ԲԴԽ

Բարձրագույն դատական խորհուրդը Սահմանադրական մարմին է, որը կոչված է ապահովելու դատական իշխանության անկախությունը եւ բնականոն գործունեությունը։

1. ԲԴԽ-ն`
1) կազմում եւ հաստատում է դատավորների թեկնածուների, ներառյալ առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակները.
2) Հանրապետության նախագահին առաջարկում է նշանակման ենթակա, ներառյալ առաջխաղացման կարգով նշանակման ենթակա դատավորների թեկնածուներին, դատարանների նախագահների եւ Վճռաբեկ դատարանի պալատների նախագահների թեկնածուներին. 
3) ԱԺ-ին առաջարկում է Վճռաբեկ դատարանի դատավորների եւ նախագահի թեկնածուներին.
4) լուծում է դատավորներին մեկ այլ դատարան գործուղելու հարցը, իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցը, դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, դատավորների լիազորությունների դադարեցման հարցերը։

2. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարց քննարկելու, ինչպես նաեւ Դատական օրենսգրքով սահմանված այլ դեպքերում Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան:

3. Օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով Բարձրագույն դատական խորհուրդն ընդունում է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր:

Խորհրդի գործող նախագահը Ռուբեն Վարդազարյանն է։

Տեղի է ունեցել Դատավորների ընդհանուր ժողովի քվեաթերթիկների վերահաշվարկը. ամփոփվել են արդյունքները

Տեղի է ունեցել Դատավորների ընդհանուր ժողովի քվեաթերթիկների վերահաշվարկը. ամփոփվել են արդյունքները

