Զոհրաբ Մնացականյան

ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար։ Ծնվել է 1966թ մարտի 20-ին։ 1990 թ. - Միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետ, Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտ, Մոսկվա, Ռուսաստան։ 1989 թ. - Ակադեմիական ստաժ եւ աշխատանքային գործուղում, ԱՄՆ-ում ԽՍՀՄ դեսպանություն, Վաշինգտոն, ԱՄՆ։ 1991 թ. - Մագիստրոսի աստիճան արեւմտաեվրոպական քաղաքականության բնագավառում, քաղաքագիտության ֆակուլտետ, Մանչեսթերի Վիկտորիա համալսարան, Մանչեսթեր, Մեծ Բրիտանիա 1989 թ. Անցել է աշխատանքային գործուղում ԱՄՆ-ում ԽՍՀՄ դեսպանությունում։ 1990 թ. ավարտել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետը։

1991 թ. Մանչեսթերի Վիկտորիա համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետում ստացել է մագիստրոսի աստիճան արեւմտաեվրոպական քաղաքականության բնագավառում։ 1991-1993 թթ. - Երրորդ, հետագայում երկրորդ քարտուղար, Եվրոպայի վարչություն, ՀՀ արտաքին գործերի նախարարություն, Երեւան, Հայաստան 1993-1997 թթ. - Երկրորդ, հետագայում առաջին քարտուղար, Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանություն, Լոնդոն, Մեծ Բրիտանիա 1995-1997 թթ. - Առաջին քարտուղար (նստավայրը՝ Լոնդոն), Վատիկանում ՀՀ դեսպանություն 1997 թ. - ՀՀ Վարչապետի օգնական, Երեւան, Հայաստան 1997-1998 թթ. - Առաջին եվրոպական վարչության պետ, ՀՀ արտաքին գործերի նախարարություն, Երեւան, Հայաստան 1998-1999 թթ. - Եվրոպայի վարչության պետ, ՀՀ արտաքին գործերի նախարարություն, Երեւան, Հայաստան 1999-2002 թթ. - Արտաքին հարաբերությունների վարչության պետ, ՀՀ նախագահի աշխատակազմ, Երեւան, Հայաստան 2002 թ. ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Ժնեւի ՄԱԿ գրասենյակում եւ այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան (Ժնեւ, Շվեյցարիա)։

2008 թ. հունիսի 9-ին ՀՀ նախագահի հրամանագրով ազատվել է Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանի ու Ժնեւի ՄԱԿ-ի գրասենյակում եւ այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցչի պարտականություններից։ 2008 թ. հունիսի 9-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Եվրոպայի Խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան (նստավայրը՝ Ստրասբուրգ)։ 2011 թ. սեպտեմբերի 15-ին ՀՀ նախագահի հրամանագրով ազատվել է Եվրոպայի Խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցչի պարտականություններից։ 2011 թ. սեպտեմբերի 15-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ։ 2014 թ. ապրիլի 22-ին ՀՀ նախագահի հրամանագրով ազատվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։

2014 թ. ապրիլի 22-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Նյու Յորք)։ 2018 թվականի մայիսի 12-ին հետ է կանչվել Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի պաշտոնից: 2018 թվականին, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի առաջարկությունը, ՀՀ նախագահի կողմից նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարար: 2020 թվականի նոյեմբերի 16-ին հրաժարականի դիմում է ներկայացրել՝ ազատվելով զբաղեցրած պաշտոնից։

Ստանձնելով ԵԱՏՄ նախագահությունը՝ ՀՀ-ն հնարավորություն ստացավ առաջ մղել իր առաջնահերթությունները. ԱԳ նախարար |aysor.am|

Ստանձնելով ԵԱՏՄ նախագահությունը՝ ՀՀ-ն հնարավորություն ստացավ առաջ մղել իր առաջնահերթությունները. ԱԳ նախարար |aysor.am|

aysor.am։ ԵԱՏՄ նախագահությունը թույլ է տվել Հայաստանին առաջ մղել սեփական առաջնահերթությունները, ԱԺ-ում «ՀՀ նախագահության տարին ԵԱՏՄ-ում. մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով լսումների ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը: «Ստանձնելով կառույցի նախագահությունը միության մարմիններում՝ Հայաստանը հարավորություն ստանացավ ոչ միայն ազդել կառույցի օրակարգի ձևավորման վրա, այլև՝ առաջ մղել Հայաստանի առաջնահերթությունները՝ լինելով ավելի նախաձեռնող, նպաստել ինչպես կառույցի զարգացմանն, այնպես էլ դրա միջոցով ընդլայնել Հայաստանի հնարավորությունները», - ասաց ԱԳ նախարարը: Խոսելով առաջնահերթություններից՝ Մնացականյանն ընդգծեց, որ անհրաժեշտ է ակտիվացնել ջանքերն՝ ուղղված էներգետիկ քաղաքականության իրականացմանն ու էներգետիկ ռեսուրսների համար ոչ խտրական հիմքի վրա գնագոյացման հարցի լուծմանը:
08:39 - 10 հունիսի, 2019
Շուտով կարող են ներկայացվել Վիեննայի և Մոսկվայի համաձայնությունների հետ կապված «որոշ արդյունքներ»․ Զոհրաբ Մնացականյան |civilnet.am|

Շուտով կարող են ներկայացվել Վիեննայի և Մոսկվայի համաձայնությունների հետ կապված «որոշ արդյունքներ»․ Զոհրաբ Մնացականյան |civilnet.am|

civilnet.am: Մենք կկարողանանք շուտով ցույց տալ որոշ արդյունքներ՝ կապված հենց այն համաձայնությունների հետ, որ քննարկվել են Վիեննայում և Մոսկվայում. այս մասին ասել է արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Հանրային ռադիոյի հետ զրույցում՝ պատասխանելով հարցին, թե ինչ է քննարկվել Մինսկի խմբի համանախագահների հետ։«Մենք կկարողանանք շուտով ցույց տալ որոշ արդյունքներ՝ կապված հենց այն համաձայնությունների հետ, որ քննարկվել են Վիեննայում և Մոսկվայում: Մնացած հարցերը ևս քննարկվում են այս պահին: Իհարկե, համանախագահները դեռևս Երևանում են, լինելու են նաև Ստեփանակերտում, այնուհետև պետք է գնան Բաքու: Դրանից հետո առավել համապարփակ կկարողանանք ամփոփել, որովհետև այս պահին այդ գործընթացները տեղի են ունենում»,- ասել է Մնացականյանը։Մեկնաբանելով Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությունը, թե իր երկիրը «Հայաստանին ժամանակ է տվել, որպեսզի ուսումնասիրի, հիմա այդ ժամանակն սպառվել է», Մնացականյանն հայտարարել է․ «Բազմաթիվ անգամ ասել ենք, նման լեզուն բանակցային լեզու չէ, առավել ևս բանակցողի համար վայել չէ: Սպառնալիքների լեզուն չի աշխատել և չի աշխատելու, բազմիցս ասել ենք դրա մասին: Բազմիցս ասել ենք նաև՝ Հայաստանը և Արցախը վճռական են իրենց պաշտպանության առումով: Տարբեր ձևերով ենք ասել դա: Իմաստը դա չէ: Դա որևէ կերպ չի նպաստում բնականոն աշխատանքին, առավել ևս, երբ բանակցողի կողմից է նման բան հնչում, դա վայել չէ»:
07:30 - 29 մայիսի, 2019
ԱԳ նախարարը հանդիպել է Իռլանդիայի արտաքին գործերի և առևտրի դեպարտամենտի ԵՄ հարցերով գլխավոր քարտուղարի հետ

ԱԳ նախարարը հանդիպել է Իռլանդիայի արտաքին գործերի և առևտրի դեպարտամենտի ԵՄ հարցերով գլխավոր քարտուղարի հետ

Մայիսի 27-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Իռլանդիայի արտաքին գործերի և առևտրի դեպարտամենտի ԵՄ հարցերով գլխավոր քարտուղար Ռորի Մոնթգոմերիին և Հայաստանում Իռլանդիայի դեսպան Մայքլ Ֆորբսին։Ողջունելով հյուրերին՝ նախարար Մնացականյանն ընդգծել է Հայաստանի պատրաստակամությունը գործնական քայլեր ձեռնարկելու առկա մեծ ներուժի հիման վրա հայ-իռլանդական երկկողմ օրակարգի առավել խորացման և հարստացման ուղղությամբ: Որպես համագործակցության կարևոր ուղղություն՝ զրուցակիցներն առանձնացրել են բարձր տեխնոլոգիաների, նորարարության, ստեղագործ կրթության ոլորտներում փորձի փոխանակմանն ուղղված ծրագրերի նախաձեռնումը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ և բազմակողմ օրակարգի մի շարք հարցերի շուրջ՝ այդ առնչությամբ գոհունակություն հայտնելով միջազգային կառույցներում երկու երկրների միջև համագործակցության և փոխադարձ աջակցության կապակցությամբ:Անդրադարձ կատարելով ՀՀ-ԵՄ հարաբերություններին՝ Զոհրաբ Մնացականյանն առանձնահատուկ կարևորել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, հատկապես Հայաստանում ընթացող բարեփոխումների իրականացման գործընթացի և Կառավարության՝ զարգացման օրակարգի առաջմղմանն ուղղված ջանքերի համատեքստում։Նույն օրն իռլանդական պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին, ինչպես նաև՝ շրջայց կատարել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, որից հետո գրառում կատարել Հուշամատյանում։
05:52 - 28 մայիսի, 2019
Fake news-ի ֆաբրիկայի «հեղինակները» գերազանցեցին իրենց. ԱԳՆ խոսնակ

Fake news-ի ֆաբրիկայի «հեղինակները» գերազանցեցին իրենց. ԱԳՆ խոսնակ

ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը ֆեյսբուքյան իր գրառումով անդրադարձել է 168.am կայքի հրապարակմանն, ըստ որի, նախարար Զոհրաբ Մնացականյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է այն բանից հետո, երբ նա իր իսկ նախաձեռնությամբ բավականին ծանր հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության իր պաշտոնակցի՝ Սերգեյ Լավրովի հետ։Նաղդալյանը մասնավորապես գրել է.«Շաբաթ օրը ստացված կարելի է համարել, քանի որ fake news-ի ֆաբրիկայի «հեղինակները» գերազանցեցին իրենց՝ գլխի չընկնելով հերթական «արտադրանքը» բաց թողնելուց առաջ ստուգել ԱԳ նախարարի օրակարգը և մինչ «ստեղծագործության» հրապարակումը արձանագրել, որ Զոհրաբ Մնացականյանն անցյալ շաբաթ գտնվում էր արտերկրում: Հիշեցնենք, որ ստելը վնասում է ոչ թե ստախոսության թիրախի, այլ ստողի առողջությանը: #մարդավատացել»:
08:58 - 25 մայիսի, 2019
Սիրիայում հումանիտար իրավիճակը զգայուն հարց է հայկական կողմի համար. Զոհրաբ Մնացականյան

Սիրիայում հումանիտար իրավիճակը զգայուն հարց է հայկական կողմի համար. Զոհրաբ Մնացականյան

Մայիսի 22-ին Բիշքեկում տեղի ունեցավ Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության ԱԳ նախարարների խորհրդի նիստը, որի ընթացքում քննարկվեցին արտաքին քաղաքականության համադրմանը, տարածաշրջանային և միջազգային մարտահրավերներին ու սպառնալիքներին հակազդեցությանը, ահաբեկչության դեմ պայքարին առնչվող հարցեր:Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն իր խոսքը սկսեց՝ շնորհավորելով բոլորին Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 74-ամյակի և Բելառուսի ազատագրման 75-ամյակի կապակցությամբ: Նախարարը նշեց, որ պատմական հիշողության պահպանումը հանդիսանում է ՀԱՊԿ շրջանակներում դաշնակցային հարաբերությունների զարգացման կարևոր գործիքներից մեկը, և Հայաստանի համար անընդունելի են պատմության վերաշարադրման փորձերը, մեր հերոսական անցյալի, այդ թվում՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում զարգացումների ու արդյունքների կամայական մեկնաբանությունները: Անդրադառնալով Սիրիայում հումանիտար իրավիճակին՝ նախարար Մնացականյանն ընդգծեց, որ այն շատ զգայուն հարց է հայկական կողմի համար, և Հայաստանը չէր կարող չարձագանքել այն զրկանքներին ու տառապանքներին, որոնց միջով անցնում է Սիրիայի ժողովուրդը, այդ թվում՝ մեծաքանակ հայ համայնքը: «Մենք ուշադիր հետևում ենք Մերձավոր Արևելքում իրավիճակի զարգացմանը, ինչպես նաև այնտեղ առկա գործընթացներում Թուրքիայի ներգրավվածությանը», - շեշտեց նախարար Մնացականյանը՝ հավելելով, որ Թուրքիայի՝ Հայաստանի հետ հարաբերությունների բացակայությունը և ԼՂ հիմնախնդրում որդեգրած միակողմանի դիրքորոշումը սպառնալիք է պարունակում Հայաստանի և, ըստ այդմ, ողջ Կազմակերպության համար:Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի համատեքստում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշեց, որ Իրանի շուրջ կայունությունը կարևոր է Հայաստանի համալիր անվտանգության ապահովման համար:Նախարար Մնացականյանը կարևորեց ահաբեկչության դեմ պայքարում, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և այլ անդրազգային հանցավորության և մարտահրավերներին արձագանքելու հարցում միասնական ջանքերի գործադրումը: Հայաստանի ԱԳ նախարարը գործընկերներին ներկայացրեց ԼՂ խաղաղ գործընթացում վերջին զարգացումները՝ ընդգծելով խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորման ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման կարևորությունը: Այս առնչությամբ նախարար Մնացականյանը մտահոգություն հայտնեց Ադրբեջանին սպառազինությունների վաճառքում ՀԱՊԿ անդամ որոշ պետութունների ներգրավվածության կապակցությամբ, ինչը բացասաբար է ազդում ինչպես կազմակերպության հեղինակության, այնպես էլ՝ այն համագործակցության միջավայրի վրա: «Հուսով ենք, որ մեր մտահոգությունը լսելի է, և ձեռնարկվում են համապատասխան քայլեր ՀԱՊԿ անդամ-պետութան դեմ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման պատրանքի բացառման ուղղությամբ»:Հանդիպման արդյունքում ԱԳ նախարարներն ընդունեցին մի շարք փաստաթղթեր, ներառյալ՝ Նացիստական զավթիչներից Բելառուսի ազատագրման 75-ամյակին նվիրված հայտարարությունը, 2019թ․ համատեղ հայտարարությունների թեմաների ցանկի մասին որոշումը, ինչպես նաև 2019թ․ երկրորդ կիսամյակի ընթացքում արտաքին քաղաքականության, անվտանգության և պաշտպանության հարցերով ՀԱՊԿ անդամ երկրների ներկայացուցիչների խորհրդատվությունների ծրագրի մասին որոշումը։Արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի ընթացքում որոշվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակման համար Հավաքական անվտանգության խորհրդի դիտարկմանը ներկայացնել ԲՀ ԱԽ պետքարտուղարի թեկնածությունը, ով, կազմակերպութայն բոլոր անդամ-պետությունների ղեկավարների հավանությանն արժանանալու դեպքում, այդ պաշտոնը կստանձնի 2020թ. հունվարի 1-ից։ Միաժամանակ որոշում ընդունվեց ընթացիկ տարվա նոյեմբերին կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին ընդառաջ մշակել և ՀԱԽ դիտարկմանը ներկայացնել գլխավոր քարտուղարի լիազորությունների վաղաժամ դադարեցումը կարգավորող փոփոխություններ ՀԱՊԿ քարտուղարկության մասին կանոնակարգում։
07:00 - 23 մայիսի, 2019
Զոհրաբ Մնացականյանը մեկնում է Բիշքեկ՝ մասնակցելու ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին

Զոհրաբ Մնացականյանը մեկնում է Բիշքեկ՝ մասնակցելու ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին

Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր մեկնելու է Բիշքեկ՝ մասնակցելու ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստին։ Այս մասին հայտարարեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։«Նիստին քննարկվելու են խորհրդի օրակարգի հարցեր, այդ թվում՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը”, - ասաց Աննա Նաղդալյանը։Ըստ նրա՝ գլխավոր քարտուղարի Բելառուսի թեկնածու՝ Ստանիսլավ Զասի թեկնածությունը Հայաստանը կգնահատի, թե որքանով նա կարող է կատարել իր գործառություները և ինչպես է սպասարկելու խորհուդը, իսկ թե ի՞նչ զարգացումներ կլինեն, կընտրվի արդյոք Ստանիսլավ Զասը պարզ կլինի խորհրդի նիստի ժամանակ։ Նրա խոսքով՝ դեռեւս նշանակման կարգի վերաբերյալ քննարկումն է ընթանում։Մայիսի վերջին տարածաշրջանային այց են կատարելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։ ԱԳՆ խոսնակը ավելացրեց, որ համանախագահների կողմից առաջարկ է եղել կազմակերպել Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների մինջև հանդիպում, բանակցությունները այս առիթով շարունակվում են, մանրամասները կլինեն ավելի ուշ։ Համանախագահները կլինեն Երևանում, Ստեփանակերտում և Բաքվում։ԱՆնա Նաղդալյանը նաև տեղեկացրեց, որ հունիսին Բրյուսելում կայանալու է Հայաստան-ԵՄ գործընկերության երկրորդ նիստը, որը վարելու են Զոհրաբ Մնացականյանն ու Եվրամիության արտգործնախարար Ֆեդերիկա Մոգերինին։
07:15 - 21 մայիսի, 2019
Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է «Քաղաքացիական հասարակության հեռանկարը» խորագրով քննարկմանը

Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է «Քաղաքացիական հասարակության հեռանկարը» խորագրով քննարկմանը

Տեղի է ունեցել Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի «Քաղաքացիական հասարակության հեռանկարը. Ամփոփելով ԱլԳ քաղաքականությունը և 2020թ. հետո ընկած ժամանակահատվածի համար մշակելով ռազմավարություն՝ ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, լավ կառավարում և կայունություն» խորագրով քննարկումը։Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, իր խոսքում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել նման ձևաչափերով հանդիպումները, որոնք հնարավորություն են ընձեռնում քաղաքացիական հասարակությանը ներգրավվել չափազանց կարևոր խմբակային քննարկումներում և վերլուծություններում: Նախարարի խոսքով՝ պատմության ընթացքում Եվրոպայում տեղի ունեցած զարգացումները և պատերազմների աղետը հանգեցրել են միասին աշխատելու ձգտման ամրապնդմանը՝ դրանց կրկնությունը կանխելու համար, և այդ առումով ներկայիս Եվրոպան տարածաշրջանային համագործակցության բազմազան հարթակների մեծ առավելություն ունի, ինչպիսիք են Եվրամիությունը, Եվրոպայի խորհուրդը, Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը, ինչպես նաև դրանց շրջանակներում ներկայացված նախաձեռնությունները՝ Վիշեգրադյան քառյակը և Արևելյան գործընկերությունը: Հետագա փուլերի համատեքստում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ իր կարծիքով առաջնայինն առկա արժեքային համակարգի կարողությունների ամրապնդումն է:«Եվրոպայի օրակարգում շատ մարտահրավերներ կան կապված ընդհանուր արժեքների հետ, և զգայունությունը չափազանց կարևոր է: Վերջին 10 տարիները վերաբերում են այն Եվրոպայի ստեղծմանը, որը զարգանում է սկսած 1989թ.-ից: Մենք կարող ենք ունենալ համագործակցության տարբեր շրջանակներ, անվտանգության տարբեր ձևաչափեր, պետական օրակարգի ստեղծման տարբեր մոտեցումներ: Մենք բոլորս առաջնորդվում ենք մեր ազգային օրակարգով, ազգային շահերով: Բայց մեր հավաքական Եվրոպական օրակարգի, Արևելյան գործընկերության ամրապնդումը, կարծում եմ, այսպես կոչված Եվրոպայի լայն ճարտարապետության կարևոր մասն է»:
12:46 - 15 մայիսի, 2019
ՀՀ և ՉԺՀ առևտրաշրջանառությունը վերջին տարիներին հատում է կես միլիարդ դոլարի սահմանը |armenpress.am|

ՀՀ և ՉԺՀ առևտրաշրջանառությունը վերջին տարիներին հատում է կես միլիարդ դոլարի սահմանը |armenpress.am|

armenpress.am։ Չինաստանը Հայաստանի կարևոր գործընկերներից մեկն է և ՉԺՀ-ի հետ հարաբերությունների զարգացումը եղել և մնում է Հայաստանի արտաքին քաղաքականության կարևոր առաջնայնությունների շարքում: Այս մասին նշեց ՀՀ ԱԳՆ Արևելյան Ասիայի և Խաղաղօվկիանոսյան երկրների բաժնի պետ Մնացական Սաֆարյանըն՝ անդրադառնալով հայ-չինական հարաբերությունների զարգացման հեռանկարներին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Չինաստան այցի օրակարգին, երկկողմ կապերի այլ ասպեկտներին: Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները 27 տարվա պատմություն ունեն։ Ինչպիսի՞ մակարդակի վրա են դրանք այժմ գտնվում, և ի՞նչ հեռանկարներ կան դրանց զարգացման համար։ Իրավացի եք, միջպետական հարաբերությունները Հայաստանի և Չինաստանի միջև ձևավորվել են Հայաստանի անկախությունից հետո՝ 1991թ.-ից ի վեր , սակայն ինչպես գիտեք հայ-չինական առնչությունները շատ ավելի երկար պատմություն ունեն: Չնայած մեր պատմության այս իրադարձությունները դեռևս ուսումնասիրության կարիք ունեն, կան աղբյուրներ, փաստեր և գիտական աշխատություններ Մետաքսի Մեծ ճանապարհի ժամանակաշրջանում տեղի ունեցած առևտրական և մշակութային կապերի և փոխանակումների վերաբերյալ: 1992թ. ապրիլի 6-ին դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո, ՀՀ և ՉԺՀ միջև բարեկամական հարաբերությունները և փոխշահավետ համագործակցությունը հարաճուն զարգացում են ստացել, գնալով ընդլայնվել և խորացել՝ ներառելով քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքի գրեթե բոլոր բնագավառները: Չինաստանը Հայաստանի կարևոր գործընկերներից մեկն է և ՉԺՀ-ի հետ հարաբերությունների զարգացումը եղել և մնում է Հայաստանի արտաքին քաղաքականության կարևոր առաջնայնությունների շարքում: Հայ-չինական հարաբերությունները հիմնված են բարի կամքի, փոխվստահության, իրավահավասարության և փոխադարձ շահեկանության վրա, դրանց բնորոշ է բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, տարբեր մակարդակներով և ձևաչափերով հանդիպումների և փոխայցելությունների բարձր դինամիկան: Վերջին շրջանում, ընթացիկ տարվա ապրիլին կայացել է ՉԺՀ Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահի տեղակալ տիկին Չեն Յուեյուեի այցը Հայաստան, հերթական քաղաքական խորհրդակցությունները ՀՀ և ՉԺՀ արտաքին գերատեսչությունների միջև, ծրագրվում է հայ-չինական համատեղ առևտրատնտեսական համագործակցության հանձնաժողովի հերթական նիստը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 14-ից 16-ը լինելու է Պեկինում։ Ինչպիսի՞ն է վարչապետի այցի օրակարգը, ինչ հանդիպումներ են սպասվում այցի ընթացքում և երկու երկրների միջև համագործակցության հարցերի ի՞նչ շրջանակ է քննարկվելու։ -Վարչապետի ՉԺՀ այցի ծրագրում են մասնակցությունը «Ասիական քաղաքակրթության երկխոսության խորհրդաժողովին», հանդիպում ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հետ, հանդիպում և աշխատանքային ճաշ ՉԺՀ պետական խորհրդի վարչապետ Լի Քեցյանի հետ, մի շարք այլ միջոցառումներ: Oրակարգն, իհարկե, բավական ընդգրկուն է: Ինչպես նշեց ՀՀ վարչապետը այցի նախօրեին՝ հանդիպումները լավ հնարավորություն են նոր խթան հաղորդելու հայ-չինական հարաբերությունների հետագա զարգացմանը և նախանշելու դրանց երկարաժամկետ զարգացման հեռանկարները: Բնականաբար, կքննարկվեն նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային հարցեր, որոնք կազմում են երկկողմ համագործակցության օրակարգը: Ինչո՞վ կարող է նշանակալի լինել Հայաստանի համար «Ասիական քաղաքակրթության երկխոսության խորհրդաժողովը», ինչպիսի՞ գործնական արդյունքներ են ակնկալվում համաժողովից։ -Ասիական քաղաքակրթության երկխոսության խորհրդաժողովի նախաձեռնության մասին Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հայտարարել է 2015թ.-ին: Այն նպատակն ունի շփումների և փոխանակումների հարթակ տրամադրել երիտասարդության, տեղական համայնքների և մամուլի ներկայացուցիչների համար, ինչպես նաև ստեղծել համագործակցության ցանց գիտահետազոտական հաստատությունների միջև՝ դրանով հարստացնելով մշակութային կյանքը և խթանելով տարածաշրջանային համագործակցությունն ու զարգացումը: Խորհրդաժողովի թեմատիկան կազմում են փոխանակումներն ու փոխճանաչողությունը Ասիական քաղաքակրթությունների միջև, ինչպես նաև համատեղ ապագայի համայնք հասկացողությունը: Ի դեպ, սա առաջին նման խորհրդաժողովն է և Հայաստանի մասնակցությունը նաև խորհրդանշական տարր է պարունակում: Բացի խորհրդաժողովի բացման արարողությունից, որին ելույթ կունենա ՀՀ վարչապետը, կանցկացվեն առանձին թեմաների նվիրված զուգահեռ նիստեր, մշակութային փառատոն, Ասիական քաղաքակրթության շաբաթ և այլ միջոցառումներ: Ավելին՝ armenpress.am
06:17 - 15 մայիսի, 2019
Վարչապետն այլ կարևոր այց էլ ուներ, դրա համար չի մասնակցել Բրյուսելի կոնֆերանսին․ նախարարը պատասխանել է քննադատությանը

Վարչապետն այլ կարևոր այց էլ ուներ, դրա համար չի մասնակցել Բրյուսելի կոնֆերանսին․ նախարարը պատասխանել է քննադատությանը

Հարց․ Առաջին հարցը. ըստ էության պարզ դարձավ, որ Ադրբեջանի յուրօրինակ վետոյի շնորհիվ ձախողվել է ընդունել երեք հռչակագիր և անհրաժեշտ փաստաթղթեր, քանի որ նրանք ցանկանում էին, ինչպես այսօր բացահայտեց պարոն Մամեդյարովը, որ տարածքային ամբողջականության սկզբունքը ևս ներառված լինի փաստաթղտում: Ինչպե՞ս եք գնահատում Ադրբեջանի այս քայլը: Զոհրաբ Մնացականյան. Գիտեք ինչպես, մենք բոլորս հավաքվել ենք, որպեսզի նշեինք Արևելյան գործընկերության տասնամյակը, և իրականում ինձ թվում է, որ ստացվեց բավական հաջող միջոցառում, այս տասը տարվա գործողությունների, ինչպես նաև համագործակցության բավական հաջող ամփոփում. հնարավորություն եղավ ուրվագծել այն, ինչ կլինի հաջորդ փուլի համար: Այստեղ տեղի ունեցան Արևելյան գործընկերության ամենաբարձր մակարդակով ներկայացված վեց գործընկերների պատվիրակությունների բավական հետաքրքիր և կարևոր քննարկումներ, քննարկվեցին, գնահատվեցինբոլոր մարտահրավերները, մոտեցումները: Այդ առումով ինձ թվում է, որ բավական հաջող գործընթաց էր, հաջող միջոցառում:Մենք ունենք մեր օրակարգը` Եվրամիության հետ աշխատելով երկկողմ մակարդակով, և ունենք բավական լուրջ, բավական հարուստ օրակարգ: Արևելյան գործընկերությունը եղել և մնում է շատ կարևոր հարթակ, որտեղ մենք համալրում ենք այն, ինչ անում ենք երկկողմ մակարդակով: Եվ այդ առումով մենք սկզբունքորեն գոհ ենք արդյունքներից: Ինչ վերաբերում է ամփոփմանը, ամփոփումը եղել է տիկին Մոգերինիի կողմից, որը արտահայտում է անդամ պետությունների մոտեցումները, իսկ այն, ինչ վերաբերում է Հայաստանին, արտահայտում է մեր մոտեցումները:Հարց․ Պարոն Մնացականյան, այսինքն, հռչակագիր էր ի սկզբանե նախատեսված, ընդունվեց հայտարարություն, և պատճառը այն էր, որ Ադրբեջանը պահանջում էր, որ տարածքային ամբողջականությունը պահպանվի, թե Հայաստա՞նն էր դեմ արտահայտվում որևէ կետի ։Զոհրաբ Մնացականյան․ Նորից կրկնեմ, մենք ունենք ամփոփում մեր 10 տարվա գործունեության, որն արտահայտվել է տիկին Մոգերինիի հայտարարության միջոցով։ Մնացածը գործընթաց էր։Հարց․ Իսկ ծանո՞թ եք, արդյոք իրենց համաձայնագրում Եվրամիությունը և Ադրբեջանը բառընտրության առումով իրենց հայտարարությունները, Ղարաբաղի հետ կապված ձևակերպումները ինչքանո՞վ են համահունչ և բաղդատելի այն ձևակերպումներին, որ կան մեր համաձայնագրում։Զոհրաբ Մնացականյան․ Նորից կրկնեմ, որ մենք ունենք մեր պայմանագիրը, որը Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն է, որտեղ արտահայտված են բավական մեծ ծավալով տարբեր հարցեր, ներառյալ տարածաշրջանային անվտանգության հարցը, ներառյալ նաև Լեռնային Ղարաբաղին առնչվող պարբերություն։ Եվրամիությունը և Ադրբեջանը միմյանց հետ բանակցում են, ինչ-որ բանակցում են։ Բնականաբար մենք կողմ չենք բանակցությունների, և այստեղ, ինձ թվում է, Եվրամիության համար բավական կարևոր հարց է, որքանով են իրենք սկզբունքային և հետևողական իրենց դիրքորոշումների մեջ։ Այդ առումով, նորից կրկնեմ, մենք ունենք մեր պայմանագրային դաշտը, որտեղ Լեռնային Ղարաբաղի հարցն ունի իր արտահայտությունը։ Հույսով եմ և վստահ, որ Եվրամիությունը ունի հետևողականությունը պահպանելու սկզբունքներ։Հարց․ Պարոն Մնացականյան Հայաստանը որևէ կոնկրետ վերապահում ներկայացրե՞լ է Եվրամիությանը՝ Ադրբեջանի հետ հնարավոր գործընկերության հետ կապված։Զոհրաբ Մնացականյան․ Նորից կրկնեմ, մենք երրորդ կողմ ենք այս բանակցություններում, և հարցն առաջին հերթին վերաբերում է Եվրամիության հետևողականությանը։Հարց․ Պարոն Մնացականյան, Էլմար Մամեդյարովի հետ առանձնազրույց ունեցե՞լ եք։Զոհրաբ Մնացականյան․ Առանձնազրույց, եթե Դուք նկատի ունեք զրույց, շփում՝ այո։ Դա նորմալ երևույթ է նման շրջանակներում, նման ձևաչափերի ժամանակ։ Գիտեք, մենք էլ ենք մարդ և կարող ենք միմյանց հետ շփվել, և ամեն շփման ժամանակ անպայման չէ, որ պետք է անդրադառնանք ինչ-որ հարցերի, որոնց համար մենք առիթների պակաս չունենք։Հարց․ Ղեկավարների հանդիպմանն անդրադարձ եղե՞լ է և ուրվագծվու՞մ է առաջիկայում։Զոհրաբ Մնացականյան․ Մի փոքր էլ համբերենք։ Գիտեք որ, մենք սպասում ենք որոշ հստակեցումների հաջորդ փուլի համար, հանդիպման համար, և հյուրընկալող կողմը պետք է ասի, ինչպես է հնարավոր, երբ է հարմար, որպեսզի մենք նույնպես կարողանանք գնահատել այդ ժամկետները, այսինքն, համաձայնել։ Սսկզբունքորեն մենք որևէ խնդիր չունենք։Հարց․ Արդեն հստա՞կ է, որ Վաշինգտոնն է հյուրընկալելու։Զոհրաբ Մնացականյան․ Ակնկալվում է։ Բայց սխալ կլինի որևէ բան ասել։ Նորից եմ կրկնում, հյուրընկալող կողմից առաջ ընկնելը, կարծում եմ, սիրուն բան չէ։Հարց․ Պարոն նախարար, Մամեդյարովն այսօր նորից պնդեց, որ սկզբունքորեն դեմ է Ստեփանակերտի վերադարձին բանակցային կողմին, որովհետև ասում է, որ Հայաստանի իշխանությունները գալիս և իրենց ներկայացնում են՝ ինչ են բանակցում։Զոհրաբ Մնացականյան․ Մենք էլ սկզբունքորեն կողմ ենք։ Նորից կրկնեմ, մենք բազմիցս առնչվել ենք այս հարցին. սա խստորեն պրակտիկ հարց է, որովհետև եթե Արցախին չի տրվում հնարավորություն սեփականատերը լինել այս գործընթացի, այս գործընթացի արդյունավետությունը լրջորեն տուժում է։ Մեր մոտեցումը շատ պրակտիկ է, շատ գործնական ու տրամաբանական։Հարց․ Պարոն նախարար, Հայաստանում հնչում են քննադատություններ, թե ինչու վարչապետը մասնակցեց միայն պաշտոնական ընթրիքին և ոչ այսօրվա բարձր մակարդակի կոնֆերանսին։ Ձեր կարծիքով հիմք ունե՞ն այդ քննադատությունները։Զոհրաբ Մնացականյան․ Գիտեք, որ վարչապետն ուներ իր ծրագիրը: Չեմ կարծում, որ արժի սրա վրա կառուցել մի տեսություն, թե ինչու այսպես պատահեց, որովհետև եղել են տարբեր ղեկավարներ տարբեր մակարդակներով։ Ես մնացել եմ, շարունակել եմ, մասնակցել եմ: Ձեզ հետ միասին մասնակցում էինք բոլոր միջոցառումներին, որոնք տեղի էին ունենում այսօր։ Ի դեպ, նորից կրկնեմ, շատ գործնական և շատ լավ այց էր վարչապետի կողմից, որովհետև երեկվա քննարկումները, շփումները շատ գործնական էին, շատ լավն էին. և՛ երկկողմ, և՛ բազմակողմ մակարդակներով տեղի ունեցան բազմաթիվ շփումներ, գնահատականների, մտքերի բազմաթիվ փոխանակումներ: Այսօր դա շարունակվեց: Գործնական առումով մենք շատ գոհ ենք: Ինչ վերաբերում է, թե ինչու այսպես կամ այնպես, ի վերջո, նորից կրկնեմ` սա շատ կարևոր միջոցառում էր այն առումով, որ սա տասնամյակի նշում էր` շատ լավ կազմակերպված:Մենք մասնակցեցինք, բայց նաև վարչապետն ուներ մեկ այլ այց, որը նույնպես կարևոր էր և նույնպես պետք էր իրականացնել: Եվ Բրյուսելից մինչև Պեկին հասնելը ժամանակ է տևում, դրա համար կարողացանք հարմարեցնել և բոլորս միասին պայմանավորվել հյուրընկալող կողմի հետ։ Այս ամենը նորմալ է։ Այսինքն կարիք չկա կառուցելու ենթադրություն, թե ինչու է այսպես, թե այնպես: Հարց. Դոնալդ Տուսկը երեկ՝ ընթրիքի ժամանակ իր ելույթում, որպես դրամատիկ պահ հիշատակեց Վիլնյուսի գագաթնաժողովը, որտեղ Ուկրաինան հրաժարվեց Ասոցացման համաձայնագրից: Ինձ հետաքրքրում է Դուք, ով բանակցողն է եղել Հայաստանի Ասոցացման համաձայնագրի, հիմա՝ իշխանափոխությունից հետո, արդյոք անհրաժեշտություն տեսնու՞մ եք վերադառնալու այդ փաստաթղթին, որն այն ժամանակ օրակարգից դուրս դրվեց:Զոհրաբ Մնացականյան. Ի դեպ, ներկա էիք այսօրվա տեղի ունեցած այդ քննարկումներին. դրանք շատ հետաքրքիր էին այդ առումով: Դիվերսիֆիկացված համագործակցության այդ մոտեցումը՝ միասնություն բազմազանության մեջ, որովհետև նորից կրկնեմ, որ մեր քաղաքականությունը կառուցում ենք՝ մեր շահերից ելնելով: Թե այժմ ինչ գնահատականներ տանք հետագա փուլի համար, մենք առաջնորդվում ենք առաջին հերթին մեր շահերով: Մենք այժմ հնարավորություն ենք ստացել իրապես ունենալ մեկ կարևոր պայմանագիր ԵՄ հետ, որտեղ համագործակցությունը ընդլայնելու ծավալը բավական մեծ է: Հատկապես, պայմանագրում ունենալ ոլորտային այդ ամբողջ, հսկայական ծավալը և կառուցել աշխատանքները, որ հիմա տեղի են ունենում ճանապարհային քարտեզի վերջնականացման միջոցով՝ դրա մեջ ներգրավել ով ամբողջ մեր պետական համակարգը, քաղհասարակությանը, գործարար շրջանակներին: Այդ ամենը ծառայեցնում ենք մեր զարգացման օրակարգին, մեր կարողությունների ամրապնդմանը. այդ գործիքը մեր ձեռքերում է, և մենք մտադրված ենք լավագույնս դա օգտագործել: Մյուս կողմից մենք ունենք հնարավորություն այսօր աշխատել 200 միլիոնանոց շուկայում և նույնպես օգտվել վերջինիս ընձեռած առավելություններից։ Եթե մինչև հիմա դա հաջողվել է համադրել, ուրեմն պետք է փորձենք շարունակել:Հարց. Հնին չե՞նք վերադառնում:Զոհրաբ Մնացականյան. Ներկայումս ես նման հարց չեմ տեսնում, թե ինչպես մենք կարող ենք ամբողջը խառնել և զրոյից սկսել:Հարց. Պարոն Մնացականյան, այս երկու օրը Ձեր հանդիպումների ժամանակ վիզաների ազատականացման հարցին անդրադարձե՞լ եք:Զոհրաբ Մնացականյան. Սա մեզ համար շատ կարևոր, շատ սկզբունքային հարց է: Նորից լսեցիք՝ քննարկման ժամանակ մենք նորից անդրադարձանք, որովհետև այն, ինչ մենք անում ենք մեր երկրի համար, այն, ինչ մենք անվանում ենք արժեքներ և կառուցում ենք մեր երկիրը, և Թավշյա հեղափոխության պատգամը, որը վերաբերում է արժեքներին, ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանությանը, օրենքի գերակայությանը, սոցիալ-տնտեսական կյանքում հավասար պայմաններին, դա մեր ընտրությունն է: Դա աշխարհաքաղաքականությունից դուրս ընտրություն է, և մեր ազգային շահից բխող, ժողովրդի կողմից ընտրված մոդել է:Ամեն ինչ վերաբերում է մարդուն, քաղաքացուն, սա վերաբերում է մեզ, մեր երկրին և մեր գործընկերների հետ՝ ներառյալ Եվրամիության շրջանակներում մեր համագործակցությանը: Ազգային շփումները սկզբունքային, կարևորագույն հարց են, վիզաների ազատականացումը ոչ միակ, բայց այն կարևորագույն գործիքն է, որը հնարավորություն է տալիս մեզ ամրապնդելու այն, ինչ կոչվում է մարդկային շփում: Սա չափազանց կարևոր հարց է մեզ համար։ Սա միակ գործիքը չէ, որովհետև մենք ուշադրություն ենք դարձնում և փորձում ենք զարգացնել բոլոր մյուս հնարավորությունները, որոնք վերաբերում են կրթական, մշակութային, գիտական, գործարար և այլ շրջանակներում այդ շփումներին, այս մայրցամաքում մեր քաղաքացիներին իրենց գործընկերների հետ մերձեցնելուն, հնարավորություններն ընդլայնելուն:Այս առումով վիզաների ազատականացումը մեծ նշանակություն ունի, ինչը շատ սկզբունքային հարց է մեզ համար: Խոսել եմ դրա մասին, որ կան տարբեր նկատառումներ, տարբեր հարցեր, որոնք վերաբերում են միգրացիայի հանդեպ վերաբերմունքին և քաղաքականությանը: Մեզ համար սա բավարար խոչընդոտ չէ, մենք չենք կարող դա ընդունել և ասել՝ շատ լավ, հարցը փակվեց։ Իհարկե չփակվեց, և մենք շարունակելու ենք շատ հետևողականորեն տանել առաջ այն, որովհետև պնդում ենք, որ յուրաքանչյուրը գնահատվում է ըստ իր արժանիքների, ըստ իր կարողությունների։ Մենք շատ զգայուն ենք և որևէ կերպ չենք գործելու այնպես, որպեսզի ստեղծենք նման հնարավորության՝ ազատականացված ռեժիմի չարաշահում։ Մենք չենք քաջալերում որևէ բան, որը բերելու է խնդիրների: Հիմա մեզ ասում են, որ կան մյուս երկրները, որոնք օգտվում են ազատականացված ռեժիմից և չարաշահում են. մեզ համար դա բավարար փաստարկ չէ: Մենք ուզում ենք գնահատված լինել մեր արժանիքների, մեր կարողությունների համաձայն, և այդ առումով է, որ մեր բոլոր փորձագետները, մեր բոլոր համապատասխան գերատեսչությունները, որոնք առնչություն ունեն միգրացիայի հետ, ց շփման մեջ են եվրոպական համապատասխան փորձագետների հետ գնահատելու համար՝ որքանով ենք մեր կարողությունները զարգացած, որքանով են նրանք համապատասխանում չափանիշների, որպեսզի մենք կարողանանք սկսել վիզաների ազատականացման երկխոսությունը։Հարց. Արդյոք ազատականացման որևէ հստակ ամսաթիվ կարող եք նշել։Զոհրաբ Մնացականյան. Մեզ համար սա յուրաքանչյուր պահի հարց է: Մեզ համար սա չափազանց մեծ գերակայություն է: Եվ թե երբ կլինի՝ չեմ կարող ասել: Սա մեր օրակարգի կարևոր կետերից է: Սա շարունակական է: Նորից եմ կրկնում՝ ամենակարևորն այն է, որ մենք առիթ ունենանք գնահատելու՝ որքանով են մեր կարողությունները բավարար, որպեսզի մենք դա սկսենք։ Մենք վստահ ենք, որ բավարար առաջխաղացում ունենք այդ հարցում և այժմ, համադրելով այս ամենը և առաջ մղելով մեր օրակարգը, պետք է փորձենք արագացնել այս ամենը: Մեզ համար, նորից եմ կրկնում սա շատ սկզբունքային հարց է:
06:04 - 15 մայիսի, 2019
«Ուժի չկիրառումը ոչ մի կողմի զիջում չէ». Զոհրաբ Մնացականյանի հոդվածը ռուսական «Նեզավիսիմայա գազետա» օրաթերթին |news.am|

«Ուժի չկիրառումը ոչ մի կողմի զիջում չէ». Զոհրաբ Մնացականյանի հոդվածը ռուսական «Նեզավիսիմայա գազետա» օրաթերթին |news.am|

news.am։ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հոդված է հրապարակել ռուսական «Նեզավիսիմայա գազետա» օրաթերթում: «Մայիսի 12-ին լրանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի հաստատման քառորդ դարը։ 25 տարի առաջ Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Ադրբեջանի միջեւ ստորագրվեց հրադադարի մասին համաձայնագիրը։ Հարկ է առանձնակի ընդգծել Ռուսասատանի, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրների դերը փաստաթղթի ստորագրման եւ հրադադարի ռեժիմի հետագա պահպանման գործում։Այս հիշարժան օրը լավ առիթ է ռազմական գործողությունների ավարտից հետո ստեղծված հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացի պայմաններին եւ հնարավորություններին գնահատական տալու, ինչպես նաեւ հասկանալու, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն՝ նոր ռազմական գործողությունները կանխելու եւ խաղաղ գործընթացի եւ կայուն խաղաղության հաստատման անշրջելիությունն ապահովելու համար։Հրադադարի հաստատման հիմքը դրվեց 1994թ. մայիսի 5-ին Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում, որտեղ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի շրջանակներում կայացան Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարների միջեւ բանակցությունները եւ ստորագրվեց Բիշքեկյան արձանագրությունը։ Ի հավելում մայիսյան համաձայնագրին` 1994 թվականի հուլիսի 26-27-ին ստորագրվեց լրացուցիչ համաձայնագիր, որով երեք կողմերը հաստատեցին հրադադարի ռեժիմի անժամկետ բնույթը՝ ընդհուպ մինչեւ հակամարտության վերջնական կարգավորումը։1995թ. փետրվարի 6-ին ուժի մեջ մտան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Ադրբեջանի միջեւ հրադադարի ռեժիմի ամրապնդման վերաբերյալ պայմանավորվածությունները: Համաձայնագիրը պարունակում է ռազմական տեսանկյունից կարեւորություն ներկայացնող մի շարք միջոցներ` ճգնաժամային իրավիճակների կայունացման եւ հրադադարի ռեժիմի ամրապնդման համար:Միջազգային հանրությունը վճռական կերպով աջակցեց հրադադարի մասին համաձայնագրին: ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթաժողովն ողջունեց հակամարտության կողմերի կողմից 1994թ. մայիսի 12-ի համաձայնագրի հաստատումը: Հարկ է նշել, որ 1992-1993թթ. միջազգային հանրության կողմից ձեռնարկվել էին հաշտության կնքման փորձեր, սակայն դրան խոչընդոտում էր Ադրբեջանի կողմից հակամարտության ուժային լուծմանն ուղղված հետեւողական քաղաքականությունը: Այսպես` 1992 թվականի ամռանն ադրբեջանական զինված ուժերը գրավեցին Լեռնային Ղարաբաղի տարածքի 40%-ը՝ իրականացնելով էթնիկ զտումներ:Հրադադարի մասին անժամկետ համաձայնագրի կնքման առաջին նախադրյալները ստեղծվեցին 1994թ. սկզբին, երբ Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակին հաջողվեց հետ մղել կոնֆլիկտն ուժային ճանապարհով լուծելու Ադրբեջանի վերջին փորձերը եւ դուրս գալ պաշտպանական դիրքեր, որտեղից հնարավոր էր ապահովել Արցախի բնակչության ֆիզիկական անվտանգությունը։ Այսպիսով, հակամարտության գոտում հաստատվեց ռազմական հավասարակշռություն եւ այդ պայմաններում ադրբեջանական կողմը համաձայնեց բանակցել հրադադարի շուրջ։1994թ. մայիսի 12-ի համաձայնագրի, ինչպես նաեւ լրացուցիչ համաձայնագրերի հիման վրա հաստատված հրադադարի ռեժիմի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այն պահպանվում է հենց կողմերի ջանքերով։ Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ շփման գծում բացակայում է որեւէ նշանակալի միջազգային ներկայությունը։Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական փուլի ավարտը պայմաններ ստեղծեց խաղաղ կյանքի, ազատ եւ կայուն հասարակության կառուցման համար: Այսօր, Լեռնային Ղարաբաղը ոչ միայն հակամարտության անվանում է, այլեւ ինքնուրույն քաղաքական միավոր՝ զարգացման ձգտող իր դինամիկ հասարակությամբ։ Այդուհանդերձ, մարդկանց անվտանգությունը շարունակում է առավել խոցելի լինել։Հրադադարի հաստատումից հետո ընկած այս քառորդ դարի ընթացքում ադրբեջանական կողմը բազմիցս փորձել է խախտել հաստատված հավասարակշռությունը եւ վերստին նախադրյալներ ստեղծել հակամարտության ուժային լուծման համար։ Լարվածությունն իր գագաթնակետին հասավ 2016 թ. ապրիլին, երբ ադրբեջանական զորքերը, խախտելով հրադադարի ռեժիմը, անցան լայնամասշտաբ հարձակման շփման գծի հյուսիսային եւ հարավային հատվածներում։Ապրիլյան էսկալացիայի արդյունքները վերահաստատեցին, որ կոնֆլիկտի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի։ Անվիճելի է նաեւ այն, որ ուժի կիրառման յուրաքանչյուր փորձ եւ յուրաքաչյուր կործանված մարդկային կյանք ավելի են խորացնում կողմերի միջեւ անդունդը եւ խարխլում վստահության մնացորդները՝ ծայրահեղ բարդացնելով բանակցային գործընթացը:Ադրբեջանի ապրիլյան լայնամասշտաբ հարձակումը, խաղաղ բնակիչների սպանությունն ու նրանց կտտանքների ենթարկելը, ինչպես նաեւ մարտական գործողությունների ընթացքում միջազգային մարդասիրական իրավունքի այլ կոպիտ խախտումներն ակներեւ ցուցադրեցին, որ համաձայնագրի անշեղ իրագործումն Արցախի ժողովրդի ֆիզիկական գոյության եւ անվտանգության գրավականն է։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հստակ եւ միանշանակորեն պնդեցին, որպեսզի կողմերը անշեղորեն հետեւեն 1994-95 թվականների համաձայնագրերի շրջանակներում ստանձնած պարտավորությունների կատարմանը:Վստահության եւ անվտանգության միջոցառումների իրականացման միջոցով հրադադարի ռեժիմի պահպանումն ու ամրապնդումը նպաստում են հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանը եւ նպաստավոր պայմաններ ստեղծում խաղաղ բանակցային գործընթացի համար։ Այդ առումով կարեւոր նշանակություն ունեցավ նախորդ տարվա աշնանը Դուշանբեում ԱՊՀ գագաթաժողովի շրջանակներում Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի միջեւ հրադադարի ռեժիմի ամրապնդման եւ կողմերի միջեւ ուղիղ կապի ստեղծման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունը։ Կարեւոր է նաեւ, որ հրադադարի ռեժիմի ամրապնդման վերաբերյալ այդ պայմանավորվածությունները վերահաստատվեցին այս տարի Վիեննայում կայացած գագաթաժողովում:Միեւնույն ժամանակ, ցավոք, պետք է արձանագրել հրադադարի ռեժիմի ամրապնդման եւ հնարավոր էսկալացիայի վաղ ահազանգման ինստիտուցիոնալ մեխանիզմների բացակայությունը, ինչը 1994 եւ 1995 թվականների համաձայանագրերի իրագործման լուրջ խոչընդոտ է հանդիսանում։ Այս համատեքստում մենք կարեւորում ենք 2016 թվականին Վիեննայում եւ Սանկտ-Պետերբուրգում կայացած գագաթաժողովներում ձեռք բերված ռիսկերի նվազեցման մեխանիզմների ստեղծման վերաբերյալ պայմանավորվածությունների գործնական կիրառումը, մասնավորապես` ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի առաքելության ընդլայնումը, ինչպես նաեւ միջադեպերի հետաքննման մեխանիզմի ստեղծումը:Կցանկանայի առանձնակի ընդգծել, որ համաձայնագրի շրջանակներում պարտավորությունների կատարումը բխում է կողմերի շահերից։ 1994-ի համաձայնագիրն անժամկետ է եւ դրա շրջանակներում կողմները պարտավորություն են ստանձնել բանակցությունների հիման վրա խաղաղ կարգավորման եւ ուժի չկիրառման շուրջ։ Դա նշանակում է, որ ուժի չկիրառումը ոչ մի կողմի զիջում չէ, այլ հստակ պարտավորություն, որի պահպանումը պետք է լինի կարգավորման սկզբնակետը:Եզրափակելով կարելի է արձանագրել, որ հրադադարի հաստատման շուրջ համաձայնագրի կնքումը ցույց տվեց, որ կառուցողական բանակցային գործընթացում բոլոր կողմերի ներգրավման շնորհիվ հնարավոր է հասնել շոշափելի արդյունքների: Համաձայնագիրի կնքումը հնարավոր է դարձել, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ անմիջական շփումների միջոցով, ինչը եւս մեկ անգամ հաստատում է բոլոր կողմերի մասնակցությամբ լիարժեք բանակցային ձեւաչափի վերականգնման անհրաժեշտությունը:Հրադադարի կնքումը նպաստեց Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիայի հետեւանքների վերացմանը: Իսկ խաղաղ գործընթացն, իր հերթին, պետք է ուղղված լինի վերացնելու հակամարտության սկզբնապատճառը, այն է՝ Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի ինքնորոշման անքակտելի իրավունքի խախտումը:Այս առումով, Լեռնային Ղարաբաղի ֆիզիկական անվտանգության եւ կարգավիճակի հարցը խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի բացարձակ գերակայություններն են:
10:27 - 14 մայիսի, 2019
ՀՀ և Իռլանդիայի ԱԳ նախարարները ընդգծել են տարբեր ոլորտներում Հայաստանի և Իռլանդիայի միջև համագործակցության խորացման ուղղությամբ առկա ներուժը

ՀՀ և Իռլանդիայի ԱԳ նախարարները ընդգծել են տարբեր ոլորտներում Հայաստանի և Իռլանդիայի միջև համագործակցության խորացման ուղղությամբ առկա ներուժը

Մայիսի 13-ին աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Իռլանդիայի ԱԳ նախարար Սայմոն Քովենիին: Արտգործնախարարներ Մնացականյանը և Քովենին ընդգծեցին տարբեր ոլորտներում Հայաստանի և Իռլանդիայի միջև համագործակցության խորացման ուղղությամբ առկա մեծ ներուժը՝ շեշտելով փոխադարձ հանձնառությունը գործնական քայլեր ձեռնարկելու երկխոսության առավել ակտիվացման, ինչպես նաև երկկողմ օրակարգի հարստացման ուղղությամբ: Որպես համագործակցության կարևոր ուղղություն առանձնացվեց բարձր տեխնոլոգիաների, նորարարության, ստեղագործ կրթության ոլորտներում փորձի փոխանակմանն ուղղված ծրագրերի նախաձեռնումը: Զրուցակիցները գոհունակություն հայտնեցին նաև միջազգային կառույցներում երկու երկրների միջև առկա համագործակցության և փոխադարձ աջակցության կապակցությամբ: Այս համատեքստում ընդգծվեց նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հարթակը՝ որպես բազմակողմ համագործակցության, փոխշահավետ կապերի ստեղծման ձևաչափ: Հայաստանի և Իռլանդիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր փոխանակեցին նաև Արևելյան գործընկերության 10-ամյակի և նախարարական հանդիպման ժամանակ ծավալված քննարկումների շուրջ՝ ընդծելով, որ հոբելյանը լավ առիթ է արձանագրված ձեռքբերումներին անդրադառնալու, ինչպես նաև հետագա համատեղ աշխատանքի հեռանկարները ուրվագծելու առումով: Զրույցի ընթացքում նաև անդրադարձ կատարվեց տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի:
18:09 - 13 մայիսի, 2019