Ազգային ժողով

ՀՀ Սահմանադրության համաձայն Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է: Այն իրականացնում է օրենսդիր իշխանությունը: Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է պետական բյուջեն եւ իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված այլ գործառույթներ: Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ այն գործում է իր կանոնակարգին համապատասխան: Խորհրդարանն ընտրվում է 5 տարի ժամկետով, կազմված է առնվազն 101 անդամից։

Այժմ գործում է 8-րդ գումարման ազգային ժողովը, որը բաղկացած է 106 պատգամավորից, որոնցից 71-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից, 28-ը՝ «Հայաստան» խմբակցությունից, 7-ը՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունից։ ԱԺ գործող նախագահը Ալեն Սիմոնյանն է։

Արման Բաբաջանյանը դուրս է գալիս Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից |aravot.am|

Արման Բաբաջանյանը դուրս է գալիս Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից |aravot.am|

aravot.am: Ի ՊԵՏՍ ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ 2018 թվականի թավշյա հեղափոխությունը Հայաստանում առաջացրեց միանգամայն նոր իրավիճակ պետության ու հասարակության կենսագործունեության բոլոր ոլորտներում: Ավելի քան երկու տասնամյակ երկրում գործած ավտորիտար իշխանությանը փոխարինելու եկավ ժողովրդի աննախադեպ բարձր վստահությունը վայելող, ամբողջությամբ ժողովրդավարական իշխանություն: Հեղափոխությանը հաջորդած առաջին կես տարվա ընթացքում, սակայն, Հայաստանի քաղաքական դաշտն ու քաղաքական կյանքը գտնվում էին դեֆորմացված, դեգրադացված իրավիճակում, քանի որ մի կողմից՝ գործում էր ժողովրդի վստահությունը վայելող գործադիր իշխանություն, մյուս կողմից՝ ապoրինի ընտրություններով ընտրված, հասարակական տրամադրությունների ու սպասումների հետ որևէ աղերս չունեցող խորհրդարան: Թվում էր, թե այդ քաղաքական կազուսը կհանգուցալուծվի 2018 թվականի խորհրդարանական ընտրություններով, սակայն այդ ընտրություններն ընդամենը նոմինալ առումով փոխեցին քաղաքական ստատուս քվոն՝ քաղաքականության բովանդակությունը թողնելով անցյալի իներցիայի ճիրաններում: ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ, ՀԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ Թավշյա հեղափոխության հիմքում ընկած էր առաջին հերթին նախորդ ավտորիտար համակարգի դեմ պայքարն ու որպես դրա հետևանք՝ ժողովրդավարության, հիմնարար իրավունքների ու ազատությունների հաղթանակը: Հեղափոխությունը՝ որպես ակտ, լուծեց այդ խնդիրը: Դրան, սակայն, պետք է հաջորդեր պետության ու հասարակական կյանքի բովանդակության փոփոխությունը, այնպիսի փոփոխությունը, որն այդ բովանդակությունը կհամապատասխանեցներ հեղափոխությանն ու նրա հռչակած արժեքներին և գաղափարներին: Դրա համար անհրաժեշտ էր առաջին հերթին քաղաքական համակարգի, քաղաքական կյանքի ու հարաբերությունների վերափոխում ու հեղափոխականացում: 2018 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունները, ինչպես նշեցի, այդ խնդիրը լուծեցին միայն նոմինալ առումով. «Իմ քայլից» բացի՝ խորհրդարան անցան «Բարգավաճ Հայաստանն» ու «Լուսավոր Հայաստանը»՝ կազմավորելով խորհրդարանական կառավարման կարգ ունեցող Հայաստանի նոր Ազգային ժողովը: Ընտրություններին հաջորդած ամիսները, սակայն, ցույց տվեցին, որ նոր խորհրդարանը նոր է միայն ֆորմալ առումով, այն ամբողջությամբ կտրված է նոր Հայաստանի օրակարգից, նոր Հայաստանի իրողություններից ու մարտահրավերներից: Ասվածը վերաբերում է ինչպես իշխանական «Իմ քայլը» խմբակցությանը, այնպես էլ «Բարգավաճ Հայաստանին» ու «Լուսավոր Հայաստանին»: Իշխող «Իմ քայլը» խմբակցությունը պետության ու հասարակության համար նշանային մի քանի իրադարձություններում (Սահմանադրական դատարանի շուրջ ճգնաժամ, Ամուլսարի խնդիր, Ստամբուլյան կոնվենցիա և այլն) ցույց տվեց իր կատարյալ անգործունակությունն ու անհամարժեքությունը: Նշված և մի շարք այլ խնդիրների ինստիտուցիոնալ, համակարգային պատճառը հենց խորհրդարանական իշխող խմբակցության ոչ համարժեք վարքագիծն է ու այսօրվա քաղաքական իրողություններին ու մարտահրավերներին անհաղորդ լինելու իրողությունը: Նույն այս և էլի մի շարք խնդիրներում կատարյալ անհամարժեք վարքագիծ է դրսևորել նաև խորհրդարանական ընդդիմությունը՝ ի դեմս «Բարգավաճ Հայաստանի» ու «Լուսավոր Հայաստանի»: Մենք ընդդիմության կողմից չենք տեսել ստեղծարարություն, նախաձեռնողականություն ու նորարարություն: Ընդդիմությունը ձախողել է իշխանությունից ավելի լավը լինելու, ապագայի հույսի իր առաքելությունը, ինչպես որ ձախողել է իշխանությանն այլընտրանք լինելու իր կարևորագույն դերակատարության հարցում: Արդյունքում խորհրդարանական կառավարմամբ երկրում մենք ունենք ոչ համարժեք խորհրդարանական իշխանություն և նույնքան ոչ համարժեք խորհրդարանական ընդդիմություն: Այսինքն՝ պառլամենտական կառավարմամբ պետությունն ապրում է փաստացի անգործունակ խորհրդարանով՝ դրանից բխող բոլոր տեսանելի, բայց որ ավելի վտանգավոր է՝ առաջին հայացքից անտեսանելի ու ճգնաժամերի ներուժ ունեցող հետևանքներով: Այս իրավիճակի հետևանքն է այն իրողությունը, որ այսօր գործող իշխանությանն այլընտրանքի հայտ են ներկայացնում նախկին հանցավոր համակարգի ներկայացուցիչները՝ ի դեմս նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի: Նրանց ներկայությունն ու ակտիվությունը այսօրվա քաղաքական կյանքում խորհրդարանի անգործության ու քաղաքական դաշտում ունեցած զրոյական դերակատարության ուղիղ հետևանքն են: Խորհրդարանական ուժերը չեն կարողացել քաղաքական օրակարգն ու քաղաքական դիսկուրսը պահել խորհրդարանում, ինչի արդյունքում մենք այսօր ունենք արտախորհրդարանական ձևախեղված քաղաքական հարաբերություններ, որոնցում գերիշխում է ռևանշիզմը: Նոր Հայաստանը առաջին հերթին ժողովրդավարական Հայաստանն է՝ իր բոլոր համակարգերով ու կառուցակարգերով: Իրականության մեջ, սակայն, մենք ունենք իրավիճակ, որում քաղաքական համակարգի հիմնական դերակատարները գործում են նախկին իներցիայով, նախկին գաղափարախոսությամբ ու հին գործիքակազմով: Մինչդեռ հեղափոխությունից հետո ստեղծված բոլորովին նոր քաղաքական իրողություններն ու պայմանները թույլ չեն տալիս, անհնար են դարձնում ավտորիտար իշխանության պայմաններում հաստատված խաղի կանոններով ու մեթոդներով քաղաքական պայքար իրականացնել ժողովրդավարական իշխանության պարագայում: Մինչդեռ մենք ականատեսն ենք հենց այդ իրողության՝ ներկայիս խորհրդարանական ուժերը գործում են նույն մեթոդաբանությամբ, ինչով առաջնորդվել են նախորդ ավտորիտար իշխանությունների ժամանակներում: Այդպես երկար շարունակվել չի կարող: ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ, ՀԻՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Թավշյա հեղափոխության օրակարգին անհամարժեքությունն ու անհամապատասխանությունը դրսևորվում են ոչ միայն ներքին կյանքում, այլև արտաքին քաղաքականության մեջ: Հայաստանի գործող իշխանությունը հայտարարել է, որ արտաքին քաղաքականության ոլորտում շրջադարձեր չեն լինելու: Անցած մեկուկես տարիները ցույց են տվել, որ իսկապես շրջադարձեր չեն եղել: Շրջադարձեր չկատարելը, սակայն, չպետք է ենթադրեր, որ արտաքին քաղաքականության մեջ որևէ փոփոխություն չի լինելու: Մինչդեռ իրականությունը վկայում է հենց դրա մասին: Նիկոլ Փաշինյանի ղեկավարած Հայաստանը վարում է նույն արտաքին քաղաքականությունը, որը վարվում էր Սերժ Սարգսյանի ղեկավարած Հայաստանի կողմից: Այդ մասին տակավին վերջերս խոստովանեց հենց Նիկոլ Փաշինյանը՝ հայտարարելով արտաքին քաղաքականության ասպարեզում ժառանգականության սկզբունքի մասին: Դա նշանակում է, որ մենք նույնպիսի անհամապատասխանության ու անհամարժեքության խնդիր ունենք նաև արտաքին քաղաքականության ասպարեզում: Որովհետև անկարելի է, որ ժողովրդավարական պետությունը վարի նույն արտաքին քաղաքականությունը, որը վարվել է նախկինում ավտորիտար իշխանության կողմից: Սա աբուսրդ է, որում ապրում ենք մենք արդեն մեկուկես տարի: Այն դեպքում, երբ նոր Հայաստանը, ժողովրդավարական ու համամարդկային արժեքներ որդեգրած Հայաստանը պետք է բառի բուն իմաստով բացվեր աշխարհի առաջ, պետք է նորովի հաղորդակցվեր աշխարհի հետ ու աշխարհը պետք է բերեր Հայաստան՝ բառի ուղիղ և փոխաբերական իմաստներով: Մինչդեռ մենք անցած մեկուկես տարիների ընթացքում տեսել և տեսնում ենք վախվորած, զգուշավոր արտաքին քաղաքականություն՝ ռուսական ընդգծված ուղղվածության դոմինանտությամբ: Այսինքն՝ մեր արտաքին քաղաքականության մեջ շարունակում է գործել նույն ալգորիթմը, որը դրված էր Սերժ Սարգսյանի ոչ լեգիտիմ իշխանության արտաքին քաղաքականության հիմքում: Այն դեպքում, երբ այսօր մենք ունենք աննախադեպ բարձր լեգիտիմությամբ իշխանություն, որը աշխարհի, առաջին հերթին նույն Ռուսաստանի հետ կարող է և պարտավոր է հարաբերվել ինքնիշխանության դիրքերից: Ինքնիշխանությունն, ի դեպ, վերջերս կայացած դեսպանների հետ հավաքում վարչապետի կողմից հռչակվեց որպես արտաքին քաղաքականության հիմնասյուներից մեկը: Ցավոք, առայժմ դա միայն հռչակագրային նշանակություն ունի և չի դրսևորվում գործնական քաղաքականության մեջ: Հանուն արդարության պետք է նշել, սակայն, որ այս հարցում գործադիր իշխանությունը, Նիկոլ Փաշինյանը չունի որևէ քաղաքական աջակցություն քաղաքական համակարգի մասնակիցների կողմից: Խորհրդարանական քաղաքական ուժերը սեթևեթում են ռուսական շրջանակների հետ, իսկ արտախորհրդարանական միավորները առանց թաքցնելու ստանձնել են հինգերորդ շարասյան դերակատարում: Այսինքն՝ ինքնիշխան արտաքին քաղաքականություն վարելու համար երկրի ղեկավարությունը չունի քաղաքական աջակցություն: Դա, ի դեպ, արդեն ոչ թե քաղաքական, այլ պետական շահի, երկրի ազգային անվտանգության տիրույթում գտնվող հարց է, որը, ցավոք, անգամ չի գիտակցվում մեր քաղաքական ուժերի կողմից: Այսպիսով, թավշյա հեղափոխությունից մեկուկես տարի անց մենք ունենք հեղափոխության, հեղափոխության օրակարգի հետ ներքին և արտաքին քաղաքականությունների անհամապատասխանություն ու անհամարժեքություն, ինչն ուղղակի ազգային անվտանգությանը սպառնացող հարց է և վտանգում է առաջին հերթին թավշյա հեղափոխությունը: ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ, ՆՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Բոլոր բացասական երանգներով հանդերձ՝ իրավիճակը հոռետեսական չէ և ոչ էլ, առավել ևս, փակուղային: Թավշյա հեղափոխության ամենամեծ ձեռքբերումներից մեկը իրավագիտակից քաղաքացիների արթնացումն է թմբիրից, ինչի արդյունքում հասարակությունը, որքան էլ հակառակը պնդեն, դարձել է սուբյեկտ ու գոնե անուղղակի ազդեցություն ունի որոշումների կայացման գործընթացում: Հասարակության արթնացումը ամեն օրվա հետ ամրապնդում է հանրային քննարկման, հանրային դիսկուրսի ինստիտուտը, ինչը մեծացնում է հասարակության սուբյեկտայնությունը: Հեղափոխություն իրականացրած հասարակությունը այլևս պահանջատեր է և իրավագիտակից: Ու եթե անգամ նվազում է իշխանության վարկանիշը, ապա պայմանականորեն ասած՝ հեղափոխության վարկանիշը մնում է անփոփոխ. Հայաստանի հասարակության ճնշող մեծամասնությունը հավատում է հեղափոխությանն ու նրա արժեքներին, և մեր բոլորի խնդիրը պետք է լինի թույլ չտալ, որ որևէ պարագայում այդ հավատը արժեզրկվի: Հետևաբար մեր խնդիրն է ստեղծել համապատասխան միջավայր և ձևաչափեր առաջին հերթին հանրության իրավագիտակից հատվածի միախմբման համար: Դրա նախադրյալները առավել քան տեսանելի են ինչպես առանձին անհատների, այնպես էլ քաղաքացիական, հանրային միավորների մակարդակում: Ժամանակը հասունացնելու է այդ տրամադրություններին քաղաքական ձևակերպումներ տալու անհրաժեշտությունը: Որովհետև եթե խորհրդարանը փաստացի անգործունակ է, ապա խորհրդարանից դուրս կան զգալի թվով անհատներ ու խմբեր, որոնք կարող են ձևավորել հեղափոխությանը համապատասխանող քաղաքական օրակարգ, և որոնք կարող են, պատկերավոր ասած, փրկել հեղափոխությունը: Թավշյա հեղափոխությունը տակավին ավարտված չէ, և բոլոր նրանք, ովքեր դեռևս հավատում են հեղափոխության արժեքներին, կարող են և պարտավոր են համախմբվել հեղափոխության ընթացքի, շարունակության ապահովման գաղափարի շուրջը: Հեղափոխությունը Հայաստանին տվել է բացառիկ պատմական հնարավորություն, և մենք ուղղակի իրավունք չունենք մսխելու այդ հնարավորությունը: Սերունդները չեն ների մեզ դրա համար: Նյութն ամբողջությամբ՝ aravot.am-ում  
10:05 - 06 սեպտեմբերի, 2019
ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ՀԱՊԿ վերաբերյալ օրինագծերին |armenpress.am|

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ՀԱՊԿ վերաբերյալ օրինագծերին |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց այն օրինագծերին, որոնք հնարավորություն կտան Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդի կազմի մեջ մտնել այն երկրների կառավարությունների ղեկավարներին, որոնց պետության օրենսդրությամբ դա նախատեսված է: Սեպտեմբերի 5-ին տեղի ունեցած նիստում հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «2002 թվականի հոկտեմբերի 7-ի` Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության կանոնադրությունում փոփոխություններ կատարելու մասին» երկրորդ արձանագրությունը վավերացնելու և «1992 թվականի մայիսի 15-ի` Հավաքական անվտանգության մասին» պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» երկրորդ արձանագրությունը վավերացնելու մասին օրենքների նախագծերին: «Մի դեպքում փոփոխություն է կատարվում պայմանագրում, մյուս անգամ` կանոնադրությունում: Նպատակը միակն է` քանի որ մեզ մոտ տեղի են ունեցել Սահմանադրական փոփոխություններ, և մինչ այդ ՀԱՊԿ-ում նախատեսվում էր, որ ղեկավար մարմնում են պետությունների ղեկավարները, ապա անհրաժեշտություն առաջացավ, որ կատարվի փոփոխություն, համաձայն որի` կարող է լինել նաև վարչապետը, եթե սահմանադրորեն դա նախատեսված է»,- ասաց Արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:
10:42 - 05 սեպտեմբերի, 2019
Կալանք և ազատազրկում՝ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար․ ի՞նչ փոփոխություններ են առաջարկվում օրենքում |factor.am|

Կալանք և ազատազրկում՝ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար․ ի՞նչ փոփոխություններ են առաջարկվում օրենքում |factor.am|

factor.am։ Ազգային ժողովի պետական-իրավական հանձնաժողովի սեպտեմբերի 3-ի նիստում քննարկվեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի, Արման Աբովյանի, Էդուարդ Բաբայանի, Շաքե Իսայանի, Վահե Էնֆիաջյանի հեղինակած օրենքի նախագիծը՝ ՀՀ քրեական օրենսգրքում և վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։ Այս փոփոխություններով առաջարկվում է քրեականացնել կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը։ Ըստ նախագծի հեղինակներից Նաիրա Զոհրաբյանի՝ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար նախատեսվում է սահմանել տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 100-300-ապատիկի չափով, կամ կալանք՝ 1-3 ամիս, կամ ազատազրկում՝ առավելագույնը 3 տարի ժամկետով։  
07:32 - 03 սեպտեմբերի, 2019
ԱԺ-ում գույքի պակասորդի դեպքով հարուցված քրեական գործով կարգավիճակ ունեցող անձ այս պահին չկա |pastinfo.am|

ԱԺ-ում գույքի պակասորդի դեպքով հարուցված քրեական գործով կարգավիճակ ունեցող անձ այս պահին չկա |pastinfo.am|

pastinfo.am։ Ազգային ժողովում գույքի պակասորդի դեպքի առթիվ հարուցված քրեական գործով կարգավիճակ ունեցող անձ այս պահին չկա։ Այս մասին տեղեկացրեց Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը։Ավելի վաղ հայտնել ենք, որ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարը գրություն էր ուղարկել այն մասին, որ ԱԺ-ում մոտ 15 միլիոն դրամի գույքի պակասորդ կա, ինչի հիման վրա նյութեր են նախապատրաստվել, եւ հետագայում հարուցվել է քրեական գործ։Արեւիկ Խաչատրյանը մանրամասնեց, որ ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանն իրենց գրությամբ դիմել է այս տարվա հուլիսի 3-ին. «Աշխատակազմի ղեկավարը գրություն է ուղարկել այն մասին, որ ԱԺ աշխատակազմի նստավայրի տարածքում իրականացվել է հիմնական միջոցների գույքագրում, ինչի արդյունքում պարզվել է, որ որոշակի միավոր հիմնական միջոցների պակասորդ կա։ Երեւան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում նյութեր են նախապատարստվել եւ պարզվել է, որ պակասում է 36 միավոր գույք, որի ընդհանուր արժեքը կազմում է 15. 554. 953 ՀՀ դրամ»։
07:29 - 27 օգոստոսի, 2019
Իմ կողմից կլինի խնդրանք՝ ընդհանրապես հրաժարվել «վեթինգ» բառից. ԲԴԽ անդամի թեկնածու |aysor.am|

Իմ կողմից կլինի խնդրանք՝ ընդհանրապես հրաժարվել «վեթինգ» բառից. ԲԴԽ անդամի թեկնածու |aysor.am|

aysor.am: ԲԴԽ անդամի թեկնածու Աննա Մարգարյանն առաջարկում է հրաժարվել վեթինգ բառից: «Իմ կողմից կլինի խնդրանք՝ ընդհանրապես հրաժարվել «վեթինգ» բառից, որովհետև այն ոչ միշտ է դրական պոտենցիալ պարունակում: Այստեղ խնդիրը զուտ վեթինգի հարցը չէ, մենք ունենք մի խնդիր՝ ապահովել բարեվարքություն դատական համակարգում, ապահովել արդար, անաչառ, մարդու իրավունքները հարգող և սեփական համոզմունքների ու իրավունքի վրա հիմնվող դատավոր: Դրանք պիտի լինեն այն չափանիշները, որոնց վրա հիմնվելու ենք, հետևաբար ասել, որ իրականացնելու ենք վեթինգ կլասիկ իմաստով, ես ձեռնպահ կմնայի», - ԱԺ-ում ասաց Աննա Մարգարյանը:Նա ընդգծեց, որ պետք է դատավորների մասնագիտական գործունեությանը վերաբերող հստակ պահանջներ ներկայացվեն ու միայն դրանից հետո հնարավոր կլինի խոսել դատական համակարգում բարեվարքությունն ապահովելու ճանապարհների մասին:
09:05 - 01 հուլիսի, 2019
ԱԺ-ն ընդունեց անշարժ գույքի սեփականության վկայականի վրայից կնիքի պահանջը վերացնելու նախագիծը |armenpress.am|

ԱԺ-ն ընդունեց անշարժ գույքի սեփականության վկայականի վրայից կնիքի պահանջը վերացնելու նախագիծը |armenpress.am|

armenpress.am։ Հայաստանում սեփականության վկայականի կամ մնացած այլ վկայականների վրայից կնիքի պահանջը կվերացվի, և այդ փաստաթղթերն իրավական կարգավիճակ կունենան առանց կնիքի:Կառավարության կողմից ներկայացված «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ-ն ընդունեց երկրորդ ընթերցմամբ:«Այս փոփոխությամբ հնարավորություն է տրվում, որ Անշարժ գույքի պետական ռեգիստրի աշխատանքի գործընթացների ավարտական փաստաթղթերը թվային տարբերակով հասանելի լինելու դեպքում համարվեն պաշտոնական փաստաթուղթ: Դրա հիմնական փոփոխությունը կայանում է նրանում, որ սեփականության վկայականի կամ մնացած այլ վկայականների վրայից կնիքի պահանջը վերացվում է, և այդ փաստաթղթերն իրավական կարգավիճակ են ունենալու առանց կնիքի»,- ներկայացրել էր Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը:Փոփոխություններով կամաց-կամաց շրջանառությունից դուրս կգան նաև հին սերնդի սեփականության վկայականները:Հնարավորություն է տրվում, որ բարձր սերնդի սեփականության վկայականների մեջ փոփոխություն կատարելու դեպքում տրվի նոր նմուշի վկայական: Հին սերնդի վկայականները կամաց-կամաց շրջանառությունից հանելու գործընթաց են սկսում:Առաջարկվող փոփոխություններով նաև Անշարժ գույքի կադաստրի կոմիտե եզրույթը կփոխարինվի Կադաստրի կոմիտե եզրույթով:Նախագծին կողմ քվեարկեց 102 պատգամավոր:
09:03 - 01 հուլիսի, 2019