագահը հրավիրել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին ու անդամներին այցելել Հայաստան՝ տեղում ծանոթանալու առկա խնդիրներին եւ ժողովրդավարական ձեռքբերումներին:
14:05 - 20 հունվարի, 2022
Հայ-բրիտանական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Բորիս Ջոնսոնին

Հայ-բրիտանական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Բորիս Ջոնսոնին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնին՝ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ: Ինչպես հայտնում են ՀՀ կառավարությունից, ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ձերդ Գերազանցություն, Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության և Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանի կապակցությամբ։ 30 տարի առաջ՝ հունվարի 20-ին, մեր պետությունները սկիզբ դրեցին հայ-բրիտանական միջպետական փոխգործակցության և բարեկամ ժողովուրդների միջև սերտ շփումների ամրապնդման գործընթացին՝ հիմնված պատմական առնչությունների, ընդհանուր արժեհամակարգի, գործնական շահերի և փոխադարձ հարգանքի վրա։ Այս հոբելյանը կարևոր հանգրվան է՝ արժևորելու երկու երկրների միջև ձևավորված փոխհարաբերությունները, վերաիմաստավորելու համատեղ անցած ճանապարհը և ուրվագծելու համագործակցության նոր հեռանկարները։ Միացյալ Թագավորությունը նորանկախ Հայաստանի Հանրապետության պետականաշինության ճանապարհին կարևոր գործընկեր է եղել և այսօր էլ իր ավանդն է բերում մեր երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին, մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության ամրապնդմանը։ Համոզված եմ, որ այս տարիների ընթացքում ձեռք բերված հարուստ փորձը լայն  հնարավորություններ է ընձեռում հայ-բրիտանական համագործակցության ողջ ներուժի բացահայտման և համապարփակ օգտագործման համար՝ նոր խթան հաղորդելով երկկողմ հարաբերություններին, այդ թվում՝ տնտեսական գործընկերությանը և բարձրացնելով դրանք որակական նոր մակարդակի։ Այս համատեքստում խորհրդանշական եմ համարում առաջիկայում ակնկալվող ՀՀ-ՄԹ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ամփոփումը, որը նոր որակ կհաղորդի երկկողմ հարաբերություններին։ Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով առաջիկա տարիների ընթացքում կկարողանանք նոր նախաձեռնություններով և ծրագրերով հագեցնել հայ-բրիտանական երկկողմ օրակարգը՝ ի շահ մեր պետությունների և բարեկամ ժողովուրդների։ Ձերդ Գերազանցություն, ևս մեկ անգամ շնորհավորում եմ մեզ բոլորիս 30-ամյա հոբելյանի կապակցությամբ՝ մաղթելով մեր երկրներին հոբելյանական տարեդարձներով լեցուն բեղմնավոր փոխգործակցություն»:
12:40 - 20 հունվարի, 2022
Սահմանազատման վերաբերյալ Երևանի «նախապայմանները» Բաքվի համար անընդունելի են․ Ջեյհուն Բայրամով |azatutyun.am|

Սահմանազատման վերաբերյալ Երևանի «նախապայմանները» Բաքվի համար անընդունելի են․ Ջեյհուն Բայրամով |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի արտգործնախար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Բաքվի համար անընդունելի են Երևանի նախապայմանները սահմանազատումը սկսելու համար: Միաժամանակ, ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտի հետ երեկ Վիեննայում կայացած հանդիպման ժամանակ Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ սահմանազատումը հարաբերությունների կարգավորման կարևոր բաղադրիչ է, և Բաքուն հանդես է գալիս այն անհապաղ և առանց նախապայմանների սկսելու օգտին։ «Նախարարը նշել է, որ Ադրբեջանը կարևորում է ԵԱՀԿ-ի հետ համագործակցությունը և կազմակերպության հետ համատեղ իրականացվող նախագծերը, մասնավորապես՝ տրանսպորտային կապերի զարգացման, կանաչ էներգիայի, բնապահպանական հարցերի շուրջ։ Միևնույն ժամանակ, Բայրամովը հայտնել է Ադրբեջանի շահագրգռվածությունը ԵԱՀԿ-ի մասնակցությամբ այն նախագծերում, որոնք վերաբերում են ներկայիս հետպատերազմյան շրջանին, մասնավորապես՝ տարածաշրջանում շինարարության և վերաինտեգրման գործընթացներին», - ասված է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրությունում։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նախօրեին խորհրդարանում հայտնել էր, որ հայկական կողմը Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում իրավիճակի կարգավորմանն ուղղված մի շարք միջոցառումների փաթեթ է փոխանցել ռուսական և նրանց միջնորդությամբ՝ նաև ադրբեջանական կողմին։ Այժմ պաշտոնական Երևանը սպասում է արձագանքի։ «Կարող եմ ասել միայն, որ դրանք բխում են կառավարության և վարչապետի կողմից նախապես և մշտապես բարձրաձայնված զորքերի հայելային հետքաշման և հավելյալ անվտանգության մեխանիզմների ստեղծման մեր ընդհանուր, նախապես մշակված հայեցակարգից: Ներկայացված փաթեթում նախատեսված են հանգամանալից կերպով մեխանիզմներ, որոնց գործարկման արդյունքում որևէ գյուղ, ճանապարհ և այլն անպաշտպան չի մնա։ Շատ դետալներ իհարկե չեմ կարող բացահայտել, որովհետև քննարկման փուլում են։ Միայն կարող եմ ասել, որ խոսքը խորհրդային սահմանների մասին է՝ որպես հիմք էդ գործընթացի համար ընդունելու մասին», - երեկ Ազգային ժողովում ասել է Միրզոյանը։
10:43 - 20 հունվարի, 2022
Դեսպան Մկրտչյանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին

Դեսպան Մկրտչյանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին

Հունվարի 19-ին Հունաստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը նախագահ Կատերինա Սակելարոպուլուին հանձնել է իր հավատարմագրերը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։  Պաշտոնական արարողությանը հաջորդած հանդիպման ընթացքում Հունաստանի նախագահը շնորհավորել է ՀՀ դեսպանին՝ վստահություն հայտնելով, որ նա իր ջանքերը կներդնի երկկողմ հարաբերությունների առավել զարգացման գործում: Կատերինա Սակելարոպուլուն հաջողություններ է մաղթել դեսպան Մկրտչյանին Հունաստանում դիվանագիտական առաքելության իրականացման գործում և արտահայտել իր աջակցությունն այդ առաքելությանը: Ընդգծելով Հայաստանի ու Հունաստանի ավանդական բարեկամական հարաբերություններն ու պատմականորեն ձևավորված սերտ կապերը՝ դեսպան Մկրտչյանը նշել է, որ երկու երկրները համագործակցությունն առավել խորացնելու մեծ ներուժ ունեն և վստահեցրել է, որ նրա գործունեության արդյունքում հայ-հունական համագործակցության օրակարգն ավելի կընդլայնվի` նպաստելով երկու եղբայրական ժողովուրդների և երկրների հարաբերությունների առավել ամրապնդմանը: Դեսպանն ընդգծել է, որ հայ-հունական հարաբերությունները հիմնվում են ընդհանուր արժեքների, սկզբունքների և արյունակցական կապերի վրա, որոնք վեր են բոլոր տեսակի այլ շփումներից։ Միաժամանակ դեսպանը նշել է, որ իր գործունեության առանցքում լինելու են ոչ միայն քաղաքական և տնտեսական հարաբերությունների խորացումը, այլ նաև՝ մշակութային և գիտակրթական ոլորտներում առկա մեծ ներուժի կիրառումը։ 
21:29 - 19 հունվարի, 2022
Ռուբինյանին լիազորել եմ և կրում եմ պատասխանատվությունը․Նիկոլ Փաշինյան |hetq.am|

