Արման Թաթոյան

Արման Հակոբի Թաթոյանը (դեկտեմբերի 18, 1981Երեւան) ՀՀ մարդու իրավունքների 4-րդ պաշտպանը։ Պաշտոնավարման ժամկետն ավարտվել է 2022թ․ հունվարի 24-ին։

1998-2007թթ. - սովորել եւ գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։ Իրավաբանական գիտությունների թեկնածու է, 1 մենագրության եւ 27 գիտական հոդվածների հեղինակ եւ համահեղինակ։ 2012-2013 թթ. ավարտել է ԱՄՆ Փենսիլվանիայի համալսարանը։

  • 2010–2013 թթ. - ՀՀ Սահմանադրական դատարանի խորհրդական։
  • 2011 թվականից - Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեում ՀՀ ներկայացուցիչ։
  • 2013 թ. նոյեմբերի 19-ին նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ։
  • 2013 թվականից- ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի տեղակալ։
  • 2016 թ. փետրվարի 23-ին ՀՀ ԱԺ-ի կողմից 96 կողմ, 7 դեմ հարաբերակցությամբ ընտրվել է ՀՀ ՄԻՊ։
Ձեռք ենք բերել նոր ապացույցներ՝ Ադրբեջանի կողմից քիմիական տարրեր (հնարավոր է՝ սպիտակ ֆոսֆոր) պարունակող զինատեսակի կիրառության վերաբերյալ․ ՀՀ ՄԻՊ

Ձեռք ենք բերել նոր ապացույցներ՝ Ադրբեջանի կողմից քիմիական տարրեր (հնարավոր է՝ սպիտակ ֆոսֆոր) պարունակող զինատեսակի կիրառության վերաբերյալ․ ՀՀ ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ այսօր ՄԻՊ աշխատակազմի բժշկի ու իրավաբանների հետ Այրվածքաբանության ազգային կենտրոնում ձեռք է բերել նոր ապացույցներ՝ ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախում քիմիական տարրեր (հնարավոր է՝ սպիտակ ֆոսֆոր) պարունակող զանգվածային ոչնչացման զինատեսակի կիրառության վերաբերյալ: «Ուսումնասիրությունները կատարել ենք հատուկ սարքերի օգնությամբ: Արձանագրված փաստերը հիմնավոր են դարձնում այդ ենթադրությունը: Բժիշկների եզրակացությամբ՝ զինծառայողների վնասվածքները, այտուցները (հատկապես վերին վերջույթներում) պահպանվում են տևական ժամանակ, այրվածքներից առաջացած վերքերը տեղ-տեղ խորն են, մոխրացած եզրերով, մերթընդմերթ՝ արյունահոսող, բուժմանը՝ դժվար ենթարկվող:   Արյան մեջ նկատվում է կալցիումի և հեմոգլոբինի ցածր մակարդակ (հիպոկալցեմիա), դիտվում է լյարդի և փայծաղի չափերի մեծացում (հեպատոսպլենոմեգալիա): Ըստ մասնագետ բժիշկների՝ կիրառված զինատեսակներից արտանետված նյութերը շնչուղիներով օրգանիզմ ներթափանցելու դեպքում առաջանում է ներքին օրգանների ախտահարում, ինչը կարող է հանգեցնել առողջության երկարատև քայքայման, ընդհուպ՝ մահվան:   Ըստ բժիշկների՝ պատերազմի առաջին օրերից տարբեր աստիճանի այրվածքներ ստացած անձանց մեծ մասի մոտ դրանք տարբերվել են մինչ այդ իրենց պրակտիկայում հանդիպած դեպքերից:   Այցի ընթացքում տեղի են ունեցել քննարկումներ բուժանձնակազմի հետ, առանձնազրույցներ վիրավորում ստացած զինծառայողների, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամների հետ:   Վերը նշված և բոլոր մյուս փաստերը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ստացել են անհրաժեշտ իրավական ամրագրում, կկատարվեն լրացուցիչ մասնագիտական ուսումնասիրություններ ու ըստ արդյունքների՝ կձեռնարկվեն անհրաժեշտ քայլեր:   Այս արձանագրումները հնարավոր են եղել նաև Այրվածքաբանության ազգային կենտրոնի բուժանձնակազմի բարձր որակի պրոֆեսիոնալ նմուշառման ու բարեխիղճ փաստագրման շնորհիվ: Կենտրոնի ղեկավար կազմի և բուժանձնակազմի հետ մեր համատեղ աշխատանքները կկրեն շարունակական բնույթ,- ասված է ՄԻՊ-ի տարածած հայտարարությունում»:
22:25 - 05 դեկտեմբերի, 2020
ՀՀ ՄԻՊ-ի դիրքորոշումը «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի, այդ թվում՝ ԿԳՄՍ նախարարի կողմից բուհի ռեկտոր նշանակելու հարցի վերաբերյալ

ՀՀ ՄԻՊ-ի դիրքորոշումը «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի, այդ թվում՝ ԿԳՄՍ նախարարի կողմից բուհի ռեկտոր նշանակելու հարցի վերաբերյալ

