Երկրապահ կամավորականների միություն - ԵԿՄ

Երկրապահ կամավորականների միություն․ հասարակական կազմակերպություն, որը գրանցված է Հայաստանի Հանրապետությունում։

Հիմնադրել է Վազգեն Սարգսյանը 1993 թվականի հուլիսին։ Ի սկզբանե ԵԿՄ-ին կարող էին անդամագրվել հայկական կողմից Արցախյան պատերազմի մասնակիցները, սակայն հետագայում հասարակական կառույցին սկսեցին անդամագրվել նաև քաղաքացիներ, ովքեր չեն մասնակցել պատերազմին:

2018թ․ հունիսի 24-ին ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորությունները կասեցվեցին վարչության որոշմամբ։ Այդ որոշման պատճառ էր դարձել Գրիգորյանի անձի շուրջ ծագած սկանդալը՝ կապված բանակից գույք, պահածողներ և այլ պարագաներ յուրացնելու դեպքի հետ։ Այժմ կառույցի վարչության նախագահը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սասուն Միքայելյանն է։ 

Մենք՝ երկրապահներս թերեւս ամենամեծ ցավն ենք ապրում ստեղծված իրավիճակում, սակայն չենք տրվում սադրանքների, խուճապի չենք մատնվում․ Սասուն Միքայելյան

Մենք՝ երկրապահներս թերեւս ամենամեծ ցավն ենք ապրում ստեղծված իրավիճակում, սակայն չենք տրվում սադրանքների, խուճապի չենք մատնվում․ Սասուն Միքայելյան

ՀՀ ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Հարգելի՛ հայրենակիցներ, Արցախյան առաջին պատերազմի ժամանակ երկրապահ ջոկատներն առաջիններից էին, որ կրեցին հայրենիքի սահմանների պաշտպանության, երկրի անվտանգության ապահովման ծանր պատասխանատվությունը: Իրենց ուսերին տանելով պատերազմի մեծ բաժինը, երկրապահ կամավորականները, կանոնավոր բանակի բացակայության պայմաններում, կանգնեցին հայրենի հողի պաշտպանության դիրքերում եւ Հաղթական փառքով պսակեցին 90-ականների պարտադրված այդ պատերազմը` ԵԿՄ հավերժ նախագահ, Սպարապետ Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ ազատագրելով ամբողջ Արցախ աշխարհը: Ադրբեջանա-թուրք-ահաբեկչական պարտադրված պատերազմի այս օրերին էլ Երկրապահ կամավորականներն առաջին իսկ օրից համախմբված վաշտերով ռազմաճակատում էին, իրենից սերված մեր փառապանծ բանակի, զինվորի հետ առաջնագծում էին: Ավելի քան 3500 երկրապահ՝ հերթափոխով, այս օրերին մարտնչում էր Արցախի եւ ՀՀ սահմանների պաշտպանության համար: Ցավոք մեր շարքերն էլ նոսրացան. այդ 44 օրերի ընթացքում Երկրապահը 69 զոհ տվեց, ունենք 2 անհայտ կորած, 1 գերի, 74 վիրավոր: Խոնարհվում եմ որդեկորույս մայրերի առջեւ: Հպարտանում եմ Ձեզանով, Ձեր քաջ զավակներով: Մենք այս օրերին տեսանք թե ինչ սերունդ եք դուք դաստիարակել՝ քաջ, անվախ եւ, որ ամենակարեւորն է՝ հայրենասեր: Մենք՝ երկրապահներս թերեւս ամենամեծ ցավն ենք ապրում ստեղծված իրավիճակում, սակայն չենք տրվում սադրանքների, խուճապի չենք մատնվում եւ չենք փորձում ուրախացնել մեր թշնամուն ներքաղաքական անկայունությամբ: Դարերի պատմություն ունեցող մեր ազգի ամենամեծ սխալը, ամենամեծ ամոթալի էջը կլինի, եթե մենք չսթափվենք եւ չսկսենք համախմբված ու միասնական գործել: Այն դուխով, որ ԱԺ դահլիճն էիք ջարդում, այ հենց էդ դուխով, եթե զինվորի կողքին կանգնեիք պատկերը լիովին այլ կլիներ: Մենք դեռ պատերազմի մեջ ենք, պահպանե՛ք հանգստություն: Եթե տրվենք քաղաքական սադրանքների մենք ավելի մեծ կորուստների առջեւ կկանգնենք: Ես հպարտանում եմ մեր բանակով, մեր հերոս զինվորներով, կամավորներով: Ես հպարտանում եմ Երկրապահներով՝ իմ մարտական ընկերներով. շատերս մեր երրորդ պատերազմն անցանք: Փա՛ռք մեր բանակին, կամավորներին, Երկրապահին, Փա՛ռք հայրենիքի համար նահատակված քաջերին, Փա՛ռք հերոսածին մայրերին, Հայ ազգին: Մենք ուժեղ ենք, մենք անպարտ ենք, երբ միասնական ենք: Խնդրում եւ պահանջում եմ, եկե՛ք լինենք միասնական, լինենք մի բռունցք, ամեն ինչ դեռ առջեւում է: «Տաճարի սյունը, որքան էլ կարծր ու սրբաշատ լինի, առանց ամուր հիմքի չի կարող գմբեթ պահել իր վրա…»,-Սպարապետ Վազգեն Սարգսյան: Եկեք դառնանք մեր պետության ամուր հիմքերն ու հենասյունը: Մեր պատերազմը դեռ չի ավարտվել: Եվ վերջում, կխնդրեի արցախցիներին վերադառնալ իրենց հայրենիք եւ շարունակել շենացնել այն: Մենք մեր Արցախ աշխարհը, մեր արցախցուն երբեք մենակ չենք թողել եւ չենք թողնի: Փա՛ռք Հայաստանի Հանրապետությանը, Փա՛ռք Արցախի Հանրապետությանը, Փա՛ռք սփյուռքահայությանը»:
19:14 - 12 նոյեմբերի, 2020
Աշխարհազորը ԵԿՄ-ի հետ կապ չունի, բայց հնարավոր է՝ ԵԿՄ-ն գործի դրան կից․ Սասուն Միքայելյան |armtimes.com|

Աշխարհազորը ԵԿՄ-ի հետ կապ չունի, բայց հնարավոր է՝ ԵԿՄ-ն գործի դրան կից․ Սասուն Միքայելյան |armtimes.com|

armtimes.com: 29 տարի առաջ այս օրը հիմք դրվեց մեր անկախության, եւ պաշտպանվեց այդ ամենը «Եռաբլուրով»: Եվ եթե չլինեին այս համախմբվածությունը, Արցախյան ազատամարտը, այսօր մենք չէինք ունենա պետություն: Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ԵԿՄ նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը: Նրա պնդմամբ՝ առաջին հանրապետության ժամանակ մենք կորցրինք եւ չկարողացանք պահել պետականությունը, Արեւմտյան Հայաստանը, իսկ այսօր ազատամարտիկների, երկրապահների գերնպատակն է սրբորեն պահել «Եռաբլուրը», որը, Միքայելյանի խոսքով, հիմքն է մեր պետության, պետականության: Նա շեշտեց, որ ազատամարտիկը, երկրապահը միշտ պետք է լինի բանակի կողքին՝ որպես ռեզերվ, այնուհետեւ լրագրողները մեջբերեցին աշխարհազորի ստեղծման փաստը եւ հարցրին, թե արդյոք դրա արդյունքում ԵԿՄ-ն կմղվի՞ երկրորդ պլան: «Երկրորդ, երրորդ պլան պատերազմում չկա, պատերազմում կա առաջին գիծ: Պատերազմում հաղթում են ընդհանուր, իսկ աշխարհազորը երկրապահի հետ ընդհանրապես կապ չունի»,- ասաց պատգամավորը: Նրա համոզմամբ՝ աշխարհազորը պետք է լինի լուրջ կառույց, իսկ ԵԿՄ-ն այսօր ձեւավորվել է աշխարհազորի հիման վրա, 1990-ականներին Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ: Նա վստահեցրեց, որ աշխարհազորը երբեք չի խանգարի ԵԿՄ-ին, ԵԿՄ-ն էլ՝ աշխարհազորին: «Ես կողմ եմ աշխարհազորի ձեւավորմանը, բայց մեծ քանակությամբ: Բայց թող մոռանան, որ ԵԿՄ-ի անունը կփոխվի, որովհետեւ դա ստեղծել է Վազգեն Սարգսյանը, դա անջնջելի է»,- ասաց Միքայելյանը՝ միեւնույն ժամանակ չբացառելով, որ հետագայում ԵԿՄ-ն լինի աշխարհազորին կից:
12:42 - 21 սեպտեմբերի, 2020
Հիմա առավել քան երբեւէ մենք պարտավոր ենք լինել համախմբված․ Սասուն Միքայելյանի հայտարարությունը

Հիմա առավել քան երբեւէ մենք պարտավոր ենք լինել համախմբված․ Սասուն Միքայելյանի հայտարարությունը

Երկրապահ կամավորականների միության նախագահ Սասուն Միքայելյանը հայտարարություն է տարածել, որով կոչ է անում  ԵԿՄ վարչության եւ ԵԿՄ բոլոր  անդամներին զերծ մնալ այնպիսի հրապարակային հայտարարություններից, որոնք չեն արտահայտում ԵԿՄ դիրքորոշումը կամ հակասում են գաղափարախոսությանը: Սասուն Միքայելյանի հայտարարությունը ստորև․ «Հարգելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ երկրապահներ, ազատամարտիկներ, ՀՀ Երկրապահ կամավորականների միությունը ստեղծվել է պատերազմի բովում, ստեղծվել է, որպեսզի պաշտպանի մեր երկրի սահմանները, մեր պետականությունը, մեր պետության անդորրը: Գրեթե երեսուն տասնամյակ առաջ ծնունդ առած այս կազմակերպության հիմնական նպատակն ու դիրքորոշումը մեկն է ու այն անքննելի է` Երկրապահը երկիր ստեղծող, երկիր պահող ու շենացնող է: Ես իմ հայտարարություններում, հարցազրույցներում, եւ առհասարակ միշտ կրկնում եմ, որ մենք ծառայում ենք մեր հայրենիքին, մենք մեր ժողովրդի, մեր բանակի կողքին ենք: Ժողովրդի ծոցից ծնված երկրապահը կարող է լինել միայն ժողովրդի կողքին: Երկրապահը պահել ու պահելու է ժողովրդի ներքին եւ արտաքին անվտանգությունը: Նախորդ իշխանությունների օրոք հենց ազգային ժողովի դահլիճում մենք կորցրեցինք մեր առաջնորդին: Նախորդ իշխանության վերադարձի, նախորդ ամեն ինչի մասին խոսելն արդեն իսկ անիմաստ է: ԵԿՄ հիմնադիր, հավերժ նախագահ Վազգեն Սարգսյանի հայրենասիրությունն անսահման էր, նա հավատում էր, որ 21-րդ դարը մերն է լինելու: Մենք պարզապես պարտավոր ենք շարունակելու նրա գործը՝ պահպանելով այն գաղափարախոսությունը, որ երկրապահը բանակի հիմքն ու հիմնաքարն է՝ եղել է ու կլինի բանակի կողքին, երկրապահը ժողովուրդն է, այն ժողովուրդը, որը իր մեջ ուժ գտավ, վերջապես ծնկի բերեց մեր դարավոր թշնամուն եւ ազատագրեց Արցախ աշխարհը: Ես  հորդորում եւ կոչ եմ անում  ԵԿՄ վարչության եւ ԵԿՄ բոլոր  անդամներին զերծ մնալ այնպիսի հրապարակային հայտարարություններից, որոնք չեն արտահայտում Երկրապահ կամավորականների միության դիրքորոշումը կամ հակասում են գաղափարախոսությանը: Հարկ եմ համարում շեշտել՝ այսուհետ վարչության հետ չհամաձայնեցված հայտարարություններ տարածելուց եւ/կամ երկրապահի անունն անտեղի շահարկելուց  այդ անձանց հարցը կդրվի վարչության նիստում: ԵԿՄ-ն կիսառազմական կառույց է, եւ մեր բոլոր նախաձեռնությունները կիրականացվեն ըստ ԵԿՄ կանոնադրության: Համավարակի այս օրերին առավել կարեւոր է մեր բոլորի ջանքերի մեկտեղումը: Քաղաքական հաշիվներից  բխող յուրաքանչյուր քայլի արդյունքում մենք կունենանք թե՛ ներքին քաղաքական ձախողումներ, թե՛ նաեւ արտաքին քաղաքական: Իսկ դա արդեն Հայաստանի ազգային անվտանգության խնդիր է եւ Հայաստանի շահերի դեմ է, ուստի Երկրապահը չի կարող ներգրավված լինել դրա մեջ։ Եվ ի վերջո չմոռանանք, որ մենք ունենք թշնամի, որն առաջին իսկ հնարավորության դեպքում պատրաստ է ոտնձգություն իրականացնել, որ մենք ամեն վայրկյան կարող ենք առերսվել նոր պատերազմի: Հիմա առավել քան երբեւէ մենք պարտավոր ենք լինել համախմբված»:   
12:59 - 11 հունիսի, 2020
Երևանի ավագանին որոշեց ԵԿՄ-ին անհատույց օգտագործման իրավունքով 5 տարով հողատարածքներ տրամադրել |armenpress.am|

Երևանի ավագանին որոշեց ԵԿՄ-ին անհատույց օգտագործման իրավունքով 5 տարով հողատարածքներ տրամադրել |armenpress.am|

armenpress.am: Երևան քաղաքի ավագանին որոշեց թույլատրել Երևան համայնքի սեփականություն հանդիսացող գույքը (ոչ բնակելի տարածքները) անհատույց օգտագործման իրավունքով 5 տարի ժամկետով տրամադրել «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպությանը։ Որոշումը կայացվեց Երևանի ավագանու 4-րդ նստաշրջանի 4-րդ նիստի ժամանակ։ «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպությունը երկար տարիներ շարունակ գործում է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում՝ աջակցելով Արցախյան ազատամարտերին մասնակցած ազատամարտիկներին և նրանց ընտանիքներին։ Կազմակերպությունն իր գործունեությամբ օժանդակում է ՀՀ զինված ուժերի հզորացմանը, ինչպես նաև դեռահասների ու երիտասարդների ռազմահայրենասիրական դաստիարակությանը: Ելնելով վերոգրյալից, հաշվի առնելով կազմակերպության գործունեության համար նպաստավոր պայմաններ ստեղծելու անհրաժեշտությունը՝ առաջարկում ենք երկարաձգել նախկինում ԵԿՄ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված գույքի ժամկետները»,- նշեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Անշարժ գույքի կառավարման վարչության պետի պաշտոնակատար Գարեգին Խաչատրյանը։ Նա ընդգծեց, որ կազմակերպության հետ ունեցած բանակցությունների արդյունքում նախկինում զբաղեցված մոտ 1000 ք/մ մակերեսով տարածք հետ է վերադրաձվել Երևան համայնքին։ Ներկայացվող նախագծով առաջարկվում էր երկարաձգել Երևան համայնքի սեփականություն հանդիսացող Վիլնյուսի փողոց հ.43/2, Խաղաղ Դոնի փողոց հ.1, Անդրանիկի փողոց թիվ 125/5, Ավան Առինջ թաղ. 1-ին միկրոշրջան, Եղ. Թադևոսյան 11/1, Դավթաշեն 1-ին թաղ. 27/2 հասցեներում գտնվող ՀՀ «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ-ին տրամադրված տարածքների անհատույց օգտագործման իրավունքի պայմանագրերի ժամկետները և կնքել անհատույց օգտագործման իրավունքի պայմանագրեր՝ Պարոնյան հ.20/4 և Ազատության հ.12 հասցեներում գտնվող տարածքների վերաբերյալ: «Այս տարածքներից 4-ը մանկապարտեզներ են և ներկա պահին Դավթաշենի թիվ 58 մանկապարտեզում հերթագրված երեխաների թիվը 47-ն է, ավարտում է 99 երեխա։ Էրեբունիում թիվ 73 մանկապարտեզն այս տարի ավարտում է 69, հերթագրվել է 53 երեխա, Մալաթիա Սեբաստիայի թիվ 87 մանկապարտեզում ոչ մի երեխա չի հերթագրվել, ավարտում է 35-ը։ Նոր Նորքի թիվ 119 մանկապարտեզում հերթագրվել է 100, ավարտում է 112 երեխա»,- նշեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։ Որոշումը կայացվեց 31 «կողմ», 2 «դեմ» և 1 «ձեռնպահ» ձայներով։
16:09 - 26 մայիսի, 2020
Մանվել Գրիգորյանի առանձնատանը հայտնաբերված ՈՒԱԶ մեքենաները, որոշակի սնունդ եւ իրեր հանձնվել են ԵԿՄ-ի տնօրինմանը |armtimes.com|

Մանվել Գրիգորյանի առանձնատանը հայտնաբերված ՈՒԱԶ մեքենաները, որոշակի սնունդ եւ իրեր հանձնվել են ԵԿՄ-ի տնօրինմանը |armtimes.com|

armtimes.com: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ օրերս կայացել է ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը: Գրիգորյանը կրկին առողջական վիճակի պատճառով նիստին չի մասնակցել, եւ ըստ էության, գործի բուն քննություն տեղի չի ունեցել: Սակայն դատարանն իր նախաձեռնությամբ մի ընթացակարգային որոշում է կայացրել: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Մանվել Գրիգորյանի պաշտպան Գուրգեն Գրիգորյանը տեղեկացրեց, որ Գրիգորյանին պատկանող որոշակի գույք դատարանի որոշմամբ հանձնվել է երրորդ անձի՝ ԵԿՄ-ի տնօրինմանը: Խոսքը մեքենաների, նրա առանձնատանը հայտնաբերված հագուստի, կենցաղային իրերի մասին է. «Դրանց մեջ կա գույք, որ մեղադրական ծավալի մեջ ներառված չէ, մեղադրանքի հետ կապ չունի, եւ ապրանք, որ ժամկետանց է, բայց դատարանը գտավ, որ այս միջանկյալ փուլում կարող է դրանք տնօրինել, հանձնել երրորդ անձի. սա իրավունքի ոչ մի նորմի, ոչ էլ տրամաբանության մեջ չի տեղավորվում, ես նման շեդեւր առաջին անգամ եմ տեսնում»: Պաշտպանի դժգոհությունը պայմանավորված է նաեւ նրանով, որ այդ մեքենաների մեջ կային այնպիսիք, որոնց սեփականատերերը այլ անձինք են, եւ ըստ նրա՝ ստացվում է, որ դատարանը, առանց լսելու նրանց կարծիքը, դրանք հանձնել է շահագործման. «Այդ մեքենաները  ներառված են մեղադրանքի մեջ, բայց գույքը, որը դեռեւս նախաքննության փուլում արված փորձաքննության համաձայն՝ կապ չունի ոչ բանակի, ոչ երկրապահի հետ, ոչ էլ նման օգնություն է եկել, խորհրդային տարիների արտադրության է, եւ հայկական բանակն իր ստեղծման օրվանից նման գույք չի ունեցել, ուր մնաց՝ ԵԿՄ-ն ունենար, որն ավելի ուշ է ստեղծվել»: Ինչ վերաբերում է կենցաղային ժամկետանց իրերին, պաշտպանի խոսքով՝ դրանց մեջ ներառված է նաեւ մթերք՝ կաթ, պահածոներ, որոնք, իրենց համոզմամբ, ոչնչացվելու են. «Դրանք ոչ մեկին պետք չեն, դեռ այն ժամանակ պետք չեն եղել, բայց դատարանը ուշադրություն չդարձրեց, որ փորձաքննության համաձայն՝ ամբողջ ցուցակի մեջ 1 միլիոն 300 հազար դրամի ծավալ է, մնացած մասը իրենից արժեք չի ներկայացնում, որովհետեւ նույնիսկ մեղադրանք առաջադրելու ժամանակ արդեն ժամկետանց է  եղել»: Ըստ Գուրգեն Գրիգորյանի՝ այդ իրերն իրենց հետագայի համար ապացուցողական նշանակություն էին ունենալու, իսկ այս դեպքում դրանց ապացուցողական հետքերը կորչելու են. «Հիմա որ հանձնվեն օգտագործման, դրանք վերանալու են, էլի բան կա, որ ես, պաշտպանական մարտավարությունից ելնելով, ասել չեմ կարող, բայց իրավունքի տեսանկյունից սա անթույլատրելի է»: Հարցին՝ դատարանը նշված խնդրի վերաբերյալ միջնորդությո՞ւն էր ստացել, Գրիգորյանը պատասխանեց. «Այո, գրություն է ստացել եւ իր նախաձեռնությամբ քննել այդ հարցը»: Նա վստահ չէր, բայց ենթադրում էր, որ գրությունը հավանաբար ԵԿՄ-ից է եղել. «Խնդիրը դա չէ, ստանդարտների մեջ է: Թողնենք Մանվել Գրիգորյանի անձը, այսօր իրավունք ենք իրականացնում. եթե նրա դեպքում սա թույլատրելի է, հասարակ քաղաքացու դեպքում էլ է թույլատրելի լինելու, եւ գալու է մի իրավիճակ, երբ ունենալու ենք այն, ինչից փորձել ենք խուսափել»: Հարցին՝ ինչո՞ւ է դատարանը որոշել հենց այս նիստում անդրադառնալ այդ գույքերի տնօրինմանը, պաշտպանն ասաց, որ էթիկայի կանոններից ելնելով՝ պատասխանել չի կարող: Նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը ՀԺ-ի հետ զրույցում պարզաբանեց, որ ինքը նման որոշում է կայացրել սեփական նախաձեռնությամբ, առանց որեւէ դիմումի կամ գրության՝ պահպանելով օրենքի պահանջները: Խոսքը Քրեական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի մասին է, ըստ որի՝ նախքան քրեական գործով վարույթի ավարտը քրեական վարույթն իրականացնող մարմինը, տվյալ դեպքում՝ դատարանը, կարող է սեփականատիրոջը կամ օրինական տիրապետողին վերադարձնել այն իրեղեն ապացույցները, որոնք շուտ փչացող են, կենցաղում օգտագործելու համար անհրաժեշտ առարկաներ են (որոնց վրա օրենքով բռնագանձում չի կարող տարածվել), ինչպես նաեւ՝ ավտոմեքենաներն ու տրանսպորտային միջոցները, եթե դրանց վրա քաղաքացիական հայցը, դատական ծախսերը կամ հնարավոր գույքային բռնագանձումն ապահովելու համար կալանք դրված չէ: Դատավորի խոսքով՝ տվյալ դեպքում որեւէ ավտոմեքենայի վրա կալանք չի եղել, իսկ տնօրինմանը հանձնված ապրանքներն էլ եղել են պիտանի եւ դասվել են շուտ փչացող ապրանքների շարքին. «Ապացույցների հետազոտման կարգ սահմանելիս մենք որոշել էինք այդ իրեղեն ապացույցները, ի թիվս այլոց, ավելի շուտ հետազոտել, դրանց ճակատագիրը որոշել, նոր վարույթը շարունակել, բայց քանի որ նիստերը շարունակ հետաձգվում են, եւ հիմա նաեւ այս համաճարակը եղավ, իսկ ամբաստանյալի բացակայության պայմաններում դատարանը բազմիցս քննարկել է նրա խափանման միջոցի հարցը, իրավաչափ համարեց նաեւ իրեղեն ապացույցների հարցը քննարկել՝ լսելով կողմերի կարծիքները եւ լուծելով այն»: Ըստ դատավորի՝ ստեղծված իրավիճակում անհրաժեշտություն է առաջացել առաջին հերթին տնօրինել ՈՒԱԶ մակնիշի այն տասը մեքենաները, որոնք Շտապ օգնության մեքենաներ են, եւ որոնք, ըստ մեղադրանքի, հափշակվել են ԵԿՄ-ից. «Այսինքն՝ դրանց օրինական տնօրինողը ԵԿՄ-ն է, դրա համար է նրան մեղադրանք առաջադրված»: Դատավորն ընդգծեց, որ արգելադրված մեքենաների մեջ կան այնպիսիք, որոնք եւս իրենց հարմարություններով այսօրվա դրությամբ օգտակար կարող են լինել, բայց քանի որ դրանք մեղադրանքի ծավալում ներառված չեն, այսինքն՝ դրանց օրինական տնօրինողը ԵԿՄ-ն չէ, դատարանը դրանց հետ որեւէ գործողություն չի իրականացրել. «Ընդ որում, այդ իրերը դեռեւս նախաքննության փուլից ի պահ էին հանձնված ԵԿՄ-ին, այսինքն՝ իրենց պահեստում մեքենաները կանգնած են, եւ պատկերացրեք՝ մեկ էլ կորոնավիրուսի հետ կապված խնդիր է ստեղծվել, ԵԿՄ-ն էլ զինվորականներին աջակցություն ցուցաբերելու առումով ինչ-որ գործողություն պիտի անի, բայց մեքենա չունի, իսկ եղածներն էլ պահեստում կանգնած են, եւ գուցե դրանցում հենց անհրաժեշտ սարքավորումներն են, այս է խնդիրը»: Ինչ վերաբերում է պաշտպանի այն պնդմանը, որ դատարանը դրանք հանձնել է երրորդ անձի տնօրինման՝ առանց սեփականատերերին լսելու, Մնացական Մարտիրոսյանն ասաց. «Այո, դրանց սեփականատերերը տարբեր մարդիկ են, բայց նրանք նախաքննության փուլում հարցաքննվել են եւ ասել, որ դրանք իրենց մեքենաները չեն, պարզապես գրանցված են իրենց անունով, այսինքն՝ մենք գործի նյութերում ունենք այդ մարդկանց կարծիքը, բայց հերթը դրանց հետազոտմանը չի հասել»: Շարունակությունը՝ armtimes.com կայքում։
00:14 - 11 ապրիլի, 2020
Վերջին 10 տարում մեր ստեղծած ամենալուրջ բանը բանակն է. Սասուն Միքայելյանը մեջբերել է Վազգեն Սարգսյանին

Վերջին 10 տարում մեր ստեղծած ամենալուրջ բանը բանակն է. Սասուն Միքայելյանը մեջբերել է Վազգեն Սարգսյանին

Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ Սասուն Միքայելյանն ուղերձ է հղել Ապրիլյան քառօրյա պատերազմի տարելիցի կապակցությամբ։ «Սիրելի հայրենակիցներ, 2016թ. ապրիլի 1-ից լույս 2-ը Ադրբեջանը լայնածավալ գործողություններ ձեռնարկեց ղարաբաղա-ադրբեջանական սահմանի գրեթե ողջ երկայնքով: Թուրք ազերին փորձեց կրկին ուժի միջոցով տիրանալ անկախ Արցախ աշխարհին: Սակայն հայ ազգը, ինչպես 31 տարի առաջ, այդպես էլ այդ օրերին մեկ բռունցք դարձավ եւ արժանի պատասխան տվեց մոլեգնած թշնամուն: Մեր երիտասարդ, բայց կայուն բանակը, մեր զինվորներն ու սպաները կյանքի գնով պահեցին իրենց վստահված տարածքները: Ցավոք հայկական կողմը կորուստներ տվեց, ընդունքեք մեր խորին ցավակցությունները, շնորհակալական ու երախտիքի խոսքերը հերոսներ ծնող հերոս նահատակների մայրեր, հերոս դաստիարակող հայրեր, հերոս զինվորների հարազատներ, ընկերներ: Մեր խոնարհումը ձեր շիրիմներին ապրիլյան քառօրյա պատերազմի մարտիրոսված քաջ հերոսներ: Փառք Ձեզ հերոս ծնողներ, Փառք Ձեզ զոհված քաջեր, Քառօրյա պատերազմի գործողություններին մասնակցած քաջ հերոսներ շնորհակալ ենք Ձեր նվիրումի համար, շնորհակալ ենք Ձեր հայերնասիրության համար, շնորհակալ ենք, որ շարունակում եք Սպարապետ Վազգեն Սարգսյանի պատգամն ու նրա արժանի հետեւորդներն եք: Թե Սպարապետն այսօր մեր կողքին լիներ վստահ եմ հպարտանալու էր իր միակ ժառանգով՝ բանակով, երկիրը պահող քաջ հերոսներով: Պատերազմներում կորուստներն անխուսափելի են, բայց այդ օրերին դուք բոլորդ փառքով հաղթեցիք մահին: Փառք մեր բանակին, Փառք Արցախյան ազատամարտի ազատամարտիկներին, երկրապահներին: Հայրենակիցնե, երկրապահ կամավորականները ամուր կանգնած են զինվորի կողքին, զինվորի թիկունքին: Երեկ էլ, այսօր էլ, վաղն էլ երկրապահը լինելու է բանակի համար մեկ օգնականը, սահմանապահին ուժ ու կորով տվողը, սահմանապահին աջակցողը: ՀՀ ԵԿՄ վարչությունը միշտ եղել է ու մնալու է իր խոստմանը հավատարիմ, Վազգենի խոսքերին հավատարիմ «Վերջին 10 տարում մեր ստեղծած ամենալուրջ բանը բանակն է: Միակը չէ, բայց ողնաշարն է: Ինչ-որ թերություններ կունենանք, անցողիկ բաներ են, կարևորը՝ զսպանակը կայացած է»: Վազգենը ճիշտ էր այս երկրի մայրաքաղաքը սկսվում է խրամատից: Հազարամյակներ շարունակ արյան գնով պահած այս երկիրը պետք է ունենա տարածաշրջանի ամենամարտունակ բանակը: Իսկ բանակի թիկունքին պետք է կանգնած լինի միասնական ժողովուրդը: Եվ այո, մենք բազմիցս ապացուցել ենք, որ միասնական ենք, եւ պետք է շարունակենք միասնական լինել, մի բռունցք դառնալ ամեն օր ու պայքարել ոչ միայն կռվի դաշտում, այլ բոլոր բնագավառներում ձգտել հասնել հաջողության հանուն մեր վաղվա պայծառ օրվա: Փառք ու պատիվ Ձեզ Արցախ ու Հայաստան»,– ասվում է ուղերձում։
19:00 - 02 ապրիլի, 2020
Ազատամարտիկը պետք է տեսնի, որ գնահատված է․ Նիկոլ Փաշինյան