Ռուբինյանին լիազորել եմ և կրում եմ պատասխանատվությունը․Նիկոլ Փաշինյան |hetq.am|

hetq.am: ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանին Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցում հատուկ ներկայացուցիչ նշանակելու որոշումը վարչապետ Նիկոլ Փաշինյանն է կայացրել: «Ռուբեն Ռուբինյանին այդ կարգավիճակով օժտելու որոշումը ես եմ կայացրել, կայացրել եմ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով»,-ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցին: Պատգամավորը հարցրել էր, թե ինչ հրամանագրի, ինչ որոշման հիման վրա է Ռուբինյանը նշանակվել այդ պաշտոնյանին: «Ռուբինյանը հաշվետու է ինձ, Անվտանգության խորհրդին և մեծ հաշվով` ժողովրդին»,-ասաց Փաշինյանը: Վարչապետը հավելեց` անկախ նրանից, թե ով կլինի բանակցողի կարգավիճակում,  ամբողջ պրոցեսի պատասխանատվությունն ինքն է կրում: «Այդպես վարվել եմ, որ թաքնված գաղտնի կուսակցականի հանկարծ այդ կարգավիճակով չօժտեմ, որ պետությանը զեկուցելու փոխարեն զեկուցի այլ երկրների ազդեցության գործակալներին: Լիազորել եմ և կրում եմ պատասխանատվությունը»,-եզրափակեց Փաշինյանը:
19:06 - 19 հունվարի, 2022
Ենթադրաբար կա ճնշում ադրբեջանական կողմից՝ կանխել համանախագահների այցը տարածաշրջան․Արարատ Միրզոյան

Ենթադրաբար կա ճնշում ադրբեջանական կողմից՝ կանխել համանախագահների այցը տարածաշրջան․Արարատ Միրզոյան

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը այսօր՝ ԱԺ-կառավարութուն հարցուպատասխանի ընթացքում անդրադարձավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցին։ «Մենք ամենասերտ կապի մեջ ենք, հաճախակի կապի մեջ ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հետ և համանախագահողների հետ իսկապես և վաղուց նախատեսվում է համանախագահների այցը տարածաշրջան, ենթադրաբար կա ուժեղ ճնշում ադրբեջանական կողմից՝ կանխել այդ այցի տեղի ունենալը, և մեր համոզմունքն այն է, որ համանախագահները և համանախագահող երկրները չպիտի տրվեն  ադրբեջանական կողմի ճնշումների, այդ այցը այնուամենայնիվ պիտի կայանա, այդ այցը նախատեսված էր սեպտեմբերին, հետո տեղափոխվեց նոյեմբեր, այնուհետև խոսքը գնում էր հունվարի կեսերի մասին և ակնհայտ է՝ այժմ համանախագահները փորձում են շատ ավելի կոնկրետ ժամկետներ և ամսաթվեր ճշտել և ի վերջո անցկացնել այդ այցը»։  Խոսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության վերաբերյալ, Միրզոյանը հիշեցրեց,  որ իր հանդիպումը երեք համանախագահների հետ եղել է Ստոկհոլմում։ «Գիտեք նաև, որ նախատեսված էր հանդիպում 3+2 ձևաչափով, երեք համանախագահները, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները, և վերջին պահին, հանդիպումից բառացիորեն մեկ-երկու ժամ առաջ մենք ստացանք տեղեկատվություն, որ Ադրբեջանը հրաժարվում է մասնակցել այդ հանդիպմանը՝ որոշակի պատրվակ բերելով, էական չի, դա բարձրաձայնելը։ Ուզում եմ ասել, որ այդ պահին արդեն բավականին շոշափելի էր և՛ օրակարգը, որով առաջարկվում էր շարունակել բանակցությունները, և կարող էինք արդեն խոսել, ըստ էության, խաղաղ գործընթացի լիարժեք վերսկսման մասին։ Ես վստահ եմ, վաղ թե ուշ Ադրբեջանը պիտի այս ձևաչափում շարունակի խաղաղ գործընթացը, հատկապես, երբ իրենք են շարունակաբար խոսում խաղաղ կարգավորման մասին, համաձայնագրի մասին և այլն, ահա սա այն հարթակն է, այն ձևաչափն է, որտեղ դա պետք է և կարող է քննարկվել»։
18:45 - 19 հունվարի, 2022
Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովը դեռևս չի ձևավորվել. ԱԳՆ |azatutyun.am|

Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովը դեռևս չի ձևավորվել. ԱԳՆ |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանի ու Ադրբեջանի միջև պետական սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի հանձնաժողովը դեռևս չի ստեղծվել, հարցմանն ի պատասխան, հայտնել են Հայաստանի արտգործնախարարությունից։ «Ադրբեջանա-հայկական սահմանի կայունության և անվտանգության մակարդակը բարձրացնելուն ուղղված քայլեր ձեռնարկելու և գործընթացը Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի դելիմիտացիայի և այդուհետ դեմարկացիայի հարցերով երկկողմ հանձնաժողովի ստեղծմանը մղելու վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք է բերվել 2021թ. նոյեմբերի 26-ին ՀՀ վարչապետի, ՌԴ և Ադրբեջանի նախագահների միջև Սոչիում կայացած եռակողմ հանդիպման ընթացքում և այդ մասին նշվում է նաև հանդիպման արդյունքներով տարածված համատեղ հայտարարությունում։ Սակայն հանձնաժողովը դեռևս չի ձևավորվել։ Հանձնաժողովի ձևավորման ուղղությամբ նոր տեղեկության առկայության դեպքում հանրությունն այդ մասին պատշաճ կիրազեկվի»,- նշված է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության արձագանքում։ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, ով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով Հայաստանի հատուկ ներկայացուցիչն է նաև, երեկ հաստատեց, որ պաշտոնական Երևանը նոր առաջարկներ է ուղարկել Ադրբեջանի հետ դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացի վերաբերյալ, բայց թե ինչ առաջարկներ, պատգամավորը չմանրամասնեց՝ հորդորելով դիմել կառավարություն։ Հայկական կողմից առաջարկների մասին հունվարի 14 -ին խոսել էր Ռուսաստանի արտգործնախարարը։ Սերգեյ Լավրովն ասել էր, թե Հայաստանը նոր առաջարկներ է ներկայացրել Ադրբեջանի հետ սահմանազատման հանձնաժողով ձևավորելու հարցով, որը ռուսական կողմի միջոցով փոխանցվելու է Բաքվին՝ առանց մանրամասնելու, թե ինչ առաջարկների մասին է խոսքը։
13:49 - 19 հունվարի, 2022
Առհասարակ, դեմ չենք Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանը, բայց խնդիրն է՝ ի՞նչ գնով. Իշխան Սաղաթելյան |armenpress.am|

Առհասարակ, դեմ չենք Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանը, բայց խնդիրն է՝ ի՞նչ գնով. Իշխան Սաղաթելյան |armenpress.am|

armenpress.am: Հայ-թուրքական սահմանի բացումը և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պետք է դիտարկել ընդհանուր փաթեթի մեջ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Իշխան Սաղաթելյանը։ «Մենք, առհասարակ, դեմ չենք այդ հարաբերությունների հաստատմանը, բայց խնդիրն է՝ ինչ գնով և ինչի հաշվին։ Գտնում ենք, որ այս իշխանությունները ի վիճակի չեն ամենամեծ ցանկության դեպքում նույնիսկ պաշտպանել Հայաստանի Հանրապետության շահերը։ Եթե իրենք ասում են, որ նախկինում ևս բանակցություններ եղել են Թուրքիայի հետ, ապա նախկինում նաև բանակցություններ են եղել Ադրբեջանի հետ, բայց զիջումներ և կորուստներ չենք ունեցել։ Թուրքիան նույն Թուրքիան է, Բայց Հայաստանը նույն Հայաստանը չի պատերազմից հետո, հետևաբար, նրանք երկիրը տանում են մի շատ վտանգավոր ցիկլ։ Եթե առաջինի դեպքում իշխանությունների բանակցությունների արդյունքում ունեցանք Արցախի տարածքների մեծ կորուստ, այս պարագայում Հայաստանի գոյությունն է դրվում հարցականի տակ»,- ասաց Սաղաթելյանը։ ԱԺ նախագահի տեղակալն ասաց, որ ՀՅԴ-ն, անկախ նրանից՝ եղել է իշխանություն, թե ընդդիմություն, իր հարցերի և տեսակետների մեջ երբեք փոփոխություն չի ունեցել։ «Մենք ըմբռնումով ենք մոտեցել Հայաստանի Հանրապետության քաղաքականությանը՝ առանց նախապայմանների Թուրքիայի հետ բանակցություններ վարելու իմաստով։ Մենք նախապայման չենք դրել, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչվի, որից հետո նոր տեղի ունենա բանակցությունները, բայց որևէ զիջում, որևէ նախապայմանի բավարարում մեր կողմից անհանդուրժելի է, և կապ չունի՝ որ իշխանության օրոք կլինի»,- ասաց Սաղաթելյանը։
15:17 - 18 հունվարի, 2022
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով Ռուբեն Ռուբինյանը խորհրդակցել է նախկին բանակցողների հետ |hetq.am|

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով Ռուբեն Ռուբինյանը խորհրդակցել է նախկին բանակցողների հետ |hetq.am|

hetq.am: Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցով Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի հետ աշխատանքային խումբ է աշխատում: Այն կազմված է դիվանագետներից ու ԱԳՆ աշխատակիցներից: Այս մասին ԱԺ նիստում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը: Վերջինս հայտնեց, որ խորհրդակցել է նախկինում Թուրքիայի հետ բանակցողների հետ, սակայն անուններ չթվարկեց: «Ես շատ բաց եմ քննարկումների համար, բայց ցավում եմ, որ այս թեմայի քննարկումներն անցնում են ծայրահեղ մանիպուլյացիոն մթնոլորտում»,-ասաց նա: Ռուբեն Ռուբինյանը չի կարծում, թե Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Հայաստանի ներկայացուցիչը պետք է լինի անձեռնմխելի կամ անքննադատելի: «Հակառակը, ես կարծում եմ, որ քննադատության իրավունքն ու հնարավորությունը լավագույն բաներից են, որ մեզ հետ եղել են վերջին տարիներին, ու բոլորին հրավիրում եմ քաղաքական ու բովանդակային քննդատության ենթարկել թե' մեր քաղաքականությունը, թե' իմ գործողությունները, թե' իմ համեստ անձը»,-ասաց նա: ԱԺ փոխխոսնակը, սակայն, տեսակետ հայտնեց, որ Ազգային ժողովն աստիճանաբար վերածվում է անիմաստ կուսակցությունների վայրի հոմանիշի, որտեղ խոսում են ոչ թե ըստ էության, այլ աղմկում են: Անդրադառնալով իր հասցեին ընդդիմության մեղադրանքներին` իբրեւ «թուրքական ազդեցության գործակալ»-ի, Ռուբեն Ռուբինյանն ասաց, որ իր համար քաղաքական դաշտի կամ պետության վերջին տասնամյակների գլխավոր խնդիրը քաղաքական երեսպաշտությունն է: «Դուք կամ ձեր հետ փոխկապակցված ուժերը, լրատվամիջոցները անում եք շատ սպասելի բան՝ ինձ փորձել ներկայացնել որպես կասկածելի կապերով անձ, ու ինձ մոտ հարց է առաջանում՝ լավ, ինչպե՞ս կարող է մի խմբակցություն, որի անդամների մի մասը ՀՅԴ-ից է, որն, օրինակ, Ցեղասպանությունից առաջ համագործակցության փաստաթուղթ է ստորագրել երիտթուրքական ուժի հետ, մի ուժ, որը 1918 թվականին այցելել է Պոլիս ու ասել՝ Հայաստանն իր անկախութամբ պարտական է Թուրքիային, մի ուժ, որի ներկայացուցիչ Սիմոն Վրացյանը 1921 թվականին դիմել է քեմալական Թուրքիային ռազմական աջակցության համար, մի ուժ, որը մեր օրերում սատարել է Ռոբերտ Քոչարյանին, որի օրոք ընթացել են գաղտնի բանակցություններ Հայաստանի ու Թուրքիայի միջև…»,-ասաց նա: Ըստ Ռուբինյանի` հանրությունը հոգնել է ամեն օր լսել «թուրք», «գործակալ», «դավաճան» արտահայտությունները: «Լավ, այսպես ո՞ւր ենք հասնելու, կոչ եմ անում բոլորին՝ եկեք մտնենք բովանդակային դաշտ»,-եզրափակեց նա:
13:50 - 18 հունվարի, 2022
Հայոց ցեղասպանության հարցի շուրջ Քըլըչի հետ խոսակցություն չի եղել․ Ռուբինյան |azatutyun.am|

Հայոց ցեղասպանության հարցի շուրջ Քըլըչի հետ խոսակցություն չի եղել․ Ռուբինյան |azatutyun.am|