ՀՀ Կառավարության դեկտեմբերի 3-ի նիստում հաստատված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի և կից օրենքների նախագծերի փաթեթն ունի՝ 1) բովանդակային անընդունելի լուծումներ․ 2) մշակման և քննարկման ընթացակարգային խնդիրներ: Այս մասին Ֆեյսբուքի էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:   «Չնայած հանրային կարևորությանը՝ այդ օրենսդրական նախաձեռնությունը համարվել է անհետաձգելի, նիստի օրակարգում ընդգրկվել է որպես չզեկուցվող հարց և ընդունվել է առանց քննարկման:  Ներկայացնում եմ իմ մի շարք հիմնական դիտողությունները «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ՝ հաշվի առնելով Սահմանադրության 38-րդ հոդվածով երաշխավորված՝ կրթության իրավունքի պահանջները՝  1. Նախագծում ամրագրված է, որ նոր ստեղծվող կամ վերակազմավորման, բաժանման, միաձուլման ձևով վերակազմակերպվող բուհում (գիտական կազմակերպությունում) մինչև կառավարման խորհրդի ձևավորումը համապատասխան ոլորտի լիազոր մարմնի ղեկավարը նշանակում է ռեկտորի (տնօրենի) պաշտոնակատար մեկ տարուց ոչ ավելի ժամկետով:  Սա նշանակում է, որ նախագիծը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին վերապահում է միանձնյա իրավասություն՝ նշանակելու բարձրագույն ուսումնական հաստատության ռեկտորի կամ գիտական կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար:  Այս լուծումը խիստ մտահոգիչ է, առաջին հերթին, հենց բուհերի ինքնակառավարման իրավունքի, ակադեմիական և հետազոտությունների ազատության երաշխավորման տեսանկյունից:  Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին նման իրավասություն վերապահելն անթույլատրելի ու այն էլ կոպիտ միջամտություն է բուհի կամ գիտական կազմակերպության ինքնակառավարման սահմանադրական իրավունքին, քանի որ այդպիսով ամրագրվում է գործադիր իշխանության բարձրագույն մարմնի ուղիղ ազդեցությունը դրանց ինստիտուցիոնալ կառավարման համակարգի մեջ:  4. Բուհական ինքնավարությունն ընկած է կրթության իրավունքի հիմքում ու թե՛ կազմակերպական, թե՛ ակադեմիական և թե՛ ռեսուրսների կառավարման հարցերով առավել խոցելի է դարձնում նախագծի 39-րդ հոդվածի 13-րդ մասի լուծումը.  «Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո մինչև 2023 թվականի հունվարի 1-ը առաջին անգամ վերակազմավորման, բաժանման կամ միաձուլման ձևով վերակազմակերպվող բուհերում և գիտական կազմակերպություններում համապատասխան ոլորտի լիազոր մարմնի ղեկավարը նշանակում է ռեկտոր (տնօրեն) հինգ տարուց ոչ ավելի ժամկետով: Սույն մասով նախատեսված կարգով նշանակվող ռեկտորի (տնօրենի) նկատմամբ սույն օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները չեն կիրառվում»: Ընդ որում՝ այս կանոնը ներկայացված է իբրև նախագծի անցումային դրույթ:  ԿԳՄՍ նախարարին բուհի ռեկտոր կամ գիտական կազմակերպության տնօրեն նշանակելու իրավասությունը հակասում է կրթության իրավունքի երաշխավորման իրավաչափ նպատակի էությանը:   Անթույլատրելի է նաև նման պահանջը ներկայացնելը որպես անցումային դրույթ ու այն էլ այն մասին, որ ԿԳՄՍ նախարարի կողմից նշանակվող ռեկտորը կամ տնօրենը կարող է պաշտոնավարել ողջ հինգ տարի ժամկետով: Այսինքն՝ ստացվում է, որ անցումային դրույթի ուժով նախարարը կարող է որևէ անձի նշանակել պաշտոնավարության այն նույն ամբողջական ժամանակահատվածով, որ կարող էր անել սովորական պայմաններում:  Այս անթույլատրելի մոտեցումն առավել խորացնում է նախագծի այն կանոնը, որ, փաստորեն, գործադիր իշխանության մարմնի ղեկավարին, այսինքն՝ նախարարին, իրավունք է վերապահվում միանձնյա որոշմամբ նշանակել ռեկտոր կամ տնօրեն՝ անտեսելով այդ պաշտոնը զբաղեցնելու համար թեկնածուներին առաջադրվող պահանջները:  5. Նախագծի այս կարգավորումները հակասում են նաև Եվրոպական համալսարանների մեծ խարտիային, Բարձրագույն կրթության որակի ապահովման Եվրոպական ասոցիացիային (ENQA), Համաշխարհային բանկի Հայաստանի վերաբերյալ զեկույցին և միջազգային այլ պահանջների:  6. Նախագիծը պարունակում է նաև բուհական ինքնավարության համար խոցելի այնպիսի դրույթներ, որոնք վերաբերում են բուհի կառավարման խորհրդի կազմի համամասնությանը:  7. Այսպիսով, նախագծի կարգավորումներն ուղղակիորեն վտանգում են ՀՀ Սահմանադրության 38-րդ հոդվածով երաշխավորված կրթության իրավունքն ու հակասում են այդ իրավունքի հիմքում ընկած բուհերի ինքնակառավարման իրավունքին, ակադեմիական և հետազոտությունների ազատությանը:  8. Նախագծի լուծումները չեն արտացոլում նաև կրթության և գիտության ոլորտի, բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտական կազմակերպությունների հրապարակային, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանին նրանց առանձին ներկայացրած մտահոգությունները: Խոսքը վերաբերում է նաև նախագծերը հապճեպ հավանության արժանացնելուն և բարձրաձայնված խնդիրները ԿԳՄՍ նախարարության կողմից անտեսելուն:  Ընդ որում, ինչպես երևում է Երևանի պետական համալսարանի դեկանների դեկտեմբերի 4-ի հայտարարությունից, խոսքը վերաբերում է բազմաթիվ ու այն էլ էական դիտողությունների, որոնք առնչվում են Հայաստանում կրթության և գիտության զարգացմանը: ԿԳՄՍ նախարարության այսպիսի մոտեցումները բացարձակ անթույլատրելի են:  9. Մարդու իրավունքների պաշտպանին կարծիքի ներկայացված և Կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացած նախագծերի տարբերակները նույնպես սկզբունքորեն տարբերվում են: Դրանք լիարժեք չեն արտացոլում մեր դիտարկումները:  10. Ստեղծված պայմաններում Կառավարությունը ու, առաջին հերթին, ԿԳՄՍ նախարարը պարտավոր են ներկայացնել հիմնավոր պարզաբանումներ, թե ինչով է պայմանավորված նախագծերի այս փաթեթի ընդունման հարցում նման չպատճառաբանված շտապողականությունը հանրային կարևորության այս հարցի վերաբերյալ՝ որպես չզեկուցվող հարց Կառավարության նիստի օրակարգում այն ներառելով ու նիստում դա որևէ քննարկման չարժանացնելով: Եվ դա տեղի ունեցավ այն պայմաններում, երբ երկրում շարունակում է գործել ռազմական դրությունը, պատերազմի հետևանքով առաջ են եկել հրատապ լուծում պահանջող սոցիալ-տնտեսական ու հումանիտար բազմաթիվ խնդիրներ:  11. Ուստի, հայտնում եմ Մարդու իրավունքների պաշտպանի սկզբունքային մտահոգությունը «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի և կից օրենքների նախագծերի փաթեթի նման բովանդակությամբ ընդունման և ընթացակարգային հապճեպության նման վերաբերմունքի առնչությամբ:  12. Հետևաբար, եթե Ազգային ժողովի կողմից նախագիծն այս տարբերակով ու առանց մասնագիտական հանրության դիտողությունները հաշվի առնելու ընդունվի, ապա դիտարկելու եմ Սահմանադրական դատարան դիմելու հարցը՝ առաջնահերթ հենց կրթության իրավունքը երաշխավորող Հայաստանի Սահմանադրության 38-րդ հոդվածին հակասության հիմքով:  Ավելին՝ կդիտարկեմ նաև դիմումի հետ վիճարկվող դրույթների գործողությունը կասեցնելու միջնորդություն Սահմանադրական դատարան ներկայացնելու հարցը»:  
11:32 - 05 դեկտեմբերի, 2020
Ադրբեջանը արհեստական ձգձգում է գերիների և զոհվածների մարմինների փոխանակման գործընթացը․ ՄԻՊ-ը հանդիպել է Լիտվայի դեսպանին

Ադրբեջանը արհեստական ձգձգում է գերիների և զոհվածների մարմինների փոխանակման գործընթացը․ ՄԻՊ-ը հանդիպել է Լիտվայի դեսպանին

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՄԻՊ-ը։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել պատերազմում ադրբեջանական զինված ուժերի կողմից կատարված մարդու իրավունքների կոպիտ խախտումներին, այդ թվում՝ զինվորականների ու քաղաքացիական անձանց նկատմամբ դաժանություններին։ Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծել է, որ Արցախի խաղաղ բնակչությանը թիրախավորելն ու նրանց նկատմամբ արգելված զինատեսակներ կիրառելը, վարձկան ահաբեկիչների ներգրավումը, հայատյացությունն ու համատարած վայրագություններն ու անմարդկային վերաբերմունքը, դաժանությունները վկայում են Արցախում ահաբեկչական մեթոդներով էթնիկ զտումներ իրականացնելու ադրբեջանական քաղաքականության մասին, որը շարունակվում է մինչ օրս: Պաշտպանը դեսպանին տեղեկացրել է, որ Ադրբեջանի իշխանություններն արհեստական ձգձգում են ինչպես պատերազմական գործողությունների ընթացքում, այնպես էլ այդ գործողություններից առաջ ու դրանց ավարտից հետո Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների վերադարձի և զոհվածների մարմինների փոխանակման գործընթացները: «Ադրբեջանը սրանով նպատակ ունի դիտավորությամբ հայ հասարակությունում ստեղծել անորոշության ու լարվածության մթնոլորտ, խաթարել հասարակության հոգեկան անձեռնմխելիությունը, հոգեկան տառապանքներ պատճառել մահացած զինծառայողների, անհետ կորածների ու գերիների ընտանիքների անդամներին։ Այս ամենն Ադրբեջանում հայատյացության քաղաքականության մաս է կազմում»,- նշել է Արման Թաթոյանը: Պաշտպանը ստեղծված պայմաններում գերիների ազատ արձակումը և նրանց անվտանգ վերադարձի ապահովումը, դիերի փոխանակումը րոպե առաջ, հրատապ լուծում պահանջող խնդիր է համարել։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող այլ հարցեր, ինչպես նաև ձեռք են բերել պայմանավորվածություններ մարդու իրավունքների հարցերում համագործակցության նոր ուղղությունների մասին:
19:16 - 04 դեկտեմբերի, 2020
Այսօր գլխավոր հարցը գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների վերադարձն ու զոհվածների մարմինների փոխանակումն է. Թաթոյան

Այսօր գլխավոր հարցը գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների վերադարձն ու զոհվածների մարմինների փոխանակումն է. Թաթոյան

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի էջում՝ հայտնելով, որ այսօր ՀՀ արտաքին գործերի նախարարությունում Հայաստանում ներկայացված բոլոր դիվանագիտական առաքելությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներին է ներկայացրել հայկական կողմի զինվորականների ու քաղաքացիական անձանց նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի խոշտանգումներն ու անմարդկային վերաբերմունքը՝ մասնագիտական մշակված ապացույցներով ու վերլուծությամբ:  «Ակնհայտ է, որ Ադրբեջանի իշխանություններն արհեստական ձգձգում են այդ գործընթացը, առաջացնում են խոչընդոտներ՝ հայ հասարակությունում լարվածությունը մեծացնելու ու հոգեկան տառապանքներ պատճառելու նպատակով: Ներկայացրել եմ, որ նույն համոզմունքն ունի նաև Արցախի գործընկերս՝ Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:  Հայաստանի արտաքին գործերի նախարարի հետ միասին հիմնավորել ենք, որ այսօր գլխավոր հարցը գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների վերադարձն ու զոհվածների մարմինների փոխանակումն է»,- գրել է նա:  
22:34 - 03 դեկտեմբերի, 2020
Արման Թաթոյանը և Արտակ Բեգլարյանը ավարտել են հայ գերիների ու զոհերի մարմինների նկատմամբ ադրբեջանական ԶՈւ-երի վայրագությունների վերաբերյալ 5-րդ փակ զեկույցը

Արման Թաթոյանը և Արտակ Բեգլարյանը ավարտել են հայ գերիների ու զոհերի մարմինների նկատմամբ ադրբեջանական ԶՈւ-երի վայրագությունների վերաբերյալ 5-րդ փակ զեկույցը

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հետ միասին ավարտեցինք էթնիկ հայ գերիների ու զոհվածների մարմինների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի դաժանությունների, վայրագությունների վերաբերյալ թվով 5-րդ փակ զեկույցը: Այն 5-րդն է միայն խոշտանգումների ու դաժանությունների հարցերով:  Փաստաթուղթը վերաբերում է նոյեմբերի 19-ից դեկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածին, իսկ մենք արդեն սկսել ենք 6-րդ զեկույցի պատրաստման աշխատանքները: Այս զեկույցում կոնկրետ ապացույցներով ցույց են տրված բոլոր դաժանությունները, պատերազմական հանցագործությունները, որ կատարել են ադրբեջանական զինված ուժերը: Այդ ամենը կատարվել է միայն այն բանի համար, որ գերեվարված անձինք էթնիկ հայ են: Այս ամենը նաև Ադրբեջանում պետական մակարդակով վարվող հայատյացության համակարգված քաղաքականության արդյունք է: Զեկույցը ապացույցների ու վերլուծությունների ևս մեկ ժողովածու է, որ հաստատում է Արցախում ահաբեկչական մեթոդներով էթնիկ զտումների և ցեղասպանության ադրբեջանական քաղաքականության մասին: Հ.Գ. Նման զեկույցների բովանդակությունը հասկանալի պատճառներով չենք հրապարակում, հաշվի առնելով ադրբեջանական դաժանությունների ու խոշտանգումների աստիճանը: Այն ամբողջական բովանդակությամբ ներկայացվում է միջազգային մարմիններին, ինչպես նաև Հայաստանի այն պետական մարմիններին, որոնք ունեն այս հարցերով կարևոր գործառույթներ»:
20:53 - 03 դեկտեմբերի, 2020
Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին

Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից գերեվարված հայ ռազմագերիների ու պատանդ վերցված քաղաքացիական անձանց ճակատագրին և նրանց վերադարձի ուղղությամբ ձեռնարկվող քայլերին: Մարդու իրավունքների պաշտպանը տեղեկացրել է իր գրասենյակի կողմից իրականացվող գործողությունների, ինչպես միջազգային գործընկերների հետ ունեցած քննարկումների մասին: Նախագահը նշել է, որ Հայաստանի և Արցախի իշխանությունների, հատկապես պատկան մարմինների առաջնային պատասխանատվությունն ու պարտականությունն է ձեռնարկել բոլոր միջոցները, գործի դնել բոլոր կապերը՝ բռնի անազատության մեջ գտնվող, թշնամու կողմից վայրագությունների ենթարկվող և անմարդկային վերաբերմունքի արժանացող մեր հայրենակիցներին անհապաղ հայրենիք վերադարձնելու, ինչպես նաև անհայտ կորածների ճակատագիրը պարզելու համար: Նախագահն ասել է, որ կրակի դադարեցման եռակողմ հայտարարությունից հետո միջազգային գործընկերների առջև բազմիցս բարձրացրել է հումանիտար իրավունքի անվերապահ պահպանման, ռազմագերիների անհապաղ վերադարձման խնդիրը: Նա ընդգծել է, որ շարունակելու է այդ ուղղությամբ ջանքեր գործադրել և օգտագործել իր բոլոր հնարավորությունները: Արման Թաթոյանը նշել է, որ կոչով դիմել է նաև միջազգային հանրությանը և, հատկապես, մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող կառույցներին՝ հրատապ քայլերով աջակցելու խնդրի լուծմանը: Հանդիպմանը հույս է հայտնվել, որ հայ ռազմագերիների ու պատանդ վերցված քաղաքացիական անձանց հարցը հնարավորինս արագ կլուծվի, և նրանք կվերադառնան հայրենիք:
18:13 - 03 դեկտեմբերի, 2020
ՀՀ և Արցախի ՄԻՊ-երը ներկայացրել են հայ գերիների ու զոհվածների մարմինների նկատմամբ ադրբեջանական զինուժի դաժանությունների վերաբերյալ 5-րդ փակ զեկույցը

ՀՀ և Արցախի ՄԻՊ-երը ներկայացրել են հայ գերիների ու զոհվածների մարմինների նկատմամբ ադրբեջանական զինուժի դաժանությունների վերաբերյալ 5-րդ փակ զեկույցը

Ավարտեցինք էթնիկ հայ գերիների ու զոհվածների մարմինների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի դաժանությունների, վայրագությունների վերաբերյալ թվով 5-րդ փակ զեկույցը: Այն 5-րդն է միայն խոշտանգումների ու դաժանությունների հարցերով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՄԻՊ-ը: Վերաբերում է նոյեմբերի 19-ից դեկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածին, իսկ մենք արդեն սկսել ենք 6-րդ զեկույցի պատրաստման աշխատանքները: Այս զեկույցում կոնկրետ ապացույցներով ցույց են տրված բոլոր դաժանությունները, պատերազմական հանցագործությունները, որ կատարել են ադրբեջանական զինված ուժերը: Այդ ամենը կատարվել է միայն այն բանի համար, որ գերեվարված անձինք էթնիկ հայ են: Այս ամենը նաև Ադրբեջանում պետական մակարդակով վարվող հայատյացության համակարգված քաղաքականության արդյունք է: Զեկույցը ապացույցների ու վերլուծությունների ևս մեկ ժողովածու է, որ հաստատում է Արցախում ահաբեկչական մեթոդներով էթնիկ զտումների և ցեղասպանության ադրբեջանական քաղաքականության մասին: Հ.Գ. Նման զեկույցների բովանդակությունը հասկանալի պատճառներով չենք հրապարակում, հաշվի առնելով ադրբեջանական դաժանությունների ու խոշտանգումների աստիճանը: Այն ամբողջական բովանդակությամբ ներկայացվում է միջազգային մարմիններին, ինչպես նաև Հայաստանի այն պետական մարմիններին, որոնք ունեն այս հարցերով կարևոր գործառույթներ:
10:51 - 03 դեկտեմբերի, 2020
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է Human Rights Watch-ի զեկույցին

ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է Human Rights Watch-ի զեկույցին

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում՝ անդրադառնալով Human Rights Watch միջազգային կազմակերպության զեկույցին։   «Human Rights Watch-ը քիչ առաջ հրապարակել է զեկույց ու արձանագրել, որ ադրբեջանական ուժերը գերեվարել են բազմաթիվ էթնիկ հայ զինվորականների: Ըստ զեկույցի՝ հայ գերիները ենթարկվել են բռնության ու նվաստացման: Այդ մասին վկայում են տեսանյութերը, որոնք հոկտեմբերից լայնորեն տարածվել են սոցիալական ցանցերում:  Կազմակերպությունը հատուկ նշում է արել, որ ադրբեջանական զինված ուժերը հայ գերիների նկատմամբ կիրառել են հարկադրանք՝ ունենալով նրանց նվաստացնելու դիտավորություն:   Human Rights Watch կազմակերպության հետ հանդիպման ընթացքում ինքս ներկայացրել էի ադրբեջանական վայրագությունները՝ շեշտելով, որ գերիների վերադարձն ու մարմինների փոխանակումը պահանջում է հրատապ լուծում։   Մենք շարունակում ենք միջազգային մարմիններին ներկայացնել ադրբեջանական զինված ուժերի խոշտանգումներն ու դաժանությունները՝ պատերազմական հանցագործություններ:   Նպատակն է ամեն ջանք գործադրել՝ աջակցելու համար գերիների վերադարձի ու զինվորների մարմինների փոխանակման րոպե առաջ կազմակերպմանը»,- գրել է ՀՀ ՄԻՊ-ը:
20:36 - 02 դեկտեմբերի, 2020
Քիչ առաջ ավարտեցինք մեր գերիների նկատմամբ ադրբեջանական վայրագությունների վերաբերյալ ապացույցների հետազոտման ու իրավական ձևակերպումների հերթական փուլը. Թաթոյան

Քիչ առաջ ավարտեցինք մեր գերիների նկատմամբ ադրբեջանական վայրագությունների վերաբերյալ ապացույցների հետազոտման ու իրավական ձևակերպումների հերթական փուլը. Թաթոյան

Քիչ առաջ մեր աշխատակազմում ավարտեցինք այս պատերազմի ընթացքում մեր գերիների՝ զինվորականների ու քաղաքացիական անձանց նկատմամբ ադրբեջանական վայրագությունների վերաբերյալ ապացույցների հետազոտման ու իրավական ձևակերպումների հերթական փուլը: Այս մասին հայտնում է ՄԻՊ Արման Թաթոյանը:   «Ադրբեջանական զինված ուժերի խոշտանգումներն ու դաժանությունները, անմարդկային վերաբերմունքը մեծ ծավալի են, առկա են պատերազմական հանցագործությունների ակնհայտ հատկանիշներ՝ էթնիկ ատելության շարժառիթներով:  Կատարված են ծանրագույն պատերազմական հանցագործություններ, որոնց վերաբերյալ ապացույցների ամրագրումը, ադրբեջանական իշխանություններին քրեական պատասխանատվության ենթարկելու հիմքերի ամրապնդումը խիստ հրատապ է:  Պետք է ցույց տալ, թե, օրինակ, այդքան ծավալի դեպքերից քանի ադրբեջանցի զինվորականի ինքնություն է պարզվել (մանավանդ նրանցից շատերը տեսանյութերում ու լուսանկարներում բաց դեմքով են), կամ ինչ է արվել նրանց ինքնությունը պարզելու ուղղությամբ, քանի ադրբեջանցի զինվորականի նկատմամբ է հետախուզում հայտարարվել, ադրբեջանական իշխանության մարմիններից կոնկրետ ով ինչ հանցանք է կատարել, նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ ինչ քայլեր են ձեռնարկված:  ՀՀ կառավարությունն այս կարևոր ուղերձները պետք է հղի ինչպես մեր հանրությանը, որի համար այս հարցերը կարևոր առաջնահերթություն են, այնպես էլ միջազգային հանրությանն ու հենց Ադրբեջանի իշխանություններին:  Ադրբեջանի իշխանության մարմինները պետք է հասկանան, որ չեն մնալու անպատիժ՝ մարդու իրավունքների ամենակոպիտ խախտումների, պատերազմական հանցանքների, հայատյացության համակարգված քարոզի ու ցեղասպան քաղաքականության համար: Անհրաժեշտ է ցույց տալ, որ այդ նպատակի համար մեր երկրում ձեռնարկվում են բոլոր ջանքերը:  Անպատժելիությունը առաջ է բերելու նոր վայրագություններ ու խոշտանգումներ: Մենք չպետք է դա թույլ տանք. թանկ են ամեն օրն ու ժամը: Նշված հարցերում ՀՀ գործադիր իշխանությունն իր մարմիններով ունի սկզբունքային դերակատարություն: Անհրաժեշտ է համակարգված ու նպատակային աշխատանք գերության մեջ հայտնված մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության ուղղությամբ:  Այս հարցերը պետք է լինեն բոլորիս բացառիկ գերակայությունների թվում, յուրաքանչյուրի մասնագիտական ներուժը պետք է առաջնահերթ ծառայեցվի հենց այդ նպատակներին: Փոխարենը, ՀՀ կառավարությունում նոյեմբերի 30-ին տեղի է ունեցել քննարկում՝ նվիրված այլ թեմայով քրեական վարույթների քննությանն ու կոնկրետ անձանց նկատմամբ քրեական հետապնդումների, նրանց կալանավորումների կամ կալանավորումներից ազատ արձակելու հարցերին:  Անընդունելի եմ համարում հատկապես մի շարք դատավորների ու Բարձրագույն դատական խորհրդի մի շարք անդամների մասնակցությունն այդ քննարկմանը: Նման ուղղվածությամբ քննարկումները վտանգում են դատական իշխանության անկախությունն ու հեղինակությունը: Դատարանները կոչված են երաշխավորելու մարդու անձնական ազատության, արդար դատաքննության ու մյուս իրավունքների պաշտպանության անխափան ապահովումը: Այս խնդիրը նրանք կարող են արդյունավետ լուծել միայն արտաքին ու ներքին անկախության երաշխիքների լիարժեք գործողության ու այդ անկախության երևալը լիարժեք ապահովելու պայմաններում: Հ.Գ. - Ադրբեջանական զինված ուժերի վայրագությունների ամրագրման, մեր գերիների իրավունքների պաշտպանության հարցերում այս օրերին համատեղ սերտ աշխատում ենք իրավապաշտպաններ Սիրանուշ Սահակյանի ու Արտակ Զեյնալյանի, Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի, ինչպես նաև ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի հետ: Այս հարցերով գործակցում ենք նաև ՀՀ քննչական կոմիտեի, ՀՀ ազգային անվտանգության ծառայության ու ՀՀ դատախազության հետ»:    
09:18 - 01 դեկտեմբերի, 2020
Բացարձակ անթույլատրելի են սոցիալական ցանցերում վիրավորական գնահատականները Արցախի մեր հայրենակիցների մասին․ ՄԻՊ

Բացարձակ անթույլատրելի են սոցիալական ցանցերում վիրավորական գնահատականները Արցախի մեր հայրենակիցների մասին․ ՄԻՊ

Բացարձակ անթույլատրելի են սոցիալական ցանցերում վիրավորական գնահատականները Արցախի մեր հայրենակիցների մասին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Մարդու իրավունքների պատպան Արման Թաթոյանը։ «Բացարձակ անթույլատրելի են սոցիալական ցանցերում վիրավորական գնահատականները Արցախի մեր հայրենակիցների մասին: Մեր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ թույլ են տրվում խտրական, իսկ որոշ դեպքերում՝ անգամ ներքին թշնամանքի հասնող արտահայտություններ: Ընդ որում, դրանք հաճախ հրահրվում են կեղծ կամ կասկածելի էջերից։ Արցախահայության բարձր արժանապատվությունն ու պատիվը ողջ հայության միասնության լուսավոր խորհրդանիշներից է։ Հիմա մեզ առավել քան անհրաժեշտ է ունենալ համերաշխություն ու լինել միասնական։ Իսկ նշված արատավոր երևույթները միայն ավելացնում են լարվածությունը, խոչընդոտներ են առաջացնում առկա խնդիրների հրատապ լուծումների համար: Սիրելի՜ հայրենակիցներ, խնդրում եմ չներքաշվել նման «քննարկումների»՝ անկախ նրանից ով է դա անում կամ ինչ խմբերում է արվում ու ինչ տեսակի հարցեր են շահարկվում (սոցիալական, քաղաքական և այլն)»,- գրել է նա։
13:38 - 29 նոյեմբերի, 2020
Գերիների վերադարձն ու դիակների փոխանակումը պահանջում է հրատապ լուծում. ՄԻՊ-ը ներկայացրել է Human Rights Watch կազմակերպության տարածաշրջանային տնօրենի տեղակալին

Գերիների վերադարձն ու դիակների փոխանակումը պահանջում է հրատապ լուծում. ՄԻՊ-ը ներկայացրել է Human Rights Watch կազմակերպության տարածաշրջանային տնօրենի տեղակալին

Գերիների վերադարձն ու դիակների փոխանակումը պահանջում է հրատապ լուծում. Պաշտպանը իրավիճակը ներկայացրել է Human Rights Watch կազմակերպության տարածաշրջանային տնօրենի տեղակալին։ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նոյեմբերի 27-ին աշխատաքային քննարկում է ունեցել Human Rights Watch կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրենի տեղակալ Տանյա Լոքշինայի հետ: Արման Թաթոյանը տեղեկացրել է, որ Ադրբեջանի իշխանություններն արհեստական ձգձգում են ինչպես պատերազմական գործողությունների ընթացքում, այնպես էլ այդ գործողությունների առաջ ու դրանց ավարտից հետո Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների վերադարձի և դիերի փոխանակման գործընթացները: Ադրբեջանը սրանով նպատակ ունի դիտավորությամբ հայ հասարակությունում ստեղծել անորոշության ու լարվածության մթնոլորտ, խաթարել հասարակության հոգեկան անձեռնմխելիությունը, հոգեկան տառապանքներ պատճառել մահացած զինծառայողների, անհետ կորածների ու գերիների ընտանիքների անդամներին: Այս ամենը, ըստ Արման Թաթոյանի, Ադրբեջանում հայատելության կազմակերպված քարոզի, խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի համակարգված քաղաքականության անբաժան մասն է: Ավելին, խոշտանգումներ ու դաժանություններ կատարողներն ու դրանց տարածումը խրախուսվում է: Ստեղծված պայմաններում գերիների ազատ արձակումը և նրանց անվտանգ վերադարձի ապահովումը, դիերի փոխանակումը րոպե առաջ, հրատապ լուծում պահանջող խնդիր է։ Հանդիպման ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծել է իր այն եզրակացությունը, որ Արցախի խաղաղ բնակչությանը թիրախավորելն ու նրանց նկատմամբ արգելված զինատեսակներ կիրառելը, վարձկան ահաբեկիչների ներգրավումը, հայատյացությունն ու համատարած վայրագություններն ու անմարդկային վերաբերմունքը, դաժանությունները վկայում են Արցախում ահաբեկչական մեթոդներով էթնիկ զտումներ իրականացնելու ադրբեջանական քաղաքականության մասին, որը շարունակվում է մինչ օրս: Պաշտպանը շնորհակալություն է հայտնել Human Rights Watch կազմակերպությանն այն բանի համար, որ հատուկ զեկույցով հաստատվել էր քաղաքացիական բնակչության նկատմամբ Ադրբեջանի կողմից կասետային արգելված զինատեսակների կիրառության փաստը:
13:30 - 28 նոյեմբերի, 2020
Իմ ղեկավարած կառույցը չունի որևէ մանդատ գերիների հարցով բանակցություններ վարելու․ Արման Թաթոյան |hetq.am|

Իմ ղեկավարած կառույցը չունի որևէ մանդատ գերիների հարցով բանակցություններ վարելու․ Արման Թաթոյան |hetq.am|

hetq.am: Գերիների և անհայտ կորածների հարցերով Ադրբեջանն ակնհայտորեն արհեստական ձգձգում է պրոցեսը: Նման համոզմունք հայտնեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը լրագրողների հետ զրույցում: «Մի դեպքում նշվում է դիակների փոխանակման պրոցեսի ավարտից հետո, մի դեպքում այլ խոչընդոտներ են առաջացնում: Սա ակնհայտ կազմակերպված քաղաքականության մասին է խոսում, և դրան զուգահեռ շարունակվում է նրանց կողմից խոշտանգումներ, անմարդկային վերաբերմունք պարունակող տեսանյութերի հրապարակումը: Սա բացարձակ դատապարտելի երևույթ է, ամբողջ հասարակության հոգեկան անձեռնմխելիությունը խախտելուն ուղղված դիտավորված գործողություններ են»,- ասաց Արման Թաթոյանը: Արման Թաթոյանն անդրադարձավ Ադրբեջանի գլխավոր դատախազության այն հայտարարությանը, թե նման տեսանյութեր տարածած և խոշտանգումներ իրականացրած զինծառայողների նկատմամբ վարույթներ են հարուցվելու: Թաթոյանի համոզմամբ` այդ գործողություններն ատելության քարոզի շրջանակներում են իրականացվել, այդ ամենը կազմակերպված քաղաքականության մաս է, հետևաբար չէր կարող որևէ զինծառայող իր հայեցողության շրջանակում խոշտանգումներ իրականացնել և այդ ամենը տեսանկարահանել: Արման Թաթոյանը հիշեցրեց, որ նման տեսանյութեր են տարածվել ոչ միայն ռազմական գործողությունների ընթացքում, այլ դրանից առաջ, և դրանք վերաբերել են նաև քաղաքացիական անձանց: Հայաստանի օմբուդսմենը հիշեցրեց, որ իր ղեկավարած կառույցը չունի որևէ մանդատ գերիների հարցով բանակցություններ վարելու, որպես ապաքաղաքական մարմին՝ բարձր հավաստիություն ունեցող տեղեկություններ են հավաքագրում և փոխանցում գործընկեր կառույցներին: «Նպաստում ենք պրոցեսին, բայց կոնկրետ բանակցությունների կամ ժամկետների հետ կապված իրավասություն չունենք»,- ասաց նա: Թաթոյանի խոսքով` չնայած Մարդու իրավունքների եվրոպական դատարան գանգատներ են ներկայացվել, սակայն դա բավարար չէ, անհրաժեշտ է ավելի լայն ծավալով աշխատանքներ տանել: «Միանշանակ է, որ Կառավարությունն իր համապատասխան մարմիններով պետք է այս հարցերով զբաղվի, դա հստակ է, ուղիղ պատասխանատվությունը Կառավարությանն է: Կան աջակցող մարմիններ, օրինակ՝ ՄԻՊ-ը»,- ասաց Թաթոյանը` չցանկանալով մեկնաբանել Կառավարության գործունեությունը գերիների փոխանակման հարցում: Գերիների թվեր Թաթոյանը չհնչեցրեց` ասելով, որ աշխատակազմն ունի իր վիճակագրությունը, որը հիմնված է նաև Քննչական կոմիտեի, փաստաբանների, ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչության թվերի համադրության վրա: Շարունակությունը՝ hetq.am-ում։
16:19 - 27 նոյեմբերի, 2020
Ադրբեջանն արհեստական ձգձգում է գերիների ու դիերի փոխանակման գործընթացը. ՄԻՊ-ը դիմել է միջազգային հանրությանը

Ադրբեջանն արհեստական ձգձգում է գերիների ու դիերի փոխանակման գործընթացը. ՄԻՊ-ը դիմել է միջազգային հանրությանը

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը դիմում է միջազգային հանրությանը և վճռականորեն հրավիրում է հատկապես մարդու իրավունքների ոլորտի միջազգային կազմակերպությունների ուշադրությունն այն հիմնախնդրի վրա, որ Ադրբեջանի իշխանություններն արհեստական ձգձգում է ինչպես պատերազմական գործողությունների ընթացքում, այնպես էլ այդ գործողությունների առաջ ու դրանց ավարտից հետո Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների վերադարձի և դիերի փոխանակման գործընթացները: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է ՄԻՊ Արման Թաթոյանը:    «Հենց այս նպատակով ադրբեջանական իշխանությունները՝ որպես պատճառաբանություն մի կողմից նշում են, թե գերիների փոխանակումն իրականացվելու է դիերի փոխանակման գործընթացի ավարտից հետո, մյուս կողմից ինքնին դիերի փոխանակման գործընթացը ձգձգվում է ՝ առանց պատճառաբանության։ Այս ամենով Ադրբեջանը կոպտորեն ոտնահարում է Ժնևյան կոնվենցիաներով երաշխավորված հիմնարար պահանջները։   Ակնհայտ է, որ Ադրբեջանն այս ամենով նպատակ ունի դիտավորությամբ հայ հասարակությունում ստեղծել անորոշության ու լարվածության մթնոլորտ, խաթարել հասարակության հոգեկան անձեռնմխելիությունը, հոգեկան տառապանքներ պատճառել մահացած զինծառայողների ու գերիների ընտանիքների անդամներին:   Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի դիտարկումները վկայում են, որ սա ատելության կազմակերպված քարոզի արդյունք է, խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի համակարգված քաղաքականության անբաժան մասը։ Մասնավորապես, Մարդու իրավունքների պաշտպանը 2020 թվականի սեպտեմբերի 27-ից սկսած մշտապես արձանագրել է, որ Հայաստանի ու Արցախի նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի հարձակումներն ուղեկցվել են խոշտանգումներով ու անմարդկային վերաբերմունքով, խաղաղ բնակավայրերի զանգվածային ավերվածություններով, մարդու իրավունքների այլ կոպիտ խախտումներով, որոնք տեղի են ունեցել վարձկան ջհադիստների ու ահաբեկիչների օգտագործմամբ և ատելության կազմակերպված քարոզով:   Պատերազմական գործողությունների ողջ ընթացքում, ինչպես նաև այդ գործողությունների ավարտից հետո լրատվամիջոցների ու հատկապես սոցիալական մեդիայի ադրբեջանական աղբյուրներից անընդհատ հրապարակվում են տեսանյութեր ու լուսանկարներ այն մասին, թե ինչպես են ադրբեջանական զինված ուժերն անարգանքի ենթարկում հայկական կողմի զինծառայողների դիերը, խոշտանգում ու նվաստացնում գերեվարված զինծառայողներին ու քաղաքացիական անձանց։ Այս ամենն ուղեկցվում է հրճվանք ապրող ադրբեջանական մեկնաբանություններով (այս հետևությունների ապացույցներն ամրագրված են): Սա 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի ընթացքում ադրբեջանական գործադրած մեթոդների անբաժանելի մասն է:   Պատերազմական գործողությունների ողջ ընթացքում ակնհայտ էր, որ ադրբեջանական իշխանությունները խրախուսում են այս դաժանություններն ու նվաստացումները՝ նպատակ ունենալով Ադրբեջանում բորբոքել էթնիկ հայերի նկատմամբ ատելություն ու թշնամանք, հերոսացնել դրանք կատարողներին:   Մարդու իրավունքների պաշտպանի ուսումնասիրությունների արդյունքները հաստատում են, որ մարդկային երևակայության մեջ որևէ կերպ չտեղավորվող և միջազգային բոլոր պահանջներին հակասող այս արատավոր երևույթներն ունեն համակարգված և համատարած բնույթ՝ սկսած քաղաքական իշխանության մարմիններից մինչև մշակույթի ու սպորտի գործիչներ։ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը տիրապետում է նաև այս փաստերը հաստատող անհրաժեշտ ապացույցների:   Պատերազմական գործողությունների ավարտից հետո հայկական կողմի գերեվարվածների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի խոշտանգումներն ու անմարդկային վերաբերմունքը նոր դրսևորումներ են ստացել. զգալիորեն աճել են դրանց թիվն ու տարածման ծավալները, ինչպես նաև դաժանության աստիճանը: Ակնհայտ է, որ խոշտանգումներ ու դաժանություններ կատարողներն ու տեսանկարահանողներն ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչներն են, ում արարքները միայն խրախուսվում են:    Ստեղծված պայմաններում գերիների ազատ արձակումը և նրանց անվտանգ վերադարձի ապահովումը, դիերի փոխանակումը դարձել է րոպե առաջ, հրատապ լուծում պահանջող խնդիր։   Հետևաբար, դիմում եմ միջազգային հանրությանը ու հատկապես մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող արտերկրյա կառույցներին. անհրաժեշտ է առավելագույն առավելագույն հնարավորություններով ու իրական քայլերով հրատապ լուծել այս խնդիրը՝ որպես պատերազմական ամենածանր հանցագործություններից ու անմարդկային, դաժան գերությունից մարդկանց ազատելու նպատակով»,- գրել է Թաթոյանը:
11:37 - 27 նոյեմբերի, 2020
Մեր ենթադրությամբ՝ ՄԻՊ-ի նկատմամբ հարձակումները կազմակերպվում կամ համակարգվում են բարձրաստիճան պաշտոնյաների կողմից. ՄԻՊ

Մեր ենթադրությամբ՝ ՄԻՊ-ի նկատմամբ հարձակումները կազմակերպվում կամ համակարգվում են բարձրաստիճան պաշտոնյաների կողմից. ՄԻՊ

Սոցիալական մեդիայի ողջ տիրույթը հեղեղված է կեղծ էջերից հայհոյախառն վիրավորանքներով ու ատելության խոսքով: Հարցը կազմակերպված, կոնկրետ նպատակներով ու թիրախներով հարձակումների մասին է: Նման հարձակումներ պարբերաբար կազմակերպվում են նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գործունեության նկատմամբ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:  «Մեր հիմնավոր ենթադրությամբ՝ Մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ վերջին օրերի հարձակումները կազմակերպվում կամ համակարգվում են բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից: Ավելին, ըստ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ուսումնասիրությունների արդյունքների՝ այդ պաշտոնյաներից ոմանք անձամբ են վարում կեղծ էջեր ու այդ էջերից անձամբ են տարածում ատելություն, սպառնալիք ու վիրավորանք: Ստացվում է՝ ըստ էության գործ ունենք ատելության որջեր կազմակերպելու և վարելու հետ: Այդ պաշտոնյաներին խիստ զգուշացնում եմ անհապաղ դադարեցնել այս ծայրաստիճան վտանգավոր, որևէ տեսակի իրավական կարգավիճակից չբխող քայլերը, այդ թվում՝ հարձակումները Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության նկատմամբ: Ցավոք, այս արատավոր երևույթը վերջին երկու տարիների ընթացքում ստացավ ծավալների շեշտակի աճ, ձեռք բերեց համակարգված ու ինստիտուցիոնալ բնույթ: Հույս ունեի, որ այս պատասխանատու օրերին կբացառվեր նման որևէ զարգացում՝ հաշվի առնելով բոլորիս միասնական ու համախմբված լինելու, միմյանց խոսքի ու արժանապատվության նկատմամբ հարգանքի, բոլոր խնդիրները հենց այդ սկզբունքով լուծելու հրամայականը: Բայց դա ոչ միայն տեղի չունեցավ, այլև հիմա գործ ունենք այնպիսի վիճակի հետ, որը կոպտորեն ոտնահարում է մարդկանց հոգեկան անձեռնմխելիությունը՝ որպես Սահմանադրության 25-րդ հոդվածով ուղիղ երաշխավորված իրավունք, վնասակար է հասարակության առողջության ու երկրում համերաշխության մթնոլորտի համար, իսկ այս օրերին  կարող է խարխել մեր երկրի անվտանգության հիմքերը»,-ասված է Թաթոյանի գրառման մեջ:
21:58 - 25 նոյեմբերի, 2020
Հայ զինծառայողների դիերի անարգանքի և գերեվարվածների նկատմամբ խոշտանգումների ուղիղ պատասխանատուն Ադրբեջանի իշխանություններն են. ՄԻՊ

Հայ զինծառայողների դիերի անարգանքի և գերեվարվածների նկատմամբ խոշտանգումների ուղիղ պատասխանատուն Ադրբեջանի իշխանություններն են. ՄԻՊ

Այսօր Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, թե բա հայկական կողմի զինծառայողների դիերի անարգանքի և գերեվարված անձանց նկատմամբ խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի մասին ադրբեջանական զինված ուժերին վերագրվող տեսանյութերի մեծ մասը կեղծ է: Ու դեռ մի հատ էլ հայտարարվել է, թե քրեական վարույթներ են սկսել, ու մեղավոր անձինք կենթարկվեն պատասխանատվության: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է ՄԻՊ Արման Թաթոյանը:    «Իսկ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը հայտարարում է, որ խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի վերաբերյալ տեսանյութերի մեծագույն մասն իրականություն է: Դրանք ապացույցի տեսքով հայաստանյան ու արցախյան կողմերն ամրագրել են. ներկայացրել ու շարունակում են ներկայացնել միջազգային մարմիններին՝ ըստ իրավասության:   Իսկ հիմա մեղավորների պատասխանատվության հարցով՝   Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը հայտարարում է նաև, որ այդ դաժանությունները, խոշտանգումներն ու անմարդկային վերաբերմունքը պատերազմական հանցագործություններ են:   Դրանք կատարել են Ադրբեջանի ոչ թե առանձին վերցված զինվորներ՝ իրարից անկախ, այլ այդ ամենը Արցախում ահաբեկչական մեթոդներով էթնիկ զտումների ու ցեղասպանության ադրբեջանական կազմակերպված քաղաքականության անբաժան մաս է, Ադրբեջանում տարիներով կուտակված ու պետական աջակցությամբ համակարգված հայատյացության արդյունք է:   Ավելին, այդ դաժանությունները տարածվել են հայ հասարակությանը հոգեկան տառապանքներ պատճառելու, լարվածություն առաջացնելու դիտավորությամբ ու դրանով սեփական հասարակությունում գովեստների ու թվացյալ «հերոսության» արժանանալու համար։   Այնպես որ, պատասխանատվությունը առանձին զինվորների վրա գցելով չէ, այդ խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի ուղիղ պատասխանատուն Ադրբեջանի իշխանություններն են»,- գրել է ՄԻՊ-ը:    
19:55 - 24 նոյեմբերի, 2020
Կառավարությունը պետք է սկսի իրական արդյունքին միտված աշխատանք գերիների ու անհետ կորածների հարցերով․ ՄԻՊ անդրադարձը հրահրվող շահարկումներին

Կառավարությունը պետք է սկսի իրական արդյունքին միտված աշխատանք գերիների ու անհետ կորածների հարցերով․ ՄԻՊ անդրադարձը հրահրվող շահարկումներին

Կառավարությունը պետք է սկսի իրական արդյունքին միտված աշխատանք գերիների ու անհետ կորածների հարցերով․ Մարդու իրավունքների պաշտպանի մանրամասն անդրադարձը հրահրվող շահարկումներին․«Ադրբեջանական զինված ուժերի կողմից գերեվարված և անհետ կորած մեր հայրենակիցների գերությունից վերադարձի ու նրանց հայտնաբերման ուղիղ պատասխանատուն, Հայաստանի Հանրապետության անունից բանակցություն վարողը ՀՀ կառավարությունն է իր համապատասխան մարմիններով: Կառավարության ուղիղ պարտավորությունն է այդ հարցերով իրական արդյունքին միտված կոնկրետ գործողություններով համակարգված աշխատանքների իրականացումը՝ ապահովելով անհրաժեշտ երկխոսություն և իրազեկում գերիների ու անհետ կորած համարվողների ընտանիքների, ինչպես նաև հանրության հետ: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը բոլորին հատուկ տեղեկացնում է, որ օժտված չէ գերիների վերադարձի կամ անհետ կորածներին հայտնաբերելու, Հայաստանից դեպի Արցախ սահմանային ճանապարհներին վերահսկողություն իրականացնելու իրավասությամբ: Այս հարցերի կապակցությամբ պետության անունից բանակցություններ վարելու կամ պաշտոնական քննարկումներ իրականացնելու, ինչպես նաև միջազգային դատական ատյաններում, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում վարույթներ հարուցելու իրավասություն ունեն ՀՀ կառավարությունը և նրա մարմինները: Չնայած իրավական սահամանափակումներին և այն բանին, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի իրավական խնդիրն է այս գործընթացին աջակցելը, սեպտեմբերի 27-ից սկսած շուրջօրյա աշխատանքով ու փոքր աշխատակազմով Պաշտպանը կատարել է հսկայածավալ շուրջօրյա աշխատանք ու շարունակում է կատարել այդ աշխատանքը՝ օգտագործելով միջազգային կապերի տարիների կուտակած ողջ ներուժը: Մասնավորապես՝ 1. փաստագրվում, իբրև ապացույց՝ ամրագրվում են ադրբեջանական զինված ուժերի վայրագությունները մեր գերեվարված հայրենակիցների նկատմամբ՝ անհրաժեշտ մշակմամբ ու նկարագրությամբ, 2. ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի մասնագետների աջակցությամբ ադրբեջաներենից և թուրքերենից անգլերեն ու ռուսերեն լեզուներով թարգմանվում են բոլոր տեսանյութերը և ենթագրերով ամրագրվում են տեսանյութերին: Նույն կերպ մշակվում և ամրագրվում են նաև լուսանկարները. 3. յուրաքանչյուր տեսանյութ և լուսանկար վերլուծվում է, ամրագրվում է միջազգային իրավունքի կոնկրետ պահանջների խախտումների մատնանշմամբ. 4. նշված տեսանյութերի ու լուսանկարների, դրանց վերլուծությունների հիման վրա կազմվում են հատուկ զեկույցներ ու հաղորդագրություններ՝ ըստ կոնկրետ օրերի, 5. զեկույցներն ու առանձին հաղորդագրություններն ուղարկվում են միջազգային միջկառավարական ու ոչ կառավարական կազմակերպություններին, այդ թվում՝ միջազգային դատական ատյաններ, ՄԱԿ-ի ու ԵԽ-ի մարդու իրավունքների հանձնակատարներին, ԵԽ-ի, ԵԱՀԿ-ի, ԵՄ-ի խորհրդարանների բոլոր պատգամավորներին, միջազգայի լրատվամիջոցներին և այլն: Զեկույցներն ու հաղորդագրություններն ուղարկվում են նաև ՀՀ պետական իրավասու մարմիններին. 6. մեր հայրենակիցների վերադարձի, ադրբեջանական վայրագությունների վերաբերյալ բոլոր դեպքերը ներկայացվում և քննարկվում են Հայաստանում այլ պետությունների դեսպանների ու միջազգային կառույցների հետ. 7. պահպանվում է անընդհատ կապ գերիների ընտանիքների հետ. 8. մշտական աշխատանքներ են տարվում փաստաբանների հետ, ովքեր դիմումներ են հասցեագրում Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Նրանց են տրամադրվում բոլոր ապացույցները. 9. մշտական կապ է պահպանվում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի մշտական ներկայացուցչի հետ: Գերեվարված և անհետ կորած անձանց թեման վերջին օրերին սոցիալական ցանցերում դարձել է դիտավորությամբ կազմակերպված անթույլատրելի շահարկման առարկա՝ մեր հայրենակիցներին գերեվարությունից հետ բերելու և անհետ կորածների վերաբերյալ տեղեկատվության բացակայությունը, Կառավարության աշխատանքի ակնհայտ բացթողումները քողարկելու նպատակով՝ փորձելով նսեմացնել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքն ու առաջացնելով այդ աշխատանքի ակնհայտ խոչընդոտներ։ Սրանք սոցիալական ցանցերի այն խմբերն են, որոնք կազմակերպված ակտիվացել են պատերազմական գործողություններից անմիջապես հետո: Մարդու իրավունքների պաշտպանի նպատակային անկախ դիտարկումը ցույց է տալիս, որ կեղծ էջերով կազմակերպված այս դատապարտելի արշավի նպատակն է հանրային էմոցիոնալ ֆոնի օգտագործմամբ ներգրավել հնարավորինս շատ իրական օգտատերեր, մարդկանց, ովքեր իրապես մտահոգված են գերեվարված կամ անհետ կորած համարվող մեր հայրենակիցների ճակատագրով ու դրանով քողարկել Կառավարության իրական արդյունք ապահովելուն ուղղված կոնկրետ գործողություններով համակարգված աշխատանքի բացակայությունը։ Գերիների և անհետ կորածների հարցերով պետական մարմինների ուսումնասիրությունը վկայում է,որ՝ 1. հրատապ անհրաժեշտություն են Կառավարության համակարգված աշխատանքի կազմակերպումը իրական արդյունքների նպատակով՝ որպես այս կապակցությամբ բանակցությունների հարցերում ուղիղ պատասխանատու. 2. միակ պետական մարմինը, որն այս ոլորտում պատշաճ է գործում՝ ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչությունն է ու պրոֆեսիոնալ աշխատակազմը, որոնց փոխանցվում են նաև Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցները: Այս մարմինը, սակայն, չի կարող զբաղվել բոլոր հարցերով օբյեկտիվորեն. 3. Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) այս ոլորտում ունի իրավասություն, որը նույնպես ծավալում է ակտիվ աշխատանք ու վերջինիս հետ արդյունավետ աշխատանք է տանում նաև Մարդու իրավունքների պաշտպանը։ Հետևաբար, Կառավարությունը պետք է անհապաղ սկսի համակարգված աշխատանք նշված սկզբունքներով գերիների վերադարձի և անհետ կորածների հայտնաբերման հարցերով՝ ապահովելով պատշաճ երկխոսություն ու իրազեկում հանրության և հատկապես՝ ընտանիքների անդամների հետ: Սոցիալական ցանցերում կեղծ էջերով անթույլատրելի շահարկումներ կազմակերպողներից Մարդու իրավունքների պաշտպանը պահանջում է անմիջապես դադարեցնել այդ բացարձակ անթույլատրելի, դատապարտելի արարքները: Պաշտպանը ՀՀ իրավապահ մարմինների ուշադրությունն է հրավիրում այս բնույթով հանցավոր արարքների ու դրանց կանխարգելման հրատապ անհրաժեշտության վրա: Մեր բոլոր հայրենակիցներին Մարդու իրավունքների պաշտպանը խնդրում է չներքաշվել կեղծ ու ուղղորդվող օգտատերերի հետ քննարկումներին, քանի որ ընթանում է կոնկրետ կազմակերպված շահարկում ու խաղ հանրության զգացմունքների հետ։ Ասվածի վկայությունն է նաև այն, որ որևէ անգամ չեն հիշատակվում մեր այն երիտասարդները, որոնք Ադրբեջանում են հայտնվել պատերազմական գործողություններից առաջ: Այս կազմակերպված քարոզը նաև վնասում է գերիների վերադարձի խնդրին, քանի որ այդ աշխատանքները բնույթով առանձնահատուկ են և պահանջում են պրոֆեսիոնալ մոտեցումներ, գիշերուզօր համակարգված աշխատանք՝ առանց ավելորդ հուզականության ու հրապարակային աղմուկի: Մարդու իրավունքների պաշտպանը շարունակում է 24-ժամյա գրաֆիկով աշխատանքներ իրականացնել տարբեր ժամանակներում գերության մեջ հայտնված մարդկանց իրավունքների պաշտպանության, նրանց վերադարձի կամ հայտնաբերման գործընթացին աջակցելու ուղղությամբ՝ մարդու իրավունքների բոլոր ոլորտներում հավասար մոտեցման պայմաններում»։
17:45 - 23 նոյեմբերի, 2020