Ինֆոքոմ

Ակտիվ պատգամավորները. ԱԺ աշխատանք [2]

Ակտիվ պատգամավորները. ԱԺ աշխատանք [2]

2018-ի դեկտեմբերին խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքում ձեւավորված 7-րդ գումարման Ազգային ժողովն իր առաջին նիստը գումարել է 2019 թվականի հունվարի 14-ին: Խորհրդարանի պատգամավորների թիվը 132 է՝ քաղաքական 3 թիմերից:  Շուրջ մեկուկես տարուց ավելի  է՝ աշխատում են օրենսդիր մարմնի  պատգամավորները, հանդես են գալիս օրենսդրական նախաձեռնություններով, ելույթներ են ունենում, հարցեր են ուղղում միմյանց, քննարկումներ են իրականացնում, ընդունում եւ փոփոխում են օրենքներ:  Նախորդ հրապարակմամբ  անդրադարձել էինք ԱԺ ոչ այնքան ակտիվ պատգամավորներին՝ «կոճակ սեղմողներին»: Ստորեւ ներկայացնում ենք 7-րդ գումարման Ազգային ժողովի աչքի ընկնող, շատ ելույթներ ու հարցեր հնչեցնող, շատ օրենսդրական նախաձեռնություններ ներկայացրած պատգամավորներին:  Ուսումնասիրության համար հիմք է հանդիսացել «Մանդատ» տեղեկատվական ՀԿ-ի հիմնած parliamentmonitoring.am կայքը, որը զբաղվում է խորհրդարանի աշխատանքի մշտադիտարկմամբ: Կայքում կարող եք գտնել խորհրդարանի պատգամավորների քվեարկությունները, ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունները, ունեցած ելույթները եւ այլ անհրաժեշտ տեղեկություններ՝ Ազգային Ժողովի պատգամավորների վերաբերյալ: Նշենք, որ մշտադիտարկվում են միայն օրենսդրական քննարկումների ժամանակ հնչած հարցերը եւ ելույթները:  «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից 38-ը 4 նստաշրջանների ընթացքում ունեցել են 5-ից 20 ելույթ, իսկ 20 եւ ավելի ելույթ ունեցող պատգամավորների թիվը 21 է:  Օրինակ՝ պատգամավոր Սոնա Ղազարյանը 7-րդ գումարման Ազգային ժողովի 4 նստաշրջանների ընթացքում ունեցել է 10 ելույթ, հնչեցրել է 10 հարց: Հեղինակել կամ համահեղինակել է 8 օրենսդրական նախաձեռնություն: Քվեարկություններին, ընդհանուր առմամբ, մասնակցել է 622 անգամ, որոնցից կողմ է քվեարկել 539, դեմ՝ 60 անգամ: Պատգամավոր Անուշ Բեղլոյանը 4 նստաշրջանների ընթացքում ելույթ է ունեցել 9 անգամ, հնչեցրել է 18 հարց: 1 օրենսդրական նախագծի հեղինակ է: 599 քվեարկություններից կողմ է քվեարկել 514 անգամ, դեմ՝ 44: 5-10 անգամ ելույթ ունեցած պատգամավորների շարքում են նաեւ Տիգրան Ուլիխանյանը, Եղիշե Սողոմոնյանը, Անդրանիկ Քոչարյանը, Արսեն Ջուլֆալակյանը, Արթուր Մանուկյանը, Արուսյակ Ջուլհակյանը, Լենա Նազարյանը, Հովիկ Աղազարյանը, Թագուհի Ղազարյանը, Տիգրան Կարապետյանը, Արթուր Հովհաննիսյանը, Վահագն Հովակիմյանը, Սարգիս Խանդանյանը, Շիրակ Թորոսյանը, Հայկ Գեւորգյանը, Վահագն Թեւոսյանը եւ Արման Եղոյանը  4 նստաշրջանների ընթացքում 10-20 անգամ ելույթ են ունեցել շուրջ 19 պատգամավորներ: Օրինակ՝ պատգամավոր Քրիստինե Պողոսյանը 4 նստաշրջանների ընթացքում ունեցել է 20 ելույթ, հնչեցրել 18 հարց: Համահեղինակել կամ հեղինակել է 3 օրնսդրական նախաձեռնություն: Ընդհանուր առմամբ քվեարկություններին մասնակցել է 527 անգամ, որից 451 կողմ, դեմ՝ 43:  Պատգամավոր Վարազդատ Կարապետյանը 4 նստաշրջանների ընթացքում ելույթ է ունեցել 19 անգամ, հնչեցրել է 5 հարց: Պատգամավորը 40 օրենսդրական նախաձեռնությունների հեղինակ կամ համահեղինակ է: 697 քվեարկությունից՝ կողմ՝  578, դեմ՝ 74:  10-ից 20 ելույթ ունեցած պատգամավորների շարքում են նաեւ Սերգեյ Ատոմյանը, Սոս Ավետիսյանը, Լուսինե Բադալյանը, Սիսակ Գաբրիելյանը, Գոռ Գեւորգյանը, Արթուր Դավթյանը, Արփինե Դավոյանը, Նարեկ ԶԵյնալյանը, Հովհաննես Իգիթյանը, Արամ Խաչատրյանը, Արմեն Խաչատրյանը, Մարիա Կարապետյանը, Վարազդատ Կարապետյանը, Տաթեւիկ Հայրապետյանը, Սասուն Միքայելյանը, Քրիստինե Պողոսյանը, Ռուբեն Ռուբինյանը, Լիլիթ Ստեփանյանը եւ Արմեն Փամբուխչյանը: 7-րդ գումարման Ազգային ժողովի 4 նստաշրջանների ընթացքում «Իմ քայլը» խմբակցությունից 21 պատգամավորներ ելույթ են ունեցել 20 եւ ավելի անգամ: Օրինակ՝ պատգամավոր Արտակ Մանուկյանը 4 նստաշրջանների ընթացքում ելույթ է ունեցել 75 անգամ, հնչեցրել է 77 հարց: Հեղինակել կամ համահեղինակել է 46 օրենսդրական նախաձեռնություն: Ընդհանուր առմամբ մասնակցել է 659 քվեարկության, որից կողմ 538, դեմ՝ 72: Պատգամավոր Սուրեն Գրիգորյանը 4 նստաշրջանների ընթացքում ելույթ է ունեցել 68 անգամ, հնչեցրել 40 հարց: Պատգամավորը հեղինակել կամ համահեղինակել է 4 օրենսդրական նախաձեռնություն: Քվեարկել է 561 անգամ, որից կողմ՝ 491, դեմ՝ 45: Պատգամավոր Բաբկեն Թունյանը նույնպես բավականաչափ ելույթներ է ունեցել: 4 նստաշրջանների ընթացքում 63 ելույթ: Հնչեցրել է 19 հարց, հեղինակել կամ համահեղինակել է 27 օրենսդրական նախաձեռնություն: Քվեարկել է 707 անգամ, որից կողմ՝ 598, դեմ՝ 70:    20 եւ ավելի ելույթ ունեցած պատգամավորների շարքում են նաեւ Գայանե Աբրահամյանը, Նազելի Բաղդասարյանը, Նիկոլայ Բաղդասարյանը, Համազասպ Դանիելյանը, Միքայել Զոլյանը, Հայկ Կոնջորյանը, Վաղարշակ Հակոբյանը, Մխիթար Հայրապետյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Սոֆիա Հովսեփյանը, Լիլիթ Մակունցը, Արարատ Միրզոյանը, Ալեն Սիմոնյանը, Ծովինար Վարդանյանը, Հերիքնազ Տիգրանյանը, Վլադիմիր Վարդանյանը, Վիկտոր Ենգիբարյանը եւ Գեւորգ Պապոյանը: 7-րդ գումարման խորհրդարանում «Իմ քայլը» խմբակցությունից ամենաշատ օրենսդրական նախաձեռնություններ ներկայացրած պատգամավորները Օրենսդրական նախաձեռնությունների համար հիմք է հանդիսանում ե՛ւ «Մանդատ» տեղեկատվական ՀԿ-ի հիմնած parliamentmonitoring.am կայքը, ե՛ւ Ազգայի ժողովի parliament.am կայքը: Այսպիսով` «Իմ քայլը» խմբակցությունից ամենաշատ օրենսդրական նախաձեռնություն հեղինակած կամ համահեղինակած պատգամավորը Արտակ Մանուկյանն է: Չնայած, որ parliamentmonitoring.am-ում նշված է 16 օրենսդրական նախաձեռնություն, այնուամենայնիվ, ըստ Ազգային ժողովի պաշտոնական կայքի, Արտակ Մանուկյանը 46 օրենսդրական նախաձեռնության հեղինակ կամ համահեղինակ է: Ներկայացված օրենսդրական նախաձեռնություններից 8-ն ամբողջությամբ ընդունվել են, 10-ն ընդգրկված են 5-րդ նստաշրջանի օրակարգում, եւ եւս 19-ը նստաշրջանի օրակարգում դեռեւս չընդգրկված նախագծերի շարքում են, սակայն պաշտոնապես շրջանառության մեջ են:  Ըստ parliamentmonitoring.am-ի` պատգամավոր Արտակ Մանուկյանին հաջորդում է Նարեկ Զեյնալյանը՝ 14 օրենսդրական նախաձեռնությամբ, սակայն, ըստ ԱԺ պաշտոնական կայքի, Զեյնալյանը ներկայացրել է 20 օրենսդրական նախաձեռնություն, որից 11-ն ամբողջությամբ ընդունվել են, 8-ն ընդգրկված են 5-րդ նստաշրջանի օրակարգում: Պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը, ըստ parliamentmonitoring.am-ի, հեղինակել կամ համահեղիանեկել է 13 օրենսդրական նախագիծ, սակայն, ըստ ԱԺ կայքի՝ 30: Ներկայացված 30 նախագծերից 5-ն ամբողջությամբ ընդունված են, 8-ը ներառվել են 5-րդ նստաշրջանի օրակարգում, 5-ը պաշտոնապես դրվել են շրջանառության մեջ, սակայն դեռեւս չեն ընդգրկվել օրակարգում: Պատգամավոր Գեւորգ Պապոյանը, ըստ parliamentmonitoring.am-ի, հեղինակել կամ համահեղիանեկել է 13 օրենսդրական նախագիծ, սակայն, ըստ Ազգային ժողովի կայքի, 16, որոնցից 9-ն ամբողջովին ընդունվել են, 1-ը՝ պաշտոնապես դրվել շրջանառության մեջ, սակայն դեռեւս չի ընգրկվել նստաշրջանի օրակարգում: Պատգամավոր Վարազդատ Կարապետյանը, ըստ parliamentmonitoring.am-ի, հեղինակել կամ համահեղիանեկել է 12 օրենսդրական նախագիծ, սակայն, ԱԺ կայքի համաձայն, 40 նախագիծ, որոնցից 13-ն ամբողջովին ընդունվել են, 6-ն ընդգրկվել են 5-րդ նստաշրջանի օրակարգում, 12-ը պաշտոնապես շրջանառության մեջ են, սակայն դեռեւս ընդգրկված չեն օրակարգում: Պատգամավոր Բաբկեն Թունյանը հեղինակել կամ համահեղինակել է 27 օրենսդրական նախագիծ, որոնցից 5-ն՝ ամբողջովին ընդունված, 6-ն՝ ընդգրկված 5-րդ նստաշրջանի օրակարգում, իսկ 11-ը՝ պաշտոնապես դրված են շրջանառության մեջ, սակայն դեռեւս ընդգրկված չեն նստաշրջանում: Պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը հեղինակել կամ համահեղինակել է 15 օրենսդրական նախաձեռնություն, որոնցից 9-ն ամբողջովին ընդունվել են, 2-ն ընդգրկված են գալիք նստաշրջանի օրակարգում: Պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը հեղինակել կամ համահեղինակել է 17 օրենսդրական նախաձեռնություն, որոնցից 4-ն ամբողջովությամբ ընդունվել են, 6-ն ընդգրկված են 5-րդ նստաշրջանի օրակարգում, իսկ 7 նախագիծ դրված է շրջանառության մեջ, սակայն դեռեւս չի ընդգրկվել նստաշրջանի օրակարգում: Պատգամավոր Վահագն Հովակիմյանը հեղինակել կամ համահեղինակել է 16 օրենսդրական նախաձեռնություն, որոնցից 12-ն ամբողջովին ընդունվել են, 1-ն ընդգրկված է 5-րդ նստաշրջանի օրակարգում: Պատգամավոր Արթուր Դավթյանը հեղինակել կամ համահեղինակել է 27 նախագիծ, Մխիթար Հայրապետյանը՝ 23, Ալեն Սիմոնյանը՝ 19, Լիլիթ Մակունցը՝ 14, Հովհաննես Հովհաննիսյանը եւ Համազասպ Դանիելյանը՝ 10-ական, Արուսյակ Ջուլհակյանը՝ 9, Հերիքնազ Տիգրանյանը, Աննա Կարապետյանը, Սոնա Ղազարյանը եւ Վահագն Թեւոսյանը՝ 8-ական, Սերգեյ Ատոմյանը եւ Արմեն Փամբուխչյանը՝ 7-ական, Ծովինար Վարդանյանը՝ 6: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներից 5-ը 7-րդ գումարման Ազգային ժողովում ունեցել են 5-ից 20 ելույթ, 6-ը` 20-ից ավելի: Օրինակ` պատգամավոր Վարդեւան Գրիգորյանն ունեցել է 6 ելույթ, հնչեցրել է 17 հարց, 7 օրենսդրական նախագծերի հեղինակ կամ համահեղինակ է: 526 քվեարկություններից կողմ է քվեարկել 449 անգամ, դեմ` 40: Պատգամավոր Արտյոմ Ծառուկյանն ունեցել է 10 ելույթ, հնչեցրել՝ 9 հարց, 27 օրենսդրական նախագծերի հեղինակ կամ համահեղինակ է: Պատգամավորներ Արթուր Գրիգորյանը եւ Շաքե Իսայանը ունեցել են 11 ելույթ, հնչեցրել են համապատասխանաբար 10 եւ 5 հարցեր: Արթուր Գրիգորյանը՝ 22, Շաքե Իսայանը 16 օրենսդրական նախագծերի հեղինակ կամ համահեղինակ են: Պատգամավոր Վարդան Վարդանյանն ունեցել է 13 ելույթ, հնչեցրել է 2 հարց, 1 օրենսդրական նախագծի հեղինակ կամ համահեղինակ է: Պատգամավոր Միքայել Մելքումյանն ունեցել է 162 ելույթ, հնչեցրել 152 հարց, Սերգեյ Բագրատյանը՝ 93 ելույթ, 103 հարց (Բագրատյանն օրերս դուրս է եկել խմբակցությունից), Արման Աբովյանը՝ 86 ելույթ, 58 հարց, Նաիրա Զոհրաբյանը՝ 49 ելույթ, 12 հարց, Վահե Էնֆիաջյանը՝ 39 ելույթ, 20 հարց, եւ Գեւորգ Պետրոսյանը՝ 35 ելույթ, 12 հարց:   «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից ամենաշատ օրենսդրական նախաձեռնություններ ներկայացրած պատգամավորները «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներից 7-րդ գումարման Ազգային ժողովում ամենաշատ օրենսդրական նախագծեր հեղինակած կամ համահեղինակած պատգամավորը Արտյոմ Ծառուկյանն է` 27 օրենսդրական նախագիծ, որոնցից ամբողջությամբ ընդունվել է 1-ը, 2 նախագիծ ընդգրկված է 5-րդ նստաշրջանի օրակարգում, 3-ը դրված են շրջանառության մեջ, սակայն դեռեւս չեն ընդգրկվել օրակարգում: Պատգամավոր Միքայել Մելքումյանը 7-րդ գումարման Ազգային ժողովում հեղինակել կամ համահեղինակել է 25 օրենսդրական նախագիծ, որոնցից ամբողջությամբ ընդունվել է 5 նախագիծ, 3-ն ընդգրկված են 5-րդ նստաշրջանի օրակարգում, 4-ը շրջանառության մեջ են, սակայն դեռեւս չեն ընդգրկվել օրակարգում: Պատգամավոր Արթուր Գրիգորյանը հեղինակել կամ համահեղինակել է 22 օրենսդրական նախագիծ, որոնցից 2-ն ընդգրկված են 5-րդ նստաշրջանի օրակարգում, 3-ը շրջանառության մեջ են, սակայն դեռ չեն ընդգրկվել օրակարգ, եւ դեռեւս ոչ մի նախագիծ ամբողջությամբ ընդունված չէ: Պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հեղինակել կամ համահեղինակել է 20 օրենսդրական նախաձեռնություն․ 10-ն ամբողջությամբ ընդունվել են, 3-ն ընդգրկված են 5-րդ նստաշրջանի օրակարգում, 1-ը դրված է շրջանառության մեջ, սակայն դեռեւս չի ընդգրկվել օրակարգում: Պատգամավոր Արման Աբովյանը 7-րդ գումարման ազգային ժողովում հեղինակել կամ համահեղինակել է 19, Նաիրա Զոհրաբյանը եւ Հրանտ Մադաթյանը՝ 12-ական, Շաքե Իսայանը՝ 11, Տիգրան Ուրիխանյանը եւ Դավիթ Մանուկյանը՝ 10-ական, Էդուարդ Բաբայանը՝ 7, Գեւորգ Պետրոսյանը, Վահե Էնֆիաջյանը եւ Ջանիբեկ Հայրապետյանը՝ 6-ական նախագծեր: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներից 12-ը, այդ թվում՝ 2019-ի սեպտեմբերից այս խմբակցությունից դուրս եկած Արման Բաբաջանյանը, ունցել են 5 եւ ավելի ելույթներ: Ամենաշատ ելույթներ ունեցած պատգամավորը Արման Բաբաջանյանն է․ 61 ելույթ, 42 հարց: Ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունները, ըստ parliamentmonitoring.am-ի, 61-ն են, սակայն, ըստ ԱԺ պաշտոնական կայքի, պատգամավորը ներկայացրել է 10 օրենսդրական նախաձեռնություն եւ 3 անգամ եղել է հիմնական զեկուցող՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած նախագծերին: Պատգամավոր Արկադի Խաչատրյանը ելույթ է ունեցել 41 անգամ, հնչեցրել է 42 հարց: Քվեարկություններին մասնակցել է 613 անգամ, որից կողմ՝ 508, դեմ՝ 61:  Պատգամավոր Մանե Թանդիլյանը ելույթ է ունեցել 37 անգամ, հնչեցրել է 18 հարց: Քվեարկություններին մասնակցել է 539 անգամ, որից կողմ՝ 422, դեմ՝ 58: Պատգամավորներ Էդմոն Մարուքյանը եւ Տարոն Սիմոնյանն ունեցել են 36-ական ելույթ, Գեւորգ Գորգիսյանը՝ 35, Գուրգեն Բաղդասարյանը՝ 27, Անի Սամսոնյանը՝ 26, Սրբուհի Գրիգորյանը՝ 22, Աննա Կոստանյանը՝ 20, Կարեն Սիմոնյանը՝ 15 եւ Արմեն Եղիազարյանը՝ 12: «Լուսավոր Հայաստան» խմբակցության՝ ամենաշատ օրենսդրական նախաձեռնություններ ներկայացրած պատգամավորները «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հիմնականում բոլոր նախագծերը ներկայացրել է ֆրակցիայի անունից: Օրինակ` պատգամավոր Մանե Թանդիլյանը 18 անգամ եղել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած օրենսդրական նախագծերի հիմնական զեկուցողը, Էդմոն Մարուքյանը հիմնական զեկուցող է եղել 8 անգամ, Գեւորգ Գորգիսյանը` 6:  «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած նախագծերից ամբողջությամբ ընդունվել է 32-ը, 1 նախագիծ ընդգրկված է 5-րդ նստաշրջանի օրակարգում, 3-ը պաշտոնապես դրվել են շրջանառության մեջ, սակայն դեռեւս չեն ընդգրկվել նստաշրջանի օրակարգում: Ինչպես նաեւ պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը ՀՀ կառավարության եւ մյուս խմբակցությունների մի քանի պատգամավորների հետ համատեղ ներկայացրել է 4 նախագիծ, որոնք ամբողջությամբ ընդունվել են: Պատգամավոր Էդվարդ Անդրեասյանը  կառավարության հետ համատեղ 2 նախագիծ է ներկայացրել, որոնք ընդունվել են: Ընդհանուր առմամբ, ամբողջությամբ ընդունված նախագծերի թիվը 727 է՝ հետեւյալ բաշխվածությամբ` ՀՀ կառավարություն` 579 նախագիծ կամ 79.64%, «Իմ քայլը» խմբակցություն եւ խմբակցության պատգամավորներ` 87 նախագիծ կամ 11.97%, «Բարգավաճ Հայաստան» խմբակցություն եւ խմբակցության պատգամավորներ՝ 17 նախագիծ կամ 2.34%, «Լուսավոր Հայաստան» խմբակցություն եւ խմբակցության պատգամավորներ` 30 նախագիծ կամ 4.13%, տարբեր խմբակցություններից կամ կառավարության հետ համատեղ ներկայացված` 14 նախագիծ կամ 1.93%: Այսպիսով՝ ուսումնասիրելով պատգամավորների գործունեության դիտարկելի հատվածը, կարող ենք եզրակացնել, որ Ազգային ժողովը միատարր չէ: Կան ե՛ւ պասիվ, ե՛ւ ակտիվ գործունեությամբ աչքի ընկնող պատգամավորներ։ Սակայն պատգամավորական գործունեությունը չի սահմանափակվում միայն վերոնշյալ գործառույթներով, հետեւաբար այս հրապարակումը պատգամավորների գործունեությունը համապարփակ գնահատելու նպատակ չի հետապնդում։ Հաջորդիվ ավելի մանրամասն կներկայացնենք առանձին պատգամավորների գործունեությունը՝ բոլոր կողմերով։ Նարեկ Մարտիրոսյան
11:30 - 05 օգոստոսի, 2020
Մաշտոցի պուրակում շինթույլտվությունից շեղումներ են եղել, վարույթներ են կազմվել․ կառուցապատման աշխատանքներն այսօրվանից դադարեցված են․ Հայկ Մարության

Մաշտոցի պուրակում շինթույլտվությունից շեղումներ են եղել, վարույթներ են կազմվել․ կառուցապատման աշխատանքներն այսօրվանից դադարեցված են․ Հայկ Մարության

Քաղաքապետ դառնալուց հետո իմ ամեն քայլն ուղղված է եղել մեր քաղաքը տարբեր տիպի անօրինական շինարարություններից ազատելուն եւ ավելի կանաչ դարձնելուն։ Այդպես հիմա է եւ այդպես եղել է մինչեւ այս պահը եւ լինելու է մինչեւ վերջ, որովհետեւ ես ինքս այդպես եմ մտածում․ ես ինքս կարծում եմ, որ Երեւանը շատ ավելի կանաչ պետք է լինի, քան այսօր է։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը։ Վերջինս իր խոսքում նշեց, որ այսօրվա իրավիճակն իրենց ժառանգություն է տրվել․ «Անցել է մեկուկես տարուց մի փոքր ավելի, եւ այդ ընթացքում շատ մեծ քայլեր են արվել, եւ այդ քայլերի մասին դուք պարբերաբար տեղեկանում եք։ Եթե իմ ցանկությամբ լիներ, ես շատ հարցեր ավելի արագ կանեի, բայց շատ հաճախ իմ ցանկությունը գալիս-բախվում է օրենքների պատնեշներին։ Մենք հայտարարել ենք, որ մեր երկիրը պետք է լինի օրենքի երկիր, մենք բոլորս պետք է օրենքով շարժվենք, անգամ, եթե գիտենք, որ լավ որոշում է, բայց օրենքը թույլ չի տալիս, մենք էլ մեզ թույլ չենք տալիս այդպես գործել»,- ասաց քաղաքապետը։ Խոսելով Մաշտոցի պուրակի ծառահատումների մասին՝ Մարությանը շեշտեց, որ ինքը ինչպես նախկինում, այսօր էլ պայքարում է Մաշտոցի պուրակի եւ քաղաքի այլ պուրակների համար։ Քաղաքապետը ներկայացրեց, թե ինչ իրավիճակ է Մաշտոցի պուրակում․ «Ամենակարեւորը՝ մենք այն ժամանակ ունեցել ենք հաղթանակ, եւ այդ հաղթանակները, ես ինչ դարձել եմ քաղաքապետ, առաջ եմ տանում ու ամրագրում եմ։ Դուք շատ լավ գիտեք, որ այն տաղավարները, որոնք պետք է կառուցվեին այն ժամանակ, հանրային ճնշմամբ ուղղակի չթողեցին, որ Տարոն Մարգարյանը թույլ տար, որ կառուցվեն։ Եվ ունեցանք Մաշտոցի պուրակը։ Բայց կա մի սրճարան, որն այնտեղ միշտ կար, որն ուներ 277 քմ սեփականություն՝ Կադաստրում գրանցված։ Այսինքն՝ դա անձեռնմխելի էր, եւ ուներ 17 քմ սեփականություն՝ որպես տաղավար։ Մենք ոչ մի բան չէինք կարող անել դրա հետ։ Այդ նույն խնդիրը մենք ունենք նաեւ Օպերայում։ 2018 թվականի մայիսի 16-ին Տարոն Մարգարյանը ստորագրել է մի որոշում, որով մինչեւ այդ 300 եւ ավելի քմ վարձակալությունը դառնում է 1048 քմ վարձակալություն, այդ վարձակալության հողի մեջ մտնում է նաեւ այդ 277 քմ սեփականությունը, մտնում է այդ 17 քմ սեփականությունը՝ որպես այդ տարածքում սեփական գույք։ Եվ այդ վարձակալությունը մինչեւ 2040 թվականի դեկտեմբերն է»։ Մարությանն ընդգծեց, որ նման դեպքեր գրանցվել են նաեւ անցած տարի՝ Օպերայի տարածքում գտնվող սրճարանների պարագայում։ Քաղաքապետի խոսքով, ինքը կարողացել է կանգնեցնել Սամվել Ալեքսանյանի հետ առնչվող սրճարանի գրանցման գործընթացը, եւ տարածքը վերադարձվել է համայնքին։ Քաղաքապետը նշեց, որ նույն բանն արել է Մաշտոցի պուրակի դեպքում․ «Ես այս որոշումը չեղյալ եմ համարել։ Ասեմ ավելին՝ պայմանավորվածություն ենք ձեռք բերել՝ այդ 277 քառակուսի մետր սեփական գույքը եւ 17 քառակուսի մետր սեփական գույքը քանդում ենք, վերացնում ենք սեփականությունը։ Դրա փոխարեն այդ նույն տարածքում 1048 քառակուսի մետրը դարձրել ենք 300-ից մի փոքր ավելի, տալիս ենք իրեն եւ այն, ինչ կառուցվում է այդ տարածքում, համայնքային գույք է։ Վարձակալության համար նախատեսված տարիների ընթացքում ինքը կօգտագործի դա, իսկ դրանից անմիջապես հետո կդառնա համայնքի գույքը։ Մենք այդ ժամանակ կորոշենք՝ ինչ ենք անում դրա հետ, քանդում ենք, կանաչապատում ենք, բարձր գնով վարձով ենք տալիս եւ այդ գումարները ուղղում այլ ծրագրերի։ Իմ որոշմամբ ես 1048 քառակուսի մետրը դարձրել եմ 300 քանի քառակուսի մետր, վերացրել եմ սեփականության իրավունքը՝ ե՛ւ ֆիզիկապես, ե՛ւ թղթերով, քանդել ենք ֆիզիկապես, որի փոխարեն կառուցվող գույքը լինելու է համայնքի գույքը։ Սրանից լավ լուծում համայնքի համար անհնար է գտնել, եթե մենք խոսում ենք օրենքներով»,- ասաց Մարությանը։  Քաղաքապետն ընդգծեց իր մոտեցումները Երեւանի կանաչապատման եւ ծառերի հատման վերաբերյալ՝ ասելով, որ նախորդ տարի մասնագիտական խումբ է հրավիրել, որը գույքագրել է քաղաքի ոչ կենսունակ ծառերը, որոնք ամեն պահի կարող են ընկնել եւ վնասներ պատճառել․ դրանց թիվը 437-ն է եղել, սակայն այս տարի ավելի քան 500 ծառ է հաշվառվել։  «Կարծում եմ՝ Օպերայի դեպքերը նույնպես վառ ապացույց էին եւ ցույց էին տալիս իմ վերաբերմունքը, հաճելի չէ արդեն կաուցված, կատարած աշխատանքը քանդելը, վատամարդ դառնալը։ Իմ յուրաքանչյուր որոշման մեջ գերակա շահն է, եթե մի միլիոն մարդու համար ավելի լավ է, կարող եմ դեմ գնալ մի քանիսին։ Այն, ինչ քադեցինք Օպերայում, դրա թույլտվությունն ունեինք, մյուսների դեպքում չունեինք, դատարաններում ենք հիմա, նույնիսկ մեկը պարտվել ենք։ Ես ամեն ինչ անում եմ եղած օրենքների սահմանում, եթե կփոխվեն օրենքները, եթե ինչ-որ փոփոխություններ կլինեն մոտեցումների մեջ, առաջինը ես կնստեմ բուլդոզեր։ Երեւանը ամենափոշոտ քաղաքն է, մենք շատ հեռու ենք նորմայից ու պետք է ամեն ինչ անենք, որ գոնե մեր երեխաները նորմալ օդ շնչեն, եւ այդ հարցը միայն ծառ տնկելով չի լուծվում»,- ասաց քաղաքապետը։ Մարությանը տեղեկացրեց, որ շինթույլտվություն ունեցող շատ կազմակերպություններ շեղվում են իրենց տրված շինթույլտվությունից, նույնը տեղի է ունեցել Մաշտոցի պուրակի կառուցապատողի հետ։ Ինչպես հայտնեց քաղաքապետը՝ մինչեւ երեկ այս տարածքում 4 արձանագրություն է կազմվել՝ թույլ տված շեղումների վերաբերյալ։ Բացվել է ուսումնասիրություն, թե որքան են այդ շեղումները, եւ այսօրվանից կառուցապատման աշխատանքները դադարեցված են՝ հուլիսի 23-ի արձանագրության արդյունքում։ Քաղաքապետը նշեց, որ եթե շեղումների քանակը անցնի օրենքով սահմանաված որոշակի տոկոսը, ապա պրոցեսը կարող է գնալ մինչեւ շինթույլտվության չեղարկման։ Ասպրամ Փարսադանյան
14:13 - 04 օգոստոսի, 2020
Չպետք է մտածել, որ եթե Թուրքիան Սիրիայում կռվում է, ուրեմն ժամանակ չի ունենա այստեղ կռվելու․ Վարուժան Գեղամյան

Չպետք է մտածել, որ եթե Թուրքիան Սիրիայում կռվում է, ուրեմն ժամանակ չի ունենա այստեղ կռվելու․ Վարուժան Գեղամյան

Օրեր առաջ՝ հուլիսի 27-ին, ՏԱՍՍ գործակալությունը հայտնեց, որ Ադրբեջանը եւ Թուրքիան առաջիկայում համատեղ լայնածավալ զորավարժություններ են անցկացնելու: Հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը Բաքվում, Գյանջայում, Քյուրդամիրում եւ Եվլախում անցկացվելիք զորավարժությունների ցամաքային փուլը տեղի է ունենալու այսօրվանից մինչեւ օգոստոսի 5-ը՝ Նախիջեւանում: Այս զորավարժություններին, ինչպես արդեն հայտնել ենք, նախորդել էր հայ-ադրբեջանական սահմանի էսկալացիան․ 2020 թվականի հուլիսի 12-ին ադրբեջանական զինված ուժերը ռազմական գործողություններ սկսեցին հայ-ադրբեջանական սահմանի ուղղությամբ՝ գրեթե երկու շաբաթ տարբեր զինատեսականերից հրետակոծելով Տավուշի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերն ու գյուղերը։ Ռազմական գործողությունների արդյունքում հայկական կողմից զոհվեց 5 զինվորական, տարբեր աստիճանների վիրավորում ստացան 30 զինծառայող եւ մեկ բնակիչ։  Ռազմական իրավիճակի լարմանն արձագանքեցին մի շարք միջազգային կառուցներ եւ պետություններ։ Տարբեր երկրների պաշտոնյաներ, դատապարտելով ադրբեջանական ագրեսիան, հորդորում էին պահպանել հրադադարի ռեժիմը եւ զերծ մնալ իրավիճակի սրումից։ Հակառակ այս ամենին՝ Թուրքիան մի քանի անգամ հայտարարեց, որ ցանկացած պարագայում կանգնած է եղբայրական Ադրբեջանի կողքին։  Հուլիսի 13-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն երկրի պետական TRT haber-ի ուղիղ եթերում անդրադաձել էր Հայաստանի ու Ադրբեջանի միջպետական սահմանին ընթացող մարտերին՝ նշելով, թե՝ «Հայաստանը թող խելքը գլուխը հավաքի։ Մենք մեր բոլոր հնարավորություններով Ադրբեջանի կողքին ենք»։ Չավուշօղլուն ընդգծել էր, որ Թուրքիան իրենից կախված ամեն աջակցություն կցուցաբերի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պահպանելու համար՝ հավելելով, որ Ադրբեջանը հակամարտության վերաբերյալ ինչպիսի լուծում նախընտրի, Թուրքիան նրա կողքին կլինի։  Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների ու Թուրքիայի հայտարարությունների վերաբերյալ Հայաստանի արտաքին գերատեսչությունը կոշտ եւ սուր արձագանքներ է հնչեցրել, որոնց կարող եք ծանոթանալ այստեղ։ Հուլիսի 17-ին լրատվամիջոցների հետ զրույցում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հայաստանին զավթիչ էր անվանել․ «Գիտեք, որ Հայաստանի զավթողականությունը տարիների, տասնյակ տարիների պատմություն ունի։ Թուրքիան «եղբայր Ադրբեջանին» միայնակ չի թողնի եւ մինչեւ վերջ կաջակցի»։ Հուլիսի 22-ին՝ դարձյալ նույնաբովանդակ հայտարարություն։ Հուլիսի 28-ին Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը «CNNTurk»-ի եթերում անդրադարձել էր հայ-ադրբեջանական լարվածությանը՝ նաեւ մանրամասներ ներկայացնելով Էրդողանի ու Պուտինի զրույցից․ «Ադրբեջանի նկատմամբ սպառնալիքը որտեղից էլ որ լինի, լինի Հայաստանի կողմից թե Ռուսաստանի, միեւնույնն է Թուրքիան կշարունակի Ադրբեջանի կողքին լինել։ Սակայն սա չի նշանակում՝ փակել դիվանագիտության դռները, այլ ճիշտ հակառակը։ Երեկ մեր նախագահի հեռախոսազրույցի պատճառն ու առանձնահատկությունը հենց դա էր։ Կարող եմ ասել, որ Պուտինի հետ զրույցում բավականին լավ արդյունք ենք արձանագրել»։ Թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների, Թուրքիայի հայտարարությունների ու հնարավոր զարգացումների մասին Infocom.am-ը զրուցել է թուրքագետ Վարուժան Գեղամյանի հետ։ - Պարո՛ն Գեղամյան, հուլիսյան զարգացումների առաջին օրվանից Թուրքիան անվերապահ աջակցություն է հայտնում Ադրբեջանին։ Մինչ օրս՝ այդ աջակցությունը հայտարարությունների տեսքով էր, սակայն իրավիճակի զարգացման ֆոնին համատեղ զորավարժություներ են սկսում՝ այդ թվում Նախիջեւանում։ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ մակունցն, օրինակ, կարծիք էր հայտնել, որ հավանական չի համարում, թե Թուրքիան գործնական քայլերի կգնա եւ կներգրավվի տարածաշրջանի ռազմական գործողություններին, սակայն փորձագիտական որոշ շրջանակներ էլ պնդում են, որ Թուրքիայի գործողություններին պետք չէ անլուրջ վերաբերել։ Ձեր մեկնաբանությունն եմ խնդրում հարցի վերաբերյալ։ - Ես ծանոթ չեմ տիկին Մակունցի հայտարարությանը, կարող եմ ասել, որ անհնար է լուրջ չվերաբերվել Թուրքիայի տարածաշրջանային եւ ոչ մի գործողության, եթե անգամ դա լինի հեռավոր Լիբիայում։ Չնայած այն մի քանի հազար կիլոմետր հեռու է մեզանից, բայց այնտեղ տեղի ունեցող իրադարձությունները, համոզված կարելի է ասել, ազդեցություն են ունենում տարածաշրջանի եւ նաեւ մեզ վրա։ Այնպես որ, ինքնին այդպիսի մոտեցումը անթույլատրելի է, տարածաշրջանային որեւէ զարգացման համատեքստում լուրջ չվերաբերել չի կարելի։ Իսկ ահա բուն գործընթացը, կարծում եմ, իսկապես մտահոգիչ է։ Բազմաթիվ առիթներ եմ ունեցել նշելու, որ, հաշվի առնելով Թուրքիայի ռազմաքաղաքական իշխանության՝ Հայաստանին ուղղված ակնհայտ սպառնալիք պարունակող հայտարարությունները,  անշուշտ կարիք կա ավելի զգոն եւ ավելի զգուշավոր նայել տարածաշրջանային իրադարձություններին։ Բուն ռազմական զորավարժությունները պլանային են, նախատեսված են եւ իրականացվում են 2014 թվականից ի վեր, այդ թվում՝ նաեւ Նախիջեւանի տարածքում, այնպես որ, այստեղ արտառոց ոչինչ չկա, բայց անշուշտ առկա ֆոնին այն ստանում է նաեւ լրացուցիչ քարոզչական նշանակություն։ Այդ քարոզչությունը բավական հետեւողականորեն իրականցվում է մեր երկու հարեւանների կողմից՝ որպես ուժի ցուցադրում, եւ նույնիսկ ռազմական գորոծողությունների վերաբերյալ հայտարարություններին գործնական տեսք հաղորդելու համար։ - Այսինքն՝ այս զորավարժությունները միայն ունեն ա՞յդ նպատակը, թե՞ այլ ենթատեքստ նույնպես կարելի է տեսնել։  - Ենթատեքստ փնտրելու կարիք չկա, պետք է նայել, որ այդ գործողությունը տեղի է ունենում 2014 թվականից ի վեր։ Սա, անշուշտ, Թուրքիա-Ադրբեջան ռազմական համագործակցության լավ նմուշ է, այսինքն՝ լավ օրինակ է, որ այդ երկու երկրները շարունակում են համագործակցել եւ այդ համագործակցությունը ունի հստակ ռազմական բաղադրիչ։ Այս հուլիսյան լարվածության ֆոնին դրանք ստանում են լրացուցիչ բովանդակություն եւ լրացուցիչ նշանակություն։ - Թուրքիան, բնականաբար, Ադրբեջանին եղբայրական է համարում, բայց Թուրքիային որքանո՞վ է ձեռնտու ներքաշվել նոր ռազմական գործողությունների մեջ, այն դեպքում, երբ վերջինս այլ երկրներում արդեն իսկ իրականացնում է նման գործողություններ։ - Դրանք իրար որեւէ կերպ չեն հակասում կամ որեւէ կերպ հակադրության մեջ չեն, որովհետեւ կան տարբեր երկրների կենսական շահեր, եւ այդ կենսական շահերի համար գուցե անհրաժեշտ լինի 10 վայրերում զուգահեռ իրականացնել ոչ միայն ռազմական գործողություններ։ Պետք է չմոռանանք, որ մենք գործ ունենք նոր ոճի հակամարտությունների հետ, նոր ոճի պատերազմների, որոնք պարտադիր չէ՝ ենթադրեն ուղիղ ռազմական ներգրավվածություն։ Այն, որ այս պահին Թուրքիան ակնհայտ հավակնություն է ցուցաբերում նաեւ այս տարածաշրջանի նկատամբ, միշտ եղել է, եւ հիմա դրանք առավել բաց ներկայացնելու հանարավորություն է ընձեռնվել։ Չպետք է մտածել, որ եթե Թուրքիան Սիրիայում կռվում է, ուրեմն ժամանակ չի ունենա այստեղ կռվելու։ Նորից եմ կրկնում՝ անպայման չէ, որ այդ կռիվը լինի մեզ ծանոթ պատերազմի իմաստով։  - Էրդողանի խոսնակը մանրամասներ էր հայտնել Էրդողան-Պուտին հեռախոսազրույցից՝ նշելով, որ կողմերը համաձայնության են եկել՝ լարվածությունը թուլացնելու համար համատեղ քայլեր ձեռնարկելու, կողմերին անհրաժեշտ առաջարկները անելու եւ վայրկյան առաջ բանակցությունները վերսկսելու շուրջ։ Սա ի՞նչ կարող է նշանակել։ Ըստ Ձեզ՝ Թուրքիան ցանանում է  տարածաշրջանում իր հարցերը լուծել Ռուսաստանի՞ միջոցով։ - Թուրքիան՝ որպես տարածաշրջանում ակտիվ դերակատարում ունեցող երկրներից մեկը, ունի հստակ հավակնություններ այս տարածաշրջանի նկատմամբ։ Հասկանալի է, որ այս տարածաշրջանը ավանդապես հանդիսանում է Ռուսաստանի կենսական ազդեցության գոտի, եւ բնական է, որ այս երկու երկրների միջեւ ակնհայտ են լինելու հակամարտությունները այս տարածաշրջանում, ինչը կարող է ամենատարբեր ձեւերով արտահայտվել։ Թուրքիան եւ Ռուսաստանը չունեն համաձայնություն Սիրիայում տեղի ունեցածի վերաբերյալ եւ, փաստացի, իրար դեմ պատերազմում են այլ ուժերի մջոցով։ Սա չի նշանակում, որ Էրդողանը եւ Պուտինը չեն խոսելու, չեն հանդիպելու, չեն բանակցելու, այլ հակառակը։ Նույնը կատարվում է նաեւ Լիբիայում, եւ, բնական է, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահները իրար հետ քննարկում են տարածաշրջանային իադարձությունները։ Դա, իհարկե, որոշակի կոմպոնենտ է պարունակում՝ հընթացս տեղի ունեցող իրադարձությունների գնահատականների եւ մյուս կողմի դիրքորոշումը ընկալելու եւ ըստ այդ քաղաքականություն մշակելու, բայց չեմ կարծում, թե որեւէ նոր բան կա։ Մեզ համար սա ունի մեկ իմաստ․ ցույց տալ թե՛ միջազգային ամենատարբեր հարթակներում, թե՛ նաեւ կոնկրետ բանակցություններում, որ Մինսկի խմբի անդամ հանդիսացող Թուրքիան չեզոք դիրքորոշում չունի, ինչը անհրաժեշտ է Մինսկի խմբի անդամ լինելու համար, եւ այդ երկիրը իր կեցվածքով, ոչ կառուցողական դիրքորոշմամբ ոչ միայն չի նպաստում հակամարտության կարգավորմանը, այլեւ ինչ-որ առումով խրախուսում է այդ հակամարտության խորացումը՝ դրա կողմերից մեկին անվերապահորեն սատար կանգնելով։ Սա, կարծում եմ, մեզ համար ամենակարեւոր բանն է, որը պետք է հնարվոր բոլոր առիթներով բարձրաձայնել եւ փորձել չեզոքացնել Թուրքիայի միակողմանի ներգրավվումը արցախյան հակամարտությանը, որի մի մասն էլ Հայաստանի սահմանների նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան է։ Մենք ականատես ենք Թուրքիայի ծավալապաշտական քաղաքական տարբեր դրսեւորումներին Մերձավոր Արեւելքում եւ դրա տարբեր հատվածներում, որեւէ արտառոց բան չկա։ Ասպրամ Փարսադանյան
17:54 - 02 օգոստոսի, 2020
Ամուլսարի հետ կապված իմ տեսակետը չի կարող տարբեր լինել վարչապետի և կառավարության որդեգրած մոտեցումից, բայց ավելի առարկայական կարող ենք խոսել, երբ լիարժեքորեն տիրապետեմ թեմային․ Ռոմանոս Պետրոսյան

Ամուլսարի հետ կապված իմ տեսակետը չի կարող տարբեր լինել վարչապետի և կառավարության որդեգրած մոտեցումից, բայց ավելի առարկայական կարող ենք խոսել, երբ լիարժեքորեն տիրապետեմ թեմային․ Ռոմանոս Պետրոսյան

Ամուլսարի հետ կապված, խոշոր հաշվով, իմ տեսակետը չի կարող տարբեր լինել վարչապետի և կառավարության որդեգրած մոտեցումից, ինչպես  ցանկացած հարցում, այնպես էլ Ամուլսարի պարագայում, բայց ավելի առարկայական, մասնագիտական կարող ենք խոսել, երբ ես լիարժեքորեն տիրապետեմ թեմային և լիարժեքորեն կարողանամ խորքային ըմբռնում ունենալ խնդրո առարկայի շուրջ։ Այս պահին կարող եմ միայն ասքանն ասել։ Այս մասին ասյօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Շրջակա միջավայրի նորանշանակ նախարար Ռոմանոս Պետրոսյանը՝ անդրադառնալով համակարգում ամենաաղմկոտ հարցին՝ Ամուլսարի հանքի շահագործմանը։ «Ինչպես վրչապետն է բազմաթիվ անգամ այդ մասին հայտարարել՝ օրենքի, օրենքի գերակայության, պահանջների, այդ թվում բնապահպանական նորմերի խիստ պահպանմամբ ու այդ նորմերի թույլատրելիի շրջանակներում է վերջնական որոշումը կայացվելու և իրացվելու՝ Հայաստանի Հանրապետության կողմից։ Դրանից ավել այս պահին ասել չեմ կարող, քանի որ պետք է թեմային լիարժեք տիրապետեմ, իսկ ինքս աշխատանքի բերումով կոմպետետնտ չեմ գտվել այդ հարցում և մասնագիտական, փորձագիտական կարծիք չեմ կարող հայտնել»,-ասաց Պետրոսյանը։  Լրագրողի այն հարցին, թե արդյոք արդեն հայտնի է, թե ով է զբաղեցնելու Կոտայքի մարզպետի պաշտոնը, Պետրոսյանը նշեց, որ ինքը դեռևս չգիտի, թե իրեն ով է փոխարինելու։ Նա նշեց, որ այդ մասին  պաշտոնական աղբյուրներից կլիեն հայտարարություններ։ Վերջինս շեշտեց, որ որևէ մեկի թեկնածությունը չի քննարկվել։  Այն դիտարկմանը, թե Կոտայքի մարզպետի պաշտոնը առանձնանում է նրանով, որ այդտեղ ԲՀԿ ղեկավար՝ Գագիկ  Ծառուկյանի ազդեցությունը կա և շատ հաճախ լրատվամիջոցներում նման կարծիքներ էին շրջանառվում, թե մարզպետի խնդիրն է եղել նաև քաղաքական առումով  նվազեցնել այդ ազդեցությունը։ Պետրոսյանն ասաց․ «Կարող եմ քաղաքական գնահատական հնչեցնել և ասել, որ Կոտայքի մարզպետի պաշտոնում նշանակվելու օրը ես նմանատիպ հարցի պատասխանեցի, մեկ ձևակերպմամբ, որ իմ խնդիրը Կոտայքի մազրում բնակչի վերափոխումն է ՀՀ քաղաքացու։ ՀՀ իրավատեր քաղաքացին իր հարցերը կլուծի արդեն բոլորի հետ, ում գործողությունների հիմքում կարող են լինել կլանային շահեր․ ապօրինություններ  և այլն։ Այս առումով կարող եմ պատասխանաու կերպով ասել, որ ունենք քաղաքացիական իրավագիտակցության հստակ բարձրացում»։ Խոսելով կատարված աշխատանքների մասին Կոտայքի նախկին մարզպետքը նշեց, որ մարզում այսօր  խորքային բարեփոխումներ են իրականացվում։ Ավելի քան երկու տասնյակ բնակավայրերի ղեկավարներ,  վարչական ղեկավարներ  են փոխվել, ովքեր ղեկավարել են մի քանի տասնամյակ։ Պետրոսյանի խոսքով՝ Կոտայքի մարզի շուրջ 15 բնակավայրերում հիմքից կառուցվում են մանկապարտեզներ, շուրջ 10 բնակավայրերում կառուցվում և վերակառուցվում են մշակույթի տներ, իրականացվել են բազմաթիվ բակային տարածքների բարեկարգման, ասֆալտապատման աշպատանքներ, ճանապարհների հիմնանորոգումներ, ինչպես նաև կառավարության առանձին ծրագրեով մինչմարզային և մինչհամայնքային ճանապարհներ են հիմնանորոգվել։ «Այսօր Կոտայքում ամենակարևորը արձանագրել ենք, որ կա օրենքի գեյակայություն։ Այո՛, այսօր Կոտայքի մարզում կլանային, քրեաօլիգարխիկ ազդեցություն՝ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման վրա չկա, ես դա բացառում եմ։ Աբովյանի ընտրությունների վերաբերյալ կարող եմ ասել,որ մեծ հաշվով հաղթել է ժողովրդավարությունը և ամենևին կարևոր չէ, որ ամեն տեղ հաղթի իշխող կուսակցության թեկնածուն։ Քվեն տվել է աբովյանցին և մի քանի հարյուր քվեի տարբերությամբ աբովյանցին նախընտրել է նախկին քաղաքական համակարգի ներկայացուցչին։ Քաղական իմաստով, մասնավորապես Աբովյանում, խնդիր չկա։
16:56 - 31 հուլիսի, 2020
Շատ դեպքերում մեր խնդիրները գոյացել են օրենքի դաշտից դուրս գործելու հետևանքով, խիստ նորմատիվային քաղաքականություն է պետք իրականցնել․ Ռոմանոս Պետրոսյան

Շատ դեպքերում մեր խնդիրները գոյացել են օրենքի դաշտից դուրս գործելու հետևանքով, խիստ նորմատիվային քաղաքականություն է պետք իրականցնել․ Ռոմանոս Պետրոսյան

Որոշումը վարչապետինն է, առաջարկը  ստացել եմ իրենից։ Ես, բնականաբար հասկանալով, թե ինչ պատասխանատվության բեռի, և ինչ նշաձողի մասին է  խոսքը, պատվով ընդունել եմ այդ առաջարկը։ Չեմ էլ քննարկել, քանի որ, եթե վարչապետը,  և մեր քաղաքական թիմը ինձ են այդ պատվին արժանացնում՝ ստանձնելու այդ կարգավիճակը և այդ ահռելի խնդիրները, որոնք, ըստ իմ գնահատականների՝ ծառացած են մեր երկրի և ժողովրդի առջև, լծվելու դրանց լուծմանը, ապա պատվով ընդունել եմ և պատվով ստանձնում եմ այդ կարգավիճակը։ Այս մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Կոտայքի նախկին մարզետ, Շրջակա միջավայրի  նախարար Ռոմանոս Պետրոսյանը։  Անդրադառնալով ոլորտում առկա խնդիրներին Շրջակա միջավայրի նորանշանակ նախարարը նշեց, որ մարազպետի  կարգավիճակում երկու տարվա գործունեության ընթացքում առարկայապես արդեն ականատես է եղել այն խնդիրներին, որոնք կուտակվել են բազմաթիվ տարիների ընթացքում, որոնք այս օրերին ևս իրենց լուծումը օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով չեն գտել։ Վերջինս, այդ խնդիրներից առաջին հերթին մատնանշեց՝ խմելու ջրի բացառիկ շտեմարան հանդիսացող Սևանա լճի կարգավիճակը, դրա էկո-համակարգի վերականգնման խիստ անհրաժեշտ և ամենակարճաժամկետ պլաններում իրականացվելիք աշխատանքները։ «Բնականաբար, Արտեզյան ջրավազանի վերականգնումն է, գետերի, լճերի էկոլոգիապես մաքուր  և  կենսաբազմազանության ապահովման անհրաժեշտությունն է, և կարող եմ նաև Տարածքային կառավարման ոլորտում  իմ գործունեությունից մնացած հմտությունը օգտագործելով մատնաշել՝ բազմաթիվ կոյուղատարների, բնակավայրերի, այդ թվում նաև խոշոր բիզնեսի գործունեության հետևանքով առաջացող այդ կոյուղագծերի անմիջական միախառնումն է լեռնային գետերին, գետերի հուներին, որոնք ուղղակիորեն ազդում են թե՛ բնությանը, թե՛ մարդու կյանքի որակին։ Խնդիրները շատ շատ են, ընդերքօգտագործման ոլորտում  կան խնդիրներ, կան խնդիրներ ջրառի թույլտվությունների, խորքային հորերի անկանոն օգտագործման գործընթացում և այլն։ Այնուամենայնիվ, բավականին աշխատանք արվել է, քավ լիցի, ես իմ գործընկերների և ոլորտի մասնագետների աշխատանքը չեմ նսեմացնում և չեմ կարող ասել, թե չի արվել ոչինչ, բայց իմ տեսլականը մի փոքր ուրիշ է»,- ասաց Պետրոսյանը։ Նախկին մարզպետն ընդգծեց, որ ինքը  մասնագիտությամբ նաև երկրաբան է՝ օգտակար հանածոների մասնագետ, և նաև մասնագիտության որոշ շրջափուլում  առնչվել է ոլորտին՝ հանքարդյունաբերութան և դրան առնչվող բնապահպանական մի շարք ռիսկերի, այդ ռիսկերի կառավարման և նաև այդ ռիսկերի կանոնակարգման հետևանքների վերացման կոնտեքստում։  Անդրադառնալով այն հարցին, թե  ի՞նչ է մտադիր անել նորանշանակ նախարարը, որպեսզի պոչամբարների կամ հանքերի գործունեության հետևանքով գետերը, շրջակա միջավայրը չտուժեն, Պետրոսյանն ասաց․ «Անելիք անշուշտ կա, շատ դեպքերում մեր խնդիրները գոյացել են օրենքի դաշտից դուրս գործելու հետևանքով, և մի կողմից՝ տնտեսվարողների այդ վարքագծով պայմանավորված, մյուս կողմից էլ վերահսկող գերատեսչության գոնե որոշակի դրվագներում  ցուցաբերած անփութության կամ անհետևողականության արդյունքում, չասեմ անգործության։ Օրենսդրությունը  նաև մեր արդյունահանողների համար է կարգը սահմանել, և այդ ռեկուլտիվացիոն գործընթացները, որոնց ինքնարժեքը այսօր հանքարդյուանբերության լիցենզիաների ձեռքբերման, ինչպես նաև բնօգտագործման վճարների մեջ պետությունն արդեն ներգրավել է, դրանք պետք է  նպատակին ծառայեցնել։ Այն  պարագաներում, երբ հանքարդյունաբերական մի շարք ընկերություններ այսօր պոչամբարները ու լքված լցակույտերը, կիսաշահագործված հանքավայրերը թողնում են տարածաշրջանում, բանկանաբար այդ հետևանքները վերացնելու, բնության պատճառված վնասը վերականգնելու՝ էկոլոգիական իմաստով խիստ նորմատիվային քաղաքականություն է պետք իրականցնել և տալ կոնկրետ, առարկայական լուծումներ, ինչպես նաև պետաական  կառավարման մարմիններին վերապահված վերահսկողական գործառույթները լրջագույնս կիրառել տվյալ ոլորտներում։ Սրանք իմ  առաջնային գնահատականներն են, բայց ավելի առարկայական, ավելի խորքային զրույց կարող ենք ունենալ որոշակի ժամանակ անց, ե ս ինքս հանդես կգամ հրապարակմամաբ,  որովհետ այո՛ անելիք և ասելիք կա»։  Այն դիտարկամը, թե արդյո՞ք բնապահպանական խնդիրների պատճառը կարող են լինել համապատասխան մարմինների թերացումների և անփութության արդյունքը,  Պետրոսյանը նշեց, որ օգտագործելով «անփութույթուն» բառը տվել է ըդհանրական գնահատական։ Նա ընդգծեց, որ  լինելով Կոտայքի մարզի մարզպետ՝ վարչական տարածքում գտնվող ընդերքօգտագործող ընկերությունների հետ բազմաթիվ հանդիպումների, աշխատանքային քննարկումների  և նաև մարզպետարանի  լիազորությունների շրջանակներում իրականացված մոնիտորինգի արդյունքը գնահատելով,  կարող է ասել այդքան էլ գոհ չէ տեսչական մարմինների գործունեությունից, այդ թվում՝ Բնապահպանույթան և ընդերքի տեսչական մարմնի գործունեությունից։ «Այնտեղ նույնպես կադրային փոփոխություններ են արվել վերջին շրջանում և ես լիահույս եմ, որ մեր գործընկերները նոր ավյունով կիրականացեն իրենց գործառույթները, բայց առնվազն մարզի մասշտաբով՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի իրականացրած  գործռույթները ես կարող եմ համեստորեն գնահատել՝ անփույթ»մ,- եզրափակեց նախարարը։
16:16 - 31 հուլիսի, 2020
2020թ․ ընտրությունները կլինեն պատմության ամենասխալ ու խախտումներով լի ընտրությունները․ Դոնալդ Թրամփ

2020թ․ ընտրությունները կլինեն պատմության ամենասխալ ու խախտումներով լի ընտրությունները․ Դոնալդ Թրամփ

Հինգշաբթի առավոտյան ԱՄՆ նախագահ Թրամփը հայտնեց, որ կորոնավիրուսի համավարակի պայմաններում ընտրություններ անցկացնելը վտանգավոր է մարդկանց առողջության համար, իսկ հակառակ դեպքում ստիպված կլինեն շատ ավելի լայնորեն կիրառել փոստով քվեարկելու կարգը, ինչը հղի է խախտումներով և մանիպուլյացիաներով։ Դրան հետևեց նախագահի գրառումը թվիթերում, որտեղ Թրամփը նշում էր․ «2020թ․ ընտրությունները կլինեն պատմության ամենասխալ ու խախտումներով լի ընտրությունները։ Սա կլինի մեծ խայտառակություն ԱՄՆ-ի համար։ Հետաձգե՞լ ընտրությունները, մինչև մարդիկ կկարողանան նորմալ ու անվտանգ քվեարկել»։  Նույն օրը՝ Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, Թրամփն ասաց, որ ինքն իրականում չի ուզում փոխել ընտրությունների օրը, սա ուղղակի թեմա է խորհելու համար։  Նշենք, սակայն, որ Թրամփը իրավասու չէ փոխել ընտրությունների օրը։ Ըստ ԱՄՆ 28-րդ Կոնգրեսի՝ Նախագահական ընտրությունների օրվա ակտի՝ նախագահական ընտրությունները պետք է պարտադիր տեղի ունենան նոյեմբեր ամսվա առաջին երեքշաբթի օրը։  Տեսականորեն օրը կարող է փոխել ԱՄՆ Կոնգրեսը, բայց միայն Ներկայացուցիչների պալատի, որտեղ մեծամասնություն են կազմում դեմոկրատները, և Սենատի, որտեղ գերակշռում են հանրապետականները, համաձայնությամբ։  Կուսակցություններից և ոչ մեկը չի սատարում Թրամփի այս գաղափարին։ Հոգան Ջիդլին՝ Դոնալդ Թրամփի նախընտրական արշավի մամուլի քարտուղարը, թվիթերյան գրառումից անմիջապես հետո՝ նախքան մամուլի ասուլիսը, հայտնեց, որ նախագահն ուղղակի բարձրաձայնում է հարցը այն քաոսի վերաբերյալ, որը ստեղծել են դեմոկրատները։  Սենատում հանրապետական մեծամասնության առաջնորդ Միտչ ՄակՔոնըլը քանիցս նշել է, որ քվեարկության օրն անփոփոխ է, և դեմոկրատական կուսակցության ամենակարկառուն ներկայացուցչիները ևս դեմ են ընտրությունների օրը փոխելու գաղափարին։  Ներկայացուցիչների պալատի՝ Իրավական հարցերով հանձնաժողովի նախագահ, հանրապետկան Ջերրի Նադլերը թվիթերում շտապեց հաստատել, որ Թրամփը ընտրությունների օրը փոխելու լիազորություն չունի․ «Եկեք հստակեցնենք․ Թրամփը չի կարող հետաձգել ընտրությունները։ Մեր ընտրությունները ամրագրված են Սահմանադրությամբ։ Սահմանադրությունը նաև ասում է, որ եթե ընտրությունների օրը պետք է փոխվի, ապա դա կարող է անել Կոնգրեսը»։   Լիլիթ Հարությունյան
10:30 - 31 հուլիսի, 2020
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում տեղի է ունեցել հանրահավաք՝ հաջակցություն նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում տեղի է ունեցել հանրահավաք՝ հաջակցություն նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի

Հուլիսի 30-ի երեկոյան Բելառուսի մայրաքաղաք Մինսկի Ընկերության պուրակում տեղի ունեցավ հանրահավաք՝ հաջակցություն նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի։ Սա Բելառուսի քաղաքական կյանքի ամենազանգվածային իրադարձությունն է վերջին 10 տարվա ընթացքում․ հավաքվել էր մոտ 63 հազար մարդ, ինչն աննախադեպ մեծ թիվ է Բելառուսի պատմության համար։  Հիշեցնենք, որ ի սկզբանե որպես թեկնածու պետք է գրանցվեր Սվետլանայի ամուսին Սերգեյ Տիխանովսկին, որը հայտնի բլոգեր է, սակայն երբ ԿԸՀ-ն հրաժարվեց գրանցել Սերգեյի թեկնածությունը, նրա փոխարեն իր թեկնածությունն առաջադրեց կինը։ Սվետլանա Տիխանովսկայայի թեկնածության օգտին ստորագրահավաքի ժամանակ Սերգեյ Տիխոնովսկին ձերբակալվեց։  Բացի Սվետլանա Տիխանովսկայայից՝ հանրահավաքին ելույթ ունեցան նաև մի շարք քաղաքական բանտարկյալների բարեկամներ, այդ թվում՝ Էդուարդ Բաբարիկոյի ընկերուհի Ալեքսանդր Զվերեուն։ Էդուրադ Բաբարիկոն ձերբակալվել է հունիսին 12-ին իր հոր՝ Վիկտոր Բաբարիկոյի հետ, որը համարվում էր Բելառուսի գործող նախագահ Ալեկսանդր Լուկաշենկոյի հիմնական մրցակիցը գալիք ընտրությունների ժամանակ։  Նախագահական ընտրությունները երկրում տեղի են ունենալու օգոստոսի 9-ին։   Աղյուրը՝ svaboda.org: Թարգմանությունը՝ Լիլիթ Հարությունյանի
09:40 - 31 հուլիսի, 2020
Համաճարակային իրավիճակը Հայաստանում բարելավվել է, պիկը գրանցվել է հուլիսի 6-ին․ Նիկոլ Փաշինյան

Համաճարակային իրավիճակը Հայաստանում բարելավվել է, պիկը գրանցվել է հուլիսի 6-ին․ Նիկոլ Փաշինյան

Ինչպես երեկ նշեցի, վերջին 15 օրում կորոնավիրուսի հետ կապված համաճարակային իրավիճակը Հայաստանում բարելավվել է և բարելավվում է։ Հունիսի 11-ից հետո առաջին անգամ մենք ունենք ակտիվ դեպքերի 9000-ից պակաս դեպք, երեկվա դրությամբ դրական  են ախտորոշված և դեռ  չառողջացած դեպքերը՝ 8877-ն են ։  Այս մասին այսօր կառավարության նիստի ընթացքում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վերջինս իր խոսքում նշեց․ «Հունիսի 11-ից հետո մենք նման ցածր թիվ չենք ունեցել, երեկ ունեցել ենք 259 նոր դեպք, և 6 օր է արդեն ամեն օր գրանցվող թվերը ցածր են 400-ից, իսկ նման դեպք, որ 6 օր մեր դեպքերը լինեն 400-ից պակաս՝ արձանագրվել է միայն մայիսի 24-ի դրությամբ է։ Այսինքն, մենք հիմա շանս ունենք ջարդելու համավարակի ողնաշարը  և սա մեզնից յուրաքանչյուրի վրա դնում է հատուկ պատասխանատվություն։ Առաջին հերթին, ուզում եմ ընդգծել պետական բոլոր մարմինների հատուկ պատասխանատվությունը, մասնավորապես այն հատվածում, որտեղ կա քաղաքացիների ընդունելության հատված։ Բոլոր տեղերում պետք է  հստակ պահպանվեն հակահամաճարակային կանոնները՝ դիմակների կրում, սոցիալական հեռավորության պահպանում, ընդ որում ոչ միայն մուտքից ներս, այլ կախված իրավիճակից ՝ դրսում նույնպես պետք է հերթերը կարգավորվեն։ Երկու օրից թոշակների բաժանման օր է և նախորդ ամսվա օրինակով տեսանք, որ  մենք մեծ պրոբլեմներ ունեցանք, այնպես որ առաջիկա օրերին հատուկ աշխատանք պետք է իրականացվի։ Այս ամենը չի կարող որևէ արդյունք ունենալ, եթե այդ պատասխանատվությունը չկիսեն մեր սիրելի քաղաքացիները, որոնցից ակնկալվում  է հակահամաճարակային կանոնների պահպանում։ Ի վերջո, այսօրվա դրությամբ պիկը ունեցել ենք հուլիսի 6-ին և այդ պահին արդեն թվերը այնքան ահանգնացող էին, որ հանրության համար ունեցան սփաթեցնող ազդեցութուն։ Այս պրոցեսի անկյունաքարը, ամեն դեպքում դիմակների կրումն է։ Պետք  է մեր քաղաքացիներին խնդրեմ, որ նաև հոգեհանգիսների, հուղարկավարությունների, հարսանիքների և այլ միջոցառումների  ընթացքում նույնպես լինեն ուշադիր և պահեն հակահամաճարակային կանոնները։ Ցավոք մենք վստահ գիտենք, որ մինչև տուրիստական սեզոնի ավարտը ավիափոխադրումները սովարական ռեժիմով չեն վերականգնվի, ինչը նշանակում է՝ մեր այն հայրնեակիցները, ովքեր մտադիր են ամառային արձակուրդը անցկացնել հանգստյան վայրերում պետք է օգտվեն ներքին տուրիստի հնարավորություններից։ Սա մի կողմից լավ է, մյուս կողմից՝նմեր տեսչական մարմինները պետք է հանգստյան գոտիներում և այլ տեղերում մեծ ուշադրություն դարձնեն հակահամաճարակային կաննոների պահպանմանը։ Լիարժեք կրելով մեր պատասխանատվության բաժինը, նաև հույս ենք դնում մեր քաղաքացիների վրա, որպեսզի կարողանանք սեպտեմբերին արձանագրել այս ճգնաժամի ավարտը։ Այս լավատեսական ուղերձները նրա համար են, որ մեր զգոնությունը ավելի ուժեղանա, և ոչ թե հակառակը»։
11:25 - 30 հուլիսի, 2020
Առաջարկվում է վերականգնել առողջ միջավայր ունենալու սահմանադրական իրավունքը․ պետությունը կստանձնի՞ իր պարտավորությունը

Առաջարկվում է վերականգնել առողջ միջավայր ունենալու սահմանադրական իրավունքը․ պետությունը կստանձնի՞ իր պարտավորությունը

2005 թվականի խմբագրության Սահմանադրությամբ ամրագրված էր «Առողջ միջավայր ունենալու» իրավունքը։ ՀՀ Սահմանդրության 32․2 հոդվածում, մասնավորապես, ասված էր․ «Յուրաքանչյուր ոք իրավունք ունի ապրելու իր առողջությանը եւ բարեկեցությանը նպաստող շրջակա միջավայրում, պարտավոր է անձամբ եւ այլոց հետ համատեղ պահպանել եւ բարելավել շրջակա միջավայրը: Պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում բնապահպանական տեղեկատվությունը թաքցնելու կամ դրա տրամադրումը մերժելու համար»: Իսկ նույն խմբագրության Սահմանադրության 10-րդ հոդվածում ասված էր, որ պետությունն ապահովում է շրջակա միջավայրի պահպանությունը եւ վերականգնումը, բնական պաշարների ողջամիտ օգտագործումը: 2015 թվականին տեղի ունեցած սահմանադրական փոփոխություններով, ի թիվս այլնի, «Առողջ միջավայր ունենալու» իրավունքը դուրս մնաց Մայր օրենքից։ Այսօր գործող Սահմանադրության մեջ շրջակա միջավայրի պահպանությանը եւ կայուն զարգացմանը վերաբերում է 12-րդ հոդվածը, որը սահմանում է հետեւյալը․  «1. Պետությունը խթանում է շրջակա միջավայրի պահպանությունը, բարելավումը եւ վերականգնումը, բնական պաշարների ողջամիտ օգտագործումը՝ ղեկավարվելով կայուն զարգացման սկզբունքով եւ հաշվի առնելով պատասխանատվությունն ապագա սերունդների առջեւ: 2. Յուրաքանչյուր ոք պարտավոր է հոգ տանել շրջակա միջավայրի պահպանության մասին»: 2020 թվականի սկզբին գործող կառավարությունը ձեւավորեց սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով․ ըստ ամենայնի՝ մինչեւ այս տարվա սեպտեմբերի մեկը պետք է պատրաստ լինի Սահմանադրության փոփոխությունների նախագիծը:  Առողջ միջավայր ունենալու իրավունքը վերականգնելու եւ Սահմանադրության մեջ այն կրկին ամրագրելու նպատակով «Կանաչ Հայաստան» բնապահպանական-կրթական հասարակական կազմակերպությունը նախաձեռնել է ստորագրահավաք՝ իրավունքի վերականգնման պահանջով։ Ստորագրահավաքի նախաձեռնողներից հետազոտող-բնապահպան Սոֆյա Մանուկյանն Infocom.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ սահմանադրական առաջիկա փոփոխությունները լավ առիթ են այս իրավունքի մասին հիշելու համար․ «Այս ընթացքում շատ էր խոսվում, որ Սահմանադրության մեջ փոփոխություններ անելու մտադրություններ կան։ Հուլիսի 5-ին` Սահմանադրության օրը, վարչապետն էլ շնորհավորում էր ու ասում, որ հիմա կարիք կա փոփոխությունների։ «Առողջ միջավայրի իրավունքը» մինչեւ 2015 թվականը կար, բայց հետո փոփոխությունների արդյունքում հանվեց։ Այն ժամանակ, իհարկե, այդ փոփոխությունն առաջացրեց ընդդիմություն, բայց հաշվի չառնվեց։ Կարծում եմ, որ շատ լավ պահ է ե՛ւ «Առողջ միջավայր ունենալու իրավունքը», ե՛ւ ընդհանրապես միջավայրին վերաբերող տեղեկության իրավունքը սահմանադրորեն ամրագրելու համար։ Տարածաշրջանում Ադրբեջանը եւ Վրաստանը այս իրավունքը Սահմանադրության մեջ ունեն, բայց մեզ մոտ հիմա չկա։ Հուսանք, որ կվերականգնվի։ Ի վերջո Սահմանադրությունը մայր օրենքն է եւ մյուս օրենքների հիմքն է»,- մեր զրույցում ասաց Մանուկյանը։  Վերջինս նշեց, որ «Առողջ միջավայրի իրավունքը» սահմանադրորեն ամրագրելը հնարավորություն է տալիս ամենաբարձր մակարդակում ճանաչելու նման իրավունքը եւ մյուս օրենքներն ավելի ամրապնդելու։ Բացի այդ՝ սա բնապահպան հանրությանը տալիս է լծակներ՝ այդ թվում միջազգային հարթակներում արդեն սահմանադրակա՛ն իրավունքի հնարավոր խախտումները բարձրաձայնելու համար։ «Գուցե նախկինում այս իրավունքը լավագույնս չի կիրառվել, բայց եղել է, հետեւաբար իրավունքը Սահմանադրությունից հանելով՝ հետ քայլ ենք արել, եւ հիմա, հաշվի առնելով 2018 թվականից հետո եղած փոփոխությունները, սա կարող է լինել մի դրական փոփոխություն, մի առաջընթաց։ Այս իրավունքը լավ լծակ կարող է լինել՝ բնությունը առավել լավ պաշտպանելու համար»,- ընդգծեց նախաձեռնության անդամը։ Հասարակական կազմակերպության անդամները նախաձեռնության սկզբում իրենց գաղափարը շրջանառել են Ֆեյսբուք սոցիալական հարթակում, հետագայում, ստանալով բազմաթիվ արձագանքներ, սկսեցել են ստորագրահավաք, որը հետո պետք է ներկայացվի ե՛ւ կառավարությանը, ե՛ւ խորհրդարանին, որպեսզի հաշվի առնվի հանրային այս պահանջը։ Մանուկյանը նշեց, որ պաշտոնյանների արձագանքի մասին խոսելը դեռ վաղ է, քանի որ ստորագրահավաքը նոր է սկսվել։  «Սահմանադրությունը հանրության արժեքներն ու ձգտումներն է ներկայացնում, արտացոլում։ Իսկապես, եթե նման հետընթաց քայլ է եղել 5 տարի առաջ եւ հնարավոր չի եղել հետ վերադարձնել այս իրավունքը, եւ եթե հիմա էլ մենք չձգտենք վերադարձնել այն, դա ցույց կտա մեր վերաբերմունքը բնության հանդեպ։ Հետո արդեն կանցնենք հաջորդող քայլերին՝ պաշտպանություն եւ այլն»,- եզրափակեց Սոֆյա Մանուկյանը։ Infocom.am-ը թեմայի շուրջ զրուցեց նաեւ իրավապաշտպան, բնապահպան Նազելի Վարդանյանի հետ։ Վերջինս շեշտեց, որ միայն մեծ պայքարից հետո 2005 թվականի Սահմանադրության մեջ ամրագրվեց, որ մարդն ունի առողջ շրջակա միջավայր ունենալու իրավունք, իսկ ահա հետո հանվեց՝ չնայած դրա կենսական նշանակությանը․ «Մարդն իրավունք ունի ի ծնե, ի բնե մաքուր օդ շնչելու, մաքուր ջուր խմելու, մաքուր միջավայրում ապրելու, որովհետեւ սրանք անհրաժեշտ են մարդու գոյատեւման համար։ Հարցի իրավական նշանակությունն այն է, որ եթե ջուրն է աղտոտվում, գետերը կամ օդն են աղտոտվում եւ այլն, մարդիկ կարող են դիմել դատարան՝ իրենց իրավունքը վերականգնելու համար։ Դատարանները առաջին հարցը տալիս են, թե՝ ձեր սահմանադրական ո՞ր իրավունքն է խախտվել։ Երբ չկա այդ իրավունքը եւ այն Սահմանադրության մեջ ամրագրված չէ, այդ ժամանակ դատարանները նույնիսկ գործը վարույթ չեն ընդունում ու ասում են, թե ոչ պատշաճ հայցվոր են։ Կամ պետք է ռեալ ապացույց լինի, որ, օրինակ, դու այդ ջուրը խմել ես, դրանից հիվանդություն է առաջացել, բայց դա շատ բարդ է, եւ մարդիկ փակուղու առաջ են կանգնում»,- ասաց Վարդանյանը։ Փաստաբանն ընդգծեց, որ հենց սրանով էլ խախտվում է մեկ այլ՝ դատական պաշտպանության եւ դատարան դիմելու իրավուքը։ Իսկ այս իրավունքն ամրագրված է ոչ միայն մեր Սահմանադրությամբ, այլ նաեւ Մարդու իրավունքների եւ հիմանարար ազատությունների մասին եվրոպական կոնվենցիայով։ Այս պարագայում, Նազելի Վարդանյանի խոսքով, արդարադատության մատչելիության իրավունքն է խախտվում, ու նաեւ հենց այս տեսանկյունից է հիշյալը կարեւոր նախաձեռնություն։  Վարդանյանի պնդմամբ՝ Սահմանադրությունից մի շարք իրավունքներ հանելով՝ պետությունը թեթեւացրեց իր բեռը․ «Եթե իրավունքը սահմանված է, ուրեմն պետությունը երաշխավոր պետք է լինի այդ իրավունքները պաշտպանելու համար։ 2005 թվականի Սահմանադրության մեջ նշված էր, որ պետությունը ապահովում է շրջակա միջավայրի պահպանությունը, այսինքն՝ այդ բեռը դրված էր պետության վրա, եւ պետությունը պետք է ապահովեր շրջակա միջավայրի պահպանությունը, իսկ 2015 թվականի Սահմանադրության մեջ նշված է, որ պետությունը խթանում է շրջակա միջավայրի պահպանությունը․ այդ բեռը հանվել է պետության վրայից»,- ասաց բնապահպանը՝ հավելելով, որ սա նշանակում է՝ որեւէ մեկը պետք է ինչ-որ բան անի, որ հետո նոր պետությունը խթանի, եւ, բացի դա, հոդվածի շարունակության մեջ նշված է, որ յուրաքանչյուր ոք պարտավոր է պահպանել շրջակա միջավայրը։ Այսինքն՝ այդ պարտավորությունը պետությունից փոխանցվել է մարդուն, որը դա անելու որեւէ գործիք չունի՝ բացի փողոց դուրս գալը եւ բողոքի ցույցեր անելը։ «Քաղաքացին իր փոքր միջավայրում գուցե կարող է ինչ-որ բաներ անել, բայց եթե հանքարդյունաբերություն է եւ պետությունը պարտավորություն չունի պահպանելու շրջակա միջավայրը, այդ պարտավարությունը դնում է ժողովրդի վրա, որ ի՞նչ անի քաղաքացին։ Ամուլսարի նման սարերում 2 տարի նստի ու պաշտպանի՞։ Այսինքն՝ հիմա Ամուլսարի պաշտպաններին ինչ-որ հարցերում մեղադրում են, բայց ստացվում է, որ այդ մարդիկ իրենց սահմանադրական պարտականությունն են կատարում։ Նման պարտականություն է, օրինակ, բանակում ծառայելը կամ հարկեր վճարելը։ Ուրեմն, եթե ինչ-որ մեկը խոչընդոտի, ստացվում է, որ այդ մարդկանց սահմանադրական պարտականությունները կատարելուն են խոչընդոտում։ Նման բաներ կան, որոնք պետք է շտկվեն, որովհետեւ պետությունը պետք է այդ պարտավորություններն իր վրա պահի, որովհետեւ ինքն ունի գործիքները՝ փորձաքննություններ անել, տեսչական մարմինների ստուգումներ անցկացնել, խախտումները հայտնաբերել, եւ այլն։ Չի կարելի գլոբալ խնդիրների լուծումը դնել սովարական քաղաքացիների վրա»,- ասաց Վարդանյանը։  Իսկ ինչ վերաբերում է հարցին, թե ի վերջո Սահմանադրության մեջ ամրագրվելու պարագայում ինչ ձեւակերպում պիտի ունենա այդ իրավունքը, Վարդանյանն ասաց, որ, երկար պետք է մտածել նաեւ հոդվածի մասին, որպեսզի այն հնարավորինս հստակ լինի։ Լուսանկարը՝ hetq.am-ի։  Ասպրամ Փարսադանյան  
22:11 - 29 հուլիսի, 2020
Ինչպես ճիշտ կարդալ պաշտոնյաների հայտարարագրերը․ փաստաթուղթը՝ մանիպուլյացիայի պարարտ հող

Ինչպես ճիշտ կարդալ պաշտոնյաների հայտարարագրերը․ փաստաթուղթը՝ մանիպուլյացիայի պարարտ հող

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ հայտարարատու պաշտոնատար անձինք պարտավոր են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին ներկայացնել պաշտոնը ստանձնելու, տարեկան եւ պաշտոնը դադարեցնելու վերաբերյալ գույքի, եկամտի եւ շահերի հայտարարագիր, իսկ հայտարարատու պաշտոնատար անձանց հետ համատեղ բնակվող անձինք՝ միայն տարեկան հայտարարագիր: Այս գործընթացը կատարվում է հանրային ծառայության անցած անձանց թափանցիկությունն ապահովելու, ինչպես նաեւ կոռուպցիոն ռիսկերը բացահայտելու կամ կոռուպցիոն ռիսկերից խուսափելու համար: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն իր գործառույթների եւ լիազորությունների շրջանակում կանոնակարգում է հայտարարագրման գործընթացը, ստուգում եւ վերլուծում հայտարարագրերը, քննում եւ լուծում հայտարարագրման վերաբերյալ առկա խախտումների վերաբերյալ գործերը եւ այլն: Օրինակ` 2019 թվականին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հարուցել է վարչական իրավախախտումների վերաբերյալ 294 գործի վարույթ՝ 2018 թվականի տարեկան հայտարարագիրը «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված ժամկետում չներկայացնելու, հայտարարագրի լրացման պահանջների խախտմամբ ներկայացնելու, հայտարարագրում անզգուշությամբ սխալ կամ ոչ ամբողջական տվյալ ներկայացնելու առերեւույթ հատկանիշներով: Բացի հանձնաժողովի կատարած աշխատանքը` հայտարարատու պաշտոնատար անձանց ներկայացրած հայտարարագրերը ստուգելու, վերլուծելու, խախտումներն ու կոռուպցիոն բնույթի գործարքները բացահայտելու գործում մեծ դեր ունեն նաեւ հայտարարագրերն ուսումնասիրող լրագրողներն ու անհատները: Սակայն միայն կարդալը բավարար չէ վերլուծելու համար, անհրաժեշտ է կարողանալ ճիշտ կարդալ հայտարարագրերը: Պաշտոնը ստանձնելու հայտարարագիր Հայտարարատու պաշտոնատար անձինք պաշտոնը ստանձնելիս պարտավորվում են հայտարարագրել իրենց անշարժ եւ շարժական գույքը, արժեթղթերը եւ այլ ներդրումները, հանձնած փոխառությունները, 8 մլն ՀՀ դրամը գերազանցող ցանկացած գույք, դրամական միջոցները եւ ստացված եկամուտները՝ պաշտոնը ստանձնելու դրությամբ: Ընդ որում՝ ստացված եկամուտները հաշվվում են եւ հայտարարագրման ենթակա են պաշտոնը ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչեւ պաշտոնը ստանձնելու օրը: Պաշտոնը ստանձնելու եւ տարեկան հայտարարագրերը համեմատելիս հիմնական վրիպակը ստացված եկամուտների վերաբերյալ է լինում, քանի որ դեպքեր կան, երբ հայտարարագիր կարդացողը հաշվի չի առնում պաշտոնավարման ամիսն ու օրը, բացի այդ՝ մինչեւ պաշտոնավարելը ստացված եկամուտները կարող են ներառվել նաեւ տարեկան հայտարարագրում՝ այդպիսով առաջացնելով տարընկալումների հավանականություն: Դիտարկենք մամուլում հրապարակված մի քանի օրինակ՝ առավել լավ պատկերացնելու համար: Armdaily.am լրատվական կայքն իր «հայտարարագիր» բաժնում 2020 թվականի մարտի 21-ին հրապարակել էր «Պաշտոն ստանալուց հետո Գեղամ Գեւորգյանի եկամուտներն աճել են» վերտառությամբ նյութ, որտեղ գյուղատնտեսության արդեն նախկին նախարար Գեղամ Գեւորգյանի (2019 թվականի ապրիլից՝ ՏՄՊՊՀ նախագահ)՝ այդ պաշտոնը ստանձնելու եւ տարեկան հայտարարագրերի համեմատության արդյունքում եկել էր եզրահանգման, թե պաշտոնյայի եկամուտներն աճել են, քանի որ պաշտոնը ստանձնելու հայտարարագրում Գեւորգյանի եկամուտը եղել է 12 մլն 917 հազար ՀՀ դրամ, իսկ տարեկան հայտարարագրում նշված է 15 մլն 828 հազար ՀՀ դրամ: Այստեղ կա մի կարեւոր կետ, որը նյութի հեղինակը հաշվի չի առել կամ աչքից վրիպել է: Գեղամ Գեւորգյանի հայտարարագրած 12 մլն 917 հազար ՀՀ դրամը պաշտոնատար անձի պաշտոնը ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչեւ պաշտոնը ստանձնելու օրը ստացած եկամուտն է: Գյուղատնտեսության նախկին նախարար Գեղամ Գեւորգյանը պաշտոնը ստանձնել է 2018 թվականի հոկտեմբերի 15-ին, հետեւաբար՝ նշված եկամուտը նրա 9.5 ամսվա եկամուտն է: Տարեկան հայտարարագրում գյուղատնտեսության այդժամանակվա նախարար Գեղամ Գեւորգյանը ողջ տարվա համար հայտարարագրել է 15 մլն 828 հազար ՀՀ դրամ, որի մեջ ներառված է նաեւ պաշտոնը ստանձնելիս հայտարարագրած 12 մլն 917 հազար ՀՀ դրամը, որը Գեւորգյանը ստացել է նշված երկու աղբյուրներից (աշխատանքներից) եւ այլ եկամուտների մի մասից: Այսինքն՝ հայտարարագրած եկամտի 12 մլն 917 հազար ՀՀ դրամը Գեղամ Գեւորգյանը ստացել է մինչեւ պաշտոնավարելը: Հետեւաբար՝ պաշտոնավարումից հետո նրա եկամուտը կազմել է 2 մլն 911 հազար ՀՀ դրամ: Բացի այդ՝ երկու հայտարարագրերում էլ նախկին նախարարը նշել  է ստացված այլ եկամուտների մասին, որը չի գոյացել աշխատավարձից: Եթե դիտարկենք միայն աշխատավարձից ստացված եկամուտները, ապա մինչ նախարարի պաշտոնը զբաղեցնելը՝ Գեղամ Գեւորգյանը ամսական միջին կտրվածքով ստացել է 1 մլն 183 հազար ՀՀ դրամ աշխատավարձ, իսկ ահա պաշտոնավարելուց հետո նրա աշխատավարձը կազմել է 938 հազար ՀՀ դրամ: Նշենք, որ պաշտոնավարելուց հետո ստացած 2 մլն 344 հազար ՀՀ դրամը նախարարի 2.5 ամսվա աշխատավարձն է, քանի որ նա պաշտոնավարումը սկսել է 2018 թվականի հոկտեմբերի 15-ից: Եթե դիտարկենք Գեղամ Գեւորգյանի ստացած ողջ եկամուտները, ապա այս դեպքում էլ եկամտի աճ չի եղել: Պաշտոնը ստանձնելու հայտարարագրում Գեւորգյանի այլ եկամուտները կազմել են 1 մլն 675 հազար ՀՀ դրամ, տարեկան հայտարարագրում՝ 2 մլն 242 հազար ՀՀ դրամ, այսինքն՝ ավելացել են 567 հազար ՀՀ դրամով: Մինչ նախարարի պաշտոնը զբաղեցնելը՝ Գեւորգյանի ողջ եկամուտը կազմել է ամսական 1 մլն 360 հազար ՀՀ դրամ, պաշտոնը ստանձնելուց հետո՝ 1 մլն 164 հազար ՀՀ դրամ, այսինքն՝ նվազել է:  Այսպիսով՝ Armdaily-ի պնդումը, թե պաշտոն ստանալուց հետո Գեղամ Գեւորգյանի եկամուտներն աճել են, չի համապատասխանում իրականությանը կամ առնվազն մանիպուլյատիվ է: «Արայիկ Հարությունյանի եկամուտներն աճել են. ինչ ունեցվածք ունի նախարարը» վերտառությամբ հրապարակմամբ էլ ArmDaily-ն ներկայացրել էր ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հայտարարագրերը: Պետք է նշել, որ, իրոք, պաշտոնը ստանձնելուց հետո Արայիկ Հարությունյանի եկամուտները աճել են, սակայն հրապարակման մեջ կան որոշակի անճշտություններ՝ հայտարարագրի կարդալու եւ այն ճիշտ մատուցելու առումով: Հեղինակը գրել է, թե պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Արայիկ Հարությունյանի դրամական միջոցները կազմել են 480 հազար դրամ, իսկ եկամուտները` 1,841,688.00 դրամ, որը գոյացել է աշխատավարձից:  Սակայն պաշտոնական պարտականությունները ստանձնելու հունվարի 1-ից մինչեւ պաշտոնը ստանձնելու օրը հայտարարագրած եկամուտների միայն մի մասն է գոյացել աշխատավարձից: Սա կարեւոր է ընդգծել, քանի որ 1 մլն 842 հազար ՀՀ դրամ եկամտի միայն 689 հազար ՀՀ դրամն է եղել աշխատանքի վարձատրություն: Եկամտի մնացած մասը գոյացել է ստացված փոխառություններից (վարկերից): Նաեւ կարեւոր է նշել, որ աշխատավարձից ստացված 689 հազար ՀՀ դրամը Արայիկ Հարությունյանի 4.5 ամսվա եկամուտն է, քանի որ նա պաշտոնը զբաղեցրել է 2018 թվականի մայիսի 11-ին: Հետեւաբար, մինչեւ պաշտոնը ստանձնելը՝ Արայիկ Հարությունյանի միայն աշխատավարձից ձեւավորված մեկ ամսվա եկամուտը կազմել է 154 հազար ՀՀ դրամ: Արդեն տարեկան հայտարարագրում Արայիկ Հարությունյանը հայտարարագրել է ընդհանուր 7 մլն 716 հազար ՀՀ դրամ եկամուտ, որի մի մասը նույնպես գոյացել է ստացված փոխառություններից (վարկերից): Միայն աշխատավարձից ստացված եկամուտը կազմում է 6 մլն 48 հազար ՀՀ դրամ, այսինքն՝ ամսական 806 հազար ՀՀ դրամ: Այսպիսով՝ կարեւոր է ընդգծել նաեւ փոխառություն/վարկերից ստացված եկամուտները, քանի որ դրանք կապված չեն պաշտոնավարման հետ եւ կարող են տպավորություն ստեղծել, թե պաշտոնատար անձի ամբողջ եկամուտը գոյացել է աշխատավարձից: Երրորդ օրինակը, թերեւս ամենաակներեւ մանիպուլյատիվ ձեւակերպումներ պարունակող հրապարակումն է՝ դարձյալ ArmDaily-ից: 2020 թվականի ապրիլի 11-ին Armdaily-ն հրապարակել էր «Պատգամավոր դառնալուց հետո Լենա Նազարյանի եկամուտներն աճել են. նա բնակարան է ձեռք բերել» վերտառությամբ նյութ, որը կրկին մանիպուլյատիվ եւ իրականությանը չհամապատասխանող ձեւակերպումներ ունի՝ սկսած վերնագրից: Նյութի հեղինակը գրել է, թե 2017 թվականին պատգամավոր ընտրվելուց հետո Նազարյանը որպես անշարժ գույք հայտարարագրել է մեկ առանձնատուն, նրա դրամական միջոցները կազմել են 1մլն դրամ, իսկ եկամուտ չի եղել, իսկ պատգամավոր դառնալուց հետո նա 27.2մլն դրամով ձեռք է բերել բնակարան: Միայն այս մեկ պարբերությունում կարելի է հաշվել առնվազն մեկ կեղծ եւ մեկ մանիպուլյատիվ ձեւակերպում: «Պատգամավոր ընտրվելուց հետո տիկին Նազարյանը որպես անշարժ գույք հայտարարագրել է մեկ առանձնատուն» ձեւակերպումը չի համապատասխանում իրականությանը, քանի որ պաշտոնը ստանձնելու հայտարարագրում արդեն իսկ նշված է այն առանձնատունը, որի մասին գրել է ArmDaily-ն: Հետեւաբար՝ Լենա Նազարյանը նշված առանձնատունն ունեցել է մինչեւ պաշտոնը ստանձնելը եւ ոչ պաշտոնը ստանձնելուց հետո: ArmDaily-ն գրել է, թե Նազարյանի դրամական միջոցները նույնն են մնացել 2017 թվականի տարեկան հայտարարագրում, սակայն եկամուտներն աճել են` 28,192,000.00 դրամ, որից 24,480,000.00 դրամը ստացած վարկերից է եղել: Նշված թվերը համապատասխանում են հայտարարագրի տվյալներին։ Բայց դրանց ներկայացման ձեւը տպավորություն է ստեղծում, թե պատգամավորը պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո 27․2մլն դրամով ձեռք է բերել բնակարան, հետո նրա եկամուտները աճել են՝ դառնալով 28 մլն 192 հազար ՀՀ դրամ, որի մեծ մասը վարկերից է եղել։ Սակայն, համեմատելով բնակարանի արժեքը ստացած փոխառության (վարկի) հետ, կարելի է ենթադրել, որ Լենա Նազարյանը բնակարանը ձեռք է բերել վարկի միջոցով: Նազարյանի եկամուտները՝ չհաշված ստացված վարկերը, կազմել են 3 մլն 712 հազար ՀՀ դրամ, որը նրա 7.5 ամսվա եկամուտն է, քանի որ նա պաշտոնավարումը սկսել է 2017 թվականի մայիսի 18-ից: Հետեւաբար, Նազարյանի մեկ ամսվա աշխատավարձը կազմել է 495 հազար ՀՀ դրամ: Տեքստի հաջորդ պարբերության մեջ գրված է․ «2018 թվականի հայտարարագրում Նազարյանի եկամուտները նվազել են` 6,537,640.00 դրամ»: Տեղեկությունը համապատասխանում է Լենա Նազարյանի՝ 2018 թվականի տարեկան հայտարարագրում առկա տվյալին, սակայն կայքը չի նշել, որ 6մլն 538 հազար ՀՀ դրամը գոյացել է աշխատանքի վարձատրությունից։ Քանի որ 2017 թվականին Լենա Նազարյանը վարկային միջոցներով բնակարան է ձեռք բերել, տպավորություն է ստեղծվում, թե 2018 թվականին պատգամավորի եկամուտները նվազել են՝ ի տարբերություն 2017-ի: Սակայն, եթե դիտարկենք միայն աշխատավարձից ստացված եկամուտները, քանի որ փոխառություններից ստացված եկամուտները որեւէ կապ չունեն աշխատանքային գործունեության հետ, ապա Նազարյանի եկամուտները ոչ միայն չեն նվազել, այլեւ մի փոքր աճել են՝  կազմելով 545 հազար ՀՀ դրամ: Այսպիսով՝ ներկայացված օրինակները վկայում են, որ պաշտոնյաների գործունեության թափանցիկության համար կարեւոր է ոչ միայն վերարտադրել նրանց հայտարարագրերում նշված թվերը, այլեւ դրանք համեմատել ու վերլուծել ճիշտ եւ կատարել հիմնավորված պնդումներ՝ մանիպուլյատիվ ձեւակերպումներից զերծ մնալու համար: Տարեկան հայտարարագիր Մինչեւ 2019 թվականը՝ հայտարարատու պաշտոնատար անձինք տարեկան հայտարարագրում պարտավորվում էին հայտարարագրել միայն հարկային տարում ձեռք բերված եւ օտարված անշարժ եւ շարժական գույքը, թանկարժեք գույքը, արժեթղթերը եւ այլ ներդրումներ, հանձնած կամ վերադարձրած փոխառությունները, դրամական միջոցները եւ եկամուտները՝ հարկային տարում: Արդեն 2019 թվականի հայտարարագրում որոշակի փոփոխություններ եղան, որոնց արդյունքում հայտարարատու անձինք պարտավորվում են հայտարարագրել տվյալ տարվա սկզբում առկա անշարժ եւ շարժական գույքը, ինչպես նաեւ թանկարժեք գույքը, տվյալ տարվա ընթացքում ձեռք բերված եւ օտարված շարժական եւ անշարժ գույքը, ինչպես նաեւ թանկարժեք գույքը, տվյալ տարվա վերջում առկա անշարժ եւ շարժական գույքը, ինչպես նաեւ թանկարժեք գույքը, արժեթղթերը եւ այլ ներդրումները, հանձնված եւ վերադարձված փոխառությունները, բանկային ավանդները, դրամական միջոցները եւ ստացված եկամուտները: «Նոր  տրամաբանությունը  վերլուծություն անելու եւ հնարավոր կոռուպցիոն ռիսկերը բացահայտելու համար է: Հանձնաժողովի առաջարկությամբ այժմ ավելի շատ տվյալներ են ենթակա հայտարարագրման, քան նախկինում էր: Դա վերաբերում է հիմնականում գույքի ու եկամուտների ծագման աղբյուրին: Նախկինում հայտարարատու պաշտոնատար անձինք կարող էին չներկայացնել եկամտի կամ խնայողության ծագման աղբյուրը: Հիմա պարտադիր պետք է նարկայացնեն, թե որտեղից իրենց այդ գումարը: Եվ սա վերլուծության համար էական նշանակություն ունի»,- Infocom-ի հետ զրույցում ասաց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը: Մեր հարցին՝ հնարավո՞ր է հայտարարատու անձինք թաքցնեն հայտարարագրման ենթակա գույքն ու եկամուտները, Հարությունյանը բացասական պատասխան տվեց՝ նշելով, որ օրենսդրական փոփոխությունների արդյունքում այլեւս որեւէ տվյալ հայտարարատու պաշտոնյայի կողմից դիտավորությամբ թաքցնելու հնարավորությունը նվազել է: «Հանձնաժողովը նոր փոփոխությունների արդյունքում արդեն հասանելիություն ունի բանկային գաղտնիք հասկացությանը․ եթե հայտարարատու պաշտոնատար անձինք նախկինում կարող էին բանկային հաշվին առկա գումարները չհայտարարագրել՝ մտածելով, որ որեւէ աղբյուրից դա հայտնի դառնալ չի կարող, հիմա արդեն դրա հնարավորությունը սահմանափակվում է»,- նշեց Հանձնաժողովի նախագահը: Ինչ վերաբերում է հայտարարագրերում առկա պարտադիր եւ պաշտպանված դաշտերին, ապա նոր հայտարարագրերում պաշտպանված կարող են լինել բացառապես անձնական տվյալներին վերաբերող տողերը: Դրանք են` հանրային ծառայության համարանիշը, հաշվառման եւ փաստացի բնակության հասցեները, էլ. փոստի հասցեն, հեռախոսահամարը եւ նշումների համար նախատեսված տողը: «Այս մասով ունենք տեխնիկական խնդիր՝ տեխնիկական բազայի տեսանկյունից: Իրականում, մեր ամբողջ նպատակն ավելի շատ տվյալներ հասանելի դարձնելն էր հանրությանը, ու չափազանց փոքր թվով տվյալներ էինք փակել, որոնք վերաբերում էին բացառապես հասցեներին եւ երրորդ կողմի տվյալներին: Հիմա աշխատում ենք, որ երրորդ անձանց վերաբերյալ անուն ազգանունները եւ հասցեները պաշտպանված լինեն: Գույքային տվյալները չեն կարող պաշտպանված լինել՝ բացառությամբ այն դեպքերի, երբ կոդավորման մեջ խնդիր է եղել: Դա համակարգային խնդիր չէ, կարող է առանձին մարդկանց մոտ հանդիպել»,- ասաց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը՝ հավելելով, որ արդեն իսկ աշխատում են տեխնիկական խնդիրները վերացնելու ուղղությամբ, եւ այժմ հայտարարագրերի տվյալներն օգտագործելուց առաջ ցանկալի է զանգել ու նախապես ճշտել դրանք։ Նարեկ Մարտիրոսյան
15:37 - 29 հուլիսի, 2020
Ինչո՞ւ է տնօրենի պաշտոնը զբաղեցնող մարդը ձգտում լինել ֆիզիկապես ավելի լավ վիճակում գտնվող դպրոցի տնօրենի ԺՊ. 180 դպրոցի տնօրենի թեկնածու

Ինչո՞ւ է տնօրենի պաշտոնը զբաղեցնող մարդը ձգտում լինել ֆիզիկապես ավելի լավ վիճակում գտնվող դպրոցի տնօրենի ԺՊ. 180 դպրոցի տնօրենի թեկնածու

Դեռեւս 2019 թվականի նոյեմբերին անդրադարձել էինք Երեւանի թիվ 180 դպրոցի տնօրենի ընտրությանը, որն անցել էր մի շարք խախտումներով ու չեղյալ հայտարարվել։ 2019 թվականի սեպտեմբերից մինչ սույն թվականի հուլիսի 21-ը՝ դպրոցի ժամանակավոր պաշտոնակատարն էր Ամալյա Մաթոսյանը։ Սակայն հուլիսի 21-ին Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը ստորագրել է որոշում, որով Երեւանի Ներսես Մեծի անվան թիվ 124 դպրոցի տնօրեն Հայկ Բախչինյանը, որը 1 տարի եւ 6 ամիս է՝ ինչ այդ պաշտոնին էր (2019 թվականի փետրվարից), նշանակվել է թիվ 180 դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար՝ սեփական դիմումի համաձայն։ Քաղաքապետի՝ հուլիսի 21-ի մեկ այլ որոշմամբ էլ թիվ 124 դպրոցի տնօրենի պաշտոնակատար է նշանակվել նույն դպրոցի տնօրենի՝ ուսումնական աշխատանքների գծով տեղակալ Արմինե Աթաբեկյանը՝ մինչեւ սահմանված կարգով մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցը կզբաղեցներ կայն: Վերոնշյալ փոփոխությունների հնարավոր նպատակների եւ նշանակումների ողջամտության մասին զրուցել ենք Երեւանի թիվ 180 դպրոցի տարրական դասարանի ուսուցչուհի, դպրոցի տնօրենի թեկնածու Մարգարիտ Խաչատրյանի հետ։ - Տիկի՛ն Խաչատրյան, խնդրում եմ ներկայացրե՞ք դպրոցում ստեղծված իրավիճակի նախապատմությունը: - Նախապատմությունը հետեւյալն է․ նոյեմբերի մեկին կայացավ դպրոցի տնօրենի թափուր տեղի մրցույթը։ Ի թիվս 9 հավակնորդների՝ թեկնածուներից մեկն էլ ես էի։ Դպրոցի աշխատակիցներից միայն ես էի թեկնածուների շարքում։ Մրցույթին նախորդող մեկ տարում խոսվում էր մեկ հավակնորդի հնարավոր ընտրության մասին, որն էլ փաստացի այդ օրն ընտրվեց։ Պարզ է, թե ինչ է տեղի ունեցել․ վարչական շրջանի ղեկավարի հետ ազգակցական կապ եւ այլն։ Արդյունքում՝ մրցույթը չեղարկվեց։ Դպրոցի խորհրդի կազմի վերաբերյալ նույնպես ինչ-որ խնդիր կար, ես ինքս բողոքարկել էի մրցույթի արդյունքները։ Այսպես ասած «հաղթողը» սկզբում դիմել էր Երեւանի ընդհանուր իրավասության դատարան,  հետո՝ Վերաքննիչ դատարան, սակայն ոչ մի ատյանում իր բողոքը վարույթ չէր ընդունվել։ Ի վերջո, մարտի 25-ին Վարչական դատարանը վարույթ է ընդունել, հիմա  այն ընթացքի մեջ է, հաջորդ նիստը սեպտեմբերի 29-ին է տեղի ունենալու։ Քանի որ գործը դատարանում է, մարտի 17-ին տեղի ունենալիք երկրորդ մրցույթը կասեցվել է։ Բայց 17-ը արտակարգ դրության առաջին օրն էր, եւ եթե այդպես չլիներ, մրցույթը կայացած կլիներ, բայց այս պահին ունենք կասեցված մրցույթ, որին պետք է մասնակցեին 10 թեկնածու, որոնցից միայն ես եմ աշխատում այդ դպրոցում։ Այս անգամ թեկնածուներին մեկ հոգի է ավելացել, միգուցե կանխակալ վերաբերմունք արտահայտեմ, բայց կարծում եմ՝ այդ մարդն իմացել է, որ առաջին մրցույթում հաղթած թեկնածուն է հաղթելու։ Մինչեւ մրցույթը՝ նման խոսակցություններ կային։ - Ի՞նչ կարծիքի եք այս պահին առկա իրավիճակի եւ նոր նշանակումների  մասին։  - Նախորդ տարվա սեպտեմբերից դպրոցը ղեկավարում է պաշտոնակատարը՝ դպրոցի ուսումնական գծով տեղակալը։ Ամեն ինչ նորմալ է եղել այդ ընթացքում, բայց հիմա նա հրաժարվել է պաշտոնակատարի գործառույթներն իրականացնել, որ մնա միայն ուսմասվար։ Ես՝ որպես դպրոցի աշխատող, դիմում եմ ներկայացրել, որ դիտարկեն նաեւ իմ թեկնածությունը՝ որպես պաշտոնակատար։ Նախորդ պատասխանումս նշված 10-րդ թեկնածուն նույն համայնքում գործող տնօրեն է, բայց մարդն ուզում էր փոխել դպրոցը։ Նա Ավանի 124 դպրոցի տնօրենն է եւ այդ պաշտոնում նշանակվել է նախորդ տարվա փետրվարին։ Երբ ես դիմեցի ժամանակավոր պաշտոնակատար դառնալու համար, պարզվեց, որ ինքը նույնպես դիմել է։ Մեր՝ այդ պահին աշխատող պաշտոնակատարին մինչեւ ամսի 22-ը չեն ասում, որ ինչ-որ որոշում է կայացվել, ամսի 23-ին բերում ներկայացնում են նոր պաշտոնակատարին՝ նույն ինքը թիվ 124 դպրոցի՝ բառացիորեն նախորդ օրվա տնօրենին, քանի որ 22-ին իրեն ազատում են թիվ 124 դպրոցի տնօրենի պաշտոնից եւ նույն օրը նշանակում մեզ մոտ։ Իմ դիմումին ի պատասխան՝ հայտնել են, որ արդեն նշանակված է պաշտոնակատար։  - Ինչպե՞ս կմեկնաբանեք այն փաստը, որ նոր ուսումնական տարվա նախաշեմին տնօրենի պաշտոնակատար են նշանակել մեկին, որը դպրոցի հետ առնչություն չունի եւ տեղափոխվել է այլ դպրոցից: - Ես դիմումիս մեջ նշել եմ, որ 10 տարի է՝ աշխատում եմ այդ դպրոցում, դպրոցի ամբողջ անձնակազմի հետ ունեմ շատ լավ հարաբերություններ, ճանաչում եմ գրեթե բոլոր աշակերտներին եւ ծնողներին, գիտեմ խոցելի խմբերի խնդիրները, բացի այդ՝ անցել եմ բազմաթիվ վերապատրաստումներ։ Այսինքն՝ ոչ մի բանը չի գնահատվում։ Բացի այն բանից, որ բացարձակ անծանոթ մարդ է գալիս մեզ հետ աշխատելու եւ համավարակի պայմաններում հնարավոր է, որ ուսուցումը կրկին իրականացվի հեռավար, բնականաբար, անծանոթ անձնակազմի հետ ինքը չի կարողանալու այդ խնդիրները լուծել։ Հիմա, ստացվում է նաեւ, որ մի դպրոց էլ է մնում պաշտոնակատարի հույսին, եւս մեկ մրցույթ է սպասվում՝ դարձյալ իր խայտառակ հետեւանքներով։ Քանի որ ուսուցիչները արձակուրդում են, մանկավարժական խորհրդի նիստ չի եղել, եւ նոր պաշտոնակատարի նշանկվելու մասին մենք իմացել ենք մեր Viber-ի նամակագրությունում, որում նույնիսկ մի քանի աշխատակցիներ չկան։  Տեղյակ եմ նաեւ, որ ավագանու անդամներից մի քանիսը հարցում են ուղարկել քաղաքապետին, որպեսզի հասկանան այս ամենի պատճառները։ Պետք է տնօրենի պաշտոնից հրաժարվելու համար էլ բավարար պատճառներ նշվեն, թե ինչու է տնօրենի պաշտոնը զբաղեցնող մարդը ձգտում լինել, օրինակ, ֆիզիկապես ավելի լավ վիճակում գտնվող դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։  
21:05 - 28 հուլիսի, 2020
Պետական գնումների վերաբերյալ բոլոր հարցերը պետք է հանրային քննարկումների ճանապարհով լուծվեն․ Դավիթ Խաժակյան

Պետական գնումների վերաբերյալ բոլոր հարցերը պետք է հանրային քննարկումների ճանապարհով լուծվեն․ Դավիթ Խաժակյան

Երեւան քաղաքի ավագանու անդամ, «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի հետ զրուցել ենք համայնքային գնումների խնդիրների եւ «Գնումների մասին» ՀՀ օրենքի բացերի շուրջ։ - Պարոն Խաժակյան, բազմիցս անդրադարձել եք Երեւան քաղաքի կարիքների համար իրականացված գնումներում առաջացած տարբեր խնդիրների։ Դրանք ունեցել են նաեւ հանրային հնչեղություն։ Կխնդրեմ խոսել այն հիմնական օրենսդրական բացերի մասին, որոնք հնարավորություն են տալիս գնումների գործընթացները կազմակերպել օրենքում մանեւրներ անելով։ - Առաջին խնդիրը վերաբերում է տեխնիկական բնութագրերին․ այն հիմնական պարամետրերը, որոնք կարող է փոփոխել քաղաքային իշխանությունը կամ պետությունը, գնումը հայտարարած մարմինը, տեխնիկական բնութագրերն են, որոնց փոփոխությամբ հնարավոր է նեղացնել ընտրությունը։  Բնականաբար, նորմալ է, երբ տեխնիկական բնութագրի հիմքում ընկած է որակական հատկանիշների բարելավումը, եւ գնորդն ունի ցանկություն՝ ստանալ ապրանքի լավագույն որակը։ Բայց շատ հաճախ լինում են դեպքեր, երբ տեխնիկական բնութագրի մեջ նշվում են երկրաչափական տվյալներ, օրինակ՝ ավտոմեքենայի դեպքում, եւ այդ չափերով, ըստ էության, վճռորոշ է դառնում, թե որ մոդելի մեքենան պետք է գնվի, որովհետեւ քիչ է հավանականությունը, որ եթե 5-6 չափ վերցվի այդ մեքենայից, դա կբավարարի մեկ այլ մեքենայի։ Այս իմաստով՝ տեխնիկական բնութագրերի ձեւակերպումները որոշակի սողանցքեր են թողնում գնումը հայտարարող կողմի համար, եւ այդ սողանցքերով հստակ սահմանվում է, թե ինչ պետք է գնվի։ Թվում է, թե այդ տեխնիկական բնութագիրը շատերին է հնարավորություն տալիս մասնակցելու, բայց երբ դիտարկում ես պարամետրերը, հասկանում ես, որ դրանք մեկ մակնիշի կարող են բավարարել, միայն մեկ ապրանքի, եւ գնումն այդպես էլ լինում է։ Մեկ այլ օրինակ, երբ գրվում են տեխնիկական բնութագրի այնպիսի պարամետրեր, որոնք հակասում են իրար, եւ այն կազմակերպությանը, որը պարզապես մասնակցելու ցանկություն ունի եւ ներսում չունի մարդ, որն իրեն խորհուրդներ կտա, թվում է, որ հնարավոր է՝ այդ պարամետրերով իրեն մերժեն։ Արդյունքում ստացվում է, որ շահում է այն կազմակերպությունը, որի դեպքում այդ պարամետրերն ընդունելի են։ Այսինքն՝ հիմնական խնդիրը տեխնիկական բնութագրերին է վերաբերում, որոնք հնարավոր է այնպես ձեւակերպել, որ իրականում լինի ոչ թե մրցակցային, այլ ի սկզբանե կանխորոշված, որ մեկ կազմակերպություն է հաղթելու։ Եղել է կոնկրետ դեպք, երբ հայտարարվել է մրցույթ, եւ մասնակիցներից մեկը գտել է, որ խնդիր կա տեխնիկական բնութագրերում։ Դրա վերաբերյալ դիմել է եւ գնումը հայտարարող մարմնից պարզաբանում է ստացել։ Հետագայում էլ դիմել է Գնումների բողոքարկման խորհրդին։ Բայց հիմանականում այն դեպքերն են, երբ խնդիրը վերաբերում է շատ բարդ կարգավորում ունեցող գնումների։ Երեւանի դեպքում, օրինակ, աղբամանների գնումն էր, երբ տեխնիկական բնութագրերում գրված էին այնպիսի պարամետրեր, որոնք պետք է բխեին միջազգային ստանդարտից։ Առաջին հայացքից, երբ ընթերցում էիր, թվում էր՝ կարող են լինել այդպիսի բնութագրեր, բայց երբ ծանոթանում էիր միջազգային ստանդարտին, հասկանում էիր, որ իրարամերժ են։ Բայց քանի որ գնումների բողոքարկման խորհրդում քննող անձինք միշտ չէ, որ այդքան խորամուխ են լինում եւ այդպիսի նեղ ոլորտներ են ուսումնասիրում, ստացվում է, որ մակերեսային են նայում եւ ասում՝ ամեն ինչ նորմալ է։ Կոնկրետ դեպք է եղել, որ հաղթել է կազմակերպություն, որը համոզված էր, որ մրցույթը չի վիճարկվի եւ չեն ասի, որ իր պարամետրերը խնդրահարույց են։ Նաեւ վերջերս պրակտիկա է ավելացել, որ քաղաքապետարանը, առանց պայմանագրում նման կետի առկայության, մատակարարից պահանջում է փորձաքննություն, մինչդեռ դրա համար Հայաստանում բավարար պայմաններ չկան։ Ստացվում է, որ եթե կազմակերպությունը մասնակցի մրցույթին, հետագայում կարող է հանձնման-ընդունման ժամանակ ասեն՝ քո ապրանքը չի համապատասխանում, այնինչ ի սկզբանե այդ կետը չէր էլ կարող բավարարվել՝ ելնելով տարբեր տիպի ստանդարտներից։ - Արդյոք Երեւան համայնքի համար անհրաժե՞շտ են առանձին կարգավորումներ՝ հաշվի առնելով այն, որ Երեւան քաղաքի բյուջեն, կարիքները բավականին մեծ են՝ ի համեմատ ՀՀ-ում այլ քաղաքային համայնքների։ - Ճիշտ է՝ Երեւանի հարցում գնումների ծավալը մեծ է, բայց կարգավորումները նույնն են։ Միակ խնդիրը վերաբերում է մշակութային գնումներին, երբ տեխնիկական բնութագրով հնարավոր չէ շատ բան սահմանել։ Օրինակ՝ հնարավոր չէ երգչի համար պարամետրեր սահմանել, որ գա այս կամ այն ոճի երգիչը, որ չգա ռաբիսը, այլ գա քաղաքական ֆոլկլյորի ներկայացուցիչ։ Սա, ըստ էության, անհնար է, եւ դրա համար բաշխում են որպես առանձին ծախս, եւ մեկ անձից գնում են իրականացնում։ Անցած տարվա ընթաքում փոփոխություն իրականացվեց, որ մշակութային գնումները, այդ թվում՝ տեխնիկական բնույթի, դրվեցին մեկ անձի տակ, եւ հիմա հնարավոր է այդ ամբողջ միջոցառումներն իրականացնել մեկ անձից գնումով, ինչն, իհարկե, վատ է, որովհետեւ դաշտում կան մարդիկ, որ ունեն համապատասխան տեխնիկա եւ այլն, բայց միշտ մեկից է գնվելու։ Հարցն այն է, որ մշակութային գնումների տեխնիկական մասի պարամետրերը հնարավոր է սահմանել։ Եթե մեր օրենսդրությունը ճիշտ կիրառվեր, ապա խնդիրների չէինք բախվի, բայց իրենք որոշեցին ամբողջ ծավալը դնել մեկ անձից գնման տակ։ - Անդրադառնանք նաեւ շենքերի, ճանապարհների շինարարության դեպքում իրականացվող տեխնիկական հսկողությանը։ Արդյոք պետք է հսկողությունը վստահել մասնավո՞ր ընկերության, թե՞ կարելի է մասնագիտական խորհուրդներ ձեւավորել եւ դրանց միջոցով գնահատել։ - Տեխնիկական հսկողությունը մասնագիտական աշխատանք է եւ պահանջում է մեծ ռեսուրներ։ Շատերին կարող է թվալ, թե մի քանի հոգի կարող են հետեւել Երեւանում տեղի ունեցող ասֆալտապատմանը, բայց դա անհնար է, ուստի յուրաքանչյուր կտորի համար պետք է լինի իր տեխհսկիչը։ Ակնհայտ է, որ մասշտաբը թույլ չի տա, որպեսզի լինի ինչ-որ խորհուրդ, պետք է լինի վճարովի աշխատանք, միանշանակ։ Կարող է քննարկվել, օրինակ, քաղաքապետարանի կողմից տեխհսկողներ ընդունելու հարցը, բայց դա կլինի անարդյունավետ ծախս, որովհետեւ տեխհսկողություն անհրաժեշտ է որոշակի շինարարական սեզոնների, եւ դա որպես ծառայություն ներգրավելն ավելի արդյունավետ է։ Հակառակ դեպքում պետք է որոշակի հաստիքների համար ընդունել մարդկանց, որոնք աշխատելու են միայն այն ժամանակ, երբ կատարվելու է շինարարություն։ Նույն օրվա ընթացքում կարող է լինել շինարարական աշխատանք ե՛ւ շքամուտքի վերանորոգման տեսքով, ե՛ւ ասֆալտապատման տեսքով, ե՛ւ զուգահեռ կարող է մանկապարտեզի վերանորոգում ընթանալ, եւ այլն։ Հետեւաբար, ստացվում է, որ դրանցից յուրաքանչյուրի համար առանձին տեխհսկողնոր են պահանջվելու, եւ դրանք չեն կարող լինել քաղաքապետարանի աշխատակիցներ։ Իմ կարծիքով՝ պետք է լինի մասնավոր կազմակերպություն, սակայն որոշակի կաշկանդվածություն լինի։ Բայց ռեալ հարցը հանձում-ընդունման ժամանակ է, երբ քաղաքապետարանը պետք է մանրամասն ուսումնասիրի կատարված աշխատանքը, ունակությունները, եւ այլն։ Եթե շինբարեկարգման վարչությունը՝ որպես վերջին ընդունող, աչք չփակի եղած թերացումների վրա, ապա խնդիր չի առաջանա։ Թվում էր՝ բանկային երաշխիքը լավ գաղափար էր, բայց երաշխիքի թիվն այնքան մեծ պահանջ դրեց տեխհսկողների առջեւ, որ գրեթե ողջ շուկան դուրս մնաց, եւ անհասկանալի է՝ ով սկսեց շահել․ մի դեպքում կազմակերպություններ էին, որ բանկային կեղծ երաշխիքներ էին ներկայացնում, մյուս դեպքում կազմակերպություններ էին կամ մարդիկ, որոնց ֆինանսական ռեսուրսներն ուսումնասիրելիս հասկանում ես, որ չէին կարող տիրապետել 38 մլն դրամի, որ տրամադրեին որպես բանկային երաշխիք։ Այս իմաստով՝ ակնհայտ է, որ առնվազն ուսումնասիրության առարկա պետք է դառնա, որ իրականում շինարարներն են վճարում բանկային երաշխիքները՝ շահագրգռված լինելով, որ իրենց աշխատանքը կատարեն․ այսինքն՝ ինչ-որ կազմակերպության փոխարեն վճարում է բանկային երաշխիքի գումարը, եւ այդ կազմակերպությունն իրական տեխհսկում չի իրականացնում։ Այստեղ մի բարդ շղթա է ստացվում։ Կարծում եմ՝ պարզապես պետք է համակարգն առողջացվի, բանկային երաշխիքը պահանջվի, բայց ոչ աստղաբաշխական թվերով, որովհետեւ եթե 5-10 մլն պետք է աշխատես, 30-40 մլն չես տրամադրի, որ երկարաժամկետ սառեցվի, դա պետք է ողջամիտ գումար լինի։ Իսկ քաղաքապետարանը հանձնում-ընդունման ժամանակ պետք է օբյեկտիվ գտնվի եւ աչք չփակի թերացումների վրա։ - Ինչպես արդեն նշեցիք՝ համայնքային միջոցառումներ կազմակերպելիս հաճախ է կիրառվում մեկ անձից գնում, լինում են դեպքեր, երբ գնումը կատարվում է փոխկապակցված ընկերություններից։ Այս մասով ինչպիսի՞ն պետք է լինի հանրային վերահսկողությունը։ Արդյոք նմանատիպ գնման ընթացակարգերը պե՞տք է ուղեկցվեն նաեւ հանրային քննարկում կազմակերպելով եւ որոշումների կայացման փուլում քննարկման տեսակետները հաշվի առնելով։ - Գնումների վերաբերյալ բոլոր հարցերը պետք է հանրային քննարկումների ճանապարհով լուծվեն, եւ մասնակցեն նաեւ շահագրգիռ կազմակերպություններ, որոնք պատկերացումներ ունեն, թե ինչն է հնարավոր անել, ինչը՝ ոչ, հասկանալ իրենց բողոքների օբյեկտիվ հիմքերը եւ փոփոխություններ իրականացնել՝ ըստ այդմ։ Բայց, ցավոք սրտի, ինչպես բանկային երաշխիքի, այնպես էլ մշակութային միջոցառումների դեպքում մեկ անձից գնման մասով որոշումներն առանց հանրային քննարկման եղան, ինչը հանգեցրեց նրան, որ շատ կազմակերպություններ դուրս մնացին գործընթացից, եւ ստացվեց՝ «ունքը սարքելու փոխարեն՝ աչքը հանեցին»։ Կարծես՝ հանրային քննարկումների պրակտիկան ընդհանրապես մոռացվել է։ Ինչ վերաբերում է միջոցառումների ժամանակ մեկ անձից գնման պրակտիկային՝ մեր պետական մարմինները հայտարարում են մեկ անձից գնում, այնպես են անում, որ ամսվա վերջին հայտարարեն մեկ անձից գնման մրցույթ, եւ ասում են՝ մարտի 8-ին բան չմնաց, պետք է մեկ անձից գնման միջոցով անենք։ Ստացվում է, որ մարտի 8-ը պատահական առաջացած օր է, ու պետք է մեկ անձից գնումով անեն։ Դրա համար, եթե մրցույթները ժամանակին հայտարարեն, նման խնդիր չեն ունենա։ Նույն խնդիրը եղավ սեպտեմբերի 21-ի միջոցառումներից առաջ։ Եթե թափանցիկություն լինի, հիմնավորում լինի, թե ինչու մեկ անձից, եւ այդ հիմնավորումը լինի օբյեկտիվ, ընկալելի կլինի, եթե ոչ, հասկանալի կլինի, որ իրենց պարզապես հարմար է գնումը մեկ անձից անել։ Արփի Ավետիսյան
21:41 - 27 հուլիսի, 2020
Հայկ Սարգսյանը իր գործողությունների համար  կտուգանվի․ նա ասաց, որ կապ չունի խնջուքի կազմակերպման հետ․ Լիլիթ Մակունց

Հայկ Սարգսյանը իր գործողությունների համար կտուգանվի․ նա ասաց, որ կապ չունի խնջուքի կազմակերպման հետ․ Լիլիթ Մակունց

Քիչ առաջ հեռախոսազրույց եմ ունեցել Հայկ Սարգսյանի հետ, նա ինձ տեղեկացրեց, որ ինքը որևէ միջոցառում չի կազմակերպել, մի քանի օրով գտնվում է հանգստյան գոտում, որտեղ նաև այլ քաղաքացիներ են իրենց հանգիստը կազմակերպում։ Տեղեկացրեց, որ անզգուշություն է թույլ տվել մի պահ գտնվելով այդ վայրում, որը եղել է մարդաշատ, և ինքը եղել է առանց դիմակի։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ընթացքում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով` երեկ Սևանում՝ White Shorja լողափում տեղի է ունեցած խնջույքին, որին մասնակցում էր նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը։ Ըստ մամուլում շրջանառվող  լուրերի խնջույքը կազմակերպել էր հենց Սարգսյանը, իսկ տեսանյութերում երևում էր, որ վերջինս չի պահպանել պարետատան կողմից սահմանված կանոնները։  «Հայկ Սարգսյանը հայցում էր «Իմ քայլը» խմբակցության ներողամտությունը, որ անզգուշություն է թույլ տվել և դիմակ չի կրել։ Ես որքանով տեղյակ էմ, պետք է որ Հայկ Սարգսյանը իր գործողությունների համար արդեն իսկ տուգանված լինի։ Ես կարծում եմ, որ հարցը՝ արդյո՞ք Հայկ Սարգսյանը կապ ունի այդ հանգստյան գոտու հետ կարող եք նաև դուք ինքներդ ուղղել իրեն, բայց իմ հարցին ի պատասխան նա նշեց, որ կապ չունի թե՛ հանգստյան գոտու, և թե՛ միջոցառման կազմակերպման հետ։ Ինչ վերաբերում է պատասխանատվությանը, ապա  պարետատան պահանջներին համապատասխան, եթե անգամ անզգուշություն է եղել այդ պահին, միևնույնն է այդ պատժամիջոցները կկիրառվեն նաև Հայկ Սարգսյանի նկատմամբ»,- նշեց Մակունցը։  
14:34 - 27 հուլիսի, 2020
Գնահատելով սեփական ուժերի անզորությունը՝ Ադրբեջանի իշխանությունները անում են հնարավոր ամեն բան, որպեսզի Թուրքիան ներգրավվի այս կոնֆլիկտում․ Լիլիթ Մակունց

Գնահատելով սեփական ուժերի անզորությունը՝ Ադրբեջանի իշխանությունները անում են հնարավոր ամեն բան, որպեսզի Թուրքիան ներգրավվի այս կոնֆլիկտում․ Լիլիթ Մակունց

Ճիշտ կլինի խորհրդարանական դիվանագիտությանն անդրադառնամ Տավուշի դեպքերի հետ կապված, որովհետև առհասարակ կախված է նրանից,թե մենք ինչ շեշտադրումներով ենք խոսում ։ Գիտենք, որ խորհրդարանական դիվանագիտության արդյուքնները օրով չեն և միանգամից չեն կարող ակնհայտ լինել, բայց այս երկու տարվա արդյունքում ակնհայտ էր, որ պատգամավորները իրենց գործուղումների ընթացքում կարողանում են ճիշտ ներկայացնել ՀՀ շահերից բխող բոլոր շեշտադրումները, ինչպես նաև այնպիսի գործընկերային կապ հաստատել, որը հնաևավորություն կտար այս ընթացքում նաև արագ արձագանքման միջոցով արագ արձագանքել Ադրբեջանի ագրեսիային։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ընթացքում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով խորհրադարանական դիվանագիությանը և կատարաված աշխատանքներին։  Անդրադառնալով օրերս ԱՄՆ կոնգրեսի կողմից ընդունված բանաձևին, որը տարբեր մեկնաբանություններով համարվում է հակահայկական, չնայած դրանում Հայաստանի մասին որևէ կետ չկա, սակայն, ըստ բանաձևի՝ ԱՄՆ Պետարտուղարը Պաշտպանության քարտուղարի հետ մեկտեղ պետք է զեկույց ներկայացնի Ուկրաինային՝ Վրաստանում, Մոլդովայում և Ադրբեջանում ներքին տեղահանվածների մասին։ Բացի դա զեկույցում պետք է ներգրավվի 1991-ից ի վեր օտարերկրյա ուժերի կողմից այդ երկրների ապօրինի գրավյալ տարածքներից տեղահնվածների և սպանվածների թվի վերաբերյալ։ Մակունցը նշեց, որ ըստ որոշ մեկնաբանությունների և  առանձին փորձագետների մեկնաբանությունների այս բանաձևը դիտարկվում է հակառուսական որոշակի շեշտադրումներով բանաձև։ Խմբակցության ղեկավարը իր խոսքում նշեց․ «Հավանաբար տեղյակ եք, որ նախնական տարբերակում եղել են մի քանի երկրներ, կարծում եմ Տավուշի դեպքերի հետ կապված, և նաև սահմանային սրացումների հետ կապված,  վերջին պահին ադրբեջանական լոբբինգի  շնորհիվ Ադրբեջան պետության անվանումը նույնպես ներառվել է բանաձևում, որը իհարկե ներառում է մեր շահերից չբխող շեշտադրումներ։ Բարդ բանաձև է , որի կապակցությամբ թե՛ Հայ դատը, և՛ թե հայկական կոնգրեսը, ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը ձեռնարկում են անհրաժեշտ գործողություններ, բայց ներկայացուցիչների պալատն արդեն ընդունել է բանաձևը, տեսնենք ինչ զարգացումներ կլինեն Սենատում»։ Խոսելով վերջին շրջանում Թուրքիայի գործելաոճի  մասին, պատգամավորը նշեց, որ ըստ իրեն՝ Ադրբեջանը հստակ գնահատելով սեփական ուժերի և սեփական Զինված ուժերի անզորությունը  Ադրբեջանի իշխանությունները անում են հնարավոր ամեն բան, որպեսզի Թուրքիան ներգրավվի այս կոնֆլիկտում։  « Ես կարծում եմ, որ Թուրքիան չի գնա նման քայլի և որևէ կերպ կոնֆլիկտի կողմ չի հանդիսանա, և դ ա հիմանվորում եմ հետևյալ ենթադրություններով՝1․կողմ դառնալու պարագայում, այն դեպքում, երբ խոսքը գնում է Ադրբեջանի ագրեսիայի դրսևորման  մասին՝ ՀՀ պետական սահմանների նկատմամբ, Թուրքիայի կողմ  դառանլու պարագայում ոչ միայն Հայաստանում այլև աշխարհում դիտարկվելու է Ցեղասպանության համատեքստում։ 2․ Այն պարագայում, երբ աշխարհի մի շարք երկրներ ճանաչել են Հայոց Ցեղասպանությունը  և հաշվի առնելով նաև, որ Թուրքիան արդեն իսկ մի շարք տարածաշրջաններում ներգրավված է որպես կոնֆլիկտի ուղղակի կողմ, պարզապես Թուրքիայի այդ գործողությունները չեն ընդունվելու աշխարհի մի շարք պետությունների կողմից։ Այդ պատճառներով չեմ կարծում, որ այս պարագայում կներգրավվեն։ Ինչպես հասկանում ենք տարբեր վերլուծությունների արդյունքում, Թուրքիայի շարժառիթը պայմանավորված է  Ադրբեջանի ստահոդ քարոզչությամբ։ Իրենք փորձում էին համոզել, որ Հայաստանը փորձում է գազատար և նավթատար խողովակների նկատմամբ ոտնձգություն իրականացրել և դրանով փորձում էին Թուրքիան խրախուսել, որ ներգրավվի»,- եզրափակեց Մակունցը։ 
14:20 - 27 հուլիսի, 2020