azatutyun.am: Հայոց ցեղասպանության հարցի շուրջ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի հետ խոսակցություն չի եղել, «Ազատության» «Հարցազրույց Կարլեն Ասլանյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց Ազգային ժողովի փոխնախագահ, երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցով Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։ Հայաստանը միշտ հայտարարել է, որ Ցեղասպանության հետ կապված նախապայման Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում չկա, շեշտեց՝ Ռուբինյանն՝ ընդգծելով՝ էդպես է եղել միշտ՝ նախկին բոլոր իշխանությունների օրոք, և նման կարգ օրակարգ բերելով, ըստ նրա, օրակարգն ուղղակի կդադադարի, և դա հասկանում է նաև թուրքական կողմը։ «Անիմաստ է այդպես սկսել բանակցություններ, որովհետև դրանք ոչ մի տեղ չեն տանի», - ասաց Հայաստանի հատուկ ներկայացուցիչը՝ նշելով, որ առաջին հանդիպմանը փորձել են քննարկել ոչ թե սուր անկյուններ առաջացնող, այլ պոզիտիվ հարցեր։ Դիտարկման, թե այնուամենայնիվ որոշակի տարբերություններ այս հարցում նախորդած երեք իշխանությունների օրոք եղել են․ Տեր-Պետրոսյանն ասում էր՝ «դա փաստ է, չենք քննարկում», Քոչարյանը փորձում էր միջազգային օրակարգ հարցը բերել, Սերժ Սարգսյանի օրոք էլ ցյուրիխյան արձանագրություններով պատմաբանների հանձնաժողովին Երևանը համաձայնություն տվեց և հարցին, թե ներկայիս իշխանության մոտեցումը ո՞րն է Հայոց ցեղասպանության հարցում, Ռուբինյանը պատասխանեց․ - «Նախ ցյուրիխյան պրոտոկոլներում Ձեր ձևակերպած ձևով չէր, մի փոքր այլ ձևակերպում էր, և երկրորդը՝ մեր դիրքորոշումը հետևյալն է, ընդ որում մեր դիրքորոշումն առանձնապես չի տարբերվում նախորդ իշխանությունների դիրքորոշումից այս առումով, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը նախապայման չէ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Երբ որ մենք ասում ենք, որ մենք պատրաստ ենք կարգավորել հարաբերությունները առանց նախապայմանների, դա բառիս բուն իմաստով նշանակում է՝ առանց նախապայմանների, և մենք ակնկալում ենք, որ նույնանման մոտեցում պետք է լինի Թուրքիայից, որովհետև դա է ճանապարհը առաջ գնալու»։ Ռուբինյանը միևնույն ժամանակ շեշտեց՝ Հայաստանի Հանրապետությունը երբևից որևէ տարածքային պահանջ չի ներկայացրել Թուրքիային։ Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել azatutyun.am-ում
11:50 - 18 հունվարի, 2022
ՀՀ պատմության մեջ Թուրքիայի հետ բանակցություններ տեղի են ունեցել բոլոր նախագահների օրոք․ Ռուբեն Ռուբինյան

ՀՀ պատմության մեջ Թուրքիայի հետ բանակցություններ տեղի են ունեցել բոլոր նախագահների օրոք․ Ռուբեն Ռուբինյան

Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում ՀՀ-ի հատուկ ներկայացուցիր Ռուբեն Ռուբինյանը այսօր՝ ԱԺ նիստի ընթացքում անդրադարձավ հունվարի 14-ին Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի հետ հանդիպման վերաբերյալ ընդդիմադիր պատգամավորների մի շարք հարցադրումներին։ «Նախ հատուկ բանագնաց չի, հատուկ ներկայացուցիչ է։ Այս գործընթացում Թուրքիան և Հայաստանը գործուղել են հատուկ ներկայացուցիչների։ Հաջորդը՝ հատուկ ներկայացուցիչը մեր դեպքում պաշտոն չէ, գործառույթ է, այսինքն՝ ես չեմ նշանակվել որևէիցե պաշտոնի, ես ինչպես ԱԺ փոխնախագահ հանդիսանում էի, այդպես էլ շարունակում եմ հանդիսանալ, բայց իրականացնում եմ հատուկ ներկայացուցչի գորածռույթը, որը ինձ պատվիրակվել է հրապարակայնորեն, այդ թվում՝ փաստվել է ՀՀ արտգործնախարարության հայտարարությամբ։ Ի՞նչ խնդիր կա այստեղ, չեմ հասկանում։ Հաջորդը․ ասում եք՝ ինչո՞ւ է բյուջեով մեկնել, բա ինչո՞վ պետք է մեկնեի, այսինքն՝ պետք է ծրարով փող ստանայի, տոմս առնեի, գնայի։ Հարցնում եք՝ ինչու եմ Ազգային ժողովի բյուջով մեկնել։ Ազգային ժողովը առանձին կառույց է, որը պետության հետ կապ չունի՞»։ Ռուբինյանը հավելեց, որ ԱԺ-ն լիազորություն ունի ցանկացած պատգամավորի գործուղել որևէ վայր, և դրա համար կան համապատասխան ընթացակարգեր։ Ռուբինյանը անդրադարձավ նաև հարցին, թե ինչու է Թուրքիայի հատուկ  ներկայացուցչի մեքենան դրոշով եղել․ «Հաջորդը՝ ասում եք՝ ինչո՞ւ է մեքենան դրոշով եղել։ Մեր քննարկումների մակարդակը․․․պատասխանեմ, որովհետև մինչև հատուկ ներկայացուցիչների հանդիպումը Մոսկվայում նաև երկու հատուկ ներկայացուցիչները ունեցել են երկկողմ հանդիպումներ Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախար Ռուդենկոյի հետ, և որին, որքանով ես եմ տեղյակ, Թուրքիայի հատուկ ներկայացուցիչը գնացել էր Ռուսաստանում Թուրքիայի դեսպանի հետ, և այդ մեքենան Թուրքիայի դրոշով, որ դուք տեսել եք, ամենայն հավանականությամբ Թուրքիայի դեսպանի մեքենան է։ Ասում եք՝ ինչպե՞ս են պայմանավորվել հատուկ ներկայացուցիչներ նշանակել։ Սիրելի բարեկամներ, ձեր խմբակցության մեծ մասը փորձառու մարդիկ եք, փորձառու լրագրողներ կան ձեր մեջ, դիվանագիտության հետ առնչվող մարդիկ կան ձեր մեջ, պաշտոններ զբաղեցնող անձինք կան, պարզ է, չէ՞, ինչպես են գործընթացները ընթանում, ամեն ինչ հրապարակայնորեն է եղել, ես հենց նոր ամբիոնից մեջբերեցի մեր արտգործնախարարության հայտարարությունը, ՌԴ արտգործնախարության ներկայացուցչի հայտարարությունը, և որ ասում եք՝ ամեն ինչ իմանում ենք Թուրքիայից․․․ չի եղել մինչ այս պահը մի իրադարձություն, որի մասին մեր համապատասխան գերատեսչությունը, այս համատեքստում՝ արտգործնախարարությունը, չի տեղեկացրել»։ Ռուբինյանի խոսքով՝ ՀՀ պատմության մեջ Թուրքիայի հետ բանակցություններ տեղի են ունեցել բոլոր նախագահների օրոք․ «Ընդ որում՝ տարբեր ֆորմատների, Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք, Ռոբերտ Քոչարյանի օրոք, Սերժ Սարգսյանի օրոք։ Եվ ի՞նչ եք կարծում՝ այդ բանակցույթունների քանի՞ տոկոսն է եղել գաղտնի, և քանիսն է եղել բաց։ Ավելի շատ տոկոսը եղել է գաղտնի, քան բաց։ Օրինակ նույն ֆուտբոլային դիվանագիտությունը, սիրելի գործընկերներ, որի հրապարակային մասը սկիզբ է առել Սերժ Սարգսյանի նախագահության օրոք, ըստ ձեզ այդ գործընթացի ոչ հրապարակային մասը սկիզբ է առել Սերժ Սարգսյանի նախագահության օրո՞ք։ Ո՛չ, սկիզբ է առել Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք։ Հարց, արդյո՞ք գաղտագողի գործընթացներ էին տեղի ունենում ՀՀ-ի և Թուրքիայի միջև և ինչո՞ւ Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք չէր հայտարարվում գաղտնի բանակցությունների մասին։ Որովհետև այն, ինչ հիմա դուք անում եք, ներողություն եմ խնդրում, բայց երեսպաշտության տպավորություն է ստեղծում։ Այս գործընթացը վերջին տարիներին, համենայնդեպս՝ այն տարիներին, որոնց ես հետևել եմ, միակ դեպքն է, որ  սկսվում է ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթաց և այդ գործընթացի առաջին իսկ կետը հրապարակային է»։ Հունվարի 14-ին Մոսկվայում հանդիպել են Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը։ Ըստ ՀՀ արտաքին գործերի նախարարության հաղորդագրության՝ հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում, որի ընթացքում հատուկ ներկայացուցիչներն իրենց նախնական մտքերն են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության միջոցով կարգավորման գործընթացի վերաբերյալ։
11:41 - 17 հունվարի, 2022