ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինն է, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը, «Իմ Քայլը» հիմնադրամի հիմնադիրը, «Ժպիտների քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը։
Աննա Հակոբյանը ծնվել է 1978 թվականի փետրվարի 1-ին Երևանում: Ավարտել է Երևանի թիվ 119 ֆրանսիական թեքումով դպրոցը, ապա՝ Երևանի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետը: Կարևորելով շարունակական կրթությունը` 2001 թվականին Աննա Հակոբյանն ավարտել է մի շարք դասընթացներ Ամերիկյան համալսարանում: Աշխատելուն զուգահեռ, լրագրողական հմտություններն ու կարողությունները զարգացնելու նպատակով, մասնակցել է Հայաստանում և արտերկրում մի շարք դասընթացների:
2003-2008 թթ. աշխատել է «Հայկական ժամանակ» օրաթերթում՝ որպես լրագրող, լուսաբանել է արտաքին և ներքին քաղաքականության ոլորտները: 2008 թվականի մարտի 1-ին Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններից հետո, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընդհատակյա գործունեության, այնուհետև կալանավայրում անցկացրած տարիներին Աննա Հակոբյանը ստանձնել է թերթի գլխավոր խմբագրի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները:
2013 թվականից Աննա Հակոբյանը ստանձնել է «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագրի պաշտոնը: