Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Վովայի Փաշինյան, ՀՀ գործող վարչապետն է։ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։

Ծնվել է 1975 թվականի հունիսի 1-ին՝ Իջեւան քաղաքում։ 1999-2012 թվականներին եղել է քաղաքական ուղղվածության «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը, 2012 թվականի մայիսի 6-ից մինչեւ վարչապետի պաշտոնում ընտրվելը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր` ընդդիմադիր «Ելք» խմբակցությունից։ Որպես կուսակցական գործիչ համարվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, ինչպես նաեւ «Իմպիչմենտ» եւ «Ելք» դաշինքների համահիմնադիր։

2018 թվականին Սերժ Սարգսյանի երրորդ պաշտոնավարման դեմ պայքարող Նիկոլ Փաշինյանը սկսում է «Իմ քայլը» նախաձեռնությունը եւ իր համախոհների հետ միասին Գյումրուց քայլարշավով ուղեւորվում Երեւան։  Գործողությունների արդյունքում ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս։

Մայիսի 8-ին Փաշինյանն ընտրվում է Հայաստանի Հանրապետության 16-րդ վարչապետ։ Վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանը վերընտրվում է 2018-ի դեկտեմբերի և 2021-ի հունիսի խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ;

Հայաստանն այս ծայրահեղ վիճակին հասցրած Կառավարությունը և Նիկոլ Փաշինյանն օր առաջ պետք է հրաժարական տան․ ՍԴՀԿ

Հայաստանն այս ծայրահեղ վիճակին հասցրած Կառավարությունը և Նիկոլ Փաշինյանն օր առաջ պետք է հրաժարական տան․ ՍԴՀԿ

Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչությունը հայտարարությունում է տարածել, որով պահանջում է Նիկոլ Փաշինյանի կառավարության հրաժարականը։ Հայտարարությունում ասվում է․ «Հայրենակիցներ, խայտառակ կապիտուլյացիայից եւ դրան նախորդած, ինչպես նաեւ հաջորդած ողբերգական իրադարձությունների արդյունքում մենք կանգնած ենք պետականության կորստի առջեւ. հայրենազրկումը, տասնյակ հազարավոր փախստականների առկայությունը, մեր տղաների գերի եւ անհայտ կորած լինելու հանգամանքը, ինչպես նաեւ ներքաղաքական խայտառակ լարվածությունը ամբողջացնում է այս ողբերգական պատկերը։ Պատմաքաղաքական հրամայական է, որ Հայաստաննն այս ծայրահեղ վիճակին հասցրած կառավարությունը եւ վարչապետ Փաշինյանը օր առաջ հրաժարական տան։ Ցանկացած օր Փաշինյանի ղեկավարությամբ էլ ավելի է արագացնում մեր պետականության անդունդ գլորվելու գործընթացը, միեւնույն ժամանակ հրապարակում հանրահավաք անցկացնող քաղաքական ուժերի հռետորաբանությունն էլ ավելի է սրում ներքաղաքական բախումների տանելու կործանարար հնարավորությունը։ Արդ ելնելով ստեղծված իրավիճակից Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը պահանջում է. 1.      Սահմանադրական ճանապարհով Ն. Փաշինյանի կառավարության հրաժարականը, 2.      Խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի քաղաքական կոնսուլտացիաների արդյունքում ժամանակավոր կառավարության ստեղծում, որը կարող աշխատել այն խորհրդարանի հետ, որը դե յուրե եւ դե ֆակտո այս պահին գոյություն ունի, 3.      Սերտ համագործակցելով մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի Դաշնության հետ ԶՈՒ-ն դուրս բերել առկա կոլապսային վիճակից Հայաստանի սահմանների անվտանգության ապահովման համար, 4.      Արտաքին անվտանգության եւ կայունության հասնելով իսկ կազմակերպել արտահերթ խորհրդարանական ընտրություններ»։
11:55 - 07 դեկտեմբերի, 2020
Ժողովրդի ընտրած և լեգիտիմ իշխանությունների առաջ վերջնագրեր դնել ուղղակի անթույլատրելի է․ Էդուարդ Աղաջանյան

Ժողովրդի ընտրած և լեգիտիմ իշխանությունների առաջ վերջնագրեր դնել ուղղակի անթույլատրելի է․ Էդուարդ Աղաջանյան

Ժողովրդի ընտրած և լեգիտիմ իշխանությունների առաջ վերջնագրեր դնել ուղղակի անթույլատրելի է՝ առավել ևս, հաշվի առնելով, թե այդ վերջնագրեր սահմանող քաղաքական ուժերն ովքեր են և ինչ քաղաքական հետագիծ ունեն: Այս մասին «Առաջին ալիք»-ին տված հարցազրույցի ընթացքում հայտարարեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր ուժերի` Նիկոլ Փաշինյանին ներկայացրած հրաժարականի վերջնագրին: Էդուար Աղաջանյանը նշեց` ինքը համաձայն չէ, որ ընդդիմադիր ուժերի վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը քաղաքական առումով չեզոք է: «Նախևառաջ պետք է հաշվի առնել, թե որ կուսակցություններն են առաջադրում պարոն Մանուկյանին: Ընդամենը երեք կուսակցության անուն տամ` «Հանրապետական», «Բարգավաճ Հայաստան», «Հայ հեղափոխական դաշնակցություն»: Հետևաբար պնդել, թե Վազգեն Մանուկյանը նեյտրալ թեկնածու է, անհեթեթություն է: Ուզում եմ հիշեցնել, որ Վազգեն Մանուկյանը «Վերնատուն» կոչված հանրային ակումբի հիմնադիրն է, որը, մեղմ ասած, ապաքաղաքական չէ»,- ասաց նա: Էդուարդ Աղաջանյանը խոսքով` ընդդիմադիր ուժերը բացառում են այս պահին խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացումը և պնդում են, որ պետք է վարչապետի փոփոխություն լինի, և Վազգեն Մանուկյանին ներկայացնում են որպես ժողովրդի թեկնածու: «Պարզ չէ, թե որ չափանիշներով է սահմանվում ժողովրդի թեկնածուի ընտրությունը, և ինչքանով է պարոն Մանուկյանը ժողովրդի թեկնածու: Երբ մենք արձանագրում ենք, որ վերջին 20 տարիների ընթացքում ընտրությունները մշտապես կեղծվել են, ընդ որում, այդ կեղծիքներին մշտապես մասնակից են եղել իմ նշած երեք կուսակցությունները՝ տարբեր ժամանակներում կազմելով իշխող քաղաքական ուժի հետ կոալիցիաներ, գիտենք, որ գործ ունենք, ըստ էության, ընտրություն կեղծող իշխանությունների հետ: Հետևաբար, գալիս է հարցի պատասխանը, թե ինչու է իրենց համար սկզբունքային, որ ոչ թե հերթական կամ արտահերթ ընտրությունների անցկացում տեղի ունենա, այլ օր ատաջ վարչապետը փոխվի»,- նշեց նա: Էդուարդ Աղաջանյանը համոզված է, որ Վազգեն Մանուկյանը չի կարող կոնսոլիդացնել հանրությանը: Նա այդ կարծիքին է հանգել՝ հանրային տրամադրությունները վերլուծելով: «Երեկվա հանրահավաքի նկատմամբ հանրային արձագանքն առնվազն միանշանակ չէ»,- ասաց նա: Անդրադառնալով եռակողմ համաձայնագրին՝  Աղաջանյանը նշեց՝ նաև Վազգեն Մանուկանն է համաձայնել, որ համաձայնագիրը փոփոխման ենթակա չէ: «Այդ փաստաթղթի շուրջ բանակցությունները կարող է իրականացնել միայն ժողովրդի ընտրած լեգիտիմ իշխանությունը, մասնավորապես` լեգիտիմ առաջնորդը: Ուզենք թե չուզենք, այս պահին այդ լեգիտիմ առաջնորդը Նիկոլ Փաշինյանն է»,- ասաց նա:   Մանրամասները՝ տեսանյութում։
21:11 - 06 դեկտեմբերի, 2020
Կոչ եմ անում մեր ժողովրդին մասնակիցը չդառնալ թե՛ գործող իշխանության, և թե՛ ընդդիմության հրահրած զանգվածային գրգռություններին․ Լևոն Տեր-Պետրոսյան

Կոչ եմ անում մեր ժողովրդին մասնակիցը չդառնալ թե՛ գործող իշխանության, և թե՛ ընդդիմության հրահրած զանգվածային գրգռություններին․ Լևոն Տեր-Պետրոսյան

ilur.am կայքը հրապարակել է Լևոն Տեր-Պետրոսյանի հոդվածը, որտեղ նա անդրադառնում է Հայաստանի ներքաղաքական զարգացումներին։ Հոդվածը ներկայացնում ենք ստորև։ «Վազգեն Մանուկյանի գլխավորած հանրահավաքը ավելի խորացրեց իմ մտավախությունը մեր երկրին սպառնացող քաղաքացիական պատերազմի վտանգի մասին: Նման պատասխանատու միտք արտահայտելու հիմք են հանդիսանում Մանուկյանի ելույթում հնչեցված հետևյալ հայտարարությունները.  «Նիկոլ Փաշինյանը մի բան էլ պետք է հասկանա, որ այս շարժումը, որ ստեղծված է, ինքը ինչքան շուտ հրաժարական տա կամավոր, այնքան լավ: Շարժումը չհաղթեց` գազազած ժողովուրդն իրեն կհոշոտի»: «Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա: Թող հեռանա կամավոր, թե չէ կհեռանա զոռով»: Սրանով Մանուկյանը նշագծում է Փաշինյանի հեռացման երկու ճանապարհ` կամավոր կամ բռնությամբ: Հոշոտել և զոռով բառերը այլ բան, քան բռնություն չեն նշանակում: Եթե սրանք միայն խոսքեր լինեին, ապա դեռ շատ մտահոգվելու կարիք չէր լինի: Բայց Մանուկյանի առաջնորդած բազմամարդ երթի կողմից վարչապետի կեցավայրի կեսժամյա շրջափակման և Փաշինյանի ընտանիքի ահաբեկման զազրելի արարքը ոչ այլ ինչ է, քան բռնության պատրաստակամության անթաքույց ցուցադրություն: Եթե սա լիներ հակամարտող կողմերից միայն մեկի դիրքորոշումը, այն դեռևս մեծ վտանգ չէր ներկայացնի: Մինչդեռ Մանուկյանն անզգուշորեն անտեսում է այն հանգամանքը, որ նույնպիսի դիրքորոշում է որդեգրել նաև մյուս` Փաշինյանի կողմը: Վերջինիս պահվածքը և հռետորաբանությունը ցույց են տալիս, որ նա ամենևին մտադիր չէ կամավոր հեռանալ, այլ պատրաստ է ցանկացած առճակատման: Հետևաբար, եթե երկու կողմն էլ վճռական են տրամադրված, ապա բախումն անխուսափելի է: Մի՞թե դրանում համոզվելու համար մեր ժողովրդին ապացույցներ են պետք: Մի՞թե հասկանալի չէ, որ, թեև ոչ ինտելեկտուալ առումով, բայց իրենց խառնվածքով, համառությամբ, արկածախնդրական հակումներով և մինչև վերջ գնալու մոլուցքով Վազգեն Մանուկյանը և Նիկոլ Փաշինյանը երկվորյակներ են: Հանրությունը մոռացե՞լ է, արդյոք, որ երկուսն էլ Խորհրդարանը գրոհելու մեծ փորձ ունեն, ինչը «փայլուն կերպով» կիրառել են 1996 և 2018 թվականներին: 2018-ին Սերժ Սարգսյանը զիջեց, և նրա քաղաքական հենարանը հանդիսացող ՀՀԿ-ն, արտաքուստ օրինական ճանապարհով, իշխանությունը հանձնեց Նիկոլ Փաշինյանին: (Իմիջիայլոց, դրանով, ցավոք, վիժեցվեց Ղարաբաղի հարցի փոխզիջումային կարգավորման ևս մեկ հնարավորություն, քանի որ, իմ տպավորությամբ, Սերժ Սարգսյանը պատրաստ էր իր վերընտրությունից հետո անմիջապես ստորագրել Լավրովյան պլանը, ինչը, Փաշինյանի ստորագրած եռակողմ հայտարարության համեմատ, մեծագույն հաղթանակ կհամարվեր): Մինչդեռ այսօր, ինչպես վերը նշվեց, ակնհայտ է, որ Փաշինյանն ու իր թիմը իշխանությունը զիջելու ոչ մի պատրաստակամություն չեն ցուցանում: Թեմայից դուրս, չեմ կարող չանդրադառնալ նաև Վազգեն Մանուկյանի անզգուշորեն արտահայտած հետևյալ վտանգավոր մտքին, որը կարող է կործանարար հետևանքներ ունենալ Հայաստանի համար. «Թուրքիայի դեմ մեծ ուժ է հավաքվելու, աշխարհը չի ներելու Թուրքիային իրա լկտիությունները: Եթե ստեղծվում է դաշինք Թուրքիայի դեմ, մենք այդ դաշինքի մեջ ենք»: Հարց է ծագում. հապա ու՞ր մնաց երջանկահիշատակ Ռաֆայել Իշխանյանի «Երրորդ ուժի բացառման» օրենքը: Ստացվում է, որ մենք նորից վերադառնում ենք 1920 թվականի իրավիճակին, երբ ապավինելով Անտանտի երկրների հակաթուրքական դաշինքին և հակադրվելով քեմալական Թուրքիայի և Ռուսաստանի մերձեցմանը, կորցրեցինք ոչ միայն Արևմտահայաստանը, այլև Կարսի նահանգը, Սուրմալուի գավառը, Նախիջևանը և Ղարաբաղը: Մի՞թե Մանուկյանը չի հասկանում, որ այսօր էլ Հայաստանի կողմից պատրաստակամություն հայտնելով միանալու դեռևս չկայացած հակաթուրքական ցանկացած դաշինքի` մենք հակադրվում ենք ռուս-թուրքական արդեն իսկ կայացած լիակատար փոխըմբռնման իրողությանը, ինչը նշանակում է, որ դրանով ձեռնոց ենք նետում ոչ միայն Թուրքիային, այլև մեր բարեկամ Ռուսաստանին: Թող տպավորություն չստեղծվի, թե այս հոդվածով ես հակադրվում եմ Վազգեն Մանուկյանին և աջակցություն հայտնում Նիկոլ Փաշինյանին: Նկատի ունենալով Հայաստանին և Արցախին բաժին ընկած խայտառակ ու նվաստացուցիչ պարտությունը, Փաշինյանի վարչակարգն անպայման և անհապաղ պետք է հեռանա: Բայց ոչ թե ներազգային բախումների, այլ բացառապես սահմանադրական ճանապարհով, ինչը պատիվ կբերի հակամարտող երկու կողմերին էլ: Ուստի կոչ եմ անում մեր ժողովրդին` մասնակիցը չդառնալ թե՛ գործող իշխանության, և թե՛ ընդդիմության հրահրած զանգվածային գրգռություններին, որոնք, բացի քաղաքացիական պատերազմի սպառնալիքից, չափազանց վտանգավոր են նաև կորոնավիրուսի տարածման անկառավարելի դառնալու նկատառումով: Անհուսալիորեն սպասում եմ նաև, որ մեր մտավորականությունը գոնե մեկ անգամ հանդես կգա իր սթափեցնող խոսքով:
18:15 - 06 դեկտեմբերի, 2020
Լևոն Զուրաբյան․ Փաշինյանը փաստորեն չգիտի ԼՂ դիվանագիտական գործընթացին վերաբերող ամենակարևոր փաստը

Լևոն Զուրաբյան․ Փաշինյանը փաստորեն չգիտի ԼՂ դիվանագիտական գործընթացին վերաբերող ամենակարևոր փաստը

Հայ ազգային կոնգրես կուսակցության  (ՀԱԿ) փոխնախագահ Լևոն Զուրաբյանն իր ֆեյսբուքյան էջում քննադատել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դեկտեմբերի 5-ի ուղերձում հնչեցրած մտքերը։ Զուրաբյանը մեջբերել է հատված Փաշինյանի ուղերձից․ «Մեզ մեղադրում են, թե Հայաստանի դիվանագիտական ձախողումն էր պատերազմը։ Ոչ ոք հարց չի տալիս, թե Ղարաբաղի հարցում Հայաստանը այդ ե՛րբ և ինչպիսի՛ դիվանագիտական հաջողություն է ունեցել ինստիտուցիոնալ բանակցությունների մեկնարկից ի վեր։ Դիվանագիտական հաջողությունը՝ 1995 թվականի ԵԱՀԿ Լիսաբոնյան գագաթաժողո՞վն էր, որտեղ Արցախյան պատերազմում մեր տարած հաղթանակից անմիջապես հետո միջազգային հանրությունը, ըստ էության, ի ցույց դրեց իր մոտեցումը, որ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ինքնավարություն պետք է լինի և սա է հարցի լուծման բանաձևը»։ «Փաստորեն, ՓԱՇԻՆՅԱՆԸ ՉԳԻՏԻ ղարաբաղյան դիվանագիտական գործընթացին վերաբերող ամենակարևոր փաստը (կամ դիտավորյալ կեղծում է իրականությունը՝ ցինիկաբար փորձելով թաքցնել ճշմարտությունը մեր հանրությունից)։ Այդ փաստը հայտնի է ամբողջ աշխարհին և համարվում է Արցախյան պատերազմում մեր տարած հաղթանակից անմիջապես հետո հայկական դիվանագիտության ձեռք բերած ամենամեծ նվաճումը։ Այն է՝ 1994 թվականի ԵԱՀԿ Բուդապեշտյան գագաթնաժողովի որոշումը, որով Լեռնային Ղարաբաղը, Հայաստանի և Ադրբեջանի պես հավասար, ձեռք բերեց հակամարտության կողմի և իրավահավասար բանակցողի կարգավիճակ։ ՓԱՇԻՆՅԱՆՆ ԱՆԳԱՄ ՉԳԻՏԻ, որ 1995 թվականին ԵԱՀԿ֊ի գագաթնաժողով ընդհանրապես չի եղել, իսկ նրա նշած Լիսաբոնյան գագաթնաժողովը տեղի է ունեցել 1996 թվականի դեկտեմբերին։ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՉԳԻՏԻ, որ 1991 թվականին Խորհրդային Միության տրոհումից հետո միջազգային հանրությունը ճանաչեց խորհրդային բոլոր հանրապետությունների տարածքային ամբողջականությունը ԽՍՀՄ ներքին սահմաններով։ Փաշինյանը, չգիտես ինչու, չի նշում որ Լիսաբոնյան գագաթնաժողովում Ադրբեջանի կազմում ինքնավարության ստանալու բանաձևը իրավական ուժ չստացավ, քանի որ Հայաստանը կիրառեց վետո այդ բանաձևի նախագծի վերաբերյալ։ Հայաստանը հետևողականորեն մերժեց Ադրբեջանի տարածքային ամբողջականության հիմքի վրա Արցախյան խնդրի կարգավորման բոլոր փորձերը։ Արդյունքում, 1997 թվականի դեկտեմբերին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները առաջարկեցին այպես կոչված փուլային պլանը, որում չկա որևէ հղում Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի վրա, իսկ Լեռնային Ղարաբաղը ձեռք էր բերում միջազգայնորեն ճանաչված սուբյեկտի կարգավիճակ՝ պահպանելով վերահսկողությունը ամբողջ Լեռնային Ղարաբաղի և ամբողջ Լաչինի շրջանի նկատմամբ։ Այս դիվանագիտական ձեռքբերման գլխավոր առանձնահատկությունը Ադրբեջանի պաշտոնական համաձայնությունն էր պլանի իրագործմանը, որն այլևս երբեք հնարավոր չեղավ ձեռք բերել հետագա որևէ բանակցություններում (Ղարաբաղյան կարգավորման դիվանագիտական գործընթացի մանրամասներին ծանոթանալ ցանկացողներին առաջարկում եմ կարդալ իմ հոդվածը մեկնաբանության մեջ տրված հղումով)։ Հիմա ծանրակշիռ այս իրողությունների մերժումը Նիկոլ Փաշինյանի կողմից ի՞նչ է նշանակում։ Կամ սա տեղավորվում է իմ այն գնահատականի մեջ, որ մենք գործ ունենք միջազգային քաղաքականության հարցերում մի տգետի հետ, որը չի հասկանում տարրական բաներ։ Կամ էլ մենք գործ ունենք մի մանիպուլյատորի հետ, որը ինքնարդարացման խղճուկ նպատակով փորձում է թաքցնել ճշմարտությունը սեփական ժողովրդից։ Երկու տարբերակն էլ մեր ազգին որևէ լավ բան չեն խոստանում»,- գրել է Լևոն Զուրաբյանը։
13:24 - 06 դեկտեմբերի, 2020
Կանգնած ենք շատ լուրջ խնդրի առաջ․ խնդիրը վերաբերում է Կապանի սահմաններին, բնակիչների անվտանգությանը․ Կապանի քաղաքապետ |tert.am|

Կանգնած ենք շատ լուրջ խնդրի առաջ․ խնդիրը վերաբերում է Կապանի սահմաններին, բնակիչների անվտանգությանը․ Կապանի քաղաքապետ |tert.am|

tert.am: Մենք այսօրվա դրությամբ կանգնած ենք շատ լուրջ խնդրի առաջ: Այդ խնդիրը վերաբերում է Կապանի սահմաններին, Կապանի բնակիչների անվտանգությանը: Այս մասին մեզ հետ զրույցում նշեց Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը: «Ես օրեցօր տեսնում եմ, որ դրա հետ կապված լուծումներ չեն տրվում, օրեցօր նկատվում է, որ այդ խնդիրն օրհասական է դառնում: Կարծում եմ, որ ներկայիս կառավարության և Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պարագայում մենք հնարավորություն կունենանք բուֆերային զոնա ստեղծել և ապահովել մեր բնակչության անվտանգությունը»,- ասաց Փարսյանը: Հարցին՝ որն էր Նիկոլ Փաշինյանի հիմնական սխալը, Կապանի քաղաքապետը պատասխանեց՝ նրա վարած քաղաքականությունը, որի պատճառով եղավ պատերազմը: Ինչ վերաբերում է Կապանի օդանավակայանի հետ կապված խնդրին, Կապանի քաղաքապետը նշեց՝ համաձայնագրի առաջին կետով նշված է, որ բոլոր մարտական գործողութունները դադարեցվում են և Հայաստանի ու Ադրբեջանի զորքերը կանգնում են այնտեղ, որտեղ այդ պահին կանգնած են։ «Այսօրվա դրությամբ մենք թե՛ օդանավակայանից, թե՛ ԽՍՀՄ-ի ժամանակ գծված սահմաններից բավականին առաջ ենք: Դա այն պատճառով, որ ապահովենք անվտանգությունը: Ներկա դրությամբ որևէ վտանգ չի սպառնում, որովհետև մենք փորձել ենք ապահովել անվտանգության գոտին»,- ասաց նա:    Շարունակությունը՝ tert.am-ում։
23:07 - 05 դեկտեմբերի, 2020
Դատապարտում ենք քաղաքական ուժերի առաջնորդած երթը դեպի կառավարական ամառանոց, որտեղ բնակվում են պաշտոնյայի ընտանիքը, անչափահաս զավակները․ «Հանուն Հանրապետության» կուսակցություն

Դատապարտում ենք քաղաքական ուժերի առաջնորդած երթը դեպի կառավարական ամառանոց, որտեղ բնակվում են պաշտոնյայի ընտանիքը, անչափահաս զավակները․ «Հանուն Հանրապետության» կուսակցություն

ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի ղեկավարած «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար մարմինը հայտարարություն է տարածել, որով դատապարտում է վարչապետի հրաժարականը պահանջող քաղաքական ուժերի առաջնորդած երթը դեպի կառավարական ամառանոց։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև։   «Դատապարտում ենք դեկտեմբերի 5-ին Ազատության հրապարակում Հայաստանի վարչապետի հրաժարականը պահանջող քաղաքական ուժերի առաջնորդած երթը դեպի կառավարական ամառանոց, որտեղ բնակվում է պաշտոնյայի ընտանիքը, անչափահաս զավակները։   Սա աննախադեպ ոտնձգություն է մարդու և ընտանեկան կյանքի իրավունքի, անձնական տարածքի նկատմամբ, ինչը ժողովրդավարական պետությունում չի կարող համարվել քաղաքական պայքարի բարոյական միջոց։   Շուրջ քսանամյա քաղաքական պայքարի ընթացքում որևէ անգամ ընդդիմության կողմից փորձ չի արվել ժողովրդին ուղղորդել դեպի կառավարական ամառանոց, այլ միայն՝ պաշտոնյայի աշխատավայր։ Նույնիսկ 2018 թվականի ապրիլին սեփական նախաձեռնությամբ ԱԺ պատգամավորների տների մոտ ձեռնարկված անթույլատրելի գործողությունները հավանության չարժանացան հավաքների կազմակերպիչների կողմից։   Տեղի ունեցածը կրկնակի մտահոգիչ է այն տեղեկությունների համատեքստում, որ այսօրվա հավաքի և երթի կազմակերպիչներից շատերի համախոհներն էին նոյեմբերի 9-ի լույս 10-ի ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին դաժան ծեծը, կառավարությունում և Ազգային ժողովում ջարդարարություն իրականացնողները:   Վճռականորեն դատապարտում և անթույլատրելի է համարում նման անթույլատրելի նախադեպի ձևավորումը։ Հռչակված նպատակին հասնելու միջոցները պետք է մնան բացառապես քաղաքական, միևնույն ժամանակ զսպվածության և բարոյականության սահմաններում»։   Ավելի վաղ հայտնել էինք, որ «Հայրենիքի փրկության շարժում»-ի հանրահավաքի մասնակիցները երթով շարժվել են դեպի կառավարական ամառանոցներ:  
19:43 - 05 դեկտեմբերի, 2020
Վարչապետը կրկին հանդիպում է ունեցել գերեվարված և անհետ կորած անձանց ընտանիքների անդամների հետ

Վարչապետը կրկին հանդիպում է ունեցել գերեվարված և անհետ կորած անձանց ընտանիքների անդամների հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում շարունակում է հանդիպումները արցախյան պատերազմի ընթացքում գերեվարված, անհետ կորած զինվորականների և քաղաքացիական անձանց ընտանիքների անդամների հետ: Այս մասին տեղեկանում ենք վարչապետի աշխատակազմից։ Վարչապետը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը, Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը այսօրվա հանդիպման ընթացքում տեղեկություն են ներկայացրել գերիների, աճյունների փոխանակման, անհետ կորած անձանց հայտնաբերման, ԴՆԹ հետազոտությունների և դատագենետիկական նույնականացման հետազոտությունների երկրորդ հոսքագծի ձեռք բերման ու տեղադրման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ: Մանրամասն անդրադարձ է կատարվել Արցախի Հանրապետության մասնակցությամբ, Ռուսաստանի Դաշնության և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ իրականացվող գործընթացներին: Վարչապետը լսել է ընտանիքների անդամների մտահոգություններն ու պատասխանել նրանց հարցերին:
18:07 - 05 դեկտեմբերի, 2020
Հանրահավաքի մասնակիցները Փաշինյանին մինչև երեքշաբթի ժամը 12։00-ը ժամանակ տվեցին՝ հրաժարական ներկայացնելու

Հանրահավաքի մասնակիցները Փաշինյանին մինչև երեքշաբթի ժամը 12։00-ը ժամանակ տվեցին՝ հրաժարական ներկայացնելու

Իշխան Սաղաթելյանը քիչ առաջ կառավարական առանաձնատան դիմաց ներկայացրեց «Հայրենիքի փկրության շարժման» պահանջը։ «Պահանջը հետևայլան է․ մինչև երեքշաբթի օրը՝ ժամը 12-ը, ժամանակ ենք տալիս, որ Նիկոլ Փաշինյանը իր քաղաքական թիմի, իր խորհրդատուների հետ վերջնական  քննարկի և որոշում ընդունի․ հրաժարական տա և հեռանա»,- ասաց նա։ Սաղաթելյանը հայտնեց՝ եթե Նիկոլ Փաշինյանը մինչև երեքշաբթի չհեռանա, ամբողջ Հայաստանում անհնազանդության ակցիաներ են անելու։  Հանրահավաքն այսպիսով ավարտվեց։ Նշենք, որ շարժման՝ վարչապետի միասնական թեկնածուն Վազգեն Մանուկյանն է։ Վերջինս այսօր՝ Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ, ներկայացրեց այն խնդիրները, որ կան ստեղծվելիք ժամանակավոր կառավարության առջև։
17:57 - 05 դեկտեմբերի, 2020
Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության մնալու ամեն մի օրը հավասար է Հայաստանի չստացված եկամուտներին և կորսված հնարավորություններին․ Արթուր Վանեցյան |tert.am|

Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության մնալու ամեն մի օրը հավասար է Հայաստանի չստացված եկամուտներին և կորսված հնարավորություններին․ Արթուր Վանեցյան |tert.am|

tert.am: Հայաստանն ու Արցախը պատերազմի շեմին հասցնելուց, խայտառակ պայմաններով պարտության տանելուց, երկիրն անդունդի եզրին հասցնելուց հետո մենք այս պահին Հայաստանի վարչապետի աթոռին ունենք ընդամենը մեկ քաղաքական դիակ՝ ՀՀ վարչապետի քաղաքական դին։ Այս մասին Ազատության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքի ընթացքում հայտարարեց «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօերն Արթուր Վանեցյանը։ «Աթոռը զբաղեցնող մարդը քաղաքականապես մահացել է և այլևս երբեք կյանքի նշույլներ չի կարողանա ցույց տալ։ Հայաստանի վարչապետի աթոռին պինդ փաթաթված մարմինը պարզապես քաղաքական դիակ է։ Նա պարզապես մի ֆեյք է, պետության քանդման ու նաև պատերազմում պարտության գործում մեծագույն դեր է ունեցել և դեռ շարունակում է ունենալ կեղծ իրականությունը»,-ասաց  նա։ Ըստ Վանեցյանի՝ Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն քանդել է իրական պետությունը՝ դրա փոխարեն կառուցելով վիրտուալ Հայաստան։ «Վիրտուալ հայրենիքը իրականից տարբերվում է նրանով, որ դրանում սահմաններ չկան, չկա նաև սահմանները պաշտպանելու անհրաժեշտություն։ Վիրտուալ հայրենիքի անսահմանությունը Նիկոլ Փաշինյանը կիրառել է իրական հայրենիքի նկատմամբ՝ թշնամուն հանձնելով Արցախի մեծ մասն ու սպառնալիքի տակ դնելով Հայաստանի անվտանգությունը։ Այս վիտուալ իրականությունն է նաև նպաստել պետության քանդմանը, վիրտուալ իրականությունում տիրող անիշխանությունն ու քաոսը տեղափոխվել է մեր պետություն, հետևաբար հանգուցյալը ուղղակի ֆեյք է»,-հայտարարեց նա։ Վանեցյանի խոսքով՝ քաղաքական դիակը շարքային ստախոս է, նա ստում է ամեն օր, ամենուր, ամեն առիթով կամ անառիթ։ «Նա արկածախնդիր, անկարող, տգետ, անհավասարակշիռ մոլագար է»,-ասաց Վանեցյանը՝ ապա դիմեց Փաշինյանին․«Նիկոլ, դու այլևս իշխանություն չունես, դու ոչ թե ասֆալտին փռող ես, այլ ասֆալտ փռող ես, դու հայրենասպան ես, ֆեյք ես»,-նշեց նա։ Շարունակությունը՝ tert.am-ում
16:58 - 05 դեկտեմբերի, 2020
Փաշինյանն այլևս անցյալ է, նա հեռանալու է և թե՛ ինքը, թե՛ այս խայտառակ պարտության բոլոր մեղավորները օրենքի առաջ իրենց պատիժը ստանալու են. Գագիկ Ծառուկյանը հանդես է եկել ուղերձով |tert.am|

Փաշինյանն այլևս անցյալ է, նա հեռանալու է և թե՛ ինքը, թե՛ այս խայտառակ պարտության բոլոր մեղավորները օրենքի առաջ իրենց պատիժը ստանալու են. Գագիկ Ծառուկյանը հանդես է եկել ուղերձով |tert.am|

tert.am: ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը «Հայրենիքի փրկության շարժման» համազգային հանրահավաքի հարթակից ներկայացրեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ ժողովրդին ուղղված ուղերձը, որը ներկայացնում ենք ստորև. «Հարգելի՛ ու սիրելի՛ հայրենակիցներ, իմ հայ ժողովուրդ, Արցախից եկած քույրեր ու եղբայրներ, Ազատության հրապարակում այսօր ես պետք է լինեի ձեր կողքին, պետք խոսեի ձեզ հետ մեր երկրին պատուհասած իրավիճակի ու դրանից ելքեր փնտրելու հնարավոր եղանակների մասին: Բայց ինչպես գիտեք, հերթական անգամ վախկոտ իշխանությունների ձեռքով ես այս պահին ԱԱԾ-ում եմ, ինձ նորից կանչել են հարցաքննության: Իշխանությունները հերթական անգամ ապացուցեցին, որ սարսափում են ինձանից, ամեն ինչ անում են, որպեսզի ես չկարողանամ հանդիպել իմ ժողովրդի հետ: Ես նախկինում ասել եմ ու նորից եմ կրկնում՝ Նիկոլ Փաշինյանը պետք է վախենա ոչ թե ինձանից, այլ իր վարած խայտառակ քաղաքականության հետևանքներից, իր պահած ժողովրդի բարկությունից, անտուն ու անհայրենիք մնացած մեր շուրջ 100 հազար արցախցիների զայրույթից, զավակ կորցրած ծնողների ցասումից: Մեր ժողովրդի ու հայրենիքի առաջ ծառացած օրհասական խնդիրները լուծելու փոխարեն Նիկոլ Փաշինյանը նախընտրում է շարունակել իմ հանդեպ իրականացվող քաղաքական հետապնդման գործելաոճը: Իր աթոռը պահելու համար նա պատրաստ է ամենաստոր քայլերին անգամ: Որքան էլ, որ իմ համար ցավալի է այդ մասին խոսելը ես դեռևս ամիսներ առաջ կանխատեսում էի, որ մեր երկրի իշխանությունների վարած խայտառակ քաղաքականության պատճառով մոտալուտ վտանգ է հասունանում: Ես դեռևս 6 ամիս առաջ եմ հայտարարել, որ օր առաջ իշխանությունները պետք է հեռանան: Դա իմ անձնական ցանկությունն ու ամբիցիան չէր: Դա մոտալուտ վտանգը կանխելուն ուղղված իմ քայլն էր: Այդ ժամանակ իմ առաջին մտահոգությունը հենց Արցախի անվտանգությունն էր: Ես դեռևս հունիսի 5-ին հայտարարել էի, որ բացառիկ տաղանդ է պետք ունենալ ռազմավարական գործընկերների հետ հարաբերությունները այդ աստիճան վատացնելու համար: Այն ռազմավարական գործընկերոջ՝ Ռուսաստանի Դաշնության հետ, որը ևս մեկ անգամ ապացուցեց, որ դարերով ամրապնդված բարեկամությամբ դժվարին այս օրերին կրկին օգնության ձեռք մեկնեց ու կանգնեց հայ ժողովրդի կողքին: Հունիսի 16-ին Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել էի, որ իշխանությունները պետք է բաց ու թափանցիկ հայտարարեն, թե ինչի շուրջ են բանակցում Փաշինյանն ու Ալիևը: Իհարկե՛ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հիմքում ընկած էր նաև տնտեսության ողնաշարի կոտրումը, կորոնավիրուսի դեմ պայքարի ձախողումը, արտաքին աշխարհի գործընկերների հետ հարաբերությունների վատթարացումը և բազմաթիվ այլ գործոններ: Բայց իմ թիվ 1 մտահոգությունն Արցախն էր ու Արցախի անվտանգությունը: Իսկ հիմա արդեն Արցախի խայտառակ կապիտուլյացիայից հետո Նիկոլ Փաշինյանի հրաժարականն այլևս այլընտրանք չունի: Որևէ երկրում չի եղել նման բան, որ պարտված, թշնամու առաջ ծնկի իջած, թշնամու կողմից ամենավերջին ձևով ստորացված ղեկավարն ու իր քաղաքական թիմը շարունակեն պաշտոնավարել: Պետք է ձևավորվի նոր իշխանություն, որը հնարավորություն կունենա վարել նոր բանակցություններ: Իհարկե այս փուլում, որևէ մեկը չի կարող Արցախը ետ բերել, դժբախտաբար: Բայց գոնե նոր իշխանությունը հնարավորություն կունենա բանակցությունների արդյունքում մինիմումի հասցնել ստորագրված խայտառակ փաստաթղթով նախատեսված հետևանքները, հնարավորություն կունենա արժանապատվորեն շարունակել բանակցային գործընթացը, հնարավորություն կունենա արտաքին աշխարհի հետ մեր ազգային շահերը պաշտպանող բանակցություններ վարելու: Բայց ի՞նչ ենք տեսնում մենք այս օրերին: Փոխանակ Նիկոլ Փաշինյանը ընդունելով իր ու իր թիմի խայտառակ պարտությունը ներողություն խնդրի ու լուռ հեռանա՝ նա ամեն օր փորձում է արդարանալ, ավելին փորձում է իր խայտառակ պարտության մեղքը բարդել բոլորի վրա: Իր համար մեղավոր են բոլորը՝ բանակը, հրամանատարները, ՀՀ ու Արցախի նախկին նախագահները, ռազմավարական գործընկերները, խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերը, բայց ոչ երբեք ինքը: Դա ևս թուլամորթության դասական դրսևորում է: Որովհետև անգամ սեփական պարտությունը ընդունելու համար մարդ պետք է արժանապատվություն ու թասիբ ունենա: Բայց ինչպես պատերազմի 44 օրերի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հանրությանը կերակրում էր հաղթական ստերով, այնպես էլ այսօր փորձում է ամեն օր հանրությանը սուտ պատմվածքներով խաբել ու շեղել նրանց ուշադրությունը: Հայ ժողովրդի պատմության մեջ Ցեղասպանությունից հետո ես չեմ հիշում նման ծանր եւ ողբերգական էջ։ Մենք կորցրեցինք Արցախի 73 տոկոսը, մենք կորցրեցինք մեր լավագույն տղաներին, որոնցից ամեն մեկը մի տան ճրագ էր։ Մայր կա, որ իր երկու որդիներին է միանգամից կորցրել եւ հիմա էլ դռնեդուռ ընկած ամուսնու դիակն է փնտրում։ Հիշո՞ւմ եք,  երբ հունիսի 16-ին ես ԱԺ-ի ամբիոնից հարց ուղղեցի Փաշինյանին՝ ասելով՝ կոֆե խմելով, խաբելով մարդկանց չի կարելի մոլորեցնել, իշխանության տարբեր ներկայացուցիչներ ասում էին, թե Արցախի հարցում չի լինելու հակահայ լուծում։ Հիշո՞ւմ եք, որ Փաշինյանն ասում էր՝ Արցախի հարցի լուծումը պիտի բավարարի երեք կողմերին՝ հայ ժողովրդին, Արցախի ժողովրդին եւ Ադրբեջանի ժողովրդին։ Արդյունքում՝ ժողովրդի թիկունքում ստորագրված խայտառակ կապիտուլյացիոն փաստաթղթից հետո մենք տեսանք, որ հարցի լուծումը բավարարեց միմիայն Ադրբեջանի ժողովրդին։ Սիրելի՛ հայրենակիցներ, իմ սիրտն այսօր անասելի ցավում է, երբ տեսնում եմ, թե ինչպես է արցախցին իր տունը, իր օջախը այրում, որ թուրքին չմնա, թե ինչպես է իր ծնողների գերեզմանները քանդում, որ թուրքը չպղծի։ Հավատացե՛ք,  իմ համար աննկարագրելի ցավ է տեսնել պետական բոլոր դռները թակող որդեկորույս մայրերին, ովքեր խնդրում են գոնե իրենց որդիների դիակները հետ ստանան, որպեսզի կարողանան քրիստոնյային վայել հողին հանձնել։ Սիրելի՛ հայրենակիցներ, հավատացե՛ք, ինձ Նիկոլ Փաշինյանի անձը չի հետաքրքրում։  Մարդ, ով չունեցավ տղամարդկային արժանապատվություն՝ ընդունելու իր սխալը, իր մեղավորությունը Արցախը հանձնելու, հազարավոր զոհեր տալու մեջ եւ չունեցավ պետական մտածողություն՝ ներողություն խնդրելու եւ հեռանալու համար,  ինձ համար նման մարդը, նման հայը գոյություն չունի։ Փաշինյանն այլեւս անցյալ է: Նա հեռանալու է եւ թե՛ ինքը, թե՛ այս խայտառակ պարտության բոլոր մեղավորները օրենքի առաջ իրենց պատիժը ստանալու են։ Նոյեմբերի 10-ը հայ ժողովրդի պատմության մեջ մնալու է որպես դավաճանության ու հայրենիք հանձնելու օր, որպես մեր արժանապատվությունը թուրքի առաջ ծնկի բերելու օր։ Իր աթոռից կառչած այս մարդը, ով իրեն իշխանության բերած ժողովրդից այսօր պաշտպանվում է ճաղավանդակներով պատված շենքերում ու առանձնատերում, շարունակում է մեղադրել բոլորին և անգամ Ռուսաստանի նախագահին, ով հազար անգամ շատ ավելի լավ է տիրապետում Ղարաբաղի բանակցային գործընթացին, քան Նիկոլը, ով մե՛կ հայտարարեց, որ Արցախը Հայաստան է  ու վերջ, հետո Ալիեւին համարեց կիրթ մարդ ու վերջում՝ այդ կիրթ մարդու հետ ստորագրեց Արցախը ծնկի բերելու փաստաթուղթը, այսօր եւս շարունակում է ստել ու մոլորեցնել հանրությանը։ Այդուհանդերձ, ես այսօր ուզում եմ խոսել մեր առաջիկա ծրագերի ու անելիքների մասին։ Երկիրը կործանման եզրին է, Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանին է հանձնում է ոչ միայն այն, ինչ թղթով ժողովրդի թիկունքում պարտավորվել էր, այլ նաեւ մենք տեսնում ենք, թե ինչպես է թուրքը մտնում Սոթք ու ասում՝ մի քանի կիլոմետր էլ առաջ պիտի գամ։  Վտանգված է Սյունիքի ու Ադրբեջանի հետ սահմանակից մյուս մարզերի ու դրանց բնակիչների ճակատագիրը: Երկիրը լուրջ վտանգի տակ է, եւ միայն համախմբելով բոլոր առողջ ուժերը, մենք կկարողանանք կանգենցել այս արհավիրքը, որն իր հետ բերեց Նիկոլը: Դուք արդեն գիտեք, որ 16 կուսակցությունների և հանրության մեջ մեծ հարգանք վայելող մտավորականների կողմից ձևավորված Հայաստանի փրկության շարժման թեկնածուն Հայաստանի երրորդ հանրապետության առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանն է: Մարդ, ով մեր հայրենիքի համար ամենադժվարին պահերին ղեկավարել է կառավարությունը, իր ճգնաժամային կառավարման հարուստ փորձով կարողացել է մեր երկիրը դուրս բերել դժվարին իրավիճակից, վստահ եմ այսօր էլ իր քաղաքական փորձառությամբ և մեր բոլորի օգնությամբ կարողանալու է հաղթահարել մեր երկրի առջև ծառացած խնդիրները»: Շարունակությունը՝ tert.am-ում
16:43 - 05 դեկտեմբերի, 2020
Չարենցավանի ավագանու նիստերում չի քննարկվել վարչապետի հրաժարականը պահանջող որևէ նախաձեռնության միանալու հարց

