Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (ԶՊՄԿ) ՀՀ-ում հանքարդյունահանող ընկերություն է, որը տեղակայված է Քաջարան քաղաքում: Սովորաբար հայտնի է որպես «ZCMC», շահագործում է մոլիբդենի և պղնձի զգալի հաստատված ու կանխատեսվող պաշարներով հանքավայր։

Առաջին երկրաբանական հետազոտությունները Քաջարանում կատարվել են 1880-ական թվականներին և շարունակվել մինչև 1931 թվականը, երբ սկսվել է տարածքում լայնածավալ հորատման ծրագրերի իրականացումը: Իր առաջին արտադրանքը կոմբինատը թողարկել է 1951 թ․ Ընկերությունը հիմնվել է որպես պետական ձեռնարկություն` 1951 թվականին: 2004 թ․ ԶՊՄԿ-ը մասնավորեցվել է և նրա   սեփականատերերն են`

«ՔՐՈՆԻՄԵՏ մայնինգ» ՍՊԸ-ն` 60% բաժնեմասով,
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ –ն` 15% բաժնեմասով,
«Արմենիան մոլիբդենիում փրոդակշն» ՍՊԸ –ն` 12,5% բաժնեմասով,
«Զանգեզուր մայնինգ» ՍՊԸ –ն` 12,5% բաժնեմասով:

 

Ինչո՞ւ են 2019-2020-ին ԶՊՄԿ–ի վճարած հարկերը նվազել. Փաշինյանը հանձնարարեց զբաղվել նախկին պաշտոնյայով
 |news.am|

Ինչո՞ւ են 2019-2020-ին ԶՊՄԿ–ի վճարած հարկերը նվազել. Փաշինյանը հանձնարարեց զբաղվել նախկին պաշտոնյայով |news.am|

news.am: Հանքարդյունաբերության ոլորտից պետությունը պետք է ստանա հնարավորինս մեծ օգուտ։ Այս մասին, այսօր՝ մայիսի 11-ին, կառավարության նիստում «Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների (մինչև 2035 թվականը) պլանը» քննարկելու ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հանքարդյունաբերության ոլորտից պետությունը պետք է ստանա հնարավորինս մեծ օգուտ։ Նա հիշեցրեց, որ 2021թ–ին կառավարությունը մասնաբաժին է ստացել Հայաստանի թիվ մեկ հանքարդյունաբերական ընկերությունում` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում։ «Ուզում եմ արձանագրել, որ ԶՊՄԿ-ն 2022-ին վճարել է ռեկորդային թվով հարկեր` 145 մլրդ 536 մլն դրամի։ Օրինակ 2016-ին ԶՊՄԿ–ն վճարել էր 7.8 մլրդ դրամ հարկ։ 2023-ի առաջին եռամսյակում ԶՊՄԿ–ն վճարել է 14 մլրդ դրամ հարկ, այսինքն` առաջին եռամսյակում 2 անգամ ավելի շատ հարկ է վճարել, քան ամբողջ 2016-ին միասին վերցրած»,– ասաց Փաշինյանը։ ՀՀ վարչապետն արձանագրեց, որ այդ վիճակագրության մեջ մեծ դերակատարում ունեն պղնձի միջազգային գները։ «2017-ին ընկերությունը վճարել է 18,6 մլրդ դրամի հարկ, 2018-ին արդեն ԶՊՄԿ-ի վճարծ հարկերը դարձել են 50,2 մլրդ դրամ, մոտ 3 անգամ աճ են արանագրել: Հետաքրքիր է, որ 2019 և 2020թթ-ին ԶՊՄԿ–ի վճարած հարկերը որոշակի նվազում են արձանագրել: Ինչի՞ հետ սա կարող է կապված լինել։ Հիմա, երբ մենք հետահայաց նայում ենք իրադարձություններին, պարզում ենք, որ 2019թ–ին իշխանության բարձրաստիճան ներկայացուցչի ընտանիքը բաժնեմաս է ձեռք բերել Զանգեզուրի կոմբինատում։ 2019-ին այդ իշխանության բարձրաստիճան ներկյացուցչին ազատել ենք իր պաշտոնից, 2020-ին էլ քովիդի և պատերազմի պատճառով ժամանակ չենք ունեցել պատշաճ զբաղվելու այդ թեմայով։ Իմիջիայլոց, ես կարծում եմ, որ մեր իրավապահ մարմինները այդ դրվագով պետք է շատ ուշադիր զբաղվեն։ Հետո 2021-ին արդեն ԶՊՄԿ–ի վճարած հարկերը կտրուկ աճում են 43 տոկոսով»,– ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ 2022-ին Կոմբինատը ավելի շատ հարկ է վճարել, քան 2013-2017 թվականներին միասին վերցրած: «2013-2017 թթ ԶՊՄԿ-ն վճարել է 105 մլրդ դրամի հարկ, իսկ 2018-2022 թթ վճարել է 345 մլրդ դրամի հարկ, աճը կազմել է 228 տոկոս»,-ասասց վարչապետը: Քննարկման ավարտին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների (մինչև 2035 թվականը) պլանին»։ ՀՀ-ն հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարություն երբևէ չի ունեցել։ Հիշեցնենք` 2022 թվականի օգոստոսի 25-ին կառավարության նիստում ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանը հայտնեց, որ ՀՀ-ն որպես նվիրատվություն փակ սեփականության իրավունքով ԱՄՓ հոլդինգից ստացել է ԶՊՄԿ-ին պատկանող 188 947 հատ հասարակ բաժնետոմս, ինչը կազմում է կոմբինատի բաժնետոմսերի ընդհանուր քանակի 6,8 տոկոսը, դրանց կառավարման լիազորությունը վերապահվել է ՀՀ վարչապետի աշխատակազմին: Գործադիրը որոշեց «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» 6,8 տոկոս բաժնետոմսերով հավաստված իրավունքները հանձնել «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի» հավատարմագրային կառավարմանը։
13:29 - 11 մայիսի, 2023
Փակեցինք ԶՊՄԿ-ից եկող «ծորակները», որից նրանք սնվում էին, հիմա այլևս քաղաքական գործունեությամբ չեն զբաղվում. Փաշինյան |armenpress.am|

Փակեցինք ԶՊՄԿ-ից եկող «ծորակները», որից նրանք սնվում էին, հիմա այլևս քաղաքական գործունեությամբ չեն զբաղվում. Փաշինյան |armenpress.am|

armenpress.am: Սյունիքի մարզում 2018 թ-ից մինչև օրս կառավարությունը ներդրել է 100 մլրդ դրամ: Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցի քննարկմանն իր եզրափակիչ ելույթում: Վարչապետը նշեց՝ խորհրդարանական ընդդիմության շարքերում կան մարդիկ, որոնք փորձում են իրենց ներկայացնել Սյունիքի «իրավատեր և սեփականատեր»: «Սյունիքի մարզում 2018 թ. մինչև օրս կառավարությունը ներդրել է 100 մլրդ դրամ: Ոչ մի մարզում մենք ավելի մեծ ներդրումներ չենք արել, ինչքան արել ենք Սյունիքում»,-ասաց Փաշինյանը: Նա հարցրեց՝ իսկ որևէ մեկը հաշվե՞լ է, թե Սյունիքի մարզում մինչև 2018 թվականը քանի հայկական գյուղ է դատարկվել: «Տասնյակ գյուղեր դատարկվել են: Եվ բոլորը գիտեն դրա մասին»,-նշեց վարչապետը: Խոսելով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մասին՝ վարչապետը նկատեց՝ խորհրդարանում ներկայացվեցին կոմբինատի կողմից 2022-ին վճարած հարկերը: Փաշինյանը հարցրեց՝ իսկ դրանից առաջ ո՞ւր են գնացել այդ հարկերը: «Կապանում մենք խոստացանք, որ ԶՊՄԿ-ում Հայաստանի ժողովուրդը՝ ի դեմս կառավարության, իր մասնաբաժինն է ունենալու: Եվ, երբ այդ մասնաբաժինը ստացվեց, և հերթով այդ կոռուպցիայի «կռանիկներ» փակվեցին, այստեղ (խմբ.-Ազգային ժողովում) մի կուսակցություն կար, ցաքուցրիվ եղավ, 11 կտորի բաժանվեցին 6 հոգին: Ինչո՞ւ. որովհետև նրանց դարդն ամենևին էլ Սյունիքն ու Հայաստանը չէր, ԶՊՄԿ-ից եկող «ծորակիկներ» էին, որից սնվում էին: Փակեցինք, հիմա նրանք այլևս քաղաքական գործունեությամբ չեն զբաղվում: Նրանք հիմա փորձ են անում դեռ փախցրած մի քանի միլիոն դոլարները տանեն, թաքցնեն, որ վայելեն»,-ասաց վարչապետը՝ վստահեցնելով, որ դրանց հետևից ևս գնալու են:
20:46 - 21 ապրիլի, 2023
Սպանվել է Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի պահնորդը. նախաձեռնվել է քրեական վարույթ

Սպանվել է Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի պահնորդը. նախաձեռնվել է քրեական վարույթ

Ապրիլի 12-ին Կապանում սպանվել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահնորդը, Սիվիլնեթին հայտնել է ԶՊՄԿ-ի խոսնակ Արայիկ Մարգարյանը։ Պահնորդը Կապանի թաղամասերից մեկում՝ Շղարշիկում, որը ԶՊՄԿ-ի բազմաթիվ պահակակետերից մեկն է, պոչատար գնացող խողովակաշարի վրա աշխատելիս է եղել։ Դեպքի վայրում թանկարժեք գույք չի եղել։ Նրան սպանել են հրազենով, պատճառներն ու հանգամանքները դեռևս անհայտ են։ Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը դեպքի վերաբերյալ գրառում է կատարել՝ անդրադառնալով սպանությանը ադրբեջանցիների առնչության վարկածին։ Նա նշում է, որ հանցագործությունն ադրբեջանցիների կողմից կատարված լինելու վերաբերյալ քննությամբ որևէ տվյալ չի ստացվել։ «Քանի որ լրագրող գործընկերները շատ են հարցնում այն մասին, որ ԶՊՄԿ-ում սպանությունն ադրբեջանցիների կողմից կատարված լինելու վարկածն է, իբրև թե, քննվում, այս պահին ուղղակի արձանագրում եմ, որ քրեական վարույթի շրջանակներում անհրաժեշտ բոլոր միջոցները, օպերատիվ հետախուզական միջոցառումները ձեռնարկվում են հանցագործին կամ հանցագործներին հայտնաբերելու ուղղությամբ։ Բայց այս պահին հանցագործությունն ադրբեջանցիների կողմից կատարված լինելու վերաբերյալ քննությամբ որևէ տվյալ չի ստացվել և չունենք։ Եթե ենթադրություններից դուրս ոմանք կարող են իրենց հայտնի, որոշակիություն ունեցող տվյալներ ունենալ հանցագործությունն ընդհանրապես կատարողների վերաբերյալ, ապա կարող են ու պարտավոր են հայտնել վարույթն իրականացնող մարմնին»,- գրել է Աբրահամյանը։ ՀՀ քննչական կոմիտեն նույնպես դեպքի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ «ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում իրականացվում է քննություն՝ Կապան համայնքի Շղարշիկ բնակավայրում գտնվող «ԶՊՄԿ» ՓԲ ընկերության պահակակետում 56-ամյա տղամարդու սպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2023թ. ապրիլի 12-ին՝ ժամը 18:10-ին, «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից և ոստիկանության Կապանի բաժնից ահազանգ և հաղորդում է ստացվել այն մասին, որ Կապան համայնքի հիշյալ պահակակետում մահացած տղամարդու մարմին կա, որի վրա առկա են հրազենային վնասվածքներ: Դեպքի առթիվ 2023թ. ապրիլի 12-ին ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի (Սպանությունը` ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելը) և 335-րդ հոդվածի 1-ին մասի (Շինարարական, լեռնահանքային կամ այլ աշխատանքների կատարման ընթացքում աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության ապահովման` օրենսդրությամբ սահմանված կանոն կամ պահանջ խախտելն այն անձի կողմից, որը, ըստ պայմանագրի կամ ծառայողական դիրքի, պարտավոր էր պահպանել այդ կանոնը կամ պահանջը, եթե դրա հետևանքով մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վնաս) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Դեպքի վայրի զննությամբ ՓԲ ընկերության պահպանության 2-րդ խմբի հենակետում՝ շարժական տնակի դիմաց, հայտնաբերվել է 56-ամյա տղամարդու դին՝ կրծքավանդակի առաջնային և հետին պատերին առկա միջանցիկ և գլխի աջակողմյան քունքային շրջանի կույր հրազենային վիրավորումներով: Դեպքի վայրից վերցվել են նմուշներ, երկփողանի հրացան, որը հայտնաբերվել է տնակի մեջ, ինչպես նաև քննությանը հետաքրքրող այլ առարկաներ: Նշանակվել են դիակի դատաբժշկական, դատակենսաբանական, դատահետքաբանական, դատաձգաբանական համալիր փորձաքննություններ: Նախաքննությունը շարունակվում է: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ենթադրյալ հանցանք կատարած անձի (անձանց) ինքնությունը պարզելու, հայտնաբերելու ուղղությամբ: Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:
12:37 - 13 ապրիլի, 2023
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի արտադրական հոսքաջրերի արտահոսք է տեղի ունեցել հոսանքազրկումների պատճառով

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի արտադրական հոսքաջրերի արտահոսք է տեղի ունեցել հոսանքազրկումների պատճառով

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից («ԶՊՄԿ» ՓԲԸ) տեղեկացնում են, որ երեկ երեկոյան ամբողջ Սյունիքի մարզում տեղի են ունեցել վթարային հոսանքազրկումներ։ Աննախադեպ ծածկույթի հոսանքազրկման հետևանքով խափանվել է հարստացուցիչ ֆաբրիկայի աշխատանքը, այդ թվում նաև արտադրական հոսքաջրերի կանոնակարգված հոսքը պոչատարով։ Սրա հետևանքով տեղի է ունեցել արտահոսք, որը թափվել է Քաջարան քաղաքի համայնքային և Մ2 մայրուղու Քաջարան-Մեղրի հատված: Ընկերության անձնակազմի օպերատիվ աշխատանքի շնորհիվ արտահոսքը կասեցվել է 15-20 րոպեների ընթացքում, որին հաջորդել են ճանապարհների մաքրման աշխատանքները, որոնք շարունակվում են նաև այսօր: Պատահարի վերաբերյալ Ընկերությունը սահմանված կարգով տեղեկացրել է ՀՀ ընդերքի և բնապահպանական տեսչական մարմնի Սյունիքի մասնաճյուղին:
17:35 - 08 ապրիլի, 2023
Համաձայնագիր Կապանի համայնքապետարանի և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի միջև

Համաձայնագիր Կապանի համայնքապետարանի և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի միջև

