Ձեռք ենք բերել նոր ապացույցներ՝ Ադրբեջանի կողմից քիմիական տարրեր (հնարավոր է՝ սպիտակ ֆոսֆոր) պարունակող զինատեսակի կիրառության վերաբերյալ․ ՀՀ ՄԻՊ
22:25 - 05 դեկտեմբերի, 2020

Ձեռք ենք բերել նոր ապացույցներ՝ Ադրբեջանի կողմից քիմիական տարրեր (հնարավոր է՝ սպիտակ ֆոսֆոր) պարունակող զինատեսակի կիրառության վերաբերյալ․ ՀՀ ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ այսօր ՄԻՊ աշխատակազմի բժշկի ու իրավաբանների հետ Այրվածքաբանության ազգային կենտրոնում ձեռք է բերել նոր ապացույցներ՝ ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախում քիմիական տարրեր (հնարավոր է՝ սպիտակ ֆոսֆոր) պարունակող զանգվածային ոչնչացման զինատեսակի կիրառության վերաբերյալ:

«Ուսումնասիրությունները կատարել ենք հատուկ սարքերի օգնությամբ:
Արձանագրված փաստերը հիմնավոր են դարձնում այդ ենթադրությունը:
Բժիշկների եզրակացությամբ՝ զինծառայողների վնասվածքները, այտուցները (հատկապես վերին վերջույթներում) պահպանվում են տևական ժամանակ, այրվածքներից առաջացած վերքերը տեղ-տեղ խորն են, մոխրացած եզրերով, մերթընդմերթ՝ արյունահոսող, բուժմանը՝ դժվար ենթարկվող:
 
Արյան մեջ նկատվում է կալցիումի և հեմոգլոբինի ցածր մակարդակ (հիպոկալցեմիա), դիտվում է լյարդի և փայծաղի չափերի մեծացում (հեպատոսպլենոմեգալիա): Ըստ մասնագետ բժիշկների՝ կիրառված զինատեսակներից արտանետված նյութերը շնչուղիներով օրգանիզմ ներթափանցելու դեպքում առաջանում է ներքին օրգանների ախտահարում, ինչը կարող է հանգեցնել առողջության երկարատև քայքայման, ընդհուպ՝ մահվան:
 
Ըստ բժիշկների՝ պատերազմի առաջին օրերից տարբեր աստիճանի այրվածքներ ստացած անձանց մեծ մասի մոտ դրանք տարբերվել են մինչ այդ իրենց պրակտիկայում հանդիպած դեպքերից:
 
Այցի ընթացքում տեղի են ունեցել քննարկումներ բուժանձնակազմի հետ, առանձնազրույցներ վիրավորում ստացած զինծառայողների, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամների հետ:
 
Վերը նշված և բոլոր մյուս փաստերը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ստացել են անհրաժեշտ իրավական ամրագրում, կկատարվեն լրացուցիչ մասնագիտական ուսումնասիրություններ ու ըստ արդյունքների՝ կձեռնարկվեն անհրաժեշտ քայլեր:
 
Այս արձանագրումները հնարավոր են եղել նաև Այրվածքաբանության ազգային կենտրոնի բուժանձնակազմի բարձր որակի պրոֆեսիոնալ նմուշառման ու բարեխիղճ փաստագրման շնորհիվ: Կենտրոնի ղեկավար կազմի և բուժանձնակազմի հետ մեր համատեղ աշխատանքները կկրեն շարունակական բնույթ,- ասված է ՄԻՊ-ի տարածած հայտարարությունում»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել