Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով Ռուբեն Ռուբինյանը խորհրդակցել է նախկին բանակցողների հետ |hetq.am|
13:50 - 18 հունվարի, 2022

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով Ռուբեն Ռուբինյանը խորհրդակցել է նախկին բանակցողների հետ |hetq.am|

hetq.am: Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցով Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի հետ աշխատանքային խումբ է աշխատում: Այն կազմված է դիվանագետներից ու ԱԳՆ աշխատակիցներից:

Այս մասին ԱԺ նիստում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը: Վերջինս հայտնեց, որ խորհրդակցել է նախկինում Թուրքիայի հետ բանակցողների հետ, սակայն անուններ չթվարկեց:

«Ես շատ բաց եմ քննարկումների համար, բայց ցավում եմ, որ այս թեմայի քննարկումներն անցնում են ծայրահեղ մանիպուլյացիոն մթնոլորտում»,-ասաց նա:

Ռուբեն Ռուբինյանը չի կարծում, թե Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Հայաստանի ներկայացուցիչը պետք է լինի անձեռնմխելի կամ անքննադատելի:

«Հակառակը, ես կարծում եմ, որ քննադատության իրավունքն ու հնարավորությունը լավագույն բաներից են, որ մեզ հետ եղել են վերջին տարիներին, ու բոլորին հրավիրում եմ քաղաքական ու բովանդակային քննդատության ենթարկել թե' մեր քաղաքականությունը, թե' իմ գործողությունները, թե' իմ համեստ անձը»,-ասաց նա:

ԱԺ փոխխոսնակը, սակայն, տեսակետ հայտնեց, որ Ազգային ժողովն աստիճանաբար վերածվում է անիմաստ կուսակցությունների վայրի հոմանիշի, որտեղ խոսում են ոչ թե ըստ էության, այլ աղմկում են:

Անդրադառնալով իր հասցեին ընդդիմության մեղադրանքներին` իբրեւ «թուրքական ազդեցության գործակալ»-ի, Ռուբեն Ռուբինյանն ասաց, որ իր համար քաղաքական դաշտի կամ պետության վերջին տասնամյակների գլխավոր խնդիրը քաղաքական երեսպաշտությունն է:

«Դուք կամ ձեր հետ փոխկապակցված ուժերը, լրատվամիջոցները անում եք շատ սպասելի բան՝ ինձ փորձել ներկայացնել որպես կասկածելի կապերով անձ, ու ինձ մոտ հարց է առաջանում՝ լավ, ինչպե՞ս կարող է մի խմբակցություն, որի անդամների մի մասը ՀՅԴ-ից է, որն, օրինակ, Ցեղասպանությունից առաջ համագործակցության փաստաթուղթ է ստորագրել երիտթուրքական ուժի հետ, մի ուժ, որը 1918 թվականին այցելել է Պոլիս ու ասել՝ Հայաստանն իր անկախութամբ պարտական է Թուրքիային, մի ուժ, որի ներկայացուցիչ Սիմոն Վրացյանը 1921 թվականին դիմել է քեմալական Թուրքիային ռազմական աջակցության համար, մի ուժ, որը մեր օրերում սատարել է Ռոբերտ Քոչարյանին, որի օրոք ընթացել են գաղտնի բանակցություններ Հայաստանի ու Թուրքիայի միջև…»,-ասաց նա:

Ըստ Ռուբինյանի` հանրությունը հոգնել է ամեն օր լսել «թուրք», «գործակալ», «դավաճան» արտահայտությունները:

«Լավ, այսպես ո՞ւր ենք հասնելու, կոչ եմ անում բոլորին՝ եկեք մտնենք բովանդակային դաշտ»,-եզրափակեց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել