Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Վովայի Փաշինյան, ՀՀ գործող վարչապետն է։ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։

Ծնվել է 1975 թվականի հունիսի 1-ին՝ Իջեւան քաղաքում։ 1999-2012 թվականներին եղել է քաղաքական ուղղվածության «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը, 2012 թվականի մայիսի 6-ից մինչեւ վարչապետի պաշտոնում ընտրվելը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր` ընդդիմադիր «Ելք» խմբակցությունից։ Որպես կուսակցական գործիչ համարվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, ինչպես նաեւ «Իմպիչմենտ» եւ «Ելք» դաշինքների համահիմնադիր։

2018 թվականին Սերժ Սարգսյանի երրորդ պաշտոնավարման դեմ պայքարող Նիկոլ Փաշինյանը սկսում է «Իմ քայլը» նախաձեռնությունը եւ իր համախոհների հետ միասին Գյումրուց քայլարշավով ուղեւորվում Երեւան։  Գործողությունների արդյունքում ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս։

Մայիսի 8-ին Փաշինյանն ընտրվում է Հայաստանի Հանրապետության 16-րդ վարչապետ։ Վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանը վերընտրվում է 2018-ի դեկտեմբերի և 2021-ի հունիսի խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ;

Ուղղորդված մարդիկ են մոտենում մեզ գիշերվա ժամը 4-ին՝ մեր էներգիան խլելու համար, սակայն հիմնականում մարդիկ զորակցություն են հայտնում. Փաշինյանի հրաժարականի պահանջով հացադուլ հայտարարած քաղաքացի |tert.am|

Ուղղորդված մարդիկ են մոտենում մեզ գիշերվա ժամը 4-ին՝ մեր էներգիան խլելու համար, սակայն հիմնականում մարդիկ զորակցություն են հայտնում. Փաշինյանի հրաժարականի պահանջով հացադուլ հայտարարած քաղաքացի |tert.am|

tert.am: Ինքնազգացողությունս լավ է: Հացադուլի 48 ժամը լրացել է, այսօր երրորդ օրն է: Այս մասին ասաց կառավարության շենքի մոտ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հացադուլ հայտարարած ՀՅԴ անդամ Գարիկ Ավետիսյանը: Դիտարկմանը՝ շատերը հորդորում են հացադուլը դադարեցնել և կիրառել այլ գործիքակազմ, նա ասաց՝ բոլոր գործիքակազմերն էլ օգտագործվելու են, սա մեկն է այդ միջոցներից: «Հիմնական ակնկալիքը եղել է այն, որ մտավորականներն ակտիվանան, լռության, իրենց պասիվ պահվածքը կվերացնեն, կմիանան այլ մարդիկ, որոնց առողջությունը կների, նույն պահանջով ակցիան ավելի հնչեղություն կստանա, և ճնշումը կմեծանա: Սպասում ենք, որ կլինի»,- նշեց նա: Ավետիսյանը նշեց, որ երբ քաղաքացիները մոտենում են իրենց, մեծամասնությունը գալիս են զորակցություն են հայտնում: Ավելին՝ tert.am-ում
12:54 - 25 նոյեմբերի, 2020
Համատեղ հայտարարության մեջ նախատեսված է Լեռնային Ղարաբաղի շրջաններում ապրող մարդկանց վերադարձ իրենց տներ. վարչապետ

Համատեղ հայտարարության մեջ նախատեսված է Լեռնային Ղարաբաղի շրջաններում ապրող մարդկանց վերադարձ իրենց տներ. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ռուսաստանյան «ТАСС» լրատվական գործակալությանը: Հարցազրույցի թարգմանությունը ներկայացվում է ստորև. ТАСС - Պարոն վարչապետ, նախևառաջ կցանկանայի շնորհակալություն հայտնել Ձեզ՝ այս բավական բարդ ժամանակահատվածում ռուսաստանյան «ТАСС» գործակալությանը հարցազրույց տալու համար ժամանակ հատկացնելու կապակցությամբ: Նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության համաձայն՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով, Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է ռուսաստանյան խաղաղապահ զորախումբը, որի մնալու ժամկետը սահմանվել է 5 տարի՝ հերթական 5-ական տարի ժամկետով ավտոմատ երկարաձգման հնարավորությամբ: Ինչի՞ց ելնելով է սահմանվել 5 տարի ժամանակաշրջան, և ի՞նչ պետք է արվի այդ ընթացքում: Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Դա քաղաքական համաձայնության հարց է: Նման համաձայնություն է ձեռք բերվել: Եվ 5-ամյա ժամանակահատվածում, իհարկե, պետք է հասցնել տարածաշրջանում անվտանգության և կայունության երաշխիքներ ձևավորել: Բայց քանի որ ղարաբաղյան հակամարտությունը տևական հակամարտություն է, չեմ կարծում, որ ռուսաստանյան խաղաղապահների մնալու ժամկետը կսահմանափակվի 5 տարի ժամկետով: Այսինքն՝ 5-ամյա ժամկետը գործընթացի սկիզբն է, և, ինչպես Դուք արդեն ասացիք, այնտեղ նախատեսված է ավտոմատ երկարաձգման հնարավորություն: Գիտեք, կարծում եմ, որ այս պահին գլխավոր խնդիրը Լեռնային Ղարաբաղում և տարածաշրջանում կայունության ապահովումն է և Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների անվտանգության ապահովումը: Եվ ես կարծում եմ և հուսով եմ, որ ռուսաստանյան խաղաղապահները հաջողությամբ կգործեն և իրապես կկարողանան կյանքի կոչել այդ առաքելությունը: ТАСС - Եռակողմ հայտարարության մեջ ոչինչ ասված չէ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին: Ընդ որում, ավելի վաղ Դուք պարզաբանել էիք, որ փաստաթուղթը չի ենթադրում Լեռնային Ղարաբաղի հարցի բովանդակային լուծում: Այսպիսով, կարգավիճակը մնում է անորոշ: Ինչպիսի՞ն են Ձեր մոտեցումները Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ներկայիս փոփոխված պայմաններում: Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Գիտեք, փաստացի կա կոնսենսուս, համենայնդեպս, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շրջանում, և Հայաստանը համաձայն է այդ տեսակետի հետ՝ որ բանակցային գործընթացը պետք է շարունակվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում: Եվ այն հարցերը, որոնք լուծված չեն համատեղ հայտարարությամբ, պետք է բանակցությունների առարկա դառնան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում: Դուք գիտեք Հայաստանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ, և մեր դիրքորոշումը, իհարկե, չի փոխվել: ТАСС - ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ կապված: Ձեր կողմից ներկայացված ճանապարհային քարտեզի առաջին կետում նշված է, որ Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացի վերականգնումը, խաղաղ կարգավորումը պետք է շարունակվի հենց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում: Ձեր կարծիքով՝ այժմ ինչպե՞ս պետք է ընթանա կարգավորման գործընթացը այդ ձևաչափով: Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես գործնականում պատասխանեցի այդ հարցին՝ ամբողջությամբ պետք է վերականգնի բանակցային գործընթացը: Բայց տվյալ պահին կան ավելի օպերատիվ հարցեր, որոնք պետք է լուծվեն: Ես նկատի ունեմ գերիների և կալանավորված անձանց ամբողջական փոխանակումը: Կա նաև անհետ կորածների հարցը, զոհվածների մարմինների փոխանակման հարցը: Ես կարծում եմ, որ այս պահին մենք պետք է կենտրոնանանք հենց այս հարցերի վրա: Իհարկե, զուգահեռաբար որոշակի հաղորդակցություն է ընթանում: Մենք հաղորդակցվում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Ես մշտական կապի մեջ եմ Ռուսաստանի նախագահի հետ: Վերջերս հեռախոսազրույց ունեցա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Գիտեք, որ Միացյալ Նահանգներում ընտրական գործընթաց է: Եվ ես հույս ունեմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ աշխատանքային լիարժեք գործընթացը շատ շուտով կվերականգնվի: ТАСС - Ձեր կողմից ստորագրված եռակողմ հայտարարությունը Հայաստանում բուռն արձագանքի արժանացավ, նույնիսկ Ձեր հրաժարականի կոչեր են հնչում: Ինչպե՞ս եք Դուք գնահատում հանրապետությունում ներքաղաքական իրավիճակը, և արդյոք այն կարո՞ղ է ձեռք բերված պայմանավորվածությունների խափանման սպառնալիք լինել: Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Գիտեք, մեզ մոտ, իհարկե, կա ներքաղաքական լարվածություն: Բայց ճշմարտությունն այն է, որ ընդդիմության կողմից հնչեցված կոչերը լայն տարածում չգտան հայ հանրության շրջանում: Եվ ես կարծում եմ, որ ժողովրդի կողմից ձևավորված իշխանության հարցը կարող է լուծվել միայն ժողովրդի կամարտահայտությամբ: Ներկայում փաստն այն է, որ ընդդիմության կողմից հնչող կոչերը հայ հանրության աջակցությունը չեն ստանում: Եվ դա պետք է արձանագրել: ТАСС - Ժողովրդի կամարտահայտության հետ կապված: Դրա ամենաժողովրդավարական ձևը ընտրություններն են: Հնչում են նաև արտահերթ խորհրդարանական ընտրությունների կոչեր: Ինչպե՞ս եք վերաբերվում դրան, ինչպե՞ս եք գնահատում: Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Գիտեք, հիմա կառավարության և, կարծում եմ, ոչ միայն կառավարության, այլև Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքական ուժերի կարևորագույն և առաջնահերթ խնդիրը պետք է դառնա Հայաստանի Հանրապետության լիակատար կայունության և անվտանգության վերականգնումը: Նկատի ունեմ ոչ միայն ներքին, այլև արտաքին անվտանգությունը: Ես հրապարակել եմ ճանապարհային քարտեզ 6-ամսյա ժամանակահատվածի համար, և առաջիկա 6 ամսվա ընթացքում մենք պետք է աշխատենք իրավիճակի կայունացման ուղղությամբ: Ես նկատի ունեմ քաղաքական իրավիճակը, անվտանգության ոլորտում իրավիճակը, տնտեսական կայունությունը: Եվ դրանից հետո մենք կխորհրդակցենք մեր հանրության, ժողովրդի, քաղաքական ուժերի հետ և որոշում կկայացնենք հետագա իրադարձությունների ու հետագա քայլերի կապակցությամբ, թե ինչ պետք է անենք հետագայում: ТАСС - Ինչպես նշեցիք, բողոքական տրամադրությունները հանրության մեծամասնության աջակցությանը չեն արժանանում: Ելնելով դրանից... Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Դա չի նշանակում, որ բոլորը գոհ են ներկայիս ստեղծված իրավիճակից՝ և՛ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում, և՛ Լեռնային Ղարաբաղում իրավիճակով, և այլն: Անկեղծ ասած, ես ինքս էլ այնքան գոհ չեմ: Մենք բոլորս էլ գոհ չենք այն իրավիճակով, որը մեզ մոտ ձևավորվել է: Բայց պետք է հասկանալ, թե մենք ինչ այլընտրանքներ ունենք: Մենք պետք է աշխատենք, որպեսզի իրավիճակն ավելի չվատթարացնենք, որպեսզի կայունացնենք և բարելավենք այն: Եվ ինչպես ես արդեն ասացի, նկատի ունեմ ոչ միայն ներքին անվտանգությունն ու կայունությունը, այլև արտաքին կայունությունն ու անվտանգությունը և տնտեսական անվտանգությունն ու կայունությունը: Մենք պետք է աշխատենք և կենտրոնանանք այս հարցերի վրա: Սա չի նշանակում, որ կառավարությունը համարում է, թե ամեն ինչ լավ է, ամեն ինչ կարգին է: Հակառակը, մենք համարում ենք, որ առաջին հերթին պետք է չսրել իրավիճակը, ավելի չվատթարացնել այն: Հիմա մեր առջև շատ հարցեր կան՝ կապված Արցախի, Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների իրենց տներ վերադարձի հետ: Պետք է սոցիալական որոշակի երաշխիքներ ապահովել Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների համար և այն մարդկանց համար, ովքեր իրենց տունն են կորցրել: Պետք է կայունացնել սոցիալ-տնտեսական իրավիճակը Հայաստանում: Ցավոք, ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, կորոնավիրուսի համավարակը շարունակվում է: Այսինքն, առաջին հերթին մեր ընդհանուր նպատակը պետք է դառնա իրավիճակի կայունացումը, և դրանից հետո պետք է որոշում ընդունենք՝ ինչ անել: ТАСС - Կցանկանայի Ձեզ հարցնել տնտեսական և հումանիտար խնդիրների մասին: Կա՞ն արդյոք գնահատականներ, թե ինչպիսի տնտեսական վնաս է հասցվել հանրապետությանը: Եվ կա՞ արդյոք քանակական գնահատական զոհվածների, անհետ կորածների, փախստականների, տուժողների առումով՝ որքան մարդ է զոհվել, տուժել, անտուն մնացել: Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Գիտեք, մենք պարբերաբար հրապարակում ենք զոհվածների թիվը: Դժբախտաբար կամ բարեբախտաբար, եղել են դեպքեր, երբ պաշտոնապես հայտարարված է եղել, որ կոնկրետ անձը զոհվել է, բայց պարզվել է, որ նա ողջ է: Եվ հիմա շատ կարևոր է ճշգրիտ լինել այս հարցում: Մենք, իհարկե, չենք պատրաստվում ոչինչ թաքցնել, և մեր հասարակությունը, մեր քաղաքացիները կունենան լիարժեք տեղեկատվություն: Ինչ վերաբերում է անհետ կորածներին: Մենք ունեցել ենք դեպքեր, երբ մարդիկ համարվել են անհետ կորած, բայց հետո նրանց գտնվելու վայրը հայտնաբերվել է, նրանք վերադարձել են, և պարզվել է, որ որոշ հանգամանքների բերումով նրանք ուղղակի չեն կարողացել կապվել հարազատների, ընկերների կամ պաշտոնական կառույցների հետ: Այսինքն՝ հիմա ընթանում է այս բոլոր հարցերի հստակեցման գործընթաց: Իհարկե, շատ աշխատանք է կատարվում բոլոր անհետ կորածների հնարավոր գտնվելու վայրը հայտնաբերելու համար: Այժմ շատ կարևոր է, ինչպես արդեն ասացի, գերիների և կալանավորված անձանց փոխանակումը: Այս հարցերի շուրջ մենք սերտորեն համագործակցում ենք Ռուսաստանի կառավարության հետ, ես սերտ շփման մեջ եմ Ռուսաստանի նախագահի հետ, և Լեռնային Ղարաբաղում գտնվող խաղաղապահները նույնպես շատ ակտիվ մասնակցում են այս գործընթացին: Ցանկանում եմ նշել, որ այս պահին ճիշտ չէ թվեր հրապարակելը, քանի որ դրանք 100 տոկոսանոց ճշգրիտ չեն լինի: Այսինքն՝ մեր քաղաքականությունը հետևյալն է. մենք հրապարակելու ենք թվերը, բայց նախևառաջ պետք է վստահ լինենք, որ այն անձինք, ովքեր համարվում են անհետ կորած, հետո չեն վերադառնա և իրենց մասին տեղյակ պահեն: Այսպիսի կազուսներից խուսափելու համար պետք է տեղեկատվությունը ստուգել, վերստուգել և այլն, քանի որ մենք գործ ունենք մարդկային ճակատագրերի, զգացմունքների հետ, և պետք է շատ զգույշ լինել: ТАСС - Իսկ ինչպիսի՞ տնտեսական վնաս է հասցվել հանրապետությանը: Գնահատականներ կա՞ն: Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Գիտեք, իհարկե, պարզ է, որ տնտեսական իրավիճակը մեզ մոտ՝ այնպես, ինչպես ողջ աշխարհում, բարդ է: Այն բարդացել էր դեռ մինչև պատերազմը, և դա կապված էր կորոնավիրուսի համավարակի հետ: Եվ հիմա մենք պետք է գնահատենք, թե ինչպիսի ազդեցություն է պատերազմն ունեցել տնտեսության վրա: Բայց հիմա մենք պետք է ոչ միայն հաշվենք վնասները, այլև կոնկրետ քայլեր անենք՝ տնտեսական կայունությունը վերականգնելու համար: Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ: Իմ հրապարակած ճանապարհային քարտեզում կան կոնկրետ քայլեր, որոնք ուղղված են տնտեսական կայունության վերականգնմանը: Մենք աշխատում ենք և աշխատելու ենք այդ ուղղությամբ, և ես վստահ եմ, որ կոնկրետ քայլերը կբերեն կոնկրետ արդյունքներ: ТАСС - Ձեր հրապարակած ճանապարհային քարտեզի համաձայն՝ փախստականների վերադարձը համարվում է առաջնահերթ խնդիրներից մեկը: Ասացեք, խնդրեմ՝ ի՞նչ կոնկրետ քայլեր է մտադիր ձեռնարկել կառավարությունը, որպեսզի ձմռան շրջանում ապրելու պայմաններ ապահովվեն մարդկանց համար, ովքեր առանց տուն և աշխատանք են մնացել: Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Մենք արդեն կոնկրետ որոշումներ ենք ընդունել, որոնք վերաբերում են այն մարդկանց ֆինանսական օժանդակությանը, ովքեր դրա կարիքն ունեն: Արդեն 2 ծրագիր է ընդունվել, և մոտակա օրերին ևս 5 սոցիալական ծրագիր կընդունվի: Եվ մենք ամեն օր աշխատում ենք այդ հարցի ուղղությամբ: Ես վստահ եմ, որ մեզ կհաջողվի կայունացնել իրավիճակը: Շատ ուրախ եմ, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչների վերադարձի բավական լավ հոսք է նկատվում: Լեռնային Ղարաբաղի նախագահը դեռ 2 օր առաջ տեղեկացրեց, որ Լեռնային Ղարաբաղի 25000 բնակիչ արդեն վերադարձել է, և մենք վստահ ենք, որ մինչև տարեվերջ Լեռնային Ղարաբաղի բնակիչների մեծամասնությունը կվերադառնա: Մենք պատրաստվում ենք ստեղծել դրա համար անհրաժեշտ բոլոր պայմանները: Շատ կարևոր է նշել, որ Ռուսաստանի Դաշնությունը նույնպես մտադիր է քայլեր ձեռնարկել՝ Լեռնային Ղարաբաղի բնակիչների վերադարձն իրենց տներ ապահովելու համար: Իհարկե, կան շատ տներ, որոնք ավիրվել են, և պետք է սկսել վերականգնողական աշխատանքներ: Բայց մեր նպատակը նախևառաջ ֆինանսական օպերատիվ օժանդակությամբ այդ մարդկանց ապահովելն է, ովքեր այդ միջոցների օգնությամբ կկարողանան կազմակերպել իրենց առաջնահերթ կարիքները՝ Լեռնային Ղարաբաղ վերադառնալու համար: Կարող եմ ասել՝ այժմ արդեն տեսանելի է, որ այդ գործընթացը ռեալ տեղի է ունենում: Եվ դա իսկապես լավ նորություն է: ТАСС - Դուք ակնկալում եք նաև փախստականների վերադարձ իրենց տներ, որոնք գտնվում են ադրբեջանական կողմի վերահսկողության տակ անցած գյուղերում: Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այո: Դա վերաբերում է Լեռնային Ղարաբաղի շրջաններին, և մեր համատեղ հայտարարության մեջ նախատեսված է այդ մարդկանց վերադարձ իրենց տներ: Հենց այդ կետի մասով պետք է ստեղծել կոնկրետ մեխանիզմներ, անվտանգության կոնկրետ երաշխիքներ: Պետք է ապահովել և կազմակերպել այս ամբողջ գործընթացը: Եվ այդ գործընթացը պետք է դառնա բանակցային գործընթացի առաջնահերթությունը: ТАСС - Ձեր թույլտվությամբ կցանկանայի վերադառնալ ներքաղաքական հարցերին: Բողոքական տրամադրությունները, որ մենք հիշատակեցինք, արդյոք կարո՞ղ են նոյեմբերի 10-ին ձեռք բերված պայմանավորվածությունների խափանման սպառնալիք լինել: Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Չեմ կարծում: Որովհետև, իմ կարծիքով, հայ հասարակությունը համաձայն է նրա հետ, որ այն իրավիճակում, որում ստորագրվել է այդ փաստաթուղթը, ուրիշ իրական այլընտրանք չի եղել, որն ավելի լավը կլիներ մեզ համար: Այսինքն, իմ կարծիքով և համոզմամբ՝ հայ հասարակության մեջ ստորագրված փաստաթղթի ըմբռնումը հենց այսպիսին է: Այլ հարց է, որ մենք դեռ պետք է ամեն ինչ վերլուծենք, հասկանանք և պատասխանենք այն հարցերին, թե ինչու հենց այսպես տեղի ունեցավ, և ինչու մենք հասանք այս իրավիճակին: Բայց այդ պահին՝ նոյեմբերի 9-ի դրությամբ, այլընտրանք ուղղակի չկար, և կարծում եմ, որ հայ հասարակության մեջ առկա է իրավիճակի այդպիսի ընկալում: ТАСС - Համատեղ հայտարարության մեջ խնդիր է դրված ապաշրջափակել տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում: Կարելի՞ է արդյոք սա դիտարկել որպես ելակետ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջպետական հարաբերությունների աստիճանական կարգավորման համար: Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Գիտեք, դա շատ կարևոր պահ է, և ես կարծում եմ, որ մոտ ապագայում մենք պետք է կենտրոնանանք դրա վրա: Որովհետև երբ խոսում ենք տնտեսական իրավիճակի կայունացման մասին ոչ միայն Հայաստանում, այլև ողջ տարածաշրջանում, պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկենք: Ահա մենք խոսում ենք տնտեսական իրավիճակի մասին, որն ստեղծվել է Հայաստանում: Բայց պետք է արձանագրել, որ տնտեսական իրավիճակն այնքան էլ լավ չէ տարածաշրջանի բոլոր երկրներում և ողջ աշխարհում: Դա կապված է կորոնավիրուսի համավարակի հետ, այսինքն՝ դա գլոբալ խնդիր է, տարածաշրջանային խնդիր է: Իհարկե, այն քաղաքական պայմանավորվածությունը, որ կա տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման առումով, կարող է ելակետ դառնալ մեր տարածաշրջանում ոչ միայն տնտեսական իրավիճակի, այլև տնտեսական զարգացման ողջ տրամաբանության փոփոխության համար: Եվ հուսով եմ՝ մեզ կհաջողվի կյանքի կոչել այն քաղաքական պայմանավորվածությունները, որոնք արձանագրված են համատեղ հայտարարության մեջ: Մասնավորապես, նկատի ունեմ տնտեսական ենթակառուցվածքների, երկաթգծերի, ճանապարհների ապաշրջափակումը: ТАСС - Շնորհակալ եմ, պարոն վարչապետ: Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ես եմ շնորհակալ:
11:12 - 25 նոյեմբերի, 2020
Զավեն Սարգսյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով

Զավեն Սարգսյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` անվանի մտավորական, լուսանկարիչ, Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով: Զավեն Սարգսյանը ծնվել է Երևանում, 1947 թվականին։ 1972 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ Սովորելուն զուգահեռ` 1969-1972 թվականներին, որպես ավագ տեխնիկ աշխատել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում։ Զավեն Սարգսյանը 1960-1970-ական թվականների ազգային-մոդեռնիստական հայացքները կրող առաջադեմ սերնդի ներկայացուցիչներից էր, որոնք նոր շունչ հաղորդեցին հայկական մշակութային միջավայրին՝ ուղենշելով ստեղծագործական ազատության և զարգացման նոր ուղիներ: Նա «Երազողներ» առաջին հայկական ռոք խմբի համահիմնադիր-մենակատարն էր: Լուսանկարչությամբ սկսել է զբաղվել երիտասարդ տարիքից: Հանդիպումը հռչակավոր կինոռեժիսոր, արվեստագետ Սերգեյ Փարաջանովի հետ շրջադարձային էր երիտասարդ լուսանկարչի համար, որը պետք դառնար Փարաջանովի անձնական լուսանկարիչն ու կենսագիրը՝ կարևոր ներդրում ունենալով նրա կյանքի և ստեղծագործության համաշխարհայնացման գործում:  1988 թվականին Զավեն Սարգսյանի անմիջական ջանքերով Երևանում հիմնադրվում է Սերգեյ Փարաջանովի թանգարանը, որ բացվում է 1991 թվականին: Նա ղեկավարում էր թանգարանը հիմնադրումից առ այսօր: Զավեն Սարգսյանը նաև հայկական վավերագիր և գեղարվեստական լուսանկարչության վառ ներկայացուցիչներից է: Հատկապես, անգնահատելի է նրա ներդրումը հայկական պատմամշակութային ճարտարապետական կոթողների, այդ թվում՝ Արևմտյան Հայաստանի տարածքում գտնվող հուշարձանների վավերագրման գործում: «Հայաստանը և՛ Վանա լիճն է, և՛ Եփրատ գետը, և՛ Տիգրիսը, և՛ Սեպուհ սարն ու Արածանին»,- իր հարցազրույցներից մեկում նշում է արվեստագետը: Այսօր առավել քան արդիական, նա իր լուսանկարներում փորձում էր ամբողջացնել հայկական մշակութային ինքնության հետագիծը: Զավեն Սարգսյանն անհատական ցուցահանդեսներով հանդես է եկել Հայաստանում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Չինաստանում, Ռուսաստանում, Վրաստանում, Սերբիայում և այլ երկրներում: Զավեն Սարգսյանը 2008 թվականին արժանացել է Ֆրանսիայի արվեստի և գրականության ասպետի շքանշանի, 2011 թվականին պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով: ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ է: Զավեն Սարգսյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 25-ին՝ ժամը 18:00-20:00-ը, Սերգեյ Փարաջանովի թանգարանում, վերջին հրաժեշտը՝ նոյեմբերի 26-ին՝ ժամը 12:00-14:00-ը, նույն վայրում: Հուղարկավորությունը՝ Երևանի քաղաքային պանթեոնում (Թոխմախ):
21:08 - 24 նոյեմբերի, 2020
Սա քաղաքական հաշվեհարդար է Նիկոլ Փաշինյանի կողմից, սա նրա մանրախնդիր քինախնդրությունն է. Ն. Զոհրաբյանը՝ Ծառուկյանին մանդատից զրկելու հարցով ՍԴ դիմելու մասին
 |tert.am|

Սա քաղաքական հաշվեհարդար է Նիկոլ Փաշինյանի կողմից, սա նրա մանրախնդիր քինախնդրությունն է. Ն. Զոհրաբյանը՝ Ծառուկյանին մանդատից զրկելու հարցով ՍԴ դիմելու մասին |tert.am|

tert.am: Այն, ինչ տեղի ունեցավ Ազգային ժողովի այս խորհրդի նիստում, նույնիսկ սյուրռեալիզմ չէր, դա աբսուրդի վերջին գագաթն էր, որևէ հիմնավորում, որ Գագիկ Ծառուկյանը զբաղվել է  ձեռնարկատիրական գործունեությամբ, չբերվեց: Այս մասին Ազգային ժողովի խորհրդի նիստից հետո, որտեղ որոշվում էր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու հարցով դիմել Սահմանադրական դատարան, լրագրողներին ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Նաիրա Զոհրաբյանի բնորոշմամբ՝ դա ակնհայտ քաղաքական հաշվեհարդար է: «Քաղաքական հաշվեհարդար է Նիկոլ Փաշինյանի կողմից Գագիկ Ծառուկյանի հանդեպ: Նիկոլ Փաշինյանն Արցախը հանձնելուց հետո, ռազմագերիների հարցով զբաղվելու փոխարեն, մեր հայրենակիցների, որոնք հիմա, հենց այս պահին թուրք զինվորականների հետ են բանակցում, որ մի քանի ժամ ավելի մնան իրենց տներում, որ հասցնեն գույքը տեղափոխել, այդ խնդիրներով զբաղվելու փոխարեն զբաղվում է քինախնդրությամբ»,- ասաց նա: Պատգամավորը շեշտեց, որ իրավապահ համակարգի այն աշխատակիցներին, որոնք ամբողջ օրն ընկած ընդդիմադիրների տներն են խուզարկում, խաղաղ ցույցեր են ցրում, թող ուղարկեն այնտեղ, որ այդ մարդկանց օգնեն:
20:56 - 24 նոյեմբերի, 2020
Կառավարությունից որևէ մեկն ինձ չի մոտեցել էլ, ոչ էլ ակնկալում եմ, զրույցն իմաստ չունի, որովհետև պահանջը մեկն է՝ Փաշինյանը պետք է հեռանա. Գեղամ Մանուկյան |tert.am|

Կառավարությունից որևէ մեկն ինձ չի մոտեցել էլ, ոչ էլ ակնկալում եմ, զրույցն իմաստ չունի, որովհետև պահանջը մեկն է՝ Փաշինյանը պետք է հեռանա. Գեղամ Մանուկյան |tert.am|

tert.am: Բոլոր մեթոդները կիրառելի են, որովհետև րոպե առաջ Նիկոլ Փաշինյանի հեռանալը կենսական անհրաժեշտություն է Հայաստանի և Արցախի համար և առաջին հերթին, որ վերականգնվի պետական համակարգի գործունեությունը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Երկիր մեդիա» ՀԸ լրատվական բաժնի տնօրեն Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու է ընտրել հացադուլի մեթոդը, մի՞թե Փաշինյանի հրաժարականը պահանջելու պայքարի այլ ձև չի մնացել: «15 օր է անցել այդ չարաբաստիկ հայտարարության ստորագրումից, 15 օր շարունակ որևէ քայլ չի իրականացվել, մինչև դժբախտության մեջ գտնվող մեր հարյուրավոր հայրենակիցներ չգնացին Կառավարություն, Պաշտպանության նախարարություն, դրանից հետո՞ միայն պետք է պետությունը գործի անցներ: Պետական համակարգը չէր գիտակցում հարցը, քանի որ պետական համակարգի գլխին, անճար, պոպուլիստ մի մարդ է, որը կառավարչական որևէ հմտություն, ունակություն չունի՝ վկան վերջին 2.5 տարին»,- ասաց նա:Հարցին՝ Կառավարությունից որևէ մեկը մոտեցե՞լ է իրեն, նա պատասխանեց. «Ոչ մեկ չի մոտեցել ինձ, ոչ էլ ակնկալում եմ, որ մոտենան, զրույցը որևէ իմաստը չունի, որովհետև պահանջը մեկն է»:Գեղամ Մանուկյանը նշեց, որ մարդիկ բոլորն էլ հասկանում են, որ այս մարդը պետք է գնա և նախարարներին փոխելը որևէ էական փոփոխություն չի մտցնում: «Իր հռչակած այդ 15 կետանոց ճանապարհային քարտեզում էլ, որտեղ իր հրաժարականի մասին խոսք չկա, առաջին կետով խոսում է Ղարաբաղյան հարցի բանակցությունների մասին, այս մարդը պարտված, խայտառակված է, խայտառակված մարդը չի կարող Արցախյան բանակցություններ առաջ տանել»,- ընդգծեց նա:Գեղամ Մանուկյանը նշեց, որ իր ինքնազգացողությունը լավ է:
19:26 - 24 նոյեմբերի, 2020
Պետք է բարեփոխենք մտածողությունը մեր ձևակերպած նպատակներին հասնելու համար. վարչապետը ներկայացրել է ԿԳՄՍ նորանշանակ նախարարին

Պետք է բարեփոխենք մտածողությունը մեր ձևակերպած նպատակներին հասնելու համար. վարչապետը ներկայացրել է ԿԳՄՍ նորանշանակ նախարարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Վահրամ Դումանյանին: Կառավարութան ղեկավարը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Արայիկ Հարությունյանին կատարած աշխատանքի համար և արդյունավետ գործունեություն մաղթել Վահրամ Դումանյանին: «Հարգելի գործընկերներ, մենք շատ ենք խոսում երկրում ինստիտուտների կայացվածության աստիճանի մասին, և իմ համոզմունքն այն է, որ մեր բոլոր պրոբլեմները կապ ունեն ինստիտուտների կայացվածության աստիճանի հետ: Բայց նաև կարևոր եմ համարում, որպեսզի մենք ամենևին չանտեսենք մտածողությունը՝ որպես ինստիտուտ: Կարծում եմ նաև, որ մենք այս հարցն ընդհանուր առմամբ պետք է քննենք, հասկանանք, պատկերացնենք, թե ինչ մտածողությամբ ենք առաջնորդվում, այդ ինստիտուտն ինչքանով է համապատասխանում մեր կարիքներին, պահանջներին և շահերին, և, իհարկե, ինչպիսի՞ բարեփոխումների պետք է ենթարկվի մտածողությունը, որպեսզի կարողանանք հասնել այն նպատակներին, որոնք ձևակերպում ենք», - իր խոսքում նշել է երկրի վարչապետը: Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել ԿԳՄՍ նախարարության թիմին համատեղ աշխատանքի համար՝ նշելով, որ կառույցը՝ որպես ինստիտուտ, ձևավորվել է և գտնվում է աշխատանքային լավ վիճակում: Նրա խոսքով՝ պատերազմի ընթացքում, Covid-ի ժամանակ ստեղծված իրավիճակին արձագանքը եղել է համապատասխան, և դա տեղի է ունեցել այս գերատեսչությունում աշխատող մարդկանց շնորհիվ: Ա Հարությունյանը շնորհակալություն է հայտնել վարչապետ Փաշինյանին նախարարության գործունեությանը ցուցաբերած աջակցության համար և նշել. «Այն բարեփոխումները, որոնք սկսվել են նախարարությունում, իրենց բարերար և դրական ազդեցությունն են ունենալու ներհայաստանյան հարաբերություններում, մեր տնտեսության վրա, միջազգային հարաբերություններում մեր դիրքի վրա: Եվ, իմ կարծիքով, այն լավ հիմքերը, որ դրվել են, պետք է, շարունակական լինեն»: ԿԳՄՍ նախկին նախարարը պատրաստակամություն է հայտնել շարունակել կուտակած փորձը և տեղեկատվությունը փոխանցել նորանշանակ նախարարին՝ ի աջակցություն բարեփոխումների գործընթացի: Իր հերթին ԿԳՄՍ նորանշանակ նախարար Վահրամ Դումանյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության համար՝ նշելով. «Լիովին պատասխանատու ձևով ես համաձայնվել եմ ընդունել առաջարկը և զգացված եմ վստահության համար: Պատրաստ եմ ուժերիս ներածի ողջ ծավալով նվիրվել մեր պետությանը, մեր երկրին և այս ոլորտում անել առավելագույնը»: Նա շնորհակալություն է հայտնել Արայիկ Հարությունյանին համագործակցության պատրաստակամության համար: Հանդիպման ավարտին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաջողություններ է մաղթել գործընկերներին հետագա աշխատանքային գործունեության մեջ:
18:48 - 24 նոյեմբերի, 2020
Պուտինը Փաշինյանի և Ալիեւի հետ քննարկել Է Բաքու եւ Երեւան ՌԴ պատվիրակության այցի արդյունքները |armenpress.am|

Պուտինը Փաշինյանի և Ալիեւի հետ քննարկել Է Բաքու եւ Երեւան ՌԴ պատվիրակության այցի արդյունքները |armenpress.am|

armenpress.am: Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 23-ին եւ 24-ին հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի Հանրապետության Նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Ինչպես հաղորդում է Կրեմլի պաշտոնական կայքը, մանրամասն քննարկվել են Ռուսաստանի միջգերատեսչական պատվիրակության նոյեմբերի 21-ին Երեւան եւ Բաքու այցի արդյունքները, ինչպես նաեւ երեք երկրների ղեկավարների նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթների կատարման ընթացքը:   Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի շրջանում ռուս խաղաղապահների աշխատանքի մոդալությունները եւ բնակչությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելու հետագա քայլերը: Անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանում տնտեսական փոխգործակցության եւ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերին:
18:41 - 24 նոյեմբերի, 2020
Դավիթ Խաժակյանը նախագիծ կներկայացնի՝ ավագանուն առաջարկելով պահանջել վարչապետի հրաժարականը |tert.am|

Դավիթ Խաժակյանը նախագիծ կներկայացնի՝ ավագանուն առաջարկելով պահանջել վարչապետի հրաժարականը |tert.am|

tert.am: Ես կարծում եմ, որ մենք գործ ունենք որոշակի քաղաքական պատասխանատվության հետ` ոչ միայն «Իմ քայլը» դաշինքի մասով, այլ նաև մեր մասով: Այս մասին Երևանի ավագանու հերթական նիստին ասաց «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը: «Մենք՝ որպես Երևանի ավագանու անդամներ, պետք է դիրքորոշում արտահայտենք երկրում տեղի ունեցող իրավիճակներին, դիրքորոշում արտահայտենք այն իշխանությանը, վարչապետին, որը երկիրը, կարելի է ասել, վթարի ենթարկեց, և յուրաքանչյուրս մեր մասով կրենք մեր բաժին պատասխանատվությունը, դրա համար մենք ունենք իրավական մեխանիզմներ, իսկ դրա համար ֆեյսբուքյան պատերը բավարար չեն»,-ասաց նա: Դավիթ Խաժակյանը ներկայացրեց համապատասխան դրույթը, որով ավագանին կարող է ընդունել ուղերձներ, հայտարարություններ: Նա ասաց, որ կոլապսի ենթարկված պետական ապարատը և դրա ղեկավար վարչապետն իրենց անգործունակության պայմաններում խնդիրները չեն կարող լուծել: Այսպիսով` նա նշեց, որ ուղերձի նախագիծ են ներկայացնելու: «Եթե որոշում ընդունվի, ապա Երևանի ավագանին դիմելու է կառավարությանը, վարչապետին և ասի, որ կապիտուլյանտ վարչապետը, որը, 2,5 տարի սև ու սպիտակի բաժանելով, անարդյունավետ, ձախողակ, տգետ կառավարում ցուցաբերելով, պետք է հրաժարական տա»,-ասաց նա:
12:28 - 24 նոյեմբերի, 2020
Լավրով-Փաշինյան վերջին հանդիպմանը ՌԴ դրոշի բացակայությունը ՀՀ արարողակարգից է բխում, և զարմանալի է, թե ինչու չեն հրապարակվում այլ հանդիպումների լուսանկարներ. ՌԴ ԱԳՆ |tert.am|

Լավրով-Փաշինյան վերջին հանդիպմանը ՌԴ դրոշի բացակայությունը ՀՀ արարողակարգից է բխում, և զարմանալի է, թե ինչու չեն հրապարակվում այլ հանդիպումների լուսանկարներ. ՌԴ ԱԳՆ |tert.am|

tert.am: ՌԴ ԱԳՆ-ն կրկին պարզաբանել է Լավրով-Փաշինյան հանդիպմանը ՌԴ դրոշի բացակայությունը, շեշտել, որ դա ՀՀ արարողակարգից է բխում և զարմանք հայտնել, թե ինչու չեն հրապարակվում այլ հանդիպումների լուսանկարներ: Նախորդ շաբաթ ռուսական միջգերատեսչական պատվիրակության կարևոր այց տեղի ունեցավ Երևան և Բաքու: Առաջատար լրատվամիջոցներն աչքի ընկան այս իրադարձության վերաբերյալ լուրջ վերլուծություններով: «Независимая газета»-ում նոյեմբերի 23-ին հրապարակում եղավ միայն «Շաբաթվա լուսանկարը. չգոհացնող պարզաբանում» վերտառությամբ, որում խոսվում էր բանակցությունների ժամանակ դրոշի բացակայության մասին` դա համեմատելով Սերբիայի նախագահ Ա. Վուչիչի` Վաշինգտոն կատարած այցի հետ: Խնդիրն այն է, որ շաբաթ օրը սոցցանցերում քննարկում էր ծավալվել հայկական պետական արարողակարգի շուրջ, իսկ ՌԴ ԱԳՆ-ն համապատասխան մեկնաբանություն էր տվել` փաստեր ու լուսանկարներ ներկայացնելով: Մեր զարմանքն ու հիասթափությունն ենք արտահայտում առ այն, որ գոյություն չունեցող «միկրոսկանդալին» միացավ նաև «Независимая газета»-ն: Անհասկանալի մանց, թե ինչու այս լրատվամիջոցը չհրապարակեց Լավրովի` Արմեն Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի հետ 2019 թ. նոյեմբերին կայացած հանդիպումների լուսանկարները, որոնցից մեկը կցվել էր մեր մեկնաբանությանը, կամ էլ` որևէ այլ լուսանկար ՀՀ նախագահի կամ վարչապետի` այլ երկրները ներկայացնող արտգործնախարարների հետ ունեցած հանդիպումներից: Օրինակ, 28.05.2018 թ.-ին Փաշինյանի և Ժան-Իվ Լը Դրիանի հանդիպմանը Ֆրանսիայի դրոշը բացակայում է, 25.10.2018 թ.-ին Բոլթոնի հետ հանդիպմանը ԱՄՆ-ի դրոշը բացակայում է, Դենդիասի հետ 16.10.2020 թ.-ին կայացած հանդիպմանը Հունաստանի դրոշն է բացակայում (լուսանկարներն` այստեղ-խմբ.): Ստիպված ենք կրկին պարզաբանել, որ խոսքը ՀՀ արարողակարգի առանձնահատկությունների մասին է: Ըստ այդ արարողակարգի`երբ հանդիպում են ոչ հավասար պաշտոններ զբաղեցնող անձինք, տեղադրվում է միայն մեկ դրոշ: Օրինակ, ռուսական արարողակարգում նման դեպքերում դրոշ առհասարակ չի տեղադրվում: Ավելին՝ tert.am-ում
09:19 - 24 նոյեմբերի, 2020
Վարչապետը հանդիպում է ունեցել գերեվարված և անհետ կորած անձանց ընտանիքների անդամների հետ

Վարչապետը հանդիպում է ունեցել գերեվարված և անհետ կորած անձանց ընտանիքների անդամների հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել արցախյան պատերազմում գերեվարված, անհետ կորած զինվորականների և քաղաքացիական անձանց ընտանիքների անդամների հետ: Իր խոսքում, վարչապետը, մասնավորապես, նշել է. «Սիրելի հայրենակիցներ, նախ ուզում եմ բոլորիցդ ներողություն խնդրել այն բանի համար, որ մինչև հիմա մեր պետական մարմիններն ի վիճակի չեն եղել ձեր հարցերին պատասխանել: Իհարկե նաև հասկանալով, որ դրա համար կան օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ, բայց մենք այսօր խորհրդակցություն ենք անցկացրել կառավարությունում, և իմ հիմնական ասելիքը իրավիճակի հետ կապված հետևյալն է. երբ կողքից նայում ենք՝ կարող է տպավորություն ստեղծվել, թե մեր միջև կա այսպես ասած բաժանարար գիծ, որի մի կողմում դուք եք, մյուս կողմում՝ կառավարությունը: Այդ տպավորության հարցում, իհարկե, առաջին հերթին մեր մեղքն է, որովհետև այդպես չի կարող լինել: Ուզում եմ, որ համոզված լինեք՝ ձեր և ձեր ընտանիքների անդամների զգացողությունները մեր սրտերում են նույն կերպ, և իհարկե, պատերազմի բերումով այս կոնտակտը հնարավոր չի եղել ավելի շուտ հաստատել, ինչը կրկին մեր մեղավորությունն է, ինչի համար կրկին ներողություն եմ խնդրում: Այսօր մեր խորհրդակցությունը եղել է մի բանի մասին՝ ձեզնից յուրաքանչյուրն ամեն օր պետք է զգա, որ կառավարությունը ձեր կողքին է, ձեր ընտանիքի անդամն է, ձեր ցավով ապրողն է, ձեր տառապանքով տառապողն է: Այդ ռեժիմը չպետք է լինի՝ դուք-ոստիկանություն-պետական ինչ-որ մարմին. եկեք պայմանավորվենք, որ դուրս ենք գալու այդ ռեժիմից՝ չնայած մեղավորը մենք ենք, և ես նորից ուզում եմ ներողություն խնդրել, որովհետև ի՞նչ տարբերություն՝ իմ ընտանիքի անդամի մասին է խոսքը, թե ձեր. ոչ մի տարբերություն չկա: Հենց այս ռեժիմով պետք է շփվենք միմյանց հետ, ոչ թե կառավարություն, որը դավադիր կերպով ինչ-որ բան է թաքցնում, ինչ-որ բան պիտի անի՝ դավադիր կերպով չի անում, այլ մենք ունենք ընդհանուր խնդիր, ընդհանուր ցավ, ընդհանուր դարդ և պետք է հասկանանք՝ ինչպես ենք գնում առաջ: Այսինքն, այստեղ նստելու տեղերի տարբերություն պետք է չլինի, պետք է բաց, անկեղծ ամեն ինչի մասին խոսենք»: Նիկոլ Փաշինյանը նշել է՝ բոլորի հետ շփվելու է նմանատիպ հանդիպումների ընթացքում, որոնք կլինեն շարունակական: «Ես խնդիրը հետևյալ կերպ եմ ձևակերպել. ասել եմ՝ այդ մարդիկ ոչ թե իրենք պետք է ամեն օր գան մեզ մոտ, այլ մենք ամեն օր պետք է գնանք իրենց մոտ: Այնպիսի տպավորություն է, թե տարբեր բարիկադներ են ու տարբեր կողմերում մարդիկ. այդպիսի բան ուղղակի լինել չի կարող, ի բնե չի կարող: Մենք պետք է բառիս բուն իմաստով այս շրջանն ապրենք իրար հետ, սա շատ դժվար շրջան է, բայց մենք պետք է ապրենք այն կանխավարկածով, որ, այո, սա ընդհանուր խնդիր է, ձեր ընտանիքի անդամի մասին չէ խոսքը, այլ բոլորիս ընտանիքի անդամի մասին է: Մենք սա ընկալում ենք որպես մեր ընդհանուր ցավ և հույս ունեմ, որ առնվազն շատ մեծ թվով մարդկանց, մեր եղբայրների կկարողանանք գտնել, վերադարձնել և այդ առիթով ուրախանալ»,- ասել է վարչապետը: Այնուհետև կառավարության ղեկավարը լսել է ներկաներին, պատասխանել, ներկայացրել պարզաբանումներ և պատասխանել նրանց տարբեր հարցերի: Նիկոլ Փաշինյանն առաջարկել է անհետ կորած անձանց ընտանիքների ներկայացուցիչներին ընդգրկվել ձևավորված միջգերատեսչական աշխատանքային խմբում, ինչը կապահովի նաև մշտական հաղորդակցություն իրականացվող աշխատանքների ուղղությամբ:
00:16 - 24 նոյեմբերի, 2020