Չարենցավանի ավագանու նիստերում չի քննարկվել վարչապետի հրաժարականը պահանջող որևէ նախաձեռնության միանալու հարց

Չարենցավանի համայնքապետարանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «2020 թվականի դեկտեմբերի 3-ին Hraparak.am լրատվական կայքում հրապարակված նյութը, որում ասվում էր՝ իբր Չարենցավան համայնքի ավագանու 15 անդամներից 10-ը միացել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին, չի համապատասխանում իրականությանը:Չարենցավան համայնքի ավագանու օրինական կայացված նիստերից և ոչ մեկում երբեք չի քննարկվել վարչապետի հրաժարականի պահանջով հանդես եկող որևէ նախաձեռնությանը միանալու հարց:Վերոնշյալ մամուլում տեղ գտած հրապարակումը իրենից ներկայացնում է ընդամենը Չարենցավան համայնքի ավագանու որոշ անդամների անձնական դիրքորոշումը, հետևաբար, այն որևէ կապ չունի՝ որպես տեղական ինքնակառավարման մարմնի օրինական կայացրած որոշման կամ ուղերձի հետ»:
16:29 - 05 դեկտեմբերի, 2020
Նորանկախ ՀՀ-ի նախկին բոլոր իշխանությունները հիշատակվելու են որպես Հայրենիքն արժանապատվորեն պաշտպանած, իսկ Փաշինյանը՝ հանուն աթոռի պատերազմում պարտված․ Ս․ Սարգսյանի գրասենյակ

Նորանկախ ՀՀ-ի նախկին բոլոր իշխանությունները հիշատակվելու են որպես Հայրենիքն արժանապատվորեն պաշտպանած, իսկ Փաշինյանը՝ հանուն աթոռի պատերազմում պարտված․ Ս․ Սարգսյանի գրասենյակ

Սերժ Սարգսյանի գրասենյակն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին ու ստորագրած փաստաթղթին։ Գրասենյակի հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև․ «Արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացի մասին ով խոսի, դու պետք է լռես, Նիկո՛լ Փաշինյան: Քո իմացած բանակցային պատմությունը՝ բնորոշածդ «կիրթ» ու «կառուցողական» Ալիևից լսածդ է, որին այնքան էիր հավատում, որ ավելորդ էիր համարում այդ գործընթացի մասին հանգամանորեն տեղեկանալ քո պետության՝ բանակցություններ վարած նախկին բոլոր ղեկավարներից: Նշանակում է՝ մեր թշնամուն անվերապահորեն վստահում էիր, իսկ քո քաղաքական ընդդիմախոսներին՝ ոչ: Հենց այդ պատճառով մինչև հիմա չես հասկացել բանակցային գործընթացի իմաստն ու նպատակը: Իսկ երբ բանակցային պատմությունը բացառապես իր երկրի շահերից բխող նրբերանգներով ականջիդ շշնջացող թշնամին քո հայրենադավությունից հետո, եթերում դիմելով քեզ, մի ամբողջ օր ամենավերջին ստորացումների էր ենթարկում, ծիծաղում վրադ և ծաղրում, ծպտունդ անգամ դուրս չեկավ: Արժանապատվություն ունեցող ցանկացած հայի համար, աշխարհի որ ծայրում էլ լիներ, դա մեծագույն անարգանք էր ու ամոթ, բայց ոչ քեզ համար: Դու պատրաստ ես միայն հարձակվել քաղաքական ընդդիմախոսներիդ վրա, իսկ հայ ժողովրդի թշնամու առջև՝ ծնկի գալ: Դու կարող ես անամոթաբար ստել ու նենգափոխել պատմությունը, վախկոտին բնորոշ ձևով պատասխանատվությունից խուսափելու համար մանիպուլյատիվ հնարքներով ամեն ինչ հարմարեցնել խայտառակ պարտությունդ քողարկելու մտադրությանդ: Անցած երկուսուկես տարում Արցախյան հիմնախնդրի լուծումը տարել ես բացառապես հող տալ կամ չտալու ուղղությամբ, մինչդեռ քեզնից առաջ բանակցություններ են վարվել Արցախը փոխզիջումների միջոցով Ադրբեջանի կազմից դուրս բերելու նպատակով: ՀՀ երրորդ նախագահը այս և շատ ու շատ այլ հարցերի հանգամանորեն դեռ կանդրադառնա: Այլևս փաստ է, որ պատմության մեջ նորանկախ Հայաստանի նախկին բոլոր իշխանությունները հիշատակվելու են որպես Հայրենիքը արժանապատվորեն պաշտպանած, հաղթանակած և հողեր ազատագրած իշխանություններ, իսկ դու՝ հանուն աթոռիդ պատերազմում անարժանապատվորեն պարտված, Արցախի հողերը հանձնած, բանակցություններ վարելու անընդունակ, Արցախի և Հայաստանի անվտանգությունը լրջագույն հարվածի տակ դրած վախկոտ և ժողովրդի կողմից դավաճանի խարանը ճակատին դրոշմված ղեկավար: Պատմությունը գրվում է փաստերով»:
15:59 - 05 դեկտեմբերի, 2020
Սյունիքի մարզի համայնքների ղեկավարներն ու ավագանու անդամները պահանջում են վարչապետի և կառավարության հրաժարականը

Սյունիքի մարզի համայնքների ղեկավարներն ու ավագանու անդամները պահանջում են վարչապետի և կառավարության հրաժարականը

Սյունիքի մարզի համայնքների ղեկավարներն ու ավագանու անդամները հանդես են եկել կոչով և պահանջում են վարչապետի և կառավարության հրաժարականը։ Կոչին միացել են Կապան, Գորիս, Քաջարան, Մեղրի, Սիսիան, Տեղ և Տաթև համայնքների ղեկավարներն ու ավագանու անդամները։ «Սիրելի՛ հայրենակիցներ, Հայաստանն ու Արցախը կանգնած են արհավիրքի առաջ, երկիրն աղետի շեմին է, վտանգված է Սյունիքը։ Պատերազմի առաջին օրերից Սյունիքը միասնական կերպով արժանապատիվ կռիվ է տվել ինչպես ճակատում, այնպես էլ՝ թիկունքում։ Այսօր եւս բոլոր համայնքները լուծում են լրջագույն խնդիրներ, որոնց մասին խոսելու առիթներ դեռ կլինեն։ Սյունիքի համար ճակատագրական այս օրերին բազմաթիվ հարցեր շարունակում են մնալ անպատասխան եւ չլուծված։ Սահմանի հետ կապված մի շարք հարցեր վիճելի են, Սյունիքի փրկության համար վճռորոշ այս փուլում, երբ պետք է ճակատագրական որոշումներ կայացվեն, համայնքներն են շարունակում մնալ անվտանգությունը երաշխավորող հիմնական դերակատարները։ Մենք կորցրել ենք Արցախի զգալի մասը, ունենք հազարավոր զոհեր, անհետ կորածներ, տնտեսական ու հումանիտար բազում խնդիրներ, որոնց լուծման բեռը շարունակում է մնալ համայնքների ուսերին եւ իրականացվում է պատվով։ Այս ամենի համատեքստում, նույնիսկ ամենափոքր թվացող հարցերը չեն լուծվում պետական մակարդակում, քանի որ կառավարման ամբողջ համակարգն այս օրերին անգործության է մատնված։ Թշնամին հասել է Սյունիքի դարպասներին։ Այս պահին մեր գերխնդիրը Սյունիքի պաշտպանությունն է, բնակչության անվտանգության ապահովումը։ Յուրաքանչյուր րոպեն թանկ է եւ կարող է անդառնալի հետեւանքներ ունենալ։ Ստեղծված իրավիճակում ամեն օր էլ ավելի ենք համոզվում, որ այս իշխանության հետ հնարավոր չէ չեզոքացնել մեզ սպառնացող աղետը, ուստի պահանջում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ կառավարության հրաժարականը։ Սա քաղաքական շահարկումների խնդիր չէ, այլ հայրենիքի փրկության, Սյունիքի բնակչության անվտանգության ապահովման հարցն է։ Մենք հասկանում ենք, որ վաղը կարող է շատ ուշ լինել, ուստի այս փուլում կարող եւ նվիրյալ ուժեր են պետք, որոնք պետք է գործեն հանուն Սյունիքի փրկության, երկիրն աղետալի վիճակից հանելու տրամաբանությամբ։ Այսպիսով, պետք է բոլորս ոտքի կանգնենք եւ ոչ ասենք այս կործանարար իրավիճակին»։ Պահանջին միանում են Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը, Քաջարան համայնքի ավագանու անդամները՝ Արմեն Անդրեասյան Կարեն Համբարձումյան Սասուն Առաքելյան Մերուժան Աթայան Էրիկ Սաղաթելյան Գարիկ Իսրայելյան Դերենիկ Ստեփանյան Արմեն Հակոբյան Կարինե Մակիյան Մարինա Գեւորգյան
14:57 - 05 դեկտեմբերի, 2020