Ազատամարտիկը պետք է տեսնի, որ գնահատված է․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երկրապահ կամավորականների միությունում մասնակցել է սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 61-ամյակին նվիրված միջոցառմանը: Կառավարության լրատվական բաժնից հայտնում են, որ վարչապետը նախ ծաղիկներ է խոնարհել Վազգեն Սարգսյանի հուշարձանին և հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին: Նիկոլ Փաշինյանը բոլորին շնորհավորել է Վազգեն Սարգսյանի ծննդյան 61-րդ տարեդարձի առիթով և կարևորել շնորհավորանքի խոսքերը ԵԿՄ-ում հնչեցնելը, որովհետև միությունը Վազգեն Սարգսյանի գործունեության ամենաերևելի արտահայտություններից մեկն է: «Ինչո՞ւ ենք մենք այսքան կարևորում և բարձր գնահատում Վազգեն Սարգսյանի գործունեությունը որպես ազատամարտի կազմակերպիչներից մեկը, որպես Սպարապետ, որպես Հայոց բանակի, ժամանակակից բանակի հիմնադիր: Դա ունի շատ պարզ բացատրություն, որովհետև Վազգեն Սարգսյանի գործունեությունն առաջին հերթին որպես ազատամարտիկ՝ արտահայտությունն էր այն հավատի, որ մարդը կարող է ունենալ ինքն իր ուժերի նկատմամբ՝ փոխելու սեփական ժողովրդի ճակատագիրը, փոխելու սեփական ժողովրդի ապագան: Եվ կարծում եմ, որ այդ հավատն 90-ականների սկզբին հենց Վազգեն Սարգսյանի մեջ է ծնվել: Այդ հավատը վարակել է հարյուրավոր, հազարավոր մեր ուրիշ հայրենակիցների և այդ հավատի շնորհիվ է, որ տեղի է ունեցել հաղթանակն արցախյան ազատամարտում»,- նշել է Նիկոլ Փաշինյանը: «Մյուս կողմից հանրությունը, ազատամարտիկը պետք է տեսնի, որ ինքը գնահատված է, իր աշխատանքը գնահատված է, իր հաղթանակը չի ուրացվում: Եվ սա մի գործընթաց է, մի բովանդակություն է, որը թվում է ակնհայտ: Բայց ցավով պետք է արձանագրենք, որ այդ բովանդակությունն իրականացնելու ճանապարհին էլ մենք մինչև վերջ չենք գնացել՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով, երբեմն ժամանակ չի եղել, երբեմն ժամանակներն են այլ եղել, երբեմն գիտակցումը չի եղել այդ օրակարգի, բայց սա Երկրապահ կամավորականների միության նոր ժամանակներում գործունեության հիմնական անելիքն է»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:
18:22 - 05 մարտի, 2020
Լավին փոխարինում ենք ավելի լավով. Սասուն Միքայելյանը՝ Ջալալ Հարությունյանի նշանակման մասին |news.am|

Լավին փոխարինում ենք ավելի լավով. Սասուն Միքայելյանը՝ Ջալալ Հարությունյանի նշանակման մասին |news.am|

news.am: Այդ փոփոխությունը չի նշանակում, որ այն մարդու թերացումներ են եղել. լավին փոխարինում ենք ավելի լավով։ Այս մասին այսօր՝ մարտի 5-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը։ «Կարեն Աբրահամյանի ժամանակ նորմալ բանակ ենք ունեցել»,- ասաց Միքայելյանը։ Միքայելյանը նշեց, որ ՊԲ նորանշանակ հրամանատար Ջալալ Հարությունյանին շատ լավ է ճանաչում. «Շատ լուրջ զինվորական է. փոփոխություններ միշտ էլ կլինեն, տարբեր բնագավառներում»։ Հարցին՝ նախկինում շատ էր խոսվում՝ ԵԿՄ-ն ՊՆ-ի կազմ ներառելու մասին, արդյոք նման օրակարգ կա՞, Միքայելյանը չցանկացավ փակագծեր բացել. «Չեմ ուզում փակագծեր բացել։ Ամեն ինչ թող լինի, նոր պարզ կլինի։ Երկրապահը պիտի լինի ռեզերվային ուժ՝ բանակի թիկունքում։ Առաջին իսկ հրահանգի դեպքում լինի առաջնագծում։ Առաջիկայում մեծ փոփոխություններ են սպասվում»։ Հարցին՝ արդյոք նոր կադրեր ԵԿՄ-ին անդամագրվո՞ւմ են, Միքայելյանն ասաց. «Երկրապահում այսօր շատ մարդիկ են անդամագրվում։ Մենք պիտի ԵԿՄ-ն համալրենք եւ լինենք բանակի կողքին։ Պարտադիր զինծառայություն անցած այն անձինք կարող են անդամագրվել։ Մենք չենք ուզում խանգարել բանակի ռեսուրսին։ 45 տարեկանից բարձր, այսօր կան մարդիկ, որոնք մեծ տարիքում ավելի առույգ են, կարող են զենք վերցնել, ի տարբերություն որոշ երիտասարդների»։ Անդրադառնալով ԵԿՄ-ի սոցիալական վիճակին՝ ԵԿՄ նախագահն ասաց. «Նախորդ իշխանության ժամանակ ԵԿՄ-ն եղել է սոցիալապես ծանր վիճակում, բայց մենք մեծ սոցիալական խնդիր չենք դրել նախորդ իշխանությունների դեմ, որովհետեւ անիմաստ էր։ Նոր իշխանությունների օրոք կամաց-կամաց տանենք օրենքի դաշտ»։
13:15 - 05 մարտի, 2020
ԵԿՄ-ն հերքում է հայտարարությունը, թե Վազգեն Սարգսյանի օրոք միության անդամության վկայականներ են վաճառվել

ԵԿՄ-ն հերքում է հայտարարությունը, թե Վազգեն Սարգսյանի օրոք միության անդամության վկայականներ են վաճառվել

Երկրապահ կամավորականների միությունը հայտարարությամբ է հանդես եկել՝ հերքելով հայտարարությունը, թե Վազգեն Սարգսյանի օրոք ԵԿՄ անդամության վկայականներ են վաճառվել: Հայտարարությունը՝ ստորև. «Երկրապահ կամավորականների միության նորընտիր վարչությունը խստորեն դատապարտում է Ա. Խուդավերդյանի այն անհիմն հայտարարությունը, ըստ որի 1996թ. ԵԿՄ հիմնադիր հավերժ նախագահ Սպարապետ Վազգեն Սարգսյանի օրոք ԵԿՄ անդամության վկայականներ են վաճառվել: ԵԿՄ վարչությունը ամենայն պատասխանատվությամբ հայտարարում է, որ դա ստոր զրպարտանք է Սպարապետի հիշատակի հանդեպ. Վազգեն Սարգսյանի անմիջական ղեկավարման ներքո գտնվող ԵԿՄ-ում, բոլորին է հայտնի, նման երևույթներն իսպառ բացառվում էին: Կոչ ենք անում և պահանջում այսուհետ զերծ մնալ Սպարապետի և ազատամարտի մասնակիցների անունը շահարկելուց»:
07:34 - 12 ապրիլի, 2019
ԵԿՄ նախագահի պաշտոնում Սասուն Միքայելյանի ընտրվելուց հետո էլ կառույցը կարող է լուծարվել, Փաշինյանն իր վճիռը կայացրել է. Արա Խուդավերդյան |tert.am|

ԵԿՄ նախագահի պաշտոնում Սասուն Միքայելյանի ընտրվելուց հետո էլ կառույցը կարող է լուծարվել, Փաշինյանն իր վճիռը կայացրել է. Արա Խուդավերդյան |tert.am|

tert.am: ԵԿՄ կայանալիք համագումարը ընդունելի չէ, այն իրականացվելու է ազատամարտիկների իրավունքների կոպիտ ոտնահարմամբ. այս մասին ասել է ԵԿՄ հիմնադիր նախագահ, «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանը, ով ևս ցանկանում էր իր թեկնածությունը առաջադրել ԵԿՄ նախագահի պաշտոնում: Նրա խոսքով՝ ԵԿՄ-ում իրեն և իր կողմնակիցներին զրկել են ընտրության իրավունքից: «ԵԿՄ-ն չազատվեց «Մանվելիզմի» գաղափարախոսությունից և «մանվելականները», ովքեր խնդիրներ ունեն պետության հետ հարաբերություններում, ամեն ինչ արեցին, որ իմ և իմ համախոհների իրավունքները ոտնահարեն: Իմ թեկնածության հետ կապված մի գրությամբ ինձ պատասխանեցին, որ այժմ ԵԿՄ անդամ չեմ, չնայած ես ԵԿՄ հիմնադիր նախագահն եմ, բացի այդ, իրենց կանոնադրությամբ պատերազմի մասնակցի վկայական ունեցողը արդեն հանդիսանում է ԵԿՄ անդամ, ես ունեմ այդ վկայականը: Մանվելականները, ովքեր որ սկզբում առաջադրեցին Արամ Սարգսյանի, հիմա էլ Սասուն Միքայելյանի թեկնածությունը, Արա Կետիկյանի դեմքով ինձ պատասխանեցին, որ մեզ մանդատ չեն հանձնելու, որ որպես պատվիրակներ մասնակցենք ԵԿՄ համագումարին, խոսքը 50 մանդատի մասին է: Եթե ԵԿՄ բազան չփոխվի, ապա իր լոբբինգը մինչև վերջ կտանի: ԵԿՄ-ի այդ բազան պատերազմից զերծ է եղել, պատերազմական բազա չունենալով հանդերձ իրենք իրենց համար փորձել են գտնել քաղաքական, իշխանական տանիք և ում ասես կփորձեն առաջադրել, որպեսզի իրենց գործելաոճը չփոխվի: Երկրապահներին ցիրուցան արած գործունեությունը այսպես կարող է շարունակվել:Եթե հայտարարում են՝ ունեն 30 հազար անդամ ու դրա 10 տոկոսը չի ներկայացնում իր շահերը, այլ 350-400 հոգի է մասնակցելու համագումարին, ապա նրանք իրավասու չեն ԵԿՄ վարչության նախագահ ընտրել»,-շեշտել է նա: Անդրադառնալով Սասուն Միքայելյանի թեկնածությանը՝ ազատամարտիկն ասել է, որ հետագայում պարզ կլինի, թե նա ինչպիսի գործունեություն կարող է իրականացնել ԵԿՄ-ում, ըստ նրա՝ Սասուն Միքայելյանը պետք է աչալուրջ մոտեցում դրսևորի: «ԵԿՄ-ում ոչ միայն կանոնակարգային, այլ համակարգային փոփոխություններ են պետք, «Զապոռոժեցից» «Մերսեդես» չես կերտի:Համագումարից հետո ես հանդես կգամ հայտարարությամբ, ավելի մանրամասն կխոսեմ»,-ասել է նա: Արա Խուդավերդյանի կարծիքով, չնայած ՔՊ-ական Սասուն Միքաելյանն է ԵԿՄ նախագահի թեկնածուն և նախատեսվում է, որ համագումարին պետք է մասնակցի նաև վարչապետը, Նիկոլ Փաշինյանը հակված է, որ ԵԿՄ-ն ինքնալուծարվի: «Կամ ԵԿՄ-ն կարող է դասվել այն ուժային կառույցների, ՀԿ-ների շարքին, որոնք ստանում են պետական աննշույլ օժանդակություն, որով դժվար է ասել, թե ԵԿՄ-ն ինչպես կգոյատևի: Որպես պետության վարչապետ, Փաշինյանը կարող է լինել համագումարի մասնակիցը և հետագայում ավելի հաստատուն որոշում կայացնի, բայց չեմ կարծում, որ նա կցանկանա ԵԿՄ-ն պահել իշխանության հովանու ներքո: Երբ վարչապետը այցելում է որևէ հիմնարկություն, որն իր մեջ կրել և կրում է հանցավոր գործունեություն, որոշակի ժամանակ անց տվյալ կազմակերպությունը լուծարվում է: Անկախ նրանից, որ Սասուն Միքայելյանն է լինելու նախագահ, ԵԿՄ-ի համար հարթ չի լինելու, Նիկոլ Փաշինյանն իր վճիռը կայացրել է»,-ընդգծեց Արա Խուդավերդյանը: Հիշեցնենք, ԵԿՄ 12-րդ արտահերթ համագումարը անցկացվելու է ապրիլի 7 –ին, որի ընթացքում սպասվում է միության վարչության և վարչության նախագահի ընտրություններ, որպես ԵԿՄ նախագահի պաշտոնում առաջարկվել է ՔՊ վարչության նախագահ, ԱԺ պատգմավոր, ազատամարտիկ Սասուն Միքայելյանի թեկնածությունը:    
16:37 - 06 ապրիլի, 2019
ԵԿՄ-ում լուրջ փոփոխություններ կլինեն. Սասուն Միքայելյան |Ժողովուրդ|

ԵԿՄ-ում լուրջ փոփոխություններ կլինեն. Սասուն Միքայելյան |Ժողովուրդ|

«Ժողովուրդ» օրաթերթը ԵԿՄ նախագահի թեկնածու, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանից հետաքրքրվեց, թե երբ է կայանալու «Երկրապահի» համագումարը։ Միքայելյանն ասաց՝ հայտնի չէ։ Ինչո՞ւ. «Որովհետեւ քննարկումներ են ընթանում»: Թե ինչ քննարկումների մասին է խոսքը հարցին ի պատասխան՝ ԵԿՄ նախագահի թեկնածուն ասաց՝ կազմակերպչական, կառուցվածքային լուրջ փոփոխություններ են սպասվում: Սասուն Միքայելյանը ասաց, որ քննարկում են վարչության անդամների թիվը 184-ից կրճատելու եւ մինչեւ 25 հոգանոց կազմ ունենալու հարցը:           Բացի այդ, ԵԿՄ-ն ունենալու է նաեւ 7-10 հոգանոց նախագահող խորհուրդ: Ու եթե նախկինում ԵԿՄ-ում որոշումները կայացնում էր ԵԿՄ նախագահը՝ միանձնյա սկզբունքով, այժմ ցանկանում են, որ ԵԿՄ-ում այսուհետ որոշումներն ընդունվեն 7-10 հոգանոց նախագահող կոլեգիալ խորհրդի կողմից քննարկվելուց հետո: armlur.am  
05:37 - 07 մարտի, 2019
ԵԿՄ-ն վարձակալության է տվել համայնքային գույքը. հարուցվել է քրեական գործ |hetq.am|

ԵԿՄ-ն վարձակալության է տվել համայնքային գույքը. հարուցվել է քրեական գործ |hetq.am|

Երևանի Պարոնյան 20/4 հասցեում գտնվող նախկին մանկապարտեզի տարածքը, որն անհատույց օգտագործման իրավունքով մինչ 2017-ը տրվել էր ԵԿՄ-ին, կազմակերպությունն էլ իր հերթին տարածքից մի մաս վարձակալության է տվել։ Վարձակալության տրված տարածքը ծառայել է որպես մերսման սրահ։  Պարզելուց հետո, որ տարիներ շարունակ վարձակալել է համայնքային սեփականություն համարվող տարածք, Լիանա Շահբազյանը դիմել է Ազգային անվտանգության ծառայություն, այժմ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 214 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, ըստ որի՝ առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից իրենց կարգադրիչ կամ այլ լիազորություններն այդ կազմակերպության շահերին հակառակ և իր կամ ուրիշ անձանց օգտին օգտագործելու կամ առավելություններ ձեռք բերելու կամ այլ անձանց վնաս պատճառելու նպատակով օգտագործելը, եթե անձանց, կազմակերպությունների կամ պետության իրավունքներին ու օրինական շահերին էական վնաս պատճառելը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով: Գործի շրջանակներում Լիանա Շահբազյանը ճանաչվել է տուժող։ Վերջինիս հասցված վնասը քննչական մարմինը հաշվարկել է 11 միլիոն 250 հազար դրամ։ Լիանան ի սկզբանե գումարը վճարել է ԵԿՄ Կենտրոնի տարածքային կառույցի նախկին ղեկավար Ռուբեն Նազարեթյանին, ապա՝ գործող ղեկավար Սերգեյ Գասպարյանին։ Քննչական կոմիտեից մեր հարցին ի պատասխան՝ հայտնեցին, որ երկուսն էլ քրեական գործի շրջանակներում հարցաքննվել են, ունեն վկայի կարգավիճակ։ hetq.am
13:23 - 06 մարտի, 2019