Ապրիլի 6-ին Կապանի համայնքապետարանը՝ ի դեմս համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի. և «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերությունը՝ ի դեմս Ռոման Խուդոլիի, ստորագրել են համագործակցության հուշագիր՝ հաշվի առնելով Կապան համայնքի առջև ծառացած մարտահրավերներին դիմագրավելու անհրաժեշտությունը, փոխադարձ կամքն ու ձգտումը։ Հուշագիրը ամրագրում է երկուստեք համագործակցության ուղղությունները․ մասնավորապես տնտեսական, սոցիալական, քաղաքաշինական, կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում։ Հուշագրի շրջանակներում կողմերը պատրաստակամություն են հայտնել նաև համագործակցել երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում, ինչպես նաև հանդիպումների, խորհրդակցությունների և այլ միջոցառումների կազմակերպմամբ քննարկել և մշակել համատեղ նախագծերի իրականացումը: Ողջունելով ներկաներին և շնորհավորելով բոլոր կապանցիներին և ԶՊՄԿ-ի կոլեկտիվին հուշագրի ստորագրման կապակցությամբ՝ համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանն ասել է. «Այսօր առաջին անգամ պաշտոնապես արձանագրում ենք Կապանի համայնքապետարանի և ԶՊՄԿ-ի միջև համագործակցությունը հուշագրի տեսքով։ Այն հիրավի կարևոր իրադարձություն է և ամրագրվելու է մեր պատմության էջերում։ Սրանով հիմք ենք դնելու ավելի բարձր մակարդակի և որակի համագործակցության։ Մենք շատ բարձր ենք գնահատում կոմբինատի կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը և այդ շրջանակում կոմբինատի գործուն քայլերը։ Երախտագիտությունս եմ հայտնում պարոն Խուդոլիին իր կառուցողական մոտեցման համար, ինպես նաև այն ծրագրերի համար, որոնք իրականացվել և իրականացվում են Կապան համայնքում»։ Հուշագրի ստորագրման առիթով Ռոման Խուդոլին ասել է. «Այսօր ստորագրեցինք համայնքի և կոմբինատի միջև փոխհամագործակցության կարևոր հուշագիր։ Դա բնավ չի նշանակում, որ մենք ինչ որ բարեգործություն ենք անում, մենք աշխատում ենք երկկողմանի։ Այն ընդերքը, որ կա, դա նախ և առաջ Հայաստանի ժողովրդի բարօրության համար է։ Մենք հարկեր ենք վճարում, դա մեր պարտականությունն է, բայց նաև մեր պարտականությունն է սոցիալական պարտավորություններ կատարելը։ Եթե մենք գտնվում ենք այս տարածքում, պարտավոր ենք օգնել համայնքին իր ծրագրերի իրականցման գործում։ Ուստի, ուզում եմ ասել, որ այն նշաձողը, որ սահմանել ենք, դրանք ցուցանիշներ են, որ տարեցտարի պետք է ավելանան։ Ուստի ես շատ երախտապարտ եմ համայնքի ղեկավարին՝ իր գործուն քայլերի համար, որոնք տեսանելի են բոլորին»։ Հուշագիրը գործում է հինգ տարի ժամկետով՝ յուրաքանչյուր տարի հաստատված՝ ընթացիկ տարվա համար նախատեսված գործողությունների պլանով։ Ստորագրման բուն արարողությունից հետո համայնքի ղեկավարի ուղեկցությամբ՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավար կազմը շրջել է կենտրոնի տարածքում, ծանոթացել իրականացված և ընթացքի մեջ գտնվող աշխատանքներին: Շրջայց է իրականացվել նաև Վազգեն Սարգսյանի անվան մանկական զբոսայգու և Կապանի բիզնես կենտրոնի տարածքներում, որոնց վերաբերյալ ձեռք են բերվել նախնական պայմանավորվածություններ։
17:47 - 07 ապրիլի, 2023
Մեղրեցիները փակել էին համայնքապետարանի շենքի մուտքը․ նրանք դեմ են Լիճքի հանքի շահագործմանը
 |aravot.am|

Մեղրեցիները փակել էին համայնքապետարանի շենքի մուտքը․ նրանք դեմ են Լիճքի հանքի շահագործմանը |aravot.am|

aravot.am: Ապրիլի 5-ի առավոտյան ժամը 9-ից Մեղրի համայնքի բնակիչները փակել են Մեղրիի համայնքապետարանի շենքի մուտքը՝ թույլ չտալով «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված Սյունիքի մարզի Լիճքի պղնձի հանքավայրում օգտակար հանածոների արդյունահանման աշխատանքների վերաբերյալ հանրային քննարկման մասնակիցներին ներս մտնել։ «Մենք չենք ուզում թունավորվել։ Մեր հողերը մեզ պետք են։ Լիճքը զբոսաշրջության կենտրոն է»,- ասում էին ցուցարարները՝ ԶՊՄԿ-ի ներկայացուցիչներին։ Վերջիններս պատասխանում էին․ «Եկեք հանրային լսումը կազմակերպենք, լսենք բոլոր տեսակետները»։ «Ո՛չ, չենք ուզում ոչ մի հանրային լսում։ 3500 մեղրեցի ստորագրել է, որ դեմ են»,-ասում էին բողոքավորները՝ պնդելով «որ սա Մեղրիի լինել-չլինելու հարցն է»։ «Քաղաքացիական պայմանագրի» Մեղրիի կառույցի ղեկավար Արարատ Թումանյանը խոսեց համաշխարհային հանքավայրերի մասին, որոնց բնակավայրերը հիմա առեւտրի կենտրոններ են։ «Քանի տարի է՝ Ագարակի կոմբինատն աշխատում է, Ագարակը դրախտավա՞յր է»,-դիմեց բողոքավորներից մեկը Արարատ Թումանյանին։ «Մենք բնակիչներին տեղեկացրել ենք հանրային լսման մասին եւ պետք է լսենք, թե ԶՊՄԿ-ն ինչ է առաջարկում։ Ժողովուրդ ջան, որոշողը դուք եք, ո՛չ ԶՊՄԿ–ն, ո՛չ ես, ո՛չ որեւէ անհատ չի որոշելու։ Դեռ 4 հանրային լսում պիտի լինի։ Ձեր որոշմամբ է ի վերջո ամեն ինչ լինելու»,- հայտարարեց Մեղրի համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանը։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
11:17 - 05 ապրիլի, 2023
Ցուցարարները փակել էին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ տանող ճանապարհը

 |aravot.am|

Ցուցարարները փակել էին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ տանող ճանապարհը |aravot.am|

aravot.am: Այսօր առավոտյան ժամը 7.30-ից մոտ հինգ տասնյակ քաջարանցիներ բողոքի ցույց են կազմակերպել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի վարչական շենքի առաջ։ Ցուցարարները նախ փակել էին կոմբինատ տանող ճանապարհը, թույլ չտալով, որ աշխատակիցները ավտոմեքենայով մտնեն տարածք, այնուհետեւ ոստիկանության հետ բանակցության արդյունքում ճանապարհը բացվեց։ Բողոքավորները պահանջում են Քաջարանում ապրողներին տալ փոխհատուցում՝ առողջության վերականգնման համար, աշխատանքի ընդունել բանակից զորացրված երիտասարդներին, ինչպես նաեւ 2021թ. աշխատանքից ազատված քաջարանցիներին։ Հիշեցնենք, որ նրանք, ըստ շրջանառվող լուրերի՝ ազատվել էին քաղաքական դրդապատճառներով։ Ցուցարարների հետ հանդիպեց ԶՊՄԿ արհկոմի նախագահ Տիգրան Սարգսյանը, առաջարկելով հինգ հոգանոց պատվիրակություն կազմել եւ հանդիպել կոմբինատի տնօրինության հետ։ «Մենք չենք բարձրանա, առավոտը 7-ից այստեղ սառում ենք, թող տաք կաբինետներից իջնեն մեր հարցերին պատասխանեն»,- ասացին ցուցարարները։ Շարունակությունը՝ aravot.am-ում
12:45 - 25 հունվարի, 2023
Զանգեզուրի պղնձամոլիբդենայինը 2022-ին կրկնապատկել է հարկերի չափը․ ՊԵԿ-ը հրապարակել է 1000 խոշոր հարկատուների ցանկը

Զանգեզուրի պղնձամոլիբդենայինը 2022-ին կրկնապատկել է հարկերի չափը․ ՊԵԿ-ը հրապարակել է 1000 խոշոր հարկատուների ցանկը

Պետեկամուտների կոմիտեն հրապարակել է 2022-ի 1000 խոշոր հարկատուների ցանկը։ Հայաստանի ամենամեծ հարկատուն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է՝ վճարած մոտ 144 միլիարդ դրամ հարկերով: 2021-ի համեմատ կոմբինատն ավելի քան կրկնապատկել է հարկերի չափը։ Կոմբինատի կողմից հարկերի այսպիսի մեծացումը ենթադրաբար կապված է միջազգային շուկայում պղնձի բարձր գնի հետ։ Բացի այդ, կառավարությունը 2021-ից հանքարդյունաբերողների համար սահմանել էր պղնձի, մոլիբդենի ու ֆեռոմոլիբդենի համար արտահանման տուրք։ Սա իր հերթին նպաստել է ԶՊՄԿ-ի կողմից հարկերի ավելացմանը։ Սրան պետք է գումարել նաև 15 միլիարդ դրամի վերականգնումը, որ իրականացրել է պղնձամոլիբդենայինը՝ ՊԵԿ-ում քննվող քրեական գործի շրջանակում։ Երկրորդ ամենամեծ հարկատուն «Գազպրոմ Արմենիա»-ն է՝ վճարած 52,2 միլիարդ դրամ հարկերով (ընկերությունը 2021-ին վճարել էր 47,8 միլիարդ դրամ): Վճարած հարկերի մեծությամբ երրորդ տեղում ծխախոտի արտադրությամբ ու արտահանմամբ զբաղվող «Գրանդ տոբակո»-ն է՝ 45 միլիարդ դրամի չափով վճարած հարկերով։ Խոշոր հարկատուների տասնյակում կան ծխախոտի արտադրությամբ, ներմուծմամբ, արտահանմամբ ու վաճառքով զբաղվող 4 ընկերություն («Գրանդ տոբակո», «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ», «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» և «Ջեյ թի այ Արմենիա»), 2 հանքարդյունաբերական ընկերություններ՝ հանձինս ԶՊՄԿ-ի և Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատի։ Վերջինի վճարած հարկերը 2022-ին աճել են մոտ 300 տոկոսով (2021-ին Ագարակի պղնձամոլիբդենայինը վճարել էր 6,6 միլիարդ դրամ հարկ, 2022-ին հասել են 19,6 միլիարդի): Հազար խոշորների ցանկի տասնյակում է նաև կապի օպերատոր Վիվա-ՄՏՍ-ը՝ վճարած մոտ 16 միլիարդ դրամ հարկերով, ինչպես նաև վառելիքի ներմուծմամբ ու վաճառքով զբաղվող «Սի փի էս էներջի գրուպ»-ը՝ մոտ 17 միլիարդ դրամով։ Հարկերի տպավորիչ աճ է արձանագրել բջջային հեռախոսների ներմուծմամբ ու վաճառքով զբաղվող «Մոբայլ սենթր արթ» ՍՊԸ-ն։ Ընկերության հարկերի ծավալը 2021-ի համեմատ քառապատկվել է ու կազմել 17,5 միլիարդ դրամ։ 2022-ի տվյալներով 1000 խոշոր հարկատուների ցանկը եզրափակում է «Պռոշիան ընդ փարթներս» ՍՊԸ-ն։ Ընկերությունը զբաղվում է մեծածախ առևտրով և տարեկան արդյունքներով վճարել է 261 միլիոն դրամ հարկ։
11:59 - 25 հունվարի, 2023
ԶՊՄԿ-ում պետական մասնաբաժնի կառավարումն ԱՆԻՖ-ից անցնում է Պետգույքի կոմիտեին
 |hetq.am|

ԶՊՄԿ-ում պետական մասնաբաժնի կառավարումն ԱՆԻՖ-ից անցնում է Պետգույքի կոմիտեին |hetq.am|

hetq.am: Կառավարությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում իր ունեցած 21.9% բաժնետոմսերի կառավարումը հանձնել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին: Այս մասին որոշումը ներառված է Կառավարության այսօրվա՝ դեկտեմբերի 22-ի նիստի օրակարգում որպես չզեկուցվող հարց: Մինչ այս որոշումը կոմբիանտում Կառավարությանը պատկանող բաժնետոմսերը կառավարում էր Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը (ԱՆԻՖ): Դեռևս այս տարվա օգոստոսին Կառավարությունը հայտարարում էր, որ ԱՆԻՖ-ի միջոցով Հայաստանի Հանրապետությունը առավել արդյունավետ կիրացնի իր բաժնեմասնակցությունն ընկերությունում, ինչպես նաև ԱՆԻՖ-ի միջոցով կարող է ստեղծել պետության և ընկերության բաժնետերերի միջև երկարաժամկետ համատեղ տեսլական և հնարավորություններ բիզնեսի զարգացման և Հայաստանի տնտեսական օգուտների համար։ Այս նոր փոփոխության համար որպես հիմնավորում նշված է «ընկերության կորպորատիվ կառավարմանը առավել ինստիտուցիոնալ մոտեցմամբ մասնակցելու անհրաժեշտությունը»: Այլ հիմնավորում և այլ մանրամասներ որոշման նախագծում չկան: ԱՆԻՖ-ից ևս հաղորդագրություն են տարածել, որ ֆոնդն այսուհետ չի կառավարելու «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի Կառավարության բաժնեմասը:
12:26 - 22 դեկտեմբերի, 2022
Կառավարության որոշմամբ Զանգեզուրի կոմբինատի բաժնետոմսերի 6.8 տոկոսի կառավարումը նույնպես հանձնվեց ԱՆԻՖ-ին
 |1lurer.am|

Կառավարության որոշմամբ Զանգեզուրի կոմբինատի բաժնետոմսերի 6.8 տոկոսի կառավարումը նույնպես հանձնվեց ԱՆԻՖ-ին |1lurer.am|

1lurer.am: «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության՝ Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող 6,875 տոկոս բաժնետոմսերով հավաստված իրավունքները հանձվեցին «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» (ԱՆԻՖ) փակ բաժնետիրական ընկերության հավատարմագրային կառավարմանը: Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանը նշեց, որ ԱՆԻՖ-ի մանդատներից մեկը ռազմավարական նշանակության ակտիվներում պետության՝ որպես սեփականատեր, արդյունավետ ներկայացուցչությունն է: ԱՆԻՖ-ի միջոցով Հայաստանի Հանրապետությունը առավել արդյունավետ կիրացնի իր բաժնեմասնակցությունն ընկերությունում, ինչպես նաև ԱՆԻՖ-ի միջոցով կարող է ստեղծել պետության և ընկերության բաժնետերերի միջև երկարաժամկետ համատեղ տեսլական և հնարավորություններ բիզնեսի զարգացման և Հայաստանի տնտեսական օգուտների համար։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ 2021 թ. սեպտեմբերի 30-ին Կառավարությունը ստացել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 15 տոկոսը՝ որպես նվիրատվություն: «Այն ժամանակ մենք կառավարումը հանձնեցինք ԱՆԻՖ-ին կամ «Հայաստանի պետական հետաքրքրությունների հիմնադրամին»։ 2022 թ. մարտի 24-ին մենք որպես նվիրատվություն ստացել ենք ևս 6.8 տոկոս: Այն ժամանակ նվիրատվությունը որոշվել է գաղտնի, քանի որ նվիրատուն բիզնես գաղտնիությունը պահպանելու խնդիր է ունեցել: Երբ իրենց կողմից այդ գաղտնիության անհրաժեշտությունը վերացել է, արդեն մենք այդ բաժնեմասը ևս հանձնում ենք «Հայաստանի պետական հետաքրքրությունների հիմնադրամին» կառավարման համար»,- նշեց նա: Վարչապետն ասաց, որ հիմնական արձանագրումն այն է, որ ՀՀ Կառավարությունն այլևս, այսինքն՝ մարտի 24-ից հետո, ունի 21.875 տոկոս բաժնեմաս, ինչը շատ կարևոր իրադարձություն է: «Կարծում եմ և էլի ուզում եմ ընդգծել, որ նաև նման նախընտրական խոստմամբ ես հանդես եմ եկել 2021 թ. նախընտրական քարոզարշավի ժամանակ Կապան քաղաքում տեղի ունեցած նախընտրական հանդիպման ժամանակ և ուրախ եմ արձանագրել, որ այս մի նախընտրական խոստումը նույնպես ի կատար է ածված, և հույս ունեմ, որ այս որոշումը կնպաստի և՛ հանքարդյունաբերության ոլորտի թափանցիկությանը,  և՛ ընդհանրապես պետական եկամուտների գեներացմանը և ընդհանուր մեր երկրի զարգացմանը»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:
12:26 - 24 օգոստոսի, 2022
Հայաստանի խոշոր հարկատուները. 2022թ. հունվար-հունիսին առաջատարը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է

 |armenpress.am|

Հայաստանի խոշոր հարկատուները. 2022թ. հունվար-հունիսին առաջատարը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է |armenpress.am|

armenpress.am: Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2022 թվականի հունվար-հունիս ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի վերաբերյալ տեղեկատվությունը:  Այս մասին տեղեկացնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ 1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2022թ. պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 722 մլրդ 325 մլն դրամ: Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 613 մլրդ 72 մլն դրամ, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը՝ ավելի քան 109  մլրդ 253 մլն դրամ։ 1000 խոշոր հարկատուների առաջին տասնյակը հետևյալն է. «ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ»՝ ավելի քան 104 մլրդ դրամ  «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ»՝  ավելի քան 33 մլրդ դրամ  «ԳՐԱՆԴ ՏՈԲԱԿՈ»՝   ավելի քան 20 մլրդ դրամ  «ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ ՄԱՍԻՍ ՏԱԲԱԿ»՝  ավելի քան 10,8 մլրդ դրամ  «ԹԵՂՈՒՏ»՝    ավելի քան 8,9 մլրդ դրամ  «ՄՏՍ ՀԱՅԱՍՏԱՆ»՝    ավելի քան 8,2 մլրդ դրամ  «ԱԳԱՐԱԿԻ ՊՂՆՁԱ-ՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ»՝   ավելի քան 7,7 մլրդ դրամ  «ՖԼԵՇ»՝    ավելի քան 7,6 մլրդ դրամ  «ՖԻԼԻՊ ՄՈՐՐԻՍ ԱՐՄԵՆԻԱ»՝  ավելի քան 7,5 մլրդ դրամ  «ԼԵՌՆԱՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ»՝   ավելի քան 7,2 մլրդ դրամ 1000 խոշոր հարկ վճարողների վերաբերյալ ցանկերը հասանելի են ՊԵԿ պաշտոնական կայքի  «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» բաժնում:  Ցանկը հրապարակվել է հիմք ընդունելով ներկայում գործող ՀՀ կառավարության 23.06.2022թ-ի N928-Ն որոշմամբ սահմանված չափորոշիչները, մասնավորապես, ցանկում ներառված չեն ՀՀ պետական և համայնքային կառավարչական հիմնարկները:
12:03 - 26 հուլիսի, 2022
Աղվան Հովսեփյանը կմնա կալանքի տակ. դատարանը մերժեց պաշտպանների միջնորդությունը |news.am|

Աղվան Հովսեփյանը կմնա կալանքի տակ. դատարանը մերժեց պաշտպանների միջնորդությունը |news.am|

news.am: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝  նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի, այսօր՝ մայիսի 6-ին, մերժեց ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանին գրավի դիմաց կալանքից ազատելու մասին պաշտպանների միջնորդությունը՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ։  Պաշտպաները նշել էին, որ քրեական գործում առկա չէ տվյալ, որով կհիմնավորվեր գործին խոչընդոտելու հավանականությունը։ Ըստ նրանց՝ Աղվան Հովսեփյանին կալանքի տակ պահելն ինքնանպատակ է, իսկ քրեական գործը կառուցված է բացառապես երկու անձի ամբիցիաների հիման վրա։ Ըստ մեղադրանքի՝ քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Աղվան Հովսեփյանը, 2004-2013թթ. զբաղեցնելով ՀՀ գլխավոր դատախազի, իսկ 2014-2018թթ.՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնները, չնայած օրենքով սահմանված արգելքին, 2007-2015թթ. մասնակցել է իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող Ա. Ս.-ի հիմնադրած կազմակերպությունների կառավարմանը, ինչը կապված է եղել այդ կազմակերպություններին արտոնություններ եւ առավելություններ տրամադրելու եւ այլ ձեւով հովանավորելու հետ: Նշված ապօրինի գործունեության արդյունքում Աղվան Հովսեփյանը հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացրել է: Հակակոռուպցիոն կոմիտեի փոխանցմամբ՝ 2008թ.-ից Աղվան Հովսեփյանն Ա. Ս.-ի միջոցով նույն կերպ մասնակցել է ավտոմեքենաների անվադողերի ներմուծմամբ եւ վաճառքով զբաղվող ընկերությունների կառավարմանը: Աղվան Հովսեփյանը, օգտագործելով պաշտոնից բխող կապերն ու ազդեցությունը, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության տնօրենի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել, որպեսզի հիշյալ ընկերության բեռնատար ավտոմեքենաների համար անհրաժեշտ անվադողերը գնվեն իր ներկայացրած անձանցից ու ընկերություններից: Արդյունքում` 2008-2015թթ. ընթացքում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությանը մատակարարվել են ընդհանուր շուրջ 7 մլրդ դրամի անվադողեր: Նախաքննությամբ պարզվել է նաեւ, որ նույն ժամանակաշրջանում Աղվան Հովսեփյանը ապօրինի մասնակցել է Ա. Ս.-ի կողմից հիմնադրված եւս երկու ընկերության կառավարմանը, վերահսկել դրանց ֆինանսական գործունեությունը: Մասնավորապես` նշված ընկերություններին պատկանող «Վարդահովիտ» եւ «Վայոց» փոքր հիդրոէլեկտրակայաններին ջրօգտագործման թույլտվություններ անխոչընդոտ տրամադրելու համար Աղվան Հովսեփյանը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, դիմել է ոլորտում քաղաքականություն մշակող եւ իրականացնող լիազոր մարմնի բարձրաստիճան պաշտոնատար անձանց, ինչի արդյունքում հիշյալ ընկերություններին տրամադրվել են փոքր հէկերի կառուցման եւ շահագործման համար ջրօգտագործման թույլտվություններ: Հովսեփյանին վերագրվում է նաեւ այլ ենթադրյալ հանցավոր արարքների կատարում:
10:33 - 06 մայիսի, 2022
Ի՞նչն է կասկածելի, ներդրողը որոշել է ՀՀ-ին նվիրատվություն անել. Փաշինյանը՝ ԶՊՄԿ- ի մասին

 |armenpress.am|

Ի՞նչն է կասկածելի, ներդրողը որոշել է ՀՀ-ին նվիրատվություն անել. Փաշինյանը՝ ԶՊՄԿ- ի մասին |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 5-ին Կառավարության նիստի ժամանակ անդրադարձավ այն խոսակցություններին, թե ինչպես է Կառավարությունը դարձել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սեփականատեր։ «Ոմանք դա կասկածելի, կոռուպցիոն գործարք են համարում։ Սա շատ զարմանալի է։ Եթե որևէ իշխանավոր, կամ իշխանավորի հորեղբոր տղա օֆշորներով այդ սեփականության տերը դառնար, ոչ մեկը չէր անհանգստանա, ինչպես եղել է միշտ, բայց որ պետությունը գույք է ձեռք բերել, չգիտես ինչու՝ կասկածելի է թվում։ Ի՞նչն է կասկածելի. ներդրողը, ով ձեռք է բերել հին բաժնետերերից բաժնեմաս, որոշել է Հայաստանի Հանրապետությանը նվիրատվություն անել, և Հայաստանի Հանրապետությունն էլ շնորհակալությամբ այդ նվիրատվությունն ընդունել է»,- ասաց վարչապետ Փաշինյանը։ Ավելի վաղ, Ազգային ժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի Հանրապետությունը, ժողովուրդը Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանի սեփականատերն է։
12:51 - 05 մայիսի, 2022
Ինչո՞ւ են քառապատկվել Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի վճարած հարկերը
 |civilnet.am|

Ինչո՞ւ են քառապատկվել Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի վճարած հարկերը |civilnet.am|

civilnet.am: Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից Պետեկամուտների կոմիտեի համապատասխան ակտի հիման վրա բյուջե վերականգնված 15 միլիարդ դրամը ներառվել է կոմբինատի կողմից 2022-ի առաջին եռամսյակի վճարած հարկերի մեջ։ Այդ մասին ՍիվիլՆեթի հարցմանն ի պատասխան՝ հայտնել են Պետեկամուտների կոմիտեից։ Սա է պատճառը, որ կոմբինատի վճարած հարկերը այս տարվա առաջին եռամսյակում նախորդի համեմատ գրեթե քառապատկվել են։ Ապրիլի 19-ին Պետեկամուտների կոմիտեն հրապարակել է այս տարվա առաջին երեք ամիսների 1 000 խոշոր հարկ վճարողների տվյալները։ Առաջին եռամսյակում 1 000 խոշոր հարկատուների կողմից մուտքերը բյուջե կազմել են 327 միլիարդ դրամ, ինչը 25,7 տոկոսով ավել է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Պղնձամոլիբդենային կոմբինատը 2021-ի առաջին եռամսյակում վճարել էր ավելի քան 9,7 միլիարդ, իսկ այս տարվա առաջին երեք ամիսների տվյալներով՝ 35,4 միլիարդ։ Այս աճը, սակայն, անհամապատասխան է միջազգային շուկաներում պղնձի գների աճին։ Եթե ԶՊՄԿ-ի՝ պետական բյուջե մուտքերից առանձնացնենք 15 միլիարդ դրամի հարկային ակտի կատարումը, կստացվի, որ ընկերության մուտքերը պետական բյուջե այս տարվա առաջին եռամսյակում անցյալի համեմատ աճել են ոչ թե չորս, այլ երկու անգամ։ Լոնդոնի մետաղական բորսայում առաջին եռամսյակի ընթացքում պղնձի տոննայի բարձր գները հիմնականում պահպանվել են՝ տատանվելով 9 000-11 000 դոլարի միջակայքում։
17:25 - 25 ապրիլի, 2022
2022թ. 1-ին եռամսյակում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարները կազմել են ավելի քան 327 մլրդ 72 մլն դրամ

2022թ. 1-ին եռամսյակում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարները կազմել են ավելի քան 327 մլրդ 72 մլն դրամ

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ հարկային մարմնի կողմից հրապարակվել է 2022 թվականի հունվար-մարտ ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի վերաբերյալ տեղեկատվությունը:  1000 խոշոր հարկ վճարողների ցանկի առաջին տասնյակում են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», «Գազպրոմ» ընկերությունը, ՀՀ պաշտպանության նախարարությունը, ինչպես նաև «Գրանդ տոբակո», «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ», «Ֆլեշ», «Թեղուտ», Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ, Հայաստանի էլեկտրական ցանցեր, «Սոֆթ կոնտրակտ» ընկերությունները։ 1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2022թ. 1-ին եռամսյակի ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 327 մլրդ 72 մլն դրամ: Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 278 մլրդ 321 մլն դրամ, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան  48 մլրդ 751 մլն դրամ։ 1000 խոշոր հարկ վճարողների վերաբերյալ ցանկերը հասանելի են ՊԵԿ պաշտոնական կայքի  «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» բաժնում:  Ցանկը հրապարակվել է հիմք ընդունելով ներկայումս գործող ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված չափորոշիչները, մասնավորապես` ցանկում ներառվել են պետական և համայնքային կառավարչական հիմնարկները:
15:28 - 19 ապրիլի, 2022