Քվեարկության արդյունքների ամփոփման ժամանակ արձանագրված 10 ավել քվեաթերթիկների կապակցությամբ առաջացած կասկածների պարզաբանման եւ մամուլում տեղ գտած շահարկումների առիթը բացառելու նպատակով՝ հաշվիչ հանձնաժողովին վերահաշվարկի դիմում է ներկայացրել ՀՀ վճռաբեկ դատարանի դատավոր, Բարձրագույն դատական խորհրդի նորընտիր անդամ Ստեփան Միքայելյանը: Հաշվիչ հանձնաժողովը մեկ այլ քվեարկության արդյունքների վերահաշվարկի դիմում է ստացել նաեւ Ուսումնական հարցերի հանձնաժողովի ոչ դատավոր անդամ թեկնածուի կողմից: Այս մասին հաղորդագրություն է տարածել ԲԴԽ-ն։ Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է. «Հուլիսի 31-ին տեղի էր ունեցել ՀՀ դատավորների հերթական ընդհանուր ժողովը, որի օրակարգում էր մի շարք ընտրությունների անցկացումը, մասնավորապես՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 74-րդ հոդվածի 5-րդ մասի եւ 75-77-րդ հոդվածների դրույթների համաձայն՝ Դատավորների ընդհանուր ժողովը պետք է ընտրեր Սահմանադրական դատարանի դատավոր անդամի թեկնածու, Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամ, ձեւավորվեին Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի եւ կարգապահական հարցերի, Դատավորների գործունեության գնահատման եւ Ուսումնական հարցերի հանձնաժողովները: Արդյունքների հրապարակումից հետո մամուլում տարածվել էին հրապարակումներ առ այն, որ Դատավորների ընդհանուր ժողովում ընտրությունների ընթացքում քվեատուփերից մեկում արձանագրվել է 10-ով ավելի քվեաթերթիկ, քան գրանցված դատավորների թիվն է: Օգոստոսի 4-ին Դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակվել էր հաշվիչ հանձնաժողովի պարզաբանումը, որ 10 ավել քվեաթերթիկների առկայությունն արձանագրել է հենց հաշվիչ հանձնաժողովը եւ որ 10 ավել քվեաթերթիկները հայտնաբերվել եւ արձանագրվել են Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի ընտրության ընթացքում: Պարզաբանման մեջ մասնավորապես նշված էր նաեւ, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 74-րդ հոդվածի 12-րդ մասի, ինչպես նաեւ Դատավորների ընդհանուր ժողովի գործունեության կարգի 48-րդ կետի համաձայն՝ Դատավորների ընդհանուր ժողովում քվեարկությունը կազմակերպելու, քվեարկողների ձայները հաշվելու եւ քվեարկությունների արդյունքներն ամփոփելու նպատակով Դատավորների ընդհանուր ժողովը կազմավորում է հաշվիչ հանձնաժողով, որի կողմից քվեարկության արդյունքներն ամփոփվելուց հետո հաշվիչ հանձնաժողովի նախագահը հրապարակում է քվեարկության արդյունքները: Փաստորեն, ներկայացվող «մեղադրանքներ»-ի հասցեատերը, ըստ էության, հանդիսանում է հաշվիչ հանձնաժողովը: Հարկ ենք համարում նշել, որ թեեւ որոշ իրավաբաններ եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ մամուլի միջոցներով եւ սոցիալական ցանցերում հրապարակային մեկնաբանությունների եւ հարցազրույցների միջոցով կասկածներ էին հայտնել Դատավորների ընդհանուր ժողովի ընթացքում իրականացված ընտրությունների արդյունքների վերաբերյալ, այնուամենայնիվ, հաշվիչ հանձնաժողովն իրավական հիմքեր չուներ քվեարկությունից հետո փաթեթավորված եւ կնիքված քվեաթերթիկները բացել եւ վերահաշվարկ իրականացնել, քանի դեռ առկա չէ դիմում՝ ընտրություններին մասնակցած որեւէ թեկնածուի կողմից: Վերոնշված քվեարկության արդյունքների ամփոփման ժամանակ արձանագրված 10 ավել քվեաթերթիկների կապակցությամբ առաջացած կասկածների պարզաբանման եւ մամուլում տեղ գտած շահարկումների առիթը բացառելու նպատակով՝ հաշվիչ հանձնաժողովին վերահաշվարկի դիմում է ներկայացրել ՀՀ վճռաբեկ դատարանի դատավոր, Բարձրագույն դատական խորհրդի նորընտիր անդամ Ստեփան Միքայելյանը: Հաշվիչ հանձնաժողովը մեկ այլ քվեարկության արդյունքների վերահաշվարկի դիմում է ստացել նաեւ Ուսումնական հարցերի հանձնաժողովի ոչ դատավոր անդամ թեկնածուի կողմից: Այսօր՝ օգոստոսի 14-ին, Դատավորների ընդհանուր ժողովի 31.07.2020 թվականի որոշմամբ ձեւավորված հաշվիչ հանձնաժողովն իրականացրել է ՀՀ վճռաբեկ դատարանի դատավոր, Բարձրագույն դատական խորհրդի նորընտիր անդամ Ստեփան Միքայելյանի դիմումի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի, ինչպես նաեւ Ուսումնական հարցերի հանձնաժողովի ոչ դատավոր անդամի թեկնածու Արտաշես Խալաթյանի դիմումի համաձայն՝ Ուսումնական հարցերի հանձնաժողովի ոչ դատավոր անդամների քվեարկության արդյունքների վերահաշվարկ: Բարձրագույն դատական խորհրդի անդամի քվեարկության արդյունքների վերահաշվարկի ամփոփումից հետո հաշվիչ հանձնաժողովն արձանագրել է հետեւյալը՝ Գրանցված մասնակիցների թիվը՝ 194 Քվեաթերթիկների ընդհանուր թիվը՝ 194 Անվավեր քվեաթերթիկների թիվը՝ 3 Սուրեն Անտոնյանի օգտին քվեարկած քվեաթերթիկների թիվը՝ 73 Գոռ Հակոբյանի օգտին քվեարկած քվեաթերթիկների թիվը՝ 21 Ստեփան Միքայելյանի օգտին քվեարկած քվեաթերթիկների թիվը՝ 97: Ամփոփելով վերահաշվարկի արդյունքները՝ հաշվիչ հանձնաժողովն արձանագրել է, որ քվեաթերթիկների քանակը համապատասխանում է քվեարկությանը մասնակցած դատավորների քանակին, իսկ Սուրեն Անտոնյանի օգտին քվեարակած քվեաթերթիկների քանակը ոչ թե 83 է, այլ՝ 73, որը չի ազդում վերջնարդյունքի վրա: Հիմք ընդունելով վերոնշվածը՝ հաշվիչ հանձնաժողովը որոշում է կայացրել անփոփոխ թողնել իր՝ 31.07.2020 թ. որոշումը՝ Ստեփան Միքայելյանի ընտրված լինելու վերաբերյալ: Վերահաշվարկին ներկա գտնվելու համար հրավիրվել են Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի բոլոր երեք թեկնածուները, սակայն ցանկություն է հայտնել եւ ներկա է գտնվել միայն Ստեփան Միքայելյանը: Ուսումնական հարցերի հանձնաժողովի ոչ դատավոր անդամների քվեարկության արդյունքների վերահաշվարկին ներկա էին դիմումատու Արտաշես Խալաթյանը, նրա ներկայացուցիչը, ԶԼՄ ներկայացուցիչներ: Վերահաշվարկն իրականացվել է ուղիղ հեռարձակման պայմաններում: Ամփոփելով վերահաշվարկի արդյունքները՝ հաշվիչ հանձնաժողովն արձանագրել է, որ հաշվիչ հանձաժողովի 31.07.2020 թ. արձանագրած արդյունքները նույնն են եւ մնում են անփոփոխ: Մի շարք հասարակական կազմակերպությունների թեկնածուների՝ հաշվիչ հանձնաժողովին ուղղված դիմումների կապակցությամբ կայացվել են համապատասխան որոշումներ: Որոշումների տակ ստորագրել են հաշվիչ հանձնաժողովի նախագահ Լիզա Գրիգորյանը եւ հաշվիչ հանձնաժողովի անդամներ՝ Կարեն Զարիկյանը, Արթուր Ավագյանը, Նարինե Հովակիմյանը, Անահիտ Թումանյանը»։
20:43 - 14 օգոստոսի, 2020
Ստեփան Միքայելյանն ընտրվել է ԲԴԽ խորհրդի անդամ

Ստեփան Միքայելյանն ընտրվել է ԲԴԽ խորհրդի անդամ

Ստեփան Միքայելյանը 2020 թվականի հուլիսի 31-ին Դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ, հայտնում են ԲԴԽ-ից: Կենսագրությունը. Ծնվել է 1958 թվականին Երևան քաղաքում։ Կրթություն Ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։ Աշխատանքային փորձ 1987 թվականից մինչև 1988 թվականն աշխատել է Շահումյանի Ժողդատարանում` որպես դատական կատարածու։ 1988 թվականից մինչև 1991 թվականն աշխատել է Երքաղխորհրդի գործկոմում` որպես իրավախորհրդատու։ 1991 թվականից մինչև 1995 թվականն աշխատել է ՀՀ գերագույն դատարանում` որպես հսկողական բաժնի պետի տեղակալ։ 1995 թվականից մինչև 2001 թվականն աշխատել է ՀՀ գլխավոր դատախազությունում` որպես ավագ դատախազ։ 2001 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանում` որպես դատավոր։ 2008 թվականից 2018 թվականն աշխատել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր: 2018 թվականի ապրիլի 5-ից աշխատում է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր: 2003 թվականից հանդիսանում է Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդի անդամ (CCJE): 2003 թվականից հանդիսանում է Արդարադատության Արդյունավետության եվրոպական հանձնաժողովի անդամ (CEPEJ): 1993 թվականից մինչև 1998 թվականն աշխատել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտում` որպես ավագ դասախոս։ 1998 թվականից մինչև 2000 թվականն աշխատել է Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտում` որպես ավագ դասախոս։ 2000 թվականից մինչև 2012 թվականը հանդիսացել է Հայաստանում Ֆրանսիական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի ամբիոնի վարիչ։ 2012 թվականից դասավանդում է Փաստաբանական դպրոցում: 2013 թվականից դասավանդում է Արդարադատության ակադեմիայում: 2017-2018 թվականներին դասավանդել է Նոտարական պալատում: 2018 թվականի հուլիսի 27-ից 2020 թվականի հուլիսի 31-ը հանդիսացել է ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի Ուսումնական հարցերի հանձնաժողովի նախագահ: 2020 թվականի հուլիսի 31-ին Դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ: Այլ տեղեկություններ 1979 թվականից 1981 թվականը ծառայել է Զինված ուժերում: Օտար լեզուներից սահուն տիրապետում է ռուսերենին և ֆրանսերենին: Ունի Արդարադատության 1-ին դասի խորհրդական, Դատախազության դասային աստիճան: Ամուսնացած է, ունի 3 զավակ:
20:29 - 13 օգոստոսի, 2020
Դատավոր Արա Կուբանյանը չի կալանավորվի, Վերաքննիչը մերժել է դատախազին |pastinfo.am|

Դատավոր Արա Կուբանյանը չի կալանավորվի, Վերաքննիչը մերժել է դատախազին |pastinfo.am|

pastinfo.am: ՀՀ սնանկության դատարանի դատավոր Արա Կուբանյանը կշարունակի մնալ ազատության մեջ։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ, մերժել է Սնանկության դատարանի դատավոր Արա Կուբանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդությունը մերժելու որոշման դեմ դատախազի բողոքը։ Ինչպես ավելի վաղ հայտնել ենք՝ հուլիսի 20-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Մաթևոսյանի, մերժել է Արա Կուբանյանին կալանավորելու մասին քննիչի միջնորդությունը, թեեւ ընդունել էր, որ առկա է հիմնավոր կասկած: Դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք էին ներկայացրել թե՛ դատախազությունը, թե՛ պաշտպանական կողմը։ Դատախազությունը վերաքննիչ բողոքով պահանջել է կալանավորել Կուբանյանին, իսկ պաշտպանական կողմը վիճարկել էր հիմնավոր կասկածի առկայությունը։ Փաստաբան Հ.Սարգսյանը տեղեկացրեց, որ դատարանը մերժել է բողոքները եւ ուժի մեջ թողել առաջին ատյանի դատարանի որոշումը: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հուլիսի 16-ին միջնորդություն էր ներկայացրել ՀՀ ԲԴԽ՝ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի շրջանակներում 2 դատավորների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրանց ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով, ինչը հուլիսի 17-ին ԲԴԽ-ն բավարարել էր ու ՀՀ սնանկության դատարանի դատավորներ Գևորգ Նարինյանի և Արա Կուբանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տվել։ Գևորգ Նարինյանին մեղադրանք է առաջադրվել մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելը), ՔՕ 190-րդ հոդվածով (հանցավոր ճանապարհով գույքն օրինականացնելը), ՔՕ 310.1-րդ հոդվածով(ապօրինի հարստանալը), ՔՕ 314.3-րդ հոդվածով (Հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելը)։
12:42 - 08 օգոստոսի, 2020
Դատախազությունը բողոքարկել է դատավոր Արա Կուբանյանին խափանման միջոց կալանավորում չընտրելու դատարանի որոշումը |news.am|

Դատախազությունը բողոքարկել է դատավոր Արա Կուբանյանին խափանման միջոց կալանավորում չընտրելու դատարանի որոշումը |news.am|

news.am: Գլխավոր դատախազությունը բողոքարկել է դատավոր Արա Կուբանյանին խափանման միջոց կալանավորում չընտրելու Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը: Այս մասին հայտնեց ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արեւիկ Խաչատրյանը։ Հուլիսի 20-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր Սնանկության դատարանի դատավոր Արա Կուբանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու՝ ԱԱԾ միջնորդությունը։ Ավելի վաղ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջնորդություններ էր ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդին՝ վերջինից ստանալու համաձայնություն ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի շրջանակում դատավորներ Գեւորգ Նարինյանի եւ Արա Կուբանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու եւ նրանց ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով, ինչը ԲԴԽ-ն բավարարել է։ Դատավոր Գեւորգ Նարինյանը կալանավորվեց, իսկ Արա Կուբանյանի միջնորդությունը դատարանը մերժեց։
16:27 - 04 օգոստոսի, 2020
Դատավորների ընդհանուր ժողովն ամփոփել է քվեարկության արդյունքները

Դատավորների ընդհանուր ժողովն ամփոփել է քվեարկության արդյունքները

Հուլիսի 31-ին տեղի է ունեցելԴատավորների հերթական ընդհանուր ժողովը` ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանի նախագահությամբ: Ժողովն անցկացվել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ պարետատան թույլտվությանբ՝ խստորեն պահպանելով պարետի կողմից սահմանած հակահամաճարակային նորմերն ու կանոնները: Այս մասին տեղեկացնում է ԲԴԽ  մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունը: Երեկ շուրջ 12 ժամ տեւած ժողովի օրակարգում է եղել մի շարք ընտրությունների անցկացումը, մասնավորապես՝ «Դատականօրենսգիրք» սահմանադրական օրենքի 74-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի և 77-րդ հոդվածի դրույթների համաձայն, Դատավորների ընդհանուր ժողովը պետք է ընտրեր Սահմանադրական դատարանի դատավոր անդամի թեկնածու, Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամ, ձևավորեր Էթիկայի և կարգապահական հարցերի, Դատավորների գործունեության գնահատման և Ուսումնական հարցերի հանձնաժողովները: Թեկնածուների ամփոփիչ ելույթներից և հարց ու պատասխաններից հետո, դատավորներն իրականացրել են քվեարկություն, որի արդյունքների ամփոփմամբ արձանագրվել է հետևյալը՝  Սահմանադրական դատարանի դատավոր անդամի թեկնածու է ընտրվել ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը՝ 145 ձայնով: Բարձրագույն դատական խորհրդի անդամ է ընտրվել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Ստեփան Միքայելյանը՝ 97 ձայնով: Ընտրության արդյունքներով Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամներ են ընտրվել՝ դատավոր չհանդիսացող անդամներ՝ Սյուզաննա Սողոմոնյանը՝ 4 տարով, Դավիթ Հակոբյանը՝ 3 տարով, դատավոր հանդիսացող անդամներ՝  1) Վճռաբեկ դատարանի դատավոր Ելիզավետա Դանիելյան, 2) Վերաքննիչ դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյան, 3) Առաջին ատյանի դատարանի դատավորներ Արման Հովհանիսյան, Հովիկ Շահնազարյան, Մերի Համբարձումյան, Լիլիթ Կատվալյան: Դատավորներիգործունեությանգնահատմանհանձնաժողովիանդամներենընտրվել՝ դատավոր չհանդիսացող անդամներ՝ Աշխեն Ղարսլյան, Անահիտ Մանասյան, դատավոր հանդիսացող անդամներ՝ 1)Վճռաբեկ դատարանի դատավոր Մամիկոն Դրմեյան, 2) Վերաքննիչ դատարանի դատավոր Մխիթար Պապոյան, 3) Առաջին ատյանի դատարանի դատավոր Գոռ Թորոսյան: Ուսումնական հարցերի հանձնաժողովի անդամներ են ընտրվել դատավոր չհանդիսացող անդամներ՝ ԳաբրիելՊետրոսյան, Հասմիկ Հարությունյան, դատավոր հանդիսացող անդամներ՝ 1) ՀՀ վճռաբեկ դատարանի դատավոր Համլետ Ասատրյան,  2)Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորներ Մարգարիտա Հարթենյան և Նորա Կարապետյան, 3)Առաջին ատյանի դատարանի դատավորներ Արթուր Ստեփանյան և Ջոն Հայրապետյան: Նշենք, որ ՀՀ դատավորների ընդհանուր ժողովը հրավիրվում է տարին մեկ անգամ` Վճռաբեկ դատարանի նախագահի կողմից: Վերջին անգամ ժողովը հրավիրվել էր մարտի 13-ին, սակայն համավարակով պայմանավորված հետաձգվել էր։ 
11:42 - 01 օգոստոսի, 2020
Դատավորների ժողովն ավարտել է թեկնածուների ընտրության փուլը. այժմ ընթանում է քվեաթերթիկների մշակումը
 |armtimes.com|

Դատավորների ժողովն ավարտել է թեկնածուների ընտրության փուլը. այժմ ընթանում է քվեաթերթիկների մշակումը |armtimes.com|

armtimes.com: Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ՀՀ դատավորների ժողովն ավարտել է թեկնածուների ընտրության փուլը: Այս մասին տեղեկացրեց Դատական դեպարտամենտի մամուլի եւ հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արման Խաչատրյանը՝ նշելով, որ այժմ ընթանում է քվեաթերթիկների մշակման փուլը: Խաչատրյանի խոսքով՝ բազմաթիվ քվեաթերթիկներ պիտի մշակվեն, եւ ենթադրվում է, որ ժամը 22:00-ից շուտ գործընթացը չի ավարտվի. «Դրանից հետո նիստը շարունակվելու է. տեղի է ունենալու նաեւ ԲԴԽ անդամ ընտրված դատավորի երդման արարողությունը»,- ասաց Խաչատրյանը՝ հավելելով, որ Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանի անունից լիազորված է ասելու նաեւ, որ նա, որպես ժողովը նախագահող, պատրաստ է հանդիպել ԶԼՄ-ների հետ եւ ներկայացնել ընտրությունների արդյունքները, եթե աշխատանքային ծանր փուլը կամ օրվա ուշ ժամը խոչընդոտ չհանդիսանան: Հիշեցնենք՝ այսօր՝ ժամը 11:30-ին Համալիրում մեկնարկել է ՀՀ դատավորների ամենամյա ժողովը, որին մասնակցում է 180 դատավոր:  Շարունակությունը՝ armtimes.com-ում։
21:42 - 31 հուլիսի, 2020
Իմ նկատմամբ երբեւէ ճնշում չի եղել եւ չի էլ կարող լինել. դատավոր Մխիթար Պապոյան |armtimes.com|

Իմ նկատմամբ երբեւէ ճնշում չի եղել եւ չի էլ կարող լինել. դատավոր Մխիթար Պապոյան |armtimes.com|

armtimes.com: «Թե՛ նախկին, թե՛ ներկա իշխանությունների կողմից իմ նկատմամբ ճնշումներ, նմանատիպ փորձեր երբեւէ չեն եղել եւ չեն էլ կարող լինել»: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը՝ հավելելով, որ դատավորի նկատմամբ ճնշումները պայմանավորված են դատավորի վարքագծով. եթե նա կարողանում է իրեն այնպես դրսեւորել, որ իրեն չենթարկեն ճնշումների, որեւէ մեկը չի ենթարկի: Խոսելով դատավորների բարեվարքության ստուգման գործընթացի մասին՝ Մխիթար Պապոյանն ասաց, որ դա այսօր չէ, որ սկսվել է, այսօր միգուցե ավելի խորությամբ է ընթանում, եւ ըստ իրեն՝ դա ուղղված չէ կոնկրետ անձի, բոլորին է ուղղված, եւ ինքն էլ պատրաստ է անցնել դրանով: Լրագրողներից մեկի հարցին՝ ինքը որեւէ մտավախություն չունի՞ հաշվի առնելով, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ստուգում է դատավորների հայտարարգրերը, եւ հաշվի առնելով, որ իր հայտարագրերի մասին բազմաթիվ հրապարակումներ են եղել, Վերաքննիչ դատարանի դատավորն ասաց. «Բազմաթիվ անգամ չի եղել, կոնկրետ 1-2 անգամ է եղել, եւ ես չունեմ նման մտավախություն, որքան անհրաժեշտ է, կարող են ստուգել, եթե հարցեր կան, կարող են տալ»: Շարունակությունը՝ armtimes.com-ում
13:44 - 31 հուլիսի, 2020
ԲԴԽ-ն որոշեց դատավոր Նաիրա Մխիթարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկել

ԲԴԽ-ն որոշեց դատավոր Նաիրա Մխիթարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկել

ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) հրապարարկել է դատավոր Նաիրա Մխիթարյանին կարգապահական պատասխանատության ենթարկելու հարցի վերաբերյալ որոշման եզրափակիչ մասը, հայտնում է ԲԴԽ մամուլի ծառայությունը։«Բարձրագույն դատական խորհուրդը, դռնփակ նիստում, քննության առնելով Արդարադատության նախարարի՝ «ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Մխիթարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ ՀՀ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին» 2020 թվականի հունիսի 11-ի թիվ N64-Ա որոշումը և կից ներկայացված փաստաթղթերը և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 164-րդ հոդվածի 9-րդ կետով, 175-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 6-րդ մասով, 142-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին կետով, 149-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, 154-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 155-րդ հոդվածով, այսօր՝ հուլիսի 27-ին, հրապարակեց ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Մխիթարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ որոշման եզրափակիչ մասը: Այսպիսով, Խորհուրդը որոշեց՝ Արդարադատության նախարարի միջնորդությունը՝ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Մխիթարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ՝ բավարարել: Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Մխիթարյանի լիազորությունները էական կարգապահական խախտման հիմքով դադարեցնել: Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է: Որոշումը ստորագրվել է Խորհրդի նախագահ Ռ. Վարդազարյանի, Խորհրդի անդամներ՝ Գ. Բեքմեզյանի, Ա. Հայկյանցի, Հ. Հովհաննիսյանի, Մ. Մակյանի, Լ. Մելիքջանյանի, Ա. Մխիթարյանի, Վ. Քոչարյանի և Ս. Չիչոյանի կողմից: Ա. Հայկյանցը և Ա. Մխիթարյանը պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ ներկայացրել են նաև հատուկ կարծիք»,- ասվում է հաղորդագրությունում:
16:01 - 27 հուլիսի, 2020
Դատավորների գնահատման հանձնաժողովում ոչ դատավոր անդամի թեկնածու է առաջադրվել դատական համակարգի բարձրաստիճան պաշտոնյան
 |iravaban.net|

Դատավորների գնահատման հանձնաժողովում ոչ դատավոր անդամի թեկնածու է առաջադրվել դատական համակարգի բարձրաստիճան պաշտոնյան |iravaban.net|

iravaban.net: Կառավարության ներկայացուցիչները մեկ անգամ չէ որ նշել են՝ դատական համակարգում խորքային խնդիրներ կան։ Այս խնդիրները գործադիրը փորձեց լուծել դատական բարեփոխումների փաթեթով․ «Մենք հասնելու ենք նրան, որ ունենանք վստահելի դատական համակարգ»,-նշել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։ Բարեփոխումների փաթեթի հիմնաքարային փոփոխություններից մեկը վերաբերում է դատավորների գործունեության գնահատմանը։ Դատավորների ընդհանուր ժողովը ձևավորում է էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողով, դատավորների գործունեության գնահատման հանձնաժողով և ուսումնական հարցերի հանձնաժողով:  Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովը կազմված է հինգ անդամից, որոնցից երեքը` դատավոր անդամներ, երկուսը` իրավաբան գիտնականներ, իսկ ուսումնական հարցերի հանձնաժողովը կազմված է յոթ անդամից, որոնցից հինգը` դատավոր անդամներ, երկուսը` քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, այդ թվում իրավաբան գիտնականներ:  Բարձրագույն դատական խորհուրդը հուլիսի 22-ին ներկայացրեց դատավորների գործունեության գնահատման և ուսումնական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամների թեկնածուների ցանկը։ Մեր ուշադրությունը գրավեց թեկնածուներից Աշխեն Ղարսլյանը, որը առաջադրված է 2 հանձնաժողովներում։ Գնահատման հանձնաժողովում Ղարսլյանի թեկնածությունը առաջադրել են Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը և Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Լիլիթ Թադևոսյանը։ Իսկ ուսումնական հարցերի հանձնաժողովում Աշխեն Ղարսլյանը ինքնառաջադրվել է։ Չնայած, որ թեկնածուի առաջադրումը ֆորմալ առումով չի խախտում օրենսդրությունը, սակայն այստեղ առկա է ակնհայտ շահերի բախում։ Ինչպե՞ս հանձնաժողովի ոչ դատավոր անդամը կարող է անկախ ու չկաշկանդված գնահատական տալ, երբ վերջինս 2019 թվականից առ այսօր աշխատում է վճռաբեկ դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների ծառայության պետի պաշտոնակատար, իսկ մինչ այդ` 2014-2019թթ․ եղել է վճռաբեկ դատարանի նախագահի խորհրդականը։  Այսինքն, փաստացի սերտ կապեր և փոխկապակցվածություն ունի դատական համակարգի հետ և հարցականի տակ է դրվում նրա անաչառությունը՝ դատավորների գնահատման և ուսումնական հարցերի գործընթացքում։ Բացի այդ, հանձնաժողովների կազմում արդեն իսկ իրավունք ունեն լինել «դատավորների շահերը ներկայացնողներ»,  3 և 5 դատավորներ, որոնք ընդգրկվելու են համապատասխանաբար դատավորների գործունեության գնահատման և ուսումնական հարցերի հանձնաժողովների կազմերում։  Դատավորների գործունեության գնահատման և ուսումնական հարցերի հանձնաժողովների կազմում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, այդ թվում իրավաբան գիտնականների նախատեսելը նպատակ ունի հաղթահարել երկու խոչընդոտ՝ դատավորների կորպորատիվիզմ և քաղաքականացում։ Ստացվում է, որ ունենք երկու խնդիր. մի կողմից՝ դատարանների անկախության եւ ինքնակառավարման ապահովում, մյուս կողմից՝ դատավորների կորպորատիվիզմի վտանգ: Այս երկուսը միասին լուծելու միակ ճանապարհը դատավորների գործունեության գնահատման  և ուսումնական հարցերի այնպիսի հանձնաժողովների  ստեղծումն է, որի անդամները հավասարակշռված համամասնությամբ են։ Սա նշանակում է, որ հանձնաժողովի անդամ դատավորները ոչ միայն չպետք է բացարձակ մեծամասնություն կազմեն, նրանց պետք է հակադրվի և հավասարակշռի քաղաքացիական հասարակության անդամների ներկայությունը։ Եվ այս առումով քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, այդ թվում իրավաբան գիտնականները ոչ մի դեպքում չեն կարող լինել դատական համակարգի բարձրաստիճան պաշտոնյա: Համանման կարգավորումներ են նախատեսված դատական խորհուրդների (օրինակ` ՀՀ-ի դեպքում բարձրագույն դատական խորհրդի) կազմավորման հիմքում: Վերը նշված փաստարկները թույլ են տալիս եզրակացնելու, որ Աշխեն Ղարսլյանի թեկնածության առաջադրումը դատավորների գործունեության գնահատման և ուսումնական հարցերի հանձնաժողովների կազմերում ընդգրկվելու համար ոչ միայն արդարացված չէ, այլ նաև հակասում է անկախ, արդյունավետ և վստահելի դատական համակարգ ունենալուն ուղղված ներկայումս ՀՀ-ում իրականացվող դատական բարեփոխումների ոգուն և նպատակին:
19:57 - 23 հուլիսի, 2020
Վճռաբեկ դատարանի քրեական պալատը նախադեպային որոշում է կայացրել գործն ըստ էության չլուծող դատական ակտերը վերանայելիս վճռաբեկ և վերաքննիչ դատարանների լիազորությունների վերաբերյալ

Վճռաբեկ դատարանի քրեական պալատը նախադեպային որոշում է կայացրել գործն ըստ էության չլուծող դատական ակտերը վերանայելիս վճռաբեկ և վերաքննիչ դատարանների լիազորությունների վերաբերյալ

ՀՀ Սահմանադրական դատարանի՝ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով 2019 թվականի մայիսի 7-ի թիվ ՍԴՈ-1459 որոշման կայացումից հետո, ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը 2019 թվականի հուլիսի 11-ի որոշմամբ, իսկ ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը 2019 թվականի սեպտեմբերի 18-ի որոշմամբ, Սահմանադրական դատարանի առջև բարձրացրել էին գործն ըստ էության չլուծող դատական ակտերը վերանայելիս իրենց լիազորություններն ամրագրող կարգավորումների սահմանադրականության հարցը։ Սահմանադրական դատարանը 2019 թվականի հունիսի 21-ի թիվ ՍԴԱՈ-54 աշխատակարգային որոշմամբ Վերաքննիչ քրեական դատարանի դիմումի հիման վրա գործը քննության ընդունելը մերժել էր, իսկ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դիմումը՝ 2019 թվականի հոկտեմբերի 14-ի թիվ ՍԴԱՈ-110 որոշմամբ քննության ընդունելուց հետո գործի վարույթը 2020 թվականի մարտի 17-ի թիվ ՍԴԱՈ-66 որոշմամբ կարճել էր։ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը, Հրայր Հովսեփյանի գործով 2020 թվականի մայիսի 25-ի թիվ ԵԴ/0426/11/18 որոշմամբ, հաշվի առնելով մի կողմից՝ Սահմանադրական դատարանի՝ 2019 թվականի մայիսի 7-ի թիվ ՍԴՈ-1459 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները, մյուս կողմից՝ Սահմանադրական դատարանի՝ նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները, ինչպես նաև ՀՀ Ազգային ժողովի` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի վերաբերելի կարգավորումների առնչությամբ Սահմանադրական դատարան ներկայացված դիրքորոշումները, օրենքի կիրառման դատական պրակտիկայի միասնականության ապահովման սահմանադրական գործառույթի իրացման համատեքստում փաստել է, որ թեև գործն ըստ էության չլուծող դատական ակտերի վերանայումը, որպես կանոն, պետք է ավարտվի Վճռաբեկ դատարանում` վերջնական որոշում կայացնելու միջոցով, սակայն որոշ դեպքերում, անձի` դատարանի մատչելիության և դատական պաշտպանության իրավունքների արդյունավետ իրականացման երաշխիքների պաշտպանությունը, ինչպես նաև Վճռաբեկ և Վերաքննիչ դատարանների միջև ձևավորված գործառութային կապի և դատական վերանայման ծավալի վերընթաց նվազման սկզբունքի արդյունավետ կենսագործումը կարող է ապահովվել միայն Վճռաբեկ դատարանի կողմից գործը նոր քննության ուղարկելու արդյունքում։ Այլ կերպ, այդ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից բացառապես գործը նոր քննության ուղարկելը կարող է լինել արդյունավետ միջոց՝ հետևողականորեն երաշխավորելու վերադասության կարգով դատական ակտերի օրինականության վերահսկման սկզբունքի անխախտելիությունը։ Նշված իրավական դիրքորոշումների համատեքստում, Վճռաբեկ դատարանի քրեական պալատն արձանագրել է, որ որոշ դեպքերում, գործն ըստ էության չլուծող դատական ակտերով գործը նոր քննության ուղարկելու իրավասությունը կարող է լինել դատական վերանայման իրավունքի իրացման նախապայման և արդար դատաքննության իրավունքի (դատարանի մատչելիության, դատական պաշտպանության իրավունքների արդյունավետ իրականացման) երաշխիք։ Վճռաբեկ դատարանի քրեական պալատն իրավական դիրքորոշում է հայտնել այն մասին, որ նման դեպքում, գործն ըստ էության չլուծող դատական ակտերի իրավաչափությունը ստուգելիս, նշված որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ, պետք է կիրառելի լինեն գործն ըստ էության լուծող դատական ակտերը վերանայելիս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունները։ Միևնույն ժամանակ, նշված որոշմամբ արձանագրվել է, որ արտահայտված իրավական դիրքորոշումները, վերաբերելի մասով (mutatis mutandis), կիրառելի են նաև գործն ըստ էության չլուծող դատական ակտերը վերանայելիս Վերաքննիչ դատարանի նույնաբնույթ լիազորությունների նկատմամբ։ Դատական ակտը հասանելի է «Դատալեքս» տեղեկատվական համակարգում՝ datalex.am, գործի համարը՝ ԵԴ/0426/11/18։
11:19 - 23 հուլիսի, 2020
ԲԴԽ-ի անդամի թափուր տեղի ընտրության համար ներառվել է 3 դատավորի անուն

ԲԴԽ-ի անդամի թափուր տեղի ընտրության համար ներառվել է 3 դատավորի անուն

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 76-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի կարգավորումների ուժով` Դատական դեպարտամենտի ղեկավարի կողմից 2020 թվականի հուլիսի 9-ին ծանուցագրեր են ուղարկվել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամ ընտրվելու իրավունք ունեցող Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 9 դատավորի: Ինչպես տեղեկանում ենք ԲԴԽ-ի պաշտոնական կայքէջից, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատից ստացվել է Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թեկնածուների 6 դիմում՝ իրենց անունները քվեաթերթիկում չներառելու մասին: Դատական դեպարտամենտի ղեկավարի կողմից Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղի ընտրության քվեաթերթիկում ներառվել են ներքոնշյալ՝ 3 դատավորների անունները. Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատից Սուրեն Անտոնյան, Գոռ Հակոբյան, Ստեփան Միքայելյան։
12:32 - 22 հուլիսի, 2020
ԲԴԽ-ն բավարարել է 2 դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ միջնորդությունները

ԲԴԽ-ն բավարարել է 2 դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ միջնորդությունները

Այսօր Բարձրագույն դատական խորհուրդը, քննության առնելով գլխավոր դատախազի կողմից ներկայացված միջնորդությունները ՀՀ սնանկության դատարանի դատավորներ Գևորգ Նարինյանի և Արա Կուբանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնության հարցի վերաբերյալ, որոշել է միջնորդությունները բավարարել: ԲԴԽ-ի մամուլի ծառայությունից հայտնում են, որ կառույցը որոշել է տալ համաձայնություն՝ դատավորների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ: Հիշեցնենք, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը երեկ միջնորդություններ է ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդին՝ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի շրջանակում երկու դատավորների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրանց ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով:
20:15 - 17 հուլիսի, 2020